Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Ինչ որ տան մեջ կար չիկար` ժողովեցին նոքա և հետները առած, դուրս գնացին, տան մեջ թողնելով միայն հարդալից մահիճը, որի վրա կար դին: Բոցարիսը տեղեն վեր կացավ, գլուխը բարձրացուց, հուսակտուր ձայնով աղաղակեց «Վա՛յ ձեզ, անհավատնե՛ր, վա՛յ ձեզ, երբ դուք չուզեցիք իմ հոգեվարք մորը վրա խղճալու և նորա նվիրական վերջին վայրկյանները հարգելու: Կենդանի է աստված, կուգա այն օրը, երբ դուք պատասխանատու կլինիք իմ մոր համար, սաստկապես հաշիվ ու համար կուտաք մեր սուրբ հավատը և մեր պաշտելի հայրենիքը ոտնակոխ անելներուդ համար...

2

Վրա անցավ մեկ տարի, ու Թոմասը յուր մոր տված խոսքը ճշտիվ կատարեց: Կարողությունը հասածի չափ խնամք տարավ Հեղինեի վրա և յուր արթուն հովանավորությունը անպակաս արավ նորանից: Նոքա երկուսը իրար այնպես էին սիրում, ինչպես որ եղբայր ու քույր միմյանց կարող են սիրելու: Բոցարիսը ձկնորս էր: Յուր պաշարքը տանում էր քաղաք և այնտեղ շուկայում ծախում էր: Երբ որ օրական վաստակից դադարած տուն էր դառնում, առնում էր հետը Հեղինեին և նորա հետ միասին գնում էր ծովի ափը` իստակ օդ շնչելու: Ծառի զովարար ստվերի տակ նստած, ուրախ-ուրախ նայում էր նորա երեսին և աշխատում էր նորա մտքի ամենամանր խորհուրդները իմանալու: Երբեմն Բոցարիսի երեսի վրա տրտմության ամպ էր իջնում, և այդ շատ վախեցնում էր Հեղինեին. և նա քրոջ միտքը խաղաղացնելու համար զանազան նշաններով հասկացնում էր, որ տաճիկների լուծը օրեօր առավել սաստկանում է նոցա վրա. նոցա սուրբ տաճարները պղծում են և Ստամբոլից գալու օգնության հույսը օրեօր նվազանում է:

Մի օր Բոցարիսը սովորականից առավել տխուր էր, երբ որ տուն դարձավ, աչքերը դես ու դեն ձգեց և սկսավ քրոջը փնտրելու, որ սովորաբար նորա առաջն էր վազում. բայց Հեղինեն չկար. հետո դռնե դուռ վազեց, կանչեց, հարցուց անցնող դարձողներին, բայց նորա խույզք և խնդիրքը անպտուղ մնացին. Հեղինեն չկար ու չկար: Վերջապես տան տափի վրա տեսավ ապարոշ (չալմա) ու հանկարծ մտքով վրա եկավ սոսկալի ճշմարտության. — նա իմացավ, որ տաճիկները եկել փախցրել են նորան. և նույն րոպեին սոսկալի երդումներ տվավ ինքն իրեն, որ այլևս պետք չէ մնալու և համբերելու, և հաստատ որոշեց յուր հավատի և հայրենյաց թշնամիներուն խորտակել և հալածել:

3

Մեծահանդես տոն էր: Հունաց փոքրիկ քաղաքի փողոցները և հրապարակները լիքն էին բազմախուռն ամբոխով: Հանկարծ Բոցարիսը եկավ կանգնեցավ ժողովրդի մեջ և տեղն ի տեղն պատմեց յուր գլուխն եկած աղետալի անցքը. ամենուն ցույց տվավ ապարոշը, որով իմացվեցավ, որ Բոցարիսի տունը մտնողը և նորա Հեղինե քրոջ փախցնողը տաճկաց ղատին24 պիտի լիներ:

Այդ միջոցին ինքը ղատին ձի հեծած և շատ սպառազինած սպասավորներով պատած, անցնում էր նոցա մոտից:

Ո՛վ ինձ օգնել կուզե, — աղաղակեց հանկարծ Բոցարիսը, հանեց գոտիից դաշնակը և տաճկի կուրծքը մխեց. — թող գա իմ հետևից: Ժամանակը հասել է, որ մենք մեր թշնամու վրեժն առնունք: Կորչի՛ անհավատը, կեցցե՛ մեր հայրենիքը, կեցցե՛ մեր կրոնը, մեր Պալեոլոգ կայսրը. նրա իշխանությունը և Քրիստոսի խաչը:

Այն քաղաքի մեջ մի մարդ չի կար, որ չճանաչեր նորա սրտի արիությունը, քաջությունը և նորա հոգվո ազնվությունը. ուշ չդարձնելով նորա մատաղ հասակին, ամենքը վստահ էին նորա վրա և սիրում էին: Նորա քրոջն ևս ճանաչում էին կղզեցիքն և սիրում էին, և համոզված էին, որ նա աստուծո առանձին հովանավորության ներքո է:

Ժողովուրդը Բոցարիսի օրինակին հետևելով` հարձակվեցավ տաճիկների վրա և սաստիկ ջարդ և կոտորած բացվեցավ նոցա մեջ: Տաճիկները չկարողացան երկար դիմադրություն անելու, նոցա մեծ մասը սպանած մնաց փողոցի մեջ, մյուսները փախան և ցրվեցան: Այս հաղթութենովն քաջալերված` ամբոխը անհապաղ գնաց դեպի ղատիի բնակարանը, ազատեց Հեղինեին և հանձնեց եղբորը. խեղճ աղջիկը տխրութենեն և ուրախութենեն գրեթե կիսամեռ տուն դարձավ: Այս դեպքից հետո կղզեցիքը ոտքի ելան տաճիկներու դեմ, ապստամբեցան և իսպառ հերքեցին նոցա տիրապետությունը և յուրյանց հալածիչներին բոլորովին արտաքսեցին յուրյանց կղզիեն:

Բայց պետք էր մի գլուխ, մի մարդ, որ մինչև Ստամբուլ իմացում տալը և այնտեղեն նավերով օգնություն հասնելը` կարողանար կառավարել քաղաքացիներուն և կղզին ներքին և արտաքին թշնամիներեն և երկպառակութենեն պաշտպանել: Այն ժամանակ կղզեցիքը միաբերան աղաղակեցին. «Թող նա լինի մեր կառավարիչը, որ մեր թշնամին խորտակեց և հալածեց»: Եվ այսպես տասնվեց տարեկան Բոցարիսը կղզիի ժամանակավոր կառավարիչը ընտրվեցավ:

Երբ որ այս պատանի դյուցազնի սխրագործության համբավը հասավ մայրաքաղաք` մեծից մինչև փոքր ամենքը առհասարակ ուրախացան, տեսնելով` որ տակավին նոցա մեջ միանգամայն մարած չէր նախնի Հունաստանի դյուցազանակ ոգին. բայց կայսրը և նորա ավագանին տերության ուրիշ ծանրակշիռ հոգսերով զբաղված` չուզեցան ամբողջ աշխարհի վիճակը թողնել և մի աննշան կղզիի վրա դարձնել յուրյանց ուշ ու միտքը: Բոցարիսը կղզիի գլխավոր կառավարիչը մնալով` ամեն կերպ ջանաց նրան ամրացնելու և քաղաքացիների մեջեն փոքրիկ զորք գումարեց: Երբ տաճիկներն իմացան, որ կղզեցիք ոտքի են ելել և արտաքսել են յուրյանց հայրենակիցներին, շատ բարկացան և կամելով նոցա չարաչար վրեժխնդիր լինելու` պատերազմիկ նավեր կազմեցին ապստամբիչներուն. բայց երբ որ թշնամու նավախումբը մոտեցավ կղզիի ափերին` հույները առաջվա պես անպաշտպան չէին. Բոցարիսի նորակազմ զորքը նոցա դեմ ելավ սաստիկ դիմադարձություն արավ և մեծ վնասով հետ քշեց տաճիկներուն:

Ինչպես որ հայտնի է պատմութենեն, այդ Լանգ-Թամուրի սոսկալի հերոսը ասպատակելով Տաճկաստանը, հաղթեց Բայազետի զորքը, իրեն Սուլթանին գերի առավ և երկաթե վանդակի մեջ պահեց. փոքր-ինչ հետո տաճկի սուլթանները հետզհետե պատերազմներ մղելով հունաց ազգի հետ և պատրաստվելով նոցա աշխարհը տիրապետելու` յուրյանց բոլոր մտադրությունը դարձուցել էին Բյուզանդիոնի պաշարման վրա. այդ պատճառովն էր ահա, որ նոքա մոռացել էին կամ գոնե առ ժամանակ մի թողել էին ապստամբած կղզին, որո բնակիչքը Բոցարիսի կառավարության տակ երկար միջոց վայելում էին անվրդով խաղաղություն և երջանկություն:

4

Այսպես շատ տարիներ անցան, Բոցարիսը յուր պատանեկության հասակեն մտավ այրականը. բայց ո՛չ տարիք և ո՛չ բարձր աստիճանը կարողացան նորա առաքինությունը խախտելու. ինչպես որ էր` այնպես մնաց, — միշտ մարդասեր, բարի, ընկերահաշտ և խոնարհ, և այդ գովանի բարքովը նա սիրելի և հարգելի մնաց յուր քաղաքակիցներին, որոնք միշտ հնազանդ էին նորա հրամանին:

Բայց ուրևիցե չարերը պակաս չեն աշխարհիս երեսին. այնպիսի մարդիկ գտնվեցան, որոնք չար աչքով էին նայում նորա հառաջադիմության վրա և ամեն կերպով աշխատում էին խլել նորանից կամ նսեմացնել այն փառքը, որ նա ստացել էր յուր քաջասրտությամբը և այն երախտիքով, որ հասուցել էր յուր ազգին և հայրենյացը:

Մի օր Հեղինեն եղբորը սափորով գինի տվավ, որն որ Բոցարիսի տանը չեղած ժամանակ մի անծանոթ մարդ նորա համար ընծա էր բերել: Վա՛յ քեզ, Հեղինե՛, դու չգիտեիր, որ այդ սափորով քու եղբորը թույն էիր տալիս, դու չգիտեիր, որ չար բախտը գործի էիր ընտրել քեզ քու եղբոր աղետալի մահվան...: Միամիտ Բոցարիսը օրհասական անոթը բերանին տարած չտարած` հանկարծ աչքերի մեջ կատաղություն ցոլաց, երեսի տիպարքը սկսան ծռմռվելու, բերանը փրփրաց և նորա ամեն մի շարժվածքի մեջ դիվահարության նշանները ակնհայտնի էին երևում: Սոսկացավ Հեղինեն, մազերը փետփտելով` ընկավ եղբոր ոտերին. բայց նա քրոջը չճանչցավ և յուր արածը չգիտեր, և շատ ժամանակ չանցած սոսկալի տանջանքներով Հեղինեի գրկի մեջ փչեց հոգին:

Հուղարկավորության տխրալի ծեսի ժամանակ, երբ որ ժողովուրդը սուգ անելով տանում էր Բոցարիսի մարմինը, խեղճ Հեղինեն անմեկնելի հուսահատությունը երեսին գծագրած` ոչ մի րոպե աչքը չէր դարձնում դագաղից, ուր անձայն և անշարժ կար նորա նազելի եղբայրը: Վերջապես երբ որ մեռելի մարմինը բերին գերեզմանատուն և իջուցին գերեզմանի մեջ, ժողովուրդը լուռ ու մունջ հեռացավ և տուն դարձավ: Բայց Հեղինեն չուզեց յուր եղբորեն հեռանալ և մնաց այնտեղ, ուր ամփոփված էր նորա մարմինը. պինդ գրկեց խաչքարը, որ բազմությունը դրել էր նորա գերեզմանի վրա. ու մնաց, ու ասես թե կապվել միավորվել էր քարի հետ: Մյուս օր, երբ որ երախտագետ քաղաքացիքը հանգուցելո հիշատակը պատվելու համար եկան նորա գերեզմանի առաջ, ի՞նչ տեսնեն. Հեղինեն նույն դրությամբ կեցած էր: Խեղճ աղջիկը չէր կարողացել առանց եղբոր ապրելու:

Բոցարիսի մեռնելովը կղզեցիք կորուսին յուրյանց ապահովությունը, ազատությունը, անդորր և երջանիկ կյանքը: Տաճիկներն ևս իմացան այդ, յուրյանց համար ուրախալի անցքը, և այնուհետև ստեպ ստեպ ասպատակներ անելով` անդադար ավերում և կողոպտում էին կղզեցիներու ինչքը և կայքը: Բոցարիսը չի կար, որ ժողովրդին միացներ, խրախուսեր, ոգի և զորություն տար նոցա հետ միասին հետ մղեր թշնամիներու հարձակմունքը:

Շուտով Բյուզանդիան ևս տապալվեցավ Մեհեմեդ Բ-ի ուժգին հարվածներեն, և այնուհետև այս փոքրիկ կղզին կրեց նույն դառն վիճակը, որն որ Տաճիկները պատրաստել էին ամեն քրիստոնյա երկիրների համար: Կոնստանդնու քաղաքը և նորա ամեն գավառները հեծեծում էին և սուգ էին անում անհավատների ծանր լուծի տակ` մինչև որ լուսավորյալ Արևմուտքը հիշեց Հունաց նախկին փառքը և սխրագործությունը և ի հիշատակ նորա թողուցած անմահ հռչակին` ոտքի կանգնեցուց նորա որդվոցը:

ՆՈՐ-ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

1875

ՉԱԽՈՒ

Ջրկիր Մարտիրոսի պատմածը

Գարունը դեռ հասած չէր, բայց էն տարին շոգը էնպես վաղ էր կոխել, որ փետրվարի տասնհինգինքսանին արդեն դալար արոտը, բանջարը գետնից մեկ թիզ վեր էր էլել: Մարտի սկզբին արդեն տարմերը եկել էին հեռու տեղերից և տանիքների կրամիտների մեջ սկսել էին իրենց բույնը շինել, կռունկները, վայրի սագերը երամ-երամ, կռկռալով Դոն գետի կողմից դեպի Ռուսաստան էին թռչում գնում. էլ վախ չկար հանկարծակի ցրտերից: Մի քանի օր էլի անցավ, արարի՛չ Աստված, էնպիսի շոգեր արավ, որ բոլորովին հունիսի տոթ ու տապն էրչորությունից գետինը սկսեց ճաքճքել, ձյունի թողած խոնավությունը վաղուց անցել անհետացել էր. հողագործները Աստված, Աստված էին կանչում: Եթե էլի մի քանի օր էդպես շարունակվելու լիներ, ամբողջ ցորենը պիտի թառամեր, փչանար:

Էդ ժամանակները ինչպես կլինի որ ձիս ոտքը վնասել էր. ոչ միայն բեռ քաշելու, ոտքի վրա կանգնելու ուժ չուներ անասունը: Բայց այգիս անպատճառ ջրել էր պետք, թե չէ` էնքան տարվա աշխատանքս մեկ շաբաթվա մեջ պիտի գնար: Ուզեի-չուզեի, մեկ ջրկիր պիտի բռնեի, պետք է գետիցնկատված է, որ աղբյուրի ջուրը պարտեզին օգուտ չի տալիստակառ-տակառ ջուր կրել ու դույլերով ծառերի տակը լցնել տայի: Էնպես էլ արի. բանվորիս հատկապես ջրկիր Մարտիրոսի ետևից ղրկեցի, որ վաղվանից սկսի գետից ջուր կրել:

Մյուս օրը բազար գնացի և մինչև կեսօր, ինչպես սովորությունս էր, խանութումս մնացի: Երբ կեսօրվա ճաշին տուն վերադարձա, Մարտիրոսը երկու ձեռքին երկու դույլ անդադար տակառից ջուր էր քաշում և պարտեզիս տակառիկներն էր լցնում, բանվորս էլԽրիմից նոր ծառեր էի ապսպրելտեղ-տեղ փոսեր էր փորում: Հացից դեռ նոր էի վեր կացել, մեր Մարտիրոսը էլի մեկ տակառ էր բերել գետից և պարտեզս ջրելու վրա էր, որ ես էլ էնտեղ գնացի` նայեմ, բանվորս ի՞նչ բանի վրա է:

Հին ծիրանի ծառս էն ձմեռ ցուրտը խփել չորացրել էր, բանվորիս պատվեր էի տվել, որ արմատով հանի և նորից այնտեղ մի փոս փորի, որ ծառ տնկեմ: Երբ պարտեզս մտա, հենց էդ փոսը փորելու վրա էր բանվորը: Գնացի կանգնեցի էդ փոսի ափին և թմրածի պես մնացի. շատ կեցա էդպես, քիչ կեցա, չգիտեմ, միայն բավական ժամանակ մնացած պիտի լինեմ, քանի որ Մարտիրոսը այդ նոր բերած տակառն էլ արդեն դատարկել էր և սուս-փուս ետևս կանգնել էր, միտքը երևի փող ուզենալն էր, բայց երեսը չէր բռնում ինձ ասելու, ձեռքը խաչ կապած կանգնել էր խեղճ մարդը: Մեկ էլ ետ դառնամ, ի՞նչ տեսնեմ, էդ մեր Մարտիրոսը սառած, քար կտրած կանգնել է, աչքը փոսից չի հեռացնում, ուղիղ մեջն է նայում, ու աչքից առատ-առատ արտասուք է վազում ու գետնին է թափվում...

«Հա՛ծե, ի՞նչ եղավ քեզ», — հարցնում եմ: Բան չի ասում:

«Հա՛ծե, Մարտիրոս, — ասում եմ, — գժվել ե՞ս, ի՛նչ է, էդ հասակի մարդ լաց կլինի՞ որ, չե՞ս ամաչում, երեսիդ գույնին մեկ նայիր, բոլորովին մեռել ես ո՛ւ»: Մարտիրոսը էլի սուս կանգնել է, փոսի մեջն է նայում: Էդ ժամանակ բանվորս հողը փոսից հանեց ու մի կողմ շպրտեց, հողի հետ մի փտած փայտի կամ ոսկորի պես բան էլ կար, որն որ գլորվեց հենց ոտքիս հասավ: Հանկարծ մեր Մարտիրոսը խելագարի պես վրա ընկավ էդ փտած ոսկորին, շտապով գետնից վերցուց ու դիվահարի ձայնով սկսեց կանչել.

«Յա՛նկա, յա՛նկա, վա՛րպետ, վա՛րպետ, Մկրտիչ վարպետ, ահա՛ ձեր կորած չախուն, ահա էն չախուն... գտնվեց... Մեռնեմ անունիդ, սուրբ Մինաս, վերջը վերջը դու լույս հանեցիր իմ կորուստը»….

Կանգնած տեղս սառած մնացի, էսպեսի զարմանալի բանի դեռ իսկի հանդիպած չէի, աչքովս չտեսնեի ու ուրիշից լսեի բոլորովին չէի հավատա, որ Մարտիրոսի պես ծանր բնութքով մարդըտասնհինգ-քսան տարուց ի վեր նրան ճանաչում էիէդպես խենթ-խենթ դուրս տա: Ի՛նչ մեղքս պահեմ, խեղճ մարդուն խելագարված կամ բռնված կարծեցի, բայց, երբ բանը տեղով իմացա, մտքիս մեջ մեղայի եկա և ետ կարծիքս փոխեցի:

Մարդուն հազիվհազ խելքի բերի, թե չէ` խեղճը հարբածի պես բան եղել էր: Էդ փտած ոսկորը ձեռքը ամուր բռնած, հայհայ պատերն է բարձրանում, «յա՛նկա» է կանչում, «վա՛րպետ» է կանչում, մեկ էլ լռում է, մինչդեռ Մկրտիչ վարպետի մեռնելը քսան տարուց ավելի է, նրա կնոջ մեռնելն էլ քառասուն տարուց պակաս չի լինի:

Էս տունս, որտեղ այժմ ես կենում եմ, ժամանակով տիրացու Մկրտիչինն էր: Էդ տիրացու Մկրտիչը սրանից հիսուն տարի առաջ էս տան մեջ կարդացնելիս է եղել: Ինչ էլ լինի, մեկ խոսքով, բանի եղելությունը էս էր: Բայց դու արի ու հիմա հարցրու թե` ինչո՞ւ ջրկիր Մարտիրոսը փոսի առջև սառած մնացել էր ու լաց էր լինում, ինչո՞ւ փտած ոսկորը տեսավ թե չէ, գժի նման գետնից վերցրեց ու սկսեց «յանկա» ու «վարպետ» փնտրել: Էդ էլ ջրկիր Մարտիրոսը իր բերանով թող պատմի:

«Սրանից հիսունհինգ տարի առաջ, էս քո կեցած տան մեջ կենում էր Մկրտիչ անունով մի տիրացու և քանի որ էս տիրացուն իր ընկերակիցների մեջ ամենից գիտունն էր հիշվումայսինքն` ասել եմ ուզում թե` քիչ-քիչ գրել-կարդալ գիտեր, մյուսները էն էլ չգիտեինիր համար պարապմունք էր արել աշակերտներ սովորեցնելը: Ես էլ էդ ժամանակները կլինեի գուցե տասը տարեկան: Մեկ անգամ պապաս թևիցս բռնեց ու տարավ տիրացու Մկրտչի մոտ աշակերտ տվեց:

ՊապասԱստված հոգին ողորմիչար բնութքով մարդ էր: Ինքը որովհետև մինչև պսակվելու օրը հոր ձեռնափայտից դողացել էր, էնպես էլ ինձ էր ուզում խիստ պահել: Պարծանք չլինի ասածս, իմ բնութքս ավելի մամայիս բնութքին էր նման` սուսուփուս, վիզս ճուկ: Բայց էդ չօգնեց. երբ որ պապաս առաջին անգամ տարավ ինձ Մկրտիչ վարպետին տվավ, նախ և առաջ մեկ լավ ականջս ոլորեց. հետո մեկ ապտակ էլ շխկացրեց երեսիս ու ասաց. «Նայիր, վարպետ, որդուս բերել եմ, կաշին քեզ, ոսկորը ինձ. ինչ կուզես արա՛, ուզում ես` խեղդի, ուզում ես, քերթի, ուզում ես մորթի, էնքան է, որ հիմար եմ տալիս, խելոք պիտի առնեմ»:

Վարպետ ասածս բանդ մեր ժամանակները, ինչ ասեմ քեզ, թե որ ասեմ գայլ-գազանից էլ սասանական էր, արդյոք ղորթ ասած չե՞մ լինի: Էդ հիմա է, որ երեխին վախեցնել որ ուզում են «Ա՛յ արջը եկավ, ա՛յ վիշապը եկավ, ա՛յ մըռմըռասը եկավ» են ասում, որ երեխան մի քիչ սրտի մեջ վախ ունենա ու իր չարությունից ձեռք վերցնի: Մեր ժամանակները «վարպետի» անունը որ տային, լեղիներս կպատռեր, փախչող-փախչողի կլինեինք, որս դոլաբը կմտներ, որս ծալքի մեջ կուչ կգար, ժամերով կկենար, ձայն ծպտուն չէր հանիէդպես սասան-սասանի կգայինք:

Երբ ես ավելի փոքր երեխա էի, վարպետի անունը լսելիս, մեկ ձիգ հասակով, երեսը չոր-չոր, սուր մորուքով, շալե կապայով, մեկ ձեռքին տեր ողորմյան, մեկ ձեռքին կարմիր ճիպոտէդպիսի մի հրեշ էի երևակայում: Երբ որ պապաս ձեռքիցս բռնեց, տարավ վարպետի տուն և ինձ հանձնեց նրանիր ձեռքով ականջս քաշածը ու ապտակ տվածը էն ոչինչմտքիս մեջ էնպես կարծեցի, որ ողջ-ողջ ինձ պատանքեցին և սև հողը դրին... Որբի պես վիզս ճուկ կանգնել եմ, իսկը այն կապած-կապկպած մատաղի գառը, որ մինչև ժամկոչի դանակ սրելը` սուս-փուս պառկել է նրա ոտքի տակ...

Մկրտիչ վարպետը ծալապատիկ նստած էր մեկ քառակուսի պստիկ մինդարի վրամեր ժամանակները հիմիկվա պես վարպետի տանը աթոռներ, նստարաններ, սեղաններ չկայիներեսունհինգ-քառասուն աշակերտներ էլ կողք-կողքի, մեջքները պատերին արած, իրենց մինդարների վրա նստած, ձեռքերին մի-մի պնակիտ25 կամ քերական26 դասերն էին սովորում. այն սասանական «ճիպոտը» վարպետի առջևն էր, էսօրվա պես միտքս է. երկայնքը հինգ չարեք կլիներ, բութ մատիս հաստությանը, ծայրին ծակ ուներ, ծակի մեջն էլ թել էր անցկացրած, որ պատից կախվի: Աշակերտներից մի երկուսին ճանաչում էի, բայց շատերին առաջին անգամն էր տեսածս»:

«Չէ, ինչո՞ւ, ասաց Մկրտիչ վարպետը, — գուցե որդիդ ուշադիր է լինում, դասը լավ է սովորում, գուցե խեղճը իսկի չարություն չի անում: Էն ծեծը որ կա, չարերի ու ծույլերի համար է... Դու իսկի լսած չե՞ս. Տեր մեր Հիսուս Քրիստոս ասե (երեսը խաչ հանեց, պապաս էլ ետևիցը), օրհնյալ է փայտն (ճիպոտը վերցրեց և ցույց տվավ աշակերտներին) որով լինի արդարություն... Դեհ, էդ էլ էդպես

ՉԷ, — ասաց պապաս, — իսկի էդպիսի բան կլինի՞... էն ավետարանի խոսքը կա ու կա, բայց երեխան որ առանց ծեծի մեծանա, մեկ օր ինքըհեռու տանից տեղիցհորն ու մորը վրա ձեռք կբարձրացնի: Աշխարհս էդպես է, էդպես էլ պիտի գնա: Հիմա դու, ի՞նչ է` վարպետ ես, մեր հնուց կարգերը ոտքի տակ պիտի տա՞ս, ի՞նչ է... Իհարկե կարգդ Աստված հաստատ պահիԲայց երբ լսել եմ թե որդուս երես ես տալիս, վախով չես պահում, երախտիքդ խնայում ես նրանից, սիրտդ թող չցավի, թքել եմ ես քո գոված իմաստությունիդ վրաԻ՞նչ է, դու կարծում ես, թե ես որդուս տիրացու կամ վարդապետ եմ ուզո՞ւմ անել... Ես չեմ ուզում, — ասաց պապաս և բութ մատը խցկեց կողքի երկու մատների մեջտեղ... Տերտեր, վարդապետ, տիրացու, ժամկոչէս ամենը մեկ տեսակի բաներ են:

Նայաց սիրով հայրդ գթած.

