Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Ձեռքս կամաց տարա նրա ուսին ոչ այնքան նրան զարթեցնելու, որքան նրա անտանելի խռմփոցի ձայները կտրել տալու համար: Ձեռքիս շփումից նա հանկարծ մի կատաղի խռռոց արձակեց, լռեց, շարժվեց և աչքերը բանալով ուղղակի տնկեց վրաս խոր քնից հանկարծ արթնացածի խելագար հայացքով, հետո աչքերը ման ածեց այս ու այն կողմը և նորից բերեց տնկեց վրաս:

Մարգարյանն ես, չէ՞, — հարցրեց խռպոտ ձայնով:

Ոչինչ չպատասխանեցի: Այժմ, որ նրա աչքերը, — խոշոր, սև աչքերը, — բաց էին, ինձ թվաց, թե այդ դեմքը ծանոթ է ինձ:

Ոտները ցած դրեց մահճակալից և սկսեց հետաքրքիր հայացքով նայել աչքերիս:

Դե Միքայել Մարգարյանն ես, է՛լի, որ կաս, — ասաց դրական կերպով, կանգնեց, գրկեց ինձ և համբուրեց շրթունքներս: — Բայց այդ ի՞նչ է, արդեն ծերանո՞ւմ ես. մազերդ սկսել են սպիտակել:

Ներողություն... ես... — թոթովեցի նրա անսպասելի մտերմական վարմունքից շփոթված, դեռևս լավ չկարողանալով մտաբերել, թե ով է:

Պա՜հ, չես ճանաչո՞ւմ, — բացականչեց նա անկեղծ զարմանքով, — Թուսյանը չե՞մ, Ռուբեն Թուսյանը:

Սա...

Հա՜, հա՜, հենց ինքը Սատանի ճուտը. — իսկույն լրացրեց նա խոսքս:

Ձեռքս խփեցի ճակատիս: Նոր հիշեցի, որ մի ժամանակ, շատ տարիներ առաջ, դասընկերներ ենք եղել, և նա մեր ընկերական շրջանում այդ մականունով էր հայտնի իր շատ չարաճճի բնավորության և արարքների պատճառով:

Դե որ հիշեցիր, արի մեկ էլ պռոշտի անենք:

Ու, չնայելով խուսափումիս, որովհետև բերանից ծխախոտի ծանր հոտ էր փչում, նորից համբուրեց շրթունքներս և գնաց նորից նստեց մահճակալի վրա:

Դու այնքան փոխվել ես… — ասացի՝ մի բան ասած լինելու համար:

Տնաշեն, բա այսքան տարիների ընթացքում մարդ չի փոխվի՞... մանավանդ արևելցին, որ այսօր, տեսնում ես, մազ չկա երեսին, իսկ վաղն արդեն արջի պես մազակալել է. Դե ասա տեսնեմ ոնց ես, ոնց չես, ի՞նչ ես անում:

Ու առանց սպասելու, որ ասեմ, թե ոնց եմ, ոնց չեմ և ինչ եմ անում, հարցրեց,

Ժամը քանի՞սն է:

Նայեցի ժամացույցիս, տասնևմեկն էր:

Պա՜հո, քնել եմ է՞: Շնորհակալ եմ, սենյակդ տաք էր: Ճանապարհին շան պես մրսում էի: Հազիվ ջանս տեղն է եկել, Վլադիկավկազից սկսած բեռնակիր ֆուրգոնով եմ եկել, ոսկրներս սաղ ջարդուփշուր արեց:

Հորանջեց, ձեռքերը տարավ վզի ետևը, մատները հյուսեց իրար մեջ և ամբողջ մարմնով ճմլկոտաց այնքան ուժգին, որ մատների խաղերը և վզի ոսկորները ճրթճրթացին:

Այս անտեր մազոլն էլ հո հոգիս հանում է, — ասաց և, կոշիկն առնելով հատակից, սկսեց հագնել դեմքի ցավագին ծամածռություններով ու տնքտնքոցով, հետո վեր կացավ և կուզեկուզ եկավ կանգնեց առջևս:

Ինչ եմ ասում, Մարգարյան: Գիտեմ, շատ էլ սրտովդ չի լինի, բայց ուզես-չուզես՝ քո հյուրն եմ: Շատ չէ, մի քանի օր միայն, մինչև որ տանից պատասխան գա: Փողս այնպես հատել է, որ ոտներիցս կախես, մի սև գրոշ չի ընկնի գրպանիցս: Ոնց ուզում ես՝ հաշվիրՊետերբուրգից մինչև Թիֆլիս երեք տեղ պարտք եմ արել, մի տեղ էլ ոսկե ժամացույցս եմ գրավ դրել: Գնում եմ տուն: Հայրս մեռնում է, գրել էր, որ հոգուն վրա հասնեմ, ու փող չէր ուղարկել: Թե որ Սարումյանը չպատահեր, — հիշո՞ւմ ես, ինչքան էի լացացնում նրան դպրոցում, — թե որ նա չպատահեր, ստիպված պիտի լինեի փողոցում գիշերելու: Ասաց, թե տնփեսա է, հարմարություն չունի իր մոտ տանելու, մի խոսքով, գլխից ռադ արավ ու բերեց քեզ մոտ: Տեսնում ես, ես մեղավոր չեմ, թե նեղանալու ես, նրանից նեղացիր:

Ինչո՞ւ պիտի նեղանամ:

Դե ի՜նչ գիտեմ: Մի քիչ աներես մարդ եմ, գիտես, է՜լի: Նոր հո չես ճանաչելու: Սարումյանից փող ուզեցի, չտվեց, ասաց՝ չունի: Սուտ էր ասում սրիկան: Բայց ստիպված էր կառքիս փողը տալ:

Այս ասելով՝ մոտեցավ լվացարանին և սկսեց լվացվել: Երեսը սրբելիս եկավ նորից կանգնեց առջևս:

Հիմա գիտե՞ս ինչ կա, Մարգարյան, ես շան պես քաղցած եմ, քունս էլ հանել եմ: Մի քիչ որ բան տաս ուտեմ, հորդ հոգին արքայությունը կգնա:

Ասացի, որ սովորաբար չեմ ընթրում, ուստի ուտելու բան չունեմ տանը, այդ ժամին խանութներն էլ փակ են, որ ուտելու բան բերել տամ, և առաջարկեցի, որ եթե ուզում է, գնանք մոտակա ճաշարանը:

Ես կլուբ կուզեի, բայց վնաս չունի, կլուբը հեռու է, ժամանակն էլ ուշ է, երևի դու կուզես շուտ քնել: Գնանք ճաշարան:

Երեսսրբիչը շպրտեց աթոռի վրա, արագորեն կոճկեց ժիլետը, բաճկոնը հագավ, ծոցի գրպանից հանեց սանրը, մազերը, հոնքերն ու բեղերը սանրեց, աչքերով որոնեց, գտավ գլխարկը, թափ տվեց, ծածկեց, վերարկուն հագավ, ու դուրս եկանք:

2

Ճանապարհին առավ թևս և խոսում էր այնպիսի մտերմությամբ, որ կարծես ինձնից ավելի սրտակից բարեկամ չուներ: Ճիշտ է, մի ժամանակ դասընկեր էինք եղել, բայց այդ այնքան վաղուց էր, որ ես ոչ միայն իսպառ մոռացել էի նրան, այլև այժմ, որ նորից հանդիպել էինք իրար, ոչ մի կապ չէի զգում իմ ու նրա միջև: Եվ այդ էր պատճառը, որ նրա մտերմական վարմունքն սկզբում բավական տարօրինակ և նույնիսկ անախորժ էր թվում ինձ: Բայց հետո, երբ նրա բնավորությունն սկսեց կամաց-կամաց պարզվել ինձ համար, մի գիծ այդ բնավորության մեջթեև բացասականկարծես թե գրավեց ինձ. այդ գիծն այն էր, որ նա ցինիկի պես անկեղծ էր, լրբի պես համարձակ և երեխայի պես անփույթ: Ինձ թվում էր, թե նա ընդունակ էր և՜ ամենամեծ ցածությունը գործել, և՜ ամենամեծ առաքինությունը, և երկու դեպքումն էլ առանց իր արածի գիտակցությունն ունենալու, ինչպես մի մարդ, որ գործում է լոկ րոպեի ազդեցության տակ:

Գլխարկիցդ տեսնում եմ, որ ուսանող ես, ո՞ր մասնաճյուղն ես ուսումնասիրում, — հարցրի:

Բոլորը, այսինքն՝ էրոտիկականը, կոնծաբանականը, կարտյոժնիկականը, թատերական-ցիրկային-կուլիսականը, բորսայականը, տոտալիզատորականը և ուրիշ ի՞նչ նման ական ուզում ես, — շարեց իրար ետևից Թուսյանը, առանց բնավ ցույց տալու, թե կատակ է անում: Ասենք, կատակ անելիս էլ, լուրջ խոսելիս էլ նա միշտ միևնույն տոնով էր խոսում: — Ալս գլխարկս էլ որ տեսնում ես, — ավելացրեց նա, — շատ վաղուց է հրաժարական տվել ինձ, բայց հիմա, որ տուն եմ գնում, առել գլխիս եմ դրել, որ հորս ցույց տամ, թե դեռ ուսանող եմ, թե չէ՝ էլ մի քոռ կոպեկ էլ չի ուղարկի, որ աչքս կոխեմ, եթե, իհարկե, արդեն հոգոցն հանգուցելոց եղած չի լինի:

Լավ, էլ ինչո՞ւ ես նստել Պետերբուրգում, — շարունակեցի հարցուփորձս:

Որովհետև հեչ միտք չունեմ ճգնելու: Երբ որ կտեսնեմ մի ոտս արդեն գերեզմանումն է, նոր կգամ ձեր այս մեռելների աշխարհը հոգիս աստծու փայ անելու: Ահավասիկ, նայիր չորս կողմդ. դեռ կեսգիշեր էլ չկա, և փողոցն այնքան սուսուփուս է, որ կարծես ամեն մի տան մեջ մի մեռել կա: Եվ սա քո գովական Կովկասի մայրաքաղաքն է, հապա որ մեր գավառական օրհնյալ քաղաքը գաս տեսնես...

