Նար-Դոս՝   Մեղր և ճանճեր

Pages: First Previous 1 2 3 4 Next Last

ՄԵՂՐ ԵՎ ՃԱՆՃԵՐ

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Մի գեղեցիկ պարտեզ: Ձախ կողմն երևում է Թաթուլյանների հոյակապ տան շենքը: Ներքևը մի մեծ դուռ, որի փեղկերը բոլորովին բաց են և որտեղից մինչև պարտեզն իջնում են քարե սանդուղքի աստիճանները, որոնց վրա այս ու այն կողմը շարված են մեծ-մեծ ծաղկամաններ` զանազան հազվագյուտ բույսերի թփիկներով: Բեմի առաջնակողմում պարտեզին համեմատ մի հրապարակ տեղ: Տեղ-տեղ նստարաններ: Լուսնկա պարզ գիշեր է: Տունը բոլորովին լուսավորված է: Նախքան վարագույրի բարձրացնելը բեմի ետևում դաշնամուրի վրա «վալս» են նվագում և կտրում են վարագույրը բարձրացնելուց փոքր ինչ հետո: Այդ ժամանակ դուրս են գալիս հյուրերն, իջնում են սանդուղքով և ցրվում են պարտեզի այս ու այն կողմը: Նրանց միջից առանձնանում են Սոնան և Ալեքսանդրը:

ՏԵՍԻԼ I

Սոնա, Ալեքսանդր

ՍՈՆԱ (Գրեթե վազելով առաջ է գալիս դեպի հրապարակն և հոգնած նստելով նստարանի վրա): Օ՛հ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ (հետևելով նրան): Դուք հոգնեցա՞ք, օրիորդ:

ՍՈՆԱ (հովհարելով): Սաստիկ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Այդ նրանից է, որ շատ սրտով էիք պարում: Իսկ ձեր պարե՛լըԵս համարձակ կարող եմ ասել, օրիորդ, որ ձեզ նման լավ այստեղ ոչ ոք չի կարողանում պարել:

ՍՈՆԱ: Ճշմարի՞տ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Դուք սքանչելի՛, աննման եք պարում... և, որ գլխավորն է, շատ ուշ եք հոգնում:

ՍՈՆԱ: Իսկ այս գիշեր, ընդհակառակը, շատ շուտ հոգնեցա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Որովհետև ներսը բավական շոգ է, չնայելով, որ դեռ մայիսն է... ավելացրեք դրա վրա և այնքան ճրագների տաքությունը, հյուրերի շնչառությունը... ճշմարիտն ասած` ես էլ բավական շոգեցի ու հոգնեցի:

ՍՈՆԱ: Նստեցեք: (Ալեքսանդրը նստում է միևնույն նստարանի վրա՝ նրանից փոքր ինչ հեռու): Բայց ի՞նչպես եք գտնում դուք մեր այս գիշերվա հրավերքը, պ. Ալեքսանդր:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ավելի, քան սքանչելի, օրիորդ... Դեռ ո՛չ մի հրավերք, որտեղ ես եղել եմ, ինձ այնքան աննման չէ թվացել, որքան ձերը...

ՍՈՆԱ: Ճշմարի՞տԻնչո՞ւ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ (շուտ): Ինչո՞ւԱյդ դուք ինքներդ էլ գիտեք, օրիորդ...

ՍՈՆԱ (շփոթված): Ես չգիտեմ... ես ի՞նչ գիտեմ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Գիտեք, գիտեք, օրիորդ...

ՍՈՆԱ: Երևի... տան զարդարա՞նքը...

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ա՛, ո՛չ...

ՍՈՆԱ: Գիշե՞րը... լուսի՞նը...

ԱԼԵՔՍԱՆԴՐ (շուտ): Ո՛չ, այլ լուսնի նման մի արարած... Դուք, օրիորդ... Դուք այս հրավերքի, այս տան լուսինն եք, ոգի տվողն եք... ի՛նչ է հրավերքն, առանց ձեզ... Նայեցեք, օրիորդ, ահա, պարզ, կապույտ երկինքը զարդարված է անթիվ աստղերով, իսկ նրանց միջով հանդարտ, բայց վեհապանծ սահում է հրաշագեղ լուսինը, նրա լուսատու շողերը սփռվում են ամեն տեղ. նա կենդանություն է տալիս մեռած, խավար գիշերին... Բայց ի՞նչ կլինի երկինքն, առանց գիշերվա այդ համաշխարհային մշտավառ ճրագի.— մութ և տխուր: Եվ ահա, օրիորդ, այս հրավերքն էլ, առանց ձեզ, նման կլինի երկնքի, առանց լուսնի:

ՍՈՆԱ: Շնորհակալ եմ ձեր այդ կոմպլիմանի համար... բայց և այնպես, կարծեմ, այստեղ... ինձնից ավելի աչքի ընկնող գեղեցկուհիներ կան, որոնք...

ԱԼԵՔՍԱՆԴՐ (ընդհատելով ոգևորված): Ոչ, օրիորդ, այդ մի՛ ասեք... այդ մեղք է... Ես կարծում եմ, որ եթե հրեշտակներն անգամ իջնեն երկնքից, ձեր աննման գեղեցկությունը կարող է նրանց վրա էլ ստվեր ձգել...

ՍՈՆԱ (ծիծաղելով): Հա՛, հա՛, հա՛ ... այդպես խո վեպերի սիրահարհերոսներն են խոսում...

ԱԼԵՔՍԱՆԴՐ (վեր կենալով և իրեն վիրավորված ձևացնելով): Ուրեմն դուք կարծում եք, որ ես այսպես միայն էֆեկտի համար եմ խոսում, որ իմ այս խոսքերն անկեղծ, ամենաջերմ սիրո զգացմունքի արտահայտություններ չե՞ն...Ո՛չ, օրիորդ,ո՛չ այդպես մեղք է կարծել... ներեցեքես կարծում եմ, որ ձեր խիղճը պետք է տանջի ձեզ դրա համար, որովհետև երեսպաշտությունն այնքան ատում եմ, որքան մի զզվելի և ստոր մտադրություն...

