Նար-Դոս՝   Զազունյան

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last

ԶԱԶՈՒՆՅԱՆ

(վեպ)

1

Էմման կանգնած էր պատուհանի առջև և նայում էր դուրս: Նրա առջև բացվում էր Թիֆլիսի մի մասը, որ, կարծես, թույլ կերպով ժպտում էր նորեկ գարնան դեռևս անզոր արևի փոքր-ինչ դժգույն ճառագայթների տակ: Բաց փիրուզային երկինքը կարծես նույնպես ժպտում էր: Հեռուն երևում էր հորիզոնը, մառախուղի նոսր, թափանցիկ շղարշով ծածկված: Մոտակա լեռներն և դաշտերն արդեն կանաչին էին խփում: Երբեմն տարագնաց թռչունների փոքրիկ երամակներ սրընթաց անցնում էին օդում: Ամեն տեղ երևում էր գարնան վերածնող շունչի ուժն ու զորությունը:

Էմման կանգնած էր անշարժ: Շրջազգեստը նրա բարակ իրանից ծանր ծալքերով իջնում էր ցած և շնորհալի տեսք էր տալիս նրա ոչ այնքան բարձր հասակին: Նրա սևուկ երկար, թերթերունքներով սքողված աչքերի մեջ և կիսաբաց, նուրբ շրթունքների վրա խաղում էր մեղմ, երջանիկ մի ժպիտ, որ նրա քնքուշ դեմքի կանոնավոր գծերին մի կատարյալ ներդաշնակություն էր տալիս: Ոտից գլուխ նա երջանկություն, սեր և խաղաղություն էր շնչում:

Դուռը բացվեց, և շեմքում երևաց նրա ամուսինըբժիշկ Զաքար Մարկոսյանը:

Էմմա, հիմա ազատ եմ, կուզե՞ս գնանք զբոսնելու, — հարցրեց նա, պարզ ակնոցների միջից նայելով կնոջը:

Գնանք, — ասաց Էմման, շարունակելով նայել դեպի դուրս: Հանկարծ նա դարձավ և ժպտուն աչքերով նայեց ամուսնու դեմքին: — Հիանալի եղանակ է, չէ՞:

Հրաշալի՛ ասա, — պատասխանեց Զաքարը:

Արամիկին էլ տանենք, չէ՞:

Անպատճառ:

Արամի՛կ, — կանչեց Էմման: — Արամի՛կ:

Արամ, — իր կողմից բղավեց Զաքարը:

Մոտ հինգ տարեկան փոքրիկ, սիրուն երեխան ներս վազեց:

Ի՞նչ է, մամա, — կանչեց նա՝ փաթաթվելով մոր ծնկներին:

Եկ հագցնեմ, պետք է գնանք զբոսնելու: Այդ ի՞նչ է, քիթդ ո՞վ է մուր քսել:

Արշակն էր, ա՛յ. մատը մրոտ է անում, հետո մոտեցնում է քթիս, ասում է՝ ճանճը, ճանճը և քսում է:

Տեսնեմ, — ասաց հայրը, Արամիկի դեմքն իր կողմն անելով: — Տեսնո՞ւմ ես այն չարաճճիին... Թող սրբեմ:

Եվ նա սրբելու փոխարեն, մատով կամաց խփեց Արամիկի մրոտ քթին և բարձրաձայն ծիծաղելո՛վ դուրս գնաց:

Շուտ, շուտ, — կանչեց նա մյուս սենյակից, — արդեն կեսօր է:

Մի ժամից հետո մարդ ու կին թևանցուկ և Արամիկին առաջ գցած՝ արդեն զբոսնում էին քաղաքային այգում:

Օրը կիրակի էր, եղանակը՝ լավ. այգում բավական զբոսնողներ կային: Այստեղ՝ նոր կանաչող ծառերի տակ և նորածիլ, փթթող, փայլուն խոտերի մոտ գարնան կենսատու ուժն առավել ևս զգալի էր, արևի ճառագայթներն ավելի ևս ախորժելի էին, օդն առավել ևս թարմ էր, պարզ և թափանցիկ:

Զաքարն իրեն հատուկ շատախոսությամբ մի բան էր պատմում կնոջը, երբ հանկարծ ցիլինդրով և վայելուչ հագնված մի մարդ, որ գալիս էր նրանց դիմացից, գրավեց նրա ուշադրությունը: Նա լռեց և զարմացած նայեց այդ մարդուն, նրան թվում էր, թե այդ մարդը ծանոթ է իրեն: Բայց ցիլինդրով մարդը ուշադրություն չդարձնելով ոչ նրա և ոչ կնոջ վրա և մինչև անգամ, կարծես, չտեսնելով նրանց, անցավ նրանց մոտից և հեռանում էր: Զաքարը, մոտից լավ նայելով նրան, բոլորովին զարմացավ:

Ի՞նչ ես այդպես խոր նայում այդ մարդուն, — հարցրեց կինը:

Փոխանակ կնոջը պատասխանելու, Զաքարը կանգ առավ և կանչեց ցիլինդրով մարդու հետևից:

Արսե՛ն... Զազո՛ւնյան...

Ցիլինդրով մարդը կանգ առավ և ետ նայեց: Մինչդեռ նա հետաքրքրությամբ և զարմացած նայում էր Զաքարին, սա թողեց կնոջը և, մոտենալով նրան, հարցրեց իր մշտական ժպիտը դեմքին.