Ճաշարանը, ուր մտանք, բոլորովին դատարկ էր: Բուֆետչիկը համրիչն առջևը, ինչ-որ հաշիվներ էր անում, սպասավորներից մեկը քնած էր գլուխը սեղանի վրա դրած, մի ուրիշը, ոտները խաչաձև և անձեռոցիկն ուսին, մեջքը հենել էր պատին և բութ հայացքով նայում էր դռանը, ըստ երևույթին քունը հաղթահարելով:

Ահավասիկ քեզ մի ուրիշ ապացույց, որ ես ընկել եմ մեռելների աշխարհը, — ասաց Թուսյանն աչք ածելով ընդարձակ դատարկ սրահում, — ռեստորան, գիշեր և տորիչելյան դատարկություն, ոչ մարդ, ոչ մյուզիկ, ոչ ծխախոտի ծուխ: Հրաշալի է:

Նստեցինք սեղաններից մեկի մոտ, և Թուսյանն սկսեց ընթրիքի մասին պատվեր տալ ծուլաբար մոտ եկող սպսավորին, անդադար դիմելով ինձ, «Ես բիֆշտեքս կուտեմ, դո՞ւ: Կոնյակ չե՞ս խմի, ես մի բաժակ կկոնծեմ» և այլն: Կոնյակը կոնծեց մի ումպով: Մինչև բիֆշտեքս կբերեին, սառը մսեղենի վրա ընկավ քաղցած գայլի պես: Բիֆշտեքսն էլ լկշտացրեց, և դարձյալ մսեղեն պահանջեց: Եվ այդ բոլորը ջրեց մի շիշ կարմիր գինով: Հետո ծխախոտ պահանջեց և հրամցրեց, որ ես էլ ծխեմ: Հրաժարվեցի, որովհետև չէի ծխում:

Ի՞նչ տեսակ մարդ ես, — ասաց, — ոչ ծխում ես, ոչ խմում, ոչ էլ կարգին հաց ուտում, քեզ հետ քեֆ անել չի կարելի:

Դանակով ծեծեց գինու դատարկ շիշը և պատվիրեց, որ մի շիշ էր բերեն:

Կուզե՞ս ասեմ այս րոպեիս ինչ ես մտածում, — ասաց, տեսնելով, որ ես սուսուփուս նստած դիտում եմ իրեն:

Ի՞նչ,

Մտածում ես. «էս հարամզադեն համ ի՜մ հյուրն է, համ էլ ինքն է բաներ պահանջում, որ զահրումար անի»: Չէ՞:

Ծիծաղեցի:

Տեսնում ես, չսխալվեցի, — վրա բերեց Թուսյանը լուրջ: — Ինչ ուզում ես՝ ասա, անմիտ սովորություններով լի է մեր կյանքը: Այդպիսի սովորությունների կարգը պիտի դասել անշուշտ մի կողմից հյուր լինելու, մյուս կողմից հյուր պատվելու ցերեմոնիաները. Մի կողմից՝ չեմ ուզումջիբս դիր, մյուս կողմից, անուշ արաքթովդ դուրս գա: Կեղծիք է, չէ՞: Իսկ կեղծիքն ինձնից ավելի կատաղի թշնամի չի կարող ունենալ: Մի բան, որով կարող եմ պարծենալ, այդ այն է, որ ոչ ոքից և ոչ մի բանից չեմ քաշվում, որովհետև քաղաքավարությունը, համեստությունը, ամոթը և այլ նման, այսպես կոչված, առաքինությունները քողարկված կեղծավորություն եմ համարում, որ մարդիկ հնարել են իրենց վատ ներքինը ծածկելու համար, ինչպես աղբակույտը ծածկես թավշյա ծածկոցով: Տկլոր երեխան գլխիգլոր է գալիս, ցուցահանելով իր բոլոր հրաշալիքներն առանց ամաչելու: Ինչո՞ւ: Որովհետև, — կասեիր դու, — նրա մեջ դեռ չի զարթել ամոթի զգացումը: Իսկ ես կասեմ՝ որովհետև նրա հոգին դեռևս չի ապականվել: Ապականված հոգին է միայն, որ ամոթ է զգում:

Դու այդ աֆորիզմները ո՞րտեղից ես վերցրել, — նկատեցի ես ժպտալով:

Մի ձեռքով գինու բաժակը մոտեցնելով շրթունքներին, մյուսով մատնանշեց իր ճակատը, ասել ուռելով, թե իր սեփական գլխից:

Գիտե՞ս ինչ կա, Մարգարյան, — ասաց բաժակը դատարկելուց հետո մի կտոր հաց ու պանիր գցելով բերանը, — երբեմն լավ է, որ մարդ զոռ է տալիս խելքին, շատ անգամ այնպիսի բաներ է գտնում այս անտերի մեջ, որ զարմանալի: Հետո, դու նկատե՞լ ես, որ մարդիկ խմելիս միշտ փիլիսոփա են դառնում: Ես թեև շատ էլ չեմ սիրում փիլիսոփայությունն առհասարակ, իբրև «пленнoй мысли раздражени», ինչպես ասում է բանաստեղծը, բայց և այնպես ինքս մասամբ փիլիսոփա եմ, այսպես ասած՝ Էպիկուրյան կարգի փիլիսոփաներից: Եվ իմ այդ կարգի փիլիսոփայական ուղեղով ես հսկայական հիմարներ եմ համարում առհասարակ այն մարդկանց, որոնք ներկան զոհում են ապագայի համար: Մի ընկեր ունեի ուսանողներից՝ չափազանց ջանասեր և իր կեղևի մեջ պինդ փակված, ինչպես անպետք մի տխիլ, որ ատամով չի կոտրվում, գրպանում որ մի մանեթ ունենար, մորթեիրմի կոպեկ չէր ծախսի, ասում էր՝ վաղը քաղցած կմնամ, բայց մոռանում էր, որ այսօր քաղցած է մնում: Իսկ ես, ընդհակառակը, այսօր ինչքան փող ուզում ես դիր գրպանս, վաղը կտեսնես մի կոպեկ չկա: Քերականության միջից պետք է ջնջել ապառնի ժամանակը: Ապագա չկա, որովհետև անհայտ է, իսկ ինչ որ անհայտ է, այդ մասին մտածելն ու հոգալը բնականաբար հիմարություն է: Վաղվան մասին մտածում են վախկոտները, այսինքն նրա՜նք, որոնք վստահություն չունեն իրենց ուժերի վրա:

Նորից լցրեց իր բաժակը և, տեսնելով, որ իմը դեռ լիքը դրված է առջևս, բացականչեց.

