Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Հայտնի երևում է, որ մարդու խելքը վրան չէր:

Վա՛յ մամա, — կանչեցի, — փրկիր որդուդ, ինձ պետք է մեռցնեն էսօր: — Երնեկ թե ղորթ մեռցրած լինեին:

Ֆալախան վաղուց պատրաստ է, երկու ճիպոտ էլ հետը:

Երեք հատ ուժեղ տղաներ վրաս թափվեցին, ինչպես որ ղասաբը կովին, էնպես էլ նրանք ինձ վայր գլորեցին, կոշիկներս, փաթթոցներս ոտքիցս հանեցին, ֆալախայի պարանը ոտքիս ձիգ ոլորեցին ու էնպես բռնած պահեցին, մեկ ճիպոտը պապաս առավ, մեկելը` վարպետս... էլ միտքս չէ...

Երեք օրից որ ուշքի եմ գալիս, տեսնում եմ, որ անկողնիս մեջ պառկած եմ, մամաս ու մեծաս, մեկը մեկ կողմս, մեկելը մեկել կողմս, աչքերը ուռած, կեցել են, երեսս են նայում: Տեղիցս շարժվել չեմ կարողանում, ամեն ժաժ-եկածիս` կարծես հազար բիզ են խրում ողջ մարմինս: Ոտք ունեցածս չեմ հասկանում, կարծես կտրել են, դեն են գցել: Կամաց-կամաց միտքս վրա եմ հավաքում ու անցած բաները մեկ-մեկ, մեկ-մեկ միտքս են գալիս:

Մեկ էլ տեսնեմ մյուս սենյակից սասանական մի ձայն է գալիս. չգիտեմ մարդու է, չգիտեմ` գազանի ու շղթայի զնգզնգոց:

«Էս ի՞նչ է», հարցնում եմ մամայիս:

Սուս, — ասում է, — պապադ է, — ասում է:

Խեղճ պապաս, խելքը կորցրել էր ու կատաղել:

Յոթն ամիս տեղաշորերից չեմ վեր կացել, հինգ ամիս էլ էնպես տկար եմ լինում, որ պատերին քսքսվելով կամ նստարանները բռնելով հազիվհազ ման եմ գալիս սենյակի մեջ: Էդ միջոցին պապաս էլ մեռնում էԱստված գերեզմանը լույս իջեցնիերեք հոգի` ես, մամաս ու մեծաս մնում ենք որբ ու մեկ կտոր սև հացի կարոտ: Մամաս լուսե լուս ժողովրդի կարն է կարում, մեծաս էլ դալալություն անելով, ֆալ բանալով, չար-աչք աղոթելով` կտոր մտոր փող են վաստակում, դրանով շտե գլուխներս ապրեցնում ենք:

Քաղաքի մեջ անունս չախուի գող է դուրս գալիս:

Ես էլ տասնչորս տարիս եմ մտնում:

Էդ միջոցին աղա Լազարովից էստեղի մեկ աղայի վրա գիր է գալիս թե` «եթե մեկ էնպիսի գրել-կարդալուն սեր ունեցող աղքատ տղա կա էստեղ, խնդրեմ վերցնես ուղարկես Մոսկով, հայի ճեմարան»: Էս որ լսում եմ` իսկույն գնում եմ էդ աղայի մոտ, ոտներն եմ ընկնում. «արի էդ լավությունը արա ինձ, ասում եմ, հա՛մ որբ եմ, հա՛մ աղքատ եմ, հա՛մ էլ կարդալու սեր ունեմ», ասում եմ շտե` ինչ որ բերանս գալիս է: Նա էլԱստված բանը աջողեխոսք է տալիս. «Երկու շաբաթից պատրաստ եղիր, — ասում է, — գնացող որ լինի, հետը կդնեմ, կուղարկեմ»: Ձեռքը պաչում եմ, դուրս եմ գնում, ուրախությունից վեր-վեր եմ թռչկոտում, բայց մերոնց բան չեմ ասում: Երեք չորս օրից մի քաղաքային պահապան է գալիս մեր դուռը ծեծում. «Մարտիրոս անունով էսպես-էսպես տղա կա՞ էստեղ», — ասում է: «Ես եմ», ասում եմ: «Հայդա, արի հետս, աղան քեզ կանչում է», ասում է: Մամաս կարծում է, թե էլի ո՞վ գիտի ինչ փորձանք պիտի գա գլխիս, խեղճը քիչ է մնում խելքից զրկվի: «Մի՛ վախենար, մամա, — ասում եմ, — ու մի երկու խոսքով հայտնում եմ բանի եղելությունը: «Որ էդպես է, աստվածամայրը բախտդ բանա, բալաս, ասում է ու ճամփա է գցում, մեծաս էլ շտապով ֆալան է առնում, որ առաջուց իմանա, թե ի՞նչ լուր պիտի բերեմ: Գնում ենք աղայի մոտ. մարդու խոժոռած երեսից հասկանում եմ, որ ասելուն ուրախ բան չպիտի լինի:

«Հածե՛, ասում է, դու ի՞նչ երեսով էիր ուզում աղա Լազարովի վարժարանը մտնել. մեկ-երկու չախու էլ որ էնտեղ գողանաս, էդ հո բոլորովին կկեղտոտես նախիջևանցու մաքուր անունը, ասում է` երբ որ պոչդ էդքան կեղտոտած էր, դու ինչպես համարձակվեցիր գալ ու խնդրվել ինձ: Դեհ, աչքիցս կորիր, գող-ավազակ, մեկ էլ երեսդ չտեսնեմ...»:

