Պատկանյան Ռաֆայել՝   Բանաստեղծություններ և պոեմներ

8

Բայց ինչո՞ւ լացեց այդ արի մարդը,
Որին անծանոթ էր ահն ու դարդը.
Գու՛ցե թե հիշեց նա այդ րոպեին
Տանը անպաշտպան թողած ընտանին,
Որ շուտով կընկնին ձեռքը թշնամուն,
Այդ ազատ կյանքեն կերթան գերություն.
Ձեռակապ, քաղցած ու հազար չարիք
Անմեղ տանելով խեղճ Հայոց կնանիք,
Պարսից որերույն պիտի հարճք լինին,
Կամ կույր հետևողք Զըրադաշտի կրոնին:
Կանցնին սև օրեր, կանցնին և տարիք,
Այդ զեղչ կյանքումը կմոռանան չարիք
Իրանց հալածչաց, կմոռանան Հային,
Որք նոցա սիրույն այդքան ցավ տարին.
Այն թըռչնուն նըման, որ և՛ վանդակում,
Անտառեն զըրկված` գըտավ խընդություն,
Անույշ երգերով, հորերեն սովրած,
Ունկը փաղաքշեց իր չար թըշնամյաց...
Գու՛ցե նա լացեց Հայի վիճակին,
Անկումը գահին, կորուստը թագին,
Որ հազար ու բյուր կըրելով ցավեր,
Անկործան պահեց նոցա շատ դարեր.
Ինչո՞ւոր մի օր հիմարի կամքից
Անդա՞րձ զրկվի հորական փառքի՛ց
Ա՛խ, դառն էր նորա հըսկայի սըրտին
Տեսնել հաղթանակ պարսից ոխերիմ:

9

Կարծիք կա, որ հոգին ունի մի գաղտնի զորություն յուր ապագա վիճակը նախազգալու:
Չոքքե

Սև-սև պատկերներ` սև քողի նըման
Վըրդոված մըտքին եկան հանդիման.
Տեսավ Հայաստան ոտնակոխ արած,
Քաղաք մարդաշատ իսպառ ավերած.
Երբեմն բնակիչք տեր շատ ազգերի,
Այժմ կրոնամոլ պարսկին են գերի,
Փակած են դըռներ նոցա ժամերուն,
Անդ էլ չի հընչում սըրբոց ալելուն,
Եվ նվիրական նոցա նուրբ տեղիք
Էլ չեն այցելում կրոնասեր մարդիկ:
Այրուձին հայոց, այն քաջ այրուձին,
Ո՛չ Հային պաշտպան կլինի, այլ պարսկին,
Եվ գանձք լեռներուն, բերք առատ երկրին,
Ողջ պիտի լափե անհաշտ թըշնամին:
Հայր անճարակ` կըմոռնա ազգը,
Կրոնն, և՛ լեզուն, և՛ հորանց փառքը:
Հայկ, Արամ, Տիգրան և այլ դյուցազունք
Կերևին նոցա պատիր շաղփաղփունք.
Եվ կամ` լըսելով մեծ գործք Ներսիսին
Գուցե զավակունք նոցա կասկածին.
Հըրաչյա, Զարմայր և Վահագն արին
Երբեք չեն անցնիլ նոցա մըտքերին:

10

Նա լուռ էր. բայց այդ լըռություն խորին
Նըման էր անհուն ու անդորր ծովին,
Որ մեղմ ծըփալով, նավաստյաց սըրտում,
Հաջողակ ճամփու հույսեր է ծընում:
Բայց վա՛յ է խեղճիկ անփորձ նավորդաց,
Թե հասու չեղան նորա պատրանաց.
Կըվերցնե ալիք մինչի ամպերը,
Խաղալիք կլինին նորան նավերը,
Կուլ կերթան անհագ, փըրփըրած ծովին,
Ո՞վ դեմ կը կենա կատաղած հովին...
«Քաջե՛ր, ասաց նա, ինչո՞ւ եք տըխուր,
Հոգնա՞ծ են ձեռներդ, թըրե՞րըդ չեն սուր,
Նո՞ր է մեզ համար նիզակ խաղացնել,
Հայոց թըշնամու կյանքը կարճացնել.
Սարսեցա՞ք պարսկի անթիվ զորքերից, —
Մի հայը քաջ է նոցա հարյուրից.
Հիշեցե՛ք Հայկին, որ բուռ քաջերով
Դեմ կեցավ Բելին, հոգին անխռով
Ջարդեց, կործանեց, մընացողք ցըրիվ
Եղավ հայերից, ինչպես չոր խըռիվ:
Մահի՞ց վախեցաք, ամոթ է հային
Իր ազատ կյանքը փոխել ըստրկին.
Մա՛հ, մա՛հ, ե՛կ շուտով, սևցո՛ւր իմ կյանքը,
Ինչպես սևացավ հայերու փառքը.
Դե՛հ, վերջին անգամ հորանց տաղերով
Կռվենք ու մեռնինք պարսից թըրերով»:

ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԵՐԳՈՒՄ ԵՆ

Զինվոր էի հայոց ազգին մըտերիմ,
Երբ Հայաստան քարքանդ արեց թըշնամին.
Պինդ-պինդ ցավեց սիրտը արի հայերուն,
Այդ օր նոքա թափել տվին գետ արյուն:

Շատ-շատ քաջեր ընկան ասդից ու անդից.
Ես էլ ընկա թշնամիի սուր նետից.
Իմ մարմինը դաշտի միջին է ընկած,
Քրիստոնեի սուրբ օրենքով չէ՛ թաղած:

Դուն մի մնար աչքըդ արցունք օրն ի բուն
Սիրականիդ, ի՛մ սիրական, մըտի՛ր քուն,
Առտուն կուգա չարագուշակ գուժկանը,
Սուգ, ողբ, կըսկիծ նա կը նյութե իմ տանը:

Երբ որ լսես վաղաժամիկ իմ մահը,
Ա՛ռ երկու թի ու երկաթե սուր բահը,
Ա՛ռ քու հետը մի ըսպիտակ մեծ պատան,
Փորե խորին ինձի համար գերեզման:

Գերեզմանիս վըրա բըսնի վարդենին,
Վարդը բացվի, աչքը գրավե ամենին,
Սոխակին էլ թո՛ղ գրավե նա հոգին,
Քաղցր տաղեր թո՛ղ ներշընչե սոխակին:

Թո՛ղ սոխակը անցքը պատմե ամենուն,
Թո՛ղ լըսողը ողորմիս տա՛ իմ հոգուն:

ՎԱՐԴԱՆԻ ԵՐԳԸ

Հիմի է՞լ լըռենք, եղբարք, հիմի է՛լ,
Երբ մեր թըշնամին իր սուրն է դըրել,
Իր օրհասական սուրը մեր կըրծքին,
Ականջ չի դընում մեր լաց ու կոծին.
Ասացե՛ք, եղբարք հայեր, ի՞նչ անենք, —
Հիմի է՞լ լըռենք:

Հիմի է՞լ լըռենք երբ մեր թըշնամին,
Դավով, հրապուրանքով տիրեց մեր երկրին,
Ջընջեց աշխարհքից Հայկա անունը,
Հիմքից կործանեց Թորգոմա տունը,
Խըլեց մեզանից թագ և խոսք, և զենք, —
Հիմի է՞լ լըռենք:

Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին
Խըլեց մեր սուրըպաշտպան մեր անձին,
Մըշակի ձեռքիցն էլ խոփը խըլեց,
Այդ սուր ու խոփից մեր շղթան կըռեց,
Վա՛յ մեզ, շըղթայով կապած գերի ենք, —
Հիմի է՞լ լըռենք:

Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին`
Սոսկալի զենքը բըռնած մեր գլխին,
Կուլ տալ է տալիս արտասուք առատ,
Աղեխարշ բողոք վաղուց ապիրատ.
Մեր գըլուխ լալու Եփրատ ու՞ր պըտռենք, —
Հիմի է՞լ լըռենք:

Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին
Լիրբ գոռոզությամբ լըցրած իր հոգին,
Արդարության ձայնն հանած իր սըրտից
Արտաքսում է մեզ մեր բընիկ երկրից,
Պանդու՛խտ հալածյա՛լ, եղբարք, ո՞ւր դիմենք, —
Հիմի է՞լ լըռենք:

Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին,
Անհոգ մեր բերած ծանր զոհերին,
Յուր լիրբ նըզոված ձեռքը կարկառեց,
Ազգության վերջին կապը պատառեց.
Հայի կորուստը մոտ է, ի՞նչ անենք, —
Հիմի է՞լ լըռենք:

Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին,
Արհամարհելով մեր փառքն ազգային,
Մեր եկեղեցուն ձեռնամերձ եղավ,
Գառնազգեստ գայլին մեզ գըլուխ դըրավ,
Սուրբ խորան չունինք, արդ ու՞ր աղոթենք, —
Հիմի է՞լ լըռենք:

Հիմի է՞լ լըռենք, մարդիկ ի՞նչ կասեն,
Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խոսեն.
Չե՞ն ասիլ, որ հայք արժանի էին
Այդ ըստրկական անարգ վիճակին.
Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը գիտենք, —
Մինչև ե՞րբ լըռենք:

Թո՛ղ լռե մունջը, անդամալույծը,
Կամ` որոց քաղցր է թշնամու լուծը.
Բայց մենք, որ ունինք հոգի ու սիրտ քաջ,
Ե՛կ անվախ ելնենք թըշնամու առաջ,
Գոնե մեր փառքը մահով ետ խըլենք
Ու այնպես լըռենք:

11

Մոտ էր արևը իր մորը մըտին
Խիտ-խիտ նետում էր ճաճանչն իր հետին,
Տեսնողը կասեր, այս անգամ արևն
Տալիս էր երկրին իր վերջին բարև:
Վերջինն էր, այո՛, բայց ո՛չ ամենուն,
Վերջինն էր այն խեղճ, կըտրիճ հայերուն.
Նորա շողի հետ նոցա վեհ հոգին
Պիտի սըլանար դեպ պայծառ երկին:
Դարձյալ գրոհ տվին հայք ուժգին-ուժգին,
Թընդացին շարքերն թշնամյաց զորքին,
Ապշած մընացին պարսիկք տեղերը,
Թովիչ կարծեցին հայոց խեղճերը:
Մեծ էր կոտորածն հայոց քաջերուն,
Ցույց տվին պարսից ուժը ձեռներուն.
Ավարայր դարձավ արյան ճապաղիք,
Դաշտը գիշերով լըցուցին պարսկիք,
Մարդ, փիղ, ձի, կառք, զենք մեկմեկով էին,
Ո՞վ կը խիզախեր դեմ կենալ հային:
Ինչպես լեռ ալիք ծովին` անարգել
Ուզում են քարե եզերք խորտակել,
Վազում են առաջ ահեղ գոռալով,
Դըժոխքի վայել երգ հորինելով,
Խըփում են, իզու՛ր, ու ետ են վազում.
Այդպես և պարսից ճիգըն էր ունայն,
Երբ նոցա առաջ պինդ կանգնած էր հայն:
Բայց չի կար արգելք խիզախ, քաջ հային.
Ո՛չ թուր և ո՛չ նետ, ո՛չ շարք փըղերին.
Նա որդեկորույս առյուծի նըման
Արգելք չէր տեսնում աչաց հանդիման.
Բըլրաձև փըղեր գլորում էր գետին,
Մըժեղ էր թըվում նորան արյուձին,
Այն քաջ արյուձին, որից որ Հելլեն
Ծակամուտ եղավ միմիայն ահեն:

