Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Իսկ այդ վախճանը մոտենում էր, սկզբում թեև դանդաղ ու երերուն, բայց հետզհետե ավելի ու ավելի արագ և հաստատուն քայլերով:

Ամենից առաջ քաղաքային դուման, բանկը, կլուբը, ակցիոներական ընկերություններըայդ բոլորը հօդս ցնդեցին, ինչպես երազներ, և Դավիթ Ֆոմիչը զգաց իրեն ինչպես ջրից ցամաք նետված ձուկը: Հետո աստիճանաբար եկան հօդս ցնդելու նրա անձնական սեփականությունները. նախ ազգայնացվեց սապոնի գործարանը, հետո՝ հյուրանոցը, հետո մի տունը, հետո՝ երկրորդը, երրորդ տունը և ամենից վերջը հերթը հասավ այն տանը, ուր ապրում էր ինքը և մենքբակի կենողներս:

Այս տան վրա նա պետք է որ ամենից ավելի դողալիս լիներ, որովհետև այստեղ իր բնակարանի միմիայն կահավորանքը մի ահագին հարստություն էր, որի գոնե մի մասը չէր կարողացել կամ չէր ուզեցել որևէ տեղ պարտկել: Սենյակներից մեկի պատի մեջ պարտկել էր միայն տան մեջ ունեցած ամենաթանկագին մանր-մունր իրեղեններըոսկեղենը և արծաթեղենը, որը ինչ-ինչ պատճառներով չէր կարողացել ընտանիքի հետ ճամփել արտասահման: Այս բանը բացվեց նրա մահից հետո տան մեջ կատարված վերանորոգման ժամանակ:

Սապոնի գործարանը, հյուրանոցը, մյուս տները ազգայնացվելուց հետո ուզեց փրկել գեթ այս վերջին տունը և ուրիշ ճար չգտնելով՝ դիմեց գլուխը հողի մեջ թաղող ջայլամի «խորամանկության», դրա համար ամենից առաջ պոկեց իր շքադռան վրա փակցված երկաթե տախտակը, որի վրա ոսկե տառերով փորագրված էր իր անուն-ազգանունը, հետո քանդեց այդ դռան էլեկտրական զանգակի կոճակը, դուռն էլ պինդ փակեց և ներս ու դուրս էր անում բակի դռնից: Դեպի փողոց նայող բոլոր պատուհանների տախտակե փեղկերը գիշեր-ցերեկ փակ էր պահում: Արձակել էր տան բոլոր ծառայողներին: Ցերեկը երբեք տանը չէր մնում, առավոտյան վաղ դուրս էր գալիս, գնում հայտնի չէ ուր և վերադառնում ուշ գիշերին: Առանց այն էլ բրոնզի գույն ունենալով, նրա դեմքը միանգամայն դեղնել էր, կնճիռները փափկել կախ էին ընկել, շապոն այլևս ծուռ չէր դնում, այլ աչքերի վրա վար թողած, իսկ մատանիները չքացել էին մատներից, բայց ձեռնոցները և ձեռնափայտ կրում էր առաջվա պես: Առաջ էլի պատահում էր, որ բակի կենողների կամ ծանոթների հետ հանդիպած ժամանակ կանգնում խոսում էր, բայց այժմ հազիվ միայն լուռ բարևում էր և անցնում գնում:

Վերջ ի վերջո այդ տունն էլ ազգայնացվեց ընդհանուր կարգով, և Դավիթ Ֆոմիչի ընդարձակ բնակարանում եկավ տեղավորվեց մի՝ ինչ-որ հիմնարկություն: Գրավվեց բնակարանի ամբողջ կահավորանքը, այդ թվում նաև լյուդվիկոսյան սեղանն ու գահավորակները: Հետագայում, երբ Դավիթ Ֆոմիչն արդեն հաշտվել էր իր դրության հետ և իր նախկին հարստությունից ու պատվից զրկված՝ բարեկամացել ինձ հետ, դառնությամբ գանգատվելով ասում էր, թե ճիշտ է, սկզբում շատ էր մտահոգվում իր բնակարանի համար, բայց չէր կարծում, թե բնակարանի հետ կահավորանքն էլ կգրավեն:

Այլապես, — ավելացնում էր նա, — որ գիտենայի, թե կահավորանքս էլ պիտի գրավեն, հերները կանիծեի, մի մազ անգամ չէի թողնի, որ աչքները կոխեն: Աղքատ ազգականներ շատ ունեմ, բաժան-բաժան կանեի, ամեն մեկին մի բան կտայի, ձեզ կտայի, դռնապանիս կտայի, մի խոսքով շուն ու գելի կտայի, բայց չէի թողնի, որ նրանք գան տիրանան իմ ընտանեկան պետքերի համար իմ հատուկ ճաշակով պատրաստել տված իրեղեններին:

Դավիթ Ֆոմիչին թույլ տվին իր պետքերի համար վերցնել ամենաանհրաժեշտ իրեղեններն ու հագուստեղենը և հատկացրին նրան խոհանոցին կից գտնված մի սենյակ, ուր առաջ գիշերում էին նրա խոհարարն ու ծառաները:

Սկզբում Դավիթ Ֆոմիչն այս հարվածը տարավ զարմանալի տոկունությամբ ու մինչև սրտի խորքը վիրավորված մարդու լուռ հպարտությամբ: Առաջվա պես ամեն առավոտ գնում էր ուր-որ և վերադառնում ուշ գիշերին: Ոչ ոքի հետ ոչ խոսում էր, ոչ էլ՝ բարևում: Նրա սենյակին կից խոհանոցում տեղավորված էին հիմնարկության սպասավորներից երկու հոգի՝ կուրիերը և սրա կինը, որը մաքրում էր սենյակները և հիմնարկության ծառայողների համար թեյ պատրաստում: Երևում էր, որ Դավիթ Ֆոմիչը տանել չէր կարողանում նրանց հարևանությունը և ավելի այդ հարևանությունից էր, որ փախչում էր:

Այնուհետև մինչև այս նախավերջին տարին շատ փոփոխություններ կատարվեցին այդ տան մեջ. մի հիմնարկության տեղ եկավ մի ուրիշը, սա էլ գնաց, տունը վերջնականապես դարձավ ժակտ, ներքին խանութներում տեղավորվեց բանկոոպը, մասնավոր վաճառականները հեռացվեցին իրենց բնակարաններից, նրանց տեղ եկան բանվորներ, ի միջի այլոց և իրեն՝ Դավիթ Ֆոմիչի նախկին սապոնի գործարանի մի քանի բանվորներ իրենց ընտանիքներով, վերևը բնակություն հաստատեցին խորհրդային պատասխանատու պաշտոնյաներ, իսկ իրեն՝ Դավիթ Ֆոմիչին, վերևից քշեցին և բերին տեղավորեցին իմ նախկին սենյակում կամ, ուրիշ խոսքով ասած, իրեն իսկ նախկին հավաբնում, որտեղից ես ամուսնանալու պատճառով վաղուց դուրս էի եկել և բնակվում էի նույն բակում դատարկված մի ավելի հարմար բնակարանում:

Այս հարվածն արդեն չկարողացավ տանել Դավիթ Ֆոմիչը: Ինչպես որ գազով լի շշի խցանը հանես, և գազը ֆշշալով ու թշշալով դուրս պրծնի հանկարծ, այնպես էլ Դավիթ Ֆոմիչի գոռոզ սրտի մեջ մինչև այդ հավաքված վիրավորանքի և նվաստացման թույնը արտավիժեց միանգամից: Ծայր աստիճան կատաղած, փրփուրը բերանին, արնակալ աչքերը շուռումուռ տալով, սկսեց ոտները գետնովը տալ, սպառնալ, թե ցույց կտա նրանց, կգնա կգանգատվի ուր պետք է, բայց նրա սպառնալիքների վրա միայն ծիծաղեցին և հասկացրին նրան, որ հիմա ոչ պրիստավ կա, ոչ գուբերնատոր, և ուր էլ որ գնա գանգատվելու, ամեն տեղ էլ իր դիմաց կտեսնի իրենց նման բանվորների, որոնք նույնպես կծիծաղեն իր վրա. ավելի լավ է սուս անի և հանգիստ նստի իր տեղը, թե որ չի ուզում այդ սենյակից էլ զրկվել:

Այդ խրատից հետո Դավիթ Ֆոմիչը թեև սուս արավ, բայց հանգիստ չնստեց իր տեղը: Մի քանի օր կորած էր, ոչ ցերեկն էր երևում, ոչ՝ գիշերը: Ո՞րտեղ էր լինում, ի՞նչ էր անումհայտնի չէ: Միայն մի առավոտ տեսնեմ եկել փսփսում է իր նախկին հավաբնում: Իմ հարցին, թե ի՞նչ է անում այնտեղ Դավիթ Ֆոմիչը, դռնապան Պողոսը ծիծաղելով պատասխանեց.

Ի՞նչ պըտի անի, տեղավորում ա իր հափուռ-չփուռը: Ասած ա՝ կկակղիկուտի:

Այժմ նա, ինչպես ասում են, միանգամից կոտրվել էր, ծերացել, մեջքից կորացել: Սանձն արդեն շատ էին պինդ քաշել, և նա այլևս չէր կարողանում առաջվա պես գլուխը բարձր պահել: Դեղնավուն դեմքը հետզհետե սևանում էր, միշտ մաքուր սափրած երեսը ծածկվում էր սևը սպիտակի հետ խառն մազի փշերով, առաջվա միշտ անբիծ, միշտ արդուկած հագուստը ճմրթվում էր, ծալծլվում և ծածկվում վրան թափված կերակրի փոշակալ բծերով, գեղեցիկ շապոյին հրաժեշտ էր տվել և շատ հասարակ գդակ էր դնում գլխրն:

Երբեմն գիշերները նրա պատուհանի մոտով անցնելիս տեսնում էի նրան սեղանի մոտ ակնոցը քթին ինչ-որ գրելիս: Երևի նամակներ էր գրում արտասահման իր րնտանիքին: Իսկ շատ հաճախ նրան տեսնում էի հասարակաց այգու մի խուլ անկյունում իր պես խունացած նախկին մարդկանց հետ նստած խաղաղ զրույց անելիս: Այգու այդ անկյունը նրանց հավաքատեղին էր, որ նրանք ամեն օր միևնույն ժամերին գալիս նստում էին միշտ միևնույն նստարանների վրա իրար դիմաց՝ խոսելու անցած-գնացած օրերի և գուշակություններ անելու եկած ու գալիք օրերի մասին: Նրանց մեջ կային մի նախկին գեներալ իր երբեմնի կարմրաստառ շինելով, առանց ուսադիրների, մի գնդապետ քաղաքացիական էժանագին վերարկոտվ, մի չինովնիկ իր չինովնիկական հնամյա գլխարկով առանց կոկարդի, որի տեղը մի ծակ էր և ծակի շուրջը մի սպիտակ շրջան խունացած մահուդի կապույտ ֆոնի վրա: Այնուհետև այդ անտիկների շրջանը կազմում էին նախկին առևտրական խոշոր տան մի ներկայացուցիչ, մի նոտարիուս, մի դատավոր, բորսային մի մակլեր և նույնիսկ երբեմն-երբեմն էլ նախկին հարուստ ծխերի տեր մի՝ տերտեր, որ ֆարաջան հանել վերարկու էր հագել, բայց շարունակում էր կրել իր տերտերական մորուքը և ամեն գերեզմանօրհնեքին վազում էր գերեզմանատուն գերեզմաններ օրհնելու, պահանջված դեպքումն էլ, որ շատ քիչ էր պատահում, մեռել թաղելու:

Մի անգամ Դավիթ Ֆոմիչը դռնապան Պողոսի բերանով թել ու ասեղ էր խնդրել կնոջիցս: Երբ Պողոսին հարցրի, թե Դավիթ Ֆոմիչը ի՞նչ էր անում թել ու ասեղը, պատասխանեց, թե ուզում է վարտիքի կոճակը կարել:

Ես թելեցի ասեղը, — ասաց նա, — աչքերը կտրում չի: Լափ գնացել ա ձեռքից: Հա՛խն ա, — ավելացրեց Պողոսը սրտանց, — խի՞ էր օղլուշաղը զագրանիցա ճամփում, բալշեվիկնին հու ուտելու չէի՞ն նրանց. որտեղ ինքը, ընտեղ էլ նրանք: Հըմի լավ ա՞, որ մին կոճակ կարող էլ չունի, բայղուշի պես մենակ նստած ա մնացել տանը: Փիս մարդ էր, փիս էլ վերջացնում ա իր օրերը: Քսան տարի իր դռան շունն էր արել ինձ, տվածը մի զադ չէր, ինչքան խնդրում ի, որ մին օթախ տա, օղլուշաղս հանեմ պադվալից՝ մեջը կենան, արևի լիս տեսնան, տվավ ոչ, թե՝ քու ըրեխանց ղալմաղալի գլուխ չունեմ: Հըմի՝ լավ իրան հանեցին բերին մկան ծակուռը կոխեցին: Դե թող հըմի գնա մեզպեսների ղադրը իմանա: Համա ի՞նչ, անցածը անցած ա. հըմի որ տեսնում եմ նրան էն հավաբնում կուչ եկած, խեղճս գալիս ա: Մին-մին վախտ հաց ա ուզում, տալիս եմ: Հացի կնիժկա չունի:

Մի՞թե մինչև անգամ հացի փող չունի, — զարմացա ես:

Է՛, ի՞նչ ես ասում, վարժապետ ջան. ունի, ո՞նց կարա չունենա: Ասած ա՝ ուղտը ինչքան էլ որ սատկի, կաշին էլի մի իշաբեռ դուրս կգա:

Բա էդ ո՞նց է, որ հացը քեզնից է ուզում:

Որ ասի, թե տեսեք, բալշևիկնին ինչ օրի են հասցրել խեղճ հալևորիս: Շատ զալում քավթառ ա, որ ասիլ չի ուզի:

Դավիթ Ֆոմիչը կամաց-կամաց նշաններ էր ցույց տալիս ինձ մոտենալու, այն Դավիթ Ֆոմիչը, որ առաջ հազիվ էր լայեղ անում բարև տալ աղքատ վարժապետիս: Սկզբում, առավելապես ցուրտ և անձրևային եղանակներին, երբ տեղ չուներ գնալու, երեկոները մտնում էր ինձ մոտ տաքանալու և ժամանակ անցկացնելու համար: Մնում էր ժամերով, գանգատվում էր, թե տանջվում է անքնությունից, հարցնում էր, թե արտասահմանի հետ առհասարակ պոստային ազատ հաղորդակցություն կա՞, թե ոչ: Կինս շատ էր խղճում նրան և չէր խնայում թեյով կամ տանը գտնված որևէ բանով հյուրասիրելու ի մեծ դժգոհություն կոմերիտ տղայիս, որը տանել չէր կարողանում նրա ներկայությունը: Ասենք տղաս նրա եկած, ժամանակ մեծ մասամբ տանը չէր լինում, որովհետև բանֆակում դասերը տեղի էին ունենում երեկոները:

Այնուհետև Դավիթ Ֆոմիչն իր այցելությունները ձանձրացնելու չափ սովորություն դարձրեց և համարյա ամեն օր մեր հյուրն էր, այնպես որ կինս արդեն սկսել էր քրթմնջալ: «Ցավ դառա՞վ մեր գլխին», — ասում էր նա, բայց և այնպես էլի շարունակում էր հյուրասիրել:

Դավիթ Ֆոմիչը մեր տանը շատ զգուշաբար էր խոսում բոլշևիկների մասին, որովհետև գիտեր, որ մեծ որդիս հենց իր բոլշևիկ լինելու պատճառով էր զոհվել մայիսյան ապստամբության ժամանակ, մյուս որդիս նույնպես բոլշևիկ և կուսակցական հրահանգիչ էր գավառում, իսկ փոքր տղասկոմերիտ, թեև սրան բանի տեղ չէր դնում և երեխա էր համարում: Բայց հենց որ հին ցավերը նորոգվում էին, էլ չէր կարողանում զսպել իրեն, սկսում էր հայհոյել բոլշևիկներին էլ, խորհրդային իշխանությանն էլ և սրանց հայհոյելիս առանձին կատաղությամբ գերեզմաններից հանում շների բերանն էր գցում բոլոր ցարերին և առանձնապես Նիկոլայ ll-ին, որը չէր լսել կադետների խորհուրդը, ժամանակին եվրոպական պառլամենտական կարգեր և պատասխանատու մինիստրություն չէր մտցրել, ցրել էր պետական դուման և այլն:

Եթե նա ժամանակին կատարեր կադետների պահանջը, — ասում էր Դավիթ Ֆոմիչը, — ոչ հեղափոխություն կլիներ, ոչ մենշևիկ ու բոլշևիկ, ոչ սավետ ու մավետ, ոչ ժակտ ու մակտ, ինքն էլ շանսատակ չէր լինի:

Ժակտ անունը մանավանդ սոսկալի ատելությամբ էր արտասանում Դավիթ Ֆոմիչը: Նրա համարյա ամենօրյա գանգատը ժակտից «իր» տան համար էր. ասում էր, թե տունը օրը օրին քայքայվում է, կտուրը կաթում է, անձրևի խողովակները ժանգից ծակծկվել են, մի քանիսը թափվել, ջրերը պատերի վրայից անցնելով թափում են ծեփերը և պատերը խոնավացնում, կենողներն անկարգ, բիրտ մարդիկ են, ջարդում են պատուհանների ապակիները, թիթեղե վառարաններ են դրել սենյակներում, ծխնելույզները դուրս են հանել պատուհաններից, պատի կառնիզները սևացրել ծխի ծեփով ծածկել և այլն, և այլն, և այս բոլորի վրա ժակտը ոչ մի ուշադրություն չի դարձնում:

Լավ, ձե՞զ ինչ, Դավիթ Ֆոմիչ, — ասացի ես մի անգամ, երբ նորից սկսել էր գանգատվել այս մասին, — տունը խո ձերը չէ այլևս:

Նայեց ինձ աչքերի այնպիսի մի ցոլքով, որպիսին տեսել էի նրա աչքերի մեջ անցյալներում իր լավ ժամանակ, երբ որևէ բանի վրա կատաղած էր լինում:

Տունը իմս էր և իմս էլ կլինի, — ասաց նա ծանրծանր, հատկապես շեշտելով «իմս» բառը և ամեն մի «իմս»-ի հետ բռունցքը խփելով սեղանին:

Այդ ինչպե՞ս, Դավիթ Ֆոմիչ:

Այդ ե՜ս գիտեմ, թե ինչպես, — նորից շեշտեց «ես» բառը մի առանձին խորհրդավորությամբ:

Եվ ե՞րբ, Դավիթ Ֆոմիչ, — շարունակեցի հարցուփորձս: Ինձ արդեն զվարճություն էին պատճառում նրա անվերապահ պնդումները:

Երբ որ. երբը կգա, — պատասխանեց նույն խորհրդավորությամբ:

Ե՞րբ կգա այդ երբը:

Շուտո՜վ, շուտո՜վ: Որովհետև մի երկիր չի կարելի երկար ժամանակ կառավարել ավազակներով:

Այս անգամ «ավազակներ» բառը շեշտեց մի առանձին կրքոտությամբ և, ըստ երևույթին, ուզում էր շարունակել, երբ հանկարծ հարևան սենյակիս դուռը բացվեց արտասովոր շրխկոցով և ոչ թե մտավ, այլ մի տեսակ ներս նետվեց կոմերիտ տղաս: Ինչպես երևում էր, նա տանն էր եղել, որ ես չգիտեի, և հարևան սենյակից լսելիս էր եղել մեր խոսակցությունը: Մտնելու ձևը որ տեսա և նայեցի աչքերին, իսկույն հասկացա, որ նրան վառել էր Դավիթ Ֆոմիչի արտասանած «ավազակներ» բառը:

Եվ չսխալվեցի:

Նա ուղղակի գնաց կանգնեց Դավիթ Ֆոմիչի առջև և հարցրեց.

Ովքե՞ր են այդ «ավազակները»:

Նրա ձայնի մեջ զսպված վրդովմունքի և սպառնալից մարտակոչի շեշտեր զրնգացին:

Դավիթ Ֆոմիչը հոնքերի տակից մի սաստող հայացք ձգեց նրա վրա և ասաց հանգիստ ձայնով,

Քեզ հետ չեն խոսում, դու դեռ երեխա ես:

Տղաս տեղնուտեղը կրակ կտրեց մեկեն: Ես մինչև անգամ վախեցա, թե կարող է խփել ծերունուն:

Ո՜չ ի՜նձ հետ խոսեցեք, ի՜նձ հետ, — աղաղակեց նա իր պատանեկան ձայնի զիլ հնչյուններով: — Նստել հորս հետ եք խոսում, որը քիչ է մնում համաձայնի ձեզ հետ: Ի՛նձ հետ, մե՛զ հետ խոսեցեք, մեզ հետ, որովհետև մե՜նք ենք, մե՜նք, ձեր կարծած երեխաներս ենք, որ հաշիվ ենք պահանջում ձեզնից, և մե՛նք ենք, որ պատժում ենք ձեզ ու պիտի շարունակենք պատժել այնքան, մինչև որ միանգամայն սրբենք ձեր սերունդն ու դասակարգը երկրի երեսից: Ավազակներ ասում եք: Ձեզնից ավելի մե՛ծ ավազակներ, որ դարեր շարունակ քամում, ծծում էիք բանվորների արյուն-քրտինքի վաստակը, ձեզ համար պալատներ շինում, շռայլ ու ցոփ կյանք վարում և անպետք ու անառակ մի սերունդ արտադրում, որ շարունակի ձեր գարշելի գործը:

Մի կողմից ես, մյուս կողմից կինս, որ ներս էր վազել նրա աղաղակների վրա, իզուր աշխատում էինք նրան հանգստացնել և դուրս տանել, նա թևերով դես-դեն էր հրում մեզ և, զայրույթից ու վրդովմունքից ծայր աստիճան տաքացած, շարունակում էր իր ֆիլիպիկները կոմերիտական անվախ խիզախությամբ ծանր մուրճի հարվածների պես թրխկացնել բուրժուազիայի գլխին՝ հանձին Դավիթ Ֆոմիչի:

Վերջապես կնոջս մի կերպ հաջողվեց համարյա զոռով նրա թևից բռնած՝ քարշ տալով տանել նրան մյուս սենյակը և դուռը փակել:

Ես նայեցի Դավիթ Ֆոմիչին: Աչքերը, անմիտ բացած, հառել էր դեմքիս, գլուխը երերվում էր սաստիկ: Մարմինը վեր ու վեր էր ցնցվում և հանկարծ ցած ընկնում, քարանում: Ծանր լռության մեջ մի քանի րոպե այդպես մնալուց հետո ուզեց վեր կենալ, չկարողացավ մի անգամից, հետո երկու ձեռքով հենվեց սեղանին, ծանրացած մարմինը հազիվ վեր բարձրացրեց և պառավական երերուն քայլերով դուրս գնաց, առանց մի խոսք արտասանելու:

Այն գնալն էր, որ գնաց, էլ երբեք ոտք չդրեց մեր տունը: Երբ որդուս հանդիմանեցի իր վարմունքի համար, ասելով, որ ընկածին չեն ծեծում, նա երեսովս տվավ, թե ես հաշտվողական եմ, թե այդպիսիներին ոչ միայն պիտի ծեծել, այլև անխնա ոտի տակ տրորել, ճխլել միանգամայն, որ ընկած տեղից այլևս երբեք վեր չկենան:

Այլապես, թե որ վեր կացան, հայրիկ, վա՛յ քեզ ու մեզ և նրանց, որոնք հազիվ են ազատվել նրանց ճիրաններից, — ավելացրեց նա:

Այս դեպքից հետո անցել է մի քանի ամիս: Այս մի քանի ամսվա ընթացքում շատ քիչ էր պատահում, որ նույնիսկ բակում հանդիպեի Դավիթ Ֆոմիչին: Հանդիպելիս էլ չտեսնելուն էր տալիս և անցնում գնում: Շատ թունդ էր խռովել:

Մի օր, երբ ճաշին տուն դարձա, կինս ասաց, թե մի քանի ժամ առաջ Դավիթ Ֆոմիչին հանկարծ կաթված էր խփել և հենց նոր նրան հիվանդանոց են տարել շտապ օգնության կառքով:

Պատճառն անշուշտ եղել էր այդ օրվա թերթերում տպված գործակալության մի հեռագիրը Մոսկվայից, որ ես կարդացել էի դեռևս այդ առավոտ: Հեռագիրը վերաբերում էր Պետքաղվարչության ձեռքն ընկած տեռորիստական-լրտեսական մի խմբի դատավարության: Այդ խմբի մարդիկ, որոնք զանազան ժամանակներում կեղծ անցագրերով անցած են եղել սահմանը, ուղարկված են եղել արտասահմանյան ռուս մոնարխիստական մի կազմակերպության կողմից՝ տեռորներ կատարելու և լրտեսելու համար: Դատվելուց հետո նրանք դատապարտվել էին սոցիալական պաշտպանության գերագույն միջոցիգնդակահարության: Հեռագրի մեջ մեկ առ մեկ հիշված էին գնդակահարվածների անուն-ազգանունները և ով լինելը:

Դրանց թվումն էր և Դավիթ Ֆոմիչի նախկին յունկեր տղան:

Այդ հեռագիրը պարունակող լրագրի համարը գտել էին Դավիթ Ֆոմիչի ձեռքին կաթված ստացած միջոցին:

Ճաշին մեր խոսակցության առարկան այդ դեպքն էր:

Տեսար, հայրիկ, ո՛ւմ էիր դու պաշտպանում, — նորից էրեսովս տվավ կոմերիտ տղաս:

Ես ծիծաղեցի: Չգիտեմ, ո՞րտեղից էր նրա գլխում ցցվել այդ մեխը, թե ես պաշտպանում էի Դավիթ Ֆոմիչին և նրա նմաններին իրենց իժի ծնունդներով:

Հետաքրքրությունից մի օր վեր կացա և գնացի հիվանդանոց՝ Դավիթ Ֆոմիչին տեսնելու:

Կաթվածը տարել էր նրա մարմնի ամբողջ կեսը, գլխի ձախ մասից բռնած մինչև ձախ ոտը: Դեմքն այնպես էր ծռմռվել, որ հազիվ ճանաչեցի: Աջ աչքը փոքրացել, կուչ էր եկել, իսկ ձախն այնքան էր մեծացել ու այլանդակվել, որ ակամա զարզանդ զգացի: Այդ աչքը դուրս էր պրծել կոպերից մի ահագին անփայլ սպիտակուցով, որը կարծես պինդ խաշած ձվի սպիտակուց լիներ, և բոլորովին չէր շարժվում: Բերնի կեսը վերև էր թռել, կեսն իջել և կողքից լորձունք էր ծորում: Խոսել չէր կարողանում, բառերը դուրս էին գալիս կիսատ և աղավաղված, այնպես որ հասկանալ չէր լինում: Երբ հարցրի, թե ի՞նչ է ուզում, հազիվ կարողացավ արտասանեի

Մըը-մե... մըը-մե...

