Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Այժմ այդպես ես ասում, բայց երբ կերթաս, կտեսնես եվրոպական կյանքը, կմտնես այդ կյանքի մեջ, կծանոթանաս նրա պայմանների, պահանջների հետ և վերջապես կընտելանաս այդ կյանքին, այն ժամանակ ոչ թե այդպես չես խոսի, այլև բոլորովին կմոռանաս գյուղացուն էլ, հայրենիքդ էլ, ինչպես այդ անում են մեր ներկա երիտասարդներից շատերը:

Լսիր ինձ, Նունե, — պատասխանում էր Սեյրանյանը, — դու կատարյալ իրավունք ունես այդպես խոսելու, որովհետև շատ դեպքեր քեզ տեղիք են տվել այդպես դատելու: Բայց ինչի՞ դու ինձ անպատճառ կամենում ես նմանեցնել քո ասած երիտասարդներին... ինչի՞ դու չես կամենում նախ և առաջ քննել այն շրջապատող կյանքը, հասարակությունը, պայմանները, որոնց մեջ մեծացել են նրանք և ես... իսկ եթե դու քննես, կտեսնես, որ իրավ շատ մեծ տարբերություն կա դրանց մեջ..: Ես, իհարկե, ինձ չեմ ուզում գովել կամ արդարացնել, բայց այնուամենայնիվ, դու շատ լավ ճանաչում ես իմ բնավորությունս, բավական ծանոթ ես իմ վարած կյանքին... Եթե Թիֆլիսը, որ այսքան փչացած է, այսքան տարվա մեջ չկարողացավ ինձ փչացնել, փոխել իմ բնավորությունը, ապա հույս ունեմ, որ այլևս ոչինչ եվրոպական կյանք չի կարող ինձ փոխել: Ես քեզ կարող եմ հավատացնել, Նունե, որ չնայելով այսքան տարի հեռացած եմ գյուղից, հայրական օջախից, ավարտել եմ գիմնազիոնը, լավ, և կարելի է ասել, փառավոր կյանք եմ վարել, բայց այնուամենայնիվ ես այս րոպեիս դարձյալ գյուղացի եմ, իմ երակներիս մեջ վազում է դարձյալ ջանասեր գյուղացու տաք արյունը, և ես ամեն ժամանակ պատրաստ եմ հողը վարելու, դառն քրտինք թափելու, իսկ կալի «հորովելան» ինձ համար ավելի քաղցր է, ավելի մոտ իմ սրտին, քան զանազան սիմֆոնիաներ ու ռոմանսներ...

Այդպիսի խոսակցությունները ո՛րպես դուր էին գալիս Նունեին, ո՜րպիսի անհուն հոգեզմայլությամբ և երջանիկ ժպիտով նա նայում էր այդ ժամանակ Սեյրանյանի լուրջ, խելացի դեմքին:

Ա՛խ, Գրիգոր, — շշնջում էր նա այդ ժամանակ, — դու քո այդ խոսքերով ակամայից ինձ սիրեցնել ես տալիս գյուղական կյանքը... Այո՛, քաղցր է դա, Գրիգոր... Ինչի՞ ես էլ գեղջկուհի չեմ ծնված... ես էլ կգործեի... քեզ հետ... միասին...

Այո՜, այո՜, իմ անգի՛ն Նունե, մենք այնտեղ կգործենք միասինայնտե՛ղգյուղի խաղաղության մեջ, — բացականչում էր ոգևորված երիտասարդը և Նունեին յուր հուզված կրծքին սեղմում:

Հուլիս ամիսն էր:

Երեկոյան, երբ արևն արդեն մայր էր մտել, Սեյրանյանը՝ յուր փոքրիկ լուսամատի առաջ նստած մտքում հազար ու մի նախագծեր էր կազմում յուր ապագայի համար... նա վաղուց արդեն ծնողներից համաձայնություն էր ստացել համալսարան գնալու և այժմ ուրախ էր, երջանիկ, ինչպես մի անմեղ մանկիկ, նրա սիրտը, հոգին, ուղեղը դեռ ծանրաբեռնված չէին կյանքի դառնություններով, և նա այդ դառնությունների մասին մտածել անգամ չէր կամենում: Ինչի՞: Ո՞վ գիտե, գուցե նա կարծում էր, որ մարդուս մի անգամ վիճակված բախտը նրանից այլևս հեռանալ չի կարող, կամ շատ կարելի է նա երկյուղ էր կրում, թե մի գուցե, ստեղծելով յուր առաջ մթին, մռայլ կյանք, թունավորվի յուր անհուն երջանկությունը... Ինչևիցե, բայց ի՞նչ հարկ էր ստեղծելու յուր առաջ մի այդպիսի մթին, մռայլ կյանք, քանի որ տակավին բախտը ժպտում էր նրան...

Դեռ երկար ժամանակ նստած անշարժ՝ նա անձնատուր էր եղել յուր քաղցր ցնորքներին, երբ հանկարծ ներս մտավ տանտիրոջ ծառան և նրան հեռագիր տալով, դուրս գնաց դարձյալ: Սեյրանյանն այդ առաջին անգամն էր, որ հեռագիր էր ստանում, այդ պատճառով նա անհանգստությամբ բացեց հեռագիրը և սկսեց լուռ կարդալ: Հանկարծ նա օձից խայթվածի նման վեր ցատկեց տեղից և, ամբողջ մարմնով դողալով, վայր ընկավ գետին: Հեռագիրը ընկել էր նրա կողքին:

Նունեն յուր սովորության համեմատ այդ միջոցին ներս մտավ սենյակը՝ նրա հետ մի փոքր խոսակցելու. բայց ո՛րքան զարմացավ և միևնույն ժամանակ վախեցավ նա, երբ նրան գետնի վերա անշունչ տարածված տեսավ: Նա իսկույն, խելագարի նման, բռնեց նրան և սկսեց շարժել:

Գրիգո՜ր, Գրիգո՜ր, — կրկնում էր նա անդադար հուսահատությամբ:

Սեյրանյանը կենդանության մի նշույլ անգամ չէր ցույց տալիս:

Օրիորդը կարծեց թե նա արդեն մեռած է, բայց ինչի՞ց... սարսափից անպատմելի կերպով ցավում, ճմլվում էր նրա սիրտը: Նա դրեց յուր ձեռքը նրա կրծքին, — նա բաբախում էր, — յուր սիրելին տակավին կենդանի էր... Ուրեմն հույս կար... և նա իսկույն դուրս վազեց սենյակից: Մի րոպեից հետո նա դարձյալ ներս ընկավ մի ինչ-որ սրվակ ձեռքին բռնած: Նա մոտեցրեց սրվակը Սեյրանյանի քթին, և մի րոպեից հետո Գրիգորը բացեց աչքերը... Երբեք Նունեն յուր կյանքի մեջ այնքան չէր ուրախացել, որքան այդ րոպեին, երբ յուր սիրելիի մեռած հայացքը ընկավ յուր դեմքի վերա:

Գրիգո՜ր, — բացականչեց նա և իսկույն գրկելով նրան՝ օգնեց ոտի կանգնելու: Նա Սեյրանյանին նստեցրեց մահճակալի վերա, ինքն ևս նստելով նրա կողքին, — Գրիգո՜ր, ի՞նչ է պատահել քեզ, — հարցրեց նա՝ ձեռքը նրա ճակատին դնելով:

Սեյրանյանն ապուշի նման նայում էր նրա երեսին:

Դու ինձ չե՞ս լսում, Գրիգո՜ր, ի՞նչ է պատահել քեզ, — կրկնում էր օրիորդը անհանգստությամբ:

Ի՞նչ, — վերջապես հարցրեց Սեյրանյանը մի տեսակ մեռած ձայնով:

Ինչո՞ւ դու ուշաթափվել էիր... Դու հիվա՞նդ ես... Ի՞նչդ է ցավում:

Սեյրանյանը մի փոքր ուշքի եկավ, ըստ երևույթին, նա՝ ոչինչ չէր հիշում: Նա պինդ սեղմեց յուր գլուխը ձեռքերի մեջ: Հանկարծ նրա հայացքն ընկավ հատակի վերա ընկած հեռագրին, նա ուզեց վեր կենալ և վերցնել հեռագիրը. բայց այնքան ույժ չուներ: Նա անխոս, ձեռքով ցույց տվեց հատակի վերա ընկած հեռագիրը: Նունեն բոլորովին զարմացած վերցրեց այն և կարդաց: «Երեկ գիշեր ավազակները մտնելով ձեր տուն՝ ձեր ծնողներին սպանել են և ողջ հարստությունը տարել: Շուտով հասեք»: Սեյրանյանը հենց առաջին խոսքերի վերա ամեն բան հիշեց և անմեղ երեխայի նման հեկեկալով ընկավ բարձի վերա:

Նունեի համար ամեն բան պարզվեց այժմ: Բայց նա զարմացավ, թե ո՞ր անմիտը կամ անգութն էր մի այդպիսի հեռագիր ուղարկել... Մի՞թե կարելի էր մի այդպիսի սոսկալի հեռագիր ուղարկել որդուն... Եվ նա հասկացավ, թե մինչև ո՞ր աստիճան տանջվելիս պիտի լինի յուր սիրելին, չէ որ նրա տանջանքն և յուր տանջանքն էր, և նա լսելով Սեյրանյանի դառնագին հեկեկանքը, զգաց, որ արտասուքը խեղդում է իրեն էլ: Սակայն նա զսպեց իրեն, նա հասկացավ, որ այդ ժամանակ ինքը մի փոքր քաջասիրտ պիտի գտնվեր՝ յուր սիրելիին մխիթարելու համար: Եվ նա սկսեց մխիթարել նրան զանազան քաղցր ու սիրալիր խոսքերով: Բայց Սեյրանյանի կորուստն այնքան մեծ էր, որ նա չկարողացավ նրան հանգստացնել, մանավանդ որ այդ Սեյրանյանի կյանքում առաջին հարվածն էր:

Ես չեմ կարող ապրել... Ես ո՜րբ եմ, — կրկնում էր նա՝ անդադար դառն արտասուք թափելով:

Հանգստացի՛ր, Գրիգոր, հանգստացի՛ր, — սիրտ էր տալիս նրան Նունեն, — դու տակավին որբ չես, ես այստեղ եմ... Եվ ինչ կարող ես անել ճակատագրիդ դեմ... Դու տղամարդ ես, այդպես թուլասիրտ մի լինիլ... Արիացի՛ր, Գրիգորս... արտասուքը միայն կանայք են թափում:

Սեյրանյանն ամաչեց այդ խոսքերից և սրբեց արտասուքը:

Ահա այդպե՛ս, Գրիգորս... Մի՞թե դու չես հասկանում, որ հուսահատությունը լավ չէ, որ մարդս հուսահատության երբեք անձնատուր չպիտի լինի, ապա թե ոչ նա կորած է... Եվ ինչի՞ դու չես կամենում ճանաչել կյանքը, հաշտվել նրա ձախորդությունների հետ... և որ մի մահկանացուն ազատ է դրանից: Կռվի՜ր, Գրիգոր, կյանքի ձախորդությունների դեմ, կռվիր անվեհեր, հաստատակամությամբ և հավատացիր, որ հաղթանակը քոնը կլինի...

