Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Իհարկե կատարվում է, ո՞վ է ասում, թե չէ կատարվում, զոր օրինակ` քնած ժամանակ մարդ ինչ ասես երազ է տեսնում, առավոտից մինչև երեկո մարդուս ինչ էլ որ հանդիպի` այդ երազի կատարումն է, — այդպես չէ՞: Ես հազարից ավել անգամ երազումս ջուր տեսած կամ. երբեմն վատ` երբեմն` ոչինչ համբավ չեմ լսել, այլ անակնկալ փող եմ ստացել, իսկ երբեմն ունեցածս էլ ային օյին բանի տվել, փչացրել եմ, երբեմն կուշտ-փոր ճաշի եմ մեծարվել, իսկ երբեմն ամբողջ օրս քաղցած ու առանց ծխախոտի եմ անցկացրել, ինչպես որ դու այսօր: Երևի թե դու էլ երեկ երազումդ ջուր էիր տեսել, — ասացի ծաղրելով նորա վրա:

Է՛հ, Միքայել, քեզ հետ խոսել չի կարելի, դու միշտ մեկ պատճառ կգտնես վիճելու կամ մեկի վրա ծիծաղելու: Թողնենք երազը, հիմի դու պատմի ի՛նչպես անցուցիր օրդ:

Ես նորան ամեն բան մանրամասնաբար պատմեցի, միայն թե աղջկա կեցած տեղը չհայտնեցի:

Օ՛օ՛օ՛, մեր տղա, ինձնից թաքուն թաքուն սեր ես վայելում: Էն ա, ասում էի, էս ի՛նչ է իլել մեր Միքայելին, խելքը տանուլ է տվել, ի՛նչ է:

Բայց ինքնաեռը սկսավ ուրախ ուրախ խշխշալ ու եռ գալ ու միտքերս ձգեց, որ մենք առավոտվանե ի վեր կարգով բան չէինք կերել, վեր կացա տեղես, թեյամանի մեջ թեյ ածեցի և վրան եռջուր` ու դրի ինքնաեռի վրա: Հաց ու շաքարը կոտորեցի ու երկուսս նստանք աղավարի ճաշ ու ընթրիք վայելելու:

Նո՛ւ, Միքայե՛լ, լավ չարչարվեցա, այսօր, — ասաց Հովհաննեսը, սև հացը թաթախելով թեյի մեջ ու Շարա նահապետի ախորժակով ուտելով, լավ չարչարվեցա, ավելացուց. եթե աստված վրաս քուն չի բերեր` չգիտեմ ի՛նչ պիտի լիներ իմ հալը:

Ես էլ Հովհաննեսից պակաս քաղցած չէի, թեև ճշմարիտ է սրճանոցումը փորիս ճճուն փոքր ինչ հանդարտեցրել էի, բայց մեծ մխիթարություն չէր մեկ գավաթ սուրճը և նորա հետ երկու-երեք հատ պաքսիմատ ստամոքսի համար, որ նույնքան կուշտ ճաշի երես էր տեսնում, որքան մայրաքաղաքս, աշնան օրերումն, արեգակի երեսը: Բայց այդ իմ առտնին գաղտնիքն է և կարդացողին հետաքրքրական չէ իմ ներքին հանգամանքն իմանալը

Ետո՛, Միքայել, էլ ի՞նչ նոր բան կասես, — ասաց ընկերս երեք բաժակ թեյ խմելից և հինգ շերտ հաց ուտելից հետո:

Ի՞նչ նոր բան ասեմ, ասելու բան շատ կա, — նոցա կատարելն է դժվար: Մեկ որ` սիրահարված եմ, ինչպես տեսնում ես, երկրորդ որ` աղջկանը խոսք եմ տվել էգուց անպատճառ մեկ հնար տեսնեմ նորան օգնելու, երրորդ

Միքայել, խոսքդ շաքարով կտրեմ, — սերը լավ բան է, ով է ասում, մանավանդ սերը անմեղ, անարատ աղջկան` ինչպես որ քու նոր ծանոթն է, բայց, հոգիս, դու միտք արա, որ այդ սերը մեծ զոհեր է պահանջում, որի համար ունի՞ս արդյոք դու և՛ նյութական, և՛ բարոյական զորություն: Աշխարհքումս շատ թշվառականներ կան, որոնցմե եթե 9/10 մասը անարժան ևս լինի կարեկցության, գոնե 1/10 մասը արժանի է, որ մենք մեր կյանքը զոհեինք և նոցա դարդին դարման անեինք: Եղբայր, մի՛ մոռանալ որ` մենք Պետերբուրգումն ենք, մեր թեթև գլխու վրա հոգս անել չենք կարողանում, ո՞ւր մնաց, որ փափկասուն, կրթված և պարկեշտ աղջկա վիճակը ապահովացնենք... երբ որ դու խոստացար այն աղջկան քու օգնությունը` երևի կարծում էիր որ... Լ... Մ…-ի որդին ես. բայց մոռացել էիր, որ այս օրվա օրս հույսդ Մոսկովի բարեկամներուդ վրան է, — ասաց հեգնաբար:

Այդ խոսքերովդ ի՞նչ ես ուզում ինձ հասկացնել, — ասացի բարկանալով. — կամենում ես, որ ես նորան կույր բախտի կամքին թողնեմ, որ աղջիկը քանի մի ժամանակ քաջությամբ կռվելով աղքատության և ամեն կերպ զրկանքի հետ, ի վերջո ամենայնի յուր վիճակը բարվոքե` բարոյականը զոհելո՞վ... հա՞, ա՞յդ է քու ցանկությունը, ա՞յդ է ինձ տալու բարի խորհուրդդ