Եվ որպեսզի հասկացնի, թե ինչ է ուզում ասել, աջ աչքը փակեց և ձեռքը վերև բարձրացրեց: Գլխի ընկա, որ ուզում էր ասել՝ «մեռնել-մեռնել»: Կարճ լռությունից հետո թոթովեց,

Վըը-ո... մըր-ե... տըը-տե... թըը-ա...

Երկար ժամանակ չէի հասկանում այս թոթվանքը, և նա ահագին ջանք թափելուց հետո զանազան նշաններով կարողացավ հասկացնել, թե ուզում է ասել, «որ մեռնեմ, տերտերով թաղեցեք»:

Դավիթ Ֆոմիչ, — ասացի, — որքան գիտեմ, դուք ազատամիտ մարդ էիք, տերտեր-մերտեր չէիք ճանաչում, թեև երեցփոխ էիք, այդ ի՞նչպես է, որ տերտերով եք ուզում թաղվել, այն էլ հիմա, երբ տերտերով, ժամ-պատարագով էլ ոչ ոք չի թաղվում:

Նրա կուչ եկած աջ աչքը հանկարծ բացվեց, մեջը կատաղության նման մի բան ցոլաց և կաթվածահար լեզուն անսպասելի կերպով արագ-արագ վրա տվեց,

Բըբո ջըգը, բըբը ջըգը… — Այս կցկտոր բառերն էլ հասկացրեց, ուզում էր ասել՝ «բոլշևիկների ջգրու, բոլշևիկների ջգրու»:

Ինչո՞ւ էր կարծում, թե տերտերով որ թաղվի, բոլշևիկներից հանած կլինի իր ջիգրը, այդ էլ իր գաղտնիքը մնաց:

Այդ առաջին այցելությունից հետո չտեսա Դավիթ Ֆոմիչին: Թե քանի օր ապրեց, ե՞րբ մեռավ, ի՞նչպես և ո՞րտեղ թաղվեցոչ ոք չիմացավ:

Միայն մի օր ինչ-որ ժառանգներ հայտնվեցին, — երևի այն աղքատ ազգականները, որոնց Դավիթ Ֆոմիչը չէր կարողացել կամ, ավելի շուտ, չէր կամեցել բաժան-բաժան անել իր բնակարանը կահավորանքը, — եկան բաց անել տվին նրա սենյակի կնքած դուռը և ունեցած-չունեցածը տարան: Այդ ունեցած-չունեցածի մեջ էր և մի ահագին սնդուկ, մեջը արտասահմանից բերած ամենաընտիր կոստյումներ, որոնցից մի քանիսը դեռ ամենևին չէր էլ հագել:

Ո՜րքան ճիշտ է, չգիտեմ, միայն ասում էին և պնդում, թե այդ միևնույն սնդուկի մի առանձին ծածուկ անկյունում գտնվել էին կլորիկ ոսկիներտասնոցներ:

Ենթադրվում է, որ այդ «Մի հայմի ոսկի» ֆոնդի «ավելցուկը» պիտի լի՞ներ, որ Դավիթ Ֆոմիչը պահել էր «սև օրվա» համար:

Այսպես ապրեց և այսպես մեռավ մեկը հին աշխարհի այն վերջին մոհիկաններից, որոնք, նոր կյանքի ասպարեզից դուրս նետված, ամեն օր միևնույն ժամերին հավաքվում էին հասարակաց այգու խուլ անկյունում՝ խոսելու անցած-գնացած օրերի և գուշակություններ անելու եկած ու գալիք օրերի մասին:

1930

ՎԻՊԱԿՆԵՐ

ՃՇՄԱՐԻՏ ԲԱՐԵԿԱՄԸ

Հայոց կյանքից

l

Սենյակն, ուր պիտի տանեմ ձեզ, ընթերցո՜ղ, բավականին ընդարձակ է և զարդարված եվրոպական ընտիր ճաշակով: Ավելորդ է նկարագրել ձեզ մի առ մի այդ սենյակի զարդարանքները և կահավորումը. դուք առանց այդ էլ, չկարծեմ, թե տեսած չլինեք այդպիսի սենյակներ, որոնցից ներկա ժամանակս շատ են գտնվում և՜ Թիֆլիսի գլխավոր փողոցների վերականգնած հոյակապ տներում և որոնց փայլը շլացնում է ամեն մի չքավորի աչքերը: Շատ կարելի է, որ դուք հենց այդպիսի սենյակներից մեկումն եք կարդում այս տողերը:

Առավոտ էր, ժամի տասը:

Սենյակի լուսամուտները բոլորովին բաց էին, և մայիսյան արևի կենսատու ճառագայթները, ներս թափանցելով սենյակը, նրա գեղեցիկ ներկած հատակի վրա նկարում էին լուսամուտների վայր թողած ասեղնագործ վարագույրների ծաղիկների ստվերները: Լուսամուտների առջև, ներքևը, բակի՝ մեջ գտնված կանաչազարդ պարտեզը յուր հազարավոր նորաբաց ծաղիկներով ու վարդերով, որոնք իրենց բազմագունով մի հրաշալի տեսարան էին ներկայացնում և որոնք լցրել էին օդը մի տեսակ թարմ ու անուշ բուրմունքովծիծաղում, խնդում էր արևի ոսկեզօծ ճառագայթների տակ: Իսկ թռչունների գեղգեղանաց ուրախ ճռվողյունը ցույց էր տալիս, թե մինչև որ աստիճան սիրելի են նրանց մայիսյան այդպիսի օրերն և ազատ բնությունը:

Լուսամուտներից մեկի առջև, փափուկ բազկաթոռի մեջ նստած էր մի մանկահասակ կին: Նա կլիներ մոտ քսանևհինգ տարեկան, դեմքի ամենաճիշտ և գրավիչ գծագրությամբ, մի փոքր նիհար ու գունատ: Նրա ընտանեկան սպիտակ հանդերձն ու սև մազերը, որոնք գեղեցիկ սանրած և կարմիր ժապավենով թույլ կապված՝ ընկած էին նրա մեջքի վերա, ավելի գեղեցկություն էին տալիս նրա գունատ դեմքին: Բավական էր մի անգամ նայել այդ գեղեցկուհու վերա և իսկույն կասեիք, ահա մի գեղեցիկ, համեստ ու բարեսիրտ կին: Նա, գլուխը ձեռքի վերա կռթնած, տխուր նայում էր դեպի դուրս՝ ծառերի վերա ոստոստող թռչուններին և կարծես, նրա բոլոր ուշադրությունը լարված էր դեպի այդ անհոգ ու անվիշտ արարածների ուրախ ճռվողյունը: Եթե նրա կուրծքը նկատելի կերպով բարձրանում ու ցածրանում չլիներ, նայողը կասեր, որ սա հեթանոսական աստվածուհու մի հրաշալի անդրի է:

Բավական ժամանակ անցավ, և սակայն նա տակավին յուր տեղում անշարժ նստած էր: Մի անգամ միայն նրա կրծքից մի հառաչանք դուրս թռավ, այն հառաչանքներից մեկը, որ դուրս է գալիս ակամայից այն անբախտների սրտի խորքերից, որոնք կռվում են անդադար մի անընկճելի, սիրտը կեղեքող զգացմունքի դեմ: Բայց այն ի՞նչ անընկճելի, սիրտը կեղեքող զգացմունք էր, որ մաշում էր նրա սիրտը, ի՞նչ հոգս, ի՞նչ վիշտ պիտի ունենար այդ մանկահասակ կինը, որին բնության ճարտարագործ ձեռքը վարձատրել էր այնպիսի առանձնահատկություններով, որոնցով կարելի էր միշտ ուրախ ու երջանիկ ապրել, միշտ ծիծաղել ու խնդալ... Արդյոք յուր աչքերի առջև այժմ ճախրող թռչունների անհոգ կյանքը հիշեցնո՞ւմ էր նրան յուր վաղուց արդեն վատնած նույնպես անհոգ կյանքի շրջանըմանկությունը, թե նրա սիրտը մաշում էր այն անթիվ վշտերից մեկը, որոնցով վարակված է հասակավորներին շրջապատող մթնոլորտը: — Դժվար էր գուշակել:

Հանկարծ դուռը բացվեցավ, և ներս մտավ մի միջահասակ մարդ: Նրա չեչոտ դեմքը միշտ ժպտում էր, որ և նրա ներքին բարեսրտության ու միամտության բացարձակ արտահայտիչն էր: Ինչպես երևում էր, նա ավելի ուշադրություն էր դարձնում յուր բոլորովին սև մազերի վերա, որոնք այդ րոպեին խնամքով սանրված ու բաժանված էին գլխի ձախ կողմի վերա, քան շորերի, որոնք ոտից գլուխ, կարծես, բան ուզովի լինեին: Չնայելով որ նրա մեծ, հսկայական քիթը թամբած էր ակնոցներով, բայց նա գրեթե միշտ նրանց վերևից էր նայում, այդ հանգամանքը ստիպում էր նրան անդադար խոնարհեցնելու ու բարձրացնելու յուր գլուխը: Նրա համազգեստը և ուսադիրները ցույց էին տալիս, որ նա արքունական ծառայության մեջ էր: Դժվար էր մինչև անգամ մոտավորապես որոշել, թե նա քանի տարեկան էր, որովհետև առաջին հայացքից նա ծեր էր երևում, բայց երբ մի փոքր երկար էիր նայում, նա հետզհետե երիտասարդանում էր:

Մանկահասակ կինն այն աստիճան անձնատուր էր եղել յուր մտածությանը, որ ամենևին չլքեց նրա մտնելը: Պ. Գարասիմ Զաքարյանը (այդպես էր ներս մտած մարդու անունը) մոտեցավ նրան, կանգնեց նրա մոտ և, ձեռքերը դարսելով հետևը, սկսեց ժպտալով նայել նրան, որը դարձյալ նրան չէր տեսնում:

Լի՞զա, — վերջապես նույն ժպիտը երեսին և մի տեսակ զարմացական ու հարցական եղանակով արտասանեց նա և այս անգամ գլուխը բոլորովին առաջ բերելով, որպեսզի լավ նայի կնոջը ակնոցների վերևից:

Ախ, այդ դո՞ւք եք... — գրեթե ճչաց ուրախությամբ մանկահասակ կինն և մի ակնթարթում նրա դեմքը պայծառացավ, նա իսկույն վեր թռավ տեղից, բայց յուր առաջ տեսնելով Գարասիմին, նա դեռ ապշեց, հետո այլայլվեց, շառագունվեցավ և դարձյալ նստեց յուր տեղը: Նրա դեմքը նորից առաջվա արտահայտությունն ստացավ, և նա ավելացրեց թույլ ձայնով.

Այդ դո՞ւ ես, Գարասիմ...

