Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Մտանք եկեղեցին, ժամերգությունն արդեն վերջացել էր: Ժողովուրդ շատ քիչ կար. մնացածն էլ դառնում էր դեպի տուն: Հենց դռան մոտ, եկեղեցու մեջ ես տեսա այն պառավ կնոջը, որ հաճախ մեր տուն էր գալիս, նրա մոտ կանգնած էր մոտ հիսուն տարեկան, եվրոպական հագուստով մի հաստափոր մարդ: Նրա մարմինն ավելի փքված էր երևում, քան մսալի, իսկ խիստ չեչոտ դեմքը դեղին էր. կարծես մի ախտով վարակված լիներ: Նրա հոնքերի և թերթերունքների մեծ մասը թափված էր. մինչև անգամ գլխի սև մազերը ինձ կասկածելի թվեցան. իսկ բեղերի բացակայությունն ու փոքրիկ, մկան աչքերը նրա դեմքին մի տեսակ հրեշային արտահայտություն էին տալիս: Ես հենց առաջին հայացքից զզվեցի այդ մարդից:

Մեր մտնելուն պես ես նկատեցի, թե ինչպես պառավ կինը ձեռով կամաց հրեց նրան և խորամանկ աչքերով ցույց տվեց ինձ վերա: Հաստափորն իսկույն հառեց ինձ վերա յուր դիվական (ինձ այդպես թվաց) աչքերը: Մենք գնեցինք մոմ, մոտեցանք բեմին, և ես այնտեղ դրված աշտանակներից մեկի վերա վառում էի, երբ հանկարծ, ի՜նչ տեսնեմ, հաստափոր անծանոթը կանգնած է կողքիս, նա էլ մոմ է վառում: Ես նրան տեղ տվի և մտածում էի, թե ինչի՞ այդ պարոնը հենց մեր գալուն էր մնում, որ ինքն էլ մոմ վառի և հենց այն աշտանակի վերա, որի վերա ես էի վառում... Ես նկատեցի, որ նրա փոքրիկ աչքերը ոչ թե մոմ կպցնելուն էին հետևում, այլ հառած էին իմ դեմքին, ինձ այնպես թվաց, թե նա կարծես կամենում էր ինձ ուտել յուր այդ փոքրիկ աչքերով... Ես սարսափեցի ակամայից և հեռացա շուտով... Մենք դուրս գնացինք եկեղեցուց և դիմեցինք դեպի տուն: Ճանապարհին ես ետ նայեցի և տեսա, որ հաստափորն ու պառավ կինը խոսելով հետևում էին մեզ. հաստափորը աչքը չէր հեռացնում ինձանից: Ես, կարծես բնազդմամբ, հասկացա, որ այդ մարդը մեծ դեր պիտի խաղա իմ ապագա կյանքիս մեջ և, ավա՜ղ, այդպես էլ եղավ...

Հետևյալ կյուրակի օրը մեր տանը մեծ պատրաստություններ էին տեսնում: Ես չէի իմանում, թե այդ ինչի համար է, այդ պատճառով դիմեցի մորս: Մայրս նստած էր շատ տխուր, նրա աչքերը շատ լաց լինելուց ուռել էին բոլորովին: Նա նայեց ինձ. նրա հայացքի մեջ անսահման քնքշություն, սեր և միևնույն ժամանակ կարեկցություն էր նշմարվում: Նա կամենում էր խոսել, բայց ըստ երևույթին չէր կարողանում:

Մայրիկ, ի՞նչ է պատահել քեզ, — վախեցած հարցրի ես:

Հանկարծ նա վեր կացավ տեղից և ջերմագին գրկելով ինձ ասաց.

Քեզ այս գիշեր նշանում են, անգին աղջիկս... Եվ նա սկսեց դառնապես արտասվել:

Ի՞նչ, — սարսափած կանչեցի ես դուրս պրծնելով նրա գրկից, ես կարծեցի, թե այդ խոսքերի հետ ամբողջ տունը փուլ եկավ գլխիս:

Հայրդ կամենում է քեզ այս գիշեր նշանել, — կրկնեց մայրս, — և գիտե՞ս ում վերա, — այն մարդու, որ դու անցյալ կյուրակի տեսար եկեղեցում:

Ես այլևս ոչինչ չէի լսում, աչքերս բոլորովին մթնեցին, գլուխս պտտվեց և գրեթե անզգա ընկա բազկաթոռի վերա:

Այնուհետև մինչև մյուս օրն առավոտյան ես ոչինչ չեմ զգացել, թե ինչ է պատահել ինձ նույն գիշերը: Ես մի տեսակ անզգայության մեջ էի: Աչքերս բանալուն պես տեսա մորս նստած անկողնիս մոտ:

Ինչպե՞ս ես, աղջիկս, — եղավ նրա առաջին հարցը: Ես նայեցի նրան զարմացած:

Ի՞նչ է պատահել ինձ, — հարցրի ես իմ կողմից:

Աստված իմ, դու չե՞ս հիշում երեկվա անցքը...

Ես բոլորովին ոչինչ չեմ հիշում:

Դու չե՞ս հիշում, որ երեկ գիշեր քեզ արդեն նշանեցին...

