Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Ինչի՞ դեդիդ հետ չգնացիր բաղը ման գալու, — հարցրեց աղա Յագոր Բուղդանիչը ծանր և բառերը պարզ ու որոշ արտասանելով, ինչպես այդ հատուկ է առհասարակ թիֆլիսեցի վաճառականական դասակարգին: — Հիմի էնդի մուզիկ կուլի ածում... մե քիչ բոլթա կուտայիք ու յիդ կուգայիք:

Չկամեցա, հայրիկ...

Հա՛... դո՛ւն գիդիս, վուրթի, — երկարացրեց հաստափորը: — Ամա էտ մեկը լավ չիս անում, ուր դեդիդ հակառակում իս, — ավելացրեց նա պատշգամբից ներքև փողոցը նայելուց հետո. — էնքան խնդրից, աղաչից, դու քունն արիր ու չգնացիր:

Հայրի՜կ, դուք գիտեք, որ ես հիվանդ եմգլուխս ցավում է... և, բացի այդ, ես զբոսնել առհասարակ շատ չեմ սիրում, — արդարացնում էր իրեն օրիորդը:

Հա՜: Էտ նրամեն է, վուր դու ջեր մտետ չիս գցի էն... — Աղա Յագոր Բուղդանիչը չվերջացրեց յուր ասելիքն և հանկարծ խոսքը փոխեց. — վուր դու իս կարթում ու օթախեմեդ վո՜ւխչ օրն իսկի չես դուրս գալի... Շատ կարթալը, վուրթի, լավ չէ... աճկերուտ էլ վնաս է:

Օրիորդը ոչինչ չպատասխանեց, նա հեռացավ պատշգամբի մյուս ծայրը, իսկ աղա Յագոր Բուղդանիչը մեջքը դեպի աղջիկը դարձնելով, ծանրությամբ նստեց աթոռի վերա, նրա ծանրությունից ճռճռաց աթոռը:

Էս ի՜նչ չիխլիպիտո սկամիք գիդին ես վուխտը, — մրթմրթաց նա և բոլորովին անհոգ կերպով սկսեց շվշվացնել մի ինչ-որ եղանակ, որին հետևեց վրացերեն «Գամո, մզեո, գամիգոնեն» ցած ձայնով: Այդ ժամանակ օրիորդը մի խիստ սառ հայացք ձգեց նրա վերա և սկսեց նայել ներքևը փողոցում խռնվող ամբոխին:

Ի՜փրիմե, — հանկարծ երգն ընդհատելով՝ կանչեց աղա Յագոր Բուղդանիչը:

Իմերել ծառան իսկույն հայտնվեցավ պատշգամբի վերա:

Րա՞ գնեբամթ, բատոնո (ի՞նչ եք կամենում, պարոն), — թափեց նա միմյանց վերա բառերը.

Ղվինո (գինի):

Իմերելը չքացավ և մի քանի րոպեից հետո երևաց ձեռքին մի մեծ արծաթյա բաժակով, որ թափվելու չափ լցրած էր մուգ-կարմիր գինով: Աղա Յագոր Բուղդանիչը առավ բաժակը նրա ձեռքից, և մինչև կեսը մի շնչով խմելուց հետո, «Օխա՛յ» շունչ քաշեց ու սրբեց բեղերը, թեև ոչինչ չկար նրանց վերա: Նա երկրորդ անգամ բաժակը մոտեցրեց շրթունքներին և հենց կամենում էր մնացած գինին էլ ծծել, երբ հանկարծ նրա հետևից լսվեց մի սաստիկ ճիչ և վայր ընկնելու մի խուլ ձայն: Առանց բաժակը ձեռքից թողնելու, նա շուռ եկավ հետևը և յուր աղջկան անշնչացած պատշգամբի վերա տարածված տեսավ:

Նրա գինին «հառամ է լավ»:

Բ

Վերոհիշյալ անցքից անցել էր երեք օր: Գիշեր էր. հեղղանման անձրևը թափվում էր վերևից, երբեմն-երբեմն որոտի սարսափելի թնդյունները խլացնում էին անձրևի շփշփոցը:

Չ... թաղի եռահարկ տներից մեկի ներքին հարկի փոքրիկ և խոնավ սենյակներից, կամ ավելի լավ ասած, խուցերից մինում, սեղանի վերա շուրջն աղոտ լույս տարածելով՝ վառվում էր մի փոքրիկ լամպա, նրա ծխից սևացած ապակին կոտրված էր, և կոտրվածը թղթով կպցրած: Ցերեկը այդ խուցը լուսավորվում էր մի ոչ այնքան մեծ լուսամուտով, որի կեսն էր միայն փողոցից վեր գտնվում: Լուսամուտի առաջ դրված էր սեղանը, որի վերա խառնիխուռն միմյանց վերա թափված էին գրքեր, թղթեր, լրագրի մի քանի համարներ, հացի փշրտանք, գրիչ, թանաքաման և ուրիշ բաներ, իսկ սեղանի առաջ դրված էր մի հին մահճակալ յուր հին անկողնով, որ միևնույն ժամանակ ամբողջ սենյակի մեջ և աթոռի տեղ էր ծառայում: Սենյակում այլևս ուրիշ ոչինչ չէր երևում, բացի մի ինչ-որ հին վերարկուից, որ կախված էր պատից մեկ անճոռնի ձեռնափայտից, որ դրված էր անկյունում: Պատերը սաստիկ խոնավ էին, որից և սենյակում մի տեսակ ծանր օդ էր փռված:

Մահճակալի վերա արմունկները չոր տախտակին հենած և գլուխը ձեռքերի մեջ բռնած, նստել էր մոտ քսաներեք տարեկան մի երիտասարդ: Չնայելով խիստ չքավորության, որ յուր հետքերը շատ պարզ կերպով թողել էր նրա վերա, նա տակավին պահպանել էր յուր առաջվա գեղեցկության մի՝ նշանավոր մասըաչքերը, որոնք այդ րոպեին խիստ մտածությամբ բևեռած էին առջևը դրված մի ինչ-որ տետրակի վերա և որոնք պարզ կերպով արտահայտում էին նրա հաստատակամությունն ու խելքը: Իսկ նրա լայն ճակատը, որի վերա դառնության կնճիռներ էին երևում, պսակված էր երկար և սև ետ սանրված մազերով:

Երկար ժամանակ և բոլորովին անշարժ նա նստած էր նույն դրության մեջ: Ինչպես երևում էր, նա նստել էր մի բան գրելու, բայց կամ չէր կարողանում մտքերը կարգավորել, կամ նրա միտքը թռել, դեգերում էր հեռավոր կամ մոտիկ տխուր անցյալի մեջ, որը, գուցե, այժմ անցնում էր նրա չռած աչքերի առաջով, ինչպես մի ֆանտաստիկական երևույթ, որը, երբեմն, մինչև անգամ ամբողջ ժամերով զբաղեցնում է մարդուս բոլոր ուշքն ու միտքը: Մի խոսքով, նա գտնվում էր արթուն քնի մեջ, նա ոչ անձրևի շփշփոցն էր լսում և ոչ որոտի ականջ խլացնող թնդյունները:

Մինչդեռ նա գտնվում էր այդ դրության մեջ, ոք-մին կամաց բախեց դուռը, բայց նա այդ չլսեց: Անցավ մի րոպե, դռան հարվածը կրկնվեցավ, նա դարձյալ չսեց: Բայց երրորդ անգամ, երբ արդեն առաջվանից ավելի պինդ բախեցին, նա բարձրացրեց գլուխը և նայեց սենյակի անկյուններից մեկին.

— «Դարձյալ մկները», — շշնջաց նա և կրկին ընկղմեցավ յուր մտքերի մեջ: Չորրորդ անգամ դուռը ծեծեցին և այս անգամ բավական պինդ, նա դարձյալ գլուխը բարձրացրեց և այս անգամ տեսավ, որ սխալվել է՝ թխկթխկոցը մկներին վերագրելով.

Ո՞վ է, — կանչեց նա մի փոքր խռպոտ ձայնով: Դրսից ոչ ոք չպատասխանեց, բայց դարձյալ ծեծեցին դուռը:

«Զարմանալի է, — մտածեց նա, — ո՞վ պիտի լինի այս կեսգիշերին ինձ մոտ եկողը»:

Նա վեր կացավ և ուզում էր գնալ դուռը բանալու, բայց հանկարծ կանգ առավ. «Չլինի՞ թե գող է», — շշնջաց նա կամաց՝ լայն բացած աչքերը դռանը հառելով: «Ախ, միևնույն է այժմ ինձ համար», — հանկարծ կանչեց նա մի տեսակ դառնությամբ և վազեց դեպի դուռը: Դուռը բանալուն պես երկու ձեռքերը փաթաթվեցան նրա վզովը, և կանացի շատ նվազ մի ձայն շշնջաց նրա ականջին.

Գրիգո՜ր, ես եմ...

Նունե ... — բացականչեց իսկույն իրեն գրեթե մոռացած երիտասարդը և սեղմեց նրան յուր սաստիկ բաբախող սրտին. — Նունե ... Նունե, մի՞թե այս դու ես... մի՞թե այս իրականություն է...

Գ

Գրիգոր Սեյրանյանը գյուղի հարուստ բնակիչներից մեկի որդին էր: Փոքր հասակում ավարտելով գյուղական ուսումնարանը, նա ծնողների համաձայնությամբ գնացել էր Թիֆլիս այնտեղի ուսումնարաններից մեկում յուր ուսումը շարունակելու համար: Թիֆլիսում նա բնակվում էր յուր հորեղբոր այրի կնոջ մոտ, որ յուր չքավորության պատճառով ընդունել էր նրան իբրև մի հասույթավոր, և նրա ամեն պետքերը հոգալու համար ամսական բավական մեծ փող էր ստանում: Թիֆլիս գալու առաջին տարին Սեյրանյանը մեծ հաջողությամբ պատրաստվելով մասնավոր ուսուցչի մոտ, մտել էր գիմնազիոնի երկրորդ դասատունը: Նա շատ աշխատասեր էր և ամեն տարի փոխում էր դասատունը:

Սկզբի մի քանի տարիները նա մեծ դժվարությամբ կարողացավ յուր հորեղբոր այրի կնոջ ընտանիքում ապրել, որովհետև բացի այն, որ նրանք միասին ապրում էին միևնույն և այն էլ մի շատ փոքրիկ սենյակում, նա ստիպված էր պարապելու յուր հորեղբոր չար երեխաների ականջ խլացնող գոռում-գոչյունների մեջ, մյուս կողմից էլ, յուր հորեղբոր այրի կինը շատ վատ էր պահում նրան չնայելով որ լրիվ ստանում էր յուր ամսականը: Սեյրանյանը մտածեց, որ այդ ամսականով կարելի էր մի գեղեցիկ առանձին սենյակ վարձել և հանգիստ ապրել: Նա նամակով խնդրեց այդ մասին յուր ծնողներին, ցույց տալով նրանց այն պատճառները, որոնք ստիպում են նրան թողնելու այդ ընտանիքը: Ծնողները չափից դուրս սիրում էին իրենց միակ զավակին, ուստի և սիրով համաձայնեցան նրա հետ: Սեյրանյանը անմիջապես ամսական հինգ ռուբլով վարձեց յուր համար մի առանձին սենյակ մի գեղեցկաշեն տան մեջ, որտեղ կային և ուրիշ շատ բնակիչներ: Ծնողներից նա միանգամից հարյուր ռուբլի փող ստացավ, յուր համար շորեր և սենյակի կայք գնելու համար: Նա շատ պարզ, բայց մաքուր կերպով զարդարեց յուր ուսանողական փոքրիկ սենյակը և այնուհետև բոլորովին հանգիստ ու ավելի մեծ եռանդով սկսեց պարապել դասերով: Հայրը ամիսը մի երկու անգամ այցելում էր յուր սիրելի որդուն և ամեն անգամ նրան խրատներ էր տալիս: Ի դեպ է ասել, որ Սեյրանյանը, չնայելով որ հինգերորդ տարին էր ինչ Թիֆլիսումն էր, բայց այնուամենայնիվ նա դարձյալ պահպանել էր յուր գյուղական պարզությունն ու համեստությունը: Բացի այդ, նա ի բնե ծանր բնավորության տեր, խելացի և միանգամայն շատ բարի ու ազնիվ տղա էր: Նրան բոլորովին ծանոթ չէին Թիֆլիսի սովորող երիտասարդների մեծ մասի զվարճություններն ու ցոփակեցությունը: Նա խորշում էր այդպիսիներից: Ընկերները նրան միշտ ծաղրում էին ասելով, որ նա «էշ գյուղացի» է: Բայց Սեյրանյանը ուշադրություն չէր դարձնում նրանց վերա: Թեյը խմելուց հետո նա առավոտյան ժամը յոթ անց կեսին գնում էր գիմնազիոն: Մի անգամ առավոտյան, սենյակի դուռը փակելուց հետո, երբ նա կամենում էր բակի դռներից դուրս գալ, տեսավ, որ վերին հարկի պատշգամբի սանդուղքներից, մի քանի տետրակ ձեռքին, իջնում էր մի օրիորդդա մեզ ծանոթ աղա Յագոր Բուղդանիչի միակ աղջիկ Նունեն էր, որ նոր ավարտած լինելով տեղական հայ օրիորդական ուսումնարաններից մեկը, այժմ նույն ուսումնարանում ստորին դասարանում վարժուհու պաշտոն էր վարում: Այստեղ նկատենք փակագծերում, որ տունը, որտեղ բնակվում էր Սեյրանյանը, պատկանում էր աղա Յագոր Բուղդանչիին: — Նրանց հայացքները հանկարծ հանդիպեցան միմյանց, և Սեյրանյանն ինքն էլ չհասկացավ, թե ինչի՞ նույն վայրկյանին յուր ամբողջ մարմնի միջով մի ինչ-որ սարսուռ անցավ: Նա առհասարակ սովորություն չուներ երկար-բարակ դիտելու գեղեցիկ սեռին և այդ պատճառով, շտապով դուրս գնալով փողոց, գրեթե վազեց դեպի գիմնազիոն:

Այդ առաջին անգամն էր, որ նա տեսնում էր օրիորդին և, չնայելով, որ վայրկենապես միայն նայեցավ նրա վերա, բայց օրիորդի պատկերն այնպես էր դրոշմվել նրա ուղեղի վերա, որ բոլոր դասերի ժամանակ օրիորդը չէր հեռանում նրա մտքից: Եվ նա չէր հասկանում, թե ինչ էր նշանակում այդ:

Դասերը վերջացնելուց հետո նա շտապեց դեպի տուն: Նա չէր կարողանում ինքն իրեն հաշիվ տալ, թե ինչի՞ ինքն այնպես շտապում է: Հասնելով իրենց փողոցը, նա տեսավ, որ փողոցի մյուս ծայրից գալիս էր Նունեն: Նրանք, գալով հանդիպակաց կողմերից, հենց բակի դռների մոտ հանդիպեցան: Օր. Նունեի և Սեյրանյանի հայացքները դարձյալ հանդիպեցան միմյանց... Օրիորդը կանգնեց, որպեսզի ճանապարհ տա Սեյրանյանին դռնից ներս մտնելու: Սեյրանյանն էլ նույնն արավ: Րոպեական շփոթությունից հետո, որի միջոցին նրանք երկուսն էլ սաստիկ կարմրել էին, օրիորդը շուտով ուշքի գալով՝ առաջինը շտապով մտավ բակը: Սեյրանյանը մեքենայաբար հետևեց նրան և տեսավ, թե ինչպես, գրեթե վազելով, օրիորդը բարձրանում էր սանդուղքներով վեր: Նա բացեց յուր սենյակի դուռը և մտավ ներս: Նրա սիրտը սաստիկ բաբախում էր:

Այդ հանդիպումը մեծ ազդեցություն էր արել նրա վերա: Նա այդ օրը ոչինչ չկարողացավ անել, մինչև անգամ մոռացավ ճաշելու գնալ, ինչպես գիմնազիոնից վերադառնալուն պես նա այդ անում էր ամեն օր: Օրիորդի ամոթխած, սիրուն պատկերը մի րոպե անգամ չէր հեռանում նրա աչքի առաջից: «Ի՞նչ եղավ ինձ, — մտածում էր նա անդադար, — մի՞թե սրանք են սիրահարության առաջին նշանները»: Նա ծիծաղեց այս խոսքերի վերա և նստեց պարապելու: Սակայն տողերի տեղ գրքի երեսների վերա նա օրիորդի, միշտ օրիորդի պատկերն էր տեսնում: «Է՜հ, այս անտանելի է», — կանչեց նա վերջապես և, վերարկուն ուսերի վերա գցելով, դուրս գնաց փողոց՝ ուղեղը մի փոքր հանգստացնելու համար: Նա հանեց ժամացույցը և նայեց. «Վա՛հ, կանչեց նա զարմացած, — արդեն երեկո է... տեր աստված, այս ի՞նչ է եղել ինձ, որ ես չեմ էլ իմանում, թե ինչպես է անցնում ժամանակը»: Նա չկարողացավ զբոսնել, ներսից մի բան դեպի տուն էր մղում նրան: Եվ նա վերադարձավ յուր սենյակը, բոլորովին հոգնածի նման ընկավ մահճակալի վերա և, գլուխը ձեռքերի մեջ սեղմելով, անդադար կրկնում էր. «Ես կխելագարվեմ... ես կխելագարվեմ»...

Շատ վատ անցկացրեց նա գիշերը: Առավոտյան վաղ վեր կենալով, նա տեսավ, որ առանց հանվելու է քնել: Նա դարձյալ ծիծաղեց յուր այդ արտասովոր վարմունքի վերա: «Տեսնենք ինչո՛վ պիտի վերջանա այս հանելուկը», — ասաց նա և լվացվեցավ: Սառը ջուրը կազդուրեց նրա գրգռված ջղերն, և նա նստեց դասերը սովորելու: Յուր ժամանակին բերին թեյ, նա խմեց հացով և, վերցնելով գրքերը, դուրս գնաց: Նա ակամայից կանգ առավ բակի դռների մոտ, երեկվա տեղում և նայեցավ սանդուղքներին, «նա կիջնե», — ակամայից շշնջացին նրա շրթունքները: Բայց այս անգամ օրիորդ չկար: «Հիմար եմ», — ասաց նա և դուրս գնաց:

Այդ օրվանից կարծես մի ծանր քար դրին նրա սրտի վերա: Բոլոր ժամանակ նրա աչքերի առաջ փայլում էր օրիորդ Նունեի համեստ, ամոթխած պատկերը, և երբ մի օր չէր տեսնում նրան, գրեթե լալիս էր նա հուսահատությունից ու վշտից: Նա շատ քիչ էր ուտում, նրա ախորժակը բոլորովին կապվել էր: Դասերով անգամ, որ նրա միակ ամենասիրելի պարապմունքն էին, նա չէր պարապում և այդ պատճառով էլ նա մի քանի անգամ ամոթով մնաց ուսուցչի առաջ:

Ի՞նչ է պատահել ձեզ, Սեյրանյան, — մի անգամ հարցրեց նրան ուսոլցիչը, — ինչպես երևում է դուք այլևս դասեր չեք պատրաստում:

Հիվանդ եմ, պ. ուսուցիչ, — պատասխանեց Սեյրանյանը՝ իրեն արդարացնելու ուրիշ միջոց չգտնելով:

Եթե հիվանդ եք, մի՜ գաք դասերին, մինչև որ առողջանաք: Դիմեցեք բժշկին, այդպես չի կարելի թողնել:

Սեյրանյանն այդպես էլ արավ: Նա մոտ մի շաբաթ գիմնազիոն չէր հաճախում և ամբողջ օրերով մնում էր տանը փակված՝ ինքն էլ չիմանալով, թե ինչ է անում:

«Այսպես շարունակել կարելի չէ», — վերջապես ասաց նա մի անգամ յուր դասերի, դասընկերների և ապագայի մասին մտածելուց հետո:

«Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ». ավելացրեց նա հուսահատությամբ: — «Այս անպիտան զգացմունքն ինձ հանգիստ չի տալիս... ինձ խելագարեցրել է»...

Սակայն բախտը նրան առաջին անգամ ժպտաց, ժպտաց, որպեսզի վերջը նրան ամենասոսկալի թշվառության հասցնե:

Նույն շաբաթ օրը լրանում էր առաջին ամիսը, ինչ նա բնակվում էր աղա Յագոր Բուղդանիչի տանը: Սեյրանյանը պատրաստվեցավ նույն օրն երեկոյան սենյակի վարձը վճարելու՝ եկող ամսվա համար: Աղա Յագոր Բուղդանիչն, ինչպես այժմ առհասարակ սովորություն է դարձած, տան վարձը ամսի գլխից էր առնում:

Մինչև այն օրը նրան բոլորովին չէր հետաքրքրել, թե ո՞վ էր այն աղջիկը, որ իրեն մի հայացքով այնպես կախարդել էր: «Ի՞նչ կլինի, եթե նա տանտիրոջ աղջիկը լինի»... — մտածում էր նա: Նա շտապով հագնվեց, սանրվեց և պատրաստվեցավ գնալու: Սանդուղքներով բարձրանալիս նա զգաց, որ՝ սիրտը սաստիկ բաբախում է, և ծնկները դողում են: Անցնելով մի շարք լուսամուտների առաջով, նա կանգ առավ աղա Յագոր Բուղդանիչի սենյակներից մեկի դռան մոտ, երկչոտությամբ բացեց դուռը և մտավ ներս: Առաջինը նրա աչքին ընկավ Նունեն, որ դեպի փողոց նայող լուսամուտներից մեկի առաջ, բազկաթոռի վերա նստած գիրք էր կարդում: Նրանից մի փոքր հեռու բազմոցի մեջ, թաղված էր նրա մայրը՝ աղա Յագոր Բուղդանիչի կինը, որ մի գեղեցկատեսիլ, վրաց տարազի հագուստով, մոտ երեսունևհինգ տարեկան կին էր: Նա այնքան նման էր յուր աղջկան, որ կարծես մի խնձոր լինեին կես արած: Նա նույնպես մի ինչ-որ գիրք էր կարդում: Սեյրանյանը մտնելուն պես՝ մայր ու աղջիկ դարձան դեպի դուռը:

Սեյրանյանը սաստիկ շփոթված՝ գլխարկը ձեռքին կանգնած մնացել էր դռների մոտ. նա զգաց, որ վատ է և գրեթե վախենալով խոսեց ցածր ձայնով.