12

Օրն էր տարաժամ, մարտիկք դադարած,
Փողը հընչեցին` մարտին կատարած.
Մութը տարածվեց, աստեղք ցոլացին,
Երկնից ցողն իջավ արնալից գետնին:
Մըթնասեր թըռչունք ձայներով խըռպոտ,
Գուշակում էին մարդկանց սուգ ու բոթ:
Ետ դարձան պարսիկք իրանց բանակը,
Նորից նոր սըրել սուրն ու դանակը,
Որ այգուց կանուխ, լույսը չի ծագած
Վըրա հարձակվին հայոց` կատաղած:
Բայց ա՛յլ տեսարան էր հայոց միջին,
Վըրդոված, տըխուր էր նոցա հոգին.
Ոչինչ չէր լըսվում, թե ոչ սուգ ու լաց,
Մեծ կորուստ արին, կորուստն էր անդարձ,
Վարդան չի դարձավ դեպ իր քաջերուն:
Ո՞վ գիտե, ու՞ր է նա այս իրիկուն.
Գերի՞ է տարել նորան թըշնամին,
Թե՞ մահ է ստացել նա դաշտի միջին.
Ոչ ոք չը գիտե: Տըխուր ու տըրտում
Ամեն տեղ նորան են հայք պըտըրտում,
Հոգվոց հանելով, վայ գըլխուն տալով,
Աչքերից աղի արցունք թափելով:
Ավարայր դաշտը տակն ու վրա արին,
Ավա՛ղ, հայտ չեկավ դյուցազն արին.
Պինդ-պինդ ձայն տվին. «Ու՞ր ես, ու՞ր, Վարդան»:
Արձագանքն կըրկնեց Վարդա՛ն ու Վարդա՛ն:
Որբերի աչքին քունը չի մոտում,
Քունը ի՞նչ սփոփանք, թե դարդ կա սըրտում,
Թե լինի գիշերն մեզ քիչ մըխիթար,
Առավոտն, ավա՛ղ, կը լինի վատթար:
Արթուն մընացին, չի մըտան բանակ,
Մինչև որ խոսեց երեք հետ խոսնակ:

13

Հանկարծ լըսեցին ձիան տրոփ հեռվանց. —
«Այս ո՞վ է, տղե՛րք, ասին հայք միմյանց.
Գիշերվա ժամի՞ն ուզեց թըշնամին
Վրեժխընդիր լինել ցերեկվա անցքին»:
Բայց չէ՛, վա՛յ նոցա, վատթար տեսարան
Ապշած աչքերուն եկավ հանդիման.
Չէր արթուն հայոց անկոչ այցելուն
Սարսած թըշնամին տարաժամ պահուն.
Վարդանն էր, որին հուսահատ, տըրտում
Որբացած հայերն էին պըտըրտում:
Վարդանն էր... բայց ի՞նչ վիճակի հասած.
Արյունաթաթավ, սըրտին նետ ցըցված,
Աչքերը մըթնած, երեսը տըժգույն,
Վերքիցը ծործոր կաթում էր արյուն.
Երկու մանկլավիկ բըռնած կըռներից
Կիսամահ քաջին իջուցին ձիից.
Բայց այն սուրբ աչերն, դեմքը հրաշալի
Չէին կրում հետք մահվան երկյուղի:
Նորա թուլացած բազկից այն ժամին
Չար մահ կստանար նորա թըշնամին,
Թե որ խիզախեր գալ նորա առաջ.
Այսպես մոտ մահվան նա միշտ մընաց քաջ:
«Տըղե՛րք, ասաց նա ձայնով դողդոջուն,
Ուզացի ձեզ տալ իմ հետին ողջույն,
Ձեզ հետ գըրկախառն, ձեզ համբույր տալիս,
Հանգիստ ավանդել այս շունչը վերջիս:
Ժա՛մ է, ժա՛մ, թողնել ավեր Հայաստան,
Ուր քար չի մընաց պինդ քարի վըրան,
Մենք էլ հետևողք նախնյաց ավանդին,
Ըստրուկ չենք լինիլ երբեք օտարին:
Լա՛վ է մեր կյանքը կարճանա սըրով,
Քանց հալվի, մաշվի թըշնամու լըծով:
(Իմ հինգ տարեկան հասակես ի վեր
Այսպես տալիս էր ծնողս իմ պատվեր):
Ցավում է սիրտըս, ոչ նետի խոցից,
Ցավում է, որ շուտ գընում եմ ձեզնից,
Որ չեմ կարենում ձեզ հետ միասին
Արյան դաշտի մեջ փըչել իմ հոգին:
Վա՛յ թե դուք մենակ, վըհատիք ահից,
Դողաք, սարսափիք վերահաս մահից,
Թուրն ու ասպարը մի կողմ գըլորեք,
Պարսկին կամավոր ձեզ գերել թողնեք:
Ախ, քաջ իմացեք, ես, թեև թաղած,
Պիտի վեր կենամ հողից կատաղած,
Նորից նոր առնում ձեռքըս թուր ու տեգ,
Ու ձեզ անողորմ խողխողեմ մեկ-մեկ: —
Անեծք եմ թողնում ես այն վատ հային,
Որ ոչ ոխ, այլ սեր ցույց տա գոռ պարսկին,
Այդ անհաշտ ոխը հիմկուց ցեղեցեղ
Պիտի տարածեն հայքըն ամեն տեղ:
Թո՛ղ կորչին ազգեր երկրի երեսից,
Հայը միշտ անհաշտ պիտ մընա, պարսից.
Ըստվերըս երբեք չի՛ մընալ անդորր,
Այս թըշվառ դաշտում կը շըրջի մոլոր
Մինչև այն ժամը, ժամ օրհասական,
Երբ պարսիկն կամ հայն կըլինի կործան`
Արյան դաշտի մեջ մորթելով իրար. —
Լոկ այն ժամանակ կառնեմ ես դադար:
Դե՛հ, մընաք բարև, տեր առ իմ հոգին.
Ազատ կյանք կամ մահ ազնիվ տուր հային»:
Լռեց, ու իսկույն նետը մահաբեր
Հանեց աներկյուղ` կողից կարեվեր:

14

Առ ժամ մի որբիկ տարաբախտ հայերն
Ապշած, զարհուրած մընացին տեղերն,
Չիմացան` տեսի՞լք է այս, թե՞ անուրջ:
Մեռած դյուցազին խուռըն կանգնած շուրջ`
Ո՛չ լալիս էին, ո՛չ սըգալ կարում,
Իրանց աչքերին չէին հավատում:
Ինչպե՞ս հավատան իրանց աչքերին,
Երեկ չէ՞ր, որ պինդ կար հըսկա կաղնին,
Որ քանի դարեր հարվածը հողմին
Զեփյուռ էր կարծում փըչած մեղմագին.
Այսօր միջաբեկ ու թավալգըլոր
Կար նոցա առաջ. աչքերով մոլոր
Տեսնում են քաջին գետնին տարածած,
Ջրլոտ ձեռները ցամքած, կարկամած,
Կեսխուփ աչքերը չունին առաջվան
Ո՛չ բոցը, փայլը` ջուխտ աստեղց նըման:
Դեմքը գունաթափ, գիծքը անմեկին,
Ո՛չ ոխի նըշան, ո՛չ սիրոունին:
Տեսած կա՞ս մեկ օր, երբ բոցոտ շանթը
Երկնուց ցած իջնե մինչ խաղաղ դաշտը,
Ահեղ որոտմամբ, փայլ արձակելով`
Արթուն հովիվին զարնե, տա գետնով.
Անմեղ գառնուկներն որբիկ մընացած,
Ապաստան չունին, անտեր են թողած,
Ահից վազում են թուլիկ ոտներով,
Հովվին սուգ կարդում տըխուր ձեներով:
Ո՞վ է նոցա տերն, ո՞վ խընամողը,
(Որբերի սփոփիչն է լոկ սև հողը)
Մա՛հ, մա՛հ խնդրեցին հայերն միաբան,
Քաջից հետ չի կար էլ հույս փըրկության:

15

Խուռըն կան հայերն մի փոսի առաջ,
Սըրտից անդադար հանում են թառանչ,
Դառն արտասուքը նոցա աչքերին
Հոսում են առատ ամայի գետնին:
Դասք քահանայից դաշտումը չի կան,
Որ սուրբ աղոթքով հողին հողը տան,
Կընդրուկ ու զըմուռս նախնյաց ավանդով,
Այդ անշուք թաղման չի խընկում ոչով.
Լալական կանայք կրծքին ծեծելով,
Ողբի չեն շարժում դառըն հեծելով:
Լուռ են հայերը, աչքերը պըղտոր,
Դեմքերը անշարժ, մըտքերը մոլոր,
Հազիվհազ նոցա շըրթունքը դեղնած
Շարժելով տալիս են նըշան կենաց:
Արդյոք աղո՞թք է, որ նոքա կարդում,
Թե՞ արյան վրիժու տալիս են երդում
Իրանց դյուցազնի դիակի առաջ,
Որին խոստացան մեռնել քաջաքաջ:
Կարգե կարգ, լըռիկ, մինը հետ մյուսին
Վերջին համբույրը տվին դյուցազնին.
Եվ երբ որ փայլեց առաջին շողը,
Քաջին մարմինը կըլլեց սև հողը:

16

Կորավ Դյուցազնը, կորավ Հայաստան,
Զի հայոց միակ հույսն էր քաջ Վարդան,
Թըշվառ հայ ազգին նորա վեհ սիրով
Էլ այնուհետև չըսիրեց ոչով:
Դարք հետև-հետև գընացին, անցան,
Հիշատակ Քաջին յուրքը մոռացան,
Հեշտության կենաց և գանձի մոլար
Ազնիվ նըպատակն մոռացան իսպառ:
Իրանց սըրբազան տեղիք պարծանաց
Թողին, մատնեցին խուժադուժ ազգաց,
Եվ հողը, գընած գընով սուրբ արյան
Հարանց` արին չար թըշնամիք կոխան:
Մոռացան վըրեժն այն նվիրական,
Որ ավանդել էր նոցա քաջ Վարդան
Եվ ատելության փոխանակ` պարսկին
Ցույց տվին միշտ սեր և հարգանք խորին:
Ծըռեցին վիզերն պարսից լըծի տակ,
Դյուրությամբ դարձան հըլու հըպատակ.
Ա՛խ, արդարացավ տեսիլն Վարդանին,
Որ նախատեսավ անկումըն ազգին:
Հայը հետամուտ չէր ազնիվ մահուն,
Որ հետնոց թողներ պանծալի անուն.
Վասակաց թիվը շատացավ դարեդար,
Զուտ ազնիվ հոգիք չերևցան իսպառ.
Գործիք եղեռան դարձան օտարաց,
Ոչ ոք դարմանիչ չէր ազգին չարյաց...
Թո՛ղ լըռե՛մ, լըռեմ, ազնիվ պատանի,
Այս թըշվառ անցքեն միտքըս սասանի,
Քանի կը հիշեմ` սիրտըս խոցոտի,
Ու ճըմլած հոգիս վրիժու բոցոտի:
Մոլեկրոն պարսը կա մինչև այսօր,
Ունի թագ ու գահ շըքեղ, փառավոր,
Ունի նա լեզու ու անուն փառաց.
Քաղաք բարեշեն, տեր է շատ ազգաց,
Իսկ Հա՛յըվա՛յ նրա դառը օրերուն,
Ի՞նչ ունի, բայց թե լոկ ևեթ անուն,
Որը և հաճախ ինքը ամոթից
Զըզված մերժում է իրա վըրայից:

17

ՎԵՐՋԱԲԱՆ

Լըռեց: Ամպերը եկան ծածկեցին
Երկինքն ու լուսինն աչքես խըլեցին.
Մընացի մենակ` հոգիս վրդոված,
Ձեռներըս ծոցիս, գլուխս քարշ արած:
Եվ այնուհետև ամեն իրիկուն
Մընում եմ լուսնի խաղաղ ծագելուն.
Նորա տըխրամած դեմքը նայելիս`
Հիշում եմ թըշվառ վիճակը ազգիս:
Ա՜խ, ցոլա՛, փայլե՛, տըխրադեմ լուսին,
Գուցե, քու փայլից փայլ տաս և հային.
Պատմե՛ շատերուն Վարդանի մահը,
Կամ` ի՛նչպես կորավ հայ ազգի գահը,
Կամ ի՛նչ վեհ սիրով սիրում էր Վարդան
Մայրենի հողըաշխարհ Հայաստան:

1862

ԱՂԱՍՈՒ ՄՈՐ ԵՐԳԸ

Նվեր Խաչատուր Աբովյանի անմահ հիշատակին

Զարթի՛ր, մանու՛կ իմ նազելի, բա՛ց այդ պայծառ աչերը,
Թերթերունքեդ քունը թոթվե՛, գիրկը հանգիր քու մորը.
Բավ քեզ որքան բարի հրեշտակք հեքիաթ ասին երազում,
Այժմ արի՛ քեզ այն պատմեմ, ինչ պիտ տեսնես աշխարհում:

Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես,
Բաց աչքերըդ այդ նախշուն,
Ուր որ մայրըդ յուր բախտ, փառքը,
Կյանք ու արևն է տեսնում:

Դուն կըմեծանաս, բոյ կը քաշես, չինար բոյիդ ես ղուրբան,
Քեզ ուժ կուտան Մասսի քաջքը, որ դու լինիս քաջ Վարդան.
Իմ մատներով մի ոսկեթել մեջքիդ գոտի եմ կարել,
Գոտիիցըդ թուր կը կապեմ, այն էլ ինքըս եմ սըրել:

Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես,
Բա՛ց աչերըդ այդ նախշուն,
Ուր որ մայրըդ յուր բախտ, փառքը,
Կյանք ու արևն է տեսնում:

Մեր բակումը ձի է կայնած` քեզ է մընում անհամբեր,
Զարթի՛ր, որդյա՛կ, քանի՞ քընես, ա՛ռ քու թուրը մահաբեր.
Քու Հայ ազգը հեծեծում է, ձեռքը, ոտքը շըղթայած,
Քու եղբայրը գերության մեջ... քա՛ջ, միայն դո՞ւ ես քընած….

Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես,
Բա՛ց աչերըդ այդ նախշուն,
Ուր որ մայրըդ յուր բախտ, փառքը,
Կյանք ու արևն է տեսնում:

Չէ, իմ որդին շուտ կըզարթի, ձին կըհեծնե սանձակոծ,
Հայի արցունքը կըսըրբե, կըդադրեցնե լաց ու կոծ,
Հայ եղբայրներ, քիչ էլ կացեք, իմ Աղասին զարթեցավ,
Գոտին կապեց, թուրը կախեց ու իր նժույգ ձին նըստավ:

ԴԵՎ ՄՐՈՒՍ

(ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ)

Այդ ի՞նչ շըփոթ, ի՞նչ աղմուկ, հուսակըտուր վայ ու լաց
Առհասարակ տիրել է Տարտարոսի զավակաց.
Ավերվե՞լ են Գեհենի այն պարիսպքը սարերե.
Ջախջախվե՞լ են շըղթայքը ադամանդյա քարերե:
Թե՞ Ստիքսը ցամքել է, թե՞ Աքերոնն է հիվանդ,
Թե՞ Կերբերի տեսիլքը ծերութենեն այլ չէ ժանտ:

Ո՛չ, գեհենի պատերը պինդ, անխախուտ են կանգնած,
Ոչ շըղթայքն են ջախջախվել և ոչ Ստիքսն է ցամաքած.
Առաջվա պես Կերբերը դուռը արթուն է պահում,
Աքերոնը անցուդարձ նավով Ստիքսն է անում:
Այդ փանաքին առթերեն չէ՛ Գեհենի աղմուկը,
Այդ փանաքին առթերեն չէ՛ դևերու լաց սուգը:

Դըժոխքի մեջ դահլիճ կախորհըրդական է չարաց,
Յոթն աթոռի մեջտեղը կըլոր սեղան է դըրած,
Թվով յոթն են բազմականք` յոթն մեղաց համարավ,
Մին մինի մոտ լուռ ու մունջ տըխուր նըստած են կարգավ:
Թեև լուռ են, բայց անխոս խորհուրդ խորհին չարերը,
Թե խորհուրդը գործ դառնա` կը կործանվին սարերը

«Եղբա՛րք, ասաց վերջապես Բեհեղզեբուղ ծերունին,
Ձեր ցանկությամբ և կամոք ես այց ելա մեր երկրին,
Ինչ կար չըկար նորա վրա` ամեն աչքե անցուցի,
Բոլոր տեսածս ու լըսածս` մանրամասն գրեցի.
Իմ գըրվածքի մեծ մասը վաղուց եմ գրով հաղորդել,
Մընացորդը ուզում եմ բերանացի Ձեզ պատմել:

Հայաստանն էր վերջին իմ այց ելած աշխարհքը,
Այլ ազգերի խիստ տարբեր է հայոց վարքն ու բարքը.
Ժողովուրդն է միամիտ, կըրոնասեր, հեզ, խոնարհ,
Խաղաղասեր, ժըրաջան ու շատ սիրում են իրար.
Հոգևոր հարց հարգելով` սատաներքին են ատում,
Խունկ ու զըմուռս ծըխելով` սաստիկ են մեզ հալածում:

Թասով գինին խըմելիս` հայք միշտ Աստված հիշում են,
Խըռովարկու հարբողին խընջույքիցը քըշում են.
Երգ սիրում ենհոգևոր, խաղ տիրում են, — բայց անմեղ,
Միով բանիվ` և՛ ըզգաստ, և՛ խելոք են ամեն տեղ.
Այժմ ասե՛ք սիրելիք, ի՞նչ հույս ունինք այն ազգեն,
Որի ամեն անհատը գիտե փախչել մեր ձեռքեն»:

Բեհեղզեբուղ դու հիմա՛ր, Անամելիքը ասաց.
(Որ խորհըրդի ժամանակ լուռ անմըռունչ էր նըստած),
Զարմանում եմ քու խելքին, որ այդ չընչին համբավով
Շըփոթեցիր ամենիս ու լըցուցիր տագնապով.
Ասենք թե` հայք ըզգաստ են, իրանց կրոնին մըտերիմ,
Միթե ուրիշ հնար չի կա՞, որ հայք դառնան մեր գերին:

Զորօրինակ` հայերը բընությամբ խիստ տըռփոտ են,
(Եվ ու՞մ սիրտը անթափանց է սիրո սուր նետերեն)
ԹԵլլադեյեն շնորհաշուք գան Հայաստան աղջիկներ,
Այնուհետև տե՛ս քանի՞ պիտի քանդըվին տըներ.
Ուր սեր էր` անդ քեն կլինի, սուրը կշարժի իր տեղեն,
Սար ու ձորեր կը լըցվին հայոց արյան հեղեղեն:

Հա՛ հա՛ հա՛ հա՛, ծիծաղեց Բեհեղզեբուղ ծերունին,
(Նորա բարձր ծիծաղեն դրունք սարսեցան Գեհենին).
«Գեղեցկությունն հայ կընկա բաղդատելով այլ ազգաց`
Այնպես գիտցի՛ր, ինչպես որ լուսինն հանդեպ աստեղաց.
Շըքեղ, նազուկ հասակավ, թուխ ու գանգուր մազերով,
Կես ամսվա լուսնի պես շողշողում են պատկերով:

Մի՞թե Հային կույր գիտես, կամ թըշնամի իր անձանց,
Որ սոսկ քարը գոհարեն կարծեն նոքա գերազանց:
Չէ՛, այդպես չէ՛, սիրելիս, հայի աչքը շատ սուր է,
Հային հիմար կարծողը` երկու աչքով էլ կուր է.
Ուրիշ միջոց, ուրիշ հնար եկ աշխատենք գըտնելու,
Այդ բաներով չէ՛ երբեք մեզնից հայը խաբվելու»:

Այս լըսելով դևերեն մինը` Մըրուս անունով,
Որ դըպիրն էր ատենին, տեղեն ելավ անխըռով.
Աչքը դարձուց իր չորս դին սովակատաղ վագրի պես,
Դըժոխաշունչ բերանեն անեծք թափեց լիապես,
Նորա լայնդիր ճակատը գահ էր յոթից հանցանաց.
Սոսկավիթխար հասակը ահարկու էր և՛ դիվաց:

Սա այն չարկամն էր ազգիս, որ Արամա օրերեն
Խըղճուկ հայը օր չունի նորա անողորմ ձեռեն.
Սա այն ծնունդն էր անիծից, որ նոր պեսպես դիմակավ
Հիմն ի վեր կործանելու շուտ-շուտ Հայաստան եկավ.
Մե՛րթ Վասակ էր անունը, մե՛րթ Պապ էր, մե՛րթ Մերուժան,
Մե՛րթ Հազկերտ էր կրակամոլ, մերթ մոլեգին Չարմաղան:

Դրախտանմանն Հայաստան ըսպանդ դարձուց սոսկալի
Ու անհովիվ հոտի պես թողուց հայոց ցավալի,
Որք արգավանդ դաշտերում կարոտ էին չոր հացին,
Աղբերառատ այն երկրում ծարավատանջ մընացին,
Արտասուքով ցողեցին կանաչազարդ ձորերը,
Անմեղ արյան հեղեղով ողողեցին փոսերը:

Հայի բնությանը տեղյակ` նա գուժկանի խոսքերեն
Չայլայլեցավ այլոց պես. միայն ելավ իր տեղեն,
Խոսքը դարձուց դևերուն, մըխիթարեց, ըսփոփեց,
Փոքրիկ մի ճառ կարդալով` խոսքը այսպես ավարտեց.
«Մի՛ք երկնչիլ, բարեկամք, քանի որ կամ ձեր միջին,
Շատ մահացու վերքերով կըխոցոտենք մենք հային»:

Պըրծավ այսոց ատյանը: Ամենեքին միամիտ
Դարձան իրանց գործերուն ու խորհըրդին չարամիտ:
Իսկ Մըրուսը անհապաղ ու հապճեպով մըտավ կառք,
Տարտարոսի խավարեն իսկույն ելավ լույս-աշխարհք.
Ծիծաղելով աչքերը դարձուց դեպի Արարատ,
Ասաց, «աստ իմ մանգաղին ըսպասում է հունձ առատ»:

Նա քաջ գիտեր, որ հայը հանուն իր սուրբ հավատին
Միշտ պատրաստ է զոհելու գանձը, տունը և որդին.
Ավանդության մըտերիմ իր պաշտելի հին նախնյաց`
Համհավասար սըրբերուն հարգում է հոգևոր հարց.
Ուստի` հագավ ֆարաջա, աջ ձեռումը գավազան,
Տերողորմյան ձախումը, այսպես մըտավ Հայաստան:

Սա իր ճերմակ մազերով ու բընութքովը խոնարհ,
Ծըռած վիզով, հեզ դեմքով ու մարմնովը նիհար
Շուտ գըրավեց ամենի խելքը, միտքը ու հոգին.
(Այսպես միշտ հեշտ խաբվել է հայը ձևով արտաքին):
Դև Մըրուսի հըռչակը` Սուրբ Գրիգորին հավասար,
Ծավալվեցավ, սըփռեցավ ամեն հեռավոր աշխարհ:

Արդ` Մըրուսը ի՞նչ արավ: Նա իր խոսքը կատարեց,
Տարտարոսի երկյուղը տասը տարում փարատեց.
Ուր որ դըրեց իր ոտքը` աղմուկ դարձուց ամեն տեղ,
Հորն ու որդուն կըռվեցուց, ինքը մընաց միշտ անմեղ,
Անթիվ կասկածանք ցանեց նա միամիտ սըրտերում,
Սեր ու հաշտության տեղը թողեց նախանձ, չարություն:

Հայք իրարմե հեռացան, առանձնություն սիրեցին,
Ձանձրությունը ու վիշտը շատ մոլությունք ծընուցին.
Զվարթ բարքը առաջվա իսպառ կորավ հայերից,
Ուրախության սիրո երգ հատավ նոցա բերանից:
Եղբա՛րք, ինչո՞ւ տիրել են մեզ այսքան վիշտ, այսքան ցավ: —
Էնդուր համար, որ մեր մեջ Մըրուս-դևը հայտնեցավ:

ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆ ԵՐԳՈՒՄ Է

Հայկ ու Լևոնին մոռանանք, եղբարք,
Թափ տանք մեզանից փոշին հընության,
Վերածնենք մեր մեջ նոր կյանք ու նոր բարք,
Կեցցե՛ շատ օրեր մանուկՀայաստան:

Կեցցե՛ շատ օրեր մանուկՀայաստան,
Նա՛ որ դեռ միայն մեր սըրտի խորքում
Ունի յուր հիմքը, ո՛չ տուն, ո՛չ կայան
Չունի տակավին բուն Հայաստանում:

Եղբա՛րք, բանը դեռ անշոշափելի
Այժմում մեր մըտքին` ցընորք չի կարծենք,
Բանը կմարմնանա ու տեսանելի
Կը լինի շուտ, միայն մենք վըստահ լինենք:

Մեր հույսը միայն մեր վըրա լինի,
Չեն պետք մեզ նըպաստ մեծատուններին,
Ողորմությամբ թող մուրացիկն ապրի,
Մուրացողըն միշտ ստրուկ է օտարին:

Կեցցե՛ Հայաստան, որ երազական
Կարծում են ծերերն. իրոք չէ՛ այդպես. —
Մեր հայրենին դեռ չէ չվառական,
Քանի որ ունի քաջ որդիք մեզ պես:

Բա՛վ է, օտարին շատ ծառայեցինք,
Ըստրկի վիճակն չէ՛ հավերժական
Ազատության գինն մենք քաջ սերտեցինք,
Էլ չենք հավատալ օտարի խոստման:

Օտարի շահը թույն է մահաբեր,
Աչք է կուրացնում, միտք է պըղտորում,
Գերի է դարձնում մարդ ազատասեր,
Ոսկի շըղթայով ձեռք ոտք է կապում:

Կըփըշրեմ շըղթաս, կերթամ Հայաստան,
Կըպագնեմ նորա հողը անարատ,
Կասեմ. «Եկել եմ որդիդ չվառական,
Գըրկիդ մեջ ինձ առ, մայր իմ հարազատ:

Չունիմ ես ոսկի, այլ ոսկու մադան,
Ջըլոտ ձեռք ջուխտակ ու սիրտ անվեհեր,
Ձեռքումս ունիմ բահ ու հըրացան,
Սըրտումըս ունիմ ազնիվ խորհուրդներ:

Քու հողն արգավանդ, ես մըշակ արի,
Մենք հաշտ կու ապրինք շատ ու շատ տարի.
Ուրջուներեդ քեզ ոչինչ շահ չըկա,
Թույլ տուր, որ բըռնի հալածեմ նոցա:

Դու որդիք ունես չորս միլիոն ու կես,
Թե հանկարծ գաղթեն` նոցա տեղ ունե՞ս,
Ըստինքիդ կաթը խնայե օտարեն,
Գալու որդիքըդ քաղցած, ծարավ են…»:

Հարավ, հյուսիսեն փոշի վերացավ...
Ձայն, տրոփ, խոսք, շըշուկ զիլ-զիլ լըսվեցավ
Մասսա ճակատեն մեգը հեռացավ...
ՄանուկՀայաստանն ոտքի կայնեցավ...

1876

ԵՐԳ

Նվեր Փիլիպպոս Վարդանյանին

Երբ տըրտում ես, բարեկամ,
Ձախորդության օրերըդ,
Թո՛ղ ամեն ինչ, երգարան
Ազգային դու ա՛ռ ձեռըդ:

Երգե՛, երգե՛ դարդն ազգիս,
Երգե՛ ամուր, անդադրում,
Հոգվով մըտքով կըսփոփվիս,
Հավատա՛ ինձ, մեկ պահում:

Երբ խընդում ես, բարեկամ,
Հաջողության ժամերուն,
Երգե՛ երգ դու ցընծության
Մեր պաշտելի պապերուն:

Քու խընդության խընդակից,
Ազնիվ գործիդ քաջալեր`
Կլինին հողի խոր տակից`
Մեր պանծալի նախորդներ:

Երգե՛ հարսին քո գըրկում,
Երգե՛ խընջույքի միջին,
Ե՛վ սուրբ ահեղ ճակատում,
Ե՛վ բանտումը խավարչտին:

Երգով հիշե՛ մեր նախնյաց,
Երգով թո՛ղ քնե քո որդին,
Երգն է մարդուն անգին գանձ, —
Լոկ չար մարդիկ երգ չունին:

ՏԱՃԿԻ ԲԱՆՏ

Սոսկալի, մըռայլ, գիճին գետնափոր,
Վեր, վայր, ամեն խորշ լի զեռուններով,
Դրունք երկաթիք, ծղինք ժանգոտք,
Դահիճ-դռնապանք քանց վագրը վայրագ:

Հազար բյուր տեսա պես-պես տանջարան.
Գետնի վրա ցըրիվ ընկած են աստ-անդ
Մտրակ ու աքցան, խթան, մանգլիոն.
Ահա նոր դըժոխքկասվի տաճկի բանտ:

Պատերեն կախված անթիվ շղթաներ,
Ամեն շղթային կըպած է մի մարդ.
Չէ՛, չէ՛, դա մարդ չէ՛, այլ հավետ կըմախք,
Ստվեր է սոսկալի, ո՛չ աստծո պատկեր:

Ասե՛ք, ի՞նչ է մեղքն այս թշվառներին,
Կողոպտե՞լ են, գողցե՞լ են, մա՞րդ են սպանել
Չէ՛, չէ՛...
Բանտերը լըցվեցան անմեղ հայերով,
Կրակ, աքցան ու թույն եկան ի հանդես,
Ծովամույն կըլինին հայք հազարներով,
Իսկ Եվրոպ անտարբեր, լուռ ականատես:

1877

ՄՇԵՑՈՒ ՀԵԿԵԿԱՆՔԸ

Վիզերըս ճըկած` սըրտով խոնարհ ենք,
Տիրասեր հպատակ լինինք ու ծառա,
Նորա անունը աղոթքով հիշենք,
Խըղճուկ հայ ազգիս գուցե մեղքանա:

Քըրտինք-վաստակի մեր տասանորդը
Տանք նորա զորքին, որ նա կըշտանա,
Ըլլանք Սուլթանի մըտերիմ ճորտը,
Խըղճուկ հայ ազգին գուցե մեղքանա:

Թո՛ղ նա մեր որդոց անմեղ արյունով
Հաճույքի համար սուրը լըվանա,
Սըրտերուս կըսկիծն զըսպենք խընամով,
Խըղճուկ հայ ազգին գուցե մեղքանա:

Թո՛ղ պարկեշտասուն մեր աղջիկներով
Սուլթանի տռփոտ պասքը հագենա,
Մեր ոսկին սերայ տանինք փեշերով,
Խըղճուկ հայ ազգին գուցե մեղքանա:

Ցուցնունք, որ հայը չէ տաճկին ոսոխ,
Այլ բարյացակամ սերտ ընկեր է նա,
Նորա գովողն է, ո՛չ չարախոսող,
Խըղճուկ հայ ազգիս գուցե մեղքանա:

Լուռ կաց, խե՛ղճ հայ մարդ. սընոտի հույսեր
Քեզ շատ խաբեցին, էլ մի՛ հավատալ,
Կանցնին ու կերթան շատ ու շատ դարեր,
Հայ ազգիս վըրա թուրքը չի խըղճալ:

Ինչո՞ւ կը մոռնաս Փըրկչի ասածը:
«Դուռը չի բախած` ոչ ոք չի բանալ»:
«Ո՞վ ըստացել է յուր չի հայցածը», —
Հայ ազգի վերա թուրքը չի խըղճալ:

Ազատ լալ կուզես, գիտեմ փափագըդ:
Բայց դու մի՛ հուսալ հասնիլ այդ օրին:
Ո՞ւր է, դու գիտե՞ս, բախտըդ ու փառքըդ
Ու ազատ կյանքըդ: — Ի ծայր քո սուրին

ՎԱՆԵՑԻ ՄՈՐ ԵՐԳԸ

Պըզտի տըղա, չե՛մ օրորիլ օրորանքըդ, որ քուն լաս,
Հայ աղբարքըդ ոտքի ելան, մենակ դո՞ւ ետ պիտ մընաս,
Զարթե՛, հոգիս, անուշ քունեդ, թո՛ղ աչքերըդ լուս տեսնին,
Արևմուտքեն արև ծագեց, բախտը բանեց հայ ազգին:

Չար Սուլթանի ոսկի թախտը ջարդվեցավ, վար ինկավ,
Թախտի տակեն հազար ազգաց ազատություն ծագեցավ.
Ով որ շուտով ոտքի ելլե, ազատություն կը գըտնե,
Սիրուն որդի՞ս միթե մենակ չար լուծի տակ պիտ մըտնե:

Մենք Սուլթանին շատ խընդրեցինք կողկողագին ու լացինք,
Աղի-աղի արտասուքով ձեռք ու ոտը լվացինք.
Բայց նա չանսաց պաղատանքին ողորմելի հայերուն,
Այժըմ, նայինք, նա կը լըսե՞ շառաչյունը սուրերուն:

Տու՛ր, սիրական, քակեմ ձեռքիդ պալուլները, արձակեմ,
Ու այդ թուլիկ աջիդ մեջը մի պողպատե սուր դընեմ,
Ըստրուկ գընա՛ արյան դաշտը, վերադարձի՛ր ազատված.
Արդյոք մի օր պիտի լըսե՞ս մեր խընդիրքը, ո՛վ աստված:

ՎԱՆԵՑԻ ԳԵՂՋՈՒԿԻ ՏԱՂԸ

Աղոթարանը բացվեցավ, ժամանակ է զարթելու.
Էրթամ ախոռ, գոմշուկներըս լըծեմ` գութան վարելու:
Դե՛հ, գոմշուկներ, ելե՛ք, ելե՛ք, արտը երթանք աշխատինք,
Հարկ ու խարճի վատեն մոտ է. ոթենք արուն ու քրտինք:

Հայի՛ գութան, հայի՛ գութան, որի՞ համար կը ջանաս,
Ո՛վ քեզիմով կը տանջըվի, որի՛ն դու կուշտ հաց կուտաս:
Այն օր, երբ քեզ ձեռքըս առի` ազատ օրըս կորուցի,
Անվախ սիրտըս վըհատեցավ, հոգիս թուրքին մատնեցի:

Բա՛վ է, գութան, մեր տանջանքը, համբերությունն վերջ ունի
Դուն տեսա՞ր, որ մեր դուշմանը ամոթ, խելք ու գութ չունի:
Արի՛ փըշրեմ ես քու խոփը, տանք դարբինին կռելու,
Կըռենք-կոփենք սուր ու սուսեր` դուշմանի դեմ կռվելու:

Եղբաբք հայեր, առե՛ք խոփը, տվե՛ք դարբինին կըռելու.
Կըռել-կոփել սուր ու սուսեր` Հայաստանը փըրկելու:

ԲՈՂՈՔ ԱՌ ԵՎՐՈՊԱ

Ձեռքերըս կապած, ոտքերըս շըղթա,
Կասե Եվրոպան. «Հե՞ր չելաք ոտքի.
Ձեզ ազատություն, ձեզ օրենք չի կա,
Տարե՛ք, կըրեցե՛ք դուք կյանք ըստրկի»:

Վեց հարյուր տարի մեր երակներեն
Կա՛թ-կա՛թ ծորեցավ մեր վերջին արյուն,
Եվրոպան կասե. «Շուռ գանք հայերեն,
Հայի մեջ չի կա ուժ ու քաջություն»:

Ամբողջ Հայաստան ասեղ չէր մնացել,
«Հայք, կասեն, ինչո՞ւ թուր չի վերուցին»,
Մի՞թե վառոդի հոգս պետք էր անել,
Թե՞ պետք էր բըրդել չոր հաց քաղցածին:

Եվրո՛պ, մոռացա՞ր երբ Զըրադաշտը
Ձեռքը թուր` կուգար շիտակ քու ծոցը.
Բայց հայի ահեղ Ավարայր-դաշտը
Շիջուց մոլեռանդ այն կրոնի բոցը:

Եվրո՛պ, մոռացա՞ր այն կուռ հարվածը,
Որ պատրաստել էր Իսլամ քու որդոց.
Հայը չուզեց քու արտոսր ու լացը,
Քաղաքաց հըրդեհ, խողխողանք մարդոց:

Следующая страница