Նար-Դոս՝   Պայքար

Մանեն ոչինչ չասաց: Բադամյանի այդ պատճառաբանությունը նա միանգամայն արդարացի գտավ, բայց իրեն էլ մեղավոր չէր համարում: Նա ուզում էր արդարացնել իրեն, բայց, ինչպես միշտ, երբ նրանց միջև խոսք էր բացվում իրենց հարաբերությունների մասին, չէր իմանում ինչպես արտահայտեր այն, ինչ որ կատարվում էր իր հոգու խորքում, ինչ որ մտածում էր ինքը շարունակ:

Եթե մեր երկսից կա մեկը, որ վախենում է, այդ անշուշտ դուք եք, և ոչ թե ես, — ավելացրեց Բադամյանը սառն հանդիմանությամբ:

Դուք ճիշտ եք ասում, ես վախենում եմ, — շշնջաց Մանեն: — Վախենում եմ... խղճիցս: Օ՛, որ գիտենաք, թե որքա՞ն զարգացած է խիղճ կոչված զգացումն իմ մեջ... Դուք պահանջում եք, որ ես թողնեմ ամուսնուս և... փախչեմ ձեզ հետ, — ավելացրեց նա նորից հուզվելով և կանգ առավ: — Փախչում են միայն նրանք, որոնք զգում են, որ հանցավոր են: Իսկ ես չեմ ուզում զգալ, որ հանցավոր եմ, հասկանո՞ւմ եք ինձ: Ես սոսկում եմ խղճիցս և հավատում, որ աստծո արդար դատաստան կա: Եթե դուք կարող եք լռեցնել խղճիս ձայնը, լռեցրեք, եթե կարող եք համոզել ինձ, որ աստված չի պատժում հանցավորներին, համոզեցեք, և ես կգամ ձեր հետևից: Բայց դուք այդ չեք կարող, որովհետև դրա համար հարկավոր կլինի, որ ճղեք կուրծքս, սիրտս հանեք և կրակը նետեք, որ անզգա մոխիր դառնա. հարկավոր կլինի, որ ջարդեք գանգս, ուղեղս հանեք և տրորեք ոտի տակ, չունենամ այն գիտակցութիւնը, թե այն օրից, երբ ձգեմ իմ ամուսնուն, անհուն տանջանքի դուռ չպիտի բանամ նրա և նրա հետ միասին ինձ համար: Դուք ինձ երջանկություն եք խոստանամ, մինչդեռ ես համոզված եմ, որ այն օրից, երբ հեռանամ իմ օջախից, ամենաթշվառը պիտի լինիմ աշխարհիս երեսին, ու ոչ մի փրկություն այլևս չպիտի լինի ինձ համար;

Բադամյանը նայում և լսում էր Մանեին պարզապես ապշած: Մանեն դեռևս երբեք այդպես կտրուկ ու կրքոտ չէր խոսել նրա հետ:

Լավ, որ այդպես է, — ասաց նա, — էլ ինչո՞ւ եք ձեզ այդքան տանջում: Ապրեցեք ձեզ համար հանգիստ ձեր տանը, ձեր ամուսնու հետ, եթե համոզված եք, որ ինձ հետևելով ամենաթշվառը պիտի լինիք, և ինձ էլ հրամայեցեք մի անգամ առ միշտ, որ այլևս չհամարձակվեմ վրդովել ձեր հանգստությունը: Դրանով էլ կվերջանա ամեն բան: Վայրենի խո չե՞մ, որ զոռով հափշտակեմ ձեզ: Ես էլ մարդ եմ, ես էլ ունիմ պատվասիրություն, դուք կապրեք ձեր տանը, ձեր ամուսնու հետ խաղաղ ու երջանիկ, ես էլ կգնամ իմ ճանապարհով: Պրծավ գնաց: Թե չէ, ի՞նչ է նշանակում անդադար հուզվել, զայրանալ, բացատրություններ տալ, արդարանալՈ՞ւմ առաջ եք արդարանում: Ձե՞ր խղճի առաջ: Բայց դուք դեռևս չեք գործել այն, ինչ որ հանցանք եք համարում: Ի՞մ առաջ: Բայց ո՞վ եմ ես ձեզ համար, — պատահական մի մարդ, որի վերաբերմամբ ոչ մի պարտավորություն չունիք, որին երբ կամենաք կարող եք հեռացնել ձեզնից:

Բադամյանի շատ հանգիստ կերպով արտասանած այդ խոսքերն այնքան անակնկալ էին Մանեի համար, որ նա այս անգամ պարզապես բան չգտավ ասելու: Երկար ժամանակ նա լուռ տանջանքով նայում էր Բադամյանի աչքերին, հետո հուսահատական մի հայացք ձգեց իր շուրջը և կամաց նստեց մոտը գտնված նստարանի վրա:

Ճեմելիքի ծայրերից լսվեցին բարձրաձայն ծիծաղի ձայներ: Բադամյանը նայեց այն կողմը և տեսավ ինչ-որ մութ ստվերներ, որոնք մոտենում էին արագորեն: Նա նստեց նույն նստարանի վրա, Մանեից այնքան հեռու, որ նրանց մեջտեղ կարող էր ուրիշ մարդ տեղավորվել: Ստվերները մոտեցան: Մանեի և Բադամյանի առաջով գրեթե վազելով անցան երկու աղջիկ թևանցուկ և կրկչալով: Նրանց հետևում էին երեք գիմնազիստ, որոնցից մեկըխիստ բարձրահասակ ու լղար մի տղամի քիչ ետ էր մնացել ընկերներից և քայլում էր զինվորի լայն ու չափված քայլերով: Աղջիկներն ու գիմնազիստները կորան պարտեզի խորքում, մթության մեջ:

Բադամյանը, ըստ երևույթին, գտած էր համարում այն միջոցը, որով, երկար մաքառելուց հետո, հույս ուներ այս անգամ ընկճելու իր սիրո մեջ համառող այդ զարմանալի և տարօրինակ կնոջը, ուստի շարունակեց նույն հանգիստ և սառն հանդիմանական եղանակով.

