Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

ԶԵՐՏԱԼՈՒ103

Զարմանալի բան է, ջանս, այդ զերտալու կոչված մրգի բանը: Զերտալուն որ կա, ուղղակի հայի հողից է բերվել, սկզբում Ղրիմ, հետո էլ, երբ նախիջևանցին գաղթել է այս կողմերը, առել հետը բերել է, որովհետև ասում են, թե զերտալուն հայի ամենասիրած միրգն է: Զերտալու տաճիկի խոսք է, նրա հայերենն էլ կա, ամա հիմա ո՞ւմ միտքն է. հատուկ-անվանց բառագրքի մեջ եթե փնտրես, կարող է գտնես, բայց մեր տեղի հայը միշտ զերտալու է ասում: Զերտալուի ծառը արագ աճում և մեջտեղ է գալիս, բայց ցուրտը նրա թշնամին է. ծառի հաստ բունը եթե չի փչանում, մատաղ ճյուղերը ծաղիկների աչքերը խիստ ցրտից այրվում, ոչնչանում են, որովհետև նա շատ տաք տեղից է, և արմատը` շատ քնքուշ:

Աչքովս չեմ տեսել, բայց լսել եմ, որ Ղարա-տենիզից այն կողմ, դեպի արևմուտք (արևմուտքի անունը հայերեն ինչպես է, չգիտեմ), սարից էլ որ այն կողմ անցնես, հենց այդ է հայի հողը. ասում են, թե այնտեղ մեր տեղերից շատ տաք է, ջրի էլ առատ վայր է, մատով էլ եթե մի քիչ գետինը փորես, իսկույն շա՛խռ-շա՛խռ կսկսի բխել ու վազել. զերտալուի ծառը ջրոտ տեղ է սիրում, բայց չորությունից էլ առանձնապես վախ չունի:

Հայի ապրած տեղում երևի մեզ նման վառելիք շատ չկա: Այնտեղացիները տոպրակներով այդ զերտալուի դառը կորիզները հավաքում են (քաղցրները նրանք նուշի նման ուտում են) և աշնանը ցանում են. մի երկու տարուց հետո, երբ այդ ցանածները թփերի չափ բարձրանում են, կացինը առնում են ու բոլորը կտրումահա, այդ է նրանց վառելիքը:

Հայի ապրած տեղում, ասում են, ծառի ճյուղերի վրա զերտալուն այնքան շատ է լինում, որ ծառի կանաչ տերևները չեն երևում, ծառը վերից վար դեփ-դեղին է լինում մրգից: Մեծ ու փոքր կուշտ ուտելուց հետո այնքան բան է մնում, որ դնելու տեղ չեն գտնում: Վերցնում են զերտալուն, ձեռքով կիսում են, միջից կորիզը հանում և շարք-շարք չորացնում ձմեռվա պաշարի համար: Հենց այդ չորացած զերտալուն է, որ մանրավաճառները կուրագա են ասում և ծախում օխան 30-40 կոպեկով, այնինչ իր տեղում փութն էլ այդ գինը չարժի: Չէ, դու ի՞նչ կասես, հայի հողին հող կհասնի՞ որ... Խելքս չի կտրում, եղբայր, ի՞նչ են ասել մեր անցյալի ապուշ հայերը, որ այնպիսի Աստծու օրհնած հողը գցել են ու այս կողմերը գաղթել:

Ճիշտ է, սուտ է, չգիտեմ, ասողները ասում են, թե Էրզրումի կողմերում մեկ հատ ցորենին քառասուն-հիսուն վերցրածը բոլորովին էլ հազվագյուտ բան չէ:

Ինձ որ հարցնես, աշխարհի երեսին զերտալուի ծառից ավելի գեղեցիկ ծառ չկա, մանավանդ ծաղիկները, մայիսից սկսած մինչև աշնան վերջը կափ-կանաչ կփայլեն պարտեզիդ մեջ, մյուս ծառերը` խնձորը, սալորը, բալը, պատառոտված, ժանգոտած, կեղտոտ, մարդու վրաները նայելդ չի գալիս, իսկ զերտալուն, աչքը սիրեմ, մաքուր, գեղեցիկ, սոսուն, իսկական մեր խաթուն հայ կնոջը կնմանի, որ միշտ գործի մեջ է, բայց միշտ էլ վրան գլուխը մաքուր կլինի, բողկի պես կռթ-կռթ մատղաշ:

Զերտալուի ծառը պարտեզի մեջ մյուս ծառերից շուտ է ծաղկում. արդեն հենց մարտի ցրտերը անցան թե չէ, զերտալուի բողբոջները կսկսեն բշտել, մեկ էլ կտեսնես, որ ծառը վերևից վար ճեփ-ճերմակ կդառնաայդ հենց նրա ծաղկելն է: Ափսոս որ մեր տեղի ապրիլ ամսվա այն պաղ քամիները շատ ծաղիկներ են թափում, եթե այդպես չլիներ ու ամեն մի ծաղկից մի-մի պտուղ գոյանար, ոչ թե ժողովուրդը ուտելուց պիտի տրաքեր, այլ թափելու տեղ չպիտի գտնեին մարդիկայդպես Աստծու օրհնած միրգ է հայի զերտալուն: Բացի դրանից, զերտալուն շատ նման է մեր կնոջը: Աստվածդ կսիրես, տասնհինգ տարեկանից կսկսի, ջանս, տղա աշխարք բերել, մինչև քառասունհինգ-հիսուն տարին, տարին մեկը, մեկ-մեկ էլ զույգ, հա՛ կբերի, հա՛ կբերի: Եթե մեր ջահելները Մոսկովի կամ Ռոստովի այգու սոխակների ձայնով չզմայլվեին, մեր հայը կասեմ որ հրեաներին էլ կանցներ այդ կողմից: Քամիից բացի, զերտալուի մեծ թշնամին է այդ ոչ ու փուչ, կորչելու ճնճղուկը: Եղբայր, հարյուրներով, հազարներով գալիս են թառում ծառի վրա ու կտուցով, կտուցով այնքան ծաղիկ թափում վրայից, որ ծառը մերկացնում մի կողմ են դնում:

Այդ ճնճղուկը որ կա, իմ շատ չսիրածս թռչունն է. մեկ դա մեկ էլ այն կաչաղակը. մեղայաստծու, մեղա՛, դա ինչ է, որ Աստված մեջտեղ է բերել. ձայն ասես, ձայն չունի, միսը, հո, հեչ բանի պետք չի գա. շունը որ շուն է, նա էլ չի ուտում. նրանց տված վնասը, հո, չափ չունի: Նրանց մայրերըճնճղուկի ու կաչաղակի երեսից մեր աչքը բալի ու կեռասի երես իսկի տեսնո՞ւմ է որ: Տեսնես դրանց համար էլ «փեռսիցկի փառաշոկ» չկա՞, որ լվի ու փայտոջիլի պես սատկեցնենք, ձեռքներից ազատվենք:

Անի քաղաքից դեռ դուրս չեկած, մի մարդ իր պարտեզում մի զերտալուի ծառ է տնկում ու տնկելուց հետո տարիներ են անցնում, բայց մարդը այդ ծառի պտուղի երեսը տեսած չի լինում ու այն տարին, երբ գարնանը այդ ծառը ծաղկում է, ժողովրդի մեջ լուր է տարածվում, թե Անիի հայերը միտք ունեն քաղաքը թողնելու և գնալու Ղրիմ, գաղթելու, որովհետև թշնամին բազմաթիվ ազգեր հավաքած գալիս է ու Անի քաղաքը թալանել, մեջի ժողովուրդը գերի տանել է ուզում: Այդ մարդու սիրտը կրակ է ընկնում, թե ինչո՞ւ այսքան տարի ես այս ծառի վրա այդքան ջանք թափեցի ու նրա միրգը չկերա: Ասում են, մարդը մտածմունքից այնքան է նեղվում, որ քիչ է մնում խելքը թռցնի: Որդիները, կինը, ազգականները գալիս են մարդու սիրտը շահելու, բայց ոչինչ չի օգնում, մարդը սիրահարվածի պես մի բան է դառնում: Երեկոն որ գալիս է, տեղերն է մտնում ու քնում: Որ քնում է ջանս, քնի մեջ երազ է տեսնում, երազի մեջ մի հրեշտակ է գալիս ու ասում. «Ո՛վ մարդ, — ասում է, — դու ինչու ես վիզդ ճկել, աճեցրած ծառիս պտուղի համը չառի ասելով, դու ե՞րբ ես տեսել, որ Աստծու առջև ադամորդու արած աշխատանքը, կամ թափած քրտինքը իզուր անցներ: Աստված ինձ ուղարկեց, որ քեզ հայտնեմ, — ասում է, — քանի որ դու իմ ստեղծած բույսին այդպես սիրել ես ու ճակատիդ քրտինքը, ձեռքիդ ուժը նրա վրա թափել չես խնայել, — ասում է, — ես վաղվա օրը քեզ հրաշքս պիտի ցույց տամ». — ասում է հրեշտակը ու չքանում: Մարդը հանկարծակի վեր է թռչում: Դեռ լույսը նոր բացվելու վրա է լինում, ադամալուս են ասում, հենց այդ էր: Ուղղակի գնում է պարտեզ ու մոտենում այդ զերտալուի ծառին ու ինչ է տեսնում... ճյուղի վրա յոթ հատ խոշոր, բրդոտ, դեղին ու ալ զերտալու է կախված, փառք է տալիս Աստծուն: Գլխին մարդիկ է հավաքում, տերտեր, վարդապետ, կարգավորներ է կանչում, բոլորն էլ տեսնում են այդ հրաշքը ու աչքերին չեն հավատում: Հավատալու բա՞ն է որ: Է՛, ինչ որ է. մեր այդ անեցի հայը յոթը զերտալուն պոկում է, մեկը ինքն է ուտում, մյուսը տալիս կնոջը, հինգն էլ երեք տղային ու երկու աղջկան է բաժանում, ուտում են ու կորիզը տալիս իրեն, նա էլ վերցնում է մի շորի մեջ փաթաթում ու ծոցը դնում: Ու հենց այդ օրը ճամփա են ընկնում:

