Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Կհավատա՞ս, այդ րոպեին, երբ որ ես մեկ ոտքով այս աշխարհքում էի, մյուսովս արդեն այն աշխարհքն էի մտել, այդ րոպեին ասում եմ, երբ որ խայտառակ մահս, խեղդվելու տանջանքը, մարդկանց անեծքն ու ծաղրանքը գլխիս պիտի թափվեր- թոկով խեղդվելուց բացի, ավելի ի՞նչ ուրիշ խայտառակ պատիժ կա ադամորդուս համարէլի ասում եմ, այդ րոպեին ես մեղա գալու տեղը, արած հանցանքիս փոշմանելու տեղը, մտքիցս անցնում էր, թե ինչո՞ւ այնպես հարմար չշարժվեցի, որ համ գայլերը կուշտ լինեին, համ էլ գառները` սաղ-սալամաթ. իբր, ինչո՞ւ չկարողացա այնպես անել, որ համ հիսուն հազար ոսկին սնդուկս մտներ, համ չերքեզներն իրենց ուզեցածը անեին, համ էլ բերդի մեջը եղողները բանից խաբարություն չունենային:

Գիտեմ, շատ հոգու մեղք բան էր այդ թամահությունս` առանց քրտինք թափելու այդչափ ոսկուն տիրանալը. գիտեմ, որ չերքեզների միտքը վատ էր ու նրանց անելուն չարագործություն էր. այն էլ գիտեմ, որ բերդը մտնելովս ես շատ մեծ մեղք էի անում, այնպիսի մեղք, որ աշխարհիս վրա մի մարդ չէր գտնվի, որ ասեր թե «էվալլա՛», որովհետև արածս փատլեցություն53 էր, Աստծու ու թագավորի օրենքին հակառակ բան. բայց ես մեղայի չեկա, չփոշմանեցի: Հիմա էլ, որ վրան գուցե քառասուն, հիսուն տարի անցել է ու անդադար գլուխս պատին եմ զարկում ոչ թե արած մեղքիս, այլ անխելք շարժվելուս համար: Ինձ որ հարցնես այդ թամահություն, չարագործություն չէր, այլ մարդկանց զարմացնելու փափագ: Մենք որ կանք` գովասանքի խև ենք. ուզում եմ ասել, թե գովասանքի, զարմացնելու համար մարդ կա որ ինչ գեշ բան ուզես կանի, միայն որ նրա բռնած ծուռ-մուռ ճամփան չճանաչվի ու ինքը խայտառակ չլինի: Շատ միտք անելուց հետո ես գտա մեր անբախտության պատճառըդա գովասանքի փափագն է. այն էլ պիտի ասեմ, որ էլի գովասանքի փափագն է, որ մի օր ազգին իր ամենամեծ փառքին պիտի հասցնի... որ այս բանս ազգի տերերը լավ իմանային ու ճիշտ օգտագործեին ժողովուրդը այսօրվա օրս ուրիշ օր պիտի տեսներ... է՛յ, ինչ էլ որ լինի:

Այս մտքերիս մեջ էի, մեկ էլ տեսնեմ, վրաս դրած չասավոյները մեկ-մեկ, մեկ-մեկ քաշվեցին ու գնացին. ես մենակ մնացի վասթռոկի54 մեջը, ձայն ու ծպուտ չէր լսվում: Իմ կարծիքով ժամը երկուսը կամ երեքը կլիներ, քունս բոլորովին փախել էր աչքիցս: Լսել էի, որ մեռնելու րոպեին մարդս մի քիչ խելքից բաժանվում է, դմրածի պես է լինում. ուտում է, խմում, խոսում առանց հասկանալու, անասունի պես. բայց դա սուտ է, հե՛չ չհավատաս. միտքս ոչ թե դմրեց, այլ է՛լ ավելի ուժով ու զարթուն էր. մանկությունիցս մինչև այն օրը ինչ որ անցել էր, բոլորը մաքուր միտքս էր, բայց մի բան չկարողացա հաղթելայն միտքը, որ վաղը անպայման մեռնելու եմ` շատ էր սարսափեցնում ինձ. պարանի կամ գնդակի ցավից չէր վախեցածս, ամենևին չէ, այլ այն բանից, որ խոսքի վրա, հիմա սաղ եմ, հոգիս վրաս է, գնդակը որ խփեն, թոկը որ վիզս անցկացնեն ու խեղդեն, հոգիս ի՞նչ կլինի, ճրագի բոցի պես միանգամից կմա՞րի, կչքանա՞, թե՞ մի այնպես մութ զնդան տեղ կսկսի մոլորվել, ինչպես որ մուխը մութ նկուղի մեջըԹյո՛ւ, քերականություն չեմ սովորել, որ կարողանայի միտքս ճիշտ հասկացնել, մի բան եմ ուզում ասել, բայց լեզուս չի դառնում. սրտիս մեջ ինքն իրեն ասվում է, բայց ինչ օգուտ, դուրս հանել չեմ կարողանում:

Միտք անելով, միտք անելով ինքս ինձ մոռացա. մոռացա որ վասթռոկի մեջ եմ, մոռացա որ այսօր այսքան փորձանք եկավ գլխիս, կարծես թե այդ ամենը ինձ համար չէր, այլ մի ուրիշ, օտար մարդու վրա եմ լսել, բայց քուն չէր այդ, մի տարօրինակ բան էրարդյոք քեզ հետ էլ ժամանակ առ ժամանակ պատահո՞ւմ է..

