Նար-Դոս՝   Զազունյան

Դու կատա՞կ ես անում, — հարցրեց նա:

Ես կատակ չեմ անում, Էմմա:

Հապա՞:

Ես լուրջ կերպով եմ խոսում, շատ լուրջ կերպով:

Ի՞նչ ես ուզում ինձնից:

Խոստովանիր, որ սիրահարված ես Զազունյանի վրա:

Տեր աստված, — անհամբեր արտասանեց Էմման:

Խոստովանի՛ր, ասում եմ:

Դիցուք թե սիրահարված եմ, — հանկարծակի վճռականությամբ ասաց Էմման և սաստիկ ատելությամբ նայեց նրան:

— «Դիցուք թե» չէ հարկավոր:

Լա՛վ, սիրահարված եմ, այո՛, սիրահարված եմ Զազունյանի վրա. ի՞նչ ես ուզում ինձնից, — կանչեց Էմման և վեր թռավ տեղից:

Աննան կարճ ժամանակ նայեց նրան լուռ:

Գիտե՞ս, ես այդ պարզ խոստովանանքի տեղ եմ ընդունում, Էմմա, — ասաց նա:

Ասում եմ՝ սիրահարված եմ Զազունյանի վրա, հիմա՞, ի՞նչ ես ուզում ինձնից, — կրկնեց Էմման, իրեն համարյա կորցնելով: Նա սաստիկ գունատվել էր, շրթունքները նկատելի կերպով դողում էին, աչքերը փայլում էին և սպիտակ ճակատի վրա կարմիր բծեր էին երևան եկել:

Այնինչ Աննան հանգիստ տխրությամբ նայում էր նրան:

Գիտե՞ս, Էմմա, ես քեզ այժմ բոլորովին չեմ կարողանում ճանաչել, — կարճ լռությունից հետո ասաց նա կամաց: — Սերը քեզ բոլորովին փոխել է:

Ի՞նչ ես ուզում ինձնից, ի՞նչ, ասա՛, — կանչեց Էմման:

Երբ հանգստանաս, այն ժամանակ կասեմ, իսկ հիմա ինձ չես հասկանաթեթև հառաչելով ասաց Աննան և, հեռանալով նրանից, նստեց մի աթոռի վրա:

Էմման այս անգամ նայեց նրան արհամարհական հայացքով:

Գլխիս վերակացու է եկել, — ասաց նա, իբրև թե ինքն իրեն, և շտապով դուրս գնաց, դուռն ամուր շրխկացնելով իր ետևից:

Աննան արագ նայեց նրան, վեր թռավ և վազեց նրա ետևից, բայց դռան մոտ հանկարծ կանգ առավ և դառնությամբ ժպտաց:

Ախ, սիրելիս, ինչպես խելքդ կորցրել ես, — շշնջաց նա մեղմ տխրությամբ և վերադարձավ, նստեց իր տեղը:

Գիտենալով, որ այդ օրն այլևս ոչինչ չի կարող անել և իր մնալն ավելորդ է, մինչև անգամ ավելի կգրգռի Էմմային, նա շուտով վեր կացավ և հեռացավ սաստիկ տխուր ու ծանր սրտով: Բոլորովին չէր նեղանում էմմայից, որովհետև հասկանում էր, որ նրա փոփոխության պատճառը միայն սերն է, նա միայն մտահոգվում էր սիրելի ընկերուհու համար, որ այդքան կուրորեն անձնատո՛ւր էր եղել այդ սիրուն, որը, նրա համոզմունքով, կորստաբեր էր:

«Ո՛չ, ոչ՛, — մտածում էր նա, — ես չեմ թողնի այդպես, այն դիմակավոր սրիկան կկործանի այդ խղճուկին և բավական չէ միայն դրան, նա այն խեղճ մարդո՛ւնԶաքարին էլ կթշվառացնի... իսկ Արամիկը... Չէ՛, չէ՛, ինչ ուզում է լինի, չեմ թողնի այդպես,,. Ախ, սրիկա՛, սրիկա՛…»:

Սաստիկ կատաղությունը բորբոքվել էր նրա սրտում Զազունյանի դեմ, և նա դեռ ոչ ոքի այնպես չէր ատել, ինչպես այդ մարդուն: Նրա կատաղությունն ու ատելությունն ավելի ևս բորբոքվում էին, երբ տեսնում էր, որ ինքը բոլորովին անզոր է այդ մարդու դեմ կռվելու:

24

Հետևյալ առավոտյան նա դարձյալ գնաց Էմմայի մոտ: Զաքարը տանը չէր, ինչպես և նախորդ օրը: Աղախինը հայտնեց նրան, որ տիկինը ննջարանումն է և ոչ ոքի չի ընդունում:

Եվ ոչ ի՞նձ, — կանչեց Աննան:

Տիկինն այդպես հրամայեց, — պատասխանեց աղախինը:

Ես նրան ցույց կտամ «տիկինն այդպես հրամայեց», — ասաց ինքնիրեն Աննան և շտապեց դեպի Էմմայի ննջարանը: Նա բռնեց դռան փականքից և առաջ հրեց: Դուռը փակ էր ներսից:

Էմմա, բա՛ց արա, — կանչեց նա:

Ներսից ձայն չկար:

Էմմա, բա՛ց արա, — կրկնեց նա:

Դարձյալ ձայն չկար:

Չե՞ս լսում, էմմա:

Նա շարժեց դուռը:

Ո՞վ է, — վերջապես լսվեց ներսից Էմմայի ձայնը:

Ես եմ, բաց արա:

Հիմա չեմ կարող ընդունել:

Ասում եմ՝ բաց արա:

Հիվանդ եմ:

Բաց արա, քեզ ասում եմ:

Աննա, խնդրում եմ, հիմա ինձ հանգիստ թող:

Բաց արա, թե չէ կկոտրեմ դուռը, — կանչեց Աննան և դուռը ուժգին չրխկչրխկացրեց:

«Ախ», լսվեց ներսից մի հուսահատական հառաչանք, և դուռը բացվեց:

Նրա առջև կանգնած էր Էմման գունատ և անշարժ:

Նրանք միաժամանակ նայեցին միմյանց, որպես երկու կատաղի, անհաշտ թշնամիներ:

Չե՞ս ամաչում... չե՞ս ամաչում... չե՞ս ամաչում, — կանչեց Աննան հետզհետե ձայնը բարձրացնելով: — Դու գժվե՞լ ես, թե... Ինչո՞ւ էիր դուռը փակել և չէիր ուզում ինձ ներս թողնել, ինչո՞ւ էիր փակել, ասա, տեսնեմ: Նրա համա՞ր, որ ես ուզում եմ քեզ սխալ ճանապարհից հեռացնել, նրա համա՞ր, որ ես քեզ ուզում եմ կորստյան անդունդից հեռացնել, նրա համա՞ր, որ ես քեզ, աստված գիտե, թե ինչպես եմ սիրում: Խելագա՛ր, անմի՛տ, մեկ մտածիր, թե ի՛նչ ես անում, ի՛նչ սոսկալի թշվառություն ես պատրաստում քեզ, ամուսնուդ և երեխայիդ համար... Ի՞նչ ես տեսել այն սրիկայի, այն կեղծավորի, այն, այն... դիմակավոր ավազակի մեջ, որի համար այդպիսի գժո՛ւթյուններ ես անում: Անմի՛տ, անմի՛տ, դու ամուսին ունես, դու որդի ունես: Ախր այն սրիկան Զաքարի մի եղունգն անգամ չարժե, ո՞ւմ ես թողնում և ո՛ւմ գիրկն ես ընկնում, խելքդ ո՞րտեղ է:

Հոնքերը կիտած, քթածակերը լայնացրած և ձեռքերը բռունցք կազմած Էմման կանգնած` էր նրա առջև անշարժ և, առանց ձայն-ծպտուն հանելու, սառն, արհամարհանքով շարունակ նայում էր հատակին:

Սիրում ես, ո՞վ է քեզ դրա համար մեղադրում, — շարունակեց Աննան քիչ հանգստանալով: — Դու ի՞նչ մեղավոր ես, որ սիրում ես... բայց խո հասկանո՞ւմ ես, որ այդ սերը ներելի չէ քեզ, որ դու իրավունք չունես, քո պայմաններո՛ւմ սիրելու ուրիշին, ուրեմն, ինչո՞ւ չես ուզում, որ քանի ուշ չէ, դրա դեմն առնելու համար խելք ելքի տանք, մի բան անենք: Ինչո՞ւ այդ ծածկում ես ինձնից և դեռ դուռդ փակում ես իմ առջև: Մի՞թե կարծում ես, որ ես քո վատն եմ ցանկանում, ես, որ մանկական հասակիցս քեզ միշտ հոգով շատ սիրել եմ: Ի՞նչպես չես տեսնում այն սոսկալի թշվառությունը, որ դու ինքդ պատրաստում ես քեզ համար, դեռ մի կողմը թողնենք Զաքարին ու Արամիկին... Եկ, եկ նստենք այստեղ և խոսենք հանգիստ, եկ:

Եվ նա, բռնելով Էմմայի ձեռքից, համարյա քարշ տվեց նրան իր ետևից, նստեցրեց, իսկ ինքը նստեց նրա դիմաց:

Գիշերը չեմ քնել քո մասին մտածելով, — շարունակեց նա: — Երեկվանից դես ես իմը չեմ, քո տեղ ես եմ տանջվում, և դու դեռ իմ առջև փակում ես դուռդ... Ախ, է՛մմա, է՛մմա, ի սեր աստծո, խելքի արի, խելքի, թե չէ... Մոռացիր այն սրիկային, այն ավազակին, նա քեզ չի տալ այն, ինչ որ դու ես ցանկանում, նա միայն կթշվառացնի քեզ, երդվում եմ, որ կթշվառացնի: Դու չգիտես, թե ինչպիսի մարդ է նա, — ի՛նձ հարցրու, ե՛ս եմ ճանաչում նրան. Ամեն նայելովս թափանցում եմ նրա հոգին, նրա այն կոռեկտ, գեղեցիկ դիմակի տակ հազար և տասն հավար սատանա կա թաքնված, ի՞նչ ես նայում նրա արտաքինին կամ ի՞նչ ես նայում Զաքարին, որ իր. անմիտ և անմեղ գովասանքներով նրան երկինք է բարձրացնում. Զաքարը միամիտ մարդ է, քեզնից ավելի շուտ խաբվողդու ի՛նձ լսիր ի՛նձ, ուրիշ ոչ ոքի և, աստված է վկա, չես զղջա: Ախր մեկ այս էլ մտածիր, նրան որ սիրում ես, այդ աստիճան որ անձնատուր ես եղել այդ սիրույն, որ ոչ մի միջոցով չես ուզում դրա դեմն առնել, վերջն ի՞նչ պետք է անես, ինչո՞վ պետք է այդ բոլորը վերջանա: Պետք է տունդ, տեղդ, ամուսնուդ, որդուդ թողնես և փախչե՞ս նրա հետ, հա՞... պետք է անարատ անունդ, պատիվդ զոհե՞ս այն սրիկայի համար... կանե՞ս այդ, հա՞, կանե՞ս... Ի՞նչ ես լռել, ինչո՞ւ չես խոսում:

Դու խոսում ես, է՛լի, ես էլ ի՞նչ խոսեմ, — ասաց հեգնորեն Էմման, որը արհամարհանքով շարունակ նայում էր ուրիշ կողմ:

Աննան աչքի տակից մի զգաստ և խիստ հայացք ձգեց նրա վրա:

Էմմա, — կարճ լռությունից հետո ասաց նա ծանր և հանդարտ, — մի՞թե ես այլևս քո մտերիմ ընկերուհին չեմ:

Էմման չպատասխանեց:

Մի՞թե ես այլևս ոչ մի նշանակություն չունեմ քո աչքում: Մի՞թե անկեղծ սրտացավությունս և սերս միայն արհամարհանք են շարժում քո սրտում:

Էմման լռում էր:

Մի՞թե մի թափառական, մի բախտախնդիր սրիկա, որ զբաղված է ուրիշի երջանկությունը գողանալով և անմեղ ընտանիքներ սրբապղծելով, ինձ էլ կարողացավ քո սրտից հանել:

Էմման հանկարծ նայեց նրան, նրա հայացքը կատաղի էր:

Ի՞նչ ես ուզում ինձնից, — հարցրեց նա խստորեն:

Այն սրիկային վռնդիր այստեղից, — կանչեց Աննան: Էմման նույն հայացքով նայեց նրան և սաստիկ կատաղությունից երկար ժամանակ ոչինչ չկարողացավ պատասխանել:

Հիմա ե՛ս պետք է ասեմ քեզ՝ խելքի արի վերջապես ասաց նա, և վեր կենալով տեղից, հեռացավ մի կողմը:

Ի՞նչ, դու կարծում ես, թե այս անկարելի՞ է, — կարճ լռությունից հետո ասաց Աննան» — Ես խո չեմ ասում, թե նրա ցիլինդրը վերցրու և լուսամուտից դուրս շպրտիր կամ թե` ծառաներին հրամայիր, որ վզակոթին տալով դուրս անեն այստեղից: Դու. ուղղակի կարող ես հիվանդ ձևանալ և, երբ նա կգա, դուրս չգնալ նրա մոտ, պրծավ գնաց: Այդպիսով նա ինքն ամեն բան կհասկանա և ոտը կկտրի այստեղից:

Խնդրում եմ, բավական է այդ մասին խոսես, ես այլևս չեմ կարող քեզ լսել, — ասաց Էմման և ուզում էր դուրս գնալ:

Ո՛չ, բավական չէ՛, բավական չէ՛, — կանչեց Աննան, վազելով նրա ետևից և բռնելով նրան, — ես քեզ հանգիստ չեմ տա, մինչև չլսես ինձ, գիշեր-ցերեկ ես կտանջեմ քեզ, մինչև որ դու առաջվա ճանապարհի վրա չկանգնես Զազունյանին վռնդիր այստեղից, ես քեզ ասում եմ

Թե չէ... — հեգնական ժպիտով հարցրեց Էմման:

Թե չէ... ես ինքս կխայտառակեմ նրան և կվռնդեմ այստեղից:

Էմման մի ծաղրական-արհամարհական հայացքով չափեց նրան ոտից գլուխ:

Հետո՞, — հարցրեց նա:

Հետո նա ավելի շուտ գլուխը քարովը կտա, քան թե այստեղ այլևս ոտք կդնի:

Իսկ քեզ ո՞վ կվռնդի այստեղից...

Ոչ ոք:

Ե՛ս, — խլվելով նրա ձեռքից և գոռոզ հպարտությամբ խփելով իր կրծքին, կանչեց Էմման: — Ե՛ս կվռնդեմ քեզ այստեղից, հասկանո՞ւմ ես, ե՛ս... Այստեղ նայիր, ո՛վ ո՛ւմ տանն ի՛նչ իրավունքներ է ուզում բանեցնել... Խնդրեմ, խնդրեմ... Դու ինչ-որ քեզ շատ ես երևակայում... Քեզ ոչ ոք չի խնդրել, որ գաս այստեղ կարեկից և սրտացավ լինես... Խրատներ ունես՝ տար ուրիշին տուր, այստեղ ոչ ոք հիմար չկա... ամեն մեկը իր խելքը, իր հասկացողությունն ունի: Այնտեղ, այնտեղ, — ձեր տանը... այս ուրիշի տունն է...

Եվ դարձյալ մի ծաղրական-արհամարհական հայացքով չափելով նրան ոտից գլուխ, ինքնավստահ, հպարտ քայլերով դուրս դնաց:

Աննան մնաց քարացած:

25

Զազունյանը մինչև իր Շ... գնալն անտարբեր չէր դեպի Էմման. նրա սրտումն էլ սիրո նման ինչ-որ բան էր սկսել շարժվել, որին նա համարյա ոչ մի նշանակություն չէր տալիս, որովհետև այդ միայն հիմարություն էր համարում: Եվ դրա համար նա ուներ երկու պատճառ, որոնց նա ահագին նշանակություն էր տալիս. — մեկն այն, որ Էմման ազատ չէր, ամուսին և զավակ ուներ, որոնք նրան սիրո՛ւմ և պաշտում էին, և այդ ամուսինն, իբրև անհատ, իբրև մարդ մի կողմը թողած, իր բարեկամը, իր ընկերն էր, որին դավաճանել չէր կարող, իսկ երկրորդ պատճառը... Սակայն երկրորդ պատճառը, ահագին նշանակություն ունենալով հանդերձ, այն աստիճան մեծ դեր էր խաղացել և դեռ շարունակում էր խաղալ նրա բարոյական աշխարհում, որ նա այդ մասին երբեք չէր ուզում մտածել և ամեն կերպ աշխատում էր մոռացության տալ,.. Սակայն առաջին անգամ անջատվելով էմմայից և գնալով Շ..., նա զգաց, որ այն զգացմունքը, որ ինքը կատարյալ հիմարություն էր համարում, այնքան էլ հիմարություն չէր և արդեն կարողացել էր իր համար մի որոշ նշանավոր տեղ բռնել նրա սրտում: Ինչպե՞ս, ե՞րբ... — ահա հարցեր, որոնց նա ինքն էլ չէր կարողանում պատասխանել և որոնք նրան, եթե ոչ երկյուղ, գոնե զարմանք էին պատճառում:

«Հիմարություն է, հիմարություն է», դարձյալ չէր ուզում նա հավատալ, չնայելով, որ Էմմայի պատկերը նրա աչքերի առաջից չէր հեռանում, չնայելով, որ այժմ, հակառակ իր սովորության, սկսել էր անձնատուր լինել «հիմար» ցնորքներին, որոնց մեջ նա մի տեսակ քաղցրություն էր զգում, մի տեսակ ախորժելի կաշկանդող ուժ: «Հիմարություն է, հիմարություն», անդադար կրկնում էր նա ինքնիրեն: «Այս մի տպավորություն է, որ շուտով կանցնի»:

Եվ իրավ, «հիմարությունը» սկզբի օրերում միայն հանգիստ չտալով նրան, այնուհետև սկսեց փոքր առ փոքր խաղաղել, իսկ շաբաթներ անցնելուց հետո նրա սիրտն սկսեց բաբախել սովորական կերպով, Էմմայի պատկերն էլ հեռացավ նրա աչքերի առաջից, «հիմար» ցնորքներն էլ հանգիստ տվին նրան, կարծես բոլորովին ոչինչ չէր էլ պատահել: Այդ բանին քիչ չնպաստեց նրա դատի քննությունը, որ սկզբում շատ վատ էր գնում, նա ակամա ստիպված էր ցնորքները մի կողմ թողնել և մտածել իր դատի մասին, նոր միջոցների դիմել, միշտ աչալուրջ մնալ, որպեսզի դատը տանուլ չտա: Եվ տանուլ չտվեց: Ամեն ինչ վերջացնելով և կալվածքների մասին հարկավոր կարգադրություն անելով, նա պատրաստվեց Թիֆլիս վերադառնալու, իսկ Թիֆլիսից մտադիր էր անմիջապես շարունակելու իր ճանապարհորդությունը: Նախքան Թիֆլիս գնալը, նա մտաբերեց Զաքարի խնդիրը և հեռագրեց նրան:

Երկաթուղու երկրորդ կարգի վագոնում նստած՝ նա վերադառնում էր Թիֆլիս, և նրա երևակայության մեջ նորից հարություն էր առնում էմմայի պատկերը և դրա հետ առաջվա «հիմար» ցնորքները նորից պաշարում էին նրան: Այդ բանի համար նա այլևս հաշիվ չէր տալիս իրեն, ուրեմն և չէր աշխատում հեռացնել իրենից երևակայության այդ անկոչ հյուրերին, որոնք ինչ-որ գաղտնի զորությամբ գողունի մտնում էին նրա ուղեղը և զբաղեցնում նրան: Որքան մոտենում էր Թիֆլիսին, այնքան նրա սիրտը բաբախում էր անհանգստությամբ` նա կարծում էր, որ երկաթուղու կայարանում Զաքարի հետ իրեն կդիմավորի և Էմման, և ինքը նրա երևակայական պատկերի տեղ կտեսնի նրա իսկական պատկերը: Ակամա անհասկանալի մի ցնծություն պաշարեց նրան: Բայց երբ կայարանում նրան հանդիպեց միայն Զաքարը, նրա այդ ցնծությունը տեղի տվեց մի տեսակ հիասթափության, իսկ երբ Աաքարից իմացավ, որ Էմման նրա մեկնելուց հետո հիվանդացել էր, սկզբում շատ վախեցավ: «Չլինի՞ թե սիրահարվել է ինձ վրա», առաջին անգամ այդ միտքը կայծակի արագությամբ անցավ նրա գլխով և, րոպեական երկյուղից հետո, նրա սիրտը թրթռաց մի տեսակ երջանիկ ինքնաբավականությամբ: Սակայն մտքումը նա իսկույն ևեթ սկսեց ծիծաղել իր վրա, որ այդքան հեռու գնաց, որովհետև ինչպես իր՝ Էմմայի վրա սիրահարվելը, նույնպես և էմմայի՝ իր վրա սիրահարվելը նա կատարելապես «հիմարություն» էր համարում: Այնուհետև նույն օրը տեսնելով Էմմային և սկսելով խոր դիտել նրան, նա մեկ համոզվում էր, որ նա անտարբեր չէ դեպի ինքը, մեկ էլ, իր թերահավատության պատճառով, նրան հակառակն էր թվում, բայց, այնուամենայնիվ, երկու դեպքումն էլ նա ի ներքուստ ավելի հակված էր դեպի վերջին ենթադրությունը:

Օրերն ու շաբաթներն անցնում էին: Զազունյանն իր սրտի մեջ եղած «հիմարությանն» այժմ իր իսկական անունն էր տալիս: Ինքնախաբեությունով, իհարկե, ոչինչ չէր դառնա, իրականությունն ամեն դեպքում միշտ իրականություն է մնում: Օր-օրի վրա նա սարսափով տեսնում էր, որ այդ «հիմարությունն» ահագին ուժ և զորություն է ստանում և անասելի արագությամբ տիրապետում է նրա բոլոր մյուս զգացմունքներին, նրա ամբողջ էությանը: Ճանապարհորդությունը շարունակելու միտքը միշտ հալածվում էր նրանից, որպես բռնի ստեղծած ցնորք, երբեմն մտնում էր նրա գլուխը և առանց մի որոշ վճիռ ստանալու, նորից չքանում, անհետանում էր: Ուրիշ ավելի քաղցր, ավելի հոգեզմայլ ցնորքներ շարունակ վխտում էին նրա գլխում, որպես կախարդիչ հուրիներ, և նրա բոլոր մտավոր կարողությունը կենտրոնացնում էին միայն իրենց վրա: Որքան նա աշխատում էր սառը, լուրջ խոհականությամբ հալածելու իր գլխից այդ ցնորքները և կշռադատելու իր դրությունը, չափելու այն անդունդի խորությունը, որի մեջ աննկատելի կերպով ընկնում էր ինքը, այնուամենայնիվ, այդ բոլորի հետևանքը դարձյալ առաջվա ցնորքներն էին լինում: Որքան նա աշխատում էր էմմայից հեռու փախչել, այնքան այդ նորատի, գեղեցիկ կինը որպես մագնիս ձգում էր նրան դեպի ինքը, և նա չէր կարողանում դիմադրել այդ ձգողական ուժին: Նա սիրում էր ամենավառ զգացմունքով և անասելի տանջվում էր, որ իր այդ սիրով ոչ իրեն և ոչ Էմմային չի կարող տալ երջանկության մի նշույլ անգամ, այլ, ընդհակառակն, իր հետ նրան էլ: սաստիկ ապերջանիկ կդարձնի: Նա արդեն բաց է արել սոսկալի թշվառության դուռը և բռնած այդ անմեղ կնոջ ձեռքից՝ ուզում է նրան ներս քաշել այնտեղ... Ո՛չ, ո՛չ, թեև արդեն մոտ են այդ թշվառության դռան շեմքին, բայց քանի դեռ ուշ չէ, քանի դեռ չեն կոխել այդ շեմքը, պետք է անհապաղ դրա դեմ միջոցներ ձեռք առնել, պետք է կանգ առնել, առաջ չգնալ, պետք է ետ դառնալ, պետք է... այո՛, պետք է հեռանալ: Եթե սիրում է և կամենում է իր սիրո առարկայի երջանկությունը, ապա այդ երջանկությունը, խղճի և առողջ դատողության ասելով, պետք է որոնի միայն իր ընդմիշտ հեռանալու մեջ: Հապա այն վեհ, բարոյական պարտականությո՞ւնը, որ դրված է նրա վրա՝ որպես ընկերոջ վրա, այդ բառի ոչ թե սահմանափակ, այլ ամենաընդարձակ, բուն նշանակությամբ: Մի՞թե անձնազոհությունը չէ դրա միակ և ուղիղ միջոցը: Անձնազոհությո՞ւնը... Մի՞թե դա չէ այն երջանկությունը, որի ետևից վազում է մարդկությունը, բայց այդ որսում է դրա այլանդակած ուրվականը միայն... Մի՞թե սերը չէ դեպի ընկերն, ուրեմն և ինքնուրացությունը, անձնազոհությունն ընկերի համար: Ինքնուրացություն, անձնազոհություն... Մի՞թե բառը միշտ բառ պետք է մնա, հապա գո՞րծը...

26

«Եվ այդպես, վճռված է. պետք է հեռանալ», մի անգամ, շատ երկար մտածելուց հետո, ասաց ինքն իրեն Զազունյանը և սկսեց հագնվել: Նա ուզում էր վերջին կամ նախավերջին անգամ այցելել Մարկոսյաններին և մի կամ երկու օրից հետո... բարի ճանապարհ: Ինչպես ուղեցույցի սլաքը, որ ինչպես էլ բռնում ես, միշտ դեպի հյուսիս է դառնում, նույնպես և նաինչ կերպ և ինչ կողմից էլ որ քննության էր ենթարկում իր դրությունը, խիղճը և առողջ դատողությունը միշտ կանգ էին առնում այն բանի վրա, որ պետք է հեռանա:

Մի կերպ, կարծես տենդի մեջ, հագնվելով, նա դուրս եկավ և դիմեց դեպի Մարկոսյանների տուն:

Երեկո էր, արևն արդեն մայր էր մտել: Չնայելով, որ նա ուղղակի գնում էր Մարկոսյանների տուն, բայց տակավին երկմիտ էր՝ գնա՞, թե ոչ, որովհետև կարծում էր, որ նրանք այդ ժամանակ, գուցե, դուրս եկած կլինեն զբոսանքի, մանավանդ որ եղանակը շատ գեղեցիկ էր. բացի դրանից, նա հենց սկզբից վախենում էր, զգում էր, որ ինքը անկարող կլինի իր բերանով հայտնելու էմմային, որ ինքը մի կամ երկու օրից հետո պետք է հեռանա, այդ նրան միևնույնն էր թվում, թե ինքն իր բերանով պետք է կարդար իր դատավճիռը: Նա գնում էր և հետզհետե քայլերը դանդաղեցնում: Որքան առաջ էր դնում, այնքան նրա մտքերն անկանոն ընթացքը տանում, այնքան նրանք հեռանում էին վերջնական վճռից: — Արդյոք գնա՞, թե չգնա, արդյոք նրանք տանը կլինե՞ն, թե ոչ, և եթե տանը լինեն, արդյոք Էմմայի ներկայությամբ հայտնի՞ Զաքարին իր հեռանալու մասին, թե սպասի մի ուրիշ անգամի... արդյոք լավ չի՞ լինի, եթե մի քանի օրով հետաձգի իր հեռանալը: Չնայելով, որ վերջին խնդիրը նա արդեն վճռել վերջացրել էր, բայց այժմ մի անհասկանալի զորությամբ այդ վճիռը հետզհետե թուլանում էր և խնդիրը նորից քննություն էր պահանջում:

Այդպիսի տատանումների մեջ էր նա, երբ հանկարծ տեսավ Զաքարին կառքով անցնելիս: Զաքարը նույնպես տեսավ նրան և կառքն իսկույն կանգնեցնել տվեց: Զազունյանն իջավ մայթից և մոտեցավ նրան:

Ո՞ւր ես գնում, — հարցրեց Զաքարը, ձեռք տալով նրան: — Եկ նստիր, գնանք մեր տուն:

Զազունյանը նստեց: Կառքն առաջ անցավ:

Գալիս էի ձեր տուն, — պատասխանեց Զազունյանը:

Հա-ա՞... փառք աստծո: Երևի այս երկու օրը ոտներիդ հինա էիր դրել, որ չէիր գալիս: Տխուր նստում ենք, տխո՛ւր վեր կենում: Չէ, եղբայր, դեռ սկզբից չպետք է գայիր մեր տուն, բայց որ մի անգամ եկար, այլևս իրավունք չունես մի օր անգամ բացակայելու. ես այդպես եմ հասկանում բարեկամությունը: Դու խո գիտես, որ քո ներկայությունն առանձին բավականություն է պատճառվում մեզ, էլ ի՞նչ ես նազ ու տուզ ծախում: Հավատացիր, Արսեն, որ առանց քեզ մենք շատ տխուր ենք լինում, մանավանդ որ Աննան էլ այս երկու-երեք օրը, չգիտեմ ինչ պատճառով, այլևս չի գալիս մեր տուն: Երևի դու և նա միասին խոսք եք կապել, որ մեզ բոլորովին մենակ թողնեք:

Զազունյանին խիղճն սկսեց տանջել, ինչպիսի՞ միամիտ բարեսրտություն և ի՛նչքան խոր, անկեղծ հավատ դեպի ընկերը: Կարելի՞ է միթե այդպիսի մի կատարյալ հավատ ի չարը գործ դնել: Ահա մի զենք, ինքնըստինքյան մի աննշան, բայց և միևնույն ժամանակ իր անգիտակցությամբը մի զորավոր զենք, որի առաջ պետք է բթանա չարամտությունը, որին հանդիպելով ամոթահար պետք է փախուստ տա վատությունը... Ոչ, Զաքարն իր այն համարյա երեխայական անկեղծ սիրով և հավատով բնավ խղճալի չէ թվում Զազունյանին, ընդհակառակն՝ Զազունյանն այդ րոպեին նայում էր նրա վրա որպես մարդու և ընկերի կատարելատիպի, իդեալի վրա, որի առջև հոգեզմայլությամբ պատրաստ էր ծունկ խոնարհել: Ի՞նչ են հազարավոր թշվառ օթելլոներ այդ մարմնացյալ սիրո և հավատի առաջ: Մի՞թե այդպիսի մարդը չարժե այն անձնազոհությանը, որ ինքըԶազունյանը, կամենում էր բերել նրա համար, որ իսկապես ասած անձնազոհություն էլ չէր լինի, այլ մի տեսակ մարդկային, ընկերական պարտականություն:

Նա հարմար և ի դեպ համարեց հայտնել Զաքարին իր հեռանալը և գիտեր, որ նա իր կողմից տուն գնալուն պես կհայտնի այդ մասին իր կնոջն, ուրեմն այդպիսով ինքը կազատվեր Էմմային անձամբ հայտնելու դժվարությունից:

Այս գուցն վերջին անգամն է, որ գալիս եմ ձեր տուն, — ասաց նա տխուր ժպիտով:

Զաքարն արագ, մինչև անգամ վախեցած, նայեց նրան:

Ի՞նչպես, — հարցրեց նա:

Շուտով պետք է հեռանամ այստեղից, — պատասխանեց Զազունյանը:

Ո՞ւր, ի՞նչպես, ե՞րբ, ի՞նչ ես ասում, գժվե՞լ ես, — վրա տվեց Զաքարը, չհավատալով: — Կատա՞կ ես անում:

Հավատացիր, չէ. խո առաջ էլ ասում էի, որ պետք է հեռանամ:

Ուրեմն վճռե՞լ ես, հաստա՞տ վճռել ես:

Վաղուց եմ վճռել:

Բայց ո՞ւր, եղբայր, ո՞ւր պետք է գնաս, ես չեմ հասկանում:

Ո՞վ գիտե...

