Նար-Դոս՝   Սպանված աղավնին

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

ՍՊԱՆՎԱԾ ԱՂԱՎՆԻՆ

Դրամա 4 գործ.

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ. 30 տարեկան

ՍԻՍԱԿՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ. 28 տարեկան

ԹՈԻՍՅԱՆ ՌՈԻԲԵՆ. 30 տարեկան

ԲԱՂԻՐՅԱՆ ՀԱԿՈԲ. 60 տարեկան

ՍՈՖԻԱ . Բազերյանի կինը. 40 տարեկան

ՍԱՌԱ. Բաղիրյանի աղջիկը. 22 տարեկան

ԹԱԹՈՍ ծառա Մարգարյանի տանը. 35 տարեկան

Զբոսնող մի պարոն

Զբոսնող երկու կին:

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Մարգարյանի սենյակը համեստ, բայց ճաշակավոր կահավորանքով: Դիմացը երկու դուռ, ձախ դուռը տանում է դեպի նախասենյակ, աջ դուռը՝ դեպի ննջարան: Ձախ կողմը երկու լուսամուտ, գրքերի պահարան և գրասեղան, գրասեղանի վրա գրքեր, թղթեր է դրության պարագաներ և լամպ կապույտ լուսամփոփով: Աջ կողմը գահավորակ, երկու բազկաթոռ և կլոր սեղան. սեղանի վրա ալբոմ և մեծ լամպ: Պատերին նկարներ: Ուր հարկն է՝ աթոռներ:

Գիշեր է: Սենյակը մութն է: Լսվում է դռան զանգակի ձայնը: Երկար միջոց անցնելուց հետո մտնում են ձախ դռնից Թաթոսը և Թուսյանը: Վերջինիս ձեռքին մի մեծ, ջարդված ճամպրուկ:

ՏԵՍԻԼ I

ԹՈԻՍՅԱՆ. — Ադա, մի ճրագ վառի, է՜, զատ չեմ տեսնում:

ԹԱԹՈՍ. — Էսա վառում եմ (Վառում է կլոր սեղանի վրա դրված լամպը և հետաքրքրությամբ դիտում է հյուրին):

ԹՈԻՍՅԱՆ. — (ճամպրուկը դնում է դռան մոտ, անկյունում, հետո հանում է վերարկուն և ձգում ճամպրուկի վրա): Բա ասում ես գիդում չե՞ս կգա աղեդ:

ԹԱԹՈՍ. — Գիդում չեմ, հմի սըհաթի քա՞նին ա:

ԹՈԻՍՅԱՆ. — Սըհաթ չունեմ: Տասը կըլի: (Գլխարկը ձգում է վերարկուի վրա):

ԹԱԹՈՍ. — Դե որ տասը կըլի, էնա շուտով կգա:

ԹՈԻՍՅԱՆ. — (Նստում է բազկաթոռի վրա և սենյակը դիտում): Էս մի օթախն ա՞:

ԹԱԹՈՍ. — Չէ, մինն էլ հրեն ընդեղ ա:

ԹՈԻՍՅԱՆ. — Է՞ն ինչ ա,

ԹԱԹՈՍ. — Ընդեղ ա քնում:

ԹՈԻՍՅԱՆ. — (Հորանջում է. բաց է անում ալբոմը և անուշադրությամբ թերթում, հետո ալբոմը ծածկում է և նայում Թաթոսին): Անունդ ի՞նչ ա:

ԹԱԹՈՍ. — Թաթոս:

ԹՈԻՍՅԱՆ. — Պապիրոս չես քաշո՞ւմ:

ԹԱԹՈՍ. — Չէ:

ԹՈԻՍՅԱՆ. — (Ուզում է հանել ձախ ոտի երկարաճիտ կոշիկը, որը դժվարությամբ է դուրս գալիս): Խի՞ չես քաշում:

ԹԱԹՈՍ. — Դե սովոր չեմ:

ԹՈԻՍՅԱՆ — (Ոտը երկարացնում է դեպի նա): Քե մատաղ, մի քաշի էս անտերը, մազոլը հոգիս հանեց (Թաթոսն սկսում է քաշել կոշիկը): Օ՛յ, կամաց... Հուպ մի տա... Հա, ըդենց... (Թաթոսը հանում է կոշիկը և դնում է բազկաթոռի կողքին): Է, Օ՛ֆ, մի քիչ դնջացա: (Տրորում է ոտը: Միջոց): Թաթոս ջան, գիդա՞ս ինչ կա. ինձ որ մի քիչ ուտելու բան տաս, է, հոգիդ դյուզ արքայություն կգնա: Խա՛չ:

ԹԱԹՈՍ. — Ո՞րդիան տամ:

ԹՈԻՍՅԱՆ. — Բա տանը զատ չկա՞:

ԹԱԹՈՍ. — Խի՞ չկա, ամա կողպած ա բուֆետումը:

ԹՈԻՍՅԱՆ. — Բաց չի ըլի՞:

ԹԱԹՈՍ. — Բնալիքն աղի մոտն ա:

ԹՈԻՍՅԱՆ. — Բա մի պատառ հաց ու պանիր...

