Նար-Դոս՝   Մեղր և ճանճեր

ՊԵՏՐՈՍ: Բայց փո՛ւչ կենդանի, իսչո՞վ դու կարող ես հաստատել, որ ես Սան-Սուսիում եղած եմ...

ՎԱՆՈ: Մի «բարոյական» կնո՞ջ հետ, — ո՞վ է ասում, թե կարող եմ հաստատել

ՊԵՏՐՈՍ: Ա՛, ուրեմն դու սո՛ւտ ես ասում, ավազա՛կ, երբոր չես կարող հաստատել... Հիմա ես խելքի եմ եկել, անառա՛կ, խելքի եմ եկել, էլ չես կարող ինձ առաջվա նման խաղացնել... Առաջ էլ խելագար էի, որ այդ անիծած խոսքը քեզանից լսելուն պես՝ հարյուրները բուռդ էի կոխում, որպեսզի պապանձվեիր և ոչ ոքի չասեիր այդ խայտառակության մասին, բայց այնքան չէի մտածում, որ դու այդ հաստատել չե՛ս կարող, ավազա՛կ... Ես ամենքին կհավատացնեի, որ դու լրբաբար սուտ ես ասում, որպեսզի ինձանից փողեր գջլես...

ՎԱՆՈ: Բայց խո իսկապես սուտ չէ՞, հայրիկ, որ ես ձեզ բռնեցի Սան-Սուսիում մի «բարոյական» կնոջ հետ ընթրելիս:

ՊԵՏՐՈՍ: Սո՛ւտ է

ՎԱՆՈ: Իմ առաջս է՞լ եք ուրանում:

ՊԵՏՐՈՍ: Ամենքի, ամենքի առաջ, ավազա՛կ...

ՎԱՆՈ: Վա՛հ, էլ ի՞նչ եք այդպես բղավում, չե՞ք վախենում, որ տանն իմանան և գան:

ՊԵՏՐՈՍ: Թո՛ղ, ով ուզում է, գա... դու լրբաբար սուտ ես ասում, անառա՛կ...

ՎԱՆՈ: Բայց, հայրիկ, եթե ես սուտ եմ ասում և հիմա էլ սուտ եմ ասում, բաս ինչո՞ւ Սան-Սուսի բառը լսելուն պես, ինչպես դուք եք ասում, հարյուրները բուռս էիք կոխում:

ՊԵՏՐՈՍ: Այդ հաստատիր նրանց առաջ, նրանցկնոջս և աղջկաս առաջ, ավազա՛կ... բացի մեզանից, ոչ ոքի խո հայտնի չէ՞, թե ես քեզ մի այդպիսի բանի համար հարյուրներ էի տալիս:

ՎԱՆՈ: Այդ դեռ մեզ համար, հայրիկ, մեզ համար. ես ուզում եմ, սեփական բերանով խոստովանեք, որ ես սուտ չեմ ասում, իսկ հետո, երևի, մի բան կգտնվի, որով կկարողանանք այդ բանը նրանց էլ հաստատել:

ՊԵՏՐՈՍ: Ոչի՞նչ չի գտնվիլ, ոչինչ, ավազա՛կ, և... կործանվի՛ր այստեղից... Այսուհետև չհամարձակվես այս տունը ոտք դնել, թե չէ ես գիտեմ, թե ինչպես կվարվեմ քեզ հետ...

Լի՛րբ և անառա՛կ... (Մի կատաղի հայացք գցելով նրա վրա, շուռ է գալիս և դնում է դեպի սանդուղքը):

ՎԱՆՈ (Նրա հետևից): Իսկ Անիչկային գրած նամակիդ ի՞նչ կասեք, հայրիկ... (Տեսնելով, որ նա չէ լսում իրեն, ձայնը բարձրացնում է առանձին շեշտելով): Ինձ մո՛տ է:

ՊԵՏՐՈՍ (վերջին խոսքերի վրա հանկարծ շուռ է գալիս և շտապով մոտենում է նրան): Ի՞նչ ասեցիր:

ՎԱՆՈ: Ոչինչ:

ՊԵՏՐՈՍ: Ասա, ի՞նչ ասեցիր հիմա ետևիցս:

ՎԱՆՈ: Միևնույն չէ՞ ինչ որ ասեցի. — ես սուտ եմ ասում:

ՊԵՏՐՈՍ: Դու կարծեմ, նամակի անուն տվիր:

ՎԱՆՈ: Ի՞նչ անենք որ:

ՊԵՏՐՈՍ: Ասացիր, որ քեզ մոտ է:

ՎԱՆՈ: Ասեցի, հետո՞:

ՊԵՏՐՈՍ: Ցույց տուր տեսնեմ:

ՎԱՆՈ: Ինչո՞ւ:

ՊԵՏՐՈՍ: Տեսնեմ այդ այդ նամա՞կն է...

ՎԱՆՈ: Ո՞ր նամակը:

ՊԵՏՐՈՍ (նրա վրա մի փորձող հայացք ձգելուց հետո): Այ դու, լի՛րբ և անամոթ... դու դարձյալ սուտ ես ասում... դու հիմա այդ ես մոգոնել, ի՞նչ է շարունակես ինձնից փողեր գջլել...

ՎԱՆՈ: Ի՞նչ եմ մոգոնել:

ՊԵՏՐՈՍ: Որ իբր թե ես նամակ եմ գրել...

ՎԱՆՈ: Ո՞ւմը:

ՊԵՏՐՈՍ: Անիչկային...

ՎԱՆՈ: Անիչկան ո՞վ է:

ՊԵՏՐՈՍ: Ես ի՞նչ գիտեմ, ավազակ... այդ դու մոգոնում ես, մոգոնում...

ՎԱՆՈ: Ուրեմն՝ բարի գիշեր, հայրիկ, էլ ի՞նչ հարկավոր է այդքան բարկանալ. — ես միշտ սուտ եմ ասում և մոգոնում. Բարի գիշեր... կամ թե չէ՝ մնաք բարով: (հանդարտ գնում է դեպի պարտեզի մուտքը՝ ձախ կողմը):

ՊԵՏՐՈՍ (կանգնած է սաստիկ անվճռական դրության մեջ. հանկարծ կանչելով նրա ետևից): Մինչև ցույց չտաս, չեմ հավատալ...