Եվ օրիորդը նրան ավելի ևս խրախուսելու համար գրկեց նրան ջերմագին:

Այդ իսկ րոպեին սենյակի դուռը բացվեցավ և շեմքի վերա երևաց աղա Յագոր Բուղդանիչի կլոր, հաստ մարմինը: Նա տեսավ, որ յուր աղջիկը գրկած է Սեյրանյանին, և մի րոպե դեռ տեղն ու տեղը մնաց քարացած: Օր. Նունեն հորը տեսնելուն պես՝ մի ճիչ արձակեց, և բաց թողնելով Սեյրանյանին, իսկույն վեր թռավ տեղից: Սեյրանյանը մնաց ապշած: Աղա Յագոր Բուղդանիչն առհասարակ շատ քիչ էր մտնում նրա սենյակը և այս անգամ, երևի, չար բախտն էր բերում նրան, որպեսզի մի հարվածին ավելացնի և մյուսը:

Մենք, իհարկե, չենք կարող նկարագրել, թե այդ ժամանակ այդտեղ ինչ տեսարան ներկայացավ, թե ո՛րքան հիշոցներ, անվայել ածականներ, մինչև անգամ և կյանքի վերա սպառնալիքներ թափվեցան Նունեի և Սեյրանյանի գլխին, միայն այսքանս կասենք, որ մյուս օրն առավոտյան Սեյրանյանի՝ սենյակն արդեն դատարկված էր, և բոլոր կայքը նրա հորեղբոր այրի կնոջ տունն էր տարված, իսկ ինքը, Սեյրանյանն, արդեն իրենց գյուղի ճանապարհի վերա էր:

Դ

Այդ օրից անցել էր մի տարի: Մենք Նունեին և Սեյրանյանին դարձյալ տեսնում ենք մեր երկրորդ գլխում նկարագրած խուցի մեջ՝ կես գիշերին անձրևային եղանակին:

Երկարատև անջատումից հետո կրկին տեսակցությունը նրանց վերա մեծ ազդեցություն էր արել, մանավանդ Սեյրանյանի որ ամեն հույս կտրել էր, թե երբևիցե դարձյալ կարող էր տեսնել յուր սիրելիին, խոսել նրա հետ: Սակայն ի՞նչ զորություն կարող է բոլորովին ազատել երկու ամենաջերմ կերպով սիրող սրտեր. — այժմ Սեյրանյանը դարձյալ Նունեի գրկումն էր:

Օրիորդը խոսել չէր կարողանում, նրա հորդառատ արտասուքը արգելում էր նրան մի բառ անգամ արտասանելու, նա ույժ տալով յուր թույլ ձեռքերին, աշխատում էր որքան կարելի է սիրած երիտասարդին պինդ սեղմել յուր կրծքին: Նա կարծես վախենում էր, որ նրան դարձյալ կխլեն յուր գրկից, որ նրան այլևս երբեք չէր տեսնիլ: Սեյրանյանը լսելով նրա հեծկլտանքը և միևնույն ժամանակ մտաբերելով յուր անցյալը, չկարողացավ իրեն զսպել և ինքն էլ անմեղ երեխայի նման սկսեց լալ:

Տակավին երկար գրկախառնված, նրանք հեծկլտում էին ամեն ինչ մոռացածերբ վերջապես սաստիկ քամին սուլելով անձրևի հետ ներս թափանցեց բաց դռնից և սթափեցրեց նրանց:

Ե՜կ իմ կյանքս, իմ հոգիս, իմ հրեշտակսԵ՜կ, նստիր այստեղ, — ասաց Սեյրանյանը և գրկելով բո՛լորովին ույժի՝ց ընկած օրիորդին, նստեցրեց մահճակալի վերա, իսկ ինքը փակեց դուռը: — Օ՝, որքան բան ունիմ ես քեզ ասելու, քեզնից հարցնելու, անգին իմ Նունե, — խոսեց նա դարձյալ` նստելով օրիորդի կողքին և բռնելով նրա դողդոջուն քնքուշ ձեռքերը: — Բայց դու կմրսես, հրեշտակս, դու բոլորովին թրջվել ես... Սպասիր, իսկույն վերարկուս ծածկեմ. — և դարձյալ վեր կացավ տեղից, վերցրեց պատից կախած յուր հին վերարկուն և գորովագութ մոր նման գցեց օրիորդի թեթև կերպով ցնցվող ուսերի վերա: — Այսպես այժմ դու կտաքանաս, — սկսեց նա դարձյալ՝ նստելով նրա կողքին: — Այժմ ասա , հրեշտակս, դու ի՞նչ գիտեիր, թե ես այստեղ եմ

Գրիգո՛ր, մի՞թե ես եկել եմ քո այդպիսի չնչին հարցերին պատասխանելու... բավական է, որ ես դարձյալ քեզ հետ խոսում եմ...

