Պատկանյան Ռաֆայել՝   Հոդվածներ, Հուշեր, Ճառեր և նամակներ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец

Խոսքս կտրում եմ. քեզանից ավել նաև պիտի գրեմ Թիմուրյանին, Սուլթան-Շահին և ծնողացս. ամբողջ երկու ժամ անընդհատ գրում եմ քեզ. թեև քեզ հետ խոսելը ինձ խիստ հաճելի է, բայց պետք չէ՛ զրկել ուրիշներին էլ:

Մնաս բարով.

Մնամ բարյացակամ և՛ հոգեհարազատ եղբայր քո

Ռ. ՊԱՏԿԱՆՅԱՆ

ՍԻՐԵԿԱՆ ԳԵՎՈՐԳ

Ահա սիրական Գևորգ, մեր դյուցազնի վարքի շարունակությունը ներե, որ ես կանգնեցա իսկ այնտեղը, երբ որ դու թերևս սպասում էիր տեսնել նորան յուր բոլոր հասակովն հանդիսացած քու առջև. ավա՛ղ, դյուցազունք տարիներով են աճում, սունկերն են միայն առավոտ բսնում` իրիկունը` թառամում, որդնոտում, ուրեմն մի շտապեցնուր ինձ, որ իմ դյուցազը կենդանի մարդ դուրս գա և ոչ անշունչ արձան: Մեկ նկատմունք ես քեզ անեմ, որ ապագայում ազատիմ մեզ այն հարցմունքներից, որ մարդիկ անշուշտ անելու են. իմ այս անգամվա գրվածքիս մեջ խիստ առատ են պարսկի և տաճկի բառերը. դու, իհարկե, իմ դիտավորությունը հասկանում ես. բայց մարդիկ չեն հասկանալ, և իհարկե, նոցա չհասկանալը` զենք պիտի տա մեր ոսոխներուն, ինչպե՞ս ես դու պաշտպանելու, արդարացնելու քու բարեկամին. էդ խո մեղալամ կքարկոծեն մեզի թե՛ մոլամիտ հայերը և թե՛ սուտ ազգասերքը, թեև վերջինքը հասկանան ևս մեր խորհուրդը: Եղբայր սիրական, դու պիտի իմանաս, որ մեր Քոռօղլուն կենդանի պատասխան է այն հաճախ կրկնված գանգատներուն, որ մենք անդադար լսում ենք կես գրագետ հայերու բերնեն, թե հայոց աշխարհիկ լեզվավ անհնարին է որպես իցե վերացական միտք հայտնելու: Ես շատերուն երես առ երես աշխատել եմ հասկացնելու թե` երբ գաղափարը որոճած է մարդուս մտքումը` արտահայտելու համար պատեպատ ընկնելը ավելորդ է, ե՛թե միայն մենք ի մոտո գիտենք այն ազգի ոգին և լեզուն: Կես-գրագետները ինձ ասում էին` թե միակ հնարն է բառ առ բառ թարգմանել օտարի լեզվին և այդ օտարոտի դարձվածները աշխատել բռնաբար սեփականել տալ ժողովրդին. ես անհամաձայն էի այդ անհիմն կարծիքին, բայց և հնար չունեի նոցա կարծրացած ուղեղի մեջ հեղափոխություն անելու: Այդ և դորա նման խորհրդածությանց հետևանքը ելավ, որ ես հանձն առի գրելու Քյոռօղլուն, որո լեզուն գիտությամբ ընտրեցի ամենաաղճատածը, գրե՛թե նույնը, որ խոսում է հայոց ամենաստոր վիճակի մարդը: Ապագայումը կտեսնենք` մեր Քյոռօղլուն կունենա՞ արդյոք իրավունք մեր սուրբ ուխտի ազնիվ ծնունդներեն մինը կոչվելու. կունենա՞ արդյոք իրավունք կարեկից սրտեր դեպ ինքը ձգելու. կապացուցանե՞ արդյոք մեր տխմար գրագետներուն, թե հառաջ քան թե գրիչդ ձեռքդ առած մտնում ես ազգի դպրության ասպարեզի մեջ` ունենաս պիտի անկեղծ սեր դեպ ազգդ և անանձնասեր դիտավորություն նորան բարոյապես օգտելու: Ես իմ վրա հույս չունեմ, ես գիտեմ որ ընտրած առարկայիս, և առավել լավ ասեմ` դիտավորությանս մեջ միայն բարի ցանկություն ունիմ, իսկ գիտությունը քեզնեն եմ ուզում սովորելու: Իհարկե, սիրական Գևորգ, եթե իմ հոգին որպես և իցե ազնիվ խորհուրդ ըմբռնում է, հանուն քու ազնիվ բարեկամությանդ է իմ մեջ հյուրընկալություն գտնում: Եթե քու ջերմ հոգին չազդեր իմ սառած հոգու վերա, կունենայի՞ արդյոք իրավունք ես երբ և իցե գրիչն առնուլ ձեռս, որ հայի, մեր սիրական հայի վրա կամ համար երկու տող բան գրելու: Այդ է ահա՛ պատճառը, որ ես ասում եմ մեր Քոռօղլուն. և եթե երբ և իցե դու այլազգ կոչես, կնշանակե որ անխառն ես ինձ և ես իսկույն պիտի զգամ իմ թուլությունը` մենակ այդ ծանր բեռնը մինչև նպատակ հասցնելս:

Ռափայել

ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՀԱՅՐ ԻՄ

Ժամը երեկոյան 6-ն էր, որ հասա Անի: Իջևանեցի լուսանկարիչ Քյուրքճյանի վրանումը, որ հարած էր ավերակ-մայրաքաղաքի քայքայված Կաթողիկե ասված եկեղեցվո աջակողմյան խորանումն (մատուռ): Ալեքսանդրապոլեն 4 ժամու ճանապարհ է կառքով և համարվում է 30-40 վերստ. ճիշտ չգիտեմ: Եկանք Անի հյուսիսային կողմից, անցանք գրեթե բոլոր ավերակների միջից, իսկ իմ կեցած եկեղեցին թափ ծայրումն է Ախուրյան ձորին, մոտից միջնաբերդից և, իմ կարծիքով, հայոց մեծամեծաց խորհրդարանից, իսկ այլոց կարծիքով, իբր թե տաճկաց մզկիթից: Ինչ և իցե, լույսը նվազելու վրա էր, ամեն բան երևում էր կիսաձև ու մառախլապատ: Մինչև չայ պատրաստեին, մինչև նեղ վրանի մեջ ինձ համար օթևան ու տեղ կպատրաստեին ժամը ութը-ինն եղավ. հյուրասեր Քյուրքճյանը, կարծելով, թե ես ճամփից հոգնած կլինեմ, համոզեց շուտ մտնեմ անկողին. ես այդպես էլ արի: Հետս եկող պարոն Խաչատուրը շուտ խրխռաց, ես օրվա ծանր տպավորություններեն պաշարված քունս աչքես կորուցի, մնացի անքուն ուղիղ մինչև գիշերվա ժամը 11, պտուտ, պտուտ գալով անկողնիս մեջ, ինչպես որ սովորություն է ամեն մտատանջ մարդու: Փչեց հյուսիսի քամին, բայց ինչ քամի, նրան պատահողը միայն գիտե, խոսքով շատ դժվար է մեկնելը, — քամի, որ կանգնած մարդուն ոչ միայն գետին է գլորում, այլ առնում տանում է ու ձորն է ձգում, քամի, որ վրաններու չվանները կտրտում է և բարձրացնում է երկինք, քամի, որ արգիլել է արգավանդահող Շիրակին ունենալու անտառներ ու պարտեզներ (Անիի շուրջը, որքան հեռադիտակն էր հասնում, ոչ մի թուփ չէի նկատում): Անդուռն անպատուհան Կաթողիկեի փուլ եկած և քանի քանի տեղից ճաքճքած պատերեն քամին ներս էր մտնում ու գիշերային սոսկալի ժամերգություն էր անում արձագանքոտ տաճարի մեջ, մազս տիգ տիգ էր կանգնում, գլուխս ու բոլոր մարմինս փուշ փուշ էր լինում. թեև ոչ մահու երկյուղեն: Դժվար է երևակայելը, բայց տեսնողը գիտե, որ ավերակը մարդուս վրա քստմնելի ազդեցություն է կատարում գիշերային խորհրդավոր ժամերումն, ուր մարդ, որ հասակին կուզե լինի, ինչպես դաստիարակված կուզե լինի, իսկույն կենդանացնում է յուր մտքի մեջ այսերուն, չար ոգիներուն, թաղած մեռելներուն և տունի տերերուն: Անբնական բան է, որ մարդ, որ հազար դժվարությամբ յուր համար շինում է մի աղքատին և խարխուլ խրճիթ և հանկարծ տեսնե նա ահագին քաղաք, մեջը լցրած հսկայաձև տաճարներով, հոյակապ պալատներով և բյուրք բյուրոց մեծագին շենքերով, չի՛ սարսափի. ինչո՞ւ թողին ու փախան մարդիկ այսպիսի հարստությունից, մի՞թե մարդս հեշտ բաժանում է յուր պապերու սրբազան տեղերեն, յուր ծնած տեղեն, յուր զավակների օր ու արև սիրած տեղեն: Այսօր լքած թողած քաղաքը, տունն ու տաճարը ամենի վրա, գիշերվա ժամին ահ ու սարսափ է բերում, բայց դարձյալ ասում եմ, մահվան երկյուղը չէ ինձ պաշարողը: Տաճարի ահագին բարձրությունից հանկարծ գոռաց բուն յուր տխրալի ու չարագուշակ ձայնով, որ խիստ հարմար էր քամիի ոռնալուն ու տեղի մեռելանման լռությանը, և ահա, նույն հեռավոր դիտակից (որ կարծվում է տաճկի մինարե) պատասխանեց նրան ուրիշ բուԼռություն, բայց այնպիսի լռություն, որից րոպեի մեջ սպիտականում է մարդու գլխու մազերը... Հանկարծ մի փոքրիկ քար վայր ընկավ, նրա արձագանքը 5-6 անգամ կրկնվեցավ տաճարի մեջ. լռություն, ահա հաչեց հեռուումը վայրի աղվեսը, բայց այնպիսի ողբալի, իբր թե վհուկներու մագիլներեն օգնություն է խնդրում: Քամին հանկարծ դադրեց փչելու, ափսո՛ս և իզո՛ւր, գոնե գիտեի, որ քամին քամի է, մի սովորական երևույթ է, բայց նրա լռության ժամանակ ավերակի կողմից ամայի ձորերի մեջեն, քաղաքի փլատակների տակերեն սկսան լսվել գիշերային անորոշ ձայներ, այն ձայներ, որ էական կյանքի մեջ, բնության մեջ, օր ցորեկով երբեք չեն լսվում. այն ձայները, որն երբեք մարդիկ կարողացած չեն իմանալու, որի ձայնն են, և որին ժողովուրդը կոչել է գիշերվա արհավիրք: Ընկերս խրխռում է, հյուրասեր տանուտերս նույնպես անուշ քուն է վայելում, ես մենակ քուն չեմ լինում. սոսկալի ահագին պատերը թեև աղոտ լուսավորված են լապտերի լուսեն, բայց ակնհայտնի երևում են ինձ, աչքս փակում եմ, կոպքիս մեջեն տեսնում եմ. ավելի տեսնում եմ, քան թե աչքս բաց ժամանակը... տեսնում եմ անձնավորված ամեն հայկական մոլությունք, որք կործանեցին ապառաժաշեն Անին: Անին չունի ոչ փայտ, ոչ աղյուս, ոչ գամ, Անին շինած է լոկ քարե, շինած է ապառաժյա վիմի, ինչպե՞ս քանդվեցավ, զարմանալի բան: Անհնար է այդպիսի հրաշակերտ շինելու հասարակ մահկանացվի ձեռքով, Անիի շինողք հսկաներ և դյուցազներ են եղել, բայց և քանդողք եղել են ոչ պակաս հսկաներ չարության և մոլության կողմանե: Հայոց չոր ու ցամաք պատմությունը ամենևին արտահայտիչ չէ հայոց կյանքին ու մահուն. ես այս սոսկալի ժամուն հոգիով և երևակայությամբ ըմբռնեցի այն ամեն գաղտնին, որ վարդապետների գրիչը երբեք հասկացնել չէր ինձ: Ես հասկացա շատ բան. այս քարերեն ես ավել բան հասկացա, քան թե մեր բազմահատոր գրքերեն: Ժամը 2-ն է գիշերվա, քունս չի տանում: Ձայները շատացան, քամին ու բուերը ոռնում են, կարծես թե Թուղրիլը, Արփ-Ասլանը, Չարմաղանը ու Մասիսի գետնաշարժը նորից պիտի ցույց տան խեղճ Անիին իրանց կատաղի բնավորությունը: Ողջ լերուք և աղոթեցեք Ձեր Ռափայելի ողջության համար:

Սիրելի հայր իմ, այս նամակը կարդացեք և անհապաղ ինձ վերադարձուցեք. սա պիտի մտնի իմ ճանապարհորդության մեջ, իբր Անիի գիշերվա կատարած ծանր տպավորությունը: Որքան և փոքրոգի լինի երբեմն մարդս, բայց նրան միշտ թանկ է ամեն մի իսկական զգացմունք, թեկուզ լինի նա դյուցազնական կամ երեխայական. այսպիսի րոպեներ շատ հազիվ են պատահում իրական կյանքի մեջ. և եթե պատահում են նոքա թանկ և անմոռանալի են, և նոցա հիշատակը իբրև սրբոց մասունք նվիրական է մեզ համար:

Հոկտեմբեր 1, 1879 թ. Անի Կաթողիկեի ավերակների մեջ, ժամը 12-ին գիշերվա:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец