Նար-Դոս՝   Պայքար

Զաքարի հետ կատակներ անելիս Վահանը խոսք բաց արեց նրա եղբոր որդու` Աշոտ Բադամյանի մասին: Ծերունին բորբոքվեց: Գինին արդեն ընկել էր նրա գլուխը: Նա ասաց, որ իր եղբոր որդու անունը չտան, որ Աշոտը «փարմասիոն» է դառել. ժամ չի դնում, չի հաղորդվում, ուշունց է տալիս կաթողիկոսին, հակառակ է Գրիգոր լուսավորչի հավատին, եկեղեցին ուզում է քանդել, պսակը հիմար բան է համարում, մարդ ու կնոջ քարոզում է, որ իրարից բաժանվեն և ում հետ ուզում են` նրա հետ ապրեն և ուրիշ «այդ տեսակ բաներ»: Օսանը լսում էր նրան զարմանքով, իսկ Վահանը զվարճանում էր ծերունու բորբոքման վրա, անդադար խթխթում նրան և ծածուկ աչքով անում քրոջը: Մինչդեռ այդ անսպասելի միջադեպը հանկարծ փոխել էր Մանեի ուրախ տրամադրությունը: Նրան այլևս դուր չէին գալիս եղբոր կատակները և ամեն անգամ, երբ Վահանը բորբոքում էր պակասամիտ ծերունուն իր եղբոր որդու վրա ավելի խիստ բառերով հարձակվելու, Մանեն չէր կարողանում զսպել իրեն, որ հանդիմանական հայացքներ չձգե եղբոր վրա:

Երբ սեղանը հավաքեցին, Զաքարը պարզապես արբած էր. այնպես որ, երբ վեր կացավ, քիչ մնաց վայր ընկներ: Վահանը բռնեց նրա թևից և տարավ պառկեցրեց փոքրիկ թախտի վրա, իսկ Մանեն մի բարձ դրեց նրա գլխի տակ: Ծերունին միանգամայն թուլացած ինչ-որ մրթմրթաց, ըստ երևույթին օրհնեց քույր ու եղբոր ցույց տված հոգացողությունը և գրեթե իսկույն էլ քնեց, խաղաղ փսփսացնելով քթածակերից: Օսանը նույնպես, իր սովորության համաձայն, հեռացավ իր սենյակը մի քիչ «հանգստանալու», որպիսզի երեկոյան դարձյալ ժամ գնար: Իսկ քույր ու եղբայր առանձնացան հյուրասենյակը:

Վահանը թիկն էր տվել ասեղնագործ թավշյա բարձիկներով և մետաքսյա մութաքաներով զարդարված բազմոցի վրա և ծխում էր բերանից անպակաս սիգարը: Ճաշից հետո մի տեսակ ծուլություն էր տիրել նրա բոլոր անդամներին, և նա ընկած էր բազմոցի վրա ծանր ու անշարժ, նեղվելով իր չաղությունից: Ճաշասենյակի բաց դռնից լսվում էր պատի ժամացույցի լեզվակի թիք-թաքը: Այդ թիք-թաքը, ճաշից ծանրացած ստամոքսը, շուրջը տիրող անդորրությունը և բավական տաք օդը քուն էին բերում նրա վրա:

Մանեն նստած էր լուսամուտի առաջ և մտախոհ նայում էր դեպի փողոց: Փողոցում, ուղղակի լուսամուտի տակ, ցնցված էր հեռախոսի սյուներից մեկը, որի վրայով անցնող կարմրավուն երկաթալարերը մի տեղ շողշողում էին արևի տակ: Փողոցը խաղաղ էր, հեռվից միայն լսվում էր երբեմն-երբեմն տրամվայի զանգակի ձայնը: Այս սենյակից ևս երևում էր դիմացի տան պատուհանի վրա դրված վանդակը, որի մեջ դեղձանիկն առաջվա պես լուռ ճախրում էր թառերի վրա վերևից ներքև, ներքևից վերև աստիճանական կարգով: Մանեն հիշեց եղբոր համեմատությունը և զարմացավ, թե որքան ճիշտ կերպով ըմբռնել էր նա իր դրությունը: Մի՞թե, հիրավի, ինքը նման չէ այդ խղճուկ թռչնակին: Փակված, միշտ փակված, ցմահ փակված, միշտ ձգտելով դեպի ազատություն և միշտ էլ անկարող լինելով իրագործել իր այդ ձգտումը: Վանդակի ցանցերը չեն միայն, որ խանգարում են նրան, այլև սովորությունը, անվստահությունը, վախը ցանցերից այն կողմը գտնված անհայտությունը խորհրդավոր ու ահավոր, ինչպես ամեն մի անհայտություն: Բաց արա վանդակի դռնակը, և թռչնակը դեպի ազատությունն ունեցած իր բոլոր ձգտումով հանդերձ թերևս դուրս չգա այստեղից և խցկվի մի անկյուն վախեցած այն ահավորությունից, որ ներկայացնում է դռնակից դուրս ազատության անհայտը

Ճիշտ որ աննախանձելի պիտի լինի դրությունդ:

Մանեն ցնցվեց և արագորեն նայեց եղբորը զարմացած, թե մի միգուցե այն ինչ-որ մտածում էր, արտահայտել էր խոսքերով:

Վահանն առաջվա պես թիկն էր տված հանգիստ, նայում էր ատամների մեջ բռնած սիգարի մոխրածածկ ծայրին և խաղացնում էր մի ոտը` մյուս ոտի ազդրին դրած:

Այս է, է՛լի, էն շրջանը, որի մեջ ապրում ես... այդ երկու պառավները, — շարունակեց նա: — Բայց չէ՛, այնտեղ կան ուրիշներն էլ. fin de siecle կամ, ինչպես կասի պոլսեցին՝ տարավերջիկ օրիորդ Սոլիկյան, նրան սրտակից և, եթե չեմ սխալվում, կենակից Նասիբյանը, հետո... ամենամեծ ռահվիրաներից մեկն առաջադիմականների բանակումԲադամյան... Երկու կողմից էլ քվինթ-էսենցիա: Սրանք ա՛յս են փչում մի ականջումդ, նրանք մի ուրիշ բան են զռզռացնում մյուս ականջումդ: Մի կողմից` ժամ ու պատարագ, Աստված ու Քրիստոս, պաս ու հաղորդ, դժոխք ու սատանա. մյուս կողմից` «փարմասիոնություն», եկեղեցու կործանում, լայն, հանրամարդկային գաղափարներ, ապահարզան` ազատ սեր, առաջադիմություն և ես ի՞նչ գիտեմ է՝ ուրիշ ի՛նչ քար ու քացախ... Եվ եթե այս բոլորի վրա ավելացնենք քո վառ երևակայությունը, որ երբեմն էկզալտասիոնի է հասնում, այն ժամանակ...

Վահանը բերանից հանեց սիգարը և նայեց քրոջը:

Ճշմարիտ, ես շատ եմ հետաքրքրվում և կուզեի իմանալ, թե ինչ է քո դերը երկու հակառակ բևեռների մեջ:

Մանեն չկարողացավ դիմանալ եղբոր հետաքնին հայացքին և ակամա խոնարհեց աչքերը: Նա այժմ, չգիտեր ինչու, վախենում էր եղբոր հոտառությունից:

Չգիտեմ, — արտասանեց նա կամաց:

Վահանն ուսերը թոթվեց և հորանջեց:

Չգիտեմությո՜ւն... Բավական նախանձելի դրություն: Մեր ժամանակ փիլիսոփաներն են միայն, որ տալիս են այդ պատասխանը կյանքի և մահվան առեղծվածի առաջ կանգնած: «Չգիտեմ»: Ողորմելի՛ պատասխան, հավասարակշռությունը չգտնող հոգիների պատասխան, ինչպես ժամացույցի հարատև տատանվող լեզվակի միակերպ թիք-թաքը. — լսի՛ր (Վահանը մատով ցույց տվեց ճաշասենյակի դուռը), կարծես թե հարցնում է տարակուսանքով` ո՞ր կողմը, ա՞յս, թե՞ այն, ա՞յս, թե՞ այն, և ինքն էլ պատասխանում է իրեն բութ հուսահատաթյամբ` չգի՛-տեմ, չգի՛-տեմ, չգի՛-տեմ... թի՛ք-թաք, թի՛ք-թաք, թի՛ք-թաք... Անիծածը խոսում է կարծես: Իսկ ես գիտե՛մ, — ոչ այս և ոչ այն կողմը, այլ ուղղակի մեջտեղը, ուրեմն` ստո՛պ, կանգնիր:

Բայց այն ժամանակ լեզվակն այլևս չի խոսիլ, և ժամացույցը կմեռնի...

Վահանը նայեց քրոջ խորհրդավոր աչքերին, ըստ երևույթին հանկարծակիի եկած նրա այդ անսպասելի պատասխանից, հետո հանկարծ ծիծաղեց:

Մարդ լսի, կասի` քույր ու եղբայր այս ի՜նչ նրբաքնին խոսակցությամբ են զբաղված: Շատ մարդկանց ուղեղը զարգանում է երբեմն հիմարություններ դուրս տալու համար: Ով ճաշից հետո զվարճալի բաներով կզբաղվի, որ կերածը լավ մարսի, մենք... փիլիսոփայություններով ենք զբաղվում: Լեզվակն այլևս չի խոսիլ, ժամացույցը կմեռնի... Ռուսի չորտն է խաբարինչ՜եր ենք դուրս տալիս... լոբի ուտելուց հետո:

Եվ Վահանը սիգարը նորից բերանը դրեց, երեք բարձիկ իրար վրա հավաքած, քաշեց գլխի տակ ու երկարումեկ ձգվեց բազմոցի վրա երեսն ի վեր: Նա աչքերը ձգեց առաստաղից կախված ջահին, որի ապակյա գինտերը տեղ-տեղ պլպլում էին շողակնի երանգներով, և նորից սկսեց ականջ դնել ժամացույցի քնաբեր թիք-թաքին:

Զարմանում եմ, որ դաշնամուր չես պահում, — ասաց նա, աչքերը հեռացնելով ջահից և ման ածելով ընդարձակ հյուրասենյակի մեջ: — Այս րոպեիս ամենայն հաճությամբ կլսեի որևէ պոպպուրի կամ վալս, չքնելու համար: Բայց չէ՛, այնտեղ ննջում են երկու անտիկ պառավներ, նրանց քունը կխանգարվի: Իսկ ես... (Վահանը նորից հորանջեց առաջվանից ավելի երկարատև) ես էլ կքնեմ, ինչպես երևում է նշաններից: Իսկ դուդու կմնաս արթուն... ժամացույցի լեզվակի պեսՏես է՞, ինչ մյուզիկ է սարքել մեր sic transit-ը... Աստվածդ սիրես, փակիր այն դուռը:

Մանեն վեր կացավ և կամաց փակեց ճաշասենյակի դուռը, որտեղից լսվում էր Զաքարի կերկերաձայն խռմփոցը երբեմն այնքան տարօրինակ ու ընդհատվող, որ թվում էր, թե ծերունին խեղվում է:

Ապշում ես, թե այս ի՜նչ արարած է մարդ կոչված անասունը, — ասաց Վահանը: — Մի հարցնող լինի այդ ծերունուն` էլ ի՞նչ ունիս, որ ապրում ես, ինչու՞ ես ապրում, ո՞ւմ համար ես ապրում, ի՞նչ ես սպասում աշխարհից... Եվ դեռ դատում է, վիճում, բողոքում, զայրանում... Չես հասկանում, է՛լի, չես հասկանում... Բայց քո այդ պարոն Աշոտ Բադամյանին ասա՝ ինչ ուզում եսգրիր, ինչ ուզում եսքարոզիր, միայն թե քաղցած մի պահիր այդ ողորմելի ծերունուն, լավ չէՀա, քեզ չե՞մ պատմել: Սրանից վեց տարի առաջ, Մոնպելիեից որ վերադառնում էի հայրենիք, Պարիզում հանդիպեցինք իրար: Հարյուր ֆրանկ փող ուզեցտվի, բայց մինչև օրս էլ թե պետք է ստանամ: Մինչև այժմ չեմ հիշեցրել բայց այս անգամ որ տեսնեմկասեմ: Էլ ձեր տուն չի՞ գալիս, առաջվա պես:

Գալիս է:

Կասեմ, անպատճառ կասեմ, — կրկնեց Վահանը: — Վեց տարին կարծեմ բավական է: Ազատամտությամբ զբաղվելը լավ բան է, բայց պարտքի վճարումն էլ խո պախարակելի բա՞ն չէ: Մեր գյուղում մի մանրունք ծախող ունինք. Գավառից ոտը դուրս չի դրել, բայց այնքա՜ն թունդ ազատամիտ է, որ քարի վրա դնես, քարը կճաքի: Գլադստոնից ու Պառնելից է խոսում, իսկ Բիսմարկին որ ճանկը գցեն, չի խնայիլ նրա քաչալ գլխի երեք հատիկ մազերից մեկն անգամայնքան թունդերիցն է: Նրանից որևէ բան առնելիս, երբ կասկածում եմ ապրանքի որակության վրա, մինչև որ Բադամյանի արևով չեմ երդվեցնում, չեմ հավատում, թեև Բադամյանի երեսը չի էլ տեսել: Մի անգամ ասացի նրան, որ Բադամյանը հարյուր ֆրանկս ուտում է: Ֆո՛հ, պետք է տեսնեիր ի՛նչ օյիններ հանեց գլխիս: Ուժը պատեր, հում-հում կուլ կտար: Ասենք, Նասիբյանն էլ պակաս հեղինակություն չի վայելում գավառում: Նրա հոդվածները... Տեր իմ ամենակալ այդ ի՞նչ հոդվածներ են: Թանաքո՞վ է գրում, թե արյունով: Որքան կրակ ու եռանդ, որպիսի՛ շանթ ու կայծակ: Երբեք մտքիցս չի անցել Պառնելի մահվան առթիվ գրած նրա մի հոդվածը: Երևակայիր, մարդն Իռլանդիայի «անթագ թագավոր» էր կոչվում, և հանկարծ խավարամիտ Ալբիոնը նրան այն դրության է հասցնում, որ խեղճը ստիպված լինում անձնասպանություն գործել: Պաաճա՞ռը: Որովհետև սիրելիս է լինում Օշի անունով ինչ-որ մի կապիտանի կնոջսարսափելի մի հանցանք, որ ոչ մի կերպ չի ուզում ներել նրան «չոպոր» անգլիացին, «բուրժուական մորալի այդ տիպար ներկայացուցիչը»… Օ՜, Բրիտանիա, Բրիտանիա, որ իմանաս ինչպիսի ՜քնձռոտ մկներ են կրծում քեզէ՜

Այդ «է»-ն Վահանի բերանում փոխվեց երկարատև հորանջի, իսկ այդ հորանջի շարունակությունն եղավ ժողովրդական երգի մի երկտողյանը՝

Էս ինչ խարաբ դարու հասանք, հարալե,

Էս ինչ խարաբ ղարու հասանք, հարալե:

Երգը նորից փոխվեց հորանջի, առաջվաններից ավելի երկարատև և նյարդային:

Առ այս սիգարը, քունս տանում է, — ասաց Վահանը: Մանեն եղբոր ձեռքից առավ հանգած սիգարը, դրեց մոխրամանի մեջ և հարցրեց.

Կուզե՞ս բան ծածկեմ:

Որ տապակվե՞ մ: Ոչինչ հարկավոր չէ: Միայն շատ չթողնես, որ քնեմ: Մի ժամից վեր կացրու:

Վահանը քնեց հենց այնպես, ինչպես որ պառկած էր, երեսն ի վեր, և քնելուն պես սկսեց խռմփացնել, սկզբում թեթև, հետո ավելի ու ավելի ուժգին: Առանց այն էլ նա կարծես թե վիզ չուներ, իսկ այժմ, պառկած դրության մեջ, նրա վիզը բոլորովին կորել էր և վզի տեղ դուրս էին պրծել նրա չաղ մսերը կրծքի և ուսերի վրա:

Մանեն նորից նստել էր լուսամուտի մոտ, նայում էր դիմացի տան պատուհանի վրա վանդակի մեջ փակված թռչնակին, ականջ էր դնում եղբոր խռմփոցին և այնպիսի սաստիկ ձանձրույթ էր զգում, որ կարծում էր, թե սրտի վրա նստել է տղմի պես մի բան ծանր ու ճնշող...

