Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Որի՞ն ես նայում, — հարցրեց Ասատուրը:

Հայացքս բարձրացրի սանդուղքներին ու սպիտակ շոր հագած երկու աղջիկներին մատնացույց արի:

Հավանե՞լ ես, ինչ է, — ասաց Ասատուրը:

Չհավանելու բա՞ն է որ:

Քու հավանելը հեչ է, մի կոպեկ չարժե, տեսնենք հայրդ ու մայրդ էլ հավանո՞ւմ են:

Իսկույն միտս ընկան մոսկովցի իմ ծանոթ ռուս կանանց խոսքերը և, բարկությունս եկավ:

Ես որ չհավանիմ` հորս, մորս հավանածը կուզե՞մ որ. նրանց ի՞նչ բանն է իմ բախտի մեջ խառնվելը, թո՛ղ ինձ չբարկացնեն, թե չէ առանց նրանց էլ նշանը կտամ... Այդ չէ` դու այն ասա, տեղով գիտե՞ս, թե ո՞ւմ աղջիկն է:

Բա չգիտե՞մ, ես էլ որ չիմանամ` ո՞վ պիտի իմանա, — ասաց Ասատուրը:

Հետո՞, ո՞ւմն է, — հարցրի:

Ո՞ւմը պիտի լինի, իհարկե` իմն է, — ասաց Ասատուրը:

Ճի՞շտ ես ասում, Ասատուր աղա, թե՞ կատակ ես անում:

Այդ ի՞նչ հանաքի բան է, որ ուրիշի աղջիկը իմն է, ասեմ: Իհարկե` իմն է. Անուշս է, չգիտե՞ս, ի՞նչ է:

Առաջին անգամ եմ լսում, — ասի, — անունն էլ ի՛նչպես սազում է` ԱնուշԻսկապես վարդի մուրաբայի պես անուշ է: Իսկ մյուսը, հետը գնացողը (ամաչեցի ասելու` տգեղը) ո՞ւմ աղջիկն է:

Հետը գնացո՞ղը, նա աղայիսին աղջիկն է:

Հեչ լսած չէի այդպիսի գեղեցիկ աղջիկ ունենալդ. ի՛նչ ծածկամիտն ես եղել, հիմա տեղը չէ՞ քեզանից մաղարիչ առնելը

Դրա հաշիվը հետո կտեսնենք, — ասաց Ասատուր աղան, — ուզո՞ւմ ես հիմա գնանք մեր տունը հանդիպենք. գյուղը հեռու չէ. արի կառքս նստենք, մի րոպեում կհասնենք:

11

Ճիշտ որ գյուղը հեռու չէր. մի քանի րոպեում հասանք: Ասատուր աղան հրամայեց սեղան սարքել. էլ ինչ ասես բերին` տեսակ-տեսակ ուտելեղեն` ձուկ, տան երշիկ, տան պանիր, կարագ, սեր, շերտ-շերտ կտրած կարկանդակ, հետն էլ մի շիշ կարմիր գինի և երկու բաժակ:

Ես խմելու հետ գլուխ չունեի, բայց այն օրը Անուշի ազիզ խաթեր համար բավական խմեցի. չգիտեմ` յոթներորդ շի՞շն էր, որ դատարկել էինք, թե ութերորդ. օրը արդեն մթնելու վրա էր. գլուխս արդեն սկսել էր կարգին պտտվել: Իմ օրում այսպես քեֆով եղած չէի: Այդ միջոցին իմ տեսած երկու աղջիկը բակովն անցան և մի ուրիշ դռնից ներս մտան. երևում էր, որ Սուրբ Խաչից էին գալիս: Եռացող ինքնաեռն էլ ծառան ներս բերեց, որովհետև արդեն թեյի ժամանակն էր: Աղապալին հորինած երգը միտս ընկավ:

Չայ ասածըդ խիստ աղեկ բան է,

Քնհատ մարդուն ռահատ կանե:

Մեկ էլ տեսնեմ` դուռը կամացուկ բացվեցավ ու շեմքին, մատուցարանի վրա թեյի բաժակները շարած, գեղեցիկ Անուշը երևաց. նա ուղիղ դեպի մեզ էր գալիս. ամաչելուց երեսը վարդ էր դարձել. անպիտան աղջիկն ավելի էր գեղեցկացել: Թե ի՛նչպես վերցրի թեյի բաժակը, ի՛նչպես սեղանին դրի` չգիտեմ, այնքանը միայն գիտեմ, որ այդ րոպեին գժի պես մի բան էի: Թեյը տվեց, և աղջիկը գնաց:

Ասատուր աղա, — ասի, — այդ Անուշը ճի՞շտ քո հարազատ աղջիկն է:

Ա՛յ տղա, գի՞ժ ես, թե՞ ուրիշին ես գժվացնում, — ասաց Ասատուր աղան, — որ իմը չլիներ, ինչո՞ւ պիտի ասեի, թե իմն է, իհարկե իմն է, ո՞ւմը պիտի լինի:

Ինձ կտա՞ս, — ասի ամաչելով:

Ինչո՞ւ չպիտի տամ որ, դու ումի՞ց պակաս տղա ես, իհարկե կտամ, բայց երկու-երեք գավաթ օղի չխմած` դրա մասին չեմ ուզում խոսել:

Երկու-երեք գավաթ օղու տեղը տասը-տասնհինգական դատարկեցինք. սենյակն սկսեց չորս կողմս պտտվել. գլխիս մեջ դնգդնգ էր անում, ականջիս ետևի և ճակատիս երակները մատիս հաստության ուռել էին:

Գինետնից ելած, աչքերը ծռված, օրորվելով քայլող հարբած մարդ տեսե՞լ ես, որ գնում-գնում` վայր է ընկնում, գնում-գնում` վայր է ընկնում ու կանգնած տեղը քնում էայդ իրիկուն ես էլ ճիշտ այդպիսի հարբածի էի նմանում:

Դու մի՛ ասի` հյուրեր են կանչել, տերտեր-տիրացու են եկել, նշանդրեքս, ինչպես որ կարգն է, կատարվել է և հետո մեղավորիս առոք-փառոք տուն են ուղարկել. իսկ ես ոչ մի բանից տեղեկություն չունեմ: Այդպես էլ ստորություն կլինի՛:

Մյուս օրն եմ իմանումինչ իմանամ` լավ էոր այն տգեղ աղջկա հետ եմ նշանված եղել: Փշաքաղվում եմ: Հայրս ու մայրս տեր են կանգնում, դես-դեն են ընկնում` հոգևոր դատարան, մագիստրատ խնդիր են տալիս: Բայց մյուս կողմից էլ Ասատուրը կանգնում է, թե` «որդիդ ինքը եկավ, աղջկաս իրեն աչքով տեսավ, շատ հավնեցավ. մարդ նրան զոռ արած չէ. նշանն էլ իրեն կամքով տվեց (մի՛ ասի` դրանք իմ անունով միջնորդից ալմաստ մատանի են առել ու աղջկա մատն են անցկացրել). հեչ կարելի՞ բան է Աստծու անունով եղած բանը քանդելՆշանից ետ եղած աղջկան ո՞վ պիտի առնիուզում եք խեղճ աղջկանն առանց դանակի մորթե՞լնշանը կես պսակ է»: Այսպես ասին իրենց ասելիքը: Ես այդ բոլորը մի գրոշի չէի առնի և նշանը ետ տալու ճարն ու ճանապարհը կգտնեի, դրա ծախսն ընդամենը մի երեք հարյուրանոց էր, բայց ափսո՛ս, որ մեջտեղն ուրիշ հաշիվ կար:

Նշանից երեք օր էր անցել. խանութս նստել եմ, մեկ էլ տեսնեմ` երեք գազ բոյով մի տարօրինակ աժդահա մարդ, ձեռքը ձիապանի մի մտրակ` խանութս է մտնում. «Ես, ասում է, Անուշի ախպերն եմ»: Սիրտս տապ արավ: «Ինձ, ասում է, եըլխըճի Գևորգ են ասում: Դու նշանից ետ քաշվելու միտքն ես ունեցել. բայց էս ղամշիս տեսա՞րասում է ու չաթ-չաթ մտրակը պատին է զարկումձեռքիս այս մտրակով կռնակիդ վրա կարմիր խազեր կքաշեմ, բայց էլի օձիքդ բաց չեմ թողնի: Տե՛ս, քեզ մի շաբաթ ժամանակ եմ տալիս, պսակվեցիր լավ, չպսակվեցիր` օձիքիցդ կբռնեմ, ղամշիլամիշ անելով ժամ կտանեմ, կպսակեմ ու ղամշիլամիշ անելով ժամեն տուն կբերեմ, կհանվեցնեմ ու քրոջս ծոցը կպառկեցնեմ, լսո՞ւմ ես: Ինձ եըլխըճի Գևորգ են ասում»:

Եըլխըճի Գևորգի տեսքից երևում էր, որ ո՛չ միայն ասող, անող էլ էր: Հիմի ես ո՞ր քարին, ո՞ր պատին տամ գլուխս: Ճարս կտրած, մի շաբաթից, սուս-փուս հարսանիք արինք, պսակվեցինք, այս օրվա օրս էլ ութը զավակի տեր եմ, հինգն էլ թաղել եմ: Բայց` ցավն այն չէ, որ աշխարհքիս ամենատգեղի, ամենաանճոռնու, ամենաչսիրածիս հետ պսակվեցի, ցավն այն է, որ վարթեվորի իրիկունը, երբ որ ես Սուրբ Խաչ վանքն էի, Ասատուրի տանը ինքս իմ ձեռքով բախտս էի փակում, մայրս, հիվանդ-հիվանդ խնամի է ուղարկում X աղայի տունը ու նրա աղջկան` Մարթային (իմ տեսած գեղեցկուհին նա էր եղել) ինձ համար է ուզում, ու խնամին ուրախ-ուրախ լուր է բերում, թե` համաձայն են: Ցավս հենց այդ է: Է՛հ, ինչ որ է: Հիմի անցել գնացել է. դու գլխիդ հազար վայ էլ կարդաս` ի՞նչ օգուտ, այդ բոլորից հետո:

Այդ օրից վարթեվորի անունը որ լսում եմ` կարծես մահվանս գալն եմ լսում:

ՊԱՊԻ

(Օ. Խ. — ի պատմածը)

