Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Ցերեկ էր, բայց կլուբում մեծ բազմություն կար: Երբեմն այդպես է լինում: Անցա թղթախաղի կողմը:

Միքիթ Յագորիչը, դիմացն էլ Յագոր Սերգեիչը` ծիծաղելով, աղմուկով զրույց էին անում. մյուսներն էլ ո՛րը կանգնած, ո՛րը նստած` լսում էին: Զրույց անողները կանաչ սեղանի շուրջն էին նստած. զրույցի նյութը երեկ երեկոյան տեղի ունեցած թղթախաղն էր:

Միքիթ Յագորիչն ասում էր. «Ձայն տվի, բայց ինքս էլ սաստիկ վախենում եմ, քանի որ, ախպեր, թե փեշն առնես, ընդամենը 120 կոպեկ է, թե չառնես, հանա՞ք է, ի՞նչ է` տասնհինգ մանեթդ պիտի հանես: Յագոր Սերգեիչը ինը սրտիկ է հանել. նու, լա՛վ, հերթը իմն է. ես էլ դնում եմ բուբնի թագավորը, Յագոր Սերգեիչը մեկնոցն է դնում, Սարգիս Աֆանասիչը կոզրի ութնոցն է դնում սև ագռավի տասանոցը, հանում. Յագոր Սերգեիչը վրան ագռավի մեկնոցն է դնում, ես ճա՛ռթ եմ անում, սրտիկի օխտնոցն եմ դնում վրան ու նորից բուբնի հանում. Յագոր Սերգեիչը թագավորն է դնում, այն կողմից Սարգիս Աֆանասիչը կոզիրի իննոցով է խփում, և այսպիսով ինը սրտիկ խաղացողը մնում է առանց երկուսի, ու այդ խաղի մեջը մարդը երեսուն մանեթ տանուլ է տալիս, քանի որ կոպեկից էին խաղում»:

Հա՛, հա՛, հա՛, հա՛, — ծիծաղեցին շուրջը կանգնածները. Յագոր Սերգեիչը իննով` առանց երկուսի մնաց, հա՞, լա՛վ խաղ եք խաղացել մարդի գլխին:

Ախպե՛ր, ես ի՞նչ իմանամ, — ասաց շվարած Յագոր Սերգեիչը, — ձեռիս մեկնոց, թագավոր

Նա էլի ինչ-որ բան էր ուզում ասել, բայց աղմուկի մեջ նրա ձայնը կորավ:

Չէ՛, այդպես չէ՛, — խրատում էր նրան կանգնողներից մեկը, — այդպիսի խաղի մեջ դու ինը չպիտի խաղայիր... Բայց աղմուկը դրա խոսքն էլ կիս-կատար թողեց:

Դու բոլորովին սրտիկ չպիտի խաղայիր, դու պիտի հայտարարեիր` հասարակ, առանց կոզիրի, որովհետն Սարգիս Աֆանասիչը... Դրա խոսքն էլ ուրիշները կտրեցին, ու դրանից հետո ամենքն էլ ուզում էին իրենց կարծիքը հայտնել, բայց լսող չկար. «Մեկնոց, կոզիր, սրտիկի ութնոց, խաչի երկուսնոց», լսվում էր, և մեկը մյուսի բաճկոնի կոճակից բռնած` պրեֆերանսի հնարքներն էր սովորեցնում:

Թղթախաղի խոսակցությունը վերջանալուն պես, հավաքվածները ցրվեցին և առանձին-առանձին սեղանների առջև, երկու-երկու, երեք-երեք հոգի նստած, ամենքն իրենց խելքի ու պետքի համապատասխան սկսեցին զրուցել:

Այդ չէ, բայց, — ասաց սեղանի առջև նստածներից մեկը, — այս ի՞նչ տարօրինակ բան է, այս տարի հնդուհավն էժանացավ, բայց բադն ու սագը շատ թանկ են. անցյալները երկու բադ էի ուզում առնել, բայց յոթանասունհինգից մի կոպեկ պակասով չուզեց տալ, ես էլ վազն եկա: Ախր, բադն ի՞նչ հորս ցավն է, որ դրա համար 70-80 կոպեկ տամ. ավելի լավ է հնդուհավ առնեմ, հնդուհավի ամենալավը, գառան-չափը, զույգը հարյուր քսան կոպեկ է:

Այսպես ես խոսում, բայց, — ասաց նրա հետ զրույցի բռնվողը, — բադի բանն ուրիշ է. բադը, այստե՛ղ նայի, լավ տապակած, հետն էլ սերկևիլի սոուսհրաշալի նախաճաշ է

Է՛, իհարկե, բայց գառան տապակածն էլ վատ չէ, այն էլ փոքրը, կաղամբի թթու, չամիչ լցրած...

Այդ էլ վատ չէ, բայց ինձ որ հարցնես, տանը պատրաստած կարկանդակը, վրան առատորեն հալած արդար յուղ ու քամած մածուն լցրած...

Երկրորդ սեղանի առջև նստածներն այսպես էին խոսում.