Ես կարծեցի, թե հանկարծ սրտումս դաշույն ցցեցին:

Սուտ է, սուտ է, մայրիկ, դու ինձ խաբում ես... դու ինձ փորձում ես, — աղաղակեցի ես խելագարի նման:

Օ՛, հազար երանի կլիներ, եթե այդպես լիներ, անգին աղջիկս, — ասաց մայրս տակավին լաց լինելով:

Բայց ի՞նչ ունիմ քեզ խաբելու, քեզ փորձելու, անբա՛խտ աղջիկ... Դու բոլորովին անզգա էիր, երբ հայրդ հրամայեց, որ քեզ բռնի հագցնեն և ներս տանեն դահլիճը, որտեղ արդեն վաղուց սպասում էր քեզ փեսացուդ: Դու ապուշի նման անձնատուր էիր եղել, մի ընդդիմություն անգամ ցույց չէիր տալիս... Ես խնդրեցի, աղաչեցի հորդ, դառն արտասուքով թրջեցի նրա ոտները, որպեսզի քեզ հանգիստ, թողնեին, որպեսզի նա խղճար քեզ վերա, բայց նա այնքան կատաղած էր, որ քիչ էր մնում ինձ դաշույնով սպաներ, երկյուղից ես լռեցի բոլորովին... Օ՜, անգին, անգին աղջիկս, ի՞նչ չէի տալ, ի՞նչ չէի անիլ, միայն թե կարողանայի ազատել քեզ այդ գազանների ձեռքից, միայն թե...

Արտասուքը խեղդեց նրան բոլորովին, և նա սեղմեց ինձ յուր գրկի մեջ: Ես քարացած լսում էի նրան, բայց դարձյալ չէի հավատում, մի՞թե իսկապես ես կորած էի բոլորովին, մի՞թե իսկապես ինձ նշանել են այն մարդու հետ, որին հենց առաջին հայացքից ատեցի... բայց մի՞թե իսկապես կարող է մի այդպիսի անգթություն գոյություն ունենալ, որ գործ են դրել ինձ վերա:

Դու դարձյալ ինձ չե՞ս հավատում, աղջիկս, — ասաց մայրս նայելով իմ անմիտ, չռած աչքերիս, — բայց նայի՛ր մատիդ մատանուն, անբախտ աղջիկ:

Իրավ որ մատիս վերա մի թանկագին մատանի տեսա. ես կարծեցի, թե այդ ոչ թե մատանի է, այլ մի թունավոր օձ, որ մատովս էր փաթաթվել: Այն ժամանակ միայն հավատացի, որ մայրս ինձ չի խաբում, և ես իսկույն հանելով մատանին, դեն շպրտեցի:

Կորցրե՜ք այս... ես երբեք և ոչ ոքի կնության չեմ գնալ, — աղաղակեցի ես հուսահատական արտասուք թափելով: Հանկարծ այդ միջոցին դուռը բացվեցավ, և շեմքի վերա երևաց հայրս: Ես իսկույն նայեցի նրան, նրա դեմքն այն աստիճան կատաղի էր, որ ես ակամայից դողացի և ամուր կպա մորս, որ նույնպես սարսափած հորս վերա հառած ահռելի հայացքից լռել և դողում էր, ինչպես տերև: Մենք այդ րոպեին նմանում էինք վախկոտ գառների, որոնք գայլին տեսնելուն պես՝ կպչում են միմյանց, սպասելով, որ գազանը մոտենա և պատառոտե նրանց... դեռ մի րոպեաչափ լռություն տիրեց, երբ վերջապես հայրս ծանր քայլերով մոտեցավ մորս և ինչ-որ կրակված հայացքով նայելով ուղղակի նրա սարսափից չռած աչքերին, ասաց կամաց, բայց մի այնպիսի ձայնով, որից բոլոր արյունը սառեց մեր երակների մեջ:

Թե մեկէլ էս էրեխուն գժվեցրիլ իս, վա՛յ քու միխկը... Վերջին անգամն իմ ասում, աստուծ է վկա, խանչալախորով կոնիմ քեզ էն սհաթին և ետ... Ես ցերեմոնիեք չիմ գիդի:

Եվ նա դուրս գնաց:

Օ՛, Գրիգոր, այո՜, ես հաստատ համոզված էի, որ նա, անպատճառ կկատարեր յուր խոսքը, խո դու ինքդ տեսել ես, թե մինչի ո՞ր աստիճանի է հասնում նրա կատաղությունը... իրավ որ անբախտ մայրս այնուհետև բերանը չի բացե այդ մասին, երկյուղից նա իրեն միշտ հեռու էր պահում ինձանից, և երբ ես նրան տեսնում էի, նրա աչքերը միշտ ուռած ու կարմիր էին լինում, նա լուռ անօգուտ արտասուք էր թափում ինձյուր միակ սիրելի աղջկա համար: Նա ճնշում էր յուր մեջ մայրական սիրո ամենաքնքուշ զգացմունքները: Նա չէր կարողանում, նա չէր համարձակվում ինձ պաշտպանել, նրան արգելում էին, նրան սպառնում էին սոսկալի մահով...

