Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Աղա՛, ես քեզ մի բան ասե՞մ, — ասի, — խելքս, փառք Աստծո, քունից պակաս չէ, եթե ավելի չլինի, լեզվիս կողմից էլ քեզնից վեր չլինեմ, վար չեմ, ի՞նչ ես այդ դատարկ խոսակցություններովդ մարդու գլուխ հոտացնում. իմ դարդը ինձ բավական չէ՞, որ դու էլ քո անօգուտ խոսակցություններովդ մարդու սիրտ ես մխկտեցնում. խրատ տալուց հեշտ բան կա՞ աշխարհիս երեսին, եթե լավ մարդ ես, դու ինձ մի այնպիսի լավություն արա, որ ես էլ մի օր անունդ հիշեմ ու դու որ շատ ապրիս լինես71, օղորմիս տամ հոգուդ:

Խեղճ մարդը ամոթով մնաց. հեչ մտքով չէր անցկացնի, որ ինձ պես սրիկայի զավակից այդպիսի անամոթ խոսք լսի:

Է՛, ի՞նչ լավություն ես ուզում որ անեի, — ասաց ձայնը փորից հանելով:

Հարուստ մարդ ես, — ասի, — ի՞նչ կլիներ մի հիսուն, վաթսուն մանեթ տայիր, գնայի ինձ համար մի առևտուր սկսեի, դու որտեղի՞ց գիտես, գուցե թե ղսմեթս առևտուրից է. որ իշխան ես գլխներիս վրա Աստված չեղա՞ր հո, քիչ մարդ, այստեղ նայի, քառասուն-հիսուն մանեթով սկսել է ու այսօրվա օրս աղյուսե տան տեր է եղել... բայց, մի արհեստավոր մարդ տեսե՞լ ես, որ լուսե լուս աշխատելուց հետո, հաց ունենա, աղը չպակասի, կապան, որ նոր լինի վարտիքը չլուտ չլինի...

Հա՛յ ես քու աչքիդ թքեմ, հիմար եղածովդ, — ասաց Մաթիյոս-ան, — ես կարծում էի, թե ուսիդ վրա գլուխ կա, մի ասիլ որ դդում է եղել...

Ասաց ու ծոցից բումաժնիկը հանեց, սկսեց համրել. որ համրեց մի կապոց ացինացի շպրտեց երեսիս. որ տուն գնացի համրեցի, ուղիղ երկու հարյուր ռուբլի էր:

Ա՛ռ քեզ, հարամ սատկելու, — ասաց, — ամա խոսքս չմոռանաս, այս փողը չիմանաս որ մուրազիդ պիտի հասցնի, այս ացինացիները քեզ համար կլինի այն տոպրակը, որ մուրացկանները շալակները առած, բերանները օրհնելով, սրտով անիծելով դռնեդուռ են քայլում:

Ասաց, թքեց ու գնաց:

Այն օրը մտքիս մեջ շատ եմ ծիծաղել Մաթիյոս-այի վրա. բայց այն մեկ-երկու ժամվա ծիծաղելս, ահա քառասուն տարի է անում, ամեն օր, ամեն ժամ, արուն-արտասուքով լվանում եմ, բայց խղճմտանքս դեռ մաքրել չեմ կարողանում: Նրա վերջին խոսքերը, մինչև այս օրս, ականջիս մեջ ժո՛ւվ-ժո՛ւվ լսվում է:

Հա՛յ վախ. հայի խևությունը հազար տեսակ է լինում, դու մի ասի:

Այն երկու հարյուր ռուբլին շատ չգնաց: Ձմեռվանից գարուն դուրս որ եկանք` ձկի առևտուր սկսեցի: Այն տարին բռնված ձկան հաշիվը չկար. գինն էլ այնպես էժան էր, որ ձրի տվածի պես բան էր: Առևտրի մեջ դեռ անփորձ էի:

Օրերը դեռ տաքացած չէին, ասել է` վախ չկար, հանդիպած ապրանքը մի ծայրից առնում էի ու ձուկի չանաները լցնում. երբ որ բավական հավաքեցի, տարա բազար, տեսնեմ ինձանից բացի էլի շատ մարդիկ բերել էին ձուկ. սկզբից գինը ամուր բռնել եմ, մյուսները էժան-էժան տվին պակսեցին-գնացին. իմ ուզածն էլ այդ էր` «դե՛, հարմար ժամանակը գտա», — ասում եմ մտքիս մեջ, բայց ծախողները նորից ետ եկան նոր ապրանքով, ես փստ մնացի. հիմա ես համաձայն եմ պզտի վաստակով տալ ապրանքս, բայց առնող չկա, որովհետև ձուկս մի քիչ սկսել էր ծանր հոտ արձակել: Վրայից տասը-տասնհինգ կոպեկ կտրում եմ, էլի չեն առնում, մուշտարին ձկի էժանը չի ուզում, թարմն է ուզում, որովհետև հարամ սատկելու հեքիմները ասել են, թե հոտած ձուկը ամենաթունդ թույնն է: Ձուկն էլ մի ծայրից էժանանալու վրա է, ինչ գին որ մեկ շաբաթ առաջ տասը հատին էին տալիս, նա հիմա հարյուրին են տալիս, համա էլի առնողը քիչ է: Ընկերներս տեսան, որ ձուկը ձեռքերին պիտի մնա ու պիտի կորչի, շուտ շուտ աղեցին, բայց ես այդ էլ չկարողացա անել, որովհետև ամբողջ դրամագլուխս ձկան վրա էի պառկեցրել, աղի համար մի կոպեկ առած մնացած չէի. ո՞ւմ մտքից կանցներ, որ զոռի պիտի գամ, պիտի աղեմ: Հիմա ես ի՞նչ անեմ այսքան շատ ձուկը. «Եկ, ասի, տանեմ Քիրման, ինչ լինելու է թող լինի»: Տարա: Տեսնեմ, այնտեղի բազարը մերից էլ ավելի ձկով լիքն է ու գինն էլ այնպես էժան, որ երևի ձկնավաճառը մշակի գինը զոռով հաներ այն տարին: Երկու օր Քիրմանում մնացի, չանաներս ինչպես որ լիք-լիք բերել էի, այնպես էլ լիքը մնաց, վրայից մի հատիկ բան չկարողացա ծախել: Օրերն էլ այդ արանքում տաքացան: Ապրանքս սկսեց ուժեղ հոտել, ամբողջ բազարը լեշի հոտ փռվեց. բազարբաշիները եկան սրա-նրա չանան հոտոտեցին բան չգտան, երբ որ իմին մոտեցան, քթները բռնած փախան: Իսկույն ձիավոր կոզակներ եկան, ձիերիս պա՛ս մտրակը, պա՛ս մտրակը, իմ կռնակին էլ մի-երկու հասցրին, այսպես անբավականությունով ճամփա դրին, բազարի մարդիկն էլ սկսեցին, աղբերս, վրաս ծիծաղել. ազգներիս վրա էլ ավել-պակաս անպատիվ խոսքեր ասին: Այդ հո այդպես, դեռ օձիքիցս պոկ չեկան, դիտմամբ հետս մարդ տվին, որ չլինի թե այս հոտած ձուկը միամիտ մարդ գտնեմ ու գլխին փաթաթեմ: Հետս տված մարդուն պատվիրված էր, որ տանեմ չոլը, մի խորունկ փոս փորել տամ ու թափեմ, հետո հողը նորից տեղը լցնեմ:

Ջեբս կոպեկ դրամ չունեի, ամբողջ դրամագլուխս այդ հոտած ձուկն էր. ես հիմա ի՞նչ փողով մշակներ բռնեմ. ճարս կտրած այստեղ, այնտեղ աղաչելով հազիվ մի բահ գտա, սկսեցի, ջանս, փորել գետինը: Կհավատա՞ս, այդ փոսի վրա օր ու կես չարչարվեցի, հազիվ կարողացա այդ հոտած ապրանքից գլուխս ազատել:

Այսպիսով, շաբաթ, շաբաթուկեսվա մեջ երկու հարյուր ռուբլիս կորավ:

Այլևս լուս-ցերեկով մարդկանց աչքին չէի երևում, որ վրաս չծիծաղեն. մութ որ լինում էր, գողի պես տնիցս դուրս էի գալիս: Այսպիսով մեկ ամիս անցավ: Կինս, ամեն բան ծախել-ծախծխելուց հետո, իրեն ղութում պահած դեյրան գրավ էր դրել, դրանից առած փողն էլ թիփ-թեմիզ կերել էինք, քոշա-պուճախ հեչ բան չէր մնացել, քլունգից, փուռի թիակից բացի ծախել էինք, կերել էինք: Օրուկես բերանս փշրանք բան դրած չէի: Տնից դուրս եկա, գետափ գնացի, ինքս էլ չգիտեմ ինչու:

Ուշ ժամանակ որ ետ եկա, տեսնեմ երեխաներս, ձեռքներին մի-մի կտոր բազարի հաց, վրան էլ որը պանիր, որը երշիկ դրել ուտում է: «Լսի՛ր, Ծուպուկ, — ասում եմ, — փողը որտեղի՞ց գտար», — ասում եմ: «Հոռոմսիման տվեց», — ասում է: Հոռոմսիման` որբևայրի, անունը կոտրած, պառավ կին էր: Կասկածեցի, բայց կհամարձակվեի բերանս բացել, փորս այնպես քաղցած էր որ այն հեքիաթի սատանան գար «հոգիդ ծախի՛ր», որ ասեր, պիտի ծախեի:

Ի՞նչ խոսքս երկարացնեմ. այն օրից սկսած այդ հարած-վարած Հոռոմսիման րոպեն մեկ տունս էր մտնում դուրս գալիս, նշանածիս էլ օրը մեկ, երկու, այնպես էլ լինում էր որ, օրը չորս հինգ անգամ հետը տանում էր ու ժամերով առնում մնում: Հարևաններիս մեջ իրարանցում է ընկնում, բայց ես սուտ չիմացողս եմ լինում: Այդ ընթացքում ես էլ թունդ խումի զարկվեցի: Մի օր Հոռոմսիման էլի ներս մտավ, ես էլ նոր մեկ շիշը դատարկել եմ, երկրորդն եմ սկսում: «Ո՞ւմ ես ուզում, ասում եմ»: «Ում որ որ ուզում եմ նա գիտի», — ասում է շան կաթ կերածը: Կատաղեցի: Միանգամից տեղիցս վեր կացա, անկյունը վազեցի, որ փայտս առնեմ ու այդ առասպելի գլուխը փորից կակուղ անեմ, բայց կինը զը՛վ արավ, փախավ: Խոհանոց գնացի. կինս այնտեղ էր. տեսնեմ խոհանոցի մեջտեղը ցածրիկ սեղանն էր դրված, վրան մի կտոր միս, կողքին էլ մեծ դանակը ածելիի պես սրած: Աչքս մութ կոխեց......

Հարցնողին ասի, թե սայթաքել է, դանակի վրան է ընկել:

Մյուս օրը սև հողը դրի անբախտ կնոջս, հետը ութ տարի հաց ուտելուցս հետո:

Կինս բավական բան էր հավաքել, սկսեցի նորից ծախել ու այդպիսով էլի երկու-երեք շաբաթ յոլա գնացինք, բայց նորից չունեմությունը զոռ արավ: Երկու օրվա մեջ չորս զավակսերեք տղաս, մեկ աղջիկսիրար ետևից ընկան մեռան, որ ասեմ ինչի՞ց` չես հավատաքաղցածությունից. խեղճերը երեք օր բերանները հացի փշրանք դրած չէին. ողորմելիները այնպես էլ ամոթով էին, որ մեռան, բայց հարևաններին չիմացրին, թե քաղցած են...