Ներեցեք, տիկին... ես... ես... ձեզ խանգարեցի...

Ա՛խ, ամենևին ոչ. պ. Սեյրանյան, — շտապեց պատասխանել նրան տանտիկինը սիրալիր ժպիտով և մի տեսակ գրավիչ ձայնով: — Ի՞նչ էիք կամենում... գո՞րծ ունեք:

Ես... ես տան վարձը բերել եմ, տիկին, — ասաց Սեյրանյանը դարձյալ շփոթված: Այդ րոպեին նա չափից դուրս գեղեցիկ էր: Օր. Նունեն նայեցավ նրան և ամոթից կարմրելով, գլուխը կախեց գրքի վերա:

Ինչի՞ եք այդպես շտապել, — ասաց տանտիկինը, նույն սիրալիր ժպիտով և մի տեսակ փաղաքուշ հայացքով նայելով Սեյրանյանի ամոթից վայր թողած գեղեցիկ աչքերին: — Բայց ինչի՞ չեք նստում, պ. Սեյրանյան: Համեցեք. — և տանտիկինը ցույց տվեց իրենից մի փոքր-ինչ հեռու մի բազկաթոռ:

Սեյրանյանը մեկ կամենում էր շուտով դուրս գնալ այդտեղից, մեկ էլ մի բան նրան ներսից ստիպում էր մնալու: Մի քանի վայրկյան տատանվելուց հետո վերջապես նա սիրտ առավ և մեքենայաբար նստեց տանտիկնոջ ցույց տված բազկաթոռի վերա: Նա չէր համարձակվում նայելու օր. Նունեին, թեպետև նրա ուշքն ու միտքն ամբողջապես նրա կողմն էին:

Հա՜, դուք դեռ ծանոթ չե՞ք կարծեմ իմ աղջկանս հետ, — հանկարծ հարցրեց տանտիկինը:

Ո՛չ, տիկին... դեռ ես... այդ պատիվը չեմ ունեցել, — առավել ևս շփոթվելով պատասխանեց Սեյրանյանը, որի սիրտը սաստիկ արագությամբ սկսեց բաբախել, այնպես որ նա մինչև անգամ ձեռքը սեղմեց կրծքին:

Ուրեմն խնդրեմ ծանոթանաք:

Սեյրանյանը մեքենայաբար վեր կացավ, օր, Նունեն` նույնպես, նրանք մոտեցան միմյանց և չհամարձակվելով միմյանց դեմքին ուղիղ նայելու, սեղմեցին միմյանց ձեռքը և միևնույն ժամանակ երկուսն էլ շշնջացին իրենց անունները: Սեյրանյանն ինքն էլ չհասկացավ, թե ինչի սովորականից ավելի պինդ սեղմեց և ավելի երկար պահեց նրա ձեռքն յուր ձեռքում, միայն նա զգաց, թե ինքն այդ ժամանակ ամբողջապես ցնցվեց: Այնուհետև նրանք դարձյալ բռնեցին իրենց առաջվա տեղերը:

Այդ ժամանակ մտավ ծառան և տանտիկնոջը մի ինչ-որ բանի համար դուրս կանչեց:

Ներեցեք, պ. Սեյրանյան, — ասաց տանտիկինը տեղից վեր կենալով, — ես իսկույն կգամ... մի քանի րոպե միայն... խոսեցեք առժամանակ միասին... Նունե՛, զբաղվեցեք խոսակցությամբ, ես գալիս եմ այս րոպեիս:

Եվ տանտիկինը, գիրքը սեղանի վերա դնելով, դուրս գնաց սենյակից:

Սեյրանյանի դրությունը վատացավ, նա մնաց մենակ այն օրիորդի հետ, որին ինքը սիրում էր և որի համար զգում էր, որ պատրաստ կլինի ամեն բան. մինչև անգամ կյանքը զոհելու: Նա ոչ ամաչում էր և ոչ վախենում, այլ մի տեսակ խառն, անորոշ դրության մեջ էր. այնպես որ հաշիվ տալ չէր կարողանում իրեն, թե ինչ էր կատարվում յուր մեջ այդ րոպեին, միայն նա զգում էր, որ սիրտը մի ինչ-որ քաղցր բաբախմամբ թրթռում էր յուր կրծքի մեջ. կարծես ուզում էր դուրս պրծնել այնտեղից և ընկնել օրիորդի ոտների տակ: Նա դարձյալ չէր կարողանում ուղիղ նայել օրիորդի դեմքին և աչքերը ման էր ածում անդադար պատերի վերա, Նունեն նստած էր դարձյալ յուր առաջվա տեղը: Նա վայր էր թողել յուր երկար, թուխ թերթերունքները, որոնք մի տեսակ մութ աղիքներով սքողել էին նրա գեղեցիկ սևորակ աչքերը: Նրա սպիտակ այտերի վերա խաղում էր վարդի գույնը, իսկ կուրծքը նկատելի կերպով բարձրանում էր ու ցածրանում, կարծես մի ինչ-որ նրա մեջ էլ կատարվում էր: Նա անողորմ կերպով թերթում էր յուր առաջ դրված գիրքը, կարծես, մի ինչ-որ ջիգր ուներ այդ անբախտ գրքի վերա և ուզում էր հանել: Լռությունը սենյակում տիրել էր: Վերջապես Սեյրանյանը մի անգամ ուղիղ նայեցավ նրան, և կարծես նրա աչքերը մի անգամից գամվեցին նրա դեմքի վերա: Աստված իմ, ո՜րքան գեղեցիկ, ո՜րքան հրաշալի թվաց այդ օրիորդը, որքան համեստ, հեզ և խոնարհ էր նա... նա վեր կացավ ակամայից և անզգայաբար գնաց դեպի նա. կարծես մի ինչ-որ անհայտ զորություն քաշում էր նրան դեպի այդ չքնաղ օրիորդը: Նա հանկարծ կանգ առավ նրանից երկու քայլ հեռու, նա աննկատելի կերպով դողում էր:

Ի՞նչ եք... կարդում, օրիորդ, — հարցրեց նա գրեթե շշնջալով:

Օրիորդը շփոթվեց և կարծես մոռացավ գրքի անունը, նա շտապով բացեց գրքի երեսը և նայեցավ:

Ի՞նչ... Հյուգո... «Թշվառներ», — պատասխանեց նա անկապ կերպով և առանց աչքերը գրքի երեսից հեռացնելու: Սակայն նա շտապով ժողովեց իրեն և նայեցավ Սեյրանյանի դեմքին:

Սեյրանյանը արդեն նույնպես նայում էր նրան:

— «Թշվառնե՞ր», — կրկնեց վերջապես:

Այո... Դուք կարդացե՞լ եք:

Ես... այո... կարդացել եմ:

Եվ ինչպե՞ս է թվացել ձեզ:

Ինչպե՞ս... ես այդ... կարդացել եմ «Թշվառները» և... լաց եմ եղել:

Օրիորդը ժպտաց:

Ես էլ եմ լաց եղել, — ասաց նա:

Եվ անկարելի է լաց չլինել... ո՞վ կարող է այս կարդալ և լաց չլինել... նրա սիրտը քար պիտի լինի:

Եվ ո՞վ ձեզ այստեղ ավելի է զգացնել տալիս...

Ո՞վ... ժան Վալժանը... իսկ ձե՞զ:

Մարիուսն ու Կոզետտը, — հանկարծ ակամայից դուրս թռավ Սեյրանյանի բերանից, նա սաստիկ կարմրեց: Նունեն նույնպես կարմրեց և աչքերը վայր թողեց գրքի վերա:

Նույն րոպեին ներս մտավ տանտիկինը: Սեյրանյանը, սենյակի վարձը հանձնելով նրան, կամենում էր դուրս գնալ: Բայց նա խնդրեց նրան թեյին մնալու. Սեյրանյանը սկիզբը հրաժարվեց, բայց հետո մնաց: Նա այլևս ոչ շփոթվում էր և ոչ ամաչում, նա հետզհետե ավելի համարձակություն էր ստանում: Եկավ և աղա Յագոր Բուղդանիչը: Նա շատ սիրով ընդունեց Սեյրանյանին: Նրանք միասին թեյ խմեցին, խոսեցին երկար ժամանակ, վերջը աղա Յագոր Բուղդանիչն առաջարկեց «նարդի» խաղալ, բայց Սեյրանյանը չգիտեր. Նունեն հանձն առավ նրան սովորեցնելու: Սեյրանյանն ամենաքաղցր տպավորության տակ ուշ գիշերը վերադարձավ տուն: Նա պառկեց անկողնում, և նրա քունը դեռ երկար ժամանակ չէր տանում: «Նունե՛, Նունե՛», — շշնջում էր նա մանկական երջանկությամբ:

Եվ այսպես աղա Յագոր Բուղդանիչի տան դռները բացվեցան նրա առաջ: Ամեն շաբաթ երեկո նրան հրավերում էին կաթով թեյի և մինչև կեսգիշեր անց էին կացնում խոսակցությամբ կամ «լոտո» և «նարդի» խաղալով: Նունեն և Սեյրանյանը կապվեցան միմյանց հետ այն սերտ բարեկամական կապով, որ տևում է անքակտ մինչև վերջին շունչը: Երբեմն նրանք պարապում էին միասին: Շատ անգամ էլ վիճաբանում էին զանազան հարցերի, երևույթների վերաբերությամբ և նրանց այդ վիճաբանությունը «ուղտի պոչ» չէր դառնում, ինչպես այդ լինում է մեր արդի փոփոխամիտ, տաքարյուն և ոչինչ հաստատ համոզմունք չունեցող երիտասարդների մեջ: Նրանց համոզմունքը, հայացքները կյանքի, առավելապես շրջապատող կյանքի զանազան երևույթների վերա, շատ տարբեր չէին, և այդ պատճառով նրանց վիճաբանությունը միշտ վերջանում էր ընդհանուր համաձայնությամբ: Եվ իհարկե, ինչպես բնական է, Սեյրանյանի սերը հետզհետե բորբոքվում էր դեպի Նունեն, և խոսք չկա, որ այս վերջինս էլ նրան էր սիրում: Նրանք այժմ երբեք չէին շփոթվում միմյանց առաջ, ընդհակառակը, նրանք շատ լուրջ էին պահում իրենց միմյանց մոտ գտնված ժամանակ և մինչև անգամ նրանց վարմունքը մի տեսակ պաշտոնական ձև էր ստացել: Սակայն հենց առաջին օրից նրանք հասկանում էին, որ սիրում են միմյանց, նրանք այդ կարդում էին միմյանց աչքերի, հայացքների մեջ և լռում էին: Նրանք ո՛չ մի կերպ չէին կարողանում բացարձակապես հայտնել միմյանց այն զգացմունքը, որ նրանք տածում էին փոխադարձաբար: Մի կողմից օրիորդի ծնողներն էին արգելք լինում այդ բանին, մյուս կողմից, որ ամենագլխավորն է, նրանք երկուսն էլ ամաչում էին:

Բայց շատ երկար չտևեց այդ անել դրությունը:

Մի անգամ, կիրակի առավոտյան թեյից հետո, Նունեն ըստ սովորականին մտավ Սեյրանյանի սենյակը: Նա նույն օրվա լրագիրը բերել էր միասին կարդալու համար, ինչպես նա այդ անում էր միշտ: Այդ օրը նա շատ ուրախ տրամադրության մեջ էր. նրա գեղեցիկ դեմքի վրա նկատվում էր մի ինչ-որ երջանիկ ժպիտ: Սեյրանյանը նստած էր սեղանի առաջ քամակը դեպի դուռը և զբաղված էր մի ինչ-որ գրությամբ: Նա այն աստիճան անձնատուր էր եղել գրությանը, որ օր. Նունեի մտնելն անգամ չլսեց: Վերջինս մի րոպե կանգնեց դռների մոտ, հետո տեսնելով որ նա յուր մտնելը չլսեց, և շարունակ գրում է, ոտների մատների վերա կամաց-կամաց մոտեցավ նրան և կանգնելով նրա աթոռի հետևը, ժպտալով սկսեց նայել նրան: Սեյրանյանն առանց ոչինչ իմանալու շարունակում էր գրելը, բայց վերջապես, երևի վերջացնելով՝ բարձրացրեց գլուխը, վայր դրեց գրիչը և հոգոց հանելով վեր կացավ տեղից: Հանկարծ նա շուռ եկավ, և նրա աչքերը հանդիպեցան օր. Նունեի ամենաքաղցրիկ կերպով ժպտացող աչքերին:

Օրիո՛րդ, — կանչեց նա զարմացած և հանկարծ կարմրեց:

Բարի լույս ձեզ, պ. Սեյրանյան, — ասաց օր. Նունեն նույն ժպիտով և ձեռքը մեկնելով դեպի նա:

Սեյրանյանն ամուր սեղմեց դեպի իրեն մեկնված ձեռքը:

Դուք գողի նման եք մտել, օրիորդ, — ասաց նա ինքն էլ ժպտալով:

Երևի ես ձեզ խանգարեցի... Դուք այնպես ընկղմած էիք ձեր գրության մեջ... Բայց կարելի՞ է տեսնել, ինչ էիք գրում. — և օրիորդը ակամայից ձեռքը տետրակին մեկնեց:

Օ՛, ո՜չ, այդ անկարելի է. — հանկարծ բացականչեց Սերյանյանը և նախքան օրիորդը ձեռքը կդիպցներ տետրակին, նա շտապով վերցրեց այն և պահեց յուր ձեռքերի մեջ:

Բայց կարելի՞ է իմանալ, ինչի՞ կարելի չէ, — հարցրեց Նունեն բոլորովին չհասկանալով, թե ինչի նա այնպես շփոթվեց տետրակի համար:

Այս ոչ ոք չպիտի տեսնե...

Մինչև անգամ և ե՞ս...

Օրիորդը չհասկացավ, թե ինչի՞ այդ բառերն արտասանեց և միանգամայն «ես» բառի վերա շեշտելով. Սեյրանյանն ուղիղ նայելով նրա դեմքին, օրիոիդի ժպտող, սիրալիր հայացքը թափանցեց երիտասարդի սրտի՝ խորքը, և նա նորից կարմրելով՝ աչքերը վայր թողեց:

Մինչև անգամ և... դուք, — շշնջաց նա:

Իսկ ես կամենում եմ այդ տետրակը տեսնել... Երևի մի որևիցե շարադրություն եք գրում:

Այո... բայց դուք այդ չեք տեսնիլ... չպիտի տեսնեք այդ...

Պ. Սեյրանյան, վերջապես խնդրում եմ...

Օրիորդը մի այնպիսի եղանակով արտասանեց այդ բասերը, որ ոչ թե տետրակն, այլ եթե հոգին էլ կամենար, Սեյրանյանը կտար նրան: Նա մեկնեց տետրակը դեպի Նունեն, բայց և իսկույն էլ կամենում էր դարձյալ ետ առնել, օրիորդը շուտով խլեց այն նրա ձեռքից:

Երևի դուք կարծում եք, որ ես ձեր շարադրությունը չեմ հավանիլ... Դուք գիտեք, որ ես կրիտիկոս չեմ այդ խոսքերը ասելով նա նստեց սեղանի մոտ և սկսեց թերթել տետրակը: Սեյրանյանը լուռ և անշարժ կանգնած էր: Սառը քրտինքը դուրս էր ցայտել նրա ճակատի վերա, կարծես նրա մահու դատավճիռը պիտի կարդային:

Օրիորդը լուռ կարդում էր տետրակը: Այդ ժամանակ նա սկսել էր ավելի ու ավելի շառագունել, նրա կուրծքը նկատելի կերպով բարձրանում ու ցածրանում էր, իսկ շրթունքները դողում էին: Հանկարծ տետրակի մի երեսը կիսատ թողնելով նա կարդում էր մյուս երեսը, հետո երրորդը, չորրորդը... վերջապես վերջին երեսի վերջին տողերը կարդալով, նա ծածկեց տետրակը, վեր կացավ աթոռի վերայից, և մոտենալով Սեյրանյանին, որը կանգնած էր յուր առաջվա դրության մեջ, բռնեց նրա ձեռքն ու շշնջաց դողդոջուն ձայնով.