ՎԱՆՈ (կանգ է առնում և ուսի վրայից ետ նայելով): Ի՞նչ չեք հավատալ:

ՊԵՏՐՈՍ: Որ... (Առանձինին): Թո՛ւ, դժոխքը քեզ կլանի... (Նրան): Որ... (Առանձին): Տե՛ր աստված, ինչ սարսափելի դրություն... (նրան): Որ... որ...

ՎԱՆՈ: Հ՛ը...

ՊԵՏՐՈՍ: Որ... որ այդ... որ այդ իմ գրած նամակն է...

ՎԱՆՈ (շուռ է գալիս և ժպտալով գալիս է առաջ): Ուրեմն՝ տեսնում եք, հայրիկ, որ ես սուտ չեմ ասում և չեմ մոգոնում:

ՊԵՏՐՈՍ (որ դեմքը շրշած ունի նրանից): Ցույց տուր, ցույց տուր տեսնեմ:

ՎԱՆՈ: Ասենք, ցույց տալով, ցույց կտանք, բայց... հետո :

ՊԵՏՐՈՍ: Հետո՞... հետո էլ ի՞նչ... հետո կպատռենք և դեն կածենք:

ՎԱՆՈ: Հաա՞... (գլուխ տալով): Ուրեմն՝ պատիվ ունեմ անխելք երեխաս

ՊԵՏՐՈՍ: Բաս ուրիշ ի՞նչ պետք է անես:

ՎԱՆՈ: Ոչինչ... կպատռտենք և դեն կածենք, հա՛, հա՛, հա՛... (Ուզում է գնալ):

ՊԵՏՐՈՍ: Բայց ես դեռ չգիտեմ՝ այդ իմ գրած նամակն է, թե ոչ:

ՎԱՆՈ: Կտեսնեք և կհամոզվեք:

ՊԵՏՐՈՍ: Ուրեմն ցույց տուր:

ՎԱՆՈ: Ի՞նչ ենք այսպես երկար խոսում, հայրիկ: Նախ և առաջ պայման կապենք, եթե ինձ մոտ գտնված նամակը ձեր գրածը լինի, խո որքան փող որ կամենամ, դուք նույն րոպեին տաք ինձ և նամակն, էլ նույն րոպեին ես ձեզ հանձնեմ և ինչ կամենաք՝ արեք նրա հետ, իսկ եթե նամակը ձեր գրածը չի լինիլ, — նո՛ւ, և ավելորդ է, ուրեմն, ձեզ այդպես վախենալ: Համաձա՞յն եք:

ՊԵՏՐՈՍ: Ինչպես թե որքան փող որ կամենաս, նույն րոպեին տամ քեզ:

ՎԱՆՈ: Այնպես, հարյուր, երկու հարյուր, հինգ հարյուր...վերջապեսորքան քեֆս տա:

ՊԵՏՐՈՍ (առանձին, հուսահատ): Տե՛ր աստված, ա՛յսպես էլ կրակ ա՛յսպես էլ պատիժ... (նրան, հանկարծակի վճռականությամբ): Համաձայն եմ... հանի՛ր տեսնեմ:

ՎԱՆՈ: Այս րոպեիս (Ձեռքը գրպանն է տանում): Բայց մի պայման էլ...

ՊԵՏՐՈՍ: Դարձալ:

ՎԱՆՈ: Որ դուք մեկ փոքր հեռու կանգնեք:

ՊԵՏՐՈՍ: Ինչո՞ւ:

ՎԱՆՈ: Ով գիտե. ասում են, որ նախազգուշությունը լավ բան է...

ՊԵՏՐՈՍ: Հանի՛ր, հանի՛ր տե՛սնեմ:

ՎԱՆՈ: Ա՛յ, այս րոպեիս: (Գրպանից հանում է թղթապահը, իսկ նրա միջից մի նամակ): Համեցեք: (Հեռվից ցույց է տալիս): Բայց, խնդրեմ, մի՛ մոտենաք:

ՊԵՏՐՈՍ (մոտենալով): Մութն է, չեմ տեսնում:

ՎԱՆՈ (հեռանալով): Լուսինը, կարծեմ, այնքան խավար չէ լուսավորում, որ չկարողանաք տեսնել:

ՊԵՏՐՈՍ (մոտենալով): Թուղթն, այո՛, տեսնում եմ, բայց գրածը որոշել չեմ կարողանում:

ՎԱՆՈ: Սպասեցեք, այս րոպեիս: (Երկուսն էլ կանգ են առնում): Խնդրեմ քիչ հեռու կանգնեցեք: (Գրպանից մի լուցկի է հանում): Այդպես... և չմոտենաք: (Լուցկին վառում է և նրանով լուսավորում է նամակը): Հիմա նայեցեք, ձե՞րն է գրածը... խո կարողանում եք որոշել:

ՊԵՏՐՈՍ: (Գլուխն առաջ տանելով): Ապա, ապա... (Հանկարծ հարձակվում է, որպեսզի խլե նամակը): Անպիտա՛ն, ո՞վ է տվել քեզ այդ նամակը...

ՎԱՆՈ (նամակն իսկույն քամակն է տանում և ետ ու ետ գնալով): Ա՛, ներեցեք... Հափշտակելը լավ չէ... ես ձեզ ասեցի, որ չմոտենաք: Հիմա համոզվեցի՞ք, որ նամակը ձեր գրածն է:

ՊԵՏՐՈՍ: Ասա՛, ի՞նչքան ես ուզում:

ՎԱՆՈ: Ինչքա՞ն... Հիմա ինձ հարկավոր է... քիչ է հարկավոր. այդպես... երկու հարյուր ռուբլի, ավել չէ:

ՊԵՏՐՈՍ: Այստեղ ինձ մոտ գտնվում է ընդամենը... յոթանասուն ռուբլի: Տուր նամակն և ստացիր փողերը:

ՎԱՆՈ: Ներեցեք, ես այդպես էժան չեմ ծախիլ այս նամակը. սա արժե, առանց պակասեցնելու կամ ավելացնելու, ուղիղ հազար ռուբլի: Վերջի գինն է: (Նամակը կրկին թղթապանակն է դնում և պահում է):