ՍՈՆԱ (զգացված): Ներեցեք ինձ, եթե ես ձեզ վիրավորեցի, պ. Ալեքսանդր... Բայց ի զուր դուք իմ խոսքերին մի այդպիսի նշանակություն տվեցիք... Սակայն, այնուամենայնիվ, լինում են մարդիկ, որոնք ցույց են տալիս, թե խոսում են անկեղծ սրտով, բայց իսկապես երեսպաշտություն են անում:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Եվ դուք ինձ համեմատում եք այդպիսի մարդկանց հե՞տ, օրիորդ...

ՍՈՆԱ: Աստված ո՛չ անե... ես այնպես... ներեցեք... ես բոլորովին այդ միտքը չունեի, հավատացեք ինձ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ճշմարիտ է, ձեր ասած մարդիկը կան... և այդպիսի մարդկանց «ստոր» են անվանում... բայց ես, օրիորդ, փառք աստծո, դեռ չեմ կորցրել պատվի զգացմունքս, իսկ երբ կկորցնեմ, այն ժամանակ...

ՍՈՆԱ: Ա՛խ... բավական է... ես հավատում եմ ձեզ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Հավատո՞ւմ եք... Ուրեմն... ես ձեզ սիրում եմ... Հավատո՞ւմ եք:

ՍՈՆԱ: Հավատում եմ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Սո՛նա... իսկ դո՞ւք... իսկ դո՞ւ... Ասա, սիրո՞ւմ ես ինձ... և հավիտյան ի՞մն ես... Այո՞...

ՍՈՆԱ: Այո... (Վեր է թռչում և վազում է պարտեզի աջ կողմը):

ՏԵՍԻԼ II

Ալեքսանդր (միայն)

Ռուսներն այսպիսի դեպքերումն են ասում ՝ «дело в шляпе»: Ուղիղ որ դերս շատ լավ կատարեցի... Այսուհետև բանը պրծած է...

ՏԵՍԻԼ III

Ստեփան, Ալեքսանդր

ՍՏԵՓԱՆ (իջնամ է սանդուղքով և գալով առաջ): Հը՛: Ալեքսանդր, մենակ ե՞ս... ի՞նչպես վերջացավ բանը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Բոլորովին աջող, հայր:

ՍՏԵՓԱՆ (շուտ): Հաա՞ինչպ՞եսսիրում է քեզ... խո՞սք տվավ, որ քեզ հետ կամուսնանա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Այո:

ՍՏԵՓԱՆ, Մի՞թե... Բայց ո՞ւր է նա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Փախավ այն կողմը: Խիստ հուզված էր:

ՍՏԵՓԱՆ: Հա՛, այդպես: Բայց բժիշկ Արսենյանցն ինչ սախտ կմնա, հա՛, հա՛, հա՛... ես շատ էի վախենում, որ նա չխլե մեր ձեռքից այդ չաղ կտորը. ախր բժիշկ է, է, անպիտանը, նրա աչքումն էլ լույս կա. քաղցած գայլի պես ետևիցը ման է գալիս... Ապրի՛ս, որդիս, ապրիս: Այսուհետև համոզված եղիր, որ կլորիկ հազարները պատրաստ են: Սոնայի հայրն, իբրև վաճառական, փողի, մանավանդ հազարների վերաբերությամբ քեզ ասել եմ, որ շատ պինդ և ձեթ մարդ է, բայց Սոնան նրան կփափկացնե և մեղր կշինե, որովհետև որքան էլ Պետրոսի կամքին հակառակ լինի յուր աղջկան հազարներ օժիտ տալը, այնուամենայնիվ, նա կտա, որովհետև չտալով միևնույն է, թե յուր աղջկա բախտը պետք է խափանե, իսկ մենք, իհարկե, նրա աղջիկն այն դեպքում միայն կառնենք, երբ նրա հետ կլինին և՛ հազարներ... Չէ՛, խոսք չկա, որ հաղթությունը մերն է... Բայց ես ուզում եմ այս գիշեր ևեթ Պետրոսի հետ այդ մասին խոսք բացել, իհարկե, այնպես, թեթև կերպով:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Բայց, հայրիկ, այնպես պետք է անեք, որ նա ոչինչ կասկած չտանե մեզ վրա:

ՍՏԵՓԱՆ: Այդ ես չե՞մ հասկանում, որ դու ինձ չասես... Բայց ահա նա գալիս է: Դու հեռացիր, որ նա մեզ միմյանց մոտ չտեսնե և ոչինչ չկասկածի: Ես կաշխատեմ նրա հետ հենց իսկույն այդ բանի մասին խոսել: Հեռացի՛ր շուտ: (Ալեքսանդրը շտապով հեռանում է պարտեզի աջ կողմը: Ստեփանը նստում է նստարանի վրա և հանելով թաշկինակը, սկսում է հովհարել երեսը):

ՏԵՍԻԼ IV

Պետրոս, Ստեփան

ՊԵՏՐՈՍ (իջնում է սանդուղքով և գալով առաջ): Պ. Ստեփան, ինչպես երևում է, շոգը նեղացնում է:

ՍՏԵՓԱՆ: Էլ մի ասեք, ջուր կտրվեցի, էլի՛քրտնքի մեջ լողում եմ. պար գալն ինձ էժան չնստեց... Չէ , եղբայր, ես չաղ մարդկանց երբեք խորհուրդ չէի տալ պար գալ, մանավանդ այսպիսի շոգերին, եթե միայն, իհարկե, թանկ է նրանց իրենց մարմինը, որովհետև պար գալիս բոլոր յուղը դուրս է գալիս միջից, հա՛, հա՛, հա՛...