Հոգիս, — ասում էր մի բավական տարեց մարդ մի ուրիշ տարեց մարդու, — դու Տարաս Արտեմիչի աղջկանը ճանաչո՞ւմ ես. ինչպե՞ս է, օժիտ ունի՞, փողի ձայն լսվո՞ւմ է:

Չլինի՞ մտքովդ անցնում է որդուդ համար ուզել: Քավ լիցի: Արի մոտեցիր, ականջիդ ասեմ (ականջին ասում է):

Ի՛, ճի՞շտ, — ասաց մարդը սարսափած, — մի՞թե: Ա՛յ, զարմացք է. վրան որ նայես` գառան պես բան է, արդեն բողկեր է ուտո՞ւմ, հա՛, այդ անզգամը:

Երեք շաբաթից այս վատ լուրեր տարածողը նույն աղջկա հոր մոտ խնամախոս է ուղարկում ու օժիտից բացի, չորս հազար կանխիկ փողն էլ հետը առնում է իր որդու համար:

III

Ֆադեյ Կարպիչ

Ֆադեյ Կարպիչին ճանաչո՞ւմ եք. այդ շեկ-շեկ մազերով, կարմիր-կարմիր թշերով, միշտ խնդումերես մարդուն: Ինչպե՞ս չեք ճանաչում Ֆադեյ Կարպիչին. նա չճանաչելու մա՞րդ է որ: Նա, որ ամենքի հետ անուշ երեսով զրուցում է, միշտ լավ-լավ խաբարներ է տալիս իրեն բան հարցնողին: Մաշալլա՛ ձեզի, ախպե՛ր, մի՞թե Ֆադեյ Կարպիչին չեք ճանաչում. նրա մասին ասում են, որ այստեղ կամ Ռոստովի գետափը, չգիտեմ` կղմինդրո՞վ, թե՞ աղյուսով, թե՞ թիթեղով պիտի ծածկե. կարծյոք սև ձի էլ պիտի ունենա, քանի որ նրան միշտ տեսնում եմ կամ հասարակ կամ փակ կառքով` սև ձի լծած:

Դեռ մեկ ուրիշ, ուշադրության արժանի բան էլ ունի Ֆադեյ Կարպիչը: Ամեն աստծու օր կլուբ կգա և, անպատճառմեկ կամ երկու ձեռք թուղթ չխաղացած` չի գնա: զ Եվ այնպիսի էլ բնութք ունի, որ մարդու քեֆը գալիս է: Ֆադեյ Կարպիչը միշտ տանում է. բայց մինչև այսօր էլ դեռ մեկը նկատած չէ, որ նա վարպետ խաղացող է. ժամանցի համար թուղթի նստողներից չէ. տարած փողը մի այնպիսի հնարքով է քսակը դնում, որ տարվողն իսկ կխաբվի ու կկարծի, թե նա էլ իրեն պես դատարկվել էր: Մարդ տեսած չեմ, որ Ֆադեյ Կարպիչի հետ վինթ կամ պրեֆերանս խաղացած չլինի. մարդ տեսած չեմ, որ Ֆադեյ Կարպիչը նրան տարած չլինի: Բայց մի տե՛ս մեկը նրան լեզվի տակը առե՞լ է, մեկը նրան բամբասե՞լ է, մեկը նկատե՞լ է, որ Ֆադեյ Կարպիչն իր առուտուրից ավելի մեր կլուբի ապուշներից շահ ունի:

Ֆադեյ Կարպիչն այնպիսի ձևերով է կլուբի հանդերձարանը մտնում և, վրայի վերարկուն կամ մուշտակն հանած ժամանակը դեմքին այնպիսի արտահայտություն է տալիս, որ տեսնողը կկարծի, թե այս մարդը հեչ թուղթ խաղացող չէ. թե կլուբ էլ եկել է` մի շատ կարևոր առևտրական գործի համար է եկել, որ իրեն հարկավոր մարդու հետ տեսնվի, վերջացնի թե չէ` շտապով տուն պիտի գնա: Երբ որ տուն գնալու էլ լինի, այնպես շտապով կվազե դեպի վար և վերարկուն կհագնի, որ կկարծես թե մի առևտրական մարդ է եկել, հետևից մարդ են ուղարկել և նրան են սպասում:

Երբ որ Ֆադեյ Կարպիչը թղթախաղի սենյակն է մտնում, սպասավորներն անգամ մտքներով չեն անցկացնում, թե նա հատկապես թուղթ խաղալու համար է եկել: Բայց Ֆադեյ Կարպիչի վարվեցող բնութքի համար նրան ձեռքե-ձեռք են քաշում, ամենքն ուզում են նրա կողքը նստել: Եղած բան չէ, որ Ֆադեյ Կարպիչը կլուբ գա և մեկ-երկու ձեռք չխաղացած ետ գնա: Լսված բան չէ, որ Ֆադեյ Կարպիչը ասած լինի. «Դե, արիք մի ձեռք սկսենք»: Ամեն թուղթ խաղացողի համար մեծ բախտ է Ֆադեյ Կարպիչի հետ թղթախաղի նստելը:

Ֆադեյ Կարպիչն այսպիսի մի սկզբունք էլ ունի. թուղթը խաղաց, վերջացրեց թե չէ, տեղից վեր կկենա, ձեռները անդրավարտիքի գրպանները դրած, մի-երկու պտույտ կանի սենյակի մեջ ու կնայի` արդյոք մի ձեռք էլ խաղալու մարդ կա, թե ոչ. երբ լինի` շտապով մեջները կմտնե` նազեր ծախելեն. իսկ երբ չկա, այնպես շտապով տուն կվազե, որ տեսնողը կկարծե, թե այդ մարդը հե՛չ պարապ ժամանակ չունի, օրվան քսանչորս ժամն էլ հարկավոր գործերի մեջ է: Ֆադեյ Կարպիչը երբեք զրույցի մեջ չի մտնում: Այս տարիքիս եմ հասել, դեռ լսած չկամ, թե այս կամ այն բանի մասին նա ի՞նչ կարծիք ունի: Բայց նա դումայի ժողովի ժամանակ իրավասուների մեջ, այնպես խելոք-խելոք լուռ մնալ, խնդալ կամ դիմախաղ անել գիտե, որ իսկույն մտքիդ մեջ ասում ես. «Ֆադեյ Կարպիչը որ ժողովից բացակայեր, ո՛չ մի հարց վճռվելու չէ, ո՛չ մի արձանագրություն կազմվելու չէր»:

Զարմանալի դիվանագետ է մեր Ֆադեյ Կարպիչը: Ինչպես գիտեք, երբեմն-երբեմն, մեզանից մեկը կամ մյուսը գրպանից ստորագրության թերթիկ է հանում և սկսում է փող հավաքել` կա՛մ մի հայ օրաթերթի, կամ պանդխտի, կա՛մ մի խեղճ աշակերտի հագուստի, կա՛մ մի աղքատ ուսանողի ապրուստի և կա՛մ մի ուրիշ բարեգործական նպատակի համար. այդպիսի թղթերի տակ հեչ տեսե՞լ եք մեր Ֆադեյ Կարպիչի անունը: Մեղա՛ Աստծու: Այդպիսի բարեգործական նպատակով փող ժողվողներից խույս է տալիս Ֆադեյ Կարպիչը: Գիտես որ հիմա այստեղ էր նա, բայց թուղթն ստորագրելու ժամանակ, հենց հերթը հասնում է նրան, տեսար` չքացել, անհետացել էր մեր դիվանագետ Ֆադեյ Կարպիչը, վեր, վար, դես, դեն` չկա ու չկա՛ Ֆադեյ Կարպիչս. «с пол минуты как ушли-с», — կպատասխանի ծառան, երբ որ մարդ ղրկես, հարցնես:

Այդ այդպես է, բայց երբ Ֆադեյ Կարպիչի ծիծաղկոտ, բարի, անուշ երեսին նայես, այնպես կկարծես, թե Նախիջևանի բոլոր բարի գործերը կատարվում են Ֆադեյ Կարպիչի գրպանի հաշվին` մեր օխտը ժամերի գանձանակները լցվում են նրա փողով, մեր քաղաքի բոլոր աղքատները ապրում են նրա տված ողորմությունով: Թե որ անկելանոց կամ աղքատանոց է շինվում, նույնիսկ այդ էլ, կարծում ես, թե Ֆադեյ Կարպիչն է շինում իր հաշվին:

IV

Կնունք ու թաղում

Երեք կառք են անցնում իրար ետևից:

Առաջինի մեջ նստած են երկու տարեց կին: Մեկի ձեռներին, թավշյա կարմիր վերմակի մեջ փաթաթած, ինչ-որ բան կա: Պարզ երևում է, որ եկեղեցուց նոր կնքած երեխա են տանում` հետևի երկու կառքերի մեջ դարձյալ երկու կին են նստած, բայց ավելի երիտասարդ: Դրանք էլ, պարզ երևում է, որ երեխայի հորաքույրները կամ մորաքույրներն են:

Ասել է` մի մարդ է աշխարհ եկել. բայց ո՞վ է նա` չենք ուզում գիտենալ:

* * *

Հեռվում, համարյա չորս-հինգ փողոց հեռու, տերտերներ, տիրացուներ և բավականին մեծ բազմություն, բոլորը գլխաբաց, դեպի դաշտ են գնում, և, կարծես թե մի ինչ-որ բան են տանում: Ա՛յդ էլ իմացանք. պարզ երևում է, որ մեռել են տանում թաղելու (Աստված ողորմի հոգուն): Բայց ո՞վ է այդ մեռնողը` դարձյալ չենք ուզում գիտենալ:

Ինչո՞ւ չենք ուզում գիտենալ, ինչո՞ւ մեկի աշխարհ գալով չենք ուրախանում, մյուսի էլ աշխարհից հեռանալուն չենք տրտմում. ամոթ չէ՞ մեզ: Ինչո՞ւ չենք ուզում գիտենալ, որ մի նոր քաղաքացի աշխարհ է եկել, մեկ ուրիշն էլ աշխարհից ելել է

Այս ի՞նչ անհոգի, անխղճմտանք, անտոհմ, անհավատ մարդիկ ենք մենք: Այնպես չէ՞: Չէ՛, այդպես չէ. որովհետև ի՞նչ շահ ենք տեսել, տեսնում ենք կամ պիտի տեսնենք այս 7000 հոգուց, որ մեր աչքի առջևը կան, ո՛րը հարուստ, ո՛րը իբր թե աշխատավոր, ո՛րը լավ մազուրկա պարող, ո՛րը տարին տասներկու ամիս բամբասարանի անկյունը կանգնող, ո՛րը ջահել որբևայրի, ո՛րը մեծ օժիտով աղջիկ, ո՛րը լրագրի միայն նկարները տեսնելու համար կլուբ եկող, ո՛րը չհասկացած բանի վրա միշտ դատողություն ու զրույց անող, ես ի՛նչ իմանամ, մարդ-անասունների մի ամբողջ նախիր: Դրա համար էլ ասում եմ` սրանցից ի՞նչ շահ տեսանք, որ այդ նոր աշխարհ եկածից տեսնենք. կամ ի՞նչ շահ ենք տեսել այդ դիակից, որին տանողները բոլորն էլ քայլող դիակներ են:

Գիտեմ, շատ տեղյակ գիտեմ, որ դու ասածիս չես հավատում, դու կարծում ես, թե ես սուտ եմ ասում, թե ես բամբասում եմ և՛ նոր աշխարհ եկած այդ խեղճ-երեխին, և՛ աշխարհիցս հեռացած այդ ողորմելուն և թե՛ մնացած 7000 հոգուն:

Թե որ այդպես է, ախպեր, ականջդ բա՛ց արա և լսի ասելիքս:

Այդ փոքրիկ երեխան (որին հիմա եկեղեցուց տուն են տանում) մեկ տարի թող մոր ծիծը ուտե, դրանից հետո էլ մեկ-երկու տարի թող սողա ու քաշ գա տան կեղտոտ գետնի վրա և բակի ու փողոցի ցեխերի մեջ: Դրանից հետո էլ մինչև ութ տարեկան հասակը, պատառոտուն շորերով, գլուխը բաց, ոտաբոբիկ թող վազվզե` մերթ օդապարիկ բաց թողնելով, մերթ էլ` վեգ խաղալով: Այդ տղան հետո պիտի սովորի շուկա գնալ միս ու հաց գնելու, և շուկայում ծախսելիք փողերից մնացած (կամ գողացած) մեկ-երկու կոպեկով իր համար պիտի գնե սալոր ու ծամելով տուն պիտի գա: Երբ ճամփի վրա կով կամ շուն, կամ հավեր հանդիպեն, այդ տղան իր սուրբ պարտավորությունը չի՞ համարի գետնեն քար վերցնել ու նրանց մի լավ քարկոծել:

Մի քանի ամսից, հատկապես օգոստոսի 16-ին, երեխայի հայրը կամ մայրը տան տերտերից ծննդյան վկայական կվերցնե, տիրացուին էլ մի խնդիր գրել կտա, երեխայի ձեռից կբռնե (նախ երեխայի հագի լավ, նոր շորերը կհանե, ինքն էլ պատառոտուն շորեր կհագնի, որ չքավոր, խղճալի երևան, որպեսզի վարդապետին վարձ չտան) ու կտանի կա՛մ Գալուստ Չարըխյանին, կա՛մ Ռափայել Պատկանյանին: Շներին, կատուներին, կովերին, հավերին քար նետողը մտնում է վարժատուն և իր շնորհքը սկսում է դասընկերների վրա ցույց տալ: Պատկանյանը և Չարըխյանը գանգատվում են, որ տղան չար է, անհնազանդ է, ծույլ է, բութ է, ուսման սեր չունի, խելքն ու միտքը միշտ խաղի է, չարության է. պետք է նրան վարժարանից հեռացնել, որ ուրիշներն էլ նրան չնմանվեն. երեխայի հայրն ու մայրը, ազգականներն ու բարեկամները կթափվեն Պատկանյանի և Չարըխյանի վրա ու կսկսեն իրենց գանգատները, թե նրանք իրենց ծաղիկ որդուն բան չեն սովորեցնում, հոգ չեն տանում, գլուխը խելք ու իմաստություն չեն մտցնում, նրա՛նց պետք է հեռացնել վարժարաններից և փոխարենը ուրիշներին բերել-դնել և այլն, և այլն: Այսպես կանցնի 3-4 տարի: Այս ասածիս մեջ սուտ կա՞:

Երբ որ տղան վեց հատ ընթերցարան պատառոտե ու 4-5 հարյուր թաբաղա թուղթ փչացնե ու կմկմալով կարդա և ճանճի թանաքոտ ոտներով կեղտոտած թղթի նման գրել սովորի, հայրն ու մայրը կվերցնեն նրան և վաճառականի խանութը աշակերտ կտան: Խանութում տղան վաճառականից նախ և առաջ սուտ խոսել ու հաճախորդին խաբել կսովորի, ապա այդ նույն շնորհքը կթափե իր տիրոջ` վաճառականի վրա: Թե որ անշնորհք է` հո՛ կբռնվի, նախատինք ու ծեծ կերած խանութից կվռնդվի. կգնա կամ սայլապան կլինի, կամ բեռնակիր. եթե աչքաբաց է, և հնարքները լա՛վ կսովորի` մարդ կդառնա, այսինքն, ուզում եմ ասել` կդառնա կա՛մ Սարգիս-աղա, կա՛մ Փոմովի Ստեփան, կա՛մ Միքիթ Յագոռիչ, կա՛մ Յակոռ Սերգեիչ, կամ Ֆադեյ Կարպիչ, կամ մեկ ուրիշ այս տեսակ աղա, որոնց դեմքը, անշուշտ, մի օր ցույց կտամ:

Այստեղ էլ սուտ բան կա՞:

Հետո՞, ասացեք` այդ նոր աշխարհ եկած երեխայի համար ինչո՞ւ պիտի ուրախանանք, կամ` դագաղով դեպի գերեզմանատուն տարած մեռելի վրա ինչո՞ւ պիտի տրտմինք:

Բոլորը մեկ չէ՛, ի՛նչ է. մեկը մեռել է, մյուսը` մեռելցու, մենք բոլոր 7000 հոգիս էլ քայլող դիակներ ենք: Այս էլ սուտ չէ՞ հո:

Չէ՛, սիրելիներս, այսպիսի մարդկանց ձեռքով Էյֆելյան աշտարակ չի՛ շինվի:

ԲԱՐԵՎԱԳՐԵՐ

Սեփտեմփերի ի 25 ն 1874 ամի.

Փաշթեննի121 Սերկեի Յաքովիչ.

