Պատկանյան Ռաֆայել՝   Բանաստեղծություններ և պոեմներ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 Следующая Конец

Երկհարյուր տարի արյուն թափելով,
Դեմ տվեց ահեղ, ուժգին այն գրոհին,
Մինչև որ ձեր կյանքն դարձավ ապահով,
Մինչև որ ուժեն ընկավ թշնամին...

Եվրո՛պ, մոռացա՞ր, երբ քու քաջերը
Անապատի մեջ մընացին քաղցած.
Ի՞նչ պիտ օգնեին նոցա զենքերը,
Թե որ հայք նոցա չը տային կուշտ հաց:

Ապերա՛խտ Եվրոպ, հիշե հայերուն,
Դու շատ մի՛ խաբվիլ սուրի շաչյունե.
Արյուն ոթելն չէ՛ առաքինություն
Եվ ո՛չ նա ազատ ոգու նըշան է...

Մենք խաղաղություն փըրկչեն սովրեցանք
Նեղիչին ներելԱվետարանեն,
Մի՞թե մենք այսօր պատուհասեցանք,
Մի՞թե խաբվեցանք մեր բարերարեն:

Ինչերո՞ւս էր պետք առաքինի վարք,
Է՞ր չեղանք Հայքըս սրիկա, մարդասպան,
Անշուշտ կը դասեր մեզի ազգի կարգ
Արյունածարավ գոված Եվրոպան:

1878

ՀԱՅԵՐՈՒՍ ԹՈՒՔԸ

Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես.
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան:

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,
Անուն հաղթողի ունիս փառավոր,
Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան:

Ի վերուստ քանքար քեզի տված է,
Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.
Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան:

Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզոր իշխանի սիրելին դարձար.
Բայց թե մըտքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան:

Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
Շատ կըհորինես թանկագին բաներ.
Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան:

Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լըցված է մարդոց բերան,
Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
Երբ օրորանեդ մինչի գերեզման
Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան:

1879

ՆՈՐ ՏԱՐԻ

Երնե՛կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն.
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն:

Երնե՛կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:

Երնե՛կ, թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան:

Երնե՛կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սըրին,
Հայը քյուրդեն չի սարսեր:

Երնե՛կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին,
Հայի դրոշակ ծածաներ:

Հայե՛ր, երբեք չերկմըտինք,
Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

ՀԱՅԵՐՈՒՍ ԲԱՂՁԱՆՔԸ

Ա՛խ, ինչպե՛ս կուզեմ տեսնել մեր հային
Ազատ, ապահով, կըրթյալ, ինքնագոհ,
Ամեն հայի տուն` դըրախտ երկնային...
Լոկ այդ բանն ինձնից չուզենար մեկ զոհ:

Ա՛խ, ինչպե՛ս կուզեմ տեսնել Հայաստան
Մի օր ազատված թըշնամու ձեռքեն,
Հայի երկիրը, հայի սեփական...
Լոկ այդ չի բաժաներ ինձ իմ կոպեկեն:

Ա՛խ, ինչպե՛ս կուզեմ, որ մեր հայերուս
Արծարծվեր սերը, ուսման, գիտության,
Հայի մեջ չի մնար մի հատիկ անուս...
Լոկ հեռի ինձնից թուղթ ստորագրության:

Ա՛խ, ինչպե՛ս կուզեմ, որ հայ պատանիք
Դեպ համալսարան խըմբով վազեին,
Եվ Զվիցերիա երթար հայ աղջիկ
Լոկ ինձնից նոքա կոպեկ չուզեին:

Ա՛խ, ինչպե՛ս կուզեմ, որ մեր զեյթունցին
Միթռայլյոզ, շասպո, ռըմբկեն ունենար,
Ջարդ ու բուրդ աներ քուրդ ու չերքեզին
Լոկ ինձնից զենքի նա փող չուզենար:

Երբ մեր հայրենին հրաշքով ազատվեր,
Մերոնք էլ ազատ կյանք-օր վարեին,
Ա՛խ, ինչպե՛ս, ինչպե՛ս լավ բան կըլիներ,
Երբ հայք ինձ իրանց իշխան ընտրեին:

ՀԱՅԻ ՎԻՇՏԸ

Գիտեմ, խեղճ հային չեն տալ Հայաստան,
Մեզ ազգ կազմելու ամենքն են խափան,
Նախանձ, քեն ու ահ տիրել է հոգին
Դեպի հայերուս շատ ու շատ ազգին:

