Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Ահա այսպիսի Աստծու օրհնած մարդիկ էին խեղճերը, ինչպես որ իրենք արդար սիրտ ունեին, այնպես էլ ամենքին արդար էին համարում, բայց հոգիս վկայում էր, որ այս բանը լավ չի վերջանալու: Ես միշտ նրանց աչքի առաջն էի բերում գլխներին գալիքը, որ մի քիչ այդ միամտությանը վերջ տային, աչքերը բանային, բայց ո՞ւմն ես ասում: Նրանք էլի իրենց սազն էին ածում: Մաքուր մարդ, կատարյալ քրիստոնյա ուզո՞ւմ եսհենց դրանք էին:

Քաղցր երազի պես անցավ տասը տարիս այս արդար մոր կաթ կերածների տանը. ո՛չ ցավ գիտեի, ո՛չ դարդ գիտեի, ո՛չ պարտատերերս մի օր դուռս զարկին, ո՛չ վաղվա ուտելիքս էի հոգում, ո՛չ` վաղվա հագնելիքս. ինչպես որ Աստծու ձեռքն առատ է, նրանց տունն էլ այդպես մի բան էր ինձ համար: Տարին տասներկու ամիս ճախարակ էի մանում, ձեռագործս էի անում: Իմ գործն էլ այդ էր: Այդ տասը տարվա մեջ մի օր չեղավ, որ ձեռս տաք ջրից հանեմ պաղ ջուրը դնեմ. ամեն կարիքս հոգում էին, առջևս դնում, կե՛ր, խմի՛, նստի՛ ու փա՛ռք տուր ստեղծողիդ:

Մի օր, ամառվա շոգերի ժամանակԹագուշս էլ նոր էր տասնհինգը լրացել` տասնվեցը մտելիրիկվան կողմը բաղում գորգ ենք փռել, հին սովորությամբ սեղանն էլ վրան ենք դրել, մենք էլ ամենքս չորս կողմը բոլորած մեզ համար թեյ ենք խմում: Մաքուր ցոլցլուն սամովարը խլթխլթալով եռում է. արևն էլ նոր է մայր մտել: Բալը, կեռասը, վաղուց հասել են. ձվի չափ սալորն ու ծիրանը նոր են սկսել կարմրել. ցայգածաղկի, ռեհանի, անանուխի ու տեսակ-տեսակ ուրիշ ծաղիկների հոտը աշխարհք է բռնել. լուսինն էլ ցոլուն պղնձի սինիի պես ելել երկնքի վրա փռվել է: Այսօրվա պես միտս է այդ իրիկունը:

Թագուշս թեյ էր լցնում: Տիկին Մարիամը` Սարգիս-աղայի կինը, գավաթը վերցրեց, թեյը ափսեի մեջ լցրեց, ձախ ձեռքն առավ ու դեռ շաքարը բերանը չտարած` վայր ընկավ. ընկածին պես ափսեն էլ ձեռից վայր ընկավ, մեջի թեյը թափվեց շորի վրա: Ես մի տեսակ եղա. սիրտս գլխի գալիքը վկայեց. մտքիս մեջը` «չարը խափանի, բարին կատարի»: — ասի, ու թաքուն, գոգնոցիս տակ, երեսս խաչ հանեցի: Թագուշիս երեսը նայեմ` նա էլ, խեղճը մի տեսակ եղավ. անշուշտ արդար երեխայի հոգին վկայում էր, որ սա մի դատարկ բան չէ. բայց Սարգսի ու Մարիամի հեչ պետքը չէր. նրանք այդպես բաների հեչ չէին հավատում: Դու շատ էլ մի հավատա, բայց որ գլխիդ գա՛: Մարիամը լաթն առավ վրան սրբեց: Թագուշն էլ նորից թեյ լցրեց` «գուցե անուշ լեզվով մարդ պիտի գա, ասաց Սարգիս-աղան ծիծաղելով, աղջի՛, շուտ վեր կաց, վրայիդ թաց շորը փոխե, թե չէ, որ մարդ գա` կամաչես»: «Այս ժամին ո՞վ պիտի գա որ, ասաց Մարիամը ծիծաղելով, թե գա էլ` վնաս չունի. քանի գնում` մթնում է, թեյի թափածը չի նկատվի»:

Խոսքը դեռ բերանն էր, որ մեկ էլ տեսնես բաղի դուռը դղրդոցով բացվեց, շլյապայով մի մարդ ներս մտավ. ներս մտածին պես սկսեց բարձր, խզված, այծի ձայնով, արագ-արագ խոսել. «Բարև, բարև, ի՞նչ եք անում... թեյ եք խմում, հա՞...լավ եք անում, լավ եք անում... ես էլ եմ սիրում բաց օդում թեյ խմելը... այս ի՞նչ լավ բաղ էայս բալն ուտե՞մ, հա՞... ի... լավն է, ո՛ւ... այս կեռասի համը տեսնեմ... ո՛ւֆ, ինչ հրաշալի կեռաս է... Սրանից մի թաշկինակ տաք` երեխոցս, նշանածիս տանեմ... այս ի՞նչ լավ ծիրան է... Սարգիս-աղա, քեզ մի բան ասեմ. արի տունդ ինձ ծախի... չէ՛, այդպես մի անի... արի քեզ մի լավ բան ասեմ... խանութս արի... գիտե՞ս հիմա որտեղ եմ... մի մեծ, երկու հարկանի տուն որ շինել եմ, հենց դրա ցածի հարկումն է...արի այնտեղաղայավայել կնստենք կանտոռիս առջևը, Մոսկվայի ֆաբրիկաների մասին զրույց կանենք....ախպեր, դա ի՞նչ է...

Պաղած մնացինք: Շատ խենթ, շատ շատախոս տեսել էի, շատ թեթևամիտ մարդ տեսել էի, բայց այդպիսի Աստծու ցուցանք առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գիտե՞ս ով էր եկողը: Մայասիլին Իվանուշը:

Այս անունը որ լսեցի` սիրտս ելավ: Այդ խելքի աղքատը, իր խենթ տեղովը, ինձ էլ մի այնպիսի փոսի մեջ էր գցել, որ դեռ միջից չէի կարողացել ելնել. բայց Հոռոմսիմա-ճիճային բան չասի, լուռ մնացի, չճանաչող ձևացա:

Լսե՞լ ես, կամ տեսե՞լ ես այս Աստծո պատիժին, — հարցրեց Հոռոմսիմա-ճիճան:

Չէ՛, — ասի, — չե՛մ ճանաչում:

Քաղաքումս չե՞ս ապրում, ի՞նչ է, — ասաց նա, — մարդ կա՞, որ այս նոր-մոդնի խաբեբային չճանաչի: Գնա՛, այն քրեհով ապրողներին հարցրո՛ւ, տեղովը նրանցից կիմանաս: Քանի՛ մարդու խաբելով, հորենական տնից տեղից զրկեց, միջից հանեց: Խեղճերը այս րոպեին ո՛րը քրեհով տնից տուն է ման գալիս, որն էլ ունեցած-չունեցածը գցել, քաղաքից գնացել է և ուրիշ գյուղերում է թափառում. այդ բոլորը Մայասիլին Իվանուշի զոհերն են: Դեռ սպասե. նա դեռ շատ խաղեր պիտի խաղա մեր գլխին: Վաղուց փորձած է, որ Մայասիլին Իվանուշին հետ գործ բռնողը վերջ ի վերջո ողբալի մարդ պիտի դառնա, ունեցած-չունեցածից զրկվի: Դու տեսե՞լ ես որսորդների լոր բռնելը. ի՛նչ հնարքներ են բանեցնում, շվի են փչում, խաբում. այսպիսի հնարների վարպետն է Մայասիլին Իվանուշը` մեր միամիտ ջահել տղերանց իր ցանցը գցելում: Այսօր խև, բան չհասկացող կձևանա, վաղը` խելոք ու բան հասկացող, մյուս օրը` միամիտ, Աստծու գառ, հետո` ժլատ, հետո` առատ, հետո` մեղմ, հետո` խիստ, չորս բոլորն այնքան ման կգա աղվեսի պես պոչը խաղացնելով, որ վերջ ի վերջո ճանկերը կխրի միամիտների մարմինը` ու էլ պրծնելիք չկա. կամ հավիտենական պարտական պիտի մնան ու տոկոսներից աչք բանալու չպիտի թողնի, կամ թե` իսկույն կաշիդ-մաշիդ կքերթե, կթողնե-գնա՛ մամայիդ բարև արա:

Բարո՛վ եկար, բարո՛վ եկար, — ասաց Սարգիսը, տեղից ելնելով ու ձեռքը երկարելով, — այս ո՞ր քամին փչեց մեր կողմերը: Աղջի՛, Մարիամ, մի գավաթ թեյ լցնես մեր պատվելի Իվանուշ-աղային...

Սարգիս-աղա, գիտե՞ս ես ինչի՛ եկա քեզի... Ա՛յ տղա, աշխարհքը գովասանքովդ լցված է. Սարգիս-աղա են ասում` Սարգիս-աղա լսում: Ասի` արի մի գնամ նայեմ, ի՞նչ մարդ է այդ Սարգիս-աղան... ահա եկա... թողությո՛ւն արա համարձակությանս... ես ահա այսպես եմ... հե՛չ մեր տեղի գոռոզ մարդկանց չեմ նմանվում... ում որ հավնեցա, ինքս առաջ կգնամ, կներկայանամ, ծանոթություն կանեմ. տունս կտանեմ-կբերեմ. ես այսպես մարդ եմ, ահա՛. ով ուզում է` թո՛ղ խնդա վրաս, ահա ես այսպես եմ:

Ես էլ մտքումս ասում եմ` «վա՛յ, ծուղակն ընկար, խե՛ղճ Սարգիս, դուն էլ, ընտանիքդ էլ»:

Այդ միջոցին Մարիամը թեյը լցրեց. դրեց մատուցարանի վրա, Թագուշը Մայասիլովին առջևը տարավ դրեց. նա էլ իսկույն առավ, ափսեով, գավաթով բերանին տարավ. «Այս թեյը ումի՞ց եք առնում», — ասաց, — թեյ ուզում եք` իմ խանութս, գիտե՞ք որտեղ է, այն նոր շինած մեծ տունը չկա՞, այնտեղ է խանութս, ի՛նչ տեսակն ուզեք` տամ, գինն էլ` էժան. Կարզինկինի երկու մանեթանոց թեյը, ձեր խաթեր համար, հարյուր իննսունհինգով կտամ, թեկուզ, Աստված վկա, վնաս եմ անում: Այս ի՛նչ անպիտան թեյ է ձեր խմածը, այս տեսակ թեյ իմ ծառան էլ չի խմում, ասաց ու ագահաբար մի րոպեում մեծ գավաթը դատարկեց: — Ես էլի կխմեմ, — ասաց, — այս օդը մարդու ախորժակ է բացում: Երբ որ ախորժակով թեյ խմել եմ ցանկանում, միշտ հատուկ լծել եմ տալիս ձիս` ու դեպի Սուրբ Խաչ. այնտեղ բաց օդին, երկու-երեք բաժակ աղայավայել խմում եմ, պրծա՛վ գնաց: Ես ահա այսպես եվրոպեսկի բաներ եմ սիրում:

Խմե՛, անուշ լինի քեզ, — ասաց Սարգիս-աղան:

Հետո՞, Սարգիս-աղա, վաղը ինձ մոտ կգա՞ս:

Նայենք:

Նայենքս ո՞րն է. թե գալու ես` արի. մեզ համար, առանձին կանտոռի առջև կնստենք, թեյը դիմացներս կքաշենք, հա՛ խմե, հա՛ խոսի, մեջե-մեջ էլ` զանազան եվրոպեսկի բաներ էլ կխոսենք` բուխալտեր, Բոքլ, Դարվին, Մակոլեյ, կազեթ-բան, ահա այսպես բաների մասին... Ան չէ, բայց լսե՞լ ես, Մոսկովի համալսարանից մի ջահել գրագիր է եկել. լսել էի, որ լավ ուսումով տղա է. գնացի, հետը ծանոթացա. ի միջի այլոց, դրան խանութս ներս քաշեցի, վաթսուն մանեթի զանազան ապրանքի` կտորեղեն-բան սաղացրի, հաշիվը ներկայացրի. մատի մատանին ու գրպանի ժամացույցն էլ հավանեցի, ու դրանք էլ ձեռից առա, պահեցի. ախպեր, ո՞վ գիտե դրանց միտքը, վատ ժամանակ ենք ապրում, փողը գուցե Մակարիայի տոնավաճառին ուշացրեց, կամ հանկարծակի ընկավ-մեռավՈղորմած հոգի հայրս ասում էր` ավելի լավ է ասում էր...

Հիմի հրամանքդ վաճառանոցում չե՞ս, ինչ է, — հարցրեց Սարգիս-աղան:

ՉԷ, այնտեղից վաղուց եմ դուրս եկել ես հիմի, ինչպես ասի, այն մեծ, նոր շինած տանն եմարի մեզ մոտ, ինչո՞ւ չես գալիս

Կգամ, ի՛նչ վռազ է, առջևներս օրեր շա՛տ

Ան չէ, բայց կարծեմ գնալու ժամանակ է, դեռ մի-երկու տեղ էլի ունեմ:

Այս ժամին էլ մարդու տուն գնա՞ն. գուցե ժամը տասն էլ լինիԱղջի՛, Թագուշ, ճրագը վառի, ժամը նայենք:

Թագուշը գնաց, խոհանոցից բերեց վառած ճրագը: Սարգիս-աղան բաճկոնի գրպանից հանեց ոսկի ժամացույցը, ճրագին մոտեցրեց. «Քեզի չասի՞, — ասաց, — նայի, տասին քառորդ է մնում»: Մայասիլին Իվանուշը նայեց ժամացույցին, բայց ուշքը ժամն իմանալու վրա չէր:

Սարգիս-աղա, տեսնեմ, այդ ի՛նչ լավ ժամացույց է. որտեղի՞ց ես առել այդ ժամացույցը. աչքիս շատ լավն է երևում, տեսնե՛մ, տեսնե՛մ:

Այս ժամացույցը, — ասաց միամիտ Սարգիս-աղան պարծենալով, — մեր ողորմած թագավորից նվեր եմ ստացել, լսել չե՞ս, ինչ է: Այն տարիները ողորմած հոգի կայսրը Քիրման34 էր եկել. քիրմանցիները մի գեղեցիկ ձի էին ուզում նվեր տալ, բայց թագավորին վայել թամբ չէին գտնում: Ես այնպես, մի պատահմունքով ձեռք էի գցել մի այդպիսի թանկնոց թամբ: Չգիտեմ ի՛նչպես է լինում, որ իմանում են լավ թամբ ունենալս, գալիս աղաչում-պաղատում են` «այսպես-այսպես բանի համար է», — ասում են: Ես էլ իսկույն կառք եմ վարձում, այդ պատվական թամբը հետս եմ վերցնում և ուղիղ գնում մեծավորի մոտ. «Հրամանքդ թամբ էի՞ք որոնում», — ասում եմ: «Հա՛, ի՞նչ է, ունե՞ս»:

«Ահա քեզ թամբը», — ասում եմ: Շնորհակալություն, հայրիկ, ասաց ու ձեռս սեղմեց մարդը: Հետո տարավ իր սենյակները, ա՛յ բա՛ն ի՛սկը թագավորավայել պալատնստեցրեց, թեյ խմեցրեց, հետը հավասար հացի նստեցրեց, վերջապես` լա՛վ պատիվ արավ: Վերջն էլ գնալուս ժամանակ սեղանի դարակից մի ընտիր ալմասե մատանի հանեց տվեց. «Սա քեզ ինձանից նվեր լինի, — ասաց, — ինչ որ թագավորից ստանամ` այն էլ քեզ կտամ»:

Մարդի ասածն ասած էր: Թագավորը, ինչպես որ ասել էր, երբ որ գալիս է, այդ թամբը տալիս են, ձին էլ հետը. շատ շնորհակալ է լինում, ինձ էլ մի ոսկի ժամացույց է նվիրում: Ահա սա է, որ կա: Տե՛ս, ի՛նչ գեղեցիկ, պատվական ժամացույց է, — ասաց ու Իվանուշին ցույց տվեց:

Ճիշտ որ` այս ի՛նչ գեղեցիկ բան է. տո՛ւր մոտիկից նայեմ, շղթան քանդե, մի լավ նայեմ: Ի՛նչ լավ ժամացույց է, ասաց ձեռքի մեջ շուռ ու մուռ տալով… — Մատանին էլ մո՞տդ է, հա՞այդ էլ կարող եմ նայել, հա... բեր մի նայեմ, հոգիս, ինչ բան է դա... Ես շատ եմ սիրում այդպիսի բաներ նայել... մանավանդ երբ մեծամեծ մարդկանց նվեր է լինում...

Մատանին կամոդը չէ՞ որ, — ասաց Սարգիս-աղան` երեսը Մարիամին դարձնելով:

Հա՛, կամոդն եմ պահել, — ասաց Մարիամը վախենալով, կարծես հոգին բան էր վկայում, — մեկ էլ ո՞վ պիտի քրքրի գտնի:

Տիկին Մարիամ, հոգի՛ս, գլխացավանք էլ լինի, մի բերես` տեսնեմ ինչ տեսակ բան է այդ մեծավորի նվիրած մատանին. երևում է, որ պատվական բան պիտի լինի: Հոգի՛ս, նեղություն քաշի, բեր: Այդ տեսակ թանկնոց բաների անուն որ լսում եմ կամ տեսնում` սիրտս դող է ընկնում: Ինձ համար աշխարհք արժե այդպիսի բաները ձեռքս բռնել նայելը: Մի բերե՛ս, ջա՛նս:

Այս խոսքերն ասած ժամանակ աչքս Իվանուշի երեսին դարձրիմոտիս մարդկանցից որ չամաչեի, Աստված վկա, երեսին մի լավ կթքեի, այնպե՛ս զզվեցի այդ անամոթ սրիկայից... Իմ տունս լիներ` ավելը կառնեի և գլխուն-արևուն զարնելով կվռնտեի, բայց Սարգիս-աղան մի Աստծու օրհնած մարդ էր, երեսը փափուկ, համոզվող: Զգույշ նրան եմ մոտենում, լավ է, որ մութն էր, — արմունկն կսմթում եմ ու կամաց ականջին ասում. «Այդ ի՞նչ ես անում, ա՛յ մարդ, այդ թանկնոց ժամացույցը ինչո՞ւ ձեռը տվիր, ի՞նչ ես ուզում մատանին էլ ցույց տալ. տե՛ս ասում եմ, նրա միտքը գեշ է. երդում եմ ուտում, որ դա գլխիդ մի խաղ կխաղա, անկշտում աչքերը չե՞ս տեսնում, տնով-տեղով ձեզ կուլ տալ է ուզում: Բայց ո՞ւմ ես ասում, մեր Սարգսին բան հասկացնել կլինե՞ր որ: Այդ տարիքին հասած, էլի երեխայի պես մի բան էր խեղճը, բոլորին էլ իր նման էր կարծում... Բայց ի՞նչ. երևի խեղճ-ողորմելու ճակատագիրն էր, փորձանք էր, գլխներին պիտի գար:

Մարիամը ներսից բերեց տուփի մեջ դրած մատանին: Անիրավ Իվանուշը տեսածին պես իսկույն խլեց ձեռքից, արագ-արագ բացեց տուփը, մատանին միջից հանեց, մատը մեջն անցկացրեց. այդ էր, որ տեսանք: «Այս ի՞նչ գեղեցիկ, չեղած-չտեսնված մատանի է, այս ինչ ցոլուն ալմաստ է. ի՞նչ տամ այս մատանուն, խաչը վկա` ճիշտ եմ ասում, արեք, ինձ ծախեցեքկամ այսպես անենք` ես ձեզ խանութիցս էժան-էժան ապրանք տամ. մեռնեմ, թե մի կոպեկ օգտվեմ, ֆաբրիկայի գնով կտամդեռ եթե ուզում եք` ռուբլուց տասը կոպեկ էլ կիջնեմ...

Չէ՛ հոգիս, — ասաց Մարիամը քաշվելով, — հեչ այդպես բան կլինի՞, թագավորի ու այնպիսի մեծավորի հիշատակը կամ ծախենք, կամ փոխենք. մենք մարդ չե՞նք, որ մի քանի կտոր գեղեցիկ բան չունենանք սնդուկներիս մեջ պահած... Իվանուշ-աղա՛, այդ ի՞նչ տարօրինակ բաներ ես ասում. վաղուցվա հարուստն ես ու մի ոսկի ժամացույց կամ ալմաստ մատանի տեսած չե՞ս, ի՞նչ է, մեղա՛, այդ էլ նոր սովորություն է դարձել. ո՛ւմ ձեռքը բան տեսնեն «ծախիր ինձ», — ասում են: Չէ՛, հոգիս, մեր ունեցածին մի՛ տնկի, քու ունեցածդ բարի վայելե:

Տիկին Մարիամ, ինչո՞ւ այդպես հանկարծ տաքացար որ, մի՞թե ձեզ հետ հանաք անել չի կարելի...

Ես էլ այն կողմից` «Դա ի՞նչ հորս ցավի կատակն է, — ասի, — ծառերը տեսար, քիչ էր մնում կոտորեիր, գայլի պես մրգի վրա ընկար. բաղը տեսար` «բաղդ ծախի» ասում ես. ժամացույցը տեսար` «ժամացույցդ ծախի», մատանի տեսար` «մատանիդ ծախի, կամ ապրանքիս հետ փոխի»… Այդ ի՞նչ է ասածդ. կամ ինքդ ոտով-գլխով խև ես, կամ մարդու խևի տեղ ես դնում. ճիշտ են ասում` «պտուղը ծառից հեռու չի ընկնում»:

Հոռոմսիմա-ճիճա, քու սիրտդ էլ ելավ. մի՞թե հանաքը չե՞ք հասկանում...

Լա՛վ, լա՛վ, գիտենք, լա՛վ գիտենք քո հանաքները: Տեպնիի հետ էլ այդ հանաքներով սկսեցիր, բայց մարդը հիմի վայ տալու է դարձել. խեղճ-ողորմելին, քանի որ ձեզնից հեռու էր մարդ էր մարդու պես, բայց հիմի տես, որ ձեր շնորհքով փողոցի մեջն է մնացել կնոջ-երեխաների հետ: Բա Տապանին Միքի՞թը, նրա հետ էլ հո՞ հանաքով սկսեցիք. հարյուր հիսուն մանեթ զոռով մարդու բուռը խոթեցիք, մի քանի տարուց տունը-տեղը խլեցիք, տիրացաք: Պիճիճի Մելքոնի հետ էլ էիք ուզում նույն հանաքներն անել, բայց, Աստված բանն հաջողի Սալպինի Հակոբջանին, մարդուն հազիվ ձեր ճանկերից ազատեց

Այսպես ահա, մենք, կնիկմարդ տեղներովս այդ նոր մոդնի խաբեբայի գլուխը լվացինք, բայց Սարգիսը այդ միջոցին մի բերան չբացեց, մի բառ չասաց. ինչպես որ ձեռիս այս գավազանը լուռ է, նա էլ այնպես մունջ էր կտրել, մնացել էր. ա՛խր, ա՛յ ադամորդի, քեզ էլ Աստված լեզու է տվել, մի երկու խոսք դու էլ ասա. իսկը մի կտոր փայտ, ձայն-ծպտունը չեկավ: Կեցած տեղս քիչ էր մնում ճաթեի...

Իսկ այդ անխիղճ-անամոթը էլի նույնն է ասում. «Մի՞թե հանաք չեք հասկանում, մի՞թե հանաք չեք հասկանում»: Այս ի՞նչ հորս ցավի հանաք է. մարդուն ուզում է խաբել` անունը հանաք է դրել: Դա երես չէ, թմբուկի կաշի է. երեսի մեռոնը կարծես թե, մեղա՛ Աստծու, մսագործի սպունգով լվացած, հանած է: Հիմի տեսա՞ր ինչպե՛ս են մարդիկ հարստանում, կայքի, ապրանքի, հարստության տեր դառնում: Ամոթդ մի կո՛ղմ դիր, երեսիդ կաշին հաստացրու, խղճմտանքդ մեջդ խորունկ թաղե, դրսից ձև ձևացիր. երեսիդ թքեն` մայիսի անձրև՛ է, ասա. հայհոյանք, անպատվություն տան, հանաքի դարձրու, մի օր անշուշտ, կհարստանաս. բայց այս բաները, հոգիս, սովորելը հեշտ չի. մարդ, երևի, այդպես է ծնվում. խա՛չը վկա` խելքս չի հասնում... հավատո՞ւմ ես. այդքան ավել-պակաս խոսքեր ասեինք, մնաց, որ թևից բռնենք, վռնտենք. այդ խելքի աղքատը լուռ է, քթի տակ ծիծաղում է, կարծես ասածներս ո՛չ թե իրեն` ուրիշի համար է: Մենք ասինք, ասինք` վազն եկանք, բայց նրա պետքն էլ չէ. ո՛չ գրպանից ժամացույցն է հանում, ո՛չ մատից` մատանին: Ես էլ մտքումս ասում եմ «արի սուս մնամ, տեսնենք դրա վերջն ինչ կլինի»:

Մի քիչ լուռ մնալուց հետո այդ անամոթը մեր Սարգսին ի՞նչ ասե` լավ է. «Այս ժամացույցդ ու մատանիդ շատ հավնեցա. ի՛նձ տուր մի երկու ամսով, իբր, ասում է, Մոսկով ղրկեմ, ճիշտ սրանց նման պատրաստել տամ, հետո, գործս վերջացնեմ` նույնությամբ կվերադարձնեմ», իբր: Սարգիսն էլ երեսը չի բռնում չէ ասելու, համաձայնում է միամիտը. «Ա՛ռ, ասում է, բայց ջանս, Իվանուշ, զգույշ եղիր, որ չկորչի, — ասում է. նա էլ` «Ի՛, խև՞ եմ, ի՛նչ է, նեուժելի ես...» և այլ այդպիսի գայլի շարականներ:

Քիչ լռելուց հետո, ի՞նչ ասի, լավ է. «Դուք չիթ ումի՞ց եք առնում. արշինին քանի՞ եք տալիս. շապիկացու քաթանի արշինը քանիսո՞վ եք առնում. մահուդի արշինին քանի՞ եք տալիս. մետաքս թաշկինակն ո՞ւմից եք առնում. թավիշի արշինին քանի՞ս եք տալիս», ո՞ր մեկն ասեմ. ահա այսպես շատախոսում է...

Սարգիս-աղան էլ, ինչ որ ճիշտն է, ասում է, — մենք, ասում է, ճոթեղենը Տեղինին Սարգսից ենք առնում. թե` չթի արշինին տասնյոթ կոպեկ ենք տալիս, քաթանին` քառասուն, մահուդը Կուշայից ենք առնում, արշինը` երեքուկես, թավիշը` Սընապցիից ենք առնում, դե ես ի՞նչ իմանամ, ասում է ճիշտը` ինչպես որ է: «Խև եք, ինչ է, ասում է Իվանուշը, մարդ հեչ Տեղինին Սարգսից կամ Կուշայից, կամ Սընապցիից ապրանք կառնե՞, նրանց խաբեբա լինելը չգիտե՞ք, ի՞նչ է. ինձնից ինչո՞ւ չեք առնում, ես ձեզ նրանցից երկու անգամ էժան կտամ...»: Սարգիսն էլ` «Մեկ էլ որ առնելու լինենք, քեզնից կառնենք», — ասում է, բայց ես տեղով գիտեմ, որ նրան հեչ բան պետք չէ. բան է, դե, ասում է, որ օձիքն ազատի: Բայց Իվանուշը կա՛մ չի հասկանում, կա՛մ սուտ չհասկացող է ձևանում:

«Չէ՛, դու այդպես մի՛ անի, — ասում է, — վաղը ինձ մոտ արի, — ասում է, — հավնած ապրանքդ ա՛ռ, — քեզնից ավելի՞ պիտի առնեմ, ի՞նչ է, — ասում է. թո՛ղ մնա պահարանումդ: Այս էլ քեզ ասեմ, որ այս տարի ապրանքը Մոսկվայում շատ էժան էր, ես էլ լավ վրա հասա ու համարյա կես գնով առա: Այս տարվա մեջ ապրանքը գնողների համար այնպես հարմար տարի է, որ առնեք` ռուբլուն ռուբլի վաստակած կլինեք: Ա՛ռ, ասում եմ քեզ, ա՛ռ, ո՛չ թե արշինով, թոփով էլ որ առնես` սխալված չես լինի: Ուզո՞ւմ ես քեզ մի հինգ-վեց թոփ զանազան չթեղեն ղրկեմ»: «ՉԷ՛, ասաց այն կողմից Մարիամը, ի՛նչ շտապ բան է դարակներս լիքն է շորացուներով, վրաներիս շորն էլ` դեռ նոր է. պետք որ լինի, ինքներս կղրկենք, կառնենք»: «Չէ՛, ինչո՞ւ ես այդպես անում, տիկին, ասաց Իվանուշը, ինձ չե՞ս հավատում, ի՞նչ է, այս տարի, ասում եմ, ապրանքից, ամենաքիչը ռուբլուն ռուբլի, գուցե ավելի էլ, շահ ունենաք. ձեզի էլ որ պետք չլինի` դրացիներիդ տվեք. խաչը վկա` լավ օգուտ կանեք. այդ չնչին բանի համար ձեզ սո՞ւտ պիտի ասեմ. ախր, դուք ինձ ի՞նչ մարդ եք կարծել... Այդ չէ, բայց, Սարգիս-աղա, ես քեզ դեռ մի ուրիշ բան ասեմ, այս տարի ես հարմար գնով խալմուխ35 չայ առա. ուզո՞ւմ ես մի քանի արկղ ղրկեմ. ա՛ռ, խանութը դիր, թող մնա... դու մի ձմեռը տե՛ս` ինչպես գինը կբարձրանա. ապրանքը կեցած տեղը ռուբլուն ռուբլի կվաստակեխալմուխ չայ ասածդ ապրանք չէ, հո, զուտ ոսկի է, դու մի Ստավրոպոլի կողմերն ուղարկի, ռուբլուն ռուբլի թե չվաստակես` թո՛ւք երեսիսհետո՞, ղրկե՞մ, Սարգիս-աղա»: «Ի՞նչ ասեմ, ջանս, Իվանուշ, վախենում եմ նոր առուտուրի ձեռք զարնելուց. խալմուխ չայը իմ բանը չէ. հենց առաջուց ինձ դժվար է երևումԵս դրա առնողներին էլ չեմ ճանաչում, ապրանքից էլ բան չեմ հասկանում... ապա եթե ապրանքը ձեռքս մնա՞, կամ մնալով փչանա՞...»: «Ի՞նչ դատարկ բաներ ես խոսում. հենց որ իմանան, թե խալմուխ չայ ունես, կթողնե՞ն, որ դու հաճախորդ փնտրես. իրենք խանութդ կթափեն, առնող-առնողի կլինի. շաբաթ, շաբաթ ու կեսում ապրանքից հեչ բան չի մնա. քեզ ասում եմ` այս տարի Սիպիրից շատ բան բերած չեն, այն էլ, համարյա ձեռքս անցավ... Ես էլ, չկարծես թե հաճախորդ եմ փնտրում. մեղա՛յ աստծու, լավ մարդ լինելդ որ իմացա, մտքիս մեջ ասի` արի այդ մարդուն մի քանի կոպեկի վաստակ ցույց տամ. ես որ ուզենամ` հաճախորդի պակասություն չի լինիՀետո՛, Սարգիս-աղա, ղրկե՞մ, հա՞...»: «Խաչը վկա, Իվանուշ, խելքս չի հասնում, ի՞նչ ասեմ, վախենում եմ, գուցե…»:

Ավելի բան չկարողացավ ասել խեղճըայնքա՛ն ամոթով մարդ էր. մարդուն մերժելը, չէ՛ ասելը, կարծես, նրա համար չէր: «Դատարկ բան է, — ասաց Իվանուշը, — դու այդ մեծ գործը սկսե, դու այդ կոպեկնոց մանր առուտուրից, առ ու փոխից մի վազն արի՛ ու եվրոպեսկի առուտուր սկսե, տե՛ս, թե մի օր ինձ ինչպե՞ս շնորհակալություն անես. ախր, ես քեզ թշնամի՞ եմ, ի՞նչ եմ. մի՞թե ես քու վնասդ կկամենա՞մ: Դատարկ բան է, դատարկ բան է ասածդ, վաղը ես քեզ մի քանի արկղ բան կուղարկեմ, դու խանութիդ մեջ աղայավայել շարե. հետո կիմանաս, որ Իվանուշ Մայասիլովը մարդու վատություն կամեցող չէ... Ես քեզ ավելի լավ բան ասեմ, այն մախորկան գիտե՞ս, հասարակ մուժիկի այն թիթինը. դա ինչպիսի՞ ապրանք ես համարում դու. այս տարիներս նրանից շահավետ ապրանք կա՞ որ. ուրիշները, մտի՛կ արա, դրանով հազարներ են վաստակում, աղյուսե տներ են շինումԴրա ծախսն էլ ի՞նչ է, մարագիդ մի դատարկ անկյունը դի՛ր, իրեն համար թո՛ղ մնա, մի քիչ բան էլ խանութդ դիր, թող այդ էլ մնա. երբ որ ռուբլուն ռուբլի չվաստակես` երեսիս թո՛ւք... Մի թաթարի մոտ պահար36 կար. անճարը չգիտեր ի՛նչ աներ. փողի էլ նեղություն ուներ: Դրան իսկույն տունս բերեմ, ու` օղի, զակուսկա-բան... չորս հարյուր փաթեթը համարյա կես գնով եմ առնում, կեսը կանխիկ, կեսն էլ տասնութ ամսվա... հը՞, լա՞վ է... բա՛-ա՛... այդ ապրանքից, որ երեք հազար չվաստակեմ` ուղղակի խև պիտի լինեմխանութդ դիր, կամ մարագիդ մի անկյունը գցիր` թո՛ղ մնա. հաց չի՛ ուզի. ջուր չի՛ ուզի. դու մի տե՛ս գներն ինչպե՞ս բարձրանան, ռուբլուն ռուբլի թե չվաստակես` երեսիս թո՛ւք... Այդ ծխախոտից էլ մի քանի փաթեթ ուղարկե՞մ, հա՞»:

«Խաչը վկա, խելքս չի հասնում, ի՞նչ ասեմ», — ասաց խեղճ մարդը, վախենում եմ նոր առուտուրի մեջ մտնելուց. ապրանքը մոտս մնա ընկած, կամ գինը բարձրանալու տեղ` ընկնի, այն ժամանակ ես ի՞նչ անեմ. հո գիտես` մեր ունեցածն էլ քանի՞ կոպեկի բան է որ. մենք օր վաստակող, օր ուտող մարդ ենք. ռուբլիների ետևից ընկնիմ ու կոպեկները կորցնեմ, այն ժամանակ իմ տերս ո՞վ պիտի լինի», — ասաց ողորմելին, կարծես, թե հոգին մի վատ գալիք էր վկայում:

Բայց այն դժոխքի կրակ, այն ոչ ու փուչ Իվանուշի ձեռքից պրծնելիք կա՞ր որ. տզրուկի պես կպել էր մարդուն, հա՛յ-հայ բկից բռնել է, թե՛ «ա՛ռ ապրանքս»: «Հետո՞, Սարգիս-աղա, ինչպե՞ս եղավ մեր չթեղենի, խալմուխ չայի ու մախորկայի բանը... վաղը ղրկեմ, հա...»: «Մի նայենք, լավ միտք անենքՍարգիսն ուզում է օձիքն ազատել, բայց խեղճը հնարը չգիտե»: «Նայենքս ո՞րն է. դու ուզում ես` հազար նայե, այսպես շահավետ ապրանք, այսպես հարմար առիթ մեկ էլ գտնելո՞ւ ես, որքեզ բան եմ ասում, այս առիթը ձեռքից բաց մի՛ թողնի, մի՛ փախցնի, թե չէ` ոսկին բռներով պատուհանից փողոց նետած կլինես, քեզ հարմարին գալու բան եմ ասում, ասածս դու հանաք չգիտենաս...»: «Նայենք, — ասաց ողորմելին, — առջևներս օրեր շա՛տգուցե մի բան անենք…»: «Քու անելդ` դատարկ բան է. տեսնում եմ, որ բանը քեզ որ մնա, հինգ տարուց էլ դու քու դանդաղկոտ բնավորությունը թողնելու չեսթե որ այդպես է, ես քեզ վաղը մի փոքրիկ սայլ ապրանք կբարձեմ, կղրկեմ, մյուս բաներն էլ վերջը կտեսնենք…»:

Ասաց ու գլխարկն առավ, շտապ-շտապ բարև-մնաք արավ, գնաց:

Ժամն էլ արդեն մեկն էր դառնում: Մարիամն ու Թագուշը, խեղճերը նստած տեղերը խռմփալով քնած էին. իմ քունն էլ սաստիկ տանում էր, բայց էլի ինքս ինձ զսպում եմ, չլինի որ, ասում եմ մտքիս մեջ, ես քնի մեջ խորկնամ ու այս անխիղճը խեղճ Սարգսի գլխին մի խաղ խաղա. գիտե՞ս, մի խոսք կա` «մարդ մարդու քահանա, մարդ մարդու սատանա»:

Իվանուշը հենց որ փողոց ելավ, Սարգիսն ինձ ասաց. «Այս ի՛նչ տեսակ բան է այսօրվա մեր խոսակցությունը. այդ մարդու ասածներից բան չհասկացա, գիտե՞ս, կարծես թե միտքը վատ չէ, բայց ինչո՞ւ, չգիտեմ, սիրտս լավ բաներ չի վկայում»: Ես էլ ուզում եմ դրան մի բան ասել, ու հանկարծ փռշտում եմ, բայց մի անգամ... «Տեսա՞ր, ասի Սարգսին, ինչպե՞ս ես հիմա. ես չասի՞ որ Իվանուշը քեզ խաբելու միտք ունի. ահա՛, ասածս ելավ»:

Սարգիս-աղան էլ ինձ ասում է. «Ցերեկվա փռշտալն գեշ է, թե չէ գիշերվանը գեշ չէ, նույնիսկ լավ է»: «Ի՛, ասում եմ, այդ փռշտալու բանը դու ի՞նձ ես սովորեցնում. հա՛, գիշեր է եղել, հա՛` ցերեկ. մի անգամ փռշտալը գեշ է. այդ միջոցին ինչ բան որ մտածում էիր` անելու չե՛ս, վա՛զ պիտի գաս»: «Չէ՛, — ասում է, — Սարգիս աղան, կողքի է ընկնում, գիշերը մեկ անգամ փռշտալը լավ է, — ասում է: Ես չէ՛ եմ ասում, նա հա՛ է ասում»: Է՛յ, — ասում եմ ես էլ, — ինչպես որ գիտես, այնպես արա. բայց որ գլխիդ փորձանք գա` ինձ պատճառ մի՛ բռնե: «Ես էլ, — ասում է, — հո դեռ գործ չեմ սկսել. խոսք էր` ասինք, թե չէ` ո՞վ դրա թիթին ու խալմուխ-չայը ծախելու գլուխ ունի»:

Ասում է, բայց ո՞վ գիտե, գուցե մտքի մեջ արդեն հազարներն է համրում ու սնդուկը դնում: Ահա այսպես բան է փողի զորությունը: Ողորմած հոգի հայրս ասում էր: «Փողը, — ասում էր, — չար սատանայի հնարածն է. սատանան շատ ջանաց ադամորդուն խաբել, մոլորեցնել, բայց չկարողացավ, վերջը, վերջը, երբ որ փողը հնարեց, բոլորի հոգիները ձեռքն առավ: Փող ասած բանըդ այդպիսի՞ մարդոց է խելքից հանե՛լ. խեղճ աթթար Սարգիսը ի՞նչ խոսքին ամուր մարդ էր, որ այդքան լավ-լավ հույսերից ետ կենար: Հողեղեն արարածիս ցանկությունը չափ ունի՞ որ:

Մյուս օրը, առավոտը վաղ, արևը դեռ նոր էր ծագել, խանութի ծառան շտապ ներս է մտնում. «Աղա՛, ինը մեծ բարձած սայլ մեր դարբասի առջև կանգնած են. մի խանութի տղա էլորինն է չգիտեմքեզ է ուզում»: Այդ ի՞նչ բան է, — ասում է Սարգիս-աղան, — մի գնամ տեսնիմ ո՞վ է. գուցե ինձ չէ, ո՛վ գիտե ում են փնտրում:

Նա գնում, մենք էլ ետևից ենք գնում: Բայց իմ հոգին զգում էր, ես չտեսած էլ գիտեի ի՛նչ բան եղածը: Փողոցի դռանը չհասած, առաջներս մի ծառա է կանգնում, «Աղաս բարև արավ, — ասում է, — այս ինը սայլ ապրանքը ընդունեցեք», — ասում է: «Աղադ ո՞վ է», — հարցնում ենք ամենքս միաբերան: «Իվանուշ Մայասիլովը, — ասում է, — չե՞ք ճանաչում, ի՞նչ է, երեկ իրիկուն ձեր տանն էր, ո՛ւ…»: Պայթում էի սրտիս նեղությունից. «Ա՛յ տղա, աղայիդ ո՞վ է ասել մեզ ապրանք ղրկի. մենք նրան «ապրանք ղրկե» ասել ե՞նք որՇո՛ւտ արա, սայլերիդ գլուխը դարձրու և գնա…»: «Ի՛, այդպես բան կլինի՞ որ. խոսքը վերջացնելուց հետո` ետ առնել կլինի՞: Հիմա ես այսքան ապրանքը տանիմ որտե՞ղ դատարկեմ», — ասաց: «Որտեղից բերել ես, էլի՛ այնտեղ տար», — ասի: «Հիմա մեր ամբարի դուռը գոց է», ասաց տղան: «Աղայիդ ասա, թող դուռը բանա», — ասի ես էլ:

«Այստեղ լիներ կասեի, որ այստեղ չէ` հիմա ես ի՞նչ անեմ», ասաց: «Որտե՞ղ է, որ», հարցրի: «Քիրման գնաց», ասաց տղան:

«Ե՞րբ գնաց», հարցրի: «Երկու ժամ կլինի գնալը, դեռ ավելի և ամսից առաջ էլ գալու չէ. շատ հարկավոր գործ ունի այնտեղ. տան թուղթ պիտի հանե»:

Երևում էր, որ հարամ-սատկելու Իվանուշն արդեն սկսել էր իր հնարանքները, բայց միամիտ Սարգիս-աղան այդ սատանայի հնարքները չհասկացավ: Ես նրա տեղը լինեի, նույն րոպեին կգնայի մագիստրատ, ու այս խառնակ գործից մաքուր դուրս կգայի, բայց Սարգիս-աղան այդպիսի մարդ չէր: «Է՛, որ այդպես է, ասաց, սայլերը բակը քաշեցեք, բերեք, դատարկենք, հիմա մարդու ապրանքը հո փողոցի մեջ մնալու չէ՞. Քիրմանից որ գա, անշուշտ մի բան կանենք»:

Следующая страница