Նար-Դոս՝   Պայքար

Հեղինեն, վերին աստիճանի ապշած, ձեռքերը զարկեց իրար:

Մանե՛, գժվե՞լ ես... Հասկանո՞ւմ ես ինչ ես ասում

Մանեն նստեց: Զարմանալի անդորրություն էր տիրում նրա բոլոր շարժումների և հայացքի մեջ:

Այժմ ինձ համար ողջ մեկ է, — ասաց նա, շարունակ տարված իր ներքին մտքերով: — Հիմարություն է... Բոլորը հիմարություն է...

Հեղինեին թվաց, թե երազի մեջ է լսում այդ խոսքերը Մանեի բերանից: Ինքը, որ թեորիայով այնքան համարձակ մտքեր էր հայտնում ամուսնական կապի և ազատ սիրո մասին և այնքան ծաղրում էր Մանեի հայացքները, այժմ մնացել էր ապշած և շփոթված նույն այդ Մանեի առաջ, որովհետև այստեղ թեորիա չկար, այլ կանգնած էր ինքը մերկ իրականությունը, սոսկալի իր պարզությամբ, անհոգությամբ և արհամարհանքով:

Մանե, լսիր ինչ եմ ասում, — ասաց նա առնելով ընկերուհու ձեռքերը: — Աղաչում եմ, վեր կաց գնա: Աստված է վկա, դու քեզ կկործանես: Գնա: Դեռևս վաղ է: Եթե հարցնեն, ասա ինձ մոտ էիր, մեր տանը: Չէ՛, չէ՛. ձերոնք գիտեն, որ այստեղ եմ: Ասա որմի խոսքովհնարիր ինչ ուզում ես, միայն մի ասիր, որ այստեղ էիրԼսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, Մանե ջան: Իսկույն ծառային կասեմ, որ կառք կանչի:

Եվ, առանց սպասելու Մանեի պատասխանին, նա շտապով դուրս գնաց, բայց իսկույն էլ վերադարձավ:

Զարմանալի է, մի՞թե ծառան դեռևս չի վերադարձել. ես նրան մեր տուն ղրկեցի, որ...

Ավելորդ է, — ընդհատեց նրան Մանեն նույն հանգիստ ձայնով. — այս գիշեր ես պետք է մնամ այստեղ:

Ինչո՞ւ համար:

Հենց այնպես:

Ինչպե՞ս թե` այնպես:

Որովհետև ես այսպես եմ ուզում:

Մանե, մի՛ համառիր: Աղաչում եմ, մի՛ համառիր:

Դա քաջություն չէ, դա խելացնորություն է: Ճիշտ է, Բադամյանի դրությունը լավ չէ, բայց, հավատացնում եմ քեզ ոչինչ չի պատահիլ: Բժիշկն այս երեկո այստեղ էր, ասաց, որ նրա առողջ կազմվածքը կհաղթե: Վերջապես, ես էլ մի բան հասկանո՞ւմ եմ, թե ոչ: Թոքերի պարզ բորբոքում է, որ առաջացել է մրսելուց և անզգույշ մնալուց, ուրիշ բան չկա: Չես հավատո՞ւմ ինձ:

Երեխա՞ եմ, ինչ է, որ ուզում ես խաբել: Ես տեսա նրա աչքերը. նա արդեն մեռած է... Ես կանչեմ նրան, և նա չլսի՞ ինձ... նա նայի ինձ և չճանաչի՞...

Մանեի ձայնը դողաց: Նա շրթունքները պինդ սեղմեց իրար և կուլ տվեց հեծկլտանքը: Աչքերն առատորեն լցվեցին արցունքով:

Այսքան ժամանակ ես չարչարեցի, տանջեցի նրան... չարչարեցի, տանջեցի և ինձ, — շարունակեց նա դողդոջուն ձայնով: — Ինչո՞ւ համար, մեկ հարցնող լինի, ինչո՞ւ համար: Որ նրան և նրա հետ ինձ ա՞յս օրին հասցնեմ: Ես կարծում էի, թե միայն ինձ եմ զոհաբերում, մինչդեռՊարտականություն՝ ասում էի ինձ, սրբազան ուխտ՝ ասում էի ինձ: Բայց, ահա, թող գան և ազատեն ինձ այս հուսահատությունից այդ պարտականությունն ու սրբազան ուխտը: Ո՞ւր են, թող գան: Թող գան և համոզեն ինձ այժմ, որ նրա մահը ոչինչ է ինձ համար, որ վաղը, մյուս օրը նրան գերեզման կդնեմ, իսկ ես, այնուամենայնիվ, կարող եմ հանգիստ շարունակել իմ կյանքը... Օ՛, եթե գիտենայի, թե այսքա՛ն սիրում եմ նրան...

