Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Մայրը մի չոբան ազգական է ունենում. «Արի՛ որդուս չոբանին տամ, ինչ լինի թող լինի», — ասում է ու այդ չոբանին է հանձնում Ծատուրին: Չոբանը համաձայնում է, երկու օր հետը ման է ածում ու սովորեցնում. «Որ արևը այստեղ լինիմատով երկինքն է ցույց տալիսքաղաքին մոտ կարածացնես տավարը, որ արևը այնտեղ լինի, մի քիչ կքշես, որ դեպի այն կողմը գնա, իբր արևը, տավարը ջրելու կտանես, դեպի վար իջնելու որ լինի, կսկսես կամաց-կամաց դեպի քաղաք քշել»: Ես ի՞նչ իմանամ... ինչ որ իր արհեստին հարմար բաներ պետք է, ասում է մարդը ու տավարը հանձնում է Ծատուրին, ինքն էլ մի առ ժամանակով տուն է գնում: Երբ որ չոբանը գնում է, այս Ծատուրը քշելով-քշելով տավարը մինչև Օրթա-օպան է տանում. Օրթա-օպային որ հասնում է. «Արի մի քիչ թիկն տամ», — ասում է ու օպայի շվաք կողմում պառկում է. այդպես էլ պառկած մնում է մինչև մթնելը: Տավարը ինքն իրեն արածելով, արածելով ջրի էլ է գնում, ետ էլ է գալիս, զանգերի ժամանակ քաղաք էլ է գալիս, իհարկե, առանց չոբանի տավարը ինչ շնորհք պիտի ունենա, հայվանները, ճիշտ է, քաղաք գալիս են, բայց այն օրը երեսուն-քառասուն կով իրենց տունը չի գնում, որը բազարի տեղն է մնում, որը` փողոցների մեջ, որն էլ բաց բակերն է մտնում, այդպես էլ մնում են, երեք կով էլ բոլորովին կորչում են: Մյուս օրը կովերի տերերը թափվում են չոբանի վրա. թե` էս ի՞նչ խաթա բերիր մեր գլխին: «Ի՞նչ եմ արել որ», — ասում է մարդը` «էլ ի՞նչ պիտի անեիր, որտե՞ղ են մեր կովերը»: Մարդը տեսնում է, որ իրոք կովերը չկան, փողոցե փողոց է ընկնում, արյուն քրտինքի մեջ է ընկնում, հազիվ հազ գտնում է, երեք հատից բացի. այն երեք հատն էլ ո՞վ գիտի, ինչպես են կորել. կամ իրենց ոտքով փախել են, կամ չոմաքների եզների հետ են գնացել, դա էլ մի չլինելու բան չի, գիտե՞ս, կամ հո գողերը գողացել են: Ուրեմն հարյուր տասը մանեթ տանկլ-տանկլ համրում է, մարդկանց է տալիս ու ձեռքներից ազատվում ողորմելի չոբանը, ասել է, թե տարվա վաստակը ձեռքից բաց է թողնում:

Գալիս է մեր Ծատուրի գլխին. «Տո՛, այս ի՞նչ խաթայի բերիր ինձ», — ասում է: «Ի՞նչ եմ արել որ», — ասում է անշնորհքը: «Էլ ի՞նչ պիտի անեիր», — ասում է չոբանը ու ձեռքի մահակով մեկ-երկու զարկում է կռնակին. «Գնա՛ բանիդ, թամբալ շուն, — ասում է, — դու չոբան լինելու արժանի՞ ես որ». ու սկսվում է դրա հայհոյանքը, սկսվում է դրա հայհոյանքը... սիրտը հովացնում է խեղճ մարդը ու գնում բանին:

Էլի մեր Ծատուրը մամայի վզից է կախվում: Հիմա ի՞նչ անի ողորմելի կինը, մի բանի էլ պետք չեկավ իր ծաղիկ որդին: Բավական ժամանակ պարապ բոշ տանն է մնում ու մորը մուրացածը, արյուն-քրտինքով վաստակածը լոփ-լոփ ուտում է ու ամբողջ օրը անկողնի մեջ ոտքերը երկարացրած աջ կողմից ձախ կողմը, ձախ կողմից աջ կողմն է շուռ տալիս. այսպիսով օրեր, շաբաթներ ու ամիսներ է անցկացնում:

Մի օր, չգիտեմ մայրը ուր է գնում, գնալու ժամանակ տեսնում է մի ռուս մարդ տոպրակը ուսին, ցուպը ձեռքին, գնում-գնում ու կանգնում է. տոպրակը ցած է իջեցնում, մի բան գետնից վերցնում է, մեջը դնում, մի քիչ էլ է գնում, նորից տոպրակը ցած է բերում, էլի մի բան գետնից վերցնում է, մեջն է դնում ու նորից իր ճամփան գնում: «Սա ինչ տեսակ բան է», — մտքում ասում է կինը: Արագ-արագ գնում է, ետևից հասնում «փասլյուշի87, — ասում է, — այդ ի՞նչ է ժողովածդ»: «Ոսկոր եմ հավաքում», — ասում է մարդը: «Գլխի՞դ պիտի զարկես, հարցնում է կինը ծիծաղելով, այդ ի՞նչ հորս ցավն է, որ հավաքում ես, պետքական բա՞ն է որ»:

