Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Այստեղ ևս ավելի մեղադրում եմ հայ բժիշկներին, քան թե ժողովրդին: Ըստ մեծի մասին բժիշկները և հայ բժիշկը մանավանդ` իրանց գործի վրա ինչպես հարստացնող արվեստի վրա են նայում: Երբ որ մեկ մարդու նպատակ հարստանալ է` արդեն հնարներու ազնվությունը և անազնվությունը նորա աչքեն փախչում են: Երեք պաշտոն կա, ուր փողի սերը մարդուս համար դառնում է աններելի մոլություն. դոքա են պաշտոնները քահանայի, մանկավարժի և բժշկի: Ես չեմ ասում, որ այս երեքին փող և ապրուստ պետք չեն, ամենևին ոչ, բայց եթե սոցա աչքում փողը առաջին կարգումն լինի, նոցա գարշելի կդարձնե մարդոց աչքում: Ամենքս ներողամիտ աչքով նայում ենք արծաթասեր վաճառականի վրա, եթե մեկ զինվորական սիրե ճոխ և զեխ ապրուստ` մենք ամենևին նյութ չենք դարձնում մեր խոսակցությանը նորա այդ թուլությունը, բայց եթե մեկ քահանա, կամ մեկ մանկավարժ, կամ մեկ բժիշկ սիրե ճոխ ուտել-խմել, շռայլ ապրել, պերճ հագվել ու զարդարվել` մենք արդեն մեր մտքի մեջ նոցա կարգազուրկ և պաշտոնանկ ենք համարում, չենք հավատում նոցա օգտաբերությանը, և չենք գնահատում նոցա հմտությունը իրանց արվեստի մեջ: Ինչո՞ւ: Այդ ամենին էլ հասկանալի է, ամենքն էլ գիտեն: Թե՛ քահանան, թե՛ բժիշկը և թե՛ մանկավարժը պաշտոն մտած օրից պիտի շարունակ սովորի և կատարելագործվի. դրա համար ժամանակ է պետք, իսկ եթե նոքա անձնատուր լինին փող ճարելու և ճոխ ապրուստ վայելելու` նոցա թանկագին ժամանակը իրանց ընտրած արվեստի համար անպտուղ կկորչի, և նոքա ո՛չ միայն չեն կատարելագործվիլ, ոչ միայն իրենց ստացած գիտությունը կպահպանեն, այլ օրեօր կմոռանան այն և կտգիտանան: Երկրորդ պատճառ ևս կա, որ ժողովուրդը չի ներում այդ երեք պաշտոնին նվիրված մարդոց արծաթասիրություն և զեխություն: Քահանան, մանկավարժը և բժիշկը ոչ միայն խոսքով պարտավոր են խրատելու ժողովրդին, այլև իրենց անձնական համեստ կյանքով լինել նորան օրինակ, որն ավելի կհամոզի, քան թե ամենաճարտար լեզուն:

Մեծագույն մասը հայ բժիշկներին սովորություն ունի, հենց որ թողեց համալսարանական նստարանը, իսկույն հետամուտ լինել, որ յուր ապրուստը ապահովացնե: Ընթերցանություն, պարապմունք, ուսումնական փորձեր, կատարելագործություն, հետախուզություն, — բոլորը ցնդում են նորա մտքեն, նորա բոլոր իմաստությունը սահմանափակվում է այն կիսակատար գիտությամբ, որ նա յուր պատանեկության օրերը օրամեջ քաղել էր պրոֆեսորների դասախոսություններեն և տարվա վերջին ամիս ու կես վայնաչարին քաղվածք էր արել յուր ճզմզած տետրակներովը: Թեև ամեն ազգի մեջ կան այսպիսի թերուս բժիշկներ, բայց միևնույն ժամանակ ամեն ազգ ունի հմուտ, կատարելագործած, առաջնակարգ բժշկապետեր, տարաբախտաբար հայ ազգը շատ ունի առաջիններեն և գրեթե ոչ մինը երկրորդեն:

Այս է պատճառը, որ հայ հիվանդը սակավ հավատ է ընծայում բժշկին: Եթե նորա տկարությունը փոքր ի շատե ծանր է` նա երբեք չի դիմիլ հայ բժշկին, այլ միշտ կհրավիրե օտարազգիին, հենց այն պատճառով, որ հային առանց այլևայլության վատ է ճանաչում, իսկ օտարազգիին` ոչ: Ո՞վ է մեղավորը: Իհարկե, շատ օգնում է մեր ազգակործան մոլորությունը, որ է օտարասիրություն, որով վարակված է գրեթե ամեն հայիմեծից բռնած մինչև փոքրը: Ազգասեր, հայասեր խոսքը, որ մեր օրերում սաստիկ տարածված է մեր մեջ, հայի բերանումը նույն ծիծաղաշարժ նշանակությունը ունի, ինչ որ հարյուր հազարը կամ միլիոնը մի մուրացիկ աղքատի բերանումն: Մեր ազգի ո՛ր մեկ պակասությանը վրա խոսիմ, երբ որ մենք ծայր ի ծայր պակասություններով լցված ենք: Անմխիթա՛ր վիճակ:

Երեկոյան դեմ, ժամը այսպես վեցին, գնացի ճեմելիք. սպաները մեծ խումբ կազմած` ծիծաղելով դեպի վեր էին նայում ու անպարկեշտ կատակներ էին անում իրանց մեջ նոցա մասին, որոնց վրա նայում էին, իսկ նայում էին նոքա Դռոզդովի և Սոֆիայի վրա, որոնք կուռ-կռի տված` գնում էին դեպի վերի ճեմելիքները:

Ա՛յ կտրիճ. — ասում էր սպաներեն մինը, — որքան և անպիտան է, որքան և անամոթ է, բայց կարողացավ խո ճանկը ձգելու այդ թռչունին

Օ՛, Դռոզդովը մեծ ոմն է փոքր գործերումը, — պատասխանեց մյուսը, — բայց մեկ հին և խելոք առած կա, որ ասում է. «Դու ասա՛ ինձ ո՛վ է բարեկամդ, ես էլ քեզ կասեմ դու ինքդ ո՛վ ես»: Դռոզդովին ճանաչելով` մենք պետք է երևակայենք, թե նորա ձեռք ձգած աղջիկը ի՛նչ պտուղ է...