Թե թուր վերցնեինք` մեզ պիտ մորթեին,
Ոչ ոք պիտ ելներ պաշտպան խեղճ հային.
Երբ որ լուռ կեցանք մենք խոհեմաբար,
Ասին. «Մեռել եք հոգեպես իսպառ»:

Ի՞նչ անենք ուրեմն, ինչպե՞ս փըրկըվինք,
Մեզ հալածողեն մենք որտե՞ղ փախչինք.
Հայության անվան խարանած կընիք,
Հայի ճակատին կոխել են մարդիկ:

Վեց հարյուր տարի մենք կիսակենդան`
Կըսողանք տրորած ճըճուի նըման,
Փոխան շիջելու նախանձը մարդոց`
Սաստակացավ, ավա՛ղ, զերդ հըրդեհ ու բոց:

Կուզեն որ հայքըս մեր սուրբ հավատքեն
Հրաժարվինք, ինչպես մահացու մեղքեն,
Մեր լեզուն, մեր ծեսք` նըշանք ազգության,
Երբեք չըհիշվին ի մեջ մարդկության:

Կըրնա՞մ ուրանալ ես իմ պապերուս,
«Մորդ ատե՛» — խրատել հարազատ որդուս,
Իմ ձեռքով պըղծել իմ սուրբ ավազան,
Ազգուրացն, ասե՛ք, չէ՞ վայրի գազան:

Ինչպե՞ս կը կըրնամ ես տալ մոռացման
Քո սուրբ հիշատակն, Մամիկոն Վարդան:
Ո՞ր ազգի պատմիչք չորս-հինգ հատ ցուցին
Նըման մեր անմահ Ղևոնդ Երեցին:

Չէ՛, անհընար է ազգեն հրաժարվել,
Ինչպես որ միսը ոսկորեն բաժնել.
Սինլըքոր կըմնամ, ըստոր ու ատած,
Բայց ես չեմ լինիլ երբեք ազգուրաց:

ԱԶԳԱՍԵՐ

Երբ պանդոկումն եմ, ու իմ հանդիման
Կան կերակուրներ թանկ ու պատվական,
Մի՞թե չեմ հիշում վիճակն իմ ազգին,
Չեմ ասում... «Հայե՛ր, օգնեցե՛ք հային»:

Թատրոնում նըստած` առաջին կարգում,
Ու մըտքիս պես-պես խորհուրդ են ծագում,
Դըպրոց... թատրոն... հայոց զորք... ուսում..
Չե՞մ ասում «Հայե՛ր, գաղթեցե՛ք Արզրում»:

Կալվածատեր եմ. տընտեսը իմ տան
Հավաքեց բերեց ինձ փող բավական.
Ես չե՞մ հասկանում ազգիս հանգամանք,
Չե՞մ ասում. «Վանին խիստ պետք է մի բանք»:

Մահիճս կակուղ, վըրես տաք վերմակ,
(Ես շատ բարի եմ քընի ժամանակ),
Մանավա՛նդ երբոր փորս էլ է տըկռած
Չե՞մ ասում. «Հային տվե՛ք խորշ ու հաց»:

Օրն է միգապատ, տափը թաց ու ցեխ.
Բեռնակիր մշակը ոտքին չունի տրեխ.
Տաք տեղից ասած չե՞մ հազար անգամ
«Հե՞ր երկաթուղի չունի Հայաստան»:

Կընկաս չորս կանգուն կերպասե ագին
Որքա՛ն լավ խորհուրդ բերեց իմ մըտքին.
Չասացի՞ հային. «Ձեզ համար ժըլատ,
Իսկ եղբարց համար պիտ լինել առատ»:

Դուստըրըս ինսթիթութ, որդիս` քոռփուսում,
Ականջիդ կասեմ` այդ է զուտ ուսում
Բայց երբ գընում եմ ես Թուրքի-Մայդան,
Հայ դըպրոցներին ես չե՞մ միշտ պաշտպան:

Այսպես` տարիներ և ամբողջ իմ կյանք
Արել եմ միայն ես լոկ շաղփաղփանք.
Իսկ դուք միամիտ, շուտ-խաբվող հայեր,
Անունըս դըրիք... խելոք ազգասեր:

1880

ԹԱԼԱՆԱԾ ԳԵՂ

Ծուխը ամպի պես կելլեր դեպի վեր,
Տընտըղի նման բոցը կըքալեր.
Տուն, եկեղեցի, պարտեզ ու այգի
Անսիրտ, անհոգի մատնած են կրակի:

Հայերն հոտի պես սարսած կը վազեն,
Անցնող-դարձողեն օգնություն կուզեն.
Օգնությո՛ւն: Խեղճե՛ր: Կատղած օսմանլին
Չար մահ կըսպառնա զարհուրած հային:

Մայրը կականով կը փընտրե աղջիկ,
Աղջըկան գերի տարավ չար տաճիկ,
Իր որդուն կուզե հայրը շըվարած,
Որդուն կըտեսնե խազուխի դըրած:

Հայի հավաքած մալը աղքատին
Հելալ փայ եղավ անկըշտում քյուրդին,
Խեղճը հուսահատ կաշե երկընքին,
Կըսպասե նըպաստ հրեշտակաց զորքին:

Խաբուսի՛կ հույսերԴեռ շատ ու շատ դար
Պիտի խաբվիս, հա՛յ, ինչպես խաբվեցար:
Թե ինքըդ չանես քու գըլխու ճարը,
Ե՞րբ պիտի օգնե քեզի օտարը...

Խե՛ղճ մարդ, մի անգամ մեռնելե վախցար,
Մինչ մահվան օրըդ հազար մահ տեսար
Հազար մեռնելըդ հազար ցավերով
Զավակիդ փոսը ձեռքովդ փորելով

Դու միշտ եղբորըդ անտերունչ թողիր,
Մատիդ ծայրովը նորան չօգնեցիր.
Գլուխն առավ խեղճը, գընաց հեռացավ
Հայաստան ձեռքեդ ամայի դարձավ:

Դու կարծեցիր թե` ոսկին մեծ բան է,
Ամեն մի ցավի, դարդի դարման է.
Ապա հե՞ր ոսկիդ քեզի չի օգնեց,
Կընկադ, զավակիդ մահն չի փըրկեց

Ա՛խ, հայե՛ր, հայե՛ր, թե որ ձեր ոսկին
Կիսով չափ զոհվեր հօգուտ հայ ազգին,
Առմիշտ կըդադրեր ձեր լացն ու կական
Ու դրախտ երկրավոր կըլլար Հայաստան:

ՄԵԾ

Գընա՛, իմ որդյակ, աշխարհքըս անցի՛ր,
Պանծալի անուն Մեծի դու ստացի՛ր:

Ու գընաց որդին, շատ քըրտինք թափեց,
Մեծ հարըստություն, մեծ գանձ ժողովեց,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով:

Չէ՛, չէ՛. թեև դու բորսայի ես զարդ,
Բայց քեզ չեմ ասիլ տակավին մեծ մարդ:

Նա գընաց մըտավ իմաստնոց տաճար,
Եղավ խորիմաստ գիտուն ու հանճար,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով:

Չէ՛, չէ՛. թեև դու գիտությանց ես զարդ,
Բայց քեզ տակավին չեմ ասիլ մեծ մարդ:

Պահով, աղոթքով մըտավ անապատ,
Քուրձ հագավ մարմնուն, հրաշքներ գործեց շատ,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով:

Եդեմա դրախտին էլ լինիս դու զարդ,
Ես քեզ տակավին չեմ ասիլ մեծ մարդ:

Ու գընաց որդին, դարձավ զորավար,
Խելքով, քաջությամբ տիրեց շատ աշխարհ,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով:

Չէ՛, չէ՛. թեև դու գոռ դաշտին ես զարդ,
Բայց քեզ չեմ ասիլ տակավին մեծ մարդ:

Ու գընաց որդին մի երկիր օտար,
Հրեշք ու ցավերե մաքրեց այն աշխարհ,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով:

Օտար աշխարհի թեև եղար զարդ,
Բայց քեզ չեմ ասիլ տակավին մեծ մարդ:

Ու գընաց որդին... Հա՛, սարն էր գլորման..
Դեմ տըվեց ուսը, չը թողեց անկման...
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով:

Դյուցազների մեջն էլ լինիս դու զարդ,
Բայց քա՛վ ինձ ասել քեզ համար մեծ մարդ:

Ու գնաց որդին գըլխակոր, տըրտում,
Հոգին վըրդոված, ցավ ու դարդ սըրտում,
Մաշվում էր խեղճը, զոռ տալով խելքին`
Հե՞ր չարժանացավ հոր գովասանքին...