«Հապա, — ասում է այդ ռուսը, — այս ոսկորը ժողովում եմ ախոռումս, հավաքում, հետո տանում եմ ֆլանին ծախում». «Այդ ո՞ր խևն է ոսկորին փող տալիս», — ասում է կինը. «Հապա՛, ի՛, — ասում է ռուսը, — փութին եռեսուն կոպեկ ո՞վ չի տա որ, միայն բեր»: «Օրը քանի՞ հատ բան պիտի գտնես, որ մի փութ բան կարողանաս հավաքել», — ասում է կինը: «Ինչո՞ւ, — ասում է մարդը, — օրը չէ՛-չէ՛, 3, 4 փութ միշտ գտնում եմ, այնպես օր է լինում, որ ութը փութ եմ հավաքումպատահմունքը գիտի, մեծ պասին, սուտ չէ, քիչ է ոսկոր ասած բանդ, բայց սողումի ժամանակ, միայն հավաքել կարողացիր, քսան փութին էլ համաձայն չեմ»:

Կնոջ միտքը իսկույն բան է ընկնում. «Արի, — ասում է մտքում, — որդուս այս արհեստին դնեմ, համ հեշտ բան է, համ հաշիվ չի ուզում, համ խելք չի ուզում, համ գրագիտություն չի ուզում, իսկական ծույլ մարդու արհեստ»: «Փասլյուշի, — ասում է, — ինչ վարձ կտաս որդուս, երբ որ մոտդ տամ». «Բողազին նայելուց բացի, — ասում է մարդը, — տարին քառասուն մանեթ կտամ, միայն թե գործին ուշադիր լինի ու օրե օր ջանա ավելի ու ավելի ոսկոր հավաքել»:

Ուրեմն, մյուս օրը, վերցնում է մայրը որդուն ու այդ ոսկոր հավաքողի մոտ բանվոր է տալիս: Երկու օր է անցնում, տղան վայնաչարի ոսկոր է հավաքում ու բերում տիրոջ տունը լցնում: Երրորդ օրը տերը ահագին բան հավաքած գալիս է, Ծատուրին է հանդիպում, տեսնում է, որ դատարկ տոպրակով է քայլում. «Տո՛, ինչո՞ւ տոպրակումդ բան չկա», — ասում է, — մի տես իմ տոպրակը բերնե բերան լիքն է: «Քաղաքի մեջ ոսկոր կա՞ որ, բոլորը շները կերել են», — ասում է Ծատուրը: Մարդը բարկանում է, պարզ բան է, որ տղան սուտ է ասում: «Որ այդպես է, շալակդ առ այս լիքը տոպրակը ու տուն տար, ձեռքիդ դատարկը ինձ տուր», — ասում է մարդը: Ծատուրը նրան է տալիս իր դատարկ տոպրակը, նրա լիքը ինքն է վերցնում. մարդը գնում է նորից հավաքելու, դա էլ դեպի տուն է գնում: Մի քիչ հետո ետ է նայում, տեսնում է, որ տերը աչքից կորավ, մի պատի տակ է մտնում, տոպրակը գետնին դնում, «մի քիչ թիկն տամ», — ասում է ու պառկում ու պառկած տեղը խոռ-խոռ քնում: Էլի անցնում է բավական ժամանակ: Մեկ էլ տեսնում է մեկը փայտով կտկտացնում է. տղան աչքերը բացում է, ի՞նչ տեսնի, տերը լիքը տոպրակը մեջքին դիմացը կանգնել է. «Տո՛, այստեղ ինչ գործ ունես», — ասում է մարդը: «Մի քիչ թիկն էի տվել, հոգնություն էի առնում», — ասում է Ծատուրը:

«Ջվալդ տուն տարա՞ր», — հարցնում է տերը: «Չէ՛, հիմա կտանեմ», — ասում է տղան ու չորս կողմն է նայում տոպրակը փնտրելով. ի՛նչ ոսկոր, ի՛նչ ջվալ, արաբաճամփի վրա պատռտած լաթերն են քաշ գալիս: Մինչև որ մեր Ծատուրը իր համար անուշ-անուշ քնել էր, թաղի քաղցած շները թափվել են դրա ջվալի վրա, պատառ-պատառ են արել, մեջի ոսկորները որը կերել են, որը առել տարել, ջվալն էլ այնպես են կտրտել, որ ճանաչելու բան չի: Տերը բարկանում է, մի լավ գանահարում է Ծատուրին ու վռնդում. «Հայդե, ս... աչքիցս, — ասում է, — դու այս արհեստի համար անպետք ես»:

Ծատուրը նորից մամային է գնում: Ինչ խոսքս երկարացնեմ. դրանից ջրկիր էլ է դարձնում, հող փորողի էլ է տալիս, բազարի մեջ մանրավաճառություն էլ է անել տալիս, բայց մի բանի էլ պետք չի գալիս մեր Ծատուրը: Էլ աշխարհիս երեսին արհեստ չի մնում որ դրան չտանտղան մեկին էլ հավես ու հասկացողություն չունի, մնում է, որ քարը առնեն, վզին կապեն ու ծովը գցեն: Հա՛. այս էլ ասեմ, որ լրիվ լինի մեր Ծատուրի առակը, որովհետև իսկական առակ է այս տղի բանը, մարդու որ ասես` չեն հավատա: Մի օր մայրը գնում է աղաների մոտ, ոտքերն է ընկնում, աղաչում է, պաղատում, «Որդուս պահակ դարձրեք», — ասում է: «Թող լինի», — ասում են ու տնից քսան կոպեկ վարձ են կապում, այնպես որ` ամիսը երկու մանեթի չափ բան պիտի առներ: Բայց առաջին գիշերը գնում է Ծատուրը մի դարպասի տակ պառկումպառկածն էլ այն է, որ մյուս առավոտն են արթնացնում... այդ գիշեր, թարսի պես, հենց այդ տունը, որի դարպասի տակը որ պառկել է, գողեր են մտնում, տունը դատարկումերևի միջի ապրողները պահակ ունենք ասել են ու դռները կամ պատուհանները լավ չեն փակել: Ծատուրի օձիքից բռնում են, չեն պոկվում: «Այս ինչպես է եղել, որ, — ասում են, — այսքան ժամանակ պահակ չունեինք, մի փորձանք էլ եղած չէր, այս պահակ բռնած օրը խաթա պիտի գար մեր գլխին» — հասարակ բան չէր:

Մեր Ծատուրին բանտ են դնում և տարի ու կես պահում: Նրա հոգն էլ չէ. պատրաստի հաց, պատրաստի ջուր, պատրաստի սենյակ, դրանից էլ լավ ի՞նչ բան կա: Ամբողջ օրը ոտքերը նստարանի վրա երկարացրած պառկում է, աջ կողմից ձախ կողմը, ձախ կողմից աջ կողմն է շուռ գալիս, այսպիսով այն տարի ու կեսը, ժամ ու կեսի պես անցնում է մեր Ծատուրի համար: Վերջի վերջո դուրս են անում բանտից, մի հատ բռունցքով ծոծրակին խփում են. «Գնա՛ բանիդ, անշնորհք ապուշ», — ասում են ու քշում:

Էլի մամայի վրա է գնում մեր Ծատուրը: Մաման էլ, խեղճը, ի՞նչ պիտի անի, Աստծու պատիժն է, ասում է ու նստում մի կողմ: Մի օր տղան քնից հանկարծակի զարթնում է. «Մա՛մա, — ասում է, — մի զարմանալի երազ տեսա, — ասում է: Երազիս մեջը տեսա, որ ծոծրակիս մի երկար, կնկա մազ էր բսել, ի՞նչ պիտի լինի այդ»: Մայրը միտք է անում, միտք է անում, ֆալ գցել է տալիս, հայելի նայողին է գնում, դուռ-դրացու է հարցնում, վերջի վերջո այսպես միտք են անում. «Երևի Ծատուրի բախտը ժամից է, կամ տիրացու պիտի լինի, կամ տերտեր, որովհետև երկար մազով տղամարդիկ տերտերներն ու տիրացուներն են»: Մարդկանց ասածը ասած էր: Մյուս օրը առնում է մայրը այդ հիմար Ծատուրին ուղիղ ժամի երեցփոխանի մոտ է տանում. «Վերը Աստված, վարը դու, — ասում է, — որդուս բախտը ժամից է. երազում ծոծրակին երկար մազ է բսել, ֆալը ասում է, թե տերտեր պիտի լինի: Դու որ չանես, ո՞վ մեզ պիտի անի այդ լավությունը: Երեցփոխանը հավատով մարդ էրայդպես երազների, ֆալերի, աչք, ունք խաղալու, ձեռքի ափը քոր գալուն շատ հավատում էր. «Որ այդպես է` այդպես թող լինի», — ասում է: Դառնում է տղին ու` «Կարդալ գիտե՞ս», — հարցնում է: «Մի ժամանակ գիտեի, բայց…», — ասում է տղան կոտրատվելով: «Է՛հ, լավ, — ասում է երեցփոխանը, — իմ կարծիքով, տերտերի, կամ տիրացուի համար կարդալը այնքան էլ պետքական բան չէայնքան որդեՁայնդ ինչպե՞ս է, լա՞վ է»: Տղան քթի տակ մռմռում է… «Է՛հ, լավ, այդ հետո կտեսնենք»:

Խոսքս ինչ երկարացնեմ. ժամ մտածն էլ այն է, մեր այդ հիշյալ Ծատուրը, իհարկե, ինչեր չտվող Աստված է, մեռնեմ անունին, բոլորովին ուրիշ մարդ է դառնում: Վրան գլուխը նոփ նոր, փորը կուշտ, ամեն հոգու հացի, ամեն կնունքի, հարսանիքի, խնջույքի ու ամենաբարձր մարդկանց հետ է նստում վեր կենում, ուտում, խմում, մի տարի անցնելուց հետո այդ երեցփոխանի ազգից աղջիկ է առնում, տուն տեղ լինում ու մարդու շարք անցնում:

Դրանից հետո աշակերտ է հավաքում, սովորեցնում, տակից էլ ահագին փող է հավաքում: Այսօրվա օրս էլ դե՛, տերտեր պիտի լինի: Ինչե՞ր չտվող Աստված է, մեռնեմ զորությանը:

Ափսոս, որ ջահել ժամանակս չգիտեի, որ տերտեր լինելը այսպես հեշտ բան էր, ես էլ որ տերտեր լինեի, ինչո՞վ ուրիշներից պակաս պիտի լինեի: Բայց, Աստված տա, որդիս որ մեծանա, մտքումս կա նրան տերտեր անելու, մանավանդ որ տեսնեմ ուսումի կամ առևտրի հավես չունի, որովհետև իմաստուն տերտերիայդ շատ ստուգված բան էբախտը միշտ փակ է լինում:

ՎԱՐԺԱՊԵՏ

Այն օրը մի տարեց ծեր մարդ ներս մտավ, առաջին անգամ տեսած մարդս էր: Մուգ կապույտ, կեղտոտ, բռնոթիի հետքերով թաշկինակի մեջ փաթաթած կլոր բան ուներ թևի տակը: Բարով-Աստծու բարին:

Ի՞նչ ես ուզում:

Քեզ մի խնդիր ունեմ, վարժապետ, — ասաց:

Ասա՛, տեսնենք ի՞նչ է խնդրածդ, — ասի:

Մեր տեղի սովորությամբ հրամեցեքի չսպասած, մարդը աթոռը քաշեց նստեց ու վաղուցվա բարեկամի պես զրույցի բռնվեց: Մենք այդ կողմից շատ հասարակ մարդիկ ենք. մեկ մեկու հետ ցեռեմոն, պատիվ-բան չգիտենք, այլ ռուսի կամ մի ուրիշ օտար մարդու հետ է, որ մեզ շենքով պահել գիտենք. հայի որ հանդիպեցինք, ով կուզի թող լինի, չուզեցած տեղից էլ բերաններիցս գռեհիկ, անկարգ խոսքերը ջրի պես վազում են. մեկս մեկի հետ նստած ելածներս էլ խախոլից էլ վատ է լինում. «Խև՛, ապո՛ւշ, զավզա՛կ, հայ քումայրդ-հայրդ այսպես-այնպես», սա մեր ամենօրյա խոսքերն են, մեր զրույցի ու սոյբաթի աղն ու տաքդեղը. իբր թե մենք մեկ մեկի շատ սիրում ենք ու պատիվ ենք տալիս, որովհետև սուտմուտ ցեռեմոններ չենք բանեցնում, մեկ մեկին չենք խաբում, ինչպես որ ներսից մաքուր ենք, այնպես էլ մաքուր դրսից ենք ցույց տալիս... է՛հ, ինչ էլ լինի, խոսքս այս էր, որ այդ ներս մտնող մարդը, առանց հրամեցեք անելու աթոռ վերցրեց նստեց: Քեֆս հարցրեց, պապայիս, մամայիս, տիկնոջս, երեխաներիս «ինչ անելները» իմացավ, հեռավորներս լա՞վ են, հանգի՞ստ են, վաղո՞ւց է գիր չեմ առել: Պարզ երևում էր, որ մարդը առաջին անգամ հանդիպած էլ որ լիներ, էլի շատ սիրում էր ինձ: Սրանից հետո կարո՞ղ ես, կհամարձակվե՞ս ասել, թե մենք հայերս մեկս-մեկիս սրտացավ, բարի-կամեցող չենք:

Վարժապետ, ես քեզ մի խնդիրքի եմ եկել, — ասաց նորից:

Ես էլ նոր-նորից, ի՞նչ է խնդիրքդ, հարցրի:

Խնդի՞րքս, — ասաց խոսքը երկարացնելով, — խնդի՞րքսերկու մատով քթի ծայրը բռնեց, երեսը անկյունին դարձրեց` բոռոզանի88 ձայն հանելով բավականին բռնութոտ քիթը մաքրեց նոր լվացած գետնին: Հետո փեշովը քիթը, բեղը սրբեցխնդիրքս, — ասաց, — խնդիրքս այս է. լսել եմ, որ Պետերբուրգի գեներալ եղբայրդ եկել է... այդ չէ, բայց դու գեներալ եղբայր ունե՞ս, ինչ է, լսած չէի:

Հա, ունեմ, հետո՞, — ասացի սրտնեղությամբ:

Մեղա, առաջին անգամ եմ լսում, դա ո՞րն է, Իվանուշը չլինի՞:

Չէ, Իվանուշը չէ, — ասի:

Հապա ո՞վ է, Ավագը չլինի՞

Չէ, չէ, նա իմ հարազատ եղբայրս չէ, հորեղբորս որդին է:

Ո՞ր հորեղբորդ, էն մի մեծ Գևորգ հորեղբայր որ ունեիր, նրա որդին չլինի՞...

Չէ, — ասի, — տեր Պետրոսինն է:

Այ մարդ, վերջ տուր, այն Սթառափոլի՞89 տեր Պետրոսի որդին էտես է, չգիտեի, մեղա, պռավա90, տեր Պետրոս, որդին գեներալ եղավ, հա՞...

Բարկացա:

Այ մարդ, արի ինչ որ ասելու ես, ասա, հիմա մե՞զ են դրել ուրիշների գեներալ որդիքը համրելու:

Ասի ու վեր կացա տեղիցս, որ խոսքը կարճ կտրի, բայց հյուրիս վեջն էլ չէր...

