Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Խնդրեմ, — ասացի այդ անակնկալից մի քիչ շփոթված և, վեր կենալով, աթոռս առաջարկեցի նրան:

Նստեց, նստեց այնպիսի արագությամբ, որ, կարծես, աթոռը նախքան նստելը դուրս պիտի քաշեին տակից: Զարմանալի կենսունակ, շարժուն աղջիկ էր:

Ես շատ եմ հետաքրքրվում, թե ինչպես է պարապում եղբայրս: Անշուշտ շատ է տանջում ձեզ, չէ՞:

Ես միայն ժպտացի և գլխով դրական շարժում արի:

Ես այդպես էլ գիտեի: Այս անպիտանը... Ա՜խ, դուք կանգնած մնացիք, — հանկարծ բացականչեց նա, վեր թռավ և սկսեց աչքը ման ածել սենյակի չորս կողմը:

Ես շտապեցի դեպի նստատեղը փոս ընկած աթոռը, որը ձգել էի մի անկյուն և չէի գործածում իր անպետքության պատճառով, մոտ բերի, բայց չնստեցի, վախենալով ծիծաղելի դրության մեջ ընկնեմ:

Այդ նկատեց նա:

Ո՞վ է տվել ձեզ այդ աթոռը, — ասաց: — Այդ ի՞նչ խայտառակություն է: Տվեք տանեմ փոխեմ:

Իր աթոռն ինձ տվեց, անպետքը դուրս տարավ և, երկու րոպե չանցած, ներս բերեց մի նորը, որի վրա կարելի էր համարձակ նստել:

Այժմ կարող եք շարունակել, — ասաց: — Ես ձեզ չեմ խանգարի:

Ու զարմանալի սուսուփուս նստեց:

Դասի կեսը պատմել վերջացրել էի նրա մտնելուց առաջ և այժմ, փոխանակ շարունակելու, չգիտեմ ինչու, սկսեցի սկզբից: Բայց այդ սկիզբն սկսել էի անվստահ կերպով, բառերն արտասանելիս դանդաղում էի, լեզուս, կարծես, կապ էր ընկնում, կարծես այդ անպիտան աղջիկն եկել նստել էր դիմացս ոչ թե նրա համար, որ տեսնի, թե ինչպես է սովորում եղբայրը, այլ նրա համար, որ ստուգի, թե ինչպես եմ պարապում, ի՛նչ գիտեմ ես: Բայց հետո, մի քիչ որ վարժվեցի նրա ներկայությանը, կամաց-կամաց սիրտ առա և հետզհետե ոգևորվեցի ոգի ու շունչ տվող այն քաղցր ու քնքուշ զգացման ազդեցության տակ, որ ներշնչել էր ինձ այդ աղջիկն հենց սկզբից և որն այժմ սկսեց ուժգին թափով ջերմացնել սիրտս նրա մոտիկության շնորհիվ:

Դասախոսությանս ժամանակ առերևույթս եղբոր հետ էի, բայց ամբողջ ուշք ու միտքս քրոջ կողմն էր: Թեև չէի նայում նրան, բայց զգում էի, որ նա մոռացել է, թե ինչի համար է եկել, և լսում է ինձ իբրև ջանասեր, հետաքրքրվող աշակերտուհի: Այդ հայտնագործությունը թեև շատ էլ անսպասելի չէր ինձ համար, բայց և այնպես ես ավելի ոգևորվեցի դրանից: Մեր դերերը փոխվել էին. նա ընկճել էր ինձ (այդպես էի կարծում), ես անձնավստահ էի դարձել: Ոգևորությանս մեջ, կարծեմ, այնպիսի մանրամասնությունների մեջ մտա, որ խեղճ տերտերացու աշակերտս իհարկե ոչինչ չէր կարող հասկանալ: Հոգսս էլ չէր. այդ րոպեին ոչ թե նրա համար էի դասախոսում՝, այլ քրոջ համար, որը իր կրակ թափող համառ հայացքով, իր ամբողջ էությամբ մարմնացած հետաքրքրություն էր դարձած: Դասախոսությանս ժամանակ չկարողացա դիմանալ և մի քանի անգամ նայեցի նրան: Գրո՛ղը տանի, — ի՜նչ հրաշալի, ինչ պաշտելի աչքեր... Ի՛նչպես կուզեի վրա ընկնել, համբույրներով ծածկել այդ աչքերը և կլանել նրանց արձակած կայծերը՝ այդ կայծերից վառվելու համար...

Ինչքան լավ պատմեցիք, — երեխայական պարզամտությամբ բացականչեց նա, երբ վերջացրի: — Գիտե՞ք, — ավելացրեց իսկույն մի տեսակ տխրությամբ, — ես հայերեն լավ չգիտեմ, որովհետև մեր տանը հայերեն ոչ ոք չի խոսում, հորս խոսածն էլ ի՛նչ հայերեն է: Դրա համար եմ ձեզ հետ ռուսերեն խոսում: Բայց հավատացնում եմ ձեզ, բոլորը հասկացա՝ ինչ որ պատմեցիք, որովհետև նյութն ինձ ծանոթ է, թեև շատ բան մոռացել եմ:

Իսկ ձեր մեծ եղբայրը հայերեն գիտե՞, — հետաքրքրվեցի ես:

Խոսե՞լ, թե կարդալ:

Խոսել էլ, կարդալ էլ:

Խոսել, ինձանից լավ է խոսում, բայց կարդալ, երևի բոլորովին մոռացած կլինի: Հարցնե՞մ:

Չէ, ի՞նչ հարկ կա հարցնելու, — ծիծաղեցի ես նրա միամտության վրա, — ես հարցրի հենց այնպես: Բայց հետաքրքրական է, դո՞ւք ինչպես եք կարդում հայերեն: Կարդալ գիտեք, չէ՞:

Ինչպես չէ: Ուզո՞ւմ եք կարդամ:

Խնդրեմ:

Վերցրի եղբոր հայերեն դասագիրքը, բաց արի առաջին պատահած հատվածը և դրի առջևը:

Գլուխը ցածր խոնարհեց գրքի վրա կարճատեսի նման և սկսեց կարդալ: Մի րոպե ուշադրությունս գրավեցին նրա սևաթույր առատ մազերը, որոնք գլխի ամեն մի շարժումի հետ պեծին-պեծին էին տալիս ճրագի լույսի տակ:

Որքան էլ որ թերահավատ էի նրա հայերենագիտության մասին, այնուամենայնիվ նրա կարդալը միանգամայն հիասթափեցրեց ինձ. կարդում էր մատը տողերի վրա շարժելով, հեգելով, վանկ-վանկ, արտասանությունը ռուսերեն էր, բառի վերջը ը չկար, չկար ու չկար: Հազիվ մի հինգ-վեց տող կարդացած, գլուխը բարձրացրեց և նայեց ինձ այնպիսի մի խղճալի հայացքով, որից երևում էր, թե ինքն ևս հիասթափված էր իր կարդալու կարողությունից:

Վատ կարդացի, չէ՞՝, — հարցրեց մի տեսակ ամաչկոտ հուսահատությամբ:

Եղբայրը, որ նրա կարդալու միջոցին, ինձնից քաշվելով, հազիվ էր զսպում ծիծաղը, այժմ հանկարծ փռթկացրեց:

Քույրը հանկարծական զայրույթով գիրքը թռցրեց սեղանից և խփեց նրա գլխին:

Ի՞նչ ես ծիծաղում, զզվելի: Ինձնից լա՞վ ես կարդում:

Իհարկե լավ եմ կարդում, — ջգրացրեց նրան եղբայրը, շարունակելով ծիծաղել:

Լռի՛ր, անպիտան: Ես գիտեմ, որ դու դասդ երբեք չես սովորում, որ սովորեիր, չէին դուրս անի գիմնազիոնից:

Եղբայրն, իմ լռությունից սիրտ առած, ուզում էր հակաճառել, բայց քույրը չթողեց բերանը բաց անի.

Լռի՛ր, լռի՛ր, դեռ ուզում ես խոսե՞լ: Դու միշտ բթամիտ ես եղել, բթամիտ էլ կմնաս:

Բայց և այնպես, հայերեն քեզնից լավ եմ կարդում, — շարունակեց ջգրացնել եղբայրը:

Քույրը զայրացած դիմեց ինձ:

Սա ի՞նչ հանդգնություն է, պարոն: Մի՞թե այս զզվելին իսկապես լավ է կարդում ինձնից:

Դուք երկուսդ էլ վատ եք կարդում, — ծիծաղեցի ես: — Ձեր կարդացածը հայերեն չէ, այլ աստված գիտե ինչերեն: Ես զարմանում եմ, ինչո՞ւ չեք կարողանում ը արտասանել բառի վերջը, մի՞թե այդքան դժվար է:

Որովհետև ը ոչ վրացերենում կա, ոչ էլ ռուսերենում, — նկատեց քույրը:

Լավ, ի՞նչ անենք որ չկա, բայց արտասանել խո կարելի է: Պետք է միայն վարժվել:

Ինչպե՞ս վարժվեմ:

Խոսելով: Պետք է շարունակ խոսեք հայերեն:

Որ ամաչում ե՞մ:

Այ քեզ բան, մարդ խոսելուց էլ ամաչի՞: Այ, ես ձեզնից լավ չգիտեմ ռուսերեն, բայց խոսում եմ, և գիտեմ, որ սխալներ եմ անում, բայց չեմ ամաչում:

Ես ախր գրել էլ չգիտեմ հայերեն, այսինքն համարյա թե չգիտեմ:

Հանկարծ գլխումս մի միտք ծագեց ինքնաբերաբար:

Ուզո՞ւմ եք, — ասացի, — ձեզ հետ պարապեմ հայերենից:

Մի րոպե տարակուսանքով նայեց աչքերիս:

Հետո, այդ դժվար չի՞ լինի ձեզ համար, համ ինձ հետ, համ եղբորս...

Դժվար կլինի թե հեշտ, այդ թողեք ես գիտենամ, դուք միայն ասացեք, ուզո՞ւմ եք:

Ուզո՛ւմ եմ... ինչպե՞ս թե ուզում եմ... իհարկե ուզում եմ, — բացականչեց նա ուրախությունից վառված աչքերով: — Ես այդ ինքս էի ուզում խնդրել ձեզ, որովհետև իսկապես ամոթ է, որ ես հայերեն ոչ կարգին խոսել գիտեմ, ոչ կարդալ և ոչ գրել:

Շատ բարի, մենք հենց վաղվանից կսկսենք, — ասացի ես արտաքին հանգստության տակ ծածկելով ներքին բուռն ուրախությունս, որ այսուհետև ամեն օր տեսնելու եմ նրան իմ սենյակում, զգալու եմ նրա ներկայությունը ինձ մոտ:

4

Բայց հետևյալ օրը ահա թե ինչ պատահեց:

Դպրոցում պարապմունքներս վերջացնելուց հետո, ճաշարանում ճաշել և նոր էի վերադարձել տուն, որ մի քիչ հանգստանամ և երեկոյան սկսեմ պարապմունքս Քալիի հետ: Պառկած տեղս քնով էի անցել: Մեկ էլ հանկարծ զարթնեցի ինչ-որ տարօրինակ աղմուկից: Դուրս գնացի պատշգամբ: Աղմուկը բակումն էր: Բոլոր կենողները դուրս էին թափվել, տղամարդ չկար մեջները. բոլորը կանայք, աղջիկներ և երեխաներ: Ամենքը խոսում, բղավում էին միանգամից: Ոչինչ չէր հասկացվում այդ Ժխորի մեջ: Դիմացի բակում գտնվող ամենավերջին սենյակի լուսամուտի առջև մի խումբ երեխաներ և կանայք իրար գլխի թափված ներս էին նայում: Այդ սենյակից լսվում էին երեխաների ծվոց ու ծղրտոցներ, որոնք միախառնվելով դրսի կանանց ու երեխաների աղմուկի հետ, փշաքաղում էին մարդու մազերն իրենց ահարկու տարօրինակությամբ: Չհամբերեցի՝ գոռացի.

Ի՞նչ է պատահել:

Լուսամուտի առջև խռնված կանանց և երեխաների միջից մեկը դուրս թռավ և, դիմելով ինձ, առաջ վազեց: Քալին էր:

Ի սեր աստծու, օգնեցե՜ք, — աղաղակեց ներքևից, սարսափահար, աղերսալի աչքերով նայելով ինձ:

Ներքև վազեցի:

Ի՞նչ է պատահել, — նորից հարցրի:

Սպանեց, շո՞ւտ, — ասաց միայն սարսափից հևալով և տարավ ցույց տվեց այն սենյակի դուռը, որտեղից լսվում էին երեխաների ծվոցներն ու ծղրտոցները:

Բռնեցի դռան փականքից և հրեցի, բաց չեղավ, փակված էր ներսից: Սկսեցի շարժել, որ տեղահան անեմ, դարձյալ անօգուտ: Այն ժամանակ ձեռքերիս և ոտներիս մկաններն իրենք իրենց լարվեցին այնպիսի մի կատաղի ուժով, որ մի րոպեից ինչ-որ ճայթեց, դուռը մեկեն բացվեց շրխկալով ու ուժիս իներցիան ներս նետեց ինձ սենյակը:

Այդ կիսամութ սենյակում աչքերիս առջև ներկայացավ հետևյալ տեսարանը, Բրդոտ երեսով և կարմիր, ուռած քթով մի տղամարդ մի կնոջ (ինչպես հետո իմացա, իր կնոջ) մազերից բռնած՝ խելագարի կատաղությամբ քարշ էր տալիս այս պատից այն պատը, այս անկյունից այն անկյունը: Կինը երկու ձեռքով պինդ բռնել էր իր մազերից և իր կողմն էր քաշում, որ մարդու ձեռքերի թափը թուլացնի, բայց չէր հաջողվում, և ծալվող ծկներով, համարյա լուռ մղկտալով վազում էր, նայելով թե գազազած մարդը որ կողմն էր քարշ տալիս նրան մազերից բռնած: Երեք մանրիկ երեխա բարձրացել էին թախտը, գայլ տեսած գառների նման կուչ էին եկել իրար մոտ պատին կպած և ծվում էին: Կինը չկարողացավ դիմանալ ոտի վրա և երեսն ի վայր փռվեց գետին: Մարդն այժմ թողեց նրա մազերը և սկսեց աքացի տալ պատահած տեղը: Այդ գազանը գրեթե ձայն չէր հանում, միայն ծանր շնչում և փնչացնում էր կատաղած գոմշի նման, երևի հոգնելուց:

Արյունն աչքերս առավ: Առաջ վազեցի, ետևից բռնեցի նրա սյուրտուկի կեղտից սևացած պլպլացող օձիքից, և բոլոր ուժովս ետ հրեցի: Չեմ իմանում ինչպես պատահեց, մին էլ տեսնեմ այդ ահագին մարդը երեսն ի վեր փռված է հատակին, կնոջ կողքին: Այժմ ես սկսեցի քացի տալ նրան: Պետք է որ շատ մազալու տեսարան լիներ: Սկզբում, երևի հանկարծակիի եկած, չէր շարժվում տեղից, ոչ մի դիմադրություն ցույց չէր տալիս, չէր աշխատում տեղից վեր կենալ, կարծես չէր էլ զգում աքացիներիս հարվածները, որ, պետք է ասած, բավական անողորմաբար էի տալիս: Նա միայն, իր ահագին մարմնով հատակի վրա երկարումեկ ձգված, նայում էր ինձ զարմանք արտահայտող ուռածկարմրած աչքերով, կարծես հարցնում էր, «Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում»: Բայց հանկարծ, կարծես նոր ուշքի գալով, մի ուժգին շարժում գործեց և նստեց, որ վեր թռչի: Ու մինչ ահագին մարմինը կշարժեր տեղից, ես վրա ընկա, նորից պառկեցրի, չոքեցի կրծքին և բռնեցի կոկորդից: Երևի շատ պինդ էի հուպ տալիս, որ նա բերանը բաց էր արել, ցույց տալով իր դեղնած փտած ատամները, աչքերը չռել էր, արյունով լցված զզվելի սպիտակուցները դեմքիս հառած, և մարմինն էլ մի տեսակ խլպլտում էր տակս:

Այժմ մութ կերպով հիշում եմ, որ սենյակը լցվել էր մարդկանցով, դրանք, երևի, բակի կանայք ու երեխաներն և փողոցով անցնող պատահական մարդիկ էին, որոնք ներս էին թափվել «թամաշա» անելու: Չորս կողմս դժոխային ղժվժոց էր ընկել:

Ուշքի եկա այն ժամանակ, երբ մեկը վրա ընկավ, բռնեց երկու ձեռքիցս և բոլոր ուժով քաշելով վեր կացրեց ինձ այդ թշվառականի վրայից: Տանտերս էր:

Գժվի՞լ իս, ինչ է, խո խեղդեցիր, — ասաց:

Բան չկարողացա արտասանել, սաստիկ հոգնել և դժվարությամբ էի շունչ քաշում:

Այդ րոպեին հոր կողքին տեսա Քալիին լուռ, գունատ, սարսափահար ինձ նայելիս:

Տանտերս բռնեց թևիցս ու դուրս տարավ:

Բայց հազիվ ոտս դուրս էի դրել շեմքից, մեկ էլ հանկարծ ներսը հավաքված ամբոխի մեջ կանանց ու երեխանք մի սոսկալի ծղրտոց բարձրացավ և գրեթե նույն րոպեին ինչ-որ մի տրաքոց զգացի ծոծրակիս վրա: Ականջներիս մեջ մի սուր ծվոց լսեցի, կարծես մոտս թնդանոթ արձակեցին, աչքերս նախ պեծին-պեծին տվին, հետո հանկարծ մթնեցին, գետինը թռավ ոտներիս տակից և... այնուհետև թե ինչ պատահեցչիմացա:

Ուշքի որ եկա, տեսա պառկած եմ սենյակումս, մահճակալիս վրա: Մոտս աթոռի վրա նստած էր տանտիրոջս բժշկացու տղան՝ սառը, լուրջ դեմքով: Շատ զարմացա, նա երբեք սենյակս չէր մտել, այնպես առանձնացած էր պահում իրեն, որ նույնիսկ չէինք ծանոթացել իրար հետ: Նրա մոտ անհանգստություն արտահայտող դեմքերով կանգնած էին տանտերս և նրա կինը: Աչքերս բանալուն պես մի թույլ, ուրախական ճիչ լսեցի գլխիս վերևը: Բժշկացուն սաստող աչքերով արագ նայեց վերև և ասաց «чтo ты». իսկապես այդ ճիչն էր, որ ինձ ուշքի բերեց: Աչքերս գցեցի գլխավերևս, որ տեսնեմ, ով էր, ոչ ոքի չտեսա: Հետո փոխեփոխ նայեցի բժշկացուի, նրա հոր, նրա մոր աչքերին և հարցրի.

Ի՞նչ է պատահել:

Ոչինչ, — ասաց բժշկացուն շատ հանգիստ կերպով: — Խնդրեմ հանգիստ մնացեք, չշարժվեք և մի խոսեք:

Ինչո՞ւ:

Գլխիդ ցավ չե՞ք զգում, ծոծրակի վրա:

Ծոծրակ որ ասաց, իսկույն ամեն բան հիշեցի և խիստ վախեցա: Նոր զգացի, որ ծոծրակս սաստիկ ցավում է: Հետո տեսա գլուխս պինդ փաթաթել են մարլիով, այնպես պինդ, որ ճակատիս մաշկը չէի կարողանում շարժել: Յոդաֆորմի հոտը բռնել էր սենյակս: Փորձեցի վեր կենամ դրությունս ստուգելու համար, բայց որ գլուխս մի քիչ բարձրացրի, իսկույն էլ ցած գցեցիայնքան ծանր էր և անտանելի ցավեր զգացի, կարծես գանգս դատարկել էին և մեջն արճիճ լցրել:

Տեսնում եք, ասացի չշարժվեք, — ասաց բժշկացուն իր մշտական հանգիստ ձայնով: — Ձեզանից շատ արյուն է գնացել, դուք թույլ եք, ձեզ անպայման հանգիստ է պետք:

Բայց ես խիստ հետաքրքրվում էի իմանալո՛վ խփեց ինձ և ի՞նչպես եղավ, որ ուշաթափվեցի: Այդ մասին ինձ համառոտակի պատմեց տանտերս: Երբ թևիցս բռնած՝ նա դուրս էր տանում ինձ այդ գազան մարդու սենյակից, վերջինս հանկարծ վեր էր թռել տեղից, հայտնի չէ որտեղից մի հաստագլուխ փայտ էր առել, վազել ետևիցս ու թրըխկգլուխս ճղել:

Օ՛, Սաշա, որ տեսնեիր ինչքան սարսափելի էր նա այդ րոպեին, — լսեցի գլխավերևս Քալիի ձայնը:

Նոր իմացա, որ աչքերս բացած րոպեին նա էր ուրախական ճիչ արձակողը: Ուրեմն նա էլ էր ինձ մոտ... Բայց ես դարձյալ չէի տեսնում նրան:

Իսկ ուշաթափվել էիք նրա համար, որ գլխին հասցրած դագանակի այնպիսի հարվածից մարդ կարող է մինչև անգամ տեղն ու տեղը մեռնել, — հոր պատմածին ավելացրեց նրա բժշկացու որդին:

Այստեղ տանտիրոջս կինն ինչ-որ ասաց մարդուն իր վրացերենով: Մարդն, ըստ երևույթին, հավանություն տվեց նրա ասածին և դարձավ ինձ.