Նորա եղբայրը գերի էր տարած,
Թըշնամու ձեռքով տունը ավերած.
Ճիգ արավ, գլուխը վըտանգի ձըգեց...
Ազատեց եղբորն ու տունը կանգնեց

Հանկարծ... սար ու ձոր, ծով դըղըրդեցան,
Բյուրք բյուրոց բերնով գոչեց ազգ մարդկան.
«Մեծ Մարդու անուն դու ա՛յժմ ըստացար,
Եղբորդ հիշեցիր ու քեզ մոռացար»:

ՀՈՒՅՍ

Թո՛ղ փըչե քամին պաղ-պաղ, երեսիս,
Վերեն ամպերեն սաստիկ ձյուն թող գա,
Որքան որ կուզե` թող փըչե Հյուսիս,
Հուսով եմ, վաղ-ուշ գարունը պիտ գա:

Թուխպը թող պատե երկինքը պայծառ,
Թանձըր մառախուղ երկիր թող փակե,
Տարերք աշխարհիս խառնըվին իրար,
Հուսով եմ, վաղ-ուշ, արև պիտ ծագե:

Թո՛ղ գա փորձություն, թո՛ղ գա հալածանք.
Խավա՛ր թող դառնա անաղոտ լույսը,
Սարսափելի չեն հային տառապանք`
Միայն... չի հատներ խըղճուկի հույսը:

ԱՄԻՐԱ

Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց.

Քանի որ բաներն այս ճամփով կերթան
Մարդ չի գըտնվիլ ճարպիկ քեզ նըման,
Որ ջուրը կրակին հետ միավորեր,
Ու հըմուտ ձեռքով աշխարհըս վարեր
Քանի որ բաներն այս ճամփով կերթան,
Դու միակ տեր ես աշխարհիս վըրան,
Մարդիկ շըվարած, այլայլած բնավին,
Քեզանից հեռի` փըրկություն չունին:
Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց:

Չի՛ դադրիլ մարդոց քու գովասանքը,
Օրեօր կաճի քու փառք-պարծանքը,
Աստղեր ու խաչեր ու շըքանըշան
Չեն տեղավորիլ քու կըրծքի վըրան...
Կը փարթամանաս տափով ու հողով,
Մեծ-մեծ տըներով, գանձով ու փողով.
Որդիքըդ կլինին մի-մի մեծատուն,
Կուտաս դու նոցա պանծալի անուն:
Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց:

Մարդահաճները, սողունի նըման,
Փորաքարշ կուգան քեզի հանդիման,
Օտարի կեղծի, սըտախոս լեզուն
Մըտքեդ կը հանե խեղճ հայի անուն.
Փառաց ու պատվի այսքան ծուխ-բուրկեն
Քու պայծառ միտքը, ավա՛ղ, կըփակեն:
Կը մոլորեցնե քեզ անցուկ փառքը,
Կը մոռացնե քու սըրբազան պարտքը:
Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց:

Կանցնի ժամանակ` օր, ամիս, տարի,
Ճըրագի նըման կյանքըդ կը մարի,
Քու անշունչ մարմնուն կուտան շուք վերջին,
Սուտ լացով հողին կավանդեն գիճին...
Գուցե բարեկամք մի քանի անգամ
Իրանց մեջ հիշեն քեզի կես-բերան,
Բայց, ավա՛ղ հինգ-տաս տարի դեռ չանցած,
Հազիվ կը հիշվի անունըդ գոված:
Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց:

Բայց բախտը ավել էր մեզ խոստացել,
Պանծալի անունդ քու անմահացնել,
Երջանիկ վիճակ` սպասած դարերով,
Տալ խեղճ հայ ազգին քու հուժկու ձեռով...
Եվ որքա՛ն-որքա՛ն հայերըս և դո՛ւ
Պիտի կարմըրինք միշտ «առ ամոթու»:

1881

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ

Արի՛, իմ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր տըղիս աչքերին.
Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:

Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե տըղիս, քընի է կարոտ.
Բայց նա լալիս է. դու ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ:

Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,
Վուվուով տըղիս բեր անուշ քունը.
Բայց նա լալիս է. տատրակի՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սըգավոր դառնալ:

Կաչաղա՛կ, ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զըրուցով որդուս քունը բեր,
Բայց նա լալիս է. կաչաղա՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ:

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդիս կուզե...
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ:

1883

ՏԱՃԿԱՀԱՅԵՐԻ ՕՐՀԱՍ

Գիտո՛ւն, թո՛ղ գիրքը, ժամ չէ կարդալու,
Գեղջուկ, դու էլ թո՛ղ եզներն ու գութան,
Տեր-հայր, դադարե՛ մեռել թաղելու,
Երկունքի մեջ է մայր մեր Հայաստան

Երկունքի մեջ է Հայաստան աշխարհ,
Մեզ պիտի շնորհե մի նոր գոյություն,
Փափաքով սպասած ամենեն շատ դար`
Հայոց աշխարհի սուրբ ազատություն:

Մոռանանք պահ մի հին հաշիվները,
Թողնենք առօրյա անձնական շահը,
Հանե՛նք սըրտերես մեր պիղծ կըրքերը,
Հանե՛նք սըրտերես ըստըրկի ահը:

Քրիստոնյա ենք մենք և սերունդ Հայկի,
Այսքան բա՛վ է: Է՛լ լուսավորչական,
Կամ պապադավան և կամ լոթրանգի
Ազգը չի բաժնենք` ի սեր հայության:

Ծանըր երկունքի մեջ է Հայաստան,
Տա՛նք թեթևություն նորա ցավերին,
Նորա ծընելու գեղեցիկ մանկան,
Թույլ չըտանք խեղդել թըշնամիներին:

Նորածնի առջև բանանք մեր գանձը.
Հարուստը` ոսկի, ուժը` պատանին,
Հարսը` յուր փեսան, քաջը` յուր անձը,
Կոնդակի շանթեր` սուրբ Էջմիածին:

Աստված մեզ խըղճաց վերջին այս նվագը,
Բացեց մեր պառավ մոր ամուլ արգանդ,
Թե հայը մարդ է` կազատվի ազգը,
Թե չէ՛, Հայաստան կը լինի քարքանդ:

1888

ՄԻ՛ ԿԱՐԾԵՔ ՈՐ ԵՍ...

Մի՛ կարծեք որ ես սին փառքի համար,
Իմ հառաչանքով լըցրի <հայ> աշխարհ.
Այս հեք ամբոխի ծափին ու գովքին
Կարոտ չէր բընավ իմ հըպարտ հոգին...

Այո՛, իմ քնարի տըխուր ձայները
Ցընցեցին հայի հոգու լարերը,
Արյուն էլ ազնիվ սըրտե քամեցին,
Կըտրիճի աչքե քունը փախուցին:

Ինչո՞ւ, չգիտեմ: Ասե՛ք, հե՞ր բարդ-բարդ
Բացվում է գարնան կարմիր, հոտոտ վարդ,
Լեռնիվայր ինչո՞ւ անուշ կարկաչով.
Վազում է առուն դալարի միջով:

Զեփյուռը ինչո՞ւ տերևե-տերև
Անցնելով, ասես, տալիս է բարև,
Ինչո՞ւ սոխակն էլ մոտ կանաչ թըփին
Անմըռունչ ձայնում է յուր մեղեդին

Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻՆ

Նորա 25-ամյա հոբելյանի առթիվ

Ազգիս շարավոտ վերքը լըվանալ,
Լիրբ մեծատունին անվախ ապտակել,
Գոհարով ծածկած կեղտերը բանալ,
Կեղծավորների դիմակը պոկել,
Ու խեղճ կինտոյին դընել մարդու շար`
Այս ամենը զորեց միայն քո՛ հանճար:

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՔՆԱՐ

1879

ԱՂԱՅԻՆ ՍՅՈՒՐԵԹԸ

Աղա ըլալը խոլայ չի կիտնաս,
Աղաութինը ունի շատ ֆենտեր,
Ուրիշ ֆասոնի խելք պիտ ունենաս,
Աղալալն ունի շատ քար ու պատեր:

Ան ի՞նչ աղա է, որ կարդալ կիտնա,
Աղան, ատեթը, պիտլա անուսում.
Մեր հալխը չիտի՞ք, տայմա կըխընտա,
Եփ տեսնե տիմացն խելոք ու կիտուն:

Աղային սիրտը չար պիտի ըլա,
Ինքը անկուշտում միլք ու ըստըկի,
Էրեսը տայմա թիթիզ ու չըրա.
Աղան չիպիտի ունենա հոգի:

Աղան պիտ նայե խեղճ հալխին վըրան,
Ինչպես օչխարին կընայե չոպան.
Պուրդը պիտ կըտռե, կաթը պիտ կըթե
Ու անկե էտև կաշին սըկըրտե:

Աղան խըղճմըտանք պիտ չի ունենա,
Հավատն ալ պիտլա շատ низкий проб-ի
Տիմացը դրախտը պացված պիտ կիտնա,
Եփ պասին ուտե սըսեռ ու լոպի:

Աղային օրդին, ատեթը, կըլա
Չըռթմաճի, տենքսըզ, փուչ ու հովարտա
Լե՛վենտ, աղեկ է չըվանե կախվիս,
Աղայի աղջկա հետ չի կարգըվիս:

Ան ի՞նչ աղա է, որ հեչ օլմասա,
Մոսկոֆին օխտը ժում խաբած չիլա,
Մինք հեչ չինք ասիլ` հարամի ու կող
Մարդուն, որ ծոցը ունի նոմա փող:

Աղան, ատեթը, չի մեխկընալ հեչ,
Հազարներ վոթել կեր ու խումի մեջ.
Ամա լավ գործի զոհելու ըլա,
Քապիկին վըրա տիր-տիր կը տողա:

Աղան շատ կատե ազգային թատրոն,
Զերե սյուրեթը կը տեսնե նա հոն,
Մեմալ ուռուֆը կը վերնա մարդուն,
Տիմացը որ տան կազեթի անուն:

Ի՛նչ էրկան-պարակ խոսքըս երկընցնում,
Ու ձեր կոլոխը լաֆով հոտեցնում,
Քանի անպակաս է մեր մեջ աղան,
Սըրայի գալու չէ՛ խեղճ Նախջըվան:

1881

ԿՈԼՈՎԱ

Զարմանք քաղաք է մեր Նոր-Նախջըվան,
Վո՛վ ասիս կուզե լալ մեր կոլովան,
Հե՛մ պուրթոտ կոլոխ, հե՛մ տըպըզ-քաչալ,
Հե՛մ փալապըյըխ, հե՛մ միրուք մաչալ,
Հե՛մ Մոսկոֆին հետ տայմա կըտըրվող,
Հե՛մ խեղճ ժամերուս ստակ ճըպըռթ-անող,
Հե՛մ սուտ զուրուցը, հե՛մ ալ սուտխաբան,
Հե՛մ փիթուն տարին փիրփիրի հարբան,
Ասիմ, չամչընամ` վերջին տիրացուն
Աս միջոցիս է մեր կոլովացուն
Ամո՛թ քեզ, ամո՛թ, Նախջըվան քաղաք,
Որ չունիս մեջըդ շենքով հասարակ.
Որ հալխին ֆայտան աղեկ մը ճանչնար,
Քյուլհանիներուն ձեռք մեզի չի տար
Ընտռինք կոլովա ա՛ն շենքով մարդուն,
Որ սիրեր, մեղքնար մեր զավակներուն,
Քաղաքիս ստակը ճեպը չի կըռեր,
Հա՛պա մեր հալխին պակսորդը լըցներ:
Հայ ժողովուրդով իլինք հինգ գեղեր
Նախջըվանին հետ մեկ զեմսթվա աներ.
Քաղաքըս մըտցներ ծախս ու առուտուր.
Քաղցած աղքատին տար կուշտ կերակուր,
Տար մեր զավակին անպես վարժատուն,
Ալ Ռոստով չերթար նա օրը չորս ժում.
Տարին եթմիշ մարդ` աչքերը արցունք,
Չօգտե տալ սալտաթ առանց իրավունք:
Աս սև օրերուն, որ մեզի հասան,
Պատճառ էր մենակ անխելք կոլովան.
Կօգտե, հասարակ, խելքերըս ժողվինք,
Ու գալու թռեթին շենքով մարդ ընտռինք...
Ընտռության օրը կուգամ ես դուման,
Կասին վո՞վ է մեր ընկերն ու դուշման:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 Следующая Конец