Այն չէ, բայց, — ասաց հյուրս, — վարժապետ, հրամանքդ սովորություն ունի՞ արաղ խմելու:

Չէ՛, — ասի, — արաղ էլ չեմ խմում, գինի էլ չեմ խմում, փունջ էլ չեմ խմում:

Հապա ի՞նչ ես խմում, — հարցրեց:

Սիրտս քիչ էր մնում տրաքեր, բայց էլի ինքս ինձ պահեցի:

Ի՞նչ պիտի խմեմ, — ասի, — դե, ինչ որ մարդիկ խմում են` չայ, խաֆե:

Խահվե՞, նիչեվո, այն էլ գեշ չի:

Ուզում ե՞ս, ինչ է, — հարցրի:

Ինձ պատասխան չտվեց, դռան մոտ որդիս էր կանգնած:

Տո՛, պստի՛կ, — ասաց որդուս, — գնա յանկային ասա՛, մի-մի գավաթ խահվե թող ղրկի... պատի մոտ հենց նոր մի դեզ կովի թրիք տեսա, երևում է, որ կով ես պահում, կաթի-մաթի փող չես տալիս, տո՛, պստի՛կ, յանկային բարև արա՛, ասա որ Թաթիոս-ան բարև արավ. ասա՛ խահվեն ջրի կաթով չտաս, — ասաց, — ասա` էն հյուրերի համար ամանով հաստ սեր պահած որ ունես, ասա՛, այն ղրկե, — ասաց, — ասա՛, կլսե՞ս, դե գնա՛, այդպես ասա՛ ... խե, խե, խե, խե...

Արդեն ժամանակը հասել էր այս անամոթի թևից բռնելու ու դրսի դուռը ցույց տալու, բայց էլի ինքս ինձ պահեցի. ի՞նչ մեղքս պահեմ, հայի լեզվից վախեցա:

Այդ չէ, բայց, — ասի, — Թաթիոս-ա, դու կարծես մոռացել ես թե ինչի համար ես եկել:

Չէ՛, ինչի՞ պիտի մոռանամ որ, հեչ էլ մոռացած չեմ, ես քեզ մի խնդիրքի եմ եկել:

Այս ինչքան ժամանակ է ասում ես, ասում ես, չես ասում, — ասի:

Առաջ թող խահվեն բերեն, ուրախությամբ կասեմ: Աղքատ էլ որ լինեմ, ինչ մեղքս պահեմ, լավ բաներ շատ եմ սիրում... Ափսո՛ս, ափսո՛ս զավետենի91 չես արել տանդ գինի կամ արաղ պահելու, դա ի՞նչ հորս ցավն է որ, մի-երկու կոպեկի բան կառնեմ, մի կողմ կդնեմ, գոլաբի անկյունը թող գնա, թող մնա... Մարդ ես, աշխարհ է:

Թաթիոս-ա, քեզ մի ճիշտ բան ասե՞մ, — ասի, — արդեն դանակը ոսկորին էր հասել, — ես շտապով տնից պիտի դուրս գամ, ինչ որ ասելու ես, ասա՛ վերջացրո՛ւ, ես գործի տեր մարդ եմ:

Է, ի՞նչ այդպես շտապ. գործը քեզանից պիտի փախչի՞, ինչ է. այն գործը երբ էլ որ լինի, կլինի, գործից ազատվել կա՞ որԱմեն օր գործիդ հետ ես, մի օր էլ իմ հետս եղիր, էլի, ի՞նչ կլինի որ...

Այդ ասելիքդ անպայման այսօր պիտի ասես, ուրիշ օր չի՞ լինի, ինչ է, — ասի, — բայց միտքս այսպես էլ. «Մի ես քեզ հիմա գլխիցս ցանեմ, մեկ էլ երեսս որ տեսնես, թող լինի երկուս»: Բայց հարամ սատկելու սրիկայի զավակը միտքս հասկացավ:

Մեկ էլ քեզ ո՞վ պիտի տանը գտնի, հազիվ այսօր թավը գցեցի, այն էլ ուզում ես պոչ խաղացնել. դու գիտե՞ս, քանի օր է ետևիցդ եմ ընկել, առավոտը գալիս եմ, ասում են` «Սապլինի Ակոփջանին է գնացել, նրա երեխաների՞ն ես սովորեցնում, ինչ է, իրիկվա կողմ եմ գալիս, էլի ասում են այնտեղ է գնացել. ժամանակ առ ժամանակ դարպասիդ մոտ կես ժամ իզուր սպասելս էլ է եղել, բայց չէիր երևում, պարզ բան է, որ ուշ ես գալիս

Մարդը, վրայից հայտնի է, որ օձիքիցս պոկ գալու միտք չուներ, մի ծայրից զրույցի էր բռնվել ինձ հետ: Շատ չարչարվեցի այս բոշբողազին օձիքիցս քանդելու, բայց դուռը չգտա, նա իրեն ուզեցածը արավ, ես իմս չկարողացա անել:

Այդ ժամանակ խաֆեն էլ առոք-փառոք ներս բերին, փառավոր հաստ սերն էլ, որ անուշ, սիրելի հյուրերիս համար էի պատրաստել, սկուտեղի մեջտեղում էր դրված, կանայք ի՞նչ իմանան, թե եկողը ով է, կարծել են թե անուշ սիրեկան հյուրերիցս մեկն է, այնինչ, եթե որ ատրճանակով էլ դուրս անելու լինես, ատրճանակի ամենավատը պիտի փնտրես այդ տեսակի հյուրի համար:

Երբ որ ծաղիկ Թաթիոս-ան սկսեց ծանր բարակ, ինչպես որ ինքը ասաց, հաճույքով խաֆեն կում-կում խմել, մեկ էլ տեսնես քթից մի պուտ բռնութիոտ ջուր կաթեց գավաթի մեջ, որ տեսա, քիչ մնաց պիտի փսխեի... ֆը՛յփնթի եղածովդ... — ասի մտքիս մեջ, բայց Թաթիոս-այի սկի վեջն էլ չէր, մոր կաթի պես հալալ-հալալ խմեց այդ կապլիով խաֆեն, ու խմելուց հետո կեղտոտ բեղը սկսեց լիզել, լեզվի ծայրը մինչև քթի ծակը հասցնելով...

Մեր տեղը այս սովորությունն էլ տղամարդոցս մեջ շատ փռված է, ինչ էլ որ չինի, էլի բան է իրեն համար, ջեբի օգուտն է, ջրի-սապոնի շատ փող չի գնա, թե չէ, Աստվածդ կսիրես, — քիթդ մաքրել որ ուզենաս փլաթոքիդ մեջը, քիթ ու պռունկդ սրբել որ ուզենաս, փլաթոքովդ սրբես. դա ինչ հեշտ բա՛ն է, դրան, Աստվածդ կսիրես, ջուր ու սապո՞ն կբավարարի, այդքան գործածելուն փլաթո՞ք կդիմանա, այդ սապոնը, ջուրը, փլաթոքը ձրի՞ է, ինչ էդուն բանիդ նայի՛, մեզ այդպես ցեռեմոններ շատ չի վայելի, անցյալի սովորությունները, եթե միայն դրանք էլ լինեն, ամուր պահենք... Աստվածդ կսիրես, խարջներս քանի գնաց շատացավ. մանեթի առած ապրանքը բերում ենք յոթանասունհինգի ենք տալիս, դես ու դեն ընկնելն էլ մեզ օգուտ, դրան փո՞ղ կդիմանա, հա՛, տե՞ս, թևավոր դրոգից հրաժարվեց ֆաեթոն կամ լինեյկա մեջտեղ բերեց, կարո՞ղ ես դու էլ չանել, ուրիշները տասնհինգ-քսան մանեթանոց կառապան են բռնում, գոմում երկու-երեք վարգաձի են պահում, կարո՞ղ ես դու էլ այդպես չանել. ուրիշների կանայք, աղջիկները բուլվար են գնում մուզիկ լսելու-մուզիկն էլ մուզիկ լինի գոնե, Մոսկով որ բակերը մուրալու համար շրջում են, իսկական նրա նման բանդրա համար էլ կոստյում է պետք նրանց, կարո՞ղ ես դու էլ ետ մնալ մյուսներից, մյուսներըա՛յ մարդ, դրա ո՞ր մեկը ասեմ, հիմիկվա ձևերի տեսակները շա՛տ, է՛հ, լավ, նրան էլ փառք, որ գոնե մեր խելոք տղամարդիկ դուռը գտել են սապոնի ու փլաթոքի հաշիվը ամուր բռնելու: Որպեսզի փլաթոքը գրպաններում մաքուր, սոսուն մնա, մեր հնարագետ նախիջևանցին մի ուրիշ ֆանտ էլ է գտել. փսլինքը քաշում է վար թքում. մի քիչ զզվելի բան է, բայց էլի նիչեվո, ջեբի օգուտ է. այդ սովորությունըես քեզ ասեմ, դու մարդու չասեսմի քիչ էլ մեր կոտրատվող կանայք էլ ունեն, աշտո՛ժ, նիչեվո, շեն կենա, երևում է, որ տղամարդկանց աշխատանքը, ջանքը ափսոսում են

Հետո՞, — ասի Թաթիոս-ային, երբ որ դատարկ գավաթները ետ տարան, կարծես թե դու մի խնդիրք ունեիր...

Հա՛, խնդի՞րքսես քեզ, ջանս, վարժապետ, նեղություն էլ որ լինի, այս բանը պիտի խնդրեմ. գեներալ ախպորդ համար ասում են թե Փեթռեփուրկ92 ամենաբարձր նեվեռսեթները93, երեխաներ է սովորեցնում... այդպե՞ս է, թե չէ...

Է, հետո՞, թող այդպես լինի, ի՞նչ ես ուզում ասել:

Ես էլ մի որդի ունեմ:

Հետո՞

Կարդալու շատ հավես է. այնքան կարդալու չէ՛, որքան որ գրելու, շարադրելու, ա՛-վե՛-լի՛ է սիրում այդ շան երեսը գրել, — ասաց ու այն պլաթոքով փաթաթած կլոր բանը սկսեց կամաց-կամաց քանդել. մի կողմից քանդում էր, մյուս կողմից ասում.