ՊԵՏՐՈՍ: Բայց դու ասեցիր երկու հարյուր:

ՎԱՆՈ: Այո՛, բայց այդ, ասեցի, հիմա, այս րոպեիս է հարկավոր:

ՊԵՏՐՈՍ: Հիմա չկա մոտս այդ գումարը ընդամենը յոթանասուն ռուբլի ունեմ:

ՎԱՆՈ: Գնացեք բերեք, ես այստեղ կսպասեմ... Նո՛ւ, ոչինչ, ոչինչ, այս գիշեր դրանով էլ կարելի է յոլա գնալ... Հիմա տվեք այդ յոթանասուն ռուբլին և երբ մնացածն էլ կլրացնեք, նամակն այն ժամանակ կստանաք:

ՊԵՏՐՈՍ: Վա՛հ, նամակն ուզում ես քեզ մոտ պահել...

ՎԱՆՈ: Ի՞նչ վնաս, այս ոչ ոք չի տեսնիլ... կամ թե չէ, եթե վախենում եք, կարող եք այս րոպեիս ևեթ վճարել հազար ռուբլին և ստանալ նամակը: Բայց ես ասում եմ, որ ոչինչ վնաս չկա:

ՊԵՏՐՈՍ (խղճալի ձայնով): Ա՛նպիտան, դու ուզում ես ինձ աղքատացնե՞լ...

ՎԱՆՈ: Ձեր կամքն է, հայրիկ:

ՊԵՏՐՈՍ: Դու ուզում ես ինձ անպատվե՞լ, խայտառակե՞լ... դու ուզում ես ինձ ամենքի առաջ ամոթահար, սև երես դուրս բերել...

ՎԱՆՈ: Այդ ձեզանից է կախված, հայրիկ:

ՊԵՏՐՈՍ: Մեղք չե՞մ ես... մի՞թե չես խղճում քո հորը...

ՎԱՆՈ: Հայրիկ, ախր ես էլ մեղք եմ, փող չունեմ:

ՊԵՏՐՈՍ: Մի՞թե ես քեզ նրա համար եմ պահել, մեծացրել, որ դու ինձ հետ այդպես անգութ կերպով վարվես... ախր մենք հայր ու որդի ենք, որդի... ախր ամոթ է մինչև անգամ...

ՎԱնՈ: Չե՞ք տալիս... գնում եմ ա՛յ...

ՊԵՏՐՈՍ: Կա՛ց, անառակ... տա՛ր, ինչ ուզում ես:

ՎԱՆՈ: Էլ ի՞նչ հարկավոր է երկար ու բարակ խոսել, երբ վերջը պետք է համաձայնեք... Քիչ էր մնում, որ լացացնեիք:

ՊԵՏՐՈՍ (թղթապանակից հանում է յուր բոլոր փողը և տալով նրան): Ա՛ռ և գնա կորի՛ր աչքիցս:

ՎԱՆՈ (տոնում է և սկսում է համարել): Մեկ, երկու, երեք, չորս, յոթը, տասը, տասն և հինգ, քսան, քսան և հինգ, երեսուն, երեսուն և հինգ, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն... Ուղիղ է: Նու, հայրիկ, երբ մնացածն էլ կտաք, այն ժամանակ կստանաք նամակը, իսկ մինչև այդ ժամանակ դուք բոլորովին հանգիստ կարող եք լինել: (Թղթապահը հանում է, փողը մեջն է դնում և պահում է): Ձեր նամակն, ասում եմ, ոչ ոք չի տեսնիլ. նա ինձ մոտ ավելի ապահով կմնա, քան թե ձեզ մոտ:

ՊԵՏՐՈՍ: Հեռացի՛ր, կորի՛ր ի սեր աստուծո:

ՎԱՆՈ: Ցտեսություն, հայրիկ, բարի գիշեր... Ես այնքան էլ փչացած տղա չեմ, որքան...

ՊԵՏՐՈՍ (գոռալով), կկորչես, թե չէ... (Վանոն գլուխ է տալիս և դուրս է գնում ձախ կողմը):

ՏԵՍԻԼ XX

Պետրոս (միայն)

Այս ինչ կրակի մեջ եմ ընկել, տեր աստված, այս ի՞նչ պատիժ է հասել գլխիս... Ո՞րտեղից գրեցի ես այն անիծված նամակը... Ասա էլ ի՞նչ քո ժամանակն է այդպիսի բաների ետևից ընկնել, տո, տո, տո... Ծե՛ր էշ, տո, առ, տո... քավթա՛ռ շուն... Ինչո՞վ չես ուզում թողնել երիտասարդական հիմարություններդ... ահագին ընտանիքի տեր մարդ ես... Ախ, ախ, բայց այդ փչացածի ձեռքը որտեղից է ընկել այդ նամակը, ո՞վ է տվել դրան... (Կատաղած ման է գալիս): Օ՛հ, ի՞նչ անեի, չհամաձայնեի, բացի կնոջիցս և աղջկանիցս, նա ինձ և՛ ուրիշների առաջ կխայտառակեր այդ անիծված նամակով... Ես դիտմամբ ամեն շաբաթ երեկո և կիրակի առավոտ եկեղեցի եմ գնում, աղքատներին բացարձակապես ողորմություն եմ տալիս, ինչ է՝ կարծեն, որ ես մի աստվածասեր և ողորմած մարդ եմ, որպեսզի այդպիսությունով ծածկեմ իմ ներքին կյանքր, և հանկարծ հայտնվի մի այդպիսի նամակ, որ իմ սեփական ձեռքովս գրված, — ի՞նչ կկարծեն իմ մասին... Ինչ խայտառակություն, ի՞նչ խայտառակություն... Ա՛խ... ահա՛, իմ հարազատ որդիս, իմ միսս ու արյունս ինձ ի՞նչ տեղն է գցել0, փչանար դա մոր փորում և լույս աշխարհ չտեսներ, այդ անառակը, այդ ավազակը, այդ... այդ... օձը, օձի ճուտը... Ո՛չ, պետք է շուտով առանց ուշացնելու, իրեն սևցնել յուր պահանջած գումարն և ոչնչացնել այդ անիծված նամակը... Բայց... (կանգ է առնում հուսհատ) հազար ռուբլի, հազար ռուբլի... (Ավելի կատաղած ման գալով): Օ՛հ, կրա՛կ, կրա՛կ... դժոխքի բաժին լինիս, Վանո՛... Ա՛յ, կոտրվեր այս ձեռքը (ձախ ձեռքով խփում է աջ ձեռքին), որ այն անիծված, միլիոն անգամ անիծված նամակը չէր գրել... Ինչ սարսափելի դրություն... Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ... Հազար ռուբլի մի նամակը, մի թղթի կտորը... (գլխին խփելով): Օ՛հ, գի՛ժ, գի՛ժ Պետրոս, քո հախդ է, քո հախդ... (Ընկնում է նստարանի վրա):

