Նար-Դոս՝   Մեղր և ճանճեր

ՏԵՍԻԼ IX

Թորոսյան, Սոնա

ԹՈՐՈՍՅԱՆ (մտնում է ճանապարհորդական հագուստով և մոտենում է Սոնային, որ կանգնած է դարձյալ նույն դրության մեջ): Օրիո՛րդ...

ՍՈՆԱ (թաշկինակը հանկարծ հեռացնելով աչքերից և ուրախ) Ա՛խ, եկա՞ք... (Տեսնելով յուր առաջ Թորոսյանին՝ նա դեռ զարմանում է, հետո նորից տխրում և հեռանալով նրանից, առանձին): Այս հիմարն է եղել...

ԹՈՐՈՍՅԱՆ (առանձին): Կարծեց, թե նա եմ... Բայց ի՞նչ է նշանակում այս... մինչև անգամ լաց է եղել… (նրան): Ինչո՞ւ դուք տխուր եք, օրիորդ:

ՍՈՆԱ (մեջքը դեպի նա դարձրած): Ես տխուր չեմ... Ի՞նչ էիք կամենում:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ոչինչ, օրիորդ... Անմեղ հետաքրքրություն, որը, գուցե, հանդուգն թվաց ձեզ և որով, գուցե, վիրավորեցի ձեր սիրտը. — այդպիսի դեպքում ներողություն եմ խնդրում... Բայց այնքան դառը, այնքան անտանելի է, օրիորդ, երբ մարդ զգում է, հասկանում է, ամեն մի քայլափոխում տեսնում է, որ ամենքը նրան հիմարի, մինչև անգամ խելագարի տեղ են դնում նրա համար միայն, որ նա ունի զգայուն, բարի սիրտ և ամեն բանի մեջ անկեղծ է, որպես երեխան... Սակայն ի՞նչ արած, քանի որ կեղծ քաղաքակրթությունը, իրեն առաջնորդ ունենալով նույնպես կեղծ մտավոր զարգացումը, յուր ըստ երևույթին գեղեցիկ, բայց իսկապես տգեղ երևույթներով կտիրապետե մի երկրի, մի հասարակության վրա, ապա այնտեղ բարոյականությունն ու անկեղծությունը միշտ խանգարված ուղեղի արտադրություն կերևա...

ՍՈՆԱ (Առանձին): Ա՛խ, սա դարձյալ սկսեց:

ԹՈՐՈՍՅԱՆ (շարունակելով): Իսկ այդ բանին քիչ չէ նպաստում և քիչ չէ նպաստել փողը, հարստությունը, որ ամենագլխավոր դերն է կատարում մարդկային բոլոր չարիքների և սխալանքների մեջ... Բայց կգա՞ արդյոք ժամանակ, երբ...

ՍՈՆԱ (անհամբերությամբ): Ինչո՞ւ եք եկել:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ներեցեք ինձ, խնդրում եմ, եթե ես ձեզ ձանձրույթ եմ պատճառում իմ ներկայությամբ և, գուցե, առավել իմ հիմար երկարաբանությամբ... Հիմարներն առհասարակ անտանելի են... չէ՞ որ ինձ համար էլ ասում են, որ իմ ուղեղս հիվանդ է... Ես եկել եմ, օրիորդ, տալու ձեզ իմ վերջին հրաժեշտս, ես այսօր, մի ժամից հետո պետք է ճանապարհ ընկնեմ դեպի մեր գյուղը, հայրս հիվանդ է. նա կանչել է ինձ այն նամակով, որ անցյալ օրը դուք հանձնեցիք ինձ... Այո , օրիորդ, ես այստեղից պետք է հեռանամ և գուցե այսուհետև մենք այլևս երբեք չտեսնենք միմյանց... Այդ, իհարկե, այնքան էլ մեծ ցավ չէ, ինչպես և միևնույն կլիներ ձեզ համար ինձ վերջին անգամ տեսնել կամ չտեսնել, բայց և այնպես, այդ գիտենալով հանդերձ, ես ավելի լավ համարեցի լինել քաղաքավարի և գալ ձեզ մոտ՝ առանձնապես տալու ձեզ իմ վերջին հրաժեշտս, թեկուզ դուք ինձ բացարձակապես վռնդելու էլ լինեիք

ՍՈՆԱ (առանձին): Ա՛խ, ողորմելի՛

ԹՈՐՈՍՅԱՆ: Հիշո՞ւմ եք, օրիորդ, այն երջանիկ ժամանակը, երբ...

ՍՈՆԱ: Ա՛խ... Աստված բարի ճանապարհ տա, գնացե՛ք… (Շտապով դուրս է գնում ձախ դռնից):

ՏԵՍԻԼ X

Արսենյանց, Թորոսյան

ԱՐՍԵՆՅԱՆՑ (մտնում է): Պահ, Թորոսյան... դու այստեղ ե՞ս. ես մտա սենյակդ, այնտեղ չէիր: Այստեղ մենակ ի՞նչ ես շինում: (Թորոսյանը քարացածի նման՝ շարունակ նայում է ձախ դռանը): Թորոս՛յան.. քեզ հետ եմ, եղբայրսի՞նչ ես այն դռանը նայում... Թորոսյան...

ԹՈՐՈՍՅԱՆ (արագախոսությամբ և բորբոքված): Ինչո՞ւ ես եկել, ինչո՞ւ դու հիմա այստեղ ես, այս տանը: Աչքումդ լո՞ւյս կա, հո՞տ ես իմացել... Եկել ես, որպեսզի թղթե սիրտդ և յուղալի ձեռքդ առաջարկես այն երկնային արարածին, որ յուր օլիմպիական բարձրությունից ծաղրում է հասարակ մահկանացուներին... Եկել ես, շողոքորթ լեզվովդ աղավնուն դուրս հանես յու՛ր բնից, որպեսզի այնուհետև այլևս բաց չթողնես նրան ճանկերիցդ... Այո՛, նրան ի՛նչ հարկավոր են լուռ տանջանքներն, անքուն գիշերներն և աղոթքները, աղվեսի լեզու, աղվեսի լեզուահա՛ նա ի՛նչ է ուզում... Գնացեք, պարոններ, հաղթանակը ձերն է. դուք անուն ունեք, նա փող ունի, մեկդ արժեք մյուսին, իսկ ես ի՞նչ ունիմ, հա՛, հա՛, հա՛... (Շտապով դուրս է գնում):

