Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Արդեն ես ոտքի վրա կանգնելուց հոգնեցի. շատ ափսոսացի, որ բանվորիս մի աթոռակի տեղ երկուսը չէի բերել տվել. ես ի՞նչ իմանայի, որ այս շատախոսը ինձ այսքան ժամանակ պիտի չարչարի: Ինքս գնացի ներս, մի աթոռակ վերցրի, բերի Կալուստի դիմացը դրի, նստեցի:

Ա՛յ, այդ լավ միտք արիր, — ասաց Կալուստը, — ես քեզ քիչ առաջ ասի, որ երկու հատ աթոռ բերել տաս, դիմաց-դիմաց նստենք այնպես զրույց անենք, բայց դու խոսքս բանի տեղ չդրիր: Բայց էլի գնացիր եկար, իմ ասածս արիր: Միշտ այդպես է, ծերերի խոսքը, խրատը չլսողը միշտ փոշման է լինում: Դու դեռ լավ է, որ շուտ հասկացար մեղքդ ու դարձի եկար, բայց այնպիսիները կան որ մի անգամ որ հակառակվեցին, այդպես էլ կմնան, այդպես էլ կմեռնեն, այդ հակառակությունը հայերիս սովորության մեջ կաՀա՛, այդ էի ասում... անցյալ օրը քուվասով փարչը ձեռքիս դուրս եմ եկել ինձ համար գնում եմ: Տեսնեմ ետևիցս կնոջ ձայն է գալիս` «Կալուստ-ա՛, Կալուստ-ա՛»: Ետ դառնամ տեսնեմ Խարայովի նշանածն է: «Պարով»: «Աստծու պարին»: «Ի՞նչ ես ուզում», — ասում եմ: «Հապա, Կալուստ-ա, ասում է, երկու շաբաթ է անում, ասում է, բանվոր չունեմ», — ասում է: «Ի՞նչ եղավ», — ասում եմ: «Հարամ սատկելուն գետափ գնաց աշխատելու, — ասում է, — երևի այնտեղ օրը հարյուր քսան են տալիս»: «Հետո՞, ի՞նչ անեմ», — ասում եմ: «Ման եկող մարդ ես ասում է, — մի ռուս կին որ հանդիպի, ա՛ռ բեր», — ասում է: «Ինչո՞ւ չէ, որ հանդիպեմ, բերեմ, էլի, — ասում եմ, — ժամուցս քանի՞ պիտի տաս», — հարցնում եմ ծիծաղելով: «Այդ ի՞նչ խոսք էասում է կինը, — վարձը իհարկե, չեմ ուտի, — ասում է, — ինչ որ` ուրիշին, այն էլ քեզ կտամ, էլի՛», — ասում է կինը համարյա լալով: Մեղքս եկավ, այդ բանվոր ասածդ որ կա, հենց ծովը սառույցից քանդվում է ու օրերն էլ մի քիչ փափկում են, արդեն եռք են ընկնում, կատաղում են, գցում են, թողնում իրենց յանկաներին, որը հանդ է գնում, ագարակներում ցրվում, որն էլ գետափ է գնում բուրդ լվանալու, տոպրակ կարելու ու ցորենը կամ աճարը մաքրելույանկան բազմաթիվ մանր երեխաներով մնում է. կովն էլ է ինքը կթում, տախտակն էլ է ինքը լվանում, սամովարն էլ է ինքը դնում, գետինն էլ է ինքը ավլում, կերակուրներն էլ է, խեղճը, ինքը եփում, թափումՇատ դժվար բան է, եղբայր... Ո՞վ էր լսել առաջվա տարիները ամսի վճար. տարին` ութը, շատ-շատ տասը մանեթ էիր տալիս, կինդ իր մեջքի մի հին, չլոտ դեյրան էր տալիս, ոտքից էլ` մի կոշիկ, պրծավ գնաց. դու մի հիմա տես. ամիսը ութ մանեթ են վերցնում ու քիթ ու պռունգ էլ են անում, դեռ տոնի ու զատկի էլ մի-մի շորացու, գլուխներին մի-մի թաշկինակ, այդ հո այդպես, կես քաղաքն էլ տարին տասներկու ամիս առանց բանվորի է մնում: Շատ դժվար բան է, եղբայր, բայց որ լավ նայես, էլի հանցանքը մերն է: Ես այնպես հայ կին եմ ճանաչում, որ ամուսինը սայլապանություն է անում, ստացածը հազիվ ձիու, խոտի ու վարսակի է բավարարում, բայց այդ հարամ սատկելուն էլի քար է կտրել, տանն է նստել. համաձայն է փորը` քաղցած, մեջքը տկլոր մնալու, միայն տանը մնա, ծուլություն անի: Ասելով բերանս մազ բսավ, անընդհատ ասում եմ. «Լսի՛ր, ինչո՞ւ մարդու մոտ չես մտնում, — ասում եմ, — համ աղայի տանը տնիցդ մաքուր կապրես, համ վրադ-գլուխդ հիմիկվանից կոկիկ կլինի, համ փորդ կուշտ կլինի, համ ձեռքդ փող կունենաս, համ էլ ամուսնուդ մեջք կլինես», — ասում եմ, էլի, ինչքան որ կարողանում եմ, բայց ո՞ւմ ես ասում, եթե սապոնը սևին կսպիտակեցնի, այս հիմարին էլ խրատը կխելոքացնիԱյն օրերը

Կալուստ-ա՛, — ասի, — դու բոլորովին մտքիցդ հանել ես` ինչու համար քեզ կանչած լինելս, կամ վրաս ծիծաղում ես կամ...