Էսպես ինձ իր տնից դուրս վռնդեց մեր աղան:

Լալով-լալով տուն եկա: Խեղճ մամաս, աչքը դռանը պահելիս է եղել, թե որդին ի՞նչ ուրախ լուր պիտի իրեն բերի ու ծերությունը մխիթարի. մեծայիս ֆալն էլ դուրս է եկել շուտով ճամփա, շատ փող, աղուհաց ու տեսակ-տեսակ բարություններ: Էս որ լսեցին ողորմելի կինամարդիկը, ավելի մեծ տրտմության մեջ ընկան:

Մեկ օր մեծայիս մեկ տուն թեթև թափելու27 կանչեցին: Էդ տան տերը տարվա մեջ ինն ամիսը Ստավրապոլ էր կենում իր առուտուրի պատճառով, տասներկու տարեկան որդուն էլ հետը առել էր ու էնտեղի թագավորական վարժատունն էր տվել կարդալու: Մեծաս վարժարանի անունը որ լսում է, կինամարդոց ոտքերն է ընկնում թե էսպես-էսպես մի թոռ ունեմ, ասում է, կարդալու շատ սեր ունի, ինքը պստիկ է, բայց մեծ մորուքով տերտերից, վարժապետից ավելի բան գիտե, գովում է մի խոսքով ինձ, էնքան է ասում, էնքան է աղաչում, պաղատում, որ կինամարդկանցից խոսք է առնում որ ինձ էլ Ստավրապոլ ղրկեն Մատթեոս աղայի մոտ, որ նա էլ վարժատուն տա: Էս որ սարքում է, պրծնում, շտապով տուն է գալիս, «աչքդ լույս, Մարտիրոս, — ասում է, — չարը խափանեցավ, բարին կատարվեցավ», ու մեկիկ մեկիկ պատմում է ինձ, ինչ որ խոսվել էր իմ մասին: Ամենքս էլ ուրախանում ենք:

Բայց օրեր են անցնում` բան չկա, շաբաթ է անցնում բան չկա, վերջը վերջը ամիս է անցնում, էլի բան չկա: Մեկ օր մեծաս վեր է կենում, ասում է. «էս ի՞նչ զարմանք բան է, ասում է, էսքան ժամանակ մեկ խաբար չի լսվում, ասում է, մոռացե՞լ են թե խաբեցին մեզ, ասում է. էսպիսով բան դուրս չի՛ գալ, վեր կենամ մեկ ինքս գնամ իմանամ. ծանդր կեցած քարի տակից ջուր չի վազիլ», ասում է` ու ֆարաջան հագնում է, գլխին թաշկինակ է փաթաթում, փայտը ձեռքն է առնում, տպտպալով ուղիղ դեպի Մատթեոս աղայի նշանածն է գնում: Իրիկնադեմին ճրագ վառելու ժամանակները ոտները քստքստացնելով, ուրախ երեսով ետ է գալիս:

«Ի՞նչ մաղարիչ ես տալու», — ասում է ինձ:

Առաջին տարվա ռոճիկս ամբողջովին քեզ Երուսաղեմի ճամփի փող, — ասում եմ:

«Է՛յ, բալաս, ասում է մեծաս, էն օրը որ գա, ո՛վ գիտի ոսկորներս էլ փտած կլինեն: Ավելի լավ է, էգուցվա բանը տեսնենք: Ահա քեզ ուրախ խաբար. վաղը չէ մեկել օր Մատթեոս աղային էստեղից երեք սայլ բաղկալի ապրանք պիտի ղրկեն: Եթե չես վախենումորովհետև էն ժամանակները ավազակ չերքեզներից վախ կարնստիր և գնա. մնացածն էլ Աստված կտա»:

Ինչպես որ ասում է, էնպես էլ անում ենք: Մեծաս դուռնե-դուռ ման է գալիս, մեկից հին մուշտակ է խնդրում, մյուսից տաք մեսթ28 է մուրում, մեկ ուրիշից էլ մորթե գդակ է առնում, փաթաթվում եմ, կապկպվում եմ, մեկ պստիկ բոխչա` ինչ ասես շորերով, ճամփի պաշարով, կռան տակս եմ դնում, գնում եմ` սայլն եմ նստում ու ճամփա ընկնում:

Ինն օրից Ստավրոպոլ ենք հասնում: Գնում ենք էդ Մատթեոս աղայի մոտ, գլխիս եկած ամեն բանը պատմում եմ, որ ասես մեկ բան չեմ թաքցնում` լավս էլ ասում, վատս էլ ասում: Բայց տեսնում եմ, որ մարդու երեսը մեկ տեսակ է լինում, երևում է, որ պատմածիս չի հավանում, կարծես դժվարանում է, բայց էլի շեն կենաբան չի ասում:

Մեկել օրը ինձ վերցնում է, տանում է մեծավորի մոտ և խնդրում, որ վարժատուն առնի:

«Գլխագիր ունե՞ս, հարցնում է ինձ մեծավորը: Հանում եմ ծոցից, իրեն եմ տալիս:

«Տասնչորս տարեկա՞ն ես», — հարցնում է:

Հա, — ասում եմ:

«Ռուսերեն գիտե՞ս», — ասում է:

Չէ՛, սովորած չեմ, — ասում եմ:

«Թվաբանություն գիտե՞ս, — ասում է:

Չէ՛, սովորած չեմ, — ասում եմ:

Էլի մի քանի չսովորած բաներս է հարցնում: Ո՛րը հասկանում եմ, ո՛րը` չէ: Մեծավորը քիթուպռունգ է անում:

Մատթեոս աղան կարմրում է:

«Օրենքով վարժատուն առնել չէր կարելի քեզ, բայց, — ասում է, — Մատվեյ Կարպիչի խաթեր համար ուզեմ-չուզեմ պետք է ուվաժիտ անեմ, ասում է մեծավորը, բայց ամենավարի դասարանը պետք է քեզ նստեցնեմ», — ասում է: Ուրախությունից չգիտեմ` ի՞նչ անեմ. մեր ադաթով գնում եմ մեծավորի ձեռքն եմ պաչում. մարդուն դուր է գալիս»:

«Վրայից երևում է մաքուր սրտով տղա է, բնավորությունն էլ դեռ փչացած չէ», — ասում է Մատթեոս աղային, վրաս աչքով նշան անելով. «Կաշխատե՞ս, լավ կսովորե՞ս», — հարցնում է ինձ:

Սովորելու որ չլինեի, ինչո՞ւ ամայի չոլերը կընկնեի, կգայի էստեղ, ասում եմ: — Ծիծաղեց մարդը, մի քիչ էլ մնացինք ու վեր կացանք տուն եկանք:

Ճամփին Մատթեոս աղան դառնում է ինձ և ասում.

«Հա՛ծե, գլուխդ գովում էիր, թե շատ բան գիտես, տեղը որ եկավ, ինչո՞ւ պոչդ քաշեցիր, ինձ էլ ամոթով թողիր»:

Ես բան չասի, սուս կեցա: Ախպեր, ի՞նչ ասեի. իմ տարիներով սովորածս էստեղ բանի պետք չեկավ, դրանց սովորեցրածն էլ ես սովորած չէի: Տեսա, որ Մատթեոս աղան առաջին օրից վատ աչքով նայեց ինձ, բայց բան չասավ, էն էլ շնորհակալ եմ:

Մեկել օրը առավոտյան վաղ գնացի վարժատուն, մինչև կեսօր մնացի, երկու վարժապետ եկան, երկուսն էլ դաս տվին, կեսօրից հետո մեկ էլ գնացի, էլի երկու ուրիշ վարժապետ եկան, նրանք էլ դասեր տվին: Մյուս օրը բացի նրանցից, էլի չորս ուրիշ վարժապետներ եկան, ամենքն էլ ուրիշ-ուրիշ դասեր տվին, գնացին: Գիրք չունեի, ի՞նչ անեի, ո՞ւմն ասեի, ումի՞ց աղաչեի, առնեի: Եթե Մատթեոս աղային ասեի, թե ինձ ութը հատ գիրք է պետք, հազիվ թե առներ տար, որովհետև վրայից երևում էր, որ ինձ տաք աչքով չէր նայում, էնքան էր որ մեկ փոր հաց խնայելու քաշվում էր: Նրա որդուց ուզեի՞, էն էլ գիտեմ, որ խոսքս զուր պիտի անցներ, քանի որ նա առանց իմ ասելուն էլ գիտեր գիրք չունեցածս, բայց մեկ բերան խոսք չասաց թե` ինչի՞ վրա դասերդ պիտի սովորես. երևում էր, որ նրան էլ դուր չէր գալիս վարժատուն մտնելս:

Դասատան մեջ մի քանի բարի երեսով ռուս տղաներ նկատել էի, հարցնելով-հարցնելով գնացի գտա նրանց տունը. ամենքից էլ մեկ-մեկ կամ երկու-երկու գիրք վերցրի, եկա տուն, քաշվեցի մի անկյուն և սկսեցի ինձ ու ինձ սովորել: Միտքս, փառք Աստծու, սուր էր. էդ կողմից միամիտ էի, դասերս էլ ո՛րը վեց տող էր, ո՛րը ութ տողէդ ինձ համար մի բան չէր. թվաբանության վարժապետը ոչինչ տված չէր սովորելու, նրանը` սև տախտակի վրա տեսակ-տեսակ հաշիվներ էին, էդ ոչինչ. դեռ դասարանից դուրս չեկած` գիտեի:

Մեկել օրը, երբ վարժատուն գնացի և հերթը ինձ հասավ, դասերս էնպես լավ պատասխանեցի, որ վարժապետներս զարմացած մնացին, իրենց ձեռքի թղթի մեջ անունս ու ազգանունս գրեցին և գովեցին. էդ թղթի անունը մեկ տեսակ էր, բայց վաղուցվա բան է, մոռացել եմ` գնացել է: Մեծավորը եկավ, էդ թուղթը աչքի անցրեց, «մալադեց Սվաճիկով, ասաց, աշխատիր, ասաց, մեկ օր մարդ կլինես», — ասաց:

Երեսից երևում էր, որ լավ մարդ էր: Ախպեր, ժողովուրդը ինչ կուզե թող ասի, բայց էդ կազակ ազգը հարբան է, ինչ է, ինչ չէ, էլի սիրտը մաքուր է, մեզպես նախանձոտ, չարկամ, բամբասող, մարդու միսը ուտող չէ...

Էսպիսով կես տարի գնացի եկա վարժատուն. պարծանք չլինի ասածս, օրեցօր ավելի ու ավելի լավ էի սովորում և վարժապետներիս ու մեծավորիս աչքն էի մտնում. ռուս ընկերներս ինձ սիրում էին, շեն կենան, գիրք, տետրակ, թուղթ, գրիչ, քարեգրիչ, ինչ որ պետք էր, ամեն բան տալիս էին, ես էլ որին դասն էի սովորեցնում որին էլ ձեռքիցս եկած պստիկ մստիկ լավություններ էի անում, մեկ խոսքով` եղբայր եղբոր պես էինք ապրում: Բայց Մատթեոս աղայի որդին հետս լավ չէր. նայել չէր ուզում, ամաչում էր հետս խոսել, խաղալ կամ դաս սովորել, ամեն պատահողին ասում էր թե` ես վատ ազգից, աղքատ, ռամիկ տղա եմպապան էլ էսօր էգուց տնից փախցնել է ուզում, էնքան է որ` մեկ պատճառի է ման գալիս:

Ասում էր, բայց նրա խոսքը բանի տեղ դնող չկար:

Ամառ եկավ, քննությունները սկսվեցին: Ինձ առաջին դասարանից երկրորդը տարանընդամենը կես տարի մնացի առաջին դասարանումլավ սովորելուս ու գովելի բարքիս համար անունս կարմիր տախտակի վրա գրեցին, մեկ հատ էլ գիրք բաշխեցին:

Մեկել տարին դասատան մեջ էլ առաջին աշակերտն էի հիշվում, էդպես էլ մնացի մինչև դուրս գալս. դասատուն դասատան ետևից փոխեցի ու Ստավրոպոլ գալուս երրորդ տարին արդեն չորրորդ դասատանն էի:

Դեռ նոր էի չորրորդ դասատունը անցել, որ գլխիս նորից փորձանք եկավ:

Մեկ օր Մատթեոս աղան տոնավաճառից ուշ տուն է գալիս, հանվում է, ծոցի փողըիրեն ասելովքսակով սեղանի վրա է դնում, ճրագը հանգցնում է, պառկում: Մյուս օրը որ անկողնից վեր է կենում, քսակը փնտրում էքսակը չկա: Խանութի տղաներից մեկն էլ չկար, ամենքն էլ տոնավաճառն էին. ծառա էլ չունեինքնոր դուրս էր գնացելտանը ես էի, ինքն էր և որդին էր. երեքիցս մեկն ու մեկը գողացած պիտի լիներ, բայց ո՞վ. պարզ չէ՞. կասկածը իսկույն ինձ վրա է ընկնում. էտ չախուի բանն էլ նորից աշխարհ է գալիս: Ես երդում պատառ եմ լինում, երկնքի ամեն սուրբերի անունն եմ տալիս, վկա եմ բերում, բոլորն էլ զուր է: Մատթեոս աղան հրամայում է, որ շուտով ափուռ-չուփուռս հավաքեմ, վեր կենամ Նախիջևան գնամ: Լաց լինելով գնում եմ մեծավորիս մոտ, էսպես էսպես բան է, ասում եմ: Նա էլ ի՞նչ անի խեղճը: «Ժա՛լկը ժա՛լկը, — ասում է, — բայց ցավիս դարման չի գտնում: Թղթերս ձեռքս է տալիս ու հա՛յ վախ հա՛յ...

Նորից նստում եմ սայլը, գալիս եմ Նախիջևան:

Մամաս որ իմանում է էս նոր անբախտությունս, թուլանում ընկնում է. քացախով, ջրով, նաշադրով հազիվ ուշքի են բերում ողորմելի կինարմատին: Մեծաս ֆալ է բաց անում ու ասում է. «Փողը անպատճառ պիտի գտնվի ու անմեղությունս լույս պիտի գա. ինձ էլ նորից պիտի տանեն Ստավրոպոլ»:

Էս անգամ մեծայիս ֆալը ղորթ է դուրս գալիս, բայց միայն կեսը, էդ կորած քսակը Մատթեոս աղայի վարտիքի գրպանից է դուրս գալիս: Սիրտս շահելու համար նշանածին նամակով ապսպրում է, որ ինձ երկու ֆունտ չամիչ, երկու ֆունտ խուրմա, քսան կոպեկ էլ սև փող տան ձեռիս ու ճամփեն: Ինչպես է լինում, որ մեծաս նրանց տունն է գնում. էդ նամակը առջևը կարդում են, չամիչն ու խուրման թղթի մեջ են փաթաթում, ձեռքը տալիս, փողն էլ ծոցն են դնում:

«Մեծա, ասում եմ, ինչո՞ւ առիր, ասում եմ, էդ բոլորը մեկ է, թե իմ անմեղությունս ծախածի պես բան եղավ», ասում եմ:

Որ չառնեի, — ասում է մեծաս, — անմեղությունդ բոլորովին ձրի տված պիտի լինեիր հո, — ասում է:

Լավ որ միտք անես, մեծայիս ասածը ղորթ էր, միայն հայերիս մեջ: Չախուի բիծը կար հո վրաս, քսակով փողինն էլ որ կպավ, բոլորովին արատավորվեցի, էլ երես չունեի քաղաքի մեջ մնալու, շուտով մի հնար պիտի գտնվեր Նախիջևանից ելնելու, բայց որտե՞ղ երթայի, ո՞վ իր տանը կառներ աշկարա երկու գողությունների մեջ բռնված տղին...

Մեր ազգը ի բնե էդպես է. վատ բան լսելու երկու սուր ականջ ունի, լավ բանի համար` ոչ մեկը: Քսակով փող գողացածս ամենքն էլ լսել էին, բայց քսակի Մատթեոս աղայի վարտիքի գրպանից ելածը` մեկ մարդ էլ լսած չէր. ինչպե՞ս ախր չտրաքվես...

Մեկ օր տան դռնակի առջև կանգնած եմ ինձ համար, նայում եմ` առջևիցս մի ռուս մարդ է անցնում, գտակը հանում է և գլուխ է տալիս. «Էս ինչ մարդու տունը ո՞րն է». հարցնում է:

«Էսպես էսպես գնա, կգտնես», — ասում եմ. հետո իրեն եմ դառնում և հարցնում. «Դու ո՞վ ես»:

Ես նրա չոբանն եմ, — ասում է:

«Որտեղի՞ց ես գալիս», — ասում եմ:

Սև ծովի ափերից, — ասում է:

«Ձիդ-սայլդ ապա որտե՞ղ է», — ասում եմ:

Ձի-սայլ չունեմ, — ասում է, — ոտքով եմ եկել, — ասում է:

Իսկույն միտքս բան է ընկնում: Մարդը գնում է:

Մյուս օրը մերոնց բան չեմ ասում, կամացուկ տնից դուրս եմ գալիս, ուղղակի գնում, ռաստ եկողին հարցնելով, ճիշտ երկու շաբաթից ոտքս Եկատերինոդար եմ դնում: Է՛ս հային եմ գնում, է՛ն հային եմ գնում, վերջը մեկին գտնում եմ, տարին երեսուն և հինգ ռուբլի վարձով, էն ժամանակները փողը դեռ ասիգնացիայով կհամարեին, խանութի աշակերտ եմ մտնում: Ո՛րտեղ սո՛վորածս, ինչ գիտեցածս, ո՛ւմ որդին եղածս ոչ մեկին էլ չեմ ասումճշմարտությունը ասելու համը մեկ անգամ առել էի:

Վեց տարի մնացի տիրոջս խանութում. էդ միջոցում մեկ անգամ թարս խոսք ասել չտվի, մեկ օր հաշվիս մեջ մի գրոշ պակաս չեկավհարյուրներ հո ավելի էր ձեռքիցս անցնումէն ոչինչ:

Խանութպանը էնքան վստահացել էր ինձ, որ ամիսներով ոտքը խանութ չէր դնում... Եղած չեղածը մի տասներեք-տասնչորս տարեկան աղջիկ ուներ, տեղն եկած ժամանակ միշտ ասելիս է եղել մոտիկ մարդկանց. «Կատինիս թող տարիքը լրանա, կառնեմ Մարտիրոսին կտամ, խանութս էլ նրա վրա կգրեմ, դրանից հետո հայր-որդու պես բան կլինենք»: Լսողներն էլ իսկույն լուրը ինձ կբերեին: Ես էլ հուսով կեցել եմ, թե էսօր չէ վաղը քառասուն հազարանոց խանութի տեր պիտի լինեմ: Վարձս էլ չեմ առնում, թե ինչ է` երբ էլ որ լինի` ամենն էլ իմն է...

Դու մեկ նայի դեռ գլխիս ինչեր կան գալու...

Տերս վաղուց Նախիջևան գնացած չէր: Մեկ օր էլ վեր է կենում և ասում ինձ. «Հածե՛, գիտե՞ս ի՞նչ, ասում է, սիրտս մեկ Նախիջևան գնալ է ուզում, — ասում է. ի՞նչ ես ասում», — ասում է: Ես բան չասի, բայց սիրտս սեղմվեց: «Էդ ամենը մի հարյուր հիսուն ռուբլու բան չէ՞, — ասում է տերս, — թքել եմ վրան, հայդե արի երթամ... Ետ որ գամ, Աստուծով, նշանդ էլ կդնենք` աղջիկս էս է` տասնհինգ տարեկան կլինի. եկող տարի էս ժամանակները պսակներդ էլ կհամբուրեմ ու` մաղս էլ պատից կկախեմՀերիք է ինչքան չարչարվեցի, հանգստանալու ժամանակն է, մի քիչ էլ դու տանջվիր...»

Կուզեի ասել` «մի՛ գնա», տեղով էլ գիտեի, որ խոսքս կլսեր, բայց չասի, «ինչ լինելու է` թող լինի», — ասի մտքիս մեջ... Ինչ ես կարծում, հոգուս զգացածը հո զուր չեղավ...

Էդ իմ տերս որ Նախիջևանից ետ դարձավ, էլ առաջվա մարդը չէր, բոլորովին փոխվել էր. մեջը սառնություն էր մտել: Առավոտվանից մինչև երեկոն կգար խանութում կմնար, ամեն րոպե մատյանս աչքը կանցներ, դախլի մանր փողը կհամարեր, չթի ու ապրանքի թոփերը չափել կտար: Շուտ հասկացա քամու որտեղից փչածը, բայց սուս կեցա, տեսնեմ` դրա վերջը ինչ կլինի, ասի մտքիս մեջ:

Անցնում է էսպես շաբաթ ու կես... Մեկ օր տեսնեմ, տերս մի ամուրի նախիջևանցի տղա է բերում խանութ ու խանութի բարին ամենը նրան հաշվով է տալիս, ինձ էլ նրա ձեռքի տակ դնում: Էլի սուս կեցա, տեսնեմ սրա վերջն էլ ինչ կլինի, ասում եմ մտքիս մեջ: Մեկ էլ ի՞նչ լսեմ. տերս էդ նոր խանութի տղին խոսք է տվել իր աղջիկը նրա հետ նշանելու... Էդ էլ կուլ տվինք:

Երբեմն մտքիցս կանցնի, թե կենդանիների մեջ ո՞րն է ավելի չարքաշը, դիմացկունը. մի՛ ասիլ որ ադամորդուց ավելի դիմացկունը չի եղել, ուրիշ անգամն էլ էսպես միտք եմ անում` յարաբ ասում եմ, մարդկանցից էլ էն ամենադիմացկունը հայը չէ՞: Խոսքի վրա, իմ տեղս մի ուրիշ ազգի մարդ, ղազախ, նողայ, ֆրանցուզ, գերմանացի որ լիներ, գլուխը ծռած, էդքան մարդոց վատությունին, թշնամությունին կդիմանա՞ր, թե՞ «թքել եմ վրաներդ», կասեր ու գլխի ճարը կտեսներ, խելքի կտրածի պես: Ասողներ կանգուցե գրքի մեջ էլ գրած է, ով գիտիոր ինքն իրեն մեռցնելը հոգուն մեղք բան է, դրա համար, ասում են, Աստված մեր հոգին դժոխք է տանում. որ էդպես է, ապա ինչո՞ւ մարդս անբախտ է, ուզում եմ ասել թե` էդ հրաման տվողը ինչի՞ բանը էն տեղն է հասցնում, որ ողորմելի մարդը աշխարհիս վրա ապրելը մեռնելուց վատ է ճանաչում ումեղա Աստծու, մեղակամ դեղ կխմի, կամ պարանը վզին կգցի, կամ ջուրը կընկնի, կամ ճակատին գնդակ կտա... Չգիտեմ, ախպեր, խելքիս բանը չէ...

Մեկ օր խանութում նստել եմ, վիզս ճուկ: Միտք եմ անում, գլխիս անցած բաները շարան-շարան աչքիս առջևից կանցնեն ու ինքս ինձ կհարցնեմ` արդյոք անբախտությունս վերջացա՞վ. մեկ էլ գլուխս բարձրացնեմ, ի՞նչ տեսնեմ, տերս դիմացս կանգնել է, վրաս է նայում:

«Հածե, Մարտիրո՛ս», — ասում է:

Համմե՛, աղա, — ասում եմ:

«Գիտես` մեկ բան ունեմ քեզ ասելու», — ասում է:

Ի՞նչ է ասելուդ, — ասում եմ:

«Ես քեզ ճամփա դնել եմ ուզում», — ասում է:

Սարսափս գալիս է:

Ինչո՞ւ, — ասում եմ:

«Սիրտս շտե էնպես կուզե, ասում է, էս խանութի տերը ես չե՞մ»...

Պատճա՞ռը, — ասում եմ:

Երեսը դարձնում է նոր եկած խանութի տղին ու ասում էիսկ խոսքը ինչ է, գիտե՞ս. «Մեկ էս լիրբ անամոթին տես, երեսը կաշի է արել ու ինձնից պատճառներ է ուզում իմանալ, ամեն տեղից հանած-վարածը դեռ համարձակվում է ուղիղ աչքիս մեջ նայել»:

Հետո դառնում է ինձ և ասում...

«Դու պատճառը կուզես իմանալ, հա՞, պատճառը էս էդու գող ես»:

Ե՞րբ գողությունս բռնել ես, — ասի:

«Մենակ ես չեմ բռնած քո գողությունդ, հազար մարդ բռնել է: Դու չէի՞ր վարպետիցդ չախու գողացողը, դրա՞ համար չէր որ քեզ վարպետիդ մոտից փախ տվին, քո պատճառով չէ՞ր որ պապադ խևցավ, հետո էլ մեռավ ողորմելին, աղա Լազարովի ուսումնարանից քեզ դուրս չա՞րին: Ստավրոպոլ Մատթեոս աղայի քսակով փողը դո՞ւ չէիր գողացողը. դրա համար քեզ թագավորական վարժատնից չվռնդեցի՞ն, անամոթ շուն... Մեղքդ որ գիտես, գոնե շան պես պոչդ քեզ քաշիր, է՛...էս խաբեբային նայիր, պատճառ կուզե իմանալ: Անամոթ երեսիդ թքեմշտե քեզ պատճառ. գող ես, շտե՛ գող ես: Ես խանութիս մեջ գող մարդ ունենալ չեմ ուզում, հասկացա՞ր, գլուխդ մտա՞վ: Շտե քեզ պատճառ»:

Լավ, — ասի, տուր վեց ու կես տարվա վարձս, երթամ:

«Ի՞նչ վարձ, ի՞նչ բան, ի՞նչ փստան... ո՞ւմ ես հիմարացնում: Քեզ պես աշկարա գողը իր վարձը վաղուց առած կլինի, գուցե ավելով էլ... Շուտով ե՛լ խանութիցս, թե չէ` ոստիկաններով կհանեմ ու ձեռքդ ոտքդ շղթայակապ անել կտամ, էնպես ոտքով կուղարկեմ Նախիջևան: Էս օտար քաղաք է, դու Նախիջևան չգիտենաս, էնտեղ մենք զգույշ պիտի կենանք, թե չէ մեկ օր հայերիս անունը կոտրվի, մեկ էլ ուղղելու դուռը չկա. դրա համար շտե չեմ ուզում գլխիդ ղալմաղալ բանալ... Դե, հա՛յդե, որտեղից եկել ես, էլի էնտեղ գնա»…

Աղա, — ասի, — առանց փողի ինչպե՞ս երթամ, ո՞վ ինձ կտանի. ճամփին ախր ուտել-խմել պետք է, ո՞վ ինձ ձրի հաց, ջուր, պառկելու տեղ կտա: Մեկել որ Նախիջևան գնացել եմ, գիտե՞ս հո, — դանակ ու քսակ գողանալս քեզ ասողը էդ էլ երևի ասած կլինիէնտեղ ծեր մայր ու մեծ մամա ունեմ, ինչ ասեմ երթամ, նրանց ծերության նեցուկ լինելու տեղ` գլուխներին ծանրություն երթա՞մ... Աղա, ոտքդ պագնեմ, մի անի էդ վատությունը, տնիցդ փախ մի տալ ինձ մի՛ խայտառակիլ: Վեց տարվա երախտիքս ինչո՞ւ մոռացար, սրանից երկու ամիս առաջ...

Էլ չկարողացա բան ասել, արցունքս հայ-հա՛յ խեղդում էր...

Տերս քսակը բացեց, միջից տասը հատ կապույտ թուղթ փող հանեց, առջևս շպրտեց ու ասաց.

Էս քեզ չէ, ծեր մորդ, մեծայիդ է. քեզ էն էլ բավական է, ինչ որ վրայիդ շորիդ ու ժիլետիդ աստառի մեջ կարել ես, թաքցրել»:

Առի հիսուն ռուբլին, պաչեցի տիրոջս ձեռքը և ելա խանութից: Իսկույն բազար գնացի, վրայիս մահուդե շորը ծախեցի, տեղը ռուս մուժիկի կոշտ շորը առա, հագա և ոտքով եկա Նախիջևան: Մեծաս մեռել էր, մամաս էլ իրեն ծեր տեղով մեկի մյուսի լվացքն անելով օրն էր անցկացնում, էսօր կուշտ, վաղը քաղցած:

Նախիջևան որ եկա, քսաներեքիս մեջն էի, ճիշտ էն տարիքս էր, երբ մարդ դեռ նոր աշխարհք է մտնում և աշխարհքի համն է տեսնում: Բայց դու արի տես, որ էս ծաղիկ տարիքիս մեջ աշխարհքիս բանից պրծել, ձեռք էի վերցրել ու կյանքիս թույնը պիտի ուտեի ու լեղին խմեի... Ա՛խ, աշխա՛րհք, աշխարհք:

Իմ բախտից էս վեց ու կես տարվա մեջ երեսս էլ փոխվել էր, էն դանակի ու քսակի պատմությունն էլ մոռացվել էր: Իմ ուզածս էլ էդ էր:

Մեկ օր բազար ելա, մի հատ էժան ձի առա, հետո պատահմամբ մի տակառասայլ և ձիու սարք առա և էն օրից ի վեր մինչև էսօրճիշտ քառասուն և երկու տարի էջրկիրություն եմ անում...

Մի քիչ հետո ասաց.

«Աղա մոտդ մանր փող չունե՞ս, հինգ տակառ ջուր եմ բերել, մի մանեթ կանի... Ձիուս համար մի քիչ խոտ գարի պտի առնեմ, հայվանս երեկվանից ի վեր քաղցած է, տանն էլ խեղճերը քանի ժամանակ է ինձ են սպասում, մի-մի կտոր հաց նրանց էլ պիտի տրվի»:

Ահա քեզ քսան մանեթ, — ասի ու ձեռքը կուզեի երկու տասնոց դնել, — մեկ մանեթը ջրիդ համար, տասնինն էլ պատմածիդ համար:

«Ի՞նչ ես անում, — ասավ Մարտիրոսը, — վարձս ինչ որ է` էն տուր. Դրա համար էլ շնորհակալ կլինեմ: Վաթսունհինգս լրանում է, աղքատությունից աչք բացած չեմ, բայց էլի մարդու ձեռքս մեկնած չեմ, սրանից հետո ոչ թե ամոթ, հոգուս մեղք էլ է մուրալը: Էսօրվա օրս ջրկիր եմսրանից ցած էլ ի՞նչ արհեստ կաբայց էլի մտքիցս դուրս չի գալիս, որ մեկ օր ազնվական տղաների հետ կողքե կողք նստել եմ ու լավ-լավ մարդկանցից բան սովորել եմ... Վաղուց է մոռացել էի էս չախուի պատմությունը, կարծում էի թե սրտիս վերքը արդեն փակվել էր, բայց էսօր հիսուն ու հինգ տարվա կորուստս որ գտա` նորից արյունը սկսեց կաթել... Հե՛յ ժամանակ, ո՞ւմ մտքից կանցներ, որ էս ժանգոտած չախուն, որ գրոշ չարժե, ժամանակով մի շենքով օջախ քանդել է...»:

Մարտիրոս, — ասի, — քեզ մի բան հարցնեմ, ղորթը կասե՞ս, — ասի:

«Մեկ տեսնենք ի՞նչ պիտի հարցնես, ասաց. թե որ կարողանամ կասեմ, ինչո՞ւ չէ»:

Էդքան անբախտությունիդ մեջ ո՞ւմն ես ավելի մեղավոր ճանաչում, — ասի:

«Ես քեզ մի ղորթ բան ասե՞մ, — ասաց: — Երբ որ դու ուղիղը կուզես իմանալ, — ասաց, — իմ անբախտությունիս մեջ մեղավորը մենակ ես եմ»:

Ինչպե՞ս, — ասի, զարմանալով, — ապա Մկրտիչ վարպե՞տդ, ապա Մատթեոս աղա՞ն, ապա խանութպա՞նը...