ՏԵՍԻԼ XI

Արսենյանց (միայն)

Գժվեց, ի՛նչ է, այս տղանգժվեց, գժվեց, անպատճառ գժվեց... Այն ինչե՛ր արավ, այն ինչե՛ր դուրս տվեց... Ա՛, հասկանում եմ. երևի օրիորդի մոտ մի որևէ հիմարություն է արել և օրիորդը ծիծաղել կամ բարկացել է վրեն... Անպատճառ այդպես է, անպատճառ այդպես. ախր այդ հիմարը սիրահարված է նրա վրա... Հա՛, հա՛, հա՛, ինչ լավ է եղել... Հա՛խդ է, ինչո՞ւ կաշվումդ չես ուզում մտնել, դեռ ձվիցը չես դուրս եկել, ծուղրուղու ես կանչում... Բայց տեսնեք «երկնային արարածն» ինձ ի՞նչ կպատասխանի... Հը՛մ... Ահա նա: (Սոնան մտնում է և գնում է դեպի սեղանը, որի վրա դրել է գլխարկն ու հովհարը, բայց հանկարծ տեսնելով Արսենյանցին, զարմացած կանգ է առնում):

ՏԵՍԻԼ XII

Սոնա, Արսենյանց

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Բարև ձեզ, օրիորդ:

ՍՈՆԱ: Բարև ձեզ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ի՞նչպես է ձեր առողջությունը:

ՍՈՆԱ: Շնորհակալ եմ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ (առանձին): Չէ՛, քեֆումը չէ. անպիտան Թորոսյանը բանը փչացրել է... Բայց և այնպես ես վճռիցս ետ չեմ կանգնիլ. այսօր կամ երբե՛ք...

ՍՈՆԱ: Ներեցեք ինձ, պ. Արսենյան... գլուխս փոքր ինչ ցավում է... Խնդրեմ նստեցեք, ես իսկույն ծնողներիս կկանչեմ

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ախ, ո՛չ, օրիորդ, նեղություն մի՛ կրեք... Ես... ես կամենում էի ձեզ հետ... այսինքն ձեզ... մի նամակ հանձնեի

ՍՈՆԱ (շտապով): Ումի՞ց:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Երբոր շնորհ կանեք կարդալու, այն ժամանակ կիմանաք... (Հանում է մի ծրար և տալիս է նրան): Եվ խնդրում եմ մի՛ բացեք, մինչև ես դուրս չգնամ... Առայժմ ցտեսություն, օրիորդ: (Շտապով դուրս է գնում):

ՏԵՍԻԼ XIΙΙ

Սոնա (միայն)

(Երկար ժամանակ զարմացած մեկ նայում է ձեռքի ծրարին, մեկ դռանը, որտեղից դուրս գնաց Արսենյանցը: Վերջապես ծրարը բացում է և կարդում է): «Հարգելի՛ օրիորդ Սոֆիա, ամբողջ մի տարի է, որ ես ձեր տանու բժիշկը լինելու պատիվն ունիմ և այդ ժամանակամիջոցում ես կարողացել եմ ճանաչել և գնահատել ձեր ազնիվ սիրտն ու հոգին, կարծում եմ, որ դուք նույնպես արդեն լավ ճանաչում եք ինձ: Դուք գիտեք, թե ինչ անուն ունիմ ես և տարեկան որքան ռոճիկ եմ ստանում. — այդ էլ բավական է: Այժմ համարձակվում եմ ձեր ձեռքը խնդրել: Գուցե ձեզ բավական օտարոտի թվա, որ այդ առաջարկությունն ես անում եմ նամակով, բայց ես ուրիշ կերպ չկամեցա անել, որպեսզի թե ձեզ և թե ինձ անհամ դրության մեջ չգցեի: Արդյոք համաձա՞յն եք առաջարկությանս, թե ոչ... Կսպասեմ պատասխանին: Ձեր, խոնարհ ծառա՝ բժիշկ Տիգրան Արսենյանց», — «Ա՛խ, սա էլ է փող ուզում... (Նամակը բարկացած շպրտում է հատակի վրա): Ոչի՛նչ չեմ պատասխանիր ես ոչոքի չեմ ուզում, ոչոքի՛... (Սեղանի վրայից վերցնում է գլխարկն ու հովհարը և դուրս է գնում ձախ դռնից):

ՏԵՍԻԼ XIV

Եղիսաբեթ, Պետրոս

ԵՂԻՍԱԲԵԹ (մտնելով Պետրոսի հետ): Ո՞ւր է... Դուրս է գնացել: Խեղճն այստեղ կանգնած լալիս էր: Դեռ նրանից հաստատ ոչինլ չես իմացել և դու քեզանից բաներ ես մոգոնում ու խեղճ աղջկա սիրտն էլ շուռ բերում:

ՊԵՏՐՈՍ: Է՛-է՛հ, էլի դու քո էշն ես քշում, ես քեզ հետ ի՞նչ խոսեմ:

ԵՂԻՍԱԲԵԹ: Ո՛չ թե ես եմ իմ էշը քշում, այլ դու ես քո էշը քշում, եթե ուղիղն ուզում ես իմանալ:

ՊԵՏՐՈՍ: Ախ, տե՛ր աստված... Լա՛վ, թո՛ղ քո ասածը լինի, ասենք, թե նա այն մտադրությամբ չէր եկել, որ մեզ իմաց անի, թե հարյուր հազար են ուզում, բայց դու ի՞նչ ես կարծում, Սոնային ուզելով, նրանք փող չե՞ն ուզիլ:

ԵՂԻՍԱԲԵԹ: Իհարկե, կուզեն:

ՊԵՏՐՈՍ: Կուզեն, չէ՞:

ԵՂԻՍԱԲԵԹ: Կուզեն:

ՊԵՏՐՈՍ: Եվ ո՞րքան քո կարծիքով:

ԵՂԻՍԱԲԵԹ: Ես ի՞նչ գիտեմ ո՞րքան, կուզեն է՛լի...