Խոսքս ինչ երկարացնեմ, երբոր Ղրիմ են գալիս ու ամեն մարդ իրեն համար տուն տեղ է լինում, որը Կեոզլովում, որը Օրբազարում, որը Քեֆեում, որը Ահմեչիդում. մեր մարդն էլ գալիս է Բահչեսարայ է մնում ու այն ժամանակ, երբ պարտեզ է գցում, այդ յոթը հատ կորիզը իր պարտեզի մեջ ցանում է: Աստծու հրամանով կորիզները ծլում ու ճյուղեր են գցում, մեծանում ու ծառ են դառնում (դրանից առաջ, ասում են, Ղրիմի տեղը զերտալուի ծառ դեռ եղած չի եղել) ու երբ որ զերտալուի կորիզները ծառ են դառնում ու պտուղ տալիս, առաջին պտուղը այդ մարդը տանում է այդտեղի թագավորին, անունը Քերեյ խան ասելիս են լինում, մի սինիի մեջ դրած ընծա է տալիս: Խանը որ տեսնում է միրգը. «Սա ի՞նչ է», — հարցնում է. նա էլ` «հայերեն այսպես են ասում, — ասում է, — բայց ձեր լեզվով անունը չգիտեմ», — ասում է: Խանը մի քանի հատ ուտում է, շատ հավանում է, մոլլաներին, գիր կարդացողներին (դրանք այնտեղի համ տերտերներն են, համ փռաֆեսորները) կանչում է: «Այս մրգի անունը տաճկերեն ինչպե՞ս է», — ասում է: Մոլաները զարմացած վրան են նայում, ձեռքների մեջ պտտեցնում են, քթներին են դնում հոտ քաշում, լիզում են, վերջն էլ թե, «չգիտենք, — ասում են, — դրա անունը», որովհետև իսկապես մարդկանց առաջին անգամ տեսածն էր: Սալոր ասես, սալոր չէ, տանձին էլ բոլորովին չի նմանում:

Այն ժամանակ խանը վեր է կենում ու ասում. «Որ այդպես է, սրանից հետո սրա անունը թող զերտալու լինի, ասում է, քանի որ գույնը ոսկու նման դեղին է, համն էլ մեղրի պես անուշ է»: Որովհետև, եթե զերտալու հայերեն թարգմանելու լինես, մեղրոտ ոսկի պիտի հասկանաս: Այսպիսով զերտալու, զերտալու ասելով այդ մրգի անունը տաճկերեն մնում է զերտալու: Հայերեն էլ գիտեի, բայց մտքիցս դուրս է եկել, բլբո՞ւլ է, թե ծիծեռնակ, դե՛ նման մի բան է:

Հա՛, մոռացա ասել, թե խանը այնպես է հավանում զերտալուն (որովհետև մարդու առաջին անգամ կերածն էր), որ հիշյալ հայի սինին ոսկով լցնում ու ճամփա է գցում:

Այս է զերտալուի պատմությունը: Ասում են այս պատմությունը մի հին ձեռագիր Աստվածաշնչի վերջում է գրված եղել: Վաղուց նկատված է, որ զերտալուի առատ տարվան համ ցորենը աճ չի ունենում, համ էլ ժողովրդի մեջ տեսակ-տեսակ հիվանդություններ են տարածվում` ծաղիկ, խոլերա, ջերմ, փորհարինք, շնչարգելություն, բան:

Ճիշտ է, սուտ է` չգիտեմ, բայց մեր պապերը ասում էին, թե երբ դեռ հայը իրեն հողից չէր գաղթել ու այս կողմերը չէր եկել, թշնամին շատ մարդ հավաքած գալիս է հայի տեղը գրավում ու բոլորին գերի դարձնում: Կտրիճ հայերը խոսքը մեկ են անում, որ թուր վերցնեն, վեճ բացեն և թշնամուն դուրս վռնդեն իրենց երկրից: Այդ ժամանակ մի սուրբ ճգնավոր երազ է տեսնում: Երազի մեջ սպիտակ ձիով սուրբ Գևորգը գալիս ու ասում է նրան` լսել եմ, որ հայ կտրիճները ոտքի պիտի ելնեն, թուր պիտի բարձրացնեն թշնամու վրա ու արյուն պիտի թափեն, — ասում է, — նայիր, որ այդ բանը չլինի անեն, — ասում է, — որովհետև Աստված ուզում է իրեն հրաշքով ազատել հայի հողը թշնամու ձեռքից», — ասում է: — Ասում է ու չքանում: Ճգնավորը գնում է հայ կտրիճների մոտ այսպես, այսպես բան է, — ասում է: «Երազիս մեջ սուրբ Գևորգը եկավ ու այսպես այսպես ասաց, — ասում է. տեղներդ սուսուփուս մնացեք, տեսնենք Աստված ի՞նչ հրաշք պիտի անի», — ասում է: Ձմեռը անցնում է, գալիս է գարունը: Թշնամին չափազանց չարչարում է հայերին, սակայն նրանք լուռ, վզները ծռած մնացել են, հույսները այդ երազի վրա դրած ձայն չեն հանում: Այդ ընթացքում զերտալուի ծառերը սկսում են, եղբայրս, ծաղկել, այնքան շատ ծաղիկ են տալիս, այնքան շատ ծաղիկ են տալիս, որ հայի հողը բոլորովին կաթի պես ճերմակ է դառնում: Դեռ այդպիսի շեն տարի տեսած չեն լինում հայերը: Թշնամին խիստ գոհ է, ոտքերս շատ խերով է, ասելով: Նրանց ամենամեծը (խան են ասում) հրաման է արձակում, որ այդ տարվա պտուղը, քանի որ իրենց բախտից էր այդպես առատ միրգ բռնել, միայն տաճիկներին բաժին լինի, հայը չհամարձակվի մատով անգամ դիպչել: Է, ի՞նչ պիտի անեն ողորմելիները, վատ է, լավ` թագավորի հրաման է. թուքերը կուլ տալով նայում էին իրենց ձեռքով աճեցրած ծառերին:

Ծաղիկը բացվում է, բացվում, թափվում, թափվում ու տակից այն կանաչ պտուղը սկսում է երևալ. այն կանաչ պտուղն էլ քանի գնում մեծանում է, խոշորանում ու սաթի պես դեղնում ու հասնում, ամեն մեկը բռունցքի մեծությամբ ճյուղերի վրա հարյուրներով, հազարներով կախվում: Ասում են, թե այն տարին ոչ մի ճնճուղ, կամ ուրիշ վայրի թռչուն չի գալիս ու ծառի ծաղիկը չի փչացնում, ոչ մի կողմից էլ քամի չի փչում ու չի թափում: Երբ որ պտուղը հասնում է, անկշտում թշնամին վրա է տալիս, ջանս, այդ զերտալուի վրա, սկսում է խոզի պես ճաքել, այնքան է ուտում, այնքան է ուտում, որ փորը տկի պես ուռում է, տկռում. մյուս օրը նորից է սկսում ուտել... Խոսքս ինչ երկարացնեմ, ամբողջ պտուղը հասա՛ծ-խա՛կ` բոլորը ուտում է, մաքրազարդում: Մեկ էլ տեսնում են, որ այդ տաճիկները սկսում են ճանճի պես ընկնել ու սատկել. որը փորացավ է լինում, որին ջերմն է բռնում, որին խոլերն է զարկում, այնքան ժամանակ, մինչև բոլորը ընկնում են սատկում ու այդպես հայի հողը, Աստծու հրամանով, մաքրվում է տաճկի ձեռքից:

Այդ պատճառով է, որ մեր հայ ազգը, մանավանդ մեր պապերը, շատ են սիրում զերտալուի ծառը և պտուղը:

Մեկ ուրիշ անգամ էլ Ղրիմի պարտեզների բանը կպատմեմ:

ԻՆՉ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՆ ՂՐԻՄԻ ՄԵՋ ԲԱՂՉԱՆԵՐ ԱՌԱՋ ԵԿԵԼ

Դեռ հայ-քրիստոնյան Աննա քաղաքից ու նրա չորս կողմի գյուղերից նոր էր գաղթել Ղրիմի տեղը, այս ասածս կլինի չորս-հինգ հարյուր տարվա բան, գուցե ավելի էլ: Մեր մեջը սովորություն կա թագավորների պատմությունը ու նրա արած բաները գրելու, գիրք դարձնելու ու տպելու. մեկ էլ ժամի ու սրբերի բաներ. մյուս բոլոր, հասարակ ժողովրդի գլուխը եկած բաները թղթի անցկացնելը սովորություն չի դարձած, այնքան որ որդոց որդի, բերնե բերան, սեղանի գլխին, կոչունքի ժամանակ պատմելով մտքներին է մնացել: Ճիշտ էլ է, միանգամից մարդու իմացածն էլ, կամ գլխի եկածը մեկը որ ուզի թղթի անցկացնել, նրան թուղթ կբավարարի՞ որ, հիմա ինչ ասենք մի ամբողջ քաղաքի ժողովրդի բանը: Այն էլ ասենք, ո՞ւմ հոգն է ինձ պես մի պառավ քաֆթառի զրույցը. դրանից ի՞նչ կգոյանա. աղոթք չի, որ Աստծու առջև ասես, տաղ չի, որ սեղանի գլխին ասես, մարդկանց քեֆը բերես, թագավորների պատմություն չի, որ ամեն մարդու պետք լինի կամ վարպետի մոտ երեխաներին վարժեցնելու լինի. ֆլանը եղել է, գերի է ընկել, տասը տարիներով տանջվել է, խելք է բանեցրել, գլուխը ազատել է, ո՞ւմ ինչ շահ դրանից. էս ֆլանը մի սիրուն աղջկա վրա սեր է գցել, պապան, մաման համաձայն չեն եղել նրան տալ, առել են մի ծեր մարդու են տվել, նրա սիրահարն էլ գլուխը չորս քամիին է տվել, կտրիճ տղաներ է չորս կողմը հավաքել, Քյոռօղլիի նման մի հարամի է դառել, հետո եկել է այդ աղջկան փախցրել է, մի մատուռի մեջ պարտակվել է ու դեռ սրտի մուրազին չհասած, քարերի տակից մի օձ է դուրս եկել, այդ ջահել կնոջը թույն է տվել, երիտասարդն էլ Աստծու պատիժ կարծելով, խելագարվել է, զենքը ջուրն է գցել, ինքը գնացել է անապատը ճգնել էշատ լավբայց ո՞ւմ են պետք այդ ամեն բաները, հո թագավորի պատմություն չի՛, որ գրես գցես, որ մի օր երեխաներին վարժեցնեն, շարական չի հո ժամի մեջը ասես, որ հոգուդ վարձք լինի, էլի բոլորը մեղքի բաներ են, ադամորդուս դիմացը դժոխքի դուռը պահող. լավ են արել մեր պապաները, որ այսպիսի դատարկ բաների ետևից չեն ընկել ու միշտ այնպիսինն են ցանկացել ու իրենց հոգևոր դիրք ու կարգումով գալիք որդոց առջևն էլ մաքուր ու Աստծու ճամփան են պահել, վատից, սատանայից զգույշ մնալ են խրատել մեզ: Թե չէ, Աստվածդ կսիրես, ի՞նչ ասել է այդ ֆուռթուֆռյանի104 վրա հիմիկվա աղջիկների նվագածը ու սիրո, ջահելի ու երիտասարդ աղջկա սեր տալ, առնելը, պա՛ռ, պա՛ռ կանչելը, ես քեզ սիրում եմ, իբր, դու ինձ սիրի, իբր, արի գրկվենք, իբր, մի խրճիթ սարքենք, իբր, ես ու դու մես-մենակ մեջը ապրենք, իբր... Դա էլ ինչ հորս ցավն է, որ ժողովուրդը իբր թե բան է, հավանում է: Դրա ամենալավերը մեր ժամանակներն էր, բայց ո՞վ էր բանի տեղ դրել. երգի սիրունները այն անցյալ տարիներն էին, բայց կհամարձակվե՞ին թղթի անցկացնելու այդպիսի տգեղ, անամոթ, տղի ու աղջկա բաները. ասում էին, երգում էին, լսողը լսում էր, հասկացողը հասկանում էրպրծավ գնաց, զվարճալիքի պես բան էր, էլի: Հին ժամանակները մեր նվագողները հարսանիքի, կոչունքի, չէ՛, այն էլ չէ՛, այնպես քեֆի ժամանակ, նվագում էին երգելու համար, ետևից էլ տեսակ-տեսակ տաղեր էին ասում ու նվագելու եղանակներ էին հորինում, հետո էլ հեքիաթներ էին ասում: Դրանից էլ առաջ ուրիշ տեսակ մարդիկ են եղել նվագածուներից ջոկ, նրանց ես չեմ հասել, այն ժամանակները երևի ժողովուրդը դեռ նոր-նոր Ղրիմի մեջ հաստատված է եղել. այդ տեսակ մարդիկ տարբեր-տարբեր թագավորների կամ գեներալների ճիշտ եղած բաների նաղլն ու գովասանքն էին անում, բայց նրանք գրել չէին համարձակվել, քանի որ մեկին որ գովել են, մյուսին էլ երևի վատ են ասել. դրա համար մարդու սիրտ որ չցավի, թղթի չեն անցկացրել:

Տաճիկն էլ մյուս կողմից շատ ջանք է արել, որ այդ տեսակ մարդիկ ժողովրդի միջից կորչեն, որ նրանք իրենց պապերի գովական բաները լսելով, սիրտ չառնեն ու շուտ վզները ճկեն, ճորտի շարք անցնեն: Այսպես էր ասում օղորմած հոգի մեծ պապայիս պապան` դեռ Ղրիմից այս կողմերը չգաղթած ժամանակ: Հոռոմներն էլ, երևի, այդ տեսակ հայի տաղերին, նաղլներին, հեքիաթներին շատ դեմ են եղել. այս որ ասում եմ, դրանից էլ առաջ էր եղել: Ուրեմն այս օրվա օրս քիչ մարդ կգտնվի, որ հին բաներ իմանա: Խոսքի վրա, հիմա հայտնի է, որ Ղրիմի խնձորն է եղել, տանձն է եղել, շագանակն է եղել, չամն է եղել, զկեռն է եղել, օվազն է եղել աշխարհի մեջ գովվածը, ամենալավը, բայց մի նայեք, ո՞վ է այդքան Աստծու բարությունը այնտեղ բերողը, ինչպես է եղել, որ այդ մրգերը բերվել է: Եթե ուզում ես, ես քեզ դրա պատմությունը մանրամասն պատմեմ:

Սրանից, գուցե, չորս հարյուր տարի առաջ Ղրիմի խանի դիմացը մի հայ մարդ է եղել, որ նրա փողի հաշիվը պահելիս է եղել, դե, ասում են թե նրա գանձարանապետն է եղել, կամ դրա պես մի բան: Ինչպես է լինում, որ մի օր խանի քեֆը շատ տեղն է լինում, ով գիտե ինչ պատճառով. կամ գուցե թշնամիներին իրեն երկրից փախչելն էր լսել, կամ գուցե նրա հարեմը մի սիրուն աղջիկ էին բերել, կամ մի լավ երազ էր տեսել այն օրը, ո՞վ գիտե, բանը այն է, որ այն օրը խանը շա՛տ ուրախ է եղել ու ինչպես որ այն ժամանակվա խաների սովորությունն էր, խանը իրեն ուրախության օրը ուզեցել է, որ չորս կողմի մարդիկ միրզաներ-բաներ, բոլորն էլ քեֆ անեն:

Է՛հ, մենք գիտենք, հո, նողայի ու թաթարի քեֆը ինչպես է լինում. հարյուրներով ոչխարը մորթում են, որի դմակը մանրացնում, փլավի տակն են դնում, միսն էլ, որը պղնձի մեջ եփում են, շորվա են անում, մեջը հաց են փրթում, թերփի անում, ոչխարի մյուս մասն էլ շամփուրի են քաշում, կրակի վրա ման բերում, խորոված անում. սա է, էլի, նրանց քեֆը, նողային կերակուրի համ ու հոտով չես զարմացնի, նրա շատությունով ես հավանեցնում: Նողայի փորն էլ, հո, հայտնի է. մի նողայ մի ոչխար համ կուտի կվերջացնի, համ էլ աչքը քու պնակիդ տնկած կլինի:

Նողայը այն ժամանակները, որ ասեմ, գինին, արաղը, ինչ ասել է, դեռ չգիտեր. նրա սիրական խմիչքը բուզան ու ղումիզն էր. բուզան կորեկից էին շինում. համը մի քիչ էն մունդառ քուվասին էր նման, բայց մեկ որ պինդ էր, մեկ էլ որ գույնը շատ զզվելի բան էրիսկական էն բարակ ցավ մարդու պլզած, թյո՛ւինչպես էին կարողանում այդ բանը ոչ թե խմել, վրան նայել... Ղումիզն էլ, ջանս, նրանից բեթար, վերցնում են, ջանս, ձիի կաթը, լցնում են, սկսում են խնոցու մեջ հարել. այնքան շա՛փռ, շա՛փռ հարում են, որ սկսում է մածնի պես թթու լինել, բայց չի մակարդվում, ջրի է մնումդե, այդ է դրանց գոված ղումիզը. ինձ որ հարցնես, զզվելի բան է. մաքրություն ասած բանդ նողայը ի բնե չգիտի...