Մռայլ երիտասարդի աչքերը փայլեցին ուրախությամբ, և նա համբույրներով ծածկեց օրիորդի նիհար, քնքուշ, սպիտակ ձեռքերը:

Անգին Նունե, գիտե՞ս, թե ո՛րպիսի երջանկություն են պատճառում թշվառիս քո այդ խոսքերը, — բացականչեց նա ոգևորված: — Բայց ինչի՞ չիմանամ, հոգիս, թե Դու ինչպես այս կեսգիշերին և այն էլ մի այսպիսի սարսափելի եղանակին կարողացար ինձ մոտ գալ... Դու ի՞նչ գիտեիր, որ ես եկել եմ և այս սենյակումն եմ բնակվում:

Ա՜խ, Գրիգոր, մի՞թե այդ դժվար է սիրող սրտի համար... Ես քեզ բոլորը կպատմեմ, բայց թող դեռ նայեմ քո դեմքին, չէ՞ որ ամբողջ մի երկար տարի ես քեզ չեմ տեսել: — Եվ նա ձեռքերը դնելով երիտասարդի ուսերի վերա, անհագ կերպով նայում էր նրա մեծ, կրակոտ աչքերին, որոնք այդ րոպեին փայլում էին անհուն երջանկությամբ: — Քո դեմքից ես գուշակում եմ, Գրիգոր, թե որքան վիշտ ու կարոտություն պիտի կրած լինիս, բայց, այնուամենայնիվ, քո աչքերը նույնն են մնացել...

Իսկ դու թեև ավելի գունատվել ես ու նիհարել՝ բայց սովորականից ավելի գեղեցկացել և ավելի քնքշացել ես, — և նրանք դարձյալ ջերմագին գրկախառնվեցան: — Պատմի՛ր, պատմի՛ր, պատմի՛ր, հրեշտակս, թե ինչպե՞ս անցրիր դու այս չարագուշակ տարին, — ասաց դարձյալ Սեյրանյանը, վերջապես բաց թողնելով նրան: — Երևում է, որ դու շատ ես տանջվել:

Այո՜, Գրիգո՜ր, ես շատ, խիստ շատ տանջվեցի այս մի տարվա մեջ, քո բացակայության միջոցին, — սկսեց օրիորդը խոր հոգոց հանելով: — Բավական չէր, որ քեզ այն սոսկալի դժբախտությունը պատահեց, իմ անգութ հայրս էլ քեզ այնպես անարգանքով վռնդեց մեր տանից: Եվ այդ բոլորը մի այնպիսի սարսափելի վշտի մեջ էր ձգել ինձ, որ ես մինչև այժմ վաղուց արդեն մեռած կլինեի, եթե քո սերը, քեզ կրկին տեսնելու հույսս քաջություն չէին ներշնչել ինձ: Քո կարոտդ մի կողմից տանջում էր ինձ, իսկ մյուս կողմից էլ իմ անգութ հայրս, այն չարագուշակ օրից հետո, ինձ մի րոպե անգամ հանգստություն չէր տալիս, ի՞նչ անասելի անարգանք ու անվայել խոսքեր ասես, որ նա իմ գլխիս չէր թափում... Որքան էլ քաջասրտություն ունենայի, Գրիգոր, որքան էլ նրա այդ խոսքերը ոչնչի տեղ չդնեի, բայց, այնուամենայնիվ, ես կին էիմի թույլ, զգացող արարած, ես դիմանալ չէի կարող այս բոլորինև ես վերջապես, գրեթե մերձ ի մահ հիվանդացա... Այդ Ժամանակվանից միայն իմ անգութ հայրս լռեց, այդ ժամանակ միայն նա հասկացավ, որ ինձ հետ շատ խիստ ու անխիղճ կերպով էր վարվում, և երբ ես առողջացա, այնուհետև նա ինձ մինչև օրս էլ ոչ մի անվայել խոսք չի ասել, մինչև անգամ մեր սիրո մասին ոչինչ չի հիշեցրել և ինձ հետ միշտ քաղցրությամբ է վարվել, իսկ մայրս, որ ինձ միշտ պաշտպանում էր, այժմ էլ ինձ սրբի տեղ պաշտում է... Եվ չնայելով, որ ես առողջացա, բայց մեր սիրո ցավը սարսափելի կերպով կրծում էր սիրտս, մանավանդ որ քեզնից ոչ մի լուր չէի ստանում... Ամեն օր, ամեն օր, ամեն րոպե իմ միտքս միշտ և միշտ քեզ մոտ էր: Ավելորդ է ասելը, թե ինչպես անցրի ես այս ամբողջ երկար տարին... Ես հույս ունեի, որ դարձյալ քեզ կտեսնեմ և այդ հույսս, իրագործվեցավ սրանից երեք օր առաջ երեկոյան, երբ դու այնպես շտապով անցնում էիր մեր տան առջևով: Ես այդ րոպեին մեր պատշգամբումն էի, և միտքս ամբողջապես դարձյալ դու էիր պաշարել: Ես հիշում էի մեր անցյալը, մեր քաղցր անցյալը, երևակայում էի քո վիճակը, և, ո՞վ գիտե, թե ինչեր էի մտածում քեզ վերա, ես վերջապես չկարողացա ինձ զսպել և լաց եղա... Օ, Գրիգոր, դու չես կարող երևակայել, որքան ծանրություն էի զգում առանց քեզ... Ես տեսա քեզ անցնելիս մեր պատշգամբի տակով, իսկույն ճանաչեցի քեզ և այդ ժամանակ չգիտեմ, թե հանկարծ ինչ պատահեցավ ինձ, միայն ակամայից մի ճիչ արձակեցի և ընկա ուշաթափ... ինձ ուշքի բերին և երբ ուշաթափվելուս պատճառն հարցրին, ես պատասխանեցի, որ գլխիս վերա հանկարծ մի ինչ-որ սաստիկ ցավ զգացի, որին իբր թե չկարողացա դիմանալ: Այնուհետև ամբողջ երեք օր ես մի վայրկյան անգամ հանգստություն չունեի... վերջապես ես վճռեցի անպատճառ տեսնվել քեզ հետ, ես այլևս չէի կարողանում համբերել: Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս իմանայի, թե դու որտեղ ես բնակում. — այդ միտքն ինձ հուսահատեցնում էր... Երեկ երեկոյան ես դարձյալ մեր պատշգամբումն էի, և աչքերս ակամայից քեզ էին որոնում, իսկ ներսից կարծես մեկն ասում էր, որ դու պիտի անցնես այն կողմովն, և իրավ որ ես տեսա քեզ վերևից շտապով գալիս, դու այնպես էիր անցնում, որ կարծես քեզ ոչինչ չէր հետաքրքրում. մինչև անգամ չէիր նայում մեր պատշգամբին: Իսկույն ես ներս գնացի, գլխարկս ծածկեցի, ներքև վազեցի, և առանց աչքս հեռացնելու, հեռվից սկսեցի հետևել քեզ մինչև այստեղսենյակդ: Օ՛, Գրիգոր, ես պատրաստ էի այդ ժամանակ ներս ընկնել քեզ մոտ, եթե միայն... չամաչեի և երկյուղ չկրեի ուրիշներից... Բայց ես խո իմանում էի քո բնակությանդ տեղը, ուրիշ ի՞նչ էր հարկավոր ինձ այլևս... սակայն դարձյալ մի միտք ինձ անհանգստացնում էր, այն՝ թե ի՞նչպես և ե՞րբ տեսնվեի քեզ հետ: Շատ մտածելուց հետո վերջապես վճռեցի հենց այս գիշեր անպատճառ գալ քեզ մոտ՝ թեկուզ դրա համար ինձ սպանելու էլ լինեին: Ամեն կողմից ինձ հաջողություն էին խոստանում միտքս իրագործելու, հայրս, որից ես ամենից շատ էի երկյուղ կրում, բոլորովին արբած վերադարձավ տուն և իսկույն ևեթ քնեց, մայրս էլ երկար չմնաց արթուննա էլ մենակության պատճառով շուտով քնեց, իսկ եղանակի վատության պատճառով մեր բնակիչները բոլորը տուն էին մտել, և այսպես ես ոչ ոքից երկյուղ չունեի: Իմ ննջարանս բոլորովին առանձին է. ես կամաց ու աներկյուղ դուրս եկա և վճռականապես դիմեցի դեպի քո սենյակը: Եվ այժմ, ահա՛, ես այստեղքեզ մոտ եմ, ի՜մ Գրիգոր:

Եվ օրիորդը վերջին խոսքերի հետ փաթաթվեցավ նրա վզովը:

Դու հերոս ես, իմ անգի՛ն Նունե, — բացականչեց ոգևորված երիտասարդը:

Այո՛, սերն ինձ նման թույլ արարածներին անգամ քաջություն է տալիս, — շշնջաց օրիորդը: — Ես քեզ բոլորը պատմեցի, Գրիգոր, — խոսեց դարձյալ մի րոպեից հետո, — բայց ես գիտեմ, տեսնում եմ, որ իմ տանջանքս համեմատելով քոնի հետ չնչին մի բան պիտի լինի, այնպես չէ՞, Գրիգորս... բայց պատմիր, պատմիր քո այս մի տարվա կյանքը, ես չափից դուրս հետաքրքրվում եմ դրանով: Շորերդ, դեմքդ ցույց են տալիս, որ դու ավելի ես կորցրել, քան որ ես էի կարծում: Երիտասարդի դեմքը դարձյալ մռայլվեցավ, դառնության կնճիռները դարձյալ ծածկեցին նրա լայն ճակատը:

Այն օրից, երբ իմ խաբուսիկ բախտի անիվը սկսեց հակառակ պտտվել, — սկսեց նա, — այսինքն այն օրից, երբ իմ անբախտ ծնողներիս մահվան գույժն ստացա և այնպես խիստ կերպով անարգվեցա քո հորից, մինչև օրս տակավին ոչ մի բան ինձ ուրախություն, մի քաղցր ժպիտ անգամ չի պատճառել... Ես, իհարկե, քեզ չեմ պատմի մանրամասնորեն, թե ինչ եմ կրել ես այս ամբողջ մի տարվա ընթացքում. միայն այսքանս կասեմ, որ իմ սիրտս բոլոր այդ ժամանակ թույն էր...

«Երբ ես գնացի մեր գյուղը, սրտի անպատմելի վշտով տեսա անբախտ ծնողներիս անտեր թափած դիակները, որոնց անգութ թուրք ավազակները, որ նոր էին հայտնվել մեր գյուղի շրջակայքում, իրենց ագահությանը զոհ էին տարել: Իմանալով, որ իմ հայրս գրեթե ամենահարուստն է ամբողջ գյուղի մեջ, նրանք օգուտ են քաղել եղանակի վատությունից, գիշերով մտել են մեր տունը և հրամայել են ծնողներիս, որ իրենց հարստության տեղը ցույց տան, հակառակ դեպքում սպառնացել են երկուսին էլ մորթելու: Հայրս վատ սովորություն ուներ հարստության մեծ մասը ձեռքի տակ պահելու և այն էլ փող դարձրած, նա այդ պահում էր միայն իրեն հայտնի գաղտնի տեղում: Դեռ երկար ժամանակ նա չի կամեցել զրկվել յուր այդ խնայողությամբ գումարած հարստությունից, բայց վերջապես, նա իրեն կյանքն ավելի թանկ է համարել, քան հարստությունը և բոլորը հանձնել է ավազակներին: Չգիտեմ, թե գումարը որքան է եղել իսկապես, բայց գիտեմ, որ բավական շատ պետք է լիներ: Սակայն անիրավ ավազակները դրանով չեն բավականանում և, երկյուղ կրելով, թե մի գուցե ծնողներս նրանց մատնեն, նրանք երկուսին էլ մորթում են ու փախչում:

Այդ բոլորը ինձ պատմեց մեր ծառան, որ այդ տեսարանին ներկա է եղել, բայց մի կերպով ազատվել է նրանց ձեռքից: Հարևան քաղաքի ոստիկանությունը թեպետ իմացել և իսկույն հետախուզություն է սկսել, բայց ավազակները մինչև օրս էլ կորած են:

Ամբողջ հինգ օր անբախտ ծնողներիս դիակներն ընկած էին, և ես նրանց թաղելոլ փող չէի գտնում: Մենք ունեինք մի փոքրիկ կալվածք, մի քանի լավ եզներ ու ոչխար, վերջինս տանող տանո՛ղի է եղել, իսկ եզների վերաբերմամբ մի փոքր ազնիվ են գտնվել: Եզներին իսկույն ևեթ ծախեցի շատ աժան գնով և ստացած փողով թաղեցի ծնողներիս... Այնուհետև ո՞ւր գնայի, ի՞նչ անեի, ինչպե՞ս կառավարվեիայդ հարցերն էին ինձ անդադար զբաղեցնում, և իմ ուղեղս մի այնպիսի թմրած դրության մեջ էր, որ դրանց ոչ մի կերպ լուծել չէի կարողանում: Մի կողմից իմ սիրելի ծնողներիս անտանելի կորուստը, մյուս կողմից մեր անտանելի անջատումը, երրորդ կողմից իմ աղքատանալս, մի խոսքով այն անհամար ձախորդություններն ու հարվածները, որ ամեն կողմից տեղում էին թշվառիս վերա, ինձ մի տեսակ անտանելի, հուսահատական դրության մեջ էին ձգել, այնպես որ ես այժմ զարմանում եմ, թե ինչպես եղավ, որ չխելագարվեցի... կյանքը ինձ համար այնքան անտանելի էր, որ մինչև իսկ մի քանի անգամ մտադրվեցի ինքնասպանություն գործել, բայց այդ առավել ևս սարսափելի էր թվում ինձ, երբ մտածում էի դրա բոլոր հետևանքների մասին:

Ո՜չ, — մտածում էի ես՝ հիշելով քո խոսքերը, — Նունեն ուղիղ էր ասում, ավելի լավ է կռվել կյանքի դառնությունների՝ դեմ, և հաղթանակը գուցե իմ կողմը լինի... չէ՞որ ես մարդ եմ, այլ խոսքերովամենաուժեղը բոլոր արարածների մեջ... Ամեն բան պետք է փորձել: Այդ խոսքերն անպայման դրոշմված են յուրաքանչյուրիս վերաայդպես է կյանքը, այդպես է մարդկությունը... Խո հավիտյան չեմ տանջվիլ... երևի մի օր ինձ համար դարձյալ պայծառ օր կփայլե... Եվ այդ խրախուսանքն ինձ սիրտ էր տալիս, այդպիսի մտածմունքներից հետո իմ անտանելի վիշտս փոքր-ինչ թեթևանում էր»:

Նա լռեց և ձեռքը մի քանի անգամ անցրեց իր երկար մազերի միջով: Նրա բոլոր այդ պատմության ժամանակ Նունեն ձեռքը փաթաթել էր նրա պարանոցովը և յուր գեղեցիկ գլուխը դրած նրա ուսին մեծ կարեկցությամբ նայում էր նրա թախծալից դեմքին և աչքերին:

Ես քեզ մի քանի անգամ ասել էի, սիրելիս, — շարունակեց նա փոքր-ինչ հանգստանալուց հետո, — որ համալսարան պիտի գնամ ուսումս շարունակելու: Հասկանալի է, որ այդ խափանվեցավ. դրա համար փող էր հարկավոր, իսկ ես դեռ գյուղումը հազիվ էի կարողանում կառավարվել... Ո՞ւմ դիմեի, ոչ ոք չկար, և եթե ունենայի էլ մի այդպիսի ազգական կամ, ինչպես ասում են, բարեկամ, ո՞վ է գժվել այս ժամանակին մի որևիցե ինձ նման աղքատին օգնելու... Ես ո՜չ մի կերպ չէի կամենում այստեղքաղաք իջնել: Քաղաքում ապրելն ինձ համար որքան անկարելի, նույնքան և անտանելի պիտի լիներ, ավելի այն պատճառով իհարկե, որ պիտի ապրեի քեզ մոտ, բայց քեզ հետ տեսնվելը, խոսելը մինչև անգամ ողջունելը արգելված պիտի լիներ... Քեզ վերա ունեցած բոլոր հույսս դեռ այն ժամանակվանից կտրեցի, երբ քո հայրն այնպես խիստ անարգանքով և կյանքիս դեմ սպառնանք կարդալով վռնդեց ձեր տնից: Եվ այդ պատճառով ես մի տարի շարունակ մեր գյուղում մնացի: Այդ միջոցին ես ամեն կերպ աշխատում էի քեզ մոռանալ, ճնշել, մեռցնել իմ մեջ այն սարսափելի կերպով կեղեքող զգացմունքը, որ ես տածում էի դեպի քեզ. բայց՝ անգի՜ն իմ Նունե, մի՞թե այդ կարելի էր... մի՞թե կարելի է սոսկալի հրդեհը փչելով հանգցնել...