Չեմ հասկանում, այդ ի՞նչ սեր է, որ անդադար դատում է, անդադար երերվում, անդադար դողում, անդադար են ինչ-որ հանցանքներ ու տանջանքներ է երևակայում: Ես միշտ այն համոզումն եմ ունեցել, թե բնության մեջ սերն է ամենամեծ զորությունը, որը ոչ մի խոչընդոտ չի ճանաչում և շեշտակի դիմում է ուղիղ իր նպատակին, հող չէ, թե ճանապարհին նույնիսկ ջարդուփշուր կլինի: Բայց երբ նայում եմ ձեզ, երբ լսում եմ ձեզ...

Բադամյանը թոթվեց ուսերը տարակուսանքով, լռեց ու նայում էր դեպի պարտեզի հրապարակը, որտեղից ծառերի արանքով լույսի շերտեր էին թափանցում ճեմելիքը: Լայնաբերան շեփորը տնքում էր դեռ և փոքրիկ թմբուկը դեռ շարունակում էր տեղալ իր մանրիկ կարկուտը: Ճեմելիքում զգալի կերպով տոթ էր կանգնած և խոնավության հոտ էր փչում:

Բադամյանը հանկարծ վեր կացավ և կանգնեց Մանեի առաջ:

Երկսից մեկը, — ասաց նա գրգռված, այլևս անկարող լինելով զսպել իրեն. — դուք կամ չեք սիրում ինձ, կամ կարծում եք, թե սիրում եք և... պարզապես խաղում եք ինձ հետ, երևի կարծելով, թե ես այն հիմարներից եմ, որոնց քթից բռնած՝ կանայք կարող են անել ամեն բան, ինչ որ կամենան,

Բադամյան... — շշնջաց Մանեն:

Ո՛չ, խնդրում եմ, — ընդհատեց նրան Բադամյանը խստորեն: — Ինձ խոսքեր հարկավոր չեն այլևս, ձեր վարմունքն արդեն ամեն ինչ պարզվում է ինձ համար: Այսքան ժամանակ չարչարել, տանջել, մերթ հույս տալ, մերթ հուսահատեցնել և հետո վեր կենալ և խոսել խղճի մասինԼսեցեք, Մանե, ինչ եմ ասում: Ես չեմ կարող ստիպել ձեզ, որ սիրեք ինձ, բայց իրավունք ունիմ պահանջելու, որ գեթ փոքր ինչ հարգեք ինձ և... չխաղաք ինձ հետ...

Բադամյան, — այս անգամ գրեթե ճչաց Մանեն, վեր թռավ, նորից նստեց, հետո շտապով հանեց թաշկինակը, սեղմեց աչքերին և խուլ կերպով հեկեկաց:

Այդ բանն այնքան անսպասելի էր Բադամյանի համար, որ նա միանգամայն կարկամեց և չիմացավ ինչ անի: Հետո արագորեն վախկոտ մի հայացք ձգեց ճեմելիքի այս ու այն կողմը, նստեց Մանեի կողքին և աշխատում էր ներողություն խնդրող անկապ խոսքերով հանգստացնել նրան: Բայց իզուր, Մանեն հեծկլտում էր երեխայի պես, թաշկինակն աչքերին պինդ սեղմած: Հետո հանկարծ դադարեց հեծկլտալուց, վեր թռավ և ասաց.

Գտեք եղբորս. ուզում եմ տուն գնալ:

Այդ նոր անակնկալը նորից ապշեցրեց Բադամյանին: Նա հենց այնպես էլ սառած մնաց նստած տեղը և կարողացավ միայն շշնջալ.

Մանե...

Մանեն արագորեն սրբեց աչքերը, թաշկինակը պահեց, մազերը շտկեց և, առանց որևէ խոսք արտասանելու, դիմեց դեպի պարտեզի հրապարակը վճռական քայլերով:

Բադամյանը, խելագարի պես վեր թռավ նստարանից և. վազեց նրա հետևից:

Մանե՛... ի սեր աստծո... Ի՞նչ եք ուզում անել:

Ուզում եմ տուն գնալ:

Ինչո՞ւ:

Որովհետև չեմ ուզում, որ ինձ վիրավորեք:

Ե՛ս ձեզ վիրավորե՜մ... Մանե՛... սպասեցե՛ք.. Աղաչում եմ... Մանե՛...

