Նար-Դոս՝   Սպանված աղավնին

ՍԱՌԱ. — (Վեր է թռչում նորից): Գնանք... տուն գնանք...

(Վազում է դեպի ձախ):

Սիսակյանն ապշած հետևում է նրան հովանոցը ձեռքին:

(Վարագույրն իջնում է)

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

Առաջին արարվածի սենյակը: Գիշեր է: Մարգարյանը պարապում է գրասեղանի մոտ: Լսվում է դռան զանգակի ձայնը: Երկար ժամանակ անցնելուց հետո մտնում է Թաթոսը:

ՏԵՍԻԼ I

ԹԱԹՈՍ. — Գարեգինն ա:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Վեր է թռչամ): Գարեգի՞նը.. Ո՞ւր է:

ԹԱԹՈՍ. — Հրեն դուսը:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ինչո՞ւ չի ներս գալիս:

ԹԱԹՈՍ. — Հարցրեց ղոնախը տանն ա՛, ասի չէ: Մտավ, էլ ետ դուս գնաց, ասեց իրեն կանչի:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ո՞ւմ, ի՞նձ:

ԹԱԹՈՍ. — Հա:

Մարգարյանը դուրս է գնում շտապով, Թաթոսը հետևում է նրան: Կարճ ժամանակից հետո Մարգարյանը ներս է բերում Սիսակյանին, նրա թևից բռնած: Սիսակյանը մտնում է վախվխելով, աչքը ման ածելով չորս կողմը, և թույլ է տալիս, որ Մարգարյանը նստեցնի իրեն: Նա խիստ գունատ է:

ՏԵՍԻԼ II

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Նստիր: Ի՞նչ է պատահել քեզ: Երեսիդ գույն չկա: Վախենո՞ւմ ես:

ՍԻՍԱԿՅԱՆ. — (Կամաց): Ճի՞շտ ես ասում, որ այստեղ չէ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ա՛, տես աչքովդ: Ուզո՞ւմ ես տանեմ ննջարանս էլ ցույց տամ:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Եվ չի՞ գալ այս գիշեր...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Կարող է պատահել, որ գա: Մոտ երկու շաբաթ է՝ եկել է և մի քանի օր է միայն գիշերել այստեղ: Ի՞նչ է եղել, ասա: Անցյալ օրը եկար, ոչ մի խորհուրդ չուզեցիր լսել, զայրացար, փախար, առանց ինձ պսակվեցիր, հիմա այդ ինչ հալի ես եկել:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Պսակ մի ասիր, ասա դժո՛խք, դժո՛խք, դժո՛խք... ինչո՞ւ չլսեցի քեզ և... (լաց է լինում):

ՄԱՐԳԱՐՅԱն. — Դու դժբա՞խտ ես:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ես կարող եմ ամենաերջանիկը լինել, եթե նա կամենա...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Սպասիր, Գարեգին, հանգստացիր: Գիտես, որ ես քեզ սիրում եմ և պատրաստ եմ ամեն բանում օգնելու քեզ: Ասա, ի՞նչ է պատահել:

ՍԻՍԱԿՅԱՆ. — (հանկարծ դադարում է լաց լինելուց, վեր է կենում, նայում չորս կողմը և ծածուկ ցույց է տալիս նրան գրպանում պահած մի ատրճանակ): Տեսնո՞ւմ ես...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (վախեցած): Այդ ի՞նչ է... ատրճանա՞կ...

ՍԻՍԱԿՅԱՆ. — (Շշնջալով): Այո, նա է տվել...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Սառա՞ն:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Այո:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ինչո՞ւ:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Որ սպանեմ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Սպանե՞ս... Ո՞ւմ...

ՍԻՍԱԿՅԱՆ. — Նրան... քո հյուրին...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Գժվե՞լ ես, ի՞նչ է... ինչո՞ւ...

ՍԻՍԱԿՅԱՆՈրովհետև... (բռնում է Մարգարյանի ձեռքից, տանում է նրան շեմի աջակողմը և շշնջում նրա ականջին կարծես տենդի մեջ): Օրիորդ ժամանակ արդեն նա այդ պարոնի հետ... Հասկանո՞ւմ ես, թե ոչ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Ցնցվում է): Ո՞վ ասաց քեզ այդ...

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ինքը:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Սաստիկ զարմացած). Սառա՞ն...