Ջանմ, ինչո՞ւ ես շտապեցնում, դե՛, նստել ենք մեզ համար հանգիստ կերպով զրույց ենք անում. համբերի, հերթը կամաց-կամաց նրան էլ կգա... ինքդ էլ կտեսնես որ սուս չեմ մնացել. մի ծայրից բերանս փրփրալով ասում եմ

Շնորհակալություն, ասում ես, բայց, — ասի, — այն չես ասում, ինչ որ ես իմանալ էի ուզում...

Էհ, հիմա ի՞նչ շտապելիք է, երևի հերթը նրան էլ կհասնի... Հա՛, ինչ էր ասածսԱյն եմ ասում, այս քանի տարի է մի տեսակ է եղել, հեչ առաջվանին չի նմանիԱնցյալ օրը դուրս եմ եկել ինձ համար. փողոցի մեջ հանդիպում է Պետրոս-ան... Բարև, ի՞նչ ես անում... դե՛, սկսեց, եղբայր, մի զրույց, մի զրույց որ ծայրը, ճոթը չկա. չհավատա՞ս, լրիվ չորս ժամ այն կանգնած տեղս մնացի, ոտքերս փայտ կտրեցին, արևն էլ վերևից բիզի պես մարդու գլուխ է ծակում: Շատ չեմ սիրում դատարկ զրույցներ անել, ուրիշի միսը ծամել, դրանց դատավորը մե՞զ են դրել, ինչ էՀա՛, ինչո՞ւ չէ, մի քիչ քեզ համար չափավոր զրույց արա, մարդ ես, իհարկե կուզես հանկարծ մի քիչ սիրտդ բացել, զվարճանալ, բայց ժամերով, օրերով` դա արդեն հոգու էլ մեղք է, գրպանի էլ վնաս է, որովհետև հայ ասածդ փամեշչիկ չի, որ ճորտերը դատեն, իրենց տան, նա էլ պատրաստ ուտի, միլիոնչիք չի, որ փողի տոկոսը նստի ուտի, մենք հայերս, օր դատող, օր ուտող մարդ ենք, մեզ համար ժամանակ ասած բանդ փող է, որին սազի, չսազի, հայերիս հեչ չի սազի ժամերով նստել ու դատարկ-դատարկ խոսելբայց անցյալ օրը անցնում եմ խանութների շարքի առջևից, այն անկյունը չկա՞, բավականին տղաներ հավաքվել են, ժամերով զրույց են անում... այդ մեկ չի, երկու չի՛, երեք չի՛, ամբողջ օրը առավոտից գալիս են, այդ անկյունում զրույցի են բռնվում, հազիվ մինչև կեսօր լեզուները անդադրում լըպը՛ռ-լըպը՛ռ-լըպը՛ռ-ից հրաժարվում են, այնտեղից գնում են տուն, ճաշները ուտում են, նոր-նորից հավաքվում են, նորից սկսում են զրուցելՄի հարցնես, ի՞նչ է այդ ասածները մեղքդ լամ որ, բոլորը դատարկ է, կամ հնարած սուտ բան է, կամ ուրիշի բամբասանքն է: Խեղճ մեր կանանց անունն է բամբասող դուրս եկել, այնինչ ամուսինները նրանցից ավելի շատ են. այդ հայի դատարկախոսությունը որ կա, ամենաչսիրած բանս էՌոստով, ասում են, բազարի մեջտեղում մի ռուսի ժամ են շինում, ասում ենՀա՛յ գիտի, հա՛յ, մեր ոսկի Նախիջևանը հիմնահատակ կործանվեց, բայց առաջվա գյուղերից էլ վատ Ռոստովը քանի գնում մեծանում է, զուգվում է, գեղեցկանում, հարստանում է... բայց այդ բոլորի պատճառը էլի մենք ենքԱյն մեր ժամերի փողի կռիվը որ կա՛, բոլորովին կորցրեց մեր քաղաքը. հա՛մ փողներս կորցրինք, հա՛մ անուններս կոտրեցինք, հա՛մ էլ աշխարհի առջև խայտառակ եղանք, հա՛մ էլ մինչև այս օրս արած սխալներս չենք հասկանում ու բանը ուղղել չենք կարողանում... Աստված գյուռբագյոռ անի այս ամեն կռիվները մեջտեղ հանողին, ինչպես որ մեր քաղաքը ու քաղաքացիին գյոռբագյոռ արավ... Այսպես բան կլինի չեղած տեղից. մեկ էլ տեսնես, քաղաքը երկու մասի բաժանվեց. սա ասում է` «ես աջակողմյան եմ», նա ասում է` «ես ձախակողմյան եմ», մեկմեկու հետ կռիվ, իրարանցում, ծեծկռտուք, քիչ է մնում քաղաքը տակնուվրա լինիԴրանց կռիվը, երևի ժամի փողի վրա էր. քանի որ այդ աջ ու ձախ կողմի մարդիկ իրենց մեջ կռվում էին, փողը իրեն համար հանգիստ կերպով սալամաթ մնացել էր պապուկ-այի սնդուկում80: Մարդու մեկը գալիս է. «Կուզե՞ք, — ասում է, — ձեզ հաշտեցնեմ, — ասում է81, — այնպես որ բոլորդ էլ գոհ մնաք»: Մեր ապուշներ էլ` «Ամա՛ն, ոտքերդ պագնենք, — ասում են այդ մարդուն, այդ լավությունը արա մեզ», — ասում են: «Տվեք ինձ այս փողը», — ասում է այդ մարդը: «Ա՛ռ, վերցրո՛ւ», — ասում են պատվական խելոքները ու իրեն են տալիս այդ փայլուն, հարյուր տարվա մեջ հավաքած ահագին փողը: Մարդը վերցնում է այդ փողը, ծալում, ծոցն է մտցնում: «Ձեր կռվի պատճառը, — ասում է, — այսուհետև ձեր միջից դուրս եկավ, — ասում է, — որովհետև այս փողը, — ասում է, — որ ձեր ձեռքում էր, — ասում է, — ձեզ բոլորովին կատաղեցրել էր, — ասում է: Սրանից հետո տեղներդ հանգիստ նստեք, ձեր բանը իմացեք, մեկ էլ այդ փողի երեսը տեսնելու չեք», — ասում է ու գնում իրեն բանին: Մեր ապուշները միանգամից չեն հասկանում, սուս են մնում, շատերն էլ «փա՛ռք Աստծու» են ասում, չարը խափանվեց, բարին կատարվեց, — ասում են, — բավական ժամանակ բոլորն էլ տեղներում անհոգ հա մնում են, վրայից անցնում է քսան տարի. մեր խելոքների միտքը նոր է ընկնում, թե այդքան դրամագլխով ինչե՛ր կկարողանային անել քաղաքի շահի համար ու սկսում են, եղբայրս, լալ, գոռալ ու թյո՛ւ-թյո՛ւներ անել: Բայց ինձ որ հարցնես, այդ կորած դրամը մերոնց ձեռքը որ լիներ, հավատա, բան անել չէին կարողանա, ինչպես որ էր, այնպես էլ կմնար. ինչպես որ, ահա՛, քսան տարի է անում այդ Հինդի փողը ու էլի շատ ուրիշ փողեր պարապ բոշ մնացել են ու մի մարդու մի կոպեկի շահ չեն տալիս. այն փողն էլ էլի դրանց մոտ պիտի գնար, պիտի մնար... Այդ այդպես է, բայց, փառավոր քաղաքներս ոչնչացավ, ավերակներով լցվեց: Հա՛յ վա՛խ...