ՊԵՏՐՈՍ: Չէ, մոտավորապես... Հարյուր հազար չեն ուզի՞լ... (հեգնորեն) ախր միլիոնատերնե՛ր ենք...

ԵՂԻՍԱԲԵԹ: Ո՞վ գիտե... գուցե պակաս են ուզում:

ՊԵՏՐՈՍ: Հիսուն հազար ասենք... հ՞ը:

ԵՂԻՍԱԲԵԹ: Գուցե էլի պակաս են ուզում:

ՊԵՏՐՈՍ: Երեսուն հազա՛ր... քսան հազար... տասն հազարից խո պակաս չեն անիլ... կանե՞ն:

ԵՂԻՍԱԲԵԹ: Չէ:

ՊԵՏՐՈՍ: Չէ, բայց հիմա այս բանին ի՞նչ կասես, որ ես ո՛չ թե տասն հազար, այլ հազա՛ր էլ չեմ կարող տալ...

ԵՂԻՍԱԲԵԹ: Ի՞նչ է ասում...

ՊԵՏՐՈՍ: Ո՛չ թե տասն հազար, այլ հազար էլ չեմ կարող տալ... իսկ հազարը հիմա կինտոներն էլ լայեղ չեն անում... Հ՞ը, դրան ի՞նչ կասես:

ԵՂԻՍԱԲԵԹ: Դու կա՞տակ ես անում:

ՊԵՏՐՈՍ: Իսկի էլ չէ:

ԵՂԻՍԱԲԵԹ: Ճշմարի՞տ:

ՊԵՏՐՈՍ: Ճշմարիտ:

ԵՂԻՍԱԲԵԹ: Բաս որքա՞ն կտաս:

ՊԵՏՐՈՍ: Ոչինչկառաջարկեմ, որ առանց փողի ամուսնանա:

ԵՂԻՍԱԲԵԹ: Ինչ, խայտառակություն

ՊԵՏՐՈՍ: Ի՞նչ... խայտառակությո՞ւն... խայտառակությունգիտե՞ս, ո՛րը կլինի խայտառակություն. — խայտառակությունն ա՛յն կլինի, երբ պարտատերները՝ մուրհակները ձեռքներին կկոտրատեն մեր տան դռները, ներս կմտնեն այստեղ և բոլոր ունեցած-չունեցածներս վեր կգրել տան... Բա՛ս, խայտառակությունն ա՛յդ կլինի, թե որ ուղիղն ուզում ես իմանալ... Չե՞ս հավատում... ուզում ես արի այս րոպեիս ևեթ բոլոր հաշիվներս քեզ մի առ մի ցույց տամ, որպեսզի քո աչքովը տեսնես, որ ինչ ունենք-չունենք, բոլորը պարտք է, պարտք է և պարտք է... Մեր ապրուստին, մեր ծախսերին փող չէ՝ հող լինի, չի դիմանալ, հող... հողը մեր գլխին... (ման է գալիս): Մեր տներին, մեր ապրուստին, մեր դուրս գնալուն մտիկ տվողն էլ կկարծի, թե ուղիղ որ միլիոնատերներ ենք, անթիվ գանձեր ունինք, այնինչ չգիտեն, թե տակն ինչ կա... (Հանկարծ նա տեսնում է Եղիսաբեթին, որ հատակի վրայից վերցրել է Արսենյանցի նամակը և լուռ կարդում է): Այդ ի՞նչ նամակ է:

ԵՂԻՍԱԲԵԹ (լուռ շարունակում է կարդալ, վերջացնում է և զարմացած տալով նրան): Հապա կարդա, այստեղ հատակի վրա էր:

ՊԵՏՐՈՍ (լուռ կարդալուց հետո, վերադարձնելով նրան): Հատակի վրա՞:

ԵՂԻՍԱԲԵԹ: Այո:

ՊԵՏՐՈՍ: Բա՞ց էր, թե ծածկած:

ԵՂԻՍԱԲԵԹ: Բաց էր... ա՛յ ծրարն էլ պատռած:

ՊԵՏՐՈՍ: Ո՞վ է գցել հատակի վրա:

ԵՂԻՍԱԲԵԹ: Ես ի՞նչ գիտեմ... Երևի Սոնան...

ՊԵՏՐՈՍ (շարունակում է ման գալ լռության): Դրան ի՞նչ կասես:

ԵՂԻՍԱԲԵԹ: Ինչի՞ն:

ՊԵՏՐՈՍ: Մեր պարոն «յանց»-ի այդ նամակին:

ԵՂԻՍԱԲԵԹ Սոնային ուզում է, է՛լի:

ՊԵՏՐՈՍ: Հարյուր հազար է ուզում և ո՛չ թե ՍոնայինԴրան է՞լ չես հավատում,— մեկ էլ կարդա:

ԵՂԻՍԱԲԵԹ: Սպասիր մեկ տեսնեմ... (Շտապով դուրս է գնում ձախ դռնից):

ՏեՍԻԼ XV

Պետրոս (միայն)

Ողորմելինե՛ր... դեռ չեն իմացել, որ հիմիկվա հարսնացուն փողն է... և ինչը փողը չէ, որ միայն հարսնացուն փողը չլինի... Բժշկիս աչքումն էլ է լույս եղել... Ա՛յ շողոքորթներ, ա՛յ կեղծավոր անպիտաններ... Մեղր եք գտել, է՛լի, ձեր կարծիքով, ճանճերի նման չորս բոլորքը պտտվում եք... իսկ երբ համը կտեսնեք, երևակայում եմ, թե ինչպես թռռ... կթռչեք, կկորչեք... (Լռության): Չէ, ուղիղ որ մեր բանը բուրդ է. այսպես որ շարունակվի... (Հանկարծ կանգ է առնում և երկու ձեռքով կայծակնահար խփելով գլխին): Ա՛խ, Մոսկվա՛ն, Մոսկվա՛ն

ՏԵՍԻԼ XVI

Վանո, Պետրոս

ՎԱՆՈ (մտնում է): Բարև ձեզ, հայրիկ:

ՊԵՏՐՈՍ: Ինչո՞ւ ես եկել:

ՎԱՆՈ: Ի՞նչ է որ եկել եմ:

ՊԵՏՐՈՍ: Ինչո՞ւ ես եկել, ես քեզ հարցնում եմ:

ՎԱՆՈ: Վահ, մեր տունն է, եկել եմ:

ՊԵՏՐՈՍ: Քո տունն է, եկե՞լ ես. ինչո՞ւ ուրիշ ժամանակ քո տանը չես ընկած... կորի՛ր աչքիցս:

ՎԱՆՈ: Բայց հայրիկ...