Մանեն թաշկինակը սեղմեց աչքերին և այլևս չկարողացավ զսպել ծանր, խեղդող հեկեկանքը:

Հեղինեն փորձեց նրան հանգստացնել, բայց իզուր. Մանեի հեկեկանքը գնալով սաստկանում էր: Հեղինեն, վերջի-վերջո, դուրս եկավ համբերությունից:

Այդպես չի կարելի, վերջապես, — բացականչեց նա բարկացած: Հազիվհազ կարողացա հեռացնել սկեսուրիդ և այն ծերունուն, որ չխանգարեն, հիմա դու ես եկել և ստիպում ես, որ հիվանդին թողած, քեզնով զբաղվեմ: Գլուխս քարովը տվի, որ մնացի: Չե՞ք թողնիլ, որ տեսնեմ ինչ եմ անում: Ամբողջ վեց ժամ է, որ այստեղ եմ, և մի րոպե հանգստություն չեմ ունեցել, հիմա էլ մոտակա դեղատնից հեռախոսով խոսեցի բժշկի հետ, խնդրեցի, որ իսկույն գա և երկու էլ ուրիշ բժիշկ հրավիրի կոնսիլիում անելու համար: Վազելով գնացել և վազելով էլ եկել եմ, որովհետև ամեն մի րոպեն թանկ է: Մարդն այնտեղ կռվում է մահվան հետ, և իմ ներկայությունն անհրաժեշտ է այնտեղ, իսկ դու ստիպում ես, որ քեզ հետ չանա թակեմ: Սա ինչի՞ նման է, ասա խնդրեմ: Եվ դեռ ասում ես, թե սիրում ես նրան...

Այս խոսքերն ազդեցին Մանեին. նա դադարեց հեկեկալուց և նայեց ընկերուհուն շատ խեղճացած:

Ես քեզ ի՞ նչ եմ անում որ, — նկատեց նա:

Սրանից էլ ավելի բան պետք է անե՞ս, չես թողնում, որ մի րոպե մտնեմ հիվանդի մոտ:

Մտիր, ես քեզ ե՞րբ եմ բռնում:

Ա՛խինչպե՞ս անեմ, որ քեզ բան հասկացնեմ: Մանե ջան, հոգի ջան, հասկացիր ինձ. ես չեմ կարող հանգիստ իմ բանս տեսնել, քանի որ դու այստեղ ես:

Ես քեզ չեմ խանգարիլ, աստված է վկա Էլեն, չեմ խանգարիլ. ուզում ես, կքարանամ նստած տեղս...

Փո՛ւ, ի՛նչ համառ և անհասկացող կին ես եղել, — զայրացած նկատեց Հեղինեն և, պենսնեն քթի վրա ուղղելով, դուրս գնաց հիվանդի սենյակը:

Բժիշկները շատ չուշացան: Ամենից առաջ եկավ Բադամյանի անձնական բարեկամ բժիշկը: Նա այն աստիճան մտահոգ էր հիվանդի դրության համար, որ գրեթե ոչ մի ուշադրություն չդարձրեց Մանեին: Շուտով հավաքվեցին և մյուս բժիշկներըերեք հոգի: Դրանցից մեկը հայ էր, մյուսը՝ հրեա, երրորդը՝ ռուս զինվորականբոլորն էլ շտապող, վերին աստիճանի անտարբեր: Հիվանդի վիճակը մի առ մի քննելուց հետո չորս բժիշկները նստած էին սեղանի շուրջը խորհրդակցում էին, որի ժամանակ երկուսը ծխում էին, մեկը մատիտով զանազան նկարներ էր գծում սեղանի վրա ընկած լրագրի լուսանցքների վրա և շուտ-շուտ հորանջում էր, մյուսը, զինվորականը, երկու ձեռքով ոլորում էր բեղի ծայրերը, ներքին շրթունքով բարձրացնում էր վերին շրթունքը և ցած նայելով աշխատում էր ինքն իր աչքով տեսնել իր բեղը: Նրանք խոսում էին կես-ռուսերեն, կես-գերմաներեն, կիսատ-պռատ նախադասություններով՝ համեմված լատինական տերմիններով: Հաճախ դիմում էին Հեղինեին զանազան հարցումներով, որոնց նա պատասխանում էր գերմաներեն, երևի նրա համար, որ Մանեն ոչինչ չհասկանա:

Եվ Մանեն, հիրավի, բոլորովին ոչինչ չէր հասկանում բժշկական այդ խոսակցությունից, չնայելով, որ լարել էր իր ամբողջ լսողությունը և աշխատում էր ոչ մի բառ չթռցնել ականջից: Հեռու նստած, նա միանգամայն ապշած էր մնացել, թե ինչպես այդ մարդիկ կարողանում էին այդ աստիճան անտարբեր լինել, նույնիսկ ծխել և հորանջել այն միջոցին, երբ զբաղված էին իրենց նման մի մարդու կյանքի և մահվան խնդիրը որոշելով: Եվ այդ մարդը հեռու չէր. նա՝ այնտեղ էր, նրանց կողքին, հարևան սենյակում, որի կիսաբաց դռնից լսվում էին նրա չարագուշակ հազի ձայները:

Խորհրդակցությունը երկար չտևեց, և երբ բժիշկները. գնացին, Մանեն վրա ընկավ ընկերուհու ձեռքերին և հարցրեց տենդային անհամբերությամբ.

Ի՞նչ որոշեցին...

