Նար-Դոս՝   Նոր մարդը

Չէ՞ր բժշկվում:

Ըսկի չէինք կարում ծերը ծերին գցի, դոխտուրի ու դեղի փողը ո՞րդիան էր, ինչ իմ նաչար փեսեն սալդատ չէր գնացել, էլի քչից-շատից

Լավ, լավ, — կտրեց պառավի խոսքը Խանբեգյանը, զգալով, որ նրա պատմո՛ւթյունը երկար է լինելու: — Հիմի ասա, ինչի՞ ես եկել ինձ մոտ, — հարցրեց նա, շատ լավ իմանալով, որ եկել էր օգնություն խնդրելու:

Ասեմ, աղա ջան, ընչի եմ եկել: Գիդամ, որ սա իմ տեղը չի, համա ճարը կտրածր ի՛նչ չի անի: Էրեգ էլ, ըսօր էլ գնացի ձեր ուպրավլաուչի մոտ, որ մի քիչ փող տա, նաչարիս տանեմ հողին պահ տամ, ասեց, թե իբր ժալովնեն ստացել պրծել ահալա մի երեք մանեթ էլ էս գլխից ա տարել, ու դարդակ ճամփա դրեց: Ինչքան խնդրվեցի, ինչքան աղաչեցի, պաղատեցի, ասի՝ բա ընչկլի ե՞փ մեռելս տափին պտի մնաըսկի մի գրոշ էլ ա չհանեց, չտվեց: Հըմի, աղա ջան, ճարս կտրած, քե մոտ եմ եկել, ումիկս դու ես: Էն իմ խեղճ նաչարըվա՛յ, քոռանա քու մերը, Նատո ջան, — որ ասես չէր հվանում ձեր էդ ուպրավլաուչուն, ասում էր փիս մարդ ա, համա քեզ, աղա ջան, շատ էր գովում, ասում էր, որ...

Լավ, լավ, — հոնքերը տհաճությամբ կիտելով, շտապեց նորից ընդհատել պառավին Խանբեգյանը և, երեք ռուբլիանոց մի ծալծլած թղթադրամ դնելով նրա բուռը, ասաց. — գնա, եթե պակաս կլինի, դիմիր ֆաբրիկի բանվորներին ու բանվորուհիներին, երևի նրանք էլ մի-մի բան կտան իրենց ընկերուհու թաղման համար:

Պառավը դուռը բաց արավ, նայեց թղթադրամին, հետո Խանբեգյանին այնպիսի մի հայացքով, որ Խանբեդյանը քաջություն չունեցավ ընդունելու և երեսն ակամա շուռ տվավ: Այնուհետև պառավը մի թառանչ քաշեց, դարձավ ու սուս ու փուս դուրս գնաց:

«Շնորհակալություն չհայտնեց... և իրավունք ուներ», — ասաց Խանբեգյանն ինքն իրեն պառավի հանդիմանական հայացքի ազդեցության տակ, հետո, մտածելով, որ նա նախասենյակում կարող էր որևէ բան գողանալ, շտապով դուրս գնաց պառավի հետևից:

Պառավին վրա հասավ այն ժամանակ, երբ նա հագի լայն չուստերը շլմփացնելով մեկ-մեկ չափում էր սանդուղքի մարմարե աստիճանները, ախ ու վիշով ցած իջնելով: Իր փոքրիկ մարմնով, կորացած մեջքով նա այնքան խղճալի էր թվում վերևից, որ Խանբեդյանը քիչ մնաց ետ կանչեր նրան իր տված երեք ռուբլուն մի քանի ռուբլի էլ ավելացնելու, բայց հետո մտածեց. «Չէ, վատ կսովորի», և ուզում էր ներս մտնել, երբ հանկարծ լսվեց դռան զանգակի ձայնը: Նա կանգ առավ և սպասում էր, թե ո՛վ կլինի:

Աղախինը դուրս եկավ և վազեց ներքև դուռը բանալու: Մի րոպեից հետո նա սկսեց վերև վազել մի նամակ ձեռքին:

«Վերջապես», — բացականեց մտքումը Խանբեդյանը և զգաց, որ հանկարծ մի տարօրինակ դող բռնեց իր ամբողջ մարմինը: «Այո՞, թե ոչ, այո՞, թե ոչ» — գրամեքենայի պես սկսեց թրխկթրխկացնել նրա գանգում ուղեղը:

Նա շտապով պատռեց ծրարը և ձեռքերը դողալուց մի անգամից չկարողացավ նամակը հանել միջից:

Նամակի մեջ գրված էր միայն մի բառ. «Այո»: Ոչ թիվ, ոչ ստորագրությունոչինչ չկար:

Խանբեգյանը ակամա ժպտաց, նամակի թուղթը կամացուկ խփեց աղախնի քթին, պատանու աշխույժով կրնկի վրա շուռ եկավ, որ ներս մտնի, բայց հանկարծ, լուրջ դեմք առած, դարձավ աղախնուն և ասաց.