ՊԵՏՐՈՍ: Ուղիղն ասած, պ. Ստեփան, ես բոլորովին չէի ուզում հիմա հրավերք տալ, բայց որովհետև շուտով ամառանոց ենք գնալու, այդ պատճառով աղջիկս խնդրեց, որ, գնալուց առաջ, մի գիշեր հյուրասիրենք մեր մոտիկ բարեկամներին ու ծանոթներին, ես էլ չուզեցի նրա խնդիրքը մերժել:

ՍՏԵՓԱՆ: Եվ չպե՛տք է մերժեիք, որովհետև օրիորդ Սոնան մի այնպիսի արարած է, որի խնդիրքը ո՛չ թե միայն պետք է կատարել, այլ և մի սուրբ օրենքի տեղ պետք է ընդունել... Ուղիղը կուզեք ասեմ, պ. Պետրոս, ես շա՛տ և շատ նախանձում եմ ձեզ, որ մի այդպիսի աննման աղջիկ ունեքԱհա, ո՛րքան ջահել տիկիններ և օրիորդներ ունեք այս գիշեր այստեղ հրավիրած, բայց ես օր. Սոնայի մի մազի կեսի կեսն անգամ չէի փոխիլ նրանց բոլորի հետ միասին վերցրած: Օր. Սոնան, որ այնպես հպարտ կերպով անցնում է նրանց միջով, բոլորն էլ իսկույն սևանում են, կարծես պուդրի տեղ այդ ժամանակ գործլի լինին քսած երեսներին, հա՛, հա՛, հա՛...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Այս ի՞նչ յուղ է, որ սա քսում է գլխին:

ՍՏԵՓԱՆ: Եթե ես ձեր տեղը լինեի, պ. Պետրոս, այսինքն եթե ես օր. Սոնայի հայրը լինեի կամ նա իմ աղջիկս լիներ, ես ձեզ հավատացնում եմ, որ հոգիս, հոգիս անգամ չէի խնայիլ նրա համար, նրա զվարճության, նրա երջանկության համար... Հա՛, պ. Պետրոս, գիտե՞ք ի՛նչ կա.— ես կարծում եմ, որ իմ տղայի և ձեր աղջկա մեջ մի ինչ-որ բան կա...

ՊԵՏՐՈՍ (շուտ): Ի՞նչ բան...

ՍՏԵՓԱՆ: Դուք չե՞ք նկատում, որ բոլոր ժամանակ նրանք միմյանցից չեն հեռանում և միշտ միմյանց հետ են պարում:

ՊԵՏՐՈՍ: Հետո՞:

ՍՏԵՓԱՆ: Եվ դուք այդ բանից ոչինչ չե՞ք եզրակացնում:

ՊԵՏՐՈՍ: Ի՞նչ:

ՍՏԵՓԱՆ: Որ նրանք... սիրում են միմյանց:

ՊԵՏՐՈՍ: Ի՞նչ եք ասում...

ՍՏԵՓԱՆ: Ես ձեզ ճշմարիտ բան եմ ասումԽո գիտեք, էլի, ջահելների բանը, ի՛նչ չարաճճիություններ ասես, որ նրանք չեն անիլ, հա՛, հա՛, հա՛... (Վեր է կենում և առնելով նրա կուռը): Ապա անցնենք այսպես, ես համոզված եմ, որ նրանք հիմա էլ մի որևէ ծառի տակ առանձնացած կամաց-կամաց քչփչում են միմյանց հե՛տ, հա՛, հա՛... (Հեռանում են պարտեզի աջ կողմը):

ՏԵՍԻԼ V

Եղիսաբեթ, Նատալիա

ԵՂԻՍԱԲԵԹ (Նատալիայի հետ կուռ կռի տված՝ իջնում է սանդուղքով): Ես ձեզ պետք է ցույց տամ, մեր պարտեզի նոր ավազանը: Հիանալի բան է: Դուք խո գիտեք, որ իմ մարդս այդպիսի բաների համար ոչինչ չէ խնայում: Նա հատուկ այդ նոր ավազանի համար բերել է տվել փոքրիկ ձկնիկներ, որոնք արևի կամ լուսնի շողերի տակ ջրի մեջ խլպլտալիս մի այնպիսի գեղեցիկ գույներով են փայլում, որ մարդ ակամա հիանում է: Սոնաս խո բոլորովին սիրահարված է նրանց վրա. համարյա թե ողջ օրը նստած է ավազանի մոտ և միշտ կերակրում է նրանց հացի փշրունքով:

ՆԱՏԱԼԻԱ: Любопытно.

ԵՂԻՍԱԲԵԹ: Անպատճառ ամենքն այնտեղ են և նայում են ձկներին... (Հեռանում են պարտեզի աջ կողմը):

ՏԵՍԻԼ VI

Արսենյանց (իջնում է սանդուղքով), Թորոսյան (մտնում է ձախ կողմից, տան ետևից)

ԱՐՍԵՆՅԱՆՑ. Ա՛, Թորոսյան... Նո՞ր ես գալիս... ինչո՞ւ այսքան ուշացար...

ԹՈՐՈՍՅԱՆ: Ի՛նչ է, փափեն սառե՞ց... Ուշացա՛... կարծես ինձ շատ սպասելով աչքներդ ջուր կտրվեց:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Վա՛հ, իհարկե, առանց քեզ այստեղ ի՛նչպես կարող են ժամանակ անցկացնել, հա՛, հա՛, հա՛...

ԹՈՐՈՍՅԱՆ: Ծաղրի՛ր, բարեկամ, ծաղրի՛ր, այն ինչ ամենաառաջին ծաղրելին դու և դուք եք... Ձեզ պես պարազիտներն ու սիբարիտներն էլ որ ուրիշի վրա բերան բաց անեն, բաս մեզ պես ազնիվ զգացմունքներով վառվող երիտասարդները ո՛ր ջհանդամը կորչեն... Դեռ չես էլ ամաչում, որ պարծենում ես, թե համալսարանական գիտություն ես ստացել: Այդ է, էլի, քո համալսարանական գիտությունը, որ ինքդ ոչինչ չարած, հասարակությանը, ազգին ոչինչ շահ չբերած՝ ծաղրում ես նրանց, որոնք ամենայն անձնվիրությամբ ուզում են այդ անել... (Արսենյանցը ծիծաղում է): Դե՛, մի՛ ծիծաղիր, է, կատաղությունս բերում ես...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ես քեզ վրա խո չեմ ծիծաղում, քո խոսքերի վրա եմ ծիծաղում:

ԹՈՐՈՍՅԱՆ (կարճ լռությունից հետո): Գայլի գլխին ավետարան էին կարդում, ասում է, ոչխարը սարն անց կացավ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ (ծիծաղում է, հետո մոտենում է նրան և բարեկամաբար ձեռքերը դնում է նրա ուսին): Լսի՛ր, Թորոսյան: Դու միշտ այդպես իդեալիստ պետք է մնա՞սԱրի՛, լսիր, ինչ որ ես քեզ կասեմ...

