Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 Следующая Конец

Ինչպես որ ամուսինը ասում է, կնիկն էլ այնպես է անում. տերտերին ներս է առնում. քառորդ ժամ անցնում է չի անցնում, մեկ էլ տեսնես փողոցից ամուսնու ձայնն է գալիս:

«Ամա՛ն, կո՛րանք», — ասում է կնիկը ու ինչ արածը չի իմանում. «Լսի՛ր, շուտ պարտակի ինձ», — ասում է տեր Գևորգը: «Դե՛, շո՛ւտ, տեր պա, հավաբունը մտիր». նա էլ միամիտ-միամիտ գնում է հավաբնում պահվում: Ամուսինը դեռ ներս չմտած` բակի մեջ կանգնում է. «Տո՛, — ասում է, — այդ հարևանի խոզը էլի մեր բակն է մտել, կեղտոտել, փորփրել. այդ մունդառ հայվանից ազատվելո՞ւ ենք, թե չէ», ասում է ու վերցնում մի ահագին փայտ ու բակի անկյուններում խոզ փնտրողս է լինում: Հավաբնին է մոտենում: «Տեսնենք այստեղ չի՞ մտել», — ասում է ու փականը քաշում է ու դուռը բացում: «Հա՛, կարծես թե այստեղ է ու սկսում է պասապա՛ս, պասապա՛ս, ուժը հասածին չափ այնքան խփում, այնքան է խփում, այնքան խփում, որ ինքն էլ է ուժից ընկնում, ահագին կոպալն էլ է փշուր-փշուր անում: Երբ որ մի լավ ծեծում է, գնում է պատշգամբ ու դռան արանքից զգուշությամբ այդ հավաբնի կողմն է նայում: Տեր Գևորգը գլուխը կամացուկ վեր է բարձրացնում, նայում է մարդ կա՞, չկա՞: Իմանում է, որ մարդ չկա, արագ տեղից վեր է կենում տնքալով-տնքալով, թոփալ-թոփալ, տի՛թ պապամ, հայդե՛, ուղիղ տուն:

Կնիկ-բան վրան են թափվում. «Ի՞նչ եղավ, երեսդ կատարյալ մեռելի գույն է, ինչո՞ւ ես տնքում, այս ի՞նչ է, վրադ-գլուխդ պատռտած, ցեխոտված, փետուրոտ, երեսդ արյունլվա, շո՛ւտ հեքիմի ետևից... դե՛ղ բերեք...»:

Ի՞նչ ես աղմուկ բարձրացրել, ա՛յ մարդ, բան չկա, բան չկա. ճաշակելու էի գնացել, մութ էր (այս շոգերին հեչ ժամը վեցին մութ կլինի՞, սո՛ւթ) սայթաքեցի, փոսը ընկա (այնինչ, ինչ սայթաքել, ինչ փոս). սուս մնացեք, — ասում է, — ձայն չհանեք, դուռ դրացի բան չիմանա. ո՞վ գիտե ինչ վատ բաներ կհնարեն, մեր ժողովրդի չար լեզուն չգիտե՞ս, ինչ է. թող գնա, մոռացվի:

Բայց ո՞ր մոռացվելն է, որ մարդ չիմանալն է. կես ժամ չի անցնում, որ ամբողջ քաղաքը իրարանցում է ընկնում, մա՛րդ է հավաքվում, մա՛րդ է հավաքվում որ` աշխարհը ոտքի տակ են առնում. «Հա՛յ, տեր Գևորգը ծեծ է կերել, հա՛յ տեր Գևորգը ծեծ է կերել...»:

Հա՛յ, ես դրա... տո՛, հեքիաթի պես բան է եղել:

Հեքիաթից էլ վատ, ի՞նչ է քու ասածդ: Հիմա տես, որ բանը առաջնորդի, կամ կաթողիկոսի ականջը չհասնի. կամ մորուքը ետ կվերցնեն, կամ փիլոնը: Այսպես էլ բան, եղբայր, հեչ լսված չէր. ամո՛թ մեր հոգևորներին, դրա՞նք բարի օրինակ պիտի լինեն իրենց ժողովրդին. ամո՛թ, հազար ամո՛թ. թյո՛ւֆ, անառակ շուն:

Այս չէ, բայց մենք զրույցով ընկանք, մարդիկ բազարը դատարկեցին, գնանք մենք էլ մեր բանը տեսնենք... Այդպես, հա՞, մեր խաչակիր ավագ քահանան ծեծ է կերել հավաբնի մեջ, անո՛ւշ իրեն:

Ինչպես է ես...