ՍԻՍԱԿՅԱՆ. — Այո, կինս... ես ոչինչ չգիտեի... ոչինչ չիմացա... ինքն ասաց...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այդ ե՞րբ էր, ամուսնությունից առա՞ջ, թե հետո:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Հետո... երեկ... երեկ, չգիտեմ որտեղ, հանդիպել էր այդ պարոնին և ասաց, որ քեզ մոտ է իջած... Ասաց, որ այդ գաղտնիքն ինձ հայտնեց նրա համար, որ վրեժխնդիր լինեմ... սպանեմ... սպանեմ... Ընդունենք, թե սպանեցի... ընդունենք, թե կարողացա սպանել... հետո ... խո ես կորա... խո ինքն էլ կորավ ինձ հետ... Բայց չէ՞ որ ես պաշտում եմ նրան... չէ որ ես չեմ կարող դիմանալ առանց նրան թեկուզ մի օր, մի ժամ, մի վայրկյան... Եթե բանն իմ պատվասիրությանն է վերաբերում, ես չեմ ուզում... ես այդ մասին չեմ մտածում, չեմ էլ ուզում մտածել... Ինչ պատահել է անցյալումպատահել... մի՞թե չի կարելի մոռանալ... խո մոռացված է եղել մինչև այժմ... էլ ի՞նչ է ուզում... ես էլ խո ոչինչ չեմ պահանջում... ես նրան այնպես էլ կսիրեմ, կպաշտեմ, ինչպես որ կա... բայց երեկվանից դես նա ինձ հանգիստ չի տալիս, դուրս է անում ինձ, երեսս չի ուզում տեսնել, մինչև որ չսպանեմ... Անցածի հիշատակը վերանորոգվել է նրա մեջ այնպիսի մի կատաղի ուժով, որ նա մարմնացած մի վրեժխնդրություն է դարձել... Երեկ որ տուն եկավ, սարսափեցի, որ նայեցի աչքերին: Ներս մտնելուն պես նստեց բազմոցի վրա և հրամայեց, որ չոքեմ յուր առաջ: Ու, երբ կատարեցի նրա հրամանը, ասաց, — հիշում ես, որ այն կիրակի, երբ զբոսանքի էինք գնացել այգի, դու ասացիր, թե մարդիկ վնասակար են, իսկ բզեզը՝ ոչ... այն կարմիր, բզեզը, որին խղճացիր սպանել: «Հիշո՞ւմ ես, — ասաց, — որ ասացիր, թե դու ավելի շուտ մարդ կսպանես, քան թե բզեզ»: Ասացիր հիշում եմ: «Հետո հիշո՞ւմ ես, — ասաց, այն մարդուն, որ անցուդարձ էր անում մեր առաջով և լիրբ հայացքներ էր ձգում ինձ վրա: Հիշո՞ւմ ես, — ասաց, — որ երբ ես հարցրի, թե չես սպանիլ այդ մարդուն, եթե հանկարծ մոտենա և համբուրի ինձ, դու բացականչեցիր. «Օ՛, ես կխեղդեմ նրան»: Ասացի, որ այդ էլ եմ հիշում: «Դե՛հ, այժմ իմացիր. — : ասաց, — որ ես գտել եմ այն մարդուն, որը ոչ թե միայն համբուրել է ինձ, այլև զավակ է ունեցել ինձնից, և այդ զավակն ես իմ ձեռքով խեղդել, սպանել եմ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Զարհուրած): Այդպիսի բան է՞լ կա...

ՍԻՍԱԿՅԱն. — (Շարունակելով): Որովհետև չիմացա ինչ ասեմ, այդ պատճառով ձեռքերն այնպիսի ուժով դրեց ուսերիս, որ քիչ մնաց վայր ընկնեմ մեջքիս վրա: «Ապուշ, — բղավեց. — չլսեցիր ինչ ասացի... ինչո՞ւ չես կատաղում, ինչո՞ւ չես վեր թռչում և չես աղաղակում. — ասա՛, ով է այդ մարդը, որ գնամ սպանեմ»: Որովհետև ես դեռ վերին աստիճանի ապշած էի, ձայն չէի հանում, այդ պատճառով հանկարծ, ոտով պինդ խփեց կրծքիս, ընկավ բազմոցի վրա և սկսեց սաստիկ հեծկլտալ: Այնքան օտարոտի էր նրա հեծկլտանքի ձայնը, որ սկզբում կարծեցի թե ծիծաղում է... բայց երբ վերկացա և մոտեցա, տեսա որ իսկապես լաց է լինում: Հետո երբ կամեցա մխիթարել, ոտները գիժ-գիժ շարժեց, ուզում էր դարձյալ խփել և աղաղակեց «Կորիր, ես քեզ չեմ սիրում, ես քեզ ատում եմ, դու տղամարդ չես, դու փալաս ես...»: Երեկ գիշեր տվեց ինձ այս ատրճանակը և ասաց, որ գամ սպանեմ: Ես էլ դուրս եկա, ման եկա ապուշի պես, ման եկա և տուն գնացի: Ես դեռ լավ չէի հասկանում, թե ինչ էր ուզում ինձնից: Մարդ սպանել... ինչո՞ւ համար... Մի՞թե ճիշտ էր նրա պատմածը... Չէի հավատում, որովհետև այդ անկարելի բան էր..» Ես պարզապես կարծում էի, թե խելագարվել է... Երբ տուն գնացի, ասաց՝ «Սպանեցի՞ր»: Խաբեցի, ասացի տանը չէր: Չհավատաց և այնպես կատաղեց, որ չեմ կարող ասել... Այս գիշեր, տեսնում ես, էլի ղրկել է և ասաց՝ «Իմացիր, եթե այս անգամ սպանած չես եղել, ես ինքս կգամ կսպանեմ և ապա այլևս չես տեսնիլ ինձ հավիտյան...» Այժմ, ասա՛, ի՞նչ անեմ: Նա այնպիսի դրության մեջ է, որ յուր սպառնալիքը կկատարի, անպատճառ կկատարի... (Լաց է լինում նորից):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Ման է գալիս խիստ մտահոգ): Հապա ես որ քեզ ասում եմ ձեռք վերցրու այդ աղջկանից, դժբախտ կլինես...