Մի քանի օրից հետո ես իմացա, որ հարսանիքս երկու շաբթից հետո է լինելու: Անգին Գրիգոր, այժմ քեզ եմ թողնում երևակայել իմ դրությունս... Մինչև այժմ ես իմ գլխովս անցած բոլոր բաները դարձյալ երազ էի համարում, ես հավատալ չէի կամենում, որ հայրս իսկապես այնքան անգութ կգտնվի, որ ինձ այն մարդու ձեռքը կձգե, որի հրեշային պատկերը հիշելիս անգամ բոլոր արյունս սառում էր երակներիս մեջ... Բայց այժմ, այժմ միայն ես համոզվեցա, որ այդ ամենադառն իրաղություն էր: Մի՞թե իսկապես ես այն ծերունիհրեշի կինը պիտի լինեի, մի՞թե իսկապես իմ ծաղիկ հասակս այդպես շուտ, այդպիսի սոսկալի կերպով պիտի թառամեր, և որ ինձ ավելի խելագարության էր հասցնում, մի՞թե իսկապես ես պիտի բաժանվեի քեզանից ընդմիշտ, հավիտյան, անգի՛ն Գրիգոր... Հապա մեր նախագծած ցնորքները, նպատակնե՞րը... Աստված իմ, ի՞նչ անեի, որին դիմեի, որի՞ն աղաչեի, որ ինձթշվառիս, անպաշտպանիս ազատեր այդ դրությունից, որ հեռացներ ինձ այն ահարկու վիհից, որի մեջ անդառնալի կամենում էին ինձ գլորել: Ես մենակ էի, ամբողջ աշխարհիս մեջ մենակ...

Մինչև անգամ աստված էլ ինձ չէր լսում... Մի ելք միայն կար, որին ինձ նման թշվառներից շատերը դիմել և դիմում ենդա ինքնասպանությունն է... բայց, օ՛, պակաս սարսափի մեջ չէր գցում ինձ և դաինքնասպանությունը... Ես ինչ իրավունք ունեի կյանքիս վերա սպառնալու, մի՞թե ես միայն ի՜նձ էի պատկանում, հապա իմ մա՞յրս, իմ անգին, անբախտ մա՞յրս... ես որ մեռնեի, ի՞նչ պիտի աներ նա, ի՞նչ պիտի լիներ նրա դրությունը... չէ որ ես նրա միակ ուրախությունն էի, չէ որ նա միայն ինձանով էր մխիթարվում, ինձանով ապրում... Իսկ դո՞ւ, դո՞ւ, իմ հոգույս հատոր, Գրիգոր... այնուհետև ես ի՞նչ պատասխանեի քեզ, մորս... աստված իմ, աստված, ես դարձյալ հույս ունեի, հո ւյս, որ հայրս ինձ կխղճար, չէ՞ որ ես նրա միակ, միակ զավակն էի, չէ՞ որ նա քար չէր: Եվ այսպես մի օր արտասուք թափելով ես ընկա նրա ոտները, ես համբուրում էի, թրջում էի նրա ոտները, աղերսում էի, որ թողնի յուր մտադրությունը, բայց նա կատաղած ինձ ոտով մի կողմը հրեց և հրամայեց, որ ես այլևս այդպիսի «անամոթություններ» չանեմ... Հանգավ հույսիս վերջին նշույլը: Երևակայիր, Գրիգոր, մի խեղդվող, որի գլուխը փրփրան գետի երեսին հազիվհազ երևում է և որ, հավաքելով յուր վերջին ուժը, կամենում է հասնել ջրի հոսանքի հետ խաղալով գնացող մի փոքրիկ տաշեղին, որի վերա է նա տեսնում յուր փրկության հույսը այդ կատաղի մռնչող գետի ալիքների մեջ, նա մեկնում է յուր ձեռքը դեպի այդ տաշեղը, հանկարծ տաշեղն անհայտանում է նրա աչքերից, և նա կուլ է գնում ջրային գերեզմանի մեջ: Ասա՛, Գրիգոր, ի՞նչ կլինի մի այդպիսի մարդու դրությունը, իսկ իմ դրությունը դրանից էլ սոսկալի էր... կռվել այլևս անհնար էր: Թո՜ղ կատարվի իմ ճակատագիրսվերջապես վճռեցի ես և անձնատուր եղա:

Ինձ պսակեցին, և ես դարձա նրա կինը, ուրիշ խոսքերովինձ թաղեցին կենդանի, և ես շարունակում էի ապրե՛լ

Մի քանի խոսք կասեմ, Գրիգոր, իմ ամուսնուս մասին, որոնցից դու կարող ես երևակայել իմ ներկա դրությունս: Ամուսինս Թիֆլիսի ամենահարուստ վաճառականներից մեկն է, այն վաճառականներից, որոնց դիզած հարստության ամեն մի կոպեկը ամենակեղտոտ միջոցներով է ձեռք բերված, և որոնց աստվածը միայն փողն է: Իմ ամուսինս այնպիսի մարդկանցից է, որոնց ապաստարանը պատանեկությունից սկսած մինչև խորին ծերությունը միշտ և միայն անբարոյականության տեղերն են, անբարոյականության, որի հետքերն անջնջելի կերպով դրոշմվում են նրանց վերա և այն անբուժելի կերպով ազդում է նրանց ֆիզիկական առողջության վերա, և նրանց ախտերով վարակված կյանքը վարակում է և իրենց շրջապատողներին... մի խոսքով իմ ամուսինս այնպիսի մարդկանցից է, Գրիգոր, որոնք ոչ թե մարդ (օ՛, ափսոս է այդ սուրբ անունը), այլ հրեշ միայն պիտի կոչվին... Եվ ես աշխարհիս մեջ ամենաանբախտն, ամենաթշվառը դրա ձեռքն ընկա, դրա, որը մի օրում թունավորեց իմ նորածիլ կյանքս, ինչպես սաստիկ հյուսիսին, որ մի քանի րոպեում չորացնում է մի գեղեցկատեսիլ, նորաբողբոջ ծաղիկ: Այո, մի օրում, Գրիգոր, այդ հրեշն ինձ այն վիհը գլորեց, որից երբեք և ոչ մի կերպ դուրս գալ կարելի չէ... Ահա , թե ինչի իմ անբախտ մայրս այնքան դառն, այնքան աղի արտասուք էր թափում ինձ համար, նա ինձ վաղուց կորած էր համարում, որովհետև նա վաղուց արդեն ճանաչում էր այդ հրեշ մարդուն: Նա ավելի լավը կհամարեր արյունխորով տեսներ ինձ ընկած յուր ոտների առաջ, քան այդ մարդու ձեռքին, բայց նա անզոր էր, նրա ձեռքին ոչինչ չկար...