ՊԵՏՐՈՍ: Պապանձվի՛ր և ինձ հայրի՛կ մի կոչիր... քեզ էլ թաղեմ, քո հորն էլ...

ՎԱՆՈ: Հայրի...

ՊԵՏՐՈՍ: Պապանձվիր, քեզ ասում եմ... և կորի՛ր աչքիցս:

ՎԱՆՈ: Ախր ինչո՞ւ եք այդպես բարկանում, ես ձեզ ի՞նչ եմ արել:

ՊԵՏՐՈՍ: Դու ինձ ի՞նչ ես արելես քեզ իսկույն ցույց կտամ, թե դու ինձ ինչ ես արել, փո՛ւչ, փչանալու... Ես քեզ ասում եմ, կորի՛ր աչքիցս:

ՎԱՆՈ: Բայց ես խոսք ունիմ՝ ասելու...

ՊԵՏՐՈՍ (գոռալով): Կորի՛ր, կորի՛ր, ես քեզ ասում եմ կորի՛ր, դու չե՞ս հասկանում

ՎԱՆՈ: Հայրիկ, դուք կատա՞կ եք անում, թե...

ՊԵՏՐՈՍ (բոլորովին կատաղած): Կորի՛րարյունս եռում է...

ՎԱՆՈ: Հայրիկ, թողնենք, վերջապես, այս երեխայությունը, ի՞նչ է նշանակում այս: Դուք գիտեք, որ ես փողի համար եմ եկել.

ՊԵՏՐՈՍ: Փողի՛ համար, փողի՛... Ավազա՛կ, ես քեզ իսկույն շանսատակ կանեմ... (հարձակվում է նրա վրա, բայց այդ միջոցին ներս են վազում Եղիսաբեթն ու Սոնան և որոնում նրան):

ՏԵՍԻԼ XVII

Եղիսաբեթ, Սոնա, Վանո, Պետրոս

ԵՂԻՍԱԲԵԹ: ՍՈՆԱ (միասին): Ի՞նչ է պատահել... այս ի՞նչ եք անում...

ՊԵՏՐՈՍ: Թողե՛ք ես այս ավազակի գլուխը ջախջախեմ

ՎԱՆՈ: Է՛, հայրիկ, այդ երեխայություն է, հավատացեք: Մի՞թե կարելի է այդ աստիճան բարկանալ:

ՊԵՏՐՈՍ: Դու ինձ ծաղրո՞ւմ ես, դու ինձ ծաղրո՞ւմ ես, օձի ծնունդ

ԵՂԻՍԱԲԵԹ (խստությամբ): Վա՛նո, այս ի՞նչ է նշանակում:

ՎԱՆՈ: Մայրիկ, հավատացե՛ք, ես դրան ոչինչ չեմ արել, ներս մտնեմ, տեսնեմ դա այդպես բարկացել է.

ԵՂԻՍԱԲԵԹ: Ա՛յդ է, իբրև թե ես չգիտեմ, թե ինչու է բարկացել... Իսկույն հեռացիր այստեղից... դու մեզ խաղք ու խայտառակ ես շինել աշխարհիս երեսին... Շաբաթներով կկորչի, կկորչի, իսկ երբ տուն կգա, իսկույն տան խաղաղությունը պետք է վրդովի: (Պետրոսին տանում նստեցնում է բազկաթոռի մեջ): Հեռացի՛ր, քեզ ասում եմ, այստեղից:

ՎԱՆՈ: Ո՞ւր գնամ, մայրիկ, ե՛ս այստեղ գործի համար եմ եկել:

ԵՂԻՍԱԲԵԹ: Ի՞նչ ես ուզում, փո՞ղ:

ՎԱՆՈ: Հայրիկը գիտե, ինչ որ ուզում եմ:

ԵՂԻՍԱԲԵԹ: Փող ես ուզում, էլի:

ՊԵՏՐՈՍ: Դրան ասացեք, թե խելք ունի, շուտով կորչի այստեղից, թե չէ, վերջին անգամն եմ ասում, աստվա՛ծ է վկա, կամ դա կմեռնի, կամ ես:

ՎԱՆՈ: Բայց, հայրիկ, ես պահանջում եմ այն, ինչ որ պարտական եք:

ՊԵՏՐՈՍ: (Հանկարծ տեղից վերկենալով և մոտենալով նրան, որը հեռանում է): Ես քեզ ի՞նչ եմ պարտական:

ՍՈՆԱ (Վախեցած, բռնելով նրան): Հայրի՛կ...

ՊԵՏՐՈՍ (Խլվելով): Թող տուր տեսնեմ... Ասա՛, ավազակ, ես քեզ ի՞նչ եմ պարտական, հը...

ՎԱՆՈ: Դուք այդ ինքներդ էլ լավ գիտեք:

ՊԵՏՐՈՍ: Աս՛ա, ասա, տեսնեմ, ես քեզ ի՞նչ եմ պարտական, ավազա՛կ...

ՎԱՆՈ: Դուք ինձ պարտական եք ինն հարյուր ու երեսուն ռուբլի:

ՊԵՏՐՈՍ: Ինն հարյուր ու երեսուն ռուբլու տես քեզ այս րոպեիս այնպես կհասցնեմ, որ ինն հարյուր ու երեսուն կտոր կլինես, ավազա՛կ...

ՍՈՆԱ: Հա՛յրիկ, հա՛յրիկ...

ԵՂԻՍԱԲԵԹ: Ա՛յ տղա, դու կկորչե՞ս այստեղից, թե չէ... (Ուզում է բռնի դուրս տանել նրան):

ՎԱՆՈ (խլվելով): Ապասեցեք, մայրիկ, ձեր գործը չէ... Հա՛յրիկ, դուք այն մոռացե՞լ եք...

