Նար-Դոս՝   Զազունյան

Աննան սաստիկ վախեցավ և շփոթվեց:

Ի՞նչ եք ասում, ի՞նչ, — կանչեց նա:

Հապա՞, հապա՞, ճշմարիտ չէ՞, — անհամբերությամբ հարցրեց Զաքարը:

Աննան այս անգամ իրեն սաստիկ զարմացած ձևացրեց:

Պարոն Զաքար, այդ դո՞ւք եք, — ասաց նա: — Մի՞թե Էմմայի վերաբերմամբ կարելի է այդպիսի կասկածներ տանել: Ամոթ է: Հավատացեք, ես այդ բոլորովին չէի սպասում ձեզնից, ոչ, չէի սպասում: Էմմայի տեղ դուք ի՛նձ վիրավորեցիք, ի՞նչպես կարելի է:

Ի՛նչ անեմ, տ. Աննա, որ կան բաներ, որոնք հաստատում են իմ այդ կասկածը, — հուսահատությամբ ասաց Զաքարը:

Լռեցեք, թե աստված կսիրեք, ես ձեզ չեմ կարող լսել: Ես զարմանում եմ, թե ինչպես դուք ձեզ համար ստորություն չեք համարում այդպիսի կասկած տանել Էմմայի վրա, մարդ ու կին այսքան տարի հաշտ ու սիրով ապրել եք միմյանց հետ, իսկ հիմա հանկարծանտարբեր չէ դեպի Զազունյանը... ի՛նչ լավ գնահատում եք կանանց:

Տե՛ր աստված... Հապա ի՞նչ անեմ, ի՞նչ:

Հապա ի՞նչ անեմ, ի՞նչ, — ծաղրեց Աննան: — Այն արեք, որ տղամարդ եղեք և ոչ թե երեխա: Դուք ինքներդ երեխայություններ եք անում և դեռ նեղանում եք, որ ձեզ երեխայի տեղ են դնում: Ապա այդ ի՞նչ կասկածելու բան է, որ կասկածում եք: Չե՞ք ճանաչում էմմային, չե՞ք ճանաչում հենց իրենԶազունյանին, որ նրա վրա էլ մի այդպիսի ստվեր եք ձգում: Դուք ինքներդ ձեր բերանով գովում եք նրան, երկինք եք բարձրացնում և հանկարծմի այդպիսի կասկած... հետևողական եղեք, պ. Զաքար:

Ճշմարիտ է, ես հիմա էլ չեմ ուզում հավատալ, թե նրանց մեջ մի այդպիսի բան կարող է լինել, Էմման հիմա էլ նույնն է իմ աչքում, ինչ որ առաջ, Զազունյանի մասին հիմա էլ նույն գաղափարն ունեմ, ինչ որ առաջ, բայց... ախր բանե՛ր կան, տիկին Աննա, բանե՛ր կան..

Աննան նեղն ընկավ: Իհարկե, նա չէր կարող հայտնել նրան իսկական պատճառը և ակամա պետք է սուտ ասեր:

Չգիտեմ ճշմարիտ... ես ի՞նչ կարող եմ գիտենալ, — ասաց նա:

Չէ, չէ: Դուք գիտեք, դուք անպատճառ գիտեք, մի՛ ծածկեք ինձնից:

Հավատացեք, պ. Զաքար, ես ոչինչ չգիեմ, թե չէ ինչո՞ւ պետք է ծածկեմ:

Չէ, չէ, դուք կարող եք ծածկել. — այնպիսի բան կարող է լինել, որ ակամա ստիպված կլինեք ինձնից ծածկելու: Բայց հավատացեք, տ. Աննա, որ դուք, հայտնելով, ինձ ավելի մեծ լավություն արած կլինեք, քան թե ծածկելով: Ախր դուք չգիտեքնա ձայնը ցածրացրեց, թե ինչ է նշանակում անդադար տարուբերվել կարծիքների և կասկածների մեջ... դրանից ուղղակի կարելի է խելագարվել, հավատացեք, կարելի է խելագարվել... մի՛ ծածկեք, ասացե՛ք, թե աստված կսիրեք, ասացեք:

Ինչո՞ւ չեք ուզում հավատալ, որ ես ոչինչ չգիտեմ, պ.Զաքար:

Զաքարը մեղմ հանդիմանությամբ նայեց նրան:

Ուրեմն Էմմայի փոփոխությունը ձեր տարաձայնության հետ ոչ մի կա՞պ չունի, — հարցրեց նա:

Ոչ մի:

Չունի՞:

Չունի:

Խաբում եք:

Դուք ինձ վիրավորում եք, պ. Զաքար:

Հապա ի՞նչ է ձեր. տարաձայնության պատճառը:

Մի հին վեճ, որ անսպասելի կերպով նորոգվեց:

Ի՞նչ վեճ:

Ներեցեք, այդ չեմ կարող ասել:

Զաքարը հառաչեց:

Է՛հ, տ. Աննա, ինչպես ամենքդ ինձ երեխայի տեղ եք դնում, — ասաց նա: — Ես հարգում եմ ձեր բարեսրտությունը դեպի ինձ... Բայց ախր ես տանջվում եմ, — նա դարձյալ ցածրացրեց ձայնը, — սաստիկ տանջվում եմ... Դուք չգիտեք... կասկածներն ինձ հանգիստ չեն տալիս...

