Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Պարսիկը կեղծի ժպիտով ասաց.

Ես պահանջում եմ հինգ հազար երկու հարյուր մանեթ. իսկ այս աղան (ցույց տվեց Ասատուր-աղայի վերա) տալիս է հինգ-հազար. մնում է որ ձեզպես լուսավորյալ և հմուտ մարդը մեզ հաշտեցնե այս երկու հարյուր մանեթի համար, ասաց ու խոնարհաբար գտակը հանեց առջևս:

Այս խարդախ ակ է, ասացի պարսկին: Դու ի՞նչ իրավունք ունիս հրապարակի մեջ և այդպիսի լրբությամբ միամիտ մարդոց խաբելու: Դու չգիտե՞ս որ` այս Ռուսաստան է, ուր կա օրենք և դատաստան. դու քու Պարսկաստանը չգիտենաս, ուր կարելի է օր ցերեկով խաբել, խարդավանել և սպանել, ու անպատիժ մնալ:

Պարսկի և Ասատուր-աղայի երեսները սպրդնեցան, մինինը վախից, իսկ մյուսինը բարկությունից:

Ատա՛, էլի՞ քու անմարդավարությանը շանց տվար, էլի՞ տեղդ դինջ մնալ չկարողացար. էս ի՞նչ բիաբուռ, թոկից բաց-ընկած մարդ ես իլած, մեղա յասծու մեղա, ասաց ինձ Ասատուր-աղան:

Նորա բարկությունից խրախուսված` պարսիկը հարձակվեցավ վրաս.

Պա՛րոն, երևի դու ի՛նքդ կարծում ես, որ այս երկիրը Ռուսաստան չէ՛, այլ մեկ վայրենի անապատ է. եթե դու օրենքի հետ ծանոթ լինեիր, անշուշտ կիմանայիր, որ Ռուսաստանի մեջ զրպարտիչը նույն պատիժն է ստանում, ինչ որ պետք է ստանար հանցավորը: Այժմ ես քու օձիքդ (յախադ) ձեռքես բաց չեմ թողնիլ, եթե չապացուցանես, որ ես խարդախ մարդ եմ, օրենքը կուտա քեզ այն պատիժը, որն պիտի ստանա խարդախը:

Թո՛ղ այդպես լինի, ասացի ես, կա՛մ Սիբիր կերթամ` աքսոր, կամ կհաստատեմ, որ այս ակը խարդախ է, և դա ոչ թե հինգ հազար երկու հարյուր մանեթ, այլ մեկ գրոշ չի արժիլ:

Այս որ ասացի. վառեցի մի լուցափայտ ու բոցը մոտեցրի ակին. երբ որ ակը մի փոքր տաքացավ` իսկույն երկու կտոր սիրուն տաշած և հղկած հասարակ ապակի դարձավ, որի մեջ ներկ էր քսած` կարմիր գույն տալու համար ու եզերքները սոսնձով կպցրած:

Ասատուր աղան պապանձված մնաց. իսկ պարսիկը ամոթիցը ու բարկությունիցը չգիտեր ի՛նչ աներ:

Տե՛ս, տե՛ս, ի՞նչպես խաբվել եմ ես. այս անպիտան հասարակ ապակիի համար տվել եմ հինգ հազար մանեթս. ափսո՛ս, հազար ափսոս իմ կորցրած փողիս, ասաց պարսիկը, հուսահատված ձևանալով:

Ա՛յ բան, ասաց, ծիծաղելով Ասատուր-աղան, ամա լավ բաբաթի պետք է խաբեր ինձ էս շ. ո. պարսիկը, եթե դու չիլեիրՆո՛ւ, պարոն Վարդան, մեռնելս մտքիցս կանցներ, բայց էսպես ղոչաղությունդ ամենևին մտքիցս չէր անցնիլ: Էսօր դու ինձ հինգ հազար մանեթ բաշխեցիր. մեծապես շնորհակալ եմ: Թե էդպես ա` արի՛ գնանք մեր տուն` մեկ տեղ հաց ուտենք. բայց խնդրըմ եմ, մյուս անգամ էլ էն հին գժություններդ մի՛ անիլ: Էս անգամն էլ քեզ կբաշխեմ:

Պարսիկը կամացուկ հավաքեց ապրանքը, փակեց ապակիե կափարիչով արկղը ու հեռացավ. մենք էլ գնացինք Ասատուր-աղայի տունը: Այս կերպով նորա դռները նորից բացվեցան իմ առջև:

Ճաշի վրա ո՛չ Սոֆիան կար և ոչ նորա մայրը Օսաննան, Կատյային էլ չտեսա: Երեկոյան ժամը 5-ին սիրտս կոտրած վերադարձա իմ խրճիթը:

Հունիսի 23.

