Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Իսկ խրճիթն առժամանակ խորհրդավոր լռություն էր պահպանում:

Մեկ էլ հանկարծ ներսից մի սարսափելի ճիչ լսվեց, որին հետևեցին սրտամաշ աղաղակներ:

Փողոցը մի րոպե քարացավ: Հետո սաստիկ իրարանցում ընկավ:

Օսանը, որ մեջքը պատուհանի կողմն արած ոչ ոքի մոտ չէր թողնում, արագ շուռ եկավ և ձեռքերն այտերի մոտ բռնած ներս նայեց ապակուց:

Ամբոխը վրա վազեց դեպի պատուհանը:

Ներսից աղաղակները լսվում էին միալար և քանի գնում՝ սաստկանում էին: Մեջ ընդ մեջ լսվում էին ինչ-որ բութ բանի դիպչող հարվածներ, կարծես ճիպոտով կապերտ էին թափ տալիս և ամեն մի հարվածին հետևում էր գրբացի հատու ձայնը, որ ասում էր, «ասա սատանեքի անունը, ասա սատանեքի անունը...»:

Վու՜յ, քոռանամ ես, աղջի, ծեծում ա մաթրախով, ծեծում, — ճվաց Օսանը և երեսն ավելի պինդ կպցրեց ապակուն:

Հա, էլի՛, հա, էլի՛, աղջի, — ասաց մի ուրիշ կին, որ նույնպես աչքերը չռած նայում էր պատուհանից ներս: — Վո՛ւյ, վո՛ւյ, ոնց ա թակում, ձեզ մեռնեմ... Քա՛, քա՛, քա, ձեռներն ու ոտներն էլ կապել ա թոկով... Վո՛ւյ, վո՛ւյ, վո՛ւյ, ո՛նց ա թեփռին-թեփռին գալիս, ձեզ մատաղ...

Ու, այլևս չկարողանալով դիմանալ, նա սկսեց ծեծել պատուհանը, հետո դարձավ դեպի ամբոխը և աղաղակեք;

Աղջի, ի՞նչ եք ըստեղ փետացել, գնացեք բաց անիլ տվեք դուռը, սպանեց, է՛, սպանեց էն խեղճ աղջկան...

Բայց մինչ զարմանքից քարացած ամբոխը տեղից կշարժվեր, Օսանն ամենից առաջ վազեց դեպի դուռը և սկսեց ծեծել: Նրան հետևեցին ուրիշները: Եվ բազմաթիվ ձեռքերի կատաղի հարվածներ էին, որ իջնում էին հնությունից փայտոջիլներով ծածկված խարխուլ դռան տախտակներին: Այդ հարվածների ձայնը, ներսից լսվող Մարթայի աղեկտուր աղաղակները, դուրսն ամբոխված կանանց և երեխաների դժվժոցը մի կատարյալ Սոդոմ-Գոմոր էին դարձրել փողոցը:

Թորոսը վեր էր կացել նստած տեղից և իր երերուն ոտների վրա հազիվ կանգնած, ծեր գլուխը հազիվ տմբտմբացնելով, ապուշի պես նայում էր մեկ սրան, մեկ նրան և հարցնում.

Ինչ՞ա, ինչ՞ա...

* * *

Այդ միջոցին այրի Օսանի պսակած տղան, որին թաբախ ման ածող Ցական էին ասում (նա շրջիկ մրգավաճառ էր), տուն դարձավ դատարկ թաբախը գլխին, կշեռքն ուսին, չիբուխը բերնին: Նա մի րոպե կանգ առավ իրենց դռան առջև, անտարբեր նայեց փողոցում աղմկող կանանց ամբոխին, կարծելով, թե կանացի սովորական մի կռիվ է, որպիսին համարյա թե ամեն օր պատահում էր թաղում, բայց տեսնելով, որ դա սովորական ղալմաղալներից չէ, այլ ինչ-որ մի արտակարգ բան է կատարվում, թաբախը դրեց գետնին, կշեռքը հանեց ուսից, թասակի հետ գցեց թաբախի մեջ և, չիբուխը հանելով բերնից, հարցրեց մոտ վազող կնոջը.

Էս ի՞նչ խաբար ա:

Կինը, չափազանց հուզված, կցկտուր խոսքերով պատմեց նրան եղելությունը:

Էն Մարթեն ա բղավո՞ւմ, — հարցրեց Ցականը ուշադիր լսելուց հետո:

Հա բա՜, հա բա՜, — պատասխանեց կինը լացակումած: — Սպանեց էն խեղճին, սպանեց ծեծելով: Դուռն էլ, տեսնում ես, քանի վախտ ա, չի բաց անում...

Ցականը հանգած չիբուխը թափ տվեց կռան վրա և, խրելով մեջքի կաշու գոտկի մեջ, առանց շտապելու, սակայն լայն քայլերով դիմեց դեպի Թորոսենց խրճիթի դուռը, որը դեռևս ծեծում էին կատաղի թափով:

Դեսը մի, տեսնեմ, — ասաց նա: Նրան իսկույն ճանապարհ տվին:

Իր ֆիզիկական ուժի վրա վստահ մարդու հանգստությամբ նա մոտեցավ, մի ձեռքը գցեց դռան տակը, ուր տախտակներից մեկի ծայրն անձրևներից փտել ընկել էր, մյուսով բռնեց երկաթի փականքից, բարձրացրեց և միանգամիս դուռը կրնկահան ներս շպրտեց խրճիթը:

Նա մտավ և նրա հետևից ներս թափվեց ամբոխը:

Նրա աչքի առջև բացվեց հետևյալ տեսարանը. Մարթան ձեռքն ու ոտքը կապած կողքի վրա ընկած էր թախտի վրա, սպիտակ աղլուխն ընկել էր գլխից և դեմքը ծածկվել ցաքուցրիվ մազերի մեջ, այժմ այլևս չէր ճչում, չէր շարժվում, այլ միայն նվում էր ֆիզիկական ցավերից հոգնած: Նրա մոտ կանգնած էր գրբաց Գրիգորը մաթրախը ձեռին, քրտնքակոխ և հևալով: Դռան կրնկահան ընկնելը, և խրճիթն ամբոխով լցվելն, ըստ երևույթին, այնքան անսպասելի էր նրա համար, որ նա միանգամից գունատվեց և տեղն ու տեղը մնաց քարացած:

Թորոսը հազիվ ոտները շարժելով մոտեցավ թախտին և, խոնարհվելով աղջկա վրա, շշնջաց աղեկտուր ձայնով,

Բալա ջան, որդի ջան...

Օսանը և մի քանի ուրիշ կանայք, սիրտ առած Ցականի ներկայությունից, վրա թափվեցին և սկսեցին արձակել Մարթայի կապանքները, ասելով

Վայ քո սիրտը չմեռնի, էս ոնց ա կալուկապ արել... Ցականն իր երկայն ու մեկ հասակով ցցվեց վախից և շփոթմունքից տեղն ու տեղը ցամաքած Գրիգորի առջև: Նրա աչքերը վառվում էին ներքին զսպած վրդովմունքից:

Էս ի՞նչ ես արել, — ասաց նա, ցույց տալով Մարթային, որի ձայնը քանի գնում նվազում էր: — Ըսենց ես լավացնո՞ւմ դու հիվանդներին:

Բա որ աղոթքը կտրում չէր, — թոթովեց Գրիգորը:

Ի՞նչ աղոթք:

Սատանեքին քշելու աղոթքը:

Ի՞նչ սատանեք, տո : Ես էլ խո կնիկարմատ չեմ, որ ուզում ես խաբի: Խո չես ուզում էս սըհաթին բուրդդ գզեմ: Ըսենց անաստոձ բան կըլի՞, որ դու ես արել:

Բա գժին լավացնելը ո՞նց ես ուզում:

Հըմի՜, քո խելքով, սա գիժ ա ու դու խելոք, է՜լի: Տո, քու խելքդ հրես էս չի՞, էնքան ծեծել ես, որ քիչ ա մնում մեռնի: Աղոթք ու սատանեք ասում ա: Տո անտեր-մունդռիկ, բա մի մարդավարի փեշակ չկա՞ր, որ գնացել ջադուբազ կնկա փեշակ ես բռնե՞լ: Բա էլ ի՞նչ ես գդակ գնում գլխիդ, գնա լաչակ ծածկի, է՜լի: Փո՜ւ, ես քո մարդ ասողին ինչ ասեմ: Որտեղից էլ մոգոնել ա, թե սատանեք են մտել փորը: Մի հարցնող ըլիի՞նչ ա սատանեն, ո՞րտեղից ա մտել, ընչի՞ ա մտել: Տո, թե սատանա ես ուզում, հրեդ տեղն ու տեղդ սատանա ես, էլի, որ սուտ-սուտ բաներով խալխին խաբում ես, փողերը ցնցլում, փորդ տռզացնում:

Սուտ-սուտ բաներով, բա ի՞նչ, — վրա բերին մի քանի կանայք, սրտապնդված Ցականի համարձակ խոսքերից:

Ինչքա՞ն ես առել, դրուստ ասա, — շարունակեց Ցականը, — էդ մաթրախը հլա մի դեսը տու... ու առանց սպասելու, որ գրբաց Գրիգորը ինքը տա, մաթրախը խլեց նրա ձեռքից և կրկնեց.

Ասա, ինչքա՞ն ես առել:

Քսան մանեթ, Ցական ջան, քսան մանեթ, — կանչեցին ձայներ:

Հլա ասում էր քիչ ա, — ավելացրեց Օսանը, որ մյուս կանանց հետ դեռևս զբաղված էր Մարթայով:

Հլա քիչ ա, հը՞, — աչքերը ոլորելով Գրիգորի վրա, գլուխը երերեց Ցականը: — Քսան մանեթ... Տո, ես սաղ օրը թրև եմ գալի քուչերը, օրը մի ջուխտ չուստ եմ մաշում, շատ բղավելուց բողազս ցավում ա, թաբախից շլինքս փետացել ա, քիչ ա մնում կոտրվի, ու մի քսան շայի անջաղ եմ դատում, որ օղլուշաղս պահեմ, — դու քու սուտ աղոթքի ու գրի հմար քսան մանեթ ես առնո՞ւմ, էն էլ ո՞ւմից (Ցականը բռնեց Թորոսի թևից և առաջ քաշեց), — սրանի՞ց, էս նաչար հալևորի՞ց: Բա չամաչեցի՞ր սրա սպիտակ միրքիցը, բա էս սուրբ միրուքը խռով չկենա՞ քու գլխին: Քու լավացրածն էլ էս չի՞ (Ցականը դարձյալ մատնացույց արավ թախտի վրա կիսամեռ ընկած Մարթային), ձենը անջաղ ա դուս գալի, էնքան ես ծեծել:

Իսկապես Մարթան այնքան նվաղել էր, որ թույլ հառաջանքի հետ հազիվ էին լսվում նրա բերնից դուրս թռչող խոսքերը. «Վայ, մեռա... վայ, մեռա...»:

Հանի էս սըհաթին քսան մանեթը, թե չէ, տեսնում ե՞ս էս մաթրախը, կոթն էլ հետը կկոտրեմ վրեդ: Հը, ի՞նչ ես փետացել, հանի՛, քեզ ասում եմ, — գոռաց Ցականը աչքերը կրակ կտրած:

Ախպեր, ի՞նչ ես ուզում ինձանից, — խոսեց վերջապես գրբաց Գրիգորը, չուզելով այդպես շուտ անձնատուր լինել, առանց իրեն արդարացնելու: — Ես խո զոռով չեկա, չէին ուզում՝ չէին կանչի, փողն էլ խո զոռով չառա, չէին ուզում՝ չէին տա: Այ հարցրու, է՜լի. ես գալիս ի՞, հազար ու մի աղաջանք-պաղատանքով չբերի՞ն:

Հըմի չես ուզում տա, է՜լի, — հանգիստ լսելուց հետո ասաց Ցականը չարագուշակ ձայնով և մաթրախը բարձրացրեց:

Կինը, որ կանգնած էր կողքին, վրա ընկավ նրա թևին.

Վո՛ւյ, Ցական ջան, — շշնջաց նա վախեցած, — կանիծի...

Տո, դե՜նը գնա հա՜, — ասաց Ցականն արհամարհանքով, թևը խլելով կնոջ ձեռքից: — ԿանիծիԵս մեկ սրա աղոթքին եմ հավատում, մեկ էլ անեծքից վախենում: Սուտ խո չի ասում. էս դիփ ձեր բաներն ա: Կնիկարմատներ չե՞ք հավի խելքով: Դուք որ չըլեք, էս ջադուբազները ո՞րտեղից կըլեն... Հը՜, ի՞նչ ես ասում, — դարձավ նա գրբաց Գրիգորին, — տալիս ե՞ս, թե չէ:

Գրբաց Գրիգորը դեռևս տատանվում էր. երևում էր, որ շատ դժվար էր նրա համար քսան ռուբլուց զրկվելը, բայց մի կողմից Ցականի բռնած սպառնական դիրքը, մյուս կողմից այն վախը, որ բռնել էր նրան, տեսնելով իր «բժշկության» հետևանքը, ստիպեցին նրան հնազանդվել:

Որ զոռի ես կանգնել, կտամ, ճարս ի՞նչ, — ասաց նա ձեռքը կոխելով բաճկոնի ծոցի գրպանը: Այնտեղից հանեց կաշվե մի հաստ թղթապանակ, համրեց քսան ռուբլին և, տալով Ցականին, ավելացրեց. — տալիս եմ, համա իմաց կաց, որ արածդ մարդավարութին չի: Ափսոս իմ ժամանակը, էսքան վախտ, որ իմ տանը նստած ըլեի...

Դե էլ շատ մի՜ խոսա, — ընդհատեց նրան Ցականը, — փասա-փուսեդ քաշի գնա:

Գրբաց Գրիգորը գդակը քաշեց աչքերին և, ամոթից ու անզոր կատաղությունից գունատ, կանանց ծաղրական ժպիտների տակ դիմեց դեպի դուռը:

Համա չկարծես, թե էդ ա, պրծար, — կանչեց նրա հետևից Ցականը. — թող մի էս աղջիկը չլավանա քու դամղեքից... իմ մարդավարութինը, դու էն վախտը կտեսնաս...

Մարթան թեև շուտով լավացավ մաթրախի խարաններից, բայց մի քանի ամսից հետո մեռավ նույն խելագար դրության մեջ: Նրան շուտով հետևեց և ծերունի հայրը:

Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլ շարունակում է իր արհեստը՝ առաջվա պես ժպտուն աչքերով և կարմիր այտերով:

1880

ՍԱՔՈՒԼՆ ՈՒԽՏ ԳՆԱՑ

Դուրգար Սաքուլը կամաց բաց արեց դուռը և ներս մտավ:

Նրա կինը՝ Նատոն, թևերը մինչև արմունկները քշտած պպզած էր հատակի վրա և լվացք էր անում կոծկած թաբախում: Բուխարու մեջ կասկարայի վրա դրած կաթսայի տակ մի քանի բարակ փայտ էր ծխում: Հողե հատակի վրա բավական ցեխ էր գոյացել և լվացքի սապնոտ ջուրը տեղ-տեղ գուբ էր կապել: Սենյակի օդը հագեցած էր խոնավության, սապնաջրի և ծխի գարշ հոտով: Թախտի վրա դրած օրորոցի մեջ քնած էր ծծի երեխան:

Կինը նայեց մարդու հիվանդոտ, թախծալի երեսին, և նրա սիրտը ճմլվեց: «էլի լավ չի» — մտածեց նա և վշտահար մնաց նայելիս մարդու երեսին:

Սաքուլը դուռը ետ դրեց, գնաց դեպի թախտը, մութաքեն առաջ քաշեց և պառկեց:

Մի բան գցի վրես, — ասաց նա թույլ ձայնով և ոտները կուչ ածեց:

Նատոն սապնոտ ձեռները սրբեց, վեր կացավ, բարձրացավ թախտը, ցեխոտ չուստերը թողնելով գետնին, ծալքից հանեց բավական մեծ ու հաստ մի վերմակ և ծածկեց մարդուն:

Լավ ծածկի, ջանս սրթսրթում ա, — ասաց Սաքուլը, վերմակը գլխին քաշելով:

Նատոն վերմակի ծայրերը ներս կոխեց կողքերից, որ բաց տեղեր չմնան:

Ուզում ես, մի լըհեր էլ ծածկեմ, — ասաց:

Ծածկի:

Նատոն բերեց մի ուրիշ վերմակ էլ գցեց նրա վրա և նորից կողքերը տապտպեց: Այժմ Սաքուլը ոտով-գլխով կորած էր վերմակների տակ: Նատոն լվացքը մոռացած՝ առժամանակ նստած մնաց մարդու մոտ: Կարճ, թախծալից լռությունից հետո վերմակների ծայրերը ետ քաշեց մարդու երեսից և շշնջաց.