Վարագույրն իջնում է:

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Մի դահլիճ Թաթուլյանների տանը: Աջ, ձախ և դիմացը դռներ, աջ դուռը տանում է դեպի Պետրոսի առանձնասենյակը, ձախը՝ դեպի մյուս սենյակներն, իսկ դիմաց ինը՝ դեպի նախասենյակ: Բոլոր դռներին կախված են թանկագին վարագույրներ: Կահավորանքը շքեղ և հարուստ: Պատերից կախված են զանազան գեղանկարներ ոսկեզօծ շրջանակներով: Բոլոր հատակը ծածկված է թանկագին գորգով:

ՏԵՍԻԼ I

Պետրոս, Ստեփան

ՊԵՏՐՈՍ (նախասենյակում): Ասա, որ շնորհ բերե այստեղ: (Մտնում է և մի քանի վայրկյանից հետո դիմավորելով Ստեփանին, որ մտնում է): Ա՛, պ. Ստեփան, համեցեք:

ՍՏԵՓԱՆ: Ես գալիս եմ ուղղակի մեր եկեղեցուց: — Բարև ձեզ: — Անցնում էի այսպես, ասեցի լավ կլինի, եթե մտնեմ բարեկամներիս մոտ՝ առողջությունը հարցնելու: Ի՞նչպես եք, առողջ եք:

ՊԵՏՐՈՍ: Փառք աստուծո... Հա՛, կարծեմ այսօր ինչ-որ ժողով պետք է լիներ ձեր եկեղեցում:

ՍՏԵՓԱՆ: Այո ես ձեզ իսկույն կպատմեմ:

ՊԵՏՐՈՍ (գահավորակը ցույց տալով): Խնդրեմ համեցեք:

ՍՏԵՓԱՆ (նստում է): Անպատճառ լսած կլինեք, որ մեր եկեղեցու երեցփոխը եկեղեցու փողերը տակովն է արել:

ՊԵՏՐՈՍ (որ նույնպես նստել է նրա դիմացը՝ բազկաթոռի մեջ): Լսել եմ:

ՍՏԵՓԱՆ: Հա՛: Այսօր ծխականների ժողով են նշանակում, որպեսզի նոր երեցփոխ ընտրեն և հին երեցփոխից հաշիվ պահանջեն: Առաջինն, իհարկե, իբրև նշանավոր մարդու, ինձ են հրավիրում, թեև, ճշմարիտն ասած, զահլաս գնում է այդպիսի հիմար գործերից: Գնում եմ: Ուսումնարանում տեղ չկա, այնքան մարդ է հավաքվել: Ինձ են սպասում: Մտնում եմ, թե չէ, իսկույն ամենքն էլ վեր են կենում տեղերից և ինձ խոր գլուխ են տալիս...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Տեսնո՞ւմ եք ինչ մեծ մարդ է... (Նրան): Փողը ո՞րքան է լինում տակովն արած:

ՍՏԵՓԱՆ : Ասում են որ... կարծեմ... հա՛, — յոթն հազար մանեթ:

ՊԵՏՐՈՍ: Մի՞թե:

ՍՏԵՓԱՆ: Չնչի՛ն գումար

ՊԵՏՐՈՍ: (առանձին) Օ՛հո՛...

ՍՏԵՓԱՆ: Յոթն հազար մանեթ այս րոպեիս տարեկան իմ որդին է ստանում... նույնպես և քո...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Տե՛ր ողորմյա, սա ինձ էշ է կարծում, ինչ է...

ՍՏԵՓԱՆ: Հա՛, և այդպես... սկսում են մարդիկ ընտրել երեցփոխից հաշիվ պահանջելու: Իբրև նշանավոր մարդ, ես ընտրվում եմ, իհարկե, միաձայն: Բայց նույն րոպեին էլ հրաժարվում եմ, ասելով, որ ես այդպիսի բաների համար ժամանակ չունեմ: — Եվ ճշմարիտ, որ չունեմ: — Սկսում են խնդրել, աղաչել, որ հրաժարականս ետ առնեմ: Բայց ես իմն եմ պնդում: Ո՛չ ուզում են նոր մարդ ընտրել իմ տեղը, — և ում պետք է ընտրեին, որ կարողանար իմ տեղը բռնել, — ո՛չ ուզում են հրաժարականս ընդունել: Բայց խո գիտեք, որ իմ «այո»-ն այո է և «ոչն» — ո՛չ. հենց մի գլուխ իմն եմ պնդում... Հանկարծի՞նչ եք կարծումվեր է կենում մեր տաք գլուխ երիտասարդներից կամ, ավելի ուղիղն ասած, մեր բերանպատռած և լիրբ կինտոներից մեկը և ի՞նչ է ասում, «շատ մի խնդրեք, հրաժարվում է, թող հրաժարվի», — ինձ համար է ասում, գիտե՞ք. — «ուրիշ մարդ չկա՞, որ դրա փեշերքը չպատռտեք»: Տե՛ր ողորմյա, — խաչակնքում եմ երեսս… (Վեր կենալով և ոտները կատաղությամբ հատակին խփելով՝ գոռում է): Այդ ո՞վ է համարձակվում իմ առաջս այդպես խոսել... (Ձայնը ցածրացնելով): Սս՛ս... ձայն-ծպտուն չկա. կարծես, ամենքն էլ քարացել են... Արյունս գլխիս ընկած դես եմ նայում, դեն եմ նայում, որ գտնեմ այն կինտոյին, բայց ո՞ւր է կինտո. ձայնս լսելուն պես այնպես դուրս է փախել, որ ոչ ոք չի տեսել... թե չէ որ բռնեի, գիտե՞ք ինչ կանեի. — աստված է վկա, այնտեղ և եթ մաս-մաս կանեի... վերջապես, ախր, հասարակ մարդ չեմ, որ ամեն տեղից վեր կացողը, ամեն մի մասխարան կարողանա ասել ինձ, ինչ կամենում է... Եվ ի՞նչ եք կարծում, հետո ի՞նչ արեցի ուղղակի գլխարկս վերցրի և դուրս եկա...