Կամա՛ց, կամա՛ց, մի այդքան տաքանալ, արյունդ կպղտորես, քեզ ով ասաց, որ ես քու սրտի ընտրածին այդպիսի վիճակի եմ ցանկանում հասցնել. իմ կարծիքը այն է, որ դու ուրիշ հնար գտնես, առանց քեզ ծանրություն տալու` նորան այդ նեղ դրությունից ազատելու: Դու ասացիր, որ նա կրթված է: Ի՞նչ է նորա կրթությունը, գիտե՞ արդյոք լեզուներ, երաժշտություն, ասեղնագործություն, որ կարողանա մեկ տեղ դաս տալ, վարժապետություն անել և կամ վերջապես մեկ հարուստ գերդաստանում մանր երեխերքի դաստիարակուհի դառնալ:

Ես նորան քննություն չեմ արել, բայց հավաստի եմ, որ դաստիարակուհի դառնալու համար գիտություն ունի. բայց ես առաջ աջ ձեռս կդնեմ դահճի սրի տակ, և ապա թե խորհուրդ կուտամ նորան այստեղումը դաստիարակուհի լինելու: Դու գիտե՞ս այստեղի դաստիարակուհիների վիճակը: Չգիտե՞ս. լսե՛ ուրեմն: Մատաղահաս և անփորձ աղջիկը մտնում է օտար գերդաստան. նորա պարտավորությունն է մանր երեխերքին ոչ միայն ուսումն տալ և դաստիարակել, այլև նորա ծնողաց հրամանով երես առած տղերքի ամենաչնչին կամքը կատարել. նա ստիպված է նոցա հետ փողոցե փողոց ման գալ, նոցա ամեն հիմար շարժմունքին պատասխանատու լինել. տղան ցած ընկավ, վրայի հալավը կեղտոտեց` դաստիարակուհին է մեղավոր, տղան աչքածակություն է անում, չափից ավելի է ուտում, հիվանդանում է ու սկսում տնքալ` ո՞վ է մեղավոր, դաստիարակուհին. հետո տանտիկնոջ խելքը մտնում է երթալ խանութե խանութ, փողոցե փողոց քաշ գալու` ո՞վ պիտի ընկերակցի նորան շան պես, — դաստիարակուհին. այդ ևս բավական չէ. տանտիկնոջ տանը չեղած ժամանակը` նորա պատվական ամուսնի ձանձրությունը փարատելու համար` էլի խեղճ դաստիարակուհին պարտավորված է նստել ու նորա հետ дурачки խաղալ: Էլի ուզո՞ւմ ես որ ասեմ, մոտեցիր ինձի (այդպիսի բաները միայն ականջին են ասվում)... հիմի հասկացա՞ր, բայց եթե ո՛չ` տնից ամոթով դուրս է ընկնում խեղճ դաստիարակուհին: Այժմ ինքդ պարզ տեսնում ես որ ...ի և դաստիարակուհիի մեջ տարբերությունը շատ քիչ է. մեկի ամսական գինը 100-500, իսկ երկրորդին` 10-25 մանեթ: Հավատո՞ւմ ես ինձ այժմ, որ ես իրավունք ունեի ասելու` լավ է ձեռքս կտրեմ, քան թե այդ անարատ աղջկանը խորհուրդ տամ դաստիարակուհի դառնալու:

Թե այդպես է, ուրեմն արա՛ ինչպես որ գիտես, իհարկե ես քու հոգու ազնվությանը երբեք չէի երկբայում, բայց, դու էիր մեղքս գալիս, հիմի էլ ասում եմ` այնպես արա՛, որ հետո չփոշմանես:

Է՛հ, եղբայր, եթե մենք ազնիվ գործերումն էլ որ փոշմանինք` կնշանակե ավելորդ է աշխարհքիս երեսին մեր կենալը, մեղալամ, ասա, ջուրը ընկնենք էլի՛:

Հովհաննեսը լուռ էր: Երկրորդ ծխախոտը կպցրուց ու առաջ ու հետ սկսավ ման գալ սենյակի մեջ:

Հովհաննե՛ս, — ասացի, — դու շատ ժամանակ այստեղ ես, ուրեմն պիտի լավ ճանաչես այստեղի հայերուն. ասա, խնդրեմ, ովի՞ց կարելի է քանի մի ռուբլի կարճ ժամանակով փոխ առնել:

Ի՞նչ ասեմ քեզ: Թեև, ղորդ է, ես ինքս էլ շատ անգամ սաստիկ կարոտության մեջ եմ եղել, բայց քաշվել եմ հայերից օգնություն խնդրելուց, և ոչ ոք էլ նոցանից կարեկցություն չի ցույց տվել իմ վիճակին, թեև հագած շորերես դժվար չէր իմանալ իմ որպիսությունը: Երևի թե սառ երկիրը ազդում է նոցա հոգու ջերմաչափին: Բայց դու փորձ փորձե, կարելի է, որ իմ նկատմունքը անհիմն են. հարուստ մարդիկ շատ կան` Բ...-ը, Գ…-ը, Դ...-ը և այլն:

Դու լսե՞լ ես, այստեղում մեկ հայ կա` մականունը Հովսեփյան, որ ասում են շատ բարեհոգի մարդ է, և ինչ հայ կուզե լինի, ամենին անխտիր օգնում է, արդյոք...