ՊԵՏՐՈՍ: Ի՞նչն, ի՞նչն, ավազա՛կ...

ՎԱՆՈ: Ձեզ շատ լավ հայտնի բանը... Տալի՞ս եք ձեր խոստացած փողը, թե չէ:

ՊԵՏՐՈՍ: Փողի անուն մի տուր ինձ մոտ, փուչ-փչանալու...

ՎԱՆՈ: Դարձյալ նախազգուշացնում եմ ձեզ, հա՛յր. տալի՞ս եք, թե չէ:

ՊԵՏՐՈՍ: Կսպանե՛մ… (Ուզում է դարձյալ հարձակվել Վանոյի վրա, բայց Սոնան ու Եղիսաբեթն ամուր բռնում են նրան):

ԵՂԻՍԱԲԵԹ: Ապա՛ թե կորչի այստեղից...

ՎԱՆՈ: Մա՛յրիկ, ուզո՞ւմ եք իմանալ, թե ի՛նչ է ձեր մարդը, — ահա, կարդացեք այս նամակը... (նամակը, որը արդեն հանել է, շպրտում է դեպի Եղիսաբեթն և շտապով դուրս է ելնում):

ՊԵՏՐՈՍ: Օ՛հ, քո ծնունդը չորանա... (սաստիկ կատաղած՝ խլվում է նրանց ձեռքից և դուրս է ընկնում Վանոյի ետեվից):

ՍՈՆԱ (Դուրս վազելով նրա ետևից): Հա՛յրիկ, հա՛յրիկ

ԵՂԻՍԱԲԵԹ: (բոլորովին զարմացած՝ վերցնում է հատակի վրայից նամակը և լուռ սկսում է կարդալ: Երբ վերջացնում է, մնում է տեղն ու տեղը քարացած՝ նամակին նայելիս: Մտնում է Պետրոսը, նրա ետևից Սոնան: Եղիսաբեթն յուր հայացքը մարդու վրա է դարձնում):

ՊԵՏՐՈՍ: Օ՛, պատի՜ժ, պատի՜ժ... Աստված ինձ սրանից էլ մեծ պատիժ չէր կարող տալ... (Հանկարծ տեսնելով յուր վրա հառած Եղիսաբեթի հայացքն ու ձեռքի նամակը, նա դեռ մնում է քարացած, հետո ուժգնությամբ խփում է ձեռքով յուր ճակատին և ընկնելով բազկաթոռի մեջ): Այս ի՛նչ արեցի...

Վարագույրն իջնում է:

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Դահլիճ բժիշկ Արսենյանցի տանը: Դիմացն և ձախ կողմը` դռներ, դիմացի դուռը տանում է դեպի նախասենյակը, իսկ ձախ կողմի դուռը՝ դեպի Արսենյանցի առանձնասենյակը: Աջ կողմը լուսամուտներ: Կահավորանքը՝ հարուստ: Լուսամուտների առաջ մեծ-մեծ ծաղկամաններ:

ՏԵՍԻԼ I

Արսենյանց, միայն

(Մտնում է ձախ դռնից ձեռքին թղթադրամները համարելով): 37, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47 ռուբլի: Քիչ է: Երեկ շատ էր: Այն մի քանիսին ես շատ վատ եմ սովորեցրել, մեկմեկ ռուբլի են տալիս, այդ խայտառակություն է... ես ինչ անեմ, թե աղքատ են, вот те и на. մեջտեղում իմ անունս է կոտրվում ու... Այդպես չի կարելի: (Զանգակը քաշում են): Այս ո՞վ կլինի... Հա՛, երեք ռուբլի էլ այնտեղից ստացա: (Ձեռքը գրպաններն է կոխում): Որտեղ դրի... Հա՛, գտա: (Հտևի գրպանից հանում է մի թղթադրամ և դնում է ձեռքին բռնած թղթադրամների վրա): Ուրեմն՝ հիմա հիսուն ռուբլի դարձավ: Դարձյալ քիչ է: (Թղթադրամները թղթապանակն է դնում և գրպանն է կոխում):

ՏԵՍԻԼ II

Ծառա, Արսենյանց

ԾԱՌԱ (Մտնում է): Էն պառավ կնիկն ա:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ի՞նչ պառավ կնիկ:

ԾԱՌԱ: Էն, ինչ մի պստիկ հիվանդ ըրեխա ա բերում:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ах,да. Գնա ասա ժամանակից ուշ էս բորում հիվանդին, բժիշկը տանը չէ: (Ծառան դուրս է գնում):

ՏԵՍԻԼ III

Արսենյանց, միայն

Զարմանալի ժողովուրդ են, ճշմարիտ, և՛ ձրի են բժշկում և ժամանակից էլ ուշ են գալիս: 0հ, այս աղքատ հիվանդները... ես կատարելապես զզվել եմ դրանցիցի՞նչքան աշխատում եմ փախչել դրանցից, էլի չի լինում, ընկնում եմ մեջները:

ՏԵՍԻԼ IV

Թորոսյան, Արսենյանց

ԹՈՐՈՍՅԱՆ (Մտնում է պորտֆելը ձեռքին): Արսենյանց...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Պահ, Թորոսյան... (Համբուրվում են): Այս՞, ե՞րբ, ի՞նչպես, ո՞րտեղից...