Հիշյալ մեր հային էլ հրամանք է անում խանը մի մեծ գավաթ այդ բուզայից, մեկ էլ ղումիզից հետո շարք-շարք դրած քաղցրեղեն ուտելու (քաղցրեղենն էլ ինչ է, վայրի խնձոր, որ մենք տառնիճ ենք ասում, գելաթ):

Այն ժամանակները դեռ հիմիկվա Ղրիմի միրգը չկար. անտառների մեջ բուսնում էին այն դառը ընկույզի չափ տառնիճը, մանր, չոր փայտի պես ախլաթը, ուռելի չափ մանր, հաստ կճեպով կաղինը, մեկ էլ այն դառը յովեզը, որ հիմա էլ Ռոսեյի կողմերը աճում է ու որ արաղի մեջ են դնում: Դե, այն ժամանակվա Ղրիմի միրգը, այս վայրի խոզի ուտելու բան էր:

Մեր հայը մեկ բերանն է առնում բուզան, իսկույն թքում է, այդ մունդառ բանը կոկորդից ներս չի գնում. հետո ղումիզն է վերցնում, գուցե սա նրանից լավ է, ասում է, այն էլ բերանը առած է լինում, կո՛ռ՛ռ է անում, փսխում. բերանը մի քիչ քաղցրացնելու համար հիշյալ տառնիճն է վերցնում, մարդու բերանը պուռուլ-պուռուլ է լինումայն էլ կուլ տալ չի կարողանում, ցած է թքում:

Խանը նստած տեղը կրակ է կտրում: Նա կարծում է, թե մեր հայը ծաղրում է նրա թագավորական հյուրասիրությունը ու քեֆը: Իսկույն դահիճի ետևից է ուղարկում. «Շուտ այս մարդու գլուխը կտրի», — ասում է:

Այդ մեր հայը ոտքերն է ընկնում խանի, թե. «Աման մի անի ինձ այս չարությունը, որովհետև ես ուզենալով չզզվեցի ու փսխեցի քու ուտելիքդ ու խմելիքդ, այլ սովորած չէի դրանց, դրա համար կոկորդիցս ցած չգնաց, թե չէ ես բան չունեմ, որ քեզ պես խանի դիմաց այդպես աներեսություն ու անմարդկություն ցույց տամ»:

Խանն էլ ասում է նրան. «Երբ որ դու իմ մրգին ու խմիչքին չես հավանում, հապա, պապայիդ տանը ի՞նչ զարմանալի բաներ են կերել. որովհետև իմ հողի վրա որ եկաք, ձերինից լավ համարեցիք որ եկաք, թե չէ ինչո՞ւ ձեր լավը պիտի թողնեիք ու իմի մեջը ապաստանեիք»:

«Խան, ապրած կենաս, — ասում է հայը, — դու այնպես չես ասում. մենք մեր հողը թողեցինք ու քոնը եկանք ապաստանեցինք, դրա պատճառը մեր հողի` վատ ու քու հողի լավ լինելը չէր, այլ դուշմանի ձեռքից մենք փախանք եկանք: Իսկ հողի կողմից որ ուզում ես իմանալ, մեր հողի նման աշխարհիս երեսը փնտրես չես գտնի: Խոսքի վրա, ձեր տեղը խաղող չկա, դրա համար դուք կամ ղումիզ եք անուշ անում, կամ` բուզա. այդ բանը մեր տեղը լիներ, մեր խոզերն էլ չէին խմի. միտք եմ անում, ձեր տեղի տառնիճը դառը թույն է, ձեր ախլաթը փայտի համ ունի, մարդու կոկորդից ներս չի գնում, ձեր կաղինը մեր տեղի ուռելից մանր է ու խոշոր չէ՛. ձեր տեղը նուռ չկա, սերկևիլը ինչ ասել է` չգիտեք, այնպես էլ շագանակը, այնպես էլ ընկույզը, այնպես էլ յովուլը, այնպես էլ զկեռը, չամը. ո՞ր մեկը ասեմ. ձեր հողը դեռ վայրի է, վարպետ բոստանչու ձեռը դեռ չի ընկած: Դու մի մեր խաղողի գինիից խմեիր, տեսնեմ մեկ էլ բուզայիդ ու ղումիզիդ թքել կուզենայի՞ր, դու մի մեր տեղի միրգը ուտեիր, տեսնեմ մեկ էլ քու վայրի պտուղներիդ վրա կնայեի՞ր: Դե՛, դրա համար ես չկարողացա քու բուզադ ու ղումիզդ խմել, ախլաթդ ու տառնիճդ կուլ տալ»:

Խանն էլ վեր է կենում ու` «Չի՞ կարելի այդ քու ասած գինիից ու մրգերից իմ հողի վրա էլ աճեցնել»:

ՉՈՔ105

(Ա. Կայծակից առաջ)