Հա բա՜ս. վուր լավնաս, մատաղ պիտիս անի, թե չէ հանաք բան չգիտենաս: Ասենք, էն պիանիցն էլ հեշտ չի պրծնի, — ավելացրեց նա:

Ինչ վերաբերում է այդ «պիանիցին», նրան իսկույն ոստիկանատուն էին քարշ տվել:

Որպեսզի չհոգնեցնեն ինձ, բժշկացուն հորը, մուրն ու քրոջը պատվիրեց, որ դուրս գնան, ինքն էլ շուտով հետևեց նրանց, նախապես պատվիրելով, որ կարելույն լավի չշարժվեմ և աշխատեմ քնել:

Ծոծրակիս ցավը հետզհետե սաստկանում էր: Ցավն երբեմն այնպես էր շամփրում, որ շրթունքներս կծոտում էի չգոռալու համար: Պառկած էի շորերով, մինչև անգամ կոշիկներս հագիս էր: Ուզում, էի վեր կենամ հանվելու, բայց բժշկացուի պատվերը հիշելով, վախենում էի տեղիցս շարժվեմ: Բարեբախտաբար բժշկացուն. նորից մտավ այս անգամ իրենց ծառայի հետ և նրա օգնությամբ հանեց կոշիկներս ու շորերս, գրեթե առանց տեղիցս վեր կացնելու: Անհուն երախտագիտությամբ սեղմեցի այդ բարի երիտասարդի ձեռքը:

Հինգ րոպեից դարձյալ մենակ էի սենյակիս մեջ: Գրասեղանիս վրա, ուղղակի աչքերիս դիմաց, վառվում էր լամպը: Չգիտեմ ով էր վառել, միայն ինձ թվում էր, թե պատրույգն այնքան շատ էին բարձրացրել, որ սենյակս լցվել էր խեղդող ծխով, բացի դրանից, լամպի լույսը տարօրինակ կերպով ծակում էր աչքերս, մինչև անգամ այն ժամանակ, երբ փակում էի աչքերս:

Ծոծրակիս ցավը տանջում էր անողորմաբար, երբեմն ցավը չգիտեմ մեղմանում էր, թե ընդհակառակն, իր ծայրահեղ սաստկությամբ բթացնում զգացողությունս, միայն այդ րոպեներին համեմատաբար հանգիստ էի զգում ինձ և չգիտեմ քունս էր տանում, թե մի տեսակ թմբիր էր գալիս վրաս:

Շատ թունդ տենդ էր պատել ինձ, և այդ տենդի մեջ կամաց-կամաց ինքնամոռացության մեջ էի ընկել:

Գիշերվա մի ժամին աչքս բաց արի և, կարծես երազիս մեջ, տեսա մահճակալիս մոտ ով-որ նստած է, — ով էր, հաշիվ չտվի ինձ. այսքանս միայն տեսա, որ կին էր, — ի՞նչ կին, չիմացա, չաշխատեցի էլ իմանամ:

Ջուր, — շշնջացի:

Վեր կացավ, դես-դեն նայեց սենյակիս մեջ, հետո անլսելի քայլերով դուրս գնաց և մի քանի րոպեից կրկին ներս մտավ ջրով լի մի շիշ և մի բաժակ ձեռքին: Հիշում եմ, ուզում էի գլուխս բարձրացնեմ, չկարողացա: Ձեռքը ներս կոխեց բարձիս տակը, բարձի հետ բարձրացրեց գլուխս և մյուս ձեռքով բաժակը մոտեցրեց շրթունքներիս: Ծարավից պապակում էի և ագահաբար ծծեցի սառը ջուրը: Դրանից հետո գրեթե իսկույն չգիտեմ քնեցի՞, թե նորից ինքնամոռացության մեջ ընկա:

Երկու օր շարունակ համարյա ուշագնաց էի: Աչքերս բաց արի երրորդ օրը: Առավոտ էր: Աշնանային դժգույն արևը ողողել էր սենյակս: Մահճակալիս մոտ տեսա բժշկիս և նրա քրոջը: Հետո մտավ տանտերս իր կնոջ հետ: Նրանց նայելով, զգացվեցի, աչքերս արտասվակալեցին: Ինձ թվաց թե մեռնելու եմ և այդ բարի մարդիկ կարեկցում են ինձ: Բժիշկս նայեց զարկերակս, չափեց տաքությանս աստիճանը, սկսեց ինչ-որ տարօրինակ հարցումներ տալ, որոնցից գլխի ընկա, որ կասկածում էր, թե մի գուցե ուղեղի ցնցում լինեի ստացած: Վերջն ասաց, որ ճգնաժամն անցել է, որ այլևս ոչ մի վտանգ չկա, անպատճառ կլավանամ: Նկատեցի, թե ինչպես բժշկի այդ հուսադրական խոսքերից հետո տանտիրոջս, նրա կնոջ և աղջկա դեմքերին մինչ այդ եղած վախի և տխրության արտահայտությունը միանգամից ուրախական արտահայտության փոխվեց, և նրանք, որ մինչ այդ լուռ դիտում էին ինձ, սկսեցին միաժամանակ խոսել: Նրանց այդ ուրախության ազդեցության տակ ինքս կենդանացա: Բայց մի բան, որ ավելի ևս կենդանություն տվեց ինձ, այդ Քալիի բուռն ուրախությունն էր, որը չէր իմանում ինչպես արտահայտեր: Առանց ծնողներին հարցնելու նա դուրս վազեց և. թեյ ու նախաճաշ բերեց ինձ համար:

Ա՛խ, այդ աղջիկը... Ինչպե՜ս կուզեի համբուրել նրա ձեռքերը և լաց լինել այդ րոպեին ինձ համակած մի ծայր աստիճան քաղցր, քնքշացնող զգացումից, որի մեջ հալվում էր ամբողջ էությունս: Արդյոք նա չէ՞ր (հանկարծ միտս եկավ այդ րոպեին) առաջին գիշերը, գուցե և հետևյալ գիշերները, մահճակալիս մոտ ինձ հսկողը, ինձ ջուր տվողը...