Ի՞նչ եմ ուզում ես Ասատուր-աղայից, ի՞նչ եմ սպասում Սոֆիայից, այս հարցմունքներին մինչև ցայժմ ինքս ինձի ուզացած չեմ ճիշտ պատասխան տալու. Ասատուր-աղան որ կա` մի ինքնահավան, կամակոր, փառամոլ մարդ է: Նա ինքը իր խելքով, իր աշխատանքով (արդար, թե անարդար ճանապարհով` այդ ջոկ բան է) կարողացել է միլիոնի տեր լինելու. այդ` Ասատուր-աղայի և նորա նմանների կարծիքով մի այնպիսի սխրագործություն է, որի առջև պիտի ոչնչանան ամենայն ինչ մարդկային արժանավորություններ և առաքինություններ. գիտություն, իմաստություն, քաջություն, քանքար, հանճար` ի՞նչ չնչին բաներ են հարստության առջև: Ասատուր-աղան արդեն սիրահարված է յուր խելքի վերա. կամակորությունը խորունկ արմատ ձգել է նորա մեջ: Ասատուր-աղան հարուստ է, ուրեմն աշխարհքի ամեն բարիքը հասանելի են նորան. փողով նա կարող է մեծամեծ, արքայավայել պալատների մեջ բնակել, իրա շրջապատը շքեղ զարդարել, ծանոթություն ունենալ ամեն պատվավոր, քանքարավոր և բարձրաստիճանավոր մարդոց հետ, գնել մարդոց խղճմտանքը, գնել, մինչև անգամ, չքնաղագեղ կանանց եթե ոչ սերը, գեթ նոցա կեղծի գորովը և հրապույրքը: Ես` մի աղքատ և աննշան բժիշկ, այն էլ հայ բժիշկ, ի՞նչ պիտի կարողանամ նորան տալու, ինչո՞վ գրավելու նորա կոշտացած սիրտը: Նորան պետք է բարձրաստիճան, անվանի, երևելի ազգատոհմե փեսա, որի վերա նայելով նա կարող լինի պարծենալու թե` ահա ինչպես ոմնի տվել եմ իմ աղջկանը: Ես ի՞նչ մեկ այդպիսի աչք-ընկնելու արժանավորություն ունիմ, բացի համեստութենես և աշխատասիրութենես, — որով հագենար նորա սնափառությունը: Այժմ դառնանք Սոֆիային: Ինչո՞ւ ինձ պետք է սիրե Սոֆիան. նորա՞ համար որ ես նորան սիրում եմ. ի՞նչ մեծ փառք և երջանկություն է իմ սերը նորա համար: Գեղեցիկ, դեռահաս, և որ գլխավորն է` հարուստ աղջկան ո՞ր երիտասարդը չի սիրել: Ո՞ւր է իմ այն արտաքին գեղը, որի վերա ամեն աղջիկ հաճությամբ նայում է. ո՞ւր են իմ փայլուն ուսադիրները` փայլուն օձիքները, շըխքշըխքալի թուրը և խթանները, որոնք հրապուրում են ամեն աղջկա աչք ու ականջ: Չէ՛, ո՛չ Ասատուր-աղան և ո՛չ Սոֆիան կարող են սիրել ինձ այնպես, ինչպես որ ես կկամենայի: Եթե իմ մեջ կա ինչ ու ինչ արժանավորություն` նա այնքան փոքր է, որ խոշորացույցով պիտի նայես վերան, որ տեսնես, իսկ խոշորացույցը չի կա ո՛չ Ասատուր-աղայի և ո՛չ Սոֆիայի աչքերին... Այս էլ ասենք, եթե Սոֆիան մի հասարակ մարդու աղջիկ լիներ, արդյոք ես կսիրեի՞ նորան և նա ինձ գեղեցիկ ու հրապուրիչ կերևա՞ր... իսկ Կատյա՞ն... Չէ, հեռացիր ինձանից, զննողակա՛ն ոգի, քեզ յուր մեջ ունեցողը երբեք բախտավոր չի լինիլ: Չեմ ուզում իմ զգացմունքը կշիռքի վերա դնելուԵս սիրում եմ Սոֆիային. ես ամեն հնար գործ պիտի դնեմ առաջադրյալ նպատակիս հասնելու ևկհասնեմ:

Այսօր բոլոր օրը անձրև էր գալիս. ամբողջ օրը տնիցս դուրս գալու հնար չի գտա. երեկոյան դեմ թեև անձրևը դադարեցավ, բայց գետինը այնքան խոնավ էր, որ հազիվ թե ժողովուրդը զբոսնելու ճեմելիք երթա: Անհնարին բան է, որ Սոֆիային թողած լինեն տնից դուրս գալու, հայրն ու մայրը դողում են նորա վրա ու աչքերի լուսի պես պահում են: Չէ, նա ճեմելիք չի երթալ: Մենակ նստած եմ սենյակիս մեջ ու սրտնեղությունիցս պատուհանիցս դուրս եմ նայում: Շատ սակավ տուն կգտնվի Տաք-ջուրի մեջ, որի դիրքը այնպես կենդանանկար լինի, ինչպես իմը, թեև բնակած փողոցս շատ տգեղ անուն ունի (Խոզի ձոր). բայց այն տեսարանը, որ փռված է առջևս` ի՛նչ ասես կարժե: Հարավից երևում է գալարազարդ պարտեզների և անտառների ծով. առավել հեռուն Փոդքումոք գետակը, օձի նման պտույտքելով, անցնում է դաշտերի, անտառների ու սարերի միջով, ավելի հեռուն միջին բարձրության բլուրներ ծածկած են ծառերով, որոնք ինձ դալար խոտ են երևում հեռավորության պատճառով. նոցա ետևից էր յուր ալեզարդ կրկնակի գագաթները «տաշած ադամանդի» նման բարձրացնում է Եալբուզը: Արևմտյան պատուհանիցս երևում են հայոց նորաշեն եկեղեցիի գմբեթն ու Բեշթավի հինգ գագաթներեն մինը: Ամբողջ քաղաքը լողում է ծառատունկների մեջ. կարմրակատարներն ու խաղատտնիկները նոցա սաղարթների մեջ պահված` օդը լցնում են իրանց դայլայլիկովը. խոտերի ու ծառերի տերևների վերա ծիածանի ամեն գույներովը փայլում են անձրևի շիթերը. օդը այնպես մաքուր է, որ ամեն մի շունչ առնելիս` կարծում ես թե կյանքը լայն հոսանքով թափվում է մեջդ:

Անկո՛ւշտ մարդ, ահա քեզ բախտ, ահա քեզ գեղեցկություն, որն քեզանից չի պահանջում ոչ զոհ և ոչ հոգեկան տանջանք. վայելե՛, բախտավոր եղիր. ինչո՞ւ վազում ես անցավոր մութի ու անշոշափելի ստվերի ետևից: Մի՞թե քեզ սիրող Կատյան խրճիթի մեջ քեզ պակաս բախտ կբերե, քան թե քեզ արհամարհող Սոֆիան ճոխ ապարանքումը

Լռե՛, լռե՛, առողջամտությո՛ւն, ես քու ձայնը չեմ ուզում լսել. ես սիրում եմ Սոֆիային, և ձեռքես եկած ամեն հնարը գործ կածեմ, որ նա էլ ինձ սիրե և իմը լինի:

Քնեցա, և անհանգիստ երազները սաստիկ տանջեցին ինձ ամբողջ գիշեր. մյուս օր որ զարթեցա` մարմինս հոգնած և տանջված էր:

Հունիսի 25.

Այսօր հասարակաց մատենադարան էի գնացել. ուզում էի կարդալով ձանձրույթս մի փոքր ցրվելու. բայց ո՛չ Լերմոնտովը, ոչ Տուրգենևը, ո՛չ Տոլստոյը և ո՛չ ժամանակակից հաստ օրագիրները կարողացան փարատելու տրտմությունս: Թեև Տաք-ջուր եկած օրերս ոչ մի անգամ տեսած չէի Սոֆիային, բայց հենց որ գիրքը բացում էի էջքերի մեջ գրվածքի տեղ տեսնում էի նորա պատկերը, բայց, զարմանալի՛ բան, Սոֆիայի ետևից էլ երևում էր աչքիս Կատյայի երեսը, որ տխուր նայում էր վրաս և գլուխը շարժելով, ասես թե մեղադրում էր ինձ... ինչո՞ւ...

Ձեզ մեկ բան ասե՞մ, լսեցե՛ք: Տեսնում եք, որ ես Սոֆիային սիրում եմ, այսուամենայնիվ, նորա սիրտն ու հոգին գրավել չեմ կարողանում, ինչո՞ւ: Մյուս կողմից, ես համոզված եմ, որ Կատյան ինձ սիրում է, և հոգիս վկայում է, որ այդ տգետ, ծառա աղջիկը վաղ կամ ուշ կգրավե ինձ և կտիրապետե... ինչո՞ւ:

Իսկական մաքուր, անկեղծ սերը միշտ կհամոզե ու կհաղթե:

Ի՛նչ, ինչ ասացի՛ ե՞ս... Կատյայի՞նսիրե՞մե՞ս նորանիմ կի՞նըանեմ... Երբե՛ք, ես շուտով ինքս ինձի կտամ կսպանեմ, քան թե շքեղ, քնքուշ Սոֆիային թողած, այդ սպասավոր աղջկան սիրեմ և վրան պսակվիմ: Թո՛ղ այն օր ինձ սև սուգի օր լինի, երբ ես Կատյայի մարդը լինիմ: Միթե՞ ես այդ բանի համար իմ պատանեկության ամենագեղեցիկ հինգ տարին զոհեցի, ամեն տանջանք, նվաստություն և զրկանք համբերեցի, որ, վերջապես, ծաղիկ հասակս և փայլուն ապագաս նվիրեմ մեկ նաժիշտիԱ՛խ, Կատյա, Կատյա, այս ի՞նչ ես անում ինձ հետ, քու մաքուր և անկեղծ սերը դեպի ինձ առավել վտանգավոր է, քան թե վիշապ օձի խեղդող օղակները:

Թողի գրքերն ու գնացի հասարակաց դահլիճը (Նիկողայոսյան ոքսհալը), որ կից է մատենադարանին, որ Էսենթուքի ջուր խմողները ժամ կամ ժամ ու կես ման են գալիս. հանկարծ ի՞նչ տեսնեմ, Սոֆիան և Կատյան ման եկողների մեջն էին, երբ որ հակառակ պատին հասած` ետ դարձան ու երեսները շուռ տվին` մենք միմյանց հանդիպեցինք: Ինձ որ տեսավ Սոֆիան` սպիդնեցավ, իսկ Կատյան շառագնեցավ: Իրար բարև տվինք, ձեռք սեղմեցինք (իհարկե, Կատյան ինձ ձեռք տալու չհամարձակվեցավ) ու սկսանք սովորական խոսակցություն` օդի և ջրերու ներգործության և այլ այսպիսի աննշան առարկաների մասին: Կատյան թեև չէր խոսում, բայց աչքիցս պուկ չէր տալիս: Սոֆիան թեև հետս էր խոսում, բայց ամենևին չէր նայում վրաս, այլ նայում էր մեկ սպայի վերա, և այդ սպան էր... Դռոզդովը, որն պահարանի առջև կանգնած` հանքերն էր նայում:

Սիրտս տակնուվրա եղավ. նախանձը օձի խայթոցի նման լցվեցավ սրտիս մեջ և անողորմաբար տանջում էր ինձ:

Այս ի՛նչ սիրուն սպա է, ասաց ինձ Սոֆիան, չգիտե՞ք արդյոք ի՛նչպես է նորա անունը:

Անունը Վլադիմիր է, ասացի:

Վլադիմի՞ր, ա՛խ, ինչ սիրուն անուն է:

Մի՞թե Վարդանըիմ անունսՎլադիմիրից վատ է:

Ո՞վ է ասում, Վարդանն էլ վատ անուն չէ, ասաց ու քթի տակից ծիծաղեց: Վարդան, Վարդան. «Հայը թակե Վարդանին, թուրքը թակե Վարդանին», հա՛, հա՛, հա՛, հա՛. բայց Վլադիմիրը ավելի գեղեցիկ է: Ինձ այնպես երևում է, որ` ով որ Վլադիմիր անուն է կրում` անպատճառ պետք է լինի սպիտակ երեսով, կարմիր թշերով, բարձր հասակով, կապույտ աչքերով և դեղձան մազերով մեկ քաջ երիտասարդ

Ինչպես որ այս Դռոզդովն է, այնպես չէ, օրիորդ:

Մի՞թե սորա մականունը Դռոզդով է, այդ էլ շատ գեղեցիկ մականուն էՎլադիմիր Դռոզդովը, — մրմնջաց կամացուկ… — շատ սիրուն երիտասարդ է:

Սոֆիայի աչքերը գոհարի նման ցոլացին, երեսը շառագնվեցավ և դեմքի վերա անմեկնելի երջանկություն փայլում էր:

Այդ րոպեին ես այնպես ատեցի Սոֆիային, ինչպես որ մարդս կարող է ատել յուր ծնողաց կամ զավակների սպանողին. բայց, ավա՛ղ, այդ ատելությունը նման էր այն ատելության, որն զգում է թռչունը, որ կեցած է խորամանկ օձի առջև, ողորմելին թովված է թունավոր սողունի աչքերեն. նա ակամա մոտենում է նորա բացած բերանին, և ատելով նորա զոհն է դառնում: Այսպիսի կախարդական ուժով Սոֆիան քաշում էր ինձ դեպի իրան: Մի՞թե այս սեր է: Եթե այդ սեր ևս լինի, գոնե այն սերեն չէ, որն մարդուս երջանկացնում է: Եթե Կատյան Սոֆիայի հանգամանքի մեջ լիներ` նորան էլ այսպե՞ս կսիրեի արդյոք, թե ո՛չ: Ահա խնդիր, որն լուծելու համար առողջ դատողությունս հրաժարվում էր ինձ օգնելու...

Սոֆիան յուր անզգույշ վարմունքով բանը այն տեղը հասցուց, որ Դռոզդովը նկատեց, որ աղջկա վերա ազդեցություն է գործել յուր արտաքին տեսքովը: Քանի-քանի անգամ նորա վերա շինծու անուշ աչքեր ձգեց, և մի անգամ էլ իբր թե պեխերն է շփում, մատի ծայրովը համբույր ուղարկեց նորան: Չգիտեմ նկատե՞ց այդ Սոֆիան, թե ո՛չ, միայն թե ամենևին վիրավորված չցուցուց իրան, այլ ընդհակառակն, միշտ ինձ հետ պինդ-պինդ ռուսերեն խոսելով, աչքը նորանից չէր հեռացնում, և խոսակցության նյութը ավելի հետաքրքրելի էր Դռոզդովին, քան թե ինձ:

Կատյան, ինչպես ասում են, կեցած տեղը անկրակ այրվում էր ամոթից ու դժկամությունից:

Ի՞նչ պիտի կարծեր Դռոզդովը իմ վերա, ի՞նչ գաղափար պիտի կազմեր օրիորդ Սոֆիայի և առհասարակ ամեն հայերի վերա:

Ես աղջիկներին մինչև նոցա տան դուռը ճանապարհ ձգեցի, բայց քաղաքավարությամբ ներս չի մտա. սպասում էի, որ Սոֆիան կհրավիրե. բայց նա չհրավիրեց, և ես մնաս բարև ասացի ու հեռացա:

Տխուր վերադարձա ճեմելիք: Թեև ժամանակը ուշ էր, բայց շատ զբոսնողներ կային: Նստարաններից մինի վերա սպաները պինդ-պինդ խոսում ծիծաղում էին: Հեռվից գալիս էր Դռոզդովը: Սպաներեն մինը ասաց.

Պարոններ, աչքերդ այն կողմը դարձրեք: Թամբովի այղըռն է գալիս:

Սպաները բարձրաձայն ծիծաղեցան: «Շատ սիրուն և հարմար անուն է մեր Դռոզդովի համար», ասացին քանիսը, «Թամբովի այղը՛ռ, Թամբովի այղը՛ռ» կրկնեցին:

Երբ որ Դռոզդովը մոտեցավ` ոչ մի սպա նորան ձեռք չի տվեց. ինչպես երևում էր` նա նոցա առջև խեղկատակի դեր էր խաղում:

Պարոններ, ծիծաղեցեք վրաս, ծիծաղեցե՛ք, ասաց նա կես ծիծաղով և կես ծանրադեմ. ձեր չի հավանած Թամբովի այղըռը մի այնպիսի ասիացի զամբիկ է գտել, որի համար շատերդ ուրախությամբ կհոժարեիք ինձ նման այղըռ լինելու:

Ո՞ւր է կենում այդ զամբիկդ, ո՞րտեղ կարող ենք նորան տեսնելու, ասացին մի քանի երիտասարդ սպաներ:

Որտեղ կեցածը դեռևս ինքս էլ չգիտեմ, բայց կարծում եմ, եթե պարզ եղանակներ լինին, նորան միշտ կարելի է ճեմելիքում տեսնել: Բայց այդ չէ՛ գլխավորը, այն է (ինձ մի առմեաշքա պտղավաճառ ասաց), որ նա մի շատ հարուստ հայի աղջիկ է, թեև ցեղը, ինչպես տեսնում եք, ասիական է, բայց ֆրանսիացիից ավելի ազատամիտ դաստիարակված է. ուրեմն «մեր դաշտի պտուղներիցն է»: Կեցցե՛ լուսավորությունը:

Շնորհավորենք, շնորհավորենք այդ գյուտդ. բայց հետո մեզ էլ մաս կհասնի՞, ասացին մի քանի կարմիր ու կապուտ քիթերով սպաներ:

Պա՛րոններ, դուք շատ լավ գիտեք, որ ես եսամոլ չեմ: Իմ սիրած բանս է կանանց սրտերի մեջ ճանապարհ բանալ. հետո արդեն ես չեմ հոգում` ով անցուդարձ պիտի անե այդ ճանապարհի վերա:

Սպաները ծիծաղեցան. բայց իմ սրտես արյուն կաթեցավ:

Եվ ի՞նչ զարմանք, եթե ինքդ չգիտես պատիվ պահելու, ի՞նչ իրավունք ունիս պահանջելու, որ ուրիշները պահպանեն:

Գլուխս կախած տուն վերադարձա:

Հունիսի 26.

Առավոտը որ զարթեցա` առողջությունս տեղը չէր. լեզուս պղտոր էր, աչքերիս սպիտակուցը դեղնագույն և մի փոքր էլ արյուն կոխած, բազկերակս անկանոն, բերանս դառն, ասես թե լեղի էի խմել. բայց շատ լավ գիտեմ` որ գիշերս մրսած չէի, և ո՛չ երեկվա օրն ստամոքսս ավերած: Այսպես ուրեմն, պրոֆեսորներիս ասածը արդարացավ, թե հոգու ստացած հարվածները միշտ ցոլանում են մարմնու վրա: Այսօրվա տկարությունս անշուշտ հետևանք են երեկվա անախորժ անցքերին:

Այժմ արդեն երկբայության տեղի չիկա, որ Սոֆիան ինձ չէ սիրում. բայց այդ բավական չէ, ես այժմ մինչև անգամ կասկածում եմ, որ նա երբևիցե և որին ևիցե կարող լինի սիրելու: Կինը սիրո համար ստեղծած է, վասնզի կինը ինքը անձնավորած սեր է. կինը որ չսիրե` նա յուր կնությունը կորցնում է, մի խրտվիլակ, մի հրեշ է դառնում: Աղջիկը, որ պղատոնական սիրով չսիրե մի գաղափարական պատանիի, հարս որ չսիրե յուր փեսային, կողակից որ չսիրե յուր ամուսինին, մայր որ չսիրե յուր զավակինայս անհասկանալի է ամեն ազգի մեջ: Գիտեմ, հոգիս վկայում է, որ եթե երբևիցե Սոֆիան իմ կինը լինի` նա իմ գլխուն մեծ անբախտություն պիտի բերե. աշխարհիս երեսին ամենաթշվառ արարածը պիտի դարձնե ինձ. բայց այնուամենայնիվ, նորա պատկերը մտքիցս հանել չեմ կարող: Շատ թանկ կտայի այն մարդուն, որ ինձ պարզեր` արդյոք հինգ տարվա սովորության հետևա՞նքն է այս, թե՞ ես իսկապես սիրում եմ նորան: Նմանապես շատ կուզեի իմանալ` թե Սոֆիան ևս սիրե ինձ, ինչպես որ ես սիրում եմ նորան` արդյոք իմ սերը մի փոքր չէ՞ր պակսիլ և կամ բոլորովին չէ՞ր անհետանալ սրտես: Արդյոք արգելքները գլխավոր դեր չե՞ն խաղում սիրո կապերի մեջ: Արդյոք մենք մեր համառությունը չե՞նք ընդունում սիրո եռանդի տեղՈ՞վ ինձ կմեկնե այս, իմ տարիքի համար, դժվարալույծ խնդիրները:

Կեսօրի ժամանակ տոթը սաստկացավ. փոքրիկ սենյակիս մեջ շնչելու օդ չէր մնացել, խեղդվում էի. սրտմաշուկ ճանճերը տարմովին թռչում նստում էին մերթ առիքի, մերթ սեղանի և մերթ գլխուս վրա, նոցա բզզոցը դժոխային երաժշտություն էր ականջներիս համար: Էլ հնար չիկար տանը մնալու, կես հիվանդ, կես առողջ հագվեցա թեթև ու գնացի ճեմելիք: Մարդիկ կամաց-կամաց, ամեն կողմից, գալիս հավաքվում էին, շատերը իրանց պատվիրած թիվը բաժակներին խմել էին ու լոգարանները ընդունել էին, մնացածն էլ ինձպես տանը մնալու հնար չունենալով` գալիս էին ճեմելիք զբոսնելու. ճաշելու էլ դեռ շատ վաղ էր:

Տաք ջուրի ճեմելիքները սկսում են Մաշուխի բարձրագույն լանջեն, այսինքն իսկ և իսկ այնտեղեն, ուր կա Եղիսաբեթյան սրահը և իջնում են դեպի վայր, և գնալով միշտ դեպի արևմուտք, վերջանում են քաղաքի սահմանումը: Երբ որ Եղիսաբեթյան սրահին հասար` դեպի ձախ կողմդ վերևումը կտեսնես մի կանաչ սար. դեպի ձախ կողմդ վերևումը կտեսնես մի կանաչ ներկած հովանոց, ուր երբեմն եղել է Էլոյան տավիղ, որ այժմ հանած է, ավելի ցած` գտնվում է Լերմոնտով բանաստեղծի քարայրը և մեջը նորա կիսարձանը. իսկ սրահը մեջ ընդ մեջ անցնելով, եթե երթաս դեպի հյուսիսային-արևմուտք, մի վերսթ հեռավորությամբ կա այն երևելի փուլը, որը լցված է ծծմբային տաք ջրով, դեպի ուր այժմ տանում է մի գետնափոր ճանապարհ:

Ահա այսպես, ետև ետևե ճեմելիքները անցնելով, հասա մինչև Եղիսաբեթյան սրահը, այնտեղ մի փոքր կանգ առի, հարավումը տեսա ահագին Եալբուզը, որ ութսուն վերստ հեռվից մի ահագին սառույցի նման փայլում էր առջևս, և հետո քայլերս ուղղեցի դեպի փուլը:

Ճանապարհի կեսը անցած էի, որ տեսնեմ հեռվից մի կին է գալիս. երբ որ մոտեցավ` տեսա որ Կատյան էր, որ փուլից վերադառնում էր:

Իրար բարևեցինք:

Երևի փուլ էիք գնացել, — ասացի:

Այո՛, փուլ էի գնացել թամաշա անելու, — ասաց նա:

Ափսո՛ս, որ ես մի փոքր ուշացա և կամ դուք մի փոքր շտապեցիք, թե չէ` միասին կերթայինք, ճանապարհը երկուսիս էլ ձանձրալի չէր լինիլ, ասացի:

Ի՞նչ հաջաթ, ես դադրած չեմ, պարոն Վարդան, եթե կկամենաք ես ձեզ հետ նորից կերթամ, ասաց Կատյան:

Երկուսս էլ սուտ ասացինք, երկուսս էլ մին մինի ասելու բաներ ունեինք, բայց չէինք ուզում խոստովանելու, երկուսիս էլ փուլ երթալը (ես քանիցս արդեն տեսել էի) մի վայելուչ պատրվակ էր:

Ուրեմն, Կատյա, եթե ձեզ ծանրություն չի լինիլ, երթանք միասին, ասացի ու կուռս տվի իրան:

Խեղճ աղջիկը, կյանքի մեջ երևի այսպիսի քաղաքավարություն տեսած չէր. ո՛րպիսի ուրախությամբ ձեռք ընկավ կուռիս, ո՛րպիսի քնքուշ շարժվածքով սիրուն գլուխը խոնարհեց դեպի աջ ուսս, հավատացեք, ոչ մի ավագորյարի կամ իշխանի կին կամ դուստր չէր կարող այդպիսի չքնաղ պատկեր ձևացնելու յուր անձով: Նորա գլուխը հասնում էր մինչև ականջիս բլթակը, հասակը հասակիս և կազմվածքը կազմվածքիս այնպես հարմար էին գալիս, որ ասես թե անդուստ ի վերուստ մենք մեկմեկի համար էինք աշխարհք եկած: Աչքիս ծայրով նայեցա նորա երեսին և տեսա նորա լիովին երջանկությունը և անձնաբավականությունը: «Տեր Աստված, տեր Աստված, ասացի մտքիս մեջ, երբեմն ինչ փոքր բանով կարելի է մարդ երջանկացնել, նոր կյանք տալ նորան և փոխադարձ` ինչ փոքր բանով կարելի է նորան թշվառության անդունդ գլորել ու բարոյապես սպանել: Իհարկե, այդ րոպեին Կատյայից երջանիկ կին չիկար աշխարհիս երեսին: Մի փոքր որ առաջ գնացինք, ես կանգնեցա ու ասացի նորան.

Ես քեզ մի բան ասե՞մ, Կատյա, փուլը ես արդեն քանի-քանի անգամ տեսել եմ, դու էլ այս րոպեիս այնտեղ էիր, եկ այս մոտիկ նստարանի վրա նստենք ու խոսենք. մին էլ ի՞նչ այս տոթին, փոշի կուլ տալով, իզուր պիտի երթանք ու վերադառնանք:

Առաջարկությունս ուրախությամբ ընդունեց Կատյան, ու մենք բաց դաշտի մեջ, մի վայրի տանձի ծառի տակ նստանք: Մեր կեցած տեղը բարձրավանդակ էր. դեպի արևելք խորունկ ձոր էր` գահավեժ ափերով, ավելի հեռուն երևում էին Փոդքումոք գետակը և շատ աուլներ, որոնք թաղված էին սաղարթախիտ պարտեզների և անտառների մեջ: Սարի կրճիցը զով ու անուշ քամին ուղիղ փչում էր մեր երեսին:

Ի՞նչ նոր բան կա ձեր տանը, ինչպե՞ս է առողջությունը Ասատուր-աղային, Օսաննա խաթունին և օրիորդին, սկսեցի ես, խոսակցության ավելի հարմար նյութ չի գտնելով գլխուս մեջ:

Փառք աստուծո, լավ են, պատասխանեց Կատյան:

Երկուսս էլ լավ հասկանում էինք, որ ոչ ես այն եմ հարցնում, ինչ-որ ուզում եմ, և ոչ նա տալիս է ինձ այն պատասխանը, ինչ-որ ինձ կարող է բավականացնել: Եվ այս աննշանակ հարց ու պատասխանից ետ երկուսս էլ բավական ժամանակ լուռ մնացինք. երկուսիս լեզուների վրա ևս կար մեկ խոսք, որն ասելու քաշվում էինք: Վերջապես ես խզեցի այս տաղտկալի լռությունը:

Ասա, խնդրեմ, ինձ ճշմարիտը, Կատյա, Սոֆիան ինձ սիրո՞ւմ է, թե ոչ: Տաք-ջուր գալիս դեսը ես նորա մեջ մեծ փոփոխություն եմ տեսնում դեպի ինձ, ի՞նչ է պատահել նորան...