Առավոտից մինչև իրիկուն թուղթը, թանաքամանը, գրիչը, առջևը ճը՛ռ, ճը՛ռ, ճը՜ռ գրում է, գրում է, գրում է ու հետո սկսում է այդ շարադրանքը կարդալ, այնպես անուշ եղանակով է կարդում շան զավակը, որ մարդու հավես է գալիս. մի անգամ արի, մտիկ արա՛, շատ կհավանես:

Հետո՞, ինչ է գրում, կարո՞ղ եմ մի աչքի անցկացնել որդուդ գրածը:

Հապա, հապա, դրա համար առել բերել եմ ո՛ւ, այս դաստա թուղթը տե՛ս, — ասաց և իսկապես մեկ դաստա ծայրեծայր գրած թուղթ հանեց, այսքան բանը նրա գրածի հարյուրերորդ մասն է, տանը դեռ շա՛ա՛ա՛տ, բոլոր պահարաններս, դարակներս, նստարանի յաշչիկները բերնե բերան լցված են

Բեր մի նայեմ ի՞նչ բան է դա, — ասի:

Ա՛ռ, — ասաց, — ու այդ դաստա թուղթը ձեռքս տվեց:

Առա ու սկսեցի աչքի անցկացնել:

Առջևի երեսի վրա այսպես էր գրված.

«Փառավորյալ, օրթնափանյալ, ժամանակյալ

Քրիստոսի ծառա Թորոս Թոխմախովս ամեն»:

Սրանից բան չհասկացանք: Մյուս երեսը դարձրի, դրանից էլ առաջինից ավել բան չհասկացա, այնտեղ էլ այսպես էր գրված.

«Զժամանակ, զթաքավոր, զբազմամեղ,

Զքոխքոթա, զփիլիպոս և զառաքյալ,

Զավետարան զաստվածաշունչ և զնարեկ,

Զհորթանան, զմկրտյալ և զովանես»...

Մի քանի երես գցեցի ու հետո այս խոսքերը կարդացի.

Եվ երես զաստուած, զի քընացյալ է,

Զձեռին և զոտին համփուրյալ է,

Զմախթան վերին նա ասացյալ է,

Զհեթնոց, զվերչնոց նա կործանեալ է,

Համփառնամ քառին, վասն մեր մեղուր,

Օծութեամբ Քրիստոսի և հույժ տանչանաց,

Մեղա երորթութեանըդ առաչի սեղանին

Փազմամեղ մարդույս զաթամա որդին...

Քանի որ ես աչքի էի անցկացնում այս խենթ գրվածքը, հայրը կարծում էր, թե կարդացածս մի զարմանալի բան է, բերանից շողինքը վազելով, աչքերը ջրոտած, ուրախ-ուրախ երեսիս էր նայում, կարծես թե ուզում էր ասել. «Հետո՞, տեսա՞ր, ասածս ճի՞շտ եղավ, ինչպիսի գիտուն որդի ունեմ, սո՞ւտ էի ասում, որ որդիս իմաստուն է»:

Դաֆտարը մի կողմ դրի ու ասի Թաթիոս-ային.

Ինչի՞ համար ես այս դաֆտարը բերել ինձ:

Մարդը վախեցավ, հեչ մտքից չէր անցկացնի, որ ես այդպես հարցմունք անել կհամարձակվեմ:

Հը՞, — ասաց կես հարցնելով, կես զարմանալով:

Ես քեզ ասում եմ, ի՞նչ պատճառով ես այս դաֆտարը ինձ բերել:

Չհավանեցի՞ր, ինչ է, — ասաց Թաթիոս-ան, անպատկառ վրաս նայելով, բուի աչքերը այնպես էր կատաղությամբ վրաս տնկել, որ կարծես թե հում-հում ուտել էր ուզում ինձ: — Ի՞նչ է, չհավանեցի՞ր, ինչ է, — հարցրեց նորից:

Այստեղ հավանելու բան կա՞ որ, — ասի:

Ի՛, ճի՛շտ, — ասաց ծաղրելով, — այդ միշտ ձեր գրածը, շատ գրած բան, լավ է որ չունեք հոբանի կարգ է լինում, դրանով անուն, պատիվ, չին բան եք առնում, ուրիշներինը բանի կարգ չի լինումինչի՞ց է այդ... որդուս գրածը ինչքան որ տեսնում ես այդքա՞ն է, ինչ է, դու մի արի, ինձ լսիր, պահարաններումս տեղ մնացե՞լ է որ, բոլորը լցրել է խեղճը, դու դեռ չես հավանումես որ այստեղ եկա խեղճս դեռ գրում էր... եթե չես հավատում, իրիկվա կողմ մի զամբյուղ բան որդուս շալակը դնեմ ղրկեմ աչքովդ տե՛ս

Ո՞վ է ասում, ես հավատում եմ, որ որդիդ գրել է ու գրում էլ է, բայց...

Որ հավատում ես, լսի՛ր ինձ, մի լավություն արա, եղբորդ գրի, այդ նիվեռսեթ է, ինչ հորս ցավն է, որդուս առնի կամ վարպետ94, կամ վերակացու թող դնիԱյ, այն ժամանակ կիմանանք, որ դուք էլ մարդու ձեռքից եկած լավությունը չեք խնայի...