ԹՈՐՈՍՅԱՆ: Քանի ժամանակ է այստեղ եմ, բայց քեզ չէի կարողանում տեսնել այսօր, վերջապես, եկա քեզ այցելելու, ի՞նչպես ես, ինչպես չես, քեֆդ, հալդ, ի՞նչ ես անում, էլի բժշկություն ես անում, հը՞:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Չէ՛, կոշկակարություն եմ անում, հա՛, հա՛, հա՛դու ինչ ես անում, դուԱրի նստիր, տեսնենք... Այդ ի՞նչ պորտֆել է ձեռքիդ... է՛, չլինի՞ թե արդեն փաստաբան ես դարձել:

ԹՈՐՈՍՅԱՆ: Իրավաբան ասա:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Հա՞-ա:

ԹՈՐՈՍՅԱՆ: Իհարկե: Այս մեկ տարի է, ես իրավաբանություն եմ անում: (Նստում է):

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ի՞նչ է ասում... Ո՞րտեղ, ո՞ր երկրում, գյուղո՞ւմ, ձեր տա՞նը. (Նստում է):

ԹՈՐՈՍՅԱՆ: Երևանում:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Հետո՞:

ԹՈՐՈՍՅԱՆ: Հետո չհավանեցի և եկա այստեղ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ի՞նչը չհավանեցիր, տե՞ղը, թե եկամուտը:

ԹՈՐՈՍՅԱՆ: Տեղը:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ինչպե՛ս. Հայաստանի սիրտը չհավանեցի՛ր, դո՞ւНу дудки. Դու անպատճառ եկամուտը չես հավանելհըա՞:

ԹՈՐՈՍՅԱՆ: Այդ էլ կա:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Հա՛, հա՛, հա՛... попался брат. Попался. Из идеалиста вдруг в материалисты հա՛, հա՛, հա՛...

ԹՈՐՈՍՅԱՆ: Ի՞նչ արած, կյանքն է մեղավոր...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Հա՛, հա՛, ես գիտեմ, որ մեղավորն անպատճառ դու չպետք է լինես... մեղավորը կյանքն է, հասարակությունը, շրջապատող հանգամանքները և այլն, և այլն, հա՛, հա՛, հա՛...

ԹՈՐՈՍՅԱՆ: Нет серьезно կյանքը շատ շուտ է մեռցնում մարդու մեջ ամեն տեսակ վեհ գաղափարներ և ձգտումներ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Да, знаю милий мой, что ты не виноват, հա՛, հա՛, հա՛... Բաս հիմա չե՞ս ամաչում:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ո՞ւմից, քեզանի՞ց...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Հենց թեկուզ ինձանից, ի՛նչ է որ, հետո քեզ պես ուսանող ժամանակս իդեալիստ չեմ եղել, որ հետո փոխված լինեի:

ԹՈՐՈՍՅԱՆ: Դո՞ւ, դո՞ւ չես եղել իդեալիստը... Գոնե այնպիսի մարդու ասա այդ բանը, որ ծանոթ չլինի քո անցյալի հետ, է՛... Դո՞ւ չես եղել, որ ուսանողական շրջաններ ես եղել կազմելիս և ինչի մասին ասես պրոպագանդա չես արել... Դո՞ւ չես եղել, որ ավարտելուց հետո մտադիր ես եղել շրջել հայ գյուղերը և այնտեղ բժշկություն անել... Դո՞ւ չես եղել, որ մինչև անգամ մտադիր ես եղել գնալ Վան և այնտեղ հատուկ հայերի համար ձրի հիվանդանոց բաց անել... Ախր հին դավթարները մի քրքրիլ տուր, է՛:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Հա՛, հա՛, հա՛... այդ ո՞վ է ասել քեզ:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ով որ ասել է... խո ճշմարի՞տ է:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ճշմարիտ է, ախպեր ջան, ճշմարիտ է. էլ ոչինչ չունիմ ասելու, դու տարար: Ուրեմն՝ հիմի քվիթ ենք:

ԹՈՐՈՍՅԱՆ: Էլ ուրիշ անգամ չհարձակվես իմ դեմ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: В прочем, մենք խո չենք մեղավոր, կյանքն է մեղավոր, չէ, հա՛, հա՛, հա՛... Վա՛յ, Թորոսյան, քո մուխը չմարի, դու ինձ այսօր ծիծաղից թուլացրիր, հա՛, հա՛, հա՛...

ԹՈՐՈՍՅԱՆ: (Հանկարծ վեր կենալով): Հա՛, լավ միտս եկավ, չե՞ս կարող ինձ գրիչ ու թանաք տալ մի րոպե:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: (Նույնպես վեր կենալով): Ի՞նչ ես անում:

ԹՈՐՈՍՅԱՆ: Մի գործ եմ վերցրել պաշտպանելու. դրա մասին հիմա, քեզ մոտ գալիս, մի քանի շատ կարևոր նկատողություններ ձեռք բերեցի, ուզում եմ ձեռաց նշանակել, որպեսզի հետո չմոռանամ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ա՛յ թանաքն այնտեղ էառանձնասենյակումս... Բայց սպասիր, Թորոսյան, բան եմ ասում:

ԹՈՐՈՍՅԱՆ: Հը՛:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ի՞նչ արիր Թաթուլյանի աղջկան, Սոնային, — հիշո՞ւմ ես. — դու ախր սիրահարված էիր նրա վրա:

ԹՈՐՈՍՅԱՆ: Է՛հ, остав пожалуста.

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Չէ՛, դու չմեռնես, Թորոսյան, հալա մեկ սպասիր, դու ախր չափից դուրս սիրահարված էիր նրա վրա:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ну.

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Բաս էլ սիրահարված չե՞ս:

ԹՈՐՈՍՅԱՆ: Чорт с ней.

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Սուտ ես ասում:

ԹՈՐՈՍՅԱՆ: Նրա երեսին հիմա կնայե՞մ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ինչո՞ւ:

ԹՈՐՈՍՅԱՆ: Հպարտ է և մեծամիտ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ուզում ես ասել՝ էր, — հպարտ էր և մեծամիտ: Բայց նա հիմա աղքատ է, գուցե դրա համար չես նայիլ նրա երեսին:

ԹՈՐՈՍՅԱՆ: Այդ քեզ ասա և նրան այն, — ի՞նչպես է նրա ազգը, — այն, պորուչիկ է, ի՛նչ է...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ալեքսանդրը... Միզանյա՞նցը:

ԹՈՐՈՍՅԱՆ: Հա՛:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Այդտեղ ինձ ի՞նչ ես խառնում, քանի որ Սոնային ես նրա համար չուզեցի, որովհետև նա ինձ մերժեց:

ԹՈՐՈՍՅԱՆ: Չէ՛, դու ինձ այս ասա, դու խո նրան փողի համար էիր ուզում:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ամենևին, ես նրա հետ փող էլ չէի ուզում: Եվ, կարծեմ, այդտեղ մեղադրելու ոչինչ չկա: Դու նրա՛ն ասա, որ...