Խոսքս բերանումս էր, որ դռնապանը բացեց դուռը, ներս մտավ` ձեռքին մի թուղթ բռնած. «Ձերդ ազնվություն, — ասաց ինձ, — ահա հայտարարություն ձեր անունով եկած. նամակատանից փող ունիք ստանալու»:

Փո՞ղ է, — հարցրեցի վազելով դեպի դռնապանը. — շո՛ւտ, շո՛ւտ, տուր այստեղ... շնորհակալ եմ: Ձախ ձեռքով պինդ բռնած` աջ ձեռքովս դողդողալով կոտրեցի կնիքը, բացի և տեսա, որ Մոսկովից 30 մանեթ եմ ստանալու:

Դռնապանը դուրս գնաց:

Հը, տեսա՞ր, — ասացի ուրախությունիցս թռչտելով, ինչպե՞ս է քու մարգարեությունը. կարելի՞ է երբեմն հուսալ բարեկամների վրա: Ես քեզ չէի՞ ասում, որ իմ բարեկամները ազնիվ տղերք են: Փա՛ռք աստուծու, այժմ ոչինչ բանից վախ չունիմ, ու այսուհետև կարող եմ պարզերես երթալ իմ Մարիի մոտ և ասպետի քաղաքավարությունով նորա ոտների մոտ դնել իմ բոլոր հարստությունը և ասել որ...

Բաս մեզ համար ոչինչ չի՞ մնալ, — հարցուց Հովհաննեսը խղճալի ձայնով:

Ա՛խ, ներե՛, հոգիս, ես միանգամայն շշկլվել էի. ինչպե՞ս կարելի է, որ մեզ համար ոչինչ չթողնեմ. իհարկե, որ մեզ համար էլ մասն կհանեմ այնտեղեն: Հենց որ փողը ստացա, նախ և առաջ կերթամ մեզ հարկավոր բաները կառնեմ, տուն կբերեմ, և ապա կերթամ իմ նազելիին ուրախացնելու: Լավ չէ՞:

Խիստ լավ է, խիստ լավ, — ասաց ուրախացած ընկերս, — ասա տեսնենք, ինչպե՞ս պիտի կարգադրես, ի՛նչ ու ի՛նչ բաներ պիտի առնուս:

Հայտնի բան է ինչ կառնում. կառնում տասը գրվանքա շաքար, մեկ գրվանքա թեյ, երկու գրվանքա ծխախոտ, սուրճ, երշիկ, պանիրբոլորը բոլորը կառնում: Սև օրվա համար էլ մոտս կպահեմ հինգ մանեթ: Լավ չէ՞ կարգադրությունս:

Խի՛ստ լա՛վ է, խիստ լավ. մեկ մանեթ էլ ինձ կուտա՞ս:

Ինչի՞դ է պետք:

Նկարելու համար թուղթ չունիմ. մատիտներս էլ գրեթե մաշվել, պրծել են. էնդուր համար է, որ էս քանի օրերս ճեմարան չեմ գնում:

Հա, ինչո՞ւ չէ, մեկ մանեթ էլ քեզ կուտամ:

Այսօր կոշկակարը ու լվացարարը եկել էին, մեկը երեք մանեթ ու կես էր պահանջում, մյուսը ութսուն հինգ կոպեկ. ի՞նչ ես կարծում, պե՞տք է նոցա տալ, թե ո՛չ:

Իհարկե՛, իհարկե՛, անպատճառ կուտամ:

Մանրավաճառը գլուխս տարավ էս քանի օրը. երկու մանեթ յոթանասունհինգ կոպեկ էլ նորան պետք է տալ:

Ի՛նչ ասել կուզե՛, որ նորան էլ անպատճառ պետք է տալ. գիտե՞ս խո` եթե նորա աչքը մեկ անգամ վախեցավ` շատ օրեր ծոմ կպահենք:

Կաթ ծախող կնիկը նմանապես պահանջում էր հիսուն կոպեկը:

Անպատճա՛ռ կուտամ, անպատճա՛ռ, չի կարելի չտալ, մեկ որ խեղճ կնիկ է, հենց մեկ էն կովն է որ շատ անգամ թեյ ու շաքար չունեցած ժամանակներիս, գիտես խո, նորա բերած կաթովն էինք օրներս անցկացնում, ումին տամ չտամ` դորան անպատճառ կուտամ:

Խա՛-խա՛-խա՛, — ծիծաղեցավ ընկերս. եթե այդքան ճիշտ հաշիվ կտեսնես, ասաց, — բաս մեծ զոհ չես բերիլ սրտիդ ընտրածին:

Ինչո՞ւ, — ասացի զարմացած, — երեսուն մանեթը քի՞չ փող ես կարծում:

Երեսուն մանեթը այն մարդու համար քիչ փող չէ, որն որ ամեն ամիս ավել պակաս գրեթե էլի այդքան է ստանում. բայց քեզ համար, որ ներկայիդ և ապագայիդ բոլոր հույսը այդ է` ոչինչ բան է երեսուն մանեթը, մանավանդ որ այժմ դու կես տնավորված ես:

Է՛հ, Հովհաննես, Հովհաննես, աստված ինչե՞ր տվող չէ, կարելի է որ այս խեղճ աղջկա աղոթքով իմ բախտի չարխը դեպի բարին շուռ կուգա. ո՞վ գիտե:

Աստվա՛ծ տա, աստվա՛ծ տա:

Երկուսս էլ պես-պես մտածողությանց մեջ ընկանք:

Հետո Հովհաննեսը ասաց ինձ. «Կարծեմ, Միքայել, քեզ ժամանակ է քնելու, որ առավոտը չուշանաս: Իմ քունը չի տանում. ես ուզում եմ այս գիշեր և եթ պրծացնել **-ի պատկերը, — կարելի է դորա համար մեկ քանի մանեթ ձեռք ընկնի:

Ղորդ որ աչքերս ծանրացել էին. հոգուս ու մարմնուս ցնցումը սաստիկ խոնջացրել էր ինձ, այնպես որ լեզուս դժվարավ շարժում էր բերանիս մեջ: Երեք աթոռ մեկմեկու մոտ շարեցի, նշանազգեստս և ուրիշ հալավներս ծալեցի դրի բարձի տեղ, թիկնոցս առի վրաս ու պառկեցա, և քունը անմիջապես իջավ վրաս:

Չգիտեմ քանի ժամանակ այսպես քնած մնացի, մին էլ հանկարծ զարհուրած քնես վեր թռա` մոլորած աչքերս դարձուցի չորս կողմս. Հովհաննեսը նստած էր սեղանի առաջ քնթի տակով մի երգ երգելով, մատիտը ձեռին նկարում էր. ճրագը գրեթե պրծել էր:

Հովհաննե՛ս, — ասացի, — քանի՞ ժամը կլինի այժմ:

Ժամացույցս մոտս չէ, սպասե փոքր ինչ, կերթամ ջհուդի մոտ, կիմանամ ու քեզ իմաց կուտամ, ասաց ծիծաղելով:

Էլի՛, էլի՛, ի՞նչ ես կարծում, շա՞տ ժամանակ քնած էի:

Հա՛, կլինի էսպես երեք ժամ:

Ա՛ տղա, գիտե՞ս ինչ. մեկ սարսափելի երազ տեսա, մինչև հիմի վախիցս ուշքս վրաս չի գալիս:

Թե՞ երազի չէիր հավատում:

Ես քեզ ասացի՞ որ հավատում եմ:

Ապա ինչո՞ւ վախեցար այդքան:

Միթե ես գիտեի՞, որ երազումս տեսածսերազ էր: Ուզում ե՞ս պատմեմ ինչ տեսա:

Պատմե, պատմե, այսօրվա համար Մոսկովումը տպած օրացույցի մեջ ասած է, որ օրն չար է, երազն տասնըհինգ օրեն կատարի:

Սրտիս մեջ դող ընկավ: Մարդուս կյանքումը այնպիսի րոպեներ կան, երբ նա ակամա սնապաշտ է դառնում: Եթե միտքներդ բերեք (կարդացողք, ձեզ եմ ասում) այն խորհրդական հանդիպումը, որ ունեցա Մարի Վեռդենի հետ, այն անցքը, այն պատմությունը, որ նորանեն լսեցի, ինձ հանկարծ փող պետք լինելը և այդ հուսահատ դրության ժամանակ ասես թե երեսուն մանեթը ինչպես երկնքից ընկնելը, և վերջապես այն երազները, որ գրեթե միևնույն պարունակությամբ տեսանք ես և Հովհաննեսըայս ամենը` ինչ ասել կուզե, որ ժամանակավոր թեթև տպավորություն կարող էին ունենալ մի երիտասարդ տղի վրա: Բայց ես ամոթիցս աշխատեցա հանդարտ երևել ընկերոջս աչքին ու սկսա այսպես պատմել.

Երազիս մեջ տեսա, իբր թե, ես և Մարին ման էինք գալիս Ամառվա պարտեզումը. ես իմ հասարակ ուսանողական հին շորերս ունեի վրաս, բայց Մարին այնպես զարդարված էր, որ նորա բնական գեղեցկությունը մեկմեկով էր ավելացել: Մոտերես անցնողները հիանալով նայում էին նորա վրա. թեև Մարին սառնարյուն և անտարբեր էր այդ ընդհանուր զարմանքին. բայց ինձ շատ անդուրեկան էր, երբ ո՛վ ասես իր լիրբ աչքերը դարձնում էր նորա վրա: Մին էլ հանկարծ մի զինվորական վազելով եկավ ետևներես, բըռնեց Մարիի կռնեն և բռնաբար խլեց ինձանից: «Միքայել, ասաց Մարին կողկողագին ձայնով, հասի՛ր ինձ օգնության, արի՛, արի՛»: Սիրտս արյուն կոխած վազեցի ետևներեն. բայց նոքա այնպես շուտ էին գնում, որ անհնարին էր նոցա հասնելը: Պարտեզեն դուրս գնացին դեպի Նևա, բայց ես դեռևս շատ հեռու էի նոցանից, զինվորականը գնաց գետի ափը, վարձեց նավակ, բռնությամբ մեջը նստեցուց աղջկանը, — ես միայն այն ժամանակ մոտեցա գետին, երբ նոքա արդեն Նևայի մեջտեղումն էին: «Մարի՛, Մարի՛, կանչեցի, աղաղակե՛, օգնություն կանչե՛»: Բայց ձայնս չէր հասնում նորա ականջին: Ուրիշ նավակավարները ծիծաղելով նայում էին վրաս ու ասում էին. «Ի՞նչ է, պարոն, տարա՞ն թռչունը. տո՛ւր հարյուր մանեթ` ետևներիցը կհասնենք, թե չէ` կորա՛վ ու կորա՛վ աղջիկը»: Եվ ոչ ոք չէր կամենում ինձ կարեկցել: Մարդկանցմե օգնություն չունեի, բարկությունիցս կրակված աչքերս երկինք բարձրացուցի, ի՞նչ տեսնեմ, օդի մեջ Մարին թռչում էր և նորա ետևից նույն զինվորականը ընկել էր, ուզում էր բռնել: Մարի՛, Մարի՛, կանչում էի ցածից, իմ մոտ իջի՛ր, ցա՛ծ իջիր: «Չէ, ասաց նա, ես երկինք կերթամ, երկրումը չար մարդիկ են կենում»: Մարի՛, շարունակում էի աղաղակել, իջի՛ր իմ մոտ, իջիր, ոչ ոքից մի վախենալ: «Չեմ իջնիլ. վախենում եմ, այդտեղ ամենքը ինձ վնասել են աշխատում»: Մարի՛, ինձ չե՞ս սիրում, Մարի՛, ինձ մոռացա՞ր, ի սեր աստուծո, իջի՛ր ցած, երկինք մի՛ երթալ: «Դու ինձ չե՞ս սպանիլ», հարցուց Մարին ցած իջնելով: Չէ՛, չէ՛, չեմ սպանիլ, պատասխանեցի: Մարին հոգնած էր և հազիվ կարողանում էր թռչել, հանկարծ ուժը թուլացավ և օդի մեջ պտուտ գալով գլխիվայր գետին գլորվեցավ ոտերիս մոտ: Կռացա, տեսնեմ` անշարժ էր, երեսի գույնը սպրդնած, շունչ չի կար վրան: Ա՛խ, մեռավ, մեռա՛վ աղջիկը, ասացի ու զարթեցա:

Ի՞նչ ես կարծում, Հովհաննեսի՞նչ պիտի նշանակե այս երազը:

Դու մեկ իմաստուն տղա ես, մի՞թե այդպիսի բաներուն կարող ես հավատալ. չորս-հինգ ժամ առաջ չէ՞ր, որ ինձ բարի խրատ տվիր երազին չի հավատալ. այժմ իմ մեկնությունն ես հարցնում, որ հետո էլի վրաս ծիծաղես: Չէ՛, ես այդքան չեմ հիմարանալ, — ասաց սիրտը ինձանից ցաված:

Հիմի ի՞նչ եղավ քեզ, ինչ զարմանք մարդ ես եղել. հանաք էլ չի կարելի անել քեզ հետ:

Ուզես հանաք արա՛ ուզես մանաք. իմ կարծիքը այն է, որ երազի ու իսկության մեջ անմեկնելի կապ կա, և երազը թեև ոչ միշտ և ոչ ամեն ային-օյին հանգամանքումն, բայց երբեմն կատարվում է, և այդ այն ժամանակ, երբ որ մարդուս կյանքումը մի մեծ և նշանավոր փոփոխություն է լինելու: Աստված տա, որ ասածներս սուտ դուրս գան, — ես հոգվով չափ ուրախ կլինիմ. բայցհոգիս վկայում է, որ այդ ճանչվորությունդ աղջկա հետ` երկուսիցդ մինի գլխուն մեկ փորձանք պիտի բերե: Էլի եմ ասում` աստված անե, որ գուշակությունս չկատարվի: Միքայել, արի՛ այս անգամ լսե իմ բարի խրատը, թո՛ղ այդ աղջկան իր բախտին, մի՛ խառնվիր նրա գործերի մեջ, մի՛ շարունակիր սկսած ճանչվորությունդ, միանգամայն ձե՛ռք վեր առ նորանից. ոչ դու առանց նրան, և ոչ նա առանց քեզչեք կորչիլ: Երևակայե՛, որ դու քառորդ ժամ կամ առաջ կամ հետո անցնելու լինեիր կամրջի վրայովչպիտի խո տեսնեիր նորան, եթե չտեսնեիր` չի պիտի ընկնեիր ետևից. եթե ետևից չընկնեիր` չէիր սիրահարվիլ, կնշանակե, որ նա քեզ չէր ճանչնալ և առանց քու օգնությանը կազատեր գլուխը այդ նեղ դրութենեն: Աստված ողորմած է. բարի մարդիկ ամեն տեղ կան, և նա մեկ կերպով կգտնե ճար իր ցավին:

Ես լուռ էի. երազս ինձ այնպես շփոթել էր, որ կիսով չափ համոզվեցա ընկերոջս խրատեն և խոսք չգտա նորան պատասխանելու:

Ասա՛, խնդրեմ, — շարունակեց Հովհաննեսը, — դիցուք թե խելոք մարդիկ երազը այսպես են մեկնում թե` մարդ արթուն ժամանակը ինչ բանի վրա որ մտածե, խոսքը կամ ուշկը դարձնե` գրեթե նույն բանը մոտ ի մոտո տեսնում է երազումը: Այդ ես հասկանում եմ և հավատում եմ: Բայց ինչպե՛ս կմեկնես իմ տեսած երազը. ես խո չգիտեի, որ դու այդ ճանչվորությունը արել ես կամ անելու ես, այն ևս կարծել չես կարող, որ ես մտքիցս եմ հնարել այդ երազը, ինչու որ` դու տակավին աղջկա հետ ծանոթանալդ ինձ չէիր ասել, որ ես քեզ պատմեցի տեսած երազս:

Փոքր ինչ լռությունից հետո` նորից ասաց.