Է է է՛, բարև մնաս... հա՛յ, ես դրա... ինչ զարմանալի բան:

Բարով գնաս... հապա՛, հապա՛, զարմանալի որ, զարմանալի:

ԷՐԵՎԱՆ

Էրևան եկանք թե չէ, մեզ բերին մի քարվանսարա, «դե, այս է այստեղի հասթիննիցան»139, — ասին... Մի մեծ տուն, մեջտեղը բակ, իրար ետևից չորս կողմը սենյակներ. բակի մեջտեղը էշեր, ուղտեր, հայ, տաճիկ, թաթար, ղզլբաշ, հակերով ապրանքներ. բոլորը խառնիխուռն, այնպես որ` շունը տիրոջը չի գտնի, այդ է դրանց գոված քարվանսարայը. դվոռ ասես, դվոռ չէ, հասթիննիցայի հո հեչ չի նմանի, ուրիշ տեսակ մի բան է... Մի հատ նեղ պատուհանով սենյակ ցույց տվին: «Եթե ուզում ես, այստեղ դատարկիր իրերդ», — ասին: Չամադանս-բանս ներս առի, արագ-արագ ճամփի շորերս հանեցի, նորը հագա, սենյակիս դուռը կողպեցի, բանալին ջեբս դրի, գնացի բազար:

Դրանց բազարը մերին չի նմանում, մառուշկաներ հեչ չկան, մանր-մունր մթերքները այստեղ ահագին մարդիկ են ծախում, ամուր-ամուր գոռալով: Մարդու մեկը կպել է թե` «այս ձուկս, անպայման առ»: «Ո՞վ մարդ, — ասում եմ ես դրան, — ձուկդ ի՞նչ անեմ»: «Չէ՛, անպայման պիտի առնես, շատ համով ձուկ է»: Օձիքիցս պոկ չի գալիս: «Ես այստեղացի չեմ, — ասում եմ, — սենյակումս օջախ, պղինձ չկա, ասում եմ, եղբայր, ձեռք քաշիր ինձնից»: Չէ՛, ո՞ւմ ես ասում. ձկան պոչից բռնել է, քիչ է մնում աչքս կոխի: Ձուկն էլ ձուկ լինի. էն մեծ գլխով, երկար-երկար բեղերով սոմ ձուկը չկա՞, որ մեր տեղը շների առջևն են գցումդե հենց այդ սոմ ձուկը ուզում է ինձ սաղացնել... Թքեցի վրան, փախա: Պամիլըյ, դրա հարամ ձուկը ես ի՞նչ պիտի անեմ: Հետո իմացա, որ այդ դրանց ամենասիրած ձուկն է: Մի քիչ որ այն կողմ գնացի, մի խումբ մարդիկխոսակցություններից հայտնի էր, որ հայեր պիտի լինեինհավաքված զրույց էին անում: Լավ որ, նրանց մոտ մի միրգ ծախող կար. իբր թե բան առնողս եղա, մոտեցա, միրգ եմ ծախս անում, բայց ականջս դեպի այդ հայերն է: Զարմանալի բան. մեջ-մեջ խոսքերը հասկանում եմ, բայց ասածները չեմ հասկանում: Բառերը մի քիչ մերինին նման է, բայց շատ սպոռթիթ140 եղած է, այնպես որ` մաքուր հայը դրանց չի հասկանա: Խոսքն էլ մի տեսակ են հանում բերաններից, գյուղացու պես, խապա-խապա, պամուժիցկի. խոսացածները կեսով կես տաճկերեն է: Խոսքի վրա, նրանք չեն ասում մեռղ, մեղր են ասում. չեն ասում փաթլիճան, պատրիճան են ասում, պենիր չեն ասում, պանիր են ասում: Լեզուները կամ զաֆսեմ փոռթիթ եղած է, կամ մորից ծնունդ թլվատ են. հեչ մեր նման թեմիզ հայերեն չեն կարողանում խոսել: Մտքի մեջ շատ ծիծաղել եմ վրաներըմեծ մարդիկ են:

Երեխաները միշտ կեղտոտ են. չոռթ իխ զնայիթ, այդ մարդիկը սապոն չունե՞ն, ինչ է, չինկյանայի նման մի բան են... ճիշտն ասած այսօր անլվա են մնում, վաղը անլվա են մնում, իհարկե կեղտը կաշիների մեջ կմտնի, մեկ էլ կկարողանա՞ս որ հանես, այդպես էլ արաբ են կտրում, նստում են այն կողմ, թե չէ, Աստվածդ կսիրես, ինչո՞ւ այդքան սև՞ պիտի լինեն որ, նրանք էլ հո մեզ պես հայ ենփալոժիմ լեզուները մի քիչ անհարմարն էինչ էլ որ լինի, այդ մարդիկը մեզ պես Աստված կհավատա՞ն խոմ:

Վրայի փալթոներն էլ մի ուրիշ տեսակ է. մեզ պես նրանք թևերը չեն հագնում, կռնատակերի տեղը ծակ են անում, ձեռքները այնտեղից են խոթում, այդ աղիքի պես թևն էլ ուսերին են գցում. այդ դրանց ադաթով, շատ մոդնի բան է, այնինչ այնպես տարօրինակ է որ, վրաները որ նայում ես` ծիծաղդ չես կարողանում բռնել: Ամառ, ձմեռ գլուխները մորթե գդակ են դնում, ձևը մի տեղ շաքարի թղթին է նման` երկար ու ծայրը սուր. չհավանեցի, հեռվից փռասթոյ մարդը եպիսկոպոսի է նմանում այդ սուր գդակով:

Այն կողմերը ջրի սայլ չկա, գոմեշի կաշին վերցնում են կարում, մեջը կուպր են քսում, ձիու վրա են դնում, մեջը ջուր են լցնում, ահա դրանց ջրի սայլը: Սկզբում ես զզվում էի դրա միջի ջուրը խմելմունդառ բան էբայց կամաց-կամաց ինձ ստիպեցի, ծարավ մեռնե՞մ, ինչ է:

Դրանց կանանց քասթյումը տղամարդկանցից ավելի վատ է: Վերցնում են մի սավան, ոտից գլուխ փաթաթվում են մեջը, ձեռք, աչք, գլուխ, բոլորը փակում ենդե՛, այդ է դրանց սալոփն էլ, գլխաշորն էլ, երբ որ առաջին անգամ տեսա` իսկույն առաջվա մեռելները միտքս եկան. հեչ տեսե՞լ ես, պատանքված, նաշի վրա դրած որ տանում ենայ, իսկական այդ պատանքված մեռելներն են այստեղի կանայք. բայց դու արի տես, որ այդ դրանց մոդն է եղել: Կանանց երեսը, երկու շաբաթ մնացի, չտեսա, բայց պարզ բան է, թե ինչ ծիծաղելի պիտի լինեն, տղամարդկանց վրայից հայտնի չէ՞, ինչ է:

Ի բնե ֆասոն չունի այդ Քափքայի հայը. վարտիքները լայն, հը, այսչափ, իսկական մի թևաչափ կլինի լայնքը, ֆըշռ-ֆըշռ ման են գալիս, կարծում են, թե մի լավ բան է, այնինչ շատ տգեղ է. գիտե՞ս, դրանց մի շալվարից մի երեքը դուրս կգա: Դերձակ չունեն, ինչ է, խեղճերը, երևի վարտիքները իրենց կանայք են կարում, և իրենց հագուստներին են նմանեցնում: Այն թևատակերը ծակ փալթոյի տակից ղումաշի կապա են հագնում, դա նիչեվո, ինչ էլ որ լինի, մի բանի նման է, բայց ձեռքների վրա նշխարքի ձևով մի տառապան են դնում, ինչի՞ համար է, չիմացա:

Էքիփաժ չունեն, եթե լինում էլ է, շատ հազվադեպ. տղամարդ, կին` ձի են հեծնում, կինը կողքից, փառուսկի չի նստում, տղամարդու պես պուճախ-պուճախ է հեծնում... մի քիչ անամոթ բան է. վրաները որ նայում ես, անմիջապես մտքիցդ վատ բաներ են անցնում: Վարդապետներն էլ, փուփուլիքը գլուխներին, ձի են հեծնում, ծիծաղս շատ գալիս էր:

Ազիաթի հայերի տունը մի ծիծաղելի բան է, մեզ պես բակ չունեն. նրանց տների տանիքը գետնի պես դուզ է. սրտները որ նեղանում է, գնում են, ճնճղուկների պես տների տանիքներին նստում են, փողոցով անց ու դարձ անողի հետ զրույց են անում: Ժամանակ առ ժամանակ էլ տավուլ-զուռնա են կանչում, բավականին տղամարդ, կին հավաքվում են, սկսում են աղմկել ու երգել, բայց մեր Խզլար-հավան ինչքան էլ վատ լինի, էլի իրեն համար մի բան է, դրանցը որ իսկական վայրենի մարդկանց թանց է, հա՛յ, հա՛յ. կարծես թե տները հրդեհ է ընկել. մեր միկիտանխանաներից էլ ավելի աղմուկ են հանում. այս սրանց խնջույքն է: Լսել եմ, բայց ի՞նչ մեղքս պահեմ, աչքովս տեսած չեմ, ասում են թե դրանց կանայք տղամարդու պես գինի են քաշում, ռումքայով չկարծես, մի շերեփի պես արծաթե բան ունեն, նրանով կոլթ, կոլթ ներս են լցնում: Մի անգամ համը տեսաԷրևանի գինիի. այնպես կտրուկ, թունդ բան է որ կես գավաթ խմեցիր, ի՞նչ է, երկու-երեք օր գլուխդ կճաթիշատ թունդ է, այդ բանը ինչպե՞ս են խմում, խելքս չի հասնում, իսկական աֆիոն է ո՛ւ:

Նրանց հացի փուռն էլանունը գիտեի, բայց մոռացել եմտարօրինակ բան է. բակի մեջտեղը, շատերի էլ տների մեջը մի կլոր փոս են փորում, մեջը սվաղում, այդ է դրանց փուռը: Հաց եփելու որ լինում են, այդ փոսի մեջ շատ չոր փայտ, խոտ-մոտ են լցնում, տակից բռնկեցնում են, հետո վերցնում են խմորը այդ փուռի պատերին են ծեփումդե իմացիր դրանց հացի ֆասոնըիսկական լաթ է, մեղայաստծո, մեղա:

Փռասթոյ դրոգ չունեն. ապրանքը, կամ ուրիշ այնպես ծանր բան տեղից տեղ տանելու որ լինեն, բազարից մշակ են բռնումդրանց լեզվով մշակը` ըռղաթ ասել էձիից բեթար բարձում են այդ մշակինգուցե տասնհինգ փութ, ավելի էլ դնում են այդ խեղճ մարդու վրա, նա էլ ինչ պիտի անի ողորմելին, տնքալով-տնքալով գնում է, էլի: Ի՞նչ պիտի անի, արհեստը որ այդ է...

Քափկայի հայը ի բնե մերիններից շատ ցած է, մերերը գոնե մարդու շարք մարդ են նրանք` այն մաճառ-արաբայով Խրիմեն նողայներ որ գալիս են, իսկական նրանք են, եթե երեսները խաչ չհանեին, հայ եղածները չէր նկատվի... փամիլըյ, հետները մաքուր հայերեն եմ խոսում, չեն հասկանում, վսեռավնո այս պատը, հնդուհավի պես երեսիս է նայում, իբր թե «խաբար չեմ, իբր թե ուզում է ասել, թե ասածդ չեմ հասկանում... Գնա գտիր, նրա լեզվով ի՞նչ ասել է «էծը ձորը ընկել ա, գելը էկելա կերելա», իբր թե ուզում է ասել թե «ածը հետեքը ինկել է, կալը էկիլ է, նորան կերիլ է»... երեսդ խավարի, հայերեն ասա, էլի՛, ածին ինչո՞ւ էծ ես ասում որ, թլվատ բերան, փռյամը ած ասա, էլի: Ձորս որն է հենտեք որ ասես չի՞ լինի. «էկելա, կերելա» ֆռանսերե՞ն ես խոսում, ի՞նչ է, «էկել է, կերել է» որ ասես նրանից լավ չէ՞, ինչ է, գոնե մաքուր հայերեն է հո... Ա՛յ այսպես խենթ են:

Նրանք ֆող չեն ասում, խող են ասում, հավող չեն ասում, խաղող են ասում. խույի չեն ասում, ջրհոր են ասում, չիչակ չեն ասում` ծաղիկ են ասում, հիմար, հեչ չիչակը ծաղիկ կլինի՞. ծաղիկը այն է, որ վառված փայտից կամ աթարից է մնում. այն պարտեզի մեջ եղածը` չիչակ է. ում ուզում ես հարցրու, մաքուր հայերեն է... Ուրեմն, այ այսպես սփոռթիթ արել են իրենց լեզուն այնպես, որ ամիսներով հետները պիտի ապրես, լեզուդ ամբողջովին պիտի ծռմռտկես, որ կտոր-մտոր բան կարողանաս հասկացնել...

Երկու շաբաթ Էրևանում մնացի, ամբողջ օրը հետները վիճում էի, մաքուր հայերեն էի սովորեցնում այդ մունդառ ազիաթներին...

Ինչպե՞ս, ախր, չտրաքես, մի այդ այլանդակներին տես, մարդ չեն հավանում, մարդու վրա ծիծաղում են, մանավանդ մեր նախիջևանցիներիս վրա միշտ ծիծաղում են, թե մենք լեզուներս սփոռթիթ արել ենք, մոռացել ենք մաքուր հայերենը...

Մի օր այնպես կռվեցի մեկի հետ որ, քիչ էր մնում բանը փալից141 պիտի հասներ, լավ որ մեջներս մարդիկ մտան, բաժանեցին... թե չէ ուժե մազի եկել էինք... բայց բոլոր մեղքը Էրևանի գինին էր... եղբայր` առաջին անգամն է խմածս, դրա թունդ եղածը որտեղի՞ց իմանամ. հա՛ լցնում են, ես էլ բանից խաբար չեմ, գավաթ գավաթի ետևից ներս եմ լցնում, դրա թունդ եղածը որտեղի՞ց իմանամ... Բայց չորս ժամ անցել էր թե չէ գլուխս մի պտտվել, մի պտտվել սկսեց, որ մերկացնեին, վրաս կուպր քսեին դուրս գցեին, ծպտունս դուրս չէր գա, այնպես քեֆով էի դարձել... Այդ ժամանակ մի մարդ սկսեց նախիջևանցու լեզուն ծաղրել...բան եմ ուզում ասել` լեզուս չի պտտվում, սառած մարդու երեսն եմ նայում հորթի պես, բայց սիրտս խըփռ-խըփռ խփում է: Սուս մնացի, սուս մնացի մեկ էլ բռունցքս վերցրի փռյամը այդ ասողի երեսին խփեցի... Մարդը կատաղեց, վրաս վազեց, մազերս բռնեց, երկու ապտակ էլ նա ինձ կպցրեց, վայր գցեց... Էհ, շեն կենան, մարդիկ մեջ մտան, հազիվ քաշեցին հանեցին ինձ տակից... Չէ՛, նիչեվո՛, լեզուները մաքուր հայերեն չէ, բայց իրենք ուժեղ մարդիկ են... Դու ինչ կասես, Էրևանի գինին շատ թունդ է, նրա անուշ եղածին մի նայի...

ՔԱՂԿԵԴՈՆ

Այդպես ես ասում, բայց Սիմավոն-ա, այդ ավետարանի մեջը չի գրած, որ երբ Քրիստոսը լրիվ երեսուն տարեկան որ եղավ` Հորդանան մկրտվելու եկավ...

Այ մարդ, ես մկրտվելու չեկա՞վ, ասել եմ, ինչ է... Իհարկե, մեռնեմ զորությանը, դե՛, ինչպես սովորությունն էր որ քսանիննից դուրս եկավ երեսունը մտավ, մկրտվեց...