Չէ՛, պարոններ. ի՞նչ կուզեք ասել, բայց աղջիկը բավական սիրուն է, հորը համար էլ ասում են, թե շատ հարուստ մարդ է:

Ո՛րքան կուզե հարուստ լինի, բայց Դռոզդովին Փարիզի մեջ մեկ տարի մսխելու փող չի ունենալու, վասնզի նա յուր հորից մնացած միլիոնը և հորաքույրից մնացած հարյուր հազարները երկու տարվա մեջ այնպես փճացուց, որ գրեթե մերկ ետ եկավ:

Մի՞թե աղջկա ժլատ հայրը յուր բոլոր ունեցածը կառնի կուտա նորան. չէ՛, Դռոզդովը թո՛ղ յուր ախորժակը պահե մինչև նորա մահը

Եթե չի տալ` Դռոզդովը կգողանա, դրամարկղ կոտրել բանալ, սուտ մուրհակ տալ, թղթախաղի մեջ հազար տեսակ խարդախություններ անելը նորա համար նոր բան չէ՛:

Ավելի չկարողացա համբերելու, թողի ու գնացի առաջ. բայց Սոֆիային ևս հանդիպել չէի ուզում, ուստի մեծ, լայն ճանապարհը թողած` կողմնակի նեղ ճանապարհներով խորացա ծառատունկի մեջ, որ սարի լանջի վրա էր զետեղված: Այստեղ ծառերը, թփերը ու մարդաչափ խոտերը այնքան խիտ էին, որ չորս քայլափոխ հեռի կեցողին անհնար էր տեսնելը: Հանկարծ ականջիս շշուկի ձայն եկավ, ուշքս դրի, տեսնեմ Սոֆիայի ձայնն է, բայց շատ կամաց արտասանած.

Պարո՛ն Դռոզդով, ի՞նչ եք անում, թողե՛ք, մարդ կտեսնե, ամոթ է:

Չէ՛, հոգիս, ոչ ոք չի տեսնիլ, մի՞թե ինձ չես սիրում, էլի մեկ համբույր տո՛ւր, այն ժամանակ ես կիմանամ, որ դու ինձ սիրում ես:

Ու լսվեցավ մի բարձրաձայն համբույրի շրխկոց:

Բավական չէ՞ր, էլի՞ ես չարություն անում, թող, թե չէ, կկանչեմ

Ես դիտմամբ ամուր հազացի, որ ձայնս լսվի ու այս խայտառակ տեսարանին վերջ լինի: Այնպես էլ եղավ: Երբ որ ձայնս լսեցին` իսկույն թփերի միջից ճանապարհի վրա գնացին, և ես գուցե ազատեցի Սոֆիային այնպիսի անկումե, ուր կինը կյանքի մեջ գլորվում է մի անգամ ու էլ ոտքի կանգնել չէ կարող: Բայց ի՞նչ օգուտ. Դռոզդովը որ կար` երևելի չար որոմն էր, իսկ Սոֆիան նորա համար ամեն րոպե պատրաստ պարարտ հող:

Երբ որ ստորին ճեմելիքը եկա` սպաների խումբը աղաղակ, աղմուկ բարձրացուցած շրջապատել էին Դռոզդովին, իսկ հեռվումը Սոֆիան նորան էր սպասում, երեսը հակառակ կողմը դարձուցած: Սպաներից մինը ասաց.

Դռոզդո՛վ, պիտի շնորհավորենք քու օրինավոր պսակը, — ու ծիծաղեցավ, հետև էլ ծիծաղեցան մյուս սպաները:

Օրինավոր պսակի համար դեռևս ոչինչ ասել չեմ կարող, — պատասխանեց Դռոզդովը, — բայց քաղաքական պսակս պատիվ կունենաք շնորհավորելու:

Սպաները ավելի պինդ ծիծաղեցան, ու մի քանիսը մինչև անգամ աղաղակեցին. «Կեցցե Թամբովի մատակախանձը, կեցցե՛ ասիացի զամբիկը»:

Էլ մի՛ հարցնեք, ի՛նչ կրակի մեջ էր իմ հոգին: Լավ է, որ այս խոսքերը չհասան Սոֆիայի ականջը:

Բայց այս օրվա «ավուրն չարը» այս ամոթալի միջադեպով չի պիտի վերջանար: Մի գաղտնի, անմեկնելի զորություն ինձ քաշում էր դեպի Ասատուր-աղայի տունը, ուր թեև գիտեի, որ բացի անախորժութենե ուրիշ բանի հանդիպելու չեմ, այսուամենայնիվ, ուղիղ գնացի այնտեղ:

Այս անգամ Ասատուր-աղան մենակ էր իր գրասենյակի մեջ: Մոտեցա նորան. ձեռքս պարզեցի, բայց նա չգիտեմ, չտեսա՞վ թե չուզեց ինձ ձեռք տալու, միայն թե իմ խոնարհ ողջունիս ունքի թեթև շարժումներովը պատասխանեց:

Լուռ մունջ նստա մի հեռավոր աթոռի վրա:

Ես տարօրինակ ստեղծված եմ. երբ որ մարդիկ իմ սիրտը ցավեցնեն, սաստիկ վիրավորեն` բարկանալու տեղ, ես առավել ևս կկակուղանամ, կընկճվիմ, կոչնչանամ, մինչև անգամ` ինքս պատրաստ եմ նորանից ներողություն խնդրելու. ուրիշ բան է, եթե իմ առջև թշնամանեն մի բարեկամիս, կամ մեկ անմեղ և մանավանդ մի տկար մարդու. այն ժամանակ ես կկատաղեմ, իմ բարկությունը չափ և սահման չի ունենալ. չգիտեմ ո՛րտեղից վրաս քաջություն կուգա և իմ վրեժը սոսկալի է, որքան որ զենք ունիմ` բոլորը հանդես կհանեմ: Ի՞նչու է այդպես, ի՞նչ է սորա պատճառը: — Սորա պատճառը այն է, որ իմ մանկութենե ինձ սովորեցրած չեն իմ ծնողքը աղոթքի և հնազանդության հետ միասին նաև իմ միջի մարդկային արժանավորությունը ճանաչելու և պաշտպանելու. իսկ վերջերումը իմ ստացած լուսավորությունը տվել է ինձ քաղաքացիի առաքինություններ, որոնց թվին է նաև պաշտպանել անմեղին և տկարին:

Իմ տեղ մի անգլիացի կամ մի ամերիկացի լիներ, հազար անգամ թքած կլիներ Ասատուր-աղայի ու Սոֆիայի երեսներին և Դռոզդովի թշերը ապտակներով կուռեցներ. բայց ընդ նմին և ըստ արժանվույն կպատվեր և կգնահատեր Կատյային, և ոչ թե ինձ նման օրը տասն անգամ փոքրոգությամբ նորա սիրտը կկոտրեր: Ծեծող ձեռքը շան նման լիզելը ո՛չ թե խոնարհություն, այլ ամենագարշելի ցածություն և ամենանուրբ կեղծավորություն է: Տե՛ր աստված, տե՛ր աստված, եթե մեր հայկական բարոյականությունը լավ զննես` որքան առաքինություններ մոլությունք պիտի ճանաչվին: Այս խորհրդածությունները արի իմ մեջ քանի որ Ասատուր-աղան լուռ կեցած էր ու տեր ողորմյան համրում էր: Վերջապես գլուխը բարձրացուց ու ասաց ինձ.

Խաբա՞ր ես, ախըր մենք Սոֆիային պետք ա նշանենք. ուզող կա:

Հա՞, բարի սահաթի լինի: Կարո՞ղ եմ իմանալ` որի հետ, — ասացի:

Էստեղ մեկ հարուստ պամեշչիկի տղա կա, չգիտեմ մայո՞ր է, թե պոդպոլկովնիկ. մալխաս ջահիլ, սիրուն, բոյով-բուսով տղա ա, շատ հավանել ա մեր Սոֆիային: Հերը, ասըմ են, երկու երեք միլիոն ունի, տոտինկենէլ ա էտքան յա մե զատ պակաս, ղայրաղ քանի քանի հազար դեսյատին հողից, լեսից ու Մոսկովի ու Պետերբուրգի եքա եքա տներից: Մեկ խոսքով` շատ խոջա տղա յա, թագավորի էլ, ասըմ են, աչքի լուսն ա. գվարդիումն ղուլլուղ ա անըմ: Ի՞նչ ա, լավ ա՞:

Ինչո՛ւ չէ, շատ լավ է, — պատասխանեցի ես:

Էդ ա դա՛, դու ապա ի՞նչ էիր թահմին անըմ. բաս Սոֆիկիս չիտաի մեկ պարտքի մեջ խեղդված դուքանդարի, յա մեկ անփոխան հայ չինովնիկի, էսի չե՞ն առնիլ, — ասաց, մատերին մի օտարոտի ձև տալով:

Ես ծիծաղեցա` ո՛չ նորա խոսքերի, այլ իրա Ասատուր-աղայի վրա. բայց նա իմ ծիծաղի իսկական միտքը չհասկանալով` ևս առավել ոգևորվեցավ:

Դու ի՞նչ ես կարծըմ, ես ի՞նչ մարդ եմ, ի՞նչ մարդու զավակ եմ: Հորս վրա բան լսած չե՞ս, լսած չե՞ս Մկրտում աղայի անունը: Իմ հերս էնպես մարդ էր, որ սաղ Հաշտարխան նրա առաջ ձեռքերը խաչ կապած կայնըմ էր: Նրա նավերը ղըզըլբաշի տեղից դեպի մեր կողմերը ապրանք էին բերըմ, էստեղից էլ էնտեղ ռուսի ապրանք էին տանըմ: Մեկ օր խաբար բերան քի` էրկու նավըդ բաթմիշ ա իլել ծովի վրա: Հերս իսկույն հրամայել ա տասը ոչխար տանեն ժամի դուռը մատաղ բաժանելու խալխին: Հարցրել են թե` էդ ինչ աչքալուսանքի համար ա մատաղդ. նա ասել ա քի` շատ ուրախ եմ որ էրկու նավս ա բաթմիշ իլել և ո՛չ թե տասներկուսը. էլի շահս մեծ ա: Էսպես ղոչաղ մարդ ա իլել ողորմած հոգին: Մեկ օր էլ եներալներ, պոլկովնիկներ, մայորներ, չգիտեմ, ո՛ր թագավորի կենացը շամպանսկի խմում են իլել. էդ միջոցին էլ հերս կառեթով անց ա կանում իլել էն տան շարշվից, ուր էդ մեծավորները քեֆ են անում իլել: Գուբեռնատորը որ փանջարից տեսնըմ ա հորս` ձեն ա տալիս թե, «Նիկիտ Ամբակումիչ, Նիկիտ Ամբակումիչ, արի էստե՛ղ, թագավորի կենացը մի բաքալ շամպանսկի անուշ արա՛»: Հերս էլ կառեթիցն պատասխան ա տալիս. «Ես չեմ գալ ձեզ մոտ. լավն էն ա` դուք կամպանիով էկեք իմ տուն. սամավար տինիլ կտամ, լավ բաբաթի կնստինք ու թագավորի կենացը տաք տաք չայ անուշ կանենք»: Մեր գուբեռնատորը կատղըմ ա. «Ո՞նց թե թագավորի կենացը չայ կխմես. դու ի՞նչպես համարձակար էդպես օրենքի հակառակ խոսք բաց թողնելու բերանիցդ. չգիտե՞ս որ թագավորի կենացը մենակ կարելի ա շամպանսկի խմել. ես հիմա քեզ փոդսուդ կտամ, վրեդ դատաստան կբանամ ու տնով-տեղով Սիբիր կուղարկեմ»: Հերս բան չի ասըմ. գընըմ ա տուն: Գուբեռնատորը ինչքան որ բազմություն կա մոտը, ամենին առնըմ ա, դուփ ու դուզ գալիս ա նրա ետնից, ուզում ա մարդուն մեղալամ կորցնի: Հերս որ իմանըմ ա, թե գուբեռնատորը եկել ա իրա տուն` իսկույն հրամայում ա ներս բերել արծաթի սամավարը ու սանդուկներից հանըմ ա պաչկա պաչկա ասիգնացիաները, քըցըմ ա մեջը ու վառըմ ա. ու եքա սամավարը խշխշցընըմ ա մենակ ասիգնացիաներով: Գուբեռնատորը ու հետի մեծամաս մարդիկ էսի որ տեսնըմ են, պելլված` էնպես են զարմանըմ: Մկրտում աղեն, իմ հանգուցյալ հերը, ասըմ ա էն վախտ. «Հիմա տեսեցի՛ք, պարոններ, որ իմ մեկ թաս չայը մեր ողորմած թագավորի համար ավելի թանկագին պատվավոր ա, քան թե ձեր բութիլը հինգ ռուբլանոց շամպանսկին: Էն ժամանակ գուբեռնատորը ու հետի մեծամարդիկը տեսնըմ են, որ ղորդ ա իլել մարդու ասածը քի՛. «Իմ չայը ավելի պատիվ կըբերի մեր թագավորին, քան թե ձեր շամպանսկին», ինչու որ նոցա խմած մեկ-երկու ստաքան չայի համար նա էրել ա երկու-հարյուր հազար մանեթից ավելի:

Հիմի տեսեցի՞ր, պարոն բժիշկ, թե Սոֆիաս ինչ երևելի օջախիցն ա: Հիմի դու ու քու հոգին` ախր մարդ ի՞նչպես ղըմըշի էսպես ազիզ մեծացրած աղջկանը առնի ու մեկ հասարակ հայի կնիկ անի:

Ես տեսա որ Ասատուր-աղայի հետ վիճելը բոլորովին ավելորդ է, անհնար էր նորան սովորեցնել, թե ո՛ր գործը ազնիվ է և ո՛րը ոչ, ի՛նչ բան մարդուս բարձրացնում է և ի՛նչ բան ցածրացնում. մեր կարծիքը իրար այնքան հակառակ էին, որքան որ կրակը ու ջուրը:

Շատ լավ, — ասացի, — բայց, Ասատուր-աղա, դուք հավաստի գիտե՞ք, որ Դռոզդովը հարուստ կալվածատեր հայր ունի. հավաստի՞ եք, որ նորա հայրն ու հորաքույրը կենդանի են և այդքան մեծ հարստություն մի օր նա պետք է ժառանգե. արդյոք այդ ամենը սուտ, հնարած պատմություններ չե՞ն:

Ի՛նչ ես ասըմ, ի՛նչ ես հայվարա հայվարա խոսըմ, ի՛նչ ես լոբի կերած դուս տալիս. թե որ ես մեկ բան եմ ասըմ, լա՛վ իմացած իլիր, որ նահախ չեմ ասիլ: Նախանձը՞մ ես, ի՞նչ, էն օֆիցերին. թե՞ կամենըմ ես որ միլիոնչիք մեծավոր տղին թողնեմ ու աղջկաս քեզ տամ, որ դու էլ էն խեղճ երեխին տանեիր Հայաստանիդ գումանները, կարմիր թմբան հագցնեիր ու նրա օր-արևը սևացնեիր լվոտ ու օջլոտ հավաբուների մեջ: Զարմանըմ մընըմ եմ էս հայի փուճ խասիաթի վրա, մեկ բան թե իրանց ասածի պես չիլավ, թեկուզ ջուր գա աշխարհք տանի` նրանց համար մեկ բան ա: Պարոն Վարդան, ամո՛թ ա, ամո՛թ, թո՛ղ հայի էդ փչանալու ադաթը, մարդու չկամություն մի՛ անիլ, փիս բան ա: Ես հազար անգամ ասել եմ ու էլի կասեմ, իմ Սոֆինկայի նասիբ ջահել տղա չկա հայերի մեջ. աղա-Լազարովանց մեջ խո տղերք իսկի չկան. նրանցից ցած մարդու տալ չեմ ղըմըշըմ. ճարը կտրած ռուսների գըման պետք աչքս շուռ տամ, — ի՞նչ ես ասըմ:

Ասատուր-աղա, ինչի՞ ես բարկանում, ես քեզ դորա հակառակ ի՞նչ եմ ասել որ, ո՞վ կարող է քու ձեռքից հայրական իրավունքդ խլելու. միայն թե...