Մեկ էլ տեսնես, վասթռոկի դուռը ճըը՛ռռռ արավ ու դրսից կամացուկ մի կին ներս մտավ: Սկզբում չիմացա ով էր:

«Գասպա՞ր, ասաց հայի ձայնով, ինձ այնպես է թվում, որ ամեն ազգ ջոկ-ջոկ ձայն ունի, որովհետև նեմցեն, կամ ռուսը Գասպար ասելու որ լինեին, ուրիշ ձայնով կասենԳասպա՞ր, ասաց կինը, ճիշտ է, քու մեղքդ մեծ է, բայց առնելու պատիժդ ավելի մեծ պիտի լինի. դրա համար իմ բարկությունս եկավ, որ մի հայ հոգի պիտի կորչի, այն էլ մի ջահել տղա, որ գուցե Աստծով կխրատվի ու վարքը կփոխի: Ինչ որ դու արիր, ամեն մարդ էլ կաներ, երբ որ քու տեղդ լիներ:

Դու գիտե՞ս ես ով եմ. ես այն որբ, հայերից բամբասված, անունը կոտրած, թքած-մրած Կյուլզադեն եմ, որ հոժար կամքովս ինքս ինձ դուրս արի հայերի միջից, որովհետև ամբողջ քաղաքի մեջ մի հոգի չգտնվեց, որ իմ ցավս հասկանար: Ես որ կամ, իշխանի սերունդ եմ, դուք ստրուկ եք. ստրուկն ու իշխանը հեչ մեկմեկու կարո՞ղ են հասկանալ: Կնիկարմատ էլ որ լինեմ, էլի իմ երակների մեջը քաջի արյուն է վազում. հեչ ես լայաղ կանեի՞ այս իմ ազնիվ արյունս ձեր ստրուկի արյունի հետ խառնելու: Յոթը փեսա եկան դիմացս. ամենքը հավանեցին սիրուն երեսս, մեկը չգտնվեց, որ հոգիս ճանաչեր, հավաներ ու սիրեր: Ես քաջ տեղովս կկարողանայի՞ վախկոտներին սիրել: Գնա ասա բոլորին «նրանք մինչև այն օրը ատած կլինեն համ օտար ազգերից, համ էլ շենքով հայերից, քանի որ այդպես ստրուկի բնավորության տեր են ու իրենք իրենց շուքից վախենում են»:

Ասաց ու չքացավ:

Վասթռոկի դուռը առջևս բաց էր, չասավոյներ չկային: Ասել պե՞տք է, որ իսկույն փախչելս տեսա: Սյունին մի թամբած, սիրուն չերքեզի ձի էր կապած, վրան երկու կողմից լեփ-լիք լցրած խուրջին, ձիի ոտքի տակն էլ` թուր, դաշույն, զույգ ատրճանակ ու թրվանք: Հեծնելս ու փախչելս մեկ եղավ: Խուրջինի մեջ կար հինգ հազար հատ ոսկեդրամ: Տասնհինգ տարի պտտվեցի Անատոլուի կողմերը, մինչև որ անունս մոռացվեց: Հիմա անունս էլ, երեսս էլ փոխված է, ինձ համար անվախ ման եմ գալիս. ով եղածս ասեմ էլ, մարդիկ չեն հավատա: Որովհետև օրերս արդեն համրած է, այս պատմությունս քեզ դիտմամբ արի, որ մեռնելուցս հետո կամ գրես, կամ մեր հայերին մանրամասն պատմես:

1868-ին Գասպարը մեռավ ու թաղվեց Լուսավորչի գերեզմանոցում, բայց ուրիշ անունով ու ուրիշ ազգանունով:

ՎԱՐԹԵՎՈՐ

(Բազազ Օվանեսի պատմածը)

Ես այն մարդկանցից չեմ, քանի որ ինքս պառավել եմ, հինացել եմ, հին մարդկանց, հին սովորություններ ու հին օրենքներ գգվեմ ու ամեն նոր բանի, նոր մարդու վրա մի-մի փուտ գտնեմ. չէ՛ ես այդպիսիներից չեմ. լավին լավ կասեմ, կուզի հին լինի, կուզի` նոր, այդպես էլ` վատին վատ կասեմ, կուզի պապերիս պապաներիս ժամանակվա բան լինի:

Մեր Նախիջևանը դեռ քանի՞ տարվա քաղաք է որ, իմ կարծիքով հարյուր տարի դեռ անցած չպիտի լինի նրա հիմնադրման օրից (մի անգամ խելքս վրաս, որ մի լավ համբրեմ, հաստատ կիմանամ. թյո՛ւֆ թյո՛ւֆ, հետս թզբեհս չեմ վերցրել. թե չէ նրա հաշիվը գտնելը խիստ հեշտ է. ի՛նչ էլ որ լինի): Նախիջևանը հայի քաղաքների մեջ ամենանորն է. Թիֆլիս, Աժտերխան55դրանք շատ հին քաղաքներ են. նրանց շինող թագավորների անունը, երևի, կորցված, մոռացված էլ լինի, որովհետև նրանց հիմքերը գցողները երևի կամ Հայկի, կամ Տրդատի որդիներն են. Հայկի ու Տրդատի մեռնելը, չէ՛-չէ՛, հինգհարյուր տարի կլինի, կարող է ավելի էլ, նրանց գերեզմանների քարերը վաղո՛ւց փտել են, ոչնչացել են: Այն ժամանակները գիր, հաշիվ լինելը շատ կասկածելի է: Հիմա, Աստվածդ կսիրես, առանց գրի, առանց հաշվի դրա հաշիվը ինչպե՞ս կգտնեն մարդիկ... Մեղքիդ տերը լինեմ, որ այդ հիմիկվա` հին ժամանակվա վրա պատմություն գրողները բոլորը փորներից չհանենինձ որ հարցնեսնրանց չզմզածը բոլորը սուտ է, բոլորը հնարած բաներ են:

Ամմա` այդպես չիմանաս աստվածաշունչ-ավետարանը, նա ճիշտ-ճիշտ գրած բաներ են, գրքի մեջ էլ գրած է, որ մի օր Աստված նստել է պուռլեկենի անտառի մեջ, պուռլեկենի56 անտառն էլ վառվում, չէր վերջանում, վառվում էր վառվում չէր վերջանում: Աստված ասաց. «Մոսես, Մոսես»: Մոսեսն էլ ասաց. «Հրամե, Տեր իմ»: Աստված ասաց, «Գնա՛, իմ պատմությունը պատմի իմ ժողովրդին»: Մոսեսն ասաց. «Ինչպե՞ս պատմեմ, որ լեզուս թլվատ է», — ասաց: Աստվածն էլ ասաց, «Լեզուդ թլվատ թող լինի էլի՛, մենք դրա ճարը չե՞նք գտնի, ինչ է, ասաց, բերանդ մի բաց, նայեմ»: Մոսեսը բերանը բացեց. Աստված էլ նրա բերնին իրեն սունչը փչեց շիկացած ածուխի պես:

Սունչ որ ասում են, գրոց խոսք է, որ նեֆես ասել է: Է՛յ, ինչ էլ որ լինի: Երբ որ Մոսեսի փորը Աստծու նեֆեսով լցվեց, Մոսեսն էլ, ֆսեռավնո57 իմաստուն գիտունի պես մի բան դարձավ` (սկզբում պալըխճի, ձուկ բռնող). անցածն ու գալիքը մի մինուտվա մեջ սովորեց. առավ, ջանս, երկու հատ քարե տախտակ ու նրանց վրա սկսեց գրել աշխարհիս երեսին ի՛նչ կա, ի՛նչ չկա, բոլորը գրեց: Թրդատն էլ է այնտեղ, Գրիքոր Լըսավորիչի տասներկու չարչարանքն էլ է այնտեղ, Պիղատոսի մատնությունն էլ է այնտեղ, տերն մեր Հիսուս Քրիստոսի տանջանքն էլ է այնտեղ, առաքելոցների հրեղեն լեզվով քարոզությունն էլ է այնտեղ, կարճ` առաջվա բոլոր հին պատմությունը այնտեղ է, այդ Մոսեսի տախտակների վրա է գրված: Մոսեսն էլ, ջանս, ինքը ջհուդ էր, բայց քանի որ այն ժամանակները, հայերիցս բացի, ուրիշ մի ազգ գիր-կարդում չուներնողայի պես մի բան էինառավ ու երևի այդ ամեն պատմությունները հայի խոսքով գրեցբայց այն ժամանակվա հայի լեզուն հիմիկվա պես խառնիխուռն ու կեղտոտ չէր. այն ժամանակվանը գրափառերեն էր, գրոց էր ասվում:

Վենետիկի ձուկ ուտող վարդապետները, երևի, գտել են այդ տախտակները, մագաղաթի վրա երեսը հանել են ու հետո տպել են, տպրելուց հետո էլ ժամերին են բաժանել: Դե, այդ տպած գրքերն են, որ ավետարան, աստվածաշունչ են ասվում...

Բայց ես կարծես թե մի քիչ խորացա, միտքս բան կար, ուզում էի ասել` մոռացա ու ուրիշ բան սկսեցի...

2

Հա՛, այդ էի ուզում ասել. խոսքի վրա` այսօր վարթեվոր է. ժողովուրդը, ինչպես որ գիտես, սյուրու-սյուրու, որը ֆաեթոնով58, որը թևավոր դռոգներով, բազարի փռասթոյ դռոգով, որն էլ ոտքով դեպի Սուրբ Խաչ պիտի քաշվեին. ինչպես որ հիմա է. առաջվա ժամանակն էլ, նմին-նման այդպես էր, այնքան որ, սուտ չէ, այն ժամանակները հիմիկվա պես թանկանոց ձի էքիպաժ չկար, իմ ջահելության ժամանակ ամենաթանկանոց ձին երեսունհինգ ռուբլի ացինացիա էր ու ամենավերի, հիշվական աղան մի բռիչքա էր ունենում, մյուսները հասարակ արաբա կամ սայլ էին ունենում ու դրանով էին գնում Սուրբ խաչ ու Սուրբ ԿարապետԲայց հիմա, ջանս հասարակ արաբան, սայլը ու բռիչքան մոդից դուրս եկան. դու էդ ի՞նչ ես ասում, տոռոշքան էլ մոդից դուրս եկավ. տոռոշքան, ճիշտն ասեմ, ինքս էլ շատ չէի հավանում. ամենաառաջ տոռոշքայի մոդան մեր ծաղիկ Մառյա Կոռովնան ու Կուսիկի Թոթայը մտցրինդրանք երկուսը Նախիջևանի առաջվա մոդնիցաներն էին, է՛հ, ինչ էլ որ լինի: Առաջները վարթեվորը ուրիշ տեսակ էինք կատարումՀա՛, այդ պիտի հարցնեի, այդ վարթեվոր, որ ասում են, արդյոք դրա թարգմանությունը ի՞նչ ասել է. ջուր լցնել չլինի՞, որովհետև մեր տեղում, հանաք անելով, մեկ մեկու վրա փայտե ջրամանով, փարչով, մեկ-մեկ էլ դույլով ջուր որ լցնում են, վարթեվոր են ասում ու ծիծաղից մեռնում են, այս մերոնց ամենասիրած կատակն է, ինչպես որ բարիկենդանին փեշը դոշակի կամ բարձի կարելը, կամ մարդուս միամիտ կանգնած տեղը «կրա՛կ» կանչելը ու լեղին պատռելը: Շատ տարօրինակն են մեր տեղի ժողովուրդը:

Հա՛, այդ էի ասում: Որ Սուրբ Խաչ էինք գնումփոքր էի, բայց հիշում եմգնում էինք բաղչան, մի-մի հատ վայրի շուշան էինք պոկում, դանակով ջրացիր էինք պատրաստում ու Սուրբ Խաչի ջրի մոտ, եղեգնուտի ետևը թաքնվում էինք` ջրացիրով անցնող-դարձնողի վրա ջուր էինք ցայտեցնում ու «վարթեվոր» էինք ասում: Այս պստիկներս էինք անում: Մեծերն էլ մեզնից պակաս չէին. տղամարդ, կին, ջահել տղա, երիտասարդ աղջիկ, բոլորն էլ սովորաբար ձեռքներին մի-մի աման էին ունենում, հա՛ այն տղմոտ, կեղտոտ ջուրը վերցնում էին, հա՛ մեկմեկու վրա էին լցնում «վարթեվոր» է, իբր: Ժամանակ առ ժամանակ էլ մեկը մեկին բոթում, մանավանդ մարդուս ափին կանգնած ժամանակ, ու ճո՛մփ էին անում, ջուրը գցում: Ջուրը ընկնողն էլ այնքան թրջվելուց չէր վախենում, ինչքան որ վրանգլուխը ցեխոտվելուց էր վախենում, որովհետև Սուրբ Խաչի ջրի մեջ ջրից ավելի ցեխ կա, մեջը որ ընկնես, կասկածելի է, կկարողանա՞ս ինքդ քեզ վեր կենալ, թե՞ քանի գնաս մեջը խորունկ կխրվես. ցեխն էլ հոտա՛ա՛ա՛ծ, մեջը լիքը գորտեր, տզրուկներ ու տեսակ-տեսակ զզվելի ջանավարներճահիճ է, էլի

Այդպես էր առաջվա ժամանակները: Ինչ էլ որ լինի, ափսոս մեր այն ժամանակվա Սուրբ Խաչը: Ճի՛շտ է, հիմիկվա պես շիփ-շիտակ ու մեջքիս հաստությունով ծառեր չկային` ու եղածն էլ ծուռ-մուռ, բորբոսնած, վրաները սարդի ոստայններ բսած, թրթուրոտ ծառեր էին, բայց էլի, ինչ սուտս պահեմ, մեջը հիմիկվանից շեն էր:

Մեկ-մեկ մտքիցս անցնում է, թե ինչո՞ւ մարդս իրեն ջահելության սովորությունները ավելի է սիրում ու նոր բաների վրա աչք չունի նայելու. արդյոք նրա համար է, որ առաջվա բաները լա՞վ էին, թե՞ իրեն անցած ջահել օրերը միտքը բերելով նրա հետ կապված ամեն խաղերը ու քեֆերը սրտին լավ են գալիս` չգիտեմ. բայց ինձ այնպես է թվում, որ աշխարհքս քանի գնում վատանում է.... Իհարկե, այս նոր ժամանակներս շատ լավ-լավ բաներ հնարվեցին, բայց դու ի՛նչ ուզում ես` ասա՛, այն փակված, տոթ վագոնով տեղից տեղ գնալը ամենաչսիրած բանս է: Աչքը սիրեմ առաջվա թռոյքա59-արաբային. հանգիստ կերպով հինգ-վեց հոգի մեջը տառեխի պես սղմվում էինք նստում, ձիերի վիզը մի-մի, երկու-երկու այն զանգուլակներից էինք կախում, «ժա՛նկուռ, ժա՛նկուռ», այսպես ճանապարհ էինք ելնում: Ճամփին էլ ջուր, կամ կանաչ արոտ, կամ ծառի հով էինք, տեսնում թե չէ` «տղերք, այս չոլի մեջտեղը մի-երկու գավաթ չայի հետ ինչպե՞ս եք», — ասում էինք ու ձիերը արձակում էինք, արոտի մեջ բաց թողնում, մենք էլ սամովարի հետ էինք լինում, փամիլը՛յ60, դրանից էլ ավելի ուրախություն պե՞տք է որ: Այն ժամանակվա պաղած միսը, կամ հավի բուդը կրծելը, վրայից էլ կեղտոտ ջրով եփած չայը` փշրած, թոզ կտրած ու կուպրի հոտ առած լոխումով խմելը, Աստված հավատա՛, որ հիմիկվա մառոժնիի ու փլոմպիրի հետ չեմ փոխի... Թե չէ, Աստվածդ կսիրես, այս ի՛նչ ձև է. ժամանակ-անժամանակ քանթուքթոռի հրամանքով մաշինը կանգնեցնում են, քանտուքթոռի հրամանքով վագոնի դռները բացում են, դուրս են թափում, քանտուքթոռի հրամանքով շտապելով պիտի ուտես, լեզուդ, բերանդ էրելով մի սթաքան չայ պիտի խմես ու դրա համար կրակի գին տասթքե՛մ ես այսպես ճամփա գնալու վրա. հետո՞, սրա անունը ես ճամփորդությո՞ւն պիտի ասեմ. այդ հո մարդուս` յաշչիքը դրված ապրանքի պես են ման տալիս, ոչ թե ինքը իրեն քեֆին է ման գալիս: Այդ նոր ժամանակվա զարմանալի բաները որ կան, բոլորս մեզ պես ղազերիս տանջելու, քիսաներս դատարկելու համար են հնարված: Բայց ի՞նչ պիտի անես, ճարդ ի՞նչ է, ժամանակի հարմար պիտի շարժվես, որ ծիծաղելի չլինես:

Խոսքս էլի առաջվա վարթեվորի ու Սուրբ Խաչի վրան է: Այն ժամանակները հիմիկվա ռոթոնտը ու պուֆեթը չկար, ու ուխտավորներս էլ ամենքս մեզ համար ինչ որ պետք էր, տնից հետներս բերում էինք. օրինակ գիշերվանից դեզ-դեզ սամսաները61, հացտապակները, ղավուրմա, տապկած ճտերը պատրաստում էինք, չայ, շաքար, չիլիմ ձուկ, խավյար, պանիր, ռոմ, գինի, արաղ, քյաբաբի միս, ածուխից ու տաշեղից բացի ամեն ինչ վերցնում էինք հետներս: Սուրբ Խաչ որ գալիս էինք, հանգիստ կերպով, որս ծառերի շվաքին վրան էր խփում, որն էլ որ վրան չունենար, մատղաշ արոտի վրա խալի ու կարպետ էր փռում, առաջվա վարքով, տղամարդ, կնիկ զույգեր էինք կազմում, որս էլ գլուխը բարձին խո՛ռ-խո՛ռ քուն էր լինում. այդ ընթացքում էլ ջահելները սթաքանները, պիլութները, չայինքը, ու ռոմի շիշն էին հանում, սամովարը դնում էին, քյաբաբի կրակը հազիրում, երբ որ սամովարը խըփը՛ռ-խըփը՛ռ թափվում էր ու քյաբաբի մուխը երկինք-գետին մեկ էր անում (այդ կծու մուխը մոծակի ու քոռ ճանճի մեծ թշնամին է), մենք էլ, այստեղ լսի՛ր, քուներիցս զարթնում էինք ու սկսում մեր քեֆը. փամիլը՛յ, արքավութին էր որ կար, դրանից ավելի ի՞նչ քեֆ էր պետք ադամորդուս:

3

Թքեմ ես մարդկանց հիմիկվա քեֆի վրա: Աստվածդ կսիրես, այդ ի՞նչ բան է. բաղչայի հենց մեջտեղը մի փայտի տուն են շինել, անունը ռոթոնտ են դրել, մեջը բավականին ռուս լաքեյներ են դրել, սա էլ պուֆեթ է, ասում են. տան չորս կողմն էլ ծառերի հովին տաշեղի հավաբներ են շարել, սա էլ պեսեթքա է, ասում են. մի սթաքան չայ է սիրտդ ուզում խմելու` տասը-տասնհինգ կոպեկդ առնում են... Հա՛յ ձեր պուֆեթին էլ, ռոթոնտին էլ, լաքեյներին էլ... Սա խոմ ափ-աշկարա, հարամիություն է դրանց արածը:

Հա՛, սուտ չի՛, դու էլի քեզ համար կարող ես հին վարքով արոտի վրա սամովար դնել, բան անել, բայց դու մի նայի, լաքեյները անընդհատ կողքիցդ անցնելիս ինչպես քիթ ու պռունկ են անում, ծիծաղում վրադ. մյուս կողմից էլ մոդնի հաքված աղջիկդ է նազեր ծախում, «դե՛, պապա՛, ուրիշները չեն անում` մենք ինչո՞ւ պիտի անենք, դե՛, ուրիշները մեզ վրա լեզու կբարձրացնեն», չգիտեմ ինչ, չգիտես ինչ... Դու էլ ձանձրանում ես, թքում ու մյուսների վարքով շարժվում-շարժվում ես, բայց արի տե՛ս, որ ամեն մի Սուրբ Խաչ գնալդ իննը-տասը մանեթի դուռն է. էն քեֆին ի՞նչ ասեմ, որ մի քանի ժամվա մեջ այդքան փողից մարդուս հանում է: Այդ պուֆեթը ու ռոթոնտը հնարած օրից սատանա եմ տեսնում մեր այդ Սուրբ Խաչի բաղչումայնքան աչքիցս ընկել է:

4

Այդ ռոթոնտը ու պուլվարը շինած ու Ռոստովի սադը մեջտեղ եկած օրից մեր քաղաքի ծախսը մեկը մեկով եղավ, գուցե դեռ ավելի էլ: Կհավատա՞ս, այն վերջին արապաճիի աղջիկը մոդից ետ մնալ չի ուզում. հոժար է տանը քաղցած ուռելու, ուրիշների կար-կարկատնից աչքի լույսը խավարացնելու, միայն թե պուլվարի տեղը, կամ Սուրբ Խաչի բաղչայում, այն երկար պոչով փլաթին62 հագած, ծանոթ աղջիկների հետ թև-թևի մտած ման գա, ինչ է որ փեսացուների սիրտը դեպի իրեն տաքացնի. մի քիչ բարձր մարդկանց համար հո ասել էլ չեմ ուզում. նրանք վաղո՛ւց ռուս փամեշչիցաներից կոխել են, անցել են. Մոսկով չտեսածդ այստեղ կտեսնես որ ասեմ, սուտ չեմ լինի:

Առաջները մեր գանգատը կանանց փլաթիցուի խասի ու թանգի վրան էրինչ էլ որ լինի, տրտնջալով, բամբասելով, ծիծաղելով` թանկանոց փլաթիցուներից հրաժարեցրինք. հիմա փլաթիցուն աժաննոց է, բայց կարելու վարձը շատ թանկացավ. դրանից էլ բացի, առաջվա մի փլաթիի տեղը, հիմա հինգը-վեցն են հագնում, էլի եղավ են:

Իհարկե, ինչպես որ հիմա, այնպես էլ առաջները այդ բոլոր ֆենտերը ամուսնացու որսալու համար է, բայց մտքիս մեջ ասում եմ, արդյոք առաջվա տղամարդ է եղել թե կինխղճմտանքը, նամուսը, երեխաների մեռոնը մի քիչ ավելի չէ՞ր հիմիկվանից:

5

Նախիջևանում քեֆի երկու տեղ կա. մեկ սուրբ Գևորգի բակն ու պարտեզը (ես պարտեզ եմ ասում, դու գերեզմանոց հասկացի), մյուսն էլ Սուրբ Խաչ վանքի պարտեզը. երկուսն էլխոսքը մեր մեջ մնաաղոթքի և ուխտի պատրվակով` տունը մնացած ազապ աղջիկների համար փեսացու փնտրելու համար են: Քանի որ վարթեվորի մասին խոսք եղավ, արի քեզ մի բան պատմեմ` վարթեվորի օրը պատահած. լսել եմ, որ դու շատ ես սիրում հին բաներ լսել ու գրի առնել. դա լավ է, գեշ բան չէ. եթե պատմությունը լավ է, մեր որդիքը թող մեզանից օրինակ առնեն, իսկ եթե վատ է` թող մեր արած սխալներից զգույշ մնան: Ափսո՛ս, որ մեր տեղի մարդիկ վախենում են իրենց պակասությունը ցույց տալուց. ի՞նչ կլիներ հիվանդի վիճակը, եթե նա բժշկից գաղտնի պահեր իր մարմնի վերքերը, ցավն ու հիվանդությունը:

6

ՀայրսԱստված ողորմի հոգունխանութը եղած-չեղածով ինձ էր հանձնել. ծախսիս-հաշվիս է՛լ չէր խառնվում. ամբողջ օրը կա՛մ սրճարանն էր նստում, ժամանակ անցկացնելու համար թուղթ խաղում, կա՛մ շուկա էր գնում իր հասակակից մարդկանց հետ ժամերով զրույցի բռնվումմեր տեղի զրույցն էլ ի՞նչ է` տերտեր-վարդապետի բամբասանքայդ էլ չեղավ` նստարանին նստած` պատին կհենվեր ու ժամերով կխռմփացներ: Շատ քիչ էր պատահում, որ խանութը մտներ. մտներ էլ` մի քիչ կմնար տղոց հետ հանաք-չանաք կաներ ու վեր կկենար, կգնար իր բանին: Ի բնե խաղաղ բնույթք ուներ հայրս, Աստված ողորմի հոգուն:

Ինչպես ասի` ծախսիս-հաշվիս հեչ չէր խառնվում. «Օգուտ կանես, ասում էր միշտ, քեզ համար կանես, վնաս կանես` այդ էլ քեզ համար. այսօրվանից ես քո գլխին հա՛ կամ, հա՛ չէ, իմ բանս արդեն պրծել է. ալյուրս մաղել եմ, մաղս պատից կախել եմ: Ջահել ժամանակս բավական աշխատեցի, չարչարվեցի, գոնե ծերությանս այս մի քանի տարին ինձ համար հանգիստ անցկացնեմ: Ունեցած-չունեցածս ողջ քեզ տվի. թե քեզնից մի ժանգոտ կոպեկ պահել եմ` դժոխքի պահեմ` ո՞ւմ պիտի տամ: Հետս մյուս աշխա՞րհքը պիտի տանեմ, ի՞նչ է... եթե իմ ու մորդ ճերմակ մազերին խղճաս ու մեզ դրկցի դուռ չգցես` շեն կենաս, թե որ չէ` այն էլ դու գիտես, մեղքը-վարձքը վիզդ. էլ ի՞նչ ասեմ, որդիս:

Մինչև այս տարիքդ թե խելքի ես եկել` լավ, թե չէ` սրանից հետո խելքի գալը դժվար է. այս տարիքիդ քեզ խրատելն ուշ է` (այն ժամանակ կլինեի քսանչորս-քսանհինգ տարեկան), արա՛, ինչ որ խելքդ կկտրե, գնե՛, ծախե՛, ա՛ռ, տո՛ւրվրադ դատավոր չկա, բայց այնպես արա, որ` թե ընկնես, նորից ոտի կանգնել կարողանաս, թե կորցնես` նորից վաստակելու դուռը գտնես. չլինի թե հույսդ կտրես ու որբևայրի կնոջ պես շվարեսԲայց եթե քեզ համար կին ուզենաս ընտրել` առանց ինձ ու մորդ մի՛ ընտրիր. անշուշտ մենք, որ այս տարիքին ենք հասել` խոտ ու դարման չենք կերել, կնիկարմատ ասած բանից մենք էլ քիչ ու միչ հասկանում ենք. ուզում եմ ասել, եթե ամուսնանալու միտք ունենաս` մեզ խորհուրդ չհարցրած` մարդու խոսք չտաս, իսկ եթե չուզենաս` այդ էլ դու գիտես, քանի որ կինդ քեզ հետ պիտի ծերանա, չար ու բարին քեզ հետ պիտի քաշե, ուրախություն ու տրտմություն միասին պիտի տանեք: Ասելս այն է, որ եթէ տներս հարս բերելու լինես` մի այնպիսին բեր, որ մենք երեսը նայենք, ուրախանանք…»:

7

Ամեն տարի, Ծնունդի ժամանակները, ապրանքի համար Մոսկվա էի գնում: Երբ որ ապրանքն առնում, վերջացնում էի ու գնած բարիս հաջողությամբ ճամփա էի գցում, դրանից հետո մի երկու շաբաթ քեֆիս համար մնում էի Մոսկվայում, այդպես, մի տեսակ, սովորություն էի արել: Շատ էի սիրում մոսկովցի վաճառականների կանանց ու ջահել աղջիկների հետ խոսք ու զրույց անել, մեկ-մեկ էլ հետները թատրոն, պարահանդես գնալ. մեղքս ի՞նչ թաքցնեմ` վալս, էքասես, ապա քատրիլ էլ էի խաղում հետները և, հորերից ու ամուսիններից գաղտնի, մեկ-մեկ զբոսանքի էինք դուրս գալիս և ամեն տեսակ մանր-մունր նվերներ էլ էի տալիս: Ի բնե հայտնի է, որ կինը կատակ, զվարճություն շատ է սիրում: Է՛հ ջահելությո՛ւն, ջահելությո՛ւն...

Ահա այսպես հետները միշտ կատակ ու զրույց էի անում, բայց մեր զրույցն ինչից էլ սկսվեր, անհնար էր, որ վերջ ի վերջո պսակի խոսքը մեջտեղ չգար: Ռուս կանայք միշտ կատակով ինձ ասում էին, թե հայրս ու մայրս ականջիցս պիտի բռնեն ու զոռով պիտի պսակեն, իմ կամքս հեչ չեն հարցնելու. նրանք ո՛ւմ հավանեն` նրա հետ էլ պիտի պսակեն, որովհետևասում էինդա ձեր` ասիացիների սովորությունն է: Ես էլ նրանց ասում էի. «Եթե ուրիշ բաների մեջ մորս ու հորս խոսքից դուրս չգամ, ամուսնանալու մեջ նրանց հրամանը ո՛չ լսելու եմ, ո՛չ էլ կամքները հարցնելու եմ»: Կանայք ավելի եռանդով էին կատակում հետս ու ասում էին. «Մի՞թե կհանդգնես ծնողքիդ կամքից դուրս գալ. չէ՞ որ նրանք կանիծեն քեզ, ապա թագավորին կգրեն, թե այսպիսի անառակ որդի ունենք, ու քեզ զինվոր կտանեն», և այսպիսի խոսքերով այն տեղը հասցրին ինձ, որ մի օր էլ նրանց ասացի. «Ես մարդ չլինեմ, աշխարհքիս երեսին օր ու արև չտեսնեմ, ունենալիք զավակներովս չուրախանամ, եթե ես, ինքս ինձ, առանց նրանց հարցնելու չնշանվեմ»:

Այդ կանանց կատակների իմաստը պարզ էր. նրանք փորձել էին ուզում, թե արդյոք նրանցից որևէ մեկի հետ չե՞մ ամուսնանալու, որովհետև մեր հայը ի բնե իր հավատին կանգնած է. այլազգի աղջիկ առնելը, կամ իր աղջիկը այլազգու մեջ գցելը ո՛չ միայն ամոթ, այլև մեղք է համարում:

8

Վարթեվորի կիրակին էր: Մայրս, հայրս, հայ քրիստոնյայի սովորությամբ, վարթեվորի պասը բռնած, հենց որ նավակատիկ են հասնում, շաբաթ օրը ախորժակով ուտում են մի աման ձկնապուր, վրայից էլ անուշ են անում մի մեծ ափսե կաթնապուր, դրա վրա էլ մի թավա ձվածեղ որ մաքրազարդում են` քեֆները ավրվում է, կիրակին տնքալով են լուսացնում, կեսօրին կարգին հիվանդանում և անկողին են ընկնում:

Քանի որ միտքս դրել էի պսակվել, շատ էի ուզում այդ կիրակի Սուրբ Խաչ գնալ, գուցե, մտածում էի, երկնավոր տերը բախտս բանա: Երեսիցս հայտնի էր, որ սրտիս մեջ մի դարդ ունիմ. մայրս` Աստված ողորմի հոգուն, նկատում է այդ, ու չնայած որ հիվանդ էր, ասում է ինձ. «Մեզ համար ինչո՞ւ ես վիզդ ծռած քայլում. դու ջահել ես. կառքը լծել տուր, գնա Սուրբ Խաչ ու քեֆիդ նայե. մեզի համար ետ մի՛ մնա, ինչպես էլ լինի, մի օր կանցկացնենք ու Աստծով վաղը ոտքի կելնենք. գնա՛, որդիս, սիրտդ թո՛ղ բացվի, իրիկվա կողմ տուն գալուդ գուցե մի ուրախ լուր հայտնես»: Իմ ուզածն էլ այդ էր: Իսկույն կառքը լծել տվի: Բայց հորս երեսից երևում էր, որ մորս խոսքերին հավան չէր: «Էդ ի՞նչ ես ասումասաց մորս, ինչո՞ւ տղին զոռով կողքիցդ քշում ես. գուցե տղան չի ուզում. զոռ անելդ ո՞րն է: Եղանակն էլ անձրևային է. երեկ գիշերվանից էր երևում. գլուխս կտամ, թե այսօր անձրև չգա»: Բայց ես նրա խոսքերը չլսելու տվի, գնացի սենյակս, Մոսկվայում կարել տված պիջակը, բաճկոնս ու շալվարս շտապ հագա, վրայից էլ` ծալքավոր օձիքով վերարկուս, բոլորովին նոր գլխարկս գլուխս դրի, կառք նստա ու ճամփա ընկա:

9

Սուրբ Խաչ որ հասա` արդեն ժամը մեկը կլիներ: Վանքի բակը լի էր եռաձի կառքերով, սայլերով ու սայլակներով. բոլոր սենյակները բռնած էին. հազար տեղ կրակ էր վառած, որի վրա կաթսա էր կախած` տեսակ-տեսակ կերակուրներով, որի վրա էլ խորովածի շամփուրներն էին պտույտ գալիս, վառած փայտի, քակորի, ցախի ու նրանց վրա կաթկթած յուղի հոտը աշխարհք էր բռնել: Ձիերի, եզների ձայները (գյուղացիներն այն ժամանակներն ավելի շատ եզասայլ էին գործածում), հարբած գյուղացիների կռիվն ու աղմուկ-աղաղակը, տիրացուների տաղերը, բոլորն իրար էին խառնվել, մարդ այնպես էր կարծում, թե դժոխքի մեջտեղն է ընկել: Դժոխք էր, որ կար:

Նախ, սովորության համաձայն, մտա ժամ, հինգ-վեց սրբերի առջև մեկ-մեկ մոմ վառեցի, մի քանի անգամ երեսս խաչ հանեցի, երկրպագություն արի. Անիից բերած քարե սուրբ խաչն էլ բանալ տվի, համբուրեցի և աղոթքս ավարտեցի. նորից բակ ելա և, որովհետև մի տարի առաջ ժամի մոտ թաղված էր ողորմած հոգի Հարություն վարդապետը, և նրա հիշատակը, հիմիկվա նման, ժողովրդի մտքից չէր ելել, մի երկու անգամ նրա գերեզմանն էլ համբուրեցի, հայր-մեր ասի, հետո իջա պարտեզ: Սանդուխքներից իջել էի ու մեկ ոտս կամուրջի վրա էր, երբ դիմացս ելան երկու աղջիկ, երկուսն էլ ճերմակ շոր հագած, երկուսն էլ մի հասակի, բայց նրանցից մեկը հրեշտակի պես գեղեցիկ էր, իսկ մյուսը, տնից-դռնից հեռու, սատանայի պատկեր ուներ` սև, տգեղ ու չոփուր, քիթը խիստ երկար ու ծուռ, բերանը մեծ, մինչև ականջների բլթակներին էր հասնում, վիզը բարակ ու երկար` իսկը կռունկի վիզ: Աչքիս ծայրով բավական նայեցի գեղեցիկ աղջկան. քանի ես գեղեցիկին էի նայում` տգեղն աչքերը լայնացրած վրաս էր չռել ու, կարծես, ինձ հում-հում ուտել էր ուզում: Խորշելու բան էր: Մտքիս մեջ ասում էի. «Տե՛ր Աստված, այսպես էլ անճոռնի, այլանդակ արարած լինի՛. վա՛յ դրա էրկանը ախորժակին»:

10

Ապա ուշքս ու միտքս գեղեցկուհուն դարձնելով, ինքս ինձ այսպես էի ասում.

«Երնե՛կ նրան, ում բախտ պիտի ընկնես. քեզ ոտից գլուխ ոսկով ու մարգարիտով էլ որ ծածկի` էլի քիչ է ու շատ չէ. արդյոք հողեղեն ո՞ր արարածին պիտի գրկեն հրեշտակի թևերի պես այդ ձեռներդ. արդյոք ո՞ւմ այտերին պիտի կպչեն այս վարդագույն շուրթերդ. արդյոք ո՞վ պիտի համբուրե, չեմ համարձակվում ասել պագնել, այդ ատլաս, մախմուր այտերդ, աստղի պես ցոլուն աչքերդԲախտ որ ասում են` սա է բախտը, այսպիսի կնիկ ունենալն է բախտը...»:

Աղջիկները սանդուղքի մինչև կեսը հասել էինանշուշտ ժամ էին գնումես էլ կամրջին կանգնած, աչքս պաղած նրանց էի նայում: Մեկ էլ ետևիցս մի մարդ անունս տվեց ու ձեռքը ուսիս դրեց. ետ դառնամ տեսնեմ` խութուոճի63 Ասատուրն է: Մարդը լավ քեֆով էր: Երևում էր, որ ճաշին, մսաջրի մեջ սոխ ու սխտորն առատ էր եղել, խորովածն էլ նորից առանց սոխի չի եղել. քանի որ ամեն անգամ որձկալիս սոխի հոտը քթիս էր դիպչում ու գլուխս պտտվում էր: Թյո՛ւ, սաստիկ չեմ սիրում, երբ խոզի խռխռալու պես բարձր-բարձր որձկում են, և միշտ զգուշանում եմ ճաշի սեղանից նոր վերկացած մարդու հետ զրուցի բռնվելուց. հեռու լսողաց` բերաններից գեշ հոտ է գալիս: Թյո՛ւ: Ինչ որ է:

Следующая страница