6

Վահանը մեկ-մեկ դիպչում էր քրոջ տուն: Թիֆլիսում նա բազմաթիվ ծանոթներ և շատ բարեկամներ ուներ, ամեն օր մեկի կամ մյուսի տանն էր լինում հրավիրված և ամեն տեղ ցանկալի հյուր էր, ամենքը խլում էին նրան ձեռքից ձեռք: Զատիկի տոներին անգամ չկարողացավ քրոջ տանը լինել և այդ բանի համար մեծ հանդիմանություն ստացավ թե Մանեից, և՛ թե՛, մանավանդ, նրա սկեսուրից: Օսանն ընդսմին շատ նեղացած էր նրանից, որ նա իր հաղորդվելու օրն էլ չէր եկել ճաշին իրենց տուն:

Տոները Մանեի համար անցան վերին աստիճանի տխուր, մանավանդ ամուսնուց սիրո և կարոտի զգացումներով զեղուն շնորհավորական հեռագիր ստանալուց հետո: Այդ հեռագրի ազդեցության տակ, նա հիվանդ ձևացավ և դուրս չեկավ Աշոտ Բադամյանի մոտ, որը Զատիկը շնորհավորելու պատրվակով եկել էր նրան տեսնելու:

Բադամյանը նստած էր հարևան սենյակում և խոսում էր Օսանի հետ: Օսանը հանդիմանում էր նրան իր քարոզած գաղափարների համար, իսկ Բադամյանը ծիծաղելով ասում էր, որ իր հորեղբայրն այդ բոլորը հնարում է մասամբ իրենից, մասամբ իր հակառակորդների ասածները կրկնելով: «Լավ, ինչի՞ չես մին-մին մտիկ անում, — ասաց Օսանը. — մեղք չի՞. հացափոր ընկած է սրա-նրա դռանը»: Բադամյանը զայրացավ: Նա ասաց, թե ինքը միշտ առաջարկել է Զաքարին, որ իր տանն ապրի, այն պայմանով միայն, որ արաղից ձեռք վերցնի, շատ չխմի, մանավանդ ման չգա քելեխների (վերջինս Զաքարի համար պարզապես մի հիվանդագին բան էր դարձել), բայց ծերունին չի կամեցել ընդունել այդ պայմանը և ինչպես որ անկարգ ապրել է հարուստ ժամանակ, նույն անկարգությամբ էլ ուզում է վերջացնել իր աղքատ ծերությունը: Սակայն, չնայելով դրան, Բադամյանն այժմ էլ ամեն ամիս մի որոշ գումար ուղարկում է ծերունուն, որ նա հացափոր ման չգա ուրիշի տները, բայց նա այնքան ապերախտ է, որ դեռ զրախոսում էլ է իր եղբոր որդու վրա:

Մանեն Բադամյանի խոսածը լսում էր կից սենյակից: Նա ակամա հիշեց եղբոր ասած հարյուր ֆրանկի պարտքը, որ Բադամյանը դեռ չէր վճարել նրան: Եվ Մանեին թվաց, որ Վահանը թերևս այնպես հեգնորեն չխոսեր Բադամյանի մասին, եթե այդ հարյուր ֆրանկի չհատուցված պարտքը չլիներ մեջտեղ: Քույրը շատ լավ ճանաչում էր եղբոր կծծի բնավորությունը, և այդ բանն ամենևին դուր չէր գալիս Մանեին: Ամբողջ վեց տարի էր անցել այդ չնչին գումարը պարտք տալուց ի վեր, և Վահանը դեռ չէր մոռացել, իսկ նա աղքատ չէր, հարուստ էր, մինչդեռ Բադամյանը նրա համեստությամբ իսկապես աղքատ էր, որովհետև դրական աշխատանքով էր միայն իր ապրուստը հայթայթում:

Զատիկից հետո թատերասերների մի խումբ ներկայացում պիտի տար հայ կանանց բարեգործական ընկերության օգտին: Հեղինեն այդ ընկերության ամենաեռանդուն անդամակիցներից մեկն էր, և Մանեն երկու տոմսակ էր ստացել նրանիցմեկն իր, մյուսը եղբոր համար: (Սկեսուրը, իբրև հին կին, իր ամբողջ կյանքում թատրոն ասած բանը տեսած չէր և չէր ուզում տեսնել): Ներկայացման երեկոյան Վահանը կառքով եկավ, որ քրոջը թատրոն տանի: Նա մի քիչ ուշացել էր, այնպես որ Մանեն նրան էր սպասում` արդեն հագնված պատրաստ: Քրոջը տեսնելուն պես Վահանը չկարողացավ զսպել իր հիացմունքը:

Շի՜կբացականչեց նա աջ ձեռքի բութ մատը չրխկացնելով միջամատի վրա: — Դու կատարյալ գեղեցկուհի ես եղել և մի քիչ էլխոսքը մեր մեջ մնակոկետ... ի՜նչ հասակ, ի՜նչ քնքշություն, ի՜նչ ճաշակ, ի՜նչ գրացիաԼա՛վ, նազ մի անիր:

Եվ սկսեց երգել.

Նազ մի անիր, նազ մի անիր, նազ աղջիկ,

Դեյրեդ քաշե, թող մի անիր

Ու հանկարց լռեց: .

Հետո՞... չվերջացրիր, — բավական սառն կերպով նկատեց քույրը, որ հայելու առաջ կանգնած ուղղում էր մազերը: Պարզապես երևում էր, որ նա դեռևս նեղացած է եղբորից:

Չէ՛, վերջը լավ չէ, — ասաց Վահանը: — Առանց այն էլ ես արդեն մի հանցանք եմ գործել ծնողներիս հիշատակի դեմ. Մտքումս կար, որ մեռելոցի օրը հորս ու մորս գերեզմանն օրհնել տամ և... մոռացա, այսինքն՝ մոռացնել տվին անիծվածները: Իսկի թողնում ե՞ն, որ մարդ հանգիստ մնա. մի օր մեկն է քարշ տալիս, մյուս օրը՝ մի ուրիշը: Հենց հիմա էլ հազիվ կարողացա մեկի ձեռքից յախես թափեի, թե չէ էլ ո՞վ կպրծներ քեզնից: Երևակայիր, որ մինչև օրս դեռ գործերս էլ չեմ վերջացրել: Ջհաննամը, որ գոնե մի բանի նման լինիմ

Նա կանգնեց Մանեի հետևը և սկսեց քրոջ ուսի վրայից դիտել հայելու մեջ իր մազազուրկ դեմքը:

Հոգուդ սատկեմ, քույրիկ ջան, մի թամաշ արա ըռխիս: Մոպսի շուն տեսել ե՞ս բերանի կողքերից կախ ընկած լապռիներով. ի՛սկը մոպսի շուն: Փո՛ւ, խայտառակություն... Եվ, չեմ հասկանում, ինչո՞ւ աստված զրկել է երեսս բուսականությունից:

Մանեն առավ փեղույրը, ծածկեց և սկսեց քորոցով ամրացնել մազերի վրա: Նա պինդ սեղմել էր շրթունքները, երևում էր, որ աշխատnւմ էր զսպել ծիծաղի փռթկոցը:

Դու գիտե՞ ս, որ մենք ուշանում ենք, — ասաց նա:

Վնաս չունի, մեծ մարդիկ միշտ ուշ են գնում թատրոն, — ասաց Վահանը, նայելով ծոցի արծաթյա ջարդված ժամացույցին: — Տոմսակս տուր տեսնեմ:

Մանեն Հեղինեից ստացած երկու տոմսակներից մեկը տվեց Վահանին: Վահանը նայեց տոմսակին, անդրավարտիքի գրպանից հանեց պորտմոնեն, տոմսակը մեջը դրեց, հետո նույն պորտմոնեից հանեց երկու հատ մի-մի ռուբլիանոց ինչ-որ կոպեկների հետ և դրեց քրոջ առաջ:

Այս ի՞նչ է, — հարցրեց քույրը զարմացած:

Տոմսակի արժեքը:

Թե ի՞նչ:

Թե ա՛յն, որ ձրի չեմ սիրում:

Քույրը երկար ժամանակ շատ լրջորեն նայում էր եղբոր ծիծաղկոտ աչքերին:

Ուզում ես ինձ վիրավորե՞լ, Վահան:

Չէ, քույրիկ ջան. ես ուզում եմ միայն հակառակ չգնալ նշանաբանիս:

Կատակ չե՞ ս անում:

Փողի գործերում կատակ անելը hավասար է հանցագործության:

Շա՛տ լավ, — ասաց Մանեն, ջղային արագ քայլերով հեռացավ նրանից, պահարանից հանեց վերարկուն, հագավ և նույն քայլերով դիմեց դեպի դուռը: Այստեղ հանկարց կանգ առավ և, դառնալով եղբորը, հարցրեց.

Իսկ կառքի փո՞ղը ով պիտի վճարի:

Կեսը ես, կեսը դու, — ծիծաղեց Վահանը: — Չէ՛, որովհետև ես քեզնից ավելի մեծ տեղ կբռնեմ, — ավելացրեց նա, — ուստի քեզնից ավելի կվճարեմ:

Մեր տանը մի քանի անգամ հաց ես կերել ուրեմն տո՛ւր կերածիդ փողը, — աղաղակեց Մանեն:

Վահանի ծիծաղը սաստկացավ:

Բռավո՜ , — բացականչեց նա ... — Կսիրեմ այդպիսի ապտակներ:

Մանեն զայրացած դարձավ և դուրս գնաց:

Եվ դո՜ւ ես ամուսնուս պեդանտ անվանողը, — ասաց նա կառքի մեջ:

Վահանը միայն շարունակում էր ծիծաղել, զվարճանալով քրոջ զայրույթի վրա: Այդ ծիծաղն ավելի ևս գրգռում էր Մանեին:

Գնացել ես արտասահման, — շարունակեց Մանեն, — և հետդ, բացի գերմանական չոր հաշիվներից, ուրիշ ոչինչ չես բերել:

Չ՞որ: Ինչո՞ւ չոր և ինչո՞ւ անպատճառ գերմանական, այլ ոչ իտալական կամ թե ֆրանսիական: Փողի հաշիվներից էլ փափուկ բան... Այդ մեկ: Երկրորդ՝ արտասահմանից ես ախր գիտության էլ եմ բերել, քույրիկ ջան, ինչո՞ւ ես մոռանում:

Մանեն բորբոքվեց:

Գիտությո՜ւնի՞նչ գիտություն: Որտե՞ղ է քո գիտությունը: Ո՞վ տեսավ: Ո՞ւմ օգուտ տվիր քո գիտությունով: Գնացել ես գյուղում նստել, այգիներ ես ձգում, գինեգործարան ես շինում և, բացի քո փորի համար հոգալուց, ուրիշ ոչ
մի բանի մասին չես մտածում, թեկուզ ամբողջ աշխարհքը քանդվի էլ: Եվ դեռ ծաղրում ես ուրիշներին... ծաղրում ես ձեր գյուղի մանրավաճառին, որ նա իր տգետ տեղովը հետաքրքրվում է Գլադստոնով, Պառնելով...