Ի՞նչ միայն թե, ինչ միայն թե, — ասաց ինձ տնազ տալով, — էդ միայն թե՛ովդ ի՞նչ ես ուզըմ ինձ հասկացնել: Վլադիմիր Դռոզդովը գնաց-եկավ` քեզանի՞ց էլ պակաս մարդ իլավ, գլո՛ւխդ մեռնի ոչ...

Էլի ուզում էր այս տեսակ անախորժ խոսքեր ասելու, հանկարծ, թուրը ու կոշիկների խթանները շխկշխկացնելով ներս մտավ Դռոզդովը, շնորհալի ձևով բարևեց Ասատուր-աղային, ձեռքը սեղմեց ու մոտը նստավ, և սկսավ սուտ-ղորդ Պետերբուրգի ավագորյայի և կայսերական դրան բաները պատմելու, ոչ ինձ բարևեց և ոչ ձեռք տվավ, և Ասատուր-աղան մինչև անգամ ավելորդ համարեց մեզ իրար հետ ծանոթացնելու, ինչպես որ այդ սովորություն է ամեն բարեկիրթ ընկերությանց մեջ: Նոր էր ներս մտել Դռոզդովը, մին էլ տեսնես, հակառակ դռնից, երեսը կարմրած, դեմքը այլայլված, արեգակի նման աչքերը ցոլալով ներս մտավ Սոֆիան ու այնպես մտերմաբար բարևեց նորան, ասես թե նոքա չորս-հինգ տարուց այր ու կին լինեին: Ասատուր-աղան էլ, հայր Աբրահամի դերը վրան առած` ներողամիտ աչքով ու անդորր ոգով նայում էր Սահակի ու Ռեբեկայի վրա:

Անձնապատվությունը, ազնիվ հպարտությունը պահանջում էին, որ ես թքեի ու դուրս գայի այս գարշելի որջեն, բայց, ավաղ, պատիվը ու հպարտությունը վաղուց թմրել էին մեջս: Ես զարմանում եմ, թե մինչև ո՛ր աստիճան մարդս կարող է ինքն իրեն մոռանալ և ստորանալ: Հաստատուն կամք բոլորովին մնացած չէր մեջս. այնպես կարծում եմ, որ եթե այդ րոպեին Դռոզդովը գար թքեր երեսիս կամ ապտակեր` ես լուռ կմնայի ու համբերությամբ կտանեի, միայն թե ինձ չի զրկեր Սոֆիայի երեստեսութենեն: Ի՞նչ զգացմունք էր այս, սե՞ր էր: Չեմ կարծում: Խելագարության նման մի ցավ չէ՞ր արդյոք: Վերջին ենթադրությունս շատ հավանական է. վասնզի բժշկական գիտությունը ամենևին չի մերժում այսպիսի ժամանակավոր, րոպեական խելագարություն, մանավանդ բնությամբ թույլ և սիրտը փափուկ մարդուց:

Հանկարծ Դռոզդովը գդակի միջից մի փոքրիկ կապոց հանեց, եղալի աչքերով մոտեցավ Սոֆիային ու ասաց.

Օրիորդ, խնդրեմ ընդունեցեք ինձանից այս փոքրիկ ընծան:

Սոֆիան ուրախ-ուրախ առավ կապոցը, դեմքի վրա անպատմելի ուրախություն ցույց տալով, միջից դուրս հանեց մի փոքրիկ տուփ, ուր կար բուստե զույգ օղ և մի քորոց: Ամենը միասին կարժեր վեց կամ յոթը մանեթ: Եվ նա, որի պարանքը լիքն էր կաղնի մեծության մարգարիտներով, ադամանդներով, զմրուխտներով և ուրիշ գոհարներով, մի նաժշտի վայելուչ ընծայի համար չգիտեր սրտի ուրախությունը ինչպես հայտներ:

Ա՛խ, պարոն Դռոզդով, ինչպես շնորհակալ եմ ձեզանից, ա՛խ, ի՛նչպես սիրուն բան է, ի՛նչպես ընտիր ճաշակ ունիք դուք:

Իսկույն մոտեցավ հայելիին, շուտ շուտ հանեց ականջներեն ու դեն ձգեց յուր օղերը, որոնք առսակավը երկու հազար կարժեին ու հագավ այդ նորերը, իսկ քորոցը չգիտեր կուրծքի ո՛ր կողմը ցցեր` վեր, թե ցած, աջ, թե ձախ, ասես թե խնայում էր ձեռքից հանելու:

Ա՛խ, ինչ հիանալի զարդեր են, քանի՞ տվիք, որի՞ց գնեցիք, մինչև մահս դոցանից չեմ բաժանվիլ:

Գնի համար մի՛ հարցնեք, շատ չնչին փող եմ տվել, բայց գնեցի Կավկազի կողմերից եկած մի «առմեաշկայից»:

Այս վերջին խոսքը մի այնպիսի հասարակ, սովորական բառ երևացավ Ասատուր-աղային, որ ասես թե նա ծնած օրից ուրիշ անուն չէր լսել հայի ազգությանը: Բայց իմ համբերությունս սպառեցավ: Տեղիցս ելա.

Պարոն Դռոզդով, — ասացի, — դիցուք թե դուք հայերին չեք սիրում, ասում եք. դիցուք թե ինձ էլ արհամարհում եք. բայց դուք ի՞նչ իրավունք ունիք անպատվելու այն տունը, ուր դուք գտել եք հյուրասիրություն և ավելի քան թե հյուրասիրություն` պատիվ և սեր. ա՞յդ է ապացույցը ձեր ազնիվ ծնողաց զավակ լինելուն, որով այս պարզամիտները (մատով ցույց տվի Ասատուր-աղայի և Սոֆիայի վրա) պարծենում են, ա՞յս է քաղաքավարությունը, որն սուրբ պարտավորություն է ամեն սպայի...