Տո՜, խմիր, է՛: Չլինի՞ դու էլ իմ ասած վախկոտներիցն ես. վախենում ես հարբես և վաղն անպետք դառնաս գործի համար:

Շատ ճիշտ գուշակեցիր, — նկատեցի ես ժպտալով: Բաժակը, որ արդեն մոտեցրել էր շրթունքներին, նորից դրեց սեղանի վրա և դարձավ ինձ շատ լուրջ տոնով.

Լսիր, Մարգարյան: Թեև ինձնից քեզ խրատ չի հասնի, բայց և այնպես խորհուրդ կտամերբեք չմտածես վաղվա մասին: Այլապես ամբողջ կյանքդ կթունավորես: Ի՞նչ է կյանքը: Կամ, ավելի ճիշտ ձևակերպենք, ի՞նչ պետք է լինի կյանքը այն դժբախտ մահկանացուի համար, որի անունն է մարդ րոպեական հաճույք և հաճոյական րոպեների մի շարահար շղթա, մինչև որ կգա անխուսափելի սահմանը, որից դենն արդեն Նիրվանայի թագավորությունն է: Է՜հ, երբ որ ներկա րոպեի հաճույքը վանում ես քեզնից ինչ-որ անհայտ վաղվան հաշիվներով, էլ ի՞նչու ես ապրում: Այդպիսով իբր թե խոհեմությամբ, — ա՜յ մի բան, փայտի պես բութ ու անհամ, որ ատելով ատում եմ, — իբր թե խոհեմությամբ, բայց իսկապես վախկոտությամբ, միշտ էլ չես անի ա՜յն, ինչ որ թելադրում է սիրտդ, մարդկային բնույթը, միշտ կզսպես քեզ ժլատ մարդու պես, իսկ հետո մեկ էլ տեսար չկաս, Նիրվանա: Այդպիսի կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի անվերջ մեծ պաս առանց զատկի: Մահվան գաղափարը խելացի մարդու համար մեծ խթան պետք է լինի ամեն բան անելու, այսինքն այն ամենը, ինչ որ կարող է հաճույք պատճառել: Այսօր թե վաղը պետք է մեռնեմ, չէ, էհ, երբ որ այդպես է, ինչո՞ւ չօգտվեմ կյանքից, ինչո՞ւ չանեմ այն, ինչ որ սիրտս ուզում է, և ինչ որ կարող եմ անել այս րոպեին: Ես դեռ կանեմ, հետո հերն անիծեմ, ինչ ուզում է, թող լինի: Սա անարխիա է, կասես, ոչ, սա ինքը կյանքի փիլիսոփայությունն է: Հին փիլիսոփաների մեջ ամենից խելոքը, իմ կարծիքով, Էպիկուրն էր խլի՜ր կյանքիցս ա՜յն ամենը, ինչ որ հաճույք կարող է պատճառել քեզ և ոչ մի բանի մասին մի մտածիր: Այս է՝ աստված լուսավորի նրա հոգին:

Եվ Թուսյանը դատարկեց գինու բաժակը:

Բայց դու մոլորության մեջ ես, — այլևս չկարողանալով համբերել, նկատեցի ես: — Էպիկուրն այդպիսի բան չի քարոզել: Դու միայն կրկնում ես տարածված ընդհանուր սխալ կարծիքը նրա վարդապետության մասին, մի կարծիք, որի աղբյուրը ստոիկների զրպարտությունն է: Ինչպես հայտնի է, ստոիկները Էպիկուրի հակառակորդներն էին և ամեն տեսակ ափեղցփեղ բաներ էին տարածում նրա վարդապետության մասին, որպեսզի վարկաբեկեն նրան:

Ի՞նչպես, — զարմացավ Թուսյանը:

Այ ինչպես: Եթե դու քիչ թե շատ հետաքրքրված լինեիր փիլիսոփայության պատմությամբ, կտեսնեիր, որ քո հավանած այդ փիլիսոփան ճիշտ հակառակն էր քարոզում այն բանին, ինչ որ դու ես դավանում և անում: Ամենից առաջ պետք է իմանաս, որ Էպիկուրը շատ սակավապետ մարդ էր, գործ էր ածում ամենահասարակ կերակուր և խմում էր միմիայն ջուր: Այն այգու մուտքի վրա, ուր նա հավաքում էր իր բարեկամներին, այսպիսի մակագրություն կար, «Ո՞ւզում եք հաճելի ժամանց ունենալմտեք այստեղ, ուր կգտնեք գարու հաց և աղբյուրի մաքուր ջուր»: Իսկ դու այնպիսի խորտիկներ ես ուտում և առհասարակ այնքան ես ուտում ու խմում, որ քիչ է մնում ինձ էլ կուլ տաս: Այդ մարմնական ֆիզիկականը: Իսկ հոգեկան-բարոյականը...

