Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Երկար ժամանակ երկուսն էլ լուռ զբաղված էին իրենց գործերով, երբ հանկարծ դուռը բացվեցավ և շտապով ներս մտավ ոտից գլուխ սև հագնված մի երիտասարդ նույն հասակի, ինչ-որ Գարեգինը, բայց տխուր դեմքով: Նա Գարեգինի պաշտոնակիցն էր և ամենասրտակից ընկերը:

Ներեցեք ինձ, — խոսեց նա շնչասպառ և դողդոջուն ձայնով, սեղմելով նախ քրոջ, ապա եղբոր ձեռքը, որոնք նրա հանկարծակի մտնելուն պես թողնելով իրենց պարապմունքը՝ զարմացած և լուռ նայում էին նրա տխուր դեմքին: Ներեցեք ինձ, խնդրում եմ. ես ձեզ մոտ եկել եմ մի խնդիրքով, որ եթե կատարեիք կամ գոնե աշխատեիք կատարել, ինձ շատ և շատ կպարտավորեցնեիք...

Ի՞նչ է պատահել, Սմբատ, — զարմացած և անհամբերությամբ հարցրեց Գարեգինը:

Ես երբեք այդ խնդիրքով չէի գալ ձեզ մոտ, շարունակեց Սմբատը, — եթե անհրաժեշտ կարիքն և սուղ ժամանակն ինձ չստիպեին, որովհետև ես գիտեմ, որ դուք շատ կարելի է անկարող կգտնվիք օգնելու ինձ. բայց այնուամենայնիվ ես դարձյալ...

Վերջապես, դու եկել ես այստեղ երկարաբանելու, թե ասելու այն, ինչ որ քեզ պետք է, — համբերությունից դուրս գալով ընդհատեց նրան Գարեգինը. — ուղղակի ասա ինչ ես ուզում:

Դու գիտես, սիրելի Գարեգին, — սկսեց Սմբատը, որ իմ հայրս մեռավ առանց ինձ մի կոպեկ անգամ ժառանգություն թողնելու, բացի հազար ռուբլի պարտքից և այն տնից, որի մեջ այժմ բնակվում եմ ես մորս հետ: Հորս մահից հետո անմիջապես պարտատերերը սկսեցին ինձ նեղել, որ պարտքը վճարեմ: Ես խոսք տվի, որ այստեղից այնտեղից հավագլելով, մի կերպ կգումարեմ հազար ռուբլին և իրենց կտամ, բայց դժբախտաբար այդ ինձ ոչ մի կերպ չհաջողվեցավ... Ուսումնարանից ստացած ռոճիկս էլ բոլորովին ծախսվել էր մի մասը տան վերա, մյուսը՝ հորս թաղման վերա... Մնացել էի հուսահատ դրության մեջ, որովհետև պարտատերերը սպառնում էին ինձ հազար ռուբլու տեղ առնելու երեք հազար ռուբլի արժող տունը: Երկար ժամանակ այս մասին ես չէի ուզում հայտնել և դիմել ձեզ, որովհետև գիտեի, որ դուք ևս անկարող կգտնվիք ինձ օգնելու, բայց վերջապես այսօր ամեն տեղից հույսս կտրած՝ ես դարձյալ դիմում եմ ձեզ, անգին բարեկամներս, հուսալով, որ դուք, այնուամենայնիվ, մի կերպ կաշխատեք օգնել ինձ այս դրությունից դուրս գալու համար... ժամանակամիջոցից արդեն յոթ օր էլ անցել է, և եթե այսօր ես չկարողացա հազար ռուբլի ձեռք բերել և հորս պարտքը վճարել, վաղն արդեն առանց այլևայլության երեքհազարանոց տունը պիտի խլեն ձեռքիցս: Անգին բարեկամներս, ճարեցեք այդ գումարը և ուզում եք տունը գրավ վերցրեքես, իհարկե, այդ գումարն առանց հատուցելու չեմ թողնիլ... Գիտեմ, որ դուք այդքան գումար չեք կարող ունենալ, — շտապով ավելացրեց նա, տեսնելով, որ քույր ու եղբայր ծանր լռություն են պահպանում. — Այո՜, այդ գիտեմ, բայց ես առավել այն հույսով եկա ձեզ մոտ, որ դուք այդ գումարը կարող եք առնելձեր հորից:

Մե՜ր հորից, — կանչեց իսկույն Գարեգինը մի այնպիսի եղանակով, որ կարծես ասում էր՝ դրանից ավելի անկարելի բան չէ կարող լինել աշխարհիս երեսին:

Այո, ձեր հորից, նա կտա, եթե նրան կամ գրավ առաջարկեք տունը, կամ տոկոս, մինչև որ վճարեմ այդ գումարը:

Ի՞նչ... կամ տունը գրավ առաջարկենք, կամ տոկո՞ս...

Այոի՞նչ է որ:

Երբ որ այդպես է, ավելի լավ կանես հենց հիմիկուց տունը պարտատերին տաս և քեզ համար հանգիստ նստես...

Ինչ ես ասում, Գարեգին...

Այո՛, — շարունակեց նույն եղանակով Գարեգինը, — կպրծնես:

Ես քեզ չեմ հասկանում...