ԹԱԹՈՍ. — Հաց ու պանիրն էլ ա կողպած, հլա ամեն բան էլ:

ԹՈԻՍՅԱՆ. — Մի թաս չայ էլ չես տա՞:

ԹԱԹՈՍ. — Չայշաքարն էլ ա կողպած:

ԹՈԻՍՅԱՆԲա ո՞նց անենք: (Միջոց: Հորանջում է): Համ սոված եմ, համ քունս տանում ա:

ԹԱԹՈՍ. — Ուզում ես, հլա քնի, եննա աղեն որ կգա, իրան կասես:

ԹՈԻՍՅԱՆ. — Դե ըտենց պտի անենք, էլի, (Վեր է կենում, վերցնում կոշիկը և դիմում դեպի ննջարան): Որ գա, վեր կկացնես:

ԹԱԹՈՍ. — Յավաշ, աղա, լիս անեմ: (վերցնում է լամպը, առաջնորդում է Թուսյանին դեպի ննջարան, հետո դուրս է գալիս այնտեղից, լամպը դնում յուր տեղը, հանգցնում և դուրս գնում ձախ դռնից: Երկար միջոց անցնելուց հետո ձախ դռնից մտնում է Մարգարյանը, վառում գրասեղանի վրա դրված լամպը, նստում և սկսում է պարապել: Կարճ ժամանակից հետո լսվում է դռան զանգակի ձայնը):

ՏԵՍԻԼ II

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Ընդհատում է պարապմունքը): Ո՞վ կարող է լինել: (Ականջ է դնում դեպի նախասենյակ, սպասելով որ ծառան կգա դուռը բանալու: Զանգակը նորից հնչում է): Շնթռել է անպիտանը, չի իմանում: (Գնում է դուռը բանալու և կարճ ժամանակից վերադառնում է Սիսակյանի հետ): Արի տեսնենք այդ ի՞նչ քամի է խելքիդ փչել այս ժամին գալու ինձ մոտ:

ՍԻՍԱԿՅԱՆ. — (Խիստ ուրախ տրամադրության մեջ): Օհ, որ իմանաս, ի՛նչ քամի, ի՛նչ քամի

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Զարմացած դիտում է նրա դեմքը): Դու հարբած ես:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Այն, ինչպես ասում են՝ մի քիչ քեփով եմ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Դու չես խմում ախր:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Բայց այսօր խմեցի, խմեցի...

ՄԱՐԳԱՐՅԱՆՈ՞րտեղ:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Նշանածի՛ս տանը:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ի՞նչ...

ՍԻՍԱԿՅԱՆ. — Այս երեկո նշանվեցի, շնորհավորիր:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Շարունակ նայում է նրա աչքերին զարմացած): Ցնդվե՞լ ես, ինչ է:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ա՛յ, թե չես հավատում: (Ցույց է տալիս ձեռքի մատանին):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Դեռևս չհավատալով) Հանաք չե՞ս անում:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Չէ, է՛լի, վահ: Տե՛ս:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Խիստ հետաքրքրված): Սպասիր: Արի նստիր այստեղ: (Նստում են գրասեղանի մոտ): Այդ ե՞րբ, ինչպես: Ո՞վ է աղջիկը:

ՍԻՍԱԿՅԱՆ. — (Հիասքանչումով): Մի հրաշալի՜ աղջիկ, մի աննման աղջիկ

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Սիրահարվա՞ծ էիր:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Չէ: Ես մինչև անգամ այս երեկո տեսա ներան առաջին անգամ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Աղջկա՞ն:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Այո:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Նրա՞ն, որի հետ նշանվե՞լ ես:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Այո...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Գժվե՞լ ես, ինչ է:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ինչո՞ւ,

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ի՞նչպես թե ինչու: Կարելի բան է մի՞թե՝ առաջին անգամ տեսնել աղջիկը և հենց առաջին անգամից էլ նշան տալ:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ինչո՞ւ չի կարելի: Մեծ մասամբ այդպես են ամուսնանում:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այո, հասարակ դասակարգի մարդիկ տգետ արհեստավորները, խանութպանները, բանվորները... Բայց դու ինտելիգենտ մարդ ես:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Դա դատարկ բան է: Սերն ինտելիգենտ և հասարակ դասակարգի մարդ չի հարցնում:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Մինչև անգամ սիրահարվե՞լ ես:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Եվ ի՞նչպես...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ինչ ես ասում... Տո, մի գիշերո՞ւմ, մի քանի ժամվա ընթացքում...

ՍԻՍԱԿՅԱՆ. — Տեսնելուն պես: Ես մի տեղ կարդացել եմ, և սիրահարվում են առաջին իսկ վայրկյանից, առաջին իսկ հայացքից:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Եվ այդ հիման վրա՞ ես կարծում, թե սիրահարվել ես:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ոչ թե կարծում, այլ իսկապես սիրահարվել եմ: Աստված է վկա: Սիրահարված որ չլինեմ, այս ժամին ինչո՞ւ պետք է գայի քեզ մոտ: Տուն գնացի, Բայց մենակ սիրտս չդիմացավ և դուրս եկա:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Լավ: Հետո նա՞:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ո՞վ, Սառա՞ն:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Անունը Սառա է՞:

ՍԻՍԱԿՅԱՆ, — Այո:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Հետո Սառա՞ն: Հավանե՞ց քեզ:

ՍԻՍԱԿՅԱն. — (Հանկարծակի եկած): Հը՛... (Շփոթվում է, նախ չիմանալով ինչ պատասխան տա, հետո հանկարծ վրա է բերում ինքնավստահորեն): Իհարկե, եթե նշանս ընդունեց, կնշանակի հավանել էր:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Վնաս չունի, թեև սիրահարված ես, բայց և այնպես լոգիկայով ես խոսում: Բայց ինձ ասա տեսնեմ ի՞նչպիսի աղջիկ է:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Շատ խելոք աղջիկ է: Ինձնից էլ խելոք:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ասենք քեզնից խելոք լինելը մի մեծ առավելություն չէ մինչև անգամ մի աղջկա համար...