Հոգուդ սատկեմ, Մարգարյան, սպասիր, — հանկարծ ամբողջ կրծքով առաջ նետվեց Թուսյանը, — էքստրա քո կենացը խմեմ շատ տեղին նկատողությանդ համար: Ճիշտ է, թեև ուտել-խմելս մի քիչ թանկ կնստի քեզ, բայց պետք է ներես հանուն մեր հին բարեկամության նորոգման:

Այս ասելով, բաժակը նորից լցրեց, խմեց մինչև վերջին կաթիլը, լեզուն ծլմփացրեց և, արմունկներով հենվելով սեղանին, աչքերը տնկեց աչքերիս:

Այդ մարմնական-ֆիզիկականը, հետո՞:

Ինչ վերաբերում է հոգեկան-բարոյականին, այսինքն նրավարդապետության էականին, — շարունակեցի ես, — , ճիշտ է, Էպիկուրը ստոիկներին հակառակ, պնդում էր, թե երջանկությունը հաճույքի մեջ է, բայց ամեն մի հաճույք ճաշակելուց առաջ ամենախիստ քննության էր ենթարկում հավանական հետևանքը, որովհետև, ասում էր, կան հաճույքներ, որոնց հետևանքը դառն է լինում: Այ, օրինակ, այս րոպեին, ինչպես տեսնում եմ, որ դու հաճույք ես զգում, գինի խմելուց, բայց գիտեմ, դու էլ գիտես, որ վաղը ամբողջ օրը տրամադրությունդ շատ վատ պետք է լինի:

Ի՞նչ, գլխի ցավ և ա՞յլն: Անհոգ կաց, այդ կողմից ես ապահովագրված եմ, որովհետև վաղուց է, որ խմելը սովորություն եմ դարձրել:

Այդ ավելի վատ: Եթե ամեն մի հաճույք սովորություն ես դարձրել, ուրեմն հաճույքները կորցրել են քեզ համար իրենց նպատակըքաղցրությունը կամ, ինչպես Էպիկուրն էր ասում, երջանկությունը: Հենց այդ նպատակը պահպանելու և ուժեղացնելու համար էր, որ Էպիկուրը քարոզում էր ժուժկալություն, — և ոչ թե անսահման սանձարձակություն, ինչպես դու ես հասկանում, — որովհետև հայտնի է, որ պահեցողությունից և ինքնազսպությունից հետո հաճույքի քաղցրությունն ավելի ուժեղ է լինում: Ավելի վաղը քան թե այսօր, ավելի ապագան, քան թե ներկա րոպեն, — ահա՜ Էպիկուրի վարդապետության իսկական իմաստը, այսինքն քո դավանանքի ճիշտ հակառակը:

Հե՜րն անիծեմ, — բացականչեց Թուսյանը, — կարծում ես՝ կվիճե՞մ: Չեմ վիճի: Բայց և այնպես թույլ տուր ասե՜մ, որ ես չհավանեցի և չեմ կարող հավանել քո Էպիկուրին, որովհետև որտեղ խոսք կա ժուժկալության, պահեցողության և ինքնազսպողության մասին, այնտեղ մղդսիության հոտ է փչում, իսկ մղդսին ու մղդսիությունն ինձնից ավելի մեծ թշնամի չեն կարող ունենալ: Ուրեմն, չնեղանաս, Մարգարյան, չնայելով բոլոր պերճախոս բացատրություններիդ և հերքումներիդ, ես մնում եմ դարձյալ իմ Էպիկուրի հետ և նորից խմում եմ նրա ողորմաթասը:

Արդեն արբած էր, բայց շարունակում էր խմել, ըստ երևույթին, ոչ թե նրա համար, որ ուզում էր, այլ որովհետև, ինչպես ասաց, սովորություն էր դարձրել: Խմում էր ու ծխում, ծխում էր ու խմում և ոչ մի րոպե դադար չէր տալիս լեզվին: Համբերությամբ սպասեցի, մինչև որ մի շիշն էլ դատարկեց, հետո պատվիրեց, որ վճարեմ, և, վերջապես դուրս եկանք ճաշարանից:

Հիմա գիտե՞ս ինչ, Մարգարյան, — ասաց թևս առնելով և ոտներն ու լեզուն մի քիչ շաղելով: — Ես ախր սովոր եմ լուսացնելու, բայց դու, ինչպես տեսնում եմ, պուրիտանական բնավորության տեր մարդ ես: Եթե այդպես չլիներ, կառաջարկեի, որ այսքան ուտել-խմելուց հետո մի, այսպես ասած, էքսկուրսիա կատարեինք դեպի...

Ես թույլ չտվի, որ խոսքը վերջացնի, և հանգիստ, բայց լուրջ ու կտրուկ եղանակով ասացի, որ մենք էքսկուրսիա ենք կատարում դեպի տուն, ուր նա այնքան ուտել-խմելուց հետո հանգիստ կպառկի կքնի:

Տանը անկողին պատրաստեցի ընդունարանումս: Բայց նա դեռ երկար ժամանակ ինձ հանգիստ չտվեց իր արբածի անվերջ շատախոսությամբ:

3

Առավոտյան վեր կացավ բավական ուշ և երկար ժամանակ լվացվում էր ու մաքրվում: Թեյից առաջ կոնյակ պահանջեց և նախաճաշում էր նախանձելի ախորժակով: Այնինչ ես արդեն բավական ուշացել էի գործից և վեր կացա, որ գնամ: Հայտնեցի, թե երբ և որտեղ եմ ճաշում, և ասացի, թե կարող է գալ ինձ մոտ, միասին կճաշենք:

Այդ իր կարգին, — ասաց: — Բայց այս րոպեին ինձ փող է հարկավոր: Նախ ուզում եմ հեռագիր տամ տուն, որ փող փոխադրեն, թե չէ՝ Թիֆլիսից ոտս դուրս դնել չեմ կարող, երկրորդ՝ պետք է բաղանիս գնամ, որովհետև ճանապարհին շատ եմ փոշոտվել, և երրորդ՝ պետք է արտաքինս մի քիչ Կարգի գցեմ, թե չէ՝ սրանով մարդամեջ երևալ չի կարելի:

Եվ նա ցույց տվեց իր հագուստը, որր ցերեկվա լույսի տակ շատ խղճուկ տպավորություն էր գործում:

Ասենք, ինձ շատ փող հարկավոր չէ, — ավելացրեց նա. — մի տասը-տասնհինգ ռուբլի որ տաս, բավական կլինի, պետք է մի կամ մի զույգ շապիկ և մի փողկապ առնեմ, ուրիշ ոչինչ, իսկ չեմոդանումս մի քիչ օրինավոր հագուստ կա, մի վախենա:

Տվի պահանջած գումարը և դուրս եկա, թողնելով նրան վերջացնելու իր նախաճաշը:

Ճաշին սպասում էի նրան ժամադրավայրում, բայց չերևաց և այդ օրը գիշերն էլ տուն չեկավ: Ծառան պատմեց, որ առավոտյան իմ գնալուց հետո նա էլ շուտով դուրս էր գնացել, հետո մի քանի ժամից վերադարձել, հագուստը փոխել ու նորից դուրս գնացել: Երկրորդ օրն էլ չերևաց: Երևաց միայն երրորդ գիշերը շատ ուշ, երբ ես տանս նստած դեռ պարապում էի:

Արտաքուստ բոլորովին կերպարանափոխվել էր: Հագած էր շատ լավ կարած սև բաճկոն շատ լավ կտորից, գունավոր փայլուն ժիլետ և փայլուն կոշիկներ սուր քթերով և կոճակներով: Շապիկը նոր էր, շատ բարձր, փղոսկրի պես փայլուն օձիքով և արյան պես կարմիր փողպատով, որի բարձիկի վրա շողշողում էր մի, ըստ երևույթին, իսկական ադամանդ: Կարճ խուզած չափազանց սև ու փայլուն մազերը բաժանված էին կողքից անգլիական ձևով, իսկ մաքուր սափրած մսեղ երեսի կաշին պլպլում էր սոխի կճեպի պես: Ուսանողական խունացած գլխարկի տեղ ծածկել էր մոխրագույն մորթե գլխարկ՝ մեջտեղից ծալված, բայց վերարկուն նույնն էր:

Իսկույն նկատեցի, որ խմած է:

Ամենից առաջ հարցնեմ, — ասաց, վերարկուն հանելով, — հեռագրիս պատասխանը չկա՛:

Վերցրի տվի պատասխանը, որ ստացվել էր դեռևս նախորդ օրը:

Բաց արեց, լուռ կարդաց և հանգիստ գցեց գրասեղանի վրա:

Աչքդ լույս, — ասաց, — հայրս այլևս միտք չունի մեռնելու, հետևապես կարիք չկա շտապելու, իսկ փողը աստված կտա: Իր գավառական խելքով մտածել էհալա հո բերել եմ Թիֆլիս, այնտեղից երևի մի քանի մանեթ կճարի կգա, ու, որ եկավ, ոտները կկապեմ վեր կգցեմ խանութումս, որ վաշխառուական դավթարներս պահի: Գիտե՞ս քանի տոկոս է առնում և քանի քյասիբի է աղի արցունքով ճամփու դրել... Ես ինքս, ազնիվ խոսք եմ ասում, գրեցի լրագրում, իհարկե, կեղծ ստորագրությամբ: Շատ դես ընկավ, շատ դեն ընկավ, որ գտնի թղթակցին, բայց որտե՜ղ: Տիպ եմ ասում է՛: Հայրս է, բայց աստված հեռու պահի ամեն մի որդու այդպիսի հայրերից: Ես ինքս էլ, իհարկե, մի բարի պտուղ չեմ, բայց փողի համար այդպես հոգի տալայդ ես ուղղակի չեմ հասկանում: Գիտե՞ս որքան էր նրա ուղարկած փողն ինձ Պետերբուրգ. — երեսուն ռուբլի կամ երեսուն անգամ հարյուր կոպեկ: Դե արի Պետերբուրգի պես մի տեղում ապրիր կոպեկներով:

Մի ծխախոտ հանեց, վառեց լամպի վրա և նստեց դիմացս, գրասեղանի մոտ:

Այդ թող և ինձ ասա, ո՞րտեղ էիր երեկ և ո՞րտեղ գիշերեցիր, — հարցրի:

Սարումյանի տանը, այսինքն նրա կնոջ տանը, որովհետև չէ որ նա տնփեսա է: Ճաշին գնացի նրանց մոտ, հետո երեկոյան կլուբ գնացինք,այնտեղ էլ ընթրեցինք և գիշերն արդեն ժամը երկուսն էր, որ դուրս եկանք: «Այս ժամին ո՞ւր գնամ, — ասում եմ. — Մարգարյանին չեմ ուզում անհանգստացնել, քեզ մոտ պետք է տանես ինձ»: Շատ էլ չէր ուզում, բայց ի՞նչ կարող էր անել:

Ինչո՞ւ չէր ուզում:

Չգիտեմ, վախենում է կնոջից, թե խանդոտ է: Կնոջը տեսե՞լ ես: Մի քիչ ջահել չէ, բայց վնաս չունի... ասող խոսող, կրակոտ: Ուրախությամբ համաձայնեց, որ գնամ իրենց մոտ: Ֆլիրտից-բանից կարող էր լինել, բայց դե մարդը շարունակ ցցված էր մոտներս: Այսօր էլ նրանց մոտ ճաշեցի: Իսկ հիմա գալիս եմ ուղղակի առանձին կաբինետից...