Քաղցած ենք, տուր մեկ կտոր հաց...

Իհարկե, գրոց լեզուն գիտես, քերական, ճարտասանություն, աստվածաշունչամենը կարդացել ես, բայց ասելուցս ինձնից քեզ խրատ չլինի… «Էդ Աստված պապան Ադամ-Եվային որ ստեղծեց, թե որ գրել կարդալը լավ բան էր, ինչո՞ւ իսկույն առջևները մեկ քերական չդրեց, չասաց թե «Էդ լավ բան է, սովորեցեք»: Ինչպե՞ս է որ ողորմած Աստված հատուկ իր ձեռքով ստեղծած ադամորդուն լավություն չէր կամենալՀը՞, ինչպե՞ս ես, ղորթ է ասածս, թե չէ՞Բայց ես քեզ դրանից էլ խելոք, խելքի պառկելու բան ասեմ: Էդ գրել-կարդալ ասածդ ուրիշ հաշիվ ունի... Էդ պստիկ երեխան որ կա, կատարյալ մի վայրենի գազան է. ինչպես որ գազանին դնչկալով, շղթայով կզսպեն, գառը կդարձնեն, հենց էնպես երեխաներին էլ գրել կարդալով կզսպեն, հոգիները ջանից կհանեն, աչքերի լույսը կմարեն, կմաշեն. ահա դրանից հետո երեխան օրինավոր մարդ կդառնա, վիզը կծռի, սրտի մեջ ահ կունենա, մեծի առջև ձեռքը խաչկապած կկանգնի, մարդու սիրտ ցավացնելու տեղ` սիրտը շահել կաշխատի, հարուստի ու իշխանի պատիվը կճանաչի... Ապա, ջանս, դու գիր կարդացող ես, իմաստուն ես, բայց քեզնից տեղով գիտեմ գրելկարդալու օգուտը:

Ասաց ու տեղից ելավ:

Էհ, ինչպես որ ասի, էնպես էլ կանես. վարձդ էլ ինչ որ է` չորս ամիսը մեկ կառնես:

Վարպետի վարձ, տարեկան պիտի տայինք երկու ռուբլի ասիգնացի, հիսուն հատ հավկիթ, մեկ փութ ալյուր, մեկ հավ և մեկ բադ:

Պապան գնաց, ես մնացի: Վարպետս դարձավ ինձ և ասաց. «Հածե, պստիկ, անունդ ի՞նչ է»: «Մարտիրոս է», — ասի, — ձայնս փորիցս էր դուրս գալիս: «Հա՛ծե, Մարտիրոս, — ասաց, — էս երկայն ճիպոտը տեսնո՞ւմ ես, հետո մինդարի տակից հանեց մի ֆալախա, «էս ֆալախան էլ տեսնո՞ւմ ես», ասաց: Ողջ մարմինս փուշ-փուշ եղավ, երբ որ կարմիր ճիպոտն և հաստ ֆալախան տեսա, կարգին ջերմով բռնվածի պես ամբողջ մարմնով դողացի: «Հը՞, վախեցա՞ր, ասաց վարպետս, իշտե լավ իմացիր, որ չարություն արել ես, թե չէ, տապանիդ կաշին կպլոկեմ», — ասաց ու ճիպոտը ժը՛վ, ժը՛վ, ժը՛վ թափ տվեց:

Հետդ քերական բերե՞լ ես, — հարցրեց հետո:

Հա, — ասի ու քիսայիցս հանեցի մի հասարակ գիրք կարմիր կազմով ու պղնձե կոճակներով:

Էս ի՞նչ է, — ասաց վարպետը, — բեր մեկ տեսնեմ:

Պապաս տվեց, ասի ու գիրքը իրեն տվի:

Հա՛ծե, ապուշ, սա քերակա՞ն է, որ ձեռքդ տվել են: Սա Նարեկ է ո՛ւ:

Պապաս տվեց, ասի նորից, ուրիշ բան չգտա ասելու: Ինչ նրա քերականը գիտի, ի՛նչ Նարեկը. էն րոպեին բացի ճիպոտից ու ֆալախայից ուրիշ բան չէի տեսնում աչքիս առջև: Ինձ էնպես էր երևում, որ տան չորս պատերից ամեն տեղ ճիպոտներ ու ֆալախաներ են կախած, տղաների ձեռները մեկ-մեկ ճիպոտ էին երևում ինձ, ոտներն էլ մեկ-մեկ ֆալախա: Առաջին անգամն էր վարպետի մոտ գնալս: Աստված կսիրես, ես ի՞նչ գիտեի` ի՞նչ ասել է կարդալ, գրել, քերական, Նարեկ:

Անշնորհք, — ասաց Մկրտիչ վարպետը, — տղան որ վարպետի մոտ է գալիս, էն գլխից ձեռքը քերական կտան, քերականը որ վերջացնի, պստիկ-սաղմոս կտան, էն էլ որ վերջացնի` մեծ-սաղմոսը կտան. նրանից հետո ժամագիրք կտան, հետո ավետարան կտան, էն վերջը Նարեկ կտան, էն էլ որ ավարտի, ասել է, օրինավոր կարդալը վերջացրած կլինի, վարպետից էլ դուրս կերթա: Բայց ապուշի գլուխ, արի նայենք, այսքան բան դու ե՞րբ պիտի ավարտես, որ Նարեկը կարողանաս կարդալՆայիր էդ տղաներին. ո՛րը չորս տարի է մոտս, ո՛րը երեք տարի է, մեջները էնպեսներն էլ կան, որ հինգ տարի են սովորում, բայց մեկի ձեռքը Նարեկ տեսնո՞ւմ եսՉէ՛, տղաս, գիր կարդալը էդ տեսակ հեշտ բան չէ, էս ներկարարի կաթսան չէ, որ տղային մեջը խոթես հանես ու հոր ձեռքը տաս. «ահա՛, որդիդ պատրաստ է»: Է՛յ, որդիս, որդիս, դեռ շատ պիտի աշխատես, ձեռքիդ ափն ու ոտքիդ ներբանը դեռ շատ պիտի բշտի ու քանի՛-քանի՛ անգամ կաշին պիտի փոխի, մինչև որ Նարեկին հասնես...

Ես գլուխս կախած լսում էի, ասածից էսքանը հասկացա, որ մկան պես թակարդ եմ ընկել, միջիցը ազատվելու ճար չունեմ, մեկ կողմից խիստ հայրս, մյուս կողմից դևի պես վարպետս, էս կողմը կրակ, էն կողմը բոց. որտեղ որ դառնայի` դժոխք էր:

Բայց դու Աստծու ողորմությունը տեսմեռնեմ նրա սուրբ անունին: Վարպետս պատից առավ պնակիտը, հինգ հատ գիր ցույց տվեց` այբ, բեն, գիմ, դա, եչ, «Մինչև կեսօր էսքանը կսովորես. դասդ չսերտած տեղիցդ վեր չկենաս ու տուն էրթալ չհամարձակվես»:

Կարծեմ մինչև կեսօր ժամ կամ ժամուկես էր մնում, ասել է` բավականին ժամանակ կար: Սկսեցի սերտել. էնպես սիրով կարդացի, էնպես սիրով սովորեցի որսուտ չասեմքառորդ ժամվա մեջ էն դասը սերտեցի: Գնացի կանգնեցի վարպետիս առջև, «դասս գիտեմ», — ասի: «Տեսնե՛մ», ասավ: Ժը՛վռ, ժը՛վռ ջրի պես ասի:

Ա՛յ ապրիս, — ասաց, — հինգ հատ գիր էլի որ տամ, — ասաց, — կարո՞ղ ես սովորել:

Տեսնեմ, գուցե կարողանամ, — ասի:

Մեկ տեսնեմ շնորհքդ, — ասաց, — զան, էն, ըթը, թոն ու ժեն տվեց: Կհավատա՞ս, քառորդ ժամ անցած չանցած, էն էլ սերտեցի ու գնացի բլբուլի պես կարդացի վարպետիս առջև:

Շեն կենաս, — ասաց վարպետս, — ա՛յ էդ լավ է, շատ ապրես, Մարտիրոս, աֆերիմ քեզ: Էլի հինգ գիր տա՞մ, էն էլ կարո՞ղ ես սերտել: Ես սիրտ առա:

Ինձ համար էն ի՞նչ բան է, — որ, — ասի, — թեկուզ տասնհինգն էլ տուր, — ասի, — արդեն հանգստացած:

Չէ, տասնուհինգը շատ է. մեկ անգամից կշշկլվես. տասը հատն էլ բավական է. ահա քեզ` ինի, լյուն, խե, ծա, կեն, հո, ձա, ղատ, ճե, մեն, հի. հերիք է էսքանը:

Գնացի տեղս նստեցի, բայց սիրտս սեղմվեց, մտքիս մեջ կասկած ընկավ` իսկ եթե չկարողանամ: Աստված հոգին լուսավորե, մամաս ինձ մեկ բան սովորեցրել էր. «Երբ որ մեկ բանի ետևից ես ու նրան հասնել ես ուզումասել էր մամասմտքիդ մեջ սուրբ Սարգսին կանչիր. «Սո՛ւրբ Սարգիս դուն նեղիս հասնես», ու երեք անգամ երեսդ խաչ հանիր»: Հիմա ես մտքիս մեջ էդ աղոթքը ասի, բայց երեսս խաչ հանել թե ամաչում էի և թե` վախենում: Պստիկ էի, բայց էլի ճարտար էի, կամացուկ ձեռքս վարտիքիս գրպանը կոխեցի և էնտեղ խաչ հանեցի ու միամտված սկսեցի երրորդ դասս սերտել: Հինգ անգամ իրար ետևից կարդացել էի` կարդացած չէիդու էս հրաշքին մտիկ արաէդ էլ ջրի պես սովորեցի:

Հիմա բանը էնտեղ է հասել, որ ինքս ինձ չեմ հավատում. մտքիս մեջ ասում եմ. «Էս երազ հո չէ՞, քնիս մեջը հո չե՞մ»: Ձեռքըս ծոծրակս եմ տանում, գլուխս քորել եմ ուզում, մինչդեռ երեկ մամաս ինձ տաշտը նստեցրել է, լավ լվացել է, գլուխս էլ սանրով էնքան քերել է, բայց միտքս էն է, որ եղունգովս ծոծրակս կսմթեմ, որ տեղով իմանամ` երա՞զ է էս, թե իրականություն: Ծոծրակս կսմթում եմ. եղբայր, ցավ եմ զգում: Ա՛, ասում եմ, մտքիս մեջ, երազ չէ եղել: Ես էլ էդ էի ուզումՎերջապես կերթամ վարպետիս առջև ցցված կկանգնեմ, «դասս գիտեմ», կասեմ ու ուղղակի մարդու աչքի մեջ կնայեմ: Վարպետս տեղից վեր է թռչում, «էս ինչպե՞ս շուտով սովորեցիր», ասում է: Ես սուս կանգնել եմ, մտքիս մեջ խնդում եմ վրան: Մի քիչ կենալուց հետո, «Չլինի՞ թե, ասում է, — էն գլխից գիտեիր այբուբենն ու հիմա գիտեցած դասերդ եկել ես նորից ես տալիս», ասում է: «Չէ, Աստված վկա, — ասում եմ, էսօր առաջին անգամն է պնակիտը ձեռքս», ասում եմ: «Ղո՞րթ», — ասում է մարդը: «Հա՛», — ասում եմ: Մարդը զարմանում է:

Ախար ղորթ էլ զարմանալու բան էր. քաղաքի հիմքը գցելուց ի վեր էսպիսի բան տեսնված էլ չէր, լսված էլ չէր: «Որ էնպես է, արի նայեմ, դասդ ասա»: Ջրի պես դասս ասի»:

Հիմա թարս կարդա. մեկ տեսնենք, — ասում է, — այսինքն հի, մեն, ճե, ղաթ, ինչ որ է:

Թարսից էլ կարդում եմ. մարդը էլ ավելի զարմանում է:

Մյուս դասերդ էլ մի՞տդ են, մոռացե՞լ չե՞ս, — ասում է:

Չէ, մոռացած չեմ, — ասում եմ:

Ասա՛, — ասում է:

Էն էլ առանց շունչ քաշելու զվը՛ռ զվը՛ռ ասում եմ:

Թարս կարդա, — ասում է:

Թարս էլ կարդում եմ: Մարդու երեսը մեկ տեսակ կլինի: Ծոցից ժամացույցը հանում է, նայում էմինչև կեսօր էլի ուղիղ մեկ ժամ է մնում:

Մինչև դպրոց արձակելը պնակիտդ վերջացնել կարո՞ղ ես, — հարցնում է: «Տեսնեմ, գուցե կկարողանամ», — ասում եմ:

Է՛, գնա սովորիր, ասում է, ու սկսում է մյուսների դասերը նայել: Ճիպոտն ու ֆալախան տեղերից շարժվում են ու իրենց շնորհքը ցույց են տալիս: Տղաների ճիչ ու աղաղակների, լաց ու գոչումի մեջ ես մնացած բոլոր գրերն էլ սովորում, վերջացնում եմ այբ սե = աս, վեվ այբ = վա, ասվա, ծա ինի մեն= ծիմ = ասվածիմ, էդ էլ կապում եմ, բոլորովին պատրաստ գնում նորից վարպետիս առջև կանգնում, էն էլ պատասխանում եմ: Մարդու լեզուն պապանձվում է, խոսք չի կարողանում ասել, և մենակ էս է ասում. «Մարտիրոս, մեկ օր դու մարդ պիտի դառնաս»:

Ուրախ-ուրախ տուն եմ գնում և տեղն ու տեղով մամայիս եմ պատմում: Մամաս սրտի ուրախությունից հա՛յ-հա՛յ ճաքվում է կինամարդը, ինքն իրեն բռնել չի կարողանում ու իսկույն գնում է հարևանների մոտ և ասում է թե` էսպես, էսպես որդի ունեմ, ու իմ պատմածի վրա տասնապատիկ իրենից է ավելացնում, հնարում թե` կես ժամվա մեջ որդիս էնպես բան է սովորել, որ տիրացուի չափ, գուցե ավելի էլ գիտի, ես ինչ գիտեմ, շտե, հոգևոր կառավարությունից ուրար պիտի տան ինձ ու, առաջնորդը ինձ գրագրության համար իրեն մոտ պիտի վերցնի ու, ասում է շտե, բան չունես. կինամարդ չէ՞, մայր չէ՞, սրտի մուրազները եղած պրծածի պես ասում է, պատմում է մի կողմը քաշվում:

Բայց պապաս մեկ անգամից չհավատաց. «Սուտ է ասում շան ցնգածը», — ասաց, երբ որ մամաս նրան էլ պատմեց իմ հրաշքները: «Այբուբենը ծայրեծայր վերջացնելու համար քիչ-քիչ երեք ամիս պետք է, էն էլ սուր մտքով տղի համար: Էդ որ մենք արհեստավոր ենք` ասենք գրի երեսը տեսած չե՞նք, ի՞նչ. մենք էլ խո երեխա ժամանակներս վարպետի մոտ գնացել ենք: Մեկ երկու անգամ ֆալախայի համը չառած` լսվա՞ծ բան է, որ տղան այբբենը վերջացնի: Պարծենում է, շտե, բոլ-բոլ սուտեր է փչում, դուն էլ կանխիկ փողի տեղ ես ընդունում: Նա գիտե, թե ես կծուլանամ վարպետի մոտ գնալու և սուտը բռնելու: Գիր կարդալը հանա՞ք է կարծում, ի՞նչ էԱփսո՛ս, ափսո՛ս, մեկ քերական չկա, որ կարդալ տայի ու սուտը բռնեի: Հետո դարձավ ու ասաց. «Հածե՛, էն տված գիրքս ի՞նչ արիր, մո՞տդ է»:

Следующая страница