Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Կատյան գնաց, ես էլ մտա հիվանդանոցի դահլիճը. հրամայեցի հալավներս բերելուայնտեղ արդեն գիտեին, որ ես դուրս պիտի գամ այսօրհավաքեցի իրեղենքս, դրի պայուսակի մեջ, ինքս էլ հագվեցա: Բոլոր հալավներս պարկի նման կախ-կախ էին վրաս, ցայն աստիճան նիհարացել էի: Ժամ ու կես անցած-չանցած Կատյան եկավ, միասին նստանք կառք ու գնացինք:

Կատյան ինձ համար մի մեծ, մաքուր, փափուկ կահկարասիքով զարդարած սենյակ էր վարձել, թեյ, սուրճ, ճաշընթիրքբոլորը հետը. ամեն օր նշանակած ժամանակին այցեյում էր մի գերմանացի բժիշկ և դարմանում էր ինձ: Բժշկի խնամքը, բնակարանիս մաքրությունը և հարմարությունը, կերակուրների առատությունը և մանավանդ Կատյայի հաճախ այցելությունը շուտ վերադարձուցին իմ կորսված առողջությունը, այնպես որ մի շաբաթից ես արդեն սենյակիս մեջ ազատ և հաստատուն քայլերով կարողանում էի ման գալ, երկու շաբաթից` օրենը քանի մի ժամ թույլատրած էր ինձ քաղաքական պարտեզների և ճեմելիքների մեջ զբոսնելու, իսկ մի ամսից արդեն կատարելապես առողջացա:

Մի օր Կատյային ասացի` «Կատյա, ես վաղուց ուզում եմ քեզ մի գաղտնիք հայտնելու, բայց չեմ համարձակում»...

Ասա` տեսնենք ի՞նչ գաղտնիք ունիս ինձ հայտնելու, — ասաց Կատյան այնպես սիրուն երես անելով, ասես թե մի քնքուշ մայր յուր փոքրիկ երեխայի թոթովանքի է պատրաստվում լսելու:

Ես բժշկապետությանս հարցաքննության կեսը արդեն ավարտել եմ, այժմ մնում է մյուս կեսը...

Այդ ի՞նչ գաղտնիք է, — ասաց Կատյան ծաղրը երեսին, — եթե հարցաքննությունդ կիսակատար մնացել է, ինքն իրան հասկացվում է, որ պետք է ավարտես, այստեղ ի՞նչ գաղտնի բան կա...

Գաղտնիքը այն է, որ` եթե հարցաքննությունս ավարտեմ և բժշկապետ լինիմ` որի՞ն ինչ օգուտ տված պիտի լինիմ: Աշխարհքիս համար բոլորը մեկ չէ՞ թե ես ուսյալ բժշկապետ եմ, կամ հասարակ բժիշկ, կենդանի եմ, կամ մեռած. ո՞վ իմ ուրախությանս ուրախակից պիտի լինի և տխրությանս ցավակից...

Ի՞նչ ուզում ես ասել, — ասաց Կատյան կարմրելով:

Այն ուզում եմ ասել, ինչ-որ սիրտդ էլ քեզ այս վայրկյանին ասաց. Կա՛տյա, այն ժամանակ կարո՞ղ եմ հուսալ, որ դու ինձ սրտանց կներես և ինձ կսիրես այնպես, ինչպես որ մի ժամանակ սիրում էիր...

Մի՞թե այժմ ես քեզ չեմ սիրում:

Այո, սիրում ես, բայց քրոջ պես...

Պատասխանի տեղ, չգիտեմ ինչպես եղավ, որ երկուսս էլ մին մինի սովորականեն ավելի մոտեցանք, գրկեցանք, և շրթունքներես թռան շատ տաք համբույրներ:

Հունիսի վերջին ավարտեցի հարցաքննություններս և հուլիսի մեջերը համեստ կերպով կատարեց մեր պսակը նույն բարեսիրտ Մովսես քահանան:

Պսակիցս քանի մի շաբաթ անցած ես զանազան հայաբնակ քաղաքներ խնդիրներ ուղարկեցի, որ ինձ քաղաքական բժշկի պաշտոն տան. բայց ոչ մեկ տեղե հրավեր չի ստացա: Շատ սպասելից ետ` ուրիշ քաղաքներ ուղարկեցի խնդիրներ և ամեն կողմից ստացա հրավերներ: Ես ընտրեցի Վ. քաղաքը: Կատյան յուր գործարանը ծախեց երեսուն հազարի (վերջին տարին նա տասը հազար զուտ տարեկան արդյունք ուներ) ինքն էլ մոտ քսան հազար աշխատած ուներ դրամարկղի մեջ. ամենը միասին պետական դրամանոցը դրեցնեղ օրվա համարև տեղափոխվեցանք Վ. և ահա վեց տարի է, որ այստեղ կենում ենք հանդարտ, առողջ և հաջողակ:

Աստված մեզ երեք զավակ պարգևեց, երկու որդի և մի դուստր. նոցա անուններն են` Վահան, Աշոտ և Բրաբիոն:

Ահա՛ իմ և Կատյայի պատմության շարունակությունը և վերջը:

Իսկ եթե կամենում եք իմանալ ի՛նչ եղավ Սոֆիան, ահա՛ լսեցեք: Երբ որ Դռոզդովը նորան փախցրեց, նախ գնացին նոքա Ստավրապոլ, ուր հյուրանոցումն երեք օր մնացին, հետո, ճարելով մի շինծու անցագիր, գնացին Փարիզ: Փարիզ հասնելով, Դռոզդովը հայտնել է Սոֆիային, որ նորա հետ պսակվելու ամենևին դիտավորություն չունի, այլ «միասին կենանք, ասել է, այնպես, ինչպես որ այժմվա նիհիլիստներն են կենում, այսինքն` որքան որ մեր փոխադարձ սերը կտևի. մեկ մեկից ձանձրանալիս ետ` էլ միասին ապրելը անհնար է. ես կերթամ իմ ճամփով, դու էլ կերթաս քու ճամփով»: Բայց այդքան ևս կարողացած չէ յուր խոստմունքը կատարելու. հենց առաջին շաբաթից սկսել է կամաց կամաց խաբելով ձեռքից փողերը առնելու ու անառակ երիտասարդների ու լկտի կոկետների հետ Փարիզի պանդոկներումը և զբոսարաններումը զվարճանալու: Երբ որ Սոֆիայի քսան հազար մանեթը մսխել պրծել է` այնուհետև սկսել է Սոֆիայի ակնեղենները գողանալ և ծախել, այս ևս երկար տևած չէ: Մեկ պատվական օր Սոֆիային հանձնել է յուր անառակ բարեկամներից մեկին, և ինքը փախել է, ոչ ոք չի իմացել, ո՛ւր: Այս կերպով Սոֆիան կարճ միջոցումը ակամա սիրուհի է դարձել մի անպիտան ֆրանսիացի երիտասարդի, որ ժամանակե ժամանակ, երբ փողի պակասությունը շատ նեղում է եղել նորան, Սոֆիայի սերը ու գիրկը ծախում է եղել այս կամ այն վավաշոտ ծերուկին և ստացած փողովն երկուսը միասին ապրում են եղել քանի մի ժամանակ: Այսպիսի կյանքե ձանձրացած, մի օր Սոֆիան փախել է այդ ֆրանսիացիի մոտից և մտել է այնպիսի տուն, ուստի կինարմատը երբեք կենդանի չի դուրս գալիս, նա մեռնում է` թե ֆիզիկապես և թե՛ բարոյապես:

Այս չար լուրը հասնում է Ասատուր-աղայի ականջին. առաջին նվագ նա ամենևին չի ուզում հավատալ, բայց սաստիկ վրդովվում է: Բարեկամների խորհրդով մի նամակ է գրում Փարիզում բնակվող ռուսաց հյուպատոսին և մանրամասնաբար հայտնում է նորան յուր լսած անախորժ լուրերը և հարցնում է նորան` ճշմարի՞տ են արդյոք այդ ամենը: Հյուպատոսը ստանալով նորա նամակը, յուր գործակալներից մինին ուղարկում է տեղեկանալու, արդյոք ճշմարի՞տ է այս չարաբաստիկ եղելությունը: Գործակալը աչքով տեսել է, որ մարդոց պատմածի մեջ ոչինչ ստություն չիկա: Այդպես էլ ծանուցել է հյուպատոսը Ասատուր-աղային: Այս բոթը ստանալով, նույն գիշեր կաթվածը երկու անգամ զարկել է նորան, և մյուս առավոտ նա արդեն անկողնեն դուրս չի կարողացել դնել ոտները: Բժիշկների խորհուրդը պարզապես հայտնել է, որ նորա կյանքը վտանգի մեջ է:

Ասատուր-աղան յուր բոլոր ահագին հարստությունը կտակել է, որ ետ մահվանը ընծայվի պետական գանձարանին և կտակի մեջ այսպես գրել հրամայել է. «Տուք զկայսերն կայսեր», և ինքը շուտով մեռել է: Մեռնելից առաջ փոխե՞լ է հավատը, թե ոչ, այդ ոչ ոք չգիտե, միայն այս գիտեն, որ նորա մարմինը հայ քահանաներով չի թաղվում:

Այսպես եղավ Ասատուր-աղայի վախճանը:

Մի երեկո, նոր էի վերադարձել հիվանդանոցից և Կատյայի ու երեխեքիս հետ նստել էինք թեյի սեղանի առջև, հանկարծ նախասենյակումը մի շփոթ բարձրացավ, մեկ մարդ ներս է ուզում մտնել. բայց ծառաս թույլ չի տալիս. մարդը տալիս է իմ և Կատյայի անունները, բայց դարձյալ չի թողնում նորան ներս գալու, ասելով. Куда такая дрянь лезет к господам? Ведь срам, ей богу!

Շտապով դուրս գնացի տեսնեմ` թե ինչ է: Հանկարծ ծառայիս ձեռքից փախ ընկած ներս թռավ մի պատառոտած հալավով, ցիրցան եղած մազերով, կարմիր խոցերով ծածկված երեսով մի այլակերպ կին. րոպեի մեջ սենյակը օղիի գարշելի հոտով լցվեցավ. ներս մտնող կինը սաստիկ հարբած էր:

Պարո՛ն Վարդան, Կատյա, այսքան միայն կարողացավ ասել նա, և հետո սկսավ մեկ լալու և մեկ ծիծաղելու:

Ես և Կատյան ապշած նայում էինք և չէինք կարողանում իմանալու, թե ո՛վ պիտի լիներ այս թշվառականը. վասնզի չէինք հիշում, որ երբևիցե, ուր և իցե այսպիսի կնոջ հետ ծանոթություն ունեցած լինեինք:

Պարո՛ն Վարդան, Կատյա, ինձ չճանաչեցի՞ք... ես Սոֆիան եմ...