Այո՛, Գրիգոր, ես քեզ սիրում եմ...

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Անկասկած, ընթերցողն արդեն հասկացավ, թե ինչ էր պարունակում յուր մեջ այն տետրակը: Սեյրանյանն առհասարակ սովորություն ուներ յուրաքանչյուր օրվա պատահարները, յուր ստացած լավ կամ վատ տպավորությունները արձանագրելու այդ տետրակի մեջ: Միևնույն տետրակի մեջ էր և այն բոլորը, ինչ որ վերաբերում էր յուր Նունեի վերա սիրահարվելուն՝ սկսած հենց առաջին օրից մինչև այդ օրը: Մինչև անգամ նա գրում էր թեկուզ հենց ամենաչնչին խոսակցությունը, որ յուրաքանչյուր օր պատահում էր նրա և Նունեի մեջ: Նրա մեջ էր և նույնպես երեկվա խոսակցությունը բառ առ բառ, իսկ վերջում ավելացրած էր. «Բայց, աստված իմ, մինչև ե՞րբ պիտի այսպես շարունակվի... Մի՞թե ոչ մի ժամանակ ես նրա բերանից չպիտի լսեմ՝ նա ինձ սիրում է, թե ոչ»: Ահա այդ վերջին բառերն էին, որ օրիորդը կարդաց և այլևս չկարողացավ զսպել իրեն, արտասանեց այն երկնային բառերը, որոնց՝ մեծ դժվարությամբ նա կարողացել էր մինչև այդ ժամանակ սանձած պահել յուր մեջ, և որոնք ամեն ժամանակ պատրաստ էին հրաբխի լավայի նման դուրս ժայթքելու: Մի՞թե այլևս հնար կար ծածկելու, և այդ մեծ, սրբազան բառերի հետ նա տվեց նրան յուր սիրտը, յուր հոգին, յուր բոլոր գոյությունը...

Անցավ մի տարի: Սեյրանյանը տակավին բնակվում էր աղա Յագոր Բուղդանիչի տանը: Նրա և օր. Նունեի մեջ եղած հարաբերությունները բոլորովին սերտացել էին: Նրանց սիրո մեջ մի մազաչափ փոփոխություն անգամ չէր պատահել, նրանք ավելի ու ավելի անձնատուր էին լինում իրենց սիրո բուռն զգացմունքներին և կարծում էին, համոզված էին, որ այլևս ոչինչ ույժ նրանց սրտերը բաժանել չի կարող մինչև վերջին շունչը: Շատ անգամ լավ եղանակներին, երեկոները նրանք գնում էին զբոսնելու, իսկ կյուրակի առավոտները գնում էին եկեղեցի կամ մենակ երկուսով, և կամ երբեմն էլ նրանց ուղեկցում էր և՛ օրիորդի նույնչափ պարզամիտ, որքան և բարի մայրը, որ Սեյրանյանին յուր որդու չափ սիրում էր: Սիրահարվածները իրենց այնպես էին պահում, որ օրիորդի ծնողները ո՜չ թե իմանալ, այլ կասկած անգամ տանել, չէին կարող, որ նրանք սիրում են միմյանց, մանավանդ Սեյրանյանը, որ հենց սկզբից ճանաչված էր իբրև մի շատ համեստ, ազնիվ ու խելացի երիտասարդ:

Նրանց սիրահարական տեսակցություններն առհասարակ պատահում էին Սեյրանյանի սենյակում: Նրանք սիրում էին միմյանց անկեղծ կամ ինչպես ասում են, սուրբ սիրով: Նրանք ուրիշ ոչինչ չէին կամենում, բայց եթե միայն խոսել միմյանց հետ, զանազան երեխայական կատակներ անել, ծիծաղել, նայել միմյանց աչքերին, ժպտալ միմյանց երեսին և գրկախառնվել: Եվ այդ նրանց համար երկնային երջանկություն էր, որին ուրիշ մի բանի հետ փոխել չէին կարող: Նույն տարին Սեյրանյանը վերջնական քննություն տվավ գիմնազիոնում և ամենաառաջին ավարտողներից մեկը եղավ:

Այժմ հարկավոր էր հոգ տանել ապագայի մասին: Նա վաղուց արդեն, ուսումը թերի չթողնելու համար, մտադիր էր գնալ Ռուսիա կամ արտասահման ուսումն այնտեղի համալսարաններից մեկում շարունակելու, նա վաղուց մի որոշ նպատակ ուներ ընտրածայն է՝ բժիշկ դառնալ՝ հայրենիքում գործելու համար: Նա սիրում էր հայրենիքը յուր սրտի սրբազան զգացմունքներով, սիրում էր կոշտ, կոպիտ գյուղացուն, նրա հողը, աշխատանքը, նրան համարում էր յուր հարազատը, յուր արյունակիցը, նրա և նրա քրտնաթոր աշխատանքի մեջ էր տեսնում յուր գոյության հենարանը, հետևաբար նա իրեն պարտավոր էր զգում օգնելու այդ գյուղացուն, օգնելու այնքան, որքան յուր ույժերը կներեին: Շատ անգամ այդ մասին նա խոսում էր Նունեի հետ, որ այդպիսի ժամանակներում ժպտալով ասում էր.

Следующая страница