Գուցե այդ ինձ հարցնես, սիրելի Գրիգոր, թե ի՞նչն էր պատճառը, որ հայրս ինձ հենց այդ հրեշ մարդու հետ ամուսնացրեց, մի՞թե նա նրան չէր ճանաչում, նրա կյանքին ծանոթ չէր. եթե ծանոթ չէր, խո մայրս ճանաչում էր, մայրս կնախազգուշացներ նրան, նա ցույց կտար նրան այն կորուստը՝ դեպի որը նա կուրորեն հետևում էրայո՛, Գրիգոր, — կպատասխանեմ ես քեզ, — նա մորիցս այդ ավելի լավ գիտեր, նա ավելի լավ էր ճանաչում այդ մարդուն և դրա վարած կյանքը, քան մայրս, բայց տես, թե բանն ինչումն է: — Հայրսինչպես դու գիտես, սովորություն ունի միշտ կլուբ գնալու, ավելորդ է ասել, թե որքան գումարներ է նա այդտեղ տարել և տարվել... Մի երեկո նա պատահել է այնտեղ իմ ամուսնուն, և երկուսով սկսել են թուղթ խաղալ, այդ գիշեր հորս բոլորովին չէ հաջողվում, և նա սկսել է տանուլ տալ: Նա կատաղությունից սկսում է հետզհետե գումարները ավելացնել: Վերջապես այդ գիշեր նա վեց հազար ռուբլի է տանուլ տվել: Իհարկե, այդ փոքր գումար չէ և հայրս երկար ժամանակ չէ կարողացել՝ թե չէ ուզեցել վճարել: Տեսնելով այդ և կասկածելով, թե միգուցե հայրս այդ ամենևին էլ չի վճարիլ, պարտատերը մի լավ բան է մտածումայն է՝ փողի տեղ ինձ առնե և այդ բանն այն, ինձ անծանոթ, պառավ կնոջ միջնորդությամբ առաջարկում է հորս, որն յուր կողմից մեծ ուրախությամբ ընդունում է այդ առաջարկությունը: Հայրս այդտեղ յուր համար երկու մեծ օգուտ է տեսնումառաջինը, որ յուր վեց հազար պարտքից է ազատվում և երկրորդըինձ առանց օժիտի է ամուսնացնում և այդ էլ մի այնպիսի հարուստ մարդու հետ, որպիսին էր իմ ամուսինը: Ես հետո իմացա, որ այդ մարդուն գրեթե ամենքը ճանաչելիս են եղել և ոչ ոք դրան չէ կամեցել աղջիկ տալ, չնայելով, որ ինքն է առաջարկելիս եղել փող: Ես երկար չեմ խոսում, Գրիգոր, ես քեզ եմ թողնում մտածել իմ հոր, իմ հարազատ հոր այդ վարմունքի վերա:

Եվ այսպես ես ծախված էի, կամ ավելի ճիշտն ասած, եսկենդանի արարածս թղթի մեջ կլուբում տանուլ էի տված և այն էլ իմ հարազատ հոր ձեռքով... Օ՜հ, ես չեմ կարող այլևս մի բան ասել, իմ սրտիցս արյուն է կաթում, իմ վաղուց ցամաքած աչքերիցս արտասուքի կաթիլներ են դուրս ցայտում իբրև բողոք, բայց ո՞ւմը և ո՞ւմ դեմ...