Սաքո՞ւլ:

Սաքուլն աչքերը բաց արեց և նայեց նրան հարցական՝ հայացքով:

Բա չգնացի՞ր հիվանդանոց:

Գնացի:

Ի՞նչ ասեցին:

Տասը շայի են ուզում:

Բա ասում են, ով չունի՝ չեն ուզում:

Ասեցին պոլիցիցը ան տերտերիցը թուղթ բեր, որ չունես:

Ետո, գնացի՞ր պոլիցեն:

Սև գրողը տեսնի պոլիցի երեսը, նրանց «զավթրի» գլուխը ո՞վ ունի:

Դե տերտերի մոտ կգնայիր:

Տերտերի հերն էլ ընտեղ անիծեմ: Նոր չէ՞ր, որ տեսա մեյդանումը փորը ցցած: Տասը շային ի՞նչ ա, ասում ա, ջահել մարդ ես, մի օր որ բանես, ասում ա, տասը շայի չէ, իրեք մանեթ էլ կվեկալնես: Ախր, տեր հայր, ասում եմ, ջանս չի գալիս: Լավ, ասում ա, հանաք եմ անում, կիրակի օրը ժամ արի, ասում ա, կտամ:

Ա՜յ, նրա ջանը դուրս գա, — սրտով բացականչեց Նատոն: — Էդ հալով մինչև կիրակի ո՞նց մուլափ տաս: Քելեխ ըլեր, ձեռաց ո՞նց վազ կտար:

Ու լռեց դաղված սրտով: Եվ երկար ժամանակ անասելի վշտով նայում էր մարդու մաշված, դեղնած դեմքին, որի վրա հիվանդությունը մեռելային անզգայություն էր դրոշմել: Երեք ամբողջ տարի է, որ այդ անհասկանալի հիվանդությունը օր-օրի վրա հալում, մաշում է Սաքուլին: Էլ դեղ չմնաց, որ փորը չածեց, էլ հեքիմ չմնաց, որին չդիմեց: Օրեր ու շաբաթներ խաչերի դռանն անցկացրին, մատաղներ մորթեցին, կարմիր ու սպիտակ հագցրին, բայց և այնպես ոչի՛նչ, ոչի՛նչ չօգնեց: Ընդհակառակը՝ Սաքուլն օր-օրի վրա վատացավ, հիվանդությունն ավելի խոր բնակալեց: Սկզբներում էլի քիչ ու միչ կարողանում էր բանել, բայց վերջին ժամանակներն ուրագը մի քանի անգամ վրա անելուց հետո շունչը կտրվում էր և սիրտն այնպես արագ բաբախում, որ կարծում էր, թե դուրս պիտի պրծնի բերնից: Այդ երեք տարվա ընթացքում նրանք քանդվեցին, քարը քսվեցին, տանն էլ ոսկեղեն ու արծաթեղեն չմնաց գրավ դրին, ժամանակին չկարողացան թափելկորցրին, ավելորդ բաները ծախեցին-ծախծխեցին, հետո պարտքերի մեջ թաղվեցին և այսօր, երբ երթևեկ հիվանդների քաղաքային բուժարանում կանոնավոր դեղ ու դարման անելու համար «տասը շայի» են ուզում, չկա:

Նատոն մի ծանր թառանչ քաշեց:

Սաքո՞ւլ, — շշնջաց նորից: Սաքուլն աչքերը բաց արեց:

Սոված չե՞ս:

Չէ:

Ախր ոչ երեկ, ոչ էսօր զադ չես առել բերանդ, մի բան էլ ա կե, որ ու ունենաս: Հեղնարանք մատաղ են բերել, քեզ հմար եմ պահել, վեր կաց, կե: Ազին էլ հրես փռնիցը հացերը կբերի:

Որ չեմ ուզում, ի՞նչ ուտեմ:

Հաջաթ չի, զոռով կե: Թե չէ, բերանդ ըտենց հուպ տված խո ջլիս հալից կընկնես: Վեր կաց:

Էէ՛հ, — նեղսրտությամբ արտասանեց Սաքուլը և աչքերը նորից փակեց:

Նատոն կրկին հառաչեց և կարճ ժամանակ նստած էր լուռ ու վշտահար մտածմունքի մեջ:

Հա՛, Սաքուլ ջան, — հանկարծ ասաց նա, ըստ երևույթին, մի բան հիշելով: — Առավոտն ուզում էի պատմեմ քեզ, վեր կենամ տեսնեմ գնացել ես: Գիշերս ախր մի զարմանալի էրազ տեսա: Մթամ թե դու ըտենց թախտի վրա պառկած ես, մեկ էլ տեսնեմ մի կարմիր ձիավոր թուրը ձեռին նի ընկավ ու վրա պրծավ քեզ: «Ի՞նչ ես պառկել, ասում ա, ընչի չես գալի: Էս սըհաթիս թրովս կտամ, ասում ա, կես կանեմ, թե չես էկել»: Ու թուրը ղորթ, որ վրա չբերե՛ց: Հա՛, ըստեղ ես զարթեցի: Սիրտս ընենց լքլքոցն էր ընկել, որ կարծում էի՝ ղորթ էր: Հըմի, Սաքուլ ջան, ասում եմ, Ազին որ գա, բացանողի մոտ ղրկենք: Ես ի՞նչ գիտամ, բալի էլի խաչիցն ես, ու անմեղ տեղը քեզ պտի փչացնես դեղերով:

Տո, էլի խաչ, — վրա բերեց Սաքուլը դառն հանդիմանությամբ:

Վո՛ւյ, ըտենց մի ասի, Սաքուլ ջան, խաչը կնեղանա, — ասաց Նատոն վախեցած: — Ղորթ ա, խաչերի դուռը շատ ենք ման եկել, համա ի՞նչ կա որ, էս մեկն էլ փորձենք: Ախր չես իմանում, է , իմ օրումս ըսենց ափաշքարա տեսած չեմ. կասես էս նըմուտին էլ կանգնած ա աչքիս առաջը ձիուն նստած, թուրը հանած: Հը՞, Սաքուլ ջան, Ազին որ գա, ղրկե՞նք:

Սաքուլն արդեն ծածկել էլ աչքերը ձանձրացած:

Է՛հ, արեք, ինչ ուզում եք, — ասաց նա խորին անտարբերությամբ:

Հա՛, Սաքուլ ջան, ղրկենք, ղրկենք:

Օրորոցի երեխան լաց եղավ:

Նատոն վեր կացավ, գնաց չոքեց օրորոցի մոտ, նախ սկսեց օրորել, հետո որ տեսավ ձայնը չի կտրում, ծիծը բերանը դրեց և, մի ձեռքով օրորոցը գրկած, մտախոհության մեջ ընկավ աչքերը մի կետի հառած:

* * *

Դուռը բացվեց: Կապույտ սուփրի մեջ հացերը շալակին, տնքտնքալով մտավ ԱզինՍաքուլի մայրը, կարճահասակ, չորացած պառավ մի կին, վշտահար, խորշոմած բարի դեմքով: Հետևից մտավ նրա թոռըչորս-հինգ տարեկան վտիտ մի աղջիկ, ձեռներով երկու հաց իրար վրա պինդ սեղմած կրծքին: Հացերից մեկը, տակինը, սահել էր ներքև և սպառնում էր ընկնել: Նա վազելով հասավ թախտին, բարձրացավ ոտների ծայրերի վրա և հացերն անվնաս դրեց թախտի ծայրին:

Ըհը, հըլա չէր պառկել, — տխուր քրթմնջաց պառավը, տեսնելով որդուն թախտին: — Ասա, որ կարում չես, էլ խի ես ծեքծքալի դուրս գնում:

Շալակի հացը դրեց թախտի վրա և կամաց դարձավ հարսին.

Աղջի քնած ա՞:

Գիտում չեմ, նոր զարթուն էր, — պատասխանեց Նատոն:

Պառավը մոտեցավ որդուն և խոնարհվեց նրա վրա:

Սաքուլ ջան:

Հը՜:

Քնած չե՞ս:

Չէ:

Ո՞նց ես:

Է՛հ, եսի՞մ ոնց եմ:

Տաք-տաք հաց եմ բերել, վե կաց կե:

Օ՛հ, զահլա տարաք, է՜լի, — ջղայնոտությամբ արտասանեց Սաքուլը վերմակների տակից և շուռ եկավ մյուս կողքին:

Պառավը, խորին վշտով համակված, մի կարճ ժամանակ խոնարհված մնաց որդու վրա, հետո մի ծանր թառանչ քաշեց, գնաց բաց արեց կապոցը և սկսեց թեժ-թեժ հացերը փռել թախտի վրա, որ սառչեն: Այժմ սենյակի մեջ տարածվեց տաք-տաք հացերի ախորժալի հոտը:

Աղջի, բա հիվանդանոց չի գնացե՞լ, — կամաց հարցրեց հարսին, որ ծիծ տալը վերջացնելով, սկսել էր օրորել երեխային:

Նատոն պատմեց, որ հիվանդանոցում առանց չքավորության վկայականի չեն ընդունել ձրի: Պատմեց և այն, որ տերտերն ասել էր, թե վկայականը կիրակի օրը կտա:

Այ, տափը դնեմ նրա գլուխը, — վրդովված բացականչեց բարի պառավը: — Բա նա հոգի ունի: Էս հալին ո՞նց մնա մինչև կիրակի, աղջի. ըսօր երկուշաբթի ա ախր, հը՛:

Դե ես ի՞նչ գիտամ, — տխուր ու հուսահատ պատասխանեց հարսը և օրորոցը մի կողմ քաշեց, որովհետև թախտի մի տախտակը խիստ ճռճռում էր նրա տակ: — Աղջի արի մի օրորի, է՛, լվացքս մնաց, — դարձավ նա աղջկան, որը թաժա հացից մի կտոր կտրած ախորժակով կծոտում էր:

Փոքրիկ աղջիկը բարձրացավ թախտը, ծալապատիկ նստեց օրորոցի մոտ և մի ձեռքով սկսեց օրորել երեխային, իսկ մյուսով շարունակում էր կծոտել հացը:

Նատոն իջավ թախտից, մերկ ոտներին հագավ չուստերը, բայց լվացքին դիմելուց առաջ նստեց սկեսոր մոտ և փսփսաց նրա ականջին.