Եվ Բադամյանը, բռնելով նրա ձեռքից, փորձեց պահել, բայց Մանեն ձեռքը վճռաբար խլեց նրա ձեռքերի միջից և արագաքայլ առաջ անցավ:

8

Պարտեզի հրապարակում Վահանը որոնում էր քրոջը, երբ Մանեն դուրս եկավ մութ ճեմելիքից և մոտեցավ նրան: Վահանը կանգ առավ ակամա և զարմացած նայեց նրա հուզված դեմքին:

Եկ գնանք, — շշնջաց Մանեն գրեթե շնչասպառ և, բռնելով եղբոր ձեռքից, կամեցավ առաջ տանել նրան իր հետ:

Ո՞ւր:

Տուն:

Դարձյա՞լ տուն: Ներկայացումը վերջանա, է՛:

Չեմ ուզո՛ւմ: Եկ գնանք:

Վահանը պահեց քրոջը և փորձող հայացքով նայեց նրա տարօրինակորեն փայլող աչքերին:

Սպասիր: Ի՞նչ է պատահել:

Ոչինչ չի պատահել: Ես ուզում եմ, որ այս րոպեիս ինձ տուն տանես:

Չլինի՞ թե նեղացել ես, որ քեզ մենակ թողեցի:

Ա՛խ... Գնանք տուն ասում եմ, ջղայնորեն արատասանեց Մանեն և նորից փորձեց եղբորը շարժել տեղից:

Աստվածդ սիրես, Մանե, սպասիր տեսնենք ինչ է պատահել: Դու այնքան հուզված ես, որԿարծես լաց ես եղելՉլինի՞ թե Նասիբյանը...

Ո՛չ, ո՛չԱրի գնանք:

Մանե, աղաչում եմ, ասա ճշմարիտը: Եթե նա քեզ որևէ անախորժ բան է ասել իմ ջիգրը հանելու համար, այս րոպեիս կփշրեմ նրա ոսկորները:

Ա՛խ, ի՛նչ անտանելի մարդ ես... Ես Նասիբյանին չեմ տեսել:

Բաս ո՞վ է նեղացրել քեզ: Ո՞ւմ հետ էիր:

Բադամյանի հետ, — ասաց Մանեն արդեն ճարահատյալ:

Ա՛...

Մանեն սկզբում վախեցավ, հետո հանկարծ զսպեց իրեն և սուր-սուր նայեց եղբոր աչքերին:

Ի՞նչ է նշանակում այդ «ա-ն», — հարցրեց նա խուլ ձայնով:

Ոչինչ... այ Բադամյանը գալիս է:

Ես գնում եմ տուն, — գրեթե աղաղակեց Մանեն և շտապով դիմեց դեպի պարտեզի մուտքը:

Բադամյանը, հենց որ հեռվից տեսավ Մանեին ու Վահանին իրար հետ, ետ դարձավ ու կորավ ճեմելիքի մթության մեջ:

Վահանն իր լայն ու ծանր քայլերով հետևեց քրոջը:

Մի հինգ րոպե հետո քույր ու եղբայր, կառք նստած, տուն էին դառնում: Մանեն կուչ էր եկել կառքի անկյունը և լեզուն փորն էր գցել: Իսկ Վահանը բավական զարմացած քրոջ տարօրինակ դրության վրա, վախենում էր բան հարցնել: Սակայն նա երկար չկարողացավ դիմանալ և հարցրեց.

Նա քեզ վիրավորե՞ց...

Քույրը ոչինչ չպատասխանեց:

Վահանը խոստովանության նշան համարեց նրա լռությունը և ասաց այս անգամ կես-խրատական, կես-անտարբեր, բայց լուրջ տոնով.

Ես գիտեմ, որ նա մաքուր մարդ չէ... և, առհասարակ, լավ կլինի, որ զգույշ կենաս նրանից:

Մանեն հանկարծ մի խիստ շարժում գործեց, ուզեց խոսել, բայց էլի բան չասաց և էլի կուչ եկավ կառքի անկյանը:

Տուն որ հասան Վահանը չիջավ կառքից:

Ինչու՞ չես իջնում, — հարցրեց քույրը:

Ես պետք է վերադառնամ թատրոն: Բարի գիշեր:

Մանեն վախեցած վրա ընկավ նրա ձեռքին:

Վահան, ի՞նչ ես ուզում անել:

Վահանը սկզբում զարմացավ քրոջ այդ բացականրության վրա, հետո, երբ կառքի լապտերի լույսի տակ տեսավ քրոջ վախեցած դեմքը, ծիծաղեց:

Մի վախենար քույրիկ ջան, ես նրան ոչինչ չեմ անիլ, ուզում եմ վերադառնալ թատրոն միայն նրա համար, որ ... չեմ ուզում տվածս փողը կորչի:

Ախ, դարձյալ փողը...

Վահանը նորից ծիծաղեց:

Լսիր, Վահան, իջիր: Աղաչում եմ, իջիր: Բան ունեմ ասելու:

Դե ասա էլի:

Չէ, ներս արի:

Վահանն իջավ, կառքը ճանապարհ դրեց և քրոջ հետևից ներս մտավ տուն:

Կապրիզներ եմ ասում է, — ասաց նա սանդուղքով բարձրանալիս, որի ժամանակ աստիճանները ճռճռում էին նրա ահագին ծանրության տակ:

Մի քանի րոպե հետո քույր ու եղբայր նստած էին հյուրասենյակում իրար դեմ:

Վահանը ճրագի լույսի տակ լավ նայեց քրոջ դեմքին:

Երեսիդ գույն չկա, — նկատեց նա, — Սկեսուրդ որ տեսնի, սիրտը խո կճաքի:

Սկեսուրս այժմ քնած է: Նա միշտ վաղ է քնում, — մեքենայաբար պատասխանեց Մանեն:

Կարճ ժամանակ լռություն տիրեց: Վահանը հետաքրքրությամբ դիտում էր և, արմունկով ծնկանը հենված, ծխում էր հանգիստ:

Դե ասա տեսնենք ինչ ես ասում, — ասաց նա:

Մանեն կամ չէր վստահանում, կամ չէր իմանում ինչպես սկսեր: Այժմ խիստ տարօրինակ անհանգստություն էր տիրել նրան, նա չէր նայում եղբորը, նրա տենդային հայացքը թափառում էր մի առարկայից մյուսը. նա զգում էր, որ դեմքը մերթ այրվում է սաստիկ, կարծես բոցերի ալիք է դիպչում հանկարծ, մերթ սառում և ճակատին սառն քրտնքի կաթիլներ են դուրս ցայտում:

Դու Բադամյանի մասին ես ուզում խոսել, չէ՞, — հարցրեց Վահանը երկար սպասելուց հետո:

Այո, — շշնջաց Մանեն, աշխատելով այնպիսի դիրք տալ իրեն որ Վահանը չտեսնի իր դեմքը: Հետո հանկարծ վեր կացավ, մոտեցավ լուսամուտներից մեկին և բաց արեց, կարծես նեղվելով օդի պակասությունից:

Վահանը, առանց դիրքը փոխելու, ծուռ հայացքով հետևից նրան, հետո նայեց սիգարի ծայրին և, տեսնելով, որ մոխիրը վայր ընկնելու վրա է, սիգարը զգուշորեն մոտեցրեց մոխրամանին, ճկույթով խփեց և մոխիրը վայր ընկավ մոխրամանի մեջ:

Սիրո խոստովանությո՞ւն, — հարցրեց նա:

Նրա ականջին դիպավ մի խուլ «այո»:

Չնայելով, որ Վահանը հենց սկզբից այդ պատասխանին էր սպասում, բայց և այնպես կարծես թե ապշեց, որ այդ պատասխանը լսեց և ոչ թե ուրիշ պատասխան: Բայց այդ ապշությունը շատ շուտով անցավ: Նա սիգարը դրեց բերանը, վեր կացավ, ձեռքերով շոշափեց իր հաստ փորը և ժիլետի տակից վեր քաշեց անդրավարտիքը

Թե որ այդ էր ասելիքդ, իզուր ինձ ներս կանչեցիր, ասաց նա առաջվա անտարբեր ձայնով և աչքերը ման ածեց չորս կողմը: — Որտե՞ղ դրի գլխարկս:

Մանեն արագորեն ետ քաշվեց լուսամուտից և նայեց եղբորը միաժամանակ թե՛ վախեցած, թե՛ զարմացած: Վահանը գտավ գլխարկը և ծածկեց:

Բարի գիշեր:

Մանեն առաջ վազեց և հուսահատական անզորությամբ կախ ընկավ նրա ուսերից:

Վահան... դու գնո՞ւմ ես:

Բաս ի՞նչ անեմ:

Եվ այդ եղբա՞յրս է ասում:

Եղբայրդ ի՞նչ գործ ունի այստեղ: Այդ դու, այն էլ Բադամյանը:

Վահա՛ն... Վահա՛ն ջան... սպասիր... Մի՞թե չես ուզում ինձ այստեղ ևեթ սպանել...

Որպեսզի հետո աքսո՞ր գնամ: Շատ շնորհակալ եմ:

Մանեն այս անգամ չոքեց եղբոր առաջ և պինդ գրկեց նրա ոտները:

Վահա՛ն, Վահա՛ն, — աղաղակեց նա հուսահատական աղերսանքով, — ես մենակ եմ, ես անդունդն եմ գլորվում ազատի՛ր ինձ... Մի՞թե եղբայրս չես, մի՞թե չես սիրում ինձ: Մի՞թե կուզես, որ քույրդ արատավորի իր ընտանիքը, թշվառացնի իր ամուսնուն, անառակ կնոջ անուն հանի: Մի՞թե առաջինը դո՛ւ չպիտի լինես ինձ հանդիմանողի, ինձ անարգողը, երեսիս թքողը: Մի՞թե իմ պատիվը քո պատիվը չէ, իմ անունը քn անունը: Տեսնո՞ւմ ես, ես չոքած եմ քո առաջ, ես աղերսում եմ, պաշտում եմ քեզ իբրև իմ միակ ազատչին, ազատի՛ր ինձ, ազատի՛ր այս անտանելի տանջանքներից: Մինչև այժմ ես կարևոր ուժ եմ գործ դրել մաքառելու և մաքառել եմ, որքան կարողացել եմ. բայց այժմ արդեն զգում եմ, որ ուժերս թուլանում են, և անդունդը, սոսկալի անդունդը պատրաստ է ինձ կլանելու... Վահա՛ն, լսո՞ւմ ես, ես կործանվելու եմ... և կկործանվեմ, անպատճառ կկործանվեմ, եթե չփրկես ինձԵս ոչինչ չեմ ուզում քեզնից, միայն խորհուրդ տուր՝ ի՞նչ անեմ, ինչպե՞ս դուրս գամ այս անտանելի դրությոնից

Նախ վեր կաց. դա բանի նման չէ, — ասաց Վահանը: — Ոտներս այնպես հուպ ես տալիս, որ քիչ է մնում վայր գցես և տրաքոցս վեր հանես: Եվ այդ ի՞նչ անբնական լեզվով ես խոսում, բեմի վրա՞ ես, ինչ է: Իսկ խորհուրդսահավասիկ. դիմիր ամուսնուդ, եթե թույլ կտա, որ սիրես Բադամյանինսիրիր, իսկ եթե ոչ, հանգիստ նստիր քեզ համար տանը և... «Դոն Կարլոսը» կարդա... չէ՛, ավելի լավ է այդ տիպի գրքեր ամենևին չկարդաս: Վեր կաց:

Մանեի գլխին կարծես սառը ջուր մաղեցին: Նա կամաց թողեց եղբոր ոտները, որոնց մի րոպե առաջ սեղմում էր ձեռքերի մեջ խեղդվողի պես, վերին աստիճանի կոտրված, ամոթահար հայացքով նայեց ներքևից վերև եղբոր միշտ հեգնող, սակայն այս անգամ տարօրինակ սառն ու լուրջ աչքերին և վեր կացավ: Նրա դեմքն այժմ այնպես սառած, այնպես գունատ էր, որ կարծես մահամերձ հիվանդ լիներ: Նա այլևս ոչ մի խոսք չարտասանեց, երեսը դարձրեց եղբորից և հեռացավ այնպիսի բութ զգացման տակ, որ կարծես թե հանկարծ դագանակի ծանր մի հարված էին իջեցրել գլխին և շշմեցրել:

Վահանը նայեց ժամացույցին:

Բարի գիշե՛ր: Ես վերադառնում եմ թատրոն, — ասաց նա և դուրս գնաց:

Մանեն նստեց: Այնպիսի մի թմրություն էր զգում ամբողջ մարմնի մեջ, որ կարծես թե երկարատև ճանապարհորդություն էր կատարել սայլով, որից նոր իջել էր և ուժ չուներ ոտի վրա կանգնելու: Նա խոնարհվեց ծնկների վրա և երեսն առավ ձեռքերի մեջ: Ամոթի նման ծանր ու սպանիչ մի զգացում վայրկյան առ վայրկյան արյունը նետում էր գլուխը, շամփրում ուղեղը և բոցի պես այրում այտերը: Հանկարծ նա ցնցվեց և շտկվեց, նայեց դռանը:

Վահանը նորից ներս մտավ սիգարը բերանին, գլխարկը դրեց աթոռի վրա և նստեց իր առաջվա տեղը:

Մանեն նայեց նրան այնպիսի զարմացական-հարցական հայացքով, որ կարծես թե մի նոր մարդ է տեսնում իր առաջ բոլորովին նոր nւ անծանոթ մի մարդ, որ անսպասելի կերպով ներս մտավ և նստեց իր առաջ:

Դու ախր ինձ իսկապես ոչինչ չասացիր, — ասաց Վահանը այնպիսի մի եղանակով, որից պարզ երևում էր, որ ուզում է մեղմել իր վարմունքի թողած ծանր տպավորությունը: — Թեպետ սիրո պատմությունը մեկ է, բայց և այնպես հետաքրքրական է իմանալ, թե ինչպես է եղել այդ. ինչպե՞ս են ձեր հարաբերությունները և այլն: Պատմիր տեսնենք:

Ինչո՞ւ համար, — հարցրեց Մանեն:

Որպեսզի իմանամ, թե ինչ խորհուրդ կարելի է տալ:

Խորհուրդդ տվիր վերջացավ, էլ ի՞նչ նոր խորհուրդ:

Այն կատակ էր, իսկ այժմ ուզում եմ լուրջ խոսել:

Իսկ ես այլևս չեմ ուզում խոսել և շատ զղջում եմ, որ սիրտս բաց արի քո առաջ:

Ճի՞շտ:

Այո:

Ուրեմն գնա՞մ:

Ես քեզ չխնդրեցի, որ ետ դառնաս:

Վահանը զարմացած նայեց քրոջը, հետո ծիծաղեց:

Բավական խռովկան ես եղել, ա՛յ: Լավ, ի՞նչ ասացի, որ այդպես նեղացել ես:

Ոչինչ, միայն խնդրում եմ ազատիր ինձ քո խորհուրդներից:

Բաս մի քիչ առաջ ինքդ էիր խնդրում, որ խորհուրդ տամ:

Մանեն վեր կացավ տեղից:

Ի սեր աստծո, վերադարձիր թատրոն, — ասաց նա, զգալով, որ ջղայնությունը նորից բռնում է իրեն:

Վահանը նորից ծիծաղեց և վեր կացավ:

Այսինքն ուզում ես ասել՝ կորիր գլխիցս: Շատ բարի: Բայց ուրիշ անգամ որ գամ, է, խո... թատրոն չե՞ս ղրկիլ:

Մանեն երեսը դարձրեց և ոչինչ չպատասխանեց: Զգում էր որ զզվելու չափ ատում է եղբոր չաղությանը, ձայնը, ծիծաղը, մանավանդ սիգարը, որ հոտում էր անտանելի կերպով: Վահանի հեռանալուց հետո, նա քաշվեց իր ննջարանը, նստեց անկողնակալի վրա և զգաց, որ ինչ-որ ծանր, անտանելի ծանր մի բան ճնշում է կուրծքը և հետզհետե բարձրանում է դեպի կոկորդը: Նա երեսը թաղեց բարձի մեջ և այլևս չկարողացավ զսպել հուսախաբության, դառնության, վիրավորանքի և ինքնանվաստացման հեկեկանքը: Ինքնանվաստացման զգացումը մանավանդ տանջում էր նրան խենթացնելու չափ, և նա ջղաձգական գալարումների մեջ կծոտում էր իր ձեռքերը այդ անտանելի տանջանքը մոռանալու համար:

9

«Երեկ գիշերվա դեպքից հետո ես ավելի, քան երբեք, տեսա, որ մեր դրությունն անտանելի լինելու չափ անորոշ է և այսպես շարունակել այլևս անկարելի է: Պետք է մի անգամ առ միշտ վերջ դնել այս դժոխքին: Ուստի հատկապես խնդրում եմ հայտնել, ինձ, թե ո՛ր օրը, ո՛ր ժամին և որտեղ կարող եմ տեսնել ձեզ: Աղաչում եմ, մի մերժեք այդ տեսակցությունը թերևս վերջինը լինի, որի ժամանակ վերջնականապես և անպատճառ կորոշվի, թե իմ և թե ձեր վիճակը, մանավանդ իմը»:

Այս նամակը գրելով Մանեին, Բադամյանն այն զգուշությունն էր բանեցրել, որ ոչ գրել էր, թե ում է ուղղում նամակը և ոչ էլ իր ստորագրությունն էր դրել. ծառային էլ պատվիրել էր, որ նամակն անձամբ հանձնի Մանեի ձեռքը և սպասի պատասխանին:

Մանեն կարդաց, մի քիչ մտածեց և հետևյալ պատասխանը գրեց նամակի մյուս երեսին.

«Վաղը չէ, մյուս օրը, ժամը մեկին, մեր տանը: Սկեսուրս մեռելի վրա կլինի: Ես էլ կգնամ, բայց այդ ժամին կվերադառնամ և կսպասեմ»:

Նշանակված օրը և նշանակված ժամին Բադամյանն եկավ, դուռը բաց արեց ինքը Մանեն: Նա չպատասխանեց Բադամյանի բարևին և լուռ ետ քաշվեց, որ մտնի: Այնուհետև դուռը փակեց և նույն լռությամբ առաջնորդեց նրան ընդունարան:

Բադամյանը նստեց և նայում էր Մանեին ապշած: Վերին աստիճանի տարօրինակ էր թվում նրան Մանեի սառնության չափ հանգիստ ընդունելությունը և մանավանդ խորհրդավոր լռությունը: Մանեն վարվում էր այնպես, որ կարծես թե, Բադամյանը չէ, որ, խնդրել էր այդ տեսակցությունն՝ իր որոշումը հայտնելու նրան, այլ Մանեն էր պահանջել նրանից, որ գա լսելու այն, ինչ որ ինքը կասի նրան: Այդ պատճառով Բադամյանը նստած էր լուռ և սպասում էր, թե ինչ էր ասելու նա:

Մանեն նստեց Բադամյանի դիմաց և առաջին անգամ իր հանգիստ հայացքով նայեց նրան: Նա սև էր հագած, և այդ սև հագուստի մեջ խիստ որոշակի աչքի էին ընկնում նրա սպիտակ ձեռքերն իրենց երկայն մատներով ու վարդագույն եղունգներով և ավելի ևս սպիտակ ու լղար վիզը, որի վրա ակոսում էին կապույտ երակները:

Ես ձեր նամակին չէի պատասխանիլ, — խոսեց նա վերջապես, — եթե ստորագծված բառերը լինեին և եթե նամակն ինքն այնքան վճռական տոն չունենար: Բացի դրանից, ես ինքս ուզում էի մի անգամ առ միշտ վերջ տալ այս դրությանը, իսկապես որ անկարելի է այլևս շարունակել այսպես: Ես այս բանը միշտ ասել եմ ձեզ և այժմ ուրախ եմ, որ դուք ևս նույն համոզմանն եք եկել վերջապես: Պետք է վերջ տալ այս դրությանը, պե՛տք է անպատճառ: Մենք մենակ ենք. ոչ ոք չի խանգարիլ մեզ: Հույս ունիմ, առաջվա պես չենք գրգռվիլ, չենք կռվիլ, չենք վիրավորիլ իրար, կխոսենք հանգիստ և կխորհրդակցենք միասին, թե ո՛րն է ամենալավ միջոցը, որով կարող կլինինք ճնշել այս հանցավոր կիրքը և վերստանալ մեր նախկին անդորրությունը: Չէ՞ որ մենք մարդ ենք, խոհական արարած, և միայն բնազդը չէ, որ ղեկավարում է մեր զգացումները: Մենք ամեն բան կարող ենք անել, եթե միայն կամենանք և հաստատ վճռենք: Այս բանն ասում եմ ո՛չ այնքան իմ, որքան ձեզ համար: Ես պարզորեն պիտի խոստովանեմ ձեզ. ձեր նամակի տոնը վախեցրեց ինձ, որովհետև ես ձեզ... սիրում եմ և ցանկանում, որ ապրեք և երջանիկ լինիք:

Բադամյանը, որ մինչև այժմ լսում էր Մանեին պարզապես ապշած, նրա վերջին խոսքերի վրա չկարողացավ զսպել իր դառն ժպիտը:

Աղքատը ձեռքը դեմ է անում հարուստին: «Աղա, ողորմություն արա»: Հարուստը պատասխանում է. «Ես կարեկցում եմ քո վիճակին և ցանկանում, որ փորդ կուշտ լինի»: Ու փոխանակ հաց տալու, որ քաղցից չմեռնի, խրատ է տալիս, թե` եթե կամենաս և հաստատ վճռի, կարող է առանց հաց ուտելու էլ ապրել:

Ի՞նչ եք ուզում դրանով ասել, — հարցրեց Մանեն:

Այն եմ ուզում ասել, որ դուք շարունակում եք ինձ կերակրել բառերով: Ինչի՞ս է պետք, որ ասում եք, թե սիրում եք ինձ: Ինչի՞ս է պետք առվակի կարկաչը, երբ ես շղթայված եմ այդ առվակի ափին և չեմ կարող ծարավս հագեցնել: Ավելի լավ չէ՞ որ խլանամ և չլսեմ այդ ձայնը, այդ դատարկ ձայնը, որ ընդունակ է միայն ավելի ևս գրգռելու ծարավս, ավելի ևս սաստկացնելու տանջանքս:

Ա՛խ, ինչո՞ւ դուք ինձ չեք հասկանում, — Բադամյան, — ասաց Մանեն մեղմ հանդիմանությամբ:

Բադամյանն այլևս չկարողացավ զսպել իրեն և վեր թռավ տեղից:

Որովհետև ձեզ անկարելի է հասկանալ, — բացականչեց նա հուզված: — Ես ձեզ ոչ թե միայն չեմ հասկանում, այլև... խնդրում եմ չնեղանաք երեկվա պես... այլև չես հավատում ձեր անկեղծությանը, ինչպես որ չէր կարող հավատալ իմ ասած աղքատն իրեն կարեկցություն հայտնող հարստի անկեղծությանը: Դուք ինձ համար երջանկություն եք ցանկանում և շատ լավ էլ գիտեք, որ իմ երջանկությունը կախված է միմիայն ձեզնից, մինչդեռ, — այդ էլ տեսնում եք ձեր աչքերով, — որի տանջանքից ուրիշ բան չեք տալիս ինձ:

Մանեն նայեց նրան առաջվա պես հանգիստ, բայց այս անգամ խիստ տխրալի հայացքով:

Ես ձեզ չեմ կարող ստիպել, որ հավատաք իմ անկեղծությանը, Բադամյան, բայց որ չեք հասկանում ինձ, այդ մի փոքր զարմացնում է ինձ, որովհետև նոր չէ, որ ճանաչում եք ինձ, և նոր չէ, որ խոսում ենք այս մասին: Այո, ես տեսնում եմ, շատ լավ եմ տեսնում, իր դուք տանջվում եք. բայց մի՞թե չգիտեք, որ կան տանջանքներ, որոնք ավելի բարձր են, ավելի ազնիվ ու քաղցր, քան ա՛յն, ինչ որ դուք երջանկություն եք անվանում:

Ո՛չ: Այդպիսի բան ես չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ, — նկատեց Բադամյանը ջղայնությամբ: — Տանջանքը տանջանք է, ուրիշ անուն չունի: Եվ ես միստիկ չեմ, որ տանաջանքի մեջ քաղցրություն զգամ, այլապես կգնայի և ճգնավոր կդառնայի: Ես մարդ եմ, արյունս գորտի արյուն չէ: Ես դրական երջանկություն եմ պահանջում: Չեք ուզում տալ այդպես էլ ասեք ուղղակի և պարզ: Այլապես կրկնում եմ, ես ձեզ չեմ հասկանում և երբեք էլ չեմ կարող հասկանալ: Բռնությունը գարշելի է ամեն բանում, բայց որ մարդ բռնություն գործի ինքն իր վրա, իր սեփական զգացումների վրա, — այդ, ներեցեք, եթե խելագարություն չէ, ապա այնպիսի մի բան է, որի անունը ես չգիտեմ: Հա՛, իհարկե, մարդ, եթե կամենա և վճռի, կարող է ամեն բան անել նույնիսկ թռչել երկինք խլել հրեշտակների առաքինությունը: Դուք այդ արել եք և ստիպում եք, որ ես էլ նույնն անեմ: Ո՛չ, ես չեմ կարող անել այդպիսի բան, որովհետև անկարելի է, անել ա՛յն, ինչ որ անկարելի է: Փախչել այն բանից, որը քո մեջն է, որը շրջում է բոլոր երակներիդ մեջ արյանդ յուրաքանչյուր բջջի հետ, — այդ բանը կարելի է միայն նրանով, որ վերցնես և գանգդ ջարդես պատի վրա կամ ածելիով կտրես կոկորդդ: Ահա՛ այն միակ միջոցը, որը գտնելու համար ուզում եք ինձ հետ խորհրդակցել: Խորհրդակցե՛լ... Միամտությո՞ւն է այդ, թե ծաղր: Եթե միամտություն է, դուք միամիտ չեք. եթե ծաղր, դուք կին եք և չեք կարող այդքան անխիղճ լինել: Սերը հրդեհ է դառել, լափում է ամբողջ էությունս, և ես քիչ է մնում, որ գժվեմ հուսահատությունից, իսկ դուք ինձ առաջարկում եք, որ նստեմ և հանգիստ խորհրդակցեմ ձեզ հետ, թե ինչպես անենք, որ... Օ՛հ, ո՛չ, ո՛չ, բավակա՛ն է: Ես իսկապես որ կգժվե՛մ, կգժվե՛մ, կգմվե՛մ...

Բադամյանը, չափազանդ հուզված, նորից նստեց և գլուխն առավ ձեռքերի մեջ: Ճակատն այրվում էր և ձեռքերի ափերի վրա զգում էր քունքերի երակների ուժգին զարկը:

Մանեն նստած էր արտաքուստ բոլորովին հանգիստ և, ձեռքերը վշտահար կարեկցությամբ նայում էր երկայն գանգուր մազերին:

Բադամյան, մի դատապարտեք ինձ, — շշնջաց նա կամաց, հանգստացնող ձայնով: — Ինձնից մի՛ պահանջեք այն, ինչ որ չեմ կարող անել, ինչ որ չպետք է անեմ: Մի րոպե մոռացեք այդ կիրքը, մտեք իմ դրությունը...