որ է Սաղաթել զորդին մեր:

Հայրս Օրս Պապուկին որդին Թորոսը, որ է Թառաս Փավլիչը, ուղարկեց մեզ ձեր բարևագիրն, որ ի Մոսկոֆից գրել էիք և կամ իմացանք ձեր առվողջությունն և զամենայն սաղ-սալամաթ, ամեն, հանուն Աստծո:

Եվ կամ կցանկանանք զմեր կողմանե որպիսությունն հարցանիլ կամք Տն. մենք ամենքս` զմամադ և ըզՕվանես աղադ, զԾուպուկ ճիճադ122 իր կողակիցն միասին և ըզԸղսափերթ ու զՄայրամ քուրերդ և ըզՕվակիմ էմճեդ123 զՍիմոն աղա` մեր աջ կողմի դրացին, զՔիրքոր աղա, որ է այծ-հեծնողի Քիրքորըմեր ձախ կողմի դրացին և կամ նրա տիկինը` Կևոճանի քույրը, Մայրամը և կամ ձեր Մկրտիչ տեր-պապայս ամենն կամք և մնանք ողջ և առվողջ և ձեզ գոհությամբ, հրամանացդ որպիսությունն են հարցնում և կամ ամեն հանդիպողներին բարի անունդ են հիշում և զամենայն բարեմախթություն, ամեն:

Փաշթեննի Սերկեի Յաքովիչ, նմանապես զհայրական օրհնությունն եմ ղրկում զձեզ ամեն աղոթուք և կամ բարեխոսությամբ զսուրբ Մինասն զձեզ սաղ-սալամաթ տեղս հասցնի, մամադ էլ խոստմունք է արել սուրբ Կարապետի և Մայրամի սուրբ պատկերին բոպիկ ու ոտքով և կամ մի հատ գառ մատաղ. Աստված ընդունելի արասցե, ամեն: Հայսմ հետե հայտնում եմ ձեզ, որ մեր ըզԸղսափերթին խնամի եկավ, բայց տղան, երևի, շատ անշահ փեսացու է, հարած-վարածի մեկն է, թաքուն ասաց խնամին, աման Ըղսափերթի ականջը չհասնի, բայց ի՞նչ պիտի անես. քաղաքս մի տեսակ է դարձել, փեսացուների սակավության ենք հանդիպել. կարող է, խեղճի երեսի ջրին Աստված կողորմա ու ամուսնանալուց հետո կարգի կգա, թե չէ այսպես որ մնալու լինի, վատ բան է, ամբողջ օրը քոռ հարբած, պանդոկից ոտքը դուրս չի դնում, ասաց էլի այն խնամին: Ասենք թե` հե՛չ, սրա ձևը գտնելը հեշտ է, բայց դու արի տե՛ս, որ շատ փող է ուզում, մենք, բաժինքից բացի, հարյուր հիսուն տալու համաձայնվեցինքառեալ զձեռս Եվայի ասելու րոպեին, թե չէ ո՞վ գիտե, փող առնող ու փախչողներն էլ շատ են, բայց շան ցգնածը երկու հարյուրների անուն է տալիսդա մի քիչ հարմար չի՛: Մեր տվածին որ համաձայնվեր, կարելի է բարիկենդաններին խեղճին ճամփա կդնեինք ու գաղտնիքը մեջտեղ դուրս չէր գա, թե չէ, պաժալըստա, բերնիցդ խոսք դուրս չգաուժե գոտին սկսել է կարճ գալ, բոլորովին խայտառակ կլինենք, կնստենք մի կողմ: Ինչ էլ որ լինի, դրա ճարը պիտի գտնվի: Ըղսափերթին իրեն որ հարցնես, ողորմած հոգին դեռ մտքից դուրս չի՛ եկել, ամբողջ օրը աչքը արցունքից չի ցամաքում, ինքն էլ, ողորմելին, մի չոր կակաչ է կտրել:

Իհարկե, ո՞վ է ասում, ողորմած հոգի Իվանուշը, այս անպետքի հատը չէր, բայց ի՞նչ անես, որ Աստծու կամքը այդպես է եղել. էն էլ ասենք, դրանց ո՞վ է զոռի դրել իրենց-իրենց, առանց մուզիքի, առանց ժամ ու օրենքի հարսանիք կատարեն ու կտուրներում, նկուղներում, արտաքնոցի ու դարպասի մոտերի, շների պես իրար կպչեն, այն չգիտեի՞ն, սրիկաները, որ որտեղ երկուսը լինեն, այնտեղ երրորդը մեջտեղ դուրս կգա ու կգա: Դե՛, թող լիզեն:

Մայրամն էլ շատ կարգինը չէ, գիտե՞ս: Անցյալ օրը, իրիկվա կողմ հարամ սատկածը իբր թե «ներսը շոգ է», փողոցից ներս չի գալիս. արդեն կեսգիշեր էր: «Գնամ տեսնեմ ի՞նչ է անում», — ասի. մայրն էլ, հիմարը, «ի՞նչ պիտի անի, իբր, հովանում է էլի»: Դռնից պատշգամբ դուրս եկա «Մայրա՛մ» կանչեցի «Մայրամ» կանչեցի, ձայն չկա, երրորդ անգամ, էլի ամուր «Մայրա՛մ» ասի, տեսնեմ, ի՞նչ տեսնեմ, մի սպիտակ բան, սկզբում ես շուն կարծեցի, կամացուկ դեպի պատն է գնում ու մեկ էլ պատից հարևանի բակը լոք է տալիս ու չքանում. մեր ծաղիկն էլ պառկած տեղից դեռ նոր վեր է կենում ու ձեռքով, ձեռքով փլաթին է թափ տալիս, շտկում... պարզ չի՞, դա էլ, ո՞վ գիտի որ շան լակոտի հետ սկսել է... Այսօր-վաղը դրա չարչարանքն էլ պիտի քաշենք: Աստված ավելի բեթարից ազատի:

Շատ է վատացել քաղաքներս: Ճիշտ է եղել հին խոսքը, թե` «Աղջիկդ տասնվեց տարու որ եղավ, կամ սև հողը դի՛ր, կամ ամուսնու ծոցը»: Հիմա, ես ինքս ինձ միտք եմ անում գոնե այդ ղանջղ Մայրամի հավանածը մի շենքով երիտասարդ տղա լինի. պսակից հետո` ջահելություն է, կասենք, բան է, կասենք, կատակի կվերածենք, կծիծաղենք կմոռացվի կգնա, իսկ կառապան-մառապան, ռուս փլոթնիկ, կամ զվոշչիք-արաբաջի որ լինի՞ մենք մեր գլուխը ո՞ր քարին, պատին խփենք այն ժամանակ... Աստվա՛ծ հասնի, չգիտեմ, խելքս բան չի հասնում...

