Նար-Դոս՝   Պայքար

Այո՛, այս տիկինն է պատմել, իսկ այս տիկնոջը պատմել է մա՜յրդ, — աղաղակեց նա: — Ի՞նչ է, ուզում ես ուրանա՞լ: Հա՞: Այն խեղճ պառավը կարծել է և այս տիկնոջն էլ այնպես է հասկացրել, թե ես եմ քեզ դրդում, որ այդ անպիտանությունները գործես, ուստի սրա միջնորդությունն է խնդրել, որ քեզ չգժվեցնեմ, կարծես թե խելքս գնում է քո այդ զզվելի դեմքի համար: Ահա՛ թե, պարո՛ն, որ աստիճան հանցավոր եմ հանդիսանում ես քո այդ գարշելի արարքների պատճառով: Եվ ինչո՞ւ համար, որ հենց սկզբից չեմ վռնդել քեզ իմ մոտից շան պե՞ս:

Մի ակնթարթում Նասիբյանի դեմքը սփրթնեց սպիտակ քանթանի պես: Վայրկենական կատաղության ուժգին թափով նա բռնեց Հեղինեի ուսերից, ըստ երևույթին պատրաստվելով դեն շպրտելու նրան կամ գլորելու իր ոտների տակ, բայց իսկույն զսպեց իրեն և միայն սարսափելի համառումով կամաց հեռացրեց նրան իր առջևից, ամբողջ կատաղությունն արտահայտելով միմիայն ահարկու աչքերի և ձեռքերի խիստ լարված մկանների մեջ: Չնայելով իր պստիկ և նիհար կազմվածքին, նրա ոսկրացած ձեռքերն այնպիսի ուժ էին հավաքել իրենց մեջ, որ Հեղինեն իր մսեղ ուսերի վրա սաստիկ ցավեր զգաց և ճչալով դուրս պրծավ նրա ձեռքերից, ճակնդեղի պես կարմրատակած:

Ինչպե՜ս դու համարձակվում ես... ինչպե՜ս դու համարձակվում ես, — աղաղակեց Հեղինեն լացագին, քթից պոկելով պենսնեն, և նրա աչքերից անզոր վիրավորանքի և ծայրահեղ կատաղության արցունքի կաթիլներ դուրս ցայտեցին:

Նասիբյանը լուռ էր: Նա շնչում էր ծանր և իր ահարկու աչքերով խժռում Հեղինեին:

Մանեն պինդ կպել էր լուսամուտի տախտակին և զարմանքից ու վախից ցամաքել տեղնուտեղը:

Խնդրում եմ, ներեցեք ինձ, տիկին, — դարձավ նրան Նասիբյանը, աշխատելով կարելույն չափ հանգիստ խոսել և նրա շրթունքները ցնցվում էին կատաղությունից:

Ես շատ ցավում եմ, որ այս oրիորդը ձեր ներկայությունն է ընտրել իր լվացքը լվանալու համար` և եթե ես նույն կեղտաջուրը չեմ թափում իր գլխին, դրա համար թող պարտական լինի ձեր ներկայությանը: Բայց, երևի, մենք ուրիշ ժամանակ կգտնենք մեր հաշիվները տեսնելու, ինչպես հարկն է...

Ա՞յդ ինչ սպառնալիք է, — կանչեց Հեղինեն, առաջ վազելով, բայց չհամարձակվելով մոտենալ նրան, որովհետև Նասիբյանը նորից ոլորեց նրա վրա չարությամբ լի իր ահարկու աչքերը, և նրա շրթունքների ջղային ցնցումը սաստկացավ:

Երևի այս oրիորդն ինձ ձեր առջև ներկայացրել է իբրև մի փալաս, որի քթից բռնած` կարող է ման ածել, ինչպես ուզենա: Սխալվում է, շատ է սխալվում և ձեզ էլ սխալեցրել է, տիկին: Այդ դուք հետո կտեսնեք, հետո կիմանաք

Դարձյա՞լ սպառնալիք. դարձյա՞լ, — աղաղակեց Հեղինեն, կատաղությունից ինքն իրեն ուտելով:

Սակայն Նասիբյանն այս անգամ նրան չնայեց նույնիսկ: Նրա արտաքինն ավելի հանգիստ ու հպարտ կերպարանք առավ, և հայացքը լի հանգիստ արժանապատվությամբ նայում էր Մանեի փեշերին: Նա շարունակեց:

Իսկ այժմ ես կամենում եմ մի երկու խոսք ասել ձեզ, տիկին, քանի որ դուք այսպես թե այնպես խառնվել եք այս գործին: Որ մայրս պատմել է ձեզ իմ ընտանեկան վիճակը և ձեր միջնորդությունն է խնդրել, այդ բանին ես հավատում եմ, իհարկե, որովհետև տգետ կին է, անկիրթ կին է: Բայց դուք հանձն եք առել այդ միջնորդությունը, անշուշտ հավատացած լինելով, թե դրանով բարի գործ կլինիք կատարած, այդ բանը, — ներեցեք, տիկին, — ինձ մի փոքր... զարմացնում է, որովհետև, դուք ինտելիգենտ կին եք, կրթված կին եք և պետք է հասկանայիք, որ ուրիշի ընտանեկան գործերին միջամտելն առհասարակ լավ բան չէ, թեկուզ այդ միջամտությունը լիներ նույնիսկ ամենալավ միտումներով, ամենաբարի զգացումների թելադրությամբ: Կնոջս ծեծում եմ, թե պաշտում. մորս դռնեդուռ եմ գցել, թե պալատներում նստեցրել զավակներիս քաղցած եմ պահում, թե շատ ունենալուց տրաքեցնում, — այդ ոչ ձեզ է վերաբերում, ոչ այս օրիորդին, և՜ ոչ ուրիշ որևէ մարդու: Եվ ես ոչ ոքի թույլ չեմ տա, որ...