Դունյա, շուտ, վազիր այն պառավի հետևից, ետ կան չիր և բեր ինձ մոտ:

Դունյան ներքև վազեց:

Խանբեգյանը վերադարձավ առանձնասենյակ, նստեց գրասեղանի մոտ, նամակը դրեց առջևը և աչքը չէր հեռացնում կախարդական «Այո»-ից: Նամակի թղթից հոտավետ օծանելիքի սուր բուրմունք էր խփում նրա քթին: Սիրտը սաստիկ բաբախում էր, կարծես կուրծքը ծիտ էր մտել և թըրթըռում էր այնտեղ:

Աղախնու ուղեկցությամբ պառավը մտավ, կուչ եկավ առաջվա տեղը, դռան մոտ, և իր լացակում աչքերը հարցական հայացքով տնկեց Խանբեգյանի երեսին:

Խանբեգյանը դուրս քաշեց գրասեղանի գզրոցը, միջից հանեց մի ծալ թղթադրամներ և, առանց իմանալու, թե որքան էր, տվավ նրան:

Էն տվածս քիչ էր, — ասաց նա, — առ էս էլ, հիմի, կարծում եմ, բավական կլինի:

Պառավն, ըստ երևույթին, իր ամբողջ կյանքում այդքան փող չէր տեսել իր ձեռքին: Սկզբում չհավատաց իր աչքերին, շուտ-շուտ ձեռքի ափը բաց էր անում, նայում փողերին, նորից խփում, նորից բաց անում, հետո հանկարծ մոտեցավ Խանբեդյանին, ուզեց չոքել նրա առջև և համբուրել նրա ձեռքը, բայց Խանբեգյանը շտապով ետ ու ետ քաշվեց, ակամա տհաճություն զգալով նրա ձեռքի շոշափումից:

Գնա, գնա, մայրիկ, — ասաց նա մեղմորեն և իսկույն մտածեց, որ իր տարիքին ավելի շուտ «քույրիկ» ասելը կսազեր. ինձ շնորհակալություն հարկավոր չէ:

Վո՛ւյ, ո՞նց շնորհակալ չըլեմ, աղա ջան, — բացականչեց պառավը, — դու որ իմ խեղճ նաչարին տափի վրա չթողիրՎույ, քու արևը շատ ապրի, աղա ջան, ինչքան որ պակսեց իմ նաչարից, էնքան օր...

Дуня, выведи ее, — պատվիրեց Խանբեգյանն աղախնուն, որը զարմացած դիտում էր իրեն անհասկանալի և այդ տան մեջ տարօրինակ տեսարանը:

Խանբեգյանն ուզում էր կարելույն չափ շուտ ազատվել այդ կպչուն պառավից, որպեսզի նստի և մի լավ մտածի այն խենթացնելու չափ երանավետ օրերի մասին, որ իր հետևից բերելու էր «Այո»-ն:

Դունյան բռնեց պառավի թևից և դուրս տարավ:

5

Կնոջ մահից հետո կրկին ամուսնանալու միտքը չէր հեռանում Խանբեգյանի գլխից՝ երկու պատճառով: Նախ այն պատճառով, որ տունը կատարյալ վերանա էր դարձել, ոչ մի բան իր տեղը չէր, ոչ մի բան իր ժամանակին և ինչպես հարկն էր չէր կատարվում, բարեկամների այցելությունը կտրվել էր, տղան ու աղջիկը բոլորովին սանձաթող էին եղել, երբ ուզում և ուր ուզում` գնում էին, դասերը չէին պատրաստում: Մի խոսքով` տանտիկնոջ և մոր հսկող զսպող աչքը վերացել էր և այդպես շարունակել այլևս անկարելի էր:

Երկրորդ պատճառը, որ պակաս զորավոր չէր, քան առաջինը, այդ այն էր, որ Խանբեգյանը, իբրև տղամարդ, պարզապես կնոջ կարիք էր զգում, այնպիսի մի կնոջ, որը, բացի ընկեր-ամուսին լինելուց, լիուլի գոհացում տար իր արուի պահանջներին: Բանն այն է, որ, չնայելով իր մոտ 60-ամյա հասակին, իր վարած ժուժկալ կյանքի և ամենօրյա ֆիզիկական մարզանքների շնորհիվ նա դեռևս առույգ երիտասարդի չափ առնական ուժ ու կորով էր զգում իր մեջ, և թեպետ ըստ ամենայնի հնարավորություն ուներ մի «կոմպանիոնովուհի» պահելու իր տանը հատկապես այդ «պաշտոնի» համար տեղ փնտրող ֆրանսուհիներից կամ գաղտնի կապ հաստատելու որևէ թեթևաբարո կնոջ հետ, որպիսիք շատ կային իր ծանոթ շրջանում, բայց իրեն թույլ չէր տալիս այդ քայլն անելու, որովհետև կարծում էր, որ դրանով նախ՝ անարգած կլիներ իր հանգուցյալ կնոջ հիշատակը, երկրորդ՝ «կոմպանիոնուհու» իսկական դերը գաղտնի չէր կարող մնալ տղայից ու աղջկանից, որոնք այդ բանը հասկանալու համար արդեն հասունացած էին, և երրորդ` որևէ թեթևաբարո կնոջ հետ հարաբերություն ունենալն անվայել կլիներ իր անվանը, դիրքին և, մանավանդ, հասակին, որը քիչ չէր զսպում նրան որևէ թեթևամիտ քայլ անելուց:

Պետք էր օրինավոր ամուսնություն, օրինավոր կին, «աստծու և մարդկանց առջև», որի հետ կարողանար առանց քաշվելու, առանց ամաչելու, բաց ճակատով իր տանը, իր զավակների մոտ նստել-վեր կենալ, հյուր գնալ, հյուր ընդունել և երևալ հասարակության մեջ:

Այդ կինը կարող էր լինել Վիկտորիա Պավլովնան, միմիայն նա և ուրիշ ոչ ոք: Թեպետ նա շատ էր կասկածում, թե այդ նորատի կինը, որը իր հանգուցյալ ամուսնուց զավակ չէր ունեցել, կարող լիներ գեթ չնչին չափով փոխարինել իր հանգուցյալ կնոջը` իբրև մայր և տանտիկին, բայց իբրև սոսկ կին իր ջահելությամբ և գեղեցկությամբ այնքան տենչալի էր թվում նրան, որ պատրաստ էր ուրիշ ոչ մի պահանջ չառաջադրելու նրան:

Եվ այժմ, երբ նրա ուրախությունից դողդողացող ձեռքին թրթռում էր նամակի բուրավետ թուղթը, որի վրա գրված էր կանացի անվարժ, անկանոն բարակ գրերով մի բառ միայն — «Այո», նա արյան այնպիսի մի հորդում էր զգում երակների մեջ, որ կարծում էր, թե մի քսան տարով ջահելացել է ինքը, և մկանները պողպատ են կտրվել: Նա ետ ընկավ թիկնաթոռի մեջքին, ձեռքերը տարածեց այս ու այն կողմը խաչելության ձևով, ատամները պինդ սեղմեց իրար և կուրծքը դուրս ձգեց մկանների այնպիսի ուժգին լարումով, որ թիակները ճռճռացին մեջքի վրա.

Սարեր տվեք ինձ, սարեր կործանեմ,
Ծառը արմատով գետինեն հանեմ,
Սուր ակռաներովս երկաթ կծամեմ,
Մեջս արքան ում, ասեք, ի՞նչ անեմ, —

արտասանեց նա Գամառ-Քաթիպայի մի ոտանավորի խոսքերն այն ձևով, ինչ ձևով որ լսել էր մի ժամանակ հայ բեմի վրա իրեն տրագիկ երևակայող մի դերասանից, որը բացի հուժկու ձայնից ուրիշ ոչ մի շնորհք չուներ:

Մի րոպե նրա միտքը կանգ առավ այդ դերասանի վրա: Այն ժամանակ նրան շարունակ տեսնում էր կլուբում կոկ հագնված, սրածայր բեղերով, փայլուն ցիլինդրով, գեղեցիկ կանանց հետ: Իսկ այժմ երբեմն հանդիպում էր նրան Փողոցում մազակալած երեսով, հնոտիների մեջ, պատռած կոշիկներով, մի ոտը կաթվածահար քարշ տալիս, ձեռնափայտին ղիմհար տված: «Մենք պետք է որ հասակակից լինենք, — մտածեց Խանբեգյանը, — ինչո՞ւ ես այսպես պահպանվել եմ, իսկ նա…»:

К чорту! — բացականչեց տեղից վեր թռչելով, — ո՞րտեղից միտս եկավ այդ ավերակը,..

Բնազդաբար զգաց, որ եթե շարունակի մտածել իրեն հասակակից այդ «ավերակի» մասին, կարող է այդ րոպեին իրեն տիրող ֆիզիկական զգացողությանը և հոգեկան տրամադրությանը միանգամայն հակադիր եզրակացության հանգել, ուստի կտրուկ կերպով վանեց իրենից այդ մտքերը և, ետ ու առաջ քայլելով, սկսեց մտածել, թե այժմ ի՛նչ պիտի անի:

Այժմ, որ արդեն առել էր Վիկտորիա Պավլովնայի համաձայնությունը, իր ամենաառաջին անելիքը համարեց այն, որ իր կրկին ամուսնանալու որոշումը հենց այդ երեկո հայտնի տղային և աղջկան: Ուրիշ պարագաներում նա շատ կդժվարանար այդ բանն անել, բայց այդ երեկո մի շատ հարմար առիթ ներկայացավ, որից և վճռեց օգտվել: Բանն այն է, որ Վանյուշն ու Կատյան ճաշից հետո դուրս էին գնացել, առանց հորը հայտնելու, թե ուր են գնում ևժամը արդեն տասն էրդեռ չէին վերադարձել: Թեև այդ առաջին անգամը չէր և այդ բանի համար նրանք ամեն անգամ նկատողություն էին ստացել հորից, բայց այս անգամ Խանբեգյանը վճռեց այնպես ձևացնել, թե այլևս չի կարող հանդուրժել այդ «ինքնակամությունը», և այն համոզումը թելադրել նրանց, թե այդ «ինքնակամությանը» մի անգամ առմիշտ վերջ տալու համար է, որ ինքը «հարկադրված» է կրկին ամուսնանալ, մանավանդ, որ նրանք տանն էլ շատ անկարգ են պահում իրեց` վերահսկող աչք չունենալու պատճառով:

Այս մտորումների մեջ նա երկար ժամանակ իր եռանդուն քայլերով անցուդարձ էր անում առանձնասենյակում, անհամբեր սպասելով տղայի ու աղջկա վերադարձին, երբ, վերջապես, նախ նախասենյակում, հետո մի սենյակ այն կողմըճաշասենյակում լսեց նրանց ոտքերի և խոսակցության ձայնը: Դուրս գնաց, անցավ մութ հյուրասենյակով և մտավ ճաշասենյակ այն ժամանակ, երբ աղախինը սառած ինքնաեռը գրկած դուրս էր տանում, ըստ երևույթին, տաքացնելու:

6

Վանյուշը, գիմնազիստի սպիտակ երիզավոր գլխարկը դեպի ծոծրակը ետ գցած, նստած էր ճաշասեղանի մոտ, ոտները երկար ու մեկ մեկնել էր սեղանի տակ, շվշվացնում էր և մատներով թմբկահարում. էր սեղանի ծայրը: Իսկ աղջիկը, գիմնազիստուհու սրճագույն շրջազգեստով և սև գոգնոցով, բուֆետից ուտելիքներ էր հանում ընթրելու համար:

Հոր մտնելուն պես Վանյուշը դադարեց շվշվացնելուց, առանց շփոթվելու, դանդաղորեն վեր կացավ, գլխարկը վերցրեց գցեց աթոռներից մեկի վրա և սկսեց երկու ձեռքի ափերով շտկել մազերը: Նա իր տարիքին անհամեմատ բարձր և շատ բարակ տղա էր, հորը շատ նման, երևում էր, որ հասուն հասակում հոր կատարյալ պատճենը դուրս կգար: Կատյան, ընդհակառակը, համեմատաբար ցածրահասակ էր, գիրուկ, արդեն նկատելի հասուն կրծքով և հոր հետ ոչ մի նմանություն չուներ: Խանբեգյանն ասում էր, որ տղան իրեն է գցել, իսկ աղջիկը` մորը:

Պապա, դուք դեռ տա՞նն եք, — դիմեց նրան աղջիկը:

Այո, ես դեռ կլուբ չեմ գնացել, ձեզ էի սպասում, թե՞ երբ, վերջապես, կբարեհաճեք շնորհ անել տուն դառնալու, որ նստենք և այս անգամ արդեն շատ լուրջ կերպով խոսենք:

Ինչի՞ մասին:

Այն մասին, որի համար ես շատ անգամ եմ ձեզ հանդիմանել, և դուք ոչ մի նշանակություն չեք տվել իմ խոսքերին, կարծես թե ես ձեր հայրը չեմ այստեղ, այլ մի օտար մարդ, որը ոչ մի իրավունք չունի խառնվելու ձեր գործերին: Քանի՞ անգամ եմ ասել ձեզ, որ դուք ձեր իրավունքը չպիտի համարեք առանց իմ թույլտվության ե՛րբ ուզենաք և ո՛ւր ուզենաք` գնալ և վերադառնալ՝ երբ քեֆներդ տա:

Պապա, զարմանալի մարդ եք, ճշմարիտ, — վառվեց աղջիկը և հուզմունքից նրա գեղեցիկ դեմքը կարմրեց. — այնպես եք խոսում, որ կարծես թե մենք երեխաներ ենք և ամեն մի չնչին բանի համար պետք է անպատճառ թույլտվություն խնդրենք:

Ինչպե՞ս, — բարձրացրեց ձայնը հայրը, իր խոշոր աչքերը թավ հոնքերի տակից ոլորելով աղջկա վրա: — Այդ համարձակությունն էլ ես ստացել, հա՞: Լա՛վ է, շա՛տ լավ է, կեցցես: Չնչին բան է, հա՞, որ մի աղջիկ թրև գա փողոցներում աստված գիտե ո՛ւմ հետ և տուն դառնա կեսգիշերին:

Պապա, — միջամտեց Վանյուշը շատ հանգիստ կերպով, բայց առանց համարձակվելու նայել նրան, — նախ` հիմա կեսգիշեր չէ, և երկ...

Ձայնդ կտրի՛ր, — հանկարծ պայթեց հայրը համբերությունից ելած: — Հիմի էլ դո՞ւ: Ես ձեզ հետ չեմ խոսում դիսկուսիա բանալու համար: Ես ինչ որ ասում եմ, այնպես էլ պե՛տք է լինի, այլապես ոչ ե՛ս եմ ձեր հայրը, և ոչ էլ դո՛ւք եք իմ որդիքը: Վաղը չէ մյուս օրը քննություններ ունեք, փոխանակ տանը նստելու և լուրջ կերպով պատրաստվելու, որ չխայտառակվեք և չխայտառակեք ինձ, դուք ամբողջ օրը չեք իմանում ինչ եք անում և ո՛րտեղ եք թրև գալիս: Ես դեն ածովի փողեր չունեմ, որ ամեն անգամ տանեմ ձեր դիրեկտորի և ուսուցիչների բուռը կոխեմ, որ մի կերպ անցկացնեն ձեզ: Փողըջհանդամը, բայց այն նվաստացո՞ւմը, որ ես զգում եմ: Թե որ երեխա չեք, պետք է որ այդ հասկանաք, բայց որ չեք հասկանում, ուրիշ ի՞նչ կերպ վարվեմ ձեզ հետ ասացեք, խնդրեմ:

Խանբեգյանի բարկությունը ավելի շատ ձևական էր, քան իսկական, իբրև նախապատրաստություն իր կրկին ամուսնանալու որոշումը նրանց աչքերում արդարացնելու համար: Եվ երբ տեսավ, որ իր ցասկոտ խոսքերն իրենց ազդեցությունը գործեցին, կամաց-կամաց մեղմացավ, մանավանդ որ աղջիկը լացակում, կարմրատակած աչքերով խռոված նստել էր սեղանի մոտ, իսկ տղան, ձեռքերը անդրավարտիքի գրպանները կոխած, իր երկար ոտներով չափում էր սենյակի երկայնքը և չէր համարձակվում ձայն հանել:

Ես, իհարկե, հասկանում եմ ձեզ, — ասաց հայրը մեղմացած տոնով, բայց աշխատելով ցույց չտալ, թե զիջում է նրանց, — ձեր մոր մահից հետո կիսով չափ որբ եք մնացել, տանը մարդ չկա, եկող-գնացող չկա, որ զբաղվեք, իսկ իմ գործերը ժամանակ չեն տալիս ինձ ձեզնով զբաղվելու, ձեզ հետ տեղ գնալու: Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ, տանը: Ո՞վ է այստեղ տեր ու տիրական, — Դունյան, ձեր պառավ հիվանդ դայակը և խոհարարը: Է՛հ, եղա՞վ: Մինչև ե՞րբ այսպես: Եվ որպեսզի մի անգամ առ միշտ վերջ տամ այս դրությանը, ես ահա թե ինչ եմ որոշել:

Նա նստեց սեղանի մոտ և դարձավ տղային:

Վանյա, բավական է չափես սենյակը, եկ նստիր այստեղ և լսիր ինչ եմ ասում:

Վանյուշը նստեց նրա դիմաց, մեջքը դեմ տվեց աթոռի թիկունքին և չէր նայում հորը:

Ի՞նչ եք կարծում, — ասաց Խանբեգյանը, փոխնիփոխ դառնալով տղային և աղջկան, — ո՞րն է ավելի լավ. Այսպես շարունակե՞լ, թե՞ տանն ունենալ մեկը, որ փոխարինի ձեր հանգուցյալ մորը և նայի տուն ու տեղին:

Այդ խոսքերի վրա տղան ու աղջիկը, որոնք մինչ այդ նստած էին խռովածի պես և ամենևին չէին նայում հորը, մեկեն նայեցին նրան այնպիսի մի հարցական-տարակուսական հայացքով, որ նա ակամա շփոթվեց և մի րոպե լռեց, աշխատելով դիմանալ նրանց այդ հայացքին: Հետո, զգալով, որ կորցնում է իր հրամայողական-տիրական տոնը, շարունակեց, այս անգամ արդեն խոսքերը խառնելով իրար.

Ասելս այն է, որ... Դուք եք ավելի... ավելի ձեզ համար է, որ ես մտածում եմ... Դուք արդեն երեխաներ չեք, և որովհետև այս բանում դուք էլ... որովհետև այս բանը ձեզ էլ է վերաբերում, ես պարտավոր եմ զգում ինձ... ես չեմ ուզում առանց ձեզ նախապես հայտնելու իրագործել իմ որոշումը: Իսկ իմ որոշումը ահա թե ինչ է ասաց նա, այս անգամ բռնի կերպով տիրապետելով իրեն, — վաղը, թե մյուս օրը, առայժմ չեմ կարող ասել, բայց շուտով դուք այստեղ կունենաք նոր մայր և նոր տանտիկին: Եվ այդ նոր մայրն ու տանտիկինը, — շտապեց նա միանգամից վերջացնել իրեն համար այդ շատ ծանր բացատրությունը, — կլսիր ձեզ երկուսիդ էլ շատ լավ ծանոթ Վիկտորիա Պավլովնան:

Վա՛յ, — հանկարծ բացականեց Կատյան և ուրախությանից վեր թռավ տեղից: — Այդ ի՞նչ ասացիք, պապա: Դուք առաջարկությո՞ւն եք արել նրան:

Աշխատելով պահպանել մեծի լրջությունը՝ աղջկա ուրախ տրամադրությունը չենթարկվելու համար, Խանբեգյանը մի թռուցիկ հայացք ձգեց տղայի վրա, որը առաջվա պես նստած էր հոնքերը կիտած, առանց որևէ նշանով ցույց տալու, թե հոր հայտնությունն ի՛նչ տպավորություն գործեց իր վրա, վեր կացավ և ասաց.

Դե ավելորդ հարցումներ հարկավոր չեն: Այժմ, — նա նայեց պատի ժամացույցին, — ես կլուբ եմ գնում մի կարևոր գործի համար, արդեն ուշացել եմ: Իսկ դուք ընթրեցեք և քնեցեք: Բայց, տեսեք, — ավելացրեց նա դուրս գնալիս, — առավոտյան չտեսնեմ այստեղ ձեր սովորական խոզությունը:

7

Խանբեգյանը կլուբում ոչ մի կարևոր գործ չուներ, նա ուզում էր միայն խույս տալ աղջկա անհաճո հարցուփորձերից և, բացի այդ, հույս ուներ կլուբում այդ գիշեր հանդիպելու Վիկտորիա Պավլովնային, որը, չնայելով իր «սգավորությանը», շուտ-շուտ երևում էր այնտեղ իր փայլուն կավալերներով շրջապատված: Ու որքան անհամբեր էր շուտով գնալու և արդեն հագնված պետք է դուրս գար, հետաքրքրությունը ստիպեց նրան իմանալու, թե ի՛նչ են խոսում իրար հետ տղան ու աղջիկն իր որոշումը նրանց հայտնելուց հետո: Այդ նպատակով կամացուկ մտավ մութ հյուրասենյակը, ոտների ծայրերի վրա մոտեցավ ճաշասենյակի դռանը, որի ճեղքից լույսի հազիվ մի շերտ էր երևում, և շունչը պահած, սկսեց ականջ դնել:

Ու որքան էլ Կատյան ու Վանյան շշնջալով էին խոսում, Խանբեգյանը պարզորեն լսում էր նրանց արտասանած բառերը:

Գիտե՞ս ինչ, — ասում էր Կատյան, — եկ մի քիչ էլ թվաբանությամբ զբաղվենք: Պարզ հանման և գումարման գործողություններ: Քանի՞ տարեկան կլինի, քո կարծիքով, Վիկտորիա Պավլովնան:

Երևի ոչ պակաս 30-ից:

Չէ՛, ի՞նչ ես ասում: Լինի շատ-շատ 25 տարեկան: Իսկ պապա՞ն:

Պապան 57 տարեկան է:

Գցենք 55: Քանի՞ տարով մեծ կլինի Վիկտորիա Պավլովնայից:

55 մինուս 25 = 30:

Միշան (մեծ եղբայրը, որ ուսանում էր Պետերբուրգում: 23 տարեկան է, — շարունակեց քույրը, — քանի՞ տարեկան կլիներ Վիկտորիա Պավլովնան, եթե էն գլխից պապայի կինը լիներ և նա ծնած լիներ Միշային:

25 մինուս 23 = 2, ինն ամիս էլ долой= 1 տարեկան 3 ամսական:

Ու երկուսն էլ ծիծաղեցին:

Հիմա մի ուրիշ խնդիր, — շարունակեց քույրը: — Ես 15 տարեկան եմ. եթե ամուսնանամ ու ամուսինս 30 տարով մեծ լինի ինձնից, քանի՞ տարեկան կլինի:

15 պլյուս 30=45 տարեկան:

Երևակայո՞ւմ ես ինձ, Վանյա, 45 տարեկան ամուսնու հետ:

Պապան խելագարվել է, — նկատեց Վանյան, որ ավելի լուրջ էր պահում իրեն: — Եթե նա...

Խանբեգյանն այլևս քաջություն չունեցավ լսելու և հեռացավ, «Շան լակոտներ, — ասաց մտքումը տես ինչ հաշիվներ են անում և ինչեր գիտեն»: Զգաց, որ տրամադրությունը միանգամայն փոխվել է, և շատ զղջաց, թե ինչու ականջ դրեց,

Կլուբում շրջեց բոլոր դահլիճները, բայց ո՛չ մի տեղ չգտավ Վիկտորիա Պավլովնային և լավ համարեց, որ չգտավ, որովհետև այժմ, տղայի և աղջկա արած հաշիվների ազդեցության տակ, զգաց, թե շատ պիտի ամաչեր իր մոտ 60-ամյա հասակով երևալ այդ նորատի կնոջ հետ կլուբը լցրած իրեն շատ լավ ծանոթ հասարակության մեջ, կարծելով, թե այդ հասարակությունն արդեն գիտե, որ ինքն ու այդ նորատի կինը, որը ավելի շուտ իրեն իբրև աղջիկ կսազեր, շուտով պիտի ամուսնանային իրար հետ:

Բայց և այնպես այդ կնոջը շուտով տիրելու տենչալի հեռանկարը, նրա համաձայնությունն առնելուց հետո, այն աստիճան պաշարել էր նրան, որ շուտով մոռացավ տղայի ու աղջկա հաշիվները, իսկ հասարակության կարծիքի վրա թքել անգամ չուզեց և գնաց նստեց կանաչ սեղանի մոտ իր հին պարտնյորների հետ մի քիչ թուղթ խաղալու՝ բախտը փորձելու համար: «Թե կտանեմ, — ասաց մտքումը, — խո ամեն բան լավ կգնա, թե չէ...»: Նա չվերջացրեց միտքը և սկսեց թղթի կոլոդը խառնել: Հենց առաջին խաղից տարավ: Ոգևորվեց և շարունակեց: Տարավ, տարվեց, տարավ, տարվեց և մի անգամ էլ որ տարավ, վեր կացավ: Վերջը որ հաշվեց, տեսավ տանուլ է տվել: «К чорту, — ասաց մտքումը, — հիմար նախապաշարմունք է»: Ու նստեց ընթրելու և, հակառակ իր սովորության, մի քիչ կոնծեց: Առհասարակ շատ ուրախ էր և կատակներ էր անում:

Խաղակից և սեղանակիցներից մեկըմի պնդակազմ, խոշոր ու գեղեցիկ տղամարդ, որի հետևից կարտյոժնիկ կամ, այդ ածականը փոփոխելով, կատորժնիկ Գաբո էին անվանում իր թղթամոլության համար, որի մեջ վիրտուոզ էր դարձել և երբեմն չէր քաշվում շոլլերության դիմելուտեսնելով միշտ զգաստ, միշտ հավասարակշռված Խանբեգյանի արտասովոր ոգևորությունը, հարցրեց.

Սերգեյ Պետրովիչ, ի՞նչ է պատահել ձեզ, կարծես մի մեծ գանձ եք գտել:

Խանբեգյանը բազմախորհուրդ ժպիտով նայեց նրա դեմքին և, մտքումը պատկերացնելով Վիկտորիա Պավլովնայի նամակի մեջ գրված մի հատիկ բառը, պատասխանեց մի առանձին շեշտով:

Այո:

Կլուբից վերադառնալուց հետո քնեց շատ լավ, բայց առավոտյան սովորականից շուտ արթնանալով, սովորականից ավելի երկար նստեց ջղերը հանգստացնող և ամրացնող լողարանի մեջ, թեյի հետ ավելի ախորժակով կերավ նախաճաշը: Մտադիր էր ժամանակ վաստակելու համար նախ մտնել գործարան, հետո` բանկ և ապա կեսօրին մոտ այցելել Վիկտորիա Պավլովնային՝ խոսելու իրենց ամուսնության մասին:

8

Ժամը տասին մոտ էր, որ նա մտավ գործարան և զարմանքով տեսավ, որ բոլոր բանվորները, տղամարդ և կին, հավաքվել էին բակում, և նրանց մեջ բարձրաձայն խոսակցության կատարյալ քաոս էր տիրում: Տղամարդ բանվորների մի ստվար խումբ շրջապատել էր գործարանի կառավարչին և նրա հետ մի ինչ-որ բանի մասին թունդ բանավեճի էր բռնվել:

Հինգ տարի բանել ենք մի տեղ, հինգ տարի ձեր թամբաքուի թոզն ենք կուլ տվել, բա էլ մեր հընգերութինը, մեր համքարութինը ո՞րդի պտի շանց տանք, — բղավում էր մի ճղճղան ձայն:

Հլա քեզ էլ պտի տանենք, քե՛զ էլ, — նրանից ավելի բարձր էր գոռում մի ուրիշը շրջանի հետին շարքերից: — Ի՞նչ ա, որ ուպրավլաուշչի ա, լայեղ չի՞, — դիմեց այդ ասողը մոտը կանգնածներին:

Խազեինին էլ իմաց տանք, խազեինին էլ, — գոռաց մի երրորդը:

Հրե՛ն խազեինը, տո հրեն գալիս ա, — կանչեց մեկը:

Խանբեգյանի բարձր հասակն իսկույն աչքի ընկավ, նույն րոպեին կառավարչին շրջապատող բանվորների կծիկը քանդվեց, և բակում տիրող խառնաշփոթ ձայները հանդարտվեցին:

Խանբեգյանն առանց կանգ առնելու իր շտապ ու եռանդուն քայլերով մտավ գրասենյակ և հենց դռան մոտ դիմեց իր հետևից մտնող կառավարչին:

Այս ի՞նչ է. ինչո՞ւ են հավաքվել, ինչո՞ւ չեն բանում:

Սերգեյ Պետրովիչ, — ասաց կառավարիչը դեմքի ջղային ցնցումներով (ինչպես երևում էր, շատ էր հուզվել բանվորների հետ բանավիճելիս), — մինչև հիմա բանում էին, բայց ձեր գալուց մի քիչ առաջ մեկ էլ տեսնեմ ամենքը, կարծես խոսքը մեկ արած, հագնվեցին և դուրս եկան, թե` գնում ենք մեռելը թաղելու:

Ի՞նչ մեռել:

Մի թոքախտավոր բանվորուհի ունեինք, մեռել է:

Ախ, հա՛, — հանկարծ հիշեց Խանբեգյանն երեկվա աղքատ պառավին: — Երեկ նրա մայրը եկել էր ինձ մոտ:

Ձեզ մոտ է՞լ, — զարմացավ կառավարիչը:

Ստեփան Գերասիմիչ, — նկատեց Խանբեգյանը մեղմ կշտամբանքով, — ներեցեք, դուք մարդկանք հետ վարվել չգիտեք: Կտայիք այն պառավին մի քանի մանեթ և ռադ կանեիք:

Ի՞նչ իրավունքով, Սերգեյ Պետրովիչ:

Կզանգահարեիք ինձ:

Առանց այն էլ նրա վրա առաջուց տարած ավանսի

Լավ, այդ թողնենք, — կտրեց նրա խոսքը Խանբեգյանը: — Ասում եք, ուզում են գնալ մեռելը թաղելու: Էլ ինչի՞ մասին էիք վիճում:

Ես չեմ թողնում:

Ինչո՞ւ:

Ինչպե՞ս թե ինչու, Սերգեյ Պետրովիչ: Մի օր չբանելն ախր ահագին վնաս է գո՛րծարանին:

Թաղումից հետո կգան, չէ՞, բանելու:

Ասում են՝ կգանք, բայց գիտեմ, որ չեն գա:

Ինչպե՞ս թե չեն գա:

Կհարբեն:

Այդպիսի բան չի կարող պատահել, — բացականչեց Խանբեգյանը վառված աչքերով: — Մի մեռելի պատճառով ամբողջ օրը գործարանը կանգնեցնել...

Դե իմ ասելս էլ ի՞նչ էր, — վրա բերեց կառավարիչը:

Ո՞վ է նրանց գլխավորը, կանչեցեք գա այստեղ, — հրամայեց Խանբեգյանը:

Կառավարիչը շտապով դուրս գնաց, ուր նորից բարձրացել էին խառնաշփոթ ձայները:

Խանբեգյանը նստեց կառավարչի գրասեղանի մոտ և նոր միայն, ձեռքը հազիվ մոտեցնելով գլխարկին, բարևեց գրասենյակի ծառայողներին, որոնք, գործերը թողած, հարգական-սպասողական դրության մեջ, սուս ու փուս նայում էին նրան:

Կառավարիչը վերադարձավ չուխավոր, կապույտ արխալուղի վրա կաշու գոտիկ կապած մոտ երեսուն տարեկան մի բանվորի հետ, որը մտնելուն պես գդակը վերցրեց և կանգ առավ դռան մոտ: Սրա դեղնավուն դեմքի վրա այտերը կարծես մատներով հուպ էին տվել դեպի ներս, անսովոր առատամազ բեղերը ծածկել էին ամբողջ բերանը և թևերը կախել այս կողմը: Աչքերի մեջ ինչ-որ խորամանկ Ժպիտ էր խաղում:

Խանբեգյանը նայեց նրան ոտից գլուխ: «Տիպիկ կինտո», — անցավ նրա մտքով:

Անունդ ի՞նչ է, — հարցրեց:

Բախշո Նախշունով:

Էդ դո՞ւ ես նրանց խելքից հանել:

Բանվորը զարմացած նայեց Խանբեգյանին.

Ո՞նց թե խելքից հանել, խազեին: Երեխեք ե՞ն: Մենք ամենքս մեկ ենք:

Լավ: Չի լինի՞, որ չգնաք:

Բանվորը ժպտաց.