Եղբայր, ի՞նչ դատարկ բաներ է ձեր ասածը, ասաց այն կողմից Սեղպոսի Ծատուրը, տերն մեր Հիսուս-Քրիստոսը աշխարհ գալուց հետո քառասուն օրից չմկրտվե՞ց որ... միտքս է գալիս, որ Սիմոն Ծերունն էր նրան մկրտող քահանան... թե՞ սխալ եմ...

Չէ՛, էլ ինչ, ասաց Սիմավոն-ան, այն Սիմոն Ծերունը տաճարի մեջ երկրպագություն արավ, նրա մկրտողը սուրբ Կարապետն էր...

Է՛հ, չգիտեմ, որ լինի, կլինի, տեսածս բանը չի... ես գոնե այսպես եմ միտք անում, որովհետև երեսուն տարու մեծ մարդ... մեղայաստծո՛ւ... մեղա՛... մե՛րկ... բաց... խելքս չի՛ հասնում...

Եղբայր, ի՞նչ դատարկ բաներ ես ասում, Քրիստոսը մա՞րդ էր մեզ պես, նրա հղությունը, այստեղ նայիր, ինչպես որ գրված է Սամոցի մեջը, Քափռել հրեշտակը, էլի, հոգին սուրբմեռնեմ զորությանը, Բեդխեհեմի մուսլուդը, էլ ի՞նչ ասեմ` մոգեր, բաներ, դե այսպես եղավ, ոչ թե հողեղեն ադամորդուս պես` հարս, փեսա, հարսանիք-բանայդպես բաներ չկար. այդպես մտածողին ու ասողին այս կողմում քարկոծում էին, հերետիկոս էին անում, այն կողմում դժոխքի մեջ կպրով պղնձի մեջ եփում էին:

Կհամարձակվեի՞ր բերանդ բացել...

Ինչո՞ւ բոլորս էլ որ Քրիստոսին ենք հավատում, բայց հոռոմը մի ձևով է Աստված ճանաչում, հայը` մի ձևով, ձուկուտողն142 էլ` մի ձևով, — ասաց Ծատուրը:

Դրա խոսքը երկար է, — ասաց Սիմավոն-ան, — բայց ամեն վատության պատճառը անօրեն, անհավատ Քաղկեդոնն էր...

Բա Արիոսն էր, — ասում են ո՛ւ..., — ասաց Սըրապի Մելքոնը:

Լսել ես, բայց կարգին չես լսել. Արիոսը` այն առաջ էր, նրանից հետո Քաղկեդոնը եկավ. Քաղկեդոնն էր ամեն բան կեղտոտողը. Քաղկեդոնը որ չլիներ, հայերիս բանը զաֆսեմ ուրիշ կլիներ. մեր հայի տունը հիմքից քանդող` էն-էն-էն անհավա՛տ, անա՛զգ, մունդառ Քաղկեդոնն էր... Քաղկեդոնը չեկած` հայ, ռուս, ֆռանցուզ, նեմցե, հոռոմ չկար, բոլորն էլ մի լեզու, մի հավատ էին. այն կեղտոտ Քաղկեդոնը որ եկավ, հենց նա մարդկանց մեջ դուշմանություն գցեց. «դու հայ ես, — ասաց, — քու ժամդ իմացիր, դու հոռոմ ես, — ասաց, — քու ժամդ իմացիր, դու ֆռանցուզ ես, — ասաց, — դու էլ քու ժամդ իմացիր». դե՛, այսպիսով բոլորն էլ իրենց տեղը քաշվեցին. սե՛ր, միաբանությո՛ւն կորավ ու դրանից հետո սկսեցին մեկը մեկի վրա թուր ու թվանք քաշել...