5

Բժիշկը, տանտերս, նրա կինն ու աղջիկը նոր էին հեռացել սենյակիցս, մեկ էլ տեսնեմ դուռը կամացուկ բացվեց և ներս մտավ մի կին: Մի րոպե կանգնած մնաց դռան մոտ և, ըստ երևույթին, այնքան շփոթվեց, որ ինձ թվաց, թե սխալմամբ է մտել իմ սենյակը: Բայց ո՜րքան եղավ զարմանքս, երբ այնուհետև մոտեցավ ինձ և հարցրեց.

Այժմ ի՞նչպես եք:

Լավ եմ, — արտասանեցի մեքենայաբար, զարմացած ինքս ինձ հարց տալով, թե ո՜վ է:

Փառք աստծո, — կամաց հառաչեց նա և, կարճ լռությունից հետո, ասաց. — շատ էի վախենում, դուք շատ վատ դրության մեջ էիք:

Ապշեցի:

Դուք ի՞նչ գիտեք:

Չէ՞ որ այս երեք գիշեր ես էի ձեզ նայում:

Դո՞ւք... Դո՞ւք էիք ինձ ջուր տվողը:

Ես էի:

Դեռևս ապուշ կտրած՝ նայում էի նրան. — ներողություն, դուք ո՞վ եք: Սկզբում ըստ երևույթին զարմացավ, որ չեմ ճանաչում իրեն:

Մի՞թե ինձ երբեք չեք տեսել այս բակում... Ասենք, հազիվ թե տեսած լինեք, որովհետև ես մեծ մասամբ հիվանդ եմ և... ամաչում էլ եմ դուրս գալ տնից... Բայց այն օրը տեսաք, չէ՛:

Իսկույն կռահեցի:

Դուք այն... ներողություն, գազանի կի՞նն եք:

Այո, — աչքերը վայր թողնելով, շշնջաց նա: Խնդրեցի, որ նստի: Նստեց:

Հետաքրքրությամբ դիտում էի նրան: Կլիներ մոտ երեսուն տարեկան, այնքան նիհար էր, որ հասարակ չթի հագուստը լայն տոպրակի պես կախ էր ընկած սուր ուսերից: Նիհարությունից դեմքի և ձեռքերի վրա միս չէր մնացել, իսկ աչքերը տարօրինակ մեծ էին երևում և անսփոփ տխրությամբ լի: Առհասարակ նրա ամբողջ արտաքինի մեջ սիրտ ճմլող տրագիկական մի գիծ կար, որն իսկույն գրավում էր նայողի ուշադրությունը: Խոհուն դեմքից և խոսակցական լեզվից նկատում էի, որ քիչ թե շատ կրթված կին է:

Նստելուց հետո, ըստ երևույթին, ուզում էր խոսել, բայց ամաչում էր. նրա շփոթմունքը տեսնելով, ինքս էլ քաշվում էի հարցուփորձ անեմ:

Սակայն, կարճ լռությունից հետո, աչքերը վայր թողած հազիվ լսելի ձայնով ասաց.

Ինչո՞ւ միջամտեցիք, ինչո՞ւ ձեր կյանքը վտանգի մատնեցիք:

Նա ախր ձեզ սպանում էր:

Հանկարծ նայեց ինձ. նրա հանգած աչքերը վառվեցին տարօրինակ փայլով:

Թո՛ղ սպաներ, թո՛ղ սպաներ, թո՛ղ սպաներ, — վրա տվեց սրտանց: — Ավելի լավ չէ՞ր լինի, միանգամից կպրծնեի... Իմ մահը երջանկություն կլիներ ինձ համար, իսկ ձեզ... ի՞նչ ասաց բժիշկը, վերքը խո վտանգավոր չէ՞:

Չէ:

Փառք աստծո, — դարձյալ հառաչեց նա: — Ա՛խ, որ մտածում եմ իմ պատճառով եք այդ դրության մեջ ընկել... Չնայելով, որ ինքս հիվանդ էի, — հիմա էլ լավ չեմ, — ամբողջ մարմինս մղկտում էր, բայց և այնպես, որ իմացա, թե այն հրեշն ինչ օրի է գցել ձեզ, մոռացա իմ ցավերս էլ, ամեն բան էլ և եկա մտիկ անեմ ձե՜զ: Չէ՞ որ դուք մենակ եք, նայող չունեք:

Ուրեմն քվիթ, — նկատեցի ժպտալով:

Նեղացավ:

Մի՞թե կարծում եք, որ ես քվիթ լինելու համար...

Թույլ չտվի վերջացնի, ասացի, որ կատակ արի, ներողություն խնդրեցի, շնորհակալություն հայտնեցի իր բարեսրտության համար և հարցրի, թե իր ամուսնուն դեռ չե՞ն թողել:

Ոչ, — կցկտուր պատասխանեց և լռեց: Հետո, կարծես ինքնիրեն ասաց, — նրան բռնեցին տարան, բայց ի՞նչ օգուտ: Ժամե ժամ սպասում եմ, որ կթողնեն, և ես նորից...