Շա՛տ հասկանալի է... Եղբայր, դու չե՞ս ճանաչում իմ հորը, դու չգիտե՞ս, թե ինչպիսի մարդ է նա... դու չե՞ս հասկանում, որ երեքհազարռուբլիանոց տունը հազար ռուբլի գրավ տալով նրան, միևնույն է, թե զրկվում ես այդ տնից, որովհետև, ախր, եղբայր, քո թշվառ ռոճիկով դու ե՞րբ պիտի վճարես ամբողջ հազար ռուբլին, որ տունդ թափես, հազար ռուբլին, — երևակայո՞ւմ ես... դեռ ո՞ւր մնաց, որ հայրս քեզ վճարման ժամանակամիջոց կնշանակե այն պայմանով, որ եթե մինչև այդ ժամանակամիջոց պարտքդ վճարեցիր, խո վճարեցիր, իսկ եթե ոչտունն իրենը լինի: Թեկուզ հազար տարի նշանակե ժամանակամիջոց և եթե դու կաշվիցդ էլ դուրս գաս, դարձյալ չես կարող պարտքդ վճարել, չե՜ս կարող, ասում եմ... Իսկ եթե ուզում ես տոկոսով վերցնել այդ ավելի վատ, որովհետև նա քեզ այնպիսի սոսկալի տոկոսներ կնշանակե, որ հազար ռուբլու տեղ երեք-չորս հազար կվճարես, բայց դարձյալ հազար ռուբլի պարտքդ կմնա յուր տեղն անշարժ... է՛, եղբայր, դու դեռ չես ճանաչում վաշխառուներին, իսկ իմ հայրս նրանց պարագլուխն է

Սմբատը կորագլուխ մնացել էր կանգնած գրասեղանի մոտ: Այսպես կանգնում են նրանք, որոնք տեսնում են, որ իրենց վերջին հուսո մեջ էլ խաբված են եղել: Սենյակում մի րոպե ծանր լռություն տիրեց: Վերջապես Իսկուհին, որ բոլոր այդ ժամանակ մի ինչ-որ կարեկցող հայացքով նայում էր Սմբատի գունատ և տխուր դեմքին, ձեռքին բռնած գիրքը սեղանի վերա դրեց, վեր կացավ տեղից և մոտենալով եղբորն, ասաց.

Գարեգին, դու չափազանցնում ես մեր հոր բնավորությունը: Նա այնքան էլ անպիտան և անգութ չէ կարող լինել, որպես դու ես կարծում... Հիմա ի՞նչ անենք, այս պարոնը դիմել է մեզ, իբրև ամենամոտ բարեկամներին, որ մենք մի կերպ օգնենք իրենև մենք պիտի օգնենք սրան ինչպես էլ որ լինի... Ինչո՞ւ դու՝ դեռ գործին չդիմած այդպես ես խոսում... Դու գնա մեր հոր մոտ և ուղղակի խնդրիր հազար ռուբլին, առանց հայտնելու, թե ում համար և ի՞նչ պայմաններով... մի խոսքով ուղղակի ասա, որ այդ գումարը քեզ համար ես ուզում:

Օ՛, այդ անկարելի է, այդ ես չեմ թողնիլ, — զգացված կանչեց Սմբատը:

Անկարելի է, թե կարելի է, այդ դեռ կտեսնենք, — մեղմորեն և քաղաքավարությամբ ասաց նրան Իսկուհին:

Դուք եկել եք միայն խնդրելու մեր օգնությունը, ուրիշ ոչինչ. դրանով պրծել է ձեր դերը: Իսկ թե ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով պիտի օգնենք ձեզ և կարո՞ղ ենք արդյոք օգնել, այդ մեր գործն է արդեն: Մեզ մնում է միայն նստել և սպասել: Խնդրեմ նստեք:

Օրիորդ... — ուզում էր խոսել Սմբատը, բայց Իսկուհին չթողեց նրան:

Խնդրեմ նստեք, — կրկնեց նա նույն եղանակով: Սմբատն ապուշի նման նայեց նրա լուրջ, քնքշագեղ դեմքին և մեքենայաբար նստեց գրասեղանի մոտ դրված աթոռի վերա:

Գարեգի՜ն, — դարձավ օրիորդը եղբորը, — վեր կաց գնա՜, խնդրիր մեր հորից, որ քեզ հարկավոր է հազար ռուբլի, միայն խնդրիր, ուրիշ ոչինչ... Ի՞նչ ես ինձ այդպես նայում:

Որովհետև ես ուզում եմ գտնել քո լուրջ դեմքի վերա այն գծերը, որոնցից կարողանամ հասկանալ, որ իսկապես դու կատակ ես անում...

Գարեգի՜ն, — տաքացած խոսեց օրիորդը, — մի՞թե կատակի ժամանակ է, որ այժմ կատակ անեմ...

Ախր, երևակայիր, որ հայրս ինձ այժմ հազար ռուբլի պիտի տա, հայր՝ որ մինչև հիմա մի ասեղ անգամ չի տվել աչքս կոխելու...

Ավելի լավ է, ասա՛ թե չես ուզում օգնել ընկերիդ մինչև անգամ այդ չնչին բանով. — առավել ևս տաքացած պատասխանեց օրիորդը:

Իսկուհի՜, — լուրջ և վիրավորված եղանակով նկատեց Գարեգինը, — եթե քո այդ չափից դուրս բարի և ազնիվ բնավորությունը չլիներ, ես քեզ երբե՜ք չէի ներիլ այդ խոսքերը... Այդ մի անգամն ասացիր, այլևս չասես:

Ապա ի՞նչ անեմ, դու չես ուզում այստեղից միայն մի քանի քայլ անել դեպի՝ հորդ սենյակը և նրանից հազար ռուբլի խնդրել... Ուզում ես, ես կգնամ:

Բայց դու գիտես, որ նա ինձ ոչինչ չի տալ:

Տե՜ր աստված... այդպիսի մի խնդիրքով դու խո դեռ չե՞ս դիմել նրան: Դու ի՞նչ գիտես, գուցե տալիս է... Վերջապես, կտա՝ կտա, չի տալ՝ չի տալդրանից խո ոչինչ չի վնասվիլ: Ինչի՞ չփորձել մի բան, քանի որ դեռ չես փորձել:

Լավ. ես այժմ կգնամ նրա մոտ, կխնդրեմ, և կտեսնենք՝ կտա՞ թե ոչ, — ասաց Գարեգինը վճռականությամբ տեղից վեր կենալով:

Բայց, ի սեր աստծո, Գարեգին, — ասաց Սմբատը, — ասա, որ փողն ինձ համար ես ուզում և ասա՜, որ տոկոս կտամ, տունս գրավ կտամ...

Ո՜չ, Գարեգին, — ասաց յուր կողմից Իսկուհին, — կասես այնպես, ինչպես ես քեզ ասացի: Կասես, որ փողը քեզ համար ես ուզում և միայն քեզ համար, ուրիշ ոչինչ: Կխնդրես, ինչպես հարկն է և կխնդրես իբրև որդի, հասկանո՞ւմ ես:

Լա՜վ, լա՜վ, ես գիտեմ... — Եվ Գարեգինց դուրս գնաց սենյակից:

Աղա Գրիգոր Մոսեիչի տունը բաղկացած էր, երեք հարկից: Ներքին հարկը տրված էր վարձով, միջին հարկում առանձնապես ապրում էր ինքն աղա Գրիգոր Մոսեիչը Բարսեղի հետ, իսկ վերին հարկը բռնած էին տիկ. Գայանեն, Գարեգինը և Իսկուհին:

Գարեգինը ոլորապտույտ սանդուղքներով իջավ դեպի միջին հարկը, անցավ երկար միջանցքով և կանգնեց աղա Գրիգոր Մոսեիչի մինի դռան առաջ: Նա յուր ողջ կյանքի մեջ շատ քիչ անգամ էր մտել այդ սենյակները և առավել ևս քիչ էր խոսել աղա Գրիգոր Մոսեիչի հետ, այնպես որ նա այժմ վստահությամբ չէր պատրաստվում մտնելու վերջինիս մոտ, ինչ վստահությամբ որ պիտի մտներ որդին յուր հարազատ հոր մոտ, այլ այնպես, ինչպես օտարը՝ օտարի մոտ: Դեռ մի րոպե անվճռական կերպով նա կանգնած էր դռան առաջ: Նրա սիրտը թեթև կերպով տրոփում էր: Վերջապես նա սիրտ առավ, բացեց դուռը և ներս մտավ: Այն սենյակը ընդունարանն էր: Փափուկ գորգերի վերա քայլելով, նա անցավ դահլիճն, իսկ դահլիճից՝ ուղղակի աղա Գրիգոր Մոսեիչի առանձնասենյակը:

Աղա Գրիգոր Մոսեիչը՝ խալաթը հագին՝ նստած էր գրասեղանի առաջ և ինչ-որ հաշիվներ էր անում: Որդու մտնելուն պես նա յուր ահագին դեմքը դեպ նա դարձրեց և, ըստ երեվույթին, շատ զարմացավ: Գարեգինը թեթև կերպով գլուխ տվեց նրան և մի քանի վայրկյան ակամա լռությունից հետո, ասաց.

Հայր, ներեցեք ինձ, որ համարձակվում եմ այժմ այսպես հանկարծակի կերպով, առանց նախապես իմաց տալու, խանգարել ձեզ... Ես ձեզ մի խնդիրք ունեմ... առաջին անգամ իմ ողջ կյանքի մեջ ես համարձակվում եմ մի այսպիսի խնդիրքով դիմելու ձեզ, հայր, հուսալով, որ դուք այնքան բարի և մեծահոգի կգտնվեք, որ չեք մերժիլ իմ այդ առաջին խնդիրքը...

Ի՞նչ եք կամենում, — բավական նկատելի կոպտությամբ և անհամբերությամբ հարցրեց աղա Գրիգոր Մոսեիչը, քամակը դեպի նա անելով:

Գարեգինը դեռ մի քանի վայրկյան, կարծես, չկարողացավ ձայն հանել:

Ես եկել եմ ձեզանից խնդրելու, հայր... հազար ռուբլի, — վերջապես հազիվհազ կարողացավ արտասանել նա:

Այդ լսելուն պես՝ աղա Գրիգոր Մոսեիչը շուռ եկավ յուր աթոռի վերա շտապով և զարմացած դարձավ դեպի նա:

Հազա՛ր ռուբլի, — երկարացրեց նա, խոր նայելով նրա դեմքին:

Այո, հայր...

Ի՞նչ բանի համար:

Հարկավոր է... շատ հարկավոր է...

Աղա Գրիգոր Մոսեիչն ավելի խոր նայեց նրա դեմքին:

Չունիմ, — կտրական կերպով պատասխանեց նա և դարձյալ շուռ գալով, շարունակեց յուր ընդհատած հաշիվները:

Հա՜յր, ես չեմ ասում, թե այդ գումարն ինձ նվիրեցեք, այլ փոխ տվեք, որը մի ժամանակից հետո ես դարձյալ կդարձնեմ ձեզ...

Չունիմ, չունիմ, — նույն կոպտությամբ պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը, առանց բարձրացնելու գլուխը հաշիվների վերայից:

Որդին մի րոպե լուռ հորը նայելով մնաց արձանացած, իսկ հայրը, կարծես մոռացել էր անգամ, որ յուր հետևում մարդ կա կանգնած:

Ուրեմն ներեցեք ինձ, հայր, որ իզուր տեղը ձեզ անհանգստություն պատճառեցի, — վերջապես ասաց նա և դարձյալ թեթև գլուխ տալով նրան, առաջ անցավ դեպի դուռը:

Աղա Գրիգոր Մոսեիչը մի ինչ-որ մրթմրթաց յուր քթի տակիցը:

Որդին առանց ետ նայելու դուրս գնաց հոր առանձնասենյակից:

Բարձրանալով վերին հարկը և մտնելով քրոջ ու ընկերի մոտ, նա գտավ այնտեղ և՜ մորը, տիկ. Գայանեին, որն առավոտյան եկեղեցի գնացած լինելով, նոր էր վերադարձել տուն:

Հը, ինչպե՞ս եղավ, — ամենից առաջ դիմավորեց նրան քույրը:

Ես քեզ որ ասում էի, թե նա ինձ մի գրոշ անգամ չի տալ, դու ինձ չէիր հավատում, — պատասխանեց Գարեգինը, — և դեռ ուզում էիր համոզել էլ, որ նա այն աստիճան անպիտան և անգութ չէ, որպես ես էի կարծում...

Ի՞նչ ասաց, է՜:

Ուղղակի ասացչունիմ և դեմքը դարձրեց ինձանից: Երևակայում եմ, թե ի՛նչ կաներ, եթե հայտնեի, որ այդ փողը ուրիշի համար է, և եթե ասեի, որ այդ ուրիշը պատրաստ է տոկոս վճարելու կամ յուր երեքհազարանոց տունը գրավ դնելու...

Եթե ես այստեղ լինեի, մի քայլ անգամ չէի թողնիլ քեզ անելու դեպի նրա սենյակը, — ասաց տիկ. Գայանեն, որին Իսկուհին և Սմբատը արդեն ծանոթացրել էին գործի եղելության հետ: — Կարծես դու նրան նոր պիտի ճանաչեիր, որ գնում էիր նրանից հազար ռուբլի փող խնդրելու:

Ես չէի գնում, Իսկուհին ինձ ուղարկեց:

Ապա ի՞նչ անեի, մայրիկ, — մեջ մտավ Իսկուհին, — այս պարոնը շուտափույթ օգնության է կարոտ և դրա համար դիմել է մեզ...

Ա՛խ, եթե գիտենայի, թե ձեզ այդքան նեղություն կարող եմ պատճառել, ես երբե՜ք չէի գալ այստեղ, — բավական ամոթահարված խոսեց Սմբատը, տեղից վեր կենալով: — Խնդրում եմ ներեցեք ինձ... Ի՞նչ անենք, այնքան էլ մեծ ցավ չէ... կյանքս խո չէ՞ գնալու, մի տուն էթող տանեն... առանց դրան էլ կարող եմ ապրել ու պահել մորս...

Ո՜չ, ձեր տունը, պարոն Սմբատ, ձեզ կմնա, — ծանրությամբ ասաց տիկ. Գայանեն: — Խնդրեմ փոքր-ինչ համբերություն ունեցեք և դարձյալ նստեցեք ձեր տեղը:

Եվ նա առանց շտապելու, յուր հանդարտ քայլերով դուրս գնաց դեպի մյուս սենյակը:

Սմբատը, Իսկուհին և Գարեգինը գրեթե մնացին ապշած: Նրանք ոչ մի խոսք չկարողացան արտասանել մինչև որ երկու րոպեից հետո տիկ. Գայանեն դարձյալ ներս մտավ:

Նա մոտեցավ Սմբատին և տալով նրան մի ինչ-որ հաստ ծրար, ասաց.

Գնացեք և բաժանեցեք ձեր պարտատերերին:

Սմբատը՝ բոլորովին ապուշ կտրած՝ մեկ նայեց ձեռքի ծրարին, մեկ նրան և մի քանի անգամ լուռ այդպես անելով, վերջապես ուզեց հայտնել յուր շնորհակալությունը, բայց տիկ. Գայանեն, նախքան նրա բերանը բանալը, հասկացավ, թե ինչ պիտի ասեր նա և այդ պատճառով չկամենալով ենթարկվել այդ տանջանքին (որովհետև նա այնքան բարի էր, որ բոլորովին չէր սիրում, երբ նրան մի որևիցե բանի համար սկսում էին շնորհակալություն հայտնել), շտապեց ասել ժպտալով.

Խնդրեմ, խնդրեմ... առանց շնորհակալության, այդ փողը ձեզ չեմ նվիրում:

Եվ նա այս անգամ շտապով դուրս գնաց դարձյալ:

Իսկուհին, որ նոր հասկացավ, թե բանն ինչումն է, սաստիկ ուրախացավ և իսկույն վազելով նրա հետևից, բռնեց նրան մյուս սենյակում, գրկեց և ջերմ համբույրներով լցնելով նրա դեմքը, կանչեց.

Մայրի՜կ, մայրի՜կ, ես որ միշտ ասում եմ, թե դու շատ բարի ես, դու հրեշտակ եսինձ չես հավատում... Բայց ո՞վ տվավ քեզ այդքան գումարը:

Ի՞նչ ես հարցնում...

Ուզում եմ իմանալ:

Այդ գումարը իմ բերած օժիտի մի մասն է, որ հայրդ վերադարձրել է ինձ, մեզ հետ այլևս գործ չունենալու համար:

Այնինչ Սմբատը սաստիկ զգացված մոտեցավ Գարեգինին, որ մինչև այդ րոպեն նույնպես ապուշ կտրած նայում էր մոր հետևից, առավ նրա ձեռքը, ջերմ կերպով սեղմեց նրան և ասաց.

Գարեգին, կհայտնես մորդ իմ շնորհակալությունը: Եվ նա շտապով դուրս գնաց սենյակից:

Ե

Որդու` հոր առանձնասենյակից դուրս գալուց հինգ րոպե հետո, աղա Գրիգոր Մոսեիչի մոտ մտավ մոտ քսանևերկու տարեկան մի երիտասարդ: Այնպիսի գեղեցկություն, որպիսին նրանն էր, ունենում են միայն կանայք և միայն կանայք են հագնվում այնպես կոկ և գեղեցիկ, որպիսին նա էր հագնված:

Դա երբեմն Թամամչյանի պատի տակ ընկած պատանին էրԲարսեղը: Մտնելուն պես նա բարի լույս մաղթեց աղա Գրիգոր Մոսեիչին և համբուրեց նրա ձեռքը:

Ա , փողի համա՞ր ես եկել, — ասաց ժպտալով «բարերարը»: — Ա՛յ, իսկույն, իսկույն... Պիտի ներես ինձ, որ այսօր միասին չկարողացանք թեյ խմել, որովհետև տեսնո՞ւմ ես՝ ինչքան գործեր ունեմ, հաշիվները ստուգում եմ, սարսափելի զբաղված եմ...

Այդ տեսնելով, նա դուրս քաշեց գրասեղանի արկղիկը, հանեց մի կույտ թղթադրամներ և համարելով հիսուն ռուբլի, տվավ նրան:

Բարսեղը խոնարհությամբ առավ և դարձյալ համբուրեց նրա ձեռքը: Նա միշտ այդպես էր անում, երբ ամեն կիրակի ստանում էր յուր «բարերարից» յուր շաբաթական անպակաս ռոճիկըհիսուն ռուբլին:

Բայց տես, Բարսեղ, — ասաց աղա Գրիգոր Մոսեիչը, — ճաշին ոչ մի տեղ չգնաս և շուտ տուն գաս, որովհետև դու գիտես, որ առանց քեզ ոչ կարողանում եմ ճաշ ուտել և ոչ երկար ժամանակ մենակ մնալ:

Ես ինչպե՞ս կարող եմ ճաշին ուրիշ տեղ գնալ կամ շուտ տուն չգալ, աղա Գրիգոր Մոսեիչ, քանի որ իմ պարտականությունն է միշտ ձեր խոնարհ ծառան լինել և անպայման լսել ձեր հրամանները, — պատասխանեց Բարսեղը այն, ըստ երևույթին կեղծ խոնարհությամբ, որ նա միշտ ցույց էր տալիս յուր «բարերարին»:

Այժմ ո՞ւր ես գնում, — հարցրեց նրան աղա Գրիգոր Մոսեիչը:

Զբոսնելու:

Հա՜, եղանակը գեղեցիկ է, ուզում ես փոքր-ինչ ազատ օդ շնչել... Գնա՜, գնա՜, սիրելիս, գնա զբոսնիր, թող սիրտդ բացվի... ես եմ, որ այլևս առաջվա նման տնից շուտ-շուտ չեմ կարողանում դուրս գալ:

Բարսեղը երրորդ անգամ համբուրեց յուր «բարերարի» ձեռքը և դուրս գնաց նրա առանձնասենյակից:

Երկու րոպեից հետո բարակ, ճկուն ձեռնափայտը կռան տակին և դանդաղ կերպով հագնվելով կաշվե գեղեցիկ ձեռնոցները, նա փքված իջնում էր աղա Գրիգոր Մոսեիչի տան կարմիր շորով պատած ոլորապտույտ սանդուղքներով: Սպասավորը իսկույն հարգանքով բացեց նրա առաջ դուռը, և նա դուրս գնաց փողոց: Այդ րոպեին փողոցով անցնում էր մի դատարկ կառք: Նա ձեռքով արավ: Կառքը կանգնեց: Նա նստեց և հրամայեց քշել:

Այդ միջոցին փողոցով անցնում էր նրա հասակին և նրա պես կոկ հագնված մի՝ երիտասարդ: Նա կանգնեց, որ կառքս անցնի, բայց տեսնելով Բարսեղին, կանչեց.

Վա՜հ, Վասո՞...

Բարի լույս, Բախշո, — կանչեց կառքի միչից Բարսեղը:

Կանգնեցնել տուր, տո՜, բան եմ ասում:

Բարսեղը կառքը կանգնեցնել տվեց և դարձավ դեպի Բախշոն, որը շտապով մոտեցավ նրան:

Հը՜, ի՞նչ ես ասում, — հարցրեց նա:

Ո՞ւր ես գնում:

Ի՞նչ ես հարցնում:

Չէ, այնպես եմ ասում:

Մի տեղ:

Ո՞ւր:

Քեզ ի՞նչ:

Թե ման գալու ես գնում, ինձ էլ տար:

Չէ, ման գալու չեմ գնում:

Բա՞ս:

Վա՛հ, քեզ ի՞նչ:

Բաս այս գիշերը չե՞ս գալ:

Ո՞ւր,

Այնտեղ:

Ո՞ւր, է՜:

Մաշոյի ու Նադիայի մոտ:

Տեսնեմ... չէ՜, չեմ կարող գալ:

Ինչի՞:

Գործ ունիմ:

Ինչ գործ ունիս:

Վա՛հ, քա՞նի հարցնես, տո՞, քեզ ի՞նչ, քեզ ինչ գործ ունեմ:

Բագրատն էլ է գալու, գիտե՞ս:

Ի՞նչ անեմ:

Բաս չե՞ս ասում, էլի՛, ուր ես գնում:

Է՛հ. զահլա մի՜ տանիր... Մնաս բարով, մնաս բարով:

Եվ նա կառքը քշել տվեց, որի հետևից խեղճ Բախշոն մնաց նայելով:

Քառորդ ժամից հետո կառքը կանգնեց Ս... թաղում գտնված երկհարկանի մի գեղեցկաշեն տան առաջ: Բարսեղը ցած թռավ, վճարեց կառապանին և քաշեց տան զանգակը: Մի րոպեից հետո ծառան բացեց դուռը, և նա գրեթե վազելով սանդուղքներով բարձրացավ վերև, շտապով բացելով հենց այնտեղ ևեթ գտնված դուռը, ներս մտավ բավական գեղեցիկ զարդարած մի սենյակ, որտեղ իսկույն աչքի էր ընկնում հմուտ և փափկասեր տանտիկնոջ նուրբ ճաշակը: Սենյակում ոչ ոք չկար, բայց նա մտնելուն պես կից սենյակի դռան վարագույրները հանկարծ ետ քաշվեցան և սպիտակ, թեթև շորերով մի վիթխարի աղջիկ ներս ընկնելով, ուղղակի փաթաթվեցավ նրա վզովը:

Վա՜սյա, Վա՜սյա, ինչի՞ դու այսպես ուշացար, քեզ սպասելով հոգիս դուրս եկավ, — կանչեց նա ռուսերեն լեզվով և սկսեց համբույրների կարկուտ թափել նրա դեմքի վերա:

Ընդհակառակը, սիրելիս, ես վաղ եմ գալիս, — յուր կողմից գրկելով համբուրելով նրան, պատասխանեց Բարսեղը, որ նրա ահագին գրկի մեջ մի երեխայի էր նմանվում: — Չէ՞ որ դեռ առավոտ է, և ես կարծում էի, թե դուք դեռ վեր կացած չեք լինիլ:

Օ՛. ի՞նչ ես ասում, այսպես ուշ մի՞թե կարելի է քնած լինել, դեռ ո՞ւր մնաց, որ ողջ գիշերն իմ քունս չի տանում, երբ մյուս առավոտը դու պիտի գաս մեզ մոտ... Ես այս գիշեր բոլորովին չեմ քնել, չնայելով, որ պարահանդեսից այնպես ուշ վերադարձանք տուն:

Նա թողեց Բարսեղին և բռնելով նրա ձեռքերից, նստեցրեց գահավորակի վերա:

Նա բավական բարձրահասակ, հասունացած և փարթամ կազմվածքով մի օրիորդ էր, որի տարիքը քսանևերեքից եթե ոչ ավելի, պակաս էլ չէր կարող լինել: Նա շիհակեր էր. կապտաչյա և կազմվածքին համեմատ բավական տգեղ, այնպես որ, գոնե առաջին հայացքից, նրա մեջ օրիորդական ոչինչ չէր երևում: Տգեղությունը ծածկելու համար՝ նրա թխլիկ, լայն դեմքը կրում էր մեծ քանակությամբ կարմիր և սպիտակ գեղեր, բայց որոնց հետ Բարսեղի՝ բնական միախառնված սպիտակությունն ու կարմրությունը հավասարապես մրցում էին: Նրա թե՜ շարժվածքների, թե՜ խոսակցության, ձայնի եղանակի, թե սպիտակ, կարճ և ձեռքերն ու կուրծքը բաց հագուստի և թե վերջապես շեկ մազերի սանրվածքի մեջ իսկույն նկատվում էր, որ նա ամեն ջանք գործ է դնում արվեստականապես գրավելու, — մի բան, որ հատուկ է միայն ուրիշի գեղեցկությանը սաստիկ նախանձախնդիր տգեղ աղջիկներին և կիներին, որովհետև կնոջը ոչինչ այնքան բարոյական տանջանք չէ պատճառում, որքան յուր տգեղությունը և ուրիշի գեղեցկությունը, և, ընդհակառակը, կինը ոչ մի դեպքում այնքան երջանիկ չէ համարում իրեն, որքան երբ ինքը գեղեցիկ է, իսկ յուր հակառակորդուհին զուրկ այդ երկնային տուրքից:

Բայց ուր է մայրդ, Օլյա, — հարցրեց նրան Բարսեղը:

Մայրի՞կս... մայրիկս իսկույն կգա... ահա՜ նա: Մյուս սենյակից մի ինչ-որ ծանր, հպարտ քայլերով ներս մտավ բարձրահասակ և հասակին համապատասխան հաստ կազմվածքով մի կին: Չնայելով, որ նրա տարիքը հիսունից այնքան էլ հեռու չէին, բայց յուր սպիտակ, թեթև խորշոմներով ծածկված դեմքի վերա և առողջ կազմվածքի մեջ նա տակավին կրում էր յուր երիտասարդական աշխուժությունն ու թարմությունը: Նրա թուխ մեծ-մեծ աչքերի և համարձակ հայացքի մեջ նկատվում էր, որ նա մի ժամանակ կանացի շատ «չարություններ» էր արել և երևում էր, որ այժմ էլ հեռու չէր այդպիսի «չարություններից», որին ապացույց էր նրա թեպետև սև, բայց նորաձևության համեմատ ձևած և կազմվածքի վերա կանգնած շորը:

Ա՛, բարև ձեզ, Վասիլի Պետրովիչ, — ասաց նա հայերեն ղարաբաղցու և թիֆլիսցու մի տեսակ խառնած բարբառով և քաղցրալիր ժպիտով մեկնեց դեպի նա յուր ձեռքը:

Բարսեղը, որ նրա մտնելուն պես վեր էր կացել և դիմավորել էր նրան, համբուրեց նրա ձեռքը, պատասխանելով նրա բարևին, և ավելացրեց.