Վահանը թեքվել էր և գիշերային կիսախավարի մեջ իր սովորական հեգնող ժպիտով, բայց փոքր-ինչ զարմացած, անթարթ նայում էր քրոջ զայրացած աչքերին:

Մանե, այդ դու ե՞ս, — արտասանեց նա:

Այո, ես եմ, չէիր սպասո՞ւմ:

Բաս ասում էիր խավարամիտ ես:

Թող, ի սեր աստծո, այդ հեգնություններդ: Դու անօգուտ մարդ ես, քեզնից և քո գիտությունից ոչ մի շահ չունի հասարակությունը:

— «Եթե ուսումեդ շահ չունի Հայաստան, թքել եմ քուալ, ուսումիդ ալ վրան», — վրա բերեց Վահանը և բարձրաձայն ծիծաղեց: — Բայց մի բարկանալ, քույրիկ ջան. մի բան եմ ուզում հարցնել: Այն քո առաջադիմականների հետ շուտ-շո՞ւտ ես տեսնվում:

Մանեն մեծ տհաճությամբ դեմքը շրջեց նրանից և ոչինչ չպատասխանեց: Որոհետև մի անգամ արդեն նեղացած էր եղբորից, այդ պատճառով Վահանի խոսակցության հեգնական տոնը այժմ հանում էր նրան իրենից և նա մեծ ջանք էր գործ դնում, որ զսպի իրեն:

Պետք է ասած, որ դու բավական առաջադիմականացել և ազատամտականացել ես, — շարունակեց Վահանը: — Եվ իզուր ես կարծում, թե հետադեմ-խավարամիտների բանակին ես պատկանում: Բայց մի բան, որ շատ հավանեցի, այդ զայրանալդ է: Զայրանում ես շատ սիրուն և շատ շնորհալիորեն, որովհետև մեծ եռանդ կա մեջդ, և ինքդ էլ անկեղծ ես վերին աստիճանի: — Անկեղծ եմ ասում, քույրիկ ջան, որ այս անգամ չեմ հեգնում: — Իսկ նրանք, քո այն առաջադիմական բարեկամներդ... նրանց շատ էլ մի հավատա: Նրանք
արդեն ոտով-գլխով կեղծ են, — ավելի կեղծ, քան այժմյան Կախեթու գինիները, — և, հավատացնում եմ քեզ, իրենց գիտությամբ շատ քիչ են տարբերվում մեր գյուղի մանրավաճառից:

Ես կարծում եմ, որ հասարակական գործիչներին քննադատելու իրավունք ունենալու համար, անհրաժեշտ է, որ քննադատողն ինքը հասարակական գործիչ լինի, — նկատեց Մանեն հանգիստ խստությամբ և յուրաքանչյուր բառը շեշտելով:

Չնեղանաս, քույրիկ ջան, սկզբունքի տեսակետից ասածդ աբսուրդ է. մինիստրի գործերը քննադատելու համար հարկ չկա անպատճառ մինիստր լինելու, այլապես ի՞նչ պիտի ասեինք Բիսմարկի մազերը փետրահան անող մեր գյուղի
մանրավաճառին: Բայց այս դեպքում քո նկատողությունը լիովին արդարացի է: Ես, իհարկե, զրո եմ Բադամյանի կամ Նասիբյանի հետ համեմատած, այսինքն՝ հասարակական գործիչ չեմ և, իհարկե, չեմ, քանի որ սիրային վեպեր,
բանաստեղծություններ չեմ թխում, կարմիր հոդվածներ չեմ գրում, փախչում եմ հոգաբարձական և երեցփոխական ընտրություններից, չեմ մասնակցում զանազան հայտնի և անհայտ ժողովների, այլ միայն սուս ու փուս զբաղված եմ սեփական որովայնս պարարտացնելով, հետևաբար իրվունք չունիմ քննադատելու մեր այդ երևելի հասարակական գործիչներին: Թեև այս էլ պետք է ասեմ, քույրիկ ջան, որ դու իզուր ես այդքան բարկանում ինձ վրա. ես խո չեմ քննադատում, ես միայն, այսպես ասած բարեկամական զրուցադրության մեջ, իմ անհատական կարծիքներն եմ հայտնում:

Դու կարծիք հայտնել չգիտես, դու գիտես միայն հեգնել, ծաղրել և... բամբասել, պառավների պես:

Հա՛, հա՛, հա՛, — պինդ ծիծաղեց Վահանը: — Ի՞նչ գեղեցիկ կերպով ըմբռնել ես խարակտերիստիկս... Կեցցե՛ս, բռա՜վո:

Իսկ երբ բռնում են քեզ և հանդիմանում, — շարունակեց Մանեն, — գիտես կատակով ու ծիծաղով յախեդ թափել:

Վահանի ծիծաղը սաստկացավ:

Բռա՛վո, բռա՛վո... Ասում եմ, է՛, հիանալի կերպով ըմբռնել ես խարակտերիստիկս կամ նկարագիրս, ինչպես ասում են մեր հոսհոսները: Բայց հիմի թող պակասն ես լրացնեմ, — ավելացրեց Վահանը, դադարելով ծիծաղելուց: — Ես ամենից առաջ, քույրիկ ջան, կոռեկտ մարդ եմ: Այսինքն՝ ես այն մարդկանցից եմ, որոնք երկու կռվողների միջամտած ժամանակ երկսի գլխին էլ փամփաչում են: Ուրիշ խոսքով՝ ես չեզոք մարդ եմ: Ջորին խո գիտես ինչ է, — ոչ ձի է, ոչ էլ էշ:

Խոսք չկա լա՛վ ածականներով ես կնքում ինքդ քեզ

Օ՛, ներողություն, անասուններին ես չափազանց սիրում եմ հենց թեկուզ միայն նրա համար, որ նրանք չեն կծում իրար «ազատամիտ» և «խավարամիտ» բառերով: Ասելս այն է, որ ես ոչ ազատամիտ եմ, ոչ խավարամիտ, ոչ վաղեմական եմ, ոչ հետադիմական, ոչ արմատական եմ, ոչ պահպանողականիհարկե, ա՛յն իմաստով, ինչ իմաստով, որ այդ բռերը գործ են ածում մեր մայմունների աշխարհում: Տեղը գա՝ սրա՛ գլխին կփամփաչեմ, տեղը գանրա՛ գլխին, որովհետև երկուսն էլ ինձ համար միևնույն հիմարներն են:

Եվ ամենից խելոքը դու ես...