Տեսա, որ այս մարդու հետը քաղցրությամբ բան անել չես կարողանա, պետք էլ դրան շիփ-շիտակ բանի էությունը ասել:

Ես քեզ մի բան պիտի հարցնեմ, — ասի:

Տեսնենք ի՞նչ պիտի հարցնես, — ասաց Թաթիոս-ան:

Վաղո՞ւց է որդիդ այդպես բաներ է գրում:

Յոթը-ութը տարի պիտի լինի իմ կարծիքով, բայց հաստատ միտքս չէ, ի՞նչ է որ:

Որդիդ որտե՞ղ է սովորել:

Մի առ ժամանակ Խոնախ95 գնաց-եկավ. այնտեղից քաշեցի հանեցի տիրացու Ասվատուրին տվի` այնտեղ էլ, շատ-շատ, երեք չորս ամիս մնաց ու ձեռ քաշեց վարպետ գնալուց: Ես քեզ մի զարմանալի բան ասեմ, որդիս բնութքով կարդալու սեր չուներ. միտքն էլ շատ կուլ էր, բայց ինչ որ որ գիտե, բոլորը իրենից է. Աստծու շնորհքն է. գիրք ասած բանդ հիմա էլ հազվադեպ է կարդում, նրա արհեստը գիշեր-ցերեկ գրել-շարադրելն է. ինչ որ այդ կարդացիր, պահարաններիս, դարակներիս միջի բոլորն էլ, մտքից է հանել: Չիմանաս, որ ուրիշների պես կամ սովորած բանն է գրում, կամ` գրքից սերտած բանը, չէ՛, ա-մե-նե-վին. նա ինչ որ գրում է, բոլորն էլ իրեն սոփսնի96 գլխից է գրում. գրում է, գրում է, դադարում է. մի քիչ գրչի ծայրից կրծում է, նորից սկսում է գրել. ա՛յ, այսպես տարօրինակ բա՛ն է որդուս բանը, ես քեզ խաչով, ավետարանով կարող եմ երդում անել, որ որդուս գրածը բոլորը սոփսնի իրեն մտքից է... հապա դու ի՞նչ էիր կարծում: Ես քեզ ասում եմ ո՛ւ, այնպես իմաստուն տղա է, որ հազարի գլուխ է:

Քանի՞ տարեկան է, — հարցրի:

Որդի՞ս, ասաց Թաթիոս-ան, աչքը առաստաղին դարձրեց ու սկսեց համրել, երբ որ մեծ պասը գա քսանչորսից դուրս կգա, քսանհինգը կմտնի...այդ ինչո՞ւ համար հարցրիր որ:

Ես իբր թե ուզում էի ասել, թե որդիդ գուցե դեռ փոքր է, աշխատենք աղա Լազարովի վարժարանը խոթելու, որովհետև այնտեղ, լսել եմ, այդ տեսակի ընդունվում են. այնտեղ մի վարժապետ կար, նա էլ, ասում են այդ տեսակի դաֆտարներ դեզերով էր գրում, հիմա, երևի, միտք ունեն տպելու, փող են հավաքում...

Մըցցը՛, երբեք, — ասաց Թաթիոս-ան, — որդիս այնպես մեծքիթ է որ, իսկական ինձ է եկել. նա՞ գնա մարդուց բան սովորի, չգնար գոնե... նրա ուզածը այդ չէ ո՛ւմենք լսել ենք, Փեթռեփուրք, ասում են, մի տուն կա, այն քու աղբորդ նիվեռսեթից ավելի վեր, անունը լեզվիս վրա է, բայց չեմ գտնում, է՛յ, ինչ որ է, թագավոր կայսրի հրամանով այնտեղ բավականին այդպես շարադրող մարդիկ են հավաքվել, չինից, պատվից բացի, որը չորս հազար մանեթ է առնում խազնայից, որը հինգ հազար, ա՛յ, այնտեղ էի ուզում որդուս տեղավորեցնել, որ իրեն ժալովնին97 գիտենար ու գիշեր-ցերեկ իր թուղթին-ղալամին հոգը տաներ... Եթե որ լավություն եք ուզում անել, այդտեղը խոթեցեք որդուս, ի՞նչ կլինի, հոգիներիդ վարձք է:

Նոր հասկացա, որ դրանց իշտահը Փեթեռփուրկ կայսերական ճեմարանի վրա է բացվել: Որդին խև է, խև է, բայց հայրն էլ նրանից ավելին չէ՞: Արդեն ժամանակ էր այս բանի վերջը անելու:

Ես քեզ մի բան ասե՞մ, — ասի, — ճիշտ է, որդիդ Փեթեռփուրկ պիտի ղրկվի, բայց քու ասած տեղդ չկարծես, քաղաքից տասներեք վեռսթ հեռու, մի ուրիշ մեծ տուն կա, գույնը դեղին, դրա համար անունը «Դեղին տուն է». ա՛յ, որդուդ հարմար տեղ. համ ձրի, համ էլ նրան օգտավետ:

Այնտեղի վճարը քանի՞ է:

Այնտեղ վճար չկա, որովհետև այնտեղ որդուդ պես հիվանդներին ճար են անում:

Следующая страница