Մենք էլ էինք երիտասարդ, մեղք, բան արել ենք, չեմ ասում չենք արել. բայց այդքան երեսներս պատռած չէր, մեղայաստծո՛ւ: Խոսքի վրա, մենք էլ մամայիդ հետ, մեղքս ի՞նչ պահեմ, պսակից առաջ մեր հաշիվը տեսել էինք, ճիշտն ասած, դժվար բան է լրիվ մի տարի հարս ու փեսա մնալը, բայց այնպես գաղտուկ, այնպես ամոթով, այնպես առաջ ու ետև նայելով, որ մինչև մեր բերանով (հարսանիքներիցս շա՛տ հետո) սկեսուրիս, սկեսրարիս որ չասեինք, հեչ իմանալու չէին: Բայց, հիմիկվա ժամանակ աղջիկներն իրենց սիրողներին այնքան որ պապայի, մամայի պառկած սփալնին չեն բերում ու ճրագը դեռ չհանգցրած... չեն լինում: Աստված պահի, չարից, փորձանքից, ամեն:

Է՛յ, Սերկեի Յաքովիչ, եթե կամք ունենաս, երկու ղանջղներիս համար մի-մի թեթև փլաթիցու ու մի-մի միջակ շլափա առնես բերես, գուցե խենթուլիկ, ցածր դասի երիտասարդներ, սնանկացած ու խանութը փակած վաճառականների սպասավորներ, աշակերտներ ցրած վարդապետներ, դրսեցի, արհեստի չկպած քամիներ այսպիսի երիտասարդները շատ շուտ են կարթի ընկնում, որովհետև 100-150 մանեթի համար լոք-լոք են անում, հետն էլ մի պառիշնա որ լինի, այդ միամիտներին դրանից էլ ավելի էլ ի՞նչ բախտ է պետք որ...

Մենք էլ, միայն թե ժամը մտցնենք ու ժամից սալամաթ դուրս հանենք, մյուս օրը տղան ֆլան սախաթության համար որ ձայն հանի, մի չեթվեռանոց էլ քթին կդնենք, եղավ գնաց պարտապանաց, դրանից հետո ի՛նչ լինելու է թող լինի: Էն խաչը, դժվար բան է տանդ աղջիկ զավակ ունենալը. հա տունդ աղջիկ ես ունեցել, հա խանութդ պռաք ապրանք, գիշեր-ցերեկ միտք պիտի անես մեկնումեկի գլխին փաթաթել:

Էհ, ինչ էլ որ լինի, Աստված բոլորիս վերջը բարի անի` Ամեն:

Կամ և մնամ խոնարհ հայր քո Էզեկ Խուրմայիլովս.

ԲԱՐԵՎԱԳԻՐ

2 օգոստոսի թվին, 1875-ին որ ի Խառքովա

Առ արժանապատվյալ Եֆրասեյա Առթյոմովնայիդ, ծանիր.

Եվ հայտնեմ զցեզ մեր որպիսությունն, թոյիս124 մենք ողջ և առվողջ հասանք Խառքովա, որ ի խռիթի համար, այսինքն Ճուհայի և ռազնի թռիքո ապրանքի:

Մեր բեհի իրիկունը ես բարի հրամանոցդ խոստացել էի, այսինքն ապեշչանի էի տվել մի թանգնոց սյուռփրիզ. զայն գրաբերիս ձեռքը տվի մի թանգնոց ֆեռմալ125 ու մի հատ էլ տիադեմ126. քլուպ-բալին բարի վայելք և կամ առաջին կլյանսիեն, կամ քատռիլը մեզ հետ կպարեք, թոյիս անկաժիռավաթ:

Խառքովա կմնանք ամենաշատը յոթ օր. այնտեղից ուղիղ Մոսկոֆ կգնանք` Զ-ից վեքսիլներ գնելու, որ մեկ էլ չհամարձակվի իր չելեք-ձկանը հրամանոցիցդ մոդնի թյունիք հագցնելու: Ես նրանց կսովորեցնեմ ով եղածս:

Զայս բարևագիրս գաղտուկ հրամանոցդ կհանձնի մեր Ծուպուկը և կամ հրամանքդ էլ գաղտուկ նրան կհանձնես դարձը. զգույշ, մարդ չիմանա. ինչպես որ ռամանների մեջ կարդացել ենք, որ ի մատենադարան, այնպես էլ մեր մեջ թող լինի, թե չէ փաչթալիոնի բերած տվածը, վսե ռավնա, վերջին արաբաջին էլ կբերի կտա: Ես մի քիչ փառուսքի վարժված եմ, հարսի հետը գաղտուկ շարժվելը և կամ բարևագիրը հիմաայժմ ամենամոտնի բանն է:

Մնամ խոնարհ ծառա Սրապիոն Ճիվելենկովս.

Ի նոր Քաչևան, ավկուսթի 9, 1875, Քրիստոսի.