Հասկանալի է, Գրիգոր, որ ես այլևս չէի կարող այն՝ կայտառ, վարդագեղ աղջիկը մնալ, ինչպես առաջ: Իմ ամուսինս հենց առաջին օրից մի այնպիսի ցավ պարգևեց ինձ, որից միայն մահով են ազատվում... Բժիշկները խորհուրդ էին տվել այս ամառը ամառանոցում անցկացնելու, և երբ ես գրում եմ իմ այս տողերը, մենք գտնվում ենք ամառանոցում: Այս նամակը շատ վաղուց է, ինչ սկսել եմ, օրը մի քանի տող հազիվ եմ կարողանում գրել: Այսօր տանը ոչ ոք չկա, ամուսինս և հայրս քաղաքումն են, իսկ մորս, որը մի րոպե անգամ ինձ մենակ չէ թողել, ես հազիվհազ ուղարկում եմ տեղիս հասարակաց այգին զբոսնելու: Բժիշկ ամենևին չեմ ընդունում, ես կամենում եմ շուտով մեռնել, թողնել այս փուչ աշխարհը, որտեղ իմ մանուկ կյանքս այսպես շուտ թունավորեցին, որտեղ իմ ձգտումներով, նպատակներով լի սիրտս ճմլեցին, մեռցրին... Օ՜, այո՛, մահըայդ կյանքի ալեկոծության նավահանգիստը, այդ ինձ նման թշվառների մենակ փրկության հույսը... Ո՜րպես քաղցր է թվում ինձ... Մեռնե՜լ, հանգստանա՛լ, հանգստանալ ընդմիշտ, հավիտյան... Ահա ես տեսնում եմ այնտեղ մի լուսաճաճանչ հրեշտակ, նա ժպտում է ինձ, նա շշնջում է ինձ. «Բավ է, դու ապրես այդ թունավոր աշխարհում, որտեղ մարդկանց համար ոչինչ սուրբ, ոչինչ նվիրական բան չկա, ե՛կ, ես կթռցնեմ քեզ իմ լուսաճաճանչ թևերիս վերա դեպի երկնքի հավիտենականություննայնտեղ, որտեղ միայն խաղաղություն, սուրբ սեր, և անդորրություն է տիրում»... Եվ ահա՛, ես ընկնում եմ դրա գիրկն, և այդ քա՛ղցր է, քա՛ղցր է...»:

Բժիշկ Սեյրանյանն ապրեց և ապրում է. նա կատարեց յուր երդումը: Նա մինչև յուր վերջին շունչը չի մոռանալ Նունեի հիշատակը, և մինչի օրս էլ նա կատարում է նրավերջին խոսքը:

ԲԱՐԵՐԱՐ ԵՎ ՈՐԴԵԳԻՐ

Պատկեր կյանքից

Ա

Աշնանային ցուրտ, բայց արև օրերից մինն էր: Գետինը սաստիկ սառել էր: Քաղաքի շրջակա սարերի վերա ձյունը սփռել էր յուր սպիտակ սավանը, տների կտուրները ծածկված էին եղյամով, որ՝ հալվելով միջօրեի արևի անզոր ճառագալթներից` կամաց-կամաց ծլծլում էր երկայն խողովակներից ներքևփողոցը, որտեղ և կազմում էր փոքրիկ լճակներ և կպչուն ցեխ: Ծխնելույզներից դուրս էր գալիս վառարանների սև ծուխը, որ առավել ևս թանձրացնում էր քաղաքի վերա կանգնած փոշիանման մշուշը:

Թամամշյանի քարվանսարայի հարավային կողմը, որտեղ այժմ գտնվում էր դեպի Վերա և Միքայելյան կամուրջը տանող ձիաքարշ երկաթուղիների կայարանը, քարվանսարայի լայն սալահատակ մայթի վերա, ինչպես միշտ, նույնպես և այդ օրը խռնվում էր ամբոխը: Այդ ամբոխը, որ սովորաբար բաղկացած է լինում ամեն ազգի, դասակարգի և հասակի անգործ մարդկանց ներկայացուցիչներից, որոնց անողորմ բախտը կամ չէ ժպտում, կամ որոնք իրենց սեփական արմատացած ծուլության հալածանքների տակն են գտնվումհավաքվում է այդտեղ մի կերպ սպանելու ձանձրացուցիչ օրը, մանավանդ աշնանային այդպիսի եղանակներին, երբ ուժասպառ արևը չէ զլանում յուր անզոր ճառագայթներով ջերմացնելու նրանց սառած և շատերի էլ հազիվ ծածկված անդամները: Դուք այդտեղ կգտնեք ծառայությունից վռնդված կամ նոր պաշտոն փնտրող իմերել ծառաներ, որոնց խումբն ամենից բազմաթիվ է այդ անգործ ամբոխի մեջ. կգտնեք և՜ հայաստանցի անգործ մշակներ (սակայն դրանց կարելի է մատների վերա համարել), և քաղաքացի «ջիբգիր» կինտոներ կգտնեք, և՛ խանութներից վռնդված աշակերտներ, և՜ քաղցած, լոթի, կարմրա-լրջաքիթ գրագիրներ կգտնեք, և՜ երբեմն հարուստ, բայց այժմ չար բախտից աղքատացած կամ սնանկացած վաճառականներ, և՜ պաշտոնաթող կամ պաշտոնազուրկ արքունական ծեր ծառայողներ և այլն, և այլն: Ոմանք ի մի խմբված խոսում, ծիծաղում, կատակներ են անում և, մինչև անգամ, ամբոխը ճեղքելով, երեխաների նման, վազվզում են միմյանց հետևիցդրանք միայն թեթևամիտ իմերելներն են, որոնք թե մեծ, թե փոքր ընդհանրապես այդ երեխայական բնավորությունն ունեն: Ոմանքավելի հասակավորներն ու լրջամիտները կոլոլված իրենց հին, շատ տեղ պատառոտված և կարկատած վերարկուների մեջ, որոնք հիշեցնում են նրանց նախկին նախանձելի դրությունը՝ խոսում և վայ են տալիս կամ հասարակության, կամ իրենց գլուխըդրանք աղքատացած կամ սնանկացած հարուստ վաճառականներն են: Ոմանք պատի տակ նստած և մինչև անգամ պառկած ու աչքերը խփած դեմքերը դարձրել են դեպի արևը կամ ընկղմված են խորը մտածմունքների մեջ, կամ քնած ենդրանք քարվանսարայի անգործ մշակներ են: Մի խոսքով այդ ամբոխից ամեն մեկը զբաղված է մի որևիցե բանով, ինչ բան որ կարող է ունենալ ծույլ և անգործ մարդը:

Սակայն այդ բոլորի մեջ միայն մեկն էր, որ յուր վերա էր դարձնում դիտողի ուշադրությունը:

Դա մի նիհար պատանի էր, որ կուչ էր եկած պատի տակ, որտեղ արևի ճառագայթներն ավելի ջերմ էին: Նա հագած ուներ ամառվա սպիտակ, մաշված բլուզ և նույնպիսի անդրավարտիք: Կոշիկները պատառոտված էին, որտեղից դուրս էին եկել նրա մերկ ոտների մատները, որոնք ցրտից կապտել և ուռել էին: Շեկ և ըստ երևույթին, երբեմն փափուկ ու փայլուն, բայց այժմ կեղտոտ մազերը, երկար ժամանակ մկրատի սանրի երես տեսած չլինելով, այնքան երկարել և այնպես խճճվել էին, որ առանց այն էլ, փոքրիկ, հին գլխարկը հազիվ ծածկում էր նրա գագաթը: Նա սաստիկ դողում էր ցրտից և գունդի նման կծկվել էր նստած տեղը: Նրա դեմքը բոլորովին չէր երևում, որովհետև դա ծածկվել էր նրա կռների և ծնկների մեջ:

Նրա մի կողքին՝ երկայն ու մեկ ձգված և գլուխը փալանի վերա դրած՝ խռմփացնում էր մի պարթև մշակ, իսկ մյուս կողքին բոլորել էր իմերել զվարճասերների մի խումբ մի ինչ-որ ծաղրածու վռնդված իմերելխոհարարի շուրջը ծաղրածուն, որ հասակն առած գողի աչքերով մի մարդ էր, զանազան միմոսություններ էր անում և ամենալիրբ պատմություններ ճառում յուր նախկին պարոնների, տիկինների և նրանց աղջիկների մասին, իսկ շրջապատած խումբը մեծ ախորժակով լսում է նրան և միաբերան ծիծաղում, հռհռում էր: Ծաղրածուն հանկարծ կտրեց յուր պատմությունը, ճեղքեց իրեն շրջապատած խումբը և գոռալովհաթաթատով այնպես խփեց խեղճ կծկված պատանիին, որ դա գլորվեցավ և ընկավ կողքին խռմփացնող մշակի վերա: Զվարճասերների խմբի մեջ սաստիկ ծիծաղ բարձրացավ, մանավանդ, երբ պարթև մշակը վախեցած հանկարծ վեր թռավ տեղից, և նրա այդ ուժեղ շարժմունքից խեղճ պատանին երկրորդ անգամ գլորվեցավ և այս անգամ ուղղակի գետին: Մշակը կատաղի կերպով չռեց նրա վերա յուր աչքերը և սաստիկ հայհոյանքով հարձակվելով նրա վերա, յուր ծանր բռունցքով այնպես խփեց նրա գլխին, որ խեղճը երրորդ անգամ տապալվեցավ գետին: Բայց տեսնելով, թե որքան թշվառ և թույլ էր այն արարածը, որի հետ այնպես անգթաբար վարվեց, մշակը, ըստ երևույթին, մեղքացավ նրա վերա և փնթփնթալով գնաց, ձգվեց յուր առաջվա տեղը: Ծաղրածուն, որ պարթև մշակի կատաղի հայացքից պակաս չէր վախեցել, գող կատվի նման թաքնվել էր զվարճասերների խմբի մեջ, որի ծիծաղն ու հըռհըռոցը կրկնապատկվել էր միմյանց հետևող այդ անսպասելի տեսարաններից: Խեղճ պատանին, որ տակավին խելքը գլուխը չէր ժողովել, լաց լինելով վեր կացավ և վերցնելով մոտ ընկած գլխարկը, հեռացավ զվարճասերների խմբից: Նա դողդողալով դարձյալ կուչ եկավ պատի տակ, որտեղ ծաղրածու-իմերելն այլևս չէր կարող նրան տեսնել, որովհետև ամբոխը բոլորովին ծածկեց նրան: Այժմ պարզապես երևում էր նրա դեմքը, որի փափուկ, համեստ և քնքուշ գծերը ցույց էին տալիս, որ նա այն փոքրիկ և անպիտան սրիկաների՜ց չէ, որոնցով այնքան հարուստ են Թիֆլիսի փողոցները: Նա կլիներ ոչ ավելի, քան տասնևչորս տարեկան: Նա գեղեցիկ էր, բայց որովհետև ցուրտը սաստիկ կապտացրել էր նրա նիհար դեմքը, այդ գեղեցկությունը, գոնե առաջին հայացքից, բնավ չէր նկատվում նրա վերա:

Նա դադարեց լաց լինելուց, երևի հասկանալով, որ այդ անօգուտ է և դրանով բոլորովին չի կարող շարժել իրեն շրջապատող այդ ծույլ, անգործ ամբոխի անզգա սիրտը և սկսեց նայել փողոցում դղրդալով անցնող կառքերին, որոնց մեջ նստած էին թանկագին մուշտակներում կոլոլված կամ հաստափոր և բարակափոր պարոններ, կամ նույնպես տաք հագնված և դեռ ծնկների վերա էլ թիկնաշոր գցած քնքշատիպ տիկիններ, օրիորդներ ու երեխաներ...