ՍԻՍԱԿՅԱՆ. — Քեզնից էլ խելոք կլինի:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Ծիծաղում է): Ա՛յ, այդ ուրիշ բան է

ՍԻՍԱԿՅԱՆ. — Աստված է վկա:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Շարունակեի ծիծաղը): Հիմար, ինչո՞ւ ես երդվում, կարծում ես՝ չեմ հավատո՞ւմ... (Լուրջ): Հետոինչ էի ուզում հարցնել... Հա, սիրո՞ւն է:

ՍԻՍԱԿՅԱՆ. — (հիասքանչումով): 0, չափազա՛նց, չափազա՛նց...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Կարո՞ղ ես նկարագրել նրա արտաքինը:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Կարող եմ, բայց չեմ նկարագրի:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ինչո՞ւ:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Որովհետև... Դու կարդացե՞լ ես երևելի հումորիստ Սուրենի ինքնակենսագրությունը:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Չէ:

ՍԻՍԱԿՅԱՆ,— Նա սիրահարված է լինում մի աղջկա վրա և ուզում է այդ աղջկա նկարագիրը տալ ընթերցողին, բայց դրա փոխարեն տալիս է յուր գրքի մեջ մի դատարկ երես՝ ներքևը գրած այսպիսի ծանոթությամբ. «Թող. — ասում է, — այս դատարկ երեսի վրա ամեն մի ընթերցող յուր առաջին սիրո առարկայի արտաքին տեսքը նկարագրի: Ես վախենում եմ, — ասում է, — որ ընթերցողներս չհավանեն իմ նկարագիրը: Եթե ասեմ, որ իմ սիրած աղջիկը շիկահեր էր, սևահեր կին սիրողը կասի՝ «Լա՛վ, ի՛նչ մի գեղեցիկ բան է շեկ մազերը»: Եթե ասեմ, որ նրա մազերը սև էին սաթի պես, քիթները վեր կքաշեին ոսկեգույն մազեր սիրողները: Դրեք այստեղ, — ասում է, — ձեր սիրած աղջկա նկարագիրը: Այդպես էր և իմ սիրած աղջիկը: Ուրեմն, — ասում է, — կարող եք երևակայել, թե որքան սիրուն էր նա»:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Բռավո, այդ լավ բաներ ես իմացել:

Բայց ի՞նչպես պատահեց այդ բանը: Դու ինձ ոչինչ չես ասել:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ի՞նչը ինչպես պատահեց:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այսինքն՝ ի՞նչպես եղավ, որ նշանվեցիր: Պատմիր մանրամասնորեն:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Մանրամասնություններ կա՞ն, որ պատմեմ: Պատահեց հանկարծ, ինքս էլ չիմացա ինչպես: Այ, ինչպես պատահեց: Անցյալ շաբաթ փողոցում հանդիպեց հանգուցյալ հորս հին բարեկամներից մեկը, որ մի ժամանակ գավառական պրիստավ էր և այժմ ծառայում է այստեղ, չգիտեմ որտեղ: Դու չես ճանաչիլ: Սովորական հարց ու փորձից հետո հարցրեց ամուսնացա՞ծ եմ: Ասացի՝ չէ: Ասաց՝ կուզես քեզ համար մի լավ աղջիկ ճարեմ: Ասացի՝ ինչո՞ւ չեմ ուզիլ: Կատակով, գիտե՞ս: Ասաց՝ լավ: Ու գնաց: Հետո, երեկ դարձյալ հանդիպեց: Ասաց՝ դե՛հ, պատրաստվիր, որ էգուց երեկոյան պետք է գամ քեզ տանեմ նշան տալու, մի լավ աղջիկ եմ ճարել ասաց: Ասացի՝ լավ: Էլի կատակով, գիտես, որովհետև նրա ասածները ես կատակի տեղ էի ընդունում: Բայց կարող ես երևակայել զարմանքս, որ երեկոյան ճիշտ որ եկավ ինձ մոտ ու ասաց դեհ, վերկաց գնանք: — Ո՞ւր, — ասում եմ: «Նշան տալու» ասում է: Թողեք ի սեր աստծո, — ասում եմես ամուսնանալու միտք չունեմ: Չէ՛ որ չէ, կպավ ու պոկ չեկավ: Այստեղ միայն հայտնեց, որ յուր աղջիկն է ուզում ինձ տալ: Խո գիտես, որ ես թեև հիմար եմ, բայց շատ չեմ հիմար: Մտածեցի՝ տո՛, չլինի՝ թե սա փտած աղջիկ ունի և ուզում է սաղացնի ինձ վրա: — Լավ, — ասացի, — ես այստեղ մի բարեկամ ունեմ, — քեզ համար էի ասում, — թողեք նրան էլ հետս վերցնեմ: «Ուզում ես տասը բարեկամ բեր» ասաց: Բայց հետո ես ինքս հրաժարվեցի այդ մտքից, որովհետև մտածում էի, թե բանն անհաջող գնար, էլ ո՞վ կպրծներ քո ծաղր ու ծանակից: Այդ պատճառով քեզ իմաց չտվի ու մենաց գնացի: Ճանապարհին ամենայն դեպս երկու մատանի առա ու գնացինք: Ոչ ոք չկար, ես էի, աղջիկը և հայրն ու մայրը: Ասենք հայրն ու մայրը նրա ծնողները չեն:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ի՞նչպես թե նրա ծնողները չեն:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Նրա ծնողները չեն, էլի՛:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ուրեմն աղջիկը նրանց որդեգրուհի՞ն է:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Չէ, օրինավոր զավակն է:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ի՞նչ ես ասում, տո, խելքդ գլխիդ է՞:

Ի՞նչպես թե հայր ու մայրը աղջկա ծնողները չեն և, միևնույն ժամանակ, աղջիկը նրանց օրինավոր զավակն է:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ա՛յ, ինչպես: Սառան աներոջս խորթ զավակն է: Այսինքն՝ աներս յուր այժմյան կնոջից առաջ ունեցել է մի կին, և Սառան այդ կնոջից է, բայց ուրիշ ամուսնուց, որի մահից հետո նա, այսինքն՝ Սառայի իսկական մայրը, ամուսնացել է աներոջս հետ, իսկ հետո ինքն էլ, այսինքն Սառայի իսկական մայրը, վախճանվել է, և նրա խորթ հայրը, այսինքն աներս, ամուսնացել է յուր այժմյան կնոջ հետ: Հասկացա՞ր:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Դու մի բարդ խնդիր դրիր առաջս, որից գլուխս կկտրեմ, թե մարդ առանց թուղթ ու մատիտի բան կարողանա հասկանալ: Ինչևիցե: Հետո :

ՍԻՍԱԿՅԱՆ. — Հետո նշան տվի, էլի: Հետո նստեցինք ընթրելու: Կերանք, խմեցինք: Քո կենացն էլ անուշ արինք: Իբրև խաչեղբոր, որովհետև այնտեղ վճռեցի, որ խաչեղբայրս դու պետք է լինես:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Շատ շնորհակալ եմ այդ պատվի համար: Բայց դու պատմիր՝ ի՞նչպես ծանոթացար աղջկա հետ: Ի՞նչ խոսեցիք: Ի՞նչպես հանկարծ սիրահարվեցիր նրա վրա, վերջապես ի՞նչպես հայտնեցիր սերդ:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ես նրան սեր չեմ հայտնել:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Հապա՞:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Հապա չկա: Ուղղակի՝ ասացի՝ «Օրիորդ, ես ձեզ հավանում եմ. եթե դուք էլ ինձ եք հավանում, ապա ընդունեցեք այս մատանին»: Նա էլ ընդունեց:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ընդունելիս ի՞նչ ասաց:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ոչինչ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Անխո՞ս ընդունեց:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Անխոս: Միայն շատ պինդ-պինդ նայում էր աչքերիս: Առհասարակ նա ինձ հետ ամենևին չի խոսել, միայն շարունակ պինդ-պինդ նայում էր աչքերիս:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այ տնաքանդ, որ հետդ ամենևին չէ խոսել, էլ ո՞րտեղից գիտես, թե խելոք աղջիկ է, այն էլ քեզնից ու ինձնից էլ խելոք:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Հայացքից, հետո հոնքերից գիտեմ: Գիտես, նա մի տեսակ հոնքեր ունի, այնքան մոտիկ են իրար, որ կարծես միացած են իրար հետ: Հետո մատներից տեսա, որ խելոք է:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ի՞նչ...

ՍԻՍԱԿՅԱՆ.-— Մատներից: Մատները բարակ և շատ երկար են:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Եվ քո կարծիքով, բարակ ու երկար մատները խելքի նշան են:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Չգիտեմ առհասարակ ինչպես է լինում, բայց նրա վերաբերմամբ այդ եզրակացությանն եկա:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Շատ բարի: Շարունակիր տեսնենք հիմարաբանություններիդ թելը որտեղ է կտրվում:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Հետո, երբ մենք սեղան նստեցինք, նա գնաց քնելու:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ո՞վ:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Սառան:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ի՞նչ ես ասում, տո՛:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Աստված է վկա:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Եվ դու այդ շատ սովորական բա՞ն համարեցիր:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ի՞նչ է որ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Նա գնաց քնելու, և դու այդ բանում ոչ մի ցույց չնկատեցի՞ր քո դեմ:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ցո՞ւյց: Ի՞նչ ցույց: Երևի քունը տանում էր, որ գնաց քնելու: Կամ, գուցե, քնելու չգնաց: Չգիտեմ: Միայն այլևս չերևաց:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Թոթվում է ուսերը տարակուսանքով): Ա՛յ, տարօրինակ մարդ... Այնպես հանգիստ պատմում է որ կարծես թե այդ այդպես էլ պետք է լիներ:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ճիշտ է, ինձ էլ մի քիչ տարօրինակ թվաց այդ բանը, բայց հայրն ասաց, որ նա այդպիսի տարօրինակություններ շատ ունի և չպետք է ուշադրություն դարձնել:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Եվ դու էլ ուշադրություն չես դարձրել իհարկե: Թեև ասում ես, թե շատ չես հիմար: Գարեգին, բայց շատ ես հիմար, է՛, շա՛տ: Որբ ու անտեր մեծացել ես, բան չես տեսել, կանանցից հեռու ես պահել քեզ և հիմա խելքահան ես եղել առաջին պատահած աղջկա վրա, չնայելով որ հետդ ոչ խոսել է և ոչ էլ մոտդ նստել, որ նայես տեսնես, թե ինչ բան է:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ոչ, սխալվում ես, Միքայել. աստված է վկա, սխալվում ես: Նա առաջին պատահած աղջիկներից չէ: Ճշմարիտ է, հետս ոչ խոսել է և ոչ էլ մոտս կարգին նստել, բայցուրիշ տեսակ աղջիկ է, շատ ուրիշ տեսակես զգում եմ, որ ուղղակի կպաշտեմ նրան:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (վեր է կենում): Լավ, վեր կաց գնա, ուշ է, ես պետք է պարապեմ: Քեզ որ թողնենք, ով գիտե ուրիշ ինչ հիմարություններ դուրս տաս: (Սիսակյանը վեր է կենում և վերցնում գլխարկը): Սպասիր: Տար ծանոթացրու ինձ հարսնացուիդ հետ: Գուցե գնացել ոտով-գլխով ծուղակն ես ընկել: Մեկ ես էլ տեսնեմ ով է, ինչ է: Ամուսնությունը խո հեշտ բան չէ : Կտանե՞ս:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ինչո՞ւ չեմ տանիլ: Ես իսկապես դրա համար էլ եկա քեզ մոտ: Ուզում էի խնդրեմ, որ վաղը միասին գնանք:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Վաղն ի՞նչ է, շաբա՞թ: Լավ վաղն երեկոյան, ժամը ութին, սպասիր ինձ, կգամ, միասին կգնանք:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Շատ բարի, կսպասեմ: (Դուրս է գնում. Մարգարյանը ճանապարհ է դնում նրան):