Դուք ինձ վիրավորում եք, պարոն, — շշնջաց Մանեն ապշած: — Ես այդ մասին ոչինչ չեմ ասել ձեզ:

Ճիշտ է, շատ ճիշտ է, դուք ոչինչ չասացիք ինձ այս մասին, բայց այս րոպեին ևս «միջնորդությունս» բառը լսեցի... Հետո, ձեր ներկայությունը մեր այս ընդհարմանըԵվ, բացի դրանից, թույլ տվեք ինձ մի քիչ ավելի սրատես լինելու. տեսնում եմ, որ դուք հավատացել եք մորս ասածներին և ձեր սրտում մեղավոր եք համարում ինձ:

Մանեն այս անգամ շարժվեց տեղից, չկարողանալով զսպել իր զայրույթը:

Պարո՛ն, երևի չեք նկատում, որ ինքներդ ձեզ հակասում եք, — նկատեց նա խստորեն: — Այս րոպեին ասացիք, թե ոչ ոք իրավունք չունի խառնվելու ձեր ընտանեկան գործերին, մինչդեռ այժմ ձեր իրավունքն եք համարում մտնել ուրիշի սիրտը և քրքրելու այնտեղ, թե ինչ է մտածում ու զգում նա:

Ներեցեք, տիկին, ես

Խնդրում եմ, թողե՛ք ինձ հանգիստ:

Եվ Մանեն, սաստիկ հուզված, դուրս գնաց արագ քայլերով:

Նասիբյանը մնաց սառած իր տեղում՝ բերանը բաց, աչքերը չռած:

Օ՛, օձ... թո՛ւյն... դժոխքի վիժմունքԵ՞րբ պետք է ազատվեմ քո այդ գարշելի դեմքից, — անհուն ատելությամբ շշնջաց նրա քթի տակ Հեղինեն և դուրս վազեց ընկերուհու հետևից:

Մանեին բռնեց նախասենյակում:

Մանե ջան, դու գնո՞ւմ ես:

Ես սովոր չեմ այդպիսի տեսարանների և... ջղային եմ, — ասաց Մանեն, խուսափելով Հեղինեի աղերսող աչքերից և աշխատելով խլել հուզմունքից դողացող իր ձեռքերը նրա ձեռքերի միջից:

Հեղինեի աչքերը հանկարծ վառվեցին կատաղի վճռականությամբ:

Ես դուրս կանեմ նրան... փողոցից մարդիկ կկանչեմ, ոստիկան կկանչեմ..

Ի՞նչ ես ասում... ի սեր աստծու, — շշնջաց Մանեն վախեցած: — Թող գնամ, աղաչում եմ, թող

Սպասիր, Մանե ջան: Մի վախենար, ոչինչ չեմ անիլ: Ես սաստիկ գրգռված եմ, չեմ իմանում ինչ եմ ասում... Օ՜, դժոխք, դժոխք, կատարյալ դժոխք... Այրվում եմ, խորովվում եմ, ուզում եմ մսերս կրծել, թե ինչո՞ւ ֆիզիկապես այսքան թույլ եմ, ինչո՞ւ ձեռքերիս մեջ այնպիսի մի ուժ չունիմ, որ բռնեմ կոկորդից և խեղդե՜մ... խեղդե՜մ... Սպասիր, մի փախչիր: Ոչինչ չեմ անիլ... դժբախտաբար, ոչինչ չեմ կարող անել, ոչի՜նչ... արյունս միայն իզուր այսպես կպղտորեմ: Սպասիր: Գոնե ասա, որ ինձնից նեղացած չես և չես մեղադրում ինձ:

Մանեն շատ լրջորեն նայեց Հեղինեի աչքերին, որոնց հուսահատական-կատաղի փայլը փոխվել էր գրեթե մանկական պաղատագին արտահայտության:

Քե՞զ... ոչ: Ես համոզվեցի, որ մեղավորը նա է: Եվ նրա անամոթ սոփեստությունն էր, որ ինձ այսքան գրգռեց:

Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, Մանե ջան, — ասսց Հեղինեն, պինդ սեղմելով նրա երկու ձեռքը, — Չես կարող երևակայել, թե որքան սիրում եմ քեզ և որքան թանկ է ինձ համար քո կարծիքը: Լեզվիս մի նայիր. սիրտս շատ ավելի բարի է, քան լեզուս: Գիտե՞ս ինչն է ինձ ավելի կատաղեցնում. — այն, որ ես կարծում էի, թե ազատ եմ, ինչպես երկնքի թռչունը, ինչպես օդը, մինչդեռ տեսնում եմ, որ գլխիս պատրաստել եմ այնպիսի մի բռնակալ, որպիսին չի կարող լինել նույնիսկ մի գազան-ամուսին, մի ճորտատեր: Օ՛, հա՛խս է, հա՛խս է: Ինչպես երևում է, դեռ շատ փորձանքներից պիտի անցնեմ ինձ կատարելապես ազատ ու անկախ զգալու համար... Դե՛ գնա, ես քեզ չեմ ուզում պահել: Ներիր, որ քեզ այսպիսի անհամ դրության մեջ դրի: Նա ճիշտ էր ասում, քո ներկայությունը չպիտի ընտրեի լվացքս անալու համար: Բայց այլևս չեմ կարող համբերել, ո՛չ չեմ կարող: Դանակն արդեն ոսկորին է հասել: Այս րոպեին այնպիսի լվացք լվանամ նրա գլխին, որ մեջը խեղդվի: Դու գնա, իսկ ես հենց այս րոպեին կտեսնեմ այդ սրիկայի հետ իր սպառնացած հաշիվները: Օ՛, նա դեռ չի ճանաչում ինձ...Գնա, ցտեսություն:

Երբ Մանեն շտապով դուրս եկավ փաղոց, վերևից, բաց լուսամուտից նրա ականջին դիպան Հեղինեի կատաղի ծկլթոցները: Այդ ձայներն այնպիսի անհաճո գրգիռ պատճառեցին նրա ջղերին, ինչպես խարտոցի կանչռտոցը սղոց սրելու ժամանակ: Եվ նա շտապեց հեռանալ ամոթահար այն բանից, որ այդ միջոցին խաղաղ փողոցով անցող մի երկու մարդ կանգ առան տան դիմացը մայթի վրա և զարմացած ու հետաքրքրությամբ նայում էին դեպի լուսամուտը:

4

Հետևյալ օրը, կեսօրից առաջ, Մանեն նամակ էր գրում ամուսնուն, երբ նախասենյակից նրա ականջին դիպավ մի բամբ ձայն, որը հարցրեց դուռը բաց անող ծառային «ո՞վ կա տանը»: Նա իսկույն ճանաչեց եղբոր ձայնը և, գրիչը վայր ձգելով, դուրս վազեց:

Նախասենյակում նրա դեմն ելավ Վահանըհսկայամարմին և թիկնավետ մի երիտասարդ` կես-այրված մի հաստ սիգար բերանին: Ծղոտի լայնեզր գլխարկը ետ էր գցել ճակատից, որի վրա քրտնքի առատ կաթիլներ էին դուրս ցայտել: Հագած էր ուսերը խունացած դեղնագույն ամառվա վերարկու, որի ամենավերի կոճակն էր միայն գցված, իսկ փեշերը ետ էին քաշվել և երևան էին հանում նրա անսովոր հաստ փորը, որի վրա աղեղնաձև կախ էր ընկած ժամացույցի հասարակ մետաղի շղթան սևացած: Նա կլիներ 30-35 տարեկան, սակայն երեսին մազ չկար ամենևին, որով շատ էր նմանում երեսը սափրած դերասանի: Գեղեցիկ ոչինչ չկար նրա արտաքինի մեջ, բացի միայն աչքերից, որոնք շարունակ ժպտում էին ամենքին և ամեն բանի ուրախ հեգնությամբ վերաբերվող բարեսիրտ մարդու քաղցր ժպիտով:

Քույրը փարեց եղբոր վզին և կարոտի բուռն զգացման զեղումից լաց եղավ:

Սակայն եղբայրն այդքան զգայուն չեղավ. նախ մեղմորեն բռնեց քրոջ ձեռքերից, հեռացրեց նրան իրենից, հետո բերանից հանեց սիգարը և հարցրեց.

Հը՞, ի՞նչ է պատահել, մեռա՞ծ էի, ի՛նչ է, և հանկարծ հարություն առած ես տեսնում ինձ, Ղազարոսի պես:

Մանեն ժպտաց և մատներով սրբեց արտասուքը:

Գնա՜ , ես քո քույրը չեմ, — ասաց նա խռովածի պես, բայց դարձյալ ժպտում էր:

Ա՜յ քեզ բլան: Ինչո՞ւ:

Ինչո՜ւ: Որովհետև քանի օր է, որ եկել ես և նոր ես հիշում ինձ, ինչպես միշտ:

Ինչպես միշտ: Ուրեմն էլ ինչո՞ւ ես նեղանում: Եվ խո հիշել եմ վերջապես. դու ա՛յդ ասա, Ղազարի քույր, թե չէ` մնացածը դատարկ բան է: Այսօր չլինի, վաղը լինի, ի՞նչ վնաս: Մերը «յավաշն» է: Ասիացի չե՞նք: Բայց աստվածդ սիրես, օգնիր, մի էս անտերը հանենք:

Վահանը սիգարը դրեց բերանը, բաց արեց վերարկուի կոճակը, շուռ եկավ և ձեռքերը մեկնեց դեպի քույրը:

Մանեն բռնեց նրա վերարկուի թևերի ծայրերից, քաշեց, քաշեց և հազիվ կարողացավ հանել:

Դե ասում ես. մեր «յավաշը» որ չլինի, այսքան կչաղանա՞նք, որ վերարկուն չհանվի: Անտերը հուպ է տալիս, է՜, կռներիս տակը: Երևակայիր, վեց տարի է, որ հագնում եմ, բայց էլի ափսոսս գալիս է, որ դեն գցեմ: Իսկ ձեր այս շոգն էլ

Վահանը գլխարկը կախեց վերարկուի վրա և թաշկինակով սկսեց սրբել քրտնած ճակատն ու շլինքը:

Ես մի բանի վրա եմ զարմանում և նեղանում քեզնից, Վահան, — նկատեց քույրը լրջորեն:

Այսինքն:

Ինչո՞ւ մեր տանը չես իջնում, որ գալի՛ս ես Թիֆլիս:

Կարծեցի նոր բան ես ուզում ասել: Մի վախենար, քույրիկ ջան, թանկ հյուրանոցում չեմ իջած, վճարում եմ ընդամենը 75 կոպեկ:

Ախր ինչո՞ւ է՛ :

Որովհետև ես շատ եմ սիրում անկախություն ասված բանը: Խո գիտես իմ նշանաբանը, ոչ պարտավորվել, ոչ պարտավորեցնել: Բացի դրանից, ես սարսափելի էգոիստ մարդ եմ, ուզում եմ աչքիցդ կարելույն չափ հեռու լինել, որ ավելի շատ սիրես ինձ: Բայց արի մի տեսնենք ոնց ես: Ուղիղ մի տարի է, որ չեմ տեսել քեզանցած գարունքից:

Եվ եղբայրը քրոջ ձեռքից բռնած ներս տարավ:

Աղջի ջան, շատ ես լղարել, աչքումս, — ասաց Վահանը արևի պայծառ շողերով լուսավորված սենյակի մեջ լավ դիտելով Մանեի դեմքը: — Իսկի չի երևում, թե իմ քույրն ես: Ինչո՞ւ չես գալիս ինձ մոտ, որ չաղանաս: Այս ամառ որ գաս, կտանեմ: Հավատա: Մի քիչ տաք է մեր կողմերը, բայց վնաս չունի, օդը առողջարար է: Իսկ նոր գինեգործարանս արդեն պատրաստ է և այս տարի գինիները պատրաստելու եմ արդեն ամենանորագույն սիստեմով: Այժմ եկել եմ մի քանի գործիքներ տանելու և այս քանի օրս այդ բանի հետևից եմ ընկած:

Լավ, ո ՞ւմ համար ես աշխատում այդքան:

Ազգի համար;

Դու ծիծաղում ես, բայց տես, մազերդ արդեն սպիտակում են, — լրջորեն նկատեց քույրը, շոշափելով եղբոր մի քիչ երկարացած և սպիտակախառն մազերը քունքերի վրա: — Ինչո՞ւ չես ամուսնանում:

Որովհետև վախենում եմ լղարեմ: Բացի դրանից, չէ որ կինս էլ պետք է աժդահա լինի ինձ պես, իսկ այժմյան աղջիկներն ինչ են ներկայացնում իրենցիցինչպես գրում են ռուսերեն մտածող մեր գրողներըերեքշահանոց վառիկներ, այն էլ աղբանոցում քջուջ արած վառիկներ: Բայց դու քոնն ասա: Ո՞նց ես, լա՞վ ես: Լսեցի մարդդ նոր հանքեր է գտել, ճի՞շտ է:

Ճիշտ է: Այժմ այնտեղ է:

Գիտե՞ս, ես նրան համ հավանում եմ, համ չեմ հավանում, հավանում եմ նրա եվրոպական ձեռնարկուի խիզախ ոգին, որը կարող է նրան շատ առաջ տանել. չեմ հավանում նրա լրջությունը: Լուրջ մարդիկ իմ մահս են: Բայց ինձ մի բան է հետաքրքրում. ինչպե՞ս եք ապրում իրար հետ:

Ինչպե՞ս թե

Ուզում եմ ասել սերից-մերից կա՞:

Մանեն սկզբում շփոթվեց, հետո ստիպեց իրեն ծիծաղել:

Որովհետև, գիտե՞ս ինչու եմ հարցնում, — շարունակեց Վահանը, — նա սառը, դու տաք. նա՝ այսպես ասած` ֆլեգմատիկ, դու սանգվինիկ: Ինչպե՞ս են հաշտվում ձեր տեմպերամենտները:

Շատ լավ են հաշտվում, շատախոս: Նախ նստիր, մի քիչ հանգստացիր, — ասաց քույրը և, եղբոր ձեռքից բռնելով, տարավ նստեցրեց գրասեղանի մոտ: — Կամաց, չկոտրես, — բացականչեց նա ծիծաղելով, երբ աթոռը ճռճռաց Վահանի ահագին մարմնի ծանրության տակ:

Սրա համար չէի նստում է, — ասաց Վահանը և թեքվեց գրասեղանի վրա, — Այս ի՞նչ է, գրականությա՞մբ ես պարապում:

Ամուսնուս նամակ եմ գրում:

Վահանը ձեռքով ծածկեց նամակը:

Կուզե՞ս ասեմ ինչ ես գրում:

Ասա:

— «Սիրեցյալդ իմ Գրիշա, իմ անգինս, իմ պաշտելիս, իմ տե՛ր և թագավոր: Մի՞թե ինձ ուզեցիր նրա համար, որ բերես ձգես այս չորս պատերի մեջ և ինքդ հեռանաս, թողնելով ինձ սիրատոչոր, ինչպես իր վարդի թփից զրկված սոխակը վանդակի մեջ: Մի՞թե այն գանձերը, որ որոնում ես մայր հողի ծոցում, ավելի թանկ են քեզ համար, քան ես: Ինչի՞ս են պետք աշխարհիս թեկուզ բոլոր գանձերը, երբ դու մոտս չես, երբ ես մինակ եմ, տխուր, քո կարոտը քաշելով շարունակ: Առավոտ է գալիս իր քաղցրանվագ թռչուններով, իր ճաճանչափայլ արևովամեն ինչ մութ է թվում ինձ. գիշեր է գալիս իր շողշողուն աստղերով, իր հրաշափառ լուսնովերկինքը թխպոտ է երևում աչքիս: Եվ հեկեկում եմ ես սենյակիս մենության մեջ դառնագին ու վշտահար և տարածում եմ ձեռներս դատարկ օդի մեջ, շշնջալով՝ «n՞ւր ես, ո ՞ւր ես, արի՛ , իմ սիրելի, արի՛, իմ, պաշտելի, արի՜ իմ...» և այլն, և այլն, և այլն: Ձեռքս կկտրեմ, թե այս ոճով և այսպիսի բան չես գրել: Թույլ կտա՞ս կարդամ:

Թույլ եմ տալիս:

Վահանը վերցրեց նամակը և սկսեց կարդալ.