Անշուշտ: Որովհետև արժե՞ միթե արյուն պղտորել մեր այս հիմարիոսների աշխարհում:

Իհարկե, չարժե, որովհետև արյան պղտորումն առհասարակ խանգարում է մարդկանց... փորը հաստացնելուն

Բռա՛վո, բոավի՛սիմո, — նորից բացականչեց Վահանը այնքան բարձրաձայն, որ կառապանը ետ նայեց զարմացած.

Ինչ որ սուր է՝ սուր է: Հավանում եմ: Կեցցե՛ս:

Ներկայացումն սկսվելու վրա էր, որ քույր ու եղբայր հասան թատրոն: Օրկեստրը արդեն նվագում էր: Ահագին ժողովուրդ էր խռնվում ֆոյեում և դահլիճում: Ժխորը կատարյալ էր: Օդը հագեցած էր օծանելիքների սուր հոտով: Մանեն ու Վահանը հազիվ կարողացան գտնել իրենց տեղերը պարտերում: Աթոռների նեղ միջանցքից անցնելը կատարյալ պատիժ էր Վահանի համար, քրտնքակոխ եղած նա հազիվ էր կարողանում անցկացնել իր ահագին փորը, ջարդելով նստածների ծնկները կամ ստիպելով նրանց վեր կենալ:

Հասարակությունը համեմատաբար ընտիր էր, ինչպես սովորաբար լինում է բարեգործական նպատակով տրվող հայերեն ներկայացումներին: Սովորական ներկայացումներին հայոց թատրոնի ամենապատվավոր տեղը` առաջին կարգերում բազմած են լինում աստված գիտե ինչ միջոցով ներս խծկված են տեսակ երեխաներ: Բայց այժմ այդ կարգերում աթոռակալել էին ֆինանսական աշխարհի հաստ ու բարակ տուզեր, մի գեներալ կլպած գանգով, մի քանի ուրիշ էպոլետներ` աստղերով և առանց աստղերի և գրական ու լրագրական աշխարհի ներկայացուցիչներ՝ երկար ժամանակ չխուզած մազերով և օսլայած շապիկի կեղտոտ օձիքներով:

Պա՛հ, մի թամաշ արա, աստվածդ սիրես, — բղավեց Վահանը քրոջ ականջի մոտ, որպեսզի ասածը լսելի անե օրկեստրի ձայների և ժողովրդի հանած ժխորի մեջ: — Համայն հայ աշխարհն այստեղ է. զինվորականներ, չինովնիկներ, վաճառականներ, մտքի մշակներդիփ զոռբա-զոռբա մարդիկ: Այնտե՛ղ նայիր, այնտե՛ղ. առաջադիմականը նստել է հետադիմականի կողքին և քիթը չի բռնել: Տե՛ս այն քոսոտ բանաստեղծին, գեներալի աջ կողմը. կասես Ոլիմպոսի վրա է բազմած: Մազերն էլ չի սանրել անիծածը: Ասում են, որ սիրո մասին մի կոպեկանոց ոտանավոր երկնելու վրա տասը գրիչ է կրծում, որ առնվազն հինգ կոպեկ արժե: Բայց էգուց չէ, էսօր բախտ կունենանք կարդալու նրա ռեցենզիան: Հրե՛ն, հրե՛ն մեր հրապարակախոս-կրիտիկոսը, որի առաջին արհեստը պարտքեր անելն է չվերադարձնելու պայմանով, իսկ երկրորդ արհեստն՝ իդեալից և հավիտենական սուրբ ճշմարտություններից բարբառելը: Ինձ չափազանց դուր է գալիս նրա դեմքը. կասես ինքը Հիսուսն է կանգնած առաջդ: Իսկ նրա կողքին տես ինչքան համեստ նստած է մեր լրագրական կծոտողը: Ա՛յ ում համար կարելի է ասել՝ ինքը չկար թիզուկես, արարմունքն է գազուկես: Արժե, ճշմարիտ, կշռել` իմանալու համար, թե քանի փութ դուրս կգան նրա գործադրած բառերը — «զզվելի», «նողկալի», «գարշելի», «հրեշային», «ճիվաղային», «դժոխային», մի խոսքով՝ բարձրացիր աստիճանաբար մինչև սի ըստ եվրոպականի և մինչև փո ըստ հայկականի: Դու նկատե՞լ ես, որ ամեն մի հոդվածում այն աստիճան վառվում է ազնիվ բարկությունից, որ սպառնում է գրիչը կոտրել, իսկ սև թանաքն էլ միշտ կարմրում է, երբ որևէ ամոթալի արարք է նկարագրում:

Վահան, բավական է, — շշնջաց քույրը նրա թևը քաշելով: Մանեն այդ միջոցին աչքը չէր հեռացնում իրենց առջև նստած մի տիկնոջից ու պարոնից, որոնք, պարզ երևում էր ականջ էին դնում Վահանին և գաղտագողի ժպտում կամ ծիծաղում անձայն, իրար նայելով:

Սպասիր, քեզ մի ուրիշ երևելի էկզեմպլյար ցույց տամ, — շարունակեց Վահանը: — Տե՛ս, այն էլ մաշադիների ախարհի ռադիկալ-պուբլիցիստը, որ խմբագրատնից գողացել է խմբագրի յափնջին ու քոշերը և փախել է մեր կողմերը: Առջևը նստած տիկինը փռթկացրեց և իսկույն բերանը ծածկեց թաշկինակով, իսկ նրա կողքին նստած պարոնի ուսերն սկսեցին սաստիկ ցնցվել զսպված ծիծաղից:

Վահան, մի՞թե չես զգում, որ համը տանում ես, — նկատեց քույրը հանդիմանորեն:

Հավատա, քույրիկ ջան, ուղիղ եմ ասում, լրագրի մեջ եմ կարդացել յափնջու և քոշերի պատմությունը. գրողն էլ ինքը խմբագիրն էր, յափնջու և քոշերի տերը: Աստված է վկա: Բայց սպասիր տեսնենք ուրիշ ով կա: Ըհը՛, այն էլ չոպոր անգլիացիների բուրդը գզող Նասիբյանը: Նրա դեմքը լավ ե՞ս դիտելկասես ճմշկած ճանճուռ լինի, բայց աչքերը, — տե՛ս, նայում է վերնահարկին, — փիալեք են վառվո՞ւմ... Օ՛, ո՞ւմ եմ տեսնում, քույրիկ ջան, ո՞ւմ եմ տեսնում. իմ սիմպատիանօրիորդ Սոլիկյանը: Հրեն մոտեցավ այն երիտասարդ զինվորականին: Ի դեպ երեկ իմացա, որ նրա անունը «էժանագին օրիորդ» է եղել, որովհետևվատ բան չկարծեսեռանդուն մասնակցություն ունի եղել էժանագին գրադարանի գործում... Պահ, մեծ էշը նախրումն եմ թողել: Այն Բադամյանը չէ՞: Մազերից ճանաչեցի: Գրո՜ղը տանի, Զևսն է նստա՞ծ: Նայիր մազերին, տասը ցախավել դուրս կգա...

Մանեն քիչ էր մնում վեր թռչի և դուրս գնա, այնքան նրա համբերությունը հատավ եղբոր հեգնական նկատողություններից, որոնք այս անգամ, զվարճացնելու փոխարեն, պարզապես գրգռում էին նրա ջղայնոտությունը:

Բայց այդ միջոցին լռեց օրկեստրը, բեմի վրա` վարագույրի հետևից հնչեց զանգակը, և դեռևս ոտի վրա մնացող հանդիսականներն իրար խառնվելով՝ շտապեցին բռնել իրենց տեղերը:

Վարագույրը բարձրացավ, և ներկայացումը սկսվեց:

Վահանը թեքվեց և շշնջաց քրոջ ականջին.

Կհավատա՞ս, որ չգիտեմ ինչ են խաղում և ովքեր են խաղացողները:

Լռիր և կիմանաս: Պիեսը նոր է, ես էլ չգիտեմ, իսկ խաղացողները տեղիս հայտնի ընտանիքների պատկանող տիկիններ, օրիորդներ և պարոններ են:

Հա-ա՞: Ուրեմն լռենք և լսենք:

Հիրավի, առժամանակ Վահանը լուռ էր և ուշի-ուշով դիտում էր ներկայացումը: Բայց երկար դիմանալ չկարողացավ, այս անգամ սկսեց ծաղրել դերակատարներին, չնայելով քրոջ պարզապես արտահայտած դժգոհության նշաններին:

Այս ի՛նչ երևելի հայերեն են ջարդում ձեր հայտնի ընտանիքների պատկանող տիկինները, օրիորդները, պարոնները: Մի լավ լսիր, թե աստվածդ կսիրես: «Եիես ձիեզ սիրյում իեմ»... «Բարիերով չիեմ կարող արտահատիել»… «Ագաչյում իեմ»... «Ի՞նչպիես կրվիեմ», ուզում է ասել, երևի, ի՞նչպես կռվեմ...

Ս՜սս, — լսվեց նրա հետևից:

Վահանը լռեց, ուզեց ետ նայել, բայց թե տեղը նեղ էր, և թե վիզ չուներ, որ գլուխը շրջեր: Թատրոնի դահլիճում անտանելի շոգ էր, այնպես որ խաղամիջոցին ամենքը դուրս թափվեցին պարտեզ: Այստեղ քույր ու եղբայր նստեցին սպիտակ սփռոցով ծածկված սեղաններից մեկի մոտ, ճեմելիքի կողքին:

Սարսափելի ծարավ եմ, — ասաց Վահանը. — մի շիշ գարեջուր բերել տամ, դու էլ կխմես, չէ՞:

Ես գարեջուր չեմ խմում:

Լիմոնա՞դ:

Քույրը նայեց եղբոր աչքերին, նրա սառն հայացքի մեջ ինչ-որ անհայտ բան կար:

Հետո չե՞ս վախենալ, որ պարտավորեցնես...

Վահանը ծիծաղեց և մոտիկ կանգնած սպասավորին պատվիրեց, որ մի շիշ սառն լիմոնադ բերի:

Դու ինձ հանդիմանում ես, քույրիկ ջան, — ասաց նա մի սիգար վառելով, — բայց, որ լավ մտածես, կտեսնես, որ ես ընտրել եմ մարդկային կյանքի բոլոր նշանաբաններից ամենախելացին: Դու քեզ համար, ես ինձ համար: Սա օբսոլյուտիստների «ամենքը մեկի համար» վարդապետությունը չէ և ոչ էլ կոլեկտիվիստների «մեկն ամենքի համար» վարդապետությունը որ միևնույն մեդալի մյուս երեսն է, այլ ինդիվիդուալիստների ամենաարդար սահմանորոշումը մարդկաին կյանքի փոխադարձ հարաբերությունների համար: Ես քեզնից ոչինչ եմ պահանջիլ, դու էլ ինձնից ձեռք քաշիր: Ուզում եմ ստանալկտամ և կառնեմ, ուզում ես ստանալ, տուր և առ: Ու վերջացավ: Դու քեզ համար, ես ինձ համար: Կարծեմ շատ պարզ է, չէ՞:

Следующая страница