Մի օր դուրս եկա բազար ու այն կշեռքի մոտ կանգնեցի: Մի ջրհոր փորող եկավ առջևս. «Ի՞նչ ես պարապ բոշ մնացել, ասաց, փա՛ռք Աստծու, ձեռք-ոտք ունես. ամոթ չէ՞ մի չոր գլուխդ պահել չես կարողանում: Քայլի՛ր, գնանք, ես մի ջրհոր եմ վերցրել փորելու, արի օգնի, այն հեշտ արհեստ է. սովորել չի ուզում, բան չի ուզում, մեջքումդ ուժ ունես` եղավ գնաց. օրը երեսուն կոպեկ վարձդ կլինի»: Համաձայնեցի, գնացինք, սկսեցի բանել, փոսը բոլորովին վերջացրինք, ջրի տամարին հասանք, մնաց քար բռնելը, բայց դրան արժանի չեղա: Երբոր որ սկսեցին վերևից զամբյուղով քարերը ջրհորի մեջ թափել, ես մեջն էիթե՞ պարանն էր փտած, թե՞ մաշվել էր, չգիտեմ, մեկ էլ տեսնես կտրվեց ու քարերով լիքը զամբյուղը փոթյուռ-քյոթուռ վար ընկավ. մի ահագին քար գլխիս կպավ... էլ միտքս չի: Երկու-երեք օրից աչքս բացի: Այդ օրվանից սախաթվեցի ու անկյալ եղա: Դրանից հետո, ահա քառասուն տարի է անում, իրիկուն, առավոտ ժամերի դուռն եմ կանգնում, ժամը արձակվելուց հետո` դռնե դուռ եմ մուրում: Այն ժամանակմիտքս է ընկնում Մաթիյոս-այի խոսքը թե. «մուրացկանից բեթար կլինես», բայց ի՛նչ, «մեկ էլ որ հարս լինեմ, կուկուզ կնստեմ»: Ճիշտ էլ, մուրացկանը իմ առջևս թագավոր է, մուրալը նա իրեն համար այնպես արհեստ է արել, ինչպես որ, խոսքի վրա, վաճառականը իրեն առևտուրը, կամ տերտերն իրեն աղոթքն ու շարականը. մուրալու ձևը, ճանապարհը այնպես վարպետ գիտի, որ մի գրոշի հույս չունեցած տեղից նա կոպեկներ է հանում. մեզ պես անշնորհք մարդը, ինչպես որ պարապ ձեռքով ներս է մտնում, այնպես էլ պարապ ձեռքով դուրս է գալիս: Դու մի ասի, որ ամեն արհեստ իր շնորհքը ունի: Կհավատա՞ս, օր է լինում, որ գուցե հարյուր դուռ եմ բացում փակում, ոչ թե փող, մի կտոր հաց ձեռքս չի ընկնում. քաղցած փորով պառկած վեր կացածս շա՛տ, հոգնելս, ուժասպառ լինելս, ամբողջ օրը շան պես լեզուս կախած քաշ գալս` այդ էլ այն օրվա օգուտս: Այս վրաս գլուխս մի նայի, — ասաց, — այն մահուդե խալաթի փեշը բարձրացնելով: Ի՞նչ տեսնեմ. վրայի շապիկը, Քրիստոսի պատարագը վկա, խոհանոցիս ջնջոցից սև ու կեղտոտ էր. մնացած հագուստն էլ դրա նման: Ոչ թե խղճալու, սասանելու բան էր այդ ողորմելիի վրա նայելը: Ի՞նչ մեղքս պահեմ, որ տեսա, շատ զարզանդեցի, մարմինս վրաս փուշ-փուշ եղավ:

Այ թե քեզ ինչ ասել է լավ մարդու խոսքը մտիկ չանելը, ասաց Ասվատուրը: Բայց արի, ես քեզ մի ուրիշ բան էլ ասեմ: Երբոր որ դեռ խանութս վառված չէր առջևս մի պստիկ ռուս տղա ունեի, որ ուժը պատածի չափ, ինչ ասես կտոր-մտոր բան էր վերջացնում: Երբ որ Մաթիյոս-այից երկու հարյուր ռուբլին վերցրել, ուրախ-ուրախ տուն էի եկել ու նրա տված բոլոր խրատները տնազ տալով, քիթ-պռունկս ծռմռելով, մասխարա անելով մերոնց որ պատմում եմ, այդ ռուս տղան լսում է ու մտքի է գալիս. ու բանի տեղ չեմ դնում: Մյուս օրը գալիս է, ձեռքս համբուրում, «Բարով մնաք, — ասում է, — ես մամայիս պիտի գնամ», — ասում է ու ճիշտ էլ մամային է գնում: Չգիտեմ նրան ի՞նչ է ասում, ինչ չի ասում, այն է որ մեկ էլ այդ տղին չեմ տեսնում: Շաբաթ-շաբաթուկեսից մորն եմ հանդիպում (մայրը թաղե թաղ բուբլիկ էր պտտեցնում) «Լսի՛ր, որտե՞ղ է որդիդ», — հարցնում եմ, «Հապա՛, — ասում է, այսպես բան է, — ասում է, — որդիս Տուլա գնաց», — ասում է: «Ի՞նչի համար Տուլա ղրկեցիր», — ասում եմ: «Ինքը այնպես ուզեց, — ասում է կինը, — մի շնորհքով հայ մարդ ասել է թե, որդուս ասածից, «ամեն մարդ պիտի աշխատի իրեն արհեստը կարգին, լավ, լրիվ սովորել, որ մի օր հացի տեր լինի» ու որովհետև անագագործների ամենալավ վարպետները Տուլայում են, ուզեց Տուլա գնալ, որ այնտեղից լավ վարպետ դուրս գա»: Ահա կնոջ խոսքերը: Հիմա ի՞նչ լսեմ որ լավ է. մեր այդ տղան Մոսկով մի ահագին, միլիոննոց զավոդ ունի ու մեջը յոթը-ութը հարյուր հոգի մարդ է բանեցնում:

Ախր ինչպե՞ս չտրաքես:

ՊՈԶԱՃԻ ԿԱԼՈՒՍՏ72

Անցյալ օրը, եղբայրս, չգիտեմ ինչ բանի վրա էի, մեկ էլ լսեմ որ փողոցում իրարանցումի ձայն դուրս եկավ: Շտապով դուրս եկա, տեսնեմ ժողովուրդը` տղամարդիկ, կանայք, բազմաթիվ թաղի երեխաներ, գոռալով, գոռգռալով դեպի Ասխայի կողմն էին վազում: Քոռ բախտիցս, մեջները մի այնպես ծանոթ մարդ չկար, որ հարցնեի թե, ո՞ւր եք գնում, ինչո՞ւ եք այդպես վազում: Արդյոք հրդե՞հ կա, մտածում եմ, բայց հրդեհ պիտի չլինի, որովհետև եթե հրդեհ լիներ` դանգերը կխփեին:

Արդյոք տո՞ն է, բայց երեկվանից նայել էի օրացույցը, որ իզուր տեղը շնորհավորելուց ետ չմնամ ու սրտացավության առիթ չլինի. այն օրը հեչ մի տոն չկար` զբ. ած. խթ. լուսնի 12, պրծավ գնաց:

Գուցե մոտիկ տեղ հարսանի՞ք կա, բայց երաժշտության, դհոլ-զուռնայի ձայն չէր լսվում. պարզ էր որ հարսանիք էլ պիտի չլիներ, թե չէ մեր օրենքով հարսանիք լինի ու երաժշտություն չլինի՞. չլիներ գոնե. կմուրանք, դռնեդուռ ման կգանք, տներս գրավ կդնենք, հարյուրին հիսուն տոկոս կքաշենք, էլի հարսանիքներս առանց երաժշտության, առանց շքեղության ու աղմուկի չենք անի: Ի՛, մեղա, այդ իշխաններն են անում ո՛ւ, մենք ինչո՞ւ նրանցից ետ պիտի մնանք որ. այնքան պատվից ընկած մա՞րդ ենք, ինչ է:

Գուցե մի մարդու կին, այն օրը, փոփոխության համար բարձը փոխել էր, ամուսինը վրա էր հասել, դուռ-դրացի իրարանցում են գցել, տունը չորս կողմից շրջապատել են ու մեր խեղճ պասակեր կնոջը խայտառակ են անում... որ լինի, կլինի: Իսկ ժողովուրդը մյուս կողմից խումբ-խումբ գնում էր. այդքան մարդկանց միջից մի հոգու էլ չճանաչեցի, որ կանգնեցնեի, հարցնեի, մանրամասն իմանայի, այսպես էլ բա՛ն, բարկությունս եկավ:

Բանի էությունը չգիտեի, բայց մարդկանց երեսից երևում էր, որ շտապ գնալու պատճառը մի հասարակ, սովորական բան չպիտի լիներ. հոգիս վկայում էր, որ դրա տակը մի շատ ծիծաղելու, կամ լալու, կամ սասանելու բան կար` խոսքի վրա մի մարդ են կախված գտել. խեղդված մարդու դիակ են ջրից հանել, չէ, այդ էլ չլինի, սայլուղու վրա կամ ձորի մեջ, ո՞վ գիտի ում են մորթած գտել, ուրեմն, այդ տեսակ մի բան պիտի լիներ: Իմ տեղը, սո՞ւտ է ասածս, ով էլ որ լիներ, կուզեր իմանալ, ո՞ւմ էլ որ լիներ, փորը որոտ կընկներ: Չգիտեմ ինչպես եղավ, որ այդ անգամ այդպես անցավ, թե չէ ուրիշ անգամներ հեչ չէի վատանում, ուզում է մութ գիշեր լիներ, ուզում է մինչև ծնկներս ցեխ ու ճահիճ լիներ, ոտք էի զարկում, գնում... գոնե, բազարի տեղը, կամ խանութների անկյունը մեկին որ հանդիպեի, բավական ժամանակվա զրույցի պատճառ կունենայի. «Լսե՞լ ես... տեսե՞լ ես... ասում են թե ֆլանի կինը... ֆլանի աղջիկը... ֆլանի կառապանը, ֆլանի գրագիրը» բան չունե՛ս, սուտ, ղորթ դուրս տուր, կեր ուրիշի միսը, սևացրու ուրիշի անունը, դրանից անուն կոտրելու բան որ լինի. քեզ չի՞ լինի հո՛, ուրիշին կլինի, որ հանդիպի, տեսնենք նրանք քեզ կափսոսե՞ն. մե՞զ են դրել Հոբ Երանելի լինելու. դու քու բանիդ կաց, կե՛ր ուրիշի միսը, հե՛չ մի մեղքանա, նրանք էլ մի օր քունը կուտեն. Աստծով մեկս մեկի միս ուտելով բոլորս էլ մի օր այս աշխարհից պիտի վերանանք:

Նախիջևանցի չե՞նք որ. այսպես եկել ենք, այսպես էլ պիտի գնանք:

Այս սովորությունը մեր մեջը շատ է տարածված, ես շատ եմ միտք արել, թե ի՞նչ է դրա պատճառը ու վերջի վերջո գտել եմ: Բայց այս բոլորը իմ կարծիքով:

Բանը որ կարծիքի մնա, մարդու մտքից, մանավանդ հայերիս մտքից, հազար տեսակ բաներ էր անցնում, մեկը մեկից վատ, մեկը մեկից խայտառակ: Ինչի՞ց է այդ. միամիտ, սրտացավ լինելուց չլինի՞ հանկարծ: Սարգիսի համար ասում են թե արջի փողը յուրացնելու նոր ձև է գտելդրա խոսակցությունը ամենիս բերնում է. մի հանդիպեմ հարամ սատկելուին, գլուխը լա՛վ պիտի լվանամ... Մեկ էլ տեսնես, իսկական այն առակի պես` «Անունը տո՛ւր, փայտը առ գլխին տո՛ւր», այդ Սարգիսը թա՛ռս է անում, դիմացս է դուրս գալիս, դեռ բարև չասած «Գիտե՞ս, լսե՞լ ես, ֆլանի համար ասում են թե, անցյալ օրը, գիշերվա մի ժամանակ, յոթը հատ հարամի բակն են մտել, սկսել են լոմերով, կացիններով դռները կոտրել, ներս մտնել` արդեն այն ննջարանի դուռն էլ պիտի կոտրեին, մեկ էլ տեսնես պահակների ձայնն է գալիս, այդ յոթը հարամին տի՛թ պապամ թողել են փախել, բանը այն չէ, որ փախել են ու մարդուն հեչ վնաս չեն տվել, բայց դու այս բանը լսի, դեռ երեք հատ էլ մեծ ջվալ են թողել բերնե բերան լցրած, որը փողով, որը արծաթ ամաններով, որն էլ տեսակ-տեսակ թանկանոց բաներով, ասում են չէ՛ չէ՛ երեք հարյուր հազարի փող ու ռազնի ապրանք են թողել փախելԻ՛... չե՞ս լսել այս բանը…»:

Դե՛, դու էլ մարդ ես. այսպես հեքիաթի պես բան որ լսես, սառույց կուլ տվածի պես չե՞ս լինի, մեկ էլ երեսդ կբռնի՞ մարդուն խայտառակ անել: Ճիշտ է, մի քանի ամսից իմանում ես, որ այդ յոթը հարամիքի ու երեք ջվալ հարստության զրույցը սուտ է եղել, բայց արի տես, որ մեր Սարգսին ուրիշ բան պետք չէր. նա այդ երկու ամիսը ժողովրդի աչքը փոշի լցրեց, բերանները փակեց, ժողովրդի բերանը ծամելու ծամոն գցեց, այդ ընթացքում իրեն հանցանքը հնացավ, մոռացվեց, ուրիշ բան պե՞տք էր որ նրան, նրա ուզեցածն էլ այդ էր: Ասելս ի՞նչ էր. մենք միշտ այսպես բաներով մեր հանցանքը ծածկում ենք: Սա դեռ ինչմենք այնպիսի բաներ ենք հնարում ու պատմում, որ նրանց առաջ անցյալի դևերի, ջիների ու խոռթլախների հեքիաթը փոքրիկ երեխաների զվարճալիք է:

Հիմա հասկացա՞ք, գլուխներիդ մեջ տեղ արա՞վ. սա է մեր մեկ մեկու նոր խաբարներ պատմելու ամենամեծ պատճառը:

Այդ մտքիս մեջ էի, որ տեսնեմ հեռվից մեր պոզաճի Կալուստն է գալիս, ինքն իրեն զրույց անելով ու ձեռքերը թափ տալով. նկատե՞լ եք, մարդ երբ որ «բաց թող օձիքս» է ասում, ձեռքն ի՞նչ է անում, Կալուստն էլ հենց ձեռքը այդպես էր անում: Երևում էր, որ մտքի մեջ ում որ կռիվ, կոտորոց է անում, նրան էլ ձեռքով դուրս էր անում: Այդպիսի մարդիկ հեչ չե՞ք տեսել, ինչ է: Հազվագյուտ ծերունի այս ծիծաղելի սովորությունը չի ունենում: Մեղայաստծո՛, մեղա՛. չծիծաղենք, մի օր, Աստված հեռու անի, մենք էլ այդպես պիտի լինենք: Դրան ասում են` ցնդե՛լ:

Բարև, Կալուստ-ա, — ասիժողովուրդը այսպես շտապ ո՞ւր է գնում:

Ժողովո՞ւրդը, — ասաց Կալուստ-ան ու քնից նոր զարթնածի պես աչքը ժողովրդի վրա դարձրեց: — Հը՛մ, — ծիծաղեց քթի տակ, բայց այն ձևով, որ մարդու փոր որոտ գցեց, նշմարքով հասկացրեց, որ բանի տակ շատ խայտառակ բան կա: Բայց մուրազիս չհասցրած է՛, մնաս բարո՛վ, — ասաց ու ուզում էր իր ճամփան գնալ:

Տո՛, ո՞ւր ես գնում, — ասի ու մեր սովորությամբ, առանց այլևայլության մարդու փեշից ամուր բռնեցի. հիմա՞ր էի այդ պատահմունքը ձեռքիցս բաց թողնեի. մեկ է ո՞վ ինձ բան պիտի պատմեր. մարդու քիթ ու պռունկից երևում էր, որ իմ ուզած բանս մանրամասն գիտեր: Այդ բանը չասած, ձեռքիցս չես պրծնի:

Դե բաց թո՛ղ գնամ, — ասաց սուտ-մուտ նազ անելով, այնինչ վրայից երևում էր, որ ինչքան ես չէի ուզում բաց թողնել, այնքան էլ գուցե և ավելի նա ինքը չէր ուզում, հազիր մեկս մեկիս գտել էինք. ինչպես որ գիտեք, իմ աշխարհս զրույց ու պատմություններ լսել է: Կալուստ-ան էլ, լսել էի, շատ սիրում է ծնոտը խաղացնել:

Ինչո՞ւ հիմա դու էլ բանի մեջ ես լինում, նազեր ես ծախում, — ասի, — պոզադ փչանալուց չե՞ս վախենում հո, այսինքն, ամառ է, այս ժամանակ հո պոզա չե՞ս շինումԴե՛, պրծավ գնաց, նազ մի անի, պատմի այդ ժողովուրդը ո՞ւր է գլուխ առած վազում:

Ժողովո՞ւրդը, — ասաց Կալուստ-ան նորից… — դրա խոսքը, ջանս, մի քիչ երկար է, որ ասես ներսից երկու հատ աթոռակ բերեն նստենք, կպատմեմ:

Ի՛, այդքան երկար բա՞ն է, ինչ է, — ասի ու մի քիչ փոշմանելու պես եղա:

Չէ՛, երկար չի՛, ինչո՞ւ երկար պիտի լինի որ, մեկ շնչում կասեմ կվերջացնեմ. այնքան որ այսօր ամբողջ օրը ոտքի վրա եմ, հոգնել եմ, մի քիչ կհանգստանամ, արանքում էլ մի քիչ զրույց կանենք:

Որ այդպես է, ասեմ բանվորին, թող գնա, մի աթոռակ բերի, — ասացի:

Ինչո՞ւ մի հատ, երկու հատ թող բերի, էլի, դու չե՞ս նստում, ինչ է:

Չէ՛, ես կանգնած էլ կարող եմ լսել, — ասի:

Է, ինչպես ուզում ես, — ասաց մարդը, — բայց որ բերեիր, լավ էր: Բանվորին ասի, որ մի աթոռակ բերի: Կալուստը հանգիստ կերպով նստեց, մեկ «էօ՛ֆ» արավ, ինչպես որ հոգնած, ծերուկ մարդիկ են անում, աչքերը ցած գցեց ու հետո վեր բարձրացրեց:

Հա՛յ, ես դրանց… — ասաց, — այս տարվա ամառը մի տարօրինակ բան էր:

Ես դիտմամբ նրան պատասխան չտվի, որ ամառվա բանը չերկարացնի ու շուտ սկսի իմ ուզեցածս, բայց Կալուստի համար, ինչպես հետո իմացա, բոլորը մեկ էր` դու լսել ես, թե չէ, առջևը մարդ կա, թե չկա, նա իրեն ասելուն պիտի ասի, պիտի վերջացնի:

Հա՛յ, ես դրանց, ամառ չեղավ` պատիժ-պատուհաս եղավ մեր գլխին. սա ի՞նչ ասել է, եղբայր, շոգերը արդեն վերջանալու վրա են, դեռ անձրևի երես չտեսանք, հա՛յ, ես դրանցէս երկնքին նայի, դու մի այս երկնքին նայի, դեղի համար փնտրելու որ լինես, մի ամպ չես գտնիայսպես էլ անբերրի տարի՛Ո՞վ գիտի, հացը ինչպես պիտի թանկանա. հանդերում, ասում են, խոտ չի մնացել, բոլորը չորացել է, փոշի է դարձել. խելքս չի հասնում, ի՞նչ են ասում, որ կովերը հանդ են ղրկում. հայվաններս ի՞նչ են ուտում, թյո՛ւ, ես դրանցայսպես էլ պատիժ... վաղուց է այսպես պատիժ չէինք տեսելԱյն չէ, բայց այդ մեր վարժատների համար բան չի՞ լսվում, գոնե այս հոկտեմբերին, նոյեմբերին բացեին, էլի (ես էլի լուռ մնացի): Եղբայր, տում73 հավաքվեցին, տարին-տարենական քսանհինգ-երեսուն հազար մանեթ առան, ասի՛ն, կռվեցի՛ն, աղմկեցին, մազ մազի եկան, թղթեր վազեցրին Օդեսա, Պետերբուրգ, բայց մեջտեղը բան չկա... Հայերիս բանը միշտ այդպես է, մեկ տեսնես, կրակից ավելի շիկանում ենք, մեկ էլ սառույցից էլ շատ պաղումէօ՛ֆ, էօ՛ֆ, խելքս չի հասնումԱյն չէ բայց, ճի՞շտ է, այն մեր հարամ սատկելուի համար, ասում են, թե Թիֆլիս են կանչել, մեծ-մեծ բաների վրա վերակացու պիտի դնեն74Թող գնա, թող գնա մի թիֆլիսեցիք էլ այդ ձուկ ուտող սրիկայի համը թող առնեն, մեզ պես նրանց էլ երկու-երեք հարյուր հազար մանեթի տակից թող մտնի, վրայից թող դուրս գա... Բայց ի՛նչ, թիֆլիսցիները, ասում են, մեզ պես վախկոտ չեն, նրանք հանաք շատ չեն սիրում, մեկ էլ տեսնես, այն ծեծը կտան, այն ծեծը կտան, որ մկան ծակին հազար ռուբլի կտա, չի գտնի. տե՛ս, այս խոսքս խոսք է. այդ մարդը մի ոտքը Թիֆլիս թող դնի, հիսուն տարվա բեղը այնտեղ չթողնի ու ետ չգա, ես պոզաճի Կալուստը չլինեմ:

Հա, քիչ էր մնում պիտի մոռանայի, լսել ես, չէ՞, ասում են թե ֆլան մարդուն, անունը ի՞նչ է, մահ փաթաթվի անունին, չգիտե՞ս ինչ է, այն որ երկու տարի առաջ կեղծ դրամով բռնվել էրջանմ, չե՞ս լսել...այն որ կեղծ դրամը ծոցը, գյուղից գյուղ էր գնում ու ոչխար էր հավաքում. հետո ծախողի մեկը իսկույն գլխի է ընկնում, հետը փալից75 է առնում ետևներից է ընկնում, մինչև մեր սահմանին որ հասնում է, այս մեր սուտ դրամ սարքողն էլ տեսնում է, որ պրծում չկա իսկույն այդ կապոցով փողը ծոցից հանում է եղեգնուտի մեջ է գցում. այդ բանը չե՞ս լսել. հետո քոզակները վրան են թափվում, ձեռքը ոտքը կապում են. կապոցով փողն էլ գտնում են, բոլորը միասին օրենքին են տալիսԴե՛, դրա համար են ասում, թե որոշումը եղել է, այսօր-վաղը ցուրտ կողմերը պիտի ղրկեն... չե՞ս լսել, ինչ է (ես սուս մնացի): Եղբայր, տարօրինակ բան է այդ մեր հայի արարմունքը, այդ ողորմելիին ո՞վ է ասել սաղ գլուխդ ավետարանի տակ դիր... շնորհք չունես, չես կարողանում անել, տեղդ վեր ընկիր, էլի. հիմա լա՞վ է, տնից, ընտանիքից կբաժանեն, ջհաննամի մեջտեղը կգցեն... Ո՞վ է ասում, դու է՛լի արա, բայց այնպես արա, որ հարմար լինի, այնպես, որ աջ ձեռքիդ արածը ձախ ձեռքդ չիմանա, թե չէ այդպես իշավարի... Մեր հայը որ կա, ամեն բանի մեջ, այ այդպես կոշիկով է մտնում... Այ, նստի՛ր, աչքը սիրեմ Համբարձում-այի, համ ինքը օգուտ տեսավ, համ ազգականներին ու մոտիկ մարդկանց հարստացրեց. մեռնելուց հետո ահագին դրամը, ունեցվածքը ու հարստությունը թողեց հիմարներին, հիմա տես, ինչպես թագավորի նման ապրուստ ունեն, այն առաջվա չինկյանաները, մի սյուրու խենթ ու վայրենիները այս օրվա օրս փամեշչիկի հաշվի մի բան են, ձեռքները տաք ջրից սառը ջուր չեն դնում ու քաղաքիս մեջն էլ ամենապատվավոր տեղը նրանցն է... Եթե անելու ես, ա՛յ, այդպես արա, բանը այնպես բռնի, որ տեսնողն էլ չտեսածի պես լինի... անցյալ օրը խեվերի մեկը թե. «Այն, իբր, աշխարհքին քոռ ժամանակն էր, իբրի այն ժամանակները ամեն բան էլ հեշտ էր, իբր…»: Ինչպես չէ, հեշտ չլիներ գոնե: Այն ժամանակները փալից, ժամտառ76, օրենք-դատաստան չկա՞ր, ինչ է: Հա՛մ կար, ու հա՛մ էլ ավելի խիստ էր, բայց դու արի տես, որ հնարագետ մարդու համար ժամանակը ժամանակ է, նրա քոռը ու բացաչքը չկա: Կեղծ դրամից էլ ավելի շահավոր ապրանք կա՞ որ, բայց նրան վայելելը շնորհք է ուզումՈվ որ ուտել է ուզում, նա ուրիշին էլ պիտի ուտեցնի, որ իրեն կերածը անուշ մարսական լինի, ոչ թե հիմիկվա մեր խևերի նման, քթներից-բերաններից դուրս գաՉէ՛, դու ինչ ուզում ես` ասա, ժողովուրդը քանի գնաց` առաջվա իրեն սուր խելքը կորցրեց. խելքի, շնորհքի կողմից հիմիկվա երիտասարդները իրենց հայրերի ոտքի եղունգին չարժենՀա՛յ, գիտի հա՛յ:

Կալուստ-ա, — ասի, — դու կարծես թե մոռացար` ինչի համար քեզ առի մնացի:

Ինչի՞ պիտի մոռանամ որ, շատ լավ էլ հիշում եմ, — ասաց Կալուստըդե, այն է ասածսԱնցյալ օրը իրիկվա զանգերի ժամանակ, պյուլվարթի77 կողքից անցնում եմՕղորմած Աստված, ժողովուրդ, ժողովուրդ, որ եթե ասեղ գցեմ ասես, ասեղ գցելու տեղ չկա. հայ, ռուս, յանկա, բանվոր, մեծավոր, գրագետ, վաճառական, սպասավոր, արժում, չարժում, բոլորը խառնվել են, իրար անցել, այնպես որ շունը տիրոջը չի ճանաչումԵղբայր, այս էլ բան չիչեմ կարծում, որ այսպիսով մեր հայը երկար դիմանա. մեր կանանց բանը շատ դժվար է... Արդյոք, մտածում եմ, այս մեր նախիջևանցին մի քիչ ավելի փառուսքի78 չէ՞ ռոստովցիից: Որ լինի, կլինի, գիտե՞ս, որովհետև վարքներս միանգամից շատ բացվեց: Պասվա օրերից մի օր, փարչը ձեռքիս, դուրս եմ եկել գնում եմ ինձ համար, երբ որ փողոցը անցնելու էի, տեսնեմ դիմացս երկու կին դուրս եկան, մեկը ռուս, մեկը հայ, դեռ գետինը չէր չորացել, ցեխ ու ճահիճ էր. ռուսը մի քիչ բարձրացրեց քղանցքը, որ չկեղտոտվի, այնպես էլ դիմաց անցավ. մեր հայը, մեղայաստծո՛ւ, մեղա՛, մինչև ծունկը բարձրացրեց քղանցքը, կարծես թե պատրաստվում էր սենյակի տախտակները լվանալու, այնպես բարկացա որ, քիչ էր մնում թքեի այդ անամոթի վրաԴե՛, իմացիր, հայերս չափ ու սահման չունենք, ամեն բանի մեջ էլ այդպես ենքՋահելների աչքը լույս, այսուհետև մեզ պսակ, բան պե՞տք է որԱնցյալ օրը մի մարդ ասում է. «Որդուս համար հարս եմ փնտրում», — ասում է: Ես էլ վեր կացա ու «աղջիկների պակասությա՞ն ես հանդիպել, ի՞նչ է, ասում եմ, դրանից էլ շատ ի՞նչ ունենք որ, ասի, մեկ մսավաճառի շների հաշիվը չկա, մեկ էլ տանը նստած փեսա սպասող աղջիկներիս», — ասի ծիծաղելով: «Այդպես է բայց, ասում է մարդը, էլի շատ վախենում եմ... հազարից մեկն է, ասում են, ասում է, ես հիմա ինչպե՞ս որդուս արյան մեջ մտնեմ ու խեղճիս անասնական կրակի հանդիպեցնեմ»: Մի կողմից մարդու ասածը ճիշտ էլ է. ես էլ իմ որդուս այս աշնանը պիտի նշանեմ, բայց, Աստված որ տա, միտք ունեմ կողքի գյուղերից աղջիկ առնել, մի քիչ գոմեշի ձևով էլ որ լինի, գոնե սաղլամ ապրանք կլինի՞ հո, մարդու ասածի վրա չգա՞մ, հազարից մեկն է, ասում են, ես ի՞նչ անեմ, բայց արի տես որ...

