Նար-Դոս՝   Զազունյան

Եվ նա դժգոհ հեռացավ դեպի լուսամուտը:

Աննան դեռ կարճ ժամանակ մնաց նստած, հետո լուռ, ժպտալով վեր կացավ, մոտեցավ նրան և գրկեց նրա իրանը:

Ինչ նեղսիրտ ես, Էմմա,-ասաց նա կամաց,-ես կատակ էի անում, իսկ դու... մեկ նայիր քթիդ, ինչքան է կախվել, իսկ հոնքերդ, իսկ շրթունքներդ...

Նա բարձրաձայն ծիծաղեց և ամուր համբուրեց նրա քունքը:

Դեհ, հաշտվենք, հաշտվենք, սիրելիս,-ասաց նա: — Ներիի ինձ, էլ չեմ ասի... Դեհ, շուտ, թե չէ... լաց կլինեմ:

Էմման աչքի տակով նայեց նրան ու սկսեց անձայն ծիծաղել:

Ա, հաշտվեցի՛նք, հաշտվեցի՛նքերեխայի նման բացականչեց Աննան և, թողնելով նրան, սկսեց ծափահարել: — Հաշտվեցի՛նք, հաշտվեցի՛նքկրկնեց նա, դարձյալ գրկեց նրան և համբուրեց:

Զաքարը, նստած իր տեղը, լուռ նայում էր նրանց և երջանիկ բարեսրտությամբ շարունակ ժպտում էր:

20

Անցավ դարձյալ երկու շաբաթ: Օրը շաբաթ էր: Էմման սպասում էր ամուսնուն ճաշի: Այդ օրն Աննան ինչ-որ պատճառով չէր եկել: Էմման նստած էր մենակ և նույն օրվա լրագիրը ձեռքին՝ կարդում էր: Վերջապես Զաքարն եկավ: Նա այնպես ներս վազեց կնոջ մոտ, որ Էմման մինչև անգամ վախեցավ:

Հեռագի՛ր, Էմմա, հեռագի՛րբացականչեց նա, ձեռքին մի թուղթ շարժելովԶազունյանը գործը տարել է և գալիս է: Վաղն առավոտյան այստեղ կլինի: Ահա կարդա:

Նա ձեռքի թուղթը ձգեց կնոջ ծնկների վրա

Հեռագրի անունը լսելով, Էմմայի սրտում հանկարծ ինչ-որ շարժվեց, երկյուղ էր արդյոք այդ, թե ուրախություն, ինքն էլ չգիտեր, միայն զգաց, որ սիրտն սկսեց թրթռալ: Նա մեքենայաբար վերցրեց ծնկներից հեռագիրը և լուռ կարդաց հետևյալը, որ միևնույն էր, թե չկարդար, որովհետև դրանից ոչինչ չհասկացավ սաստիկ շփոթված լինելու պատճառով. «Գործս տարա: Վաղն՝ առավոտյան գնացքով այստեղ եմ: Զազունյան»: Նա մեկ էլ կարդաց, դարձյալ ոչինչ չհասկացավ և հեռագիրը լուռ մեկնեց Զաքարին: Նրա ձեռքը թեթև դողում էր:

Ի՞նչպես է, վերջապես գալի՞ս է, թե ոչ, — կանչեց Զաքարը, հեռագիրն առնելով:

Ի՞նչպես ես ներս ընկնում, վախեցրիր, — հանգիստ, մինչև անգամ սառնությամբ նկատեց նրան Էմման:

Ուրախությունից, ուրախությունից, սիրելիս: Ներիր, եթե վախեցրի: Աննան չի՞ եկել այսօր, մեկ նրան էլ ավետեմ: Դիմավորելու դո՞ւ էլ կգաս երկաթուղու կայարան:

Ե՞ս ինչու պիտի գամ, — այս անգամ արդեն ուղղակի սառնությամբ պատասխանեց Էմման, առանց նրան նայելու:

Հա, քո կամքն է, — շտապով վրա բերեց Զաքարը: — Առավոտյան այնպես վաղ, ես ինքս էլ չեմ տանի քեզ, ո՞վ գիտե, դարձյալ չմրսես, ավելի լավ է, ես մենակ կգնամ, կդիմավորեմ և հենց այնտեղից ուղղակի կբերեմ այստեղ թեյի: Ի՞նչ կասես:

Ինչպես կամենում ես, — պատասխանեց Էմման և վեր կացավ տեղից: — Ասե՞մ սեղան պատրաստեն, — հարցրեց նա:

Իհարկե, իհարկե: Ուրեմն այդպես. վաղն առավոտյան...

Էմման է՛լ չլսեց նրան և դուրս գնաց:

Սեղան նստած ժամանակ նա համարյա բոլորովին չէր խոսում և եթե խոսում էր, այն էլ սառնությամբ, սակայն, երեկոյան, երբ Աննան եկավ նրա մոտ, նա հանկարծ սաստիկ ուրախություն զգաց, ինքն էլ չիմացավ, ինչ բանի համար:

Ավետիք տամ ձեզ, տ. Աննա, — բացականչեց Զաքարը: — Զազունյանը գալիս է:

Ա, վերջապե՛ս, — ասաց Աննան:

Դուք ցանկանում էիք նրան տեսնել և ահա վաղն առավոտյան անպատճառ կտեսնեք:

Այո, ես շատ եմ հետաքրքրվո՛ւմ տեսնել ձեր այդ զարմանալի՝ «ազնիվ» և «առաքինի» մարդուն:

Վաղը, վաղն առավոտյան: Այսօր ես հեռագիր ստացա նրանից, վաղն առավոտյան գնացքով այստեղ կլինի, այնտեղից նրան ուղղակի պետք է բերեմ մեր տուն թեյի: Դուք էլ, իհարկե, այստեղ կլինեք և կծանոթանաք նրա հետ:

Սքանչելի՛, սքանչելի՛, — կանչեց Աննան շինծու ուրախությամբ: — Բայց ի՞նչ ես կարծում, Էմմա, — դարձավ նա ընկերուհուն. — կհավանե՞մ ձեր... ըը... ի՞նչպես է նրա ազգը... Զազունյանին: Կհավանե՞մ:

Զարմանալի հարց ես տալիս, ես ի՞նչ գիտեմ, — պատասխանեց Էմման ծիծաղելով:

Չէ, այնուամենայնիվ:

Կարծում եմ, որ կհավանես:

Հա-ա՛»... Ախ, ի՛նչ լավ կլինի: Բայց գիտե՞ք ինչպիսի մարդ եմ երևակայում նրան: Ես նրան երևակայում եմ հիսունևյոթ տարեկան...

Ո՛ւֆ, — կոմիկական սարսափով հառաչեց ԶաքարըԻ՞նչ եք ասում. նա հազիվ քառասուն տարեկան լինի:

Էմման սկսեց ծիծաղել:

Ի՞նչ անեմ, ուզում է քսան տարեկան լինի, բայց ես նրան հիսունևյոթ եմ երևակայում, — ասաց Աննան:

Դեհ, որ այդպես է, ասեք վաթսուն տարեկան, էլի:

Չէ, հիսունևյոթ: Ես նրան երևակայում եմ հիսունևյոթ տարեկան, երկար, մինչև կուրծքը ալեխառն մորուքով, ծիծեռնակի թևերի նման բեղերով...

Ո՛ւֆ ՛ուֆ, — շարունակեց հառաչել Զաքարը, — իսկ Էմման ծիծաղեց:

— ... Հագուստը փոքր-ինչ հնացած, ճխլտված և անճոռնի, — շարունակեց Աննան: — Աչքերը շարունակ ժպտում են, դեմքից միշտ մեղր է կաթում, ձայնը բարակ է: Կանանց հետ ծանոթանալիս՝ մինչև գետին գլուխ է տալիս և ամենաընտիր կոմպլիմաններ ասում: Բարևելիս ամուր և երկար սեղմում է ձեռքը: Ամենքի հետ, առանց բացառության, սիրով է խոսում և ամեն մի դեպքից օգուտ է քաղում, որ ձեզ որևէ ծառայություն մատուցի: Շատախոս է, փոքր-ինչներեցեքթեթևամիտ, պարծենկոտ և, վերջապես, բռնոթի է քաշում:

Ո՛ւֆ, — այս անգամ իսկապես սարսափած գոռաց Զաքարը և ծիծաղից թուլացավ:

Ի՛նչ ես ասում, Աննա, ի՞նչ ես ասում, — միևնույն ժամանակ կանչեց Էմման և նույնպես ծիծաղից թուլացավ:

Ի՞նչ է, ոչ մի նմանություն չկա՞ իմ և ձեր Զազունյանի միջև, — հարցրեց Աննան:

Մի գիծ անգամ, մի գի՛ծ, — ասաց Զաքարը փոքր-ինչ հանգստանալով ծիծաղից: — Բռնոթի՛ է քաշում, — մտաբերեց նա և դարձյալ ծիծաղից թուլացավ:

Բռնոթի քաշելը ո՞րտեղից գտար, — ասաց Էմման, շարունակելով ծիծաղել:

Դե ի՞նչ անեմ, որ իմ երևակայած Զազունյանը բռնոթի է քաշում, — պատասխանեց Աննան նույնպես ծիծաղելով:

Գիշերը Էմման չկարողացավ քնել: Զազունյանի մոտալուտ գալուստը արդեն սկսել էր բորբոքել նրա սրտի մեջ դեպի նա ունեցած զգացմունքը, որը, ըստ երևույթին, բոլորովին սառել և հանգիստ էր տվել նրան: Մտքերը նորից թռչում էին դեպի այդ «օտար մարդը», երևակայությունը նորից ստեղծում էր նրա պատկերը, ամեն ոք և ամեն ինչ նորից սկսում էր ծածկվել թանձր քողով, և նրա առջև սկսում էր փայլել միայն այդ պատկերը: Իսկ այն գիտակցությունը, որ վաղն առավոտյան պետք է տեսնի Զազունյանին, խոսի նրա հետ, նրա սիրտը լցնում էր անհուն բերկրությամբ: Վա՛ղը, վա՛ղը... Ինչո՞ւ գիշերն այդքան դանդաղ է անցնում... ե՞րբ պետք է լուսանա,,.

Վերջապես լուսացավ: Զաքարը շտապեց դեպի երկաթուղու կայարան, իսկ Էմման մնաց տանը, հագնվեց և մինչև Զազունյանի գալը շուտ-շուտ մոտենում էր հայելուն, նա երկար ժամանակ կանգնած էր մնում հայելու առջև: Այլևս այնպես անհամբեր չէր, ինչպես գիշերը, մինչև անգամ ուզում էր որ Զազունանը ուշ գա, որովհետև իրեն մի տեսակ հուզված և շփոթված էր զգում և ուզում էր ժամանակ վաստակել, որպեսզի փոքր-ինչ անցնի այդ արտասովոր հուզմունքն ու շփոթությունը, և ինքը կարողանա Զազունյանին հանգիստ ընդունել: Նա այնքան էլ ուրախ չէր, ինչպես գիշերը. ինչ-որ թեթև տխրություն պաշարել էր նրան, և մի տեսակ անհասկանալի երկյուղ ճմլում էր նրա սիրտը:

«Ախ, գոնե Աննան գա շուտով», ասում էր ինքնիրեն, երբ տեսնում էր, որ հուզմունքն ու շփոթությունը ոչ թե անցնում, և ընդհակառակն՝ հետզհետե սաստկանում. է. «Մենակ... վախենում եմ…»:

Զաքարն ու Զազունյանն ուշանում էին, գնացքը վաղուց արդեն ժամանած պետք է լիներ: Անհամբերությունը նորից պաշարեց նրան: նա նստեց լուսամուտի առջև և սկսեց դուրս նայել: Օրը կիրակի լինելով, փողոցը սովորականից ավելի կենդանություն էր ստացել Մարդիկ անցուդարձ էին անում: Ծառաներն ու աղախինները՝ կողովները ձեռքներին՝ կամ գնում էին շուկա, կամ վերադառնում էին շո՛ւկայից: Եղանակը տաք էր: Գարնանային առողջարար օդն ախորժելի թարմությամբ շոյում էր մարդու դեմքը: Փողոցում տնկած հակակի ծառերն արդեն բավական ծաղկել էին: Նրանց նորածիլ կանաչ տերևները լուսավորված առավոտ յան արևի ոսկեշող ճառագայթներով՝ պսպղում և կարծես կայծեր էին արձակում: Ամբողջ քաղաքը ժպտում էր: Հեռվից լսվում էր եկեղեցիների մեծ և փոքր զանգակների ուրախ ղողանջյունը: Հրաշալի էր եղանակը: Էմման հանկարծ նորից անհուն բարկություն զգաց, ինչ-որ քաղցր ու թեթև մի զգացմունք ախորժելի կերպով ճմլեց նրա սիրտը: Նա ժպտաց, ձեռքերը ջղաձգորեն տարածեց օդի մեջ, որպես թե մեկին գրկելով, բռնեց իր ուսերից և արմունկներն ամուր սեղմեց կրծքին: նույն րոպեին նրա սիրտն այն աստիճան թրթռաց, որ մինչև անգամ ցավ տվեց:

«Ա՛խ, ա՛խ, — շշնջաց նա. խոնարհվեց ծնկների վրա ու ցնցողաբար կուչ եկավ:

Կարճ ժամանակ մնաց այդ դրության մեջ: Փողոցից կառքի դղրդոց լսվեց: նա վեր թռավ տեղից և լուսամուտից ցած նայեց: Կառքով եկողները Զաքարն ու Զազունյանն էին: Զազունյանին տեսնելուն պես՝ մի դող անցավ նրա ամբողջ մարմնով: Շտապով մոտեցավ հայելուն, մազերը, հագուստն ուղղեց և մեքենայաբար, կարծես սաստիկ հոգնած, նստեց:

Մի քանի րոպեից հետո Զաքարը մտավ շտապով:

Էմմա, ի՞նչ ես շինում, — ասաց նա, — եկ, Զազունյանը եկավ:

Էմման վեր կացավ և դուրս գնաց նրա ետևից:

21

Հյուրասենյակում Զազունյանը կանգնած էր լուսամուտի մոտ և հանում էր շագանակագույն ձեռնոցները: Էմմային տեսնելուն պես՝ արագ մոտեցավ նրան:

Բարև ձեզ, տիկին, — ասաց ժպտալով և ամուր սեղմեց նրա ձեռքը:

Բարի լինի ձեր գալուստը, — պատասխանեց էմման: Այժմ նա իրեն բոլորովին համարձակ էր զգում: — Շնորհավորում եմ, գործը տարել եք:

Շատ շնորհակալ եմ: Բայց այժմ ի՞նչպես եք զգում ձեզ, տիկին, — հարցրեց Զազունյանը, մի առանձին հայացքով նայելով նրան: — Զաքարն ասաց, որ դուք հիվանդ էիք

Այո, փոքր-ինչ մրսել էիհիմար բան էր, — պատասխանեց Էմման:

Ով գիտե, ինձ ճանապարհ դնելու գիշերը մրսեցիք, այն գիշեր բավական ցուրտ էր: Ճշմարիտ, խիղճս ինձ տանջում է, տիկին, որ ես եմ եղել ձեր մրսելու պատճառը:

Ախ, դուք մի այնպիսի մեծ նշանակություն եք տալիս այդ բանին, — ասաց Էմման փոքր-ինչ կարմրելով: — Խնդրեմ նստեցեք: Ես ձեզ երկար ժամանակ սպասում էի թեյի:

Հա, գիտե՞ս ինչու այսքան ուշացանք, էմմա, — ասաց Զաքարը: — Ես խո ուզում էի Զազունյանին կայարանից ուղղակի այստեղ բերել, բայց որովհետև հետը ճամպրուկ-մամպրուկ ուներ, այդ պատճառով դեռ գնացինք հյուրանոց, մի սենյակ վարձեցինք, ճամպրուկ-մամպրուկն այնտեղ թողինք և մինչև հագուստը փոխեց, մինչև այս, մինչև այն, մինչև հյուրանոցից դուրս եկանք, մինչև կառք նստեցինք, մինչև եկանք, մինչև կառքից իջանք, մինչև զանգը քաշեցինք, մինչև ծառան դուռը բաց արեց, մինչև բարձրացանք և մինչև ներս մտանք այստեղ, արդեն բավական ուշացանք: Հիմա վազեմ ասեմ, որ մեզ թեյ հրամցնեն:

Եվ իսկապես դուրս վազեց:

Զազունյանը, հակառակ իր սովորության, համարյա շարունակ նայում էր Էմմային. նրա հայացքը և՛ տխուր էր, և՛ քնքուշ, և՛ հետաքնին, կարծես փայփայում էր և միևնույն ժամանակ ինչ-որ բան էր որոնում Էմմայի դեմքի վրա, որ և՛ հաջողվում էր, և՛ չէր հաջողվում գտնել: Այնինչ այդ հայացքը շփոթեցնում էր Էմմային: Նա չէր կարողանում համարձակ նայել Զազունյանին և շուտ-շուտ կարմրում էր: Զազունյանը վերջապես դադարեց նրան նայել զննող հայացքով:

Ուրեմն, փառք աստուծո, տիկին, այժմ լավ եք, — ասաց նա, կարծես, թեթևացած մի ծանր բեռից:

Այո, այժմ ինձ կատարելապես առողջ եմ զգում, — պատասխանեց Էմման և, խոսքը փոխելով, հարցրեց, թե ի՞նչպես սկսվեց և ի՞նչպես անցավ նրա գործը, որովհետև չէր ուզում, որ իր հիվանդության մասին երկար խոսվի:

Զազունյանը համառոտակի պատմեց իր դատի ընթացքը:

Կարճ ժամանակից հետո եկավ և Աննան: Էմման և Զաքարն անմիջապես ծանոթացրին նրան Զազունյանի հետ: Սենյակը մտնելուն պես տեսնելով Աազունյանին, Աննան իսկույն հասկացավ, որ նա է: «Ա՛, ահա թե ով է սրանց «զարմանալի ազնիվ» և «առաքինի մարդը», մտածեց նա, նայելով Զազունյանի փոքր-ինչ այրված, լուրջ դեմքին և լայն, այրական թիկունքին: նրան տեսնելու հենց առաջին վայրկյանից նա հիասթափվեց իր երևակայած Զազունյանի վերաբերմամբ, ինչքա՛ն զանազանություն... նա հիշեց Զաքարի «ուֆ» «ուֆը» և, նայելով նրան, ակամա ժպտաց: — Իսկապես որո՛ւֆ, ո՛ւֆ, պ. Զաքար, — կարծես ասում էր նրան:

Նա զննողաբար նայեց Էմմայի պայծառ և միևնույն ժամանակ շփոթված դեմքին:

Ինչո՞ւ այսքան ուշացար, Աննա, — հարցրեց նրան Էմման: — Ես քեզ այսօր ավելի վաղ էի սպասում:

Եկեղեցումն էի, սիրելիս, — պատասխանեց Աննան: — Մինչև պատարագը կվերջանար, բավական ժամանակ անցավ: Էլ տուն չգնացի, եկեղեցուց ուղղակի այստեղ եկա: Իսկ դու եկեղեցի գնո՞ւմ ես, — հարցրեց նա:

Ինչպես չէ, — պատասխանեց Էմման: — Ոչ մի կիրակի ես եկեղեցուց ետ չեմ ընկնում, միայն այսօր չկարողացա գնալ, որովհետև սպասում էի պ. Զազունյանին:

Ցավում եմ, տիկին, որ իմ պատճառով իզուր ետ եք ընկել եկեղեցուց, — ասաց Զազունյանը:

Էմման թեթև կարմրեց

Ոչինչ, պ. Զազունյան, — աննկատելի հեգնությամբ պատասխանեց նրա տեղ Աննան: — Թանկագին հյուրի համար մի օր եկեղեցուց ետ ընկնելը, կարծում եմ, այնքան էլ մեծ զոհաբերություն չպետք է լինի:

Աննան իր ծանոթանալու հենց առաջին օրից զգում էր, որ Զազունյանի հետ ուրիշ կերպ չէր կարողանում խոսել, եթե ոչ հեգնորեն, ինչո՞ւինքն էլ չէր հասկանում, բայց միևնույն ժամանակ նա մի տեսակ հաճույք էր զգում նրա հետ խոսելիս և ուզում էր խոսել:

Եկեղեցի մենա՞կ ես գնում, — հարցրեց նա Էմմային:

Ոչ, Արամիկին էլ հետս եմ տանում:

Հապա պ. Զաքա՞րը, — հարցրեց Աննան, նայելով Զաքարին:

Այդ բանում ես ծույլ եմ և ժամանակ էլ չունեմ գնալու, — շտապով ասաց Զաքարը և ծիծաղեց:

Չլինի՞ թե դուք էլ մեր նոր մոդի երիտասարդներին եք ուզում հետևել:

Օ՛յ, Շտրաուսի կապիկների՞ն, — կանչեց Զաքարը:

Ինչո՞ւ դուք այդպես ստորացնում եք մեր երիտասարդությանը, — նկատեց նրան Աննան: — Ի նկատի ունեցեք, որ ես մեր երիտասարդության զարգացած մասն ունեմ աչքի առջև, իսկ զարգացած մասն ամեն բանի, առավելապես կրոնական խնդիրների վերաբերությամբ համոզմունքով է գործում:

Եվ Աննան նայեց Զազունյանին, կարծելով, թե նա կպատասխանի իրեն (նա այդ խոսակցությունը բաց արեց իսկապես նրա համար, որ Զազունյանին խոսեցնել տալ, բայց Զազունյանը լուռ էր:

Այսինքն դուք ուզում եք ասել հաստատ համոզմունքով, — վրա բերեց Զաքարը:

Կարող եք և այդպես հասկանալ, — ասաց Աննան, դարձյալ նայելով Զազունյանին:

Գիտե՛մ, գիտե՛մ, — պատասխանեց Զաքարը: — Իհարկե հաստատ համոզմունքով է գործում, աստծու չեն հավատումԴարվին, կրոն չեն ընդունումՌուսո, իսկ Դարվին+Ռուսո= նիհիլիզմ, ոչնչականություն:

Ամենքը ծիծաղեցին նրա այդ համեմատության վրա, իսկ ինքըավելի:

Հա, — Արսեն, հանկարծ դարձավ նա Զազունյանին, — ասում են, որ նիհիլիստների համար ոչ մի, թեկուզ բնատուր, բարոյական օրենք չկա. և ոչ մի աստվածային կամ մարդկային օրենքով իրենց կապված չեն համարում և խիղճ էլ չեն ճանաչում, ճի՞շտ է այդ:

Այդպիսի դեպքում, կարծում եմ, որ երկրորդ ջրհեղեղ պետք է լիներ, — պատասխանեց Զազունյանը: — Իհարկե, մարդկությունը դեռ այդ աստիճանին չի ընկել և չի կարող ընկնել:

Կընկնի, կընկնի, — բացականչեց Աննան: — Անպատճառ կընկնի ևշատ շուտով: Խոր թափանցողություն և խոր հասկացողություն չի հարկավոր, որպեսզի ամեն մեկն այդ բանում չհամոզվի: Նայեցեք ձեր շուրջը, նայեցեք առօրյա կյանքին՝ ո՛ր երկրում և ո՛ր ազգության մեջ որ ուզում եք, — և դուք կտեսնեք, որ բարոյականությունը ծանր հիվանդի նման հազիվհազ կանգնում է ոտքի վրա, և այսօր թե վաղն անպատճառ պետք է ընկնի, մեռնի: Դրա տեղ անբարոյականությունը Դամոկլեսի սրի նման կախված է մարդկության գլխին և ամեն րոպե սպառնում է իջնել իր գործը կատարելու: Մի քայլ էլ դեպի անբարոյականությունև ամեն ինչ վերջացած է մարդկության համար: Նրա վիճակն արդեն վճռված է:

Իմ կարծիքով, սխալվում եք, տիկին, — պատասխանեց Զազունյանը. մարդկության վիճակը դեռ չի վճռված, նրա վիճակը դեռ չի վճռված, նրա վիճակը նոր է որոշվում: Ճշմարիտ է, բարոյականությունը ներկա ժամանակում, ըստ երևույթին, ընկած է և կարծես այդ իսկապես այդպես էլ է, ըստ երևույթին, ինչպես դուք ասացիք, նա նմանում է ծանր հիվանդի, որ այսօր թե վաղը պետք է ընկնի, բայց, իմ կարծիքով, դուք շատ եք շտապում դատավճիռ կարդալու: Բարոյականությունը ծանր հիվանդի նմանեցնելով, դուք այդ հիվանդի վրա նայում եք հուսահատ հիվանդատիրոջ նման, որ ձեռքերն արդեն լվացել, ետ է նստել, այնինչ` եթե դուք ուզում եք իսկապես իմանալ գործի Էությունը, պետք է նայեք ոչ թե այդպես, այլ փորձառու բժշկի նման: Ինչպես որ ծանր հիվանդն ունենում է ճգնաժամկրիզիս, որ վերջնականապես որոշում է նրա դրությունը, այսինքն՝ որ նա կամ պետք է մեռնի, կամ պետք է առողջանա, նույնպես և մարդկությունը. — մարդկության ներկա ծանր դրությունը նրա ապագայի ճգնաժամն է. այդ ճգնաժամը վերջնականապես կվճռվի, թե արդյոք մարդկությունը պե՞տք է մեռնիայսինքն՝ բարոյապես բոլորովին ընկնի՞, թե պետք է առողջանաայսինքն բարոյապես վերածնվի:

Ուրեմն միևնույն է, ես չեմ կարող նայել և իբրև փորձառու բժիշկ, — ասաց Աննան, — քանի որ փորձառու բժիշկն էլ չգիտե, թե ինչո՞վ իսկապես կվերջանա հիվանդության ճգնաժամըմահո՞վ, թե առողջությամբ: Եվ ի՞նչ օգուտ դրանից:

Ինչո՞ւ չէ, — պատասխանեց Զազունյանը: — Փորձառու բժիշկը, եթե նա լավ հասկացող է, հետևելով հիվանդության ճգնաժամին, այնուամենայնիվ, դարձյալ մի հետևանքի վրա ավելի կարող է պնդել, քան թե մյուս հետևանքի վրա. իսկ այդ մեծ բան է, այստեղ դարձյալ հույս կա:

Բայց դուք ո՞ր կողմն ավելի եք հակված մարդկության վերաբերմամբ, — հարցրեց Աննան դարձյալ աննկատելի հեգնությամբ, — դեպի բարոյականության կատարյալ անկո՞ւմն, թե՞ դեպի բարոյական վերածնություն:

Դեպի բարոյականության վերածնություն:

Ուրեմն մարդկության ներկա դրության ճգնաժամին հետևելով դուք ա՞յդ եզրակացության եք եկել, ա՞յդ հետեվանքի վրա ավելի եք պնդում:

Այո:

Արդյոք կարո՞ղ եմ հարցնել, ինչ հիմունքով:

Այն հիմունքով, որ յուրաքանչյուր մարդ խիղճ ունի:

Ի՞նչ բան է «խիղճը», ես չեմ հասկանում,-ասաց Աննան, որ ի ներքուստ սկսել էր գրգռվել, ինքն էլ չիմանալով, թե ինչու:

Խիղճը գիտակցությունն է, — պատասխանեց Զազունյանը:

Յուրաքանչյուր մարդ առանց բացառության գիտակցություն ունի:

Ունի, բայց մեկինն ավելի զարգացած է, մյուսինն՝ ավելի թույլայդ դաստիարակությունից և մտավոր զարգացումից է կախված, լավ դաստիարակություն ստացած և կրթված մարդու գիտակցությունը զարգացած է, իսկ անխնամ թողածինըթույլ: Բայց բանն այդ չէ. բանն այն է, որ երկուսն էլ ունեն գիտակցություն, ուրեմն ևխիղճ: Հայտնի է, որ արյունարբու ավազակ-մարդասպաններն անգամ հասկանում և զգում են իրենց արարքի վատությունը:

Ինձ հայտնի չէ, և ես ոչ ոքի չեմ հավատա, մինչև որ ինձ ինքն արյունարբու ավազակ-մարդասպանն այդ բանում անձամբ չխոստովանի, — պատասխանեց Աննան:

Նա այլևս չէր կարողանում իրեն զսպել, գրգիռն ակամա երևան էր գալիս:

«Խոսում է այնպես, կարծես իրենից ավելի խելոք մարդ չկա աշխարհիս երեսին, — մտածում էր նա, — այստեղ գառներ է գտել, ուզում է խաբել, իրեն անսխալական ցույց տալ... ուրույն մտքեր է հայտնում իբր թե…:

Զաքարը, որ հայտնի չէր, թե ինչ հրաշքով այդքան ժամանակ լուռ էր, հանկարծ, ինչպես ասում են, կոտրած գդալի պես մեջ ընկավ, բայց Էմման տեսնելով, որ խոսակցությունն Աննայի պատճառով քանի գնում, այնքան սուր ընթացք է ստանում, անսպասելի հմտությամբ վերջ տվեց նրանց վիճաբանությանը:

22

Զազունյանի և Մարկոսյանների միջև բարեկամությունն իսկապես այժմ սկսվեց: Այս անգամ Զազունյանն առանց այլևայլության արդեն ինքն էր հաճախում նրանց տուն, և շաբաթվա մեծ մասը նրանց միմյանց մոտ կարելի էր տեսնել: Իհարկե, նրանց ընկերության մեջ պակաս դեր չէր կատարում և Աննան: Չնայելով, որ ինչ-ինչ անհասկանալի պատճառներով նա հենց սկզբից չսիրեց Զազունյանին, բայց և այնպես այդ մարդու ներկայությունը նրա համար բոլորովին անախորժ չէր. մինչև անդամ, երբ պատահում էր, որ Զազունյանը բացակա էր լինում Մարկոսյանների տնից, նա կարծում էր, թե մի բան պակաս է, և այդ պակասն իսկույն լրանում էր, երբ Զազունյանը գալիս էր: Զազունյանի հետ խոսում էր միշտ հեգնող եղանակով, ինչպես առաջին օրը. ամեն բանում աշխատում էր հակառակել նրան, և այդ պատճառով օր չէր պատահի, որ նրանք որևէ բանի մասին չվիճաբանեին միմյանց հետ: Զազունյանը նույնպես հենց առաջին օրից չսիրեց նրան և, չնայելով, որ այդ կնոջ ներկայություննընդհակառակնանախորժ էր նրա համար, այնուամենայնիվ, նա դեպի Աննան նույնքան քաղաքավարի և հարգանքով էր վերաբերվում, որքան և դեպի Էմման: Սակայն, ինչ էլ որ լիներ, այնուամենայնիվ, ժամանակը բոլորի համար էլ անցնում էր ուրախ և աննկատելի կերպով:

Այնինչ Էմման օր-օրի վրա սարսափով տեսնում և զգում էր, որ ինքն իսկապես սիրահարված է Զազունյանի վրա, ապա թե ոչ` ի՞նչ էր նշանակում այն անհուն ուրախությունը, որ Զազունյանն իր ամեն գալովը բերում էր նրա համար, ի՞նչ էր նշանակում սրտի այն երջանիկ թրթիռը, որով ամեն անգամ նա հանդիպում էր Զազունյանին, ի՞նչ էր նշանակում այն առանձին ախորժելի զգացումը, որով նայում էր նա Զազունյանին, լսում էր նրան, ի՞նչ էր նշանակում այն անտանելի սպանիչ զգացումը, որ պաշարում էր նրան, երբ մի օր չէր տեսնում Զազունյանին. ի՞նչ էր նշանակում... մի խոսքով՝ ի՞նչ էր նշանակում այն մշտական տենդային դրությունը, որի մեջ նա զգում էր իրեն: Միառժամանակ քնած զգացմունքը նո՛րից զարթել էր նրա կրծքի մեջ և այս անգամ արդեն այնպիսի ուժով էր սկսել գործել, որ թվում էր, թե այլևս ոչ մի Աննա չէր կարող այդ զգացմունքը նորից քնեցնել, հանգստացնել: Այդ արդեն առաջվա զգացմունքը չէր առաջվա զգացմունքը մի թեթև քամի էր, որ հազիվ շարժում էր ծառերի կատարները, բայց այժմյան զգացմունքը մի ահեղ փոթորիկ էր, որ, հետզհետե սաստկանալով, սպառնում է ահագին կաղնիներ հիմն ի վեր տապալել՝ անարգել առաջ սլանալու համար: Սկզբում Էմման այդ զգացմունքին անձնատուր եղավ կուրորեն, առանց մտածելու, և այդ ժամանակ նա իրեն կատարելապես երջանիկ էր զգում, բայց մի անգամ, երբ ամուսինը նրան գուրգուրում էր, հանկարծ, մի ակնթարթում սոսկալի թույն ընկավ նրա սրտի մեջ, և այդ օրից արդեն սկսվեց նրա համար անասելի հոգեկան տանջանքների ժամանակը նա միանգամից զգաց, թե որքան սարսափելի է իր դրությունը: Դառն գիտակցությունն, ինչպես շիկացած երկաթ, շանթում էր նրա ուղեղն ու սիրտը:

«Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ», անտանելի հուսահատությամբ մտածում էր նա: «Այս ի՞նչ կրակ է սրտումսո՞ւր փախչեմ: Ի՞նչպես ազատվեմ այս անտանելի դրությունիցԳոնե Զաքարն այնքան բարի չլինի, այնքան լավը չլինի, գոնե նա վատ վարվելիս լինի ինձ հետինչո՞ւ ես ատում եմ նրան, զզվում եմ նրանից... այն ժամանակ ես կփախչեի նրա հետ, հավիտյան նրանը կլինեի, նրա աղախինը, նրա ստրուկը կլինեի... տեր աստված, տեր աստված...»:

Եվ ինչպես մի մարդ, որ, հանկարծ սթափվելով տեսնում է իրեն շրջապատված կրակի ահռելի բոցերով և ոչ մի տեղից, ոչ մի կողմից ելք չի գտնում ազատվելու համար, նույնպես և նաո՛ր կողմից էլ քննում, կշռում էր իր դրությունն, ամեն կողմից տեսնում էր իրեն շրջապատված տանջանքով և հուսահատությամբ: Մի ելք միայն կար այդ դրությունից ազատվելու համար, այն է՝ Զազունյանի ընդմիշտ հեռանալը, բայց այդ այն աստիճան սոսկալի էր թվում նրան, որ նա մինչև անգամ չէր ուզում, վախենում էր այդ մասին մտածել, նրան թվում էր, նա զգում էր, թե Զազունյանի հեռանալուն պես վշտից և հուսահատությունից անպատճառ կմեռնի ինքը: Ընդհակառակն, նրա բոլոր մտավոր և հոգեկան աշխարհը մարմնացել էր միայն այն անհուն ցանկության մեջ, որ Զազունյանը միշտ իր մոտ, իր աչքի առջև լինի:

«Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ», անդադար մտածում էր նա տանջվելով և ոչ մի տեղից պատասխան չէր ստանում այդ «ի՞նչ անեմ»-ին:

Այնինչ Զազունյանը շարունակում էր հաճախել նրանց տուն: Նրան տեսնելուն պես, կարծես, մի կախարդական զորությամբ, Էմմայի տանջանքն իսկույն չքանում էր, և դրա տեղ նրա սիրտը լցվում էր անհուն ուրախությամբ, բայց նա ամեն կերպ աշխատում էր զսպել իրեն, որպեսզի ոչ մի բանով չմատնի իրեն, մանավանդ այն ժամանակ, երբ Աննան ներկա էր լինում, որովհետև ոչ ոքից այնքան չէր վախենում, որքան Աննայից: Առանց այն էլ նրան թվում էր, թե Աննան արդեն ամեն բան հասկանում է և իրեն միշտ հետամուտ էր լինում, միշտ կասկածավոր աչքով է նայում: Նա սկսեց խորշել Աննայից.. ի՞նչ-որ, անհայտ մի զգացմունք ետ էր մղում նրան իր վաղեմի ընկերուհուց և այլևս թույլ չէր տալիս այնպես մտերիմ լինել նրա հետ, ինչպես առաջ: Նա մինչև անգամ զգում էր, որ Աննան հետզհետե ընկնում էր իր աչքում, և մի տեսակ ատելության զգացմունք բույն էր դնում իր սրտի մեջ դեպի նա, մանավանդ այն ժամանակ, երբ Զազունյանի մասին խոսք ընկնելով, Աննան միշտ իրեն հատուկ հեգնությամբ էր խոսում նրա մասին: Շատ անգամ Աննայի խոսակցության այդ հեգնական ձևը և Զազունյանի հասցեին շռայլած արհամարհական ածականներն այն աստիճան անտանելի էին թվում նրան, որ նա քիչ էր մնում ուղղակի արգելեր նրան, որ նա Զազունյանի մասին այլևս ոչ մի խոսք չարտասանի: Երբեմն էլ նրան թվում էր, թե Աննան Զազունանի մասին այնպես աննպաստ խո՛սում է միայն նախանձից, թեև տեսնում էր, որ Աննան իրեն ցույց է տալիս նույն քնքուշ մտերմական սերը, ինչ որ առաջ և նրա վարմունքի մեջ, ըստ երևույթին, հակառակորդուհու մի նշույլ անգամ չկա: Պակաս չէր տանջվում նաև այն ժամանակ, երբ Զազունյանի մասին խոսում էր Զաքարը, չնայելով, որ նա Զազունյանի մասին միշտ հիացմունքով էր խոսում: Մի անգամ, այլևս չկարողանալով համբերել, նա մինչև անգամ բարկացած կանչեց Զաքարի վրա.

Քանի՞ գովես, քանի՞... հազար անգամ լսել ենք:

Աննան այնպիսի արարածներից էր, որոնք մի հայացքով իմանում են, թե բանն ինչումն է, և որոնց սուր դիտողությունից հազիվ թե հնարավոր է լինում որևէ բան ծածկել, այդ պատճառով նկատում էր, թե ինչ է կատարվում Էմմայի մեջ, մանավանդ որ Էմման, չնայելով իր բոլոր նախազգուշություններին, այնքան էլ լավ չէր կարողանում պահել իրեն: Սկզբում Աննան այդ բանին համարյա նշանակություն չէր տալիս, նա կարծում էր, թե մի աննշան տպավորություն էր, որ Զազունյանի պես գեղեցիկ մարդիկ սովորաբար թողնում են մանկահասակ կանանց վրա, քանի որ նրանք նոր են, խորհրդավոր են, և կարծում էր, որ ժամանակի հետ անցնելով Զազունյանի այդ խորհրդավորությունը, կանցնի և Էմմայի վրա թողած տպավորությունր, այդ պատճառով նա ուշադրություն չէր դարձնում այդ բանի վրա: Բայց տեսնելով, Զազունյանի թողած տպավորությունը հասարակ, անցողիկ տպավորություն չէ, Աննան սկսեց լուրջ ուշադրություն դարձնել այդ բանի վրա: Էմման նրան տակավին շատ անփորձ էր թվում, և այդ պատճառով նա իր բարոյական պարտքն էր համարում նախազգուշացնել ընկերուհուն այն վտանգավոր ճանապարհից, որի վրա անգիտակցորեն ոտք էր դրել նա: Մի քանի անգամ փորձեց այդ բանի մասին խոսք բանալ Էմմայի հետ, բայց ինչ-որ անհասկանալի պատճառով թե՛ սիրտ չէր անում և թե ժամանակը հարմար չէր լինում: Վերջապես մի անգամ առավոտյան հաստատ վճռականությամբ նա գնաց Էմմայի մոտ պարզապես խոսելու այդ մասին:

23

Ամեն անգամ, երբ նա գալիս էր Էմմայի մոտ, ժպտալով կամ ծիծաղելով ուղղակի ներս էր վազում նրա սենյակը, բայց այս անգամ նրա դեմքի վրա ոչ ծիծաղ կար, ոչ ժպիտ: Ներս մտավ ծանր, հաստատուն քայլերով և մինչև անգամ չնայեց Էմմային:

Էմման նստած էր լուսամուտի առջև: Ձեռագործը ձախ ձեռքին՝ դրել էր ծնկան վրա, իսկ աջ ձեռքի արմունկը լուսամուտի տախտակին հենած և կզակն ափի վրա դրած` շարունակ նայում էր դեպի դուրս: Ինչպես երևում էր, ընկղմված էր մտածմունքների մեջ, բայց Աննայի մտնելուն պես՝ հանկարծ սթափվեց և հարցական-զարմացական հայացքով նայեց նրան:

Էմմա, ես ուզում եմ քեզ հետ մի բանի մասին խոսել, — ասաց Աննան դարձյալ չնայելով նրան և ձեռնոցները դուրս քաշելով ձեռքերից:

Էմման դեռ կարմրեց, հետո գունատվեց: Իսկույն հասկացավ, թե բանն ինչումն է, և հպարտ, մինչև անգամ արհամարհական դիրք ընդունեց, կարծես դրանով ուզում էր ասելասա՛, քեզնից չեմ վախենում:

Ի՞նչ բանի մասին, — հարցրեց նա, աշխատելով որքան կարելի է ձայնին հանգիստ եղանակ տալ:

Աննան հանեց ձեռնոցները, վերցրեց գլխարկը, համարյա շպրտեց բազկաթոռի վրա, արագ մոտեցավ նրան և, կանգնելով նրա առջև, համարձակ նայեց նրա աչքերին:

Դու սիրահարված ես Զազունյանի վրա, — ասաց նա:

Էմման թեև գիտեր, որ նա այդ պետք է ասեր և առաջուց պատրաստվել էր նրան համարձակ դիմավորելու, բայց այնուամենայնիվ դարձյալ չկարողացավ չկարմրել և չգունատվել: Նա ոչինչ չպատասխանեց և, իբրև թե սաստիկ զարմացած, միայն աչքերը չռեց:

Ճիշտ չէ՞, — հարցրեց Աննան, շարունակ նայելով նրա աչքերին:

Էմման գլուխը բացասական կերպով շարժեց:

Ճիշտ չէ, — պատասխանեց նա ծանրո՛ւթյամբ:

Սիրահարված չե՞ս, — կրկնեց Աննան:

Սիրահարված չեմ, — նույն կերպով պատասխանեց Էմման:

Աննան հոնքերը կիտեց, և նրա դեմքը խիստ արտահայտություն ստացավ:

Ինձնից ծածկո՞ւմ ես, — հարցրեց նա ծանրությամբ:

Քեզնից ոչինչ չեմ ծածկում և ոչինչ չունեմ ծածկելու, — համարձակ կերպով պատասխանեց Էմման:

Դու սո՛ւտ ես ասում, — կանչեց Աննան:

Ես սուտ չեմ ասում:

Սուտ ես ասում, ասում եմ:

Սուտ չեմ ասում:

Աննայի դեմքը նորից հանգիստ արտահայտություն ստացավ:

Ես գիտեմ, որ դու սիրահարված ես, — հանդարտ և համոզող ձայնով ասաց նա:

Դու սխալվում ես:

Չեմ սխալվում, Էմմա:

Էմման իբրև թե տարակուսանքով վեր քաշեց ուսերը և, չպատասխանելով, դեմքը դարձրեց դեպի դուրս:

Էմմա, ասա ճիշտը, ինձնից մի ծածկիր, — համոզող ձայնով կրկնեց Աննան:

Դե որ գիտես՝ սիրահարված եմ, էլ, ի՞նչ կանես իմ ասելը, — հեգնորեն նկատեց Էմման, դեպի դուրս նայելով:

Ես ուզում եմ, որ դու ինքդ այդ հաստատես:

Սա քեզ ասում եմ, որ սիրահարված չեմ:

Ասա, ասում եմ:

Զարմանալի է, ի՞նչ ասեմ, քանի որ ոչինչ չկա, — անհամբերությամբ կանչեց Էմման, արագ դեպի նա դառնալով:

Ասա, ասում եմ, — կրկնեց Աննան:

Էմման նայեց նրան թշնամաբար:

Следующая страница