Պարո՛ն, — ասաց ինձ Դռոզդովը գոռոզությամբ, — դուք ինձ չեք ճանաչում, նմանապես ես էլ ձեզ չեմ ճանաչում, և ինձ նման մարդը ամենևին հարկավորություն չունի ձեզ նմանների հետ ծանոթ լինելու, ուրեմն ձեր անտեղի հարցմունքը ես անպատասխան կթողում

Ա՛խպեր, քո՞ գորա ինչ, էլի սկսա՛ր... — ասաց Ասատուր-աղան:

Բայց ես նորա խոսքը բանի տեղ չի դրի ու շարունակեցի ասելու Դռոզդովին.

Եթե դուք ինձ նախատած լինեիք, ես ձեզ մարդապես կարող էի ներել, բայց որովհետև իմ ազգս նախատեցիք

Միտք ունիք ինձ պատժելո՞ւ, — կտրեց խոսքս Դռոզդովը:

Պարոն Վարդան, խնդրեմ ձենդ կտրի՛ր, — ասաց Ասատուր-աղան, թե չէ ես...

Բայց ես դարձյալ նորա խոսքը բանի տեղ չի դրի ու` դառնալով Դռոզդովին, ասացի.

Այո, կպատժեմ և սաստիկ կպատժեմ:

Զո՞րօրինակ… — ասաց նա երեսը սպրդնած և շինծու ժպիտով թաքցնելով սրտի երկյուղը:

Մենք կմենամարտինք, — ասացի վճռողաբար, խոսքս ծանր-ծանր արտաբերելով, ասես թե բառիս ամեն մեկ վանկը տապարի սուր-սուր հարվածներ լինեին ու բուռերս սեղմած Դռոզդովի վրան վազեցի, որ մի քանի ապտակ տամ: Դռոզդովը հասկացավ միտքս ու թուրը մերկացուց, և մերկացուցած թուրը ձեռքին, քաշվեցավ Սոֆիայի ետևը` երեսը նորա ճոխ շինիոնի մեջ թաքցնելով: Ասատուր-աղան սաթե կտուցով ծխամորճովնա պապիրոս քաշելու սովորություն չուներվրաս վազեց:

Պարոն Ասատուր, — ասացի կատաղած, եթե էլի մեկ քայլ ես արել դեպի ինձ` հենց կեցած տեղդ կխեղդեմ:

Սոֆիան բարկացած երեսը ինձ դարձրած և ձեռքերը բարձրացած` անվախ կանգնած էր առջևս ու պատրաստ էր մինչև վերջին շունչը պաշտպանելու Դռոզդովին:

Գնա՛ կորիր մեր տնից, ցա՛ծ հոգի, — ասաց ինձ, — ի՛նչ ես ուզում մեզանից. գնա՛, գնա՛, մենք քեզ ատում ենք` թքում եմ քու վրա. այո՛, այո՛, ամենքդ էլ առմեաշկաներ եք, դու էլ առմեաշկա ես

Մեկ րոպե ևս շփոթվեցա, ձեռքերս թուլացան և լեզուս պապանձվեցավ, բայց այդ շփոթս տևեց միայն մի րոպե, ճիգ արի, ուժս ժողովեցի ու

Օրիո՛րդ, — ասացի, — եթե այդպես է` ես էլ քեզ արհամարհում եմ, դու ազգուրա՛ց ես, հայության սուրբ անունը ափսոս է, որ քեզ նման ապականված կնոջ վրա լինի: Թո՛ւք, մո՛ւր և խայտառակությո՛ւն այս անիծված տան վրա: Ու հետո խոսքս դարձնելով Դռոզդովին` ասացի.

Դռոզդով, դու ինձ հետ պիտի մենամարտես, և որքան շուտ` այնքան լավ

Ես չեմ մենամարտիլ ձեզ հետ, — ասաց նա ետև ու ետև քաշվելով:

Չէ՛, կմենամարտիս, անասո՛ւն դու, — ասացի ու վրան վազեցի:

Չէ՛, չեմ մենամարտիլ, — ասաց նա, — այժմ սաստիկ արգելած է մենամարտությունը: Եթե ինձմեն անբավական եք, հաշտարարին հայտնեցե՛ք:

Ես քեզ կստիպեմ մենամարտելու, — ասացի, վրան վազեցի ու ապտակ տվի, բայց տարաբախտաբար, այդ միջոցին Սոֆիան այնքան մոտիկ կանգնած էր Դռոզդովին, որ ձեռքս նորա երեսին կպավ: Շինիոնը թռավ գլխեն, Դռոզդովի ընծայած օղերեն մինը ականջե պուկ եկավ ու գլորվեցավ դեպի տան խորշը և խեղճ աղջկա երեսին էլ հինգ մատիս հետքը կարմիր գույնով տպվեցավ: Տեսնելով որ Դռոզդովը պիտի ազատվի ձեռքես, մի կողմ մղեցի Սոֆիային, բռնեցի նորա մերկացուցած, բայց գուլ թո՛ւրը և երեք չաղ-չաղ ապտակներ ծեփեցի նորա թխլիկ թշերին:

Հիմի կմենամարտի՞ս, — ասացի:

Այդ միջոցին Ասատուր-աղան սենյակից դուրս էր գնացել մարդիկ օգնության կանչելու. մինչև նա մարդիկ կժողովեր, մինչև կվերադառնար, ես սենյակից դուրս գնացի: Նախասենյակում կանգնած էր Կատյան` վերարկուս ձեռքին:

Ղոչա՛ղ, Վարդան-ջան, ջա՛ն Վարդան, օխա՛, մեկ էս ա, որ ջիգրեքս հանեցիր, — ասաց ու ուսերիս ձգեց վերարկուս: — Աղա, էն դռնից մի՛ երթալ, մարդիկ կան, կբռնեն, եկ էս գումանից դուրս գնա, — ու ցույց տվեց այն դուռը, ուստի ծառաներն էին ելումուտ անում: Երբ որ հեռավոր դռնով Ասատուր-աղայի բնակարանից դուրս եկա ու մտա փողոց` տեսա շատ մարդիկ, որ ժողովված էին նորա դռան առաջ:

Շփոթս փարատելու համար մի ղարաբաղցիե վարձեցի ձի ու գնացի դեպի գերեզմանոց կոլոնինան և մինչև գիշերվա մութը աննպատակ չափ էի տալիս Տաք-ջուրի շրջակա սարերի, ձորերի ու անտառների մեջ: Կես-գիշերը անցած էր, որ քաղաք եկա, մտա սենյակս և այն գիշեր առաջին անգամ հանգիստ ոգով մտա անկողինս:

Հուլիսի 8. Էսենտուկ:

Ահա քանի օր է, որ Էսենտուկումն եմ` մի հյուրանոցի սիրուն սենյակի մեջ տեղավորված. բայց ո՞վ ինձ այստեղ բերեց-չգիտեմ: Ծառան ասում է թե` երեք օր ուշաթափ էի. բժիշկները կարծել են թե անպատճառ կմեռնեմանգամ վտանգելի հիվանդ եմ եղել:

Վերջին անգամ որ Ասատուր-աղայի տանից աղմկով կռիվով դուրս գնացի` բոլոր գիշերը անցուցի խոնավ օդի մեջ ու թեթև հագված, գիշեր որ տուն եկա հոգնած` իսկույն քնեցա, բայց մյուս առավոտ միայն զգացի, որ Կովկասի անիծած դողցուցը ինձ բռնել է. հայելիին մոտեցա, տեսնեմ երեսիս գույնը մեռելի գույն է: Շուտ-շուտ հագվեցա (բոլոր ժամանակը ատամս ատամիս չէր դիպչում, այնպես սաստիկ դողում էի), մտա Բոլթի դեղանոցը, բավականին մեծաքանակ քինաքինա կուլ տվի ու գնացի Դռոզդովի տան առջև կանգնեցա ու սպասում էի նորա դուրս գալուն: Թեև ամբողջ երկու ժամ անպտուղ սպասեցի, բայց պատրաստ էի այլևս տասներկու սպասելու, որ նորա լրբությունը անպատուհաս չթողնեմ: Ժամը տասնին, տեսնեմ սանդխտից ցած է իջնում նա: Ուրախությունիցս սիրտս սկսավ սաստիկ բաբախելու: Երբ որ նա փողոց մտավ, ես էլ իսկույն եկա կանգնեցա նորա առջև:

Պարոն Դռոզդով, զենքդ հե՞տդ է, — հարցուցի, — ժամանակ է մեր մենամարտությունը վերջացնելու:

Պարոն, ես ձեզ արդեն պատիվ ունեցա հայտնելու, որ չեմ մենամարտիլ, օրենքը խստիվ արգելում է մենամարտությունը, — պատասխանեց ցած ձայնով Դռոզդովը:

Պարոն Դռոզդով, — ասացի, բայց նույն օրենքովն նմանապես սաստիկ արգելված չէ՞ր նախատինք անելու այն ազգին, որն բացի լավ գործերե ոչինչ արած չունի յուր պատմական կյանքի մեջ, գեթ Ռուսաց իշխանության տակ. եթե դու մեկ օրենքին այդքան հնազանդ ես, ինչո՞ւ մյուսը այնպես լրբաբար ոտնակոխ արիր:

Ես չեմ մենամարտիլ, — ասաց Դռոզդովն ու ձայնը, ասես թե արդեն փորիցն էր դուրս գալիս:

Բայց ես քեզ կստիպեմ` մենամարտելու, ասացի ես, ու արյունս սկսավ նորից եռ գալու:

Չե՛ք կարող ինձ ստիպել. օրենքը ձեզ կդատապարտե, ձեզ կբանտարկեն, կաքսորեն

Թող դնեն ինձ բանտ, թող աքսորեն ինձ, ասացի կատաղած, գնա՛, գանգատե՛ վրաս ո՛ւր և ուզես, ո՛ւմ և ուզես, ու սկսեցի կարկտի նման թափեցնել նորա թշերին, գլխին, ուսին, կրծքին, վզին ապտակներ և մուշտիներ:

Երբ որ վրեժս հանդարտացրի ու ձեռքս էլ թուլացավ, Դռոզդովը գետնից բարձրացուց ընկած գտակը, վրայի ճմռթած հալավը հարդարեց, չորս կողմը նայեցավ ու ասաց. «լավ է որ ոչ-ոք չտեսավ» ու փախավ:

Այն էր, որ նորան տեսել էի, էլ աչքիս չերևեցավ շատ երկար ժամանակ:

Կամաց-կամաց գնացի դեպի ճեմելիք և դժվարավ հասա նստարանին: Երևի այդտեղ ևեթ թալկացել ընկել եմ, և բարի մարդ գտնվել է, որ բերել հասուցել է ինձ այստեղ:

Հուլիս 15.