Ասելիքը չվերջացրեց և իր դժբախտ վիճակի հետ վաղուց հաշտված մարդու հանգիստ հուսահատությամբ գլուխը կախեց կրծքի վրա:

Սիրտս ճմլվեց: Զգացի, որ եթե նորից հարկ լինի իմ միջամտության, դարձյալ չեմ խնայի իմ օգնությունը՝ թեկուզ նույնպիսի հետևանքով ինձ համար:

Ինձ սկսել էր հետաքրքրել այդ դժբախտ կնոջ վիճակը:

Ներեցեք, տիկին անհամեստ հարցումիս համար, ինչո՞ւ է նա ձեզ... ինչո՞ւ է ձեզ հետ այդպես վարվում:

Այդպես է վարվում, — կարճ պատասխանեց, առանց նայելու ինձ:

Մի առիթ, մի պատճառ պիտի լինի՞ թե ոչ:

Այս անգամ նայեց ինձ. կարծես զարմացավ, որ առիթ, պատճառ էի հարցնում:

Առիթը, պատճառն այն է, որ խմում է, — պատասխանեց շատ հասարակ կերպով:

Ի՞նչ գործի է:

Դատարանում գրագիր է:

Շուտ-շո՞ւտ է խմում:

Կմեռնի, որ մի օր չխմի:

Եվ ամեն օր է... այդպե՞ս է վարվում:

Ոչ ամեն օր:

Ա՜յլ:

Երբ որ քիչ է լինում խմած:

Ի՞նչպես թե...

Շատ խմած ժամանակ գալիս է, սուսուփուս վեր ընկնում քնում, բայց որ փող չի ունենում լավ թրջվելու, գալիս է մաղձն ինձ վրա թափում, ինչպես որ տեսաք անցյալ օրը: Եվ այս մի տարի չէ, — ամուսնանալու օրից սկսած:

Լավ, որ այդպես է, էլ ի՞նչպես եք կարողանում ապրել նրա հետ: Գուցե ինքներդ չե՞ք աշխատում, չե՞ք կարողանում աշխատել:

Ինչպես չէ, կար եմ անում և իմ աշխատանքով եմ պահում զավակներիս:

Այդ ավելի լավ, ուրեմն դուք հեշտությամբ կարող եք բաժանվել նրանից:

Նայեց ինձ այնպիսի մի ժպիտով, կարծես շատ միամիտ բան ասացի:

Բաժանվե՜ մ... ի՜նչ հեշտ եք ասում...

Ինչո՞ւ: Երևի սիրում եք նրան:

Այս անգամ ծիծաղեց: Եթե այդ րոպեին դեմքին նայելիս չլինեի՝ կկարծեի լաց է լինումայնքան տարօրինակ էին նրա ծիծաղի հնչյունները:

Հանկարծ դադարեց ծիծաղելուց և ընդունեց իր սովորական լուրջ, թախծալի դեմքը:

Լսեցեք, պարոն, ես ձեզ իմ եղբայրն եմ համարում, թե չէ սիրտս չէի բանա ձեր առջև... Ես ոչ ոքի չեմ պատմել դրությունս, ոչ ոքի չեմ գանգատվել... Եվ կարեկցողն ով է, կարեկցեն էլի՞նչ օգուտ... Ասում եք բաժանվեմ : Մի անգամ այդպես էլ ուզում էի անեմ, բայց ինձ ասացին, որ երեխաներիս ինձ չեն տա, հայրը կարող է նրանց օրենքի զորությամբ խլել ինձնից: Այդպես էլ սպառնաց ինձ ամուսինս: Իսկ ես կարո՞ղ եմ առանց իմ երեխաների գեթ մի օր, մի ժամ ապրել: Ո՞ւմ համար եմ ապրում ես, ո՞ւմ համար կարող եմ ապրել: Երեխաների համար չէ՞, որ ապրում եմ և տանում այս տանջանքները... Իսկ երբ որ երեխաներս ինձ մոտ չեն լինելու, շատ հարկավո՞ր է ինձ հանգիստ կյանքը:

Լռեցի, էլ բան չկարողացա ասեմ:

Այսպես, սիրտը դատարկելուց հետո, դժբախտ կինը վեր կացավ, առողջություն մաղթեց ինձ և դուրս գնաց:

«Պիանիցին» թողեցին մի շաբաթից հետո: Մինչ այդ նրա կինն ամեն օր մտնում էր ինձ մոտ, հարցնում առողջությունս, հավաքում սենյակս, երբեմն ճաշ բերում (տանտերս էլ էր ուղարկում), բայց էլ չէր խոսում, հարցումներիս խուսափողական պատասխաններ էր տալիս, կարծես զղջում էր, որ արդեն շատ բան էր պատմել: Խույս էր տալիս տանտիրոջս ընտանիքի այս կամ այն անդամի հետ ինձ մոտ հանդիպելուց և դռնից ետ էր դառնում, երբ նրանց տեսնում էր ինձ մոտ: Երբ մի անգամ հարցրի, թե ինչու է խուսափում նրանցից, ասաց, թե ամաչում է և կվիրավորվի, եթե սկսեն հարցուփորձ անել: Տեսա, որ որքան դժբախտ էր, այնքան և իր ընտանիքի պատվին նախանձախնդիր, հպարտ կին:

Ամուսնու երևալու օրից նա չքացավ:

Այդ օրվանից ականջս շարունակ ձենի էր, բայց նրանց բնակարանից այլևս աղմուկի ձայն չէր գալիս: Ինչպես երևում էր, տվածս դասը և «կուտուզկայում» նստելն ապարդյուն չէին անցել, կամ գուցե, մտածում էի, ամեն բան շարունակվում է առաջվա պես, և խեղճ կինը «ձայնը փորն է գցում» ինչպես մի անգամ ինքը խոստովանեց: Տանտերս ուզում էր դուրս անել նրանց իր տնից, մանավանդ որ երկար ժամանակ բնակարանի վարձը չէին տվել, բայց աղջիկն իմ ներկայությամբ խնդրեց նրան, որ այդպիսի բան չանի, առարկելով, որ «պիանիցը» ուրիշ տեղ ուղղակի կսպանի խեղճ կնոջը, իսկ իրենց տան մեջ այլևս չի համարձակվի ձեռք բարձրացնել նրա վրա: Եվ Քալին իր հրաշալի աչքերով նայեց ինձ՝ այդ ասելիս:

Գրողը տանի, այդ աչքերը չէի՞ն պատճառը, որ կյանքս վտանգի մատնեցի: Այժմ էլ, որ հիշում եմ նրա արտասվախառն, սարսափահար հայացքը, որով բակից աղերսում էր ինձ, որ օգնության հասնեմ, այժմ էլ երբեմն զարթնում է իմ մեջ այն խիզախ ոգին, որով այն ժամանակ մի ակնթարթում համակված ներքև վազեցի և կոտրեցի «պիանիցի» դուռը: Եվ միայն ա՞յդ կանեի այն ժամանակ այդ աչքերի համար...