Շատ անգամ նստած մենակ, ես դառնությամբ մտածում էի իմ անհոգ անցյալի վերա, երբ մի տարի առաջ ես ապրում էի քեզ հետ միասին, երբ մենք սիրում էինք միմյանց ազատ, խոսում, դատում, վիճաբանում էինք, երբ երջանիկ էինք բառիս բուն նշանակությամբ, և այդ մտածմունքը, այդ դառն մտածմունքը ավելի ու ավելի կրկնապատկում էր իմ վիշտը... Որ կողմս նայում էիամենուրեք գերեզմանական լռություն... չունեի գոնե մի բարեկամ, մի մտերիմ ընկեր, որ այդպիսի ժամանակներում ինձ մի քանի մխիթարական խոսքեր ասեր, չկայիր դու, անգի՛ն իմ Նունե, որ քո այդ քաղցր, սփոփիչ լեզվով թեթևացնեիր իմ անտանելի վիշտս և իմ մեջ նոր հույս, նոր եռանդ ներշնչեիր... Եվ այդպիսի ժամանակներում ես ճարահատյալ անձնատուր էի լինում լացին, ես դառն արտասուք էի թափում, և իմ այդ արտասուքս վերջ չէր ունենում:

Այս թուլասրտություն է, — ասացի վերջապես ինքս ինձ և այնուհետև ամբողջ մի տարի ևսմիայն գրքերին անձնատուր եղա: Այդ բոլոր ժամանակ ես կառավարվում էի մեր փոքրիկ կալվածքից ստացած փողով, որ շատ աժան գնով ծախեցի: Այնուհետև չգիտեի, թե ի՞նչ պիտի անեմ... Ես մի որոշյալ ապագայի հույս չունեի և ամեն բան բախտի բերմունքին էի թողելթո՜ղ ճակատագիրս կատարվի, — անդադար կրկնում էի ես:

Մի անգամ, այսինքն սրանից երկու շաբաթ առաջ, Պետերբուրգից ես մի նամակ ստացա, որ իմ դասընկերիցս էր: Ես ու նա միասին պիտի գնայինք համալսարան, նա գնաց Պետերբուրգ, իսկ ինձ պատահած դժբախտության պատճառով ես մնացի: Նա գրում էր յուր նամակում, որ լսել է իմ դժբախտությունս, այսինքն իմ բոլորովին աղքատանալս, և խորհուրդ էր տալիս, որ եթե ես չեմ փոխել ուսումս շարունակելու մտադրությունս, թող մինչև Պետերբուրգ հասնելու ճանապարհածախս ճարեմ և այս տարի գնամ այնտեղ համալսարան մտնելու: Թեպետև նա շատ հարստի զավակ չէ, բայց այնուամենայնիվ խոստանում էր, որ ինձ մի կերպ կարող էր յուր մոտ պահել: Այդ, իհարկե, ինձ համար մեծ ուրախություն էր, և ես շտապեցի այստեղքաղաք իջնելու: Այնտեղ անմիջապես սկսեցի հանգանակություն անել իմ ընկերներիս մեջ, որոնք շատ քիչ են, բայց ժողովածն այնքան չնչին է, որ չոր հացի համար անգամ բավական չէ մինչև տեղ հասնելս... Եվ այժմ չգիտեմ թե ինչ պիտի անեմ:

Նունեն թողեց նրա պարանոցն և նայելով ուղղակի նրա գրեթե արտասվալից աչքերին, ասաց.

Եվ դրա համար դու հուսահատվո՞ւմ ես, Գրիգոր:

Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել, անգին Նունե. իմ բոլոր հույսն դրա վերա էր. բայց երբ այդ ևս չհաջողվեցավ

Դու բոլորին դիմե՞լ ես դրա համար:

Բոլորին, ում հետ էլ որ լավ ծանոթ եմ:

Իսկ ինձ դիմե՞լ ես:

Երիտասարդը զարմացմամբ նայեց ուղղակի նրա աչքերին:

Քե՞զ, — կանչեց նա:

Հենց ինձ, ինչի՞ ես զարմանում:

Բայց դու ի՞նչ ունիս, անգին Նունե:

Այնքան փող, որ իմ կարծիքով կարող է ճանապարհածախսդ ծածկել:

Դու կատա՞կ ես անում, Նունե...

Հավատացիր, Գրիգոր, ես անկեղծ եմ ասում... Անցյալ տարվա ռոճիկիս մի մասն է, որ ես պահած ունեմ... Այս տարի հիվանդությանս պատճառով ես ուսումնարան չէի գնում, ապա թե ոչ ավելի կունենայի հավաքած... Բայց ինչ որ ունիմ, այն էլ բավական է քեզ տեղ հասնելու համար, իսկ այնուհետև բոլոր ռոճիկս քեզ կուղարկեմ, որովհետև ես այժմ ինձ բավական առողջ եմ զգում և ինձ համար դարձյալ տեղ կճարեմ ուսումնարանում:

Սեյրանյանը դեռ մի րոպե լուռ, կարծես պապանձված, նայեց նրա լուրջ, գեղեցիկ դեմքին, հետո գլուխը կախեց, և արտասուքի կաթիլներ գլորվեցին նրա այտերի վերայով:

Աստված իմ, դու լալի՞ս ես, Գրիգոր, — կանչեց օրիորդը նրա ձեռքերը բռնելով:

Ես ամաչում եմ... — շշնջաց Սեյրանյանը:

Օ՛, նրա համար, որ ես կամենում եմ քեզ օգնե՞լ...

