Պատկանյան Ռաֆայել՝   Հոդվածներ, Հուշեր, Ճառեր և նամակներ

Ո՞ւր տեղեն մենք պիտի գտնենք այդ 2000 մանեթը: Ահա խնդիրը:

Ես կունենամ չորս կողմս հայոց երիտասարդությունը, որոնցմե կհավաքեմ ուժ, մխիթարություն, կարծիք և հավանություն:

Վստահ եղեք, որ ոչ մի տողս չի տպվիլ, նախ լավ չի որոճած (переработать) մեր ընկերության մեջ. ամեն բան նոցա հավանությամբ և ձայնի շատությամբ կկատարեմ: Բայց ես տեղյակ գիտեմ, որ այդ ազնիվ-երիտասարդք ինձ կամ ավել ճիշտ ասել, ազգին նյութապես օգնել առժամանակապես չեն կարող: Դարձյալ կհարցնեմ, որտեղեն պիտի գտնենք մեզ հարկավոր 2000 մանեթը: Ե՞րբ թշնամին յուր թշնամիի ձեռք տվել է հարկավոր զենքը: Կրկնում եմ, ահա՛ խնդիրը, այն վճռելը բավական դժվար է:

1875թ.

ՄԵԾԱՊԱՏԻՎ ՏԻԿԻՆՆԵՐ ԵՎ ՊԱՐՈՆՆԵՐ

Այն ûրեն, երբ Նախիջևանի ազնիվ երիտասարդության զգայուÝ սրտի մեç Íագեցավ թատերասիրաց ընկերություն կազմելու խորհուրդը, այն օրեն, համարձակ կարելի է ասել, դրվեցավ սկիզբը տեղացի հայերի լուսավորության. վասնզի լուսավորության իսկական նշանը ոչ այլ ինչով կարելի է ցույց տալ, եթե ոչ ազատ արվեստների և գեղարվեստների մուտք ունենալովը մի ազգի մեջ, եկեղեցի, դպրոց, լրագրություն, և այլն, մեր օրերը, տակավին լուսավորության նշաններ չեն կարող համարվել, վասնզի ամեն փոքր ի շատե կիսավայրենի վիճակե դուրս եկած ցեղերու մեջ կմտնին այդ հաստատությունքը. միայն թատրոնն է, որ ազգի մտավոր մակերևույթի աստիճանի բարձրությունը կցուցանե, ըստ որում նա գեղարվեստների և ազատ արվեստների յուր մեջ ժողովողն ու հովանավորողն է: Ինչևիցե: Իմանալով, որ այս տարրական ճշմարտություններն ամենքիդ ալ հայտնի է, ես խոսքս կարճ կկտրեմ և կշտապեմ շնորհավորել ձեզ այս նոր հաստատության հիմնադրությունը, որ այսուհետև գնալով պիտի ճոխանա և ընդնմին պիտի քաղցրացնե մեր ձանձրալի կյանքը և պիտի ուղղե մեր վարքն ու բարքը:

Այս րոպեիս չենք կարող նեղ շրջանիվ սահմանափակել մեր ապագա գործունեությունը այս ազնիվ ասպարեզի մեջ, չենք կարող առաջվնե որոշել թե ի՞նչ ու ինչ պետք է մշակել և գործունեության ո՞ր տեսակը կլինի մեզ առավելապես օգտավետ. ժամանակը և փորձը ավել լավ կցուցանեն մեզ ճանապարհը, քան թե որևէ խելոք մարդ կամ նախորդների խրատ: Այնքան դժվար չէ դերձակին չտեսած մարդու հալավը կարել, որքան դժվար է բանաստեղծության և գեղարվեստին ծառայողներուն ապագա գործունեության ծրագիրներ հորինելը:

Այստեղ հնարավոր է միայն մի բան խնդրել թատերասիրաց ընկերության անդամներին, անկեղծ և ի բոլոր սրտե աշխատել մեր հայկական թատրոնի համար` ո՛վ որ յուր մեջ որքան ուժ կզգա, որը դրամատիկական քանքարով, որը պոետական քնարով, որը երաժշտական ընդունակությամբ, որը աստվածաշնորհ ճարտարությամբ լեզվի և նմանության ձիրքով, որը յուր հարստությունով և որը խրախուսանքով, և ամենքն անձնվիրությամբ այս ազնիվ գաղափարին:

Թատրոնը մի մաքուր հայելի է, որ կցոլացնե ժողովրդի առջև նորա ամեն կերպ մարմնավոր և հոգեկան շարժմունքըորքան ճիշտ, այնքան լավ, բայց այն զանազանությամբ, որ հայելին չի ցոլացնիլ մարդուս մտածմունքը, գաղտնի խորհուրդները և բացարձակ արտասանած խոսքերը, մինչ թատրոնը այդ ամենը մասնավորապես կցոլացնե և ցոլացնելը նորա սուրբ պարտքն է: Թատրոնը գրականության ամենաճարպիկ, ամենագործունյա ու ամենասիրուն որդին է: Թատրոնը կասե` «Տիկին, պարոն, օրիորդ, երիտասարդ, կկամենա՞ք արդյոք ձեր շարժմունքը, ձեր վարմունքը, ձեր դատմունքը, ձեր մտածմունքը տեսնել ու լսել, արիցե՛ք համեցեք մեջս, տեսեք ինքներդ ձեզի` կհավանի՞ք թե ոչ»: Մարդս ինքնիրան տեսնելով թատրոնական բեմի վրա` կամ ոգվով կբարձրանա կամ կընկճվի, և այսպես` թատրոնի բեմի վրա երկու տեսակ մարդ կբարձրանա կամ նա` որի կյանքը ու կենցաղը մեզ համար օրինակելի գաղափար պիտի լինի: Այս ևս տարրական ճշմարտություն է, որն ամենիդ, առանց բացառության հայտնի է:

Թատրոնի հաստատուն հիմնադրությունը մեր սիրելի Նախիջևանի մեջ երախտապարտ ենք մեր ժամանակակից ազնիվ երիտասարդներուն, որոնց գործը ու գործունեությունը, անշուշտ, մի օր ոսկի տառերով պիտի գրվին քաղաքիս տարեգրության էջքերի մեջ: Տալով մեր երիտասարդներուն նոցա արժանի հարցն ու պատիվը, մենք երբեք մոռանալու չենք, որ ժամանակե ժամանակ զանազան ավելի կամ պակաս հաջողակ փորձեր արդեն եղած են մեր քաղաքի մեջ թատերական ճաշակը մտցնելու, ինչպես, զորօրինակ 30 թվականներին Խադամյանը, Տիգրանյանը, Քուշնարյանը, թե թատերական հոդվածներ շարադրելով, թե ինքները խաղալով և թե աշակերտներին խաղացնելով, աշխատել են այս ազնիվ ասպարեզի մեջ, 60 թվականներին եղբարք Արծաթապանյանանք իրենց ընկերներովը, նույնպես զանազան փորձեր փորձել են թատերասիրությունը մտցնելու Նախիջևանի մեջ. վերջապես քանքարավոր Ֆասուլիճյանը և նորա կինը, Պայծառը իրենց ընկերներովը բավականին աշխատել են մշտական թատրոն մտցնելու համար, բայց, ցավելով պետք է ասել, այն ամենը միայն փորձեր էին և ավել ոչինչ, այն ճամփով, որոնք այդ հիշյալ անձինք կտանեին թատրոնական գործը, երբեք ունենալու չէր տևողականություն և հաստատություն, որովհետև նոցա գաղափարը ամուր հողի վրա դրած չէր և զրկված էին այն բարեբախտ մտքեն, որ միայն ծագեցավ ձեր մեջ, ազնիվ երիտասարդներ, և այդ բարեբախտ միտքն է` ընկերական ուժով մտցնել այդ գաղափարը ժողովրդի մեջ: Անհատի կամ մի քանի անհատների ուժը որքան և մեծ լինի, այսուամենայնիվ, նա չէ կարող կառուցանել այն ահագին շենքը, որին մեկ խոսքով կասվի թատրոն. դրա համար պետք է ձգտումն մտաց և լարումն բոլոր ուժերին մի ամբողջ ընկերության, վասնզի թատրոնի գործունեությունը շատ լայնատարած է և շատ բազմակողմանի: Այս հանգամանքը թող մեզ և բոլոր Հայաստանին խրատ լինի, որ միայն այն բանը կծլի, կաճի և պտուղ կուտա, որ բանն որ ընկերությունով կկատարվի:

Այստեղ ես չեմ կարող մի հանգամանքի մասին լուռ մնալ, և սուրբ պարտք կհամարիմ հրապարակավ հայտնել ձեզ, արգո տիկնայք և պարոններ:

1870 թվականներեն, երբ Ֆասուլիճյանը կաշխատեր պարոն Փոփովի ամպարը թատրոնի ձևակերպելու, մի օր եկավ իմ մոտ պարոն բժիշկ Սահակ Ալաճալյանը և տաք-տաք ինչպես որ նա սովոր էկհամոզեր ինձ թատերասիրաց ընկերություն կազմել, որպեսզի նորաշեն թատրոնը հաստատուն հիմքի վրա կանգնի, և այլն: Սաստիկ կցավիմ, որ ես սեփական գործերով զբաղված լինելով, պետք եղած ուշադրությունը չի դարձուցի մեր ազնիվ քաղաքակցի ամենաազնիվ խոսքերու վրա... խղճմտանքս մինչև այժմ կտանջե ինձ. շատ կարելի է, որ մենք այսուհետև ունենալու թատրոնը, տասը տարի առաջ կունենայինք. ես իմ ուժը և աշխույժը շատ լավ կճանաչեմ. եթե մի բանի ետևե եղա` ես սովորություն ունիմ չի դադարելու, մինչև որ գլուխ չի բերեմ: Դորանով ես ուզեցի ձեզ հասկացնել, ազնիվ տիկիններ և պարոններ, որ մեր ժողովրդի մեջ, որքան և փոքր լինեինք թվով, երբեք պակասած չեն փայլուն ուղեղներմիայն թե այդպիսիներուն գնահատողներ լինեին:

Այժմ ես խոսքս կդարձնեմ ձեզ, պր. պր. բարեկարգիչներ: Փառքը, պատիվը, և մեր նախիջևանցոցս հավերժական երախտապարտությունը ձեզ լինի որպես թույլ վարձատրություն ձեր աշխատության և եռանդին. դուք ձեր պարտավորության ամենածանր մասը կատարեցիք, այժմ կմնա ձեզ ամենաթեթևը կատարել և այնուհետև դափնիներով զարդարված վայելել ձեր գեղեցիկ գործի արդյունքներովը: Ես ասացի, որ դուք գործի ամենադժվար մասը կատարեցիք, և հուսամ որ չի սխալվեցա. վասնզի ո՞վ չգիտե, թե` որքան դժվար և ձանձրացուցիչ բան է մարդոց հորդորել:

ԲՈԼՈՐ ԻՄ ՀԱՆՑԱՆՔԸ

Սովատանջ վագրը, քանի օրեր ունայն թափառելով դաշտերու ու անտառներու մեջ, վերջը վերջը կգտնե խաղաղ մարգի մեջ արածած միամիտ կով. կհարձակվի վրան, մի թաթի զարնելովը կսպանե խեղճին, և քաշաքաշ կտանե յուր տեղը. դեռևս սկսած չէ լափելու, թարմ միսի և արյունի հոտը ավելի և ավելի կատաղեցնում է նորա գազանական քաղցքը. արդեն արինոտ դունչը մտցրել է յուր որսի խորունկ վերքի մեջ, լնդերքը սասանական եռք են գալիս մոտալուտ գործունեությունեն նորա դաշույնի նման ատամներին. քաղցը հասել է յուր վերջին կատաղության աստիճանը. մռմռում է վագրը և նորա մռմռալեն անտառները և սարերը ամպրոպի արձագանք են տալիս, լի ահեղ սպառնալիքովԱյդ միջոցին հովիվը փնտրելով իր կորած կովը, ախ ու վախով սար ու ձոր է ընկել և պտռում է յուր կորուստը, տեսնում է վագրին և նորա առջև փռված յուր սիրական կովը, որի վրա էր հույս մի ամբողջ գերդաստանիոչ մի մահառիթ զենք չունի հովիվը, այդ վագրը տեսնում է. նա նորա ժանիքներեն և մագիլներեն չի կարող խլել որսը. այդ նա գիտե, բայց հովիվը յուր լաց ու կականով խլում է վագրի անդորրությունը` հանգիստ վայելելու ավազակորեն տիրապետած յուր ավարըհովիվը նորան յուր գանգատներով, անպտուղ հայհոյանքով, անեծքով դադար չի տալիս ախորժակով պատառոտել յուր զոհի միսը և և խմել նրա արինըմեղավո՞ր է հովիվը, այո՛, վագրի դատաստանի առջև հանցավոր ևս է... ի՞նչ արավ վագրը. կրկնապատիկ կատաղությամբ թռավ հովիվի վրա և մի ակնթարթի մեջ դադարեցուց նորա լացը, կականը, գանգատները, հայհոյանքը

Մինաս Խալիպով, Միքայիլ Տեր-Գրիգորյան, տեր Եղիա, Սերոբ Հարությունով, Գևորգ Խոճաև ճանաչեցի՞ք ձեր պատկերը վագրի մեջ, տեսա՞ք ձեր ամեն քաղաքական գործունեությունը անմեղ կովի պատառելովըճանաչեցիք հովիվին, համոզվեցա՞ք նորա հանցանքին. գիտե՞ք ո՛վ է այդ միամիտ կովը, որ դուք ամեն օր լափում եք. իմացե՛ք, թեև դուք հաղթեցիք և միշտ կհաղթեք, բայց խաբել չեք կարող: Կան մարդիկ, որոնք ձեզ այնպես կճանաչեն, ինչպես որ դուք եք իսկապես, և ոչ թե ինչպես դուք կաշխատեք երևել: Ձեր անունը վագր է, միշտ ծարավ անմեղ արյունի, Ձեր կյանքը ազգին միշտ թանկ կնստի. դուք ազգի արյունով ապրող եք, դուք` միշտ հալածող և սպանող եք նորա հավատարիմ հովիվներուն. ձեր գազանային անձնը և ձեր կորյուններուն ապրեցնելու համար պետք է ամբողջ քաղաքի և գավառի բնակիչներու արյուն և քրտինք. ով որ ձեր գործի, ձեր ստրուկը չէ` նա ձեր արյունալի զոհն է. ով չէ սիրում ձեզ, նորա ճակատի վրա գրած է աքսոր, հալածանք և մահ:

Այո՛, դուք հաղթեցիք ինձ, ես ձեզ ոչինչ անել չեմ կարող, ես ուժ չունիմ, և ոչինչ զենք չունիմ, դուք քաղաքի տեր եք, ձեր հռչակը մեծ է. դուք ունիք այն ուժը բռնի` սևը սպիտակ և սպիտակը սև երևեցնել, դուք չեք ամաչում, այլ հրամայում եք հավատալ և անել ձեր հրամայածի պես... այսուամենայնիվ, դուք հրեշ եք, դուք գազան եք, դուք այն վիշապներեն եք, որոնցմե աշխարհն ազատելու համար երկինքը ուղարկեց Հերակլեսին, Թեզեսուին, Ապոլոնին և շատ ուրիշ կիսաաստվածներ և դյուցազներ: Իմ ետևես հիշատակ, «օղորմի» կմնա, ձեր ետևեն` անեծք և նզովք:

Վայելեցեք ձեր արյունաթաթավ որսը: Խեղճ Նախիջևան, ինչպես նման ես քու պապ Ահրին, չարմաղանները, կիրակոսները, վեստ սարգիսները երբեք չպակասեցան քու մեջեն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գամառ-Քաթիպայի աշխատությունների» առաջին թվահամարի հառաջաբանության մեջ ես պարզորեն հայտնեցի պատճառը, որ ինձ ստիպեց լույս ընծայել իմ գրավոր աշխատությունները: Երբ որ իմ բանասեր հայրենակիցները սիրով ընդունեցին այդ թույլ վաստակը` հարկը պահանջում է, որ ես ուշք դարձնեմ դեպի այն, որ արդարանա նոցա ակնկալությունը: «Գամառ-Քաթիպայի» հառաջադիմությունը ավելի պատիվ է անում հայոց ընթերցասիրության, քան թե իմ քանքարին: Հայը կարոտ է մտավոր զբոսանքի. նա գիտե, որ ինքը «ազգ» է. ուրեմն` պիտի ունենա ազդեցության ամենագլխավոր պայմանը, առանց որին ազգը ազգ չէ, այլ խուժան, խաժամուժ, այդ պայմանըմի ընդհանուր և ամենուն հասկանալի լեզուն է: Հիմի օրեցօր սակավանում են «գրաբառամոլների» թիվը, որոնք եգիպտացվոց քուրմերի նման սեփականացրել էին իրանց բոլոր գիտությունները և արվեստները անմատչելի անելով ժողովուրդի համար գիրը և տպագրությունը: Հիմի ամենն էլ գիտեն, որ գիտությունը սեփականություն չէ միայն ընտրելոց, այլ համայն ազգի և մարդկության: Ժամանակն է, որ հայն ունենա գիտության գլխավոր միջոցը, որ ինչպես ասացինք` գիրը և տպագրությունն են: Այս երկու թվահամարը, որ մենք մեր զորության չափ կարողացանք լույս ընծայելու` ինչպես տեսնում ենքզանազան անձանց վրա զանազան ներգործություն ունեցավ. այն բարեմիտ մարդիկ, որոնք գիտեն զանազան լեզուներ, ուրեմն` ունին միջոց կարդալու զանազան գրյանք` նոքա ընդունեցին ներողամտությամբ և վեհանձնությամբ, որ պատիվ է անում նոցա ազնիվ հոգուն, ուրիշները, որոնք այնքան գիտակ չէին լեզուներու, և այդ պատճառով գրեթե զրկված էին այն վայելչությունից, որ տալիս է մեզ ընթերցանությունը, այդպիսիները ընդունեցին ուրախությամբ, բարի և մեծ հույսերով. բայց կային կամ տարաբախտաբարգտնվեցան նաև այնպիսիները, որոնց համար աշխարքումս չի կա մի սրբազան բան, մի վեհ զգացմունք, մի բարի նպատակ կյանքումը` որոնք ամեն տեղ` ամեն գործումը ընտրում են բանի վատ կողմը, մարդուս և նորա վարմանց, ինչպես ասում են սեվ կողմը, որ կարողանան յուրյանց անսանձ բերանին և անգործունյա կյանքին նյութ գտնել` այդպիսիները իհարկե գտան մեր սխալները, որ մենք արտաքո մեր բարի կամաց արինք errare humanum est, ասած է մեզանից շատ առաջ. թող նա ձգե մեր վրա քարը, որ ինքը անբիծ է. ահա մեր բարեխառն պատասխանը այսպիսիներուն:

Մեր բարեկամները թե մոտի և թե հեռավոր` թախանձաբար խնդրում են, որ մենք անդուլ շարունակենք այս բարի նպատակով սկսած ձեռնարկությունը: Հոժար ենք և պատրաստ կատարելու նոցա ազնիվ ցանկությունը: Առաջի թվահամարումը մենք հայտնել էինք, որ մեր գլխավոր արգելքը շարունակելումեր չքավորությունն է: Բարեկամներս հանձն առին հեռացնել այդ դժվարությունները, խորհուրդ տալով մասնավոր ստորագրություն բանալ և հայտնել իմ պայմանները:

Այդ նպատակով ահա գրում ենք այս հայտարարությունը և մտադիր ենք կանխիկ հավաքած գումարով ստանալ միջոց առանց դժվարության և անարգել հետզհետե լույս ընծայելու «Գամառ-Քաթիպա»-ի թվահամարները, ընդարձակել նորա պարունակությունը և զարդարել պատկերներով, ինչպես խոստացել էի առաջի թվահամարումը:

Իմ պայմանները դոքա են.

1) Գամառ-Քաթիպան դուրս կգա տարին 16 թվահամար:

2) Յուրաքանչյուր թվահամարը բաղկացած կլինի 1-11/4, 11/2, և վերջապես 2 թերթից` տեսնելով նորա գումարի մեծանալը:

3) Յուրաքանչյուր թվահամարի գինը 20 արծաթ է:

4) 16 հատի կանխիկ3 մանեթ 80 կոպեկ արծաթ:

5) Կանխիկ վճարողը 16 թվահամարին միանգամայն միասին` տարեպտուտին կստանա մի անակնկալ պարգև (сюрприз) կամ գիրք, կամ պատկեր:

6) Գ. Քաթիպան կարելի է ստանալ հետագա քաղաքներումը, հետագա անձանցմե N N N:

7) Ճամփու ծախսը ստացողը պետք է վճարե:

Հարկը և պարտքը ստիպում է մեզ` որ մենք մեր կարողության չափ աշխատինք, որ քանի գնա այնքան ավելի ընտիր և օգտավետ նյութեր զետեղենք Գամառ-Քաթիպայի թերթերու մեջ, որ մենք սիրով կկատարենք:

ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ԵՂԲԱՅՐ ՔԱՆԱՆՅԱՆ

Անցյալ երկու նամակներս մին-մինի քամակից գրած` կարծեմ որ քեզ փոքր ինչ անհանգստացրած կլինեին ֆլան առաջարկություններիս համար. ես գիտեմ` դու ինձ չէիր մեղադրիլ, այլ կգանգատեիր մեր անձուկ դրությանը վրա, որ մեզ ստիպում է այդպիսի մտածողություններ անել, որոնք փոքր ինչ խլում են մեզանից մեր արժանավորությունը և հպարտությունը. կարծեմ որ չեմ սխալվում: Այդ միտքը ինձ ևս չարչարում էր, բայց երբ որ այն ևս միտք էի անում, որ այդ հնարը մի անգամով կազատե մեզ անընդհատ և հաճախ կրկնվելու խնդիրքներից, կարոտությունից և այլն, և այլն, ես լավ համարեցի ցույց տալ կամ ավել ուղիղ ասել` միտքդ բերել առաջիկա նամակումս մեր կարիքը. մի անգամ էլ մտնել ցխի մեջ և իսկույն и навек լվացվել ազնվության ավազանի մեջ. թե չէ` ինքդ ասա ո՞ւր պիտի տանե մեզ մեր անվերջ աղքատությունը և ուրիշից ակնկալությունը: Ասել չուզե` որ մեր առաջարկությունը ու մտադրությունը վերին աստիճանի համարձակ և այլոց համար անհնարին բան է. 650 մանեթը մի այնպիսի գումար է հայերու համար, որ նոքա շուտով թույլ կտան փորի աղիքները դուրս բերել, քան թե գրպանից այդ գումարը. թե՛և ամեն մինը նոցանից կյանքերումը 10 անգամ այդպիսի փողեր սպառել է պեսպես շռայլ և զզվելի գործերու համար: Թեպետև մեր ուխտի ձեռնարկությունը, նորա ակներև պտուղը և օգուտը նոքա քաջ ճանաչում լինին. պարզապես ասելով` հայը սիրում է լավ գործ, լավ աշխատանք, լավ պատմություններ, անցքեր, անուշ խոսքեր, только чтобы даром. Էլ նա չի՛ հարցնում և չի ուզում իմանալ` ինչ հնարով պիտի կատարվին այդ բարի բաները. նա կարծում է, եթե դաշտը բսցնում է առանց մարդու աշխատանքին խոտ, ծաղիկ, սունկ և այլն, ուրեմն` նույն կերպով էլ պիտի գրվեն նորա համար լավ գրքեր. պիտի տպվեն, և մեր պատվելի հայը միայն պիտ կռանա, որ հավաքե ցանկացածը: Երբ որ ես այսպես եմ մտածում` շատ ուրիշ ներհակով մտքեր ևս գալիս են վրաս: Արդյոք ծիծաղելի չէ՞ մեր ձեռնարկությունը, արդյոք վաղ չե՞նք սկսել, արդյոք ծուռ չե՞նք բռնել մեր ճանապարհը, արդյոք սխալ չե՞նք հասկացել ազգի ոգին և նորա կարիքը, եթե այսպես է` ուրեմն մեր բոլոր ճիգը ունայն է: Իհարկե` մենք ունինք մի քանի կարեկից բարեկամներ, որոնք մեզ օգնում են, խրախուսում են. բայց ա՞յդ է արդյոք մեր խնդրածը. նոքա ընտրյալքն են. նոքա ազգի урод-ներն են. այնինչ մեր միակ իղձը և ազգի, populus-ի օրգանը լինել, նորամեն սիրվել, նորա բարեկամը լինել, նորա մտքին առաջնորդը լինել, և ի՞նչ. լինո՞ւմ ենք արդյոք, կլինե՞նք արդյոք, կա՞ արդյոք հույս լինելու. ոչ և ոչ պատասխանում է անդադար ներքին ձայնը. ինչո՞ւ ոչ. ահա՛ ինչու: Ազգը մեզ կսիրեր, եթե տեսներ մեր գործը համաձայն մեր խոսքին և խոստմունքին և այն ակնկալությունը, որ նա կարող է ունենալ և պիտի ունենա տեսնելով մեր գիտեցածը և գործ կատարելու եռանդը. մեկ խոսք` եթե նա վստահ էր, որ մենք ամենևին վայրահաչ և շառլատան մարդիկ չենք, որոնք այսօրվա օրս լցված են ամեն տեղ և իրանց ցնորական խոսքերով զզվացրել են ամենին. մեր տարաբախտությունը այն է, որ մենք ունինք что то общое այն անպիտաններու հետ. և հայք չեն կարողանում մեր և նոցա մեջ разительнныя черты գտնել. մեր գործը մեր աչքում վեհ է, ազնիվ է, մեծ օգուտներ պիտի բերե` նոցա համար երեխայական է, шуточный է. ինչո՞ւ, էնդուր, որ նոքա գիտեն մեր գործի ո՞ր աղբյուրից դուրս գալը: Բայց այդպես մենք չի կարողացանք սկսել մեր գործը, որովհետև հենց էն գլխից աղքատ էինք և կարոտ էինք կողմնակի նպատակներու: Մենք ստիպված էինք մեր բոլոր գաղտնիքը, միտքերը, քամակի pensée-ները հայտնել մի քանի կոպեկի համար, որ մեր գործը հասկանալով մեզ օգնեն. բայց մենք սխալվում էինք: Մեզ չէին օգնում, այլ ողորմություն էին անում, ինչպես որ աղքատը ստիպված է յուր փորը լցնելու համար մի ըստ միոջե հայտնել հարուստին` որ քանի օր է բերանը բան չի դրել և հարուստը խղճալով նորա զզվելի դրությունը, քամահրանքով ձգում է մի կտոր հաց, այդպես և մեր երեսին ձգեցին մի քանի կոպեկ, на возьми только отвяжись со своей млой физиономией! Մենք մեր կերպ էինք հասկանում և թարգմանում նոցա եղեռնական (злодейский) ազգասիրությունը (?!): Ի՞նչ դուրս եկավ մեր գործիցզզվանք և հուսահատություն. բայց ա՞յս պիտի լիներ մեր մտաց և ինչպիսի ազնիվ մտաց պտուղը: Ես քեզ շատ անգամ խնդրեցի` вочтобы ни стало անկախ դավանանք. դու հասկացար գուցե իմ միտքս, բայց աղբյուրը ցույց չի տվիր. մենք ոչինչ նորոգություն չէինք անում մեր զզվելի դրությանը, միայն թե զանազան ձևեր էինք տալիս մեր մուրացկանությանը. խնդիրքով ստորագրություն էինք անում. խնդիրքով գիրք էինք ծախում, խնդիրքով գիրք էինք ցրում, խնդիրքով մեր քրտնաջան վաստակի չնչին վարձն էինք ստանում. մենք մեր символ-ը ընտրել էինք ազնվությունը, բայց իրոք մեր символ-ը ցածություն էր: Ով որ մեզ չի պատահեր` մենք նորան մեծ նշանակություն էինք տալի և ազգասիրության ամեն պայմանները մեկնում էինք, ինչու, որ 20 կոպեկ տա և առնու մի հատ Գամառ: Հասկանո՞ւմ ես դու` ինչ ուզում եմ ասել: Մենք մինչև այժմ խիստ ծուռ ճամփայով ենք հառաջ գնում թեև մեր արածը մեր պարագաներով ոչ ոք չէր կարող անել. այդ էլ շատ է, ինչ որ մենք ասինք իմ գլուխս եմ տալի, որ թե Նազարյանցը, որի սխրագործությունը կախարդել է քեզ, ձեռնարկեր մեր հնարներով` չէ թե տպարան ուեենալ, մի թերթ բան չէր կարող տպել: Բայց մենք մի թերթից ավել բան տպեցինք, բայց այդ չի պիտի մեզ խաբե, այդ չի տանիլ մեզ մեր նպատակինայդ կերպի շարժմունքը մեծ ճիգն է պահանջում, որին շատ չի դիմանալ նաև հանճարի զորությունը: Այժմ հասել է այն ժամանակը, որ մենք պիտի ահագին кризис տանք մեր գործին. պիտի ձեռնարկենք կտրական, վճռական և օրհասական նորոգություն, революция մեր գործումը և մտածողությունումը. ժամանակը հասել է. иль пан, иль пропал. միջին ճանապարհը զզվելի է արդեն, գոնե մեզ նման եռանդոտների համար: Մեզ պետք է տպարան. մեզ պետք է մեծ գումար` 650 մանեթ խիստ սակավից. եթե գտանք այդ գումարըլավ, բայց եթե չի գտանք` ես կգտնեմ, ինչպես որ գտա տառերը: Բայց այդ այնպիսի лото է, ուր 100 բիլեթից 70 пропал են, և 30 пан: Այդ դեռ մեծ բան չէ. մենք պիտի տպենք այնպիսի գիրք, որի վրա պիտի ցույց տանք как на капитальный труд: Ուրեմն ես կտպեմ բառարան, որի տիպը միայն կարժե 2000 մանեթ. եթե այս երկու գործը հաջողի` մենք կարող ենք դուրս գալ այն երեխայական կարգից, ուր մեզ դրել են ազգի տգետությունը, նորա նախապաշարմունքը, մեր երեխայական միամտությունը և մի քանիսի նախանձը: Եթե հավանում ես առաջարկությունս, և եթե խոստանում ես ամեն հնար ի գործ դնել օգնելու լավ. թե չէ` ես միայն հանձն կառնում այդ ահագին բեռը վրաս, որին կամ տեղ կհասցնեմ, կամ կընկնեմ, կկորչեմ նորա ծանրությանը ներքո. բարեկամությունը նեղ դրության մեջ է ճանաչվում:

ԱԶՆՎԱՀՈԳԻ ԲԱՐԵԿԱՄ ՔԱՆԱՆՅԱՆ

Քու նամակները ինչպես միշտ նույնպես և այժմ իմ հոգվո մեջ անմեկնելի մխիթարար զգացմունք թափեց, ոչ թե այն նյութական օգուտների հույսը, ո՛չ այլ այն մարդասիրական կարեկցությունը, որ ես վաղուց նկատում եմ քու մեջ դեպի ինձ. շնորհակալ եմ, սրտանց զգում եմ, ինչպես քու բնածին ազնիվ բարեսրտությունը, այնպես և հազվագյուտ անկեղծությունը: Քու առաջարկությունը հանձն կառնում, եթե իմ անձնասիրությունը չի խայթվիլ նորանով. եթե օգնություն է, բարի է. եթե ողորմություն` ես մուրացկան չեմ, այլ միայն չքավոր: Եթե ես քեզ համար թանկ եմ, ուրեմն հուսով եմ, որ դու ինձ ամոթի մեջ չես ձգիլ: Թողնենք այս:

Քու իլյուզիաները արտաքո քու կարծյացը, ինձ խիստ սովորական և հնարավոր, և եթե կամենո՞ւմ եսկարևոր երևացան. Գամառ-Քաթիպան պիտի լինի ճիշտ պարբերական, պիտի ունենա արդյունք, պիտի լինի պատճառ մեծ հետևանքներու, մեկ խոսքով մեր` (էն գիշերվա) խորհուրդը չի պիտի ունայն անցնի. ես ինչպես ասել եմ քեզ, պատրաստ եմ ամեն կերպ առաջարկություններուն, որոնց հետևանքը մեր ազգի օգուտը կլինի. մեղք է ասելը, որ իմ մեջ չի կա էներգիա. ուրեմն ամեն բանին ես ջերմությամբ ձեռնամուխ եմ լինում, և եթե թուլանում եմ ժամանակ առ ժամանակ, պատճառը, հավատացի՛ր, ես չեմ:

Ունիմ, ես էլ ունիմ պռոժեկտներ, որոնք միայն իմ մեջ են: Որովհետև դու քուները ինձ հայտնեցիր, ես հանցանք կհամարեի իմերը քեզանից թաքցնել: Ապագա պլանները փոքր ինչ հետո կհայտնեմ. ավել մոտինը և ներկան ահա համառոտ կաշխատեմ հայտնել, մանավանդ քու աշխատությունների դիպվածով: Գամառ-Քաթիպան անպատճառ պիտի ունենա ուղղություն ներքին պարունակության կողմանե. նա պիտի լինի մեր օրերու, սեփական մեր կարծիքների և մեր նվիրական խորհուրդների արձագանքը. նորա կարդացողները թող չի գտնեն մեջը այնպիսի հատվածներ, որոնք կարող են պատճառ լինել հային անդորր կենցաղ սիրող լինել. թող չի անեն նոցա կրոնասեր քրիստոնյա, զավակասեր կամ ընտանեսեր ծնող, այլ ամեն մի դորա մեջ պարունակած հոդվածը թող կարողանա արծարծել նոցա սրտի մեջ, եթե ոչ ուղղակի կերպով հայրենասիրությունը, գոնե թո՛ղ հիշեցնեն սոցա նոցա կորցրած երջանկությունը. թո՛ղ [հայը] կամաց կամաց սովորի պաղարյուն նայել այն մահվան վրա, որ նա կարող է ստանալ զոհելով անձը ազգի ազատությանը. մեկ խոսքով այն ամեն զգացմունքները, որոնք խորը տպավորվել են մեր մեջ, որ մենք չենք համարձակում հրապարակավ քարոզել և որն որ հային ըստ մեծի մասին անհայտ է, թո՛ղ անզգա կերպով սերմանվի նոցա սրտի և հոգվո մեջ: Ուստի` մենք պիտի աշխատենք մուծանել Գամառ-Քաթիպայի մեջ վարք երևելի արանց` ինչպես որ էին Գուստավ Ադոլֆը, Վիյլգելմ Թելը, Բոցարիսը, Դիմիտրի Դոնսկոյը, Լեոնիդը և շատ ուրիշները, որոնք փառք են իրանց հայրենյաց: Ընդհակառակն, եթե մենք կտեղավորենք այնպիսի շարադրություններ, ուրտեղ որ ապստամբությունը (ազգասիրական) համարվում է հանցանք, կսովորեցնենք հային խաղաղ, առտնին կյանք վայելել` այն ժամանակ ինչի՞ պիտի նմանին նոքա. ո՞չ ապաքեն այն ատելի հայերուն, որոնցմով առատ են, մանավանդ ներկա դարումս` Մոսկով, Պետերբուրգ, Ղզլար, Հաշտարխան: Իմ կարծիքով ավելի լավ է նկարագրել ապստամբ ավազակների կյանքը, զորօրինակ Պուգաչովի, Ստենկա-Ռազինի, Օտրեպիևի` քան թե գերմանական կյանքից առած մեղր ու կարագով ծեփած և սերով կոկած Էռնեստներու, Վոլյդեմառներու և Դյուվայլներու: Երգերս թող պարունակեն իրանց մեջ հուսահատություն, կասկածանք (սկեպտիցիզմ), կյանքից զզվումն` քան թե բնության և աստծո ողորմությունը, բարոյականության հաղթանակի: Թող հայ աղջիկը սիրե քաջություն, քան թե բարոյական առաքինություն, սև և խուճուճիկ մազեր, զգայուն հոգի, տռփոտ (страстный) աչքեր, քան թե փայլուն ուսադիրներ, հարուստ կամ աստիճանավոր փեսա: Գիտեմ` մեզ կհայհոյեն, անբարոյական կանվանեն, խելացնոր կկարծեն, բայց մենք եթե չի հասնենք էլ մեր նպատակին, գոնե կմոտենանք, հնար չի կա, որ հետևողներ չունենանք: Տեսա՞ր, ուրեմն, իմ օդակառույց ամրոցները ավել խելացնոր են, քան թե քուները: Եթե երեք հոգի ինձ համաձայնել են, կարեկից են եղել կարդալով Ազգասերը, հայ և հայությունը, Արաքսի արտասուքը, Հայրենիքը, օրորոցի երգը Հայաստանի` ես կիսով չափ հասել եմ նպատակիս: Բայց քանի՞սը արդյոք կան, որոնք համարում են ինձ ապստամբ, ազատախոս, վնասակար, շառլատան, գուցե 1-1000, բայց ես չեմ վհատում: Այս է ներկա ժամանակումս կատարելի պլաններս:

Այժմ խոսենք նոցա վրա, որոնք ապագայումը պիտի կատարվեն: Նախ և առաջ մենք պիտի ունենանք սեփական և անկախ տպարան, այդ կարևոր է: Ինչպե՞ս. ահա՛ ինչպես: Ես խնդրեցի հորս, որ նա ուղարկե ինձ յուր 3 ձև գեղեցիկ մայրերը (матрицы), երկրորդ, այստեղ խոսեցա մի գերմանացի տպարանապետի հետ, որ այդ մայրերից թափել տա տառեր և առանձին հայոց տպագրություն կարգե, և տեսա որ այդ կերպով մենք ավել հեշտ և հարմար կարող ենք տպել մեր վաստակները: Տեսնում եմ, որ քու երեսը սպռտնում է. դու վախեցար, որ էլի փող է պահանջվում, հա՛ անպատճառ պետք է փող, առանց փողի բան չի հառաջանալ. ոչ ոք մեզ չի օգնիլ. մենք պիտի հարթենք մեր ճանապարհը, կատաղաբար պիտի մարտնչենք ամեն դժվարությանց և արգելքների հետ. աղքատություն, զրկանք, հալածանք, տառապանք պիտի լինի մեր բաժինը. օգուտ ոչինչ, վարձատրություն ոչինչ: Ազգը մեզ փող չի տալ, մենք մեր քրտնաջան վաստակի արդյունքը պիտի թափենք նոցա համար գրքեր տպելու, հայը մեր աշխատությանց գին չի դնիլ. նա կկարդա մեր գրվածքը այն նպատակով, որ կարողանա գտնել մեջը սխալ, որ ծաղր ու ծանակ անե մեզ. այս ամենը մենք պիտի հանձն առնունք անտրտունջ: Ձմեռը ես մեծ հույս ունիմ քեզ հետ տեսնվիլ, այն ժամանակ աստծով երկար կխոսենք: Փոքր ինչ քննենք քու թարգմանությունը. նախ և առաջ պետք է ասել քեզ, որ դու աններելի տառասխալներ ես անում, որոնց համար ես քեզ (եթե վարժապետդ լինեի) անճաշ ու անընթրիք կթողնեի. շատ անգամ ր-ի տեղ դնում ես ռ, բ-ի տեղ պ կամ փ: Եթե ուզում ես իմ խորհուրդը լսել` ես քեզ կասեմ, որ թարգմանելու կամ գրելու ժամանակ (տպելու առարկաները) դու երևակայե՛, որ առաջդ կանգնած կամ նստած է մի անուսում հայ վաճառական, որին պետք է հայտնել մտքիդ խորհուրդները. եթե այդ կանոնին ճիշտ հետևեիր` հավանական է, որ այս պարբերությունը այսպես չէիր հայտնիլ: «Սիրտը լի դառը տրմությունով, բայց առանց նախանձի նայում էր ծերունին յուր նույնպես ծերացյալ կնոջ հետ հարուստ հագնված անցող մարդիքի և կանանց վերա, որոնք մոտ գյուղերից գնում էին եկեղեցի»: — Խեղճ հալևորը իր պառավ կնկա հետ մղկտած սրտով նայում էր... և այլն թե ասեիր, ավել հայկաբանություն (նոր) կունենայիր իմ կարծիքով. դարձյալ`

«Սաստիկ կռիվների ժամանակը Մ. ընկել էր մեծ պարտքերի մեջ, նորանից էլ հետո խաղաղության մեջ մի սաստիկ հրդեհ, որը սկսվել էր դրացիի տունը այրել և ավերել է և Մյուլլեսի բոլոր կայքը»: — Ավել հայերեն կլիներ, թե այսպես ասեիր. «Քանի որ քշում էր կռիվը, Մ. խեղդվում էր պարտքի մեջ. հետո որ խաղաղություն եղավ կամ իլավ` տունը կրակին տվեց ու ունեցած չունեցածը կորավ գնաց»: — Այս կերպ թարգմանության խիստ հմուտ են գաղիացիք, փորձի համար կարդա՛ Ֆլեորիվալի թարգմանությունը Խորենացիի պատմության:

Մենք պետք չէ շինենք լեզու. լեզուն կա, և այնքան պատրաստած և կոկած է ազգի բերնումը, որ առանց դժվարության կարող է մեր գաղափարները հայտնելու. ինչպես որ ճարտարապետի գործն է պատրաստ նյութերից մի շինված կանգնեցնել, և ոչ նոր ի նորո քար տաշել, ծառ տնկել, որ բսնի և ատաղձ ստացվի, այնպես էլ մենք գրողներս ջանք պիտի դնենք հավաքել ծակուծակերից ազգային, կենդանի, խաղացկուն պարբերությունները և նոցանով կամ նոցա կազմությանը հետևելով շինել ամբողջ հոդվածներ, գրքեր: Չգիտեմ, ո՞վ, բայց խիստ լավ ասաց մինը, ավել հեշտ է երեսի վրա ձգած սեփական պարտեզը վերանորոգել, քան թե անապատ դաշտումը նոր պարտեզ շինել: Այս րոպեիս միտս չի գալիս մի քանի այդպիսի պարբերություններ, որ հավատա՛, կարող էին միանգամայն հավասարակշիռ լինել լուսավորյալ ազգաց դարձվածներուն, զորօրինակ խոսքը` արևե անցած опытный չի՞ ցույց տալ, որ հայը գիտե կարճ խոսքով ձևացնել իր միտքը: Բայց ո՞վ կառնու հանձն քրքրել այդ դարևոր փոշին և միջից ժողովել երեսի վրա ձգած մարգարիտները: Ախվերդյանի պես մարդիկ խիստ սակավ են, նոցա պեսներին գին դնել չենք ուզում, մենք ուշադրություններ դարձնում ենք դեպի նա, ով որ ինքն է հրապարակում իր հռչակը. մեզ անհայտ է պարկեշտ քանքարը լույս հանել: — Տխրալի՛ խորհրդածություն: Առարկայից հեռացա. ինչպես որ խնդրում ես` ես ուշադրությամբ կկարդամ քու թարգմանությունը և հարկավոր տեղերը կուղղեմ, ևկտպեմ:

Следующая страница