Հեղինեն, շփոթված, աշխատեց խլել իր ձեռքերը, բայց Մանեն ավելի պինդ բռնեց:

Ասա , մի՛ թաքցնիր:

Նրանք ոչինչ չեն հասկանում, — զայրացած բացականչեց Հեղինեն, — Որոշեցին, թե... Ես կհաստատեմ, որ նրանք ոչինչ չեն հասկանում, ոչինչ

Մանեի ձեռքերը հանկարծ թուլացան, նա ինքն ամբողջապես կարծես փալաս կտրվեց և կամաց, երերուն քայլերով գնաց նստեց աթոռի վրա: Նա այլևս ոչինչ չհարցրեց: Եվ ի՞նչ հարկ կար: Ամեն ինչ այժմ պարզ էր: Այլևս ոչ մի կասկած, ոչ մի տարակուսանք, հետևաբար և ոչ մի հույս: Վարագույրն այժմ բաց էր, և այն, ինչ որ նա մինչև այժմ տեսնում էր այդ վարագույրի հետևը միայն անորոշ գծերով, այժմ միանգամից ներկայացավ նրան իր ամբողջ պարզությամբ:

Հեղինեն հուզված անցուդարձ էր անում սենյակում փոքրիկ արագ քայլերով և բերնից դուրս թռցրած կցկտուր բառերով կրկնում էր, թե բժիշկները ոչինչ չհասկացան, թե բոլորի քունն էլ տանում էր, թե ամենքն էլ շտապում էին, որ շուտով գնան քնեն:

Մանեն քարացած խոշոր աչքերով նայում էր ընկերուհուն, մտածում էր, թե ինչպե՞ս է, որ այնքան ծանր պենսնեն չի ընկնում նրա փոքրիկ քթից և, նրան լսելու տեղ, ականջ էր դնում հիվանդի սենյակից չոր հազի ձայներին, որոնք խուլ արձագանք էին տալիս մեջ-գիշերային անդորրության մեջ: Այժմ ավելի պարզ ու որոշակի, քան այնտեղ` հիվանդի սենյակում, նրա առջև պատկերանում էին Բադամյանի փակ աչքերը, որոնք կիսախավարի մեջ թվում էին թե փակ չեն,
այլ բաց ու դատարկ՝ անդունդի նման մութ ու խոր խոռոչներով, որոնց միջից այժմ նայում էր ինքը մահը:

Օդը ծանր էր և խաղաղ: Ժամանակն անցնում էր Մանեի համար ինչ-որ սարսափելի սպասողության մեջ, բայց նա հանգիստ, էր և ոչ մի բանից չէր վախենում: Նրան նորից տիրել էր միտքն ու զգացումները թմրեցնող այն անզորությունը, որի մեջ մարդ ապրում է մի տեսակ վերասլաց կյանքով, առանց զգալու իր ֆիզիկական գոյության ծանրությունը:

Մի կառք, դղրդացնելով խաղաղ փողոցը, մոտեցավ և կանգ առավ պատուհանի տակ: Հեղինեն մոտեցավ պատուհանին և նայեց ներքև: Մանեն անտարբեր հետաքրքրությամբ նայեց նրա հաստ մեջքին:

Կարծեմ եղբայրդ է, Մանե, — խիստ անհանգստացած շշնջաց Հեղինեն, շտապով հեռանալով պատուհանից:

Մանեն նստած էր արձանի պես: Նրա դեմքի վրա ոչ մի գիծ չշարժվեց:

Վահանը մտավ իր լայն և հուժկու քայլերով: Սանդուղքներից բարձրանալուց քրտնել և հեթեթում էր սաստիկ: Քրոջը տեսնելուն պես կանգ առավ ակամա: Պարզ երևում էր, որ եկել էր քրոջ հետևից, բայց Մանեի դեմքը լավ դիտելուց հետո ոչ մի խոսք չասաց այդ մասին և դարձավ Հեղինեին.

Անցնում էի այսպես. ասացի մեկ մտնեմ տեսնեմ ինչպես է Բադամյանը, — ասաց նա, ինքն էլ զգալով, որ շատ անշնորհք պատրվակ է առաջ բերում իր անժամանակ այցելության իսկական նպատակը քրոջից ծածկելու համար: — Կարո՞ղ եմ տեսնել նրան:

Հեղինեն իսկույն հասկացավ նրա մանևրը և նրան ներս տարավ հիվանդի սենյակը:

Դուք Մանեի համար եք եկել, չէ՞, — հարցրեց նա:

Այո:

Գիտեի՞ք, որ այստեղ է:

Համոզված էի, որ այստեղ կլինի:

Իսկ Սանթրոսյա՞նը:

Ես քնած էի, որ նա եկավ ինձ մոտ հյուրանոց, զարթնեցրեց և ասաց, որ Մանեն տանը չէ և չի հայտնել, թե ուր է գնացել: Կարծում էր, թե ինձ մոտ կլինի: Չծածկեցի, ասացի, որ այստեղ կլինի:

Ի՛նչ եք ասում, — շշնջաց Հեղինեն սարսափած:

Վնաս չունի: Խաբելն ավելի վատ կլիներ: Բադամյանը նրա ազգականն է և մի տեսակ տանու մարդ էր, այնպես որ Սանթրոսյանը ուրիշ բան կասկածել չի կարող: Եվ տեսա, որ չկասկածեց և նույնիսկ չզարմացավ, որ ասացի, թե Մանեն այնտեղ կարող է լինել: Ուզում էր մինչև անգամ ինձ հետ գալ ի դեպ հիվանդին էլ տեսնելու, բայց չթողեցի: Որ նա երբեք էլ ոչինչ չի կասկածիլդրան ես համոզված եմ: Ցավն այս է, որ Մանեն ինքը չմատնի իրեն: Այս րոպեին որ նայեցի նրա աչքերին, վախեցա: Նա ընդունակ է ամեն բան անելու:

Ես էլ այդ սարսափի մեջ եմ և մինչև այժմ չկարողացա համոզել որ գնա: Գիտե՞ք ինչ ասաց ինձ. ասաց, որ ամեն բան ինքը կհայտնի ամուսնուն:

Ես հավատում եմ, որ այդպես էլ կանի:

Բայց դա սարսափելի բան կլինի: Ի սեր աստծո, այնպես արեք, որ այդ հիմարությանը չանի, և տարեք, տարեք նրան շուտով: Մի քիչ առաջ չորս բժիշկ կար այստեղ: Կոնսիլիում ունեին: Միաձայն վճռեցին, որ ոչ մի հույս չկա:

Մեզ չի՞ լսում արդյոք, — կամաց հարցրեց Վահանը, ակնարկելով հիվանդի կողմը:

Սա՞... Սրա բանն արդեն վերջացած է: Բժիշկներն ասացին, որ այս գիշեր հազիվ թե լուսացնի: Եվ Մանեն այդ շատ լավ գիտե, թեև ես աշխատեցի ծածկել նրանից բժիշկների ասածը:

Վահանը ոտների ծայրերի վրա մոտեցավ հոգեվարքի մահճակալին, կարճ ժամանակ դիտեց Բադամյանի արդեն մահվան դեղնությամբ պատած դեմքը և, ճնշված մոտալուտ մահվան պատճառած ծանր զգացման տակ, կամաց դուրս գնաց քրոջ մոտ:

Հեղինեն հետևեց նրան:

Մանեն նստած էր նույն դրության մեջ, ինչպես որ թողել էին նրան Վահանն ու Հեղինեն հիվանդի սենյակը մտնելիս:

Մանե, ես գնում եմ, — ասաց Վահանը: — կգա՞ս տանեմ քեզ ձեր տուն:

Մանեն նայեց եղբորն այնպիսի հայացքով, որից երևում էր, որ չհասկացավ, թե ինչ ասաց Վահանը: Ըստ երևույթին, նա տարված էր մի չափազանց խոր մտքով, որը դեռևս զբաղեցնում էր նրան:

Վեր կաց, սիրելիս, վեր կաց գնանք, — ասաց Հեղինեն այնպես, ինչպես խոսում են երեխայի հետ: — Վաղն առավոտյան ես քեզ տեղեկություն կտամ: Այս գիշեր կրիզիս է, և ես հաստատ համոզված եմ, որ վաղը լավ կլինի: Վեր կաց, արդեն շատ է ուշ է:

Մանեն վեր կացավ և, առանց մի խոսք անգամ արտասանելու, լուսնոտի պես հետևեց եղբորը: Նրա հայացքը շարունակ հառած էր իր առաջ մի անորոշ կետի, ուր կարծես հոգի ու մարմին էր առել նրան զբաղեցնող միտքը և հիպնոսացրած՝ գերեվարում էր նրան դեպի մի խորհրդավոր աշխարհ, որը, սակայն, իր խորհրդավորությամբ ամենևին չէր վախեցնում, այլ նույնիսկ գրավում էր նրան...

_________________________

Սանթրոսյանը ըստ երևույթին հանգիստ, պարապում էր իր առանձնասենյակում, երբ կինն ու նրա եղբայրը ներս մտան: Ամուսինը գլուխը բարձրացրեց գրասեղանի վրայից, նայեց կնոջը և իսկույն վեր կացավ վախեցած:

Մանեն կանգնած էր նրա առաջ չափազանց գունատ և աչքերը վայր թողած: Գրասեղանի վրա դրված լամպի կապույտ լուսամփոփը մեռելային փայլ էր տալիս նրա դեմքին:

Ի՞նչ է պատահել քեզ, հիվանդ ես, — հարցրեց ամուսինը:

Բան չկա, — մեջ ընկավ Վահանը: — Բադամյանի դրությունը մի քիչ ազդել է, կանցնի: Գնա, սիրելիս, գնա հանգստացիր, — ասաց նա քրոջը:

Մանեն կամաց հեռացրեց եղբոր ձեռքը և տեղից չշարժվեց:

Մանե՛, դու ինձ վախեցնում ես, — բացականչեց Սանթրոսյանը:

Լսիր, — ասաց Մանեն կարծես գերեզմանի միջից: — Նա մեռնում էթերևս արդեն մեռած է... Իսկ ես... սիրում եմ նրան... սիրում էի նրան...

19

Գիշերվա ժամը երեքին մոտ էր:

Սանթրոսյանը դեռևս նստած էր մենակ իր առանձնասենյակում և իզուր աշխատում էր խելքը գլուխը ժողովել: Նա լավ չէր հիշում, թե ինչ պատահեց կնոջ խոստովանությունից հետո, կարծես հանկարծ շշմեցրել էին նրան գլխին իջեցրած դագանակի այնպիսի մի զորեղ հարվածով, որից մինչև այժմ էլ չէր կարողանում ուշքի գալ: Մութ կերպով միայն հիշում էր, որ Վահանը քրոջը ներս տարավ ննջարան, որը գտնվում էր հենց առանձնասենյակին կից, հետո դուրս եկավ այնտեղից և ինչ-որ բաներ էր ասում, իսկ ինքը կանգնած էր ապուշի պես և ոչինչ չէր հասկանում նրա ասածներից: Հետո, մտավ մայրը գիշերվա զգեստով և քնաթաթախ և նույնպես ինչ-որ բաներ ասաց, որից նույնպես ոչինչ չհասկացավ: Վերջը տեսավ, որ մենակ է, և շուրջն այնպիսի անդորրություն է տիրում, որ կարծես աշխարհը քարացել էր: Ոչ մի ձայն, ոչ մի շշուկ չէր լսվում նույնիսկ դրսից: Լսվում էր միայն ծղրիդի մի խիստ համառ ճռինչ, որի մեկ գիշերվա անդորրությունն ավելի ևս քարացած էր թվում:

Սանթրոսյանին թվում էր, թե հանկարծ, մոգական մի գավազանի զորեղությամբ, ինքն ենթարկվել է հոգեփոխությանը, որ ինքն այլևս առաջվա մարդը չէ, այլ մի բոլորովին այլ արարած, որի մեջ ամեն ինչ օտար է, անծանոթ, զարմանալի և սարսափելի: Նույն օտարը, նույն անծանոթը, նույն զարմանալին ու սարսափելին նա տեսավ և զգաց Մանեի մեջ, որի չափազանց լուրջ, գունատ դեմքն իր վայր թողած աչքերով երևաց նրա առաջ և չքացավ ննջարանի դռան հետևը գերեզմանից ելած ուրվականի պես...

Սանթրոսյանը նստած էր արմունկները հենած ծնկներին և գլուխն առած ձեռքերի մեջ: Կնոջ ուրվականը չէր հեռանում նրա աչքի առջևից, և նա չէր իմանում ինչ է մտածում, ինչ է զգում. մտքերն ու զգացումները մի սարսափելի քաոս էին կազմում նրա մեջ: Նա նեղվում էր ծանր, տաք օդից, գիշերվա անդորրությունից ու մենակությունից և զգում էր, որ եթե պատուհանից մի քիչ հով փչեր, եթե ցերեկ լիներ, ինքն այդպես չէր նեղվիլ: Ծղրիդի ճռինչը մանավանդ ֆիզիկական ցավ զգացնելու չափ գրգռում էր նրա ջղերը, և նա չէր իմանում ո՛ւր փախչի, որ ազատվի այդ անտանելի համառ ճռինչը լսելուց:

Նա վեր կացավ, որ դուրս գնա պատշգամբ: Մութ հյուրասենյակով անցնելիս հարևան ճաշասենյակից խրոխտ հազի ձայներ լսվեցին: Նա ցնցվեց, կանգ առավ և ականջ դրեց: Վահանն էր հազողը: «Մի՞թե այստեղ է մնացել», — մտածեց Սանթրոսյանը և դուրս գնաց պատշգամբ:

Գիշերը զարմանալի խաղաղ էր: Բաց երկնքի տակ օդի մեջ թեև փոքր-ինչ զով թարմություն էր զգացվում, բայց և այնպես Սանթրոսյանը դարձյալ նեղվում էր, և այստեղ ևս լսվում էր ծղրիդի ճռինչը քաղցած մանկան լացի պես համառ և լսողի ջղերը քայքայող: Որքան նա աշխատում էր չլսելուն տալ, այնքան այդ ճռինչը հրամայաբար տիրում էր նրա ուշադրությանը: Վերջը տեսավ, որ այլևս ոչ մի բանի մասին չի մտածում, մտածում է միայն այն մասին, թե որտեղից է գալիս այդ ճռինչըաջի՞ց, թե ձախից, վերևի՞ց, թե ներքևից, դրսի՞ց, թե ներսից, ինչպե՞ս չի հոգնում և ի՞նչ է ուզում ասել այդ փոքրիկ, աներևույթ միջատը գիշերվա անդորրությունն այդքան աղմկելով:

Բայց ահա կնոջ ուրվականը նորից եկավ կանգնեց նրա առաջ իր մեռելատիպ դեմքով: Այդ ուրվականը ինչ-որ բան ասացշատ խորհրդավոր և շատ զարմանալի մի բանև անցավ չքացավ ննջարանի դռան հետևը...

Պատշգամբի կողքին երկրորդ թե երրորդ բաց պատուհանից նորից լսվեց Վահանի հազի ձայնը: «Մի՞թե այստեղ է մնացել», նորից մտածեց Սանթրոսյանը և ականջը լարեց դեպի այդ պատուհանը: Հազի ձայնը կրկնվեց: Սանթրոսյանը կամաց ներս գնաց, մթության մեջ խարխափելով անցավ հյուրասենյակով, շոշափելով գտավ ճաշասենյակի դուռը, զգուշորեն բաց արեց և կանգ առավ շեմքում: Ճաշասենյակում ևս ճրագ չկար վառված:

Նույն րոպեին ինչ-որ ճռճռաց, և լսվեց բոբիկ ոտների մի դրփոց հատակի վրա:

Ո՞վ է, — կանչեց Վահանը, իր բամբ ձայնով:

Դուք քնած չե՞ք, — կամաց հարցրեց Սանթրոսյանը:

Փեսա՞:

Ես եմ:

Չէ, քնած չեմ:

Կարո՞ղ եմ ձեզ մի փոքր անհանգստացնել:

Կարող եք:

Սանթրոսյանը ներս մտավ և նույն զգուշությամբ դուռը փակեց իր հետևից:

Սենյակում այնքան մութն էր, որ կատարելապես ոչինչ չէր երևում, երևում էր միայն պատուհաններից մեկը, որի փեղկերը բաց էին, և այդ պատուհանից դուրսդիմացի տան պատը, որ լուսավորված էր փողոցի լապտերի աղոտ լույսով: Նա կամաց առաջ անցավ՝ ձեռքերը տարածած իր առջև, որ մթության մեջ մի աթոռ գտնի, և հանկարծ դիպավ ճաշասեղանին:

Սպասեցեք, ճրագ վառեմ, — ասաց Վահանը:

Չէ՛, չէ՛, — արագ վրա բերեց Սանթրոսյանը շշունջով:

Ես աթոռ եմ որոնում... Ահա, գտա... ճրագ հարկավոր չէ, չվառեք:

Աթոռը տարավ դրեց բաց պատուհանի առաջ և նստեց:

Կարծում էի, թե գնացել եք, — ասաց նա:

Ուզում էի գնալ, բայց մայրիկը չթողեց:

Տիրեց երկարատև լռություն:

Դուք դեռ չե՞ք պառկել, — հարցրեց Վահանը:

Պառկեցի, բայց քնել չկարողացա, — հանգիստ կերպով պատասխանեց Սանթրոսյանը: — Ամբողջ կյանքիս մեջ այս առաջին անգամն է, որ այսքան անհանգիստ գիշեր եմ անցկացնում, — ավելացրեց նա կարճ լռությունից հետո: — Չգիտեմ, իսկապե՞ս տոթ է, թե ես եմ, որ շնչելու օդ չեմ գտնում: Իսկ այն ծղրիդն էլ... լսո՞ւմ եք:

Ի՞նչ ծղրիդ:

Չե՞ք լսում:

Հա: Ի՞նչ է որ:

Եթե չեմ սխալվում, ծղրիդներն երևում են օգոստոսին, իսկ այժմ մենք դեռևս հունիս ամսումն ենք: Այնքան վատ է ազդում ինձ այդ ձայնը, որ կարծես քերթում են ջղերս բութ դանակով:

Սանթրոսյանը նորից լռեց մի կարճ ժամանակ, և ապա սենյակի մթության մեջ նորից լսվեց նրա հանգիստ ձայնը:

Հարավային Ռուսաստանում եղած ժամանակս մի անգամ մի շատ սուր ընդհարում ունեցա պաշտոնակիցներիցս մեկի հետ: Խնդիրը վերաբերում էր անձնական պատվի, և ինձ հասցրած վիրավորանքը պիտի սրբվեր արյունով միայն, հետևյալ օրը կամ ես պիտի սպանեի ինձ վիրավորողին, կամ՝ նա ինձ: Եվ այնուամենայնիվ այդ օրվա նախընթաց գիշերն անգամ ես այսքան անհանգիստ չէի... Ի՛նչ է պատահում ինձ այս գիշերչեմ հասկանում: Խոհականությունս չեմ կորցրել, սառնասրստությունսնույնպես, բայց և այնպես... ինձ թվում է թե... ամեն բան կորցրել եմ... ամե՛ն բան, ամե՛ն բան...

Նրա ձայնը նկատելի կերպով դողաց, և նա իսկույն լռեց:

Վահանը, անկողնակալի վրա նստած, տեսնում էր Սանթրոսյանի մութ ուրվագիծը պատուհանի քառանկյունի ֆոնի վրա և ուշի-ուշով ականջ էր դնում նրան:

Իսկ Մանեն... քնա՞ծ է, — հարցրեց նա:

Երևի... Չգիտեմ... Ես նրա մոտ չեմ մտել:

Ինչպե՞ս թե...

Մի՞թե ես այլևս իրավունք ունեմ նրա մոտ մտնելու...

Վահանը պարզ որոշել չկարողացավ, թե Սանթրոսյանն այդ խոսքերն արտասանեց մինչև հոգու խորքը վիրավորված մարդու հեգնությամբ, արդյոք, թե ներքին խիստ զսպած կատաղությամբ:

Մեր միջև հանկարծ այնպիսի՛ մի վիհ է բացվել, որը... — ավելացրեց Սանթրոսյանը և դարձյալ լռեց:

Վահանի շատախոս լեզուն կարծես փորն էր ընկել: Նա չէր իմանում ինչ ասի, ինչպես հանգստացնի իր քրոջ մարդուն: Սանթրոսյանի երերուն ձայնից, արտասանած կցկտուր խոսքերից նա հասկանում էր, թե որքան տանջվում էր հոգեպես այդ մարդը, և նրան թվում էր, թե ինքն էլ մասնակից է իր քրոջ հանցանքին այդ դժբախտ մարդու առաջ, որ այդպես չարաչար տանջվում էր բոլորովին անարդար կերպով:

Վիհ, ահավո՛ր մի վիհ, — կրկնեց Սանթրոսյանը, կարծես ինքն իրեն: — Մինչդեռ երեկ էր, այսօր էր, սրանից մի երեք ժամ առաջ էր, որ ես ոչինչ չգիտեի, ոչինչ չէի կասկածում, ոչի՛նչ... Եվ հոգիս այնքա՛ն խաղաղ էր: Իսկ այժմ... Իսկ ա՛յժմ: Ինձ թվում է, թե երազումս եմ, մի սարսափելի երազի մեջ, որից ուզում եմ դուրս գալչեմ կարողանում... Մանեն և... եթե ինձ ասեին, թե հանկարծ գայլ է դարձել, աղավնին՝ օձ, հրեշտակը՝ սատանա, եթե ինձ ասեին, թե երկինքը պիտի փուլ գա, աշխարհս պիտի կործանվի այս րոպեին, — կհավատայի, բայց այս բանին... բայց այն բանին, ինչ որ նա ասաց... այդ բանին չեմ ուզում հավատալչե՛մ ուզում, որովհետև հավատալու բան չէ և չի՛ կարող լինել... Մանեն և... Երկուսից մեկը. կամ ես մինչև այս հասակս միամիտ եմ եղել երեխայի պես և կամ թե մեր ժամանակումն իսկ կարող են այսպիսի հրաշքներ կատարվել: Մի՞թե դուք ևս հրաշք չեք համարում այս բանը, հրաշք, ամենազարմանալի հրաշքն աշխարհիս երեսին: Ահա մի ժամ է, երկու ժամ է, չգիտեմ որքան ժամանակ, կարծես թե աշխարհ գալուցս օրից ի վեր, մտածում եմ, մտածում եմ... ի՛նչ եմ մտածումչգիտեմ: Ինձ թվում է, թե ուղեղս ցնցում է... զգում եմ, թե մեջս հետզհետե զարթնում է մի բան, սոսկալի մի բան, որ կարծես թե բռնում է ինձ պինդ, երկաթի ճանկերով և ստիպում է անել մի բան, զարհուրելի, աներևկայելի մի բան, որի մասին մտածելիս քարանում է ուղեղս, արյունս սառում է երակներիս մեջ... եվ ինձ թվում է երբեմն, թե արդեն կատարել եմ այդ բանը, և քիչ է մնում ճչում խելագար զարհուրանքով... ես հասկանում եմ, թե ինչ է այս և զսպում եմ ինձ, կարեվեր ջանք եմ գործ դնում զսպելու ինձ. ես ուզում եմ փախչել ինքս ինձնից, իմ մտածմունքներից, որոնք մրջյունների պես ղժվժում են ուղեղիս մեջ, բայց... այս գիշերը, այս մութ գիշերը, այն ծդրիդը... Օ՛հ, ե՛րբ պիտի լուսանա վերջապես...

Սանթրոսյանին ուշքի բերեց մի ճթոց և ֆոսֆորային մի լույս, որ վառվեց և հանգավ Վահանի անկողնակալի վրա:

Ի՞նչ եք անում, — հարցրեց նա:

Ուզում եմ ծխել:

Մի ուրիշ լուցկի ճթաց և վառվեց:

Լույսի կարճատև լույսի տակ Սանթրոսյանը տեսավ Վահանին նստած, մերկ ոտները կախ արած և հաստ սիգարն ատամների մեջ բռնած: Լուցկին հանգավ, և այժմ սենյակի մթության մեջ լուսատտիկի պես առկայծում էր սիգարի կարմրավուն կրակը, վայրկենական լուսավորելով Վահանի մազազուրկ դեմքը: Սանթրոսյանի քթին դիպավ իրեն անսովոր և անախորժ ծխախոտի ծանր հոտը: Հեռու-մոտիկ հարևանի բակից լսվեցին քնաթաթախ մի կանչ, որն այնուհետև կրկնվում էր ընդմիջումներով, սկզբում խռպոտ, հետ հետզետե զլվելով:

Կկանչի, կկանչի և նորից կքնի հանգիստ, — ասաց Սանթրոսյանը: — Իսկ ես...

նա լռեց և խոնարհվեց ծնկների վրա:

Պատի ժամացույցի լեզվակը, հարատև շարժուն, հնչեցնում էր մութ սենյակի լռության մեջ իր չափաբերական զարկերը խորհրդավոր անտարբերությամբ:

Զարմանալի բան, — խոսեց Սանթրոսյանը երկար լռությունից հետո. — մարդ սկսում է խորը մտածել և խորը զգալ այն ժամանակ միայն, երբ հանկարծ դժբախտության մեջ է ընկնում: Ասում են, թե ուսումը, կրթությունը մարդուն կամքի ուժ և իրավունքի գիտակցություն են ներշնչում, բայց այս գիշերվա դեպքն ինձ բոլորովին հակառակն է համոզում: Ես տգետ մարդ չեմ, նույնիսկ մի ժամանակ պատրաստվում էի գիտական ասպարեզի համար, բայց և հազիվ թե որևէ մարդ այնպես թույլ և իրավազուրկ զգա իրեն, որքան եu եմ զգում ինձ այժմ: Ժողովրդի հասարակ մարդը, մի գռեհիկ գյուղացի, մի տգետ արհեստավոր, մի բիրտ բանվոր, եթե իմ տեղս լիներ այս րոպեին, կգիտենար, թե ինչ պիտի անի, և կաներ առանց տատանվելու, առանց երկմտելու, կաներ իսկույն, անձնատուր իր ամբողջ էությունը լափող անմիջական զգացմանը, իսկ ես... Ահավասիկ ես նստած եմ ձեր առաջ, թույլ, կամազուրկ, տատանվող, անվճռական, նույնիսկ վախկոտ, ինչպես մի Համլետ, որ ընդունակ է միայն մտածելու, մտածելու և սարսափելու իր մտածմունքներից: Ինչքան էլ որ խնդիրը շուռ եմ տալիս դեսուդեն, ինչ տեսակետից էլ որ մոտենում եմ նրան, իրավական թե բարոյական, փիլիսոփայական թե առօրյա կենցաղավարական, այնուամենայնիվ վերջ ի վերջո զալիս կանգ եմ առնում դարձյալ այն անողոք, անջնջելի կետի վրա, որ կինս, այսպես թե այնպես, իմս չէ այլևս, որովհետև սիրտն իմս չէ: Սա այնքան պարզ է, այնքան տրամաբանական, որ ավելորդ է անգամ այս մասին խոսել: Եվ այստեղ է, ահա, որ կտրվում են թևերս, և ես այնքան թույլ եմ զգում ինձ, այնքան իրավազուրկ, որքան նորածին մի մանուկ: Ի՞նչ կարող եմ անել: Իրավո՞ւնք ունիմ որևէ բան անելու, նույնիսկ հանդիմանական մի թեթև խոսք ասելու: Իբրև մարդ, նա ազատ է, նա անձեռնմխելի է, նա իրավունք ունի, իսկ ես չունիմ: Այդպես է պահանջում լոգիկան: Եվ երբ մի քիչ էլ առաջ եմ անցնում, տեսնում եմ, որ նույնիսկ ներելու իրավունք չունիմ, այո , նույնիսկ ներելու իրավունք, որովհետև ներելու իրավունք ունի միայն նա, ով ամենից առաջ պատժելու իրավունք ունի, իսկ ես հենց պատժելու իրավունքից է, որ զրկված եմ համարում ինձ: Ահա թե մինչև ուր կարող է տանել այս անողոք, այս պողպատյա լոգիկան: Շատ-շատ, ես իրավունք ունիմ միայն ասելու «մնաս բարև» և գնալ իմ ճանապարհով, բայց... հետո՞... Ահա՛ թե որտեղ է թաքնված Համլետը... Ապշելու բան է, թե ինչպես ձեռաց կարելի է փշրել մարդու ապագան, նրա ամբողջ կյանքը, այն բոլորը, ինչի համար նա երկար տարիներ տքնել, չարչարվել, տանջվել է... Ախ՛, Մանե, Մանե, այս ի՞նչ արիր դու, այս ի՜նչ արիր...

