Նար-Դոս՝   Զազունյան

Դուք կատարյալ իրավունք ունիք այդպես կարծելու, — պատասխանեց Զազունյանը: — Ինձ համար միշտ մեծ պատիվ է ձեզ այցելել:

Նա շփոթված և զարմացած նայում էր Էմմային: Ի՞նչ է նշանակում այս, Էմման այդպես համարձա՞կ, այդպես աշխո՞ւյժ, այդպես արագախոս և պարզախո՞ս... նա նախ նայեց Զաքարին, հետո Աննային, կարծես նրանցից սպասելով այդ հանելուկի բացատրությունը. Զաքարի դեմքին նա տեսավ զարմանքի նման մի բան, իսկ Աննայի դեմքինհազիվ նկատելի մի հեգնական ժպիտ, որ կարծես ասում էրգիտեմ, գիտեմ ինչ է նշանակում այդ...

Իսկ դո՞ւ ինչ կասես, Էմմա, որ այս պարոնը հեռանում է վաղը, — ասաց Զաքարը:

Ի՞նչ, — կասես սաստիկ վախից հանկարծ ցնցվելով, արտասանեց Էմման և արագ նայեց Զազունյանին: Մի ակնթարթում նրա գույնը թռավ:

Վա՞ղը, — հարցրեց երկարացնելով և կարծես ինքն իր ձայնից վախենալով:

Այսինքն վաղը կամ մյուս օրը, — ուղղեց Զաքարն իր սխալը:

Այո՞, — նույն կերպ հարցրեց Էմման, գլուխը անզգայաբար փոքր-ինչ առաջ տանելով և շարունակ նայելով ուղղակի Զազունյանի աչքերին:

Այո, — պատասխանեց Զազունյանը շփոթված:

Էմման այլևս ոչինչ չկարողացավ ասել: Նրա շուրջն օդը կարծես հանկարծ սպառվեց: Նա մեքենայաբար հեռացավ դեպի լուսամուտը և նույնպես մեքենայաբար նստեց աթոռի վրա մեջքն Աննայի կողմն անելով:

Այսօր ի՛նչ շոգ է, — արտասանեց նա շնչասպառ, նորից վեր կացավ, ուժով բաց արեց լուսամուտի փեղկերը, որ իսկույն չհաջողվեց, և նորից նստեց աթոռի վրա:

Զազունյանն և Աննան, իհարկե, հասկացան, թե բանն ինչումն է, բայց Զաքարը տեսավ և ոչինչ չհասկացավ: Նա միայն զարմացած նայեց կնոջը:

Սենյակում երկար ժամանակ լռություն տիրեց:

Թեյը պատրա՞ստ է, — դիմեց կնոջը Զաքարը:

Ի՞նչ, — հարցրեց Էմման մեքենայաբար նայելով նրան:

Զաքարը բոլորովին զարմացած նայեց ուղղակի նրա աչքերին:

Թե՛յ, կրկնեց նա:

Թե՞յ... Հա, իսկույն... — ասաց էմման, շտապով վեր կացավ և շտապով դուրս գնաց` անցնելիս մի լաստիկ և կատաղի ատելությամբ լի հայացք ձգելով Աննայի վրա:

Այնուհետև մինչև Զազունյանի գնալը նրա խելքը կարծես գլխին չէր: նա նմանում էր մի կասկածավոր մարդու, որին անսպասելի կերպով վրա են հասել մարդիկ, և նա շփոթությունից, շտապելուց չգիտե, թե ինչպես անի, որ նրանց ձեռքը չընկնի:

Թեյից հետո, երբ արդեն մթնել էր, Զազունյանը վեր կացավ, որ գնա, որովհետև պարզ տեսնելով Էմմայի դրությունը, նրա համար անասելի ծանր էր մնալ այնտեղ: Զաքարը փորձեց չթողնել նրան, բայց նա չմնաց, պատճառ բերելով, որ պետք է ճանապարհի պատրաստություններ տեսնի:

Ի՞նչ, դու վաղն ես գնում, — կանչեց Զաքարը:

Չէ, գուցե վաղը չկարողանամ գնալ, — պատասխանեց Զազունյանը հապաղելով:

Հա, այդ էր պակաս որ վաղը գնայիր, — մրթմրթաց Զաքարը: — Սպասիր, ես էլ եմ քեզ հետ դուրս գալիս:

Ձեռք տալու ժամանակ Էմման կարծես հանկարծ ուշքի եկավ:

Գնալուց առաջ, իհարկե, մեզ չեք մոռանալ, — անսպասելի հաստատ ձայնով և առանց նրան նայելու, ասաց նա: Նրա ձայնը այնպես էր հնչում, որ, կարծես, նա սաստիկ վիրավորված էր Զազունյանից:

Զազունյանը չպատասխանեց, միայն ամուր սեղմեց նրա ձեռքը:

28

Զաքարի և Զազունյանի դուրս գնալուց հետո Աննան ու Էմման մնացին մենակ միևնույն սենյակում: Աննան շարունակ նստած էր միևնույն տեղը, միևնույն բազկաթո՛ռի վրա: Էմման, առանց նրան գեթ մի անգամ նայելու, կարծես նա բոլորովին այնտեղ էլ չէր, գնաց նստեց լուսամուտի մոտ, առաջվա նման մեջքը նրա կողմը անելով:

Սենյակում երկար ժամանակ լռություն էր տիրում, կարծես այնտեղ ոչ ո՛ք չկար: Դուրսն արդեն բավական մութն էր: Սեղանի վրա պայծառ վառվում էր հսկա լամպը: Էմման շարունակ նայում էր դեպի դուրս, իսկ Աննան` նրա ծոծրակին:

Ինչքա՛ն վատ բան է հիասթափությունը, — վերջապես, կարծես ինքն իրեն, կամաց խոսեց Էմման: — Ես կարծում էի, թե աշխարհիս երեսին մի ընկերուհի, մի քույր ունիմ, որ հարկավոր դեպքում պատրաստ կլինի ինձ համար մինչև անգամ կյանքը զոհելու, այնինչ անմիտս չէի իմանում՝ որ մարդկային սրտում երբեմն բույն է գնում այնպիսի զզվելի, գարշելի մի զգացմունք, որ ամեն ինչ տակնուվրա է անում, այդ զգացմունքընախանձն է, չար, սև նախանձը, որ մարդուս ամեն ժամանակ փոխում է և ընդունակ է դարձնում ամեն տեսակ ստոր արարքների...

Աննան, իհարկե, հասկացավ, թե նա դրանով ում և ինչ է ուզում ակնարկել, բայց ավելի լավ համարեց լռել, քան թե պաշտպանել իրեն, չնայելո՛վ, որ Էմմայի խոսքերը բավական դիպան նրա սրտին, թեև նա շատ լավ իմանում էր, որ Էմման այդ ժամանակ ինչ էլ ասեր, բոլորը ներելի էր նրան:

Ինչո՞ւ ես այսպես պետք է տանջվեմ, ինչո՞ւ, — կարճ լռությունից հետո շարունակեց Էմման դողդոջուն ձայնով: — Բացի սիրելուց և դարձյալ սիրելուց, ես ի՞նչ էի արել նրան, ի՞նչ վնաս էի տվել նրան, որ նա ինձ այս սոսկալի դրության մեջ ձգեց... Սրտիս մեջ կրակ, դժոխք ձգեց, իսկ ինքն այժմ նայում է ինձ և զվարճանում...

Նրա ձայնը բոլորովին դողաց: Նա ձեռքերը դրեց լուսամուտի տախտակի վրա, դեմքը թաղեց կռների մեջ և ցնցողաբար սկսեց հեկեկալ:

Աննան այս անգամ զարմացավ, ի՞նչ է ասում, «նա» ո՞ւմն է վերաբերում, — իրե՞ն, թե Զազունյանին... վերջին խոսքերից երևում է, որ իրեն է վերաբերում: Բայց ինքն ի՞նչ մեղք ունի նրա տանջանքների մեջ: Նա չկարողացավ համբերել, վեր կացավ և շտապով մոտեցավ Էմմային:

Էմմա, — ասաց նա, առաջ թեքվելով դեպի նա, — ի՞նձ ես մեղադրում, ի՞նձ ես ասում:

Այո, քե՛զ եմ մեղադրում, քեզ եմ ասում, — առանց գլուխը բարձրացնելու արտասանեց Էմման հեկեկանքի միջից:

Աննան բոլորովին զարմացավ:

Ես քեզ ի՞նչ եմ արել, — հարցրեց նա:

Դու ինձ ի՞նչ ես արել, — հանկարծ բացականչեց Էմման կատաղությամբ վեր թռչելով տեղից: — Ահա՛ ինչ ես արել: — Նա երկու ձեռքով բռնեց կրծքից և ուզեց պատռել շրջազգեստը: — Պատռիր կուրծքս և տես, թե ինչ ես արել... պատռի՛ր...

Հիսուսին ու Քրիստոսին, Էմմա, Հիսուսին ու Քրիստոսին, դու խելագարվել ես, — շշնջաց Աննան, վախեցած ակամա ետ ու ետ գնալով:

Դու կարծում ես, թե ես հիմա՞ր եմ և ոչինչ չեմ հասկանա, — կանչեց Էմման հետզհետե ավելի ու ավելի կատաղելով: — Դու կարծում ես, թե ինձ հետ կարող ես խաղալ, ինչպես անմիտ երեխայի հետ: Ինչո՞ւ ես գնացել ասել Զազունյանին, որ հեռանա այստեղից... Ինչո՞ւ, ասա, ինչո՞ւ:

Է՛մմա, է՛մմա, ի՞նչ ես ասում, ո՞վ է գնացել, ո՞վ է ասել, — կանչեց Աննան զարմացած:

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ... Դու չէի՞ր ասում, թե կխայտառակես և կվռնդես նրան այստեղից, դու չէի՞ր ասում... ասա, դու չէի՞ր ասում:

Այո, ես էի ասում, բայց հետո ո՞վ է նրան խայտառակել, ո՞վ է նրան ասել, որ հեռանա այստեղից, է՛մմա:

Դո՛ւ, ասում եմ, դո՛ւ.. — քաջություն ունեցիր և մի ծածկիր:

Ես այդպիսի բան չեմ արել, Էմմա. Ինձ իզուր ես մեղադրում:

Քաջություն ունեցիր և մի՛ ծածկիր, մի՛ ծածկիր:

Աստվա ծ է վկա, Էմմա, ես այդպիսի բան չեմ արել:

Ա՛, վախենում ես խոստովանել, որովհետև զգում ես, որ շատ անարժան, շատ ստոր բան ես արի հավախենում ես խոստովանել, որովհետև ինքդ ամանչում ես քո արարքից, հա՞... Օ՛խ, Աննա, ինչքա՛ն ատում եմ քեզ, ինչքա՛ն զզվում եմ քեզնից... եթե հնար ունենամ, արյունդ կխմեմ... Գնա, հեռացիր այստեղից, իսկո՛ւյն հեռացիր այստեղից.. Այլևս չեմ ուզում քո բարեկամությունը, հարկավոր չէ... Գնա, գնա այստեղից... այլևս ոտք չդնես այստեղ, գնա...

