Նար-Դոս՝   Զազունյան

Ի՞նչ ես անում, է՛մմա, — փոքր-ինչ զարմացած հարցրեց Զաքարը:

Ի՞նչ է, — սառնությամբ հարցրեց Էմման:

Ինչո՞ւ էիր բարձը գրկել. երեխա՞ էիր կարծում, ի՛նչ է:

Էմման վեր կացավ և գնաց դեպի լուսամուտը:

Ատամս ցավում է, — հնարեց նա:

Այդ էր պակաս, — ասաց Զաքարը: — Առավոտյան չէր ցավում:

Ի՛նչպես չէր ցավում... առավոտյան էլ էր ցավում, երեկ էլ, բայց այսքան չէ, որքան հիմա:

Հապա ինչո՞ւ չէիր ասում:

Դու ի՞նչ պետք է օգնեիր:

Այնուամենայնիվ... դեղ դրե՞լ ես:

Դեղը չի օգնում:

Էմմայի համար անտանելի էր երկար սուտ խոսել, այդ պատճառով խոսակցությունը փոխելով` ասաց.

Մոռացա ասեմ, որ Արամիկի համար կոշիկ պետք է գնվի,

Այդ կգնենք, — ասաց Զաքարը: — Բայց դու ինձ այս ասա, Զազունյանը չի՞ եկել:

Եկավ, — պատասխանեց Էմման:

Հետո, ո՞ւր է:

Գնաց:

Ո՞ւր գնաց:

Ասում է՝ գործ ունեմ:

Բայց ճաշին չի՞ գալ:

Ասաց, որ չէ:

Է-է՛հ, ինչ անշնորհքն ես, Էմմա, — թեթև դԺգոհությամբ ասաց Զաքարը: — Ինչո՛ւ թողիր, որ գնա:

Զարմանալի է, խո չէի կարող թոկերով կապել, — պատասխանեց Էմման, որին այդ խոսակցությունն ավելի անտանելի էր, քան սուտ խոսելը:

Գոնե չասացի՞ր, որ երեկոյան կամ վաղը գա, — հարցրեց Զաքարը:

Էմման հանկարծ օտարոտի համարձակ հայացքով նայեց ուղղակի նրա աչքերին:

Ասացի, որ վաղը դարձյալ գա, — պատասխանեց նա, նույնպես օտարոտի ձայնով:

Եվ խոստացա՞վ:

Այո, խոստացավ:

Այդ օրից, հենց այդ րոպեից Էմման զգում էր, որ Զաքարի հետ ունեցած իր հարաբերությունն ակամա թշնամական արտահայտություն է ստանում: Մի անհասկանալի, բայց ուժեղ զգացմունք հետզհետե բաժանում էր նրան Զաքարից: Զաքարին նա այլևս իր սրտակիցը, իր հարազատը չէր զգում, այլ մի տեսակ օտար, մինչև անգամ ծանր բեռ, որ քանի գնում, այնքան ավելի ծանրանում էր, այնքան ճնշում էր նրան իր ծանրության տակ: Այն տեղը, որ Զաքարը բռնում էր նրա սրտի մեջ, դատարկվեց, և նրա սիրտը, կարծես ընդմիշտ, ամուր փակվեց ամուսնու համար: Նրան ամենից ավելի անտանելի էին թվում Զաքարի երկար ու բարակ հարցուփորձերը: Դրա համար, ատամնացավը պատճառ բերելով, ուզում էր ճաշին դուրս չգալ իր սենյակից և բոլորովին չճաշել, բայց մեկ էլ մտածելով, որ այդ արդեն չափից դո՛ւրս կլինի, գլխավորըԶաքարն ավելի ևս հանգիստ չի տա իրեն, այդ պատճառով դուրս գնաց և նստեց ճաշի: Ճաշը վևրջանալուց հետո նա գնաց և նորից փակվեց իր սենյակում: Նա ուզում էր անձնատուր լինել իր քաղցր ցնորքներին:

Զաքարը նրա օտարոտի դրությունը վերագրում էր ատամնացավին: Ճաշից հետո նա նույնպես փակվեց իր սենյակում և պառկեց, որպեսզի իր սովորության համաձայն՝ մի կուշտ քնի: Բայց այս անգամ քունը չէր գալիս, նա մտածում էր Զազունյանին վերաբերող այն գաղտնիքի մասին, որ այդ օրն առավոտյան նամակի շնորհիվ իմացավ իրենԶազունյանից: Այդ բանը շատ էր ազդել նրան, այդ պատճառով նրա միտքը շարունակ զբաղված էր դրանով: Նա գիտեր, որ Զազունյանն այդ մասին ոչինչ ասած չէր լինիլ Էմմային, այդ պատճառով մեկ ուզում էր ինքը հայտնել, մեկ էլ չէր ուզում: Բայց վերջապես չկարողացավ դիմանալ և վճռեց հայտնել: Նա վեր կացավ և գնաց կնոջ սենյակը:

Էմման այս անգամ երեսն ի վեր պառկած էր թախտի վրա և մատները իրար մեջ հյուսած՝ ձեռքերը դրել էր գլխի տակ: Ինչպես երևում էր, քաղցր ցնորքները նրան շատ հեռու էին տարել, որովհետև չիմացավ, թե ինչպես մտավ Զաքարը: Բայց հանկարծ տեսնելով նրան, վեր կացավ և նստեց:

Ախր այսօր մի անսպասելի գաղտնիք իմացա, Էմմա, — ասաց նա խորհրդավոր ձայնով, նստելով նրա կողքին:

Էմման զարմացած և հետաքրքրությամբ, լուռ նայեց նրա դեմքին:

Դու մի՛ ասի, Զազունյանը կին և զավակ է ունեցել, — ասաց Զաքարը:

Ի՞նչ, — դուրս թռավ Էմմայի բերանից, և նա իսկույն գունատվեց ինչպես մեռել:

Այո, կին և զավակ է ունեցել, — կրկնեց Զաքարը, կնոջ այդ բացականչությունն ու փոփոխությունը գաղտնիքի անսպասելիությանը վերագրելով: — Ահա թե ինչպես էր:

Եվ նա մի առ մի պատմեց, թե ինչպես այդ օրն առավոտյան Զազունյանի սենյակում սեղանի վրա գտավ հայտնի նամակը, պատմեց նրա բովանդակությունը և այն, ինչ որ լսել էր Զազունյանից:

Էմման լսում էր նրան ըստ երևույթին բոլորովին հանգիստ, մինչև անգամ սառնասրտությամբ: նրա գունատ, կարծես մեռած դեմքից բոլորովին ոչինչ չէր կարելի իմանալ, թե ինչ է կատարվում նրա մեջ: Հոնքերը ցած թողած և քթածակերը լայնացրած` նա միայն շարունակ նայում էր հատակի մի կետի:

Տեսնո՞ւմ ես, Զագորսկու և Զազունյանի մեջ ինչ բան է եղել, որի մասին մենք այնքան գլուխ էինք կոտրում և ոչինչ չէինք կարողանում իմանալ, — վերջացնելով պատմությունը, ասաց Զաքարը: — Ես բոլորովին չէի կարծի, թե Զազունյանը մի այդպիսի գաղտնիք կարող է ունենալ: Խեղճն էլ ինչպես ծածուկ էր պահում մեզնից: Խե՛ղճ Արսենշատ, շատ կոտրված է սիրտը: Ուզում է բոլորովին մոռացության տալ, ինչ որ պատահել է, բայց ի՞նչպես կարելի է, այդ այնպիսի բան է՞, որ կարելի լինի մոռանալ: Ես շատ խղճում եմ նրան, շատ անբախտ մարդ է: Դու մի ասիլ գլուխը ճանապարհորդության է տվել վիշտը մոռանալու համար:

Էմման ձայն-ծպտուն չհանեց: Նստած էր նույն դրության մեջ, ինչպես առաջ:

Զաքարը նայեց նրան և այս անգամ կնոջ դրությունը բավական օտարոտի թվաց նրան:

Ինչո՞ւ ես այդպես, Էմմա, — հարցրեց նա վախեցած:

Ի՞նչպես եմ, — հանգիստ ձայնով ասաց Էմման, հայացքը կամաց դեպի նա դարձնելով:

Դու, սաստիկ գունատ ես:

Էմման կամաց թիկն տվեց մութաքային:

Ատամս շատ է նեղացնում, — ասաց նա նույն հանգիստ ձայնով:

Դեղ դիր, սիրելիս, այդպես չի կարելի, — զգացված ասաց Զաքարը: — Գոնե ցավը փոքր-ինչ կմեղմանա, և կդադարի:

Լավ, լավ կդնեմ, — ասաց Էմման և փակեց աչքերը, ցույց տալու համար, որ իրեն հանգիստ թողնի

Ես իսկույն կբերեմ...

Չէ, հարկավոր չէ, ես էլ ունիմ այստեղ... միայն խնդրում եմ, ինձ հիմա հանգիստ թող:

Հանգիստ թողնելով, հանգիստ կթողնեմ, միայն խնդրում եմ դեղն անպատճառ դիր, թե չէ՝ ցավն, ինչպես տեսնում եմ, շատ է ազդում քեզ: Լսո՞ւմ ես, էմմա, անպատճառ դիր. ցավն իսկույն կմեղմանա:

Եվ Զաքարը դուրս գնաց կնոջ սենյակից.

37

Զազունյանը ոչ թե գործ ուներ և չսպասեց Զաքարի գալուն, այլ հեռացավ այն պատճառով, որ նրա համար այդ օրվանից չափից դուրս անտանելի էր տեսնել Զաքարին, խոսել նրա հետ, վայելել նրա ընկերական հյուրասիրությունը: Ամեն անգամ, մանավանդ այդ օրը Էմմայից հեռանալուց հետո, Զաքարի մասին մտածելիս մի բան սաստիկ կրծում էր նրա սիրտը: «Մի՞թե այս է խիղճը», մտածում էր նա: «Եթե այս է, ապա անտանելի է... Ա՛խ, ինչպես կուզեի Զագորսկի լինել այս տանջանքը չզգալու համար... երջանի՛կ մարդ...»: Զագորսկի լինելու միտքն ակամա հղանում էր նրա գլխում, և նա հանկարծ ցնցվում էր: «Մի՞թե», հարցնում էր նա ինքն իրեն: Սա ամբողջ ժամերով ակամա խորասուզվում էր այդ մտքի մեջ, տեսնում էր, որ Զագորսկի լինելու ցանկությունը իր ներկա դրության մեջ հետևողական է, բայց իսկույն էլ ամբողջ հոգով վրդովվում էր, որովհետև այդ ցանկությունը հակասում էր նրա բարոյական հասկացողություններին: Իր դրության մասին նրա գլխում ծնվող թեր և դեմ մտածմունքները մի կատարյալ քաոս էին ներկայացնում: Ո՞րն էր այդ քաոսից դուրս գալու ուղիղ ճանապարհը: «Խիղճ» — հանկարծ կանչում էր նա, գյուտ արած մարդու նման: «Հիրավիմտածում էր նաեթե մարդս իր արարքների վերաբերմամբ պետք է միայն չոր ու ցամաք, թեկուզ հենց շատ խելոք ուղեղով ղեկավարվի, հապա ինչո՞ւ բնությունը նրան խիղճ է տվել, որի ձայնը կասկածելի արարքների վերաբերությամբ միշտ հաղթող է հանդիսանում: Ահա, ես այս րոպեիս զգում եմ այդ մի՞թե այդ ճշմարիտ չէ: Ճշմարիտ է, և ես կհետևեմ խղճիս: Կամ դեպի անկում, կամ դեպի հաղթանակ, երկուսից մեկը»:

Եվ ինչպես մի խեղդվող մարդ, որ գետի ալիքների մեջ մի փայտի կտոր է գտնում և ամուր կպչում նրանից, որպեսզի չխեղդվի, նույնպես և նա ամուր բռնեց այդ մտքից, մի հաստատ և որոշ ճանապարհ գտնելու համար:

Հետևյալ օրն առավոտյան նա գնաց Էմմայի մոտ այն մտքով, որ այդ օրն անպատճառ խոսի նրա հետ իրենց դրության մասին: Նա դիտմամբ այնպիսի ժամանակ ընտրեց, երբ Զաքարը տանը չպետք է լիներ: Եվ իրավ, Զաքարն արդեն մի ժամ առաջ դուրս էր գնացել տնից, պատվիրելով կնոջը, որ եթե Զազունյանը գա, ճաշին պահի, չթողնի գնալու:

Զազունյանը կարծում էր, որ Էմման այս անգամ էլ կընդունի իրեն նույնպես, ինչպես նախորդ օրը. այդ պատճառով վճռել էր, որ հենց առաջին րոպեից դիմագրի նրա փաղաքշանքներին, բայց՝ հակառակ նրա սպասածին, Էմման այս անգամ դիմավորեց նրան տխուր և գունատ: Նրա դեմքի վրա, շարժումների և քայլվածքի մեջ երևում էր մի տեսակ սառն հանգստություն կամ ավելի ճիշտ է ասել` սառն գիտակցական վճռականություն: Վերջին օրերը համարյա յուրաքանչյուր անգամ նա ներկայանում էր Զազունյանին հոգեկան զանազան դրությունների մեջ, կարծես այսօր ուրիշ կին էր, վաղնուրիշ, մյուս օրըդարձյալ ուրիշ, բայց ամեն անգամ առաջվանից ավելի գեղեցիկ, ավելի սիրելի, ավելի կախարդիչ, այնպես որ Զազունյանը զարմանում և ապշում էր, թե ո՞րտեղից է արտահայտում նա հոգեկան այդքան ուժ և հարստություն, և ինչքան կախարդիչ գաղտնիքներ կան թաքնված նրա սրտի խորքում: Աստ երևույթին, նա պետք է ուրախանար, որ այս անգամ առանց Էմմայի կողմից փաղաքշական դիմադրության հանդիպելու կարող էր ուղղակի դիմել գործին, որի համար եկել էր, բայց, ընդհակառակն՝ Էմմայի սառն ընդունելությունը հենց առաջին վայրկյանից նրան մեծ երկյուղ պատճառեց. այդ երկյուղը նմանում էր սիրահարի երկյուղի, որ զգում է, երբ իր սիրելիից սառն ընդունելություն ստանալով, հանկարծ կասկած է տանում, թե չլինի՝ չի սիրում իրեն: Եվ այդ երկյուղը այնպես ցնցեց Զազունյանի էությանը, որ նա մինչև անգամ գունւստվեց:

Լուռ բարևելով Զազունյանին, Էմման լուռ նստեց գահավորակի վրա: Զազունյանը նույնպես լուռ նստեց նրա մոտ աթոռի վրա:

Կարճ ժամանակ երկուսն էլ լուռ էին: Այդ լռությունն ավելի ևս կրկնապատկում էր Զազունյանի երկյուղը: Նա բոլորովին մոռացավ, թե ինչի համար էր եկել և անհամբերությամբ սպասում էր, թե ինչ պետք է ասի Էմման, կարծես թե այն, ինչ որ պետք է ասեր Էմման, նրա մահու և կյանքի խնդիրը պետք է լուծեր:

Հոնքերը կիտած և աչքերը վայր թողած՝ Էմման նստած էր անշարժ, նա ոտից գլուխ սառնություն էր արտահայտում: Զազունյանն անթարթ նայում էր նրա դեմքին և կարծում էր, թե մինչև անգամ չի շնչում:

Ինչո՞ւ ինձնից ծածկում էիք այն, ինչ որ ամենից առաջ ինձ էիք պարտական հայտնելու, — հանգիստ ձայնով և առանց շտապելու ասաց վերջապես Էմման, — շարունակ նայելով իր ծնկներին:

Զազունյանի երկյուղը զարմանքի փոխվեց:

Ի՞նչը Էմմա, — հարցրեց նա:

Այն, ինչ որ Զաքարին երեկ առավոտյան հայտնել էիք:

Զազունյանը ցնցվեց, նա հասկացավ, թե ինչ է ուզում ասել Էմման:

Մի՞թե Զաքարը ձեզ այդ մասին հայտնել է, — հարցրեց նա:

Այո, բայց այդ դո՛ւք պետք է հայտնեիք:

Եվ կհայտնեի:

Ոչ, վա՛ղ պետք է հայտնեիքայն գիշերն ևեթ, երբ ես եկա ձեզ մոտ... հենց թեկուզ երեկ, երբ դուք ինձ մոտ էիք, որովհետևդուք հասկանո՞ւմ եք ինձ, ես ձեզ սիրում եմ և չեմ ուզում, որ դուք ինձ համար մութ և անհասկանալի լինեք, որ ինձնից գաղտնիքներ ունենաք,.. Այդ ինձ շատ է բարկացնում:

Ներեցեք ինձ, Էմմա, — ասաց Զազունյանն, անհամարձակությամբ առնելով նրա ձեռքերը: — Հավատացեք, իմ նպատակս բոլորովին այն չի եղել, որ ձեզնից որևէ գաղտնիք ունենամ, այլ այն, որ այդ անցքն ես ինքս ուզում էի մոռանալ, ջնջել առմիշտ հիշողությունիցս և առավել ևս ուզում էի չհայտնել ձեզ այդ, որովհետև գիտեիգիտեի որմի խոսքով` չէի ուզում, որ այդ տգեղ անցքը դուք գիտենայիք:

Տգե՛ղ անցքը, — դառն մտախոհությամբ ասաց Էմման: — Դուք սիրո՞ւմ էիք ձեր կնոջը, — հանկարծ հարցրեց նա, գլուխը բարձրացնելով և նայելով նրան:

Ես իմ ողջ կյանքիս մեջ մի անգամ եմ սիրել, և այն էլ ձեզ, — պատասխանեց Զազունյանը:

Ոչ, ես ձեր կնոջն եմ ասում:

Ես նրան սիրում էի իբրև կնոջս և զավակիս մորը:

Իբրև կնոջը և զավակի մորը, — դարձյալ մտախոհությամբ արտասանեց Էմման և կարճ ժամանակ լռեց: — Եվ մեղադրո՞ւմ եք նրան, որ նա թողեց ձեզ և սիրեց Զագորսկուն, — նորից հարցրեց նա:

Ոչ, — պատասխանեց Զազունյանը:

Էմման աչքերը չռեց:

Հապա՞, — հարցրեց նա:

Ես մեղադրում եմ Զագորսկուն, թեև, իհարկեկնոջ վրա էլ ընկնում է հանցանքը: Զագորսկին իմ ընկերս էր՝ ինչ նշանակությամբ որ ուզում եք վերցրեք այդ, և նա չպետք է դավաճաներ ինձ...

Բայց ձեր կինն առավել ևս չպետք է դավաճաներ ձեզ, քանի որ ձեր օրինավոր կինն էր, ընկերից էլ ավելի էր ձեզ համար, — տալով ասաց Էմման:

Ոչ, կնոջը դարձյալ ներելի է, որովհետև կինը թույլ արարած է: Շատ անգամ հասարակ տպավորությունը նա սիրո տեղ է ընդունում և այդ պատճառով սխալանքի մեջ է ընկնում, բայց տղամարդին այդ երբեք ներելի չէ, որովհետև նա ավելի հեռատես և փորձված է: Փոխանակ օգուտ քաղելու կնոջ թուլությունից, նրա պարտականությունն է վեհանձնորեն հեռանալ նրանից, հիշեցնելով նրան նրա ամուսնական պարտականությունները:

Եվ Զազունյանը այդ նյութի մասին երկար խոսելով, կամաց-կամաց իրեն մեջ ձգեց, և ասաց, որ ինքը չկամենալով իր գաղափարին հակառակ գնացած լինել, պարտավոր է թողնել Էմմային և հեռանալ, որ ինքը պարտավոր է հիշեցնել Էմմային ամուսնական պարտականությունները:

Էմման նստած էր բոլորովին անշարժ, նա լսում էր Զազունյանին առանց ձայն-ծպտուն հանելու: Նրա ամբողջ էությունը մի տեսակ մեռելային հանգստություն էր տիրել, միայն գունատ դեմքի վրա մի տեսակ մեղմ, դառն ժպիտ էի խաղում, որ լավ բան չէր գուշակում, և Զազունյանն զգում էր այդ, զգում էր և, զարմանալի է, տեսնում էր, որ իր խոսքերը մի տեսակ կեղծ են, սրտից չեն բխում, գուցե և սխալ են և չունեն այն ուժը, որ համոզեն Էմմային, և այդ բանը Զազունյանին ամոթ էր պատճառում: նա այլևս չկարողացավ շարունակել, հանկարծ լռեց և երկյուղով սպասում էր, թե Էմման ինչ պետք է պատասխանի իրեն:

Էմման լուռ էր: Օտարոտի մեղմ ժպիտը չէր հեռանում, նրա դեմքից:

Էմմա, մի՞թե ինձ հետ համաձայն չես, — իրեն ուժ տալով, կամաց հարցրեց Զազունյանը և կամաց թեքվեց դեպի նրա դեմքը:

— «Ահա, զարկում եմ այս ապառաժին, ուզում եմ ջուր՝ ջուր, այրող ծարավս կոտրելու համարնա ինձ տալիս է բորբոքված ոսկի», — վերջապես մտախոհությամբ հազիվ լսելի ձայնով արտասանեց Էմման Շիլլերի Փիլիպոս թագավորի խոսքերը և գլուխը դառնությամբ շարժեց: — Չոր է, չոր է, պարո՛ն Զազունյան, — ասաց նա, դեմքը կամաց դեպի նա դարձնելով: — Գուցե շատ ճշմարիտ, շատ խելոք են ձեր ասածները, բայց... այստեղ, այստեղ (նա ձեռքը դրեց իր կրծքին)... այստեղ մի բան կա, որ համաձայն չէ: Ունի՞ք արդյոք դուք այդ «մի բանը»... աստված գիտե:

Զազունյանը բոլորովին ստորացած` նայեց նրան:

Էմմա, ինչո՞ւ ես ինձ այդպես վիրավորում, — մեղմ հանդիմանությամբ ասաց նա:

Օ՛հ, եթե գիտենաք, թե ո՛վ ո՛ւմն է վիրավորում.