Ազի ջան, արի մի ձեռաց գնա բացանողի մոտ, տենանք ի՞նչ կասի էն իմ էրազի հմա, առավոտը որ քեզ պատմեցի: Այ կտեսնես, թե ս. Գևորգը չըլի էն ձիավորը:

Դե ես ի՞նչ գիտամ, որդի, — վշտահար արտասանեց պառավը: — Ս. Գևորգն էլ էն էր, որ գնացինք, մատաղն էլ էն էր, որ մորթեցինք, ճար չըլավ ու, — մեռնեմ նրա ոտին:

Եվ պառավը երկյուղածությամբ բռնված, ծանր հառաչեց:

Չէ, Ազի ջան, Ազի, հոգուդ մեռնեմ, վե կաց հենց հիմիսկևեթ գնա, — աղաչեց հարսը: — Այ, մի աբասի ունեմ, տամ:

Նատոն դերիայի գրպանից շտապով հանեց թաշկինակը, ետ արեց ծայրին կապած մի քսանկոպեկանոց և տվեց սկեսորը: Պառավը, լուռ ու մտախոհ, դրամը կապեց իր բռնոթոտ, դեղնած թաշկինակի մեջ, գրպանը կոխեց, ծածկեց իր խունացած սև շալը և դուրս գնաց:

***

Անցավ մոտ երեք ժամ: Նատոն պարզաջրել էր լվացքը և փռում էր փողոցում կապած թոկի վրա, որ վերադարձավ սկեսուրը:

Վեր կացա՞վ, աղջի, — հարցրեց պառավը:

Չէ. ընենց լավ քնած ա որ, — պատասխանեց Նատոն և իր կողմից հարցրեց. — ընչի՞ էսքան ուշացար:

Պառավը վրայից վերցրեց շալը և նստեց դռան մոտ գետնին ամրացրած նստարանի վրա:

Ըսկի ճար ու ճամփա կա՞ր որ, — ասաց նա: — Ինչքան մուշտարի ունի քոռացածը, տունը զմփում էր:

Յանի լավ իմացա՞վ, ազի ջան, — հարցրեց հարսը:

Ընենց մին-մին ետ ասեց, ոնց որ մեր տանը նստած ըլեր:

Ի՜...

Քու արևը:

Նատոն արագ նստեց սկեսոր կողքին:

Ի՞նչ ասեց, — հարցրեց նա չափազանց հետաքրքրված:

Որ ասեմ, ասում ա, կորուստ ա կորուստ չի. որ ասեմ, ասում ա, ճամփորդ ա՝ ճամփորդ չի: էս ով-որ որ ա, ոչ ըրեխա յա, ոչ ծեր: Էս ինչ ա, ասում ա, առաջն ընկած ուրագ ա, թե ինչչեմ գիտում, համա ինչ արած, ասում ա, որ խեղճը ձեռումը ղվաթ չունի վե կալնի:

Ի՛, ղո՞րթ, ազի ջան, — բացականչեց Նատոն զարմանքից տարված:

Էն աստոձը: Ափսուս, ասում ա, ըժում ի՜նչ լավ ադամորդի ա, է: Էս ե՞րբ ա, ասում ա, հիվանդացել, որ ըսենց թել ա կտրվել: Հրես պարզ ըրևում ա, էլի, ասում ա. ունեցած-չունեցածը դեղ ու դարմանի ա տվել, համա զադ չի դառե: Էս ովքե՞ր են, ասում ա, էրկուսը պստիկ են, մեկըմենձ: Էս մենձը քիրն ա, ասում ա, թե կնիկը, շատ ա դարդ անում: Հրես մեկն էլ կա, ասում ա, պառավ ա. սա էլ ա, ասում ա, շատ տարակուսած: Դե էս էլ դու ես, է՛լի, ասում ա, ի՞նչ ես շատ զահլա տանում:

Վույ, ղորթ, Ազի ջան, — բացականչեց Նատոն, որի աչքերը վառվում էին ծայրահեղ զարմանքով և հիասքանչումով:

Ղորթս ո՞րն այ աղջի: Ասում ա, է՛լի, ընենց մին-մին ետ ասեց քոռացածը, ոնց որ մեր տանը նստած ըլի:

Ըժո՞ւմ:

Ըժում... էս ի՞նչ ա, ասում ա, ձիավոր ա՞, թե թևավոր, համա հողեղեն չի: Հրես-հրես, ասում ա, պռնկներից կրակ ա թափվում, կասես թոնիր ըլի: Դե խաչ ա, է՛լի, ասում ա, ես խո իմաստուն չեմ, ասում ա, որ ամեն բան դրուստ իմանամ: Ո՞ւմ համբուրող ա, ասում ա, ս. Սարգսի, թե ս. Գևորգի, ուխտ պտի գնա: Դե ուրիշ ի՞նչ ասեմ, ասում ա, էս ա, էլի:

Վույ, մեռնեմ ս. Սարգսի էլ, ս. Գևորգի էլ օղորմութենին, — արտասանեց Նատոն և, աչքերը երկինք գցած, ջերմեռանդությամբ խաչակնքեց երեսը: — Տեսա՞ր, էրազս ղորթ դուրս էկավ: Քոռանամ ես, անցկացած տարին դոխտուրների հետևից ընկանք, չգնացինք Թելեթ ու հըմի տեսնում ե՞ս...

Հա՛, էս էլ ասեց, — ընդհատեց նրան պառավը, մտ՜աբերելով բացանողի պատվերը, — իրեք օր ու գիշեր, ասում ա, պտի պառկած մնա խաչի տակը. օճորքը երկինքը պտի ըլի, ասում ա, կողինքը գետինքը, չունքի, ասում ա, հրեղեն—, թևավոր ձիավորը թռչում ա երկնքի ու գետնքի մեջտեղը:

Նատոն նորից ու ավելի ջերմեռանդությամբ խաչակնքեց երեսը և ասաց վճռական կերպով.