Է, եղբայր, թե աստվածդ կսիրես, ձեռք վերցրու այդ հիմար մտադրո՛ւթյունից: Ուզում ես նեղացիր, բայց ես հիմարություն եմ համարում աննպատակ ճանապարհորդությունը: Հա, էլի մի ամիս, երկու ամիս, երեք ամիս, մի տարիես հասկանում եմ, բայց ամբողջ կյանքը նվիրել ճանապարհորդությանըայդ, կրկնում եմ՝ մեծ հիմարություն է, հավատացիր, մեծ հիմարություն: Գոնե որևէ աշխարհագրական ընկերության անդամ լինես, էլի մի բան է. կասեմ ճանապարհորդում ես ուսումնասիրական նպատակով, գիտությանն ուզում ես օգուտ տալ, բայց ախր ճանապարհորդել լոկ ճանապարհորդելու համար, անօգուտ, ապարդյուն... Չէ եղբայր, չէ, ինչ ուզում ես ասա, ես էլի կասեմ, որ այդ մեծ հիմարություն է, մեծ:

Զազունյանը չպատասխանեց, ինչ-որ նոր, տակավին անծանոթ մի տխրություն պաշարեց նրան:

Նստիր քեզ համար, — կարճ լռությունից հետո շարունակեց Զաքարը, — տուն-տեղ դիր, ամուսնացիր, սիրիր, սիրիր, որդիք ունեցիր, ապրիր քեզ համար հանգիստ, խաղաղահա քեզ երջանկությո՛ւն, ահա քեզ օգտակար կյանք, թե չէ, մի օր այստեղ ապրել, մյուս օրնայնտեղ, ամբողջ կյանքը թափառականությամբ անցկացնել... Ի՞նչ միտք ունի: Չէ, եղբայր, գուցե ես եմ հիմար և քեզ լավ չեմ հասկանում, հը՞... բայց ապա մեկ ինձ բացատրիր, թե մշտական ճանապարհորդությո՛ւնն ինչով է լավ նստակյաց կյան՛քից:

Քեզ համար՝ ոչնչով, բայց ինձ համար՝ շատ բանով, — պատասխանեց Զազունյանը:

Օրինա՞կ:

Դու ինձ չես հասկանա, որովհետև չգիտես, թե ինչ բան է ճանապարհորդությունը:

Էլի:

Օրինակ հենց նրանով միայն, որ իմ երջանկությունն, եթե միայն այդ երջանկություն կարելի է անվանել, ճանապարհորդության մեջ է գտնվում, ինչպես քոնընստակյաց կյանքի մեջ:

Ախր, օրինակ:

Էլի դու քոնն ես պնդում, այստեղ ոչ մի օրինակ հարկավոր չէ: Որպեսզի ինձ հասկանաս, պետք է անձամբ ճանապարհորդած լինես և ձգտումն ունենաս դեպի ճանապարհորդությունը:

Ես զարմանում եմ, ճշմարիտ... Ախր, եղբայր, եթե ճանապարհո՛րդությունը որևէ առավելություն ունի նստակյաց կյանքից, էլ ինչո՞ւ չես կարող բացատրել ինձ, թե ինչումն է այդ առավելությունը:

Դու ինձ ասա, թե ինչո՞ւ անպատճառ նստակյաց կյանք ես սիրում և ոչ՝ ճանապարհորդություն:

Որովհետև նստակյաց կյանքը ամեն բանով լավ և օգտակար է ճանապարհորդությունից:

Իսկ ես էլ կասեմ, որ ճանապարհորդությունն ամեն բանով լավ և օգտակար է նստակյաց կյանքից:

Ի՞նչով օրինակ:

Զազունյանը ժպտաց:

Տեսնո՞ւմ ես, մենք դարձյալ ետ գնացինք, — ասաց նա: — Ոչ մի օրինակ հարկավոր չէ, ասում եմ: Այդ կախված է անհատի բնավորությունից, հակումից: Ինչո՞ւ մեկը խորոված է սիրում, մյուսը փլավ, ինչո՞ւ մեկը գինի է սիրում, մյուսըգարեջուր, ինչո՞ւ մեկը շուն է սիրում, մյուսըչի սիրում, կարո՞ղ ես բացատրել դրանց պատճառները: Չէ: Այնպես էլ ես:

Էհ, մախլաս, — ասաց Զաքարը մի տեսակ տխուր և հուսահատ դժգոհությամբ և թեթև հառաչեց:

Երկուսն էլ կարճ ժամանակ լռեցին:

Արսեն, արի իմ խաթրու մնա, ձեռք վերցրու ճանապարհորդությունիցհանկարծ ասաց Զաքարը, նայելով Զազունյանին:

Անկարող եմ, Զաքարմեղմությամբ պատասխանեց Զազունյանը: — Ինձ համար մահու չափ անտանելի է մի տեղում երկար մնալը, սաստիկ ձանձրանում եմ... Ահա քանի ժամանակ է՝ ես այստեղ եմ, և դու չես կարող երևակայել, թե այժմ ինչքան ձանձրացել եմ այստեղից, — խաբեց նա:

Մե՞զ մոտ, մենք քեզ ձանձրացնո՞ւմ ենք զարմացած հարցրեց Զաքարը:

Էհ, Զաքար... երեխայի նման խո միշտ ձեր ետևից չեմ ընկնի, — ասաց Զազունյանը տխրությամբ:

Դե որ այդպիսի համառն ես, աստված բարի ճանապարհ տա, — բարկացած կանչեց Զաքարը: — Գնա ուր ուզում ես, գնա թափառի ինչքան ուզում ես, ես իսկի չեմ էլ ուզում քեզ արգելք լինել:

Երկար ժամանակ երկուսն էլ լռեցին:

Ե՞րբ ես գնում հարցրեց, — քթով Զաքարը:

Կամ վաղը, կամ մյուս օրը պատասխանեց Զազունյանը:

27

Կառքը կանգ առավ Զաքարի բնակարանի դռանը: Նրանք իջան և բարձրացան վերև, հյուրասենյակ: Զաքարն ուզում էր գնալ տեսնելու, թե ինչ է անում կինը, ինչու չի մտնում, գլխավորապես հայտնելու նրան Զազունյանի հեռանալը, որ իրեն սաստիկ ազդել էր, երբ հանկարծ մտավ Աննան: Երևում էր, որ նա նոր չէր եկել և փոքր-ինչ առաջ սաստիկ հուզվել էր:

Ա՛, փա՛ռք, աստծու նրան տեսնելով, կանչեց Զաքարը: — Հազիվ միտներդ եք բերել մեզ:

Ներեցեք ինձ, — այս երկու-երեք օրը ես հիվանդ էի, դրա համար էլ չէի գալիս, — ասաց Աննան, սեղմելով նրա ձեռքը, իսկ Զազունյանին միայն թեթևակի և համարյա առանց նրան նայելու, կարծես ակամա, գլուխ տալով:

Զազունյանն այդ առաջին անգամը չէր տեսնում, որ Աննան լավ աչքով չէր նայում իրեն:

Ի՞նչպես, ի՞նչ էր պատահել, — հարցրեց Զաքարը:

Չգիտե՞ք ինչ կպատահեր. շուտ հիվանդացողինը և շուտ առողջացողինը կամ գլուխը պետք է ցավելիս լիներ, կամ պետք է մրսած լիներ, — պատասխանեց Աննան բռնի ժպիտով, որպեսզի ցույց չտա իր հուզմունքը, որից, ինչպես երևում էր, նա դեռ չէր հանգստացել և չէր կարողանում հանգստանալ:

Հա, այդ մեկը ճիշտ է, այդ մեկը ճիշտ է շտապով պատասխանեց Զաքարը: — Բայց ո՞ւր է Էմման. դուք նրա մո՞տ էիք. ինչո՞ւ ներս չեք գալիս, — ասաց նա, ուզելով դուրս գնալ:

Նա հիմա կգա, նա հիմա կգա, պ. Զաքար, — շտապեց. պատասխանել Աննան:

Ախր դուք չգիտեք, տ. Աննա, Զազունյանը վաղը կամ մյուս օրը վճռել է արդեն հեռանալ այստեղից, — ասաց Զաքարը տխրությամբ:

Աննան արագ նայեց Զազունյանին: Նրա դեմքի վրա երևաց զարմանք և ուրախություն, որ նա չկարողացավ ծածկել:

Զազունյանը նկատեց այդ և հոնքերը փոքր-ինչ կիտեց: Սա նստած էր, ըստ երևույթին, բոլորովին հանգիստ:

Այո՞, պ. Զազունյան, — հարցրեց Աննան:

Այո, — պատասխանեց Զազունյանը:

Վաղը կամ մյուս օ՞րը:

Այո:

Զարմանալի է, ինչո՞ւ այդպես հանկարծ...

Զազունյանը հոնքերը ավելի կիտեց. նա արդեն ամեն բան հասկանում էր:

Հանկարծ ասացիք ու թողի՞ք, — վրա բերեց Զաքարը: — Գոնե երկու շաբաթ, գոնե մի շաբաթ, գոնե հինգ օր առաջ հայտներ, թե այսինչ օրը հեռանում եմ, այնինչ՝ այսօր...

Ներս մտավ Էմման մետաքսյա մոխրագույն շրջազգեստով, որ կոկ և մեծ ճաշակով կանգնած էր նրա փոքր-ինչ առաջ թեքված, բայց կանոնավոր ճկուն կազմվածքի վրա: Ներս մտավ համարձակ, մինչև անգամ հպարտ քայլերով, ինչպես ոչ մի ժամանակ ներս չէր մտել: Երևում էր, որ նա նույնպես հուզված էր եղել, ինչպես Աննան, և հուզված էր եղել Աննայից է՛լ ավելի, նրա սպիտակ ճակատի վրա տակավին երևում էին կարմիր բծեր, իսկ վզի և ծնոտների վրա՝ կապույտ երակներ, որոնք սաստիկ հուզմունքից գրգռվել-ձգվել էին: Մինչև Զազունյանը նրան տեսնելուն պես վեր կկենար և կշտապեր դեպի նա բարևելու համար, Էմման իր կողմից արագ քայլերով մոտեցավ նրան և ամուր սեղմեց նրա ձեռքը, ինչպես ոչ մի ժամանակ չէր սեղմել:

Դուք գիտեք, թե ինչ բանի համար ես պետք է մեղադրեմ ձեզ, իսկ ես գիտեմ, թե ինչ պետք է պատասխանեք դուք ինձ, — ասաց նա ժպտալով, համարձակ և անսովոր արագախոսությամբ, կարծես մեկին ջգրացնելով, — և այդ պատճառով ոչ ես կասեմ ձեզ իմ մեղադրանքը, ոչ էլ դուք` ձեր պաշտպանությունը կամներողությունըայդ ավելորդ է... Բայց այժմ կարծում եմ, որ ձեր այցելության համար ես պարտական եմ ամուսնուս:

Սխալվում ես, Էմմա, ինքն էր գալիս այստեղ:

Հա-ա՞ավելի լավ, — բացականչեց էմման: — Սակայն այս էլ եմ կարծում, որ այս երկու օրն, առանց մեզ, պետք է որ ձանձրանալիս լինեիք, ինչքան էլ զբաղված լինեիք որևէ գործով: Ներեցեք ինձ, որ ես համարձակվում եմ այդպես կարծել և այդ ուղղակի ասում եմ ձեզ, որովհետևես ճշմարիտր կասեմհենց սկզբից կարծել եմ, որ ձեզ համար մեծ նշանակություն ունի մեզ այցելելը, ինչպես և մեզ համար մեծ նշանակություն ունի ձեր ներկայությունն այստեղ:

Следующая страница