Հապա՞: Հիմա ես համոզված եմ, որ ինձանից հետո այնտեղ էլ ո՛չ մի մարդ չէր մնալ:

ՊԵՏՐՈՍ: Իհարկե...

ՍՏԵՓԱՆ (նորից նստելով): Օ՛, այդ ազգասեր երիտասարդներըբռնես և ամեն մեկին քսան-քսան րոզգի խփեսпо солдатский, — որ խելքի գան, քսան-քսան, ավել չէ: Էլ դրանց ձեռքից հանգստություն չկա, էլիԵղբայր, թող ի՛նչ ուզում են խոսեն, թող ի՛նչ ուզում են դուրս տան իրենց հիվանդ գլխից, բայց գոնե մեզ հանգիստ թողնեն, է՛,... Տե՛ր ողորմյա... Դրանցից մեկն էլ, կարծեմ, ձեր կենացողն է... ուսանող է, ի՛նչ է... այն անտաշն և գժերի գիժը... Անցյալ օրն էլ կնոջս է կպել, թե ինչու հայերեն չէ խոսում... Այնպիսի իրավունքներ են գործ դնում, այնպիսի իրավունքներ, որ զարմանում ես ճշմարիտ, թե այս բերանպատռածները որտեղ են մեծացել, որտեղ են կրթվել:

ՊԵՏՐՈՍ: Ճշմարիտ է, այդ տղաները շատ փչացած են...

ՍՏԵՓԱՆ: Է՛հ, մախլաս, մախլաս... թողնենք այս խոսակցությունը, թե չէ՝ ես վախենում եմ, որ վերք չի ունենալ... Ո՞ւր են տիկինն ու օրիորդը:

ՊԵՏՐՈՍ: Դուրս են գնացել:

ՍՏԵՓԱՆ: Այսպես վա՞ղ:

ՊԵՏՐՈՍ: Վաղ չէ. ժամը տասնևմեկին մոտ է: Նրանք առհասարակ սովորություն ունեն առավոտները, թեյից հետո, դուրս գնալ զբոսնելու, մանավանդ որ այսօր կիրակի է և եղանակն էլլավ:

ՍՏԵՓԱՆ: Ա՛... Լավ է դուք էլ չեք գնացել նրանց հետ զբոսնելու:

ՊԵՏՐՈՍ: Չէ. ես տանը մի փոքր գործ ունեի, չկարողացա դուրս գնալ:

ՍՏԵՓԱՆ (վեր կենալով): Ես էլ գործ ունեի, բայց... այն անպիտաններն ինձ ուշացրին... և բավական չէ, որ ուշացրին, արյունս էլ հետը պղտորեցին: (Պետրոսը նույնպես վեր է կենում): Ուրի՞շ, տիկինն ու օրիորդը խո լա՞վ են:

ՊԵՏՐՈՍ: Փառք աստուծո:

ՍՏԵՓԱՆ: Իմ կողմից շատ և շատ բարև կանեքՕրիորդին կասեք... Հա՛, լավ միտս եկավ, քիչ էր մնում՝ մոռանում էի... ես ձեզ մեկ բան պատմեմ, պ. Պետրոս, և դուք մի կուշտ ծիծաղեցեք: — Անցյալ օրը մեկանունը չեմ հիշումվաճառական մեզ մոտ միջնորդ էր ուղարկել, որ իմ տղայիսԱլեքսանդրի համար յուր աղջիկն առնենք: Նա առաջարկում էր հարյուր հազար ռուբլի փող և մի գեղեցկաշեն տուն, հասկանո՞ւմ եք, հա՛, հա՛, հա՛... Աղջիկն էլ, ասում է, բավական զարգացած է և գեղեցիկ... Մենք, էլ ինչ ասել կուզե, անմիջապես մերժեցինք, ասելով որ ի զուր են նեղություն կրել, որովհետև մեր տղան արդեն ունի յուր հարսնացուն, որին թե նա և թե մենք հոգով չափ սիրում ենք և որը շուտով նրա կինը կդառնա... Եվ զարմանալի է, մի քանի օրից հետո մեկ ուրիշն է գալիս, հա՛, հա՛, հա՛... դարձյալ բավական մեծ փող է առաջարկում և փողի հետ էլ այգի, հա՛, հա՛, հա՛... Բայց դուք գիտեք, պ. Պետրոս, որ եթե նրանց աղջիկը ոտով-գլխով ոսկի էլ դառնա, դարձյալ մենք կմերժենք... և այդ հասկանալի է... որովհետև ձեզանից լավ բարեկամներ էլ ուրիշ ո՞րտեղ կարող ենք ճարել, հա՛, հա՛, հա՛...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Թե աստված կսիրես... (Նրան, գլուխ տալով): Շնորհակալ եմ:

ՍՏԵՓԱՆ: Եվ օրիորդ Սոֆիայից էլ ավելի համեստ, ավելի գեղեցիկ և զարգացած հարս ուրիշ ով կարող է տալ մեզ:

ՊԵՏՐՈՍ (առանձին): Իհարկե, ոչ ոք... (Նրան, գլուխ տալով): Շնորհակալ եմ:

ՍՏԵՓԱՆ: Օր. Սոֆիան որ կա, մեկն է ամբողջ աշխարհիս երեսինթե գեղեցկությամբ, թե համեստությամբ, թե շնորհքով և թե՛... մի խոսքով ամեն, ամեն բանով... Չկարծեք, թե ես այդ շողոքորթությամբ եմ ասում, — քավ լիցի. շողոքորթությունն ես ատել եմ, որպես մի ամենազզվելի բան, որ պատվավոր մարդուն երբեք չի վայելի, թե չէ, փառք աստծո, մենք միմյանց նոր չպետք է ճանաչենք... Ես ասում եմ այն, ինչ որ ճշմարիտ է...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Վա՛հ, ո՞վ է բան ասում... (Նրան): Տե՛ր իմ աստված, ի՛նչ եք ասում...