Բայց դու փող չունեիր:

Գիշերը խաղացի կլուբում և մի վաթսուն ռուբլու չափ տարա:

Առանց փողի՞:

Ինչո՞ւ առանց փողի, քո տված տասնհինգ մանեթից դեռ մի քանի կոպեկ մնացել էր գրպանումս. — հեգեց Թուսյանը: — Մարդը նա է, Մարգարյան, ով քեֆ է քաշում առանց փողի, թե չէ փողով անդամալույծներն էլ պար կգան: Ես միշտ փող ունեցել եմ և միշտ էլ չեմ ունեցել, որովհետև ունեցածս իսկույն ծախսել եմ կամ բաժանել կարիքավոր ընկերներիս: Չունեցածս ժամանակ խաղացել եմ և համարյա միշտ էլ տարել: Կանանց վրա էլ ոչ մի կոպեկ չեմ ծախսել: Միայն այս գիշեր, որովհետև այստեղ օրինավոր ծանոթություններ չունեմ, տարածս վաթսուն ռուբլու մի մասը հալվեց առանձին կաբինետում: Քամին բերեց, քամին էլ տարավ: Մեզ էլ քամին է բերել, քամին էլ կտանի: Մտածելու պետք չկա: Ու դարձյալ գալիս ենք Էպիկուրյան վարդապետության... ներողություն, ի՜մ Էպիկուրյան և ոչ քո: Համենայն դեպս, դու կարող ես միանգամայն հանգիստ լինելքո տված տասնհինգ ռուբլին կորած տեղ չէ: Չտամ էլ, վնաս չունի:

Տեսա, որ տրամադիր է երկար խոսելու, ուստի առաջարկեցի, որ գնա քնի:

Որ չխանգարեմ, գրես: Հնազանդվում եմ, — ասաց և վեր կացավ: Առաջնորդեցի նրան հարևան սենյակը անկողին պատրաստելու:

Առավոտյան ինձնից վաղ էր վեր կացել և տեղավորում էր ճամպրուկը:

Այսօր ուզում եմ գնալ, — ասաց: — Թեև հեռագիրն ստանալուց հետո ուզում էի վերադառնալ Պետերբուրգ, բայց մեկ էլ մտածեցի, որ չարժե կոնֆլիկտ ստեղծել: Շուն է, թե գելհայրս է: Բացի սրանից, քանի գրպանումս փող կա, պետք է օգտվել, թե չէ կարող եմ էլի առանց ճանապարհածախսի մնալ:

Ճամպրուկից դուրս էր թափվել ինչ-որ գրքեր ու թղթեր, որ այժմ տեղավորում էր հագուստի հետ միասին: Թղթերի միջից ջոկեց մի տետրակ և տվեց ինձ:

Այս թողնում եմ քեզ մոտ, — ասաց. — կարդա, թե հավանես, տպիր լրագրումդ, թե չէ վերադարձիս ետ կտաս:

Ի՛նչ է այս, — հարցրի:

Մի պատմվածք: Անցյալ տարի մտադրվել էինք մի ալմանախ հրատարակել ուսանողական ֆոնդի օգտին, վերցրի գրեցի այդ, բայց գործը գլուխ չեկավ, և գրվածքս այդպես էլ մնաց: Կարծեմ վատ չեմ գրել, որ կարդաս, կհավանես:

Տետրակը պահեցի մոտս, խոստանալով, որ կկարդամ, թեև առաջ վճռեցի, որ մի հիմար բան կլինի գրածը, ինչպես շատ դիլետանտների գրվածքներ:

Որովհետև մեկնելու էր մի-երկու ժամից, ուստի հրաժեշտ տվի հենց տանս և գնացի գործիս: Բայց ճաշից հետո որ տուն դաձա, տեսա չի գնացել, որովհետև ճամպրուկը, առանց իրեղենները տեղավորելու, հենց այնպես էլ թողել էր բաց: Մտածեցի, որ թերևս որոշել էր գիշերվա գնացքով գնալ:

Թեև բնավ ցանկություն չունեի նրա գրվածքը կարդալու, բայց այժմ ստիպված էի կարդալ, որովհետև գիտեի, որ տուն գալուն պես՝ պիտի հարցներ՝ կարդացե՞լ եմ թե ոչ և, եթե կարդացած չլինեի, պիտի ստիպեր, որ կարդայի, կամ ինքը պիտի կարդար և ինձ էլ պիտի ստիպեր, որ լսեի: Ուստի այդ երեկո քանի չէր եկել, նստեցի և կարդացի:

Կարդացի և...