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ոչ, ես դժբախտ չէի, ինձնից ավելի երջանիկ մարդ չկար աշխարհիս... և այս րոպեին էլ ես չափազանց երջանիկ կլինեմ, եթե կամենա, եթե նա մոռանա անցյալը... Ուրիշը լիներ իմ տեղը, գուցե կսպաներ, բայց ես չեմ կարող... Սպանելու համար հարկավոր է վառվել, կատաղել, գազանանալ, բայց մեղավոր եմ, ես այդ ընդունակությունը չունեմ... Սպանե՛լ... դա հեշտ է ասել... Այն կիրակի՝ այգում որ ասացի, այն խոսք էր միայն... իսկ այժմ, երբ կանգնած եմ սարսափելի իրականության առաջ, ես զարհուրում եմ... Ինձ թվում է, թե կամ ես եմ խելագարվել, կամ նա, կամ երկուսս միասին... (Նա կարճ ժամանակ լռում է գլուխը շշմածի պես ձեռքերի մեջ առած, հետո հանկարծ վազում է դեպի Մարգարյանը, եռանդով բռնում է նրա ձեռքից և աղերսագին): Սիրելի՛ ընկեր, տեսնում ես, ես կորած եմ, փրկիր ինձ, փրկիր նրան... Արյունս սառում է երակներիս մեջ, երբ մտածում եմ, որ նա կարող է իսկապես խելագարված լինել... Երեկ գիշեր քնած տեղից հանկարծ վեր թռավ, նստեց անկողնում, ձեռքերը տարածեց դեպի վեր և աղաղակեց. «Աղավնի՛ն, աղավնի՛ն, աղավնի՛ն... սպիտակ.-մաքուր, անմե՛ղ աղավնին...»: Սա զարմանալի է, չէ՞... Սա կասկածելի է, չէ՞... Ուղեղս քարանում է, ես այլևս չեմ կարողանում մտածել... Ինձ թվում է, թե գլորվում եմ, գլորվում եմ, գլորվում եմ և չեմ կարողանում ոտիս վրա կանգնել... Միակ հույսս դու ես մնացել, փրկի՛ր ինձ, ազատի՛ր ինձ, սիրելի ընկեր: Ասա , խորհուրդ տուր, ի՞նչ անեմ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Հանկարծ, վճռաբար): Ահա թե ինչ, նախ այդ ատրճանակը տուր ինձ:

ՍԻՍԱԿՅԱՆ, — (Տենդային փութկոտությամբ հանում է գրպանից ատրճանակը և տալիս նրան): Ահա, վերցրու...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այժմ տուն գնա: Երբ հարցնի՝ սպանեցի՞ր, ասա որ ուզում էիր սպանել, բայց ես արգելեցի և ատրճանակը խլեցի ձեռքիցդ. Բոլորովին անհոգ կաց. նա յուր սպառնալիքը չի գործադրիլ, համենայն դեպս այս գիշեր: Իսկ վաղն առավոտյան ես ինքս կգամ նրա հետ խոսելու: Կուզե՞ս որ գամ:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Ով, ե՞ս: Ես քեզ իմ ազատարար հրեշտակի պես կընդունեմ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ոչ, ամենևին հարկավոր չէ, որ դու ընդունես ինձ: Դու մինչև անգամ ամենևին չերևաս: Լսո՞ւմ ես:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Իհարկե, լսում եմ: Ամենևին չեմ երևալ: Բայց ի՞նչ պետք է խոսես նրա հետ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այդ քո գործը չէ: Այժմ գնա և... սպասիր... նրա հորն ու մորը չե՞ս հայտնել:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Չէ: Նրանց ոչինչ չեմ ասել... վախենում էի Սառայից...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Շատ բարի: Այժմ գնա և ինչպես որ պատվիրեցի, այնպես կասես: Կասես, որ ուզում էի սպանել, բայց ես արգելեցի և ատրճանակը խլեցի ձեռքիցդ: Լսո՞ւմ ես:

ՍԻՍԱԿՅԱՆ. — Այո, այո, այդպես կասեմ, այդպես կասեմ: (Շտապով դուրս է գնում):

Մարգարյանն ատրճանակը դնում է գրասեղանի վրա և սկսում մտախոհ ման գալ սենյակում: Երկար միջոց անցնելուց հետո մտնում է Թուսյանը: Նա կուշտ կերած-խմած է երևում: Մարգարյանն ընդունում է նրան լուռ, խորին գարշանքով և ատելությամբ:

ՏԵՍԻԼ III

ԹՈԻՍՅԱՆ. — Գողերից չեք. վախենում, հա՞, որ դրսի դուռը բաց եք թողել: Բարի երեկո: Հիմա կհարցնես, թե այս քանի օրս էլ որտեղ էի կորած: Սպասիր մի էս անտերը հանեմ, հետո մեկ-մեկ կպատմեմ: (Նստում է գահավորակի վրա և կանչում): Թաթոս... ա՛ Թաթոս... քնել է, հա՞: Բան չկա, ես կհանեմ: (Հանում է ձախ ոտի կոշիկը): Մի վախենալ, քեզ էլ նեղություն չեմ տալ. ծխախոտ ունեմ: (Սկսում է ծխել): Փորս էլ լավ տռզած եմ տուն եկել, ինչպես տեսնում ես: (Զկռտում է): Այժմ մանրամասն հաշիվ տամ, թե այս քանի օրս որտեղ էի կորած... Ի՞նչ ես ինձ այդպես նայում...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Շատ լուրջ): Լսիր ինչ եմ ասումԴու պետք է վաղն ևեթ հեռանաս այստեղից:

ԹՈԻՍՅԱՆ. — Ի՞նչ է, նոր հեռագիր կամ նամա՞կ կա տանից:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ոչ: Պետք է հեռանաս նրա համար, որ... քեզ ուզում են սպանել:

ԹՈԻՍՅԱՆ. — (Վեր է թռչում): Ի՞նչ... Սպանե՞լ... Ո՞վ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Սառայի ամուսինը:

ԹՈԻՍՅԱՆ. — Քո ընկերը...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այո:

ԹՈԻՍՅԱՆ. — Կատակ ես անում:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Ցույց է տալիս գրասեղանի վրա դրված ատրճանակը): Այ, տես:

ԹՈԻՍՅԱՆ. — (Սաստիկ վախեցած): Ատրճանա՛կ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այս րոպեիս նա այստեղ էր. քո ետևից էր եկել: Եվ գնա փառք տուր քո բախտին, որ այստեղ չէիր: Հազիվ կարողացա խլել այս ատրճանակը նրա ձեռքից:

ԹՈԻՍՅԱՆ. — (Թուքը ցամաքած): Հետո՞... էլ չի՞ գալ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ասացի որ դու գնացել ես արդեն:

ԹՈԻՍՅԱՆ. — Հա՞... լավ ես արել... Շնորհակալ եմ... վաղը կգնամ... անպատճառ կգնամ... դեռ լույսը չբացված կգնամ... Շնորհակալ եմ... լավ ես ասել... շատ լավ ես ասել... (վախից, սառեց հասկանալու թե ինչ է անում, նստում է և. շտապով հագնում է կոշիկը): Բայց... սպասիր... Չէ՞ որ դու խոստացար չհայտնել նրան, թե Սառան ինչ անցյալ է ունեցել:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Եվ ես այժմ չափազանց ցավում եմ, որ չեմ հայտնել: Անցյալ օրը, պսակվելուց առաջ, եկել էր ինձ մոտ և այնպիսի խորհրդավոր բաներ էր պատմում Սառայի վարմունքներից և նրա հետ ունեցած խոսակցություններից, որ քիչ մնաց բանայի նրա աչքերը սարսափելի իրողության առաջ: Բայց զսպեցի ինձ, ոչինչ չասացի, փորձեցի միայն նորից խորհուրդ տալ, որ ձեռք վերցնի այդ աղջկանից: Լսել անգամ չուզեց և հեռացավ սաստիկ վիրավորված. Այդ բանից հետո միանգամայն համոզվեցի, որ իզուր պետք է նրա դժբախտության պատճառ դառնամ և ինքս ինձ ասում էի. ավելի լավ է ոչինչ չիմացած ամուսնանա և ապրի յուր համար խաղաղ ու երջանիկ, քան թե իմանա չամուսնանա և տանջվի: Բացի դրանից, ես սաստիկ խղճում էի Սառային: Սկզբում կարծում էի, թե այդ աղջիկը կամ հոգեկան հիվանդ է կամ չարահոգի, բայց քո պատմությունը լսելուց հետո ես արդեն հասկանում էի տարօրինակությունների հոգեբանությունը և չափազանց դժբախտ մի արարած էի համարում նրան: Չորս տարի շարունակ նա տանջվել է քո վատության շնորհիվ լքված, անարգված, այժմ երբ բախտի դուռը բացվել է նրա առաջ, բարոյական ի՞նչ իրավունքով և ինչ խղճով այդ դուռը նորից պիտի փակեի նրա առաջ: Բայց եթե ես իմանայի, որ նա ինքը պետք է աքացի տա յուր բախտին, այն ժամանակ մի րոպե անգամ չէի տատանվիլ ազատելու ընկերոջս դժբախտությունից:

ԹՈԻՍՅԱՆ. — Ի՞նչ ես ուզում դրանով ասել:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այն եմ ուզում ասել, որ յուր անցյալը հայտնել է ամուսնուն ինքը՝ Սառան:

ԹՈԻՍՅԱՆ — (Հանկարծ, եռանդով): Այդ անկարելի է:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ոչ թե անկարելի, այդ իսկապես այդպես է: Այլապես, եթե Սառայի անցյալը ես հայտնած լինեի ընկերոջս, այժմ ամուսնացած չէր լինի և համենայն դեպս ավելի քիչ դժբախտ կլիներ:

ԹՈԻՍՅԱՆ. — Այնուամենայնիվ պնդում եմ, որ այդ անկարելի է, որովհետև... Այդ ես չէի ուզում ասել քեզ, բայց այժմ ասում եմ: Երեկ ես հանդիպեցի Սառային: Հակառակ սպասածիս, ինձ ընդունեց առանց որևէ թշնամության և նույնիսկ երբ ես զանազան ակնարկներով հասկացրի նրան, թե չի կարելի արդյոք նորոգել մեր նախկին հարաբերությունները

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Ծայրահեղ զարմանքով): Դու այդ բանն առաջարկե՞լ ես նրան... նույնիսկ ա՞յժմ, երբ նա մի քանի օրվա նորահարս է, և գիտես որ իմ ամենամոտ ընկերոջս կինն է...

ԹՈԻՍՅԱՆ. — Լսիր, է: Երբ ես այդ բանը հասկացրի նրան, նա ոչինչ չասաց, լռեց երկար ժամանակ և միայն շրթունքներն էր կրծոտում, երևի անվճռականությունից: Հետո հանկարծ հարցրեց, թե որտեղ եմ իջած և պատասխանն ստանալուց հետո, թողեց հեռացավ: Այսքանը միայն ասաց՝ «Կտեսնվենք»... Այս բոլորից ես այն համոզման եկա, որ նա անհամաձայն չէ առաջարկիս: Հիմա այս բանից հետո, ինչպես սա կարող է ամուսնուն հայտնել յուր անցյալը: Եվ վերջապես, այդպիսի անցյալ ունեցող այն ո՞ր աղջիկն է, որ ամուսնանալուց հետո ամեն բան հայտնում է ամուսնուն:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Սառայի բնավորության տարօրինականությունն էլ հենց այդ է, բարեկամ: Ես սկզբում այդպես էի կարծում, բայց այժմ տեսնում եմ, որ չարաչար սխալվել եմ:

Այս էլ ասեմ քեզ, բարեկամ. Սառան ոչ թե միայն ամուսնուն հայտնել է յուր անցյալը, այլև նա ինքն է ստիպում ամուսնուն, որ վրեժխնդիր լինի քեզնից:

ԹՈԻՍՅԱՆ. — Նա ինքն է ստիպո՞ւմ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այո... Եվ մեղավորը դու ես: Ինչպես հիմա պարզ կերպով տեսնում եմ, պատճառը հենց քո հանդուգն առաջարկն է եղել, որ երեկ արել ես նրան: Դու ասում ես, թե նա քեզ ընդունեց առանց որևէ թշնամության, և նույնիսկ իբր թե լուռ համաձայնություն տվեց քո առաջարկին, բայց մի քիչ առաջ այստեղ լինեիր և ծածուկ լսեիր, թե ինչ էր պատմում նրա ամուսինը: Նա ասում էր, որ երեկ, քո հանդիպումից հետո, Սառան տուն է դարձել իբրև մի մարմնացած վրեժխնդրություն: Եվ այս էլ ասեմ, այդ միջոցին, քո հանդիպումից հետո է միայն հայտնել նրան յուր անցյալը: Այս ատրճանակն էլ այդ օրն է տվել նրան, որ գա սպանի քեզ: Հիմա ինչ կասես, բարեկամ:

ԹՈԻՍՅԱՆ. — (Շփոթված): Ի՞նչ է ասում... Ուրեմն... ես սխալվել եմ երեկ... (Ման է գալիս մտախոհ): Ուրեմն... շրթունքները որ այնպես կրծոտում էր, այդ էր նշանակում... հասցես էլ որ ուզեց... հետո որ ասաց. «Կտեսնվենք»... Հա, հիմա բոլորովին ուրիշ կերպ է ներկայանում ինձ պատկերը... Բոլորովին հակառակը... Հիմա ամեն ինչ պարզ է ինձ համար... Դու ճշմարիտ ես... մեղավորը ես եմ... վաղը պետք է գնալ... անպատճառ պետք է գնալ... (կանգ է առնում հանկարծ): Սպասիր: Հիմա որ գնամ ի՞նչ կլինի:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Հիմա՞:

ԹՈԻՍՅԱՆ. — Հա, այս գիշեր ևեթ: Մի տես ժամը քանի՞սն է:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Նայում է ժամացույցին): Ճիշտ տասնևմեկն է:

ԹՈԻՍՅԱՆ. — (Սաստիկ ուրախացած): Հա, բաս կհասնեմ գնացքին: Իհարկե, կհասնեմ, մոտ երկու ժամ ժամանակ կա: Լավ կլինի, չէ՞, որ հենց, այս գիշեր ևեթ գնամ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Շատ լավ կլինի:

ԹՈԻՍՅԱՆ. — Հա, իհարկե, որովհետև ով գիտե ինչ կարող է պատահել մինչև վաղը: Ըը՛ը... (Ուզում է կանչել Թաթոսին, բայց հանկարծ դառնում է Մարգարյանին): Բայց որ փող չունե՞մ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ես կտամ:

ԹՈԻՍՅԱՆ — (Նոր ուրախությամբ): Դե տուր, էլի, թե որ կտաս:

ՄԱՐԳԱՐՅԱՆՏասնհինգ ռուբլի բավակա՞ն է:

ԹՈԻՍՅԱՆ. — Տո, տասը տուր, միայն թե շուտով կորչեմ գնամ այստեղից: (Ստանում է փողը և շտապով գրպանը կոխելով): Հեր օրհնած, թե որ տալու էիր, էլ ի՞նչ էիր այսքան ժամանակ ցավ դարձնում ինձ գլխիդ, ռադ կանեիր, էլի. ժամանակին: Այս խաթեն էլ չէր գալ մեր գլխին: (Վազում է դեպի ձախ դուռը): Թաթոս... Թաթոս...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ի՞նչ ես անում Թաթոսին:

ԹՈԻՍՅԱՆ. — Կառք կանչի է՜... Թաթոս... Թաթոս... վայ, անիծածը քնելու ժամանակ է գտե՞լ... Թաթո՞ս...

(Անհամբեր ուզում է դուրս գալ Թաթոսին զարթնեցնելու, բայց նույն րոպեին մտնում է Թաթոսը քնաթաթախ):

ԹՈԻՍՅԱՆ. — Թաթոս ջան, հոգուտ մատաղ, ձեռաց վազի մի ֆայտոն բի:

ԹԱԹՈՍ. — (Կարծում է, թե սխալ լսեց, ներքին տհասությամբ): Պապիրո՞ս:

ԹՈԻՍՅԱՆ. — Ֆայտոն, ասում եմ, ֆայտոն: Շուտ արա, հոգուտ մատաղ, վակզալ պտի գնամ, ուշանում եմ... Դե , ժաժը մաժ արի: (Թաթոսն ուզում է գնալ): Յավաշ: Չեմոդանս ի՞նչ ես արել:

ԹԱԹՈՍ. — Հրեն ընդեղ ա: (Գլխով ցույց է տալիս նախասենյակի կողմը):

ԹՈԻՍՅԱՆ. — Դե բի: Հլա մի չեմոդանս բի, եննա կերթաս ֆայտոնի: (Թաթոսը քնարբու մարդու դանդաղկոտությամբ գնում է ճամպրուկը բերելու): Ես շորերս կդարսեմ մինչև որ կառք կբերի: (Շտապով գնում է ննջարանից դուրս է բերում զանազան հագուստեղեն: Նույն միջոցին Թաթոսը ներս է բերում ճամպրուկը): Դի ըստեղ ու վազի: (Թաթոսը վայր է դնում ճամպրուկը և կանգնում ծածկած ներքին դժկամությամբ: Երևում է, որ սաստիկ ծուլանում է գնալ): Ադա, գնա՛, է՛:

ԹԱԹՈՍ. — էս վախտին ես ո՞րդիան ճարեմ ֆայտոն:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Հանկարծական բռնկումով): Շատ մի փնթփնթա, հիմար: Քեզ ինչ որ ասում են, արա: Գնա ջհաննամից ճարիր: Դե, կործանվիր:

Թաթոսը դուրս է գնում փնթփնթալով:

ՏԵՍԻԼ IV

ԹՈԻՍՅԱՆ. — Ծառայի հետ չպետք է խոսես այդպես: Այ, ես, տեսնում ես. նրա հետ խոսում եմ մինչև անգամ իրենց գյուղական լեզվով: (Պպզում է ճամպրուկի առաջ և սկսում տեղավորել հագուստեղենը): Այդպես, հը՞, ամուսնուն ղրկել էր, որ ինձ սպանի... Այ, քեզ օյին... իսկ ես կարծում էի.. Չէ, պետք է փախչել... Առյուծի ճանկերից ավելի հեշտ է պրծնելը, քան թե մի կնոջ վրիժառությունից... փախչել: Պետք է փախչել... Այ, հիմա հասկանում եմ, թե ինչ է նշանակում խոհեմություն: Ես շատ կանանց հետ եմ գործ ունեցել, բայց այսպիսի խաթա առաջին անգամն է պատահումԲայց գեղեցկացել է, գիտե՞ս, անիծածը, շատ է գեղեցկացել..: Այն ժամանակ այդպես չէր:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Դու գիտե՞ս, որ քեզնից զավակ է ունեցել:

ԹՈԻՍՅԱՆ. — (Վեր է թռչում): Ճի՞շտ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Եվ յուր իսկ ձեռքով սպանել, հետքը կորցրել է:

ԹՈԻՍՅԱՆ. — Վահ, ի՞նչ ես ասում... (Մնում է արձանացած):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Զարմանում ես հա՞:

ԹՈԻՍՅԱՆ. — Ոչ թե զարմանում, այլ... չգիտեմ, ճշմարիտ, ինչ ասեմ... Ես այդ մասին երբեք չեմ մտածել...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Իհարկե, կյանքից խլել ես այն, ինչ որ հաճելի է քեզ, և ոչ մի բանի մասին չես մտածել:

ԹՈԻՍՅԱՆ. — (Շարունակում է ծայրահեղ ապշությամբ նայել Մարգարյանի աչքերին, առանց լսելու նրա ասածը): Ուրեմն այդ ինչ արարած է եղել նա..» էհե՛էհե՛... (Նորից պպզում է ճամպրուկի առաջ և շարունակում է հագուստեղենը տեղավորել): Ուրեմն հայր էլ եմ եղել, առանց իմ գիտենալու... Լա՛վ է... (Ծիծաղում է): Այդպես որ գնալու լինենք, ուրեմն ես հիմա քանի որդոց հայր պետք է լինեմԱյ, քեզ մազալու բան… (Շարունակում է ծիծաղել, հետզհետե զվարճանալով): Եվ փոխանակ ես պրետենզիա անելու նրա դեմ, որ իմ սեփական զավակից զրկել է ինձ, նա է պրետենզիաներ անում իմ դեմ... Բայց որքան հիմար է եղել, տեր իմ աստված, որքան հիմար: Փոխանակ այդ բոլոր խայտառակությունները ծածկելու, որ ոչ ոք չիմանա, մանավանդ ամուսինը, նա…. Չէ, նա խելագար է, նա պարզ խելագար է

Մտնում է Թաթոսը գլխարկը ծածկած:

ՏԵՍԻԼ V

ԹԱԹՈՍ. — Մինը բերե՞մ:

ԹՈԻՍՅԱՆ. — (Վեր է թռչում): Ադա, դու հլա ըստեղ ե՞սվա՛յ, քո տունը չքանդվի... Մինը, բա քա՞նիսը:

ԹԱԹՈՍ. — Դե եսիմ... (Դուրս է գնում փնթփնթալով):

ՏԵՍԻԼ VI

ԹՈԻՍՅԱՆ. — Այ, ախմախ մարդ... Ես կարծեցի, թե արդեն բերել է, իսկ նա... (Լռում է: Խիստ ուժեղ զանգահարում են. Թուսյանը հանկարծ նետում է գույնը և նայում է Մարգարյանին): Այս ո՞վ կարող է լինել...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Արագ դուրս է գնում նախասենյակ և գրեթե նույն րոպեին էլ ներս է վազում խիստ անհանգստացած): Սառան է...

ԹՈՒՍՅԱՆ. — (Սարսափահար): Սառա՞ն... (Մեքենայաբար փախչում է դեպի ննջարան):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Արագ): Սպասի՛րվերցրու սրանք էլ քեզ հետ:

Թուսյանը դողդողալով հավաքում է հագուստեղենը, վերցնում ճամպրուկը և շտապով դուրս գնում ննջարան: Մարգարյանը ետ է գնում դեպի ննջարանի դուռը, շտապով մոտենում է գրասեղանին, ուզում է պահել ատրճանակը, բայց թողնում է տեղը, նստում է և աջիս, թե պարապում է: Արագ քայլերով մտնում է Սառան հպարտ և չափազանց հուզված:

ՏԵՍԻԼ VII

ՍԱՌԱ — (Ջանք է անում հուզումը զսպելու և խոսում է կարելույն չափ հանգիստ): Ներեցեք, պարոն, որ եկել եմ այս կեսգիշերին ձեր հանգիստը խանգարելու: Ես այնպիսի վիճակի մեջ եմ, որ հնարավորություն չունեցա ինձ զսպել և եկել եմ մի քանի բաներ պարզելու:

ՄԱՐԳԱՐՅԱՆ — ( վեր է կացել, աթոռ է առաջարկում): Խնդրեմ, տիկին:

ՍԱՌԱ. — (Չի նստում և շարունակում է): Նախ մի քանի հարց: Ամուսինս այս երեկո եղե՞լ է ձեզ մոտ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Եղել է:

ՍԱՌԱ. — Ատրճանակո՞վ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այո: Ահավասիկ, (Ցույց է տալիս գրասեղանի վրա դրված ատրճանակը):

ՍԱՌԱ. — Եվ այդ ատրճանակը դուք խլե՞լ եք նրա ձեռքից:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այո:

ՍԱՌԱ. — (Շեշտակի նայում է նրա աչքերին): Դուք ինտելիգենտ մարդ եք, սուտ չպիտի խոսեք: Ասացեք ճշմարիտը: Խլե՞լ եք, թե ինքն է տվել ձեզ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Շփոթված): Ես առա նրա ձեռքից:

ՍԱՌԱ. — Առաք... Ուրեմն ինչպես ուզում եմ՝ հասկանամ: Շատ բարի. Հետո, դուք ասել եք, թե վաղը պիտի գաք ինձ հետ խոսելու: Այո՞:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Այո, տիկին, ես ուզում էի խոսել ձեզ հետ մի բանի մասին:

ՍԱՌԱ. — Մի բանի մասին, և ոչ այն մասին, ինչ որ դուք գիտեք, ինչ որ ձեզ հայտնի է արդեն, ինչ որ... Շատ բարի, ես համբերություն չունեցա մինչև վաղք սպասելու և ահա, տեսնում եք, ինքս եմ եկել ձեզ մոտ, որպեսզի այժմ իսկ լսեմ ձեզնից այն, ինչ որ վաղը-պիտի ասեիք ինձ. Խոսեցեք, ես ձեզ իրավունք եմ տալիս:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Դուք հուզված եք, տիկին: Խնդրում եմ համբերեցեք և հաճեցեք նստել:

ՍԱՌԱ. — Շնորհակալ եմ ձեր հոգացողության համար: Ես նոր չեմ հուզված... Իմ կյանքը մի հարատև հուզում է.. Եվ ես գիտեմ, թե երբ կհանգստանամ... (Ջղային անհամբերությամբ): Խոսեցեք, խոսեցեք: Ասացեք, ի՞նչ ունեք ասելու: ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Անհամ վիճակի մեջ, չի իմանում ինչպես սկսի): Դուք մենա՞կ եք եկել, տիկին, թե ձեր ամուսինն էլ ձեզ հետ է:

ՍԱՌԱ. — Ձեր ասելիքը նրան է վերաբերում, թե ինձ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ի՞նչպես ասեմ... նրան...

ՍԱՌԱ. — Տեսնում եք նա այստեղ չէ. նա դուրսն է, որովհետև ասել եք, որ նա ներկա չպետք է լինի: Ուզո՞ւմ եք կանչեմ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ոչ, հարկավոր չէ...

ՍԱՌԱ. — Ուրեմն ասացեք, էլ ի՞նչ եք երկարացնում, տեր իմ աստված:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Զգոնորեն): Գիտե՞ք ինչ կա, տիկին...ձեր գալն այնքան անակնկալ էր ինձ համար... և դուք այնքան հուզված եք, որ... չեմ իմանում ինչպես սկսեմ... Հետո, ես չգիտեմ, արդյոք վիրավորած չե՞մ լինիլ ձեր զգացումները, եթե թույլ տամ խառնվելու ձեր ընտանեկան գործերին...

ՍԱՌԱ. — Դրանք դատարկ խոսքեր են, պարոն: Ասացի, որ ձեզ իրավունք եմ տալիս խոսելու: Ասացեք ուղղակի, ինչ որ ասելու եք:

ՄԱՐԳԱՐՅԱՆ — (հանկարծական վեհականությամբ): Շատ բարի: Դուք չե՞ք կամենում նստել:

ՍԱՌԱ. — Ո՛չ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ասելիքս, ահա ինչ էր, տիկին: Դուք գիտեք, որ ես ու ձեր ամուսինը շատ մոտիկ բարեկամ ենք իրար: Ես նրան ճանաչում եմ իբրև վերին աստիճանի բարի, անվնաս, բայց խիստ տարօրինակ բնավորություն ունեցող երիտասարդի: Նրա կյանքը լի է մի շարք տարօրինակ վարմունքներով, այնպես որ ես երբեմն լրջորեն կասկածել եմ նրա հոգեկան դրության մասին: Բայց այն վարմունքը, որ այս գիշեր ցույց տվեց նա, միանգամայն համոզեց ինձ, որ նրա հոգեկան վիճակը կանոնավոր չէ իսկապես: Բանն այն է, տիկին, որ ես մի անկոչ հյուր ունեմ իմ տանը: Գարեգինը չի ճանաչում նրան, ոչ մի գործ չի ունեցել նրա հետ, նույնիսկ չի տեսել նրան իմ տանը, մի խոսքով բոլորովին օտար և անծանոթ մի մարդ: Բայց այս գիշեր եկել էր այս ատրճանակը գրպանում և ասաց, թե ուզում է սպանել նրան: Սակայն, այդ բանն ինձ այնքան չզարմացրեց, որքան ա՜յն, որ ասում էր, թե դուք եք պատվիրել, որ գա սպանի: Եվ ընդսմին այնպիսի բաներ պատմեց, որպիսիք միայն խելագարի ուղեղը կարող է ստեղծեր ուղղակի... աներևակայելի, անհնարին բաներ, մանավանդ ձեր մասին...