Եվ օրիորդը ջերմագին գրկեց նրան:

Անմի՛տ, չէ՞ որ ես քեզ սիրում եմ, — շշնջաց նա նրա ականջին:

Երիտասարդը յուր գլուխը սեղմեց նրա կրծքին, նրանք այդպես անշարժ մնացին երկար:

Վերջապես հանկարծ օրիորդը բաց թողեց նրան և վեր կացավ տեղից:

Ես ուշացա, — ասաց նա, — ո՞վ գիտե լուսանում է...

Եվ նա դիմեց դեպի դուռը:

Սպասի՛ր, մենակ խո՞ չես կարող գնալ, — կանչեց Սեյրանյանն և վեր թռչելով տեղից, շտապով ծածկեց գլխարկը, վերցրեց անկյունից հաստ ձեռնափայտը, և երկուսով դուրս գնացին:

Անձրևը վաղուց արդեն դադարել էր, և քամին հանդարտվել. երկնքում պլպլում էին անթիվ աստղեր, իսկ հեռու արևելքում արշալույսը նոր-նոր սկսել էր բացվել: Փողոցում բոլորովին ցեխ չկար, հեղեղանման անձրևը քշել, տարել էր յուր ջրերի հետ հողն ու աղբը, և այժմ գիշերային մթության մեջ սպիտակին էին տալիս քաղաքի քարած փողոցները: Փողոցներում մարդ չէր երևում: Նրանք կամաց խոսելով առաջ էին գնում:

Այժմ ձեր բակի դուռը բա՞ց կլինի, հանկարծ անհանգստությամբ հարցրեց Սեյրանյանը:

Դու չգիտե՞ս, որ մեր բակի դուռը գիշեր-ցերեկ բաց է լինում, — պատասխանեց օրիորդը:

Նրանք հասան աղա Յագոր Բուղդանիչի տան բակի դռներին:

Առ քո վերարկուդ, Գրիգոր, — ասաց օրիորդը և վերարկուն, որ մինչև այդ ժամանակ յուր ուսերին էր ծածկել, գցեց Սեյրանյանի ուսերին: — Բարի՛ գիշեր, Գրիգոր... մինչև վաղը...

Բարի գիշեր, իմ հրեշտակս, — շշնջաց երիտասարդը և ջերմ կերպով համբուրեց նրա ձեռքը:

Օրիորդը անհետացավ իրենց բակի դռներից ներս, իսկ Սեյրանյանը, կարծես վերածնված, վերադարձավ յուր խուցը:

Ամառը երբեմն եղանակը մի, քանի օր շարունակ միևնույն ժամերին միանման է լինում: Զարմանաք չէ ուրեմն որ հետևյալ գիշերն էլ եղանակն շատ վատ էր. անձրև էր գալիս և սարսափելի որոտում:

Սեյրանյանն անհանգստությամբ սպասում էր Նունեի գալուն: Նա շուտ-շուտ դուրս էր նայում, բայց տակավին Նունեն չկար: Հազար ու մի չար մտքեր ալեկոծում էին նրա սիրտը, եթե օրիորդին մի բան պատահելու լինի, ո՞վ կլինի մեղավորը, ո՞վ կլինի պատճառը... նա անիծեց իր ծնունդը, հագավ վերարկուն և անկյունից վերցնելով յուր հաստ ձեռնափայտը, դուրս գնաց շտապով: Արդեն ժամի տասնմեկն էր խփում քաղաքային ժամացույցը, անձրևը շարունակ շըփ-շըփում էր, պեծին-պեծին էր տալիս, փողոցներում դարձյալ մարդ չէր երևում, միայն մի քանի կառքեր գլուխները ծածկած անցնում էին գռգռալով:

Սեյրանյանը շտապ քայլերով գնում էր դեպի աղա Յագոր Բուղդանիչի տան կողմը, նա վճռել էր գնալ և սպասել Նունեին նրանց դռների մոտ: Բայց ահա հեռվից ով որ շտապով գալիս էր դեպի նա: Նրանք մոտեցան, և Սեյրանյանը ճանաչեց նրան:

Նունե , — կանչեց նա ուրախությամբ:

Այդ դո՞ւ ես, Գրիգոր, կարծեցի, թե ավազակ ես... գնանք շուտով:

Եվ նրանք ծիծաղելով ձեռք-ձեռքի տվին և գրեթե շարունակ վազելով, հասան մեզ ծանոթ խուցը:

Ես քո մասին սկսել էի շատ անհանգիստ լինեի հրեշտակս, — ասաց Սեյրանյանը՝ դուռը փակելուց հետո նստելով օրիորդի կողքին, որ արդեն մտնելուն պես վերայի շալը մի կողմն էր ձգել և ժպիտը դեմքին մահճակալի վերա նստել: — Ես կարծում էի, թե ձեր տանը իմացել են:

Օ՛, ոչ, — կանչեց ուրախ ծիծաղելով օրիորդը, — երեկ գիշեր, որ այստեղից վերադարձա տուն, ոչ ոք ոչինչ չլսեց:

Следующая страница