Երեկ երեկոյան դուք ինձ ասացիք, որ այսօր ինձ հետ մի շատ կարևոր խոսելիք ունիք և ահա այդ պատճառով ես այժմ եկել եմ ձեզ մոտ, տիկին Դարիա Կիրիլովնա:

Այո, ես ձեզ հետ այժմ շատ կարևոր խոսելիք ունեմ, պ. Վասիլի Պետրովիչ, — պատասխանեց Դարիա Կիրիլովնան, նստելով գահավորակի վերա:

Նստեցեք խնդրեմ:

Բարսեղը նստեց նրա դիմացը, բազկաթոռի վերա:

Մայրիկ, խոսեցեք ռուսերեն, ես հայերեն չեմ իմանում, — ասաց Օլյան, որ պատրաստվում էր նստելու Բարսեղի կողքին:

Ո՜չ, Օլյա, — պատասխանեց մայրը, — քեզ համար ավելորդ է այն, ինչ-որ ես այժմ պիտի ասեմ պ. Վասիլի Պետրովիչին... և դու լավ կանես, եթե դուրս գնաս մյուս սենյակը:

Ինչի՞, մայրիկ... ես այստեղ կմնամ, միևնույն չէ՞, ես խո հայերեն չեմ իմանում...

Ես քեզ ասում եմ՝ դուրս գնա, մինչև որ կվերջացնենք մեր խոսակցությունը:

Մի՞թե դուք ինձ գաղտնիք ունիք հայտնելու, տիկ. Դարիա Կիրիլովնա, — զարմացած այդ նախազգուշությունից՝ հարցրեց Բարսեղը:

Այդ իսկույն կիմանաք, — պատասխանեց նրան Դարիա Կիրիլովնան և նորից դարձավ դեպի աղջիկը, — Օլյա՜, չե՞ս լսում... — Օլյան անբավական կերպով մի ինչ-որ փնթփընթաց քթի տակ և դուրս գնաց դեպի մյուս սենյակը:

Զ

Տիկին Դարիա Կիրիլովնան (հայերեն Փառանձեմ) ղարաբաղցի հայ հարուստ ընտանիքներից մինի պղջիկն էր: Նրա հայրը ծագում էր Ղարաբաղի մի հին մելիքից, որ այդ երկրի պատմության մեջ հայտնի էր իբրև ազգի դավաճան: Օրիորդ Փառանձեմը յուր ծնողների միակ զավակն էր, և այդ պատճառով ծնողները իրենց բոլոր սերը կենտրոնացրել էին միայն նրա վերա: Նա շատ գեղեցիկ էր, գրեթե ամենաառաջին գեղեցկուհին իրենց քաղաքի մեջ, և դեռ տասնևչորս տարեկան ժամանակ, ինչպես այդ հատուկ է Ղարաբաղի սերնդին, նա ուներ մի այնպիսի հասակ և կազմվածք, որի նմանն ունենում են միայն քսան տարեկան արդեն հասունացած օրիորդները: Գեղեցկության հետ նա ուներ հայ փափուկ սեռին ոչ հատուկ համարձակություն և բաց բնավորություն: Եվրոպական «քաղաքականությունը» չէր կարող լինել դրա պատճառը, որովհետև կանանց կապանքներն արձակող այդ բարերար և միևնույն ժամանակ զորեղ ույժը այն ժամանակներում տակավին ներս չէր մտել Ղարաբաղի սահմանները, այլ այդ մի բացառություն էր հայ իգական սեռի դարավոր նահապետական սովորության և հատկության: Ինչևիցե, բայց յուր այդ բաց և համարձակ բնավորության համար օրիորդ Փառանձեմին իրենց «ասիական խավարամտությամբ» բոլորն ատում էին, իբրև հայի սուրբ նահապետականությունը պղծող մի լիրբ աղջկա: Ծնողները չար լեզուներին նյութ չդառնալու համար, որքան էլ աշխատում էին խրատներով զսպել նրան, բայց այդ խրատները նրա մի ականջից ներս էին մտնում և մյուսովդուրս գալիս:

Մի օր ծնողները լսեցին, որ աղջիկը գիշերով փախել է մի աստիճանավորի հետ, որ շատ ժամանակ չէր, ինչ եկել էր նրանց քաղաքը մի ինչ-որ առանձին պաշտոնով և բնակվում էր նրանց տան կողքին: Այդ լուրը լսելուն պես հայրն յուր մարդիկներով ընկավ փախստական աղջկա հետևից և կիսաճանապարհին բռնելով նրան, ետ դարձրեց տուն չնայելով նրա և փախցնող աստիճանավորի ընդդիմություններին: Աստիճանավորը դիմեց դատարանին և այս անգամ օրենքով առավ աղջկան, որովհետև աղջիկը նրան սիրում էր և համաձայն էր նրա հետ գնալու: Աղջիկը յուր սիրած աստիճանավորի հետ գնաց Թիֆլիս և պսակվեցավ նրա հետ: Այնուհետև նա կոչվեց ոչ թե Փառանձեմ (որ նրա ամուսինը չէր կարողանում արտասանել), այլ Դարիա Կիրիլովնա: Նա ունեցավ չորս զավակ (երկուսն երկվորյակներ), որոնցից բախտ ունեցավ մնալու այս աշխարհիս երեսին միայն մեկըՕլյան:

Բայց ահա սկսվեց 1878-ի ռուս-թուրքական մեծ պատերազմը: Ամուսինը գնաց պատերազմի դաշտ և այլևս չվերադարձավ, և խեղճ Դարիա Կիրիլովնան մնաց այրի յուր տասնևհինգ տարեկան Օլյայի հետ:

Ղարաբաղցի երբեմնի օրիորդ Փառանձեմը առաջին շաբաթներում շատ լաց եղավ, շատ տանջվեց թշնամու գնդակին զոհ գնացած ամուսնու վերա, բայց հետո փոքր առ փոքր մոռացավ նրան և գաղտնի կերպով սկսեց սիլի-բիլի անել մի քանիսների հետ, որոնք ունեին փոքրիկ, բայց ձիգ, ոլորած բեղեր և մեղրածոր, բարակ շրթունքներ... Ոչ ոք, իհարկե, չէր կարող և իրավունք չուներ նրան դատապարտելու այդ անմեղ հանաքի համար, քանի որ հարկավոր էր չար բախտից վրեժ առնել, որ իրեն այդպիսի երիտասարդ հասակում զրկել էր անդորր կյանք վարելու և նրա պերճությունները վայելելու: Նա վեհ սրբազան ցնորքներով կերակրվող կին չէր, գաղափարական աշխարհը նրա համար միևնույն նշանակությունն ուներ, ինչ որ ծխախոտի ծուխը, նա ապրում էր իրական կյանքում, իրական կյանքից էլ նա ուզում էր օգուտ քաղել: Բացի այդ բոլորից, նրան և յուր զավակին հարկավոր էր ապրուստի միջոց, որովհետև, ինչպես նա ամենքին հավատացնում էր, արքունի թոշակը, որ նշանակել էին նրա ամուսնու մահից հետո, իրենց չէր բավականանում:

Փափկակեցությունը և շռայլ կյանքը նա սաստիկ սիրում էր, այնպես որ թե թոշակը և թե յուր բազմաթիվ դոնժուաններից ստացած գումարները ձեռաց գոլորշիանում էին, և նա դեռ սկսում էր պարտքեր էլ անել:

Սակայն անգութ, անխոնջ ժամանակը գլորվելով միշտ առաջ, տանում էր յուր հետ նրա երիտասարդական սիրուն, ծաղկափթիթ գարունը, և Ադոնիսները հետզհետե հրաժեշտ էին տալիս մեր Աֆրոդիտեից:

Այնինչ Օլյան, չնայելով որ արդեն մեծ էր, բայց դարձյալ մեծանում էր, մինչև որ վերջապես դարձավ բավական հասունացած օրիորդ, երբ նրան հարկավոր էր ամուսնացնել: Բայց, դժբախտաբար, բնությունն այստեղ ևս պատժել էր տ. Դարիա Կիրիլովնային, պարգևելով նրան տգեղ աղջիկ, իսկ տգեղ աղջկան փեսացուներն այնքան էլ շուտ չեն հափշտակում: Մայր և հայր գեղեցիկ էին, բայց ինչի՞ նրանց աղջիկը տգեղ էրայդ ոչ ոք չէր կարողանում հասկանալ, մնում էր միայն բոլոր մեղադրանքը բարձել խեղճ բնության վերա, որն երբեմն սիրում է այդպիսի անհասկանալի խաղեր խաղալ մարդկանց հետ:

Տարիներն անցնում էին, և խեղճ Օլյան քացախում էր միշտ օրիորդ մնալով: Ո՜չ մի միջոց՝ գեղադեղերից սկսած մինչև արվեստական կերպով քայլելն ու խոսելը՝ չէր օգնում նրան փեսացուներ որսալու: Արդյոք ճակատագիրն էր այդպես որոշել, թե ուրիշ բան էր դրա պատճառը, որովհետև, այնուամենայնիվ, լինում են տգեղ օրիորդներ, որոնք այսպիսի միջոցներով հասնում են իրենց նպատակինայդ խեղճ Օլյան չէր կարողանում հասկանալ, միայն նա ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե կանգնում էր հայելու առաջ, նայում էր յուր դեմքին և սկսում էր սգալ, աղի արտասուք թափել (մանավանդ առավոտյան, երբ երեսը նոր էր լինում լվացած), տրտնջալով աստծո դեմ, որ նրան էլ ուրիշների պես գեղեցիկ չէր ստեղծել:

Աղջիկը գլխավորապես երկու դեպքում միայն բախտ կարող էր ունենալ ամուսնանալու, առաջինը երբ գեղեցիկ է, և երկրորդ՝ երբ փող ունի (սակայն վերջին դեպքն ավելի հաղթող է հանդիսանում). — այդ երկու դեպքումն էլ, ասում եմ, աղջիկը միշտ կարող է հասնել յուր նպատակին, բայց ցավալին այն էր, որ խեղճ Օլյան ոչ այս ուներ և ոչ այն: Մայրը, որ պակաս չէր մտատանջվում աղջկա անհաջողության մասին, հույսը դրել էր երկրորդ դեպքի վերա: — Բայց փող... իհարկե, նա յուր աղջիկը ոչ մի դեպքում չէր տալ (և Օլյան էլ լայեղ չէր անիլ) ոչ լոթի գրագրի և ոչ հասարակ աստիճանավորի: Ի՞նչ աներ խեղճ այրի կինը-թոշակը քիչ էր, դոնժուանները բոլորը հեռացել էին, պարտք ուներ, առանց այն էլ պարտք շատ ուներ, և ոչ ոք էլ չէր տալ, իսկ տան թանկագին կահ-կարասիները նա ոչ մի դեպքում չէր ծախծխիլ: Խեղճ Դարիա Կիրիլովնան ամեն հույս կտրած, թե ինքն երբևիցե կարող է փեսա ունենալ, ձեռքերը լվաց և ետ նստեց, ամեն բան բախտի բերմունքին թողնելով:

Следующая страница