Ուզում ես ասել՝ ե՞ս եմ քեզ վիրավորում:

Բավական է, — հանկարծ, կարծես շնչասպառ լինելով, արտասանեց Էմման և վեր կացավ տեղից: — Օ՛հ, այդպես շո՛ւտ հիասթափվել, — սաստիկ հուսահատությամբ բացականչեց նա, և նրա ձայնը դողաց: Նա գնաց նստեց գահվորակի վրա և դեմքը ծածկեց ձեռքերով:

Զազունյանը կատարելապես մեռելի գույն ստացավ:

Էմմա՛, մի՛ սպանիր ինձ, — կանչեց նա և խենթի նման վեր թռավ տեղից: — Է՛մմա:

Էմման լուռ էր:

Է՛մմա, — հուսահատական աղերսանքով կրկնեց Զազունյանը: — Դու ինձ բոլորովին չես խղճում:

էմմայի ուսերը ցնցվեցին:

Դու ինձ ստորացնում ես, — շարունակեց Զազունյանը , — դու ինձ հողի հետ ես հավասարեցնում նրա համար միայն, որ ես խղճիս ձայնը լսելով, չեմ ուզում մոռացած լինել ընկերական պարտականությունս և իմ միակ, իմ անգին երջանկությունս ուզում եմ զոհ բերել դրան:

Միևնույն ժամանակ զոհ բերելով և ուրիշի միակ երջանկությունը, իմ երջանկությունը, — ցնցողաբար հեկեկալով հազիվ կարողացավ արտասանել Էմման:

Զազունյանը տանջանքով նայեց նրան: Նրա սիրտը պատըռվում էր:

Ուրեմն ի՞նչ անեմ, ինքդ ասա, — հուսահատությամբ կանչեց նա: — Ցույց տուր ինձ մի ճանապարհ, ուղիղ ճանապարհ այս սարսափելի քաոսից դուրս գալու համար:

Ես ոչ մի ճանապարհ չգիտեմ... ես միայն այն գիտեմ, որ դու ինձ տանջում ես, սոսկալի կեպով, տանջում ես...

Եվ Էմման դեմքը ձեռքերով ծածկած՝ խոնարհվեց ծնկների վրա. հեկեկանքից նրա ամբողջ մարմինն վեր ու վար էր թռչում:

Զազունյանը զգաց, որ մի բան իր սրտից հանկարծ վեր նետվեց և սկսեց խեղդել կոկորդը: Նա ամուր սեղմեց շրրթունքները և մի րոպե ոչինչ չկարողացավ ասել:

Էմմա, մի՞թե չես կարող մեր դրության վրա փոքր-ինչ զգաստ հայացքով նայել, — ըստ երևույթի շատ անհանգիստ ձայնով վերջապես ասաց նա: — Մի՞թե դու չես հավատում, որ մեզպեսների համար երկնային պատուհաս կա:

Էմման հանկարծ նստեց ուղիղ և արտասվալից աչքերն ու դողդոջուն ձեռքերը վերև տարածեց:

Օ՛, երկինք, տուր ինձ այդ պատուհասը, եթե ես մեղավոր եմ, բացականչեց նա: — Ես ամենայն հպատակությամբ կտանեմ այդ պատուհասը, եթե միայն դրանով մեղքս քաված կլինեմ: Բայց աստված, դու գիտես, որ ես մեղավոր չեմ:

Զազունյանն անշարժ կանգնած՝ հոնքերի տակից նախ մռայլ հայացքով նայեց նրա տանջված, արտասվալից աչքերին և, կարծես սաստիկ հոգնած, նստեց աթոռի վրա. նա այլևս ոչ մի խոսք չգտավ ասելու:

Հանկարծ Էմման վեր թռավ տեղից, վազեց դեպի նա և չոքեց նրա առջև:

Արսենկանչեց նա անհուն, հուսահատ սիրով գրկելով նրա մեջքը: — Եթե դու ինձ ու քեզ իսկապս մեղավոր ես համարում և հավատում ես, որ դրա համար երկինքը մեզ պատուհաս կուղարկե, մի՛ վախենար այդ պատուհասից: Ես ամենայն պատրաստակամությամբ քեզ համար իմ գլուխս կխոնարհեմ այդ պատուհասի առջև, բայց նույնը և դու ինձ համար: Մի՞թե այդ պատուհասի փոխարեն ես չեմ կարող քեզ գեթ մի չնչին երջանկություն տալ, որ ամեն բանից թանկ լինի քեզ համար: Ես կին եմ, Արսեն, մի թույլ, մի փխրուն արարած, որ եթե մի ուժ, մի միջոց ո՛ւնի ապրելու և երջանիկ լինելուայդ նրա սիրտն է. մի՛ փշրիր այդ սիրտը: Ես քեզանից ոչի՛նչ եմ ուզում, Արսեն, միայն մի՛ հեռանար ինձնից: Աստված է վկա, ես չեմ կարող ապրել, եթե դու հեռանաս, ի՞նչպես կարող եմ, ինքդ ասա, ի՞նչպես կարող եմ, քանի որ սիրտս, հոգիս, ամբողջ Էությունս անդառնալի կերպով քեզ եմ նվիրել: Ա՛խ, Արսեն, տեսնո՞ւմ ես` ինչպես եմ աղերսում, քեզնից է միայն կախված ինձ երջանիկ անել, մի՛ զրկիր ինձ այդ ողորմությունից: Ինչո՞ւ ես լռում, մի բան ասա, մխիթարիր ինձ, տեսնո՞ւմ ես, ինչպես եմ տանջվում:

Զազունյանը քնքշությամբ գրկեց նրան և վեր կացրեց:

Էմմա, — արտասանեց նա միայն:

Այդ մի բառն այնպիսի քնքշությամբ, սիրով, անձնվքւրությամբ էր արտասանված, որ Էմման շատ բան զգաց, հասկացավ դրանից և գոհ մնաց: Նա իր սիրուն գլուխը կամաց դրեց նրա կրծքի վրա և արտասվալից աչքերն անհուն երջանկությամբ ձգեց նրա աչքերին:

Կամ երկնային պատուհաս, կամ երջանկությո՞ւնհազիվ լսելի ձայնով հարցրեց նա:

Կամ երկնային պատուհաս, կամ երջանկություն, — կարծես երազի մեջ արտասանեց Զազունյանը և աչքերը փակելով, շրթունքը կամաց սեղմեց նրա սպիտակ ճակատին:

38

Էմմայի վռնդելո՛ւց հետո Աննան ստիպված էր այլևս չգնալ նրանց տուն: Նույն անկեղծ և նույն ջերմ զգացմունքով սիրելով իր վաղեմի ընկերուհուն, նա բոլորովին չէր նեղանում Էմմայի մինչև այդ աստիճան հասցրած կոպիտ վարմունքից, որովհետև այդ բանում մեղավորը ոչ թե նրան էր համարում, այլ իրեն: Ինչո՞ւ որովհետև նա շատ անտակտ, շատ անմիտ կերպով էր վարվել Էմմայի հետ. շատ լավ հասկանալով, թե ինչպիսի համարյա ինքնամոռացության հասցրած զգացմունքով սիրում է Էմման Զազունյանին և կամենալով հեռացնել նրան այդ սխալ ճանապարհից, նա բոլորովին չէր մտածել, թե ինչպես վարվի նրա հետ, որպեսզի հասնի իր նպատակին: Փոխանակ գուրգուրելու նրան, ինչպես երեխայի, փոխանակ սիրով և քաղցրությամբ հասկացնելու նրան գործի դրությունը, որպեսզի այդպիսով հարկավոր թելերը բռնած ունենա իր ձեռքում, նա չկարողանալով զսպել իր տաքարյուն բնավորությունը, ուղղակի հենց առաջին քայլից հարձակվեց նրա վրա համարյա բռնի միջոցներով: Այդ դեռ բավական չէր. նա գործը փչացրեց գլխավորապես այն բանով, որ չափից դուրս կատաղելով Զազունյանի դեմ, հենց ուղղակի իրենԷմմայի մոտ նրա հասցեին շատ վատ ածականներ սկսեց շռայլել: Այդ արդեն չափից դուրս էր: Էմման ի՛նչ ներեր, չներեր նրան, այդ բանն արդեն ոչ մի կերպ չէր կարող ներել: Նա այնպիսի գաղափար չէր կազմել Զազունյանի վրա և այնպես չէր սիրում նրան, որպեսզի սառնասրտությամբ կարողանար լսել նրա մասին որևէ, թեկուզ հենց ամենաաննշան վատ խոսք, Աննան այդ հետո հասկացավ, բայց արդեն ուշ էր, էլ ոչ մի կերպ չէր կարելի ձեռք բերել Էմմայի առաջվան սերն ու վստահությունը, մանավանդ որ նա կասկածում էր, թե Աննան նախանձում է իրեն Զազունյանի վերաբերությամբ և միայն այդ նախանձից դրդված է գործում: Էմման այժմ ուղղակի ատում էր նրան, սակայն ատում էր չհասկանալով նրան: Այդ ավելի դառն էր Աննայի համար, որ մի րոպե անգամ չէր դադարել նրան առաջվա նման սիրելուց: Նա այժմ առավել ևս տանջվում էր այն գիտակցությունից, որ Էմման իր կույր սիրով իրեն անդունդ կգլորի: Ինչպե՛ս նա ցանկանում էր ուղղել իր սխալը... բայց մի՞թե այլևս ոչ մի հույս չկա, մի՞թե իսկապես Էմման անդառնալի կերպով կորած է նրա համար, մի՞թե այլևս չի կարելի նրան մոտենալ... Ի՞նչ անենք թե նա վռնդել է նրան իր տնից, այդ անելիս նա այնպիսի դրության մեջ էր, որ իր արածն ինքն էլ չէր հասկանում, ուրեմն մի՞թե դրանից պետք է հուսահատվել, գուցե նա այժմ զղջում էլ է, որ իր վաղեմի ընկերուհու հետ այդպես է վարվել: Ինչո՞ւ չփորձի, չգնա նրա մոտ: Գուցե այժմ ամեն ինչ կարելի է ուղղելԱվելի լավ չէ՞, որ փորձի:

Ներքուստ մի բան հանգիստ չէր տալիս Աննային: Նա չէր կարողանում հաստատապես և միանգամից վճռել՝ գնա՞ Էմմայի մոտ, թե ոչ: Վերջապես վճռեց, որ գնա: Ինչ կլինի, թող լինի: Ամբողջ երկու շաբաթ էր, ինչ նա ոտք չէր դրել Մարկոսյանների տուն: Մի օր, կեսօրից առաջ, նա գնւց:

Հենց ուզում էր քաշել Մարկոսյանների տան դռան զանգակը, երբ հանկարծ դուռը բացվեց, և այնտեղից դուրս եկավ Զազունյանը:

Աննան բոլորովին չէր սպասում նրան: Նրա լուրջ դեմքը և ցիլինդրը տեսնելուն պես՝ բոլոր մաղձը շարժվեց նրա սրտում:

Ա՛, պ. Զազունյան, — երկարացրեց նա մի կասկածավոր հայացք ձգելով նրա վրա և սեղմելով նրա ձեռքը: — Դուք դեռ այստեղ եքդեռ անցյալ շաբաթ, կարծեմ, ուզում էիք հեռանալ այստեղից:

Զազունյանը բոլորովին չշփոթվեց, ինչպես սպասում էր Աննան. ընդհակառակն՝ նա համարձակ, մինչև անգամ խիստ հայացքով նայեց նրան:

Այո տիկին, — պատասխանեց նա սառնությամբ, — պետք է հեռանայի, բայց... մի քանի հանգամանքներ արգելք եղան:

Հա՛, — ակամա խորհրդավոր եղանակով երկարացրեց Աննան, ավելի խոր նայելով նրա աչքերին: — Բայց դարձյալ երկա՞ր եք մնալու այստեղ, — հարցրեց նա:

Չգիտեմ... հայտնի չէ, — առավել ևս սառնությամբ և այս անգամ առանց նրան նայելու պատասխանեց Զազունյանը: Նա չսեղմեց Աննայի ձեռքը, միայն ցիլինդրը վերցրեց, գլուխ տվեց նրան և հեռացավ:

Աննան ակամա նայեց նրա ետևից:

«Ի՛նչ սիրուն է անիծածը», մտածեց նա և ներս մտավ: Սանդուղքի գլխին տեսավ Էմմային, որը, ինչպես երևում էր, վերևից նայում և լսում էր նրանց: Նա բարձրացավ Էմմայի մոտ այն ժամանակ, երբ Էմման, կարծես նոր ուշքի գալով, հանկարծ դարձավ և, առանց նրան նայելու և ձայն հանելու, ուզում էր հեռանալ: Աննան անհամարձակությամբ կտրեց նրա առաջը:

Բարև, Էմմա, — ասաց նա, չհամարձակվելով ձեռք տալ նրան:

Բարև, — սառնությամբ պատասխանեց Էմման, նայելով հատակին:

Աննան շատ զղջաց, որ եկավ, բայց էլ ոչինչ չէր չինի:

Ներիր, որ ես դարձյալ անհանգստացնում եմ քեզ, չնայելով որ դու ինձ արգելել ես ձեր տուն գալ, — ասաց նա: — ես եկել եմ... Արամիկի համար... նրան շատ կարոտել եմ: Թո՞ւյլ կտաս, որ տեսնեմ նրան:

Արամիկն այժմ այստեղ չէ. նրան ուղարկել եմ զբոսանքի, — նույն սառնությամբ պատասխանեց Էմման:

«Ա՛, նրան հեռացնում է տնից, որ արգելք չլինի իր սիրահարական տեսակցություններին», մտածեց Աննան և շատ վատ հայացքով նայեց նրան:

Կարո՞ղ եմ նրան սպասել, — հարցրեց նա.

Ինչպես կամենում ես, — ասաց Էմման և առանց շտապելու հեռացավ դեպի իր սենյակը:

Աննան երկար ժամանակ նայեց նրա ետևից:

Վա՛յ, Էմմա, վա՛յ, Էմմա, այդ ի՛նչ ես անում, — սարսափած և սաստիկ խղճահարված շշնջաց նա:

Քառորդ ժամից հետո եկավ Արամիկն աղախնի հետ:

Ո՞րտեղ էիր, սիրելիս, — հարցրեց Աննան:

Պարտեզում, — պատասխանեց Արամիկը:

Պարտեզում ի՞նչ էիր շինում:

Խաղում էի:

Ո՞ւմ հետ:

Երեխաների հետ: Այնտեղ շատ երեխաներ են գալիս, համ ինձնից մեծ, համ ինձնից փոքր, իմ չափ էլ կան:

Ամե՞ն օր ես գնում խաղալու:

Այո, մաման ամեն օր ուղարկում է խաղալու:

Հետո՞, այսքան ժամանակ խաղա՞լ կլինի: Շատ ժամանակ է, չէ՞, որ գնացել էիք պարտեզ:

Այո, շատ ժամանակ է:

Հետո ինչո՞ւ այսպես ուշ եք տուն գալիս:

Ի՞նչ անեմ, մաման ասում է, որ կեսօրից առաջ տուն չգանք:

«Խե՛ղճ երեխա, խե՛ղճ երեխա», մտածեց Աննան, անհուն խղճահարությամբ նայելով նրա անմեղ աչքերին, որոնք հիշեցնում էին մոր գեղեցիկ աչքերը:

Արամիկ, կգա՞ս, քեզ տանեմ մեր տուն, — հարցրեց նա:

Եթե մաման կթողնի, ինչո՞ւ չեմ գա, — պատասխանեց երեխան:

Ես իսկույն մամային կասեմ, — ասաց Աննան և գնաց դեպի Էմմայի սենյակը: Նա ներս չմտավ և դռան ճեղքից կանչեց է՛մմա:

Ի՞նչ է, — լսվեց ներսից Էմմայի ձայնը:

Չե՞ս թույլ տա Արամիկին մի-երկու օրով տանեմ ինձ մոտ, — հարցրեց Աննան:

Խնդրիր Զաքարին, եթե թույլ կտա, տար:

«Ո՛չ, չեմ տանի», ինքնիրեն ասաց Աննան կատաղած: «Թող այդ երեխան միշտ աչքի առջևը լինի և գոնե դրա անմեղությունը զարթեցնի նրա խիղճը, տանջի, չարչարի նրան»...