Չէ՛, չէ՛, չէ՛, ինչ ուզես կարծե, ի՛նչ ուզես մտածե` այդ աղջկա զլխուն մեկ փորձանք պիտի գա քու պատճառով: Ես թեև տեղով չեմ կարող ասել, թե նորա անբախտությունը ուրտեղաց պիտի ծագի և ինչո՛վ պիտի վերջանա, բայց գլուխս կուտամ կտրելու, եթե նախազգացմունքս չկատարվի, ա՛յ, կտեսնես:

Ճրագը հալվել, պրծել էր, միայն տակի փաթաթած թուղն էր վառվում, որ մեկ մեծ լույս էր տալիս, մեկ խավարում էր: — Հովհաննեսը վեր կացավ տեղեն, հանվեցավ ու պառկեցավ: Բայց իմ աչքերես քունը իսպառ փախել էր: Ճրագը սկսավ չըռթ-չռթալ ու հանգավ, սենյակը լցվեցավ նորա խեղդաշունչ ծխովը:

Բարի գիշեր, — ասաց ընկերս, շուռ եկավ անկողնի մեջ. սկսավ փսսալ, շվշվալ, խռխռալ ու վերջապես անուշ-անուշ քուն եղավ:

Մոլորած երևակայությունս սկսավ առաջիս հազարումեկ զանազան պատկերներ նկարել` մեկմեկե քստմնելի, մեկմեկե զարհուրելի: Ո՛չ երազ էր տեսածս, ոչ տեսիլ, այլ երկուսին էլ նման մի բան: Այս մութ տեղումը, այս գերեզմանական լռության մեջ` Հովհաննեսի գուշակությունը սաստիկ ազդում էր ինձ: Դագաղներ, շիրիմներ, սուգի հալավներ, մեռելաթաղներու ջահեր, մարդու կմախքներ էին անդադար երևում աչքիս ու սանդարմետական ծափ ծիծաղով պտուտ ու պար գալիս չորս կողմումս: Մահվան քրտինք իջավ վրաս: Վախիցս գլուխս ծածկեցի թիկնոցով, բայց այնտեղ էլ դադար չունեի. շնչիցս տաքացած օդը խեղդում էր ինձ: Ամոթս գալիս էր ընկերոջս զարթեցնելու, որ փոքրոգությունս չիմանա նա և չծիծաղի վրաս: Այսպես հինգ թե չորս տաժանական ժամ անցուցի, — թշնամիս չհանդիպի՛...

Վերջապես` լույսը սկսավ կամաց կամաց պատուհանեն ներս մտնել, զանգակները տխուր ղողանջում էին հեռվից, ու աքաղաղները ժամանակ առ ժամանակ բարևում էին լուսագալը: Այլևս միտս չէ, երևի թե այդ միջոցին քունս տարել էր:

Դ

Մյուս օր, առավոտը, երբ որ տնից դուրս եկա ու փողոց մտա, ի՛նչ ասել կուզե, որ առաջին գործս եղավ ուղիղ և գրեթե վազեվազ դեպի նամակատուն երթալ (դռնապանը արդեն վավերացրել էր տվել հայտարարությունը թաղապետի գրասենյակում): Գիտցողը գիտե, որ Սմոլենսքեն մինչև նամակատուն, առ սակավը կլինի երեք վերստ, որն ես անցա կես ժամվա մեջ: Ավա՛ղ, որ ո՛չ խեղճ Հովհաննեսի կարիքը և ոչ մինչև անգամ իմը լցնելու համար էր այդ շտապ տագնապս, այլ մի օտար աղջկա համար, որին արդեն սիրել էի առաջին անշահասեր ու անկեղծ սիրովս:

Չգիտեմ, այժմվա երիտասարդներին հայտնի՞ է արդյոք առաջին սիրո զգացմունքը. եթե հայտնի է, նոքա ինձ կհասկանան, և իմ վրա ոչ կծու ծաղրով և ոչ արհամարհական ժպիտով կնայեն. բայց եթե հայտնի չէ... բայց եթե նոցա սրտի վարդը բացվել գիտե ոչ սոխակի երգի, այլ ոսկու ձայնի համար, այն ժամանակ ես նոցա ասելու ոչինչ չունիմ: Վա՛յ նոցա:

Աղջի՛կ, խոսքս քեզ եմ դարձնում: Երբ որ մի երիտասարդի սևորակ աչքերը քու սիրտը թափանցեց ու մեջը մի ջերմ հեղուկ լցրեց. եթե մի մատաղահաս թարմ և առույգ պատանիի ձեռքդ սեղմելը քու երակների մեջ էլեկտրական զորություն մտցուց. եթե մի երիտասարդի քու մոտից անցնելը, ասես թե, ետևեն վարդ ու մեխակի հոտ թողաց քեզ համար. եթե քու աչքը մի երիտասարդի աչքին հանդիպելիս` քու սիրտը նվաղի ու մարմնուդ մեջ մի դուրեկան սարսուռ ընկնի, — իմացի՛ր որ այդ քու առաջին, սուրբ անկեղծ և աստուծո օրհնած սերն է. անվախ գնա նորա առջև, բռնե այդ սրբությունը ու էլ ձեռքիցդ բաց մի՛ թողնիլ. այդ քու ճակատագիրն, այդ քու բախտն է. մի՛ դավաճանիլ առաջին զգացմունքդ, առաջին սերդ, իմացիր որ դու արդեն միավորված ես հոգվով, և երկինքը օրհնել է քու ընտրությունը: Բայց... նայե՛, զգուշացիր այդ առաջին սերդ փոխելու գահի, հարստության, ոսկու, փառքի, կյանքի հարմարության հետ: Մի՛ ծախի հոգիդ, ապա թե ո՛չ դառնապես կզղջաս մի օր. ինքդ քեզ ծախելը այնուհետև սովորական բան կդառնա քեզ համար:

Այո՛, ես սիրել էի արդեն Մարիին, — խոստովանում եմ այդ աշխարհի առջև և այժմ ոչ միայն չեմ զղջացել կամ ամաչում եմ պատանեկան զգացմունքես, այլ ընդհակառակն, պարծենում եմ, մխիթարվում եմ, որ ես ևս սրտիս մեջ կրել եմ աստվածային կայծ... Սերը, ինչպես և ամեն առաքինություն, աստուծո առանձին շնորհն է. ամեն մարդու «խելքի բան չէ» ջերմ և անկեղծ սիրելը լոկ սիրելու առարկան և ոչ թե նորա ածանցական մասնիկները` օժիտի, ապագա ժառանգության, շահաբեր ազգակցության, հովանավորության և այլն, և այլն, և այլն անուններով:

Նամակատնումը ձեռքս տվին, ինչպես հայտարարության մեջ ևս նշանակած էր, երեսուն ռուբլի. փողը Գ. Ք. և Մ. Թ. բարեկամներես էր. այդ փողով պիտի տպեի մեր շարադրությանց ժողովածույքի առաջին տետրը:

Այն օրն ինձ այնպիսի բան պատահեցավ, որ մինչև այժմ ինքս ինձի մեկնել չեմ կարողանում, և եթե պատմեմ, գիտեմ, շատերին անհավատալի պիտի երևի, այսուամենայնիվ դա այնքան ճշմարիտ է, որքան ճշմարիտ է արեգակի ամեն ցերեկ, ու աստղերու ամեն գիշեր երկնքի վրա փայլելը: Գիտեմ կասկածամիտ մարդիկ այս պատմելու միջնավեպս պիտի համարեն իմ մտացածին deus ex machina-ն9 այդ շատ լավ գիտեմ, բայց ի՞նչ փույթ. իրողությունը կմնա, թեկուզ անմեկնելի էլ լիներ նա մարդոց համար: Ո՞վ չգիտե Շիլլերի ասածը, թե` աշխարհիս երեսին դեռևս շատ անմեկնելի գաղտնիք կան: Իմս էլ նոցա թվումը համարեցեք:

Լսած կա՞ք արդյոք Պետերբուրգի Щукин двор ասած վաճառանոցի մասին, որին հայերս Գող-բազար էինք ասում, ուր կոպեկանոց լաթեն բռնած մինչև հազար մանեթանոց սամուրի մուշտակ կարող էիր գտնել, ուր Суздаль-ի богомаз-ների10 պատկերների մեջ հնագետը կարողացել է փոշիի տակից դուրս հանել Ռաֆայելի, Քորրեջիոյի ու Վան-Դեյքի անգին պատկերները, ու ամեն տեսակ հին, ժանգոտած, կոտրատած, պատառոտած երկաթներ, հալավներ, գրքեր, շալեր, ինքնաեռներ, կոշիկներ, միով բանիվ` ինչ որ սիրտդ ուզենար, կարող էիր ճարել, գրպանումդ գտնված փողի քանակության համեմատ: Ահա իսկ այդ Գող-բազարումը մի հնավաճառ խանութպանի մոտ վաղուց մի հնաձև գրասեղան էի հավանել, որն ոչինչ աչք շլացնող արտաքին տեսք չուներ, ոչ նորաձև էր և ոչ էլ հարմար էր գործադրության համար. ինքը մի հաստափոր, կարճոտանի ու հնոցի մեծությամբ մի սեղան էր, վրան ու մեջը անհամար գզրոցներ կային` ո՛րը թանաքամանի, ո՛րը բանալիների, ո՛րը ծխախոտի, ո՛րը այս և ո՛րը այնհազար տեսակ մանր-մունր առարկաների համար: Ես էլ չգիտեմ թե` ինչի՞ն էի հավանել. յուր տգեղությունով ու անճոռնիությունով, հավատացնում եմ, ներս մտցնելու կարասի չէր, բայց ամեն անգամ որ Գող-բազար էի պատահում` մի անհայտ զորություն, կարծես թե, քաշում էր ինձ այդ հնավաճառ խանութպանի մոտ, և ամեն մոտենալիս` անպատճառ ծախս էի անում այդ գրասեղանը, թեև շատ անգամ գրպանումս կոպեկ էլ չունենայի:

Հենց որ բարեկամիս ուղարկած երեսուն մանեթը ձեռքս առի, իսկույն միտքս եկավ չնաշխարհիկ գրասեղանը. և ի՞նչ եք կարծում. ո՛չ դեպի Մարին շտապեցի, ո՛չ դեպի Հովհաննեսը, այլ ուղիղ գնացի հնավաճառի խանութը և, ըստ սովորությանս, սկսա հազարերորդ անգամվա ծախսս:

Կարժե՞ որ ձեզ հետ գլուխ մաշեմ, — ասաց այս անգամ վիրավորված խանութպանը. դուք ինչպես նկատել եմ, միայն ժամանակ անցնելու համար եք գալիս ու ծախս անում, գնել խո ամենևին մտադիր չեք, — ասաց ու խստադեմ երես արավ:

«Չէ՛, չէ՛, ասացի, անպատճառ միտք ունիմ գնելու, եթե արժան տաս»:

Առանց նորան էլ չնչին գին է պահանջածս, — ասաց մարդը, որ ինքն էլ, ինչպես երևում էր, սաստիկ զզվել էր այդ գրասեղանեն, որն նորա փոքրիկ խանութի գրեթե կես մասն էր բռնել. — մանեթ ու կեսը ի՞նչ փող է, որ խնայում եք... հավատացնում եմ ձեզ, որ վրան մանեթեն ավելի փայտ կա, եթե վառելու լինես. իսկ գամե՞րը, իսկ պտուտակնե՞րը, իսկ կղպակներն ու բանալիները... ի՞նչ եք ասում, գրեթե ձրի եմ տալիս, դուք էլի ծախս եք անում...