Ո՛չ, ես ո՛չ մի դրություն չեմ ուզում ճանաչել, — բացականչեց Բադամյանը նոր հուզումով և նորից վեր թռավ տեղից: — Բավական է, որքան տանջվեցի, այլևս ուժ չկա դիմանալու: Այս տրագի-կոմեդիան պետք է վերջացնենք:

Նա հաստատուն քայլերով մոտեցավ Մանեին, կանգ առավ նրա առաջ և նայեց նրա աչքերին վերին աստիճանի վճռական հայացքով:

Լսեցեք, Մանե: Հարցն ես տալիս եմ կտրուկ կերպով և խնդրում եմ, որ պատասխանն էլ կտրական լինի: Թողնո՞ւմ եք ձեր ամուսնուն և գալի՞ս եք ինձ հետ, թե ոչ:

Մանեն նախ ծանր-ծանր շարժեց գլուխը բացասաբար, հետո ուժեղ շեշտով պատասխանեց:

Ո՛չ:

Ո՛չ, ասում եք:

Ո՛չ:

Բադամյանը կարճ ժամանակ լռեց, շարունակելով անթարթ նայել Մանեի աչքերին: Երևում էր, որ նա ահագին ջանք է գործ դնում հանգիստ մնալու:

Լա՛վ մտածեցեք: Մանե: Երրորդ անգամն եմ հարցնում: Ո՞չ:

Մանեն հանկարծ վեր կացավ տեղից:

Դա ի՞նչ ինկվիզիցիա է, չեմ հասկանամ, — արտասանեց նա, չկարողանալով զսպել իր զայրույթը: — Ես, կարծեմ, երեխա չեմ և հասկանում եմ, թե ինչ եմ պատասխանում:

Բադամյանը գունատվեց և, կարծես միանգամից զրկվեց խոսելու ընդունակությունից: Նրանք կանգնած էին իրար դեմ առ դեմ և նայում էին իրար աչքերի: Մանեն անսասան հաստատակամությամբ և վիրավորված. Բադամյանը՝ զարմացած, շփոթված և վախեցած: Այնուետև, Բադամյանը կամաց դարձավ, անհաստատ քայլերով հեռացավ, որ գլխարկն առնի ու գնա, բայց զգաց, որ այդքան քաջություն չունի: Ծնկները ծալվում էին, մի բան խեղդում էր նրա բուկը, և նա անդիմադրելի մի ցանկություն էր զգում վայր ընկնելու ուղղակի հատակի վրա և լաց լինելու երեխայի պես: Նա նստեց, գլուխը նորից առավ ձեռքերի մեջ և զգաց, որ ճակատն այս անգամ սառն է սառցի պես, և քունքերի վրա երակներն այլևս չեն զարկում կարծես: «Այդ ի՞նչ է, մեռնո՞ւմ եմ», — մտածեց նա, ձիգ տալով մազերը, և զարմացավ, որ ցավ չզգաց: Նա ինքն իրեն ցնցեց, նստեց ուղիղ, և նրա հայացքն ընկավ Մանեի վրա:

Մանեն կանգնած էր բաց լուսամուտի առաջ, բարձր ու բարեկազմ, և նայում էր դեպի դուրս: Դրսից ներս թափանցող արևի շողերի տակ փայլում և, կարծես, մանրիկ կայծեր էր ցայտեցնում նրա սև ատլասի հագուստն ուսերի վրա, իսկ ականջի օղի մեջ վառվում, հուրհրատում էր խոշոր ադամանդը ծիածանի բոլոր երանգներով:

«Տե՛ր աստված, որքա՜ն գեղեցիկ է, որքա՜ն սիրում եմ», — մտածեց Բադամյանը, աչքերը չկարողանալով հեռացնել նրանից: Նրան թվում էր, թե Մանեն առաջ երբեք այդքան գեղեցիկ չի եղել, և ինքն երբեք այդպես կաթոգին չի սիրել այդ կնոջը: Իր վճռական հարցի վճռական պատասխանը ստանալուց հետո այնպիսի մի վհատություն էր տիրել նրան, որ կարծես հանկարծ կորցրել էր թանկագին, չափազանց թանկագին մի բան, որի ահագին արժեքը նոր էր հասկանում, և կորուստն անդառնալի էր: Մանեի մոտ գալիս նա կշռադատել էր իր անելիքն ու ասելիքը, կանխատեսել էր Մանեից ստանալիք պատասխանը, հենց այն պատասխանը, ինչ որ լսեց. բայց ամենևին չէր կարծել, թե ինքն այդ աստիճան թուլամորթ կարող էր լինել: Նա նստած էր անզոր և հուսահատ, շփվում էր ճակատը և, տանջվելով, աշխատում էր հիշել մի բան, որ Մանեի մոտ գալիս վճռել էր գործադրել իբրև վերջին միջոց այդ զարմանալի, այդ անհասկանալի կնոջ համառությունն կոտրելու համարզ: Հանկարծ հիշեց, ձեռքն արագորեն տարավ ծոցի գրպանը, շոշափեց այնտեղ ինչ-որ մի թուղթ և մեր թռավ տեղից:

Следующая страница