ԹՈՐՈՍՅԱՆ (զայրացած): Գնա՛...

ԱՐՍԵնՅԱՆՑ: Հավատացիր, ես քեզ ուզում եմ մի խրատ, այսինքն խորհուրդ տալ...

ԹՈՐՈՍՅԱՆ (բոլորովին գայրացած): Գնա՛, քեզ ասում եմ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Գնում եմ, լավ, գնում եմ: (Ծիծաղելով հեռանում է պարտեզի աջ կողմը):

ՏԵՍԻԼ VII

Թորոսյան (միայն)

Անիծվածնե՛ր, գարշելի՛ մարդիկ... Արի ու մի՛ կատաղիր, արի ու մի հուսահատվիր... Ուսում ստացածը, հասկացողը որ այս է, բաս տգետն ի՞նչ կլինի... Տեր աստված, այս ի՞նչպիսի մարդիկ են... երկաթե կամք և սառնասրտություն է հարկավոր սրանց դեմ պատերազմելու համար, իսկ ես... Ա՛հ... (գլխարկը վերցնում է, կատաղած շպրտում է նստարանի վրա և նստում է հուսահատված): Ինչո՞ւ համար ես այստեղ պետք է լինեմ, այս պարազիտների, այս սիբարիտների, այս բուրժուաների մեջ. ի՞նչ առնչություն կա իմ և սրանց մեջ, ո՞վ եմ ես և ո՛վ են սրանք... Ա՛խ, Սո՛նա, Սոնա, ինչո՞ւ դու ինձ այսպես կաշկանդել ես...

ՏԵՍԻԼ VIII

Ալեքսանդր, Սոնա, Թորոսյան

ԱԼԵՔՍԱՆԴՐ (գալիս և Սոնայի հետ խոսակցությանը շարունակելով)... և հատուկ խնդրում եմ, Սոնա, որ ո՛չ այս գիշեր և ոչ ուրիշ անգամ ոչ ոքի հետ չպարես.

ՍՈՆԱ: Հա՛, հա՛, հա՛... մի՞թե մինչ այդ աստիճան կարելի է բռնանալ (Թորոսյանը նրանց տեսնելու պես մնում է քարացած նստած տեղում: Նրանք չեն տեսնում նրան):

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ինչ ուզում ես համարիր իմ այդ խնդիրքը, բայց ես երբեք սառնասրտությամբ չեմ կարող նայել այն մարդուն, որ գրկած կունենա քո մեջքը:

ՍՈՆԱ: Ա՛... ես քեզանից վախենում եմ, պարո՛ն, դու հիմիկուց ցույց ես տալիս քո խանդոտությունը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ո՛չ: Սոնա, այս խանդոտություն չէ, այս անսահման սեր է, ուրիշ ոչինչ...

ՍՈՆԱ (հանկարծ տեսնում է Թորոսյանին, դեռ շփոթվում է, բայց շուտով հավաքում է իրեն, ժպտում է և մոտեսնում է նրան): Պ. Թորո՛սյան... Ինչո՞ւ դուք այստեղ մենակ նստել եք... Ինչպես երևում է նոր եք եկել:

ԹՈՐՈՍՅԱՆ (որ արդեն վեր է կացել): Ճշմարիտ է, ես նոր եմ եկել:

ՍՈՆԱ: Բայց ինչո՞ւ այսպես ուշ:

ԹՈՐՈՍՅԱՆ: Մի՞թե դուք ինձ սպասում էիք:

ՍՈՆԱ (ժպտալով): Այո:

ԹՈՐՈՍՅԱՆ (կեղծ ոգևորությամբ): Ո՛րպիսի մեծ պատիվ, որին արժանի չեմ... (լուրջ): Ես գործ ունեի:

ՍՈՆԱ: Ա՛խ, իրավ, ես մոռացա, որ դուք միշտ «գործ» ունիք...

ԹՈՐՈՍՅԱՆ (առանձին): Այս. ի՞նչ է. սա է՞լ է ինձ ծաղրում... (Նրան): Օրիորդ, մի՞թե դուք չեք հավատում այն գործին, որին ես ծառայում եմ և ուզում եմ ծառայել ապագայումն էլ...

ՍՈՆԱ: Ա՜խ, ի՛նչպես չէ, քանի որ ամեն օր դուք ինձ հավատացնում եք այդ... Հա, լավ միտս եկավ, պ. Թորոսյան, դուք ինձ մոտ մի նամակ ունիք. կարծեմ, ձեր գյուղից է: Երեկոյան բերեցին, բայց որովհետև դուք տանը չէիք, այդ պատճառով ինձ տվեցին, որպեսզի հետո ձեզ հանձնեմ... Դուք ծանոթ չե՞ք միմյանց, պարոններ: Խնդրեմ ծանոթացեք: — Բարսեղ Թորոսյան, Ալեքսանդր Միզանյան: (Նրանք գլուխն են տալիս միմյանց): Եվ խնդրեմ զբաղվեք խոսակցությունով, մինչև որ (Թորոսյանին) ես կբերեմ ձեր նամակը... կամ թե չէ ուզում եք միասին գնանք, այնտեղ կստանաք:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ո՛չ, ես սենյակս եմ ուզում գնալ... Տվեք ծառային նա կբերե:

ՍՈՆԱ: Ո՛չ, ես իմ ձեռքովս պետք է ձեզ հանձնեմ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ (Սոնային՝ ցածր, երբ նա գնում է դեպի սանդուղքը): Ո՞վ է այդ երիտասարդը:

ՍՈՆԱ: Խոսիր և կիմանաս: (Շտապով բարձրանում է և ծածկվում է դռան մեջ):

ՏԵՍԻԼ IX

Ալեքսանդր, Թորոսյան

ԱԼԵՔՍԱՆԴՐ (կարճ լռությունից հետո): Ներեցեք ինձ, պարոն, եթե ես հետաքրքրվում եմ ձեզանով, դուք ի՞նչ գործի եք:

ԹՈՐՈՍՅԱՆ (կտրուկ): Ես ուսանող եմ, (Նստում է):

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Համալսարանո՞ւմ եք սովորում:

ԹՈՐՈՍՅԱՆ (նույնպես): Այո՛:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ո՞ր Համալսարանում:

ԹՈՐՈՍՅԱՆ: Այդ ձեզ շա՞տ է հետաքրքրում: — Պետերբուրգի: Ուրիշ ի՞նչ եք կամենում, հարցրե՛ք:

ԱԼԵՔՍԱՆԴՐ (շփոթված): Ներեցեք... ես...

ԹՈՐՈՍՅԱՆ: Կամենո՞ւմ եք իմանալ որ ֆակուլտետն ունիմ ընտրած. երբ կավարտեմ և ավարտելուց հետո ի՞նչ կանեմ: Համեցեք: — Ես ընտրած ունիմ իրավաբանական ֆակուլտետը, կավարտեմ մի տարուց հետո: Այնուհետև կգամ այստեղ, — գավառները չկարծեք, Թիֆլիս եմ ասում, — Սոլոլակում ինձ համար մի փառավոր տուն կվարձեմ, դռանս մի երկաթե տախտակ կկպցնեմ, որի վրա գրած կլինի, «Присяжный поверренный Василий Сергеевич Торосов» և կսկսեմ փառավորապես փաստաբանությամբ պարապել, այսինքն անմեղներին պաշտպանել և փողն արհամարհել... Ի՞նչ եք կարծում, այսպես լավ չէ՞:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Շատ լավ է: (Առանձին): Գիժ է, ի՛նչ է այս պարոնը... (Նրան), ներողություն, պարոն, դուք սրանց բարեկա՞մն եք:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ինչպես դո՞ւք... ո՛չ, ես միայն սրանց կենողն եմ: (վեր է կենում): Իմ սենյակս, ահա՛ այն է (ցույց է տալիս պարտեզի աջ կողմը): Ներեցեք, ես գնում եմ, ցտեսություն:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ո՞ւր... նամա՞կը:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ախ, իրա՛վ... (Դարձյալ նստում է):

ԱԼԵՔՍԱՆԴՐ (առանձին): Չէ՛, սրա խելքը տեղը չէ: (Կարճ լռությունից հետո, նրան): Դուք ո՞ր գյուղացի եք, պարոն:

ԹՈՐՈՍՅԱՆ: Դարձյա՛լ... Ես ո՛չ մի գյուղացի չեմ. իմ գյուղս ամբողջ Հայաստանն է:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ա՛... Ուրեմն դուք ազգասեր եք:

ԹՈՐՈՍՅԱՆ (Կատաղած): Այ՛ո , այո՛... Անիծյա՛լ ազգասիրություն...

ՏԵՍԻԼ X

Սոնա, Սվեքսանդր, Թորոսյան

ՍՈՆԱ (վերադառնում է շտապով, ձեռքին մի նամակ): Ահա՛ ձեր նամակը, պ. Թորոսյան: Ի՞նչ է պատահել, դուք բարկացած եք երևում:

ԹՈՐՈՍՅԱՆ (վեր է կենում): Ոչինչ... Շնորհակալ եմ: (Առնում է նամակը և, առանց վրան նայելու, պահում է ձեռքում):

ՍՈՆԱ: Գուցե մենք ձեզ խանգարում ենք... Պ. Ալեքսանդր, բարձրանանք վերև: (Թորոսյանին): Չմոռանաք դուք ևս գալ: (Առնում է Ալեքսանդրի ձեռքը և գնալով դեպի սանդուղքը): Ի՞նչպես հավանեցիր այդ պարոնին:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Այդ պարոնը գիժ է: (Սոնան ծիծաղում է: Նրանք բարձրանում են և ծածկվում են դռան մեջ):

ՏԵՍԻԼ XI

Թորոսյան (միայն)

(Երկար ժամանակ մնում է քարացածի պես՝ նրանց ետեվից նայելիս): Ո՞վ է ասում, թե ցնորքը, երևակայական երջանկությունը հիմարություն չէ. ինչպես և միայն հույսերով կերակրվող սերըհիմարությունների ծնող... Ի՞նչ է ցնորքը: — Երեխան փչում է սապնային պղպջակը, որ ուռչում է անդրադարձնող զանազանագույն հրաշալի ցոլումներով, երեխան խնդում է, հրճվում է և ավելի է սկսում փչել, բայց հանկարծ պղպջակը պատռվում է և հօդս է ցնդում.— ահա՛ ձեզ ցնորք: Անցնում ես փողոցով, երևակայում ես քեզ հարուստ մեծատուն, իշխան, երևակայում ես պալատներ, կառքեր, ծառաներ, փափկակեցություն, բայց հանկարծ ոտքդ սայթաքում է և դու փռվում ես ցեխի մեջ, — ահա ձեզ ցնորք: — Մի՞թե հիմա ես այդպես չեմ... Օ՛խ, աստված, ես ի՞նչ եմ արել... (Նստում է գլուխը կախ: Բեմի ետևից լսում է դաշնամուրի ձայն: Նա հանկարծ վեր է թոչում և շտապով հեռանում է պարտեզի աջ կողմը: Հյուրերը հավաքվում են ամեն կողմից և բարձրանում են վերև):

ՏԵՍԻԼ XII

Ստեփան, Պետրոս

ՍՏԵՓԱՆ (գալիս է Պետրոսի հետ կուռ կռի տված՝ խոսակցությունը շարունակելով)... և փառք աստծո, դուք խո ձեր աչքովը տեսաք, միայն սիրահարվածներն են այդպես առանձնանում և քչփչում միմյանց հետ. հա՛, հա՛, հա՛..

