Պատկանյան Ռաֆայել՝   Հոդվածներ, Հուշեր, Ճառեր և նամակներ

Պ. Էմինի գովական հատկություններից մինն էլ այն էր, որ նա «բարեպաշտ զգացմունքով» հիշում էր իր մի ժամանակվա վարդապետների անունները. երբեք լսած չէինք նրա բերանից պարսավանք, ծաղրանք և չարախոսություն կամ որևէ ստորացուցիչ դատմունք դեպի իր մանկության վարժապետներն, երբ նա սովորում էր եղել Կալկաթայումն և թե իր պրոֆեսորներն` Մոսկվայի համալսարանումն գտնված միջոցին. միտս է, թե նա ի՛նչ հարգանքով խոսում էր հանգուցյալ Թաղիաթյանի և Ավդալյանի մասին, թեև այդ միջոցին արդեն քաջ ճանաչում պիտի լիներ երկուսի գիտությանց աստիճանը:

Այսպիսի երախտագիտություն դեպի իր երախտավորները խորին տպավորություն էր գործում մեր մանկական հոգիներու վրա: Եվ իրոք պետք է ասել` այս շատ գեղեցիկ գիծ է որևէ մարդու և մանավանդ նոցա, որոնք մանկավարժության և դաստիարակության գլուխ են կանգնած: Այս խոսքերս լսելով մեր օրվա երիտասարդ մանկավարժներին հարկ է փոքր ինչ շառագնիլ ամոթից, իրանց մանկության վարժապետի վրա միմոսություն, կապկություն և խեղկատակություն անելը մի տեսակ սխրագործություն է դարձած այդ պարոններից շատերի համար, որոնց բոլոր գիտնական պաշարը, վկա է աստված, որ հազիվ մի մկան բեռ է և ոչ ավելի:

Պ. Էմինը, ինչպես ասացի, սիրում էր մեր առջև կարդալ իր հավնած շարադրություններեն. այդպիսի գրվածքներից մինն էր նաև Եղիշեի Վարդանանց պատմությունը: Այսօրվա պես միտս է` ինչպես հանդիսավոր տխուր ձայնով կարդում էր նա «իսկ կանայք երանելյաց»-ը, ուր նորա ընթերցվածը սգավոր մեղեդիի ձև էր ստանում, ասես թե մեր լսածը խոսքեր չէին, գիրքը, դասարանի մեջ գտնված առարկաները և նույնիսկ վարժապետի երեսը անհետանում էին և մեր բորբոքված երևակայության առջև բացվում էր մորմոքիչ և արտասվելի պատկերների մի շարք, մեր մանկական երևակայությունը տանում էր մեզ հինօրյա ժամանակները. մեր նախնիք գալիս հանդիսանում էին մեր առջև մերթ իբր զրահավորված դյուցազներ. մերթ իբր դափնեզարդ նահատակներ, մերթ իբր դառն գերության մեջ շղթայած, հալ ու մաշ եղած կալանավորներ և մերթ իբր նժդեհներ օտարության մեջ ձգած` իրանց սիրականների կարոտը քաշելիս: Պ. Էմինը նայում էր մեր վրա և գուցե մտքի մեջ ասում էր` «Ես իմ սուրբ պարտքը կատարեցի և իմ սիրելի Հայաստանը կործանողներին վրեժխնդիրներ պատրաստեցի»:

Մեր օրերումը շատ սովորական բան է դարձած, ամեն քայլափոխին, պետք ու չպետք տեղը և այդ մանավանդ, մեր իբր-գիտնական, իբր-քաղաքագետ, իբր-ազգի թշվառության ցավակցողների բերաններեն լսել` «է՛հ, պրծե՛լ է մեր հայի բանը» և կամ` «էլի հայություն արի՞ր», այսինքն` ամոթալի գործ գործեցի՞ր և կամ «հայ-վա՛յ» և կամ «հայը թակե Վարդանին, թուրքը թակե Վարդանին» և անվերջանալի այսպիսի հուսաբեկ խոսքեր: Նկատելի է, որ երբեք լսած չէինք պ. Էմինի բերանից հայի պատիվը ստորացնող, հայի մասին անախորժ և հուսահատական որևէ դատմունքներ: Դարձյալ ժամանակակից «փլավի-ազգասերներին» աջ և ահյակ չէր գովաբանում ու խունկ ու զմուռս ծխում հայության. բայց և առանց մի հիմնավոր պատճառի չէր վատաբանում ո՛չ հայ վարժապետներին, ո՛չ հայ քահանաներին և վարդապետներին, ո՛չ մի հայ հաստատություն, մեկ խոսքով մենք ճեմարանի մեջ, Էմինի մոտ սովորելիս մեր մեջ երկրորդ բնություն էինք դարձրել, հարգել և պատվել ամենայն ինչ որ իր վրա կրում էր հայի և հայության անունը. հայ լեզու, հայ ազգ, հայ գրականություն, հայ մատենագիր, Էջմիածնա աթոռ, Վեհափառ կաթողիկոս, Մխիթարյանց ուխտմեզ համար մի-մի ազգային պարծանքներ, մի-մի սրբություններ էին առանց երկմտության, առանց թերահավատության, առանց կասկածանքի, բայց և ընդ նմին առանց մոլեռանդության: Թեև այս այսպես, բայց երբեք նկատած չէինք պ. Էմինի մեջ նաև մի թեթև նշույլ օտարատյացության. ասածիս ապացույց այն է, որ Պուշկինի և Լերմոնտովի գրվածքը առաջին անգամ մեզ ծանոթացուց նա. շատ անգամ, հենց իր դասի միջոցին, ձեռքը առնում էր նոցա շարադրությունները և կարդում էր մեզ համար, և այդ կերպով մեր մեջ սեր և ճաշակ էր ձգում այդ և ուրիշ ռուս հեղինակների մասին: Եվ այդ իսկ էր պատճառը, որ պ. Էմինի աշակերտների մեջ բավականին շատ թվով բանաստեղծական ոգով և ճաշակով երիտասարդներ երևան եկան. ինչպես Ասկարյանցը, Փափազյանը, Միրիմանյանը (Հայոց աղջիկներ` ձեր հոգուն մատաղ), Դոդոխյանը` (Ծիծեռնակ), Շահազիզյանը և այլն:

Մի ուրիշ հազվագյուտ հատկություն էլ ուներ պ. Էմինը: Երբ նա կարդում էր մեզ համար որևէ պատմական գիրք, զորօրինակ` Խորենացի, Փարպեցի, Փավստոս և այլն, կամ իրանից մի պատմական դեպք էր պատմում, նա այնպես հմտությամբ նախապատրաստում, հարդարում էր մեր միտքը, որ մենք բոլորովին մոռանում էինք, որ մեր կարդացածը կամ լսածը վերաբերում է մեզանից շատ տասնյակ դարեր առաջ կեցող մարդոց. մենք կարծում էինք, որ այդ անցքը, այդ պատմությունը հերու կամ երկու տարի առաջ կատարված բան է. հազար տարի առաջ ապրած մեր նախնիքը երևում էին իբր մեր մոտավոր արենակից ազգականները. մենք մեր հազար տարի առաջ նահատակված գյուղացիների թշնամիներուն պտրտում էինք մեր չորս կողմը. կարճ` պ. Էմինը դարձնում էր մամռոտած, փոշիոտած հայոց պատմությունը մեր հայրերից մեզ թողած հրիտակ և մեզ ինքներուս` հարազատ ժառանգորդ Հայաստանին... Հուսամ որ պատմաբանի և մանավանդ ազգային պատմաբանի հանճարը երբեք չէ կարող դորանից վեր սավառնել. և Էմինը ուներ այդ արգասավոր հանճարը: Որ հայոց պատմությունը չոր ու ցամաք է, որ նորա մեջ չիկա մեր նախնյաց առօրյա կենցաղը, նորա կյանքի վայելքը, նորա երկրավոր ուրախությունը և այլն և այլն, այդ ոչ ոքի համար գաղտնիք չէ: Սովորելով հին հունաց և հռովմայեցվոց ժողովրդական պատմությունը` մենք շատ անգամ դիմում էինք պ. Էմինին այս հարցմունքով` «արդյո՞ք մեր հայերն էլ ունեցե՞լ են կյանքի վայելքներ, խրախություններ արե՞լ են, երգեր երգե՞լ են, Հոմերոսի, Օրփեոսի, Հեղիոդի նման երգիչներ ունեցե՞լ են. ունեցե՞լ են հայկական նվագարան, նվագի արվեստը գիտցե՞լ են արդյոք և այլն, և այլն. իհարկե, մեր հարցմունքները անպատասխան չէին մնում, և շատ կարելի է, որ մեր հարցմունքները առաջին անգամ հղացուցին նորա «վեպքի» խորհուրդը, որով քանի մի տարի հետո նորա անունը հռչակվեցավ Եվրոպայի գիտնականաց կաճառումն:

Ասացի, որ մեր աշակերտած տարիները (1843-1849) պ. Էմինի մանկավարժական գործունեության ոսկե դարն էր. և կարծում եմ, որ չի սխալվեցա. հատուկ մեզ` այն ժամանակվա աշակերտացըս խմբի համար` գրեց նա իր «Քերականությունը»: Միտս է, ինչպես պ. Էմինը ամեն անգամ դասարան մտնելիս, հետը բերում էր փոստայի թղթի վրա գրած բնագիրը, իսկ թղթի լուսանցքները, որ թղթի ուղիղ կեսն էր, հենց դասարանի մեջ, դասատվության միջոցին, շատ անգամ ուղղվում, լցվում և փոփոխվում էր: Պ. Էմինի դափնիեն և ոչ մի տերև խլած չեմ լինիլ, եթե ասեմ, թե նա մեզ սովորեցնելով ինքն էլ կատարելագործվում էր: Վերջին և բարձրագույն դասարանումն սույն օրինակ գրվեցավ նորա «Ճարտասանությունը», որ լույս տեսա՞վ արդյոք, թե ոչ, չգիտեմ:

Մի զարմանալի երևույթ, որն մինչև այսօր ինձ համար անլուծելի առեղծված մնաց, պ. Էմինը ինչպես որ վերը հիշեցի, թեև ինքը հիանալի կանոնավոր, գեղեցիկ և մաքուր աշխարհաբար էր խոսում, բայց բնավ չէր խոստովանում և չէր ուզում ճանաչել նորա գոյությունը և նորա ժողովրդականության ընթանցքը և ուղղություն տալու չէր աշխատում, թեև, կրկնում եմ, ինքը յոչ կամաց, աշխարհաբարի ամենահզոր հովանավորիչն էր: Մեր օրոք` «քլաս մտնել», «փառախոտով ճանապարհորդել», «փռոթեսթավաթ անել», «չայ կամ քոֆե խմել», «բութիլքան ռասքուփռիվաթ անել» և այլն, և այլն, արդեն համարվում էին կոշտ խժդժաբանություն, և մենք` Էմինի աշակերտքս, առաջինն էինք, որ ամաչելով (իբր թե արածներս աններելի մեկ հանցանք էր) սկսանք հայ կենդանի բարբառի մեջ մուծանել դասատուն կամ դասարան, թեյ, սուրճ, համալսարան, դասախոսություն և այլն բառերն, որոնք հետո` մեր հետնորդների համար` դարձան սովորական գործածելի բառեր, և այժմ մինչև անգամ հայաբնակ քաղաքների ամենաստոր դասակարգի մեջ մուտք են գործած:

Պետք է խոստովանել, որ այստեղ ևս նշմարվում է պ. Էմինի ազդեցությունը, թեև, ինչպես ասացի յոչ կամաց: Ես այժմ մտածում եմ թե որքա՞ն մշակված և ծաղկած պիտի լիներ մեր այժմվա աշխարհաբարը, եթե պ. Էմինը ըստ արժանվույն ուշք դարձներ...