Ինձ չե՞ս ճանաչում, Արսե՛ն:

Ցիլինդրով մարդն ավելի խոր նայեց:

Ներեցե՛ք... ես ձեզ չեմ կարողանում հիշել, — ասաց նա, ըստ երևույթին, փոքր-ինչ շփոթված:

Է՛է: բարեկամ, այդպես շուտ չեն մոռանում հին բարեկամներին, — ասաց Զաքարը գլուխը շարժելով: Բայց տեսնելով, որ ցիլինդրով մարդը դարձյալ շփոթված և զարմանքով խոր նայում է իրեն, գլուխը բարձրացրեց, աչքերը չռեց և ավելացրեց շտապով: — Ես Զաքարն եմ, եղբայր... Մարկոսյանը:

Ա՛, Զաքար, — հանկարծ դուրս թռավ Զազունյանի բերանից, և նրա լուրջ դեմքի վրա մի ուրախ ժպիտ փայլեց: — Իսկապես որ այդ դու ես, — ավելացրեց նա, մեկնելով նրան իր ձեռքը:

Վա՛հ, իհարկե, ես եմ, — կանչեց Զաքարը ծիծաղելով և ամուր սեղմեց նրա ձեռքը:

Ների՛ր, որ չկարողացա ճանաչել, ժամանակը գիտես որ ամենակարող է:

Մի՞թե իսկապես ես այդքան փոխվել եմ. ո՞վ գիտե աչքումդ արդեն ծեր եմ երևում:

Չէ, ինչո՞ւ անպատճառ ծեր: Բայց դու բավական փոխվել ես:

Դու էլ ես փոխվել, հապա ինչո՞ւ ես քեզ իսկույն ճանաչեցի:

Որովհետև ակնոցներ ունես, — կատակով ասաց Զազունյանը:

Զաքարը բարձրաձայն ծիծաղեց:

Իսկապես որ, գուցե պատճառն ակնոցներս են, — կանչեց նա և ապա գործնական և հետաքրքիր մարդու արագախոսությամբ հարցրեց. — բայց այս ո՞ւր ես այսքան ժամանակ, ի՞նչ ես անում, ո՞րտեղ ես թափառում, քանի ժամանակ է չենք տեսել իրար:

Ճանապարհորդում էի:

Ի՞նչպես թե ճանապարհորդում:

Ճանապարհորդելն ի՞նչպես կլինի:

Մի քաղաքից մյո՞ւսն էիր գնում, մի երկրից մյո՞ւսը:

Այո:

Հետո՞:

Հետո ի՞նչ:

Ինչո՞ւ համար:

Հենց այնպես:

Ինչպես թե հենց այնպես, զվարճությա՞ն համար:

Կարող ես և այդպես հասկանալ, — ասաց ժպտալով Զազունյանը:

Չէ, հավատացիր, Արսեն, ինչո՞ւ ես ճանապարհորդում, մի նպատակ կունենաս, իհարկե:

Ոչ մի նպատակ չունեմ, — ասաց Զազունյանը:

Է՛, ուրեմն ասա թափառում եմ, է՛լի, — կանչեց Զաքարը: — Երևի կյանքն արդեն ձանձրացրել է քեզ: Հա՞: Բայց չեմ կարծում. դու այնպիսի մարդկանցից չես, որ կյանքն երբևէ ձանձրալի թվա քեզ: Կյանքից էլ քաղցր բա՞ն աշխարհիս երեսին: Բայց դեռ մի եկ ծանոթացնեմ քեզ կնոջս հետ: Չէ՞ որ ես արդեն ամուսին և հայր եմ և այնքան երջանիկ, որ դու իսկի մտքովդ էլ չես կարող անցկացրած լինել:

Եվ բռնելով Զազունյանի թևից, Զաքարը տարավ նրան կնոջ ու որդու մոտ, որոնք մինչև այդ ժամանակ հետաքրքրությամբ նայում էին իրենց բոլորովին անծանոթ պարոնին:

2

Էմմա, ներկայացնում եմ քեզ իմ վաղեմի ամենալավ և ամենասիրելի ընկերոջս ու բարեկամիս Արսեն Զազունյան:

Զազունյանը լուռ գլուխ տվեց: Էմման նույնպես լուռ ողջունեց:

Այս էլ որդիս՝ Արամիկը, — ներկայացրեց Զաքարը՝ հոր երջանիկ ժպիտը դեմքին:

Զազունյանը ժպտալով կամացուկ խփեց Արամիկի թշին:

Գեղեցիկ որդի ունեք: Քանի՞ տարեկան է:

Թող ինքը պատասխանի:

Ես հինգ տարեկան եմ, պարոն,-համարձակ ասաց Արամիկը, իր պայծառ աչիկներով նայելով ուղղակի Զազունյանի դեմքին:

Մի՞թե: Բայց, իհարկե, դեռ կարդալ ես իմանում:

Կարդա՞լ: Ոչ. միայն անունս գրել գիտեմ: Մամաս է սովորեցրել:

Այդ լավ էբայց չեմ կարծում, որ դու խելոք տղա լինես:

Ոչ, պարոն, ես խելոք եմ. ոչ մի ժամանակ չարություն չեմ անում: Ուզում եք հարցրեք պապայիս, մամայիս: Գուցե շատ փոքրիկ ժամանակս չարություն եք արել, բայց հիմա չեմ անում, որովհետև հասկանում եմ, որ չարություն անելը վատ է. մամաս այդ ինձ հասկացրել է:

Ամենքն էլ ծիծաղեցին:

Ապրես, ապրես, — ասաց Զազունյանը: — Տեսնում եմ, որ իսկապես խելոք տղա ես, որովհետև լսել ես մամայիդ: Այդպես պետք է լինել միշտ:

Հը ի՞նչպես է, — ինքնագոհ եղանակով կանչեց Զաքարը:

Երեխան բավական սրամիտ է, — պատասխանեց Զազունյանը:

Եվ ո՞վ գիտե՝ դու դեռ ամուսնացած չես:

Ե՞ս, — հապաղելով և մտախոհությամբ պատասխանեց Զազունյանը: — Ոչ:

Էմման ակամա հետաքրքրությամբ նայեց նրա աչքերին:

Իզո՛ւր, իզո՛ւր, Արսեն, — ասաց Զաքարը փորձված մարդու վստահությամբ: — Եթե միայն գիտենաս, թե որքան քաղցր է կին և որդի ունենալը...