6

Երբ գլխիս վերքն այնքան լավացավ, որ այլևս կարիք չունեի պառկելու, բայց զգուշության համար դեռևս ուսումնարան չէի գնում, վերսկսեցի պարապմունքներն տերտերացու աշակերտիս հետ և միաժամանակ սկսեցի Քալիի հետ պարապել հայոց լեզվից:

Տանտերս աղջկա ինձ աշակերտելու վրա հաշտ աչքով էր նայում, նույնիսկ խրախուսում էր նրան, կինը, ընդհակառակն, որքան կռահում էի նրա ձեթոտ դեմքից, դժգոհ էր և զարմանում էր, որ աղջիկը գիմնազիոնի հինգերորդ դասարանն ավարտելուց հետո էլ դեռ կարիք ունի ուսանելու: Իսկ թե եղբայրը՝ բժիշկը, ինչպես էր նայում քրոջ այդ կապրիզի վրա, չիմացա, որովհետև առողջանալուցս հետո երեսն այլևս չէի տեսնում, չնայելով, որ արդեն ազատ մուտք ունեի նրանց տան մեջ, նա կամ բոլորովին առանձնացած էր լինում իր սենյակում, երևի պատրաստվում էր պետական քննությունների համար, կամ տանը չէր լինում: Բայց կարծեմ, նա անտարբեր էր:

Հարկ չկա պատմելու, թե ինչպիսի հաճույքով էի պարապում Քալիի հետ: Ուսումնարանից վերադառնում էի հոգնած և շատ անգամ հուզված էի լինում հոգաբարձությունների վարմունքից կամ պաշտոնակիցներիս ինձ դեմ լարած խարդավանքներից, որոնցից, ինչպես հայտնի է, ոչ մի ուսուցիչ ազատ չէ: Բայց երբ Քալին մայրենի լեզվի դասագիրքը և հայոց գրության տետրակը ձեռքին փոքրիկ երեխայի պես աղմկալի կերպով ներս էր վազում ինձ մոտ, հոգնածությունս էլ էի մոռանում, հուզումս էլ, և կարծում էի, թե հանկարծ մի կենարար հեղուկ սրսկեցին երակներիս մեջ: Ոչինչ այնքան չէի սիրում նրա մեջ, որքան նրա այդ շարժունությունը և մանավանդ մանկական պարզաբանությունը: Երբեմն հանկարծ այնպիսի մի անմեղ հարց կտար, որ չէի կարողանում ծիծաղս զսպել: Այդպիսի դեպքերում նախ, կարծես, ապշում էր, թե ինչ կար ծիծաղելու, հետո ինքն էլ էր սկսում ծիծաղել կարծես նոր գլխի ընկնելով, որ տված հարցն իսկապես ծիծաղելի էր:

Սկզբում խոսում էր ռուսերեն և խնդրել էր, որ ես միշտ հայերեն պատասխանեմ, հետո կամաց-կամաց սկսեց հայերեն խոսել, մեջեմեջ ռուսերեն բառերով, որոնց հայերենը իսկույն հարցնում էր ինձնից: Պատահում էր, և շատ հաճախ, որ դասի ժամանակ մենք սկսում էինք զրույց անել կողմնակի բաների մասին, և այդպիսի դեպքերում նա միշտ աշխատում էր խոսակցությունը լուրջ բաների վրա դարձնել, որ ավելի շատ բան իմանա և շատ բառեր սովորի:

Ցավ ի սիրտ տեսնում էի, որ ոչ մի գաղափար չունի մեր ոչ անցյալից, ոչ ներկայից, ոչ կուլտուրական, ոչ հասարակական կյանքից, ուստի իմ զրույցը պտտվում էր մեծ մասամբ այդ խնդիրների շուրջը:

Մեր պարապմունքները տեղի էին ունենում, տերտերացու աշակերտիցս ջոկ, երեկոները, երբ Քալին ազատ էր լինում տնային գործերից: Ասենք, նրա համար առավոտ-երեկո չկար, նրա համար գործը միշտ անպակաս էր լինում տանը: Պարապմունքի ամենաթունդ ժամանակ, մեկ էլ կտեսնեիր, մայրը կկանչեր նրան: Այդպիսի դեպքերում Քալին դժգոհությամբ, շատ անգամ զսպած զայրացկոտությամբ, գիրքը կամ մատիտը շպրտում էր սեղանի վրա և դուրս դնում մոր պատվերը կատարելու, բայց շատ չէր ուշանում, էլի մտնում էր, ինչպես միշտ, ժպիտը դեմքին: Զարմանալի բարեսիրտ և հնազանդ աղջիկ էր, կդժգոհեր, կզայրանար, շատ անգամ բարկացած կաղաղակեր, կկատաղեր, բայց չէր անցնի մի րոպե և կտեսնեիր նորից ժպտում է, կարծես իսկի էլ բան չի պատահել:

Следующая страница