ՊԵՏՐՈՍ: Բայց եթե նրանք իսկապես սիրում են միմյանց, այդ խո մեզանից չե՞ն թաքցնիլ:

ՍՏԵՓԱՆ: Եվ ինչո՞ւ պետք է թաքցնեն. մենք չե՞նք թողնիլ, ինչ է, որ նրանք ամուսնանան, հա՛, հա՛, հա՛... ձեզանից էլ լավ բարեկամներ, մենք ո՞րտեղից կարող ենք ճարել հա՛, հա՛, հա՛...

ՏԵՍԻԼ XIII

Եղիսաբեթ, Նատալիա, Ստեփան, Պետրոս

ԵՂԻՍԱԲԵԹ. (գալիս է Նատալիայի հետ կուռ կռի տված): Կարելի է իմանալ ինչի՛ մասին եք ծիծաղում, պարոններ:

ՍՏԵՓԱՆ. Ինչո՞ւ չի կարելի, մենք ծիծաղում ենք մի նորության մասին, որ եթե հայտնենք, կարծում ենք ձեզ էլ մեծ ուրախություն կպատճառե:

ԵՂԻՍԱԲԵԲ–. Ի՞նչ նորություն:

ՆԱՏԱԼԻԱ: Любопытно.

ՍՏԵՓԱՆ: Mademoiselle Սոֆիան և մեր որդի Ալեքսանդը Ստեփանիչը սիրահարված են միմյանց վրա, հա՛, հա՛, հա՛...

ԵՂԻՍԱԲԵԲ: Ի՛նչ եք ասում...

ՆԱՏԱԼԻԱ: Что бы.

ՍՏԵՓԱՆ: Да. Հարցրեք պ. Պետրոսից, թե չեք հավատում, հա՛, հա՛, հա՛...

ՊԵՏՐՈՍ: Այսինքն դեռ հաստատ ոչինչ չգիտենք, բայց...

ՍՏԵՓԱՆ: Պարզ նկատում ենք, որ սիրահարված են միմյանց վրա, հա՛, հա՛, հա՛... (Եղիսաբեթին): Տիկին, խնդրեմ, (Եղիսաբեթն առնում է նրա կուռը): Իսկ դուք պ. Պետրոս, խնդրում եմ իմ կնոջս кавалер-ը դառնաք: (Պետրոսն առաջակում է կուռը Նատալիային): Մենք հիմա կբարձրանանք վերև և մեր սիրահարվածներին կբռնենք, ինչպես գողերին, հա՛, հա՛, հա՛...

ՆԱՏԱԼԻԱ: Господа. Ուրեմն մենք շուտով կկատարենք նրանց հարսանիքը:

ՍՏԵՓԱՆ: 0, անպատճառ, հա՛, հա՛, հա՛...

ՆԱՏԱԼԻԱ: Ах. какое счастье...(Որ արդեն բարձրացել են սանդուղքով, ծածկվում են դռան մեջ):

ՏԵՍԻԼ XIV

Թորոսյան (միայն)

(Գալիս է): Գյուղը, գյուղը... Հազար անգամ պատասխանել եմ, որ այս ամառ չեմ կարող գնալ գյուղը, չգիտեմ էլ ի՞նչ են ուզում ինձանից... Այսուհետև թքել եմ գյուղի վրա էլ, գյուղացու վրա էլ ու ամեն բանի վրա էլ... (Նայում է հագուստին): Հագուստս էլ չփոխեցի. այսպես բարձրանա՞մ...

ՏԵՍԻԼ XV

Արսենյանց, Թորոսյան

ԱՐՍԵՆՅԱՆՑ (գալիս է): Հը՛, դարձյալ այստեղ ե՞ս:

ԹՈՐՈՍՅԱՆ: Հրաման քեզ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ի՞նչ էիր շինում այստեղ:

ԹՈՐՈՍՅԱՆ: Քեզ էի սպասում, որ գաս:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Բաս բարձրանանք վերև:

ԹՈՐՈՍՅԱՆ: Բարձրանանք... Գնա՛, ես չեմ գալիս:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Հը՛, Թորոսյան, ի՞նչ է պատահել, դու այսօր ինչ որ քիթ ու մռութդ վայր ես թողել:

ԹՈՐՈՍՅԱՆ: Իհարկե, աշխարհիս երեսին, որ քեզ պես մարդիկ են ման գալիս... (նստում է):

ԱՐՍԵՆՅԱՆՑ (ծիծաղելով): Ինչ կծու լեզու ունես... Մենք քեզ ի՞նչ ենք արել, որ մեզ այդպես ատում ես:

ԹՈՐՈՍՅԱՆ: Գնա՛ վերև, գնա զվարճացիր... Թո՛ղ հազարավոր աղքատ, անտեր հիվանդներ անդեղ, անդարման կոտորվեն, սատկեն, միայն թե մատըմուազել Սոֆիաների հետ դուք պար գաք և զվարճանաքԱսում են՝ տվե՛ք մեզ կրթված մարդիկ, ինտելիգենցիա տվեք. դրանք են մեզ հարկավոր, հասարակության բարօրությունը դրանցից է կախված: Ահա՛, ձեզ կրթված մարդ, ահա ձեզ ինտելիգենտ և պաշտոնովբժիշկԻ՞նչ եք կորցրել և ի՞նչ եք փնտրում...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Է՛հ, այդպես խո չեն ասում, ա՛յ այսպես են ասում. — Տվե՛ք մեզ նոր ուժեր, թարմ երիտասարդություն, դրանք են մեր հույսերը... այրող խնդիրների լուծումը դրանց է սպասում... ազգը, Հայաստանը դրանց է կանչում և այլն: Իսկ «նոր ուժը», թարմ «երիտասարդը» դու ես, ես ծերացել եմ, ինձ ի՞նչ ես ասում:

ԹՈՐՈՍՅԱՆ: Գնա՛, իսեր աստուծո, հեռացի՛ր, դու միշտ արյունս բորբոքում ես...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Իհարկե, միշտ այդպես վառված որ խոսես, արյունդ կբորբոքվի: (Թորոսյանը կատաղած թքում է և դեմքը շրջում է նրանից, Արսենյանցը ծիծաղելով բարձրանում է և ծածկվում է դռան մեջ):

Պետրոս, ծառա, Թորոսյան

ՊԵՏՐՈՍ (Ծառայի հետ իջնում է սանդուղքով): Ա՛րի այստեղ, անպիտան, ա՛րի: Ես քեզ հազար անգամ ասել եմ, որ այն անպիտան լակեյներից չհեռանաս, իսկ դու դարձյալ գալիս ես և այնտեղ ցից ես լինում: Հազար ու մի բան կա այնտեղ, ո՞վ է տերը... Խո չե՞ս ուզում... (Թորոսյանին չտեսնելով, հեռանում են պարտեզի աջ կողմը):

ՏԵՍԻԼ XVII

Վանո, Թորոսյան

ՎԱՆՈ (ծխախոտը բերանին՝ գալիս է ձախ կողմից, տան ետևից, հետաքրքրությամբ նայում է դարձրլուստմուտներին, հետո հանկարծ տեսնում է Թորոսյանին): Ա՛, բոնժուռ, մուսի՛ո Թորոսյան:

ԹՈՐՈՍՅԱՆ (առանձին): Սա էր պակաս:

ՎԱՆՈ: Կոման վու պորտէ վու, քեֆդ լավ է, չէ՞:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ինչո՞ւ չէ:

ՎԱՆՈ: Այս ի՞նչ խաբար է մեր տանը:

ԹՈՐՈՍՅԱՆ: Քեֆ են անում:

ՎԱՆՈ. Հա՛ա՞... բաս դու ի՞նչ ես շինում այստեղ:

ԹՈՐՈՍՅԱՆ: Քեզ էի սպասում :

ՎԱՆՈ: Ջան. սիրել եմ քեզ պես հին ընկերներին, չնայելով, որ իմ ու քո մեջ սարեր կան... Բայց ես այս գիշեր ուրիշ տեղ պետք է քեֆ անեմ:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ո՞րտեղ:

ՎԱՆՈ: Անիշկայիս մոտես ու դու որ գիտենք, էլի՛...

ԹՈՐՈՍՅԱՆ: Բաս հիմա ինչո՞ւ ես եկել այստեղ:

ՎԱՆՈ: Եկել եմ, որ հորիցս փող ուզեմ: Երևակայիր՝ գրոշ չունեմ գրպանումս:

ԹՈՐՈՍՅԱՆ: Հհտո, կտա՞:

ՎԱՆՈ: Փաշի պես:

ԹՈՐՈՍՅԱն: Բայց որ փաշի պես կինծումդ տալով դուրս անի այստեղից:

ՎԱՆՈ: Չէ՛, այդպիսի բան չի պատահիլ, հորս սանձն, այ այսպես ունեմ բռնած ձեռքումս:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ի՞նչ, պետք է անես որ:

ՎԱՆՈ: Այդ ես գիտեմ, թե ի՞նչ կանեմ... Օ՛, ո՛րքան վատ է, երբ մարդու գրպանում փող չկա, կարծես թե մարդ չես այդ ժամանակ: Ինձ քանի անգամ է պատահել այդ բանը.— օրինակ, գնացել եմ սիրուհուս մոտ մի փոքր ժամանակ անցկացնելու... Սիրուհիս... ա՛խ, ես նրա հոգին ուտեմ... գիտե՞ս ինչ արարած է նա, Թորոսյան. ես լուսին ասեմ, դուարև, ես արև ասեմ, դուհրեշտակ, մի խոսքով ոչ ուտես, ոչ խմես, միշտ և միայն նրան նայես... նա ռսուհի է, տասն և ութ տարեկան, շեկ մազերով, մեծ-մեծ ու կրակոտ աչքերով, (երգելով չակերտների միջի հետևյալ բառերը), «Բոյն է սալբու չինա՛րի», առողջ, կարմիր-կարմիր թշերով... просто шик что такое.Ի՛նչ ասի նա, որ ես նույն րոպեին չկատարեմ. ասի՝ գնա Քուռն ընկիր, մեկ էլ տեսարթլթոո՛մբ... Քուռի ալիքների մեջ եմ. ասի կրակ տուր Թիֆլիսը, մեկ էլ տեսարԹիֆլիսը բլբլում է–– Դրան նոր եմ ճարել, գիտես, ընդամենը, կարծեմ, մի ամիս է: Առաջվա սիրուհուցս բոլորովին ձանձրացա: Թեև նրա վրա էլ քիչ չէի ծախսում, բայց սրա վրա չափից անց եմ կացրել... Հա, ես այն էի ասում, որ առանց փողի մարդուս դրությունը շատ վատ է լինում, օրինակ. ինչպես ասեցի, գնացել եմ սիրուհուս մոտանցյալ շաբաթ էլ պատահեց ինձ այդ բանըմի փոքր ժամանակ անցկացնելու: Սիրուհիս տեսնելուն պես փաթաթվել է վզովս և (կանացի ձայնով) — «Ваня. Ваня. Дай денги. Նո՛ւ ես էլ, ի՛նչ ասել կուզե, ձեռքս սուտ, գրպանս եմ կոխել, — ապա ի՞նչ կա, որ ինչ տամ... Ա՛րի ու հիմա էշը ցեխիցը հանիր... է, ի՞նչ կարող էի անել, սկսել եմ ներողություն խնդրել, սուտ ու մուտ պատճառներ մոգոնել, թե մոռացել եմ հետս փող վերցնել, խոստացել եմ, որ մյուս օրն անպատճառ կտանեմ, կտամ: Մյուս օրն եկել եմ, հորիցս փող եմ առելհիսուն, հարյուր մանեթև իրեն եմ տվել:

ԹՈՐՈՍՅԱՆ: Հայրդ էլ տվե՞լ է:

ՎԱՆՈ: Փաշի պես: Բայց չէ, այս էլ պետք է ասած, որ մի անգամ էլ մի լավ խայտառակեց ինձ և դուրս արեց:

ԹՈՐՈՍՅԱն: Հիմա էլ դուրս կանի:

ՎԱՆՈ: Բա՞ն չունես... կարո՞ղ է... Ասում եմ, է՛լի, նրա սանձն, ա՛յ, այսպես ունեմ բռնած ձեռքումս: Գիտե՞ս ի՛նչպես էր: Ես քեզ մի մազալու բան պատմեմ, Թորոսյան: (Նստում է նրա կողքին): Կարող ես մինչև անգամ գրել, եթե ուզում ես. այդպիսի բաներ հետաքրքրությամբ են կարդում: — Մի անգամ գնում եմ «Սան-Սուսի» և այնտեղ ո՞ւմն եմ տեսնում, — հորս, պ. Պետրոսին: Սա, եղբայր, նստած է մի գեղեցիկ, հաստհաստ կնոջ հետ մի փառավոր սեղանի առաջ և քեֆ է անում: «Ա՛, այս լավ բան է», ասում եմ ինքս ինձ. «ա՛րի օգուտ քաղեմ այս դեպքից...» Մոտենում եմ: «Հայրի՛կ», ասում եմ աչքերով կողքին նստած կնոջ վրա ցույց տալով, «լա՛վն է հա՛...»: Հայրիկս դեռ կարմրում է, հետո սփրթնում է, վեր է կենում, ինձ մի կողմն է քաշում և «Լռի՛ր, անպիտան», ասում է, «ոչ ոքի ոչինչ չասես, թե չէ՝ կորած եմ»: Հասկանո՞ւմ ես. այս նրա խոսքերն են: «Ի՞նչ կտաք», ասում եմ, «որ ոչ ոքի ոչինչ չասեմ»: — «Ինչ կուզես», ասում է, — «Երբ փող ուզեմ տվեք»: — «Լավ», ասում է: Լա՛վ ու լավ. այնուհետև «տես, թե ի՞նչպիսի պահանջներ եմ անումհարյուր, երկու հարյուր և այլն մանեթներըես քեզ ճշմարիտ բան եմ ասումսկսում են հորս անդունդից գրպանս տեղափոխվել: Այդպիսի ժամանակ մի քիչ չեմ ու չում կանե, իսկույն «հայրի՛կ, Սան-Սուսին», — և նա ձայնը կկտրե... (ծիծաղում է): Բայց այդ դեռ ոչինչ, ես մի ուրիշ, ավելի սուր զենք ունեմ ձեռքիս: Այդ էլ պատմե՞մ: Լսիր: — Դու մի ասիր՝ հորս շատ է դուր գալիս իմ այս նոր սիրուհիս... Դու հորս այդպես մի նայիր, ամենաառաջին Դոնժուանն է, չէ՛, ի՞նչպես են ուրիշ տեսակ ասում... հա՛, ամենաառաջին լովելասն է... Հայրս, դու ես իմ պարոնը, նրան մի նամակ է գրում, այսինքն՝ սիրուհուս: Քեզ հայտնի կլինի, էլի, այդպիսի նամակների բովանդակությունը... Սիրուհիս մերժում է սրան, նա այսպիսի ծերերի հետ չի ուզում գործ ունենալ, և այդպիսով էլ բանը վերջանում է: Հորս գրած նամակը գտնում եմ սիրուհուս սեղանի վրա, անսաս վերցնում եմ և գրպանս եմ կոխում: Հարկավոր դեպքում դրանից էլ մեծ օգուտներ կարելի է քաղել: (Ծիծաղելով): Չէ՞, ի՞նչ ես կարծում:

ԹՈՐՈՍՅԱՆ (վեր կենալով): Երանի՛ քեզ... աշխարհս քեզպեսներինն է:

ՎԱՆՈ: Բաս չէ ու քեզպեսներինն է... Ո՞ւր ես գնում:

ԹՈՐՈՍՅԱՆ: Սենյակս:

ՎԱՆՈ: Ինչո՞ւ, դու հրավիրված չե՞ս: (Վեր է կենում):

ԹՈՐՈՍՅԱՆ: Հրավիրված եմ, բայց գլուխս ցավում է: (Հեռանում է պարտեզի աջ կողմը):

ՏԵՍԻԼ XVIII

Վանո (միայն)

Ասենք քո գլուխը միշտ ցավում է... է՛, հիմա ի՞նչպես անենք, որ հորս տեսնեմ... Բայց որ սպանեն, ես վերև չեմ գնալ, իսկ առանց փողի էլ այստեղից չեմ հեռանալ... Հ՞ըա, ի՞նչպես անեմ... Ա՛, ահա՛ նա: (Առաջ է գնում դեպի Պետրոսը,որ գալիս է պարտեզի աջ կողմից)

ՏԵՍԻԼ XIX

Պետրոս, Վանո

ՎԱՆՈ: Բարի երեկո, հայրիկ: Ես ուզում էի ձեզ տեսնել և դուք էլ եկաք:

ՊԵՏՐՈՍ: Հա-ա՞... ի՞նչ կհրամայես:

ՎԱՆՈ: Փող եմ ուզում:

ՊԵՏՐՈՍ: Վա՛հ, այդպես մե բա՞շ... Գնա՛ էգուց արի, (Գնում է դեպի սանդուղքը):

ՎԱՆՈ (Նրա ետևից): Հայրի՛կ, ես հանաք չեմ անում, գիտե՞ք: (Պետոոսր չէ լսում և շարունակում է առաջ գնալ): Սա՛ն-Սուսին...

ՊԵՏՐՈՍ (շուռ է գալիս և կատաղած կամաց-կամաց մոտենալով նրան): Անպիտա՛ն և լի՛րբ, դու կարծում ես թե հիմա է՞լ կվախենամ այդ անիծած խոսքից, հա՞

ՎԱՆՈ: Կարծում եմ:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 Next Last