Իմ կարծիքով Ղրիմից մրգերը եկած պիտի լինեին, որովհետև հուլիսը արդեն անցնելու վրա էր: «Մի բազար դուրս գամ, ասի, տեսնենք ինչ կա, ինչ չկա»: Որ գնացի, հեռվից էլ պարզ եղավ, որ սակավամարդ պիտի լինի, միրգ ծախողները կիտրոնի, նարինջի դատարկ արկղների մոտ, կըճկըճ արևի տակ պառկած` խոռ-խոռ քուն էին լինում. բան առնող մի հոգի չկար. այն էլ ասենք, ապրանք չեղած ժամանակ ժողովուրդը ի՞նչ պիտի առնի, իհարկե բազարը դատարկ կլինի:

Տնից որ դուրս եկաես հազվադեպ եմ բազար դուրս գալիսմանր երեխաներս հատկապես ապսպրեցին պարապ-բոշ ձեռքով ետ չգալ, ես էլ, բան չունես, բոլ-բոլ ամենքին իրեն սիրած միրգը խոստացա, որին ծիրան, որին դեղձ, որին սալոր, որին սեխ, որին ձմերուկ: Այդ ընթացքում կինս էլ կպել է թե` անպայման բամիա, բադրիջան, թազա պատինճ (լոբի) որ տեսնես, սալա-սալա գնի, տուն բեր, որովհետև նրանց չորացրածը, կամ աղածը ձմեռվա համար շատ հաճելի պաշար է»:

«...Ես ձեր պաշարը», — ասի մտքիս մեջ ու գնացի: Ախր մարդու բարկությունը ինչպե՞ս չգա. ասում էլ են, ճիշտ էլ է եղել. «Կին ասածդ գիշերը մեկ է ցույց տալիս, ցերեկըհարյուր»: Աստվածդ կսիրես. հիմա ես ի՞նչ երեսով ետ գամ ու ասեմ թե բազարում բան չկար, հեչ կհավատա՞ն: Այդպես ժամանակ, ուզած-չուզած, ինչ որ աչքիդ ռաստ եկավ պիտի առնես տուն բերես, որ խեղճերը սրտները մաշելով իզուր սպասած չլինեն: Այս անհաջող եղանակը որ կա, այս տարի շատ բան փչացրեց. ծառերի ծաղիկները, որը փետրվարի ցրտից զարկվել էր, որն էլ ապրիլին շոգ արևից այրվել փոթոթվել էր, այնպես որ` մեր տեղի պարտեզները այս ամառ հեչ բան չտվին: Մտածում էինք, թե հեչ չլինի, մոտիկ տեղերից միրգ կբերեն, բայց երևի այնտեղ էլ մերից լավ չէ: Ինչ էլ որ լինի, բազարը մտանք:

Մանր խանութների մեջը, չլոտ, կեղտոտ ջվալներով երկու-երկու, իրեք-իրեք օխա64 բան դրած էին, թոզոտ չորկոկամ, ճիճուն զարկած քեչեպույնուզ65, չորացած, կաշի կտրած թուզ, դե՛, այսպես բաներ. թարաքների վրա շարված էին թոռոմած, բորբոսնած լիմոններ, ընկույզի չափ դառը զեհիր, տառնիճներ66, ահա այս տարվա մեր բազարի միրգը. հավանածդ առ ու տուն տար երեխաներիդ փորը լցրու, հետն էլ հազար տեսակ ցավեր... հեքիմների աչքը լույս:

Լավ էր, որ մի մառուշքա (ռուս կին) Թայզանից բամիա էր բերել, կրակի գին տվինք, մի հազար հատ բան առինք. մի քիչ այն կողմ մի ուրիշ մառուշքա Ասխայից մի արաբա խիյար էր բերել, ծախս արինք, այդտեղից էլ առանք հարյուր հատ բան, մի քիչ էլ այն կողմ, երրորդ մառուշքան բադրիջան էր ծախում, այնտեղից էլ առանք քսանհինգ հատ բան: Ահա՛ այդ օրվա տարածս. գոնե դատարկ ձեռքով էլ տուն չեմ գնա: Հիմա արի տես, որ այս ահագին բանը ո՞վ տուն պիտի տանի: Ի՞նքս, բայց դու գիտե՞ս հո, մեր տեղի ադաթով, որի անունը մի անգամ որ աղա է դուրս եկել, նա ուզում է տասը անգամ սնանկացած թող լինի, իրեն ձեռքով բազարից բան տանելը շատ ամոթ է, մանավանդ կանայք որ տեսնեն, այնպես կծիծաղեն, ծաղր կանեն, որ մեկ էլ չես համարձակվի աչքերին երևալ, ամեն տեսածներին մատով վրադ ցույց կտան:

Ի՞նչ պիտի անվեր. պարզ չէ՞ որ, մարդ պիտի գտնվեր, հետը բարիշվեր հինգ-տասը կոպեկի, որ այս առած ապրանքս տուն տաներ: Այնպես էլ արի: Հեռվից փայտը ձեռքին` քըստը՛ռ-քըստը՛ռ մի ծեր պապի էր գալիս:

Հնդուհավ ծախող մանրավաճառներից մեկը, բանի մեջ մտավ աչքիս լավ մարդ երևալու համար. «Է՛յ պապի, կանչեց, այս ջվալը որ շալակես տանես, աղան ժամուցդ ինչ որ որ է` կտա. քառորդ ժամվա մեջ կգնաս էլ, կգաս էլ, այն ինչ է որ, երկու քայլ տեղ էայդ ընթացքում քանի՞ կոպեկ պիտի մուրաս որ դռնեդուռ քայլելով»:

Այդ էլ սուտ չէ՛, — ասաց այդ պապին, արագ մոտենալով, — բեր, հայդե տանեմ:

Ես առջև ընկա, պապին էլ գնած բաներս շալակը առած, հևալեն-հևալեն ետևիցս գալիս էր:

Ողորմելին շատ ծեր էր, զոռով էր կարողանում ոտքերը շարժել, օրն էլ այնպես տաք էր որ, ադամմերկ տկլորվեիր էլ, էլի վրայիցդ հեղեղի պես քրտինքը կվազեր, բայց դու արի նայե, որ այս մեր մարդու մեջքին հաստ մահուդից, երկար փեշերով, ծանր խալաթ կար, գլխին էլ հազար տեղ ծակած, ծակծկած մորթուց գդակ:

Երեսի ու ձեռքերի գույնը հեչ ադամորդու մսի գույն չէր. սև ասես` սև չէր, դեղին ասես` դեղին չէր, կարմիր ասես` կարմիր էլ չէր, իսկական հին այրած դաբանի կաշի: Թոզը ու քրտինքը սկզբից շաղախվել էին, հետո էլ չորացել էին ողորմելիի մսի վրա, այդպես էլ շերտ-շերտ մնացել էին. տեսնես այդ մարդու մարմինը մի օր ջրի ու սապոնի երես տեսե՞լ է, կասկածելի էր: Մեղայաստծու, մեղա՛, գայլի առջևը գցեիր այդ թշվառին, ախաչը, դունչը կդարձներ, կզզվեր իրեն չար գայլ հալովը: Այնչափ զզվելի աղքատությունհեռու տնից տեղիցկյանքիս մեջ առաջին անգամ տեսածս էր. մազն էլ այնպես ճերմակ էր, որ ես դեռ այդպիսի ճերմակ մազ հանդիպած չէի: Բայց ավելի զարմանալուն այս էր. ատամները սափ-սաղ, մի հատ փտած կամ կոտրած, կամ թափած ատամ չկար բերանում, այնպես էլ մաքուր ու սպիտակ, որ իսկական փղոսկրից շինած, աչքերն էլ այնքան ցոլուն, որ հիմիկվա տասնութ կամ քսան տարեկան, Մոսկովի ու Ռոստովի սագի համը առած մեր ջահելները, Աստված համբերություն տա նրանց հարսներին, մեր ջահելները, ասում եմ, որ տեսնեին, Աստված վկա, կնախանձեին, կարծես թե միջից կայծ ու կայծակ էր թափում: Առաջվա մարդկանց, ինչ սուտ ասեմ, չեմ տեսել, բայց հիմիկվա ժամանակ, քիչ կտեսնես ցոլուն, կրակոտ աչքեր:

Բազարից որ դուրս եկանք, ուղիղ դեպի վար իջանք, մագիստրատի կողմից անցնելու ժամանակ, երբ որ դումին67այն Մառեա Կոռովնայի տունը չկա՞, որ հասանք, այդ պապին կանգնեց այն փոս-փոս, քանդված, տեղ-տեղ էլ բոլորովին կործանված խանութների դիմացը ձեռքը երկարացրեց այդ քանդվածներին ու սրտից խորունկ ա՛խ քաշելով` ասաց.

Այս փոսերը, այս փշրված քիրամիտներն ու աղյուսները տեսնո՞ւմ ես, հա՛յ վախ, ժամանակով այս տեղերում ես էլ մի հատ խանութ ունեի ինձ համար, բայց...

Դու ի՞նչ ապրանքով էիր առևտուր անում, — հարցրի:

Ես առևտուր չէի անում, — ասաց պապին, — իմ արհեստը անագագործություն էր, այս տեղում, որ ասում եմ, մի հատ այսչափ խանութ ունեի, մուշտարիներս այնքան շատ էին, որ դեմս չորս-հինգ վարձով մարդ էի բանեցնում. որ ուզենում էի ինքս էլ էի բանում, չէ՛, չէի ուզենում` գնում էի տունս, աղավարի սամովար էի դնել տալիս, արքայություն պե՞տք էր որ... Դու ի՞նչ ես ասո՛ւմ, թագավորի պես մի բան էիսրա վրա էի կանչկռտում, նրա վրա էի բարկանում, մոտիս մարդիկը, ընտանիքս, բոլորը տիրի՛լ-տիրի՛լ դողում էին ինձնից... հայ վա՛խ... այն կրակը տեսա՛ր ամբողջ ունեցած-չունեցածիցս բաժանեց ինձ ու այս դրության հասցրեց...

Ինչպե՞ս եղավ, որ խանութդ այրվեց, — հարցրի:

Մենակ ի՞մս այրվեց, ինչ է... այս երկար-երկար քոնթոռ-մոնթոռ տեղերը, փոսերը, քիրամիտի, քարի ու աղյուսի կտորտանքները տեսնո՞ւմ ես, Խաչատուր աղայի սրճատնից բռնած մինչև այն մի հատ աղյուսե ամբարը որ կա, այս ամբողջ տեղը կողք կողքի տեսակ-տեսակ խանութներ էին, բոլորն էլ այրվեցին, բոլորի տերերն էլ ինձ պես այսօր ունևոր պառկեցին, վաղը անկողիններից չունևոր վեր կացան... Ա՛խ վախ, գալիք էր, էլի՛ եկավ գլխներիս...