ՍՏԵՓԱՆ: Բայց գիտե՞ք, պ. Պետրոս, թե ինչի համար են ամենքն այսպես գլուխ պատռում մեզ համար:

ՊԵՏՐՈՍ: Ինչի՞ համար:

ՍՏԵՓԱՆ: Որովհետև մենք, ինչպես ձեզ էլ հայտնի է, բավական բարձր ունեցող մարդիկ ենք...

ՊԵՏՐՈՍ: Իհարկե...

ՍՏԵՓԱՆ: Այդպե՛ս, պ. Պետրոս... Եվ ում համար մեծ պատիվ չէ մեզ նման բարեկամներ ունենալ, հա՛, հա՛, հա՛և, իհարկե, այդ բանի համար ամեն մեկը, մեզ նմաններին ձեռքից չթողնելու համար, ո՛չ թե հարյուր հազարներ, այլ և՛, մինչև անգամ, միլիոններ կտա...

ՊԵՏՐՈՍ: Իհա՛րկե, իհա՛րկե...

ՍՏԵՓԱՆ: Իսկ հիմա կարող եմ ասել՝ ցտեսություն, պ. Պետրոս:

ՊԵՏՐՈՍ: Մնացեք, սուրճ անուշ արեք:

ՍՏԵՓԱՆ: Չէ, չեմ կարող, շատ եմ շտապում... Իմ կողմից բարև արեք տ. Եղիսաբեթին և օր. Սոֆիային... մեր ապագա հարս օր. Սոֆիային, հա՛, հա՛, հա՛...

ՊԵՏՐՈՍ: Ջուխտ աչքիս վրա: (Ստեփանը դուրս է գնում):

ՏԵՍԻԼ II

Պետրոս (միայն)

Ա՛յ կաշի... ի՛նչ զլել էր, է՛... այնքան քամիք փչեց և ոչ մի անգամ չկարմրեց... է, իմ սիրելի պո՛լկովնիկ, ղորթ որ էշ խո չէի, որ չհասկանայի, թե ինչի համար էիր դու ինձ մոտ շնորհ բերել.— եկել էիր որ ասես, թե հարյուր հազարներ եք ուզում, էլի, այդպես էլ կասեիր, կպրծներ, էլ ի նչ էիր սուտ ու մուտ բաներ մոգոնում... Ախ, Տե՛ր աստված, ի՞նչքան անտանելի են մեծամիտ մարդիկ... (Լռություն):

Կոպեկ չեմ տալ, կոպեկ... Նրանց որ հարյուր հազարներ տամ, բաս մեզ ի՞նչ մնա... Այս անիծված ժամանակն էլ բոլորովին առևտուր չկա, իսկ փողը ջրի պես է գնում: Մի կողմից մենք ենք ծախսում տանը, մյուս կողմից այս փուչ-փչանալու փոքր տղաս է վատնում, երրորդ կողմից... կլուբներումն է ահագին գումարներ դնում... հիմա ծառաների, գործակատարների վարձը և... ես ի՞նչ գիտեմ, ո՞ր մեկն ասեմ... Ամեն կողմից տանում են հա՛ տանում, իսկ բերող ոչոք չկա... Ի՞նչ կլինի վերջն իմ դրությունն, եթե միշտ այսպես շարունակվի... բոլոր հույսս մեծ որդուս վրա է. տեսնենք նրա գործն ի՞նչպես կգնա Մոսկվայում... էլի փա՛ռք աստուծո, որ այդ մի տղաս գոնե խելոք է և ոչ անառակ ու վատնող, ինչպես այս անիծված փոքր տղաս, թե չէ նա այնտեղ ահագին գումարներ է տարել առևտրիի՞նչ պետք է անեի ես, եթե նա վատներ այդ բոլորը... Օ՛, աստված մի՛ արասցե... Բաս պարտքե՞րս... է՛յհա՛... ամպերը հավաքվում են... (Նստում է և, գլուխը կախելով, ընկղմվում է մտածմունքների մեջ):

ՏԵՍԻԼ ΙΙΙ

Սոնա, Պետրոս:

ՍՈՆԱ (Մտնում է գլխարկով և ձեռքին հովհար, նա գնում է դեպի սեղանը, հովհարը վայր է դնում և ուզում է գլխարկը վերցնել, բայց հանկարծ գարմացած ետ է նայում Պետրոսի կողմը, որ չէ տեսնում նրան): Հայրիկ... (Պետրոսը չէ լսում): Հայրի՛կ...

ՊԵՏՐՈՍ (Հանկարծ սթափվելով): Հը՞... Ա՛, դո՞ւ ես, Սոնա: Զբոսնեցի՞ք:

ՍՈՆԱ: Այո:

ՊԵՏՐՈՍ: Մայրդ ո՞ւր է:

ՍՈՆԱ: Յուր սենյակը մտավ: (Գլխարկը վերցնում է, դնում է սեղանի վրա և մոտենում է Պետրոսին): Հայրի՛կ, ինչո՞ւ դուք այդպես տխուր եք:

ՊԵՏՐՈՍ: Ես... տխուր չեմ:

ՍՈՆԱ: Ի՛նչպես չէ... Հիվանդ խո չե՞ք:

ՊԵՏՐՈՍ: Հիվա՞նդ... ամենևին:

ՍՈՆԱ: Բաս ինչո՞ւ այդպես վատ եք... ես տեսնում եմառավոտյան այդպես չէիք... Հը՞, հայրիկկամ ձեզ բարկացրե՞լ են:

ՊԵՏՐՈՍ: Գիտե՞ս ի՛նչ կա, Սոնա... ես քեզ մեկ բան եմ ուզում ասել:

ՍՈՆԱ: Ասացեք, հայրիկ:

ՊԵՏՐՈՍ: Ամուսնության մասին, իհարկե, դու և Ալեքսանդրը խոսեցած կլինեք, փողի մասին խո նա քեզ ոչինչ չի՞ ասել:

ՍՈՆԱ: Ի՞նչ փողի մասին:

ՊԵՏՐՈՍ: Օժիտի մասին:

ՍՈՆԱ: Ոչ:

ՊԵՏՐՈՍ: Այնպես, կատակով ասած կլինի, թե որքան պետք է տանես... Հը՞:

ՍՈՆԱ: Այո, կատակով ասել է:

ՊԵՏՐՈՍ: Հա-ա՞... ո՞րքան:

ՍՈՆԱ: Չեմ հիշում... հարյուր հազար, կարծեմ:

ՊԵՏՐՈՍ: Հա՛, ա՛յդ է...

ՍՈՆԱ: Ի՞նչ, հայրիկ... ինչո՞ւ էիք այդ հարցնում:

ՊԵՏՐՈՍ: Ախր նրանք իսկապես հարյուր հազար են ուզում:

ՍՈՆԱ: Ո՞վ ասաց:

ՊԵՏՐՈՍ: Հայրը, Ալեքսանդրի հայրը:

ՍՈՆԱ: Ե՞րբ ասաց:

ՊԵՏՐՈՍ: Ա՛յ, հենց հիմա: Նա այստեղ էր, ախր:

ՍՈՆԱ: Հետո՞:

ՊԵՏՐՈՍ (Վեր կենալով): Հետո այն, որ ես այդքան փող չեմ կարող տալ... չունեմ, (Ման է գալիս):

ՍՈՆԱ (կարճ լռությունից հետո): Ա՞յդ էիք ուզում ասել, հայրիկ:

ՊԵՏՐՈՍ: Այո:

ՍՈՆԱ: Եվ մի՛ տվեք:

ՊԵՏՐՈՍ: Եվ նա էլ քեզ չի ուզիլ:

ՍՈՆԱ: Ի՞նչ եք ասում, հայրիկ, ես ձեզ չեմ հասկանում:

ՊԵՏՐՈՍ: Այն եմ ասում, որ Ալեքսանդրը քեզ սիրում է փողի համար:

ՍՈՆԱ: Հայրի՛կ...

ՊԵՏՐՈՍ: Հայրիկ չէ, ղո՛րթ:

ՍՈՆԱ: Ճշմարիտ չէ, հայրիկ, այդ... դուք սխալվում եք:

ՊԵՏՐՈՍ: Չեմ սխալվում. խորամանկ մարդկանց ես շատ լավ եմ ճանաչում, իսկ քո այդ Ալեքսանդրը և նրա պոլկովնիկ հայրը ամենահիմար և ամենազզվելի խորամանկներն են, ուզում ես թեկուզ նեղացիր: (Լռություն: Սոնան գարմացած նայում է նրան):

ՍՈՆԱ: Նրա հայրն ուղղակի ձեզ ասաց, թե հարյուր հազար են ուզում:

ՊԵՏՐՈՍ: Ո՛չ. ուղղակի չասաց, բայց խոսակցությունն այնպես բերեց, որ ամենահիմարը պետք է լինեի, որ այդպես չհասկանայի: Նա ասաց, որ յուր տղային շատերն են պատրաստ աղջիկ տալու հարյուր հազարներով, տներով, այգիներով, բայց, ասում է, մենք չենք ուզում դրանց, այլ քո աղջիկն ենք ուզում:

ՍՈՆԱ: Հետո այդտեղ ի՞նչ կա որ...

ՊԵՏՐՈՍ: Է՛-է՛հ, ինչ երեխա ես, Սոնա, ա՛յն կա որ՝ դրանով նա ուզում էր մեզ իմաց տալ, որ հարյուր հազարը հիմիկուց պատրաստենք: Բա՛ս: Վերջապես, այնքան էլ խո հիմար չէի, որ չհասկանայի:

ՏԵՍԻԼ IV

Ծառա, Սոնա, Պետրոս:

ԾԱՌԱ (մտնում է): Ա՛ղա, փոշտալիոնը զակազնոյ նամակ ա բերել:

ՊԵՏՐՈՍ: Թանաք կա՞ այնտեղ:

ԾԱՌԱ: Կա (Պետրոսը դուրս է գնում, ծառան ետևից):

ՏԵՍԻԼ V

Սոնա (միայն)

(Երկար ժամանակ զարմացած նայում է Պետրոսի հտևվից): Ես ոչինչ չեմ հասկանում, բոլորովին ոչինչ չեմ հասկանում... Ինձ փորձո՞ւմ է, թե... չէ ուզում, որ ես Ալեքսանդրի հետ ամուսնանամ...

ՏԵՍԻԼ VI

Պետրոս, Սոնա

ՊԵՏՐՈՍ (մտնում է բարկացած, նամակը ձեռքին): Դարձյա՛լ փող, դարձյա՛լ փող և դարձյա՛լ փող... Տե՛ր աստված, այս ի՞նչ կրակի մեջ եմ ընկել, որ դուրս գալ չեմ կարողանում... (նամակը կատաղությամբ շպրտելով հատակի վրա): Անիծվա՛ծ որդիք... աստված ձեզ ինձ որդիք խո չէ տվել, պատիժ է տվել, աստված պատժե ձեզ... (բարկացած ման է գալիս):

ՍՈՆԱ: Հայրիկ, ի՞նչ է պատահել:

ՊԵՏՐՈՍ (չէ լսում և շարունակելով բարկացած ման գալի կարծես թե ամենքը միմյանց խոսք են տվել, որ ինձ տանջեն, չարչարեն, հոգիս հանեն... Ի՞նչ են ուզում ինձանից, է՛, ի՞նչ... Տե ր, ամենակարող աստված

ՍՈՆԱ: Ախր ի՞նչ է պատահել, հայրիկ:

ՊԵՏՐՈՍ: Աստված ո՛չ գիտե քո եղբոր գլուխը. գնացել է, նստել Մոսկվայում, տարած փողերի համար դեռ ոչինչ հաշիվ չի ուղարկել և դեռ ուրիշ փողեր էլ է ուզում, բայց թե ինչ բանի համար, այդ ավելորդ է համարում գրել — . հետևյալ նամակով, ասում է, հիմա ժամանակ չունեմ, բայց դու փողերը շուտով ուղարկիր, ասում է... Ա՛յ գիտի հա՛, Պետրոսը խելքը հացի հետ է կերել, էլի, որ չհասկանա, թե ինչ խորամանկություններ ես ուզում բանեցնել նրա գլխին... Սպասիր դու դեռ. ես խո կիմանամ, թե դու այդտեղ ինչեր ես անում, խո կիմանամ... (նամակը վերցնում է հատակից): Տեր աստված, միակ հույսս նա էր, նա էլ ա՛յդպես... (Դուրս է գնում աջ դռնից: Եղիսաբեթը մտնում է ձախ դռնից):

ՏԵՍԻԼ VII

Եղիսաբեթ, Սոնա

ՍՈՆԱ (Նայում է Եղիսաբեթին և հանկարծ փղձկալով): Մայրի՛կ... (դեմքը ծածկում է և լալիս է):

ԵՂԻՍԱԲԵԹ: Սո՛նա... ի՞նչ ես անում... ինչո՞ւ ես լալիսՍոնա... գժվե՞լ ես, ի՞նչ է... ի՞նչ է պատահել...

ՍՈՆԱ: Հայրիկն այլևս չէ ուզում, որ ես Ալեքսանդրի հետ ամուսնանամ:

ԵՂԻՍԱԲԵԹ: Ի՞նչ... ինչ ես ասո՞ւմ... զառանցո՞ւմ ես, ի՛նչ է...

ՍՈՆԱ: Գնացեք իրեն հարցրեք, թե չեք հավատում:

ԵՂԻՍԱԲԵԹ: Է՛-է՛հ, ի՛նչ ես հիմար-հիմար խոսում, ես չեմ հասկանում... Ասա ուղիղ ինչ է պատահել:

ՍՈՆԱ: Դե ասացի, էլի:

ԵՂԻՍԱԲԵԹ: Ախր ի՞նչ ասացիր:

ՍՈՆԱ: Հայրիկն, ասում եմ, այլևս չէ ուզում, որ ես Ալեքսանդրի հետ ամուսնանամ:

ԵՂԻՍԱԲԵԹ, Դարձյա՛լ... դու, երևի, երազումդ ես տեսել այդ բանը:

ՍՈՆԱ: Ասում եմ, գնացեք հարցրեք, թե չեք հավատում:

ԵՂԻՍԱԲԵԹ: Այ քեզ զարմանալի բան... Բայց ինչո՞ւ, պատճառն ի՞նչ է:

ՍՈՆԱ: Որովհետև, ասում է, նրանք հարյուր հազար են ուզում, իսկ ես, ասում է, չունեմ այդքան փող:

ԵՂԻՍԱԲԵԹ: Ես ոչինչ չեմ հասկանում... հավատացիր՝ բոլորովին ոչինչ չեմ հասկանում... Բայց ո՞վ է ասել, որ նրանք հարյուր հազար են ուզում:

ՍՈՆԱ: Ալեքսանդրի հայրը, մեր բացակայության ժամանակ այստեղ է եղել և ասել է այդ բանը:

ԵՂԻՍԱԲԵԹ: Բաս ի՞նչ էր կարծում քո հայրը, կարծում էր, թե առանց փողի կամուսնացնե քեզ նրա հետ: Այդ ո՞ր օրենքով: Նա չգիտե՞, որ աղջիկը միշտ օժիտ է տանում յուր մարդու տուն... Կամ թե հենց նա քեզ հետ առանց փողի էլ կամենա ամուսնանալ, ես կթողնեմ. չէ՞ որ այդ ամոթ է, խայտառակություն է մեզ համար, չէ որ այդ պատիվ չի բերիլ ո՛չ մեզ և ո՛չ նրանց... Գիտե՞, հասկանո՞ւմ է քո հայրը, թե ո՛վքեր են նրան... այդ բանի մասին նա երբևիցե մտածե՞լ էհա՞... Ո՞ւր գնաց նա, ես ուզում եմ նրա հետ խոսել:

ՍՈՆԱ: Յուր առանձնասենյակը մտավ:

ԵՂԻԱԱԲԵԹ: Շա՛տ լավ: (Շտապով դուրս է գնում աջ դռնից):

ՏԵՍԻԼ VIII

Սոնա (միայն)

(Նստում է գահավորակի վրա): Ինչպես անհանգիստ եմ... ... Ասում է՝ փողի համար է քեզ սիրում... փողի համար... մի՞թե այդ ճշմարիտ է... մի՞թե այդ կարող է ճշմարիտ լինելՈւրեմն, եթե փող չտանք, նա ինձ պետք է թողնե... ուրիշի հետ պետք է ամուսնանա... ուրիշի հետ... մի՞թե այդ կարելի է... միթե նրա այն խոսքերը, նրա երդումները միայն փողի համար էին... մի՞թե նա մի այդպիսի... ստոր մտադրություն երբեք կարող էր ունենալ... մի՞թե ես չեմ ճանաչում նրա ազնիվ սիրտն ու հոգին... Տե՛ր աստված, ի՞նչ անեմ... (Մտածում է. հանկարծ վեր կենալով): Օ՛հ, ես այլևս չեմ կարող համբերել... այսօր ևեթ անպատճառ պետք է խոսեմ նրա հետ... բացատրություն պետք է պահանջեմ, այլապես չեմ կարող դիմանալ... Ա՛խ, գոնե նա գա այսօր... բայց չի գալ, չի գալ, եթե միայն նրա հայրն այսօր իսկապես փողի համար էր եկել... Ա՛խ, հայրիկ, ես քեզ ի՞նչ էի արել, որ սրտիս մեջ մի այսպիսի կասկած գցեցիր... (Թաշկինակը սեղմում է աչքերին և լուռ լալիս է):

Следующая страница