ՍԱՌԱ. — Ի՞նչ բաներ:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Ի՞նչպես ես թույլ կտամ ինձ, տիկին, կրկնելու ձեր առաջ այն, ինչ որ պատմում էր մի պարզ խելագար... Եվ վաղը որ գայի ձեզ մոտ, տիկին, հատկապես նրա համար պիտի լիներ, որ ձեր լուրջ ուշադրությունը հրավիրեմ Գարեգինի դրության վրա: Թերևս կարելի լինի նրան փրկել, և ես պատրաստ եմ այդ բանում ամեն կերպ օգնել ձեզ:

ՍԱՌԱ. — (Իսկույն չի պատասխանում, նայում է Մարգարյանին տարօրինակ հանգստությամբ, որի մեջ, սակայն, նկատվում է ներքին խոր վրդովմունք, որը պատրաստ է ամեն րոպե դուրս ժայթքելու): Դուք շատ դելիկանտ մարդ եք, պարոն: Քաղաքավարության զգացումը, երևի, ձեզ թույլ չի տալիս ուղղակի ասելու, որ ինձ եք խելագար համարում, այդ պատճառով պատեպատ եք ընկնում, ամուսնուս հոգեկան վիճակի մասին եք կասկածներ հայտնում: Էհ, շատ կարելի է, ես խելագար եմ, պարոն, այդ մասին չեմ ուզում վիճել: Բայց իցե թե դուք ինձ չեք խելագար համարում, այլ ամուսնուս: Այդ դեպքում ինչ որ պատմել է իմ ամուսինը ձեզ իմ մասին, զուտ ճշմարտություն է, ևայս էլ եմ հաստատումես ինքս եմ ուղարկել նրան, որ սպանի ձեր հյուրասիրությունը վայելող պարոնին: Հիմա ի՞նչ կասեք, պարոն:

ՄԱՐԳԱՐՅԱՆ — (Շփոթված): Այդպիսի դեպքում թույլ տվեք, տիկին, նկատեմ, որ... չեմ հասկանում ձեզ:

ՍԱՌԱ. — (Արագ): Ահա, տեսնո՞ւմ եք, այժմ խոստովանեցիք, որ ինձ եք խելագար համարում, որովհետև չէ որ միայն խելագարներին չեն հասկանում... (Հետզհետե բորքոքվելով): Չեք հասկանում, հա՞... Երբ որ ամոթի կարմիրն երեսիս, վիրավորանքի թույնը կրծքիս, տանջանքի կրակը հոգուս մեջ կծկվեի, լռեի և թույլ տայի անտրտունջ, որ ինձ անարգեն, ծեծեն, խայտառակեն, — այն ժամանակ կհասկանայիք ինձ... Իհարկե, կհասկանայիք, քանի որ այդպես եք սովոր, քանի որ այդպես են անում սովորաբար ինձ նման անպատվածները, անարգվածները... Բայց քանի որ չեմ կծկվել, չեմ լռել, ամեն բան ինքս եմ հրապարակ հանել, փոխանակ ծածկելու, քանի որ համարձակ, անվախ ինքս եմ հրապարակ նետվել ցույց տալու աշխարհին անպատվությունս, կսկիծս, տանջանքներս և վրեժ եմ պահանջում բողոքող հոգուս ամբողջ թափով, — ինձ չեք հասկանում... իհարկե, չեք կարող հասկանալ, որովհետև այդպես չեն անում սովորաբար... Բայց ես կհասկացնեմ ձեզ, կհասկացնեմ ամենքին, թե ինչպես կարելի է ոտնակոխ անել մարդկային պատիվը, անարգել, արհամարհել կնոջ ամենամեծ սրբությունը և անպատիժ շրջել աշխարհիս երեսին...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Լավ, տիկին, ձեզ ինչ պատահել է պատահել է, բայց ի՞նչ մեղավոր է Գարեգինը, որ...

ՍԱՌԱ. — Մեղավո՞ր, ասում եք... մեղավորության խնդի՞ր եք դնում... Շատ լավ: Ուրեմն լսեցեք ինձ, պարոն: Մեղավոր է ոչ թե միայն Գարեգինը, այլ և դուք, պարոն, այլ և ամբողջ հասարակությունը, որ կարողանում է յուր մեջ հանդուրժել այնպիսի թունավոր օձերի գոյությունը, որպիսին ձեր հյուրասիրությունը վայելող պարոնն է: Ահա, տեսնում եք, դուք ապաստան եք տվել նրան ձեր տանը, հյուրասիրում եք նրան, երևի սիրով լսում եք նրա հետ խաղացած սխրագործության պատմությունը և, գուցե, ուրիշ շատ այդպիսի պատմություններ և, փոխանակ պատմելու, խրախուսում եք նրան

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Խրախուսո՞ւմ...

ՍԱՌԱ. — Այո: Որովհետև երբ որ դուք, շատ լավ իմանալով, թե ինչ մարդ է նա, ձեռք եք մեկնում նրան, հյուրասիրում եք նրան, նրա հետ նստումվեր եք կենում, նրա հետ խոսումծիծաղում, երբ որ նրա անբարոյականության, նրա ցածության, նրա անգթության պատմությունները լսելիս, չեք թքում նրա երեսին, չեք մերժում նրան ձեր ընկերությունից, չեք ջախջախում նրա. — գլուխը, — դուք խրախուսում եք նրան, դուք արմատացնում եք նրա մեջ այն գիտակցությունը, թե յուր արարքները ոչինչ են, տղամարդու սովորական զվարճություններ են, ուրեմն նա կարող է շարունակել անպատիժ կերպով... Իսկ այժմ, նրա զոհը աշխարհի անտարբերությունից հուսահատված, ինքն է հրապարակ նետվել նրա դատաստանն յուր ձեռքով կատարելու, — դուք պատնեշ եք կանգնում, դուք հովանավորում եք նրան...

Следующая страница