Ինչպե՞ս եղավ, որ այդքան հարստությունը, ապրանքը միանգամից վառվեց. կարծես թե հավատալն էլ դժվար է, որ ահագին քաղաքը այրվի ու մի դուռ չգտնեն ժողովրդի դարդին դարման անելու. այդ ինչպե՞ս է եղել այդ, խելքս չի հասնում, բանի մեջ չարություն չկա՞ր արդյոք...

Ո՞վ է իմանում, սիրեկանս, ժողովուրդը ասում է, սուտը, ղորթը Աստված գիտի, ժողովուրդը ասում է, թե հարամիները դիտմամբ կրակ են տվել, որ հրհրուքի, խառնակության ժամանակ քաղաքը թալանեն. այդ գիշերն էլ թուլումբայի ձիերն էլ գողանում են, փախցնում. հետո՞, խելքդ ինչպե՞ս է կտրում, իհարկե դիտմամբ արածի է նմանում... Ուրեմն մի կոպեկի խավն ու քիփրիտը, այն ժամանակները դեռ սեռնիք68 չգիտեր ժողովուրդը, հարյուրավոր մարդու ունեցվածքից ու հարստությունից բաժանեց ու ինձ նման չոր հաց ու մի ժանգոտած գրոշ մուրող դարձրեց:

Հետո՞, մեկ էլ անագագործությունդ ձեռք չվերցրի՞ր, ինչ է, — հարցրի:

Չէ՛, այն էր որ վերջ տվի քսանհինգ-երեսուն տարվա արհեստս. անխելքություն, էլի, պարզ չէ՞ որ: Մենք, հայերս, գիտե՞ս, դավանանքով քրիստոնյա ենք, բայց կռապաշտի հավատից էլ մի քիչ բան պահել ենք: Ինչ բան կուզի սկսենք, եթե իսկույն այն ժամին չկարողացանք, անհաջողակ է, ասում ենք ու նստում մի կողմ: Հիմիկվա խելքս այն ժամանակ որ ունենայի, ես այս օրիս չէի հասնի: Բայց ի՞նչ անես, որ անհավատ տաճիկը վաղուց մեզ համար ասել է. «Աչքը սիրեմ հայի վերջի խելքի»:

Հրդեհի մյուս օրը, ուստաբաշիին վերցրինք, գնացինք Խ. Մաթիյոսին, որովհետև գոլովաներս չարհոգի մարդ էր. ռանչպար աղքատին օգնության հասնելու տեղ, դեռ ջանք էր դնում վերջին շապիկն էլ կռնակից քաշել հանելու, դրա համար նրան չգնացինք, Մաթիյոսային գնացինք. «Աղա՛, ասինք, այսպես-այսպես բան է, ասինք, վերը Աստված, վարը դու. իհարկե, գիտենք, դու գոլովա չես, դատավոր չես, այնքան էլ շատ հարուստներից էլ չես, բայց լսել ենք, որ մեզ պես աղքատների տերն ու տիրականն ես. ով գիտենա, չգիտենա, բայց դու լավ գիտես, որ մենք խազնա չունենք, մեզ ուտեցնողը, խմացնողը, վրաներս-գլուխներս անողը, մեր ընտանիքը պատվով ու նամուսով պահողը մեր արհեստն էր. մեր խանութները, արհեստներիս գործիքները այրվեցին, սրանից հետո ի՞նչ կլինի մեր հալը», — ասինք:

Մաթիյոս-ան էլԱստված ողորմի հոգուն` «որ խանութներդ այրվեցին, ձեռքներդ, գլուխներդ էլ չայրվեցի՞ն հո, ասաց. հե՛չ հոգ չանե՛ք, այդ դուք մեր եղբայրը չե՞ք, ինչ է, ասաց, մեր հասարակի մարդ չե՞ք, ինչ է, մեր հավատակից, Լուսավորիչ պապիի զավակը չե՞ք, ինչ է, խանութներդ թող էրվի, էլի, նորերը սարքելը դժվա՞ր բան է, ինչ է: Չլինի որ թերահավատվեք, վերջներդ էլ թող չլինի. Աստծով էլի կսկսեք ձեր առաջվա արհեստը. շատ-շատ մի քանի շաբաթ պարապ պիտի մնաք. դրա վերջը մարդագլուխ տասնհինգ ռուբլի չէ՞ որ, երբեք դրա դարդը չանեք: Մարդ ենք, աշխարհ է, ամեն բան էլ կպատահի. դուք սրտներդ ամուր պահեցեք, ջուրը ընկածի պես չլինի որ սարսաղանաք. վերը ողորմած Աստված կա, վարը հոգեսեր մարդիկ կան. գնացե՛ք ընտանիքներիդ ուժ ու սիրտ տվե՛ք, ես էլ այս օրերս իմ շրջանի մարդկանց հետ կտեսնվեմ, կխոսեմ, կարող է գարադանաչալնիկին69 էլ պետք գա խնդրելու, որ խազնայից, ինչքան որ լինի, օգնություն հասցնի»:

Մեռնեմ բերնիդ, Մաթիյոս-ա, Աստված լուս կաթեցնի գերեզմանիդ վրա, բայց այն ժամանակ քու գինը չիմացանք... Ես էլ վեր կացա, որովհետև արհեստակիցներիս մեջ ամենախելոքն ու լեզվանին էի համարվում. «Աղա՛, ասի, քեզ մի բան ասե՞մ, ասի, այդ հրդեհը որ կա, Աստված է ղրկել հո. երբ որ ողորմած Տերս կամեցած չէ՛, որ մենք մեր ձեռքի արհեստից հաց ուտենք, մենք կարո՞ղ ենք նրա կամքին թարս գնալ. խոսքի վրա ես` անագագործ եմ, մյուսը դարբին է, էն մյուսն էլ աթթար է, երբ որ Աստված ամենակարողս չուզեց, որ ես իմ անագագործությունով հաց ուտեմ, կամ ուրիշը` աթթարնոցի առևտուրից, ուզած-չուզած, մենք էլ արհեստներիցս պիտի հրաժարվենք, որովհետև ինչ որ ադամորդուս աշխարհք եկած օրը ճակատին գրած է, այն էլ պիտի լինի: Իհարկե, կարդացած էլ որ չլինես, լսած կլինես ևս, որ «Երկինք ու երկիր անցին և բանք իմ մի անցին», — ասած է սաղմոսի մեջ. այսինքն` ինչ որ մի անգամ ասել եմ, լավ վատ, այն էլ պիտի լինի, ուզում է երկինք ու գետին տակնուվրա թող գա»:

Ասի ու հպարտանալով ընկերներիս վրա նայեցի, իբր թե. «աղքատ էլ որ լինեմ, տեսա՞ք, ինչպե՞ս խելոք պատասխան տվի այս հարուստ աղային, առանց պարան կապեցի»:

Մարդը չկարողացավ խոսքիս դարձը տալ, վրայից հայտնի էր, որ մի բան է ուզում ասել, բայց սուս մնաց, այնքան, որ քիթը-բերանը ծռմռեց, շատ չհավանեց ասածիս. մի քիչ հետո. «Լա՛վ, ասաց, ես իմ գլխու բան չեմ սկսի, մի քանի աղաների հետ կխոսեմ. երևի դրա մի ձևը կգտնենք. բայց ինչ որ սկզբում ասել էի, դուք մի լավ միտք արեք, գուցե չեք փոշմանի»:

Ես արդեն սիրտ էի առել, աներեսացել էի. ինչպես որ ասում են` «Կատուն առաջ պետք էր պատռել», — հիմա ուշ էր: Մաթիյոս-ան փափուկ մարդ լինելով, ես նրա ատամները վաղուց էի համբրել: Մենք, հասարակ հայերս, միշտ սարթ մարդուց ահ ունենք, փափուկ մարդ որ հանդիպեցինք, աշխատում ենք ծոծրակին հեծնել...

Աղա՛, — ասի, — այն քու ասածդ դատարկ բան է. մեկ էլ ո՞ր խևը անհաջող, հին արհեստին ձեռք պիտի զարկի. մենք Աստված չե՞նք ճանաչում, ի՞նչ է, նրա դավանանքը չե՞նք պաշտում, ի՞նչ է. մեզ խելքի բերելու համար սկզբից նա մեր խանութները այրեց. նրա կամքին հակառակ գնանք ու պատժած արհեստին նոր-նորից ձեռք որ զարկենք, գուցե մեզ էլ ամբողջովին այրի»: Ասի ու նորից արհեստակիցներիս վրա նայեցի, ողորմելիների երեսների գույնը իսկական մեռելի գույն էր եղել վախերից: Այ այդպես օձի լեզու ունեի, խելքով էլ որ շատ հարուստ չլինեի:

Ի բնե մեր ժողովրդի մեջ նկատված է, որ մարդ ինչքան ուզում է խելոք, լավություն կամեցող, ուրիշին սրտացավ լինի, բերանը` լեզու, բնավորությունը անպատկառ, եթե չեղավ, բան չի կարող անել: Մեր քաղաքը հոլի պես պտտողները առաջ էլ, հիմա էլ մի քանի անամոթ, անօրենք, հաստագլուխ, բայց լեզվից ճարտար մարդիկ են: Ես էլ հենց այդպիսիներից էի իմ կարգի մարդկանց մեջ: Լավ որ այդ ճարտար լեզվիս ու անամոթ բնավորությանս հետ Աստված ինձ խազնա չէր տվել, թե չէ Արութին-այի պես ամբողջ քաղաքը քար ու քանդ կանեի. շեն տները ավերակ կդարձնեի, որբի ու անտեր որբևայրիի հավիտենական լաց ու արտասուքի պատճառ կլինեի: Լսե՞լ ես, մի խոսք կա` «հարու տվող կովի կոտոշները միշտ կտրած է լինում», — ես էլ ճիշտ այդպես էի:

Աղայի մոտից դուրս եկանք, գնացինք հրդեհի տեղը: Տեղ-տեղ դեռ այրվում էր, տեղ-տեղ էլ խանութների տանիքը ու առաստաղը քանդվել էին, կիտվել գետնին ու տակից գերանները մխում էին: Խանութների տերերը իրենց կանանցով, երեխաներով եկել էին ու լաց լինելով տաք մոխիրն էին քրքրում, որ գոնե մեխերը ու երկաթները փրկեն: Ես էլ իմ խանութի առջևը ապուշի պես կանգնել, նայում եմ:

Մեկ էլ տեսա մեկը եկավ, ձեռքը ուսիս վրա դրեց, ետ դառնամ տեսնեմ` Մաթիյոս-ան է:

Տո՛, Ասվատո՛ւր, — ասաց, — արի գնանք, քեզ բան պիտի ասեմ, — ասաց, — Աստված օղորմի հոգուն:

Ասելիքդ ինչ որ է, ասա, էլի՛, — ասի երես առած երեխայի պես նազ անելով:

Այստեղ մարդիկ կան, կլսեն, — ասաց Մաթիյոս-ան, արի՛ գնանք Լուսավորչի բակը. ազատ տեղ կանգնենք, քեզ գաղտուկ բան պիտի ասեմ, ասաց անուշ ձայնով, Աստված օղորմի հոգուն, պարզ էր որ սիրտս շահել էր ուզում:

Զրույց անելով մենք արդեն տուն էինք հասել. ես նստեցի աստիճանի վրա, ուռիների շվաքին. Ասվատուրը գլուխը բաց, առջևս կանգնած, ցուպի վրա հենված իր նաղլն էր անում: Մեր տեղի օրենքով աղա մարդը իրեն ծանդր պահել պիտի գիտենա այդպիսի ռանչպարների դիմաց, որ նրանք երես չթռնեն, իրենց չափը ճանաչեն ու մեծերիս պատիվը ոտքի տակ չառնեն: Այդպիսով որ ինքդ քո աղայությունդ չպահես, հապա ինչո՞վ պիտի հիշվես: Խելքո՞վ որ, ուսումո՞վ, գիտությունո՞վ որ, աստիճանո՞վ որ: Գիտե՞ս ևս, մեր տեղի ժողովուրդը բոլորը մի աստիճանի մարդիկ են, այնքան որ Սեղպոսը, Կիրակոսը գաղտնիքն ու ձևը գտել են հազարներ ձեռք գցելու, Դանիելը-Մանիելը դեռ չեն գտել, թե չէ իշխանի ու ռանչպարի, աղայի ու մշակի տարբերությունը շատ մեծ չէ...ինչ որ է:

Ասվատուրը նորից սկսեց իրեն նաղլը:

Երբ որ որ ժամի բակը գնացինք ու մեզ համար ազատ տեղ կանգնեցինք, Մաթիյոս-ան, լուս կաթի գերեզմանին, ասաց ինձ.

Տո՛, Ասվատուր, հենց նոր ես նկատեցի, որ արհեստակիցներդ քո ջրով են գնում, այսինքն խոսքիդ լսում են, հավատում ու այնպես էլ անում. դրա համար ես դիտմամբ եկել եմ քեզ հետ այգի` խոսելու, որ հետո դու ինձանից լսածդ աշխատես ընկերներիդ ուղեղը մտցնել: Տե՛ս, բալաս, չլինի որ արհեստներիցդ հրաժարվեք ու ուրիշ բանի ձեռք զարկեք: Դուք պստիկ երեխաներ չեք, մեկ էլ ե՞րբ նոր արհեստ կամ նոր առևտուր պիտի սկսեք: Մեկ էլ որ, չորս, հինգ տարուց հետո իսկապես որ սովորեք մի ուրիշ, նոր արհեստ, բայց այդ ընթացքում ձեր տուն-տեղը ո՞վ պիտի կառավարի, ձեր բողազը ո՞վ պիտի նայի, ո՞վ պիտի անի ձեր վրա-գլուխը, նոր առևտրի համար ձեզ ո՞վ դրամագլուխ պիտի տա: Ինչ որ որ ասում եմ, ականջներիդ օղ արեք: Երբե՛ք, Ասվատուր, ձեռներիդ արհեստից չհրաժարվեք, չտեսնեմ, չլսեմ, որ այդ խենթությունը անեք: Թե չէ, մեկ օր, այս մուրացկանին տեսնո՞ւմ ես, — ասաց, — դրանից բեթար կլինեք:

Վա՛խ, վա՛խ, շուտ կատարվեց օղորմած հոգիի ասածը: Սուտ չէ՛, ղորթ է, ասաց Մաթիյոս-ան, ձեր արհեստը հիմա այնքան չի վաստակեցնում ձեզ, ինչպես որ առաջվա ժամանակները, բայց դրա մեղքն էլ ձերն է, որովհետև աշխարհքս քանի գնում լուսավորվում է, իսկ դուք էլի աթադան-պապադան սովորած արհեստը մի աստիճան առաջ չեք տանում. ինչպես որ մեր պապերը հարյուր, երկուհարյուր, գուցե չորսհարյուր էլ տարի առաջ անում էին, դուք էլի այն ձևով, այն ղալիպով եք բանում, բայց մի աչքներդ չորս կողմ դարձրեք, մի նայեցե՛ք ուրիշ քաղաքներին, օտար ազգերը ձեզնից մի քիչ օգուտով չե՞ն անում արդյոք, նրանցից քիչ-միչ բան սովորելու չունե՞ք արդյոք, այդպես է, այդպես, ձեր ձեռքի արհեստից հրաժարվելու տեղը մի քիչ լրացրեք, կարգի բերեք, նոր մարդկանց, նոր աշխարհի վարքով որ անեք, իհարկե ձեր ձեռքի շնորհքից առած շահը մեկին-մեկ կլինի, գուցե ավելի էլ: Ես, տե՛ս, ինչպես լավ բան եմ միտք արել. մարդկանց տունս պիտի կանչեմ, նրանց հասկացնեմ, որ քաղաքիս շահից չորս-հինգ օգտակար արհեստների վարպետներ, նեմցե70, կամ ֆրանցուզ մեր տեղը բերել տանք, որ հայ էսնաֆը նրանցից բան սովորի. երբ որ քաղաքը չէ՛, մէ՛, ասելու լինի, ես իմ քսակից էլ կանեմ այդ լավությունը: , Դու, գուցե լսած կլինես, որ ես միայն մի հատիկ տղա զավակ ունեմ, այն էլ այսօր` առողջ, վաղը հիվանդ է. ես ինքս ինձ ուխտ եմ արել, երբ որ այդ մի հատիկ, աչքիս լույսի պես տղաս Աստված որ ինձ բախշի, սուրբ Հակոբի անունով մի պստլիկ ժամ շինեմ. բայց հետո միտք արի, որ մեր հայի հոգին արքայություն տանելու համար վեց ժամով մի վանքն էլ կբավարարի. ավելի լավ է, որ մեկ այնպես հիշատակ թողնեմ ազգիս մեջ, որ նրան հավիտենական մի դիլիմ հացի տեր անի. շատ միտք արի, վերջը-վերջը այդ մտքի վրա դադարեցի: Տե՛ս, Ասվատո՛ւր, այս ինձանից լսածդ խելքիդ մեջ տեղ թող անի. ես ձեզ դուշման չեմ, ես ձեր լավությունն եմ ուզում: Ինձ ի՞նչ շահ ձեր աղքատ, քամբախ լինելուց, բայց ձեր լավ օրեր վայելածը ինձ մխիթարություն կլինի այս ու անդի աշխարհի կյանքի մեջ: Դու լսած չե՞ս, մենք պապենական մի խելոք խոսք ունենք` «արհեստ ասած բանդ ոսկի ապարանջան է». ով որ այդ ապարանջանը ունի ձեռքին, կյանքը քաղցած, դուռ-դրացիի ողորմությանը չի մնա: Պատահում է, որ փող ունես ու հարուստ ես, բայց մեկ էլ տեսար, կամ մարդիկ կերան, կամ գող-հարամիները տունդ մտան, գողացան, մնացիր աղքատ: Պատահում է, առևտրական ես, ապրանք ունես, քեզ համար առևտուր ես անում, մեկ էլ տեսնես, Աստված հեռու տանի, խանութդ կամ ամբարդ կրակ է ընկնում, ոչնչանում. երեկվա իշխանդ այսօր տնով-տեղով մի դիլիմ չոր հացի կարոտ է լինում: Բայց, արհեստավոր մարդը քիչը քչից, շատը շատից տարին տարեկան ունի իրեն ապրելու չափ կարողություն: Իսկ երբ որ ձեռքիդ արհեստը չէ-չէ, հինգ-տասը տարին մի անգամ աշխարհիս պահանջմունքի համեմատ շուռ տաս, այն ժամանակ դու տես հավ ու հնդուհավ ուտելիքը, մերսինի ու աթեռլեթի լավագույն տեսակները քո՞ւ սեղանի վրա կգա, թե՞ այն օտարի տունը շինող, իրեն հիմքերը քանդող վաճառականի:

Տե՛ս, դու քսանհինգ-երեսուն տարի է անագագործություն ես անում, բայց մի օր ասե՞լ ես թե «արի սամովար էլ շինեմ, կամ էլի այն թիթեղից կամ մի ուրիշ ձևի բանից չայնիկներ շինեմ». ֆառֆուռի, կամ ֆայանսի ամանները ի բնե կոտրվող է, քանի գնում է մոդից ընկնում է. աչքը սիրեմ այդ շնորհքով նեմցե-ֆռանցուզին, իրենք մեզ պես չայի, փունջի այնքան էլ հավես չեն, բայց մեր սամովարի ու չայնիկի լավերը նրանք են շինում ու կրակի գնով մեզ ծախում: Ի՞նչ կլիներ որ մեր արհեստավորները հոգ տանեին, որ մեր քաղաքը դրսից քիչ ապրանք մտներ. երբոր ձեռքերից գար, իրենց ձեռքի ապրանքը տանեին օտար քաղաքներ: Դեռ էլի, այդ ոտնաման կարողը, այդ մարդը հեչ չի՞ նկատում, որ ժողովուրդը քանի գնում հրաժարվում է ոտնամանից և կալոշին է անցնում. ճիշտն ասած ո՞ր խևը սիրուն կալոշը կթողնի ու այդ այլանդակ ոտնամանները ոտը կանցկացնի: Իբր թե ի՞նչ դժվար բան է ոտնաման կարողի համար կամաց-կամաց ոտնամանից հրաժարվել ու կալոշ կարելը սովորություն անել. ձևելը, կարելը նրա համար նոր արհեստ ևս չէ՞ր. այնքան որ ղալիպը ու ձևը մի քիչ պիտի փոխի... Այդպես էլ մյուս արհեստները:

Շատ այսպես օգտակար, խելոք ու խելքի պառկելու բաներ ասաց օղորմած հոգի Մաթիյոս-ան. ես որը լսում էի, որը ականջիս կողքից բաց էի թողնում, վերջը-վերջը ձանձրացա ու սկսեցի ամուր-ամուր հորանջել... Մեկ էլ ի՞նչ անեմ որ լավ կլինի... երեսս պնդացրի ու այդ անուշ խոսքերի պատասխանը դյուփ դյուզ ասի:

Следующая страница