Բայց ոչ ամենքի համար, — նույն մտախոհությամբ պատասխանեց Զազունյանը:

Նա ուրիշ կողմն էր նայում:

Ի՛նչ ես ասում, — կանչեց Զաքարըամենքի՛ համար, ամենքի՛, հավատացնում եմ քեզ, ամենքի՛: Բայց, իհարկե, եթե ինքդ վատ կլինես և միշտ վատ կվարվես կնոջդ հետ, այդ ուրիշ բան է:

Ոչ, կարող է ինքըմարդը լավ լինել և բոլորովին էլ վատ չվարվել կնոջ հետ, մինչև անգամ կարող է սիրել նրան. և միևնույն ժամանակ բախտավոր չլինել:

Է՛, բարեկամ, այդ միայն խոսք է, այդպիսի բան չի կարող պատահել: Իսկ ես ասում եմ անձնական փորձի վրա հիմնված, — ասաց Զաքարը ծիծաղելով և նայեց կնոջը, ըստ երևույթին սպասելով, թե կհաստատի իր ասածը:

Բայց կինը մինչև անգամ չժպտաց, այլ շատ լրջորեն և մտախոհ նայեց Զազունյանին, նրան թվում էր, թե այդ մարդը իր կարծիքը հայտնեց նույնպես անձնական փորձի վրա հիմնված:

Ավելի լավ է թողնենք այս խոսակցությունը, — ասաց Զազունյանը շատ լուրջ, մինչև անգամ խիստ ձայնով և ավելացրեց. — խնդրեմ ներեք ինձ, ես շտապում եմ:

Ի՞նչ, դու գնո՞ւմ ես, — կանչեց Զաքարը:

Այո, մի շատ կարևոր գործ ունեմ, ոչ մի կերպ չեմ կարող հետաձգել:

Ես կարևոր գործ-մործ չգիտեմ: Թեկուզ հազար մարդու կյանք լինես փրկելու, ես քեզ չեմ թողնի հիմա: Պետք է գնանք մեր տուն:

Հավատացի՛ր, Զաքար

Չեմ հավատում: — Ամբողջ տասը տարուց հետ հազիվ գտել ենք միմյանց, և դու գոնե այս մի օրը չե՞ս ուզում մեզ հետ անցկացնել: Գնանք:

Զաքար, դու խո ճանաչո՞ւմ ես ինձ, էլ ի՛նչ հարկավոր է շատ խոսել:

Զաքարը հուսահատությամբ նայեց կնոջը:

Էմմա, գոնե դու խնդրիր, գուցե քեզ լսի:

Զարմանալի է, — պատասխանեց կինը, — ինչո՞ւ դու այդպես պնդում ես: Պարոնի առաջ մեր տան դռները միշտ բաց են. երբ կամենում է, թող շնորհ բերի, թեև, իհարկե, — ավելացրեց նա նայելով Զազունյանին, — ես շատ ուրախ կլինեի, եթե այսօր ճաշին մեզ մոտ հյուր լինեիք:

Որքան էլ այդ ինձ համար ցանկալի և քաղցր լինի, տիկին, անկարող եմ, — պատասխանեց Զազունյանը զիջող եղանակով: — Բայց ես խոստանում եմ երեկոյան անպատճառ գալ ձեզ մոտ:

Է՛հ: ի՛նչ արած, քո կամքն է, — վերջապես փափկեց Զաքարը: — Ես այնպես համառ չեմ կարող լինել, ինչպես դու: Բայց երեկոյան

Խոսք եմ տալիս, որ կգամ:

Զաքարը տվեց իրենց հասցեն:

Զազունյանը սեղմեց երեքի ձեռքն էլ և հեռացավ:

3

Մարդ ու կին դարձյալ թևանցուկ արին և, Արամիկին առաջ գցելով, առաջ անցան:

Ի՛նչ տարօրինակ մարդ էր բարեկամդ, — ասաց Էմման:

Ի՞նչպես: Որ այնպես տաք-տաք չընդունեց ինձ, ինչպես ես՝ նրան, և շուտով էլ փախա՞վհարցրեց Զաքարը:

Չէ, առհասարակ:

Այդ ճիշտ է, բայց որ լավ ճանաչես, կտեսնես, որ դրա պես բարի, խելոք, անձնազոհ, գլխավորը՝ ազնիվ մարդ հազով թե գտնվի: Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Ես ու նա ամբողջ տարիներ մի ուսումնարանում, մի համալսարանում, մի նստարանի վրա ենք անցկացրել, ա՛յ, այսպես, ինչպես հիմա ես ու դու կողք-կողքի անցնում ենք: Ասում եմ, էլի, ամբողջ աշխարհը ճրագով ման գաս, դրա նման ճշմարիտ մարդ չես գտնի: Եթե հավատանք, որ աշխարհիս երեսին սուրբ մարդ կա, այն էլ միայն դա պետք է լինի...