Ես էս ա, մում եմ ետ դնում Թելեթի ս. Գևորգի հմար, մեռնեմ նրա սուրբ զորութենին:

Նա վեր կացավ, շտապելով փռեց լվացքի վերջին կտորները և ներս գնաց սենյակը: Սկեսուրը հետևեց նրան:

Նատոն չուստերը թողեց ցեխոտ հատակին, բարձրացավ թախտը, պատի մեջ գտնված պահարանից հանեց երկու դեղին մեղրամոմ, զգուշորեն, որպեսզի թախտի տախտակները չճռճռան ոտի տակ, մոտեցավ քնած ամուսնուն, մոմերը պտույտ տվեց նրա գլխի վերևը, հետո նույն զգույշ քայլերով իջավ, հագավ չուստերը և մոմերը տարավ դրեց բուխարու գլխին, ուր երևում էին ամեն շաբաթ գիշեր վառվող մոմերի սևացած հետքերը:

* * *

Հիվանդը տնքաց և շարժվեց վերմակների տակ: Պառավը մոտեցավ նրան.

Սաքո՞ւլ:

Հը՜:

Զարթուն ե՞ս:

Հա:

Գնացի ախր բացանողի մոտ:

Սաքուլը վերմակների ծայրերը ետ քաշեց երեսից և հետաքրքրությամբ նայեց մոր աչքերին.

Հա-ա՛: Ի՞նչ ասեց:

Նրա կարմրատակած թաց երեսից և տենդոտ, պլպլացող աչքերից երևում էր, որ քնի մեջ կազդուրիչ քրտինք էր եկել:

Վո՛ւյ, էդ ի՜նչ լավ ա ըլել, Սաքուլ ջան, հրեդ քրտինք ա էկել, — մոտ վազելով բացականչեց Նատոն ուրախացած և, իսկույն իր գլխի սպիտակ աղլուխն առնելով, սրբեց ամուսնու երեսի քրտինքը: — Բաց չըլես, Սաքուլ ջան, բաց չըլես, — ավելացրեց նա և սկսեց տապտպել վերմակների ծայրերը նրա շուրջը: — Ընենց լավ իմացել ա, Սաքուլ ջան, որ արմացք: Ազի ջան, մի պատմի, է՜:

Պառավը ծալապատիկ նստեց որդու մոտ և սկսեց ավելի մանրամասնորեն պատմել բացանողի գուշակությունները:

Նատոն նստել էր մարդու ոտների մոտ և շարունակ նայում էր նրա դեմքին, կարծես ստուգելու համար, թե բացանողի ճիշտ գուշակությունն արդյոք նրա՞ն ևս նույն զարմանքն ու հիացմունքն է պատճառում, ինչ որ իրեն:

Սաքուլը լսում էր լուռ և, ըստ երևույթին, անտարբեր, միայն չորացած շրթունքներն էր լպստում:

Փոքրիկ աղջիկը մի ոտով օրորում էր օրորոցը և տիկնիկ էր խաղում: Այդ տիկնիկն ինքն էր շինել, մի տափակ կոճակի վրա սպիտակ փալաս էր փաթաթել, կոճակը կարի սև թելով կապկպել էր մի փոքրիկ փայտի ծայրին, փայտին հագցրել էր դերիայի պես իր ձեռքով կարած մի փոքրիկ տոպրակ, և տիկնիկը կազմ ու պատրաստ խաղում էր նրա ձեռքին: Սրա տիկնախաղն էլ պարզ էր, ինչպես իր տիկնիկը, շրթունքներով ճղճղացնում էր պարերգի պես մի բան և ձեռքերով պար էր ածում տիկնիկը թախտի վրա:

Հըմի ի՞նչ ես ասում, որդի ջան, գնում ե՞նք Թելեթ, թե չէ, — հարցրեց պառավը պատմությունը վերջացնելուց հետո:

Ընչո՞վ գնանք, է՛, — ասաց Սաքուլը: — Տասը շայի չունեմ, որ հիվանդանոցումը տամ, Թելեթ ո՞նց գնանք: Էլի քիչ-քիչ մի էրկու թուման հերիք չի:

Ի՜, Սաքուլ ջան, ըտենց մի ասի, խաչը կնեղանա: Էրկու թումանն ի՞նչ ա, որ չես կարա միկից ճարի: Կգնաս, աստծու օղորմութենով կլավանաս, կգաս կբանես, պարտքդ էրկու շաբթումը կտաս:

Սաքուլը երկար ժամանակ չէր համաձայնում նոր պարտք անելու, քանի որ արդեն բավական հին պարտքեր ուներ վճարելու: Բացի դրանից, նրա վիճակը տեսնելով, ո՞վ էր գժվել պարտք տալու նրան:

Տունդ գրավ դի, գլուխը քարը, տունը ջանիցդ խո լավ չի՛, — ասաց Նատոն:

Դու էլ բան ասացիր, — նկատեց Սաքուլը ջղայնացած:

Բալքի չլավացա, մեռա, ընչո՞վ եք թափելու: Հաց շատ կճարեք, ա՜յ, ուտելու, որ տան քրեհ էլ քաշեք: Էս մի քնձռոտ տունն ա էլի՛, թողեք էս էլ ա մնա ձեզ, որ քուչումը չմնաք:

Էհ, ընչե՞ր ես ասում, Սաքուլ ջան, որդի ջան, — բացականչեց պառավը մեղմ կշտամբանքով: — Էդ ի՞նչ ասելու բաներ են, որ ասում ես: Մի քիչ էլ մեզ խեղճ արի, է, սիրտներս կրակ ես գցում, փթոթում:

Եվ պառավի բարի վշտահար աչքերը թաց եղան:

Դա ըսկի աստված ունի որ, — բեկբեկ ձայնով արտասանեց Նատոն և գլխի աղլուխի ծայրը սեղմեց աչքերին:

Մի րոպե սենյակում ճնշող լռություն տիրեց: Լռել էր նույնիսկ փոքրիկ աղջիկը և, տիկնիկը գոգին դրած, երեխայական հետաքրքրությամբ նայում էր տատին, մորը, հորը...