Ի՞նչ ես ասում, այդ աշտարակն էր, Քաղկեդոնը չէր որ, — ասաց տեր Բարսեղը:

Չէ՛, ջանս, տեր-պա, սխալ ես, Քաղկեդոնն էր. աշտարակը ե՛րբ, Քաղկեդոնը ե՛րբ. աշտարակը` այն ամայի տեղն էր, Քաղկեդոն որ ասում են, այն զաֆսեմ ուրիշ մարդ է... որ տերտեր չենք` գրքի երես էլ չենք տեսե՞լ, ինչ է. տերտեր ասածդ, սիրտըդ չցավի, տեր-պա, գրքի մի երեսն է կարդում, էլ մյուս երեսը որ դարձնում է, ասում է` կնունքի են կանչում. մենք` աշխարհականներս, գրքի երկու երեսն էլ կարդում ենք... Քաղկեդոն որ ասում են մի աներես, կռվարար, մարդ չհավանող, անպետք հոռոմ էր. սկզբից թագավորի սիրտը առավ, իրեն լավ, խելոք մարդ ճանաչեցրեց, հետո սկսեց, եղբայրս, հանդիպողին քյուֆուր անել, հանդիպողի հավատը գետնին խփել. դո՛ւք, իբր, Աստված չե՛ք ճանաչում, դո՛ւք Աստծու գոյությունը, միությունը, անցինը, Որդին, Հոգին սուրբ կարգին չգիտեք, ես ի՛նչ իմանամ, բոլորին ցեխն է խոթում հանում... մի մարդ դեմը դուրս եկող, պատասխան տվող չկար, բոլորն էլ հիմարի պես սուս էին մնացել... Այն ժամանակը, Խորվիրապից դուրս է գալիս եղբայրս, մեր Գիրքոր Լուսավորիչը. «Դո՞ւ ես, ասում է, իմ հայ-քրիստոնյայիս անունը կոտրողը, դո՞ւ ես իմ տված հավատիս չհավանողը, ցած խփողը», այն հիշյալ սուրբ գեղարդովը պա՛ս դրա գլխին, պա՛ս դրա գլխին: Մեր Քաղկեդոնը դունչը, պռունկը արյունլվա, ուղիղ Հոռոմի թագավորին է գնում. «այսպե՛ս, այսպե՛ս բան, — ասում է, — հայերը ինձ անպատիվ արին, դուրս արին ու մեր հավատի վրա թքեցին», — ասում է: Թագավորը կատաղում է, «այս բանը բան չէ, — ասում է, — հայի խելքը գլուխը պիտի բերեմ», — ասում է: Մի կոնդակ է գրում, իրեն չինովնիքները, սենաթուռները ստորագրում են, ուղիղ մեր Տրդատ թագավորին են ղրկում:

Թուղթի մեջ այսպես է գրված եղել` «Քանի որ իմ Քաղկեդոն եպիսկոպոսին այդպես եք արել ու նրա սովորեցրած հավատի վրա այդպես թքել եք, այդ բոլորը նույնն է, որ ինձ եք անպատիվ արել, գրում է, քառասուն օր ձեզ ժամանակ եմ տալիս. այդ քառասուն օրվա մեջ երբ որ չհաշտվեք ու Քաղկեդոնի առջև մեղայի չգաք, ես թոփ ու թվանքով վրաներդ կգամ ու ձեր քաղաքըայն ժամանակները հայերը դեռ Աննա քաղաքում էին ապրում, մե՛ծ քաղաք էրտակն ու վրա կանեմ, ձեզ էլ գերի կքշեմ», — գրում է: Հայերը սարսափում են: Մեջների ամենամեծերը գնում են թագավորի ոտքերն են ընկնում. «Ամա՛ն թագավոր, — ասում են, — արի այդ բանը մի անի», — ասում են»: «Որ այդպես է, — ասում է Հոռոմի թագավորը, — անունը չգիտեմ Դանիել է, թե Մանիել էայս րոպեիս Քաղկեդոնի առջևը մեղայի պիտի գաք, — ասում է ու սովորեցրածը ընդունեք»: Հայերն էլ վեր են կենում ու ասում. «Թագավոր, ապրած կենաս, ասում են, մենք մեր գլխու չենք, — ասում են, — այնտեղ մեր թագավորը կա՛, — ասում են, — կաթողիկոս կա՛, — ասում են, — եպիսկոպոս, տերտեր, ժողովուրդ կա, — ասում են, — մեկ տեսնենք նրանք էլ ի՞նչ կասեն, համաձայն կլինե՞ն արդյոք»: «Որ այդպես է, — ասում է թագավորը, — շուտ գնացեք, դումա ժողովեցեք, ձեր բոլոր իմաստուններին, գիր-կարդացողներին հավաքեք, — ասում է, — ես էլ իմ կողմից Քաղկեդոնին կղրկեմ, թող մի կողմը ասի, մյուսը լսի, մյուսը ասի, մեկը լսի` ճիշտը որի կողմը որ լինի, նրա ասածին ամենքն էլ թող համաձայն լինեն: Լա՞վ է, թե՞ լավ չէ ասածս», — ասում է: «Շա՛տ լավ է», — ասում են հայերը. համաձայնում են ու գնում են իրենց տեղը. «Հոռոմի թագավորը այսպես-այսպես հրաման արավ», — ասում են: Հայերիս բնութքն ևս գիտե՞ք, մեր աչքը ի բնե թուր ու թվանքից վախեցած է, բայց լեզվով կռիվ անելը իսկական մեր շնորհքն է, այդ բանին մենք խիստ վարպետ ենք: Ի՞նչ խոսքս երկարացնեմ, ինչպես որ Հոռոմի թագավորն է ասում` հայերն էլ այնպես են անում, ամենքն էլ Աննա քաղաքի մեջ են հավաքվում. Քաղկեդոնն էլ է գալիս, սկսում են կռիվն ու իրարանցումը. սա ասում է, նա չի լսում, նա ասում է, սա չի լսում, բոլորն էլ ասել են ուզում, մեջտեղումը լսող չկա, հոռոմը գոռում է, հայը` ավելի շատ, այնքան են գոռում, այնքան են աղմկում, որ մարդկանց բերանների թուքը չորանում է, ձայները խազումայդպիսով վերջանում է դրանց կռիվը: Այդ օրից էլ հոռոմները մեր անունը Արիոս են դնում, մենք էլ նրանց Քաղկեդոն ենք ասում:

Լա՛վ, իմացանք, որ Քաղկեդոնը հավատներիցս դարձնել էր ուզում մեզ... բայց նրա ասածի իմաստը ի՞նչ էր... այսինքն ուզում եմ ասել, թե նրա ուսմունքի էությունը ի՞նչ էր... գուցե մարդը, ո՞վ գիտի, միտքը մի բան ուներ... իհարկե մեր լուս հավատին հավատ չի հասնի` այդ ո՞վ չգիտի, բայց ուզում եմ ասել, թե Քաղկեդոնը ի՞նչ էր ասում, — ասաց խաֆաֆ Պողոսը:

Քաղկեդոնը պապայի գլխից մեծ էր... ուտում, — ասաց Սիմավոն-ան, — ապուշը իրեն ասածը ինքը հասկանո՞ւմ էր որ, ժամորդը, իբր, սկիհի մեջ գինու հետ ջուր էլ թող լցնի, հեչ այդպես բան կլինի՞. սուրբ Աստվածի մեջ, իբր, խաչեցավ մի ասեք. այդ ի՞նչ տեսակ բան է. հա՞վ է, ի՞նչ է, պոչը կտրես, բաց թողնես. հեչ գաջաջ աղոթք կլինի՞. այդ ի՞նչ խայտառակ բան է. ծնունդի օրը, իբր, ջուր մի օրհնեք. նշխարքի խմորի մեջ, իբր, մայա խառնեցեք... մա՛մա՛յիդ... ասելու տեղը չի՞. շան երես, նշխարք ասածդ կարկանդա՞կ է, ինչ է... մեղայաստծո՛ւ, մեղա՛... Դե, այսպես ափեղ-ցփեղ բան էր նրա ասածը... հետո էլ ուրիշ բաներ էլ էր ասում. «Երկու բնություն` մեկ գոյություն, միություն, անձին, բանին, մարդեղություն, մարմնառություն, գոյություն, հայրը առաջ, որդին ետևից անժամանակ... մարմինը մարդկային... հոգին աստվածեղեն... մարմինը չարչարվեց... հոգին ու մարմինը... ես ի՞նչ իմանամ, եղբայրս, այսպես խառնիխուռն բաներ է... այդ մանրամասն իմանալ որ ուզես, մի օր Պետերբուրգ որ գնաս, այնտեղ մի քոռ գեներալ կա, Խուդաբաշով են ասում, թագավորի էլ մոտիկ մարդն է, նա այդ բոլորը լավ գիտե»:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 Следующая Конец