Այդ միջոցին նրա առաջով ամառվա հին, յուղոտած վերարկուի մեջ կոլոլված մի մարդ էր անցնում: Նրա մի տեսակ արագությամբ այս ու այն կողմը շարժվող սև աչքերից, որոնք կարծես մեկին անդադար որոնում էին, և դաժան կերպարանքից իսկույն երևում էր, որ նա անպիտան, խորամանկ, անգութ և շատ բացասական հատկությունների տեր մարդ էր: Նրա արծվի քիթը, արագաշարժ աչքերի սուր հայացքը և սաստիկ սև, գրեթե արաբական մազուտ դեմքը, մի տեսակ երկյուղ էին ազդում նայողի վերա:

Նրա հայացքն ընկավ պատանիի վերա և նա, հանկարծ կանգ առնելով, դեռ մի րոպե հեռվից սկսեց դիտել նրա դեմքը ճիշտ այնպես, ինչպես առյուծը դիտում է յուր որսը. հետո կամաց-կամաց մոտեցավ նրան և կանգնեց նրա առաջ: Նա յուր սուր հայացքը բնավ չէր հեռացնում նրա դեմքից և նայողը կասեր, թե յուր այդ աչքերով նա կամենում է ուտել այդ պատանուն:

Ո՞ւմ տղան ես, — հանկարծ հարցրեց նա:

Նրա ձայնը գամփռ շան հաչոցի էր նմանում: Պատանին նայեց նրա դեմքին և, ըստ երևույթին, սարսափեց նրա կերպարանքից: Նրա դողը սաստկացավ, և նա այդ անկոչ բարեկամից քաշվեցավ մի կողմը:

Հիմա՛ր, քեզ եմ ասում, ո՞ւմ տղան ես, — հարցրեց նա. դարձյալ, աշխատելով որքան կարելի է ձայնը մեղմացնել:

Պատանին դարձյալ նայեց նրա դաժան կերպարանքին:

Ի՞նչ եք ուզում ինձանից, — վերջապես երկչոտությամբ և հազիվ լսելի ձայնով ասաց նա:

Ասում եմ, ո՞ւմ տղան ես, — այս անգամ, կարծես, անհամբերությամբ ասաց անծանոթը:

Ես... ես հայր չունիմ...

Մա՞յր

Մայր էլ չունիմ, — ասաց պատանին այնպես, որ կարծես խաբում լիներ:

Անծանոթի դաժան կերպարանքի վերա ցոլաց ժպիտ:

Ը-հը՜, այդպես ասա, էլի, — խոսեց նա, — ձայն չես հանում, կարծես լեզու չունիս... դու հենց կարծում ես, թե ես լավ մարդ չե՞մ... ընդհակառակը՝ ես շատ լավ մարդ եմ... և, տեսնում ես, եկել եմ քեզ կարեկցելու:

Պատանին այդ խոսքերի վերա և՜ զարմացմամբ, և՜ ուրախությամբ խոր նայեց այդ «շատ լավ» մարդու դաժան կերպարանքին, կարծես, ինքն իրեն հարցնելով, թե մի՞թե այդպիսի դեմքի տեր մարդը ընդունակ կլինի կարեկցության:

Եվ այդպես, դու ո՞րբ ես, — հարցրեց դարձյալ «շատ լավ» մարդը մտախոհ կերպով:

Այո՜:

Բոլորովի՛ն որբ ես:

Այո:

Եղբայր կամ հորեղբայր է՞լ չունիս:

Ո՜չ,

Դե՛հ, եկ գնանք միասին:

Պատանին, կարծես, ակամայից ավելի խոր նայեց նրա դեմքին և տեղից չշարժվեցավ:

Դե հ, ի՞նչ ես կանգնել, եկ գնանք, է՛լի:

Ո՞ւր, — անվճռականությամբ և երկյուղով հարցրեց պատանին:

Քեզ որ ասում եմ եկ՝ եկ, էլ ոչինչ մի հարցնիլ... Այս ցրտումը որ կանգնել ես, ի՞նչ պիտի շինես... Քաղցած էլ ես, չէ՞,

Այո... երեք օր է ոչինչ չեմ կերել, — պատասխանեց պատանին, և նրա աչքերում արտասուքի կաթիլներ ցոլացին:

Տեսնո՞ւմ ես. այստեղ որ մնաս, քաղցած կմեռնես, իսկ ինձ հետ որ գաս, ես քեզ հաց էլ կտամ ու ամեն բան էլ... Դե՛հ, էլ ձայն մի հանիլ ու եկ գնանք:

Եվ անծանոթն առաջ ընկավ, իսկ պատանին, նրա վերջին խոսքերից սիրտ առնելով, հետևեց նրան:

Անծանոթը գնում էր շտապով, այնպես որ պատանին յուր սառած ոտներով հազիվ էր կարողանում նրան հետևել: Նրանք անցան հրապարակը, մի քանի ուրիշ փողոցներ և վերջապես տասը րոպեից հետո հասան Ք... թաղը: Այդտեղ անծանոթը դարձյալ ծռվեց մի ինչ-որ նեղ ու մութ փողոց և կանգնեց մի կիսախարխուլ, Նոյի ժամանակվանից մնացած խրճիթի դռան առաջ: Կանգնեց և պատանին: Անծանոթը հանեց գրպանից դռան հին, ժանգոտած կողպեքի բանալին, բացեց դուռը և ներս մտավ գլուխը բավական թեքելով, որովհետև դուռը շատ ցածր էր: Ներս մտավ և պատանին:

Խրճիթը այնքան փոքր էր և ցած, որ հազիվ մի քանի մարդ տեղավորվեին: Կահավորանք ասած բաներից այնտեղ ոչինչ չկար, բացի մի ինչ-որ հին, անմեջք, հասարակ աթոռից և մի նույնպիսի սեղանից, որի վերնատախտակը տեղ-տեղ այրված և կեղտից սևացած էր: Պատի մեջ հանված փոքրիկ չորսապակիավոր լուսամուտը հազիվ լուսավորում էր մերկ և խոնավ գետնի վերա գցած կեղտոտ անկողինը, իսկ բաց թարեքում երևում էր օղիի մի շիշ, բաժակ և սև հացի կտոր ու պանիր: Ուրիշ ոչինչ չէր երևում այնտեղ:

Դե՛հ, ինչպե՛ս է. այստե՞ղ է լավ, թե այնտեղ, որ չէիր ուզում գալ, — խոսեց անծանոթն յուր կոպիտ ձայնով, փակելով խրճիթի ճռճռան դուռը, երբ պատանին արդեն ներս էր մտել և դռան մոտ կանգնած դողղողալով դիտում էր իրեն անծանոթ խրճիթը: — Գնա և նստիր այնտեղ. — և նա ցույց տվավ աթոռի վերա, որ դրված էր սեղանի մոտ լուսամուտի տակ:

Պատանին նստեց:

Հը, ինչպե՞ս է, տաք է, թե ոչ:

Այո, — հազիվհազ արտասանեց պատանին, չնայելով, որ խրճիթը սաստիկ խոնավ և ցուրտ էր, իսկ ինքը դողալուց ցնցվում և վեր ու վեր էր թռչում աթոռի վերա, որից և դա մի տեսակ ճռճռոց էր հանում:

Դու ասացիր, որ քաղցած ես, չէ՞:

Այո:

Անծանոթը մոտեցավ թարեքին:

Դե՜հ, էլ ի՞նչ ես այդպես ճռճռացնում աթոռը, — հանկարծ ասաց նա՝ ետ նայելով դեպի պատանին, որ հաց ու պանիրը տեսնելուն պես ավելի էր սկսել դողացնել, որից և աթոռի ճռճռոցը սաստկացել էր:

Պատանին ամուր սեղմեց միմյանց ատամները, դողը զսպեց և անհամբերությամբ սպասում էր հաց ու պանրին. բայց անծանոթը նախքան նրանց ձեռք տալը՝ վերցրեց օղիի շիշը. լցրեց բաժակը, մի ումպով կոնծեց և դարձյալ դրեց տեղը, այնուհետև վերցրեց հաց ու պանիրը, նախ կտրեց յուր համար թե՛ մեկից և թե՛ մյուսից, իսկ մնացածը դրեց պատանիի առաջ՝ սեղանի վերա, ասելով.

Դե՜հ, կեր, կշտացիր, — և սկսեց յուր հաց ու պանիրը կծոտել ու ծամել, որի ժամանակ նա խոզի նման մի ինչ-որ խռխռոց էր հանում:

Պատանին վերա ընկավ հաց ու պանրին և ագահաբար սկսեց ուտել, կարծես, երկյուղ կրելով, թե մի գուցե «շատ լավ» մարդը շուտով վերջացնի յուր մասը և հետո յուր մասն էլ խլի:

Երկար ժամանակ խրճիթում ոչինչ չէր լսվում, բացի նրանց հաց ու պանիր ծամելուց, աթոռի ճռճռոցից և անծանոթի խռխռոցից: Վերջինս կանգնած էր պատանու առաջ, ահագին կտորները բերանն էր կոխում և մեծ ուշադրությամբ զննում էր նա ցրտից կապտած դեմքը: Վերջացնելով յուր հաց ու պանիրը նա մոտեցավ թարեքին, դարձյալ ածեց օղին և կոնծեց:

Ես որ քեզ ասում էի, թե շատ լավ մարդ եմ, դու ինձ չէիր հավատում, — դարձավ նա պատանիին՝ վերարկուի կեղտոտ փեշով սրբելով բերանն ու բեղերը: — Եթե ես չլինեի, հիմա դու այնտեղ ցրտից և քաղցից մեռած կլինեիր, գիտե՛ս թե չէ... Հա՜, այդպես: Ուրեմն, դու կաց այստեղ, մինչև իմ գալս, ես գնում եմ և շուտով կվերադառնամ:

Պատանին առանց հաց ու պանիրը թողնելու, այնպես նայեց նրան, որ, կարծես, ասում էր. «Ես ամենևին էլ միտք չունեմ այստեղից հեռանալու»:

Անծանոթը դուրս գնաց խրճիթից: Դուռը կողպեքով կողպեց, բանալին կոխեց գրպանը և փաթաթվելով վերարկուի մեջ, շտապ քայլերով հեռացավ:

Следующая страница