Մեռնեմ նրա անունին, նրա ողորմությունը չափ հաշիվ ունի՞ որ, միայն թե ադամորդին ինքը իրեն ճանաչի, միշտ իրեն ստեղծողին մտքից չհանի, իրեն ժամը, աղոթքը, մոմը ու ժամուցը գիտենա: Նա էլ, դե, այնչափով հողեղեն մարդուց իր ձեռքից եկած լավությունը անպակաս կանի... Թե չէ, Աստվածդ կսիրես, ժամից ետ մնաս, պասից զգույշ չլինես, տերտեր, կարգավորի պատիվ չգիտենաս, Աստված էլ խև՞ է, ինչ է, այդքան վատությունդ քթիցդ-բերնիցդ չհանի. հապա չի՞ հանի, այնպես կհանի, որ մայրդ էլ... խոսքի վրա` մարդկանց վրա ստանալիք ունես, այդ ընթացքում էլ մուրհակներիդ ժամկետները հասել է. մուշտարիներդ չեն բերում պարտքդինչ կարող ես անել, մուրհակդ էլ դատավորին կտան, կգա խանութդ կկնքի, քռեթիդդ կկեղտոտիայ այսպես մամադ... հասկացա՞ր, կամ խոսքի վրա հողամաս կամ ցանք ունես, քեզ համար երեսուն, քառասուն տևսթին տեղ ցան ես արել ու ռաժայի հույս ունես. դե, չի՛ ղրկում վերևից անձրև, ի՞նչ կանես... Այն էլ չլինի, ոտքով ապրանք ունես, ամայի տեղեր արածելու ես ուղարկել, մեկ էլ տեսար ոչխարներիցդ որը վերքոտվեց նիհարեց, մսից ընկավ, որն էլ փորացավ եղավ, որի էլ դնչից սկսեց այն հոտած թարախը վազել, հետո ամենքն էլ ընկան սատկեցին... ի՞նչ պիտի անես... Չէ՛, խելքդ գլուխդ ժողովի՛ր: Աստծու հետ հանաք չի լինի... Ադամորդուս վատությունը շատ է, բայց Աստծու համբերությունն էլ շատ է. հեքիաթների մեջ լսե՞լ ես սապռ-թաշի տրաքելը. Աստծու համբերությունն էլ հենց իսկը նրա պես էմեկ էլ տեսնես Աստծու համբերությունն էլ սապռ-թաշի պես կտրաքիայն ժամանակ держисьմայրդ... մայրդ... որ մուկի ծակին հազար ռուբլի տաս` չես գտնի... բա ինչ էիր կարծում... Արդեն մայիսից պիտի դուրս գայինք հունիս պիտի մտնենք, լա՛վ լսիր, մի պուտ անձրև չկաթեց վերևիցդա ինչի՞ց է: Ժոդովուրդը պա՛ռ-պա՛ռ գոռում է. «Արիշը վնասելու վրա է, ցորենն էլ զոռով-զոռով կդիմանա` չորս օր էլի այսպես գնալու որ լինի, ողորմելի ցան անողների ապրանքը բոլորովին պիտի ոչնչանա», ինչի՞ց է այդ, չէ՞ որ մեր մեղքից է: Էլի շնորհակալություն Ալթիքով Օվանեսին, Չուպուռին Օհանջանին, երրորդի անունը մոռացել եմ, չգիտեի՞, ինչ է, այն մի սուտ վարդապետ որ կա, միշտ եպիսկոպոսների, կաթողիկոսների զրույցներ է անում, հենց նա, այս օրս մեջներս եթե հավատ մնացել է, էլի այդ երեքի մեջ է մնացել: Աստված բանները հաջողի, երևի փող են հավաքել, գառներ են գնել, Լուսավորչի բակը վրան են դրել, այդ աշտարխանցի սրբազանին էլ խնդրել են վաղվա օրը պատարագ անել, պատարագից հետո էլ զոհ պիտի մատուցեն, հետո էլ ժողովրդին մատաղ պիտի բաժանենԻհարկե, այդպիսով Աստծու սիրտը կշահեն, կփափկացնեն, խոնարհությունով, լաց ու գոռումով նրա ողորմությունը ցած կբերեն. Աստված բանները հաջողի, մեկ օրերը հազար լինիթե չէ մյուսներին որ մնար, վաղուց մեր բանը պրծած էր... Ախր, ինչպե՞ս չճաքես գարունը անցնելու վրա է, ուր որ է շոգը կգա, այս ամառ դեռ մի պուտ անձրև չի կաթել. այսպես բան ո՞վ է տեսել... այս քանի տարի եղավ, որ բերքի երեսից կարոտ ենք մնացելԱնձրևն էլ իր համար սովորություն է արել, հենց որ ցանքերը վառվում ոչնչանում են, նա էլ սկսում է դույլերով վրաներս լցվել. այնինչ հեչ պետք չէր. իզուր տեղը փողոցներս, բակներս ցեխ ու ճահիճ է դարձնում... մեղա՛յաստծու... մեղա՛, ժամանակ-ժամանակ մարդու բարկությունը այնպես է դուրս գալիս, որ ստեղծողի հայրն ու մայրը մեկ ես անում: Քանի տարի եղավ, որ առաջվա կայծակները չեն լսվում, հազարից մեկ ամպի գոռոց որ լսենք` մուզիկ լսածի պես ուրախանում ենք...

