Նար-Դոս՝   Նոր մարդը

Страницы: Начало Предыдущая 1 2 3 Следующая Конец

Հապա որ ասում էի ձեզ, — նկատեց կառավարիչը, — դրանց որ երես ես տալիս, աստառ էլ են ուզում: Այդ ես եմ, որ դիմանում եմ դրանց, թե չէ, ուրիշը որ լինի... իսկ դուք ասում եք, թե ես չգիտեմ նրանց հետ վարվելու կերպը:

Ինչո՞ւ եմ ասում այդ, — ասաց Խանբեգյանը, — որով հետև անցյալ օրն ինքներդ էիք ասում, չէ՞, թե ինչ-որ պահանջներ են ուզում անել, հակառակ դեպքում մտադիր են գործադուլ հայտարարել: Դրա համար է, որ ասում եմ` մի քիչ մեղմ վարվենք:

Այ, մեղմ վարվեցիք և տեսաք լրբությունն ո՛ւր հասավ: Դուք նկատեցի՞ք, որ նա հարբած էր:

Առավոտ-առավոտ հարբա՞ծ, — զարմացավ Խանբեգյանը:

Սրանք առավոտ-երեկո չգիտեն. երբ պատահի` կխմեն, միայն թե փող լինի գրպաններում: Օր չի պատահի, որ զանազան պատրվակի տակ ավանսով փող չվերցնի սա կամ նա: Հետո, ռոճիկները բաժանելիս, հաշիվը որ առաջներն եմ դնում, սկսում են ղալմաղալ բարձրացնել: Վճռել եմ այսուհետև ոչ ոքի և ոչ մի կոպեկ ավանս չտալ:

Խանբեգյանը, իր արծաթագլուխ ձեռնափայտին դեմքը տված, գրամեքենայի և համրիչի չխչխկոցի տակ դեռ երկար ժամանակ լուռ ու մտախոհ ականջ էր դնում կառավարչի գանգատներին, հետո հանկարծ նայեց ձեռքի դաստակին կապած ոսկի ժամացույցին և մեկեն վեր կացավ: Ուզեց, ըստ երևույթին, ինչ-որ բան ասել, բայց մի արագ հայացք ձգելով հաշվապահի ու նրա օգնականի, մեքենագրուհու և մի երկու ուրիշ ծառայողների վրա, որոնք, ըստ երևույթին անտարբեր, իրենց գործին էին, ոչինչ չասաց և դիմեց դեպի դուռը, գլխով նշան անելով կառավարչին, որ հետևի իրեն:

Նրանք դուրս եկան ընդարձակ բակը:

Բակը միանգամայն դատարկվել էր մարդկանցից: Պահեստանոցների պատերի տակ կուտակված էին հարյուրավոր դատարկ արկղեր: Բեռնակիր ավտոմոբիլը կանգնած էր գարաժի մոտ հանգած: Այս ու այնտեղ թափթփված էին պատառոտուն դեղին թղթեր կանաչ յառլիկներով և ծխախոտի ջարդված տուփեր: Գամփռ շունը, բակի մեջտեղ նստած, ահագին գլուխն առջևի երկու թաթերի վրա դրած, տաքանում էր դարնան արևի ախորժելի ճառագայթների տակ:

Ստեփան Գերասիմիչ, — ասաց Խանբեգյանը, դիմելով կառավարչի հետ դեպի բակի դուռը՝ գամփռ շան սև ու խոշոր աչքերի ուղեկցությամբ, — այդ պահանջը, որ ասում եք... ի՞նչ եք կարծում, ագիտատոր չկա՞ մեջները:

Այս խոսքերի հետ կանգ առավ և նայեց կառավարչի աչքերին:

Պետք է որ լինի, — պատասխանեց կառավարիչը վարանելով: — Մեկի վրա կասկած ունեմ և կարծում եմ, որ կասկածս անհիմն չպիտի լինի: Քիչ ու շատ ինտելիգենտ է, լրագիր է կարդում, մնացածները բոլորը կինտոներ են: Չի խմում: Այսօրվա դեմոնստրացիան էլ պետք է որ նրա սարքածը լինի: Երեկ փող էր հավաքում, որ պսակ դնեն մեռելի վրա:

Խանբեգյանը, մտախոհ, մի «հըմ» արեց և շարունակեց քայլել դեպի բակի դուռը:

Մտածում եմ մի հնար գտնել, որ կրճատեմ նրան, Սերգեյ Պետրովիչ, — շարունակեց կառավարիչը, հետևելով նրան: — Դուք ի՞նչ խորհուրդ կտաք:

Խանբեգյանը իսկույն չպատասխանեց:

Չէ, — ասաց հապաղելով, — առայժմ սպասեցեք, բայց լավ հետևեցեք: Ես կուզեի տեսնել` ինչ տեսակ մարդ է:

Վաղը որ գաք, ցույց կտամ:

Բակի դռան մոտ բաժանվելիս Խանբեգյանը դարձավ կառավարչին.

