Նար-Դոս՝   Զազունյան

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Следующая Конец

Վերջին օրը երեկոյան, Զազունյանի մոտ գնալով և նրան այնտեղ չգտնելով, Էմման վերադառնում էր վերին աստիճանի գրգռված դրությամբ: Զաքարը հիվանդանոցից հենց նոր էր տուն եկել: Հիվանդանոցի բակի դռան մոտ անակնկալ կերպով հանդիպելով Զազունյանին, նա այս անգամ արդեն խիստ կատաղել էր թե նրա և թե Էմմայի դեմ: Կնոջ դեմ մանավանդ ավելի կատաղեց, երբ տուն գալով աղախնուց իմացավ, որ նա ուր-որ գնացել է: Խելագարի նման նա համարյա վազվզում էր հյուրասենյակում և վայրկյան առ վայրկյան սպասում էր Էմմայի վերադարձին: Այս անգամ զգում էր, որ համարձակորեն հաշիվ կարող է պահանջել նրանից և վճռել էր, որ այդպես անի, վերջապես պե՞տք է վերջ տալ այդ անտանելի դրությանը, թե ոչ: Դռան զանգակի ձայնը լսելով, նա դուրս վազեց միջանցք և կանգնեց այնտեղ, մինչև որ աղախինը դուռը կբանար: Նա գիտեր, որ եկողն Էմման էր, և չսխալվեց:

Ներս մտնելուն պես Էմման կատաղած կանչեց աղախնու վրա.

Մինչև ե՞րբ սպասեմ, որ դուռը բանաս:

Աղախինը ձայն չհանեց և գլուխը խոնարհած դուռը փակեց:

Էմման արագ քայլերով բարձրացավ վերև: Այնտեղ միայն նա տեսավ Զաքարին և, հանկարծ կանգ առնելով, մի հպարտ և կռվի դուրս կոչող հայացք ձգեց նրա վրա:

Զաքարը կպել էր պատին, նա սաստիկ գունատ էր և ամբողջ մարմնով դողում էր:

Երկուսն էլ մի կարճ միջոց լուռ նայեցին միմյանց և հասկացան միմյանց դրությունը:

Հանկարծ Էմման նույն լռությամբ շարժվեց տեղից և շտապեց դեպի իր սենյակր:

Կա՛ց, — լսեց նա Զաքարի ձայնը:

Նա արագ ամբողջ մարմնով դարձավ, առաջվա հայացքով նայեց ամուսնուն և գլուխը հպարտությամբ ետ ձգեց:

Այս անգամ Զաքարը ոչ թե դողում, այլ ոտից գլուխ ցնցվում էր:

Որտե՞ղ էիր, — հազիվ արտասանեց նա և փորձեց մի քայլ առաջ գնալու:

Զազունյանի մոտ, — պատասխանեց Էմման:

Լի՛րբգոչեց Զաքարը և ուզեց հարձակվել նրա վրա:

Էմման գլուխն ավելի ևս ետ ձգեց, ավելի հպարտ հայացքով նայեց նրան և տեղից չշարժվեց:

Կսպանեմ նրան... քեզ էլ, — իրեն բոլորովին կորցրած՝ ատամների միջից արտասանեց Զաքարը:

Էմման ձեռքը կրծքի վրա դրեց:

Ես չեմ վախենում, — ասաց նա:

Զաքարն անզուսպ կատաղությամբ ձեռքով ցնցողաբար ինչ-որ շարժումներ գործեց, ուզեց խոսել, մի բան ասել, բայց ձայնը չհպատակեց նրան: Նա հանկարծ դարձավ և խենթի նման ներս վազեց:

Էմման ձեռքը կրծքին դրած նույն դրությամբ անշարժ մնաց տեղում, մի քանի վայրկյանից նա տղամարդի ուժգին հեկեկանքի ձայն լսեց: Այդ ձայնը լսելով, նա հանկարծ ամբողջ մարմնով ցնցվեց, և նրա ձեռքը թուլացած ընկավ կրծքի վրայից: նա գլուխը ակամա առաջ տարավ, կարծես խորին ուշադրությամբ ականջ դրեց այդ ձայնին, հետո կամաց դարձավ և մտավ իր սենյակը: Առանց գլխարկը վերցնելու, առանց ձեռնոցները հանելու, նստեց աթոռի վրա և անշարժ մնաց: Նրան նայողը կկարծեր, թե խորը մտածության մեջ է, բայց նա ոչինչ չէր մտածում:

44

Հետևյալ առավոտը Զաքարը կառք նստած՝ գնում էր հիվանդանոց: Քաղաքային այգու կողմից դեպի Միքայելյան կամուրջը ծռվելով, նա հանկարծ տեսավ, որ «Գրանտ-օտել» հյուրանոցի առջև բազմաթիվ մարդիկ են խմբված: Հյուրանոցի դռան շեմքին ոստիկաններ էին կանգնած և ոչ ոքի ներս չէին թողնում:

Մի զարհուրելի բնազդում ցնցեց Զաքարի ամբողջ էությունը:

Նա կառքը կանգնեցնել տվեց հյուրանոցի առջև և ցած թռավ:

Ի՞նչ է պատահել, ինչ, — հարցրեց:

Հյուրանոցում մեկն անձնասպանություն է գործելպատասխանեցին նրան:

«Զազունյանը» — կայծակի արագությամբ անցավ Զաքարի մտքով: Նա ճղեց ամբոխը, առաջ անցավ և ուզեց ներս մտնել հյուրանոց, բայց ոստիկանները կտրեցին նրա ճանապարհը:

Բժիշկ եմ, բժիշկ, — գոռաց նա ոստիկանների վրա:

Նրան ներս թողեցին:

Նա չիմացավ, թե ինչպես վերև վազեց սանդուղքով:

Հյուրանոցի բոլոր կեցողները՝ մարդիկ, կանայք, երեխաները և բոլոր ծառաները խռնվում էին միջանցքում: Անցնելու ճանապարհ չկար, բայց Զաքարը կարողացավ անցնել և կանգ առավ Զազունյանի սենյակի դռան առջև: Այստեղ էլ ոստիկաններ էին կանգնած, որոնք չուզեցին նրան ներս թողնել, բայց նա դարձյալ գոռաց` «բժիշկ եմ, բժիշկ», և նրան ներս թողին: Սենյակում ոստիկանատան մի քանի ստորին և բարձր պաշտոնյաներ կային, որոնք արձանագրություն էին կազմում: Կային նաև մի քանի կողմնակի մարդիկ, որոնց հաջողվել էր ներս մտնել: Զաքարն առաջ չկարողացավ գնալ, շանթահար կանգ առավ դռների մոտ:

Սենյակի մեջտեղում, հատակի վրա, երեսն ի վեր ընկած էր Զազունյանի դիակը, ուղիղ ճակատին ատրճանակի գնդակից մի զարհուրելի վերք էր բացված, որ կարմրի և սևի էր խփում: Նրա աչքերն ու բերանը բաց էին: Թվում էր, թե ջանք է անում ամբողջ կրծքով շունչ քաշելու, բայց շունչը քարացած էր նրա թոքերում: նրա դեմքը և սպիտակ օսլայած շապիկը (սյուրտուկն ու ժիլետը հանած էր) ամբողջապես թաթախված էին արյան մեջ: Առատ արյունը գուբ էր կապել նրա տակ:

Զարհուրելի էր նրան նայել:

Եվ Զաքարը զարհուրում էր: Այո, զարհուրում էր միայն

Էմման հետևյալ օրը միայն իմացավ Զազունյանի անձնասպանության լուրը և իմացավ ոչ թե Զաքարից, այլ տեղական լրագրերից, որոնց մեջ տպված էին այդ անձնասպանության բոլոր մանրամասնությունները, բացի պատճառից, որ ոչ ոքի հայտնի չէր:

Ի՞նչ զգաց արդյոք Էմման այդ լուրը կարդալով:

Կան դրություններ, որոնք գրի չեն առնվում:

Նույն օրը Էմման քաղաքային պոստով հետևյալ նամակը ստացավ.

«Էմմա.

Հիշո՞ւմ ես, երբ ես քեզ զգուշացնում էի երկնային պատուհասից: Գուցե անմիտ բան էր դա, բայց երբեմն լինում են այնպիսի անմիտ բաներ, որոնք խոր իմաստ են ունենում և որոնց ամեն ոք չի կարող հասկանալճակատագիրն էր, թե մի ուրիշ բան, ստիպեց ինձ անել այն, ինչ որ դեմ էր իմ հոգուս և հասկացողություններիս... Ընկա՞ արդյոք ես, թե ոչո՛վ գիտե, բայց ես այլևս չէի կարող այս դրությունը շարունակել... Ի՞նչ երջանկություն պետք է լիներ իմ երջանկությունն, երբ ամեն մի րոպե համոզված պետք է լինեի, որ քեզ միշտ վրդո՛վմունք, հուզմունք եմ պատճառում, որ այդ երջանկությունը ձեռք է բերված ուրիշի թշվառությամբ, մանավանդ, որ այդ ուրիշը իմ ընկերն է... Լավ մտածիր, Էմմա, այդ մասին, և հույս ունիմ, ինձ չե՛ս դատապարտի... Ես ավելի լավ համարեցի ինձ զոհել ուրիշի համար, քան թե ուրիշին՝ ինձ համար: Մի քանի վայրկյանից ես կձգեմ այս աշխարհը և կմտնեմ անհայտության անվե՛րջ աշխարհը... Լույսը նվազո՛ւմ է, խավարը շրջապատում է ինձ, մի վայրկյան էլև ես իմ մարմնի ծանրությունը այլևս չեմ զգալ: Թողնում եմ ես այս աշխարհիս վրա այն, ինչ որ ինձ է պատկանում... էմմա, իմացիր, ես սերս չեմ զոհում, այլինձ:

Ա. Զ

Այդ օրը չէ, բայց հետևյալ օրը Էմման ամբողջ ժամերով գլուխը գնում էր այդ նամակի վրա և ծանր, դառն անմխիթար արտասուքներով ողողում էր նրան:

1890

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Следующая Конец