Այստեղ արտագրում եմ Թուսյանի տետրակը:

4

ՍՊԱՆՎԱԾ ԱՂԱՎՆԻՆ

Պատմվածք

Ռուբեն Թուսյանի

Բարեկամս, որ ինքն էլ չգիտե, թե ինչ է ինքըմի սրիկա՞, թե շատ սովորական մի մարդ, որոնցով լիքն է աշխարհսմի անգամ հետևյալը պատմեց մեր ընկերական շրջանում իր կյանքից:

Սրանից մի քանի տարի առաջ, ամառը, օգտվելով արձակուրդից, հյուր էի գնացել հորեղբորս մոտ ամառանոց: Հետս տարել էի հրացանս և շունս: Որս անել շատ էի սիրում: Առավոտները վաղ վեր էի կենում, գնում անտառը ամբողջ ժամերով թրև գալիս և մի ծիտ անգամ չէի գտնում, որ սպանեմ: Դե ամառանոց, հազար ոտ էր ման գալի, բոլոր կենդանիները փախել էին: Հետո ասացին, որ մի հինգ-վեց վերստի վրա մի լիճ կա, ուր վայրենի բաղեր շատ են լինում: Այնուհետև գնում էի այդ լիճը որս անելու: Ճանապարհս անտառի միջովն էր:

Մի առավոտ, երբ անցնում էի այդ անտառով, եղևնու մի հսկայական ծառի վրա մի կտցահար նկատեցի: Հենց այնպես, որպեսզի մի բան սպանած լինեի, հրացանս նշան դրի և արձակեցի: Չիմացա՝ դիպա՞վ, թե ոչ, որովհետև հրացանիս տրաքոցն ու մի սարսափելի ճիչ բարձրանալը մեկ եղավ: Նույն վայրկյանին մեկը դուրս թռավ ծառի տակից: Մի աղջիկ էր, որին չէի նկատել ծառի հաստ բնի ետևը: Գլխաբաց էր, բայց տաք վերարկու ուներ հագին, — օդը դեռևս բավական ցուրտ էր: Գլխարկս վերցրի և ներողություն խնդրեցի: Կանգնած էր անշարժ, ձեռքը կրծքին, ինձնից մի տասը քայլ հեռու: Դեմքը մեռելի գույն էր ստացել, նայում էր ինձ անթարթ ահագին աչքերով և ամբողջ մարմնով դողում: Նկարիչն ավելի լավ մոդել չէր կարող գտնել կենդանի սարսափը նկարելու համար: Նորից ներողություն խնդրեցի: Ոչ մի խոսք չարտասանեց: Մոտեցավ ծառին, խոտի մեջ ինչ-որ որոնեց գտավ, — գիրք էր, — դրեց թևի տակ, ձեռքով ետ քաշեց երեսին ընկած մազերի խուրձը և հանդիսքայլերով հեռացավ:

Հետևյալ առավոտյան, երբ անցնում էի նույն տեղով, նստած էր նույն ծառի տակ, գիրքը ձեռքին: Բարևեցի: Չպատասխանեց, Անցա: Հետո ետ դարձա և, հրացանս դիմհար տալով, կանգնեցի նրանից մի տասը քայլ հեռու, ուղղակի նրան դեմ առ դեմ: Շունս մոտ վազեց նրան և սկսեց հոտոտել նրա վերարկուն: Նա քշեց շանս, հոնքերը կիտած, բայց ոչ բարկացած, նայեց ինձ և հարցրեց,

Ի՞նչ եք ուզում:

Ուզում եմ, որ ներեք, — ասացի:

Ի՞նչ բանի համար:

Որ երեկ վախեցրի ձեզ:

Բայց հո չգիտեիք, որ ես նստած եմ այստեղ:

Ճիշտ է, բայց և այնպես... Շատ անհանգիստ էի. մտածում էի, որ վախից կարող էիք հիվանդանալ:

Հետո ձե՞զ ինչ:

Ի՞նչպես թե ինձ ինչ. Չէ՞ որ պատճառը ես կլինեի: Կարճ ժամանակ նայեց ինձ զարմացած, հետո ուսերը թոթվեց տարակուսանքով և գլուխը նորից կախեց գրքի վրա, առանց այլևս ոչ մի խոսք արտասանելու. ըստ երևույթին, ուզում էր հասկացնել, որ հանգիստ թողնեմ իրեն և հեռանամ: Բայց ես համառորեն կանգնած էի նրա առջև և ակամա հիանում էի, դիտելով նրա գեղեցիկ գլուխը շատ հարուստ, փափուկ ու փայլուն մազերով, որոնք նոր ծագած արևի թեք ճառագայթների տակ բազմազան երանգներ էին ընդունում, ինչպես փոքրիկ երեխաների թավշյա մազերը:

Այստեղ նայեցեք, — ասացի, տեսնելով, որ գլուխը չի ուզում գրքի վրայից բարձրացնել:

Նայեց:

Ճակատս դրի հրացանիս փողի ծայրին, իսկ ոտս շնիկի վրա:

Եթե չներեք, — ասացի, — այս րոպեին գանգս ցրիվ կածեմ:

Այս ասելս ու նրա տեղից վեր թռչելը մեկ եղավ:

Գժվե՞լ եք, ինչ է, — աղաղակեց գունատվելով:

Ներո՞ւմ եք, թե ոչ, — համառորեն պնդեցի ես:

Ի սեր աստծո, դեն կորցրեք այդ հրացանը, ներում եմ, — արագ-արագ արտասանեց նա:

Շնորհակալ եմ: Այժմ հանգիստ կթողնեմ ձեզ, — ասացի, շվացրի շանս ու հեռացա:

Բավական տեղ գնալուց հետո ետ նայեցի: Նա դեռևս կանգնած էր նույն դրության մեջ ողողված վաղորդյան արևի ոսկեհուռ ճաճանչներով, որոնք ծառերի բների արանքից հազարավոր լուսեղեն ժապավեններ էին փռել դեպի անտառի խորքը, մեջ ընդ մեջ խառնված զուգահեռ ստվերներով: Ցողի կաթիլները թարմ խոտի վրա պսպղում էին լուսատտիկների պես. կարծես կախարդական մի ձեռք անփույթ ու շռայլ անթիվ գոհարներ էր ցանել չորս կողմը:

Следующая страница