ՏԵՍԻԼ V

Ալեքսանդր (մտնում է), Թորոսյան, Արսենյանց

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ա՛, Ալեքսանդր... հենց հիմա քո մասին էինք խոսում:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Բարև, (Սեղմում է Արսենյանցի ձեռքը): Ի՞նչ էիք խոսում իմ մասին:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Թաթուլյանների մասին խոսքը ընկավ և այդտեղ, իմիջիայլոց, այս պարոնը... Դուք ծանոթ չե՞ք միմյանց:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Չեմ հիշում, ճշմարիտ... կարծեմ, որ պետք է ծանոթ լինինք...

ԹՈՐՈՍՅԱՆ: Այո՛, ծանոթ ենք:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ах да. իմա հիշեցի. մենք ծանոթացել ենք Թաթուլյանների տանը, չէ :

ԹՈՐՈՍՅԱՆ: Այո:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Հիշում եմ, հիշում եմ... Հա՛, ի՞նչ էիք խոսում իմ մասին: Ներեցեք ինձ, որ այդ ես ուզում եմ իմանալ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Թաթուլյանների մասին խոսք ընկավ և այս պարոնը, որ, երկու տարի բացակայությունից հետո, նոր է եկել Թիֆլիս, իմիջիայլոց հարցրեց քո մասին...

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Հասկացա, (Թորոսյանին): Դուք անշուշտ պախարակում էիք ինձ, որ ես Թաթուլյանի աղջկա հետ համարյա նշանված լինելով, վերջը, երբ աղքատացան նրանք, թողեցի նրան, այնպես չէ՞... Չեմ, նեղանում, քանի որ այդ ճշմարիտ է: Ի՛նչ ուզում եք ասացեք, բայց ես մեծ հիմարություն եմ համարում կյանքի ներկա ծանր պայմաններում ամուսնանալ դառ ու դատարկ աղջկա հետ, քանի որ փողավորների հետ կարելի է ամուսնանալ: Դուք հակառակ եք, չէ՞, ինձ:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ա՛խ, ամենևին, ես համաձայն եմ ձեզ հետ... (Արսենյանցին): Դե, թանաք տուր է , ինձ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ա՛յ, եղբայր, ասացի առանձնասենյակումս է: Գնա՛, էլի՛:

ԹՈՐՈՍՅԱն: Ներեցեք ինձ, (Դուրս է գնում ձախ դռնից):

ՏԵՍԻԼ VI

Ալեքսանդր, Արսենյանց

ԱԼԵՔՍԱՆԴՐ (Ցածր): Այս այն հիմարը չէ՞:

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Ցածր ծիծաղելով): Չէ՛, հիմա խելոքացել է:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Հա՛, լսիր ինչ եմ ասում, չունե՞ս, ձեռաց մի քսան ռուբլի փող տաս:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ի՞նչ ես անում:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Մատանիք եմ առնում, փողս պակասեց, էլ չուզեցի տուն գնալ, հեռու է, ձեռաց քեզ մոտ վազեցի:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Չլինի՞ թե արդեն նշանվում ես:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Իհարկե:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ե՞րբ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Դե, էգուց, է՛լի, չգիտե՞ս:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ե՞րբ ես ասել, որ գիտենամ՝: Ուրեմն լավ քեֆ կանենք էգուց, հը՞:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Անպատճառ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Բայց երեսուն հազարումը լավ ընկար, այ, լոթի:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Աչքն էլ չես հանիլ... բաս խո Թաթուլյանի աղքատ աղջիկը չէի առնիլ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Չէ՛, պետք է ճշմարիտն ասած, որ դու այդ մեկ բանումը շատ ղոչաղ էլ ես, ախպեր... անշնորհքն ես եմ, որ մինչև հիմա մնացել եմ այսպես...

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Էհ, բժիշկներիդ ինչ հարկավոր է կին. տեսնո՞ւմ ես, մեծ մասը холостой են ապրում:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ինչո՞ւ, չաղ թիքան ո՞ւմ փորը կծակի: Ա՛խ, այս անպիտան վաղը... Քսա՞ն ռուբլի ես ուզում:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Այո այսօր ևեթ կստանաս:

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Փողը տալով): Տոկոսն էլ հետը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Անպատճառ: Ուրեմն՝ ցտեսություն առժամանակ:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Սպասի՛ր: Քանի՞ ռուբլիանոց է մատանին:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Հարյուր հիսուն: Լավ չէ՞: Հարյուր յոթանասունից պակաս չէր տալիս:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ոչինչ, յոլա կգնա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ի՞նչ ես ասում, հրաշալի բան է: Այ, իսկույն կբերեմ, կտեսնես, մեկ այնպիսի բրիլիանտ ունի վրեն, որ նայելը միայն արժե հարյուր հիսուն ռուբլի:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Բայց չխաբեն, ա՛յ մարդ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Ի՛նչ պտուղն եմ... (Շտապելով դուրս է գնում: Նախասենյակում): Թո՛ղ, թո՛ղ, ի՞նչ ես ուզում:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Այս ի՛նչ է:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: (Ծիծաղելով թոթում է ներս վանոյին, որ հարբած է): Տե՛ս քեզ համար ի՛նչ հյուր եմ բերում, հա՛, հա՛, հա՛... (Գնում է):

ՏԵՍԻԼ VII

Վանո, Արսենյանց

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ախ, խայտառակ, այդ դո՞ւ ես:

ՎԱՆՈ: Ձեր ծառան ի՞նչ է ուզում ինձանից, որ քանի գալիս եմ ձեզ մոտ, ինձ միշտ դուրս է անում... ես նրան ի՞նչ եմ արել, հը՞, ի՞նչ եմ արել... մի խեղճ տղա եմ, թողնի գամ, էլի–. ես նրան ի՞նչ եմ արել...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Թորոսյան:

ԹՈՐՈՍՅԱՆ (Առանձնասենյակից): Ի՞նչ է:

ԱՐՍԵՆՅԱՆՅ: Ա՛րի այստեղ:

ԹՈՐՈՍՅԱՆ (Առանձնասենյակից): Իսկույն:

ՎԱՆՈ: Վախենում է, որ ես ձեր տանից բա՞ն գողանամ... հա-հա վախենո՞ւմ է... հետո ես գո՞ղ եմՀա-ա՞, գո՞ղ եմ...ամոթ չէ՞, որ ես գողություն անեմ... Ես գողություն կարո՞ղ եմ անել... Ես գող չեմ, հող եմ, որ այենքն ինձ ոտի տակ են տալիս... բա՞ս, հո՛ղ եմ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Հա՛, հա՛, հա՛... Թորոսյան:

ԹՈՐՈՍՅԱՆ (Առանձնասենյակից): Իսկույն, իսկույն:

ԱՐՍԵնՅԱՆՑ: Հալա մեկ ա՛րի այստեղ:

ՎԱՆՈ: Ես որ գողություն լինեի անելիս, մինչև հիմա քառասուն ու հինգ անգամ բանտումը կլինեի նստածԲայց ինչո՞ւ գողություն անեմ, քանի որ առանց գողություն անելու էլ ապրում եմ և կարող եմ ապրել...

ՏԵՍԻԼ VIII

Թորոսյան, Վանո, Արսենյանց

ԹՈՐՈՍՅԱՆ (Մտնում է): Հ՛ը, ի՞նչ է:

ԱՐՍԵնՅԱՆՑ: Աբա իմացիր այս ո՞վ է... Տեսել ե՞ս սրան:

ԹՈՐՈՍՅԱՆ: Պո՛, սա Վանոն չէ՞, Թաթուլյանի տղան:

ՎԱՆՈ: Պո՛, սա Թորոսյանը չէ՞, հա՛, հա՛, հա՛ (Արսենյանցը նույնպես ծիծաղում է):

ԹՈՐՈՍՅԱՆ: Այ տղա, այդ ի՞նչ է քո հալը

ՎԱՆՈ: Ի՞նչ անեմ... դարդիցը...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Քո գլխի արևը վկա, ձեր ընտանիքի թշվառության համար դիփ դո՛ւ չես դարդ անում...

ՎԱՆՈ: Վա՛յ, վա՛յ, վա՛յ... բաս ո՞վ է դարդ անում, որ ե՛ս չեմ դարդ անում... բաս ես մեր ընտանիքիցը չե՞մ, բաս ես իմ հորն ու մոր որդին չեմ... ղորթ որ ես քար սիրտ խո չո՞ւնեմ, որ այդպես եք ասում... ես որ երեսս շան կաշի շինած՝ այսպես դռնե դուռ ման եմ գալիս, ինչի՞ համար եմ ման գալիս

ԱՐՍԵՆՅԱՆՑ: «Այսօր տոն է» ասելու:

ՎԱՆՈ: Ո՛չ. «այսօր քաղցած ենք» ասելուբա՛ս... Դուք ի՞նչ գիտեք, որ ես գռոշ-գռոշ հավաքելով, չեմ տանում, հորս կամ մորս չեմ տալիս, որ հաց առնեն, ուտեն...

ԱՐՍԵՆՅԱՆՅ: Տո կո՛րի, անպիտան... չի էլ ամաչում, ինչե՛ր է ասում... Կո՛րի այստեղից... Դեռ դու տանից ոչինչ չգողանաս, չուտես, թե չէ տուն ոչինչ չես տանիր Հազիր ասես, գռոշ-գռոշ հավաքելով՝ տանում ես գինու ես տալիս, չոռլամիշ լինում: Կո՛րի այստեղից, թե չէ՝ այդ կարմիր քիթդ կկտրեմ, կո՛րի:

ՎԱՆՈ: Բաս ես սո՞ւտ եմ ասում...

ԱՐՍԵՆՅԱՆՑ: էլ մի՛ խոսիր, էլ մի՛ խոսիր, թե չէ՝ մեկ էլ որ գաս, այ, այսպես դուրս կանեմ քեզ այստեղից: (Վզակոթին տալով դուրս է գցում դեպի նախասենյակը): Գնա՛, էլ չգաս այստեղ: Մինաս, այդ լոթուն դուրս արա փողոցը... ետևի դռնովը: Մեկ էլ որ եկել է այստեղ, քեզ էլ հետը դուրս կանեմ... Լոթի անպիտան:

ՏԵՍԻԼ IX

Թորոսյան, Արսենյանց

ԹՈՐՈՍՅԱՆ: Տո , այդ ի՞նչ էր դարձել, ես զարմացած մնացի:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Հախն է. թող գիտենա փողի հետ վարվել, այդպես չեն լինիլ... Անպիտանն այսպես սովորել է և ամեն անգամ գալիս է փող է ուզում, որ գնա չոռլամիշ լինի:

ԹՈՐՈՍՅԱՆ: Դու էլ մի՛ տուր:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Լինո՞ւմ է: Շատ անգամ գալիս է ոտներս է ընկնում, լաց է լինում, արի ու մի տուր: (նստում է):

ԹՈՐՈՍՅԱՆ: Հիմա դրա ծնողներն ի՞նչով են ապրում... ասում են, որ օրվա հացի աղքատ են:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: է՛հ, ի՞նչ ես ասում դու էլ. ղորթ որ ասում են աղքատացել են, այդ աստիճան էլ խո չեն լինիլ աղքատացած, — այն էլ այս կարճ ժամանակում... Պետրոսի պես վաճառականն ինչքան էլ սնանկանա, իսկի հավատալու բան է, որ մի բան էլ տակն արած չլինի... Ախր այդ հաստափորներին ես լավ եմ ճանաչում:

ԹՈՐՈՍՅԱՆ: Շատ կարելի է, որ տակն արած լինի, որովհետև Պետրոսը բավական խորամանկ մարդ էր:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Օրվա հացի աղքատ լինելը չէ, այն է ճշմարիտ ասում, որ նա խելքիցր քիչ ցնդել է:

ԹՈՐՈՍՅԱՆ: Ո՛վ, Պետրո՞սը:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Այո:

ԹՈՐՈՍՅԱՆ: Այդ չեմ լսել: Դու տեսե՞լ ես նրան:

ԱՐՍԵՆՅԱՆՑ: Ես չեմ տեսել, բայց շատերից եմ լսել, որ նա խոսելիս շատ ցանցառ բաներ է դուրս տալիս:

Следующая страница