Լավ, էս մեկն էլ թող ձեր ասածն ըլի, — վերջապես համաձայնեց Սաքուլը, որ ինքն ևս զգացել էր իր վերջին խոսքերի ծանրությունը:

* * *

Երեկոյան դեմ նա գնաց իրեն լավ ծանոթ մի կապալառուի մոտ, որն ամբողջ քաղաքի հյուսների, որմնադիրների և մշակների շրջանում հայտնի էր Սերգեյ Ստեփանիչ կամ պարզապես աղա Սերգո անունով:

Սերգեյ Ստեփանիչը, — խոշոր արտաքինով, խոշոր բեղերով, մոտ հիսուն տարեկան մի տղամարդ, սև ատլասի արխալուղով, որի վրա հուրհրատին էր տալիս ժամացույցի ոսկի հաստ շղթան, — նստած էր մի նոր հսկայական շինության բակում իրար վրա դարսած հաստ տախտակների վրա, արխալուղի վրայից հագած ամառվա վերարկուի փեշերը գոգին հավաքած, և «տերողորմյան» ձեռքին՝ դիտում էր օրվա վերջին աշխատանքները: Տասնյակ վարպետներ և մշակներ ղժվժում էին կիսաշեն պատերի գլխին, տախտակամածների վրա, բակի մեջ, ցեմենտի տակառների, ավազի, հողի, ցեխի, գաջի ու կրի կույտերի և բուրգեր կազմած աղյուսների շուրջը: Մի շատ բարձր պատի գլխին որմնադիրներից մեկըմի պարսիկփափախը գլխին, մայր մտնող արևի կարմիր ճաճանչներով ողողված, համ շարում էր պատը, համ կլկլացնում մի բայաթի շատ ախորժալուր տենորով:

Ուստա Սաքո՞ւլ, — բացականչեց Սերգեյ Ստեփանիչը:

Հա աղա ջան:

Տո, էդ ի՞նչ ա հալդ, էլի հիվանդ ե՞ս:

Հա, աղա ջան:

Տնաշեն, բա ո՞նց չլավացար մինչև հըմի: Ըսկի դեղ-մեղ անում ե՞ս:

Ընչոր ունեի, դիփ դեղի ու հաքմի տվի ու, ես ի՞նչ գիտեմ: Էս անտեր ցավը մտել ա ջանս, դուրս չի գալիս:

Բա ըսկի չե՞ս բանում:

Թե որ լավ եմ ըլում, ընչի չէ, մին-մին բանում եմ, համա դե մին-մին բանելով ի՞նչ կըլի: Մի տուն օղլուշաղ պահելը դժար ա, աղա:

Այ, թե ուզում ես, բան շատ ունեմ, ըստեղ էլ, ուրիշ տեղ էլ, արի բանի:

Ուզում եմ, ո՞նց չեմ ուզում, աղա. այ, սրանց որ տեսնում եմ (Սաքուլը ձեռքով ցույց տվավ շուրջը), ջանս կրակ ա ընկնում, համա որ էս անտեր ձեռներումս հարաքաթ չկա:

Բա ընչի ես եկել:

Եկել եմ, որ... — կմկմաց Սաքուլն աչքերը վայր թողնելով և չվերջացրեց:

Որ էլի փող ուզես, չէ՞:

Հա, աղա ջան, — արտասանեց Սաքուլը՝ խեղճ-խեղճ նայելով նրան:

Բա էն առաջվա տասը մանեթը:

Դե էն առաջվա տասը մանեթն էլ... դե, իհարկե, — նորից կմկմաց Սաքուլը և ավելացրեց, — թե որ...

Ի՞նչ թե որ,

Թե որ... ես ի՞նչ գիտամ, գրավ կուզես...

Ի՞նչ գրավ:

Դե գիտաս էլի, աղա ջան, մի տուն ունեմ...

Տուն էլ ասում ա: — Սերգեյ Ստեփանիչն անկեղծ զվարճությամբ ծիծաղեց, կայտառ պատանու պես վեր թռավ տեղից և ձեռքով թափ տվավ քամակը: — Տո, տանդ որ մի քացի տամ, շուռ կգա: Բան ունես, բան ասա:

Դե, ի՞նչ ասեմ, աղա, էդ ա, ինչ որ ունեմ: Ուզում ես առ, չես ուզում՝ ասա գնա Քուռն ընկի: Ուրիշ ճար չունեմ, աղա:

Սերգեյ Ստեփանիչը նորից ծիծաղեց:

Վա՜յ, խեղճ իմ Սաքուլ, ի՜նչ լավ մարդ ես, — ասաց բարեսրտությամբ խփելով նրա ուսին: — Դու ինձ էս ասա, էլի ինչքա՞ն ես ուզում:

էլի որ մի քսան մանեթ տաս, աղա...

Քսա՞ն մանեթ: Տո, քսան մանեթն ի՞նչ ա, քսան մանեթին մեկ փչեցի, հանգավ, — շարունակեց ծիծաղելով Սերգեյ Ստեփանիչը:

Следующая страница