Կալուստ-ա, քեզ մի բան ասե՞մ, — ասի, — ինչպես տեսնում եմ դու այսօր մտքիցդ հանել ես ինձ...

Մեղայաստծու, ի՞նչ ես այդ մի կողմից մարդու բրդբրդում. դե՛ կասեմ ո՛ւ...

Ասում ես, բայց, — ասի, — այդ բոլորը ես վաղուց գիտեի, իմ ուզածս այդ չէր...

Համբերի, հիմա, նրա հերթն էլ կգա... Ի՞նչ էի ասում որ... հա՛... անցյալ օրը գնացել եմ այն, գիտե՞ս Լուսավորչի մոտիկ, որ դատարկ կառքերը կանգնում են... հենց այն տեղն եմ գնացել, սայլապաններին քուվաս եմ ծախում, մեկ էլ տեսնեմ, կառը՛լ-կառը՛լ մի չորս ձի լծած, երկար, վրան էլ փակ տռոկ է գալիս, հենց այն անկյունը, քլուպի դիմացով կանգնում է... Առաջին անգամ էի տեսնում: Սրան-նրան հարցնում եմ. «Սա էլ ի՞նչ նոր բան է, — ասում եմ, — որովհետև սալտաթի իրարանցումը սկսվել էր, չլինի՞, — ասում եմ, — մեր ջահելների ետևից է ընկել, սալտաթ պիտի տանի», — ասում եմ: «Չէ՛, — ասում են, — այս նոր մոդնի կառք է, — ասում են. — ուրիշներին քառասուն-հիսուն կոպեկ տալու փոխարեն, սրան տասը կոպեկ կտաս, մեջը կնստես քեզ համար հանգիստ կերպով ուղիղ Ռոստով կգնաս: Հարմար, տան պես, վրան փակ, անձրևից էլ չես վախենա, արևից էլ: Վատ չէ, լավ բան է, բայց սկզբից, կարծես թե, մարդուս տարօրինակ է թվում օխտնօտարի հետ նստել գնալը: Չգիտեմ ի՞նչ եղավ, որ միանգամից սիրտս շատ ուզեց մի անգամ մեջը նստել, քաչաթ անել (զբոսնել). վաղուց է արաբա չէի նստել. ճիշտն ասեմ, մյուս կողմից փողս էի ափսոսում: Կամացուկ մոտեցա ձի քշողին, ձեռքով բանով հասկացնում եմ, թե այսպես-այսպես բան է, ջեբս փող չունեմ, — ասում եմ, — բայց սիրտդ ինչքան ուզի քուվաս կտամ, — ասում եմ. — ռուս ասածդ էլ քուվասի համար կորած է. մարդը համաձայնում է. երկու-երեք գավաթ լցնում եմ, տալիս եմ իրեն, խմում է ու հրամանք է տալիս այդ հսկայական տռոկի մեջ նստելու: Գնում եմ անկյունում նստում, փարչով քուվասն էլ ծնկիս եմ առնում: Ոտքս անհաջող էր, ինչ էր, այդ անգամ մի մարդ չնստեց, հսկայական թառանթասի մեջ կոչանի82 պես մեն մենակ նստել եմ ու տանկը՛ռ-տանկը՛ռ գնում եմ: Ճիշտն ասեմ, ինձ էլ շատ տարօրինակ թվաց: Փողոցի մանր երեխաները, որովհետև բոլորն էլ ինձ ճանաչում էին, ետևներիցս ընկան, մի ձայն, մի գոռոց. «Կալուստ-ա, ո՞ւր ես գնում, քուվասդ կթափի, փարչդ ճաքել է, պուզադ հոսում է»: Դե, այսպիսի անհավատ երեխաներ են մեր փողոցի երեխաները: Տեսնես ե՞րբ այդ ուռյալի83 վարժատունը, կամ հոգևորական դպրոցը պիտի բացվի, որ այդ անկարգներին մի անգամ մեջը փակեինք ու մեկ էլ դուրս չթողնեինք, որ մենք էլ հանգստանայինք... թե չէ, սա ի՞նչ բան է, մարդ չի համարձակվում տեղից շարժվել, իսկույն խայտառակ են անում: Այն էլ սուտ չի, ո՞վ է ինձ ասել թե բանդ գործդ թող, Ռոստով գնա...