Առ ամենապատվելի Սեմեն Փավլովիչ, ծանի՛ր:

Հայտնում եմ հրամանոցդ, որ Ծուպուկը, թոյիս Ուսթիան Փավլովնան, հանձնեց մեզ ֆեռմալը, հետը տիատեմ, հետը բարևագիրդ. հիմա ես հաստատ իմացա, որ հրամանքդ մեզ հավանել ես, ես գաղտուկ ցույց տվի Ծուպուկին, մամայիս, պապայիս և մի քանի ուրիշ մարդկանց, բայց բերաններից երդում առա, որ մարդու բան չասեն, մեր մեջը գաղտուկ մնա, դրա համար դու միամիտ եղիր: Եթե ինձ էլ ավելի ես սիրում, անպայման Թամպովից փառա ռիսաք127 բերել տաս, գույնն էլ կապույտ լինի, սահնակի փեշերն էլ արջի մորթի, թե չէ երեսիդ չեմ նայի: Ես պապայիդ սայլակովը զբոսանք չեմ անի. մահս տեսնեմ, եթե այս խնդիրքս անտես անես: Ասածս որ կատարես, այն իրիկվա պես պատշգամբ դուրս եկողս կլինեմ (վը՛յ ձյունը գլխիս, ամո՛թ բան) գաղտուկ գրկվել ու պաքնել կտամ ինչքան սիրտդ կամենա, թե չէ...

Հա՛, քիչ մնաց պիտի մոռանայի, երեկ չէ անցյալ օրը երեկոյան կողմ մթնշաղին մեզ խնամի եկավ տեր Սարգիսը, բեհը ետ արեք, իբր. Պելպեքովի միջնեկ որդին, իբր, Հոռոմսիմային ուժեղ սիրահարվել է: Պապաս-մամաս մազ մնաց պիտի համաձայնվեին, բայց ես իմ կողմից մեծ խոստումներ չտվի: Երևի Պելպեքովները ձեզնից հարուստ են: Տեսնենք այն զույգ կապույտ ձիերի ու արջի մորթով սահնակի բանը ինչպես կլինի: Որը որ բախտն է, Աստված այն կատարի:

Օգոստոսի 15 թվին, 1875-ին որ ի Մոսկոֆ.

Առ ամենաարժանապատվելուհի Եֆրասեյա Առթեմովնայիդ.

Ծանի՛ր:

Հայտնում եմ, ձեր բարևագիրը ստացանք և կամ ուրախությունով կանենք, ինչպես որ կամք է հրամանոցդ: Լավ որ շուտ հասավ ձեռքս, թե չէ երկու ժամ էլի որ ուշանար մեզ մոտի եղած դրամը Մառոզովին պիտի տանեինք տայինք վեքսիլի ժամկետին: Հիմա այժմ գնացինք, չորս ամսվա աթսռոչքա վեքսիլը փոխեցինք, հազար ութը հարյուր մանեթ ռիսաքների համար Թամպով փռեփռովատիթ128 արինք, օխտը հարյուր էլ այստեղՄոսկոֆ տվինք ու հրամանոցդ հավանած սահնակից մի հատ առանքտակը կես անիվ, վրան արջի մորթի, ինքը լեսոռների129 վրաբոլորը նոր: Կողպեթլըխ Կարապետի սահնակին չի զիջի: Զնաչիթ` ռամանի նմանողությամբ, մի համբույր ենք գրում հրամանոցդ վրա մեր դաֆթարի մեջ մութ պատշգամբում, գաղտուկ: Այլևս զայս գրաբերիս հանձնեցինք մի խաս ղումաշի փլաթի կռոկան ձեռքով վեշիֆքա, զգինն աքոռտ չորս հարյուր ռուբլի փող: Զայս փատառքիս համար էլ մի ուրիշ համբույր մութ պատշգամբի մեջը, ինչպես որ գիտես. այժմ այդ մեղք չի հաշվում, նրա համար որ, ֆսեռավնո այսօր չէ վաղը մենք հրամանոցդ ամուսինն ենք: Եվ կամ ամեն նեժնի ապռազովաննի ժինիխնեվեսթան սիչաս այդ բանը անում են Մոսկոֆի մեջը` ռամանի ֆասոնի համար: Աստված կամենա, եթե Նախիջևան եկանք ես Պելպեքովի հասանելիքը տեղը կդնեմ, որ մեկ էլ ուրիշի ապրանքի վրա աչք չտնկի:

Մնամ խոնարհ ծառա Սրապիոն Ճիվելենկովս.

Ի Նոր Քաչևան Տոնի վրա, ավկուստի 23, 1875 Քրիստոսի.

Առ արժանապատվելի Սեմեն Փավլովիչ, ծանի՛ր.