Էմման բարձրաձայն ծիծաղեց:

Ինչո՞ւ ես ծիծաղում, — հարցրեց Զաքարը:

Ոչինչ, դու շարունակիր:

Ի՞նչ, չե՞ս հավատում, կարծում ես չափազանցի՞ւմ եմ:

Ո՞վ է ասում, — ասաց կինը, շարունակելով ծիծաղել:

Տեսնո՞ւմ ես, սիրելիս, դու ծիծաղում ես, բայց ես քեզ ճշմարիտ բան եմ ասում: Իսկ ինչո՞ւ չես ուզում հավատա, նրա՛ համար, որ աշխարհիս երեսին վատ մարդիկ այնքան շատացել են, որ լավ մարդկանց գոյությունն էլ անհավատալի է թվո՛ւմ: Այ, ես քեզ հիմա նրա ուսանողական կյանքից մի բան կպատմեմ, և դու կտեսնես, որ նրան այդքան գովելով չեմ չափազանցում: Բայց դու, խնդրեմ, մի՛ ծիծաղիր:

Չեմ ծիծաղի, պատմիր:

Մի անգամ գիմնազիոնում դասընկեր աշակերտներից մեկը մի ինչ-որ շատ վատ բան էր արել, թե ինչ բան, ես քեզ այդ չեմ ասի... Իսկապես հայտնի չէր, թե ով էր այդ շատ վատ բան անողը, բայց ինչպես էր, ինչպես չէր, կասկածը Զազունյանի վրա էր ընկել: Ոչ ոք չէր հավատում, իհարկե, թե Զազունյանն ընդունակ կլինի որևէ վատ արարքի, ո՞ւր մնաց մի այնպիսի բանի, որպիսին անհայտ աշակերտն էր արել, որն և ամբողջ գիմնազիոնում սարսափելի աղմուկ էր ձգել: Բայց և այնպես Զազունյանին մանկավարժական ժողովը դատի կանչեց: Զազունյանը ժողովին հայտնեց, որ «շատ վատ բան» անողն ինքը չէ, այլ ուրիշը, բայց թե ով, այդ ինքը կասի, չնայելով որ գիտե: Մանկավարժական ժողովն ստիպեց որ ասիչասաց, մինչև անգամ ժողովն սպառնաց, որ նրան կվռնդեն գիմնազիոնիցդարձյալ չասաց: Եվ վռնդեցին: Ամբողջ գիմ...

Սպասի՛ր, — ընդհատեց նրան կինը: — Էլ ինչո՞ւ էր նա ժողովո՛ւմ հայտնում, թե գիտե ով է «շատ վատ բան» անողը, երբ չէր ուզում նրա անունը հայտնել, ուղղակի կասեր` չգիտեմ:

Չէ, սիրելիս, դու սխալվում ես. նա որոշ նպատակ է ունեցել, որ այդպես է ասել, նա ուզել է, որ հանցավոր աշակերտն իմանա այդ և ինքն իր բերանով խոստովանի:

Հե՞տո, խոստովանեց:

Ասեմ, այդպես ուրեմն, Զազունյանին վռնդեցին գիմնազիոնից... Բայց գուցե այս էլ կարծես, որ նախ՝ մեծ հիմարություն է վատ ընկերոջ պատճառով կամովին թույլ տալ, որ իրեն արձակեն ուսումնարանից և երկրորդ՝ անբարոյականացնել է նշանակում հանցավոր ընկերոջ անունը ծածկել, որպեսզի նա իրեն արժանի պատիժը չստանա: Այդպես էլ ես կարծում, չէ՞: Համաձայն եմ քեզ հետ, և այն ժամանակ շատերն էլ այդպես էին կարծում, նույնիսկ մանկավարժական ժողովը, որ հենց այդ բանի համար էլ վռնդեց նրան գիմնազիոնից: Բայց արի տես, որ նա մարդու հոգին ավելի լավ էր հասկացել: Ի՞նչպես, կհարցնես: Ահա՛ ինչպես: Երբ Զազունյանին արձակեցին գիմնազիոնից, նա, իհարկե, այլևս գիմնազիոն չէր հաճախում: Ամենքը խղճում էին նրան, բայց և հիանում էին նրա մեծահոգության վրա: Որ զգաստ, ազնիվ և խելոք բնավորությամբ նա այնպիսի համակրություն էր վայելում բոլոր ընկերների մեջ, որ ուրիշ կերպ չէին կարող նայել այդ ցավալի դեպքի վրա: Անցավ այդպես մեկ մի շաբաթ: Մի օր հանկարծ, դասի ժամանակ, բոլոր դասարանի ներկայությամբ, վեր է կենում աշակերտներից մեկը և տեսչին խոստովանում է, որ հանցավոր աշակերտն ինքն է, որի պատճառով հեռացրել են Զազունյանին գիմնացիոնիցհասկանո՞ւմ եսև խնդրում է, որ Զազունյանին նորից ընդունեն և եթե վռնդելու են, թող իրեն վռնդեն: Ես լավ էի ճանաչում այդ աշակերտին, թեև աշխատասեր, բայց անբարոյական, վատ տղա էր, բացի դրանից, Զազունյանին սաստիկ թշնամի էր, որովհետև Զազունյանը միշտ նախատում էր նրան իր վատ արարքների համար: Ամենքը զարմացան Զազունյանի ազնիվ սրտի վրա, որ նա իր թշնամու համար թույլ է տվել իրեն պատժելու: Պակաս չզարմացան նաև այդ տղայի վրա, որ խոստովանում էր իր հանցանքը և խնդրում, որ իրեն պատմեն, իսկ Զազունյանին նորից ընդունեն: Տեսնո՞ւմ ես, Զազունյանը ո՛րտեղ է ըմբռնել մարդու հոգին: Այդպես էլ արին, այսինքն՝ Զազունյանին հետևյալ օրն ևեթ հայտնեցին, որ կարող է նորից գիմնազիոն հաճախել, իսկ այն տղային գիմնազիոնից վռնդելու փոխարեն մի ուրիշ պատիվ տվին, որովհետև նա այնքան ազնիվ էր գտնվել, որ իր հանցանքը իր բերանով էր խոստովանել: Իսկ այդ օրից հետո, կհավատաս, առաջվա այդ անբարոյական տղան ուղղվեց և ամենասերտ կերպով բարեկամացավ Զազունյանի հետ:

Վերջին բառերն արտասանելով, Զաքարը հանկարծ նայեց կնոջը:

Հը չլինի՞ դարձյալ ուզում ես ծիծաղել, — ասաց նա:

Էմման նայեց նրան և ծիծաղեց:

Դե ի՞նչ անեմ, ինքդ ես ստիպում, որ ծիծաղեմ, — ասաց նա: — Ես բոլորովին միտք էլ չունեի ծիծաղելու:

Չէ, սիրելիս, մի ծիծաղիր, ես քեզ ճշմարիտ բան եմ ասում թե չէ` խո գիտես, ես սուտ խոսել չեմ սիրում:

Բայց չափազանցնել սիրում ես:

Տեսնո՞ւմ ես, դու դարձյալ քոնն ես պնդում: Երբ որ այդպես է, էլ ի՞նչ զանազանություն կա սուտ խոսեր և չափազանցելու մեջ:

Այն, որ մի բանի վրա տասն էլ իրենց կողմից են ավելացնում, լուն ուղտ են շինում:

Այնպես որ եղելությունն էլ մի սուտ բան է դառնում:

Էմման նայեց նրան և դարձյալ ծիծաղեց:

Այո, — ասաց նա:

Երբ որ այդպես է, ես էլ քեզ ոչինչ չեմ պատմի, — վիրավորված եղանակով ասաց Զաքարը:

Էմման շարունակեց ծիծաղել:

Կպատմես, — ասաց:

Չեմ պատմի:

Կպատմես:

Չեմ պատմի:

Չէ, պատմիր, բայց քեզանից ոչինչ մի ավելացնիր:

Ո՞վ է ավելացնում, է՛, — կանչեց Զաքարը բարկացած:

Էմման դարձյալ ծիծաղեց:

Լավ, լավ, մի բարկանար, — ասաց նա: — Ա՛յ, դու ինձ այս պատմիր, թե ո՛վ և ի՛նչ պաշտոնի տեր է այդ քո բարեկամը: Անպատճառ որևէ բանկի դիրեկտոր կլինի, կամ որևէ ֆիրմայի ներկայացուցիչ:

Ինչի՞ց ես եզրակացնում:

Ցիլինդրից, հագուստից:

Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ, — ասաց Զաքարը: — Ծնողների մահից հետո չքացավ և այն գնալն էր որ գնաց: Ուր գնաց և ինչ էր անում մինչև հիմա, այդ ինչպես դու գիտես, այնպես էլ՝ ես: Այդ էլ երևի կիմանանք այս երեկո:

4

Երեկոյան՝ իր խոստման համաձայն՝ Զազունյանը այցելեց Մարկոսյաններին: Հյուրասենյակում նրան ընդունեց Էմման:

Երևակայեցեք, — ասաց նա ժպտալով, — ամուսինս քնած է:

Քնա՞ծ:

Այո, ճաշը կերավ թե չէ, անմիջապես պետք է պառկի քնելու, և քնում է մինչև ժամը վեց-յոթ:

Ճաշից հետո անմիջապե՛ս... Մարդը բժիշկ է, չգիտե՞, որ ճաշից հետո քնելը վնաս է առողջության:

Խո գիտեք, սովորությունը երկրորդ բնավորություն է դառնում: Ինչքան աշխատել եմ, որ թողնի այդ սովորությունը, չի լինում: Այսօր էլ ասում եմ՝ ամոթ է, պ. Զազունյանը շնորհ պետք է բերի, մի՛ քնիր, որ ընդունես. — ոչինչ, ասում է, նա ինձանից չի նեղանա: Այդպես էլ պառկեց ու քնեց, բայց ես իսկույն կզարթեցնեմ նրան:

Չէ՛, չէ՛, տիկին, խնդրեմ, — շտապով ասաց Զազունյանը: — Թողեք, որ այսօր էլ ինձ համար բացառություն չկազմի:

Ոչ, դուք ներում եք, բայց ես չեմ ների, — ուրախ կերպով բացականչեց Էմման: — Ներեցեք, ես իսկույն...

Եվ նա շտապով դուրս գնաց:

Մենակ մնալով, Զազունյանը նայեց պատերից կախած լուսանկարներին և ձիթաներկ պատկերներին, հետո մոտեցավ լուսամուտներից մեկին և սկսեց դեպի դուրս նայել:

Չանցավ երեք րոպե, երբ խալաթը հագին, ուռած աչքերով, կարմրած դեմքով և խճճված մազերով, քնաթաթախ ներս վազեց Զաքարը: Նրան հանդարտ հետևում էր Էմման և ժպտում:

Դու արդեն եկե՞լ ես, Արսեն ջան, — կանչեց Զաքարը, և քիչ մնաց գրկի նրան: — Բայց, եղբայր, ես քեզնից որ չեմ ամաչում, ինչո՞ւ կինս ստիպում է ինձ, որ ամաչեմ:

Ինչո՞ւ, — պատասխանեց ժպտալով Զազունյանը, — որովհետև, ինչպես իրեն՝ հարգելի տիկնոջն էլ ասացի, ինքդ բժիշկ ես և ճաշից հետո անմիջապես պառկում ես քնելու:

Ուզում ես ասել, որ ես առողջապահական կանոններին հակառա՞կ եմ գնում: Ոչինչ, այդ իմ, այսինքնբժշկի վերաբերմամբ նշանակություն չունի: Այ, այն ժամանակ կարող էիք ինձ նկատողություն անել, երբ ես իմ հիվանդներին խորհուրդ տայի, որ ճաշից հետո անմիջապես պառկեին քնելու: Բայց ես... է՛հ, թուլություն է, էլի՛:

Մարդ նախ և առաջ խիստ պետք է լինի դեպի ինքը, — ասաց Զազունյանը:

Ճիշտ է, եթե միայն այդ մարդը կամք ունի, բայց ինձ պես թույլ կամքի տեր մարդիկ... Դու խո գիտես, որ երբ ես մի բան սովո՛րություն արեցի, այնուհետև թեկուզ գլուխս ճղիր, այլևս դրանից ձեռք վերցնողը չեմ: Այսպես էլ ճաշից հետո անմիջապես քնելը, փորս կշտացավ թե չէ, մեկ էլ տեսնես աչքերս փակվում են, դե արի ու մի քնիր... Բայց այս երևույթն ի՞նչպես կբացատրեք, պարոն և տիկին, — հանկարծ նոր գյուտ արած մարդու նման բացականչեց նա, — որ ճաշից հետո անմիջապես քնելով, երբ զարթնում եմ, ինձ կատարելապես լավ եմ զգում, ինչպես հիմա, իսկ եթե անմիջապես չքնեմ կամ բոլորովին չքնեմ, ինձ շատ վատ կըզգամ, ինչպես այդ մի երկու անգամ փորձել եմ: Հը, ինչպե՞ս կբացատրեք այս երևույթը:

Որովհետև այդ սովորություն եք արել, պարոն, — ասաց Էմման:

Ա՛, ուրեմն տեսնո՞ւմ եք, որ սովորությունից դուրս գալն էլ առողջապահական կանոններին դեմ է: Ուրեմն դուք իրավունք չունեք ինձ նախատելու, իսկ ես պարտավոր չեմ ամաչելու: Բայց ես դեռ գնամ լվացվեմ, հագնվեմ, հետո կտեսնենք, թե ինչպես առողջ և զվարթ կերևամ:

Եվ նա համարյա դուրս վազեց:

Զազունյանը ժպտաց նրա ետևից և նայեց էմմային:

Նույնն է, ինչ որ առաջ, — ասաց նա. — բոլորովին չի փոխվել: — Չէ՞ որ մի ժամանակ մենք ամենամոտ բարեկամներ էինք, տիկին, — ավելացրեց նա:

Այո՛, այդ մասին նա այսօր պատմում էր ինձ, — պատասխանեց Էմման:

Նույն անհոգը, նույն մշտական ուրախը, — շարունակեց Զազունյանը: — Բայց պաշտոնի մեջ ի՞նչպես է, ծույլ խո չէ՞:

Էմման ծիծաղեց:

Դուք այդ հարցնում եք, որովհետև նա թուլություն ունի ճաշից հետո՝ քնելո՞ւ. — ասաց նա: — Ոչ, պաշտոնի մեջ, պետք է ճշմարիտն ասած, շատ արի է: Մոտ օրերումս հիվանդանոցի տեսուչը հայտնել է իր շնորհակալությունը:

Ո՞ր հիվանդանոցումն է ծառայում:

Քաղաքային:

Նրանք դարձյալ Զաքարի մասին էին խոսում, երբ նա ինքը ներս մտավ հագնված, լվացված և սանրված: Նրա սև մազերը թացությունից փայլում էին:

Իմ մասի՞ն էիք խոսում, — հարցրեց նա: — Գիտեմ՝ անպատճառ ինձ գովելիս կլինեիք: Չէ՞:

Ընդհակառակն՝ ես քեզ վատաբանում էի, — ասաց Էմման ժպտալով:

Ինչո՞ւ: Որովհետև ես քեզ ամեն օր ծեծո՞ւմ եմ: Չէ, ճշմարիտը պետք է խոստովանած, Արսեն, որ ես շատ լավ մարդ եմ, — լրջությամբ ասաց Զաքարը, — անվնաս մարդ եմ. ես այդ ուղղակի ասում եմ, թե չէ՝ դու խո ճանաչում ես ինձ: Իբրև ամուսին և հայր, ես չեմ կարծում, թե իսկապես այն չլինեմ, ինչ ամուսնուն և հորն է պետք: Չէ՞, Էմմա, ինքդ խոստովանիր:

Էմման նայեց նրա աչքերին և ծիծաղեց միայն:

Դու այսօր միշտ ծիծաղում ես, — նկատեց Զաքարը:

Իսկ դու ամեն օր ես ծիծաղում:

Տիկինը քեզ իբրև բժշկի, նույնպես գովում էր, — ասաց Զազունյանը:

Եվ վատ չէր անում: Իբրև բժիշկ, ես նույնպես արժանի եմ գովասանքի ես այդ էլ ուղղակի կասեմ: Հավատացնում եմ քեզ, Արսեն, որ եթե բոլոր բժիշկներն ինձ պես մարդիկ լինեին, աշխարհիս երեսին այսքան հիվանդ չէր լինի: Ոչ թե հասկացողության կողմից եմ ասում ես, ոչ, այլ վարվեցողության կողմից, որովհետև բժիշկը բժիշկ լինելուց առաջ պետք է սառը լինի, պետք է խիղճ ունենա, պետք է զգացմունք ունենա, պետք է գիտենա վարվել հիվանդի հետ, ուշադիր պետք է լինի դեպի հիվանդը: Այդ կողմից, առանց պարծենալու եմ ասում, Արսեն, ես ճշմարիտ և հավատարիմ կերպով ծառայում եմ պաշտոնիս: Գուցե հասկանալով ես այնքան էլ չեմ հասկանում, ինչքան պետք է փորձված ու հմուտ բժշկին, բայց որ բոլոր հիվանդներիս սիրում և կարեկցում եմայդ ճշմարիտ է: Շատ անգամ, հավատացիր ինձ, հիվանդիս հետ զանազան բաների մասին քաղցր մասլահաթ անելով՝ ավելի շուտ եմ հասկանում նրա հիվանդությունը, քան թե բժշկական գիտությամբ և գործիքներովս:

Էմման և Զազունյանը ծիծաղեցին, իսկ նրանց հետ և ինքը՝ Զաքարը:

Սակայն ի՞նչ եմ ես այսպես հենց միայն իմ մասին պատմում, — ասաց նա: — Ճանապարհորդը դու ես, դու պետք է պատմես, թե ինչ ես տեսել, ինչ չես տեսել այսքան ժամանակ հենց միայն ճանապարհորդո՞ւմ էիր:

Կարելի է ասել այո, — հապաղելով պատասխանեց Զազունյանը:

Առանց պաշտոնի՞:

Համարյա թե:

Զազունյանի կցկտուր պատասխաններից երևում էր, որ նրան հաճելի չէր այդ հարցուփորձը: Էմման այդ իսկույն նկատեց, բայց Զաքարը իր միամտությամբ շարունակեց իր հարցուփորձը:

Հիմա ինձ այս ասա, Արսեն, ո՞ր քամին է քշել քեզ դարձյալ մեր կողմերը:

Գնում եմ ՇԴու խո գիտես, որ ես այնտեղ բավական ժառանգական կալվածներ ունեմ: Մի քանի ազգականներ, օգտվելով բացակայությունիցս, այդ կալվածները համարյա թե սեփականացրել են: Այժմ գնում եմ, որ դրա դեմն առնեմ: Այդ մասին ես արդեն դատ եմ բաց արել:

Ե՞րբ է նշանակված դատը:

Երեք շաբաթից հետո:

Ա՛յ, ինչ է նշանակո՛ւմ տուն, տեղ, հայրենիք, կալվածներ թողնել և անպաշտոն ճանապարհորդել, — ասաց Զաքարը: — Դեռ ես վախենում եմ, որ այդ կալվածներից դատարկ էլ նստես:

Զազունյանը ժպտաց:

Մի՛ վախիր, դատարկ չեմ նստի, — պատասխանեց նա:

Տա աստված: Էմմա, ի՞նչ ենք անում, ինչո՞վ ենք պատվում մեր թանկագին հյուրին:

Էմման վեր կացավ ու դուրս գնաց թեյի մասին կարգադրություններ անելու: Նախասենյակում ներս վազելով նրա դեմն ելավ Արամիկը, որն, աղախնի հետ զբոսանքի գնացած լինելով, հենց նոր էր վերադառնում: նա ուղղակի փաթաթվեց մոր ծնկներին: Մայրը խոնարհվեց, երկու ձեռքով բարձրացրեց նրա գլուխը և պինդ համբուրեց նրա վիզը, ծնոտի տակ, որտեղ միշտ սիրում էր համբուրել:

Պ. Զազունյանը եկել է, Արամիկ, — ասաց նա կամացուկ. — գիտե՞ս, այն պարոնը, որի հետ պապան այսօր ծանոթացրեց մեղ այգում: Գնա և բարևիր:

Նա մեր բարեկամն է, չէ՞, մամա, — հարցրեց Արամիկը:

Այո, մերպապայի բարեկամն է, — պատասխանեց մայրը, նրա մազերն ուղղելով: — Գնա: Բայց, տես, ներս չվազես, խելոք մտիր:

Արամիկը գնաց դեպի հյուրասենյակ, իսկ Էմման՝ դեպի դուրս: Նրա դեմքն արևի նման պայծառ էր:

5

Չորս օր շարունակ Զազունյանը չերևաց: Էմման տխուր էր, ինքն էլ չգիտեր ինչու: Մենակ նստած ժամանակ՝ տան գործերով զբաղվելիս կամ գիրք կարդալիս նրա մտքերն ակամա դառնում էին դեպի Զազունյանը:

«Չէ, շատ տարօրինակ մարդ է», մտածում էր նա: «Մեկ շատ խորհրդավոր է երևում, մեկ` շատ պարզ... չես իմանում, ինչպիսի մարդ է իսկապես: Այնինչ Զաքարն ասում է` ազնիվ, խելոք և... սուրբ մարդ է, սուրբը ո՞րն էցիլինդրով էլ սուրբ կլինի՞», ծիծաղում էր նա: «Բայց ես շատ եմ սիրում, որ ժպտում կամ ծիծաղում է... Մանավանդ նստելը, նստելը... ի՛նչ գեղեցիկ նստում է շիփ-շիտակ, երբեք ետ չի ընկնում աթոռի մեջքին, իսկ ձեռքերն ի՛նչպես հանգիստ, ազատ է պահում…»:

Արամի՛կ, — հանկարծ կանչում էր նա, նայելով դռան կողմը: — Արա՛մ... Մա՛շա...