Շատ սիրուն բան էր պոզաճի Կալուստը այդ նոր մոդնի թառանթասի մեջը... Քանի որ թառանթասի մեջ մենակ ես էի ու մնացած մյուս տեղերը պարապ ու բոշ էին մնացել, մի այնպիսի աղմուկ էր, որ քիչ էր մնում ականջս խլանար. հազիվ Ռոստով հասա, այնտեղից ոտքով ետ դառա: Մեկ էլ ո՞վ պիտի նստի այդ մեռելի արաբայի մեջ, իսկական մեռելի արաբա է որ կա: Բայց հիմա, ասում են թե, տերերը հրաժարվել են տանել-բերելուց, որովհետև մտածած օգուտի ութերորդ մասն էլ կասկածելի է որ առնեն: Մեր հայը փող ծախսում է, բայց այդ տեսակ բաների համար չի ծախսածը: Մի սպասիր, մեր կառապանները ու ձիերը մեր քսակները թող մի լավ դատարկվեն, այն ժամանակ այդ չորս ձիով թառանթասը, գուցե, նորից մեջտեղ կգա. մեր աղաները ու մեր յանկաները, իրենց ֆաեթոնը թողած, չնստեին լավ էր այդ էժանանոց արաբան

Օրը արդեն մթնելու վրա էր. կովերը, ինչքան ժամանակ է նախիրից եկել էին, վաղուց ետ էին գնացել. լուսինը երկնքի վրա ցոլում էր, աստղերն էլ ամենքը իրենց տեղը պը՛լթ-պը՛լթ էին անում. պահակները այն չաքուչուքան ձեռքներին սկսել էին փողոցե փողոց քայլել, շներն էլ իրենց գիշերվա եղանակով, որը բամբ, որը բարակ ձայնով, իրենց մուզիքն էին սկսել:

Հետո՞, Կալուստ-ա, — ասի, — ֆլան բանը այսօր չե՞նք լսելու, ինչ է, ասի ու վեր կացա տեղիցս:

Սպասիր, եղբայր, ինչ ես շտապում, ըհը՛, հերթը նրան էլ հասավ, նստի՛ր տեղդ, նստի՛ր...Ի՞նչ էի ասում, իզուր խոսքս կտրեցիրամենաչսիրած բանս է այդ. երբ որ մարդս բան է սկսում, ձևը այն է, որ պիտի թողնես վերջացնիմը՛ց... խոսքս ինչի՞ վրա էր որհա՛, այն եմ ասում... անցյալ օրը բազարի միջից անցնում էիեղբայր մի արաբա փտած, քացխած, տրորված ծիրան էին բերել Թայղանից... միտք եմ անում` «այդ ի՞նչ հորս ցավն է, որ փող են տալիս առնում. մեղք չե՞ն խեղճ երեխաները, իհարկե ջերմը վրաներից չի գնա, ինչո՞ւ գոլովան, կամ փալիցը…»:

Կալուստ-ա, քեզ մի բան ասե՞մ, — ասի, — եթե որ ասելու ես, ասա այն բանը, թե չէ, մնաս բարով, ես գնում եմ, պառկելու ժամանակն է:

Ասեմ, ասեմ, — ասաց Կալուստ-ան ու մտքի մեջ ընկավ… — բայց ի՞նչ ես ուզում որ ասեմ, հարցրեց:

Քիչ առաջվա բանը, էլի՛, — ասի:

Ի՞նչ քիչ առաջվա բան, — հարցրեց նորից:

Դե, քիչ առաջվա բանը, էլի, որ ժողովուրդը դեպի Ասխայի կողմն էր գնում:

Հետո՞, — ասաց:

Դե, ասա ինձ, — ասի, — ինչո՞ւ էր գնում:

Ես ի՞նչ իմանամ ինչի էր գնում, գնում էր, էլի, իրեն համար, — ասաց:

Սառույց կտրեցի մնացի: Հապա ինչո՞ւ ես ժամերով լսեցի այս խաբեբայի բլբլոցը: Այդ հո այդպես, դու հիմա բանի վերջը լսի՛:

Որ այդպես է, մնաս բարով, — ասի:

Ո՞ւր ես գնում, — գոռաց վրաս, — այդ ինձ մեն-մենակ փողոցի մեջտեղն ես գցում ո՛ւ:

Բա ի՞նչ կուզեիր, ներս կանչեի՞, — ասի:

Քեզ ներս կանչիր ասե՞լ եմ որ, — ասաց:

Բա ի՞նչ ես ուզում, — ասի:

Կառապանիդ ասա, թող ուղեկցի ինձ, — ասաց:

Ինչո՞ւ, — հարցրի:

Այսպես ուշ ժամանակ, այս մութ զնդանին, այս ջիներով լցված փողոցների մեջ մենակ կքայլվի՞, — ասաց վախվխելով չորս կողմը նայելով:

Մենակ էլ որ քայլես, իբր թե ի՞նչ կլինի որ, մեծ մարդ ես ու վախենալս ո՞րն է, — ասի:

Ի՛, այդ ինչ հեշտ բան է, հապա գողե՞րը, հապա հարամիները, հապա կատաղած շները...