Պարոն Վարդան, որովհետև դուք ինձանից ճշմարիտն եք ուզում իմանալ, ես ինձ համար մեղք կհամարեմ, եթե ձեզ մոլորեցնեմ Սոֆիայի մասին:

Սոֆիան ձեզ ոչ Մոսկովումն է սիրել և ո՛չ այժմ այստեղ սիրում է, ինչպես որ նորա հայրն ու մայրն են միշտ ասում` նա էլ այնպես է կարծում, որ նորան արժանի փեսաներ չի կան հայերի մեջ: Նա ուզում է մի ջահիլ գեներալի կամ գուբեռնատորի կնիկ լինել. այդպիսի մարդ չունքի հայերի մեջ չիկա. Սոֆիան էլ կամա-ակամա օտարազգիի պետք ա գնա: Սոֆիան, իր հոր նման, հայերին իսկի չի սիրում, միշտ ծիծաղում է նոցա վրա: Շատ դժար էր ինձ ձեզ այս բանը հայտնելը, բայց չունքի դուք կամեցաք ճշմարիտը իմանալու, ես էլ ձեզ ինչ որ ճշմարիտ բան գիտեի` ամենը ասացի:

Մի՞թե, — ասացի հուսահատաբար և գլուխս կրծքիս վրա խոնարհեցի և արտասուքը ոլոռ ոլոռ կաթում էր աչքերես:

Պարոն Վարդան, ինչի՞ եք տրտում, ինչի՞ եք լալիս, մի՞թե Սոֆիան կարժե ձեր արտասուքին. մոռացե՛ք նորան. աստուծո փառք տվեցեք, որ ձեր պսակի բանը գլուխ չեկավ. Սոֆիան մի օր ձեզ անպատճառ քանբախտ կաներ

Ա՛խ, Կատյա, Կատյա, մի՞թե սորանից էլ մեծ անբախտություն կա աշխարհիս երեսին...

Կա, պարոն Վարդան, կա. դորանից էլ մեծ անբախտություն կա. բայց աստված ուզում է ձեզ ազատել նորանից, և այդ անբախտությունն է` Սոֆիայի նման աղջկա մարդը լինելը: Հավատացե՛ք ինձ, պ. Վարդան, որ Սոֆիան ամուսնական կյանքի համար ստեղծած չէ. նորա խելքը միտքը Փարիզներ, Վեննաներ, պարահանդեսներ, դիմակահանդեսներ, զարդեր և սիրուն զինվորականներ են. ի՞նչ սազ կգա համեստ հայ երիտասարդին այդպիսի կնիկը:

Այն րոպեին ես կարծում էի թե` Կատյային այսքան չարախոսություն, այսքան բամբասանք թելադրողը նորա նախանձն է դեպի հարուստ Սոֆիան և, գուցե, մի փոքր էլ պատվասիրական ձգտումն դեպի ինձ. բայց թե որպիսի անարդար կարծիք էր այդ խեղճ ու անմեղ աղջկա մասինայդ ես հետո իմացա: Իսկ այն րոպեին ես լուռ մնացի, և միայն երեսիս ծռմռելով հասկացուցի նորան, որ այդպիսի խոսքերը Սոֆիայի մասին ինձ շատ անախորժ են:

Կատյայի երեսը մառախուղով պատեցավ. հազիվ նշմարելի արտասուք ցոլաց նորա աչքերի մեջ. իմ պատասխանը, ինչպես երևում էր, խորունկ խոցեց նորա սիրտը: Դառնալով ինձ, ասաց նա:

Պարոն Վարդան, շատ կարելի է դուք կկարծեք, որ ես ատում եմ Սոֆիային, կամ` նախանձում եմ նորան կամ մեկ չարություն եմ կամենում. աստված մի արասցե. բայց ես մեղքանում եմ ձեզ, որ մինչև այժմ հասկացած չեք նորան: Ես Սոֆիային փոքր ժամանակից ճանաչում եմ, դեռևս այն ժամանակ, երբ նորա հայրը այժմվա պես հարուստ չէր, իսկ իմ հանգուցյալ հայրը Հաշտարխանի մեջ առաջին մարդն էր. գուբեռնատորը ու սրբազան առաջնորդը ամեն կիրակի մեր տանը ճաշի էին լինում. Սոֆիան փոքր ժամանակից չունքի հոր ու մոր մեկ հատ աչքի լույսի պես զավակն էր` շատ երես էր առած. ամեն բան ուզում էր, որ իրա կամքով լինի. հենց որ մեկ թարս բան ասեիր` իսկույն ի՛նչ ձեռը հասավ` կոտրում, փշրում, գետնե գետին էր տալիս, գլխի մազերը պոկում էր, գլուխը պատին էր տալիս ու ձեռքերն էր կծոտում: Այսպես իրա ասածի աղջիկ էր: Հերն ու մերը ասում էին` թե կմեծանա` կխելոքանա ու իսկի չէին աշխատում դրստելու: Մեծացավ, ամա տեսա՞ր որ բնությունը չի փոխվեցավ: Հիմի արդեն նորա դրստելը անկարելի է և կամ շատ աշխատություն և շատ ժամանակ է պետք դորա համար: «Էլ ո՞ւր հեռու գնանք. երեկ միասին էինք ման գալի բուլվարումը. մին էլ բիրդան մեր ղարշու էկավ էն Դռոզդով օֆիցերը ու էրկուսիս չեստ տվավ: Սոֆիան փոխանակ գլուխ տալու ու մոտից անձեն անցնելու, ի՞նչ անի լավ ա, — սկսավ հետը խոսելու. խոսան, խոսան, ման եկան, ման եկան ու, վերջապես առանց հոր ու մոր հրամանին` տուն ձեն տվավ իրիկնաչայի: Դռոզդովի գորա ինչ. նա տղամարդ ա, ամոթ, պատիվ, խալխի բամբասանք նրա համար ոչինչ բան ա: Եկավ տուն, բարեկամացավ Ասատուր-աղայի ու Օվսաննա խանումի հետ. խելի վախտ նստավ ու գիշերի շատ ուշ ժամանակ գնաց տուն: Խոսածներն էլ ի՞նչ, ամենը դատարկ, հայվարա բաներ էին, — Փարիզի քեֆերի, բեաբուր կնանիքի վրա: Մեր Սոֆիան էլ ամաչելու, կարմրելու տեղ, բերանը բացած` ծիծաղում էր: Ապա հիմի ինքդ ասա` ի՞նչպես չի բարկանամ ախըր նրա վրա. մատաղ-ջան, էսպիսով հայ քրիստոնյայի անըմը կոտրվըմ ա ախըր օխտըն օտարի աչքըմը»: Այս բոլոր մենախոսությունը հաշտարխանցի հայ կնոջ արագախոսությամբ, շունչ չառած, նկատեց դժկամած Կատյան: Այդ րոպեին շատ գեղեցիկ էր նա, հայ կնոջ բնական խելքը, պարկեշտությունը և արդարամտությունը փայլում էին նորա դեմքին:

Նա լռեց, ես ոչինչ պատասխան չի տվի:

Տեղերես ելանք ու Եղիսաբեթյան սրահի միջովն գնացինք դեպի ճեմելիք: Ժամը երկուսի մոտ էր. ճաշելու ժամանակն էր. ճեմելիքի մեջ գրեթե մարդ չէր մնացել, ամենը իրանց տներն էին քաշվել: Ես ճանապարհ ձգեցի Կատյային մինչև Ասատուր-աղայի տան մուտքը: Ներս չի մտած, Կատյան ինձ հարցուց.

Այս իրիկուն կգա՞ք աղայի մոտ:

Կարծեմ որ չեմ գալ, ասացի:

Ես ու իմ հոգին` շատ էլ լավ կանեք. ինչո՞ւ է ի զուր ձեր ստորանալը մի թեթևամիտ աղջկա և մի անհոգի ծերունիի առջև:

Բայց ես խոսքս չի բռնեցի, ու չարաչար պատժվեցա:

Երեկոյան ուղիղ յոթը ժամին գնացի: Ասատուր-աղան քանի մի ռուս բարձրաստիճան պաշտոնատարների հետ պատշգամբի վրա նստած թեյ էր խմում. իսկ Սոֆիան Դռոզդովի հետ մի փոքրիկ բազմոցի վրա նստած շատ կամաց խոսում էր. Դռոզդովի աչքերը արյուն էին կոխած: Սոֆիան շառագնած, աչքերը խոնարհած` ուշադրությամբ լսում էր նրա խոսածը: Ի՛նչ էին խոսում նոքա` ոչ լսեցի և ոչ իմացա, բայց հավաստի գիտեմ, որ նոցա ամեն մի խոսքը դաշունի մահաբեր հարված պիտի լիներ ինձ համար: Ժամ ու կես մնացի Ասատուր-աղայի տանը, անոնցմե ոչ ոք մի խոսք չասաց ինձ, ոչ ոք բարևս չընդունեց, ոչ ոք ինձ ձեռք չպարզեց, մինչև անգամ երկբայելի է, որ իմ ներկայությունը նկատած լինեին: Չայը քթիս տակից անցնելով` տալիս էին հյուրերին, իսկ ինձ ոչ առաջարկեցին և ոչ հարցրին` կկամենա՞մ, թե ոչ: Առի գդակս, և խոր խոցված գնացի տուն: Շատ փոշմանեցա, որ Կատյայի խոսքին ականջ չի դրի:

Հունիսի 30.

Չորս ամբողջ օր վրա-վրա տանս փակված մնացի: Ոչ ոք ինձ չայցելեց` ո՛չ բարեկամներ և ո՛չ հիվանդներ, թեև, ըստ օրինակի ուրիշ բժիշկներուն, տեղական լրագրի մեջ հայտարարել էի, որ «պատիվ կունենամ հիվանդներ բժշկելու»:

Քաղաք հասած օրես ի վեր դեռևս ոչ մի հիվանդ դիմած չէ` իմ օգնությանը, բացի Կատյայեն, որն թերևս մենակ հավատում է իմ բժշկական հմտությանը: Ո՞վ է հարցնողը, թե այսպիսի ետ ընկած փողոցի մեջ մի նորավարտ հայ բժիշկ կա Վարդան Հուսկանյան անունով կամ չիկա, մինչ Բառթեր, Վիցեր, Սմիռնովներ, Միլյուտիններ, Խալեցկիներ արեգակի նման փայլում են ահա քանի տասնյակ տարիներ:

Следующая страница