Ոչ Արամիկ էր հայտնվում, ո՛չ Մաշա:

Արամի՛կ... Մա՛շա... Մաշա, — նորից կանչում էր նա:

Մտնում էր ռուս աղախինը:

Ո՞ւր է Արամիկը:

Երեխաների հետ խաղում է բակում, տիկին, կանչե՞մ

Այո... Ոչ: Թող խաղա, միայն ասա, ո՛ր շատ չվազվըզի լրրտնի:

Աղախինը դուրս է գնում:

Այնուհետև Էմման սկսում էր մտածել ուրիշ բաների մասին, աշխատելով վանել իր մտքից Զազունյանի պատկերը:

Դրսից կառքի ձայն էր լսում, նա վեր էր կենում, լուսամուտից նայում էր դուրս և, տեսնելով, որ միայն Զաքարն է, նորից նստում էր իր տեղը:

Մտնում էր Զաքարը՝ մշտական ժպիտը դեմքին: Նստում էր կնոջ մոտ և սկսում պատմել, ինչ որ գիտեր կամ լսել էր այդ օրը: Պատմում էր իրեն հատուկ աշխուժությամբ և կատակներով: Կինն առանց գլուխը բարձրացնելու ձեռագործի վրայից, լսում էր նրան և, երբ հարկավոր էր ծիծաղել, ծիծաղում էր: Զաքարը պատմում էր, պատմում և, երբ հոգնում էր շատախոսությունից կամ խոսելու նյութը սպառվում էր, վեր էր կենում և գնում առանձնասենյակը:

Զաքար, — չորրորդ օրը կանչեց Էմման ամուսնու ետևից, երբ նա շատախոսությունից հետո դուրս էր գնում:

Ի՞նչ է, սիրելիս:

Էմման թողեց ձեռագործը և նայեց նրան:

Քո բարեկամն, ինչպես երևում է, մեզ մոռացավ, — ասաց նա ժպտալով:

Զազունյա՞նը:

Այո,

Է՛, մի վախիր, նա մեզ այսպես շուտ չի մոռանա:

Երևի գործ ունի, որ այս քանի օրը չի այցելում: Սակայն այս երեկո ես մտադիր եմ գնալ նրա մոտ հյուրանոց: «Գրանդ Օտելումն» է իջած: Ուզո՞ւմ ես միասին գնանք:

Այդ ի՞նչ է անդրավարտիքդ, — նկատեց Էմման. — համարյա կոշիկներիդ տակն է ընկել, չե՞ս կարող փոքր-ինչ վեր քաշել:

Զաքարը նայեց ոտներին և բթերի վրա բարձրանալով, սկսեց վեր քաշել անդրավարտիքը:

Վեր քաշելը չի օգնում, սիրելիս, օրը հազար անգամ վեր եմ քաշո՛ւմ, դարձյալ ոտներիս տակն է ընկնում: Չգիտեմ սա՞ է երկար, թե ես եմ կարճ, — ավելացրեց նա:

Անշուշտ դու ես կարճ և պետք է փոքր-ինչ երկա րես, — ասաց Էմման ժպտալով:

Զաքարը բարձրաձայն ծիծաղելով դուրս գնաց: Մյուս սենյակից լսվեց նրա անճոռնի ձայնը, որ հեռանալով ինչ-որ երգում էր:

Էմման շարունակեց ձեռագործը և ցածր ձայնով ձայնակցեց նրան: Նրա դեմքն այժմ ամբողջապես ժպտում էր: Նրա անորոշ տխրությունը կատարելապես անցել էր: Այժմ իրեն շատ հանգիստ և ուրախ էր զգում:

Երեկոյան մարդ ու կին, դուրս գալով զբոսանքի, ճանապարհին պետք է անցնեին Զազունյանի կողմը և եթե նրան հյուրանոցում գտնեին, պետք է վերցնեին իրենց հետ: Չնայելով, որ ցերեկը բավականին տաք էր, բայց արևը մայր մտնելուց հետո, ինչպես մարտին լինում է միշտ, եղանակը զգալի կերպով ցրտել էր: Նրանք նստեցին մի կառք և քշել տվին դեպի Միքայելյան կամուրջը: «Գրանդ Օտելի» առաջ Զաքարը կառքը կանգնեցնել տվեց:

Բարձրանանք Զազումյանի մոտ, Էմմա:

Ոչ, ես չեմ գա, դու բարձրացիր:

Ինչո՞ւ:

Մի րոպեի համար արժե՞ բարձրանալ: Դու գնա, ես այստեղ կսպասեմ:

Ինչպես կամենում ես:

Զաքարն իջավ կառքից և մտավ հյուրանոց:

Էմման մնաց կառքի մեջ և սպասում էր: Չանցավ երեք րոպե, հյուրանոցի երկրորդ հարկի պատշգամբներից մեկի դուռը բացվեց, և գլխաբաց դուրս եկավ Զազունյանը, իսկ նրա ետևից՝ Զաքարը:

Տիկին, ինչո՞ւ չեք բարձրանում, — ցած նայելով, ասաց Զազունյանը: — Խնդրեմ շնորհ բերեք:

Էմման իջավ և մտավ հյուրանոց: Սանդուղքի վրա, մի քանի աստիճան շտապով իջնելով, ընդունեց նրան Զազունյանը և բարեկամաբար սեղմեց նրա ձեռքը:

Մի՞թե ձեզ հաճելի չէ ժամանակավոր բնակարանս արժանացնելու ձեր այցելության քաղցր պատվին, — ասաց նա ժպտալով:

Չէ, գիտե՞ք, պ. Զազունյան, որովհետև զբոսանքի էինք դուրս եկել, այդ պատճառով էլ չուզեցի մի քանի րոպեի համար իզուր բարձրանալ:

Ի՛նչ զբոսանքի համար միշտ ժամանակ կարող եք գտնել:

Եվ, բացի դրանից, վախենում էի ձեզ անհարմար դրության մեջ դնեինք:

Ախ, դուք դարձյալ ինձ ամաչեցնում եք, տիկին, — կանչեց Զազունյանը: — Ձեր այցելությունն ինձ համար միշտ փափագելի և սիրելի է: Խնդրեմ համեցեք:

Այդ խոսքերի հետ նա բաց արեց իր սենյակի դուռը և ետ կանգնեց՝ Էմմային ներս թողնելու համար: Էմման մտավ: Նրա ետևից՝ ինքը:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last