— «Ուզում ես՝ կարդա, ուզում ես՝ չէ, — ինձ համար էլ այդ միևնույն է, — բայց ես քեզ չեմ ազատիլ իմ հաշիվներից...»: Սա ի՞ նչ բան է:

Կարդա՛, կարդա՛, — բացականչեց Մանեն, անկեղծ զվարճանալով այն խիստ կոմիկական արտահայտության վրա, որ ստացել էր եղբոր դեմքը զարմանքից:

Վահանը շարունակեց կարդալ.

— «Անցյալ օր բանկից հանեցի ընթացիկ հաշվով 200 ռ.: Այդ գումարից 48 ռ. տվի մայրիկի համար նոր վերարկուի, որովհետև այս շաբաթ հաղորդվում է. 15 ռ տվի ինձ համար ամառվա գլխարկի. 12 ռ տվի խոհարարին անցյալ ամսվա համար. 53 ռ, տվի քո գոված Սարիբեկյաններին, որոնք այնքան թաց փայտ էին ուղարկել, որ միայն մխում էր, 22 ռ. տվի...»: Դե՛, սա բանի նման չէ, — բացականչեց Վահանը, նամակը ձգելով գրասեղանի վրա: — Այս ի՞նչ հիմարություններ ես գրել:

Մանեն գլուխը ետ էր գցել և թուլանում էր ծիծաղից:

Հը՛, ի՞նչ կասես, — ասաց նա, — ձեռքդ կտրո՞ւմ ես, թե չէ:

Վահանը ուսերը վեր քաշեց:

Օյին եմ ասում, է՜: Ես քեզ միշտ պոետիկ արարած եմ ճանաչել, և հանկարծ... Վերարկու, խոհարար, թաց փայտ... Հիմա՛ եմ հասկանում, իզուր չէ, ախր, որ մատերիալիաստի կին ես դարձել:

Բայց ի՞նչ կասես, որ այդ մատերիալիստը չի ուզում իմ հաշիվները կարդալ և սաստիկ նեղանում է, որ ամեն նամակիս հետ մի երկար հաշիվ եմ ուղարկում իմ ծախսած փողերի մասին:

Ի՞նչ կարող եմ ասել, բացի միայն ա՛յն, որ մարդ արարածը լի է հակասություններով: Բանաստեղծություններն ատելով ատում եմ, բայց թարսի պես մեկ էլ տեսար իրար հետևից շարվում են ուղեղիս մեջ չափաբերական շեշտերով` « Օ՛հ, ի՜նչ անուշ և ի՜նչպես զով առավոտուց փչես, հովիկ, ծաղկանց վրա գուրգուրալով և մազերուն կուսին փափկիկ»: Եվ մինչև անգամ սկսում եմ երգե՜լ, երևակայիր: Եվ այս բանը միշտ պատահում է այն ժամանակ, — սա էլ շատ հետաքրքրական է, — երբ առավոտները հագնում եմ կոշիկներս: Պա՛հ, էլի մոռացա, — հանկարծ բացականչեց Վահանը, ձեռքը խփելով ճակատին:

Ի՞նչը:

Եկածս օրից ուզում եմ նոր կոշիկ առնել, միշտ էլ մոռանում եմ: Հոգուդ սատկեմ, այսօր որ գնալիս լինիմ միտս գցիր, թե չէ խայտառակություն է: Տես է, կասես խոզի դնչեր լինին, — ասաց Վահանը, ցույց տալով իր մաշված, ծռմռված և փոշեծածկ ահագին կոշիկները: — Լավ, ի՞նչ ես ծիծաղում այդքան:

Մանեն հանկարծ դադարեց ծիծաղելուց, առաջ վազեց և սաստիկ հուզված, առավ եղբոր ձեռքը:

Վահան ջա՛ն... որ իմանաս որքա՜ն ուրախ եմ... որքա ՜ն ուրախ եմ, որ եկել ես

Դե՛, հիմա էլ սկսեցիր արտասվելՆստիր: Նստիր մի լավ նայեմ:

Վահանը առաջ քաշեց մոտակա աթոռը և քրոջը նստեցրեց իր դիմացը:

Մանեն շտապով սրբեց աչքերից դուրս ցայտած արտասուքի կաթիլները և նորից սկսեց ժպտալ:

Վահանը կարճ ժամանակ հետաքրքրությամբ նայում էր քրոջ աչքերին, հետո ուսերը վեր քաշեց տարակուսանքով:

Կանա՜յք... Անհասկանալի արարածներ եմ ասում, է՜, սֆինքսնե՜ր: Մերթ ծիծաղ` մերթ լաց: Կատարյալ գարնանային եղանակ, մերթ արև, մերթ անձրև: Բայց չլինի՞ թե « արև է՝ վայ է, անձրև է՝ վայ է»: Հը՞:

Չեմ հասկանում, ինչ ես ասում:

Ուզում եմ ասել... Որտե՞ ղ է սկեսուրդ:

Ժամումն է:

Խո չե՞ք կռվում իրար հետ, ինչպես ամեն հարս ու սկեսուր:

Չէ, նա չափազանց բարի կին է, և ես շատ գոհ եմ նրանից:

Է՜, փառք աստծու: Իսկ ամուսինդ... շատ ժամանակ է՞, հանքերումն է:

Մանեն մի քիչ շփոթված, մի քիչ կասկածամտությամբ նայեց եղբոր աչքերին, հետո բռնի կերպով ծիծաղեց և կամաց խփեց նրա ձեռքին:

Դու քո մասին պատմիր, քո. ի՞նչ ես շարունակ իմ մասին հարցնում, — ասաց նա:

Իմ մասին ի՞նչ պատմեմ, քույրիկ ջան: Հացը բոլ, գինին բոլ, ուտում եմ, խմում, մթնում է՝ քնում: Քեզ էլ նամակ չեմ գրում: Դու էլ ջգրու ոչինչ չես գրում: Ու երկուսս էլ քվիթ ենք դուրս գալիս:

Սպասիր: Ինչո՞ւ երեկ Հեղինեին խաբել ես, թե ինձ մոտ ես եղել, մինչդեռ քո երեսն ես այսօր եմ միայն տեսնում:

Որովհետև ազատամիտ օրիորդներին ես շատ եմ սիրում: Նա օրիորդ է, չէ՞: Իսկ հայտնի է, որ ում սիրում ես, նրա հետ ուզում ես կատակ անել: Նրա թխլիկ դեմքը որ տեսնում եմ, ուզում եմ այսպես հինգ մատներովս բռնել, կամաց.... այսպես... շուռ տալ ու հանկարծհո՜ պնորից գետնի վրա դնել:

Բայց գիտե՞ս, որ նա քեզ շատ է հավանում, — ասաց Մանեն ծիծաղելով:

Դրո՞ւստ, — կանչեց Վահանը կոմիկական սարսափով:

Նրա ահագին մարմնից որ չվախենամ, ասում է, անպատճառ կսիրահարվեմ:

Վահանը աչքերը ձգեց առաստաղին և ձեռքերը բարձրացրեց:

Փա՜ռք քեզ, տե՛ր, — արտասանեց նա որպես թե թեթևացած, — Ա՛յ, չէի կարծում, թե չաղությունս, որից այսքան նեղվում եմ ես, կարող է փրկել ինձ այդպիսի մի մեծ վտանգից: Մի հետաքրքրական բան են պատմում նրա կյանքից, չե՞ս լսել:

Ի՞նչ բան:

Պատմում են, որ իբր թե մի անգամ, իր ազատամիտ կավալերներով շրջապատված անցնում է եղել մի գինետան առաջով: «Տղե՛րք, ասում է. — ի՞նչ կտաք մտնեմ մի բաժակ արաղ կոնծեմ»: — «Թե որ կմտնես, — ասում են կավալերները, — մի-մի պաչ կտանք»: — «Հա-ա՞, — ասում է, — դե հիմի թամաշ արեք»: Ու քո այդ fin de siecle օրիորդը ղորթ որ չի ուզում մտնե՜լ: Այնպես որ էլի կավալերներն են ամաչում և կռնից բռնում ետ քաշում:

Վահան մի՞թե չես խղճահարվում, որ նրա մասին այդպիսիբաներ ես հնարում, — նկատեց Մանեն անկեղծ, մեղմ նախատինքով: — Չէ՞ որ, ուրիշ տեղ որ պատմես, կարող են գտնվել մարդիկ, որ կհավատան:

Հավատացնում եմ, քույրիկ ջան, այս պատմությունը ես չեմ հնարել: Ես միայն իմ լսածն եմ պատմում: Պատմողն էլ ո՜վ էրմի խավարամիտ: Ի դեպ, դու խավարամիտ ե՞ս, թե ազատամիտ:

Մանեն ծիծաղեց.

Խավարամիտ եմ:

Թյո՛ւԲառն ինքն արդեն հոտում է: Ա՛խ, ներողություն, քույրիկ ջան. դու չէ՛, դու չէ: Դու հոտավետ ես վարդի պես: Բայց թունդ խավարամիտը քո մարդը պետք է լինի, ա՛յ, ի փառս Հայաստանյաց կաթողիկե և առաքելական սուրբ եկեղեցվո: Ափսոս, որ լավ չեմ ճանաչում նրան: Չափից դուրս պեդանտ մարդ է երևում աչքումս: Դրա համար սիրտս չի կպչում, — չնեղանաս, խնդրում եմ: Բայց և այնպես պետք է մի անգամ գնամ տեսնեմ ինչ բանի է: Մեզնից հեռու կլինի մոտ մի հարյուր վերստ: Խոսքը մեր մեջ մնա. բացի հանքարդյունաբերությունից, վաշխառությամբ էլ խո չի՞ պարապում:

Վահա՛ն, ի՜նչ չար լեզու ունիս, — նորից նախատեց նրան քույրը, այս անգամ նկատելի կերպով նեղացած:

Ես մեղա աստծու, ես մեղա աստծու... Բայց այս ի՞նչ տեսակ տուն ես պահում, ոչ մոխրաման կա, ոչ լուցկի:

Մանեն վեր կացավ, դուրս գնաց և երբ նորից ներս մտավ մոխրամանն ու լուցկու տուփը ձեռքին, Վահանը վերցրել էր գրասեղանի վրա դրված փառակազմ գրքերից մեկը և թերթում էր՝ հանգած սիգարն ատամների մեջ բռնած.

Այս գիրքը կարդացել ես, իհարկե, — ասաց եղբայրը:

Այդ ի՞նչ է:

— «Դոն Կարլոս»:

Հա. անցյալ օրը վերջացրի:

Այստեղ է ասված, չէ՞Ինչպե՞ս է անունը:

Ո՞ւմ անունը:

Թագուհու:

Եղիսաբեթ:

Հա՛: «Եղիսաբե՛թ, Եղիսաբե՛թ, դու խլեցիր ինձնից իմ դրախտը, որպիսզի Փիլիպոսի ծոցում փչացնես»: Կարծեմ այդպես է ասում, չէ՞,Դոն Կարլոսը:

Մանեն արագ մի հայացք ձգեց եղբոր վրա, հետո սկսեց ուղղել բազմոցի վրա դրված ձեռակար բարձիկները:

Լավ չեմ հիշումՀա՛ , կարծեմ այդպիսի մի բան կա, — ասաց նա շինծու անտարբերությամբ: — Բայց լսիր ինչ եմ ասում, — հանկարծ դարձավ եղբորը: — Երկա՞ր ես մնալու այստեղ:

Վահանը գիրքը ծածկեց ու դրեց գրասեղանի վրա:

Ի՞նչ է, արդեն ձանձրացա՞ր ինձնից: Իսկույն կգնամ:

Էէ՜հ, — արտասանեց Մանեն ջղայնորեն: — Ուզում եմ ասել, որ զատիկին մեզ մո՞տ կլինես:

Այդ բանը գործերիցս է կախված, քույրիկ ջան. կարող է պատահել, որ հենց վաղը գնամ, և կարող է պատահել որ մի ամիս էլ մնամ, որովհետև գյուղատնտեսական ընկերության մեջ էլ մի քանի գործեր ունիմ:

Կարող է պատահելը մի կողմը թող, ես ուզում եմ, որ դու մնաս... Հասկանո՞ւմ ես:

Ոչ, չեմ հասկանում: — Ասաց Վահանը սիգարը վառելով: Այսինքն չեմ հասկանում, թե ինչու ես ուզում, որ մնամ:

Ախր մենակ ենք, մարդ չկա: Գրիգորն էլ գրում է, թե գործերն այնքան խառն են, որ զատկին հազիվ թե կարողանա գալ: Էլ ի՞նչ զատիկ, որ ամեն օրվա պես տխուր ու տաղտկալի պիտի անցկացնենք: Սա ի՞նչ կյանք է, մարդ չի իմանում ինչ անի, ուր գնա, ում հետ խոսի: Այս գրքերն էլ որ չլինին՝ ես կմեռնեմ ձանձրույթից:

Խե՛ղճ, խե՛ղճ քուրիկս: Ախր գիտեի, որ նամակիդ մեջ այն չպետք է գրեիր, ինչ որ գրել ես: Ես միշտ այն համոզումն ունեի, որ մատերիալիստի հետ ամուսնանալդ մի սխալ քայլ էր: Դու պետք է պոետի կին լինեիր, որ փեշը փեշիցդ կարած՝ չհեռանար մոտիցդ, թե չէէլի՞ երեխա չես բերում...

Ո՛ւհ, էլի սկսեցի՞ր:

Մի զայրանար, քույրիկ ջան, զավակ որ ունենաս, ախր, այդպես լացկան չես լինիլ: Բայց հանաքը մի կողմը մնա, շատ ես լղարեր: Այդ ի՞նչ է վիզդ, կարապ ե՞ս: Իսկ ականջներիցդ լույսն այնպես է թափանցում, որ կարծես կարմիր լապտերներ ես կախել: Բայց մի վախենար, դու դարձյալ սիրուն ես, այնքան սիրուն ու նազելի, որքանԵլիսաբեթը: «Ելիսաբե՛թ, Ելիսաբե՛թ, դու խլեցիր ինձնից իմ դրախտը, որպեսզի...»:

Վահանը վեր կացավ, մատով կամաց խփեց քրոջ կզակին, ծիծաղեց և մոտեցավ լուսամnւտին:

Երկինքն երեկվա պես մաքուր էր ու բարձր, արևը նույնպես թափում էր ներքև իր տաք ու պայծառ շողերը: Դիմացը գտնված տան բաց պատուհաններից, վերին հարկում, դաշնամուրի ձայներ էին գալիս, պեդալի կրծքային թախծալի հնչյուններով հարուստ: Այդ պատուհաններից մեկի վրա դրված էր կլոր ու բարձր մի վանդակ, որի մեջ ճախրում էր մի դեղձանիկ՝ առանց ձայն հանելու:

Վահանը ձեռքով արավ քրոջր:

Արի այստեղ:

Մանեն մոտեցավ նրան:

Տեսնո՞ւմ ես այն դեղձանիկը վանդակի մեջ: Ինչքա՜ն նման է քեզայն տարբերությամբ միայն, որ դու ինքդ ևս լալիս, իսկ նրա տեղ լաց է լինում դաշնամուրի պեդալը:

Մանեն ոչինչ չասաց, միայն հարցրեց.

Այսօր ճաշին մեր տանն ես, չէ՞:

Թե որ ուզում ես, կմնամ:

Մենք պաս ենք պահում այս շաբաթ, կուզե՞ս քեզ համար ուտիսվա բան պատրաստել տամ:

Ոչինչ չի հարկավոր: Այս մի օրը լոբի ուտելով քո չափ չեմ լղարիլ, մի վախենալ: Այս սկեսուրդ չէ՞, որ գալիս է: Այն ծերունին ո՞վ է հետը: Կասես Բադամյանի հորեղբայրը լինի:

Այո, նա է:

Ժամիցն են գալի՞ս:

Այո:

Ի՜նչ գտել են իրար: Խե՛ղճ տղա: Տես, է՜:

Sic transit gloria mundi! …Ի դեպ. այդ Բադամյանները ի՞նչ ազգական են ամուսնուդ:

Սկեսուրս այդ ծերունու քրոջ տալի աղջիկն է:

Է՜, այդ շատ հեռու գնաց: Այդպես որ գնանք, ես ու դու էլ ղալայ-լամայի ազգական դուրս կգանք:

Ներս մտան Օսանն ու Զաքարը: Զաքարը, նախասենյակում հանել էր հնամաշ վերարկուն, որի տակ հագած էր աստված գիտե քանի տարվա երկարափեշ մի սյուրտուկ խիստ կեղտոտ ու ճմռված: Անդրավարտիքի կարճ տոտերից մեկը, ինչպես միշտ, ներս էր պրծած կիսակոշիկի լայնացած ճիտը, որի ականջի մի ծայրը պոկվել և կախ էր ընկել երկարումեկ:

Օսանը խիստ ուրախացավ, որ Վահանին տեսավ, բայց և բավական հանդիմանեց նրան, որ քրոջը մոռացել է:

Բաս ինչպիսի՞ եղբայր եմ, որ չմոռանամ, — նկատեց Վահանը կատակով: — Ո՞նց ես, ո՞նց, խնամի, դու ա՛յդ ասա: Պառավել ես:

Հա՛, որդի ջան, պառավել եմ: Գլխիս ջլերը թուլացել են: Աչքերիցս էլ ջուր է գնում:

Ժամիցն ես գալիս, ողորմած կենա:

Այն ժամը պահի քու արևը, որդի ջան:

Պարոն Զաքա՞ր: Դո՞ւ ոնց ես: Դու խո բոլորովին պառավել ես:

Բաս ուզում էիր, որ ջահելանա՞մ, հերդ լուս դառնա: Ես ա՛յն ցավն ու դարդն եմ տեսե ՞լ:

Հա՛յ գիդի հա՛: Միտդ է, որ Գևորգ աղի քարվանսարում ապրանքի հակերի գլխին կանգնած, տեր-ողորմյան ձեռիդ մեկ-մեկ բաց անել էիր տալիս ու

Թո՛ղ, թո՛ղ, — շտապով ընդհատեց Վահանին ծերունին: — Այդ բաները մի՛, միտս մի՛ բերի:

Ավա՜ղ, փառացն անցավորի, չէ՞, պարոն Զաքար: Պառավներդ որ չլինեք, մեր ժամերը խո փակվեցի՞ն: Հը՞, պարոն Զաքար:

Է՛լի որ, է՛լի որ, — պնդեց ծերունին: — Թե որ աստվածապաշտություն մնացել է, էլի պառավներիս մեջ է մնացել: Ջահելներդ եք, որ ոչ աստված եք ճանաչում, ոչ Քրիստոսին:

Բայց հոգին սո՞ւրբ:

Ոչ էլ հոգին սուրբ:

Դե ո՞նց անենք, պարոն Զաքար, ասում են աստված չկա:

Իհարկե. որտեղ սատանա կա, այնտեղ աստված ի՞նչ ունի:

Վահանը ծիծաղեց:

Ասում են սատանա էլ չկա ախր:

Ասո՜ւմ են, ասո՛ւմ են... 0՝վ է ասում: Բաս ջահելներդ ի՞նչ եք, որ սատանա չեք: Հիմիկվա ամեն մի ջահելի փորում մի-մի սատանա կա պպզած:

Բաս իմ փորումը երկուսն էլ կլինի, չէ՞, պարոն Զաքար;

Օսանն ու Մանեն ծիծաղեցին: Զաքարը, որը խոսում էր ամենայն լրջությամբ, իր թավ հոնքերի տակից նայեց Վահանի ահագին փորին և նույնպես սկսեց ծիծաղել զառամյալ ծերունու անձայն ու դողդող ծիծաղելով:

Երեքն էլ կլինի ու, — նկատեց նա:

Ղորթ, ինչ չաղացել ես, Վահան, աչքով չտամ, — ասաց Օսանը: — Քույրդ է՞, քանի գնում՝ լղարում է:

Թող մի-երկու սատանա կուլ տա, նա էլ կչաղանա: Չէ՞, պարոն Զաքար, — հարցրեց Վահանը և նստեց ծերունու կողքին: Նա ձեռք առավ Ջաքարին և էլ բաց չթողեց նրան: Գիտեր ամենքին հարմարվելու և ամենքի հետ խոսելու ձևը և խոսակցին գրավելու կախարդական մի ուժ ուներ:

Ճաշի սկիզբը, Վահանի շնորհիվ, անցավ ամենաուրախ տրամադրության մեջ: Մանեն սիրով նայում էր եղբոր մշտածիծաղ աչքերին, դիտում նրա հանգիստ, ինքնավստահ շարժումները և անդադար քրքջում նրա կատակների վրա: Նույնիսկ Զաքարը, որ թե՛ ծերությունից և թե՛ վշտից, ըստ երևույթին, առմիշտ կորցրել էր ծիծաղելու ընդունակությունը, նա էլ ծիծաղի նման ինչ-որ անորոշ ձայներ էր արձակում անատամ բերանից: Իսկ Օսանն ուղղակի չէր կարողանում կարգին ճաշել շատ ծիծաղելուց և թաշկինակով անդադար սրբում էր աչքերից գլգլացող ջուրը:

Չնայելով իր հսկա մարմնին, Վահանն ուտում և խմում էր համեմատաբար չափավոր կերպով: Պասմա կերակուրները չէին դրա պատճառը և ոչ էլ այն, որ նա շատ ուտելու պահաջ էր զգում, — ընդհակառակը, — այլ ա՛յն, որ բժիշկները պատվիրել էին շատ չուտել: Մինչդեռ Զաքարը չտես մարդու ագահություն էր ցույց տալիս: Եվ իսկապես, երբեմն ուտելու-խմելու սովոր, այժմ շատ հազիվ էր պատահում, որ նա կուշտ փորով հաց ուտեր: Այդ բանը գիտեր Մանեն, որ Զաքարը, ինչպես միշտ, այս անգամ ևս եկել էր իրենց տուն հատկապես իր քաղցած փորը կշտացնելու համար, ուստի նրա հոգացողության գլխավոր առարկան այն էր, որ առատ կերպով կերակուր ու գինի մատակարարե այդ դժբախտ ծերունուն, մանավանդ գինի, դեպի որը առանձին թուլություն ուներ ծերունին:

Следующая страница