«Վաթսունհինգ կոպեկի կուտա՞ս», — ասացի: (Ուրիշ անգամները հիսուն կոպեկից ավելի չէի տալիս: Աչքս վախեցել էր ռուս վաճառականներից, պատճառ որ` մի որևէ բան գնելիս նոցա պահանջած գնի քառորդն եմ վճարել ապրանքի համար և այնուամենայնիվ դարձյալ միշտ խաբվել եմ):

Հավատացնում եմ ձեզ, որ ինձ ավելի թանկ արժե, — ասաց ըստ սովորության ռուս վաճառականների. ինքս մանեթ ու քսանհինգ կոպեկ եմ տվել. մի՞թե քսանհինգ կոպեկ շահ պիտի չունենամ, չորս տարիից ավելի է, որ խանութիս մեջ տեղ է բռնում, — ասաց ու բարկությամբ թքեց հավանած գրասեղանի վրա, ու հետո ավելցուց` էլի քանի ժամանակ կսպասեմ, եթե ծախեցի` լավ. թե չէ` ահա երդվեցա, կառնում կացինի տակ կդնեմ ու ինչպես որ կա` փշուր-փշուր կանեմ ու հնոցը կձգեմ:

Ճշմարիտ պետք է ասեմ, որ շատ կոպտատարազ ու անճոռնի շինված բաներ էի տեսել, բայց այս գրասեղանի նման այլանդակ բան կյանքումս տեսած չէի, ինչի՞ն էի հավանել, թեկուզ մեռցնեք` մեկնել չեմ կարող:

Խանութպանը շարունակեց` կուտա՞ք մեկ մանեթ: Ասաց ու ափը ափիս խփեց, ինչպես որ այս ծեսը սովորական է ծախող ու գնողի մեջ:

Ես էլ նորա ձեռքը առի` ահա քեզ յոթանասուն կոպեկ ու մեկ գռոշ չեմ ավելացնիլ, — ասացի ու ափս ափին խփեցի:

Նորից առավ նա իմ ձեռքս` իննսունհինգ կոպեկ կուտա՞ս, — ասաց, ու ափը ափիս խփեց:

Եվ այս կերպ փոխ առ փոխ մեկ մեկի ափին խփելով` բանը հասուցինք ութսուն կոպեկի:

Возьмите его к чорту! — ասաց հնավաճառը, ապրանք խո չէ. խայտառակություն է խանութիս մեջ: Խեղճ մարդու երեսից քրտինքը կարկտի պես թափվում էր: Փողը տվի խանութպանին:

Զարմանալու բան. բնավորությամբ ես ոչ ժլատ եմ և ոչ փողասեր. բայց չգիտեմ ինչու սաստիկ սիրում եմ խանութպանների հետ համառությամբ ծախս անել:

Վարձեցի սայլապան. երեք հոգի հազիվհազ կարողացանք սայլի վրա դնել այս փայտաշեն եգիպտական բուրգը, որն տարինք զիարդ և իցե տեղավորեցինք մեր սենյակի մեջ: Հովհաննեսը դեռևս Գեղարվեստական Ճեմարանեն վերադարձած չէր:

Ինչպես որ ասել էի, գրասեղանը անթիվ անհամար մանր ու խոշոր գզրոցներ ուներ, նորա վրան և կողքերին հարյուրեն ավելի պղնձագլուխ գամեր կային` իբր թե զարդի համար, բայց բոլորը ժանգոտված, կանանչ գույն ստացած. սեղանի վրայի չուխան (մահուդ), նորա փայտեղեն մասունքը բոլորովին շպարված էին չորացած թքով, տղմով ու հազար տեսակ կեղտերով. սենյակի օդը մի րոպեի մեջ ապականվեցավ, խոնավ, բորբոսած մառանի հոտ ստացավ: Իսկույն գնացի մի կոնք (լագան) ջուր բերի, թաթախեցի մեջը սպունգը ու սկսա լվանալ. երեք անգամ կոնքի միջի ջուրը փոխեցի, չորրորդ անգամն էլ նա թանաքի պես սև էր: Ինչպես և իցե փոքր ինչ մաքրություն տվի սեղանիս տախտակեղեն մասին ու հետո սկսա գամերի ժանգը մաքրել. առի չուխայի կտոր, թաթախեցի քացախախառն կավիճի մեջ ու սկսա պինդ պինդ գամերին քսել: Գամերից մինը այս կերպով մաքրելիս հանկարծ մի թխկոց լսվեցավ. նայեմ` մի գաղտնի գզրոցի կափարիչը բացվել է. մի՛ ասիլ, որ իմ վերջին մաքրած գամը և այդ բացված գզրոցի կափարիչը իրար հետ կապակցություն են ունեցել: Ինչ և իցե: Այս կերպով առջևս մի նոր գզրոց բացվեցավ, որի մեջ տեսա մեծ ու փոքր շատ կապոցներ ու ծրարներ. սկսա նոցա բանալ ու մեջերի գտնվածը աչքե անցնել: Որի մեջ հին ձեռագիր թղթեր էին, որի մեջ գրիչներ, մատիտներ, կնիքներ, կնքամոմի կտորներ, իսկ ուրիշների մեջ կային ականակուռ մատանիներ, մարգարտի շարոցներ, ոսկի ու ակնահեռ քթախոտի տուփեր, և մի կապոցում «դիփ-նոր» խոշոր ոսկի դահեկաններ, Մարիա Թերեզա կայսերուհվո օրով տպած լատինական գրերով, թվով հինգ հարյուր հատ: Մազ մնաց. որ խելքս պիտի թռչեր գլխես:

Следующая страница