Պ. Էմինը ասում էր` թե այն ճեմարանում, ուր ինքը սովորել է հետս Ավտալյանի և Թաղիաթյանի, հայոց խոսակցական լեզուն գրաբարն է եղել: Արդյոք այստեղ պետք չէ՞ որոնել այս առեղծվածի լուծումը...

1887, հունվարի 11, Նոր-Նախիջևան:

ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՐՏԵԶ

Մանկական պարտեզ ասելով պիտի հասկանալ այնպիսի վարժատուն, ուր երեխաները կմեծանան, կզարգանան հոգով ու մարմնով այնպես ինչպես որ բնության որդին կմեծանա մեկ պարտեզի մեջ, ամեն ազգի երեխա կսիրե յուր ազատ ժամանակը անցնել պարտեզի մեջ. նա յուր բոլոր զվարճությունը կգտնե միայն պարտեզի մեջ: Ա՛ռ երեխային, բնակեցո՛ւր ամենագեղեցիկ, ամենազարդարուն շքեղ պալատի մեջ. կարճ միջոցում նորա սիրտը կնեղանա, բայց պարտեզեն երեխան երբեք չի զզվիլ: Ինչո՞ւ: Պատճառը շատ պարզ է: Թե պարտեզը ու թե երեխան բնության ծնունդ են, մինչդեռ տունը, պալատը և ամեն հոյակապ շինությունքը արվեստական, մարդու ձեռքով հառաջացած են:

Ի՞նչ պիտի անե երեխան Մ. Պր. մեջ: Ամբողջ օրը բաց և առողջ օդի մեջ պիտի անմեղ խաղա և, առանց հոգնելու, աշխատի ու սովորի: — Ի՞նչ պիտի սովորի: Այն, ինչ որ նորան այսօր, վաղը, մեկ ամսեն, մեկ տարիեն պետք է և պետք պիտի գա: Մանկական պարտեզի մեջ երեխան պիտի սովրենա այն բաները, որ կան նորա չորս կողմը` օդը, ջուրը, հողը, բույսը, քարերը, թուլաները (աղյուսները) և նոցա բերած պտուղները և նոցա տված վնասն ու օգուտը, քամին և նորա տված վնասն ու օգուտը, անձրևը, նրա պատմությունը, նորա օգուտը, նորա վնասը, և այլն, և այլն, մեկ խոսքով, այն ամեն բանը, որոց իմանալը կասվի գիտություն և որոց չիմանալը կասվի տգիտություն:

Երեխան հետաքրքիր է և ամեն բան կուզե ճանչնալ ամեն բան քննել, ամեն երևույթ հասկանալ, ամեն գործողության պատճառը իմանալ. նա յուր մորը մի րոպե հանգիստ չի տալիս, ինչո՞ւ ամպը կքալե, ինչո՞ւ լուսինը գիշերը կերևա և ոչ ճառագայթ արև եղած միջոցին. ինչո՞ւ ավազի վերա խոտ չի բսնիլ. ինչո՞ւ ջրհորի ջուրը աղի է, ինչո՞ւ սոխակը միայն գարնան կերգե, ինչո՞ւ ձմեռը թռչուններ չիկան, վա՛յ այն երեխային, որո անթիվ հարցմունքները կամ անպատասխան, անբավարար կմնան, կամ ձախ ու ծուռ մեկնություն կստանան հավատացեք, ազգը այդ կերպով ամեն տարի կկորցներ հարյուրավոր և հազարավոր Բիսմասքներ, Պիքսնսֆելդներ, Ստեֆենսոններ, Գամբեթթաներ, Այվազովսկիներ, Լորիսմելիքովներ, Լազարյաններ և այլն, և այլն: Մանկության օրերը երեխայի տպավորությունը ոչ միայն խոր, այլ անջնջելի է երեխայի սրտի, հոգու, ուղեղի մեջ: Մի հատիկ հաջողակ կամ անհաջողակ պատասխանեն կախյալ է միևնույն տղին կամ Բիսմասք, կամ քրեական հանցավոր լինելը: Ա՛խ, լուսավորյալ մայր, մեծ է քու ազդեցությունը հրեշտականման երեխայի վերա, բայց հայ ժողովուրդը շա՞տ լուսավորյալ մայրերն ունի արդյոք:

Ո՞վ կարող է հերքել, որ մայրը ու հայրը յուր զավակներին չեն սիրել. ոչ մի հրեշ չէ կարող արտասանել այդ խոսքը, մանավանդ հայ կանանց պարծանքն այն է, որ նա առանձին մեկ զգացմունքով կսիրե և կգուրգուրե յուր զավակներուն, բայց խնդիրն այն է, թե ի՞նչ արտահայտություն ունի այդպիսի սերը: Կա մայր, որ յուր սերը կհայտնե առավոտե մինչև երեկո կյուլենկի (քաղցրավենիք), եմիշ (պտուղ) ուտեցնելով: Այդպիսի սերը փրկավե՞տ է արդյոք երեխային. կա մայր, որ յուր սերը կհայտնե պաճուճապատանքի (խամաճիկ) պես հագցնելով յուր զավակներուն: Օգտավե՞տ է արդյոք զավակին այդպիսի սերը: Կա մայր, որ ոչ մի զբոսանքե, ոչ մի խնջույքե, ոչ մի հացկերույթե, ոչ մի պարահանդեսե, ոչ մի տոնավաճառե, ոչ մի կառքով կամ սահնակով ճեմելե (քաչաթ) չի զրկիլ յուր զավակին: Ի՞նչ բարոյական օգուտ է այդ զավակին: Կա մայր, որ յուր կոկորդեն կխլե, ինքն իրեն ամեն զրկանքի կենթարկե ու յուր զավակի ամեն մանր մունր հաճույքը կկատարե: Օգտավե՞տ է արդյոք այդպիսի քնքշությունը զավակի համար:

Շատ ուրիշ զոհեր կան, շատ ուրիշ արտահայտություն սիրո կա, որ կանե մայրը յուր զավակին ու այդ ամենը ոչ միայն օգտավետայլ չարաչար վնասակար է:

Երեխային պետք է մաքուր օդ, անդուլ և կանոնավոր շարժմունք, սննդավոր կերակուր, անդորր քուն, աստիճանաբար մտավոր զարգացում, հասակակիցների ընկերություն, անպաճույճ հագուստ և խոհեմ մոր անդուլ խրատ ու հովանավորություն:

Ինչ որ դորամեն ավելին է, թույն է երեխայի համար, որ երբեմն կսպանե նորա մարմինը և գրեթե միշտ` հոգին:

Ինչո՞ւ մեր ազգը լուսավորության մեջ հետամնաց է: Դրա միակ պատասխանն է, որ մեր երեխաներն դաստիարակություն չունեն: Իսկ երեխայի դաստիարակիչն է լուսավորյալ մայրը: Մանկական պարտեզն է բազմության երեխաների լուսավորյալ մայրը:

Այս ասածներես հետո, կարծեմ, ամենին արդեն պարզ ու հասկանալի է մանկական պարտեզի նպատակը և ուղղությունը:

Այս դրության մեջ, ուր կա ներկա ժամանակս Նախիջևանը, մանկական պարտեզը մի հատիկ հնարն է նոր գալոց սերունդին հասցնելու և՛ նյութական, և՛ բարոյական բարօրություն:

ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՐՏԵԶ ԵՎ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԵՋ

Պատիվ ունիմ ծանուցանել Նախիջևանի պատվելի հասարակության, որ ներկա 1879-ի օգոստոսին, ըստ թույլատվության Օդեսային ուսումնական շրջանի, պ. հոգաբարձվի կը բացվի քաղաքիս մեջ երկսեռ երեխաներու համար «մանկական պարտեզ և տարրական դպրոց» անունով ուսումնարան, ուր կընդունին երեխայք (տղա և աղջիկ) հինգ տարեկանեն սկսած մինչև ութ տարեկան հասակները:

Այսպիսի վարժարանի կարոտությունը ի վաղուց հետո կզգա մեր ժողովուրդը, որ պակասությունն է միակ արգելքը նորա զավակների թերի եղանակով զարգանալուն` բարոյապես և ֆիզիկապես:

Ներկա ժամանակիս պահանջներն այնքան սաստիկ են մարդուսմեն, որ գրեթե անհնար է նոցա լրացնելու, եթե մենք հին ձևով առաջ տանեինք կրթությունը մեր մանկանց. որոնք կամ տգետ պիտի մնան, կամ վատառողջ: Այս երկու անհարմարություններեն ազատվելու համար իմաստուն մանկավարժները հնարել են մանկական պարտեզ, ուր երեխան շատ կանուխ և համարյա խաղով ու զբոսանքով կսովորի այն, ինչ, ուրիշ հանգամանքի մեջ նա պիտի սովորեր առավել տարեց հասակի մեջ, անտանելի դժվարություններ կրելով և միանգամայն ժամանակե առաջ սպառեցնելով յուր մտավոր և մարմնավոր ուժը: Վաղուց ճանաչած ճշմարտություն է, որ «երեխային կանուխ դիրքի նստեցնելը» կնշանակե, գրեթե չի հասնիլ առաջադրած նպատակին, իսկ ուշ ուսման տալու վնասը մեր քաղաքացին այնքան լավ գիտե, որ դորա մասին երկարաբանելն անգամ ավելորդ է, ուրեմն ի՞նչ պիտի անեն ծնողք, եթե զավակներուն կանուխ ուսման տալը վնասակար է, իսկ ուշը` սակավապտուղ: Ահա այստեղ մեծապես և կարելի է ասել` եզականապես կօգնե մանկական պարտեզը, որ ոչ միայն չի հոգնեցնիլ կամ չի թուլացնիլ երեխայի մտավոր և մարմնական ուժը, այլ ընդհակառակը, բազմակողմանի կզարգացնե և կամրացնե այն: Այստեղ ոչ առանց պատճառի ասացինք «բազմակողմանի», վասնզի մանկական պարտեզի ուրիշ դպրոցների համեմատ ունեցած գերազանցությունը հատկապես այն է, որ նորա մեջ գտնվող երեխան խաղալիքներով կսովորի ոչ միայն գիր-կարդում, այլև նկարչություն, տեսակ-տեսակ ձեռարվեստներ, երգեցողություն, երաժշտություն, կանոնավոր խոսել հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն, պար, մարմնամարզություն, և այդ ամենը կանոնավոր և աստիճանաբար, և որ ամենագլխավորն է` անզգալի կերպով: Մանկական պարտեզի տված նյութական և բարոյական օգուտները մանկանց` անթվելի է, և մեզ անհնար է այս սահմանափակ հայտարարությանս մեջ լիովին գաղափար տալ նորա մասին. միայն այսքան կասենք, որ ամենալուսավորյալ ազգերը համարել են նորան միակ հնար կանոնավոր դաստիարակության և հիմնավոր նախապատրաստություն դեպի կրթություն և լուսավորություն:

Մեր մանկական պարտեզը, առայժմ, ունի բավականին շատ ուսումնական առարկաների մասին. ընթերցանության, գրության, թվաբանության, աշխարհագրության, արվեստների և ձեռագործների. բացի դոցանից ունի նաև բազմաթիվ ժողովածույք և պատկերների մասին կենդանաբանության, տնկաբանության, բնագիտության, բնական պատմության և քիմիայի: Ունի մի բավականին հարուստ մանկական մատենադարան: Վերջապես ունի մի չափավոր մեծությամբ պարտեզ, ուր կան ավելի քան թե վեց հարյուր տեսակ զանազան բույսեր և տունկեր: Միով բանիվ` մեր մանկական պարտեզը մի փոքրիկ աշխարհ է երեխայի համար, ուր նա միայն աչքով և ականջով (տեսնելով և լսելով), առանց հոգնեցնելու և բռնաբարելու միտքը, կստանա շատ այնպիսի գիտությանց տարրեր, որոնք հաստատուն հիմն կլինին նորա ապագա մտավոր հարստությանը:

Ցանկացողք իրենց զավակները զետեղելու մեր նախակրթական վարժարանի մեջ, թող բարեհաճին այցելել նույնիսկ մեր վարժարանն, որ կգտնվի մեր սեփական տան մեջ (Սուրբ Թորոսի փողոցը, տուն8), և տեսնելով մեր հիմնարկությունն` իմանալ մեր պայմաններն և հայտնել մեզ իրենցը:

ՊԱՐՈՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

Մենք մի այնպիսի քաղաքի մեջ կկենանք, ուր մարդուս ամեն քայլափոխը ճիշտ հաշված է մեր ամեն քաղաքակիցներեն, այդ դեռևս վնաս չուներ, թե նոքա այս մեր քաղաքակիցները, իրենց դատմունքի մեջ առավելապես դեպի վատը չլինեին հակված: Ի՞նչ պիտի անել այդպիսի դիպվածին. զգուշանա՞լ. իզուր աշխատանք, անցնող դարձողի առջև արդարանա՞լ, աստված մի արասցե. ապա՞ ինչ. А ты своей дорогой ступай. Полают да отстанут. Այս է ամենախելոք պատասխանը մեր տեղի ձախ ու ծուռ դատմունքին: Պարոննե՛ր, ամենքդ ալ լավ նկատած կլինիք, որ մեր Նախիջևանի մեջ կա մեկ անտանելի կախյալ դրություն, որով կարծես թե ազատ խոսելը, ազատ քեֆը, ուզեցածի պես շարժելը կը պատկանի քանի մի աստծո սիրելիներուն և ընտրյալներուն, իսկ մնացած 12 հազարյա ժողովրդի բերանը հավիտյան փակած է, լեզուն կտրած է, ձեռքերը կապած է: Յուր կարծիքը ազատ հայտնելը Նախիջևանի մեջ վախ է, ամոթ է, վնաս է, լրբություն է, վերջապես հիմարություն է: Նայեցեք ձեր չորս կողմը, կտեսնեք վիզերը ճուկ քաղաքացիք, լռության սովորած, բերանները պապանձված հայեր գերդաստանի, ձեռքերը խաչ կապած երիտասարդներասես թե աստված սոցա տված չէ այն պարգևը, որով մարդս կջոկվի կենդանիեն, որով ազատ մարդը կջոկվի եսիրեն: Ահա 20 տարի է, որ ռուս крепостной-ը ազատվեցավ յուր ստրկության վիճակեն և այժմ համարձակ կհայտնի յուր կամքը և կարծիքը генерал-ի առջև, իսկ մեր ժողովուրդը լեզուն կուլ տվել է, բերանը չի՛ բանալ, կարծիքը չի՛ հայտնիլ մի քանի ընտրյալներու առջև: Ի՞նչ է այդ, ազնիվ երիտասարդներ, այդ ստրկության մեկ ձև չէ՞: Եթե նա բարոյական ստրուկ է, ապա ուրեմն կարելի՞ է մեկ ստրուկ ժողովրդի հետ գործ ունենալ, նրա մեջ բարվոքումն, հառաջադիմություն մտցնել: Դուք չգիտե՞ք, որ մոլություններն (порок) սեփականություն է ստրուկ ժողովրդին: Մինչև որ մարդս յուր ստրկական վիճակեն չազատվի` նորան անօգտավետ են և՛ գրակարդացություն, և՛ լուսավորություն, և կյանքի ամեն հարմարությունք (комфорт): Պարո՛ն երիտասարդներ, ես ձեզ համարձակ կասեմ, որ մեր քաղաքի ընկած դրության միակ և միակ պատճառն է մեր ժողովրդի բազմության կախյալ դրությունը (зависимы положение). և եթե գործը այսպես շարունակվի` մեր ժամանակվա ամեն նորոգություններ ոչինչ շահ չեն բերիլ մեր տեղի հայ ժողովրդին: Խոսքս մեկնեմ:

Հայաբնակ քաղաքներու մեջ հազիվ թե մեկ ուրիշը կգտնվի, որ մեր Նախիջևանի պես միմիայն լցված լինի գնող ու ծախող վաճառականներով. իսկ օտար քաղաքներու մեջ, կարծեմ, ամենևին չի գտնվիլ այս` ինքնըստինքյան մեծ անհարմարություն է. սորա երկրորդ անհարմարությունը այն է, որ նախիջևանցոց բոլոր հարստությունը գումարված է մեկ քանի ձեռք, իսկ մնացած ժողովուրդը շատ կամ քիչ, ուղղապես կամ անուղղապես փողի ու շահի կախումն ունի այդ մեկ քանի հարուստներեն:

Հարուստը երբեք յուր փողը առանց շահի չի տալ յուր փոքր չքավոր եղբորը. որքան որ կարող է` յուր փոխատվության փոխարեն կառնու նորամեն տոկոս (այլըխ) կամ մաքուր փողով, կամ աշխատանքով, կամ բարոյական ընկճումով: Առուտուրը ինքնըստինքյան ենթարկված է (подвержено) անդադար փոփոխության, այսօրվա հարուստը վաղը հեշտությամբ կարող է սնանկանալ, ուրեմն յուր փողի պակասելովն` աչքը միշտ տնկած ունի յուր դրացիի օգնությանը, և այդ ակամա բարոյական կախված դրության ենթարկված է քաղաքիս բոլոր բնակիչքը. ամենքը առուտուրական կրիզիսը, փողի հարկավորությունը աչքերի առջև ունին, ուրեմն և հարստի օգնության հույսը երբեք չի ելել նոցա մտքեն, և այդ պատճառով միշտ պատրաստ են զոհ բերել իրենց ազատ կամքը, խելքը և դատմունքը հարստի հաճույքին (капризы):

Այժմ դուք պարզ կտեսնեք, որ մեր քաղաքացիներեն մեծագույն մասը ստրկական կախումն ունի մի քանի հատ անհատներե (индивидуум): Ես ձեզ կհայտնեմ, կարելի՞ է որպիսի և իցե գործ կատարել այդպիսի ժողովրդի մեջ: Իհարկե չէ կարելի: Ի՛նչ գործ և հառաջացնելու լինիս, պարտավոր ես ոչ միայն խորհրդակցելու քու սիրական խելքիդ և ազնիվ ձգտումիդ (стремление) հետ, այլ քանի մի կամակոր, համառ և բթամիտ հարուստներուն ձեռքը ու ոտքը լզելով: Հոժարեցե՛ք, որ այդ ցած հնարներով ազնիվ ձեռնարկությունը առաջ չի երթալ: Ի՞նչ անես, որի՞ն օգնության կանչես, ի՞նչպես դուրս գաս այս կախարդական շրջանակեն (закалдованный круг): Լուսավորությո՞ւն, կասես: Գուցե դու կարծիք կանես թե, եթե քաղաքիս մեջ реальный վարժատուն բանանք, քաղաքիս մեջ 400 տղաք գիմնազիական մունդիր որ հագնին և այդ 400-են միայն 200-ը մինչև երրորդ դասատուն երթան և այդ 200-են միայն 100-ը մինչև վեցերորդ դասատանը արժանի լինի և այդ հարյուրեն միայն 15-20-ը արժանի լինի օրինավոր կերպով իրենց ուսումը ավարտելու և այդ 20-են միայն 10-ը համալսարան երթան և այդ 10-են միայն 7-ը ավարտե վերին ուսումն, այսպես և սորանեն ուղիղ 15 տարիեն եթե 7 համալսարանական տղաք ունենաք և 13 гимназический курс-ով, կարծիք կանեք քաղաքս կստանա յուր ազատությունըՀավատացեք, պարոններ, եթե պեկ1 պատվական օր քաղաքիս մեջ հազար հոգի տկլոր համալսարանական երիտասարդներ ունենայինք, դարձյալ հայի բազմությունը չի պիտի գտներ յուր ցանկալի ազատությունը, վասնզի Նախիջևանի մեջ մինչև ցայժմ օտար փողներս բերողը դարձյալ նույն ստակն է: Կարճ ասեմ, մենք ստակով ստակ կվաստակենք և ո՛չ ուրիշ հնարով և այդ է մեր քաղաքի մեկ հատիկ անբախտությունը:

Մեմը լավ նայեցեք ձեր չորս կողմը, մենք ունինք քանի քանի բժիշկներ, ունինք և քանի մի ուսումնականք, ունինք քանի մի վարժապետք, ունինք շատ քահանաներ, տիրացուներ, ունինք քաղաքագլուխ, դատավորներ, այսինքն այնպիսի մարդիկ, որոնք վաճառական չեն: Ես ձեզ կհարցնեմ, ապահովա՞ծ է նոցա ապրուստը, նոքա կախումն չունի՞ն ժողովրդի հաճույքին, մի քանի հարուստներու կամքեն: Նոքա բազմության ինատին խաղալիք, տանդիլիկ չե՞ն: Ո՞ր տերտերին չէ կարող ժողովուրդը, եթե կամենա, օրական հացեն զրկելու, մեմը թող փորձե պահանջելու յուր մարդկային իրավունքները: Ո՞ր վարդապետին չի կարող առանց հաց թողնել, եթե նա համարձակի յուր գլխու մեջ սեփական կարծիքը ունենալու, որ համաձայն չէ այս կամ այն տղայի կարծիքին. ո՞ր քաղաքագլուխը կհամարձակի յուր խելքի կտրած բարենորոգությունը մտցնելու քաղաքիս մեջ, եթե այս կամ այն հարուստը յուր հոժարությունը չի տա: Այսպիսի վիճակի մեջ կարող է լինել դաստիարակիչ եկեղեցի, դաստիարակիչ թատրոն և դաստիարակիչ լրագիր կայանալ: Քահանային թույլ տված է միայն գովելու ժողովրդի առաքինությունը, իսկ եթե փորձ փորձե մոլություններուն հետ պատերազմել համան իջետքը ու տուն օրհնենքի ռաժայը կքիչանա. թատրոնի մեջ իրավունք ունիս Արշակներու ու Վաղարշակներու վրա խոսել, եթե աղայի էքիփաժի քոփճակին խոսեցիր իսե` տոմսակդ գնող չես գտնիլ: Ով որ այցելություն կանե դումսքոյե զասետանիները, պարզ կտեսնե մեր խեղճ քաղաքագլխի հալը: Ես կհարցնեմ ձեզի, եթե այս բռնակալության ամենաանտանելի ձևը չէ, ապա ուրիշ ի՞նչ կերպ կլինի բռնակալությունը:

Գիտե՞ք ո՞վ է մեր տեղը ազատամիտը, մեկ` հարուստը, մեմալ նահատակը: Մնացած ամենքը ստրուկներ են:

Լուսավորությունը չէ՛ կարող ազգը այս դրությունեն ազատելու, վասնզի լուսավորությունը փող չի տալ: Օրինակի համար, եթե մեկ պատվական օր քաղաքս մտնուն 100 բժիշկ և 100 փլոթնիք, խելքներդ ի՞նչ կգտնե` ո՞րը շուտով իրեն համար գործ և ապրուստ կգտնե: Նմանապես, եթե քաղաքս մտնեն 100 գուվեռնանքա և 100 քուխարքա` ո՞րը շուտով գործ և ապրուստ կգտնեն: Հավատացեք, որ քաղաքիս պետք է 2 կամ 3 բժիշկ, 15 կամ 20 գուվեռնանքա, մի փաստաբան, մի ճարտարապետ, 10-20 վարժապետ, 10-18 քահանա, մեկ խոսքով, ընդամենը 50 հատ ուսումնական մարդ, ավելի որ գան` մեկ մեկե գործ և հաց պիտի խլեն: Կհարցնում, լուսավորությունը քաղաքիս վիճակը ի՞նչպես պիտի բարվոքե:

1) Մեր շինելու ուսումնարանը չէ կարող հացատու գիտությունները տալու հայ տղին, և եթե տա ևս` շատ քիչերուն. մնացածները քաղաքիս մեջ հաց գտնելու չեն:

2) Մեր ուսումնարանը վաճառականներ պատրաստել չէ կարող. վերջապես, եթե առանց անձնախաբության կուզեք իմանալու՝ աշխարհիս երեսին ոչ մի տեղ չիկա մի այնպիսի ուսումնարան, ուր գործնական (практический) կերպով սովորեցնեն վաճառականությունը: Առուտուրը կսորվվի նույնիսկ շուկայի, խանութի մեջ:

3) Մեր ուսումնարանը չի կարող պատրաստել ֆապռիքանթներ, զավոտչիքներ, վասնզի դորա համար պետք է վերին արվեստական, — մեքենական, — քիմիական ուսումնարաններ, որոնց շինությունը, պահպանությունը մեծ միլիոններու գործ է, մեր ուժեն շատ վեր է:

Ի՞նչ կմնա: Մեր ուսումնարանը կուտա հայ տղին միջնակարգ ուսումնարանի գիտություն, այսինքն մի փոքր ավելի ստորին ուսումնարանեն, բայց շատ, շատ, շատ վատ վերին ուսումնարաններեն, այսինքն կարդացող, կարդացածը հասկացող և թեթև կերպով յուր միտքը հայտնող և ոչ ավելի, այսինքն խանաթները փետած ծիծեռնիկ, որ ոչ քալել կարող է և ոչ թռչել:

Այս չէ՛ այն չէ՛, ապա ի՞նչ պետք է մեզ:

Մեզ պետք է այնպիսի ուսումնարան, ուր տղան կարդալու հետ մեկտեղ սովորի մեկ հացատու ձեռարվեստ (ремесло) ևս, որ վարժատունեն ոտքը դուրս դրած չի դրած` ոչ ոքի օգնության կարոտ չլինի, ոչ ոքի առջև յուր ազնիվ գլուխը չի ճկի, յուր մատղաշ հասակեն չիմանա ի՞նչ ասել է подлый խոնարհությունը, այլ յուր պետքը ինքը յուր ձեռքով հոգա, յուր կամքը, յուր կարծիքը, յուր արդար դատողությունը, չի զոհե մարդոց օգնության յումետին, ազատ մարդ լինի և ոչ թե ակամա ստրուկ:

Պարոններ, եթե ձեր մեջ կա եթե ոչ սեր դեպի ազգը (ազգը շատ մեծ է, նորա թիվը 5 միլիոն է, քու ուժդ չի հասնիլ այդքան բազմությունը սիրելու), գոնե քու ծնած քաղաքը, ջանացեք, որ մեր Նախիջևանի մեջ օր առաջ բացվի ձեռարվեստի վարժատունը կամ եղած վարժարանների մեջ ստիպողապես մտցնել տալ քանի մի ամենահարկավոր ձեռարվեստները, որ այս րոպեիս առավել հարկավոր է, քան թե այն չոնթուխ ուսումը, որ պիտի դարձնե մեր քաղաքի տղոց բազմությունը (երկու-երեք հարստի որդոց հետ ես գործ չունիմ) ոչ աստծու առջև վառելու չրախ և ոչ սատանային ձեռքը բռնելու կելպերի, այսինքն ամենաթշվառ արարածներ, որոնց վիճակը, կհավատացնում ձեզի, առավել վատ կլինի, քան թե մեր մահլաները քաշ եկող դուսեցի լիմոնճիներուն: Այս այն վարժատունն է, որ մեր քաղաքին մեկ օր կյանք, վերանորոգություն և շարժմունք պիտի տա: Ես չեմ ասել, որ реальный վարժատուն չունենանք. աստված մի՛ արասցե, реальный վարժատունը մեզ այնքան պետք է, ինչքան որ լավ ճաշեն ետքը կերակուրը մարսելու համար պետք է մեկ թաս խաֆե ու մեկ տեսոք սիկառ. բայց ձեռարվեստի վարժատունը` պետք է ինչպես ամենօրվա հաց:

Ճշմարիտ է, реальный վարժատունը մեր զավակներուն պիտի ազատե 6 տարվա սալտաթությունեն. այդ շատ մեծ թեթևություն է քաղաքիս համար, բայց ձեռարվեստի վարժատունը մեր խեղճ հային մինչև կյանքի վերջի րոպեն ապահով պիտի ուտեցնե, խմեցնե ու հագվեցնե:

Ես կցանկանայի, ազնիվ երիտասարդներ, որ այն գաղափարը ձեր մեջ տարրանար, արյուն և միս դառնար, ձեր համոզմունքը դառնար, որ դուք ամուր քարոզեիք ամեն հրապարակի մեջ սորա պետքականությունը և ուրիշներին ևս համոզեիք և վերջ ի վերջո կատարումն տայիք:

Իմ կարծիքովս ազգ սիրողը ամենեն առաջ նորան հաց պիտի տա, միայն կուշտ մարդը ընդունակ է խելոք մտքեր սեփականելու. քաղցած փորը փիլիսոփայության համը չգիտե: Տվեք ազգին հաց. ազգի հացը նորա ձեռքի ճարտարության մեջ է: Գլխու զարգացումը ժողովրդի շատ փոքր մասին ձեռնհաս է. գլխու զարգացման համար շատ դժվար պայմաններ պետք են. իսկ հաց ու հալավ ամեն մեկ մարդու է պետք:

Ամեն ազգի մեջ վարժապետները աշակերտի կպատրաստեն, միայն մեր խեղճ քաղաքի համար աշակերտներ կպատրաստենք մի քանի մեր հավնած վարժապետներու համար: Աչքներդ բացեք, չլինի որ բոլոր շահըդ միայն այն լինի, որ որդուդ 10 տարեկան վարժատուն մտցնուս և 16 տարեկան հանես: Եթե անդառնալի բան շատ կա, նոցա մեջ ամենաանդառնալին է մանկության ժամանակ անօգուտ կորուցած ժամանակը: Չիմանաս որ` ի՛նչ տգետ վարժապետները կխոթեն որդուդ գլխու մեջ` այդ ուսում է: Ձիդ չի սախտելու համար դուն քուչուռ բռնելու ժամանակ խիստ մուխպեթ ես, նույն զգուշությունը բանեցրե՞լ ես քու որդուդ վարժապետներու մասին:

Ինձի հարցնուս նե, մեր ձեռքի տակ գտնված վարժապետներուն համար պետք էր շինել անկելանոց, իսկ մեր տղայոց պետքականները ցորեկով ֆենեռով փնտրվեր: Ես գիտեմ, իմ ասածս չեք հավատալ, բայց երբ որ ավանակներդ էշիկ կդառնան, այն ժամանակ կասեք. «թյո՛ւֆ, թյո՛ւֆ, մարդուն ասածը խորդ էր եղել»:

Ասածս նորեն կկրկնեմ. 1) քեզի պետք է քու եսիր վիճակեդ ազատվելու, որ շենքով մարդոց սըրա անցնես, դորա համար պետք է. 2) ձեռարվեստ սովորեցնեք քաղաքիդ տղոց. 3) այժմ քու զավակիդ ստացածը ուսում չէ. հա՛պա ժամանակի և ուժի կորուստ. 4) այժմվա քու ունեցածդ վարժատուն չէ, այլ վարժապետներուդ богодельня որդոցդ` смирительный дом:

Ես ասելուս ասի, անժմ դուն անելուդ արա՛:

Անող չի մոռանա, որ վեհափառ կաթողիկոսի փլանեն ու հրամանեն հեռացողին2

ԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԵՋ

Ներկա տարվույս սեպտեմբերի 28-ին առ մեծի ուրախության բոլոր քաղաքացիներիս, բացվեցավ Նոր-Նախիջևանի մեջ Արվեստական դպրոց, որո կարևորությունը արդեն շատ ժամանակե ի վեր զգալի էր ամենին:

Չորս-հինգ տարի առաջ բավական շատ խոսվեցավ և գրվեցավ այդ մասին, և երբ որ դիտավորություն կար քաղաքի հիմնարկության հարյուրամյակը առնելու, և այդ ժողովրդական տոնախմբության օրը քաղաքցվոց հիշատակի մեջ առ միշտ անմոռանալի դարձնելու համար, ի միջի այլոց, առաջարկվեցավ արվեստական դպրոցի հիմնարկությունը:

Հանգուցյալ Միքայել Կարապետյանի կարճատև (երեքամսյա) քաղաքագլխության ժամանակ այս խնդիրը տեղվույս քաղաքական խորհրդարանին առաջարկվեցավ և ընդունվեցավ, իսկ նորա մահեն ետ ամիս անցած` այդ վաղուցվա գաղափարը մարմին ստացավ, իրագործվեցավ, և այսօրվա օրս հայ ազգը յուր ձեռքումն ունի մի այնպիսի օգտավետ հաստատություն, որն, նայելով ժամանակիս պայմաններին, ամենաօգտավետներից մեկը կարող է համարվիլ: Այս վերջին խոսքերը ասողները մենք չենք, այլ ինքը ժողովուրդն է, որ ամեն անգամ նորաշեն վարժատունը մտնելիս ասում է. «Այս րոպեիս մեր ունեցած ամեն վարժատուններեն ամենաօգտավետը ազգիս համար «Արվեստականն» է»:

Следующая страница