Բավական է, չեմ ուզում նկարագրել այս գարշելի և ցավալի պատկերը:

Սոֆիան սաստիկ հիվանդ էր: Իսկույն տարի հիվանդանոց և պատվիրեցի օգնականիս, որ ամեն կերպ հանգստացնե ողորմելի աղջկանը: Ամբողջ վեց ամիս թափեցի վրան իմ բոլոր բժշկական հմտությունը, և հազիվհազ կարողացա ապաքինելու նորա խորունկ և հնացած զազրելի խոցերը: Բոլոր այդ ժամանակ Կատյան հայթայթում էր նորան ամեն պիտույք, չայ, շաքար, սուրճ, կաթ, կարագ, մեր խոհանոցում պատրաստած կերակրիցմեկ խոսքով` ինչ որ պետք էր, առատ-առատ ուղարկում էր նորան: Երբ որ բոլորովին առողջացավ, ես հարցուցի Սոֆիային, թե ի՞նչ միտք ունի ձեռնարկելու. «կամենաս` մնա՛ իմ տանս, ասացի, կամենաս` գնա Հաշտարխանես քեզ ամեն կերպով պատրաստ եմ օգնելու: Գուցե մի օր մի լավ մարդ գտնես` պսակվի՛ր քու օժիտը ես կպատրաստեմ...»:

Հա՛, հա՛, հա՛, ծիծաղեցավ Սոֆիան, բախտի դռներն այսուհետև իմ առջև հավիտյան փակված են: Ես ձեզանից միայն շնորհք եմ խնդրում, որ է` թույլ տաք ինձ, որ ես ձեր տան մեջ նաժիշտ լինիմ: Այս է իմ մեկ հատիկ փափագը, ձեզ երկուսիդ ծառայություն անելե զատ` ուրիշ բախտ չի՛ կա ինձ համար:

Շատ զոր արի, որ հրաժարվի այդ ցնորական դիտավորութենեն, բայց համոզել չկարողացա. ու զիջանելով նորա աղաչանքին ու արտասուքին, վերջապես հոժարեցանք նորան մեր տան մեջ դայակի պաշտոն տալու:

Ամբողջ տարի ջերմեռանդությամբ կատարեց Սոֆիան յուր վրա առած ստոր պարտավորությունը. ոչ մեկ աշխատություն նրա համար ծանր, տաղտկալի կամ նվաստացուցիչ չէր երևում, ոչ մի անգամ նա թույլ տված չէ՛, որ կամ ես, կամ Կատյան, կամ երեխաներս իրանից անգոհունակ մնայինք. ինչ որ ինքը կարողանում էր անելու, երբեք թույլ չէր տալիս, որ ծառաները անեին. տանս մեջ ոչ մեկ անկարգություն չի նկատեցի ամբողջ մի տարի, ամեն բան յուր տեղումն էր. ամենայն ինչ սենյակի մեջ մաքուր էր. երեխերքս միշտ մաքուր հագնված էին: Բոլոր օրը ոտքի վրա էր Սոֆիան. մեկ կահկարասիքի փոշին էր սրբում, մեկ սենյակներն էր ավելում կամ հավաք-տեղակ անում, մեկ երեխեքի պատռոտած հալավներն էր կարկատում, մեկ նոցա ցխոտած կոշիկներն ու մաշիկներն էր սրբում, մեկ լվացք էր անում, մեկ ծծի երեխիս էր օրորում, միով բանիվ` միշտ գտնում էր տան մեջ գործելու մի գործ. նա չգիտեր` թե ինչ է նշանակում մի րոպե նստել ու հանգստանալ: Որքան էլ կանուխ զարթեի` Սոֆիան միշտ արթնացած էր ու տան աշխատանքով էր արդեն զբաղված. որքան էլ գիշերը ուշ վերադառնայի տուն` նա դարձյալ արթուն էր և դարձյալ մի աշխատանք կունենար: Եթե աշխատելու բան չլիներ` նա սկսում էր երեխեքիս համար գուլպաներ գործելու: Քանի՛ քանի անգամ Կատյան և ես ասել ենք. «բավական է Սոֆիա ջան, այդ որքան աշխատես. ինքդ քեզ խնայե, մի փոքր էլ նիստ, դադար տուր ոտքերիդ ու ձեռքերիդ»:

Ա՛խ, պարոն կամ տիկին, ասում էր նա, այս ի՞նչ աշխատանք է որ իմ արածը, եթե դուք տեսնեիք օտար աշխարհի կնանիք ինչպես աշխատել գիտեն, այն ժամանակ դուք ինձ մեկ րոպե ձեր տանը մեջը չէիք պահիլ: Ու նորանոր եռանդով շարունակում էր յուր ընդմիջած գործը:

Սոֆիայի գալովը ասես թե մի բարերար գեղեցիկ ճառագայթ փայլեցավ իմ տան մեջ. քանի՛ քանի անգամ այս խոսքերը ինձ ասել է Կատյան: Երեխայքս խո մոր պես սիրում ու պատվում էին նորան. նորա գրկից ցած չէին իջնում. «Սիրուն Սոֆիա, բարի Սոֆիա, ոսկի Սոֆիա» — այս էր նորա անունը երեխերքիս բերանումը:

Ոչ մի անգամ չհիշեց Սոֆիան ոչ յուր և ոչ մեր անցյալը, չհիշեց յուր ծնողաց անունները, չհիշեց յուր բախտավոր և չարաբաստիկ օրերը. ասես թե Սոֆիան անցյալ չուներ և նորա կյանքի սկիզբը այն օրն էր, երբ առաջին անգամ իբրև նաժիշտ մտավ նա մեր տուն: Կուզեք հավատացե՛ք, կուզեք` չէ, բայց ես այս նոր Մագդաղինացի Մարիամին շատ անարատ կույսերի հետ չէի փոխել, եթե ամուրի երիտասարդ լինեի:

Թեև ես ստանում եմ հայոց լրագիրներ` «Մեղու Հայաստանի», «Մշակ», «Արձագանք» և այլն, բայց ամենևին ժամանակ չունիմ նոցա կարդալու, բայց Կատյաս ոչ մի թվահամար չի թողնում չի կարդացած: Նորա լրագիրը կարդալու ժամանակն է տասնըմեկից մինչև տասներկուսը, իսկ և իսկ այն ժամանակ, երբ ես անպատճառ հիվանդանոցումն պիտի գտնվիմ: Կատյայի ասելովն, Սոֆիայի աշխարհքիս երեսին մի հատիկ սիրած բանը եղել է լսել Հայաստանից ստացված լուրերը: Վերջին ժամանակները, երբ տաճիկների կասկածը շատացավ և քրդերի ավազակությունն ու մարդասպանությունը սաստկացավ, Սոֆիան արդեն տենդահույզ անհամբերությամբ սպասում է եղել լրագիրների գալուն:

Մի օր, երբ Կատյան ու ես նստած էինք, ներս մտավ Սոֆիան ու ասաց մեզ. «Երեք օրից ես պետք է երթամ այստեղից, դուք ձեզ համար մեկ նաժիշտ պատրաստեցեք»:

Ի՞նչ եղավ քեզ, Սոֆիա ջան, ասաց Կատյան երեսը սպրդնած, ինչո՞վ մեզանից անբավական ես, ո՞վ ցավեցուց քու սիրտը:

Ամեն բանով բավական եմ ձեզանից, տիկին, իմ սիրտը ոչ ոք ցավեցրած չէ. բայց ես պետք է երթամ:

Ո՞ւր պիտի երթաս, ինչի՞ պիտի երթաս, Սոֆիա ջան, մնա մեր մոտ, բավական է տանջվածդ, — ասաց Կատյան:

Պետք է երթամ, — ասաց Սոֆիան, թեև վրայից երևում էր, որ հազիվ կարողանում է բռնել սրտի փղձուկը և աչքերի արտասուքը:

Կասե՞ս մեզ վերջապես, ո՞ւր պիտի երթաս, ինչո՞ւ պիտի երթաս, — ասացի ես:

Վան պիտի երթամ, ասաց Սոֆիան, այնտեղ մեր հայ եղբայրները և քույրերը տանջվում են աղքատության և անողորմ թշնամիների մեջ, իսկ ես այստեղ փափուկ և հանգիստ կյանք եմ անցնում: Կերթամ նոցա հետ կապրիմ, նոցա հետ կտանջվիմ, կարելի է նոցա հետ էլ կմեռնիմ: Այս քաղաքը շատ լավ քաղաք է, բայց հայի չէ՛. ես կերթամ հայերի մեջ կկենամ, հայերի մեջ էլ կուզեմ թաղվելու:

Երբ որ այս խոսքերը վերջացուց, էլ չկարողացավ արտասուքը բռնելու ու կողկողագին ձայնով լացեց: Ես, Կատյան և երեխերքս նմանապես լացինք:

Ինչպես որ ասաց, այնպես էլ արավ Սոֆիան: Երեք օրից հեռացավ մեզանից և հետը առավ միայն յուր ռոճիկըու բացեիբաց հրաժարվեցավ, երբ որ ես և Կատյան առաջարկեցինք նորան բարեկամական ընծա առնելու մեզանից հազար մանեթ:

Մեկ ամսից Արզրումից մի համառոտ նամակ ստացանք, ուր հայտնում էր նա, որ հետևյալ օրը ճանապարհ պետք է ընկնի դեպի Վան: Եվ ահա՛ ութն ամսից ավելի է, որ Սոֆիայից ոչինչ լուր չունենք, կենդանի՞ է, թե մեռած` չգիտենք: Քանի՛ քանի անգամ մեր հյուպատոսին նամակ գրեցի և մանրամասն նշանակելով Սոֆիայի բոլոր հանգամանքն, խնդրեցի, որ ինձ տեղեկություն տա նորա մասին: Նամակներիս պատասխանը շուտ եկավ, բայց Սոֆիայի մասին հյուպատոսը ոչինչ բան չգրեց, վասնզի ինքն էլ ոչինչ տեղեկություն ստանալ կարողացած չէ: Սպանե՞լ են արդյոք քրդերը, կամ չերքեզները, կալանավորե՞լ են նորանոչինչ չիմացանք:

Առ ժամս այս է Սոֆիայի վախճանը:

Իսկ Դռոզդովի մասին ձեզ այս կասեմ: Տարի ու կես սորանից առաջ պաշտոնական գործերով Պետերբուրգ էի գնացել: Մի անգամ Ցելիբեևի խանութումը Կատյայիս և երեխերքիս համար ոտնամաններ էի ընտրում, հանկարծ ներս մտավ ցնցոտի նշանազգեստով, մի ոտին պատառոտած կոշիկ և մյուս ոտին` գութափեռչե կրկնակոշիկ հագած, արբշռութենից քիթը կարմրած ու կապուտկած, գլխու մազերը թափած, ինքն էլ սաստիկ հարբած մի սպա և մոտեցավ ինձ, մասամբ ռուսերեն և մասամբ ֆրանսերեն ասաց. «Պարոն, ձեր առջև կանգնած է ռուսաց քաջ զորքի ազնիվ սպան. ես ձեր երեսից տեսնում եմ, որ դուք բարի և ազնիվ մարդ եք. եթե մի քանի ռուբլի կարող են բախտավորեցնել ռուսաց քաջ զորքի ազնիվ սպային, խնդրեմ, մի՛ խնայեք, վասնզի տանս մեջ մայրս մեռած է, սեղանի վրա դրած է, թաղելու փող չունիմ. կինս հիվանդ պառկած է, ճարի փող չունիմ, յոթը երեխայքս սովից մեռնում են, հացի փող չունիմ»: Խանութի տեր պարոն Ցելիբեևը լսելով այս ճառը, ասաց. «Պարոն սպա` այս քանի տարի է, որ դու միևնույն երգն ես երգում, եթե ասածդ ճշմարիտ լիներ` մայրդ վաղուց հող դարձած պիտի լիներ, կինդ և յոթը զավակներդ էլ մեռած: Առ այս հինգ կոպեկն ու գնա. օղիի համար քեզ այսքանից ավել հարկավոր չէ»:

Ուշադրությամբ նայեցա սպայի երեսը և իսկույն ճանաչեցի իմ ախոյան Վլադիմիր Դռոզդովին: Բացի քսակս, մեջից երեք մանեթանոց հանեցի ու տվի իրան: Տեսնելով այսպիսի անակնկալ բախտ, Դռոզդովը բռնեց ձեռքս և ուզում էր պագնել. բայց ես զորով ետ քաշեցի: Այս վերջին անգամն էր, որ նորան տեսա: Սոցա նմանների վախճանը հայտնի է. ձմեռվա մի ցուրտ գիշեր անշուշտ սառած կտեսնեն սորան կամ օղետան մոտերը կամ մեկ խուլ փողոցի տան պատի տակ:

Սոֆիայի մայրը, Օսաննան, մինչև այժմ կենդանի է, և կենում է Մոսկվայի անկելանոցների մինի մեջ: Նորա սիրած խոսակցությունն է, ասում են, հայերին հայհոյելը, որոնք իբր թե նորան այս անբախտության հասցրել են:

ՄՈՆԹԵՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐ

«Ա՛յ տղա, դու իմ կյանքը սևացրիր, իմ ումր ու արևը կերար. ա՛յ փուճ, ա՛յ անպիտան, ա՛յ թոկից փախած ավազակ` ե՞րբ պետք է խելքդ գլուխդ գա, որ դու մի փոքր հանդարտվիս, ինձ էլ հանգստություն տաս: Երեկ մեկ հարևանս էր գանգատվում, որ դու նրա կտուրի կղմինդրները բոլորը կոտրատել ես` աղավնիների վրա քարեր ձգելով, այսօր ուրիշ հարևանս էր գանգատվում, որ դու պատի վրայից գնացել ես նրա պարտեզը ու խակ խնձորներով և տանձերով լցրել ես գրպաններդ. էլի այսօր երրորդ հարևանս էր գանգատվում, որ դու մտել ես սրա հավաբունը, հավերի տակից գողացել ես ձուերը: Ա՛դա ամոթ չես քաշո՞ւմ. ախր ես էլ քու պատճառով ամենի առջև սևերես մնում ու ամաչում եմ, որ քեզ նման անառակ որդի ունիմ: Ե՞րբ պետք է մի փոքր հանդարտիս ու բոլոր մեր թաղի մարդոց հանդարտություն տաս: Քու չարությունները ամենևին նման չեն ուրիշ տղայոց չարությանը, նրանք ցխի փոշիի մեջ վազվզում, հալավները պատառոտում են, գետն են գնում լողանալու, և այլն: Ղորդ է, վատ բաներ են այդ, բայց գոնե դրանից ուրիշին վնաս չիկա. գոնե մարդիկ գանգատելու տեղ չունին: Քու չարությունները մարդոց վնասակար չարություններ են և այդ պատճառով անտանելի են: Գողանալ, վնասել, խայտառակ խոսքեր բերանից հանել, ամոթալի ու տարիքիդ անհարմար գործերով պարապել` ահա քու ամենօրյա չարությունները: Ի՛նչ կլինի քու վերջը, հավատա` Մինաս. խելքս չի հասնում. միայն այսքան գիտեմ ու հոգիս էլ այսպես է վկայում, որ դու մի օր կա՛մ ավազակ կլինիս և կա՛մ դրա նման մի բան. ճակատիդ վրա գրած չէ, որ դու երբևիցե օրինավոր մարդ լինիս»:

Այսպես կշտամբում էր մի այրի կին իր ութ տարեկան որդուն: Դրացի կնանիքը եկան մխիթարելու մորը, և խորհուրդ տվին, որ տանե մտցնե տիրացու Խաչատուրի դպրոցը, հավատացնելով, որ այդ խիստ վարժապետը խրատով ու ճիպոտով շուտ խելքի կբերե փուճ-կենդանի Մինասին:

Եվ հիրավի որ, հետևյալ օրը այրին բռնեց որդու ձեռքեն ու տարավ տիրացու Խաչատուրի դպրոցը. խնդրելով` որ որդուն մարդ շինե: Տիրացուն խոստացավ նրան իր եռանդը թափել, որ մոր ցանկացած նպատակին հասցնե այս ութամյա ստահակին, կղմինդրներու, պտուղներու ու ձուերու ավազակին:

Մինասը այնպիսի տղա էր, որ իր քաղաքի մեծացածների մեջ ևս երևելի էր իր հազվագյուտ չարություններով: Տղի բարոյականության վրա շատ հանգամանքներ ունի ազդեցություն, որք են` ծնողաց և հասակակիցների օրինակը, ժառանգական հատկությունները և կյանքի հաջողակ կամ ձախողակ պարագաները: Թշվառ Մինասի վրա այս ամենը և շատ ուրիշները միևնույն ժամանակ ազդել էին դեպի վատը: Նրա հայրը կենդանության ժամանակ, հայտնի գող, ստախոս, կռվարար, ավազակաբարո մարդ էր: Այն հետ ընկած փողոցը, ուր կենում էր Մինասը իր ծնողաց հետ, լիքն էր աղքատի տղոցմով որոնք ամբողջ օրը միասին անցնելով իրենց կյանքը, միմյանց բարոյականությունը ապականում էին: Հայրը օրն ի բուն հարբած լինելով, ոչ միայն պատիվ չուներ իր ազգականների և ծանոթների առջև, այլ շատ անգամ ծեծ ևս ուտում էր նրանցից, և իր վրեժը թափում էր կնոջ և Մինասի վրա. մայրն ևս ամեն օր ծեծ ուտելով իր արբշիռ և ծույլ մարդից` իր վրեժը թափում էր Մինասի վրա: Մինասին ընկերներն էլ չէին սիրում, հորը և նրա վատության պատճառով: Այսպես ձախողակ պարագաների մեջ զարգացած` Մինասը գրեթե մոր կաթի հետ միասին զայրացած բնավորություն էր ծծել իր ներսը: Նա միշտ խելք էր մաշում, որ իր վրեժը մեկ մարդումե հանե. բայց որիմե՞ն և ինչպես` չգիտեր: Թեպետ ընկերներին մեկիկ մեկիկ կարող էր հաղթել, բայց տարաբախտաբար, ամենքը նրանից զգուշանալով, միշտ նրա վրա ընկերովի էին հարձակում և այդպիսով, իհարկե, միշտ հաղթում էին. ծեծում էին, զրկում էին, հիշոցներ էին տալիս և սիրտը խոր խոցած տուն էին քշում: Մինասի մազերը միշտ փետփետած էին, հալավները պատրոտած ու ձեռքն ու թշերը ճանկռոտած: Շներե հալածված գայլի նման ապրում էր Մինասը իր մայրենի քաղաքի մեջ: Շուն ծեծել, նրա մարմինը ասեղ կամ մեխ (գամ) ցցել, դրացիների հավերի վրա քար քաշել, ոտերը կոտրել, կատուներին ու հնդուհավերին ողջ ողջ ջրհորը ձգել, հարևանի պատերի վրա չորանալու համար կախած կտավիքը կովի աղբով ապականելեղավ նրա համար ամեն օրվա խաղը և վրեժխնդրության առարկան:

Այսպիսի ստահակ տղին պիտի խրատեր և մարդ շիներ տիրացու Խաչատուրը:

Առաջին օրը Մինասը գնդակ (թոփ) խաղալու ժամանակ նոր ընկերներեն երկուսի հետ կռվեցավ ու ծեծկվեցավ, որի համար տիրացու Խաչատուրը կես ժամ չոքեցուց նրան: Հազիվ թե այս պատժից ազատվել էր, մի աշակերտից գողացավ պանիրի կտոր և կոշիկի սրունքի մեջ պահեց, որ չգտնեն, բայց ընկերները գտան, տիրացուին գանգատեցան, և նա մեկ ամբողջ ժամ չոքեցուց ու մի փոքր էլ ականջները ոլորեց. նույն օրը աշակերտի տետրակի վրա դիտմամբ թանաք կաթեցուց. և դարձյալ պատժվեցավ. և վերջապես երեկոյին, ուսումը ավարտելուց հետո, ճանապարհին կռվեցավ և ծեծկվեցավ ուրիշ աշակերտների հետ, և սաստիկ ծեծ կերած և քթից արյուն վազելով գնաց տուն, և սրտի ոխը հանգստացնելու համար կամացուկ կոտրեց հարևանի պատուհանի ապակին:

Երեք շաբաթ մնաց Մինասը տիրացու Խաչատուրի մոտ, այբ ու բենը հազիվ կարողացավ ճանաչել. բայց փոխարեն դրա, նրա չարությունները այնքան անտանելի եղան, որ այլևս հնար չիկար նրան վարժատան մեջ պահելու. և մյուս աշակերտների ծնողքը սպառնում էին տիրացու Խաչատուրին, որ իրենց որդոց անպատճառ կհանեն դպրոցեն, եթե նա իր մոտ երկար պահե Մինասին: Մի օր տիրացու Խաչատուրը, համբերությունը հատած, ձայն տվեց այրիին և Մինասի բոլոր չարությունները մի առ մի պատմելով, ասաց որ` այլևս կարողություն չունի նրան իր դպրոցի մեջ պահելու, ապա թե ոչ հարկադրված կլինի բոլորովին զրկվիլ աշակերտներեն և գրեթե առանց ապրուստի մնալ:

Մայրը այստեղ ևեթ մի լավ ծեծեց Մինասին, ամաչեցուց, երեսին թքեց և հետո, ձեռքեն բռնած, տարավ տուն: Նորից սկսավ իր անբախտ գլուխը լալու ու սգալու թե` այս ի՞նչ անբախտ կնիկ է նա, որ ոչ իր ծնողներին, ոչ հանգուցյալ մարդումեն և ոչ այժմ այս անառակ որդումեն: Դարձյալ հարևան կնանիքը նրա գլխուն ժողովեցան և դարձյալ խորհուրդ տվին մի ուրիշ տիրացուի մոտ ուսման տալու: Այրին լսեց նրանց խորհուրդը և խրատը և քանի մի օրեն տարավ Մինասին մի ուրիշ դպրոց:

Թեև դպրոցը փոխվեցավ, բայց Մինասը անփոփոխ մնաց. նույն ստահակությունները, նույն չարությունները, նույն անառակ վարքը` այդ նոր դպրոցի մեջ ևս չմոռցավ: Աշակերտների հետ կռիվ անել, ծեծկվել, իրար վրա գրգռեցնել նրանց, ստել, խաբել, գողանալ, իր և ընկերների հալավները պատռտել, ինքը բան չսովորել, ուրիշին էլ սովորել չթողնել, — այս էր նրա հինգ ամսվա բոլոր գործունեությունը այդ երկրորդ դպրոցի մեջ, ուր բացի այն, որ օրենը վեց-յոթ անգամ չոքում էր, շաբաթը մի-մի անգամ ֆալախա ևս կերավ և վերջը-վերջը խեղճ տիրացուի (մի ժամանակ ազգի բոլոր մանկավարժները տիրացուներ էին) հուսահատությունը վերջին աստիճանին հասցնելով, երկրորդ անգամ արտաքսվեցավ դպրոցեն: Երբ որ այս տիրացուն էլ խեղճ մորը կանչեց դպրոց և պատմեց որդու բոլոր անպիտանությունները, ողորմելի կնիկը պատասխան տալ չկարողացավ, այլ միայն դառնապես լալով ասաց` «իմ մեծ մեղքերիս համար աստված քեզ աշխարհք է բերել, երբեք դու օրինավոր մարդ լինելու չես, կամ ավազակ կլինիս, կամ դրա նման մի բան»:

Այն քաղաքում, ուր կենում էր այս թշվառ այրին, իր անառակ որդու հետ, կար մի վարժապետ, որ բոլոր քաղաքին հայտնի էր ոչ այնքան իր մանկավարժական հմտությունով, որքան որ իր անսահման խստությունով. տղայոց պատժելը և ծեծելը ասես նրա համար կյանքի քաղցրություն և երջանկություն էր. նրա տան բոլոր պատերը կախած էին զանազան տեսակ երկայն և կարճ, հաստ ու բարակ ճիպոտներով, քանոններով և ֆալախաներով, որոնցից յուրաքանչյուրը նշանակած էր աշակերտաց զանազան աստիճանի չարությանց համար: Տղան ինչպես կուզեր ստահակ լինել, բայց երեք շաբաթ մնալով նրա վարժարանի մեջ` գառի նման հեզ կդառնար: Ամենաքաջ մարդը չէր կարող դրա աչքի մեջ ուղիղ նայելու, վագրի ու հովազի աչքերը ավելի ահարկու ու սարսափելի չէին: Մեկ խոսքով բոլոր քաղաքի արհավիրքն էր տիրացու Ստեփանը:

Երբ որ Մինասի թշվառ մայրը հուսահատաբար նստած էր իր տան մեջ և հարևան կանայք նրա գլխին հավաքված էին, նրանցից մինը հիշեց տիրացու Ստեփանի անունը և հիշեց նրա ամեն հրաշքները` կատաղի տղայոց խելքի բերելու մասին: Բայց ինչ կուզե լինի, մայրը միշտ մայր է, այսինքն` իր զավակին մեղքացող: Այրին քանի-քանի օր ամենևին հոժար չէր իր անառակ որդուն այդ հրեշ-մանկավարժի մոտ տանելու, բայց մեր Մինասը վերջը-վերջը ստիպեց մորը այդ վերջին հնարն ևս փորձելու:

Երկու օրվա դուրս ձգած էր վարժարանեն, որ նա գիշերվա ժամանակ թռավ պատի վրայեն, մտավ հարևանի բակը, կամացուկ դրավ սանդուղք աղավնու բունին, բարձրացավ և մտավ մեջը, գողացավ տասներկու հատ գլուխները թագով և ոտները բրդոտ աղավնիներ և ծախեց մի ուրիշ հարևանի: Մյուս գիշեր մտավ մի ուրիշ հարևանի պարտեզ, քաղեց պտուղները և երեք լիքը պարկ ծախեց մի գող պտղավաճառի: Երրորդ գիշերը մկնդեղով սատկեցուց հարևանի շունին, մտավ նրա հավաբունը և գողացավ տասնչորս հատ հավ և երկու աքլոր և ծախեց մի մաթրաբազ հավավաճառի: Չորրորդ օրն էլ նա մի այդպիսի ստահակություն կաներ, եթե երեք հարևանները ակներև ապացույցներով չամբաստանեին նրան և չխայտառակեին:

Նորից դառն գանգատներ և անեծքներ խեղճ այրի կնոջ գլխին և թաղեցիք արդեն սպառնում էին արտաքսելու նրան քաղաքեն, եթե նա իր անպիտան որդուն ուղղելու մի հնարք չի գտնե: Այն ժամանակ այրին ստիպված եղավ իր որդուն տիրացու Ստեփանի վարժատունը տալու: Թեև տիրացու Ստեփանը մանկազսպության մեջ հմուտ էր, բայց Մինասը ավելի հմուտ էր չարության մեջ: Վեց ամսվա մեջ տիրացու Ստեփանի պատերի վրա ոչ մի ճիպոտ, ոչ մի տող և ոչ մի ֆալախա չմնաց, բոլորը կոտրատվեցավ, գզգզվեցավ ու անպետքացավ Մինասի ձեռքերի ափերի, ոտքի ներբանի և հետույքի վրա. տիրացուի ձեռքերի ուժը գնաց, թուլացավ` օրենը հարյուրավոր և հազարավոր հարվածներ տալով, Մինասի, բոլոր մարմինը պալարներով և ուռույցներով ծածկվեցավ, բայց նա ինքը խելոքանալու տեղ` տասնապատիկ ավելի կատաղեցավ:

Վեց ամսից տիրացու Ստեփանն էլ հոգին ապաստան եղած, արտաքսեց նրան իր դպրոցից. ասելով` «Գայլին ավելի շուտ կարելի է գառ դարձնել, քան թե քու որդուդ մարդ: Քու որդին մի օր կա՛մ ավազակ կլինի, կա՛մ դրա նման մի բան»: Բայց մեր ներողամիտ կարդացողները կտեսնեն, որ ո՛չ տիրացու Ստեփանի նախագուշակությունը կատարվեցավ և ո՛չ մորը. այդ երկու պարզամիտները չգիտեին, որ հայի մեջ ամենապատվավոր, ամենապաշտելի, ամենասուրբ պաշտոնները շատ անգամ ընկնում են ամենաանպիտան մարդոց ձեռք` ինչպես հին ժամանակները, այնպես և մեր օրերը, գուցե ևապագայումը լինի նույնը:

Երբ որ թշվառ այրին այս անգամ տուն բերեց իր անառակ որդուն, որ երեք վարժարան փոխելով, այբբենարանի երեք երեսը չէր անցած տակավին, նորից հարևան կնիկները ժողովեցան նրա գլխուն և նրան մխիթարելու համար ամեն տեսակ խորհուրդներ էին տալիս: Այդ հարևանների մեջ մի պառավ կին կար, որ ֆալ բանալ գիտեր: Նրա ֆալի պակլաները իրա ասելով, Երուսաղեմի մեջ Քրիստոսի գերեզմանի վրա էին դրած, և այդ պատճառով, դարձյալ պառավի ասելովն, երբեք չէին ստում. բայց ավա՛ղ, բացի այդ ֆալչի պառավից, ամենքն արդեն հավատները կորցրել էին այդ մղդեսիիֆալեն: Եվ ունեն իրավունք. ասացեք թե ինչո՞ւ այդ երևելի ֆալի խոսքով ո՛չ մի գողացած իր, ո՛չ մի կորցրած կով, ո՛չ մի փախած կամ փախցրած ձի տակավին գտնված չէր. ո՛չ մի հարսնախոսություն կատարված չէր. և ինչ որ գուշակել էր միշտ նրա հակառակն էր կատարվել: Օրինակ` ֆալի ասելով Նինոին անպատճառ պիտի առնե Ֆրանդուլենց Դավիթը հենց այս ձմեռնամուտին. բայց իրոք դուրս էր գալիս որ` խեղճ աղջիկը պսակվում էր Աթալաշենց Օհանի հետ ուղիղ հինգ տարիից հետո: Դիցուք թե պառավի ֆալը ասել է թե` այս ինչ երիտասարդ ֆլանի այգիումը մեծ փող պիտի գտնե. բայց իրոք նույնիսկ այգիումը խեղճ երիտասարդին լավ հանգի քոտկում են ու վրայի հալավներն էլ պատռում են, և այլ այսպիսի անակնկալ դեպքեր: Այսուամենայնիվ, հենց որ կանանց բանը փթուր էր լինում` միշտ դիմում էին այդ ստախոս ֆալին: Բայց այս անգամ, ինչպես կտեսնենք, նախախնամությունը խղճացել էր պառավի ֆալի վրա, որն Երուսաղեմի ուխտագնացությունից դեսը առաջին անգամ նրան ճշմարիտ խոսել է տալիս. բայց ավաղ, թեև ֆալը ճշմարիտ ասաց, բայց այս անգամ էլ տարաբախտաբար մարդիկ չհավատացին նրա խոսքերին: Ֆալը ասաց, որ Մինասի բախտը խաչ ու ավետարանից կլինի:

«Վույ քու գլխուն, — ասաց մայրը, երեսը ծռմռտած ու արհամարհանքով ձեռքը թափ տալով որդու գլխին վրա. վայ քու գլխուն, որ դու մի օր տիրացու կամ տերտեր պիտի լինիս. այդ ո՞ր անիծած ձեռքը քեզ տերտեր պիտի օծե, ո՛չ կարդալ գիտես, ո՛չ գրել, ո՛չ էլ մարդու շնորհք կա վրադ. չոբան կլինիս, չոբան և ո՛չ տերտեր. բացի չոբանությունից, քու առջև ուրիշ ճանապարհ չկա»:

Մյուս օր այրին բռնեց որդու ձեռքեն և տարավ մեկ մանրունք ծախողի (բախալ) մոտ և խնդրեց, որ Մինասին խանութի մեջ ծառայություն անել տա: Մանրավաճառը հազար չէ-մեով առավ նրան, վասնզի Մինասի ամեն վատությունների լուրը արդեն հասել էր նրա ականջին:

Следующая страница