Հայտնում եմ, ղումաշի փլաթին տեսանք, բայց չենք հագնելու, որովհետև Սքաչովի հարսը սրանից երկու շաբաթ առաջ ուղիղ Վիեննայից բերել է տվել ղումաշի փլաթիցու, աքոռտ հինգ-հարյուր մանեթի: Սիրտս շատ ցավեց հրամանոցիցդ, այսօր ամբողջ օրը աչքս արտասուքից չի ցամաքել, ամբողջ օրը անիծել եմ քեզ այսպիսի խայտառակության համար: Ոչ թե համբույր, հոտ անել չեմ տա երեսս. դու դեռ, վա՛յ գլխիս, ուրիշ բաների վրա ես աչք դրել, մատաղի անուն ես լսել, բայց ո՞ր ժամի դռանը բաժանած լինելը չգիտես. հոգիդ կաթով չա՞յ է ուզում... երևի ձին ու սահնակդ էլ անպետք բաներ պիտի լինեն... թյո՛ւֆ, թյո՛ւֆ, ինչո՞ւ այն օրը Պելպեքովի որդուն աչքաթող արի. ես հաստատ գիտեմ, որ նա ինձ համար մի քանի ժանգոտած կոպեկ չէր խնայի... Զայս ղրկած փլաթիցուդ ինչպես որ ծալած փաթաթած ղրկել էիր, այնպես էլ ծալած մնացել է. կգաս կվերցնես ու մի առֆյանքայի130, կամ հոռնուշնայի երես տեսնելու գին փեշքեշ կանես. մեր քլուպ-պալի սովորությամբ այդպիսի փլաթիները արաբաջիների որբևայրիների վրա է լինում... Այն ռամանի ձևով համբույրը ու մյուս մոդնի ֆասոնները մտքիցդ հանի, այն ուրիշ ջահելների համար պահած իմացիր:

(Ա՛ռ քեզ).

Սէկտեմփերի 2, 1875-ին, որ ի Մոսկոֆ.

Առ արժանասիրելի և բազմասրտյալ

Եֆռասեյա Առթյոմովնայիդ: Ծանի՛ր:

Զխոնարհաբար հայտնում եմ: Եթե փլաթին չհավանեցիր` առ ու փեչը գցի. մեզ համար այն, ֆսեռավնո, մի սկուտեղ սոխի կճեպ է. այդ դատարկ բանի համար զաչե՞մ սիրտդ ցավացնում ես որ. փամիլըյ. մենք ե՞րբ ենք ասել, թե փող ենք խնայում: Մենք մեր հետը, որովհետև ժամկետը հասել էր, փող էինք բերել վեքսիլի մասին համար. թե չէ նեվո՞ւժելի չորս-հինգ ամիս ռասռոչքա չէինք կարող անել առաջի անգամի համար, քսան-քսան մեկ տարվա մեջ: Սքաչովի Վեննայից բերել տված փլաթեցուի վրա թքիմ, այդ ի՞նչ է որ ես դրա համար հարսիս առջևը սևերես մնամ... Ես Խլուտովի քանթոռը յոթը հարյուր մանեթ տվի որ նառոշնը, Փարիժից ամենամոտնի փլաթիցուն պատվիրեն ու էքսթռենի փոշտայով աթփռավիթ անեն, որ սիրտդ չկոտրվի. ձիերի համար էլ, որովհետև կասկածում ես, վրան էլի հազար մանեթ ավելացրինք, որ երկուհազար ութհարյուր մանեթանոցհարցնողներին, ո՞վ է քեզ ասել չորս հազարների անուն չտալռիսաքներ ունենաս, որ ոչ թե ՌոստովՆախիջևան, Թայղան131 էլ չգտնվելիք բան լինի: Սահնակն էլ յոթը հարյուրանոցը ետ տվինք, հազարանոցը առանք նրա տեղը, արջի մորթու տեղն էլ` նասթայաշնըյ խափլանի, թիկռովըյ132 են ասումնրա սուտն էլ է լինում, պայքայից, բայց այս ասածս նասթայաշնըյն էմեռնեմ, տանկը՛լ-տանկը՛լ հարյուրհիսուն մանեթ եմ հաշվել տվել: Նեվուժելի Եֆրասեյա Առթյոմովնա, ես հրամանոցդ համար փող պիտի խնայեմ, ամո՞թ չի ինձ... էլի ձեր սիրտը շահելու համար երեք կառաթանոց մի լավ պռիլյանթի մատանի պատվիրեցի, որ գուցե Նախիջևանը հիմնադրման օրից հետո այդպես հազվագյուտ բան չի տեսել. այդ էլ մութ պատշգամբում ձեր մատին կհագցնենք, երբ դու և այլն:

Կամ և մնամ ցվերջին գերեզման

զքո խոնարհ ծառա Սրապիոն Ճիվելենկովս

Նոր-Նախիջևան, սեկտեմփերի 8, 1875-ին

Ամենապատվելի Սեմեն Փավլովիչ

հարազատ որդի մեր ի ծնող.

Ահա հայտնում եմ զձեզ, որ հրամանացդ հավանած Հոռոմսիմա չեղածը, որ երեք տարի փանցիոն է գնացել այն անամոթ անառակ Ա. Փ.-ի մոտ, դեռ... հոտը չառած, փեռվըյ պոզի ֆասոններին վարպետ է դարձել, չլինի թե, բալաս, սիրտդ ցավի: Բանը մանրամասն ուզում ես իմանալ, այսպես է. մեր մեջը բավականին պաղություն մտավ, բայց սիրտդ ամուր պահի, կտրիճ եղիր: Նրանց տունը, լսել ենք, սրիկա տեր Սարգիսը, գնալուցդ ի վեր, հենց մութը կոխեց թե չէգը՛վ է անում, ներս է մտնում ու ժամերով մնում: Դու մի ասիլ, որ Պելպեքովների կողմից կավատություն է անում հարամ սատկածը, հարսիդ նրա միջնեկ որդու համար է ուզում, թող գնան, թող առնեն, Աստված բարի պսակի արժանի անի: Այդ մենք, այստեղ նայի, որ հարս փնտրենք ասինք, հարսի սակավության հանդիպեցի՞նք, ինչ է. նրանց մարը... Քեզ մարդ չեմ ասիլ, եթե չգաս ու բեհի մատանին երեսներին չշպրտես ու քու տված նվերներն էլ միռավոյի հրամանքով, դատավորի ձեռքով չկոխես չառնես:

Следующая страница