Հիվանդությունս շարունակվում է. գլուխս ցավում է. ականջներիս մեջ մեկ` սամավարի խշխշոց է լսվում, մեկ` զանգակի ձայներ. լեզուս պղտոր է. երեսիս գույնը դեղնած` կանաչ ցոլքով:

Է՛հ, եղած-չեղածը մեկ մահ չէ՞. կմեռնիմ ու կպրծնեմ աշխարհքիս ցավ ու դարդերիցՏե՛ր Աստված, մի՞թե պիտի մեռնիմ. տակավին ի՞նչ կյանք վայելել եմ, որ այդպես շտապով թողնեմ` աշխարհքս ու հեռանամ: Հինգ տարիս անցավ ծանր աշխատանքի և կենամաշ չքավորության մեջ. եթե առջևս խաբուսիկ հույսեր չլինեին` կյանքը ինչո՞վ պիտի զանազանվեր հանցավորի արգելանքից և կամ նորա բռնազբոս տաժանական աշխատանքից. միայն հույսն էր, որ փոքրիշատե պահպանում էր իմ ոգին և տալիս էր ուժ ամեն օրվա զրկանքս համբերությամբ տանելու այժմ այն հույսն էլ կորավ. այսուհետև էլ ի՞նչ կապում է ինձ այս կյանքի հետ: Ես Սոֆիային չեմ մեղադրում իմ թշվառության մեջ և ոչ Ասատուր-աղային. նոքա ինձ երբեք ստապատիր հույսերով սնուցած չէին: Ես Դռոզդովին էլ շատ չեմ մեղադրում. իմ գժտությունը Դռոզդովի հետ բոլորովին ուրիշ աղբյուրեն բխեցավ. միայն թե ոչ ոք չգիտե այդ: Ո՞րի համար կենամ. որի՞ն պետք է իմ կյանքը... Իսկ Կատյա՞ն... Չէ՛, Կատյան իմ սրտի մեջ այն տեղը չէ կարող բռնել, որն պիտի բռներ Սոֆիան: Ինչո՞ւ ինքս ինձ խաբեմ, ես Կատյային միշտ կսիրեմ ինչպես բարեկամ, ինչպես քույր. բայց ինչպես կին սիրել չեմ կարող նորան. եթե ասեմ թե կսիրեմ, խեղճ աղջկանը խաբած կլինեմ: Մեր մտավոր զարգացումը զանազան է, մենք մին մինի հավասար չենք, նա ինձ ընկեր-կին, բարեկամ-կին լինել չէ կարող, նա իմ ստրուկը կլինի: Ստրուկին կարելի է մեղանալ, դեպի նա գութ ունենալ, խնայել, բայց սիրել երբեք չէ կարելի. բայց նա ինձ սիրում է, և ինչպե՛ս քնքուշ սիրով, արդար սրտով է սիրում... Խե՛ղճ աղջիկ: Ժամանակից-ժամանակ միտքս է գալիս, թե ո՛րքան նա տրտում էր, երբ որ ինձ փոքր ի շատե սիրում, պատվում ու գուրգուրում էին Ասատուր-աղայի տանը և ի՛նչ ուրախություն էր սկսում ցոլալ նորա աչքին, երբ ակներև արհամարհանք էին ցույց տալիս նոքա ինձ:

Այս խորհրդածությունների մեջ էի, որ մի հասարակ ռուս մարդ ձեռքս մի նամակ տվավ: Բացի ծրարը, նամակը կարդալու չի սկսած, ուզացի իմանալ ո՛վ էր գրողը, նայեմ ստորագրված է Կատարինե Մերջանյան. Ա՛, ասացի, Կատյայից է ուրեմն այս նամակը, նայենք ի՛նչ է գրում:

(Սիրեկան եղբայր Վարդան)

Ես գիտեմ, որ հրամանքդ ձեռքդ հազիր փող չունես Մոսկով և կամ քու տեղը գնալու, եթե երթաս էլ իսկույն ղուլուղ չես գտնիլ, ուրեմն մի փոքր ժամանակ փողի նեղություն պետք ա քաշես: Ես էսպես միտք արամ, որ դու լավն էն ա ինձ պարտք մնաս, քանց մինի-մյուսի առաջ գլուխդ ծռես: Էդ պատճառով ես նամակիս մեջ տիրամ 200 ռուբլի (և իրավ որ նամակի հետ այդքան փող կար), որն ունեիմ փայած իմ ժալովնիից: Ես դուրս եկամ աղա Ասատուրի տանից, հիմի գընըմ եմ Հաշտարխան: Խընդրըմ եմ չի բարկանաս վրես, որ համարձակվեցա քու գործերի մեջ խառնվելու: Ինձանից քոմակ ստանալը դու քեզ համար ցածություն մի՛ համարիլ. բալքի մեկ օր էլ դու ինձ պետք գաս. «տաք հացը փոխ ա» — ասըմ ա հայի խոսքը: Երեկի, Ասատուր-աղայի տանը նրա աղջկա Սոֆիայի նշանտուքը կատարվեցավ ֆլան Դռոզդով աֆիցերի հետ. բավական շատ վայեննըյներ կանչած էին, հայ ո՛չ մեկ հոգի չկեր. քահանեն էլ ռուսի էր: Աֆիցերները շատ խման, շատ անհամ բաներ արան, իրանց էնպես պահըմ էին Ասատուր-աղայի տանը, կարծես թե ղաբաղըմը իլեին. Սոֆիայի երեսին էին ծիծաղըմ, ասելով` «բախտավոր պսակի արժանի լինիս»: Դռոզդովն էլ փիս քցած էր. հետվան ինձ հետ էլ ուզում էր լիրբ վարվիլ. ամա ես շատ չիհամբերամ, քեզ նման ես էլ նրան մեկ լավ սիլլա տըվամ ու փախամ: Հիմիկ գաստիննիցումն եմ. մեկ նումրա եմ փըռնել առ ժամանակի, և մեկ սահաթից գնալու եմ Միներալնըյ ստանցին: Դեհ մնաս բարով, Վարդան ջան, ղոչաղ կացիր, ումուտդ մի՛ կտրիլ աստվածանից, որ ես էլ քու բախտավորությունդ լսելով` միշտ ուրախանամ:

Следующая страница