ՏԵՍԻԼ III

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (վերադառնալիս հանկարծ նկատում է անկյունում Թուսյանի գլխարկը, վերարկուն և ճամպրուկը): Այս ի՞նչ է: (վերցնում է գլխարկն ու վերարկուն և նայում, հետո դիտում ճամպրուկը, ավելի ու ավելի զարմանալով: Ո՞ւմն է: (Գլխարկն ու վերարկուն ձգում է ճամպրուկի վրա ու շտապով դուրս գնում: Կարճ ժամանակից հետո վերադառնում է Թաթոսի հետ, որին վեր է կացրել քնից): Բավական է որ գլուխդ դրիր՝ ու պրծավ: Շորերդ էլ չես հանում երեխի պես: (Ցույց տալով Թուսյանի իրեղենները): Այս ո՞ւմն է:

ԹԱԹՈՍ. — Ղոնաղինը:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ի՞նչ ղոնաղ:

ԹԱԹՈՍ. — (Գլխով ցույց տալով ննջարանի դուռը): Հրեն ընտեղ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ո՞րտեղ, քնա՞ծ ես:

ԹԱԹՈՍ. — Ընտեղ ա, էլի, ղոնաղը: Բա տեհել չե՞ս:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ի՞նչ է ասում, (Հետաքրքրված վերցնում է լամպը մտնում է ննջարան և կարճ ժամանակից հետո վերադառնում է զարմացած): Ո՞վ է: Ի՞նչ մարդ է: (Լամպը դնում է տեղը):

ԹԱԹՈՍ. — Դե որ քու ղոնաղին դու ճանաչում չես, ես որդիան իմանամ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Դեմքը ծանոթս գալիս է, բայց միտս չի գալիս ով է: Անունը չհայտնե՞ց:

ԹԱԹՈՍ. — Չէ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ե՞րբ եկավ:

ԹԱԹՈՍ. — Ես հլա զարթուն էի:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ի՞նչ ասաց, որ եկավ:

ԹԱԹՈՍ. — Ի՞նչ պիտի ասի, քեզ էր հարցնում: Ասեց ղոնաղ եմ եկել: Մտավ նստեց ըստեղ, մի հատ լափչին հանիլ տվեց, մազոլ ունեմ ասում ա: Հննա ուտելու զատ ուզեց, չայ ուզեց, ասի կողպած ա: Հննա ասեց քունս տանում ա, ասի՝ որ ըտենց ա, քնի: Նա էլ գնաց քնեց: Ասեց աղեդ որ գա, վերկացրու:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Դե գնա վերկացրու: Զարմանալի բան ո՞վ կարող է լինել

ԹԱԹՈՍԸ. — մտնում է ննջարան: Կարճ ժամանակից հետո այնտեղից քնաթաթախ և շտապով դուրս է գալիս Թուսյանը՝ մի հատ կոշիկը հանած: Թաթոսը դուրս է գալիս նրա հետևից:

ՏԵՍԻԼ IV

ԹՈԻՍՅԱՆ. — Ա՛, դու արդեն եկե՞լ ես, (Գրկում է Մարգարյանին և համբուրում նրա շրթունքները): Ներողություն, պառկել էի մահճակալիդ վրա, որ մի քիչ հանգստանամ. Վլադիկավկազից սկսած՝ բեռնակիր ֆուրգոնով եմ եկել, կողքերս ջարդ ու փշուր արեց անիծածը: Ո՞նց ես, լա՞վ ես:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Կանգնած է մասամբ զարմացած, մասամբ շփոթված): ներողություն... ձեր դեմքը ծանոթս գալիս է, բայց չեմ կարողանում հիշել...

ԹՈԻՍՅԱՆ. — Մի՞թե: (Ծիծաղում է) Թուսյանը չե՞մ... Ռուբեն Թուսյանը... Միասին չէինք սովորում դպրոցում... Անունս էլ որ դրել էիք «սատանի ճուտ»...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Հանկարծ հիշելով, ձեռքը խփելով ճակատին): Ախ ճիշտ որ... Ռուբեն Թուսյան...

ԹՈԻՍՅԱՆ. — Դե որ հիշեցիր, մեկ էլ պռոշտի անենք: (Ծիծաղելով համբուրվում են):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Բայց դու այնքան փոխվել ես...

ԹՈԻՍՅԱՆ. — Տնաշեն, բաս այս երկար ու ձիգ տարիների ընթացքում մարդ չի փոխվիլ... մանավանդ արևելցին, որ այսօր տեսնում ես մազ չկա երեսին, իսկ վաղն արդեն արջի պես մազակալել է: Թաթոս ջան, քե մատաղ, տես ոտնամանս ընտեղ կլի, բի հագնեմ: (Նստում է բազկաթոռի վրա: Թաթոսը գնում է կոշիկը բերելու): Մի անտեր մազոլ ունեմ... ա՛յ, հենց այստեղ (ցույց է տալիս ոտքի ճկույթը), հոգիս բուկս բերեց: Կտրում եմ, էլի դուրս է գալիս:

Թաթոսը բերում է կոշիկը, տալիս է Թուսյանին և դուրս է գնում ձախ դռնից:

ՏԵՍԻԼ V

ԹՈԻՍՅԱՆ. — Մեր տղա, ոնց որ տեսնում եմ վատ չես ապրում, այ: (Սկսում է կոշիկը հագնել): Ու դեռ ասում ես, թե գրող ես:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Հա, գրելով չէ, որ ապրում եմ...

