Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Այդպիսի բան չի՜ կարող պատահել, — վրա բերեց Գարեգինը եռանդով:

Ինչո՞ւ:

Որովհետև, նախ՝ նա որևէ մի տգետ աղջիկ չէ, որ ծնողների կամքով շարժվի և ում տան՝ գնա, և երկրորդ ես առիթ չեմ տա, որ դժգոհ մնա ինձնից:

Շատ բարի, համաձայն եմ, որ նա ծնողների քմահաճույքով շարժվող աղջիկներից չէ, — այդ ես տեսա այս երեկո, — բայց դու ի՞նչ գիտես, թե ներքին ընտանեկան, ինձնից ու քեզնից ծածուկ ի՞նչ հանգամանքներ կան, որոնք անշուշտ ստիպել են նրան հակառակ գնալ իր կամքին ու ցանկությանը: Այս մեկ: Երկրորդ՝ ասում ես, թե առիթ չես տա, որ դժգոհ մնա քեզնից: Շատ բարի, հիմա առիթ տվի՞ր, որ այն օյինները խաղաց գլխիդ:

Տվի, իհարկե, տվի: Ի՞նչ է նշանակում՝ «կարդացե՞լ ես այս գիրքը»: Իհարկե, հարցաքննություն: Եվ, իսկապես, ինչո՞ւ չպետք է կարդացած լիներ: Հետո, երեկ չէ, մեկ էլ օրը բոլորովին անծանոթ էինք իրար, իսկ այսօր վեր եմ կենում և «դու»-ով եմ խոսում հետը: Ի՞նչ անեմ, թե նշանված ենք, քաղաքավարական պայմանները մի որոշ ժամանակ պետք է պահպանե՞լ, թե ոչ:

Բայց նրա ապտակներն ուտելուց հետո քիթդ լավ կախեցի՞ր:

Ոչ թե քիթս կախեցի, այլ տեսա, որ արժանի էի:

Լավ, հայրը, հո երեկ-մեկէլ օրվա ծանոթը չէր, ինչո՞ւ նրա հետ էլ այնպես վարվեց:

Հայրն արդեն գլխովին մեղավոր էր: Որովհետև, ճիշտ որ, ի՞նչպես կարելի է մի ահագին օրիորդի հետ օտար հյուրի ներկայությամբ վարվել ինչպես մի երեխայի հետ: Շատ էլ որ հայրն է:

Իսկ մայրը: Հիշո՞ւմ ես ծկլթոցը հարևան սենյակում:

Երևի նա էլ մի բանով նեղացրել էր: Եվ, վերջապես, հո լսեցի՞ր, որ հայրն ասաց, թե ջղային է:

Եվ դու պիտի կարողանա՞ս ապրել այդպիսի մի ջղային աղջկա հետ:

Ինչո՞ւ չէ, քանի որ ոչ մի առիթ չեմ տա նրան գրգռվելու:

Դու արդեն ինքդ ոտով գլխով մի մեծ առիթ ես, ուրիշ էլ ի՞նչ առիթ: Եվ ես հիմար եմ, որ քեզ պես մի անհասկացողի աշխատում եմ համոզել, — ասացի ես ակամա գրգրռված նրա համառությունից և, նրա թևը թողնելով, առաջ անցա վճռական քայլերով:

Կարճ ժամանակ Գարեգինը լուռ հետևում էր ինձ, հետո հանկարծ քայլերն արագացրեց և եկավ հավասարվեց ինձ:

Լա՜վ, ի՞նչ ես ուզում անեմ, — ասաց մի տեսակ գրգիռով:

Է՜լ ես ոչինչ չեմ ուզում, ինչ ուզում եսարա:

Չէ, սպասիր, — նա կանգ առավ և զոռով պահեց ինձ, — ուզում ես թողնեմ, չէ՞: Լա՛՜վ: Բայց, ասա տեսնեմ, ինչի համար:

Էլ ասե՞մ ինչի համար:

Չի հավանում ինձ, չէ՞, զոռովն են ինձ կպցրել, չէ՞: Բայց ես չեմ հասկանում, թե ի՞նչպես կարելի է մի կրթված, հասկացող աղջկա զոռով կպցնել մի տղամարդի, որին չի հավանում: Հետո, ասում ես, ընտանեկան ինչ-որ հանգամանքներ. Ի՞նչ հանգամանքներ: Դու այդ չգիտես, ես էլ չգիտեմ, ուրեմն այդ արգումենտն էլ ջրվում է: Մնում է, որ ասես, թե ինձ չէր ճանաչում, նշանտուքի գիշերը սխալմամբ է ընդունել նշանս: Լա՜վ: Բայց նրանից հետո այս չորրորդ անգամն է, որ գնում եմ նրանց տուն, հիմա հո ճանաչե՞ց:

Պետք է ենթադրել, որ ճանաչեց, որովհետև ոչ տարած թանկագին ընծայիդ վրա ուզեց թքել և ոչ էլ, — ուզում էի ասել՝ «քեզ վրա» — և մի քիչ մնաց, որ գիրքն էլ գլխովդ տար:

Ընդունում եմ, ճիշտ է, այդ բոլորը ճիշտ է. և այդ բանը սրտիս շատ դիպավ: Բայց դու ինձ ասա. մատանին հո մատին էր: Հը՞, հո մատի՞ն էր:

Ասենք, թե մատին էր:

Ի՞նչպես թե՝ ասենք: Չտեսա՞ր, որ մատին էր:

Լավ, մատին էր, հետո՞:

Հետո ա՜յն, որ... ի՞նչ է նշանակում այդ. ինձ չի հավանում և միևնույն ժամանակ տվածս մատանին մատն է դրել: Ինչո՞ւ չհանեց, չվերադարձրեց ու չասաց. «Պարոն, ահա ձեր մատանին, որ ես չճանաչելով ձեզ, սխալմամբ եմ ընդունել: Այժմ, որ ճանաչեցի ձեզ, խնդրեմ ետ առեք, ես ձեր կինը չեմ կարող լինել»:

Ակամա ծիծաղս եկավ ոչ թե այդ խոսքերի, այլ այն պարզամիտ լրջության վրա, որով արտասանեց այդ խոսքերը:

Բայց նա այդպիսի բան չարավ, — շարունակեց Գարեգինը նույն գրգիռով, առանց ուշադրություն դարձնելու ծիծաղիս: — Ինչո՞ւ չարավ: Հը... քեզ եմ հարցնում:

Երևի վախեցավ, թե մի անգամ սխալված լինելով՝ մի գուցե այս անգամ էլ սխալված լինի, — նկատեցի ես, շարունակելով ծիծաղել:

Չէ, մի հեգնիր խնդրեմ: Այնպիսի բաներ անելուց հետո, այդ էլ որ աներ, ի՞նչ զարմանալու բան կլիներ: Բայց չարավ: Ինչո՞ւ: Որովհետև... Այստե՜ղ է, ահա, որ ոչ ես եմ ճանաչում նրան, ոչ դու և ոչ, այո՜, նույնիսկ ծնողները գուցե, և դու իզուր ես շտապում քո դատավճիռը կարդալու:

Ուրե՞մն:

Ուրեմն ա՜յն, որ ես նրանից ձեռք չեմ վերցնի և նրա կողմից մերժվելու խայտառակությունից էլ չեմ վախենում, իմացա՞ր:

Իմացա:

Դե որ իմացար, էլ բան չունեմ ասելու և... բարի գիշեր:

Եվ նա ինձ համար բոլորովին անակնկալ կերպով թողեց ինձ ու հեռացավ արագ քայլերով, երևի վախենալով, որ ես իմ հոռետեսությամբ կարող եմ նորից փոխել իր տրամադրությունը իր լավատես ապագայի հեռանկարների նկատմամբ:

Ես մնացի նրա ետևից նայելիս: Ինձ պարզապես ապշեցրել էր նրա տարօրինակ գրգիռը և մանավանդ համառությունն ու վճռականությունը, որովհետև մինչև այժմ ես նրան ճանաչել էի իբրև շատ հանգիստ, կամազուրկ ու կրավորական բնավորության տեր մի երիտասարդի, որ միշտ լսում էր ինձ:

7

Անցավ մոտ մի ամիս: Այդ բոլոր ժամանակամիջոցում Գարեգինը ոչ մի անգամ չերևաց: Ես արդեն այն համոզմանն էի եկել, որ նա թունդ խռովել է ինձնից և վճռել է առանց ինձ պսակվել կամ արդեն իսկ պսակվել է, եթե միայն մերժում չի ստացել Սառայից, ինչպես ես էի ենթադրում: Բայց ահա մի երեկո եկավ ինձ մոտ աշխույժ ու կենդանի և, այն արտասովոր խանդավառ տրամադրության մեջ, որ համակել էրնրան նշանվելու օրից:

Ո՞ւր էիր չքացել,— հարցրի:

Ոչ մի տեղ:

Բաս էլ չերևացիր:

Ո՞րտեղից երևայի, քանի որ շունչ քաշելու ժամանակ էլ չունեի: Ամբողջ օրը փողոցներն ընկած՝ նոր բնակարան էի որոնում: Հետո՝ օրինավոր տուն-տեղ պիտի դնեի՞, թե ոչ. Այժմ, որ ամեն բան պատրաստ է, եկել եմ հայտնելու, որ այս կիրակի պսակվում ենք:

Արդե՞ն: Իսկ ես կարծում էի...

Դու շատ բան ես կարծում, — ընդհատեց ինձ Գարիգինը: — Դու այն էլ էիր կարծում, թե այս բանը գլուխ չի գա, կքանդվի: Քո ջիգրու ոչ ես ձեռք վերցրի նրանից, ոչ էլ նա մերժեց ինձ: Այժմ այնպես մտերմացել է հետս, որ կարծես մանկությունից իրար հետ ենք մեծացել:

Իսկ «դու»-ի և «դուք»-ի խնդիրն ի՞նչպես լուծվեց:

Իհարկե, «դու»-ի օգտին: Հա՜, մի անգամ հարցրի նրան, թե ի՞նչ էր նշանակում այն գիշերվա օյինները, ասաց, որ լավ է այդ մասին ոչինչ չհարցնեմ, որովհետև ինքը շատ է զղջում և ամաչում իր արարքից, մանավանդ որ այդ բանը թույլ էր տվել իրեն քո ներկայությամբ: «Ինչ անեմ, — ասաց, շատ ջղային եմ և այն գիշերն, — ասաց, — շատ վատ տրամադրության մեջ էի»: Բայց գիտե՞ս ինձ ինչն է զարմացնում, հո տեսար՝ ինչքան խոհուն, լուրջ աղջիկ է, բայց երբեմն այնպիսի բաներ է անում, որ կարծես երեխա լինի:

Ի՞նչ, այդ էլ նո՞ր բան է, — հարցրի:

Օրինակ, երեկ շոկոլադ էի տարել, նստած՝ միասին էինք ուտում: Երկու հատ ինքն իր ձեռքով դրեց բերանս: Հետո, մի հատ էլ որ ես էի ուզում դնել նրա բերանը, մատս կծեց և ծիծաղեց: Ծիծաղելիս էլ ուրիշ տեսակ է ծիծաղում, ծիծաղում է հանկարծ և հանկարծ էլ լուրջ դեմք առնում: Իսկ անցյալ օրը Մուշտայիդ էինք գնացել զբոսնելու: Իջանք գետափը: Սկսեց քարեր շպրտել գետի մեջ կռկռացող գորտերի վրա: Հետո մի քար էլ վերցրեց, պատրաստվեց նետելու և ասաց. «Ձեռքիս նայիր»: Նայեցի: «Ո՞ր ձեռքով եմ գցում», հարցրեց: — Աջ. — ասացի: Քարն ուժգին թափով նետեց այս անգամ գետի կողմը և նետելուց հետո հարցրեց. «Ոչինչ չնկատեցի՞ր»: — Ի՞նչ, — հարցրի: «Չնկատեցի՞ր, — ասաց, — որ աջ ձեռքս շարժում եմ ձախլիկ մարդու պես»: Եվ որովհետև չհասկացա նրա խոսքերի իմաստը, այսպես բացատրեց, կանայք առհասարակ ձեռքի ճարպիկ և ուժգին թափ չունեն, նրանք աջ ձեռքով մի բան շպրտում են այնպես, ինչպես տղամարդը ձախ ձեռքով կշպրտի, նրանց մկանների ուժը բնությունից, թե դաստիարակությունից ընդարմացած է, և դրա համար է, որ կանայք առհասարակ չեն կարողանում վրեժ լուծել իրենց վիրավորողից, ինչպես տղամարդը կլուծի:

Լավ, քարեր նետելն ի՞նչ կապ ուներ այդ խոսքերի հետ, — հարցրի ես:

Ես ի՞նչ գիտեմ, — ասաց Գարեգինն ուսերը թոթվելով և շարունակեց: — Հետո, գետափից որ բարձրացանք վերև, նստեցինք մի նստարանի վրա, հովանոցի ծայրով մի բան գծագրեց հողի վրա և հարցրեց: — «Այս ինչ է»: Շուն է, — ասացի: «Բաս շունը ոտներ չի ունենա՞» ասաց: — Նկարիր ու կունենա է՜լի, — ասացի ծիծաղելով: Գծագրածի վրա հանկարծ խաչ քաշեց բազմապատկության նշանի ձևով ու ասաց. «Այս ոչ թե շուն է, այլ ատրճանակ»:

Ի՞նչ:

Ատրճանակ:

Չգիտեմ ինչու, այդ բանն ինձ ավելի հետաքրքրեց:

Լավ, ինչո՞ւ անպատճառ ատրճանակ էր գծագրել:

Ես ի՞նչ գիտեմ, — եղավ նորից Գարեգինի կարճ, անփույթ պատասխանը:

Չբացատրե՞ց:

Չէ: Միայն հարցրեց, «Մարդ կարո՞ղ ես սպանել»:

Ի՞նչպես թե մարդ... ինչե՛ր ես պատմում, — բացականչեցի ես պարզապես ապշած:

Ես բառացի պատմում եմ այն, ինչ որ խոսել ենք: Աստված է վկա, — երդվեց Գարեգինն իր սովորական պարզամտությամբ:

Հետո ի՞նչ պատասխանեցիր:

Ի՞նչ կարող էի պատասխանել, թարմացա: Ես երևակայել անգամ չեմ կարող, ասացի, թե ինչպես կարելի է մարդ սպանել: Զինվորական ծառայությունը թողի, ինչո՞ւ համար, — որովհետև տեսա, որ ինձ օրը-օրին չարչարում են մի նպատակով միայն, մի սարսափելի նպատակով, — որ սովորեցնեն մարդ սպանելու արհեստը, այնինչ ես դեռ երեխա էի. փախչում էի, երբ իմ առջև հավ էին մորթում: «Ուրեմն դու վախկոտ ես», — ասաց: — Անձնազոհությունը, կարծեմ, ավելի մեծ քաջություն է, — ասացի, — իսկ ես պատրաստ եմ ինձ կրակը նետել՝ ուրիշի կյանքը փրկելու համար, բայց ուրիշին կյանքից զրկելայդ ոչ թե քաջություն է, այլ պարզապես հրեշություն: «Բայց չէ՞ որ, — ասաց, — ամեն մի սպանություն, խոսքս սովորական ավազակության մասին չէ, իհարկե, — իր զորավոր դրդապատճառն է ունենում»: — Ոչ մի պատճառ, — ասացի, — որքան էլ որ զորավոր լինի, չի կարող արդարացնել մարդասպանությունը, որովհետև մարդ էակը չէ՞ որ այդ ես եմ, այդ դու ես, այդ այս կենսաբուխ արյունն է, որ եռում է մեր երակների մեջ, այդ այս հրաշալի աշխարհն է, ուր մահից հետո դարձ չկա այլևս, այդ այս պայծառ արևն է, որի տակ վերջին մրջյունն անգամ իրավունք ունի ապրելու, և մարդ սպանելկնշանակի արևը հանգցնել: Ոգևորվել էի և, ճիշտն ասած, լավ էի խոսում, մանավանդ որ լսում էր մեծ ուշադրությամբ և աչքերը աչքերիցս չէր հեռացնում:

Գարեգինը պատմում էր այնքան կենդանի կերպով, որ ինձ թվում էր, թե ինքս ներկա էի նրանց տարօրինակ խոսակցությանը Մուշտայիդի այգում:

Լսիր, — ասացի, — չգիտեմ, այդ մասին մտածե՞լ ես թե ոչ, բայց դու շատ խորհրդավոր բաներ պատմեցիր:

Ի՞նչ խորհրդավոր բաներ, — հարցրեց Գարեգինը զարմացած, որից եզրակացրի, որ բնավ չէր մտածել այդ մասին:

Խորհրդավոր չթվացի՞ն քեզ նախ նրա այն խոսքերը, թե կանայք առհասարակ չեն կարողանում վրեժ լուծել իրենց վիրավորողից այնպես, ինչպես տղամարդը կլուծի, հետո այն, որ նա դեռ ատրճանակ նկարեց, հետո հարցրեց մարդ կարո՞ղ ես սպանել:

Գարեգինը ծիծաղեց:

Զարմանալի կասկածամիտ մարդ ես, — ասաց, — ամեն մի չնչին բանում ինչ-որ խորհրդավորություն ես նկատում: Ամեն մի խոսակցության ժամանակ մարդ կարող է հազար ու մի միտք հայտնել հենց այնպես, առանց որևէ հետին իմաստի: Ատրճանակն էլ—, դե ձեռքի պատահական մի շարժում էր, փոխանակ շուն կամ կատու գծվելու, ատրճանակի նման մի բան դուրս եկավ, ու այդտեղից էլ, բնականաբար, բացվեց սպանության մասին եղած խոսակցությունը: Այստեղ ի՞նչ խորհրդավոր բան կարող է լինել: Ինչպես տեսնում եմ, դու շատ լավ պրոկուրոր կլինես, — ավելացրեց նա նորից ծիծաղելով:

Թեև ինձ համար բնավ պարզ չէր այդ բացատրությունը, նկատի ունենալով Սառայի տարօրինակությունները, բայց և այնպես խոհեմություն համարեցի չշարունակել այդ խոսակցությունը, չուզելով այդ միամիտ երիտասարդի սիրտը թունավորել այն անորոշ կասկածով, որ նրա խորհրդավոր պատմությունը հարուցել էր իմ մեջ: Այնուամենայնիվ, քիչ հետո էլի չդիմացա և ընկերական պարտքս համարեցի նորից նախազգուշացնելու նրան Սառայի հետ ամուսնանալուց, որովհետև մի ներքին ձայն շարունակ ասում էր ինձ, որ նա դժբախտ պիտի լինի՝ իր կյանքն այդ աղջկա հետ կապելով: Գարեգինը կարճ ժամանակ նայում էր ինձ վերին աստիճանի խղճալի, նույնիսկ պաղատագին հայացքով, հետո քիչ մնաց լաց լինի:

Խնդրում եմ, աղաչում եմ, Միքայել, մի կոտրիր սիրտս, — ասաց լացակումած ձայնով, և նրա աչքերի մեջ արտասուքի կաթիլներ ցոլացին: — Ես նրան սիրում եմ: Սիրում եմ անչափ: Սա իմ անդրանիկ սերն է: Ես պաշտում եմ նրան: Որ թույլ տա, մոմ կվառեմ նրա առջև, ծունկ կչոքեմ և կհամբուրեմ այն գետինը, որի վրա ոտք է դնում: Մոտը եղած ժամանակ այնքան երջանիկ եմ զգում ինձ, որ նույնիսկ վախենում եմ, թե մի գուցե մի ցնորք, մի տեսիլք լինի հանկարծ չքանա: Նրա գլուխը... գիտե՞ս ի՞նչ բան է նրա գլուխըաշխարհիս երեսին դեռ ոչ մի նկարիչ չի ստեղծել այդպիսի գլուխ, դեռ ոչ մի քանդակագործ չի կերտել այդպիսի մի հրաշալիք: Խենթանում եմ, որ երևակայում եմ, թե կարող ես, թե իրավունք պիտի ունենամ գրկելու այդ գլուխը, համբուրելու այդ ճակատը, այդ աչքերը, այդ շրթունքները, դեմքս շփելու այդ հրաշալի մազերին: Ձեռք քաշեմ նրանից, ավելի լավ չէ՞ ասես՝ ձեռք քաշեմ իմ կյանքից, իսկ նրան սիրելուց հետո այնպես սիրում եմ կյանքը...

Նրա այս ծիծաղելի պաթետիկ խոսքերից հետո, որ, սակայն, նա արտասանում էր սրտի խորքից, ինձ ուրիշ բան չէր մնում, եթե ոչ հորդորներս ու խրատներս ծալել մի կողմը դնել և դեպքերը թողնել իրենց բնականոն ընթացքին: Այդպես էլ արի, որովհետև տեսա, որ գործ ունեմ մի տիպիկ սիրահարվածի հետ, որի վրա ոչ մի բարի խորհուրդ ու հորդոր ազդել չի կարող: Վերջը նույնիսկ համաձայնություն հայտնեցի, որ նրա խաչեղբայրը կլինեմ: Անչափ ուրախացավ, վրա ընկավ, գրկեց և սկսեց խելագարի պես համբուրել ինձ:

8

Մինչև վերջին րոպեն էլ չէի հավատում, թե ամուսնությունը գլուխ կգա, գլխավորապես այն ծայր աստիճան անբարենպաստ տպավորության պատճառով, որ թողել էր ինձ վրա Սառան իմ առաջին այցի ժամանակ իր բնավորության նկատմամբ:

Բայց այդ ամուսնությունը ոչ միայն գլուխ եկավ, այլև պսակի գիշերը Սառան իր պարկեշտությամբ, իր տխուր, մտախոհ հեզությամբ կարող էր օրինակելի նորահարս լինել: Ապշած էի մնացել, — ո՞ւր էր չքացել նրա դեմքի վանող արտահայտությունը, նրա այնքան ջղային, անհրապույր վարմունքը: Ինձ թվում էր, թե կամ մի հրաշքով վերածնվել էր Սառան, կամ իմ առջև տեսնում էի մի բոլորովին այլ աղջիկ, որը ոչ մի բանով չէր հիշեցնում ինձ իմ տեսած Սառային:

Այդ գիշեր միայն տեսա, թե որքան սքանչելի էր նրա գեղեցկությունը հարսանեկան սպիտակ զգեստի մեջ: «Նրա գլուխը... գիտե՞ս ինչ բան է նրա գլուխը» — ակամա միտս եկան Գարեգինի խոսքերը, երբ ներս մտա պայծառ լուսավորված հյուրասենյակը և տեսա այդ խորհրդավոր աղջկա լայն, խոհուն, փղոսկրի սպիտակությամբ փայլող ճակատը գագաթին հավաքած շքեղ սև մազերով, սպիտակ շղարշի փրփուրների մեջ: Մի հավերժահարս էր, որի առջև իսկապես պետք էր ծունկ խոնարհել և սքանչացման, սրբազան երկյուղածության ու պաշտամունքի խոսքեր մրմնջալ: Ու նոր հասկացա, և այս անգամ բնավ ծիծաղելի չթվաց ինձ, թե ինչու Գարեգինը սիրո էքստազի մեջ մոմ էր վառում նրա առջև, ծնրադրում ու համբուրում այն գետինը, որի վրա ոտք էր դնում նա:

Մայիսյան ծաղիկների մի շքեղ փունջ էի տարել: Մատուցի: Ընդունելիս մեղմորեն ժպտաց և գլխի թեթև խոնարհումով շնորհակալություն հայտնեց:

Այդ գիշեր մի տարօրինակ վախկոտություն էի նկատում Գարեգինի մեջ, ման էր գալիս ոտների մատների վրա, շատ չէր խոսում, շուտ-շուտ կարմրում էր և քրտնում, երբ աները իրեն հատուկ բարեսրտությամբ որևէ նկատողություն էր անում կատակով: Բայց այդ բոլորի հետ միաժամանակ հարսնացուի վրա նայում էր մի տեսակ գողունի հիասքանչումով: Ըստ երևույթին, Սառայի այդ գիշերվա հեզությունը և մանավանդ գեղեցկությունը նրա համար էլ անսպասելի մի նորություն էր, և նա ճնշվում էր այն գիտակցության տակ, որ այդ գեղեցկուհին իրենն էր վերջնականապես, իր սեփականը, վախենալով միաժամանակ, թե մի գուցե դա, իսկապես, ինչպես ինքն էր ասում, մի ցնորք, մի տեսիլք լիներ ու հանկարծ չքանար: Ու ինձ թվում էր, թե իր հոգու խորքում իրեն արժանի չէր համարում այդ բախտավորությանը:

Հարսանիքը շատ համեստ էր, որովհետև Սառան այդպես էր կամեցել: Հյուրերի թվում ներկա էին նորահարսի ամենամերձավոր ազգականները, նրա ընկերուհիներից մի երկուսը, վերջինների թվում Ժյուլ Սիմոնը կարդացող ընկերուհինմի շատ համարձակ և շատախոս աղջիկ, որը տեղի-անտեղի սրախոսում էր և բարձրաձայն ծիծաղում. իսկ փեսացուի կողմից հրավիրված էին նրա մի երկու ազգական կանայք և մի քանի պաշտոնակիցներ, այնպես որ բոլորս միասին առած հազիվ մի տասը-քսան հոգի լինեինք:

Պսակից մի երկու շաբաթ հետո ավելի շուտ հետաքրքրությունից, քան քաղաքավարական մի պարտք կատարելու համար, այցելեցի նորապսակ զույգին (դրանից մի օր առաջ նրանք այցելել էին ինձ, բայց, դժբախտաբար, ես տանը չէի եղել):

Գարեգինը թողել էր իր հայրական մռայլ տունը, ուր ապրում էր ամուսնանալուց առաջ, և վարձել էր քաղաքի ամենալավ և խաղաղ թաղերից մեկում մի շատ սիրուն բնակարան մի մեծ տան վերին հարկում, որտեղից հիանալի տեսարան էր բացվում ամբողջ քաղաքի վրա և դեպի լեռնային հորիզոնները:

Աղախինը նոր էր առաջնորդել ինձ դեպի ընդունարան, որ դրսից, երկաթե պատշգամբից, ներս վազեց Գարեգինը, չափազանց ուրախ ու կայտառ, գրկեց, համբուրեց ինձ և ձեռքիցս բռնած, անմիջապես տարավ դեպի պատշգամբը, ուր իմ գալուց առաջ նստած էր իր նորատի կնոջ հետ և երեկոյան թեյն էր վայելում:

Սառան, հակառակ սպասածիս, ինձ ընդունեք բավական սառն կերպով: Իսկույն մտքովս անցավ, որ Գարեգինն իր անհեռատես պարզությամբ, անշուշտ պատմել էր նրան, թե ինչ կարծիք էի կազմում նրա մասին ամուսնությունից առաջ և ինչ խորհուրդ էի տալիս իրեն: Եվ այն ուրախ տրամադրությունը, որ հաղորդել էր ինձ Գարեգինն իր աղմկալի ընդունելությամբ, միանգամից կոտրվեց Սառայի այդ անբարեհաճ ընդունելության հանդեպ: Զղջացի, թե ինչու այդ բանը չէի նախատեսել և Գարեգինին չէի նախազգուշացրել, որ ամուսնությունից առաջ Սառայի մասին մեր միջև եղած խոսակցությունը պահի իր համար: Բայց էլ ի՞նչ կլիներ: Այժմ, քանի որ բանը բանից անցել էր, պետք է ամեն կերպ աշխատեի ցույց տալ Սառային, որ ես ոչ միայն փոխել եմ իմ կարծիքն իր մասին, այլև չափազանց հարգում եմ իրեն և շատ ուրախ եմ, որ նրան իմ ընկերոջ ամուսինն եմ տեսնում: Բարեբախտաբար, այդ շատ էլ դժվար չեղավ, Գարեգինն իր սիրահարվածի և մեղրամիսը վայելող երջանիկ ամուսնու խանդավառ ոգևորությամբ, որով ակամա վարակում էր դիմացինին, մի տեսակ հաշտեցնողի, մերձեցնողի դեր էր կատարում իմ ու Սառայի միջև:

Հավանում ես, չէ՞, մեր այս բնակարանը և այս տեսարանը, — ասաց Գարեգինը՝ ցույց տալով Կովկասյան լեռներն այնպիսի մի պարծենկոտությամբ, որ կարծես այդ բնակարանն էլ, այդ տեսարանն էլ իր ստեղծագործության արդյունքն էին: — Տես, որքան պարզ է հորիզոնը, ամպի նշույլ անգամ չկա, և ինչպես պսպղում են այն վիթխարի սարերն իրենց սպիտակափառ գագաթներով, ձյուն չէ, կարծես, այլ արծաթի մի հսկայական զանգված: Հենց նոր ես ու Սառան ծրագրում էինք այս ամառ մի ճանապարհորդություն կատարելու այդ կողմերով դեպի հյուսիս և գուցե այնտեղից էլ դեպի արտասահման: Դու անցել ես, չէ՞, Ռազմավիրական ճանապարհով: Ի՛նչ հրաշք ու հրաշալիք, ի՞նչ սարսափ ու հիացք, այդ գահավեժ անդունդները, այդ ահավոր գագաթները, որոնք թռել էին երկինք և կորել ամպերի մեջ: Վերևը երկինք, ներքևը, անդունդների երախի մեջ գալարվող գոռ գետը, որ իր կատաղի վազքով թնդացնում է այդ անունդները կատաղության փրփուրը բերանին, իսկ մեջտեղըդու քո փոշոտ խճուղով, որ օձի պես գալարվելով գոտևորում է այդ անվերջ վերելքներն ու վայրէջքները:

Դու բանաստեղծ ես եղել, — նկատեցի ես ծիծաղելով և նայեցի Սառային:

Սառան նստած էր լուռ և կենտրոնացած հայացքով նայում էր Կովկասյան լեռների կողմը, բայց նկատեցի, որ կատաղով արած իմ նկատողության վրա հազիվ նշմարելի մի ժպիտ անցավ նրա դեմքի վրայով:

Բանաստեղծ, — բացականչեց Գարեգինը: — Մի՞թե դու կարծում ես, թե նա է միայն բանաստեղծ, ով վարժվել է հանգերով ոտանավորներ գրել: Ամեն ոք, ով սիրում է, անպայման բանաստեղծ է: Ես առհասարակ բոբիկ եմ գրականության պատմությունից, շատ քիչ եմ ծանոթ մեծ պոետների կենսագրություններին, բայց համոզված եմ, որ ամենալավ պոետներն, անշուշտ, նրանք են, որոնք սիրել են, որովհետև սերը... գիտե՞ս ինչ բան է սերը: Սերը... Ասենք դու չես հասկանա, որովհետև... չնայելով, որ դու սիրո նկարագրություններ ունես քո գրվածքների մեջ, բայց սիրո իսկական նկարագիրը տալու համար պետք է...

Բանաստեղծ դառնամ քեզ պես, — վրա բերի ես ծիծաղելով և նորից նայեցի Սառային:

Այո, պետք է սիրես ինձ պես, ի՜նձ պես, — շեշտեց Գարեգինը և, խոնարհվելով դեպի նորատի կինը, քնքշորեն առավ նրա ձեռքն ու սկսեց կաթոգին համբուրել:

Սառան նայեց ինձ և ժպտաց այնպիսի հայացքով, որով կարծես ասում էր՝ «տեսնո՞ւմ եք որքան մեծ երեխա է»: Այդ լուռ դիմումի, այդ բարի ժպիտի մեջ ես հալված տեսա նրա դեպի ինձ ցույց տված սառնությունը, որ սկզբում բավական կաշկանդում էր ինձ:

Շուտով Սառայի տրամադրությունն այն աստիճան բացվեց, որ նա սկսեց ոչ միայն մասնակցել մեր խոսակցությանը, այլև վերաբերվել դեպի ամուսինը ճիշտ այնպես, ինչպես ես էի վերաբերվումկես-լրջորեն, կես-կատակով և զիջողաբար, որ անշուշտ սիրո նշան էր, այն անմեղ սիրո, որպիսին մեծերն են տածում դեպի փոքրիկները: Ասենք այդպիսի վերաբերմունքի բուն պատճառը պետք էր որոնել իրեն իսկ Գարեգինի մեջ, որի անսահման բարի սիրտը, կայտառ հոգին, ոգևորված շատախոսությունը և պարզամիտ փիլիսոփայական հայացքները միշտ այդպիսի վերաբերմունք էին թելադրում փոքրիշատե խելահաս խոսակցին: Ինձ թվում էր, որ եթե Գարեգինը ներկա չլիներ, ես ու Սառան երկու խոսք չէինք գտնի իրար ասելու, մինչդեռ նրա ներկայությամբ մեր խոսակցությունն ի՞նչ բանի վրա ասես չէր դառնում:

Գարեգինի խանդավառությանը քիչ չէր նպաստում, անշուշտ, իմ այցը, մայիսյան հրաշալի երեկոն և մանավանդ իր պաշտած նորատի կնոջ ներկայությունը, որի գեղեցկությամբ, ինչպես թվում էր ինձ, պարծենում էր իմ առջև իր հոգու խորքում:

Այդ երեկո ես նորից առիթ ունեցա համոզվելու, որ Սառան հիրավի մի կատարյալ գեղեցկուհի էր, այն ուրույն գեղեցկուհիներից, որոնց դեմքի ինքնատիպ գծագրությունը մի անգամ տեսնելուց հետո խորապես դրոշմվում է մարդու հիշողության մեջ: Նա հագած ուներ յապոնական ձևի տնային թեթև վերնազգեստ կարճ ու լայն թևերով, ծայրեղերված պերճ անկվածներով: Երբեմն, երբ ձեռքերը բարձրացնում էր հարուստ մազերն ուղղելու, լայն թևերը ետ ծալվելով մերկացնում էին նրա արմունկները սպիտակ ու ողորկ և ծածկված փայլուն աղվամազով՝ ոսկու փոշու մեջ:

Բայց ինձ ավելի հետաքրքրում էր նրա ներքինը, քան թե արտաքինը, նրա հոգին, քան թե գեղեցկությունը: Ու, դիտելով նրան, աշխատում էի նրա դեպի ամուսինը ցույց տված վերաբերմունքից կանխագուշակել, թե երկա՞ր կդիմանա արդյոք այդ «մեծ երեխայի» ձեռքին: Թեև այդ նորատի կինը դեռևս մի կատարյալ հանելուկ էր ինձ համար, բայց լավ ճանաչելով նրա ամուսնուն, եզրակացությունս տխրառիթ էր: Մի կինլիներ նա Սառան թե մի ուրիշըկարող էր խղճալ, գուրգուրել և սիրել Գարեգինին այնպես, ինչպես մեծ քույրը փոքր եղբորը, բայց կապվել նրա հետ կանացի բոցոտ սիրով՝ անկարող էր, որովհետև Գարեգինն իր բոլոր պատվական առաքինություններով հանդերձ զուրկ էր կնոջ մեջ այդպիսի անվերապահ սեր հարուցանող բացասական առաքինությունիցարուի ամեն ինչ ընկճող, ամեն ինչ հպատակեցնող միահեծան կամքիցմի բան, որ բոլոր դրական բարեմասնություններից ավելի սիրում է կինը տղամարդու մեջ:

Մինչդեռ ես, այս խոհերին անձնատուր, դիտում էի այդ անհամապատասխան զույգը, Գարեգինը անհոգ ու երջանիկ, խոսում էր, հա խոսում, ջրաղացի չախչախի պես անդնջում:

Ու չնկատեցի, թե ինչպես արևն արդեն հանգցրել էր իր վերջին ճաճանչները, և մութը սկսել էր բարձրանալ երկրի կրծքից: Մի աներևույթ ձեռք կարծես գորշագույն շղարշ էր փռում քաղաքի վրա, և այդ շղարշը քանի գնում, այնքան թանձրանում էր: Եվ ահա այստեղ ու այնտեղ սկսեցին փայլփլել առաջին ճրագները սկզբում աղոտ, հետո քանի բարձրանում էր խավարը, ավելի ու ավելի պայծառ: Եվ մինչդեռ քաղաքն արագորեն սև էր հագնում՝ կորցնելով իր գծագրությունը, երկինքը դեռ երկար ժամանակ լուսավորված էր վերջալույսի մեռնող փայլով:

Շատ էի ուզում գեթ մի քանի րոպե մենակ մնալ Գարեգինի հետ, որպեսզի հարցուփորձ անեի Սառայի մասին, բայց այդ չհաջողվեց: Սառան շարունակ նստած էր մեզ մոտ, և եթե կարիք էր լինում հյուրասիրության վերաբերմամբ որևէ պատվեր տալու աղախնին, միշտ Գարեգինն էր գնում: Իսկ երբ, բավական ուշ, վեր կացա հրաժեշտ տալու, Սառան ևս եկավ մինչև դուռը ճանապարհ դնելու ինձ և ամուսնու հետ խնդրեց, որ շուտ-շուտ այցելեմ իրենց:

Բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես, հակառակ ցանկությանս, այլևս հնար չունեցա այցելելու նրանց: Մի քանի օրից մի անակնկալ շտապ գործով հեռացա Թիֆլիսից և ամբողջ ամառը, մոտ երեք ամիս բացակա էի: Այնուհետև երբ վերադարձա, առաջին գործս այն եղավ, որ տեսության գնացի բարեկամներիս: Բայց նրանց բնակարանը փակ գտա, և հարևաններն ինձ ասացին, որ նորապսակ զույգը դեռևս հունիսին մեկնել է քաղաքից հայտնի չէ ուր: Նոր հիշեցի, որ նրանք մտադիր էին ամառը մի ճանապարհորդություն կատարելու: Մի ամսվա ընթացքում նորից մի քանի անգամ գնացի Գարեգինի բնակարանը և միշտ էլ բացակա գտա նորապսակ զույգին: Գնացի պետական կալվածների տեղական վարչությունը, և այնտեղ ինձ ասացին, որ Գարեգինը պսակվելու օրից թողել է պաշտոնը և հայտնի չէ ուր է գնացել: Գնացի Սառայի հորանց տուն, որ նրանցից տեղեկանամ, թե ո՞ւր է չքացել նորապսակ զույգը և ե՜րբ կվերադառնան, բայց այնտեղ էլ այն միայն իմացա հարևաններից, որ Բաղիրյանը տնով-տեղով քոչել է Բաթում, պաշտոնով փոխադրվելով այնտեղի մաքսատուն:

Վերջ ի վերջո ստիպված եղա դադարեցնել որոնումներս և նույնիսկ գրեթե մոռացել էի բարեկամներիս, երբ բախտը նորից դեմ հանդիման բերեց մեզ իրար, բայց այս անգամ այնքան անակնունելի, այնքան տարապայման պարագաներում, որ այն, ինչ որ պատահեց, մինչև օրս էլ մղձավանջային մի ծանր երազ է թվում ինձ:

Սակայն առաջ չվազեմ և դեպքերը պատմեմ իրենց հաջորդականությամբ:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

1

Նոյեմբերի մի ցուրտ գիշեր, երբ, երեկոյան պաշտոնական աշխատանքս վերաջացնելուց հետո, վերադարձա տուն և մտա ննջարանս` գրական գործովս պարապելու (ննջարանս միշտ տաք էր, որի պատճառով այդտեղ էի փոխադրել գրասեղանս), ակամա կանգ առա զարմացած: Գրասեղանիս վրա վառվում էր լամպը: Մահճակալիս վրա երեսնիվեր պառկած էր մեկը և խռմփալով քնած էր: Վերմակը, ինչպես երևում էր, սկզբում ծածկել էր, բայց հետո, քնի մեջ, պատի կողմն էր գցել: Աջ ձեռքը կախ էր ընկել, մահճակալից ներքև: Ժիլետի կոճակները բաց էին, և տակից երևում էր սատինի կապույտ վերնաշապիկը, որի օձիքը կապվում էր կողքից: Բաճկոնը, մաշված աստառով, կախված էր մահճակալի գլխից: Գլխարկը, ուսանողական կապույտ երիզով, ընկած էր բաճկոնի տակ հատակի վրա: ճամփորդական երկարաճիտ կոշիկներից մեկը հագին էր, մյուսը երկարումեկ պառկած էր մահճակալի առջև: Աթոռի վրա ընկած էր ձմեռվա վերարկուն մազի օձիքով և մաշված աստառով, որի տակից տեղ-տեղ սպիտակին էր տալիս բամբակը: Սենյակի անկյունում դրված էր մի ահագին ճամպրուկ՝ թոկով կապկպած, ջարդված ու ճխլված:

Զարմանքը տիրել էր ինձ: Մոտեցա, որ լավ դիտեմ, թե ով կարող էր լինել այդ անկոչ հյուրը, որ այդպես ազատհամարձակ եկել տեղավորվել էր սենյակումս: Կարճ խուզած, բայց շատ խիտ և շատ սև ու փայլուն մազերով, ժամանակին չսափրած լիքը դեմքով և առատամազ հոնքերով, արծվաքիթ մի երիտասարդ էր, — բոլորովին անծանոթ մի դեմք: Դուրս գնացի խոհանոց, զարթեցրի ծառային և սկսեցի հարցուփորձ անել: Նրա քնաթաթախ կցկտուր խոսքերից այս միայն իմացա, որ անկոչ հյուրս եկել է կառքով, մթնշաղին, մի ուրիշ պարոնի հետ, այդ պարոնը հեռացել է նույն կառքով, իսկ հյուրս իր ճամպրուկով ուղղակի մտել է, իմ անունս է տվել, ուտելու բան է պահանջել և, ոչինչ չստանալով, հանվել պառկել է անկողնումս, պատվիրելով, որ երբ գամ, զարթեցնի:

Վերադարձա ննջարանս և սկսեցի նորից դիտել քնած հյուրիս դեմքը: Երկար ժամանակ հիշողությանս մեջ պրպտում էի ինձ ծանոթ հին, մոռացված դեմքեր, որպեսզի նմանություն գտնեի դրանցից որևէ մեկի և անկոչ հյուրիս միջև, բայց և այնպես քնածի դեմքը մնում էր բոլորովին անծանոթ:

Ու մինչդեռ կանգնած էի նրա առջև և ապարդյուն պրպրտումներ էի անում հիշողությանս մեջ, նա, բերանը բաց, շարունակում էր խռմփալ այնքան ուժգին, որ զարմանում էի, թե ինչպես էր, որ իր սեփական խռմփոցի ձայնը չէր զարթեցնում նրան: Երբեմն խռմփոցը կտրվում էր, և նրա թաց բերանից այնպիսի կերկերուն ձայներ էին դուրս գալիս, որ ինձ թվում էր, թե խեղդվում է.

Следующая страница