Նա գնաց Արամիկի մոտ:

Սիրելիս, այսօր կաց, ես քեզ ուրիշ անգամ կտանեմ, հա՞, — ասաց նա:

Երբ որ կտանեք, ես այն ժամանակ կգամ, — պատասխանեց երեխան:

Աննան այլևս երկար չմնաց և գնաց:

«Գնա՛, թշվառական, գնա՛, գլորվիր կորստյան անդունդը, խրվիր ցեխի մեջդու արժանի ես դրան, երբ ինքդ հեռացնում ես քեզնից քո անկեղծ բարեկամներին: Այն սրիկան քեզ լավ է գտել, այլևս քեզ խղճացող չկա», սաստիկ վիրավորված սրտով ասաց նա և այդ օրից արդեն իսկապես ոտը կտրեց Մարկոսյանների տանից:

39

Անցավ մոտ մի ամիս:

Աննան մի քանի մանր-մունր բաներ գնած` փողոցից վերադառնում էր տուն: Ճանապարհին պատահեց նրան Զաքարը, որ կառքով ուր-որ գնում էր նա տեսավ Աննային, կառքն իսկույն կանգնեցնել տվեց, շտապով իջավ և վազեց դեպի նա:

Տիկին Աննա, — բացականչեց նա: — Ինչքա՛ն ուրախ եմ, որ պատահեցի ձեզ: Այս րոպեին մտածում էի, որ տուն հասնելուց պես ծառային ուղարկեմ ձեզ կանչելու: Այս ի՞նչ է պատահել, ինչո՞ւ դուք մեզ մոռացել եք: Զարմացել, ապշել եմ, թե այդ ի՛նչ տարաձայնություն է եղել ձեր և Էմմայի միջև, որ դուք այլևս չեք ուզում մեր տուն գալ: Ես խո գիտեմ, որ դուք կռվել եք միմյանց հետ:

Ի՞նչ եք ասում, ո՞վ է կռվել, — զարմացած և վախեցած ասաց Աննան:

Գիտեմ, գիտեմ, ինձնից իզուր մի՛ ծածկեք, ասաց Զաքարը հառաչելով: — Կռված որ չլինեք, այդպես հեռու չեք փախչի մեզանից: Բայց թե աստված կսիրեք, տ. Աննա, ասացեք, ի՛նչ է պատահել: Այն օրից, ինչ դուք հեռացել եք մեր տնից, Էմման էլ իր հալին չէ...

Ի՞նչ է, ի՞նչ է պատահել, — վախեցած հարցրեց Աննան:

Ոչ, մի վախենաք, հիվանդ չէ, այլ... մի շատ տարօրինակ դրության մեջ, ո՝ր ինձ բոլորովին զարմացրել է: Երևակայեցեքամբողջ օրը փակված է իր սենյակում, ոչ ինքն է այնտեղից դուրս դալիս, ոչ ինձ է ուզում ընդունել: Հարցերիս մի այնպիսի չոր ու ցամաք պատասխաններ է տալիս, որ կարծես աշխարհիս բոլոր թշվառությունն ես նրա գլխին եմ թափել: Էլ ոչ տանն է նայում, ոչ այն խեղճ երեխային: Ինչո՞ւ, ի՞նչ է պատճառը, ի՞նչ է պատահում նրան, Էմման այդպե՞ս... ախր անհավատալի է, ես ճանաչում եմ Էմմային, նա չի կարող այդպես լինել... բայց ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ... Չգիտեմ, ճշմարիտ, ինչ անեմ, ես բոլորովին հուսահատվել եմ:

Աննան խղճահարությամբ նայում էր նրան: Նրան թվում էր, թե այդ ուրախ և անհոգ մարդն այդ մի ամսվա մեջ մի քանի տարով ծերացել է:

«Խե՛ղճ մարդ, եթե գիտենաս, թե ինչ է պատճառը», մտածեց նա:

Հենց հիմա տուն հասնելուն պես ուզում էի ուղարկել ձեր ետևից, որպեսզի խոսեմ ձեզ հետ այդ մասին, — շարունակեց Զաքարը: — Ես գիտեմ, որ ձեզ անպատճառ հայտնի պետք է լինի, թե ինչ է պատահում Էմմային, որովհետև, կրկնում եմ, այն օրից, ինչ դուք հեռացել եք մեր տնից, նա այդպես դառավ. ուրեմն ես կարծում եմ, որ այդ բանը մեծ կապ պետք է ունենա ձեր տարաձայնության հետ: Խնդրում եմ, աղաչում եմ, տ. Աննա, ասացեք ինձ ճշմարիտը, ինչո՞ւ է Էմման այդպես փոխվել: Գիտե՞ք ինչ եմ կարծում, — կամաց, կարծես մեծ ջանք անելով, արտասանեց նա, կարճ լռությունից հետո: — Ես կարծում եմ... որ նա... անտարբեր չէ դեպի... Զազունյանը: Նա ցնցվեց և համարյա սարսափած հանկարծ նայեց Աննայի դեմքին:

Следующая страница