Բացի ինձանից ուրիշ ո՞վ կարող է լինել, հոգիս, — ասաց Գ. Զաքարյանը առանց մի որևէ կասկած տանելու կնոջ (մանկահասակ կինը նրա ամուսինն էր) անսովոր այլայլմունքի վերա: — Հապա դու ո՞ւմն էիր կարծում:

Ե՞ս... ես ո՞ւմը պիտի կարծեի... Ես ընկղմված էի մտածության մեջ:

Մի՞թե կարելի է մայիսյան մի այսպիսի սքանչելի օրին նստել և մտածությանը անձնատուր լինել, անմիտ, — ասաց Գ. Զաքարյանը կես հանդիմանական և կես կատակի եղանակով և կամաց մատով խփելով կնոջ այտին, որին այդ բավականին զզվելի թվաց: — Այսպիսի սքանչելի օրերին կամ գնում են զբոսանքի, կամ ուղղակի նստում են դաշնամուրի առաջ և երգում ու նվագում են:

Մանկահասակ կինն, ըստ երևույթին, չէր լսում նրան, նա միայն նայում էր դեպի դուրս:

Բայց Լի՜զա, ինչո՞ւ դու այդպես տխուր ես, — հարցրեց հանկարծ լրջորեն Գարասիմը:

Ի՞նչ ես կամենում, Գարասիմ, — հարցրեց յուր կողմից մանկահասակ կինն, առանց նրան նայելու:

Ասում եմ ինչո՞ւ դու այդպես տխուր ես այսօր:

Ե՞ս... Գլուխս ցավում է:

Գլուխդ ցավո՞ւմ է... բայց այս առաջին օրը չէ, դու այս վերջին շաբաթս գրեթե միշտ այդպե՛ս տխուր ես և մի ինչ-որ բանի մասին խիստ ես մտածում, — ասաց Գարասիմը անհանգստությամբ և բոլորովին կռանալով դեպի նա: — Հոգի՞ս չլինի թե դու մի ուրիշ ցավ ունիս, որ աշխատում ես ինձնից ծածկել, հըա՞, — ավելացրեց նա բռնելով կնոջ ձեռքերը:

Ոչ, ոչ, իմ ընկեր, ասացի, որ միայն գլուխս է ցավում, — ասաց մանկահասակ կինը ձեռքերը ետ քաշելով: — Բ՞այց մի՞թե արժե այդպիսի հիմար բաների մասին այդպես անհանգստանալ, Գարասիմ, — ավելացրեց նա աշխատելով, որ ժպտա: — Իսկույն կանցնի ցավը:

Ա՛խ, հոգի՛ս. դու չգիտես, թե որպես կտրատվում է իմ սիրտս, երբ քեզ այդպես տխուր եմ տեսնում... Աղաչում եմ, Լի՜զա, սիրելիս, շատ մի մտածիր... կամ ի՞նչ ունիս այդպես խոր մտածելու, ես զարմանում եմ... Խաղա՜ Տիգրանիկի հետ, եթե չես կամենում դուրս գնալ զբոսնելու: Ես այժմ գնում եմ ծառայության և այսօր շուտով կվերադառնամ: Ցտեսություն, հոգիս, ուրախ կաց:

Եվ Գ. Զաքարյանը մի համբույր դրոշմելով կնոջ ճակատին, գնաց դեպի դուռը, բայց դեռ դռանը չմոտեցած՝ նա նորից վերադարձավ և ավելացրեց.

Հա՛, Լիզա, դու այսօր մենակ չես մնալու, ես այժմ՝ փողոցից տուն դառնալիս պատահեցա պ. Սուրեն Արևելյանին (վերջին խոսքերը լսելուն պես մանկահասակ կինը դեմքն իսկույն դեպի նա դարձրեց), նա ուր որ շտապում էր, այդ պատճառով ես ժամանակ չունեցա նրանից իմանալու, թե ինչու այս ամբողջ մի շաբաթը նա մեզ չէր այցելում: Նա միայն ասաց, որ այսօր ժամի տասնևմեկին մեզ մոտ կլինի:

Իրա՞վ, — հարցրեց մանկահասակ կինը շուտ և մի տեսակ ուրախ ձայնով ու հանգիստ շարժումով, որոնք սակայն աննկատելի մնացին Գ. Զաքարյանից:

Այո: Այսօր նա մեզ մոտ կճաշե:

Մանկահասակ կնոջ դեմքը պայծառացավ, բայց, որպեսզի ամուսինը չնկատի այդ հանկարծակի փոփոխությունը, նա դեմքը դարձրեց դեպի՝ դուրս:

Հուսով եմ, որ դու նրան լավ կընդունես, Լիզա, — ավելացրեց Գ. Զաքարյանը, պատրաստվելով գնալու:

Ես այժմ գնամ: Մինչև իմ գալս կխոսեք, թուղթ կխաղաք, կամ դաշնամուրը կածես, կերգես և գլխիդ ցավն էլ կմոռանաս: Ուղիղ ժամի մեկին ես կվերադառնամ: Ցտեսություն, հոգիս, ուրախ կաց:

Եվ Գ. Զաքարյանը դուրս գնաց:

Հենց դուռը փակվեցավ նրա հետևից, մանկահասակ կինն իսկույն գժվածի նման վեր թռավ տեղից և, ձեռքերը տարածելով դեպի՝ վեր բացականչեց շնչասպառ ձայնով.

Օ՛, ես այսօր կտեսնեմ նրան... կտեսնեմ նրան... Այն անսահման ուրախության արտահայտությունը, որ այդ րոպեին փայլում էր նրա գեղեցիկ դեմքի վերա, անշուշտ կզարմացներ մի փոքր առաջ նրան նայողին: Նրա մեծ աչքերի մեջ նկատվում էր մի ինչ-որ անհամբերության փայլ, մի փոքր առաջ նրա գունատ դեմքն այժմ շառագունվել էր, իսկ կուրծքը սաստիկ բաբախումից, կարծես, ուզում էր պատռվել:

Следующая страница