Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Բարեկամս, որ շատ զվարճասեր մարդ էր, փոխանակ կարեկցությամբ լսելու պատմությունս, շարունակ ծիծաղում էր: Իսկ երբ հասա դեպքերի ֆինալին, այսինքն այն կետին, երբ գիժ-Կեկելը ներս պրծավ սենյակս, նամակս շպրտեց երեսիս «շեն քեցիանո», «շեն կռո մամաձաղլո» (դու քոսոտ, դու կռո շանորդի) խոսքերով, նրա ծիծաղը հանկարծ այնպես բռնեց, որ գնդակի պես վեր թռավ տեղից և սկսեց պտույտ-պտույտ գալ, ոտները զարկելով հատակին: Հետո մի փոքր որ հանգստացավ, նորից նստեց իր տեղը և, անզուսպ ծիծաղից ջրակալած աչքերը սրբելով, ասաց.

Բավական է, էլ չշարունակես, էլ փիլիսոփայությունների պետք չկա: Մի անգամից ասա՝ քնձռոտ վարժապետ էի և աղջիկը չտվին ինձ: Թե չէ՝ էլ ի՜նչ քաղքենիություն ու մաղքենիության, ի՜նչ ուսում ու մուսում: Դրանք դատարկ խոսքեր են: Քո պատմությունը, — շարունակեց բարեկամս այս անգամ լրջորեն, — ընդհանուր երևույթի հազարավոր վարիանտներից մեկն է, և այդ երևույթը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ մի նոր ջրհեղեղ գա և սրբի տանի մեր գիժ-Կեկելների սերունդը իրենց բարքերով և այն տեսարաններով, որոնցից մեկին մենք հանդիսատես եղանք այս երեկո...

Հետևյալ օրը ևս ականատես եղա մի ուրիշ երևույթի:

Առավոտյան ես ու բարեկամս դուրս եկանք, որ գնանք ես իմ, նա իր գործին: Փողոցի ծայրին իմ ուշադրությունը գրավեց կանանց մի խումբ, որ հավաքված էր մի տան նեղլիկ բակում: Երևում էր, որ նրանք այդ աղքատ թաղից չէին, որովհետև շատ լավ էին հագնված:

Ո՞վքեր են, ինչո՞ւ են հավաքվել, — հարցրի բարեկամիս:

Հերթի են սպասում:

Ի՞նչ հերթի:

Որ իմանան, թե իրենց հավը ո՜վ է գողացել, որ իմանան, թե գիշերը տեսած իրենց երազը ի բարի՞ն կկատարվի, թե ի չարը, որ իմանան, թե եթե չբերք են, ինչ պետք է անեն, որ բերքատու դառնան և ավելացնեն իրենց պես հիմարների թիվը կամ ընդհակառակն:

Ուրեմն այստեղ գրբա՞ց է ապրում և սրանք...

Ի՞նչ գրբաց, մի ֆենոմեն կին ասա, որ Սողոմոն իմաստունին ծարավ ջուրը կտանի ու կբերի, և աշխարհիս այն ո՞ր հռչակավոր գինեկոլոգ-պրոֆեսորն է, որ իր հմտությամբ կարողանա նրա պես բժշկել կանանց ամեն տեսակ հիվանդություններիցժառանգական, թե ամուսնական, և Աբրահամի գոգն ուղարկել շատերին...

Այն, ինչ որ ասում էր բարեկամս իրեն հատուկ հեգնանքով, իհարկե նորություն չէր ինձ համար, նորությունը, և միանգամայն անսպասելի նորությունը, — գեթ սկզբի րոպեներին, — ահա թե ինչն էր:

Դեռ չէինք ծռվել մյուս փողոցը, որ այնտեղից դուրս եկան երեք կին և գալիս էին մեր կողմը: Մեկը շատ պառավ էր երկուտակված մեջքով և հազիվ էր քայլում ձեռնափայտը ձեռքին: Մյուսը միջին տարիքի կին էր, իսկ երրորդը՝ շատ ջահել, թխադեմ, ժպտուն, կրակոտ աչքերով: Երեքն էլ հագնված էին վրացնակ, անխուսափելի չիխտի-կոպիով և թշերի վրա կախված կավիքներով: Երևում էր, որ հարուստ ընտանիքից էին: Ջահել կինը մի քիչ առաջ էր ընկել, միջին տարիքի կինը հետևում էր նրան, իսկ պառավը տնքտնքալով քարշ էր գալիս նրանց ետևից և անատամ բերանով ինչոր քրթմնջում:

Մոտներով անցնելիս հազիվ մի րոպե աչք գցեցի նրանց վրա, և դեռ մի քանի քայլ չհեռացած նրանցից, հանկարծ կանգ առա շանթահար ու ետ նայեցի:

Հը՜, երազ խո չտեսա՞ր, — զարմացած հարցրեց բարեկամս:

Չպատասխանեցի: Նայում էի կանանց ետևից աչքերս չորս շինած:

Երեք կանայք գնացին, մի րոպե կանգ առան այն տան բակի առջև, ուր հերթի էին սպասում գրբացի կլիենտները և ներս մտան:

Հը՜, խոսիր է՜, — կանչեց բարեկամս անհամբեր:

Խոսեմ, ի՞նչ խոսեմ, — ասացի ես, — զարմանքից, ապշությունից, անսպասելիությունից լեզու մնացե՞լ է բերանումս, որ խոսեմ: Գիտե՞ս ով էր այն ջահել կինը: Քալին էր, տանտիրոջս աղջիկը:

Հա-ա՞: Սպասիր մեկ ձեռքս դնեմ կրծքիդ, — ասաց բարեկամս կոմիկական լրջությամբ և իսկապես ձեռքը դրեց կրծքիս: — Ոչինչ, լավ է տկտկում:

Ու ծիծաղեց:

Եվ դեռ ասում էիր, թե վաղուց թաղել մոռացել էիր նրան: Հը՞, բարեկամ, բռնվեցի՞ր:

Սկզբում ախր չճանաչեցի նրան, — ասացի ես առանց ուշադրություն դարձնելու բարեկամիս սովորական ծաղրանքին, — որովհետև մեջտեղով վեց տարի է անցել և, հետո, ի՞նչ կկարծեի, թե լաչակով կտեսնեմ նրան: Մորից ճանաչեցի, որ նա է, այն սոսկալի կնոջ երեսին նայելուց հետո միայն: Այն մեկն էլ ախր նրա մայրն էր: Իսկ այն պառավն անշուշտ սկեսուրը կլիներ: Եվ տեսա՞ր ուր մտան:

Տեսա:

Եվ ի՞նչ ես կարծում՝ լաչա՞կ կդներ գլխին և գրբացների դռները ման կգար:

Ճիշտ է, լաչակ չէր դնի գլխին, իմ սիրելի հայկական: Չացկի, բայց դեռ հարց է՝ գրբացների դռները չէ՞ր ման գա, արդյոք: Որովհետև ինչքան էլ որ քո գաղափարները հալեցնեիր նրա գլխում, այնուամենայնիվ, քո գավառական քաղաքում հեռու-մոտիկ ազգական կամ հարևան այաններ ու աբլաներ կունենաս, որոնք կարիք եղած դեպքում կփսփսային նրա ականջին քեզնից ծածուկ և կտանեին իրենց ճամփով:

Եվ մինչև ե՞րբ պիտի շարունակվի այս սոսկալի երևույթը:

Մինչև ե՞րբ: Մինչև որ, ինչպես երեկ էլ ասացի, մի նոր ջրհեղեղ գա և սրբի տանի քո գիժ-Կեկելների, քո այանների ու աբլաների ամբողջ սերունդը իր բարքերով, սովորություններով, նախապաշարումներով, իր աղոթքներով ու անեծքներով և այն տեսարաններով, որոնցից մեկին ես ու դու հանդիսատես եղանք երեկ երեկո հենց այս փողոցում և այժմ գրբացի բակում:

Իսկ մինչ ա՞յդ:

Իսկ մինչ այդ ես ու դու իզուր կնստենք չանա թակելու: Աշխարհասասան մի կատաստրոֆ, որ քար քարի վրա չթողնի, — ահա թե ինչ է հարկավոր:

Ինձ ուրիշ բան չէր մնում ասելու, եթե ոչ համաձայնելու բարեկամիս եզրակացությանը:

ՍՊԱՆՎԱԾ ԱՂԱՎՆԻՆ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

1

Գիշերվա ժամը 2-ին մոտ էր: Ուղեղս արդեն թմրել էր: Գիրիչս վայր դրի վեր կացա և պատրաստվում էի, որ քնեմ, երբ հանկարծ դռանս զանգակը հնչեց: Սկզբում ինձ թվաց, թե ականջի պատրանք էգիշերային խորին լռության արդյունք, բայց չէզանգակը նորից հնչեց և այս անգամ ավելի ուժեղ, ավելի երկարատև:

Ուշադրություն դարձրե՞լ եք, թե գիշերվա ուշ ժամին, երբ հանգիստ նստած եք ձեր տանը, երբ դուրսն ու ներսը լռել են բոլոր ձայները, որքան խորհրդավոր է լինում զանգակի ձայնը լի ինչ-որ գուժկան հնչյուններով, որոնք անորոշ վախ են գցում ձեր սիրտը: Այդպիսի մի վախ պաշարեց ինձ ակամա, որովհետև այդ ժամին ոչ ոքի չէի սպասում: Տանտիրոջս ծառան, որը միևնույն ժամանակ ծառայում էր և ինձ, վաղուց արդեն քնած էր անշուշտ և այնքան քնուկ էր, որ զանգակ չէ, զուռնա էլ փչեիր ականջի տակ՝ չէր զարթնի: Ուստի ստիպված էի ինքս գնալ դուռը բանալու և, մինչդեռ իջնում էի մութ նախասենյակի սանդուղքով, զանգակը երրորդ անգամ հնչեց:

Երբ դուռը բաց արի, փողոցում, դռան առջև գտնված քարի մի հատիկ աստիճանի վրա կանգնած տեսա Գարեգին Սիսակյանինմի շատ մոտիկ բարեկամ ընկերոջ, որին գիշերային մթության մեջ իսկույն չկարողացա ճանաչել:

Գարեգի՛ն... այդ դո՞ւ ես, — բացականչեցի ակամա, շատ զարմացած նրա այդ տարաժամ այցի վրա:

Ես եմ:

Ինչ է պատահել:

Ոչինչ:

Բաս ինչո՞ւ ես եկել:

Հենց այնպես:

Ի՞նչպես թե հենց այնպես:

Գիտեմ, որ ուշ ես պառկում, դրա համար եկա:

Ինչո՞ւ, է՜:

Հարցիս պատասխանելու տեղ ծիծաղեց մեղմ, տարօրինակ ձայնով: Առհասարակ ձայնից նկատում էի, որ չափազանց ուրախ տրամադրության մեջ էր. գիշերն այնքան մութ էր, որ դեմքի արտահայտությունը չէի տեսնում:

Գիտե՞ս ժամը քանիսն է, — հարցրի:

Счастливые часoв не наблюдают, — վրա բերեց նա և նորից ծիծաղեց:

Չգիտեմ ինչու, հանկարծ ինձ թվաց, թե ցնորվել է, մանավանդ որ նրան ճանաչում էի առհասարակ իբրև տարօրինակ ուղեղի տեր երիտասարդի: Եվ այդ կասկածն այնքան ազդեց ինձ վրա, որ մի րոպե մնացի կարկամած:

Գնանք վերև, ես քեզ մի շատ կարևոր նորություն ունեմ հաղորդելու, — ասաց նա և, կամաց ետ մղելով ինձ, ներս մտավ:

Ինձ ուրիշ բան չէր մնում անելու, եթե ոչ առաջնորդել նրան իմ սենյակը: Հետաքրքրությունս չափազանց լարվել էր:

Նստեց գրասեղանիս մոտ և նայում էր ինձ այնպիսի մի հայացքով, որով կարծես հարցնում էր. «Հապա իմացիր ինչ նորություն պիտի հաղորդեմ»:

Իսկ ես զարմացած դիտում էի նրան: Սյուրտուկով էր, որ գրեթե երբեք չէր գործածում, սպիտակ, շատ մաքուր ժիլետով, և բոլորովին նոր, թանկագին փողկապով: Իսկ դեմքը նույն ֆիզիկապես առողջ, կլորիկ, լեցուն դեմքն էր, առանց, սակայն, առնական որևէ արտահայտության: Միայն մշտաժպիտ աչքերը, որոնք նրա առասպելական թույլ կամքի և հեզահամբույր բնավորության արտահայտիչն էին, փայլում էին ինչ-որ անմիտ, անհուն իդիոտական երջանկությամբ: Սակայն այդ աչքերը փոքր-ինչ շաղված էին, և մի վայրկյան ինձ թվաց, թե գինու հոտ առա նրա բերանից:

Դու հարբած ես, — ասացի, շեշտակի նայելով նրա աչքերին:

Այո, մի քիչ, ինչպես ասում են, քեֆով եմ, — խոստովանեց նա, կամաց ծիծաղելով:

Տեսնում եմ, որ հյուր ես եղել: Ո՞րտեղ էիր:

Որտեղ... Որ ասեմ, չես հավատա:

Մի վախենա, այնպիսի դրության մեջ եմ տեսնում քեզ, որ ինչ էլ ասես՝ կհավատամ:

Կարճ ժամանակ նայում էր ինձ ժպտալով: Ըստ երևույթին տատանվում էր՝ ասի, թե թողնի, որ ես գուշակեմ: Հետո հանկարծ վեր թռավ, ամուր գրկեց ինձ և փսփսաց ականջումս.

Այս գիշեր նշանվեցի:

Ու, պինդ համբուրելով ականջիս տակ, հեռացավ և, շարունակ ժպտալով, սկսեց դիտել ինձ, կարծես ստուգելու համար, թե ինչ տպավորություն գործեց ինձ վրա իր հայտնած նորությունը:

Իսկ իմ ստացած տպավորությունն ապշեցուցիչ էր, որովհետև նրա հայտնած նորությունը միանգամայն անակնկալ էր ինձ համար: Եվ, որովհետև այդ տպավորության տակ ես բան չգտա ասելու և զարմացած նայում էի նրան, նա դեմ արավ ինձ իր աջ ձեռքի անանուն մատը, որի վրա ոսկե մի պարզ մատանի կար, և ասաց մի տեսակ պարծանքով.

Այ, թե չես հավատում:

Ուրեմն հիմա այնտեղից ես գալիս:

Այո՜, գալիս եմ ուղղակի նշանածիս տանից:

Որ հայտնես ինձ այդ նորությունը այս կեսգիշերին, կարծես թե վաղը չէիր կարող:

Վա՛ղը... Այդքան համբերություն կա՞ որ: Եվ ո՞ւր գնայի: Տո՞ւն, որտեղ մի կենդանի հարազատ շունչ չկա, որին հայտնեի ուրախությունս: Եվ ի՞նչ անեի մինչև վաղը: Քնեի՞: Քունս փախել է: Ախր, որ գիտենաս ինչ է կատարվում իմ մեջ... Սրտումս վարդ է բացվել, հոգիս երգում է. ուզում եմ ասել, խոսել, պարել. ուսերիս կարծես թևեր են բուսել, և թվում է թե՝ որ թափահարեմ, կթռչեմ, ինչպես... ինչպես...

Եվ իսկապես մի ոստյունով թռավ ձեռքերը տարածած, պինդ գրկեց գլուխս և, չնայելով դիմադրությանս, սկսեց խելագարի պես համբուրել դեմքիս ինչ տեղ որ հանդիպեր:

Ծիծաղելի լինելով հանդերձ, այն աստիճան սրտագրավ էին նրա սրտի զեղումները, որ ակամա ավագ-եղբայրական մի քնքշանք զարթնեց հոգուս խորքում դեպի այդ մեծ երեխան, որին միշտ սիրել էի իր առասպելական պարզամտության և անմեղ-երեխայական բնավորության համար:

Մի կերպ հանգստացրի, նստեցրի և սկսեցի հարցուփորձ անել:

Թեև ես իրավունք ունեմ, — ասացի, — քեզնից նեղանալու, որ այդպիսի մի խոշոր քայլ ես արել առանց իմ գիտության, բայց և այնպես ներում եմ, որովհետև, ինչպես տեսնում եմ, թաքուն սիրահարված ես եղել և ուզել ես թաքուն էլ վերջացնել բանը, երևի կարծելով, թե ես արգելք կարող եմ լինել: Այդպես չէ՞:

Ամենևին ոչ:

Հապա՞:

Ես ոչ. միայն սիրահարված չեմ եղել, այլև այս երեկո առաջին անգամն էր, որ տեսա նրան:

Ո՞ւմ, աղջկա՞ն:

Այո

Որի հետ նշանվեցի՞ր:

Այո:

Զարմանքը տարավ ինձ: Որ չճանաչեի նրան, կկարծեի կատակ է անում:

Լսիր, Գարեգին: Մի քիչ առաջ, այնտեղ, դռան մոտ, քո այս տարաժամ այցը մի րոպե կասկած զարթեցրեց իմ մեջ, թե հո չես ցնորվել: Հիմա պարզորեն հարցնում եմ քեզ՝ իսկապես ուղեղդ տեղն է:

Ի՞նչպես:

Որովհետև հասկանո՞ւմ ես ինչ ես ասում: Կարելի բա՞ն է առաջին անգամ տեսնել աղջիկը և հենց առաջին անգամից էլ նշան տալ:

Ինչո՞ւ չի կարելի, քանի որ հավանեցի: Ես քեզ մի ուրիշ բան կասեմ, հայրս ասում էր, թե իր հայրը նշանվել էր առանց իր ապագա կնոջը տեսնելու:

Այդ ե՞րբ: Սրանից հարյուր հիսուն տարի՞ առաջ: Եվ դու չես մտածում, թե որ ժամանակներո՞ւմն ես ապրում, և դու, որ կրթված, ինտելիգենտ մարդ ես, քեզ համեմատում ես քո խավար, տգետ պապի հետ:

Այդ սուտ բան է, Միքայել, չհավատաս, — ասաց նա դոգմատիկ հանգստությամբ: — Ամուսնությունը բախտի բան է: Մանրամասնությունները որ պատմեմ, կտեսնես, որ իսկապես բախտի բան է: Հետո, սերը ինտելիգենտ և տգետ չի հարցնում:

Սե՞ր: Մինչև անգամ սիրահարվե՞լ ես արդեն:

Եվ ի՞նչպես...

Մի գիշերո՞ւմ, մի քանի ժամվա ընթացքում:

Տեսնելո՞ւս պես: Ես մի տեղ կարդացել եմ, որ սիրահարվում են առաջին իսկ վայրկյանից, առաջին իսկ հայացքից:

Եվ այդ հիման վրա ես կարծում, թե սիրահարվել ես:

Ոչ թե կարծում, այլ իսկապես սիրահարվել եմ: Աստված է վկա:

Դե որ երդվում ես, ի՞նչ կարող եմ ասել: Իսկ նա՞:

Ո՞վ: Սառա՞ն:

Անունը Սառա է՞:

Այո:

Դու որ հավանեցիր ու մինչև անգամ սիրահարվեցիր, նա էլ հավանե՞ց քեզ:

Հը՞, — արտասանեց Գարեգինը և ապշած նայեց ինձ:

Ըստ երևույթին, հարցս այնքան անակնկալ էր նրա համար, որ հանկարծակիի եկած չիմացավ ինչ պատասխան տար: Այդ րոպեին այնքան զվարճալի արտահայտություն էր ստացել նրա դեմքը, որ ծիծաղս չկարողացա զսպել: Բայց նրա շփոթմունքը երկար չտևեց, և նա պատասխանեց առաջվա երեխայական պարզամտությամբ:

Իհարկե, եթե նշանս ընդունեց, կնշանակե հավանել էր:

Վնաս չունի, թեև սիրահարված ես, բայց լոգիկայով ես խոսում: Բայց ինձ ասա տեսնեմ, ի՞նչպիսի աղջիկ է:

Խելոք, լուրջ, ծանրաբարո, վեհանձն, թագուհու պես վեհանձն և... այնքա՛ն գեղեցիկ, այնքա՛ն գեղեցիկ, որ... Դե, իհարկե, սա բախտի բան է, թե չէ՝ ո՞վ կարժանացներ ինձ այդպիսի մի գեղեցկուհու, — ավելացրեց նա հուզված և, վեր կենալով սկսեց անցուդարձ անել սենյակում:

Դու միայն ընդհանուր բառեր ասացիր, — նկատեցի ես, — նկարագրիր օրինավոր կերպով նրա արտաքինը, որպեսզի կարողանամ որոշ գաղափար կազմել նրա գեղեցկության մասին:

Միևնույն է, ոչ մի գաղափար չես կարող կազմել:

Ինչո՞ւ:

Որովհետև... — Գարեգինը հանկարծ կանգ առավ առջևս: — Դու կարդացե՞լ ես Ստեռնի ինքնակենսագրությունը:

Չէ:

Նա սիրահարված է լինում մի աղջկա վրա և ուզում է այդ աղջկա նկարագիրը տալ ընթերցողին. Բայց, դրա փոխարեն տալիս է իր գրքի մեջ մի դատարկ երես այսպիսի մի ծանոթությամբ մոտավորապես. «Թող այս երեսի վրա ընթերցողն իր առաջին սիրո առարկայի արտաքինը նկարագրի: Ես վախենում եմ, որ ընթերցողներս չհավանեն իմ նկարագրած աղջկան, որին սիրեցի: Թե ասեմ իմ սիրած աղջիկը շեկ մազեր ուներ, նա, ով սև մազեր է սիրում, կասի՝ «լա՜վ, ի՜նչ մի գեղեցիկ բան է շեկ մազերը»: Թե ասեմ` նրա մազերը սև էին սաթի պես, քթները վեր կքաշեին ոսկեգույն մազերի սիրահարները: Դրե՜ք այստեղ ձեր սիրած աղջկա նկարագիրը: Այդպես էր և իմ սիրած աղջիկը: Ուրեմն կարող եք երևակայել, թե որքա՜ն գեղեցիկ էր նա»:

Ստեռնը, կարծեմ, անգլիացի է և հումորիստ, — նկատեցի ես, — և այդ տողերը գրել է, անշուշտ, իր ընթերցողներին ծիծաղեցնելու համար: Բայց ես որ դեռ ոչ մի աղջիկ չեմ սիրել, ի՞նչպես երևակայեմ, թե որքան գեղեցիկ է քո սիրածը:

Դե որ չես սիրել, չես էլ հասկանա, հազար նկարագրեմ:

Լավ, որ այդպես է, այդ թողնենք, մինչև որ երևի բախտ կունենամ նրան անձամբ տեսնելու: Այժմ պատմիր ինձ՝ ինչպես պատահեց այդ բանը»

Ի՞նչը:

Այսինքն ի՞նչպես եղավ, որ հանկարծ սիրահարվեցիր և նշանվեցիր:

Իսկապես որ հանկարծ, — ծիծաղեց Գարեգինը և նստեց իր առաջվա տեղը: — Այ, ինչպես պատահեց: Անցյալ շաբաթ, երեկոյան, փողոցում հանդիպեց ինձ մեր հին բարեկամներից մեկը, մաքսատան մի հին ծառայող Բաղիրյաս ազգանունով, որին փոքր ժամանակս շատ էի սիրում, որովհետև քանի մեր տուն գար, միշտ կոնֆետ կբերեր ինձ համար: Հորս մահից, առհասարակ մեր ընտանիքը քայքայվելուց հետո համարյա ոչ մի անգամ չէինք պատահել իրար: Ես իսկույն ճանաչեցի նրան, բայց նա չճանաչեց: Հետո, որ իմացավ ով եմ, այնքան ուրախացավ, որ կարծես կորած որդի ուներ ու հանկարծ գտավ: Մի առ մի հարցրեց հանգամանքներս և որ իմացավ ամուսնացած չեմ, կպավ թե՝ «քեզ պետք է ինձ փեսա դարձնեմ»: Ու զոռով քարշ տվեց ինձ իրենց տուն, որ աղջիկը ցույց տա: Ճիշտն ասած, շատ էլ չդիմադրեցի, որովհետև մտածում էի մի բան, որ ամուսնանալու միտք չունեմ, զոռով հո չի կապելու վզիս, թեկուզ ոսկի աղջիկ էլ ունենա: Բայց բարեբախտաբար թե դժբախտաբար, աղջիկը տանը չէր կամ, գուցե տանն էր և չերևացչկարողացա իմանալ, — այնպես որ այդ երեկո չտեսա նրան: Կարծում էի, թե բանը դրանով էլ վերջացավ: Բայց չէ: Տեսնեմ այս երեկո եկավ ինձ մոտ, թե՝ «վեր կաց գնանք, աղջկաս ասել եմ տանը մնա, պետք է ծանոթացնեմ քեզ նրա հետ»: Դու գիտես էլի ինչքան փափուկ երես ունեմ, ոչ մի կերպ դիմադրել չկարողացա, էլի զոռով քարշ տվեց: Ճանապարհին ներս տարավ իր ծանոթ ակնավաճառի մի խանութ, վերցրեց այս մատանին և սրա էլ մի հատը, զոռով գրպանս կոխեց, թե «կհավանես աղջկասկտաս, չես հավանիկբերես ետ կտաս»: Լավ: Վեր կացանք գնացինք: Գնացինք ու...

Գարեգինը սկսեց ծիծաղել...

Դե էլ ի՞նչ շարունակեմ, — ավելացրեց նա, — նշանը տվի, է՜լի: Տվի ու սիրտս այնպես կպավ, որ հիմա մնացել եմ ապշած, թե այս ի՞նչ բան էրհրա՞շք, կախարդա՞նք... ոչինչ չեմ հասկանում:

Ուրեմն աղջկան տեսար ու հավանեցիր:

Տո՜, աղջիկ մի ասի, հրաշալի՜ք ասա, — բացականչեց Գարեգինն իրեն հատուկ զեղուն հիասքանչումով: — Որ մտավ ու նայեցի... Է՜հ, չէ. պետք է իմ դրության մեջ լինես և տեսած լինես նրան, որ հասկանաս ինձ, թե չէ խոսքերով ի՜նչ կարող եմ հասկացնել քեզ:

Ինձ խոսքեր հարկավոր էլ չեն, որովհետև տեսնում եմ, որ արդեն խելքդ կորցրել ես, — նկատեցի ես ակամա ժպտալով նրա խանդավառության վրա: — Դու միայն, եթե կարող ես հանգիստ կերպով, պատմիր ինձ լոկ իրողությունը:

Լոկ իրողությունը, հանգիստ կերպով: Շատ բարի: Ամենից առաջ ասեմ, որ մեզ ու մեզ էինք, այսինքն ես էի, աղջիկը և հայրն ու մայրը: Ասենք, հայրն ու մայրը նրա ծնողները չեն:

Ուզում ես ասել Սառան, — այդպես ասացիր, չէ՞, նրա անունը, — նրանց որդեգրուհին է:

Ոչ, նրանց աղջիկն է, բայց ոչ հարազատ աղջիկը: Այ ինչպես: Սառան աներոջս խորթ զավակն է: Այսինքն աներս իր այժմյան կնոջից առաջ ամուսնացած է եղել մի այրի կնոջ հետ, որի ձեռքին եղել է Սառան մոտ տասը տարեկան հասակում: Հետո այդ կինը, այսինքն Սառայի հարազատ մայրը, մեռել է, և աներս ամուսնացել է իր այժմյան կնոջ հետ: Այսպիսով Սառան դառնում է երկուսի էլ խորթ զավակը: Հասկանալի՞ է:

Հասկանալի է: Հիմա շարունակիր քո պատմությունը. այսինքն ի՞նչպես նշանվեցիր:

Դե ի՞նչպես են նշանվում: Աղջիկը տեսա, հավանեցի ու նշանը տվի: Եկա, տեսի, հաղթեցի, — վրա բերեց Գարեգինը ծիծաղելով: — Հետո նստեցինք, կերանք, խմեցինք, քո կենացն էլ անուշ արինք, իբրև իմ ապագա խաչեղբոր:

Լավ է, չէ՞:

Շատ շնորհակալ եմ այդ պատվի համար: Բայց դու էլի այն չես ասում, ինչ որ ինձ է հետաքրքրում:

Հարցրու, հարցրու, ես քեզ բոլորը կպատմեմ:

Դու ինձ այս ասա, թե ի՞նչպես ծանոթացար աղջկա հետ, ի՞նչ խոսեցիք, ի՞նչպես հանկարծ սիրահարվեցիր, վերջապես՝ ի՞նչպես հայտնեցիր սերդ և...

Ես նրան սեր չեմ հայտնել:

Հապա՞:

Հապա չկա: Ասածս միայն այս էր. «Օրիորդ, ես ձեզ հավանում եմ. եթե դուք էլ ինձ եք հավանում, խնդրեմ ընդունեցեք այս մատանին»:

Հենց այդպե՞ս:

Հենց այսպես, ոչ մի բառ ավել, ոչ պակաս:

Եվ նա էլ ընդունե՞ց:

Ընդունեց և դրեց սեղանի վրա:

Ինչպես թե սեղանի վրա:

Սեղանի վրա, է՜լի:

Եվ ոչ մա՞տը:

Զարմանալի է, ես, կարծեմ կարողանում եմ զանազանել սեղանն ու մատը:

Եվ այդ դառավ նշան տա՞լ:

Դե ես ի՞նչ գիտեմ ինչ դառավ, — խնդաց Գարեգինը, — այսքանս միայն գիտեմ, որ դրանից հետո հայրն ու մայրը շնորհավորեցին, համբուրեցին, օրհնեցին մեզ, և ես այնքան ուրախ էի, որ ծափ տային, պար կգայի: Իսկապես, օրենքով որ գնանք, — ավելացրեց նա, — եթե չեմ սխալվում, ես ինքս իմ ձեռքով պետք է մատանին դնեի մատը, բայց որովհետև շփոթմունքից այդ բանը մոռացա անել, երևի նա էլ ամաչեց և մատը չդրեց:

Է, հետո՞:

Հետո էլ ի՞նչ:

Ի՞նչ ասացիք, ի՞նչ խոսեցիք:

Ես ու նշանա՞ծս: Ոչինչ: Առհասարակ նա ինձ հետ համարյա թե չի խոսել: Միայն շարունակ պինդ-պինդ նայում էր աչքերիս:

Լավ, որ հետդ չի խոսել, բաս ո՞րտեղից գիտես, թե խելոք, կրթված աղջիկ է:

Հայացքից: Շատ ուրիշ տեսակ հայացք ունի, կարծես ուղղակի թափանցում է հոգուդ խորքը և պրպտում, թե ինչ կա այնտեղ: Իսկ երբ չի նայում քեզ, այլ աչքերն ուղղում անորոշ տարածության մեջ կամ անշարժ հառում մի կետի, այդ հայացքն այնքան մտածկոտ է, այնքան լուրջ և, միևնույն ժամանակ, այնքանինչպես ասեմ, լացող, այո, ուղղակի լացող, որ կարծես հոգիդ առնում է բռան մեջ և սեղմում: Ահա ա՜յդ հայացքն էր, որ տեսնելուս պես գերեց ինձ: Քանի անգամ այս երեկո, երբ նա չէր նայում ինձ, ես դիտում էի նրան և, զարմանալի է, ամեն անգամ կարծես մի բան պոկվում էր սրտիցս և գալիս բկիս դեմ առնում: Ահա այս րոպեին էլ, որ մտաբերում եմ նրա այդ հայացքը, ակամա մի անորոշ տխրություն է պատում ինձ:

Գուցե մի վիշտ ունի, — հարցրի հետաքրքրված:

Չեմ կարծում, այդ պետք է որ նրա հայացքի հատկանիշը լինի: Առհասարակ ես երբեմն տեսել եմ կանայք, որոնց աչքերը կարծես լաց են լինում, և այդ աչքերն են առավելապես, որ նրանց գեղեցկություն ու գրավչություն են տալիս: Ասենք, ես դեռ լավ չեմ ճանաչում նրան, որովհետև միջոց չեղավ նրա հետ առանձնանալու և, բացի այդ, ինքս էլ մի քիչ քաշվում էի: Ընթրիքի ժամանակ, երբ, ինչպես ասում են, կատարս մի քիչ տաքացել էր և բավական համարձակություն էի ստացել, կարող էի շուտ մոտենալ, բայց, դժբախտաբար, նա չմասնակցեց ընթրիքին:

Ի՞նչպես թե չմասնակցեց:

Ներողություն խնդրեց, որ մի քիչ տկար է զգում իրեն և հեռացավ:

Էլ չտեսա՞ր նրան:

Չէ,

Ակամա թոթվեցի ուսերս և վեր կացա:

Դե հիմա կարող ես գնալ, որովհետև արդեն շատ ուշ է, և քունս տանում է: Բայց իմացիր, որ նշանտուքդ շատ տարօրինակ նշանտուք է, և մինչև որ չտանես չծանոթացնես ինձ նշանածիդ հետ, ես բան չեմ կարող հասկանալ: Կտանե՞ս:

Երբ ուզես:

Պայմանավորվեցինք, որ հենց առաջիկա շաբաթ երեկոյան, երբ ես բոլորովին ազատ էի, նա կգա ինձ մոտ և միասին կգնանք: Ու գրեթե զոռով դուրս արի նրան:

2

Շաբաթ երեկոյան, ճիշտ նշանակված ժամին, Գարեգինը եկավ ինձ մոտ նույն սյուրտուկով, սպիտակ ժիլետով, այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողպատով, նոր սափրած դեմքով, անսովոր առույգ ու կենսուրախ:

Բայց նախ մի երկու խոսք այդ տարօրինակ երիտասարդի մասին:

Գարեգին Սիսակյանը քիչ թե շատ ունևոր ծնողների զավակ էր: Թեմականի դասընթացն ավարտելուց հետո պատրաստվում էր գիմնազիական քննություն տալու, որ համալսարան մտնի, բայց որովհետև արդեն 21 տարեկան էր և չէր ուզում հասարակ զինվոր գնալ, մտավ յունկերական դպրոցը, որ վերջը սպա դառնա: (Այն ժամանակ մեռած էին նրա ծնողները, և նա զրկվել էր, իբրև իր ծնողների միակ զավակը, զինվորագրությունից ազատվելու արտոնությունից): Բայց շուտով տեսավ, որ զինվորական դիսցիպլինան և չարքաշ կյանքը չեն համապատասխանում իր խառնվածքին, թողեց սպա դառնալու մտադրությունը և հակառակ ծայրն ընկավուզեց կուսակրոն դառնալ: Այդ բանի համար գնաց Էջմիածին, բայց երեք ամիս հետո վերադարձավ կատարելապես հիասթափված կուսակրոնների անբարոյական կյանքից: (էջմիածնում նա իջել էր իր հոր հին ծանոթ մի եպիսկոպոսի մոտ, որի սենյակից մի գիշեր դուրս էր փախել ներքնաշորով): Այնուհետև մի տարի անգործ մնալով չէր իմանում ինչ անի, վերջը մտավ պետական կալվածքների տեղական վարչությունը իբրև հասարակ պաշտոնյա չնչին ռոճիկով: Նա կարոտ չէր, իհարկե, այդ ռոճիկին, քանի որ, միակ զավակը լինելով, հոր ամբողջ կարողությունը, բանկում պահ տրված զուտ դրամով, իրեն էր մնացել իբրև ժառանգություն: Իսկ այդ կարողությունն այնքան շահ էր բերում, որ նա կարող էր առանց կողմնակի եկամուտի էլ լավ ապրել, մանավանդ, որ շատ համեստ, կարելի է ասել՝ ճգնավորի կյանք էր վարում, և այդ ոչ թե նրա համար, որ ժլատ էր, ընդհակառակն, շատ ընկերներ դիմում էին նրա օգնությանը, և նա ոչ ոքի չէր մերժում, այլ այն պատճառով, որ պարզապես չգիտեր, թե ինչ բանի վրա կարելի էր փող ծախսել: Ուզում էր պաշտոն ունենալ, զբաղված լինել որևէ գործովմիևնույն է թե ի՞նչ, որովհետև, ասում էր, «պարապությունը մելամաղձոտ է դարձնում»:

Հիշում եմ նրա ծնողներին: Հայրը խստաբարո և կրոնասեր մարդ էր, թեև տերտերներին ատելով ատում էր, համարելով նրանց իրենց կոչմանն անարժան մարդիկ, բայց միշտ ժամ էր գնում, կանգնած տեղից ձայնակցում ժամասացներին, և բոլոր հինգ նավակատիքներին պաս պահում ու հաղորդվում: Վերջը հարեց բողոքականության, բայց մահից առաջ զղջաց, խոստովանեց իր բոլոր մեղքերը և հաղորդություն առավ իր նախկին ծխատեր քահանայից, որին մի քանի անգամ դուրս էր արել իր տնից:

Գարեգինի մայրը շատ գեղեցիկ և կենսաթրթիռ մի կին էր, ամուսնուց առնվազն մի քսան տարով փոքր: Բայց շուտով թառամեց, խելագարվեց և մեռավ հոգեկան հիվանդների ապաստարանում: Եվ ասում էին, թե պատճառն ամուսինն էր: Բանն այն է, որ նա կնոջը սիրում էր մի տեսակ հիվանդոտ, կատաղի սիրով և, որովհետև ծեր էր, կասկածում էր նրա հավատարմության վրա, ուստի տնից դուրս չէր թողնում, շատ անգամ ծեծում էր: Վերջը նրա կասկածամտությունն այն աստիճանի հասավ, որ կտրել տվեց իր տան դեպի փողոց նայող պատշգամբը և շարել տվեց բոլոր պատուհանները, որպեսզի կինը հնարավորություն չունենա դեպի դուրս նայելու և աչք-ունքով խոսելու դիմացի տան վերին հարկում ապրող մի գեղեցիկ երիտասարդի հետ, դեպի որը ամենից ավելի կասկածամիտ էր խելքից ցնդած ծերունին:

Ընտանեկան այսպիսի պայմաններումն էր ծնվել Գարեգինը, որը իր հոր ու մոր առաջին և վերջին զավակն էր:

Այսպես, ուրեմն, շաբաթ երեկոյան, ժամը 8-ին, երբ արդեն մութ էր, Գարեգինը եկավ ինձ մոտ, որ տանի ծանոթացնի ինձ իր հարսնացուի հետ:

Արդեն հայտնել եմ նրան, որ խաչեղբորս, այսինքն քեզ, այս երեկո պիտի ներկայացնեմ իրեն, — ասաց նա:

Եվ ի՞նչ ասաց:

Ասաց. «Շատ ուրախ կլինեմ»:

Եվ պինդ-պինդ չնայե՞ց աչքերիդ, — ծիծաղեցի ես:

Հա՛, — վրա բերեց Գարեգինը մի տեսակ մտահոգությամբ, — չգիտեմ, իմ մեջ որևէ բա՞ն է տեսել, թե այդ առհասարակ նրա սովորությունն է, որ նայում է, շատ պինդ է նայում և հետոշատ քիչ է խոսում: Եվ, գիտե՞ս, որ ինձ այդպես նայում է, ես չեմ նայում նրան:

Ինչո՞ւ:

Չեմ կարողանում: Նրա հայացքի մեջ, երբ նայում է այդպես, մի տեսակ բան կա, մի անբացատրելի բան, որ ակամա ճնշում է ինձ:

Հապա այն գիշեր այնքան հիացմունքով էիր խոսում նրա հայացքի մասին և ասում էիր, թե այդ հայացքն է գերել քեզ:

Նա երկու տեսակ հայացք ունի, մեկը՝ խիստ ու պրպտող, երբ նայում է քեզ շեշտակի, և մյուսը մտածկոտ ու մելամաղձիկ, երբ չի նայում քեզ և, կարծես, մոռանում է, որ դու ներկա ես: Ահա ա՜յս հայացքն է, որ ես սիրել եմ և կուզեի նրան միշտ այդպես տեսնել:

Ձեռաց հագնվեցի, և դուրս եկանք:

Գարեգինը եկել էր կառքով, որը և սպասում էր դռանը: Կառքի մեջ, ետևի կողմը, թղթի մեջ փաթաթված ինչ-որ բան կար, որ նա վերցրեց և ծնկների վրա դրեց:

Անուշեղեն է, — բացատրեց: — Գրպանումս մի ուրիշ բան էլ ունեմականջի օղեր: Իսկ մատանին արդեն մատն էր դրել:

Ինձ ականջի օղերից ու մատանուց ավելի նրա հարսնացուն էր հետաքրքրում, ուստի ասացի.

Այն գիշեր մոռացա հարցնեմ, քանի՞ տարեկան է:

Ո՞վ, Սառա՞ն: Չեմ հարցրել, բայց փոքր չի երևում: Եթե քսանհինգ չլինի, քսաներկու տարեկան անպատճառ կլինի: Իսկ պինդ-պինդ որ նայում է, ավելի մեծ է երևում:

Բայց ասում ես, որ նրա պինդ-պինդ նայելիս դու չես նայում նրան, ուրեմն որտեղից գիտես, թե այդ ժամանակ նա ավելի մեծ է երևում:

Զգում եմ: Դու չե՞ս փորձել, շատ բան մարդ տեսնում է զգալով: Օրինակ, պատը որ փուլ է գալիս, դու, չնայելով որ աչքերդ բնազդաբար փակում ես, բայց և այնպես ամենայն մանրամասնությամբ տեսնում ես, թե ինչպես դղրղյունով գալիս է տակովն է անում քեզ:

Դու այդ փորձե՞լ ես, — ծիծաղեցի ես:

Չէ, բայց պետք է որ այդպես լինի հոգեբանորեն ուրիշ կերպ չի կարող լինել:

Չգիտեմ ինչու, ակամա փորձող հայացքով նայեցի նրա աչքերին:

Լսիր, Գարեգին, — ասացի, — եկ խոստովանիր, որ թեև նշանվել ես և այն գիշերն էլ հիացմունքով էիր խոսում նրա մասին, բայց... վախենում ես նրանից:

Ի՞նչպես թե վախենում, — հարցրեց մեքենայաբար, բայց նկատեցի, որ շփոթվեց:

Վախենում, է՜լի, ուղղակի վախենում, ինչպես հարցաքննության ժամանակ աշակերտը կվախենա ուսուցչից: Եվ այդ է պատճառը, որ նրա պինդ-պինդ նայելիս՝ դու չես կարողանում նայել նրան:

Այո, մի տեսակ ճնշվում ես:

Եվ դարձյալ դրա համար է, որ նա ավելի մեծ է երևում, երբ պինդ-պինդ նայում է քեզ:

Следующая страница