ԹՈԻՍՅԱՆ — (Չարչարվելով կոշիկի վրա, ու՝ր դժվարությամբ է մտնում): Բա՞ս:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ծառայում եմ:

ԹՈԻՍՅԱՆ. — Հա: Ես էլ ասում եմ ախր... Ա՛յ, անտեր մնաս, թե մտնես, հը՛: էս զահրումար մազոլն էլ հոգիս հանեց: (վերջապես հանգում է կոշիկը և վերկենում): Ինչ եմ ասում, Մարգարյան: Ուզես չուզես՝ քո հյուրն եմ. Շատ չէ, մի քանի օր, մինչև տանից պատասխան գա: Փողս այնպես հատել է, որ ոտներիցս կախես՝ մի սև գրոշ չի ընկնիլ գրպանիցս: Ինչպես ուզում ես՝ հաշվիր: Պետերբուրգից մինչև այստեղ երեք տեղ պարտ եմ վերցրել. ոսկե ժամացույցս էլ գրավ եմ դրել: Գնում եմ տուն: Հայրս մեռնում է. գրել էր, որ հոգուն վրա հասնեմ ու փող չէր ղրկել: Թե որ Սարումյանը չպատահեր, ստիպված պիտի լինեի ուղղակի փողոցում գիշերելու: Նա ասաց, որ ինքը տնփեսա է, հարմարություն չունի ինձ յուր մոտ տանելու, մի խոսքով՝ գլխից ռադ արավ ու բերեց քեզ մոտ: Տեսնում ես, ես մեղավոր չեմ. թե նեղանալու ես, նրանից նեղացիր:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ինչո՞ւ պիտի նեղանամ:

ԹՈԻՍՅԱՆ. — (Ծիծաղելով): Ես ի՞նչ գիտեմ, ես մի քիչ աներես մարդ եմ: Սկզբում մտադիր էի իջնել ոմն... (Ծոցից հանում է մի նամակ և նայում հասցեին) ոմն Հակոբ Բազիրյանի մոտ... Ո՞վ է այս պարոնը, ճանաչում ես:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Հակոբ Բաղիրյա՞ն... Չեմ ճանաչում:

ԹՈԻՍՅԱՆ. — Սկզբում ուզում էի սրա մոտ իջնել, գնացի ման եկա, ման եկա, չգտա: Էգուց, երևի, հարկ կլինի էլի թրև գալու սրա ետևից:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այդ ի՞նչ նամակ է:

ԹՈԻՍՅԱՆ. — (Նամակը ծոցը դնելով): Պետերբուրգումն են տվել: Գրողն ինձ պես մի շուն-շանորդի է: Հորից փող էր գողացել, մի քանի հազար, և փախել մի կնոջ հետ: Հիմա փողը հատել է, դիմում է այս Բազիրյանին, — սրա քրոջ որդին է, ինչ է, չգիտեմ, — հոր սիրտը փափկացնի: Ինձ էլ փող է պարտ հարամզադեն... Բայց ինչ եմ ասում, Մարգարյան, ես քաղցած եմ ախր, Թաթոսն ասաց, որ ամեն բան կողպած ես պահում:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այո, որովհետև բաց որ թողնում եմ՝ մաքրազարդում է:

ԹՈԻՍՅԱՆ. — Դե, հիմա բեր ես մաքրազարդեմ: Գիտե՞ս մի առանձին բան հարկավոր չէ, մի քիչ հաց ու պանիր, մի քիչ ձկից-մկից, մի քիչ խոզի միս, թե որ ունես: Մի քիչ էլ որ գինիարաղ լինի, վնաս չի տալ, ծարավել եմ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Գնում է ծառային պատվեր տալու և կարճ ժամանակից վերադառնում է): Պետերբուրգում ի՞նչ էիր շինում: Նստիր:

ԹՈԻՍՅԱՆ. — (Նստելով): Ուսանում էի համալսարանում:

ՄԱՐԳԱՐՅԱՆ,— Ավարտեցի՞ր: (Վառում է կլոր սեղանի լամպը և ինքն էլ նստում):

ԹՈԻՍՅԱՆ, — Չէ՛, հա՛:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Բա՞ս:

ԹՈԻՍՅԱՆ. — Վռնդեցին:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — ինչո՞ւ:

ԹՈԻՍՅԱՆ. — Ավելի լավ է՝ չհարցնես... Այս էլ ասեմ, որ բան չէի սովորում: Դու ինձ ասա՝ կանանց ու կարտի ետևից ընկնողը գիտության գլուխ կունենա՞: Պրոֆեսորներիցս մեկն ինձ ասաց, որ ես կամ մեծ մարդ կդառնամ, կամ ամենամեծ պադլեցը: Հավանականը երկրորդն է, իհարկե.. Չե՞ս ծխում:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Չէ:

ԹՈԻՍՅԱՆ, — Բա ոնց անենք, որ պապիրոս չունեմ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Բերել կտամ: Լավ, հիմա ի՞նչ երեսով պետք է տուն գնաս:

ԹՈԻՍՅԱՆ. — Դե մի շան կաշի կառնեմ, կկպցնեմ երեսիս թե որ պակաս է: (Ծիծաղում է): Ասենք, մերոնք կարծում են, թե դեռ սովորում եմ: Բայց հայրս՝ չէ: Նա շուն է: Բանից տեսնում եմ, որ նա արդեն կասկածում է և մեռնելու պատրաստություն տեսնելն էլ մի մանյովր է նրա կողմից, որ ինձ հալա մեկ տուն քարշ տա: Դրա համար վերջին ժամանակներս շատ դժվարությամբ էր փող ղրկում, իսկ վերջին նամակի հետ խո, ինչպես ասացի, մի կոպեկ չէր ղրկել: Բայց մեկ էլ ասում եմ՝ գուցե իսկապես մեռնում է, գնամ: Բան-ման ունի, կարող է շներոց-գելերոց լինել: (Կանչում է): Ադա, Թաթոս, դե բի, է՛, ես մեռա ախր:

Թաթոսը մտնում է մատուցարանով, որի վրա կա սառը մսեղեն, ձկնեղեն, պանիր, հաց, աղ, մի շիշ գինի, մի շիշ օղի: Բաժակներ, դանակ, պատառաքաղ և անձեռոցիկ:

ՏԵՍԻԼ VI

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Լամպը և ալբոմը ետ է քաշում): Դիր այստեղ և գնա պապիրոս բեր: (Թուսյանին): Ի՞նչ պապիրոս ես ծխում:

ԹՈԻՍՅԱՆ. — Ողջ մեկ է: Թաթոս ջան, կասես՝ Կուշնարյով, 25 կոպեկանոց.

Մարգարյանը փող է տալիս Թաթոսին: Թաթոսը դուրս է գնում:

ՏԵՍԻԼ VII

ԹՈԻՍՅԱՆ. — (Օղի է ածում): Քո կենացը, (Խմում է և սկսում ագահաբար ուտել): Դու չե՞ս ուտում:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ես առհասարակ չեմ ընթրում: Դու կեր, ինձ մի նայիր:

ԹՈԻՍՅԱՆ. — Դե, արաղից, գինուց...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ես ճաշին եմ միայն խմում:

ԹՈԻՍՅԱՆ. — Մի բաժակ արաղն ի՞նչ է որ... (Օղի է ածում և առաջարկում Մարգարյանին): Առ:

ՄԱՐԳԱՐՅԱՆԴե, որ ուզենամ, կխմեմ, էլի:

ԹՈԻՍՅԱՆ. — Դու գիտես: Այս էլ իմ կենացը, (Խմում է և շարունակում ուտել: Միջոց): Կուզե՞ս ասեմ՝ այս րոպեիս ինչ ես մտածում:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ի՞նչ:

ԹՈԻՍՅԱՆ. — Մտածում ես. «էս հարամզադեն համ իմ հյուրն է, համ էլ ինքն է թավազա անում»: Չէ՞, (Մարգարյանը ծիծաղում է): Տեսա՞ր, որ չսխալվեցի: Ինչ ուզում ես՝ ասա. անմիտ սովորություններով լի է մեր կյանքը. Այդպիսի սովորությունների կարգը պետք է դասել, անշուշտ, և մի կողմից հյուր լինելու, մյուս կողմից հյուր պատվելու կեղծավոր ցերեմոնիաները. Մի կողմից՝ չեմ ուզում, ջեբս դիր, մյուս կողմից՝ անուշ արա, քթովդ դուրս գա: Մի բան, որով ես պարծենում եմ, այդ ա՛յն է, որ ոչ մի բանից չեմ քաշվում: Ամոթ ասված բանն առհասարակ ինձ համար գոյություն չունի: Գրազի համար շորերս կհանեմ և ցափ-տկլոր դուրս կգամ փողոց:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Իբր թե՞:

ԹՈԻՍՅԱՆ. — Աստված է վկա:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Մի ընկեր ունեմ, — մի քիչ առաջ նա այստեղ էր, — երբ որ մի շատ հիմար բան է ասում և տեսնում է, որ չեմ հավատում, իսկույն աստծուն վկա է կանչում: Բայց նա հավատում է աստծուն, իսկ դու:

ԹՈԻՍՅԱՆ. — Ի՞նչ, չլինի՞ կարծում ես աթեիստ եմ: Չէ՛, ես այդպիսի դատարկ բաների վրա ուղեղս չեմ հոգնեցնում: Ասում են աստված կա, ուրեմն կա:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Բայց ասում են, որ չկա:

ԹՈԻՍՅԱՆ. — Ուրեմն չկա:

ՄԱՐԳԱՐՅԱՆ, — Բայց այս րոպեին աստծուն վկա բերիր և ասացիր, որ աթեիստ չես:

ԹՈԻՍՅԱՆ. — Ուրեմն՝ կա: Բայց թողնենք այս. սա սոփեստություն է: Փիլիսոփաների մեջ, իմ կարծիքով, ամենից խելոքը էպիկուրն էր, խլիր կյանքից այն ամենը, ինչ որ հաճելի է քեզ և ինչ որ կարող ես, և ոչ մի բանի մասին մի մտածիր: Մտածողությունն առհասարակ, — այդ հաստատված է բժշկական գիտությամբ, — վնաս է ստամոքսին, լավ ստամոքսը, ինչպես հայտնի է, մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այդ պատճառով նույն բժշկական գիտությունն ասում է, որ ուտելիս շատ չպետք է խոսել, որովհետև խոսելու համար պետք է մտածել, իսկ մտածողությունը, ինչպես ինքդ ասացիր, վնաս է ստամոքսին: (ծիծաղում է):