Նրա հանգիuտ ձայնը նորից դողաց, և նա ավելի կախեց գլուխը ծնկների վրա:

Աքաղաղը լռել էր, և մութ գիշերն առաջվա պես ննջում էր անդորր: Վահանի սիգարը մերթ վառվում էր, մերթ հանգչում, նրա անմազ դեմքը լուսավորելով իր վայրկենական անփայլ կրակով:

Հանկարծ ինչ-որ տարօրինակ խուլ ձայներ, քթի փսփսոցի նման, դիպան Վահանի ականջին, «Լա՛ց է լինում», — մտածեց նա, նայելով Սանթրոսյանի կողմը: Սակայն այդ ձայներն իսկույն լռեցին:

Ես նրան սիրում էի, չափազանց սիրում, — շարունակեց Սանթրոսյանը երերուն ձայնով, որից սակայն երևում էր, որ նա աշխատում է սրտապնդել իրեն: — Սիրում էի այն աստիճան, որ ամեն անգամ, երբ երկարատև բացակայություններից հետո գալիս էի տուն, նայում էի նրա աչքերին, գրկում էի նրան, ինձ թվում էր, թե պիտի մեռնեմ երջանկությունից... Եվ այս բոլորն այլևս չկա, չքացավ հանկարծ, միանգամից, միրաժի պես, անդարձ... Ի՞նչը ստիպեց նրան իր խոստովանությունն անելու ինձ և այդ էլ այն ժամանակ, ինքն իր աչքով տեսել և համոզվել էր, որ նա, ում որ սիրում է, մեռնում է: Չէ՞ որ ես երբե՛ք, երբեք չեմ կասկածել, չէի կասկածում և մինչև մահս էլ չէի կասկածիլ նրա հավատարմության և առաքինության մասին: Ուրեմն ինչո՞ւ արավ այդ բանը, ինչո՞ւ: Մի՞թե ինձ պատժելու համար... մի՞թե նրա համար, որ սրտիս մեջ գցեր այս թունավոր կասկածը, մի կասկած, որ վերաբերում է ոչ այնքան իրեն և նրան, ում որ սիրում է եղել, որքան ինձ, այո՛, ինձ, որովհետև, ես այժմ մտածում եմև այս մտածմունքն ուղղակի մահ է ինձ համարթե այն ժամանակ, երբ ես գրկում էի նրան և իմ ամուսնական իրավունքները բանեցնում, դրանով թերևս վայրենի մի բռնություն էի գործ դնում նրա զգացումների վրա, և նա չէր բողոքում այդ բանի դեմ կամ վախենալով ինձնից, կամ խղճահարվելով ինձ վրա... Եվ ես այժմ չգիտեմ, թև ո՛րն ավելի անտանելի, ավելի հուսահատական է ինձ համարա՞յն գիտակցությունն արդյոք, որ նա այլևս իմս չէ թե՞ այն կասկածը, որ նա իմս չէ եղել երբե՛ք, հենց սկզբից... Բայց մի ուրիշ բան կա, որ միանգամայն զինաթափ է անում ինձ: Այդ այն է, որ մտածում եմ, թե մի գուցե ես եմ պատճառը: Ապահով իմ ընտանեկան երջանկության վրա, վերին աստիճանի եսասեր և անհեռատես, կնոջս վրա նայելով իբրև մի առարկայի վրա, որով մարդիկ զվարճանում են հոգնատանջ աշխատանքից հետո, ես ընկել եմ մամոնայի հետևից, ամբողջ ամիսներ բացակայել եմ տնից, և մեկ տարի չէ, երկու տարի չէ... իսկ նադեռատի կին տաք արյունով, եռուն զգացումներով, գգվանքների կարոտ... մենակ... մոռացված կամ գրեթե մոռացված... Հետո, իմ այս հասակը... Չէ՞ որ ես մեծ եմ նրանից, կրկնակի մեծ... իսկ նա... այն պարոնը...

Следующая страница