Խելոքի մեկը թե. «Ռաժայ ուզո՞ւմ ես, ցանի տեղը, իբր թե ձիու, կամ տավարի փեյին, կամ մարդու աղբով լցրու»: Հիմարի մեկ, ասա, նեվուժելի՞ Աստծու պատիժը կովի թրքով ուզում ես վերացնել, այնինչ իզուր տեղը դաշտը հոտեցնում ես, անարատ հողը վնասում ես: Մի մարդ հավատացել է այդ խրատողին, պարտեզի ծառերի տակը փորել է, արտաքնոցի աղբն էլ դույլերով հանել է արմատների վրա լցրել, ողջ-առողջ ծառերը շաբաթ էլ չեն դիմացել, բոլորովին չորացել են... Այ քեզ, հիմիկվա ուսում առնողների շահը: Մի ուրիշ խելոք էլ, թե` «Անձրև ուզում եք քաղաքներիդ մեջ մոտիկ դաշտի չորս կողմը ծառեր տնկեցեք, թե ծառերը անձրև են քաշում»: Տո՛, հիմար ողորմելի, երբ որ Աստված չի տալիս, դու հիմար խելքովդ, ծառերո՞վ ես ուզում երկնքից անձրև վար բերել, անձրև որ ասում են, այդ ձո՞ւկ է, ինչ է, որ կարթով բռնես քաշես վար բերես, այդ չո՞փ է, ինչ է, որ ավլես ու ուզածդ տեղը տանես... քեզ, աղբով ռաժա՞յ կլինի, ծառով հեչ անձրև՞ վար կբերվի... ափսոս որ, այդպես անամոթ խոսողները այսպես ողորմած կայսրի օրին են հանդիպել, մի առաջվա խաների, միրզաների, շահերի, սուլթանների ժամանակը որ լիներ մենք գիտեինք դրանց հետ ինչ օյին կխաղայինք. «Սուլթանն ապրա՛ծ կենա, կասեինք, այսպես, այսպես բան է, կասեինք, դու արա մեր դատաստանը, կասեինք, նոր մարդիկ մեյդան են եկել, միամիտ մարդկանց մոլորեցնում են, կասեինք, Աստծու անելու բանը աղբով ու ծառով են ուզում անել, կասեինք. սուլթանն էլ մի դրանց գլուխը որ կտրեր, այն ժամանակը կիմանային այդ զավզակները, թե ինչ ասել է աղբով ռաժայ անելը, ծառով անձրև վար բերելը... Այդ անձրև ասածդ ղո՞ւշ է, ինչ է, որ ծառի ճյուղը տեսավ թե չէ` գա վրան թառի... Անձրև որ ասում են, այսպես մի բան է. նրան սաղանախ106 են ասում. սաղանախ ասածդ ղուշ չի, մարդ-անասուն էլ չի, թև էլ չունի, ոտք էլ չունի, իրեն համար այնպես մի բան է. երբ որ ծարավանում է, Աստծու հրամանով ծովի հենց մեջտեղն է գնում ծխնելույզի պես վար է իջնում, կուշտ խմում է. դրանից հետո սկսում է երկնքի երեսին ման գալ, այդ ընթացքում Եղիա մարգարեն էլ այն իրեն երկու անիվով, չորս հրեղեն ձի լծած արաբայով սաղանախի առաջից գնում է. անիվները որ սրաքարի կպավ, ինչ է, սկսում է տանկըռ-տանկըռ գոռալ ու կայծակներ դուրս տալ. սաղանախն էլ որտեղ որ բերանը բացեց, այն տեղը շառըղ-շառըղ անձրև է գալիս: Ահա քեզ ամպի գոռալու ու անձրևի ճիշտ մեկնությունը. դրանից էլ խելք պառկելու բան էլի կա՞ որ: Հիմա, Աստվածդ կսիրես, ասա մի տեսնենք, այստեղ աղբը կամ ծառը ի՞նչ բան ունեն, բայց այս էլ պիտի ասեմ, որ ամեն բան Աստծու հրամանով է լինում. Աստված հրամայեց` անձրև կգա, չհրամայեց` չի գա` փեյինով ու աղբով ռաժայ չի՛ լինի, ծառով անձրև չի՛ գա. դրանք դատարկ խոսքեր են, գժվացնել ես ուզում, գնա գիժ գտիր, նրան գժվացրու, մեզ այդքան գժերից չիմանաս: Այն աղբը, որ կա, երբ որ ձիու կամ կովի է, աթար պիտի շինես ու վառեսբայց նրա մուխն էլ այնքան անշահ է, որ մի քիչ բան որ վառում ես, ամբողջ քաղաքը հոտը փռվում է. նրա լավը այն է, պիտի առնես փոսը լցնես: Մարդու աղբը հո, այն շատ կեղտոտ բան է. արտաքնոցդ որ լցվեց, վրան մի գազ հող պիտի լցնես, պիտի փակես, մի քիչ հեռու նորը պիտի փորես... պամիլըյ, այդ մենք չգիտե՞նք, ինչ է... Ծառը, հո՛, ոչ թե երկնքից ջուր է վար բերում, այլ դեռ իրեն տակը ահագին ջուր պիտի լցնես, որ չչորանա... այս բոլորը դատարկ բաներ են... Ամենալավը որ ուզում ես, այ, ինչպես որ վաղը պիտի անենք. շուկայից շատ գառներ առնենք, մատաղ անենք, անցնող-դարձողին բաժանենք, դրանից հետո տերտեր, տիրացու, վարդապետ, եպիսկոպոս կանչենք, ժամկոչները զանգերը թող զարկեն, խաչ-ավետարան, խաչվառներով, սաղմոս-շարականով թաղե թաղ քայլենք, ժողովուրդը թող միշտ լացի, թող գոռա ու դրանից հետո դու մի տես անձրև կգա, թե չի գա... աղբով ռաժայ է ուզում մեջտեղ բերել, ծառերով երկնքից անձրև է ուզում վար թափել...

Следующая страница