ԹՈԻՍՅԱՆ. — Թե որ ինձ համար ես ասում, ես քնած ժամանակն էլ եմ խոսում, անհոգ կաց: Մյուս կողմից, բանի նման չէ, որ ես սուս ու փուս ուտեմ, և դու միմիայն թամաշա անես: (Գինի է ածում): Խմենք այս նրանց կենացը, որոնք այնքան խելոք են, որ աստծու գոյության խնդրով չեն զբաղվում: (Խմում է): Գիտե՞ս ինչ կա: Մարգարյան: Ես, թեև ատելով ատում եմ փիլիսոփայությունն ու առհասարակ իբրև «пленой мысли раздражение», ինչպես ասում է բանաստեղծը, բայց և այնպես ինքս մասամբ փիլիսոփա եմ, այսպես ասած՝ էպիկուրյան կարգի փիլիսոփաներից: Եվ իմ այդ կարգի փիլիսոփայական ուղեղով ես հսկայական հիմարներ եմ համարում առհասարակ այն մարդկանց, որոնք ներկան զոհում են ապագայի համար: Մի ընկեր ունեմ ուսանողներից, գրպանում որ մի մանեթ ունենա, մի կոպեկ չի ծախսիլ. ասում է՝ վաղը քաղցած կմնամ, բայց մոռանում է, որ այսօր քաղցած է մնում: Քերականության միջից պետք է ջնջել ապառնի ժամանակը: Ապագա չկա, որովհետև անհայտ է, այդ մասին մտածելն ու հոգալը բնականաբար, հիմարություն է: Բացի դրանից դա անվստահության, վախկոտության նշան էլ է. մի գուցե, եթե այսօր այսպես անեմ, վաղն այնպես լինի, ու այսօր չեն անում ա՛յն, ինչ որ իրենց սիրտը ցանկանում է: (Գինի է խմում): Ի՞նչ է կյանքը: Կամ, ավելի ճիշտ ի՞նչ պետք է լինի կյանքը. — րոպեական հաճույք է: էհ, երբ որ սրտիդ այս րոպեի թելադրածը չես անում ինչ-որ վաղվան հաշիվներով, էլ ինչո՞ւ ես ապրում: Այդպիսով, իբր թե խոհեմությամբ, — այ, մի ուրիշ բառ, որ նույնպես չեմ հասկանում, — իբր թե խոհեմությամբ, բայց իսկապես վախկոտությամբ, միշտ չես անիլ այն, որ ցանկանում ես անել, միշտ կզսպես քեզ, իսկ հետո, մեկ էլ տեսար մեռել ես: Մահվան գաղափարը խելացի մարդու համար մեծ խթան պետք է լինի ամեն բան անելու, այսինքն ա յն ամենը, ինչ որ իրեն հաճելի է: Այսօր թե վաղը պետք է մեռնեմ, չէ՞, էհ, երբ որ այդպես է, ինչու չանեմ այն, ինչ որ ուզում եմ և ինչ որ կարող եմ անել այս րոպեին: Ես դեռ կանեմ, հետո հերն անիծեմ, ինչ ուզում է պատահի: Կրկնում եմ՝ փիլիսոփաների մեջ ամենից խելոքը էպիկուրն էր. խլիր կյանքից այն ամենը, ինչ որ հաճելի է քեզ և ինչ որ կարող ես, և ոչ մի բանի մասին մի մտածիր: (Գինի է ածում): Այս էլ աստված լուսավորի նրա հոգին: (Խմում է):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Բայց դու սխալվում ես: Էպիկուրն այդպիսի բան չի ասել, դու միայն կրկնում ես ստոիկների զրպարտությունը նրա դեմ:

ԹՈԻՍՅԱՆ. — Ի՞նչպես:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ամենից առաջ պետք է նկատեմ, որ քո հավանած այդ փիլիսոփան գործ էր ածում ամենահասարակ կերակուր, այն էլ չափավոր կերպով, և խմում էր միայն ջուր. իսկ դու այնքան ուտում ես ու խմում, որ քիչ է մնում ինձ էլ կուլ տաս: Այդ մարմնականը, իսկ

ԹՈԻՍՅԱՆ. — (Ծիծաղում է): Հոգուդ մատաղ, սպասիր, էքստրա քո կենացը խմեմ հաջող նկատողությանդ համար: (Գինի է խմում): Այդ մարմնականը: Հետո՞

ՄԱՐԳԱՐՅԱՆ. —(Շարունակելով): Այդ մարմնականը, իսկ հոգեկան-բարոյականը... ճիշտ է, էպիկուրը պնդում էր, թե երջանկությունը հաճույքի մեջ է, բայց ամեն մի հաճույք վայելելուց առաջ ամենախիստ քննության էր ենթարկում հետեվանքը, որովհետև կան հաճույքներ, որոնց հետևանքը միշտ դառն է լինում: Պահեցողություն և ինքնազսպվածությունահա իսկապես էպիկուրի վարդապետությունը, և ոչ թե անսահման սանձարձակություն, ինչպես դու ես հասկանում:

ԹՈԻՍՅԱՆ. — Հերն անիծեմ, չեմ վիճում: Բայց այդ ավելի վատ նրա անվան համար, եթե նա այդպես չէ քարոզել, ինչպես ես եմ հասկացել: Ուրեմն՝ էպիկուրից ավելի խելոքը նրանք են, որոնք նրա վարդապետությանն իմ հասկացած բացատրությունն են տվել:

Թաթոսը բերում է ծխախոտը և դնում Թուսյանի առաջ:

ՏԵՍԻԼ VIII

ԹԱԹՈՍ. — Ա՛յ ղոչաղ Թաթոս, ա՛յ, լավ Թաթոս, (Գինի է ածում): — Քո կենացը, Թաթոս: (Խմում է):

ԹԱԹՈՍ. — Սաղ ըլես, աղա: (Ուզում է գնալ):

ԹՈԻՍՅԱՆ. — Յավաշ, ո՞ւր ես գնում, (Գինի է ածում): Բա որ մարդու կենացը խմեն, շնորհակալություն չեն հայտնի: (Բաժակն առաջարկում է նրան): Առ: (Թաթոսն անհամարձակորեն նայում է Մարգարյանին): Առ, է՛, ձեռս բեզարեց:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last