Բայց քեզ նորից խորհուրդ եմ տալիս, Ստեփան Գերասիմիչ, նպաստավոր հող չստեղծել այդ ագիտատորի համար: Մինչև անգամ վատ չի լինի, որ, եթե ուշ չէ: մի պսակ ուղարկեք այն բանվորուհու դագաղի վրա դնելու գործարանի անունից:

Դուք կարծո՞ւմ եք:

Այո: Մի քանի ռուբլին չնչին բան է, բայց դրանով կարող ենք բանվորության սիրտը շահել: Առանց այն էլ, երևի, հայհոյում են մեզ, որ մերժեցի թաղմանը գնալ:

Կառավարիչը, ըստ երևույթին դժգոհ, ուզում էր առարկել, բայց ոչինչ չասաց:

Այդպես արեք, արդպես, — ասաց Խանբեգյանը և հեռացավ:

9

Այս բոլոր անցուդարձի և խոսակցության ժամանակ Խանբեգյանի մտքից բնավ չէր հեռանում, որ գնալու է Վիկտորիա Պավլովնայի մոտ: Ուրիշ անգամ կառք կնստեր, բայց գարնանային այդ հրաշալի եղանակին ամբողջ մարմնի մեջ այնպիսի մի կայտառություն և շարժման պետք էր զգում, որ լավ համարեց ոտքով գնալ, չնայելով, որ բավական երկար ճանապարհ ուներ գնալու: Բացի այդ, ժամը 11-ից նոր էր անցել, և այդպես վաղ անհարմար էր համարում Վիկտորիա Պավլովնայի մոտ գնալ:

Գոլովինսկի պրոսպեկտում շքեղ կաֆեներից մեկի առաջ հանդիպեց կարտյոժնիկ Դաբոյին, ըստ երևույթին քիչ քնելուց՝ ուռած-կարմրատակած աչքերով, որոնց տակ մի-մի փուչիկներ էին գոյացել և տգեղացնում էին նրա առնական գեղեցիկ դեմքը:

Խուբեգյանը գիտեր, որ նա ամուրի է, ունի մի սենյակ, ուր միայն քնում է, իսկ մնացած ամբողջ ժամանակն անց է կացնում դուրսըցերեկը ճաշարաններում, իսկ գիշերը մինչև լուսադեմ կլուբում` կանաչ սեղանի մոտ կամ առանձին կաբինետներում: Ոսկեպատ պենսնեն քթին, նա լրագիր էր կարդում, երբ պատահմամբ աչքն ընկավ Խանբեգյանի վրա:

Խանբեգյանը բարևեց և առանց կանգ առնելու շարունակեց ճանապարհը:

Սերգեյ Պետրովիչ, — կանչեց նրա հետևից Կարտյոժնիկ Դաբոն, — կարդացի՞ք նորությունը:

Խանբեգյանը կանգ առավ.

Ի՞նչ նորություն:

Սարաևոյի սպանությունը:

Ո՞վ է Սարաևոն:

Սարաևոն քաղաք է Բոսնիա-Հերցեգովինայում: Այնտեղ սպանել են Ավստրիայի գահաժառանգին:

Ինչո՞ւ:

А чорт его! Երևի քաղաքական որևէ աստառ կունենա:

Խանբեգյանը շարունակեց ճանապարհը միանգամ այն անտարբեր արտասահմանյան մի կորած-մոլորած քաղաքում տեղի ունեցած այդ անցքի հանդեպ: Սակայն, երբ բանկում իր պաշտոնակիցները դիմավորեցին նրան նույն նորությունը հայտնելով, վալյուտայի և ակցիաների հետ գործ ունեցող մարդու հոտառությունը թելադրեց նրան հևտաքրքրվելու քաղաքական այդ խոշոր անցքով, որըմութ կերպով զգաց նաանհետևանք չէր կարող անցնել քաղաքական ընդհանուր կացության, հետևաբար և բորսային գների համար: Ուզեց անցքի մանրամասներն իմանալ` որոշ հետևություններ անելու համար, բայց լրագրի մեջ հեռագրական շտապ երկտողից զատ ուրիշ ոչինչ չգտավ: Եվ որովհետև այդ անցքի շուրջը տեղի ունեցած խոսակցության ընթացքում Վիկտորիա Պավլովնայի մոտ գնալու համար իր որոշած ժամից մի կես ժամ էլ անցել էր, շտապով դուրս եկավ և կառք նստեց, մոռանալով Սարաևոն էլ, ամեն բան էլ:

1928

Страницы: Начало Предыдущая 1 2 3 Следующая Конец