Այդքան որ վախենում ես, մի հաստ փայտ տամ, — ասի:

Փայտով ավելի մեծ փորձանք է, — ասաց դողալով մեր Կալուստ-ան. մի օրայս կանի հաշվի քսան տարիմի օր ես ու կինս Համբարձումի թաղից դուրս ենք եկել, տուն ենք գալիս. մեկ էլ տեսնես երկու հոգի վրաներս ընկան. Նրանցից մեկը քաշեց ձեռքիցս վերցրեց ձեռնափայտս, պա՛ս մեջքիս, պա՛ս կռնակիս, պա՛ս ծոծրակիս, ի՞նչ պիտի անեի, թողեցի փախա, հեռվից նայում եմ, որ մեկը մի ձեռքից բռնեց կնոջս, մյուսը մյուս ձեռքից քաստը՛ռ-քաստը՛ռ վերցրին ուղիղ դեպի դաշտը տարան: Երեք օրից զոռով եմ գտնում յանկայիդ այդ աղյուսի գործարանի մոտերում... տասը տարվա չբեր խեղճ կնոջս արգանդը վախից բացվում է ու պատճառավոր է լինում: Այդ էր որ ուխտ եմ անում, որ մեկ էլ գիշերով քայլելու լինեմ, մենակ չքայլեմ, մեկ էլ որ ձեռքս փայտ չունենամ... Դե՛, շո՛ւտ արա, ասա կառապանիդ որ հետս գա:

Ջանմ, ես կառապան չունեմ, — ասի, — դու գիտես հո, ես ձի-արաբան վերջ եմ արել:

Է, ի՞նչ ունես հապա, բանվոր ունե՞ս հո, — ասաց:

Չէ՛, բանվոր էլ չունեմ, — ասի: Ճիշտ որ չունեի:

Բա ի՞նչ ունես, հարցրեց մարդը հայ-հայ լեղին պատռելով:

Մի տասներկու տարեկան ռուս աղջիկ ունեմ, — ասի, — ծծի երեխայիս նայող:

Է, ասա նա թող գա. էլի մարդ է, ախր, գոնե մեն-մենակ չեմ լինի. զրույց անելով, զրույց անելով մեզ համար կգնանք: Թե չէ, մութ զնդան ժամանակ, եղբայր, մարդուս մտքից ինչ ասես վատ բաներ է անցնում` խոնճոլոզներ, տևեր, տունի տերեր, ճիներ, պողոճներ, խոռթլախներ, եղիատիներ, ծովի մարեր, մեզմեն աղեկներ, մռմռասներ, դե՛ սրանց նման սատանոցներ: Այդ կողմից երեխայի պես բան եմ, շատ եմ վախենում: Աստվածդ կսիրես, ասես այդ ռուս աղջկանդ գա ճամփու դնի ինձ:

Ճարս կտրած, ասածի պես արի:

ՆՈՐԸՆԾԱ

Վաղուց է Լուսավորիչ չէի գնացած. Համբարձումի ժողովրդին խիստ կարոտել էի. այն օրն էլ քանի որ կիրակի էր, առավոտը կանուխ բազար էի դուրս եկել, որ բան-ման առնեմ, բանվորիս տամ, որ տուն տանի, ինքս էլ գնամ Լուսավորիչ. մեկ էլ տեսնեմ պատարագի զանգերը սկսեցին խփել, բավական չէ, որ բազարի ժողովուրդը միայն թուրքեր էին, զանգերի ձայնն էլ որ լսեցին, մի քանի հոգին էլ իրար ետևից եկեղեցի քաշվեցին: Կողքիցս շտապով պոզաճի Թորոսը անցավ:

Բարև, ո՞ւր ես այդպես արագ գնում:

Ժամ, էլի, չգիտե՞ս, որ այսօր տերտեր պիտի օրհնեն ո՛ւ, լսած չե՞ս ինչ է, — ասաց:

Չէ՛, բանից խաբար չեմ, ո՞ւմ:

Ասվատուր սարկավագին, էլի՛, դե շուտ, արի գնանք, հիմա ի՞նչ բազարի ժամանակ է, բազարը մեզնից չի փախչի: Բայց տերտերի օրհնելու տեսարանը ամեն ժամանակ չի լինի: Եթե գալու ես` շուտ գնանք:

Ջանս, մի կարգին ասես, ո՞վ է այս Ասվատուր սարկավագը:

Չգիտե՞ս, ինչ է, Ասվատուր սարկավագին, մոմճի Սիմավոն էին ասում, էն որ սուրբ Թորոսի թաղում էր ապրում, հենց նրա փոքր որդին...

Տո՛, էն կռծլոտ քթովը չլինի՞

Չէ՛, ջանմ, էն տիրացու Խաչիկն է...

Հապա ո՞րն է Ասվատուրը... էն այծի ձայնովը չլինի՞:

Չէ՛, ա՛յ մարդ, էն տիրացու Պողոսն է:

Հապա Ասվատուրը ո՞րն է...

Ասվատուրը. էլի, չգիտե՞ս, ինչ է, էն որ սուրբ Հակոբի օրը մատաղի խորոզը գողացել էր...

Էն տիրացու Կիրակոսը չէ՞ր որ

Հըը՛. լսել ես, բայց կարգին չես լսել. տիրացու Կիրակոսը ոչ թե խորոզ, մատաղի միս էր զողացել, բայց այդ ե՞րբ, այդ վաղուցվա բան է. Ասվատուրը որ ասում եմ, հերու չէ մյուս տարի էր գողացել խորոզը, բայց բռնեցին, մի քիչ մութնածեծ արին, բաց թողին. առաջնորդին էլ պիտի գրեին, բայց որովհետև Մինաս աղային հեռու ազգական է գալիս, ձայնները դուրս չեկավ. ա՛յ մարդ, այդ բանը լսած պիտի լինես ո՛ւ...