Աննան գունատ և անշարժ նայում էր նրա անզուսպ կատաղությունից շառագունած և արյունով լցված աչքերին:

Ի՛նչ ասեմ, Էմմա, — ասաց նա տխուր հառաչելով, — դու այնպիսի դրության մեջ ես, որ ես ակամա պետք է լռեմ, և հնազանդվեմ քեզ:

Իզուր, իզուր, — պատասխանեց Էմման հպարտ արհամարհանքով: — Ես դեռ չեմ խելագարվել, իսկ երբ կխելագարվեմ, այն ժամանակ ուրախացիր... Իսկ այժմխնդրեմ:

Եվ նա հպարտությամբ ցույց տվեց դուռը:

Աննան մի կարճ միջոց խղճալի հայացքով նայեց նրան, նա ուզում էր բան ասել, բայց ձայնը չհպատակեց նրան, նա շտապեց դեպի դուռը, բայց հանկարծ նստեց այնտեղ դրված աթոռներից մեկի վրա և ձեռքով դեմքը ծածկելով, սկսեց լաց լինել:

Էմման, որ բոլորովին չէր սպասում այդ, հանկարծ ցնցվեց և առաջին նվադ մնաց արձանացած. նա մինչև անգամ գունատվեց: Հետո կամաց-կամաց սթափվելով: Նա ներքին շրթունքը սեղմեց ատամների մեջ, հոնքերի վայր թողեց և կամաց, կարծես զգուշությամբ, դուրս գնաց, առանց մի ձայն հանելու:

29

Զաքարը երկար տեղ ճանապարհ ձգեց Զազունյանին և խնդրելով, որ գնալուց առաջ անպատճառ այցելի իրենց, վերադարձավ տուն:

Զազունյանը Էմմային թողեց շատ ծանր սրտով: Ոչ մի ժամանակ նրա սերն այնպես չէր բորբոքվել դեպի Էմման, ինչպես այդ կարճ միջոցում, միևնույն ժամանակ նրա սրտում ծագել էր անհուն խղճահարություն դեպի այդ անբախտ կինը: Թեև շատ անգամ նա Էմմայի մեջ տեսնում էր սիրահարության նշաններ, բայց և այնպես դարձյալ կասկածում էր այդ մասին, սակայն իր վերջին այցելությունից հետո նրան այլևս կասկածելու տեղիք չէր մնումԷմմայի օտարոտի դրությունը պարզ ապացույց էր, որ այդ կինն իսկապես սիրում է նրան և սիրում է խենթի նման: Այդ գիտակցությունը, կարծես, հանկարծ կաշկանդեց նրա ոտները: Հեռանալու մտադրությունը հետզհետե թուլանում էր նա զգում էր, որ այդ այցելությունից հետո ինքը այլևս չի կարող հեռանալգնալ ընդմիշտ և այն էլ այդպես շուտմի կամ երկու օրից հետո: Էմման այժմ նրա համար ամեն ինչ էրև՛ կյանք, և՛ երջանկություն, կարելի՞ էր միթե թողնել այդ կյանքը և երջանկությունը և հեռանալո՞ւր...

«Ինչքա՛ն դժվար է», շշնջաց նա անհուն տանջանքով: Նա զգում էր, որ կամքն ընկճվում էր սիրո ուժի առջև: Ի՞նչ պետք է աներ, արդյոք հեռանա՞ր առանց Էմմային տեսնելու, թե, նախքան հեռանալը, դարձյալ այցելեր նրան. բայց նա գիտեր, որ այդ այցելությունից հետո արդեն ինքն այլևս բոլորովին անկարող կլինի հեռանալ, բոլորովին կնկճվի սիրո առջև, իսկ դրանից որքա՛ն թշվառություններ պետք է ծագեն:

«Ոչ, ոչ, առանց տեսնելու պետք է հեռանալ, առանց աեսնելու», մտածում էր նա: «Ահա վաղն ևեթ, վաղն ևեթ... թող ինչ ուզում են կարծեն, բայց ես առանց տեսնելու կհեռանամ…: Վաղն ևեթ, վա...»:

Հանկարծ նա սարսափեց իր գլխում ծագած մի նոր մտքիցի՞նչ կլինի արդյոք Էմմայի դրությունն իր հեռանալուց հետո: Եթե առանց նրան տեսնելու հեռանա ընդմիշտ, արդյոք դրանով գործն ուղղա՞ծ կլինի, արդյոք դրանով ամեն բան կվերջանա՞, թե դրանից մի ուրիշ, ոչ պակաս սարսափելի թշվառություն կծագի.. Չէ՞ որ Էմման սիրում է նրան և սիրում է գուցե նրանից էլ վառ` բորբոքված սիրով, և այդ պատճառով անկասկած չէ՞, արդյոք, որ Զազունյանն իր հեռանալովն ահագին հարված կպատճառի նրա սրտին: Եվ արդյոք Էմման կարո՞ղ է տանել այդ հարվածըարդյոք հուսահատությունից նա որևէ դժբախտություն կ՞բերի իր գլխին...