Ո՞նց կըլի, խազեին ջան, համքարութին ա:

Բայց գործը թողնել չի լինի, չէ՞:

Դե ի՞նչ անենք, խազեին ջան, էս մի օրն ա, է՛լի ամեն օր խո մեռել չի պատահում: Պտի յոլա տանենք: Էն խեղճն սկի կուբոն (դագաղը) վե քաշող էլ չունի:

Շատ լավ: Չի լինի՞, որ ամենքդ չգնաք, այլ մի քանի մարդ ղրկեք ձեզանից:

Չէ, խազեին ջան, համքարութինը պտի համքարութին ըլի, որդի մի քանիսը, ընդեղ էլ ամենքը:

Իսկ եթե մեռելը պահեք մինչև կիրակի, երբ ամենքդ ազատ կլինեք:

Բանվորը նորից ժպտաց:

Խազեին ջան, — ասաց նա և, գդակը կռան տակը դնելով, սկսեց մատները մեկ-մեկ ծալել. — ըսօր չորեքշաբթի, էգուց հինգշաբթի, էլօր ուրբաթ, շաբաթ, կիրակիհինգ օր. բա հինգ օր մեռելը, որ ըսկի տանը դնելու տեղ էլ չունի, պահել կըլի՞: Տունը քուլփաթով լիքը, օթախը այ էսքան, — ցույց տվեց նա մի շատ փոքրիկ տարածությունմեռելը գետնին դրած, ըսկի մուկը պոչը ժաժ տալու տեղ չունի: Էն պառավն էլ օր ու գիշեր գլուխը թակում ա, հա՛ թակում: Ես նրանց հարևանն եմ, գիդամ բանը, ընենց որ, խազեին ջան, չի ըլի, պտի թողաք, որ գնանք ըսօր ևեթ հողին պահ տանք, պրծնենք:

Լավ, որ գնաք թաղեք, ետ կգա՞ք գործը շարունակելու:

Վա, դրան էլ խոսք կա՞, խազեին ջան, — կգանք, բա ի՞նչ կանենք:

Քելեխ խո չե՞ք սարքի:

Աղքատին ի՞նչ քելեխ, խազեին ջան: Ձեր տված փողը հրեն կուբոյին ենք տվել, մնացածն էլ ժամ-պատարագին կգնա:

Լավ, գնացեք, բայց տեսեք` ետ գաք:

Արխային կաց, խազեին ջան:

Բանվորը գդակը ծածկեց և դարձավ, որ դուրս գնա, բայց կառավարիչը պահեց նրան.

Լսի՛ր Բախշո, ի՛նչ եմ ասում, խազեինը թողեց, որ գնաք, բայց իմացեք, որ ես ժամերը կհաշվեմ:

Բանվորը շուռ եկավ և տարակուսանքով նայեց նրա դեմքին.

Ո՞նց թե...

Խանբեգյանը վեր կացավ և կանգնեց կառավարչի ու բանվորի մեջտեղը:

Լավ, հիմա ժամանակ չէ այդ մասին խոսելու, — ասաց նա և դարձավ բանվորին. — շուտով գնացեք, որ շուտով վերադառնաք:

Բանվորը դուրս գնաց:

Խանբեգյանը դարձավ կառավարչին:

Ստեփան Գերասիմիչ, հարկ չկար այդ բանն իսկույն ասելու: Ես զարմանում եմ, որ մինչև այժմ չսովորեցիք նրանց հետ վարվելու կերպը: Դուք նրանց զոռով սոցիալիստ եք դարձնում:

Ախր, Սերգեյ Պետրովիչ, դուք չգիտեք, թե ի՛նչ լիրբ ու զզվելի...

Խոսքը չվերջացավ կառավարչի բերանում, ներս մտավ նույն բանվորը ուրիշ երկու բանվորների հետ, և երեքն էլ մի րոպե լուռ կանգնած մնացին դռան մոտ մի տեսակ անհամարձակ ժպիտ դեմքերին:

Էլ ի՞նչ կա, — հարցրեց Խանբեգյանը, դառնալով առաջվա բանվորին, որն իրեն Բախշո Նախշունով անվանեց:

Մենք ուզում ենք խնդրենք ձեզ, — ասաց Բախշոն, — որ դուք էլ, Ստեփան Գերասիմիչն էլ ու սրանք ամենքն էլ, — ցույց տվեց գրասենյակի բոլոր ծառայողներին, — շնորհ անեք գաք:

Թե ի՞նչ, — զարմացավ Խանբեգյանը:

Լազաթ կըլի:

Խանբեգյանը դեմքը խոժոռեց:

Դե, այդ արդեն...

Ուզում էր ասել լրբություն է, բայց զսպեց իրեն, դեմքը շուռ տվավ ու ասաց առարկություն չվերցնող հանգիստ տոնով.

Դուք գնում եք` գնացեք, իսկ կանտորը փակել չի կարելի, հազար ու մի գործ կա:

Չէ, խազեին ջան, ընչի՞ եք...

Դե բավական է, — հանկարծ բռնկեց Խանբեգյանը, այլևս չկարողանալով զսպել իրեն, — ես չեմ սիրում ավելորդ խոսակցություն: Չէ մի, սև դրոշակ էլ կախենք ֆաբրիկի գլխին:

Բախշոն ու երկու ընկերները սուս ու փուս դուրս գնացին: Ժպիտը չքացել էր նրանց դեմքից:

Իսկապես լիրբ և անամոթ ժողովուրդ, — ասաց Խանբեգյանը ջղայնորեն և նորից նստեց կառավարչի գրասեղանի մոտ:

Следующая страница