Հա՛, հա՛, հա՛, այ, հիմա իմացա. Ասվատուր որ ասում են նա է, հա՞, դե, իմա՛ցա, իմա՛ցա: Որ այդպես է գնանք:

Գնացինք, ժամը լիփ-լիքն էր, ասեղ գցելու տեղ չկար: Հեռվից աչքերով փնտրում եմ այդ տերտերացուին, բայց չեմ գտնում, ո՞ր մեկին, եղբայր, ճանաչես, շնից շատ են, մեկ մեկու էլ այնքան նման են, որ բանդ-գործդ պիտի թողնես, նրանց ետևից պիտի ընկնես, որ ամեն մեկի ով լինելը իմանաս. ականջը կանչի, կողքս բախկալ Սրապն էր կանգնած.

Տո՛, Սրապ, մի ցույց տաս, ո՞րն է, որ Ասվատուր սարկավագ են ասում:

Ա՛յ, այն չոփուր երեսովը, կարճ բոյովը, ճլար-ճլար գողի աչքերովը, տեսնո՞ւմ ես... չէ՛, չէ՛, այն կողմը մի նայիր, աջ կողմդ նայիր, տեսա՞ր, որ կողքի տիրացուի հետ զրույց է անում. հենց այդ է:

Ի՛, Ծատուրն է, իմացա, իմացա, հիմա արդեն ճանաչեցի:

Սրանից քսան տարի առաջ Ծատուրի պապան ընկնում, մեռնում է. ողորմելիի որբևայրին երեք տղով, երկու աղջկով մնում է. Ծատուրը մեջների ամենափոքրն է: Մայրը առաջնեկին վերցնում է դեմիրճիի է տալիս, բայց տղան հավես չի ունենում, ինչ է, դեմիրճիից դուրս է զալիս ու բավական ժամանակ պարապ բոշ ման է գալիս, բայց վերջը-վերջը խելքը գլուխն է գալիս, իրեն համար արհեստ է ստեղծում, այսօրվա օրը բազարի մեջը կվաս է ծախումէլի իրեն համար բան է: Միջնեկին բազազի է տալիս. նա էլ է անպետք դուրս գալիս, մեկ էլ լսում ենք, ի՞նչ ենք լսում, ծովը ընկել խեղդվել է: Ծովի ափին խաղալու ժամանակ չարություն է արել, պուտարների վրա է բարձրացել, մեկ էլ տեսար, ոտքը սահել է ճո՛մփ, ջուրն է ընկել, ընկածի պես, զը՛վ է արել պուտարների տակը մտել, կորել է. մինչև որ մարդիկ են հավաքվել, մինչև որ փնտռտոցի են դուրս եկել` ժամեր է անցել. իրիկվա զանգերի ժամանակ զոռով-մոռով ջրից հանել են հիշյալ տղին. հիմա սավան որտեղի՞ց գտնեն, առաջի պատահած խսիրի վրա են դրել, չորս ծայրից չորս հոգի բռնել են, սկսել են, աղբերս, այդ խեղդվածին թափ տալ. բավական ժամանակ թափ են տվել, բայց իզուր, խեղճը մոս-մոռ է կտրել, մեջքն անգամ կապտել է, պարզ է, որ հոգին այն աշխարհն է թռել, ինչ էլ որ լինի, մեռելը դրոգի վրա են պառկեցրել. վրան խսիր են փռել, տարել են մորը հանձնել, դե նա էլ, ինչպես որ կարգն է, լացել է լացել, հետո տարել են թաղել: Հերթը այս ծաղիկին` Ծատուրին է եկել:

Որովհետև, առաջնեկը անպետք է դուրս գալիս, միջնեկն էլ քանի որ շատ ապրես է լինես, խեղճ կնոջ ամբողջ հույսը Ծատուրի վրա է մնում. բայց արի տես, որ Ծատուրն էլ տեսնում է, որ մամայի մի հատն է, սկսում է աներեսանալ. ողորմելի կնոջ գլխին թե ինչ օյիններ է բերում, այն էլ Աստված գիտի: Ինչ էլ որ լինում է, տասներկու տարեկան որ դառնում է, մաման առնում վարպետի է տալիս: Մեկ, երկու գնում-գալիս է «Մամա՛, — ասում է, — ես այս վարպետին չեմ ուզում, մյուսին եմ ուզում»: Մաման էլ ի՞նչ պիտի անի, այդ վարպետից հանում է, մյուսին է տալիս. այդ վարպետի մոտ էլ մի քանի օր մնում է նորից` «Մամա՛, — ասում է, — այս վարպետի մոտ էլ չեմ ուզում գնալ, ինձ ուրիշ վարպետի տուր»: Մայրը այնտեղից էլ է հանում, ուրիշ վարպետի է տալիս, տղան էլի հակառակություններ է անում, այնտեղից էլ է դուրս գալիս, չորրորդ վարպետին է մտնում: Ի՞նչ խոսքս երկարացնեմ, երկու տարվա մեջ մի քառասուն վարպետ է փոխումմեր տեղում, գիտես հո, ով այբը ճանաչում է` խալֆա է, բեն այբ բան իրար կապեց թե չէ` վարպետ է. այդ կողմից մեր հողի ռաժայը84 վատ չէ, լավ է, շներից ավելի շատացել են վարժապետներըէ՛հ ինչ որ է, բանը այն չէ. երբ որ տղան տասնհինգն է մտնում, կմկմալեն կարդում է, ճանճի ծռտածի պես էլ ճզմզում էդե ուրեմն գրել-կարդալը թաս-թամամ է արել: Վարպետից դուրս է գալիս: Մաման տանում է բազազխանա, մի վաճառականի մոտ. «Աղա՛, դե մի հատիկ որդիս է, աչքիս լույսն է, ծերությանս նեցուկն է, որբերուս հույսն է... Աստծու խաթրին, հորդ, մորդ հոգուն, ա՛ռ սրան, մարդ արա»: Վաճառականը չէ՛ չի ասում, համաձայնում է:

Այն ժամանակները բազազխանան այսքան ընկած չէր. Ռոստովը մի պստլիկ քաղաք էր, ամեն կողմից ապրանք գնելու Նախիջևան էին գալիս: Տղան մի օր է հավեսով գնում, երկու օր է հավեսով գնում, երրորդ օրը խանութ չի գնում. տերը խանութի տղին ետևից ուղարկում է, ուզում է հաստատ իմանալ, ինչո՞ւ չի եկել: Տղան գնում է Ծատուրի մոտ. «Այսօր Ծատուրը ինչո՞ւ խանութ չի եկել», — ասում է: «Ի՛, ասում է մայրը, հապա որտե՞ղ է, խանութ չեկա՞վ, ինչ է»: «Չէ՛, չեկավ», — ասում է տղան: «Տո՛, ճի՞շտ ես ասում», — ասում է մայրը, զարմանալով: «Էն խաչը` չեկավ, — ասում է տղան, — տերս հատկապես ղրկեց ինձ որ բանի էությունը իմանամ ու իրեն ասեմ»: Մայրը մի տեսակ է լինում: Տղան գնում է «այսպես, այսպես բան է», — ասում է տիրոջը: Տիրոջ միտքը բան է ընկնում. «Տո՛, էն վեց գազ քաթանը ո՞ւր է, ասում է տղին, աչքիս չի երևում ո՛ւ, երեկ այս տեղը չէ՞ր որ»: Տղան սկսում է փնտրել, թե դրել ես` գտի՛ր, քաթան վար, քաթան վեր, քաթանը չկա: «Տո՛, այն թելի կծիկը ո՞ւր է»: Կծիկն էլ չկա, չքացել է: Էլի մի քանի այսպիսի բաներ էլ աչքի չեն երևում: «Այս բանը, բան չէ», — ասում է տերը. սիրտը, փորը սկսում է եռալ, բարկությունից սկսում է բեղը կրծոտել:

Կեսօրին Ծատուրը տուն է գալիս. «Տո՛, որտե՞ղ էիր», — հարցնում է մայրը: «Որտեղ պիտի լինեի որ, խանութում էի, էլիո՛ւֆ, մամա, այնպես հոգնել եմ որ... ամբողջ օրը չթի թոփը թևիս տակը, գազը ձեռքիս մուշտարիներիս տներն եմ գնացել»: Մաման մտքի մեջ ասում է, «Տե՛ս, տե՛ս, անհոգի անհավատները ինչպես շառ գցեցին որդուս վրա. խեղճիկս ամբողջ օրը գործ է արել, հոգնել է, նրանք էլի անունը կոտրել են ուզում, վրան սուտեր են հնարում. մի սպասիր, ճաշից հետո ինքս կգնամ տիրոջ մոտ, սև ձյունը գլխին կբերեմ, այն ժամանակ նա կիմանա ինչ ասել է որբ տղի անունը կոտրել»:

Ինչպես որ միտք է անում, այնպես էլ անում է: Ճաշից հետո հագնվում է ու «Գնանք, բալաս, տանեմ տիրոջդ, մի լավ ամաչեցնեմ նրան, որ մեկ էլ չհամարձակվի ետևիցդ մարդ վազեցնել»: «Մա՛մա, ես այն տիրոջ մոտ մնալ չեմ ուզում, ասում է որդին, եթե ուզում ես ինձ մի ուրիշի մոտ տար»: «Չէ՛, մի սկզբից գնանք տիրոջդ մոտ, կարողացածիս չափ նրան մի լավ խայտառակ անեմ, էն դուրս գալդ կամ մնալդ հետո կտեսնենք»: «Չէ՛, մամա, — ասում է տղան, — մեռցնես էլ, մեկ էլ ես այն տիրոջ երեսը նայել չեմ ուզի, եթե ուրիշ տիրոջ տանելու ես` կգնամ, թե չէ նրա խանութը ոտքս չեմ դնի, որովհետև այս երկու օրը նա ինձ շատ տանջեց, ուժիցս վեր գործի էր դնում»:

Տղան մնաց տանը, մայրը գնաց տիրոջ մոտ: Խանութ մտած-չմտած սկսում է այդ մարդուն չլսված խոսքեր ասել… «Դե՛, դու իմ որդուն լավություն չես ուզում, դե՛ դու նրան ուժից վեր գործի ես դնում, դու նրան կասկածի տակ ես գցում, որ մի օր նա էլ քեզ պես հարուստ չլինի»: Ես ի՞նչ գիտենամ, ասում է, է՛լի կին ասածդ, երևի, լսած կլինես, երկար մազ ունի, բայց խելքը կարճ է: Խեղճ տերն էլ ի՞նչ անի, սուս մնացել է, նայում է, խևին դատաստան կա՞ որ:

Այսպիսով տղան տիրոջից մի երեք ռուբլու բան է գողանում ու մեկ էլ աչքին չի երևում, մայրն էլ այն համոզմունքով է մնում, թե մեղքը որդունը չէ, այլ տիրոջն է: Գողության ձայնը դեռ փռված չէր:

Մայրը տուն չգնացած այդ տիրոջից ուղիղ խաֆաֆ Պետրոսի մոտ է գնում. «Այսպես, այսպես որդի ունեմ, ասում է, դե՛ գրել-կարդալու շատ վարպետ է, առևտրից էլ բավականին բան է հասկանում, վերցրու խանութդ», — ասում է: Պետրոսը համաձայնում է, «Վաղը բեր», — ասում է: Մյուս օրը մայրը վերցնում է որդուն, ուղիղ խաֆաֆ Պետրոսի մոտ է տանում: Այնտեղ էլ Ծատուրը միայն մի օր է մնում, մյուս առավոտյան, խանութ գնալու ժամանակ, սկսում է այս տիրոջն էլ վատ ասել ու տեսակ-տեսակ մահանաներ է մեջտեղ բերում ու չի ուզում խանութ գնալ, այդպես էլ մնում է: Տերն էլ խանութի մեջ մի քանի պակաս բան է նկատում` մի զույգ կոշիկ, մի զույգ ոտնաման, երեք զույգ էլ մուճակ: «Ո՞վ է գողացել, ո՞վ է գողացել», կասկածը Ծատուրի վրա է ընկնում. խանութի տղին ետևից են ղրկում, բայց Ծատուրը խև՞ է որ գա. գող` սիրտը դող. վեր է կենում մայրը գնում խանութ, ականջը փակում է, բերանը բացում, չլսված բաներ ասում ողորմելի Պետրոսին:

Դրանից հետո էլ Ծատուրին տալիս են մի մահուդի վաճառականի. այնտեղ էլ երկու օր է մնում, նրանից հետո էլ մի բախկալի են տալիս. այնտեղ էլ ինչ ասես գողանում է. գողությունը բռնում են ու դուրս անում: Այսպիսով տարի չանցած մեր Ծատուրը քսան երեսուն տիրոջ մոտ մտնում ու դուրս է գալիս, մի տեղ էլ տիտիկ չի անում: Արդեն մայրը սկսում է տեսնել, որ հանցանքը որդունն է: Ի՞նչ անի խեղճը: Տղան էլ արդեն տասնհինգից դուրս է եկել, տասնվեցն է մտել. այս էլ ե՞րբ խելքի պիտի գամիտք է անում մայրըայդպես երեսի վրա գցել չի լինի, չարին մի ճար պիտի գտնվի: Ազգականները հավաքվում են, ով ինչ իմանում է, խելքը կտրածի չափ մի բան է ասում. վերջի վերջո այնպես են մտածում, թե արի այս տղին օտար, հեռու տեղ ղրկենք, որ երես տվող ու մեջք չունենա, գուցե խելքը գլուխը հավաքի. այդպես քանի-քանի օրինակներ են եղել. ասածը արած է, առնում են Ծատուրին Կերչ են ուղարկում մի բազազի մոտ, բայց տարին անցած-չանցած այնտեղից էլ են դուրս անում. համ գող է, գրում են, համ ծույլ է, համ էլ առևտրից բան չի հասկանում: Մի քիչ ժամանակ անց մայրը նորից վերցնում Քաթարինաթար85 է ուղարկում. չորս ամսից հետո այնտեղից էլ են ս... անում. գլուխը հաստ է, ասում են, ծույլ է ու համառ, ձեռքն էլ մաքուր չէ: Մայրը չի իմանում ինչ անի, քիչ է մնում խևանա կնիկը: Լավ է, որ այդ ընթացքում մի թոփթեցի86 է հանդիպում. «Այդ տղին ինձ տվեք, — ասում է, — ես դրան խելքի կբերեմ, մարդ կանեմ, մեր արհեստը առևտրի նման դժվար բան չէ, — ասում է, — ով էլ որ լինի, շուտ գլխի կընկնի»: Առնում է Ծատուրին գյուղ է տանում: Ճիշտ էլ, գյուղացու արհեստը ինչ շատ խելք մաշելու բան է որ, միայն թե մարդ անկյալ չլինի, դրանից հեշտ բան կա՞ որ. գութանով վարել, ցան ցանել, բերքը հավաքել, կալսել, խոտ հնձել, աթար կտրելդե՛, այսպիսի բաներ. բայց դու այն տես որ չորս-հինգ ամսից այդ գյուղացին էլ հետ է բերում տղին ու ասում մորը. «Ես բթամիտ շատ էի տեսել, բայց այսպիսին հեչ հանդիպած չէի, այս ավանակը չորս ամսվա մեջ չկարողացավ ճանաչել, թե որն է ցորենը, որն է գարին, գլուխը շա՛տ հաստ է եղել, ես դեռ այդպիսի ցուցանք չէի տեսել, այս առաջին անգամն է, որ տեսնում եմ. ոչ թե վարել չգիտիիհարկե, որս էլ որ լինի սովորած աշխարհք չենք եկելնայելով, նայելով սովորել ենքսովորել էլ չի ուզում, դու իրեն բան ես ասում, նա ճանճ է բռնում. այնպես էլ ծույլ է, որ չգնաս, չզարթնեցնես` մինչև ճաշ կքնի. իսկ ուտելու, յո՛ւհյ, ամենամեծն է, երեք մարդու չափ բան է ուտում. կալ անելիս քիչ էր մնում ձիերի ոտքերի տակը ընկներ, անկարգն է, որ հատը չկա. ա՛ռ, յանկա, որդուդ, չեմ ուզում, գուցե մի ուրիշ արհեստի հարմար լինի, բայց գյուղի գործին պիտանի չի», — ասում է ու գնում: Մեր Ծատուրը գյուղին էլ պետք չի գալիս:

Следующая страница