«Էս ամենը դատարկ բան է, նրանք ոչ մի մեղք չունեն, նրանք էն արին, ինչ որ խելքները կտրեց, ես էլ էն պիտի անեի, ինչ որ իմ խելքս էր կտրում: Ես քեզ կարճ ասեմ, աշխարհքս էսպես է. ուզո՞ւմ ես, որ քեզ չկծեն` նախ ինքդ կծիր ամենքին, կուզե՞ս, որ վրադ չհաչեն, նախ ինքդ ամենի վրա հաչի, ուզո՞ւմ ես որ անունդ չսևացնեն` ռաստ եկողի անունը սևացրու. էդ ամենը ես վաղուց գիտեիբայց մեջս մի բան կար, էդ բանի անունը խղճմտանք է, շտե նա էր իմ էն ամենավատ թշնամիս, նա էր իմ գլխին էս ամեն վատությունը բերողըԱխպեր, մեզ ո՞վ է ասել, թե գառը լինենք, որ գայլերը մեզ ուտեն»:

ՊԱՑ ԱԶՊԱՐ29

(Հոռոմսիմայի պատմությունը)

Անցյալները բարեկամիս մեկի մոտ էի գնացել. ինքը տանը չէր, չգիտեմ ո՛ւր էր գնացել. դարբասից ելա ու չորս կողմս եմ նայում, թե` էլ ո՛ւր գնամ: Առջևս մի բաց բակ կար, բայց ուրիշ բաց բակերի իսկի նման չէր. մեջը շինություն, տուն, գոմայդպիսի բաներ չկային, բայց պարզ երևում էր, որ կենողները վաղուց է ինչ դուրս էին եկել. շինությունն էլ, երևում էր, գյուղացու պիտի ծախած լինեին, քանի որ, եթե կրակ ընկած լիներ, այնուամենայնիվ այրվածի հետքեր կլինեին. խոսքի վրա` վառվածի մնացորդներ, քանդած օջախներ, քարի, աղյուսի, հողի դեզեր, ինչպես որ հո գիտեք, հրդեհ ընկած ուրիշ վայրերում լինում է. խոսքս ի՞նչ երկարացնեմ, պարզ երևում էր, որ այստեղ եղած տունը վերուցած, տարած էր: Բակում, հարևանի պատին մոտիկ, մեծ-մեծ ծառեր կային` ակացի, թթի, սալորի, նրանց մեջտեղերն էլ տեղ-տեղ հաղարջի, սալորի, վարդի թփուտներ. դեպի փողոցը, ուղիղ այնտեղ, որտեղ նախկին տան պատուհանները պիտի լինեին, մի բարձր, գեղեցիկ, կանաչ թթի ծառ կար:

Շատ բաց բակեր էի տեսել, մոտերից անցել, առանց միտք անելու, թե ո՞ւմն է. ո՛վ է մի օր մեջն ապրել, ո՛րտեղ են հիմա նրանց տերերը, բայց այս բաց բակը, ճիշտն ասեմ, ինձ միտք անել տվեց: Հեռվից նայում եմ վրան ու մտքովս տեսակ-տեսակ բաներ են անցնում. արդյո՞ք, ասում եմ, անզավակի մեկն է իր ծերությունը ախուվախով անցկացրել այստեղ, ումբրարևի հետ մեկտեղ տան պատերն էլ փտել են. նրա մեռնելուց հետո տունն անտեր է մնացել, դռները` բաց, պատուհանները` քանդված, ցուրտ-բորան ձմեռը որ վրա է հասել, մութ գիշեր ժամանակ դրացիները եկել, տախտակ-տախտակի ետևից քաշել տարել են, իրենց օջախները վառել. թե՞ մտածում եմ, ամուսինը մեռել է` ով գիտե որ ստանիցայում, ջահել կինը մնացել է երկու-երեք զավակով. դժբախտը շատ է չարչարվել` ամոթը երեսին տուն-տեղը կառավարելու համար, բայց աղքատությունը հաղթել է, նա էլ, խեղճը, տունը տվել է, ո՛վ գիտե ո՛ր հյուսնին կամ ատաղձագործին, տարին քսանութ մանեթի, ինքն էլ վեր է կացել, տեղափոխվել մոր տունը. աչքը բաց ատաղձագործն էլ այսօր պատուհանի փեղկերը շուկա է տարել, վաղը պատի տախտակներից սեղան ու քուրսի է պատրաստել, շուկայում ծախել. հետո, պարզ չէ՞, որ հատակի տախտակներն էլ իրար ետևից կացնի ու ռնդայի տակ են ընկել, վերջն էլ մեր հնարագետ հյուսնը կամ մեր գետափին կամ Պահաթիի կողմերը իր համար տնատեղ է գնել ու կամաց-կամաց այս անտեր տունն այնտեղ է տեղափոխել. մնացածն էլ աստվածասեր ու պասերին ուշադիր դրացիների օգնությամբ է քանդվել... Ա՛խ, ա՛խ, տուն շինելն է դժվար, թե չէ` քանդելուց հեշտ բան կա՞ որ:

Следующая страница