Զազունյանը ցնցվեց:

Ահա թե վեպը որտեղից է սկսվում, — ասաց նա լսելի կերպով, անցելով մի մութ փողոցով:

«Ոչ, անմտություն, մեծ անմտություն կլինի առանց նրան տեսնելու հեռանալ, — շարունակեց նա մտածել: — Պետք է, անպատճառ պետք է տեսնել նրան, առանձնապես տեսնել նրան, պետք է բացատրել նրան գործի դրությունը, պետք է բանալ նրա աչքերը, պետք է համոզել նրան, պետք է զգուշացնել նրան և այնուհետևայո, այնուհետև համարձակ և հանգիստ խղճով կարելի է հեռանալ:

Վճռված է, — ասաց նա համարյա բարձրաձայն, շարունակելով առաջ անցնել:

«Բայց ի՞նչպես տեսնել նրան առանձին, ո՞րտեղ, ե՞րբ», մտածեց նա և շուտով հուսահատվեց, որովհետև այդ հարցերին ոչ մի բավարար պատասխան չգտավ:

Տե՛ր աստված, ի՞նչ անեմ, — արտասանեց նա խորին տանջանքով և նրա մտքերն սկսեցին խճճվել: Այժմ արդեն նա ամեն կողմից իրեն կաշկանդված էր զգում, ինչպես մի մարդ, որ ընկած է ձեռքն ու ոտքը կապկպված և ոչ մի հնար չի գտնում այդ կապանքից ազատվելու:

Սաստիկ հուսահատված՝ կեսգիշերին նա վերադարձավ հյուրանոց:

Գիշերը շատ անհանգիստ անցկացրեց: Հետևյալ օրը՝ նույնպես: Թե՛ մտավորապես և թե՛ ֆիզիկապես իրեն սաստիկ տանջված էր զգում: Շատ մտածելուց նրա ուղեղը կատարելապես հո՝գնել և անընդունակ էր դարձել մի նոր բան մտածելու: Ման էր գալիս շշմածի նման: Դուրս էր գալիս հյուրանոցից, թափառում էր ինքն էլ չիմանալով որտեղ և ինչու, նորից վերադառնում էր հյուրանոց և կարճ ժամանակից հետո հորից դուրս էր գնում, թափառում: Մի քանի անգամ ուզեց գնալ Մարկոսյանների տուն, բայց ոչ մի անգամ էլ չգնաց, ինքն էլ չիմանալով ինչու:

Այդպես անցկացրեց նա ամբողջ օրը: Գիշերը դարձյալ դուրս եկավ թափառելու: Արդեն բավական ուշ էր, երբ նա կամեցավ վերադառնալ իր սենյակը: Բայց հանկարծ զգաց, որ սաստիկ քաղցած է, այդ օրը նա ոչ թեյ էր խմել, ոչ ճաշել: Մտավ եվրոպական պայծառ լուսավորված ճաշարաններից մեկը և սպասավորի բերած խորտկացուցակի վրա ցույց տվեց առաջին պատահած կերակուրը: Պահանջեց և մի շիշ գինի: Այն սենյակում, որտեղ ինքն էր նստած, բացի իրենից, ուրիշ ոչ ոք չկար: Հեռավոր սենյակից մի քանի մարդկանց ձայներ Էին լսվում, որոնք, ինչպես երևում էր, մի բան էին խաղում: Երկար ժամանակ անցավ, մինչև որ սպասավորը, վերջապես, բերեց պահանջած կերակուրը և գինին: Զազունյանը սկսեց ուտել և խմել: Սպասավորն երկրորդ կերակուրն էր բերել նրա համար, երբ հարևան սենյակներից մեկից դուրս եկավ մի բարձրահասակ սպա: Զազունյանը նայեց նրան և ճանաչեց:

Զագորսկին էր:

30

Իսկույն երևում էր, որ Զագորսկին բավական արբած էր: Նրա դեմքը կարմրել էր, աչքերը պղտորվել էին: Նա բավական գեղեցիկ տղամարդ էր, գեղեցիկ կազմվածքով և առավել ևս գեղեցիկ կապույտ աչքերով, որոնք նրա ձվաձև, սափրած դեմքին՝ մինչև անգամ արբած ժամանակ անձնավստահ-համարձակ և միևնույն ժամանակ քաղցր և գրավիչ արտահայտություն էին տալիս: Գլխարկն աչքերի վրա փոքր ինչ վայր թողած, նա ուզում էր անցնել Զազունյանի նստած սենյակով և դուրս գնալ, երբ հանկարձ նկատեց Զազունյանին, որը գլուխը դիտմամբ կախել էր կերակրի վրա, ցույց տալով, թե չի տեսնում նրան: Զագորսկին քայլը ծռեց և առանց շտապելու մոտեցավ նրան:

Փառք աստծո, որ այս անգամ դեպքը հանդիպեցնում է մեզ միմյանց շատ հաջող պայմաններում, — ասաց նա ֆրանսերեն, թեև սուր, բայց փոքր-ինչ խանձված ձայնով և կանգնեց նրա սեղանի առջև:

Զազունյանը գլուխը բարձրացրեց և մռայլ հայացքով լուռ նայեց նրան:

Զագորսկին ձեռքը տարավ դեպի գլխարկը և զինվորականի պատիվ տվեց նրան:

Զազունյանը գլուխն ամենևին չշարժեց:

Զագորսկին, ըստ երևույթին, բոլորովին ուշադրություն չդարձրեց դրա վրա:

Թեև մենք մի քանի անգամ հանդիպել ենք միմյանց, — շարունակեց նա ռուսերեն, — բայց ամեն անգամ էլ դուք ինձ չտեսնելուն եք տվել: Մի անգամ էլ, երևի սխալմամբ, դուք նայեցիք ինձ, ես ձեզ բարևեցի, բայց պատասխան չստացա, ինչպես այս րոպեիս, բայց ի սեր աստուծո, մի կարծեք, թե այդ բոլորը հիշեցնելով, իմ նպատակս է, թեկուզ անուղղակի, հանդիմանել ձեզ: — Լավ լիցի: Ամեն մեկն իր անհատական իրավունքները և անբռնաբարելի կամքն ունի, այլապես մենք չենք ապրում մեր ժամանակներում: Բացի դրանից, ամեն մեկն իր հասկացողությունն, իր համոզմունքն ունի իրերի, երևույթների վերաբերմամբ, սխալ, թե ուղիղայդ ոչ ոքի գործը չէ, այդ միայն իր գործն է ամեն մեկն ինքն է իր արարքի պատասխանատուն: Սկզբունքը շատ գեղեցիկ է, և ես մանավանդ հետևում եմ այդ սկզբունքին: Դուք գիտեք, որ ես ազատամիտ մարդ եմ և ամեն բանի վրա նայում եմ անհատական իրավունքների տեսակետից, այդ պատճառով ես բոլորովին չեմ նեղանում, որ բարևիս չեք պատասխանում. այդ ձեր անհատական իրավունքն է, ձեր անբռնաբարելի կամքն է: Բայց հարգելով ձեր այդ իրավունքը, ես առավել ևս պետք է հարգեմ իմ իրավունքըպաշտպանելու ինձ ձեզ համար ուղիղ, բայց ինձ համար սխալ այն կարծիքի, գուցե և համոզման վերաբերությամբ, որ դուք հայտնի անցքի պատճառով կազմել եք իմ մասին: Իմ նպատակս չէ փոխել իմ մասին ձեր ունեցած կարծիքը կամ համոզմունքը, որ, ինչպես ասացի, ձեզ համար ուղիղ է, բայց ինձ համարսխալ, այլ այն, որ ինքս ինձ արդարացնեմ ձեր առջև և պաշտպանեմ իմ անհատական իրավունքները: Հուսով եմ, որ դուք բարեհաճ կգտնվեք դեպի ինձ և շնորհ կանեք լսելու: Թույլ կտա՞ք ինձ արդյոք նստել ձեր սեղանի մոտ:

Զազունյանը ձայն չհանեց: Նույն մռայլ հայացքով նա նայում էր ուրիշ կողմ:

Զագորսկին մնաց կանգնած:

Այդ էլ ձեր անբռնաբարելի իրավունքն է, որ ես նույնպես հարգում եմ, — ասաց նա բոլորովին չվրդովվելովԵս մի մազի չափ անգամ չէի նեղանալ և այն ժամանակ, երբ տեսնեի, որ ձեր այդ վարմունքը լոկ անքաղաքավարություն է: Ճշմարիտ ջենտլմենն ամեն դեպքում մեծահոգի պետք է լինի և ամեն բանի մեջ պետք է գիտենա տակտով վարվել: Ես կատարելապես հպարտանում եմ դրանով: Այս ինքնագովություն չէ, այլ՝ ճշմարտություն: Ազնվությունը հենց նրա մեջն է, որ մարդ չի ծածկում այն, ինչ որ զգում և մտածում է: Խավար մարդիկ միայն փախչում են լույսից: Համարձակությունն ազնիվների բաժինն է: Փոքրիկ, թշվառ մարդիկ միայն վախենում են: Ես արբած եմ, բայց ի՞նչ ունիմ ծածկելու, առանց իմ ասելու էլ այդ երևում է: Բայց խելքս կատարելապես գլխիս է: Դուք ինձ ատում եք, արհամարհում եք և գուցե զզվում եք ինձնից, բայց այդ չեք ծածկում: Ահա՛ ազնվություն: Եվ ես, իբրև ճշմարիտ ջենտլմեն, հարգում եմ ձեզ դրա համար նույնչափ, ինչ չափ որ կհարգեի, երբ տեսնեի, որ դուք ինձ սիրում և զատվում եք:

Նա վերցրեց գլխարկը, դրեց սեղանի շուրջը դրած աթոռներից մեկի վրա և, ծանր շունչ քաշելով, մի ձեռքով ղիմհար տվեց աթոռի մեջքին, իսկ ոտներին X-ի ձև տվեց:

И так! — շարունակեց նա և լռեց, — գուցե դուք ինձ այժմ շատ անքաղաքավարի և կոպիտ եք համարում, — ասաց նա, — ես խանգարում եմ ձեզ հանգիստ ճաշելու, այսինքն ընթրելու, և ոչ մի բերան ներողություն չեմ խնդրում ձեզնից: Ես իրավունք ունիմ ներողություն չխնդրելու, որովհետև դուք պարտավոր եք ինձ լսել: Կրկնում եմ, ես ուզում եմ պաշտպանել իմ անհատական իրավունքներս ձեր դեմ: Այնուամենայնիվ, դուք բոլորովին հանգիստ կարող եք անուշ անել ձեր ընթրիքը, միայն խնդրում եմ, որ բարեհաճեք ինձ լսել:

Զազունյանն այլևս չկարողացավ համբերել, նա վեր կացավ և ուզում էր հեռանալ:

Դուք գնո՞ւմ եք, — կանչեց Զագորսկին և կանգնեց նրա առջև: — Ես ձեզ չեմ թողնի, — մինչև որ չլսեք ինձ:

Ի՞նչ եք ուզում ինձնից, — բավական կոպիտ կերպով հարցրեց Զազունյանը:

Ես ձեզնից ոչինչ չեմ ուզում, — պատասխանեց Զագորսկին, — միայն խնդրում եմ, որ բարեհաճեք նստել և լսել ինձ, որովհետև, կրկնում եմ, դուք պարտավոր եք ինձ լսել:

Ես պարտավոր չեմ և չեմ կարող լսել զանազան դատարկաբանություններ, որոնք գինու շոգիի արդյունք կարող են լինել:

Սխալվում եք, ազնի՛վ պարոն, — խստությամբ նկատեց Զագորսկին. — ես կարծում եմ, որ դուք անմիտ, երեխայական ատելությունից ավելի արբած եք, քան թե եսգինուց: Խնդրեմ նստեցեք և լսեցեք ինձ:

Ես չեմ ուզում ձեզ լսել:

Դուք պարտավո՛ր եք ինձ լսել:

Ես ոչ ոքի ոչինչ պարտավոր չեմ:

Ինձ պարտավոր եք... Խնդրեմ նստեցեք: Ես պետք է պաշտպանեմ իմ իրավունքները:

Դուք ինձ ծաղրո՞ւմ եք, — կանչեց կատաղած Զազունյանը:

Ձեզ զարմանալի՞ է թվում, որ ես ձեզանից իրավունքներ եմ պահանջում, — ասաց Զագորսկին: — Դարձյալ ասում եմ. դուք իմ անհատական իրավունքներս ոտնակոխ եք արել, դուք իմ պատիվս ձգել եք նրանով, որ ինձ վրա վատ և սխալ գաղափար եք կազմել: Ես ուզում եմ պաշտպանել ինձ:

Զազունյանը բոլորովին զարմացավ:

Չգիտեմ, ճշմարիտ, թե ես այժմ ում հետ գործ ունեմ, — ասաց նա ուսերը վեր քաշելով:

Մի վախենաք, դուք խելագարի հետ չունիք գործ դարձյալ խստությամբ նկատեց Զագորսկին. — այլ գործ ունեք թեև արբած, բայց կատարելապես խելքը գլխին և ազնիվ մարդու հետ, իր պատվին նախանձախնդիր զինվորականի հետ: Խնդրեմ նստեցեք:

Խնդրեմ, ճանապարհ տվեք:

Խնդրեմ նստեցեք:

Խնդրեմ ճանապարհ տվեք:

Դուք թույլ չե՞ք տալիս, որ ես պաշտպանեմ իմ իրավունքներս և զինվորականի պատիվս, — մռայլ կերպով հարցրեց Զագորսկին:

Եթե բանն այդտեղ ընկնի, ինձ ավելի է պատկանում պաշտպանել իմ իրավունքներս և պատիվս, — առավել ևս մռայլ կերպով պատասխանեց Զազունյանը:

Զագորսկին ժպտաց:

Տեսնո՞ւմ եք, մենք չենք հասկանում միմյանց, — մեղմությամբ ասաց նա: — Գոնե դուք չեք հասկանում ինձ... Եվ այդ պատճառով ես դարձյալ խնդրում եմ ձեզ, որ շնորհ անեք նստել և լսել ինձ: Համեցեք: Ես կարճ կկտրեմ:

Ճար չկար. Զազունյանը նստեց և դեմքը շրջեց նրանից: Նա վճռեց, որ ինչ էլ ասի Զագորսկին, բոլորն անտարբերությամբ լսի:

Դարձյա՞լ թույլ չեք տա ինձ նստել ձեր սեղանի մոտ, — հարցրեց ժպտալով Զագորսկին:

Ինչպես կամենում եք, — սառնությամբ պատասխանեց Զազունյանը:

Զագորսկին մոտ քաշեց մի աթոռ, նստեց և, ձեռքը մի քանի անգամ անցկացնելով կարճ մազերի վրայով, ծանր շունչ քաշեց:

31

Որպեսզի ինձ հասկանաք, — ասաց նա առաջվանից ավելի խանձված ձայնով, — դուք առժամանակ իրերի և երեվույթների վրա պետք է նայեք այնպես, ինչպես ես եմ նայում, այսինքն՝ անհատական իրավունքների և համոզմունքների տեսակետից: Չգիտեմ, դուք հասկանո՞ւմ եք ինձ թե ոչ...

Նրա ձայնը բոլորովին խանձվեց: Նա ծափահարեց և մի շիշ զելտերյան ջուր պահանջեց:

Ես մի վատ սովորություն ունիմ, — ասաց նա, — երբ խմում եմ, ձայնս այսպես խանձվում է: Հա, չգիտեմ, դուք հասկանո՞ւմ եք ինձ, — շարունակեց նա, — Բայց ես ձեզ կբացատրեմ, թե անհատական իրավունք և անհատական համոզմունք ասելով ինչ եմ հասկանում: Ասացի, որ յուրաքանչյուր մարդ ունի իր անբռնաբարելի իրավունքները, որոնք միայն իրեն են վերապահված և որոնք ուրիշի նույն տեսակ իրավունքներից, եթե կարելի է այսպես ասել, մի տեսակ անջատ տարր են կազմում: Այդիրավունքները: Այժմհամոզմունքները: Ասացի նույնպես, որ յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական հասկացողությունը, իր սեփական համոզմունքն իրերի և երևույթների վերաբերմամբ, սխալ թե ուղիղ, ասացի, այդ ոչ ոքի գործը չէ: Ուրեմն՝ այդ հասկացողությունն, այդ համոզմունքը նույնպես, եթե կարելի է այսպես ասել, կրկնում եմ, մի տեսակ անջատ տարր են կազմում ուրիշի նույն առարկայի, նույն երևույթի վրա ունեցած հասկացողությունից, համոզմունքիցդ: Օրինակներով խոսենք:

Նա լցրեց բաժակները զելտերյան ջրով: Մեկնիր, մյուսըԶազունյանի համար, Զազունյանինը նրա առաջը քաշեց, իսկ իր բաժակը վերցրեց, առանց շտապելու խմեց և առանց շտապելու վայր դրեց:

Խնդրեմ անուշ արեք, եթե կամենում եք, — ասաց նա, — բավական սառն է A propos իզուր դուք չեք շարունակում ընթրել, ես ձեզ, կարծեմ, չեմ խանգարում:

Զազունյանը ոչ զելտերյան ջուրն անուշ արավ և ոչ շարունակեց ընթրել, և ոչ ձայն հանեց: Նա վճռել էր մարտիրոսաբար համբերել:

Ասացի՝ օրինակներով խոսենք, — շարունակեց Զագորսկին, ետ ընկնելով աթոռի մեջքին: — Վերցնենք... այս սեղանը, որի առջև նստած ենք ես և դուք: Դուք իրավունք ունիք, ասելու, որ այս սեղանը ձերն է, ես ևս իրավունք ունիմ ասելու, որ այս սեղանն իմն է, որովհետև սա ոչ ձերն է և ոչիմը, այլ ամենքինը, որոնք այս ճաշարանը կմտնեն, բայց որովհետև այս սեղանն առաջուց դուք եք բռնել, այդ պատճառով, քանի դուք նստած եք սրա առջև, սա ձերն է: Տեսնում եք, որ մեր իրավունքներն իսկապես հավասարազոր են միմյանց, բայց որովհետև պայմանները, որոնքի դեպ ասածմեծ դեր են խաղում այսպիսի դեպքերում, ձեր օգտին են, այդ պատճառով իրավունքը ձերն է, ուրիշ խոսքովայդ ձեր անհատական անբռնաբարելի իրավունքն է: Այժմհամոզմունքը: Վերցնենք օրինակի համար, դարձյալ այս միևնույն սեղանը: Դուք կարող եք ասել, որ այն փայտի նշանակությունը, որից շինված է այս սեղանը, էձառ լինել՝ երկրի առողջապահությանը նպաստելու համար կամ այրելու փայտ լինել՝ մարմինը տաքացնելու համար: Այդ ձեր հայացքն է, ուրեմն ևձեր համոզմունքն այս սեղանի վրա: Իսկ ես կարող եմ ասել, որ այն փայտի նշանակությունը, որից շինված է այս սեղանը, եղել է և պետք է լիներ սեղան, վրան ճաշելու կամ զելտերյան ջուր խմելու համար: Այ էլ իմ հայացքս է, ուրեմն և իմ համոզմունքը: Ուրեմն տեսնո՞ւմ եք, որ տարբեր հայացքներ ունենալով, տարբեր համոզմունքներ ունինք մենք այս միևնույն առարկայի վերաբերությամբ: Ոչ ես գործ ունիմ ձեր համոզմունքների հետ, ոչ դուքիմ համոզմունքների հետ, ուրիշ խոսքովյուրաքանչյուրն ունի իր անհատական ազատ համոզմունքը: Դրանք իմ հիմնական գաղափարներն են, որոնցով ես ղեկավարվում եմ կյանքի մեջ: Դրանք, իմ համոզմունքներով, ավելի գործնական են, իսկ ես գործնական մարդ եմ:

Նա ափի վրա փոքր-ինչ զելտերյան ջուր թափեց, մյուս ձեռքի ափով տրորեց և քսեց ճակատին:

Չգիտեմ հայերդ ի՞նչպես, բայց կան ազգեր, որոնք չեն սիրում ֆրանսիացիներին, — դարձյալ շարունակեց նաևՕրինակ՝ գերմանացիները: Խոսքս այդ երկու ազգերի միջև գոյություն ունեցող, այսպես ասած, արենական թշնամությանը չի վերաբերում, որ հայտնի պատմական-քաղաքական անցքերի արդյունք է, այլ նրանց մտավոր և բարոյական կյանքին և հասկացողություններին: Ի՞նչ է գերմանացին, և ի՞նչ է ֆրանսիացին: Գերմանացին գաղափարի մարդ է, ֆրանսիացին` իրականության մարդ, ուրիշ խոսքով` գերմանացին իդեալիստ է, ֆրանսիացինռեալիստ, գերմանացին մետաֆիզիկ է, ֆրանսիացին... ի՞նչպես ասեմնու, կյանքի մարդ է, եթե կարելի է այդպես ասել: Ինքնըստինքյան հասկանալի է, թե ինչքան տարբերություն կա վերացականության և իրականության միջև, իդեալիզմի և ռեալիզմի միջև, մետաֆիզիկայի և կյանքի միջև: Ուրեմն հասկանալի է, թե ինչու, ոչ մի առնչություն չունենալով միմյանց հետ, գերմանացին պետք է ատի ֆրանսիացուն, և փոխադարձ: Շիլլերըայդ երերուն օդի մեջ շրջող բանաստեղծը, գերմանացի միայն կարող էր լինել, իսկ ֆրանսիացիներից միայն կարող էր դուրս գալ Զոլան, որ հաստատ, մայր հողի վրա է ման գալիս: Բայց ո՞րն է ուղիղ և ո՞րը սխալգերմանացի՞ն, թե ֆրանսիացին: Հարցը լուծելու համար` մարդու վրա պետք է նայել այն տեսակետից, ինչ տեասկետից որ տեսնում և ճանաչում ենք նրան առօրյա կյանքում, այսինքն` որ նա այսօր կա, վաղըչէ: Ուրեմն` եթե մարդու վրա նայենք իբրև ժամանակավոր հողանյութ արարածի վրա, որին մի, և, այն էլ կարճ կյանք է տրված, որից հետո նա դարձյալ պետք է հող դառնա, ապա պարզ է, որ ֆրանսիացին ամենաճիշտ կերպով ըմբռնել է այդ գաղափարը և դրա համեմատ էլ գործում է կյանքում կամ, ավելի ճիշտ ասած, օգուտ է քաղում կյանքից` բոլորովին հակառակ գերմանացուն:

Նա լցրեց դարձյալ մի բաժակ զելտերյան ջուր և խմեց: Զազունյանը կարծես չէր լսում նրան: Առանց ձայն-ծպտուն հանելու նա շարունակ նայում էր ուրիշ կողմ:

Գուցե դուք այժմ մտածում եք, — շարունակեց Զագորսկին, — թե ինչո՞ւ ես, խոսակցությանս նյութը թողնելով, սկսեցի խոսել ֆրանսիացու և գերմանացու մասին, և ի՞նչ կապ կա խոսակցությանս նյութի և այդ երկու ազգերի համեմատության միջև: Եթե իսկապես այդպես եք մտածում, ապա ես պետք է ասեմ, որ սխալվում եք, թե ոչ մի կապ չկա: Խոսակցությանս նյութի և ֆրանսիացու ու գերմանացու համեմատությանս միջև մեծ կապ կա, որ ես իսկույն կպարզեմ: Ի՞նչ է իմ խոսակցությանս նյութր: — Այն, որ ես ուզում եմ հիմնավորապես ծանոթացնել ձեզ ինձ հետ՝ իմ բոլոր գաղափարներովս և հայացքներովս, իմ բոլոր մտավոր և բարոյական աշխարհովս, որովհետև, վաղեմի ընկերներ լինելով, տեսնում եմ, որ դուք ինձ բոլորովին չեք ճանաչում: Պարզելով ֆրանսիացու և գերմանացու միջև եղած տարբերությունը, իհարկե, այնպես, ինչպես ես եմ հասկանում, և ցույց տալով ֆրանսիացու համեմատական առավելությունը գերմանացու հանդեպ, իհարկե, դարձյալ իմ տեսակետիցիմ նպատակս էր բացառապես շեշտել ֆրանսիացու բնավորության վրա և դրանով թեև անուղղակի, բայց ճիշտ, հիմնավոր գաղափար տալ ձեզ իմ մասին: Առանց հակասելու իմ հիմնական գաղափարներիս, այսինքն՝ հարգելով գերմանացու անհատական անբռնաբարելի իրավունքներն և համոզմունքներն, ես, ինչպես դուք արդեն հասկացաք ինձ, բռնում եմ ֆրանսիացու կողմը, այսինքն՝ իմ բոլոր գաղափարներս և հայացքներս` շրջապատող իրերի և երևույթների, մի խոսքովկյանքի վրա՝ նույնն են, ինչ որ ֆրանսիացունը: Ես կատարելապես հպարտանում եմ, որ ռուս եմ և անգամ մի հզոր ազգի, ես սիրում եմ իմ հայրենիքը և ազգն, ինչպես իմ հարազատներին, և նրանց փառքի համար, իբրև քաջարի զինվոր, շատ անգամ գնդակին և սրին դեմ եմ տվել կուրծքս և միշտ դեմ կտամ, չխնայելով արյունս և կյանքս արհամարհելով, բայց և այնպես ես մոլեռանդ չեմ: Հարգելով և սիրելով ազգային ինքնուրույնությունս, ես հարգում և սիրում եմ այն ճիշտ, անսխալ հայացքը կյանքի վրա, այն bon sensոր ունի ֆրանսիացին և որին, կրկնում եմ, ես հետևում եմ:

Նա դարձյալ ծանր շունչ քաշեց և սկսեց ոլորել իր գեղեցիկ, փոքրիկ ընչացքը,

Այժմ, կարծում եմ, ես ձեզ բավական մանրամասն տեղեկություն տվի ինձ իսկապես ճանաչելու համար, — շարունակեց նա, — և չեմ կարծում, թե այլևս որևէ բան մնաց պարզելու: Ահա ես նստած եմ ձեր առջև առանց դիմակի, և դուք պարզ, թափանցիկ տեսնում եք իմ հոգին: Արդյոք փոխեցի՞ իմ մասին ձեր կազմած գաղափարը՝ թե ոչ, — այդ ինձ համար միևնույն է. բայց բացատրելով ձեզ, թե ինչ և ով եմ ես, վերականգնեցի իմ իրավունքները, վերականգնեցի իմ պատիվը: Իմ նպատակս այդ էր միայն: Ինչքան էլ ձեզ այդ օտարոտի թվա, բայց ճշմարիտ ջենտլմենին իսկապես այդ է հարկավոր միայն, ուրիշ ոչինչ: Սակայն այս էլ վատ չէր լինիլ, եթե դուք իմ այս բոլոր ասածներից դուրս բերեիք մի այսպիսի եզրակացություն. — որ ես կատարյալ իրավունք ունեի... «խլելու» ձեզնից ձեր կինն, ինչպես...

32

Следующая страница