Կալուստ-ա՛, — ասի, — դու կարծես թե այն չես ասում, ինչ որ քեզանից խնդրել էի, — ասի խոսքը կտրելով, — մոռացել ե՞ս, ինչ է...

Ինչո՞ւ պիտի մոռանամ, շատ լավ հիշում եմ, — ասաց Կալուստը, — ինչի՞ ես անհանգստանում, սպասիր, կամաց-կամաց հերթը նրան էլ կգա... Հա՛, այդ էի ասում... իքը՛ըըանցյալ օրը մարդու մեկը, իբր, այս ինչո՞ւ ես պոզայիցդ հրաժարվել, իբր: Ինչո՞ւ պիտի հրաժարվեմ որ, ասում եմ, պոզան մեծ պասին ու պաս շաբաթներն եմ ման բերում, ասում եմ, մանավանդ որ օրը մի քիչ ցուրտկեկ է լինում. պոզայի լավ ժամանակը այդ է. ամառը պոզան երկար չի դիմանում, քացախում է, փչանում... մեկ էլ որ հիմիկվա ժողովուրդը բանի մեջ է մտել, պոզան չհավանողս է դարձել. մի ծայրից «քուվա՛ս79 տո՛ւր», — ասում է. ես էլ դե, այս քանի տարի է, շոգերի ժամանակ միշտ քուվաս եմ ման ածումԱ՛յն էլ եմ ես շինում, ա՛յն էլ, բայց ինձ որ հարցնես` պոզայի պես խմելու բան կա՞ որ. աչքը սիրեմ պոզայի, մանավանդ որ մի քիչ մռմռուկ լինի, նրանից էլ վեր բան կա՞ որ, պոզա եղած տեղը ք... է կերել արաղն ու գինին. պոզա ասած բանդ համ փորդ է կուշտ պահում, համ մարդուս վրան ուժ է բերում, համ ծարավն է կտրում, համ սիրտդ հանգստացնում, համ էլ հոգիդ է փառավորեցնում: Ղորթ է, սուտ չէ, գույնը մի քիչ անշահ է, գինու կամ արաղի պես մաքուր լուս չէ, բայց դու գույնին ի՞նչ ես նայում, դու համին նայի: Հեչ չեմ հավանում, որ այդ հայերն էլ ռուսների նման սովորություն են արել րոպեն մեկ քուվաս խմելու, քուվասն էլ ի՞նչ հորս ցավն է, որ մարդ խմի, բայց դու գնա այդ խևերին խելք սովորեցրու, ի բնե այդ տըմտըմների մեջը որ չկա, դու հազար ասա՛, օգուտ չի անի: Բայց ես էլ հիմար չեմ. այդ մոդի ետևից ընկնողների գլխին ես էլ լավ օյիններ եմ խաղում: Երբ որ քուվասս վերջանում է, նորն էլ դեռ պատրաստ չի, վերցնում եմ մի օխա դեղին օխրա, մի դույլ քացախ, մի լա՛վ խառնում եմ, լցնում եմ մի մեծ տակառի մեջ, պա՛ս վրան ջուրը, պա՛ս ջուրը. մի քիչ ժամանակ այդպես մնում է, կեղտը տակն է իջնում, մաքրվում է, հետո լցնում եմ փարչերիս մեջ, սառույցն էլ վրան եմ դնում, սկսում եմ եղբայրս, փողոցից փողոց ման գալ ու գոռալ. «Քուվա՛ս առե՛ք, սա՛ռը քուվա՛ս, թթո՛ւ քուվա՛ս, սա՛ռը քուվա՛ս»: Ու ժողովրդի փորը օխրայով ու քացախով եմ լցնում, նրանք էլ են ուրախանում, ես էլ եմ ուրախանումԼավ չի՞ արածստե՛ղն է, ինչո՞ւ են հապա պոզայից հրաժարվում ու այդ կեղտոտ քուվասին են կպչումԴու, պոզան, գիտե՞ս ով է հնարել, մեր Գրիգոր Լուսավորիչ պապանմեռնեմ նրա անունինոր ժողովուրդը գինի ու արաղով չհարբի ու տեսակ-տեսակ այլակերպություն ու առասպելություն չանի

Следующая страница