Նա այլևս ոչինչ չկարողացավ արտասանել և վշտահար հայացքով սկսեց նայել մի ուրիշ կողմ:

Դարձյա՞լ, — անհամբերությամբ ու խստությամբ կանչեց Աննան: — Պ. Զաքար, եթե այդ հիմար կասկածը ձեր գլխից իսկույն չհանեք, աստված է վկա, գիտեմ ձեզ ինչ կանեմ:

Հապա ի՞նչ անեմ, է՛, ի՞նչ, — կրկնեց Զաքարը տանջանքով: Ախր Էմման ուղղակի ատում է ինձ, զզվում է ինձնից... ես այդ տեսնում եմ... իսկ դուք գիտեք, թե ինչպես ես սիրում եմ նրան:

Գիտե՞ք ինչ կա, պ. Զաքար, — հանկարծ ասաց Աննան: — Դուք ձեզ համար հանգիստ կացեք: Հանգիստ թողեք Էմմային: Եթե նա չեք ուզում ձեր ներկայությունը, մի՛ մտնեք նրա մոտ և, եթե կարելի է, մինչև անգամ բոլորովին մի երեվաք նրա աչքին: Առժամանակ այդպես արեք, մինչև որ ես կտեսնեմ նրան և ամեն բան կուղղեմ: Հասկանո՞ւմ եք:

Ես ստրկի նման լսում եմ ձեզ:

Այդպես, դուք ամեն բան ինձ թողեք և ձեզ համար հանգիստ կացեք, գլխավորը՝ հանգիստ թողեք Էմմային: Ես շուտով կտեսնեմ նրան:

Ե՞րբ:

Շուտով, շատ շուտով,

Ավելի լավ չի՞ լինի, այսօր, հենց հիմա:

Չէ, պ. Զաքար, չէ, մի՛ շտապեք. շտապելով ոչինչ չի դառնա: Դուք ամեն բան ինձ թողեք, ես գիտեմ, թե երբ կտեսնեմ նրան: Առայժմ ցտեսություն:

Ցտեսություն, ասաց Զաքարը, ամուր սեղմելով նրա ձեռքը: Իմացած կացեք, տ. Աննա, որ կյանքովս պարտական կլինեմ ձեզ:

Ինձ ձեր կյանքը հարկավոր չէ, հանգիստ գնացեք տուն:

Եվ Աննան շտապով հեռացավ, բայց հինգ քայլ չարած, նա հանկարծ դարձավ և կանչեց Զաքարի ետկից, որ գնում էր կառքը նստելու:

Պ. Զաքար, վաղո՞ւց է, ինչ Զազունյանը հեռացել է:

Ո՞րտեղից է հեռացել, նա դեռ այստեղ է: — տխուր կերպով ասաց Զաքարը:

Դեռ այստե՞ղ է, — սաստիկ զարմացավ Աննան:

Զաքարը նայեց նրան և հառաչեց:

Տեսնո՞ւմ եք, — ասաց նա, — Դուք էլ եք զարմանում... ուրեմն

Պ. Զաքար, — ասաց նրան Աննան: — Դուք դարձյալ ձերն եք ասումայդ հիմար կասկածը, ասում եմ, հանեցեք ձեր գլխից: Ես զարմանում եմ նրա համար, որ նա ասում էր, թե շուտով հեռանալու է այստեղից է դեռ մինչև օրս այստեղ է:

Հա, ինչո՞ւ է այստեղ, ինչո՞ւ է այստեղշտապով վրա բերեց Զաքարը, և նրա բարի դեմքը շատ չար արտահայտություն ստացավ:

Ձեր կամքն է, երբ դուք ինձ չեք ուզում լսել: Ես այլևս ձեզ համար ոչինչ չեմ կարող անել: Մնացեք բարև, — ասաց դժգոհությամբ Աննան և ուզում էր հեռանալ:

Զաքարը շտապեց դեպի նա և պահեց նրան:

Էլ չեմ անի, տ. Աննա, էլ չեմ անի, — Մեղավոր երեխայի նման ասաց նա: — Ես, ահա, ամեն ինչ հանում եմ գլխիցս և ոչինչ չեմ ուզում գիտենալ, միայն թե դուք արեք այն, ինչ որ այս րոպեին խոստացաք:

Ուրեմն գնացեք ձեզ համար հանգիստ, հանգիստ ճաշեցեք և հանգիստ էլ քնեցեք: Գնացեք:

Ուրեմն... հույս ունենա՞մ:

Կատարելապես: Գնացեք:

Զաքարն անհուն շնորհակալությամբ կիկին անգամ սեղմեց նրա ձեռքը, և նրանք բաժանվեցին միմյանցից.

40

«Ա՛, ուրեմն դեռ այստեղ է այն սրիկան, դեռ այստեղ է այն անբարոյականը», — մտածում էր Աննան հեռանալով Զաքարից: «Դեռ շարունակում է ալեկոծել այս խեղճ մարդու տունն ու ընտանիքը... Ա՛խ, ոչինչ չեմ ուզում, միայն թե դրա դատաստանն ինձ տային: Եվ ի՛նչպես նրա լեզուն կրակ չէր դառնում և չէր այրում նրա բերանը, երբ ասում էրև ասում էր ի՞նչպեսոր մարդկությունը դեպի բարոյական վերածնություն է գնում... այն մարդկությունը, որ քեզպեսներից է բաղկացած, այ դու թափառական սատանա... Ահա թե անմեղ և միամիտ մարդկանց ինչպես են խաբում, ինչպես են խելքից հանում այդ կեղծավորները, այդ եզվիտները, այդ, այդ... գայլերը գառան մորթով... Ը՛հ, թե այս երկու օրն ես քո տն այստեղից չեմ կտրիկտեսնես, սի Զա... Զահրումանյան... Էմման ինձ մեղադրում էր, որ իբրև թե ես եկել, քեզ խայտառակել եմ, որ կորչես այստեղից, բայց հիմա կտեսնես, թե ինչպես կխայտառակեմ և ինչպես կվռնդեմ քեզ այստեղից... կտեսնես, կտեսնես...»:

Եվ նա մտքումը դրեց հետևյալ օրն ևեթ գնալ Զազունյանի մոտ: Նա գիտեր ո՛ր հյուրանոցումն է նա իջած:

Եվ գնաց:

Հյուրանոցի մուտքի մեջ կախած գրատախտակի վրա կարդալով Զազունյանի ազգանունը և նրա բռնած սենյակի համարը, նա բարձրացավ վերև: Երեկո էր: Զազունյանն այդ ժամանակ, նրա կարծիքով, տանը պետք է լիներ: Եվ իրավ, սենյակի դուռը բաց էր: Նա համարձակ ներս մտավ:

Զազունյանը նստած էր գրասեղանի առջև և ինչ-որ գրում էր. նա այնպես անձնատուր էր եղել գրությանը, որ փոքր-ինչ ուշ իմացավ, թե մեկը մտել է: Աստ երևույթին, միանգամից չկարողանալով իրեն պաշարած մտքերից սթափվել, նա նախ անմիտ հայացքով կամաց նայեց Աննային, հետո գրիչը վայր դրեց և մեքենայաբար վեր կացավ:

Աննան նրա մոտ գալիս էր բոլորովին կատաղած, բայց այժմ իր առջև տեսնելով նրան, ինքն էլ չիմացավ, թե ինչու փոքր-ինչ կակղեց: Սակայն, այնուամենայնիվ, նա դարձյալ սիրտ առավ:

Ես ինձ իրավունք եմ համարում, պարոն, — ասաց նա ուղղակի ներս մտնել ձեզ մոտ և անհանգստացնել ձեզ, որքան էլ ձեզ այդ կոպիտ և վայրենի վարմունք թվա: Ես ուրիշ կերպ չէի կարող անել, ես ստիպված եմ այսպես անել: Ես ուզում եմ խոսել ձեզ հետ մի բանի մասին:

Զազունյանն այս անգամ զարմացած նայեց նրան, կարծես նա նոր ուշքի եկավ:

Արդյոք չէի՞ք ցանկանալ նստել, տիկին, — ասաց նա, ցույց տալով բազկաթոռը:

Ոչ, շնորհակալ եմ, — այս անգամ արդեն խստաբար պատասխանեց Աննան: Զազունյանի ինքնավստահ սառնասրտությունը դարձյալ շարժեց նրա բոլոր մաղձը: — Ես շատ կցանկանայի իմանալ, պարոն, թե ինչո՞ւ դուք մինչև այսօր այստեղ եք, երբ վաղուց արդեն հեռացած պետք է լինեիք այստեղից, — ասաց նա, ամենայն համառությամբ նայելով նրա աչքերին:

Զազունյանը դարձյալ զարմացած նայեց նրան:

Իսկ ես շատ կցանկանայի իմանալ, տիկին, — ասաց նա, — թե ի՞նչ իրավունքով դուք իմ գլխին դատավոր եք կանգնում:

Աննան կատաղեց:

Այն իրավունքով, պարո՛ն, որով յուրաքանչյուր սրտացավ բարեկամի վրա սրբազան պարտականություն է դրվում պաշտպանել անմեղ ընտանիքների պատիվն ու անունը ձեզ պես անարժան ընկերներից, — կանչեց նա:

Զազունյանը մի րոպե ծայրահեղ ապշությունից սառած մնաց կանգնած տեղըայն աստիճան վայրենի թվացին այն բառերը, որ այդ կինն այնքան համարձակորեն շպրտեց իր երեսին: Հետո հոնքերը սաստիկ կիտեց և մի մռայլ հայացք ձգելով նրա վրա, նկատեց մի տեսակ խուլ ձայնով.

Տիկին, երևի դուք չեք հասկանում ձեր արտասանած բառերի իմաստը:

Ո՛չ, ես շատ լավ հասկանում եմ, պարոն, իմ արտասանած բառերի իմաստը և ուրիշ բառեր ես չունեմ ձեզ համար, որովհետև եթե դուք մարդկային հպարտություն և վեհանձնություն ունենայիք, չէիք անի այն, ինչ որ արդեն արել եք և շարունակում եք անել... Ձեզ պես մարդիկ չեն կարող և իրավունք չունին թրավորվելու այսպիսի խոսքերից, իսկ ես ուրիշ կերպ չեմ կարող ձեզ հետ խոսել:

Զազունյանն ավելի սաստիկ կիտեց հոնքերը, բայց հետո մի արհամարհական ժպիտ անցավ նրա շրթունքների վրայից:

Տիկին, իզուր դուք մոռանում եք, որ իմ տանս եք գտնվում և կին եք, — այս անգամ սառն հանդարտությամբ ասաց նա:

Սխալվում եք, պարոն, ես ձեր տանը չեմ գտնվում, այլ այն մարդու տանր, որ իրեն անկեղծաբար սիրողների և հավատ ընծայողների շրջանում «ազնիվ» և «առաքինի» մարդու հռչակ է հանել և որը քարոզում էր, թե մարդկությունը դեպի բարոյական վերածնություն է գնում: Հիշո՞ւմ եք այդ մարդուն: Ահա, ես այդ մարդու տանն եմ գտնվում այժմ, և դա իրավունք չունի ինձ այստեղից վռնդելու:

Զազունյանի դեմքին մի չարագուշակ ժպիտ երևաց, այդ ժպիտը սրտի խորին վրդովմունքն էր արտահայտում: Բայց նա լուռ մնաց:

Դուք մի ամբողջ ընտանիք թշվառացրիք, մի ընտանիք, որ այսքան ժամանակ ապրում էր հաշտ և սիրովխոսքն առաջ տարավ Աննան: — Ի՞նչ կա ավելի սրբազան, ավելի նվիրական աշխարհիս երեսին, քան ընտանիքը, և դուք, որ ամեն սրբության և նվիրականության պաշտպան և պաշտող էիք տալիս ձեզ, այդ ընտանիքի հիմքն ինքներդ քանդեցիք: Դուք ձեր բարեկամին, ձեր ընկերոջը դավա ճանեցիք, նրա հյուրասիրությոմւը ոտնակոխ արիք: Նա ամենայն անկեղծությամբ սիրում և հավատում էր ձեզ, իսկ դուք ինչո՞վ վարձատրեցիք նրան: Գիտեք, թե մի այնպիսի մարդու համար այդպիսի հիասթափությունն ինչ արժե... Դուք ինքներդ էիք ասում, որ յուրաքանչյուր մարդ խիղճ ունի, բայց ու՞ր է ձեր խիղճը:

Նա լռեց, բայց Զազունյանն սպասում էր նրա խոսքի շարունակությանը: Աննան զգաց, որ նրա լռության և հայացքի մեջ մի զորավոր բան կա, որ հաղթում է իրեն, այնուամենայնիվ նա շարունակեց.

Այժմ ես եկել եմ, պարոն, ձեզ հիշեցնելու, օր դուք, եթե իսկապես ազնիվ մարդ եք, կատարեք ձեր խոսքը և հեռանաք այստեղից: Ես այդ չեմ խնդրում ձեզնից, այլ ուղղակի պահանջում եմ, որովհետև դուք հասուն, խելոք մարդ եք և ոչ թե անմիտ երիտասարդ, և սերը չի կարող ձեզ արդարացնել: Մինչև հիմա ես ավելորդ էի համարում իմ միջամտությունը, բայց տեսա, որ սխալվել եմ: Ուրեմն՝ եթե ձեր մեջ մնացել է ազնվության գեթ մի նշույլ, խղճի գեթ մի կայծ, եթե դուք իսպառ չեք կորցրել մարդկային և ընկերական արժանապատվության զգացումը, ապա կլսեք ինձ և չարախնդությամբ հակառակ չեք գնա խոսքերիս: Ես կատարեցի իմ պարտքը, մնում է, որ դուք էլ կատարեք ձեր պարտքը:

Անշարժ կանգնած՝ Զազունյանը սաստիկ վրդովված լուռ նայում էր հատակին: Այդ միջոցին նրա դեմքն այնքան դաժան արտահայտություն էր ստացել, որ Աննան, լավ նայելով նրան, սարսափեց: Ասելիքը վերջացնելով, նա ուզում էր դուրս գնալ, բայց երկյուղից չկարողացավ տեղից շարժվել: Նա բնազգմամբ զգաց, որ Զազունյանը պատրաստվում էր խիստ հարձակում գործելու, և երկյուղից սրտատրոփ սպասում էր, թե ինչ է պատասխանելու իրեն:

Տիկին, — կարճ, ծանր լռությունից հետո ասաց Զազունյանը նույն խուլ, չարագուշակ ձայնով և շարունակ նայելով հատակին, — շատ ցավում եմ, որ դուք լավ չեք մտածել, թե ինչ բանի համար եք գալիս ինձ մոտ և այնպես չեք եկել, որովհետև դուք այնպիսի ծանր և անշնորհակալ պաշտոն եք հանձն առել, որ ես չգիտեմ, թե ինչ անուն տամ դրան... Բացի դրանից, ես երբեք չէի կարծի, որ դուք ձեր անձնական պատիվն ու հարգն այդ աստիճան քիչ կգնահատեիք, որ թույլ տայիք ձեզ մի այդպիսի անպատվաբեր միջնորդի դեր կատարելու... Սակայն պետք չէ որ զարմանամ, դուք մեր ծանոթանալու հենց սկզբից իմ դեմ թշնամական դիրք բռնեցիք և մինչև այսօր անդադար մութ անկյուններից հետամուտ էիք լինում ինձ վնասելու նպատակով, իսկ այսօր դուք արդեն սահմանն անցաք: Ես շատ լավ հասկանում եմ, թե ի՛նչ է ձեր իմ դեմ այդպիսի դիրք բռնելու պատճառը... Սակայն ես ձեզ այդ չեմ հայտնի ձեր հպարտությունը չվիրավորելու համար, բայց և այնպես դուք այդ հասկանում եք... Դուք աշխատում եք ձեր վարմունքը քողարկել այն բանով, օր իբր թե ձեզ առաջնորդում է դեպի ձեր ընկերուհին ունեցած հոգացողությունը, բայց իզուր չէր լինի, եթե մտածեիք, որ ես կարող եմ այնքան հիմար լինել, որ խաբվեմ դրանից: Հեշտ և լավ բան չէ, տիկին, երբ ուրիշի զգացմունքների հետ խաղում եք, մանավանդ այնպիսի զգացմունքների հետ, որոնք նրա համար շատ թանկ են. այդ կարող է ձեզ վնասել: Ընդունեցեք, որ նա, որի զգացմունքներին այդպես անմտածած կերպով եք վերաբերվում, կարող է հպարտություն ունենալ, իսկ հեշտ բան չէ, երբ այդ հպարտությունը վիրավորած կլինեք: Դուք ասում եք Զազունյանը ձայնը բարձրացրեց և առաջին անգամ իր դաժան հայացքով նայեց Աննային, թե ես դավաճանել եմ ընկերոջս, ոտնակոխ եմ արել նրա հյուրասիրությունը, թշվառացրել եմ նրա ընտանիքը.. ուստի ես իրավունք չունեմ վիրավորվելու ձեզնից, երբ դուք ուղղակի դիպչում եք իմ մարդկային արժանապատվությանը, շոշափում եք իմ պատիվը: Բայց ասացեք խնդրեմ (նա առջևը դրած աթոռը զսպած կատաղությամբ վերցրեց և աղմուկով մի կողմը քաշեց), ո՞ր մարդկային, ո՞ր բարոյական, ո՞ր իրավական, մի խոսքով, ո՞ր օրենքով դուք թույլ եք տալիս ձեզ ինքնակամ դատավոր կանգնելու մի այնպիսի գործի, որի վրա մի մազաչափ անգամ իրավունք չունիք: Դուք կարող եք ձեր ծանոթին, ձեր բարեկամին նրա, ձեր կարծիքով պախարակելի, վարմունքի առթիվ բարեկամական խորհուրդ տալ և այն` շատ զգույշ կերպով, բայց այդ վարմունքի վրա ինքնակամ անվերապահ դատավճիռ դնելդա ավելի է, քան ապօրինի գործ, ավելի է, քան բռնություն, այլ անուն չունի: Դուք մտե՞լ եք իմ սիրտս, հոգիս, ուղեղս, և գիտե՞ք, թե ես ինչ եմ զգում և ինչ մտատանջությունների եմ ենթարկված այն գործի մասին, որի վրա դուք այդպես հեշտ կերպով դնում եք ձեր vetoԼավ մտածեցեք և կտեսնեք, թե դուք այս մի քանի րոպեում ինչքան խոր կերպով վիրավորեցիք իմ ամենանուրբ, ամենանվիրական զգացմունքները և շնորհակալ կացեք իմ սառն բնավորությունից, որ ես կարողացա ինձ զսպել և համբերել, և այն հանգամանքից, որ դուք կին եք, ապա թե ոչ... ես պատասխանատու չէի կարող լինել իմ վարմունքի համար... մանավանդ այդ ճգնաժամին... Դժբախտաբար, ես ինձ ոչ մի կերպ պարտավոր չեմ զգում հայտնի իրողության համար ձեզ հաշիվ տալու, ապա թե ոչ, եթե բանայի ձեր առջև իմ սիրտը, կզարհուրեիք, գիտե՞ք դուք այս... Հարգել, հարգել պետք է, տիկին, ուրիշի զգացմունքները և եթե ուզում եք ուրիշի անձնական գործերին դատավոր կանգնել` պետք է հասկանաք նրան, ուղիղ, անսխալ կերպով հասկանաք, այնպես դուք վատ և վտանգավոր գործ կատարած կլինեք: Ես սոփեստություն չեմ անում, տիկին, և ոչ էլ միտք ունեմ ինձ արդարացնելու ձեր առջև, այլ ուզում եմ ձեզ հասկացնել, որ այսուհետև շատ և խիստ շատ զգուշությամբ վերաբերվեք ուրիշի անհատական զգացմունքներին, մինչև անգամ, եթե այդ ուրիշը ձեր ամենամոտ, ամենասրտակից բարեկամը լինի:

Նա լռեց և ջղային քայլերով սկսեց անցուդարձ անել սենյակում, բայց հանկարծ կանգ առավ և ավելացրեց.

Սակայն, այս լավ իմացեք, տիկին, որ ես երբեք չեմ ցանկացել, չեմ ցանկանում և հույս ունեմ, որ երբեք էլ չեմ ցանկանա ուրիշին այս կամ այն կերպ վնասել, լինի դա ընկերս, բարեկամս, թե մի օտարայդ միևնույն է ինձ համար: Իսկ եթե, հակառակ իմ կամքիս, չարագուշակ բախտը կստիպի ինձ չարիք գործել, ես այդ չարիքի դեմ առնելու համար ամենայն ինքնամոռացությամբ պատրաստ եմ կռվել այդ բախտի դեմ և, եթե հարկավոր է, նույնիսկ զոհ գնալ դրան... Կարո՛ղ եք բոլորովին հավատացած լինել, որ իմ բռնած կամ բռնելիք ընթացքիս համար ձեր խորհուրդների պետքը չեմ զգում, տիկին:

Եվ Զազունյանը նորից սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում:

Աննան կանգնած էր ինչպես մի մարդ, որի գլխին հանկարծ սառը ջուր են ածել: Զազունյանի բոլոր խոսակցության ժամանակ նա շարունակ սարսափած նայում էր նրա աչքերին, որոնցից կարծես կայծեր էին դուրս ցայտում, նա կպել էր պատին և նրան թվում էր, թե ինքը մի մրջյուն է Զազունյանի դիմացը, այնքան իրեն ճնշված, հոգով ճնշված էր զգում և այնքան մեծ էր Զազունյանը: Վերին աստիճանի անտանելի էր նրա դրությունը, երբ Զազունյանը լռեց: Նա ուզում էր դուրս փախչել այդ զարհուրելի սենյակից, բայց մի բանամո՞թ էր այդ թե այն գիտակցությունը, որ ինքը մեղավոր է Զազունյանի առջևստիպում էր նրան կաշկանդված մնալ իր տեղում: Սակայն հանկարծ նա մի շարժում գործեց, մի քայլ առաջ գնաց, ուզեց բան ասել, բայց ոչինչ չկարողացավ արտասանել և դուրս փախավ:

Զազունյանը ատամները սեղմած՝ հրացայտ աչքերով նայեց նրա ետևից, ատամների միջից ինչ-որ արտասանեց և ոտը այնպիսի անզուսպ ուժգնությամբ խփեց հանդիպած աթոռին, որ աթոռը մի քանի քայլ հեռու գլորեց հատակի վրա:

Սա մի կարճ միջոց անսովոր արագ քայլերով շարունակեց ետ ու առաջ անցնել սենյակում, հետո մոտեցավ գրասեղանին, նստեց, առավ գրիչը և ուզեց շարունակել գրությունը, բայց այն աստիճան վրդովված էր, որ չկարողացավ շարունակել, նա գրիչը վայր ձգեց, նորից վեր կացավ, ցիլինդրը ծածկեց և դուրս գնաց:

41

Աննան Զազունյանի սենյակից և հյուրանոցից դուրս եկավ բարոյապես վերին աստիճանի հուզված: Վճռելով գնալ Զազունյանի մոտ, նա երբեք մտքովն անգամ չէր անցկացրել, թե այդ մարդը պաշտպանվելու այնպիսի զորեղ զենք կարող է ունենալ, որպիսին է ուրիշի գործին խառնվել եվ իրավունք չունենալ, նա զգում էր, որ դրանով Զազունյանը կատարելապես զինաթափ էր արել իրեն, ինչքան էլ ինքը համոզված լիներ, որ իր նրա վրա արած հարձակումը կատարելապես արդարացի էր: Բայց մանավանդ նրան խիստ շփոթել և օտարոտի դրության մեջ էր ձգել Զազունյանի այն ակնարկը, թե նաԶազունյանը հասկանում է պատճառը, որից դրդված ինքըԱննան հենց սկզբից շարունակ հետամուտ է լինում նրան... «Ի՞նչ էր ուզում դրանով հասկացնել», մտածում էր նա, միաժամանակ ակամա երևակայելով Զազունյանի այն խորհրդավոր տոնը, որով նա արավ այդ թափանցիկ ակնարկը: «Որ ես նախանձո՞ւմ եմ Էմմային և նույնպես անտարբեր չե՞մ դեպի ինքը, իսկ իրեն հետամուտ լինելու պատճառը անուշադրության մատնված սե՞րս է... Բայց ճի՞շտ է այդ...»: Նա չէր ուզում ինքն իրեն պատասխանած լինել ճիշտ է այդ, թե ոչ, միայն այդ մասին մտածելիս չարագուշակ կերպով ժպտում էր, և զգում էր, որ Զազունյանին երբեք այնպես չի ատել, ինչպես նրա այդ ակնարկը լսելուց հետո: Նա ակամա ամբողջ օր ու գիշեր շարունակ մտածում էր այդ ակնարկի մասին և շատ անգամ այնպես կատաղում էր Զազունյանի դեմ, որ պատրաստ էր լինում նրան մի կերպ վնասելու համար մինչև անգամ աններելի միջոցների դիմել: Այն գիտակցությունը, որ ինքը բոլորովին անզոր է այդ մարդու առջև, նրան վերին աստիճանի ներվային էր դարձրել: Դրա հետևանքն այն եղավ միայն, որ նա Զազունյանին ատելով, սկսեց ատել նաև Էմմային և Զաքարին, առավելապես վերջինիս, որի պատճառով (պատճառը նա Զաքարին էր համարում) ինքը մի այնպիսի անհամ և հիմար դրության մեջ էր ընկել: Նա զգաց, որ անտանելի կերպով վարկաբեկվել է ինքը, որովհետև պարզ կերպով տեսավ, որ մինչև այդ օրը օտարոտի և հիմար միջնորդի դեր է կտտուրում և այդ բանը, բացի վնասից, ոչ ոքի օգուտ չբերեց: Վերջին անգամ նա զզվանքով հիշեց իր կատարած դերը, վճռեց ամեն ինչ մոռացության տալ և անմիջապես հեռանալ Թիֆլիսից: Նա մինչև անգամ չուզեց իբրև կողմնակի հանդիսատես դիտել, թե ինչով կվերջանար Էմմայի, Զազունյանի և Զաքարի գործը, մինչդեռ զգում և համոզված էր, որ պետք է վերջանար անխուսափելի աղետով:

Հյուրանոցի դեպքից երկու օր հետո նա արդեն ուղևորվում էր իր բնակավայրըԲաթում:

42

Աննայի հետ ունեցած անակնկալ խոսակցությունից հետո, դուրս գալով հյուրանոցից, Զազունյանն ուզում էր փոքր ինչ շրջել` հուզմունքն ու վրդովմունքը հանգստացնելու: Ցիլինդրը աչքերի վրա վայր թողած և անուշադիր հայացքով նայելով անցուդարձ անողներին, նա անցավ Միքայելյան կամուրջը և մտավ համանուն երկար փողոցը: Նա բոլորովին չէր մտածում, թե ուր է գնում: Թեև Էմմայի ընկերուհու անկոչ միջամտությունը նրան չափից դուրս վրդովել էր, և նա իրեն վերին աստիճանի վիրավորված էր համարում, բայց իր ծանր դրությունն ի նկատի ունենալով, նա աշխատում էր զսպել բարկությունն ու որքան կարելի է` լուրջ և սառն կերպով դատել Աննայի վարմունքը, քննել նրա իրեն ասած խոսքերը:

Մեղավո՞ր է արդյոք Աննան:

Ինչքան էլ Զազունյանը համոզված լիներ, որ Աննայի իր դեմ թշնամական դիրք բռնելու պատճառը նրա անուշադրության մատնված վիրավորված սերն էր, այնուամենայնիվ, նա չէր կարող չհասկանալ, որ դրանով չէին կարող ջրվել Աննայի իր երեսին շպրտած խոսքերը: Բայց նաև, Աննան չէ, առհասարակ ամեն մի կողմնակի մարդ իսկապե՞ս արդյոք իրավունք չունի խառնվելու ուրիշի գործերին, եթե դա իրավական օրենքով անթույլատրելի է, բարոյական վարդապետության օրենքով է՞լ, արդյոք, անթույլատրելի է, իսկ բարոյական վարդապետությունը մի՞թե ընկերասիրության վրա չի հիմնված, որին միշտ հետևել և ուզում է հետևեք հենց ինքըԶազունյանը. ուրեմն իրավո՞ւնք ուներ վիրավորվելու Աննայից, երբ նա, իբրև զուտ մարդ և ընկեր միջամտում և ուզում էր դատավոր կանգնել նրա գործին: «Ոչ, — պատասխանեց Զազունյանը, մեքենայաբար կանգ առնել նեղ մայթի վրա, որպեսզի ճանապարհ տա անցնելու մի կնոջ, որը դիմացից գալիս էր, ըստ երևույթին իր ամուսնու հետ թևանցուկ: — Բայց վիրավորվեցի: Ինչո՞ւ, — հարցրեց նա, ճանապարհը շարունակելով: — Որովհետև նա ինձ հետ շատ անվայել լեզվով խոսեց, մինչև անգամ, եթե ես իսկապես այնպիսի մարդ էլ լինեի, ինչպիսին որ նա համարում է ինձ, դարձյալ իրավունք չուներ այնպիսի լեզվով խոսելու... Սակայն նա, ինչպես ինքն ասաց, ուրիշ կերպ չէր կարող խոսել ինձ հետ... և եթե ես որևէ բանի համար մեղավոր եմ, ապա մեղավոր եմ նրանով, որ վիրավորվելու և հարձակվելու տեղ, պետք է խղճայի նրան»:

Այդ րոպեին նրա ուշադրությունը ակամա գրավեց մի փոքրիկ չարաճճի շուն, որ փողոցով սրընթաց անցնող մի կառքի առաջ կողքե կողք վազելով սաստիկ հաչում էր ձիերի վրա: Զազունյանը մինչև անգամ կանգ առավ և սկսեց նայել այդ տեսարանին: Շունն այն աստիճան մոտիկ էր վազում ձիերից, որ հանկարծ ձիերից մինի ոտը կպավ նրան, նա սաստիկ ճղավեց և թավալգլոր ընկավ, ձին երկու ոտով և կառքն երկու անիվով անցան նրա վրայով, և նա նույն րոպեին սատկեց: «Հիմա՛ր», ասաց Զազունյանը շան հասցեին և նորից առաջ անցավ:

Քաղաքային հիվանդանոցի առաջ նա հանկարծ կանգ առավ, հիվանդանոցի բակից մեկը շտապ քայլերով դուրս եկավ, նայեց նրան, ըստ երևույթին, ուզեց կանգնել և բան ասել նրան, բայց հանկարծ խելագարի նման առաջ վազեց և նստեց մայթի մոտ կանգնած կառքը:

Пошол! — գոռաց նա կառապանի վրա:

Կառապանը մտրակեց ձիերին, և կառքն առաջ սլացավ:

Զազունյանը դառն կերպով ժպտաց և սաստիկ գունատվեց, նա ճանաչեց կառք նստողին. — Զաքարն էր:

«Գիտե՞ք, թե մի այնպիսի մարդու համար հիասթափությունն ի՛նչ արժե», հիշեց նա Աննայի խոսքերը և դարձյալ դառն կերպով ժպտաց, այդ ժպիտը հոգեկան սաստիկ ծանր, անտանելի վիճակ էր արտահայտում: Նա հիշեց Զաքարի առաջվա իրեն ցույց տված մինչև հիմարության հասցրած ընկերական սերն ու հոգացողությունը, համեմատեց այդ նրա այժմյան վարմունքի հետ և կարծեց, թե մի բան, մի տեսակ թանկագին բան հանկարծ կտրվեց իր սրտից և դրա հետ նրա հոգին, նրա ամբողջ էությունը ծածկվեց մի տեսակ մռայլ, զարհուրելի խավարով: Նրա ամբողջ մարմնով ջղային մի ուժգին ցնցում անցավ, նա ատամները սեղմեց միմյանց, սեղմեց մատներն ափերի մեջ, կարծես պատրաստվելով մի անհաղթ ուժի դեմ կռվելու, և այս անգամ արդեն բոլորովին անզգա կերպով շարունակեց իր ճանապարհը: «Այո, թանկ, խիստ թանկ արժե մի այդպիսի մարդու համար այդպիսի հիասթափություն», դաժանաբար ասաց նա ինքն իրեն և մի չարագուշակ զգացմունք պաշարեց նրան:

Էմմայից հաղթվելու օրից, որից հետո ակամա նրա ստրուկն էր դարձել, Զազունյանը միշտ խույս էր տալիս Զաքարից, և մինչև այդ օրը համարյա ոչ մի դեպք չէր պատահել, որ նա հանդիպեր նրան, այդպիսի դեպք չէր պատահել գուցե նրա համար, որ Զաքարն ինքը միշտ խույս էր տալիս Զազունյանից: Զազունյանը շատ լավ գիտեր այդ և հասկանում էր, որ դրա պատճառը նրա անակնկալ հիասթափությունն էր, որ անշուշտ վերին աստիճանի ցնցած պետք է լիներ նրա ամբողջ էությունը: «Ինչո՞ւ», մտածեց Զազունյանը և չկամեցավ այդ հարցին պատասխանել: «Օ՛ֆ», կարծես տենդի մեջ հառաչեց նա, ձեռքով խփեց ցիլինդրի շրջապատին և ցիլինդրն աչքերի վրայից ճակատի վրա ձգեց: «Անտանելի՛ է, անտանելի՛», շարժեց նա գլուխը և այլևս ոչինչ չուզեց մտածել: Մտքերն ու զգացմունքները սաստիկ հուզում էին նրան, և նա կարծում էր, թե ինքն ընկած է մի փոթորկահույզ ծովի մեջ, որի ալիքները զարհուրելի արագությամբ պտտեցնում են իրեն և նույն արագությամբ անդունդն են տանում:

Նա բոլորովին չիմացավ, թե ուր գնաց, ինչ արեց, միայն կեսգիշեր էր արդեն, որ վերադառնում էր իր սենյակը: Արագ քայլերով Միքայելյան փողոցի մի կողմից մյուսն անցնելիս, փոքրիկ կամուրջի վրա, որ գցած էր փողոցի և մայթի միջև անցնող ջրանցքի վրայից, մեկը հանկարծ կտրեց նրա առաջը: Զազունյանը բարձրացրեց գլուխը և լապտերի լուսով ճանաչեց Զագորսկուն:

Bon soir, monsieur Zasounian, — ըստ երևույթին,արբածությունից հազիվ ոտի վրա կանգնելով, ասաց Զագորսկին և ըստ զինվորականի՝ ձեռքը ճակատի մոտ բռնելով, բարևեց նրան:

Զազունյանը հանկարծ ջղային ցնցումով բարձրացրեց ձեռքն և այնպիսի ուժով ապտակ տվեց նրան, որ նա օրորվեց և նեղ կամուրջից ընկավ ցածլիկ ջրանցքը, ո՛րի միջով խոխոջալով անցնում էր ջուրը: Զազունյանը կամուրջից անցավ մայթը և շարունակեց իր ճանապարհը... Այնուհետև էլ ոչինչ չիմացավ, թե ինչ պատահեց Զագորսկուն:

Տասը րոպեից հասավ հյուրանոց: Ռուս դռնապանը բաց անելով դուռը, քաղաքավարությամբ հայտնեց նրան, որ նրա մոտ հաճախ եկող նորատի կինն այդ երեկոյան, նրա դուրս գնալուց հետո եկել էր և հարցրել էր նրան, նա նույնպես հայտնեց, որ այդ կինն երեք օր է, որ շարունակ գալիս է նրա մոտ, բայց նրան տանը չի գտնում:

Զազունյանը հասկացավ, որ խոսքը Էմմայի մասին էր: Նա հրացայտ աչքերով մի րոպե նայեց դռնապանի նիհարությունից չորացած դեմքին, կարծես պատրաստվելով նրան էլ մի պինդ ապտակ հասցնելու, հանկարծ դարձավ և բարձրացավ վերև: Մտավ իր սենյակը և դուռը փակեց բանալիով:

43

Հիրավի, վերջին երեք օրը Էմմային ոչ մի անգամ չէր հաջողվել տեսնել Զազունյանին, այդ նրան ոչ թե զարմացնում կամ երկյուղ էր պատճառում, այլ սաստիկ վրդովում էր, առհասարակ վերջին ժամանակները նա նկատում էր, որ Զազունյանը մի տեսակ խույս է տալիս իրենից և այդ վերին աստիճանի գրգռում էր նրա ջղերը: Այդպիսի դեպքերում նա զգում էր, որ դեպի Զազունյանը տածած իր սերը ոչ թե սեր է, այլ օտարոտի, հուսահատ ատելության նման մի զգացմունք, որ այնուամենայնիվ սիրուց էլ ավելի ուժով է քաշում նրան դեպի այդ մարդը: Առհասարակ նրա հարաբերությունը լարված լինելով դեպի Զաքարը, վերջին օրերն առավել ևս լարվել էր: Սակայն պետք է ասած, որ չնայած մարդ որ կնոջ հարաբերությունները լարված էին, բայց նրանք դեռ երբեք ոչ մի խոսակցություն չէին ունեցել միմյանց հետ իրենց դրության վերաբերմամբ, նրանք երկուսն էլ խույս էին տալիս թե միմյանցից և թե այդպիսի խոսակցությունից, մանավանդ Զաքարը, որ արդեն էմմայի գաղտնիքը հասկանալով, այդ բանի համար փոխանակ կատաղելու նրա դեմ, մի տեսակ օտարոտի երկյուղ էր զգում նրանից, կարծես մեղավորն ինքը լիներ և ոչ թե Էմման: Այդ էր պատճառը, որ նա, իր անտանելի դրությունից դուրս գալու համար, Աննայի օգնությանն էր դիմել: Ըստ երևույթին, ամուսնու այդ թուլությունը պետք է համարձակություն տար Էմմային, բայց ընդհակառակն, կաշկանդում էր նրան: Շատ անգամ նա սաստիկ ցանկանում էր, որ Զաքարը խոսք բանար իր դրության մասին (նա գիտեր, որ ամուսնուց ծածուկ չէր այդ բանը), կռվեր իր հետ, նույնիսկ ծեծեր իրեն և այդ դեպքում նա զգում էր, որ ինքը համարձակ կդիմադրեր նրան և իրեն բոլորովին մեղավոր չէր զգա, բայց այդպիսի բան չէր պատահում, և այդ հանգամանքը կատաղեցնում էր նրան: Շարունակ այդպես տևելով, ի վերջո այդ դրությունն այն աստիճան անտանելի դարձավ նրա համար, որ այժմ ինքն սկսեց առիթ փնտրել, որ ամուսնուն դուրս քաշի կռվի: Սակայն այդ առիթն ինքն իրեն ներկայացավ:

Следующая страница