Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Առաջին նվագ կարծում էի թե` երազի մեջ եմ, և որովհետև երազումս փող գտնելը ինձ շատ անգամ պատահել էր, և որովհետև կարծում էի թե` այս ևս երազ է, ստուգելու համար, սկսա մազս քաշել ու միսս կճմտել: Տեսնում եմ որ ցավում է, կնշանակե` այս բանը երազ չէ, այլ ուրախալի իսկականություն: Մի րոպեի մեջ հազար տեսակ անելիք բաներ մտքովս անցան: Վերջի որոշմունքս այս եղավ, որ իսկույն հրավիրեմ բնակած տանս մեջ ամեն գտնվողներին և ցույց տամ այս գտած բաներս: Ինչպես որ մտածում էի այնպես էլ կատարեցի: Տան մեջ ով կար չկար, ամենքին հրավիրեցի, գտած առարկաներս մի առ մի ցույց տվի նոցա և հայտնեցի, որ անհապաղ պիտի տանեմ և ներկայացնեմ քաղաքապետին:

Ներկա գտնվողները, ո՛րը ինձ Դոնքիխոթ էին անվանում, ո՛րը անփորձ երիտասարդ, որը թերևս խելագար էին կարծում. շատերը խորհուրդ էին տալիս հետ կենալ այս տղայամիտ որոշմունքես և օգուտ քաղել բախտի այցելութենեն, որ մարդուս կյանքումը կամ մի անգամ է պատահում, կամ ոչ երբեք. բայց ես ոչ մի րոպե չտատանեցա իմ հաստատ որոշման մեջ և ոչ մի անգամ չփոշմանեցա: Եթե գործիս մեջ մի գովելի բան կա, դորա համար ո՛չ ինձ, այլ իմ պատվական ծնողներին պետք է «շեն կենաս» ասել: Այդ, հավատացնում եմ, ո՛չ դպրոցի, ո՛չ համալսարանի և ո՛չ հասարակական կյանքի ազդեցություն է, այլ առտնին դաստիարակության: Ինչևիցե:

Հինգ հարյուր ոսկին, ակնահեռ մատանիները, մարգարտի շարոցները, ոսկի տփերը, ձեռագիր թղթերը, միով բանիվ ինչ որ գտել էի գաղտնի գզրոցի մեջ, բոլորը մի ահագին կապոցի մեջ դրինք. ու թաղապետիորին մի հրամանով դռնապանը հրավիրել էրհետ նստանք կառք ու տարինք ուղիղ քաղաքապետին:

Երբ որ քաղաքապետը բանի էությունը իմացավ, ասաց ինձ. «Պարո՛ն ուսանող, դուք հարո՞ւստ մարդու որդի եք»:

Ո՛չ, — ասացի, իմ հայրս մի հասարակ... է, և այս րոպեիս

«Ափսո՛ս, ափսո՛ս, — ասաց քաղաքապետը, — բայց բանը այն չէ. խոսքս դարձնում եմ ձեր վրա, մի՞թե չգիտեիք, որ դուք այն ժամանակ պարտավոր էիք այս առարկաները ինձ ներկայացնելու, երբ փողոցի մեջ գտած լինեիք. բայց որքան իմ խելքս կտրում է, այս առարկաները ո՛չ կորցրած են և ո՛չ գտած. դուք սոցա գնել եք, թեև շատ աժան գնով, ուրեմն դոքա ձեր լիակատար սեփականությունն են. թղթերից ես տեղեկացա, որ սոցա տերը կեցել է Ելիզավետա Պետրովնա կայսերուհիի օրով, ուրեմն ես մինչև անգամ չեմ համարձակում մի րոպե ձեզ չընդունել այս թանկագին առարկաների անձնիշխան տերը. իմ կարծիքով դոքա ուրիշ տեր պիտի չունենան. երկբայում եմ, որ սոցա մի ժամանակվա տերը այժմ ժառանգներ ունենա»:

Այս առարկաները ես առաջարկում եմ տերությանը այն հիման վրա, ինչ հիման վրա որ գետնափոր գանձերն ու հնադարյան հազվագյուտ առարկաները հրամայած է տերությանը ներկայացնել, — ասացի:

«Այդ ջոկ բան է, — պատասխանեց քաղաքապետը: — Ես վստահ եմ, որ տերությունը ձեզ չի զրկիլ և այս առարկաները, առանց ձեզ առատաձեռն վարձատրելու, իրան չի սեփականիլ. կամ կհրամայե ձեզ վերադարձնել, կամ կգնե ձեզանից յուր թանգարանի համար: Այսպես, թե այնպես առ ժամանակ մի թող մնան սոքա իմ մոտ. իսկ դուք թողեք ինձ ձեր հասցեն. ես այսօր ևեթ ամեն պետք եղած կարգադրությունները կանեմ: Բայց որովհետև ձեր խոսքերեն նկատեցի, որ դուք չքավոր եք, ուրեմն ձեզ անշուշտ փող պետք կլինի: Ահա՛ ձեզ առ ժամանակ (ծոցից հանեց թղթակալը) հազար հինգ հարյուր մանեթ. իսկ ձեր գյուտը, հուսամ տասը հազար ռուբլի ավել կարժե. ուրեմն ինչ որ տերությունը կգնահատե և կնշանակե, այն անկորուստ ձեզ կհասցնեմ, վստահ եղեք»:

Եվ այսպես, ես մի րոպեի մեջ եթե ոչ հարստացա, գեթ պատվական կերպով ապահովվեցա. մի խեղճ ուսանողի համար առձեռն պատրաստ 1500 ռուբլին և ապագայի 10,000-ի հույսը ոչնչով պակաս չէ վաճառականի զուտ միլիոն մանեթից:

Սեր, փող ու ջահելություն, ի՛նչ կախարդական ու հոգեպարար խոսքեր են, շատի՞ն այցելում է այդպիսի բախտ:

Ես ունեցա այդ բախտը և վայելեցի ուղիղերեք օր:

Ե

Մյուս օր մայրաքաղաքի լրագիրների սյունակները լցրած էին այս անցքի մանրամասն նկարագրություններով, իսկ հետևյալ օրը քաղաքի մեջ լուր փռվեցավ, որ իմ ծանոթ հնավաճառը յուր խանութի վերնատնումը վզին չվան ձգել ու կախվել է: Բայց թողնենք այս միջանկյալ մանրամասնություններն ու դառնանք վեպիս գլխավոր առարկային:

* * *

Քաղաքապետին թողած` իսկույն կառք բռնեցի և ուղիղ գնացի Милютинский ասված նպարավաճառանոցը: Ինչ որ աչքիս ընկավ` ապուխտներ, երշիկներ, տեսակ-տեսակ պանիրներ, կոնսերվներ, դյուշես տանձեր, թեյ, սուրճ, շաքար, շոկոլատ, պաքսիմատ ու հազար տեսակ այսպիսի ուտելու պաշար ու չոր խորտիկներ գնեցի, նորա մի մասը առտելշչիկի ձեռքով Սմոլենսք բնակարանս ուղարկեցի, իսկ մյուսը հետս առած գնացի Մարիի տուն: Ինչ մեղքս պահեմ, Ելիսեևի գինեվաճառանոցն ևս հանդիպեցի ու քանի մի շիշ շաթո-իքեմ, շաթո-լաֆիթ ու շամպայն գնեցի:

Մարին տրտում նստած էր. երեսը երեկվանե ավելի գունատ ու նիհար: Հացի փշրանք անգամ չի նկատեցի նորա սեղանի կամ չավելած գետնի վրա. թեյի կամ սուրճի, կամ առավոտվա նախաճաշիկի հետք չէր նշմարվում, թեև ժամը երկուսի մոտ էր. ակներև էր, որ խեղճ աղջիկը այնքան ժամանակ դեռևս մի կտոր բան չէր դրել բերանը: Պառավները իմ գալովս սկսան քթերի տակ փնթփնթալ, թեև չէին համարձակվում կոպիտ խոսքեր ասել. երեկվա սաստս, ինչպես երևում էր, բավականին ազդել էր նոցա վրա:

Ինքնաե՛ռ, իսկո՛ւյն, — կանչեցի այն ժամանակվա զինվորականների ձայնով:

Մեր ժամանակ ուսանողները դեռևս այնպես պատվարկ չէին ստորակարգ ժողովրդի աչքում, ինչպես որ վերջերը եղան. ուսանողը յուր եռանկյունիով, սուրով ու ցոլուն կոճակներով հարգանք էր ազդում խաժամուժին ու նորընտիր անփորձ զինվորներին, և այս վերջինները միշտ զինվորական պատիվ էին տալիս մեզ, որից մեր սիրտը մի մատ եղ էր կապում, և այդ մանավանդ այն ժամանակ, երբ մեզ, փողոցներումը զբոսնելիս, ուղեկից էին կարկարող բարեկամուհիներս: Է՛հ, ջահելություն է՛լի:

Երբ որ ուտելեղենների հոտը առավ Մարին, կարծես թե յուր խորունկ թմրութենեն սթափվեցավ. տեսնում էի, ինչպես խեղճ աղջիկը, թեև թաքուն, բայց թուքերը անդադար կուլ էր տալիս. հայտնի նշան էր նորա սաստիկ անոթությանն ու գրգռված ախորժակին

Վատ բան է քաղցածությունը, աստված թշնամիիս չի տա: Պետերբուրգի չքավոր աղջիկներու կես մասը զոհ է գնում քաղցի րոպեական հանդարտեցնելուն, հավատացնում եմ ձեզ: Պետերբուրգի քաղցը մի ուրիշ, ճնշող, հալումաշ անող, տակավ առ տակավ սպանող զորություն ունի: Այդ ես փորձովս գիտեմ

Հայե՛ր, հայե՛ր, միշտ արթուն աչքով հսկեցեք ձեր արենակից աղքատ ուսանողների վրա, որոնց բախտը ձգել է Պետերբուրգ, մի՛ խաբվիք նոցա վայելուչ արտաքինեն ու նոցա ինքնագոհությամբ լի խոսքերեն. առաջինը նոցա ծաղիկ հասակի նշանն է, իսկ երկրորդը` նոցա ազնիվ հպարտությանԵթե ինձ հարցնեք, ես կասեմ որ ամեն հայի վրա սուրբ պարտավորություն կա յուր կամավոր տուրքը (հայր ի բնե ողորմած է, այդ աներկբայելի է) այս աստիճաններու վրա բաժանել. յուր առաջին օգնությունը պիտի հասցնե նա ուսանողներին, երկրորդը` ազգային գործերու, երրորդը` եկեղեցին, իսկ չորրորդը` տեղական չքավորներուն, աղքատներուն և յուր տնանկ ազգականներուն: Ուսանողի ամենափոքրիկ պիտույք լցնելը սուրբ պարտք է ամեն մի կուշտ-փոր հայի... և ի՛նչպես կարելի է անխնամ, երեսի վրա ձգած թողնել մեր ազգության ծաղիկները, մեր ամենաազնիվ կրտսեր եղբայրներուն, որոնք մի օր պիտի լինին մեր ազգի համար այն, ինչ որ չկարողացան լինել ո՛չ ոսկիի մեջ խեղդված վաճառականները, ո՛չ պատվախաչերով ծանրաբեռնած մեծավորները և ո՛չ բերանները լի աստվածային օրհնությամբ հոգևորականները: Հայոց ուսանողությունը կամավոր ողջակեզի գառն է ազգային սեղանի համար:

Գութ, գութ և շատ գութ խեղճ հայ ուսանողներին:

Հական թոթափել` շերտ-շերտ կտրտեցի փափուկ հացը, ապուխտը, պանիրը, երշիկը, պատրաստեցի մյուս խորտիկները ու համեցեք արի Մարիին: «Մինչև ինքնաեռի եփ գալը, այս գինիից մի փոքր խմեցեք», ասացի ու բացի լաֆիթի շիշը ու երկու բաժակ փրփրցուցի ու ինքս էլ սկսա ոչ թե ուտել, այլ խժռել:

Երիտասարդի ուտելու մեջն անգամ բանաստեղծություն կա, ինչպես և նորա ամեն մի խոսքի, գործքի ու շարժմունքի մեջ, եթե միայն նա երիտասարդ է և ոչ թե սևամազ ծերուկ:

Զառամա՛ծ հայ-կրեսոս, միլիոնիդ ո՞ր մասը կուտայիր, կյանքիդ այդ վերջին րոպեները էլի գեթ մի անգամ ուսանողի ախորժակով ուտելու, խմելու... Արդյոքշատ անգամ մտքիցս անցնում էայդ անպտուղ և անզոր նախանձը չէ՞, որ քու սիրտը քար է դարձնում ուսանողին օգնության հասնելու համար: Խոսք չունիմ, ժամանակե ժամանակ դու շինում ես եկեղեցի, դու կանգնեցնում ես դպրոցի շենք, դու անդամալույծներին ապաստարան ես տալիս. այդ շատ գովելի առաքինություն է. բայց դու այն էլ շատ լավ գիտես, որ ո՛չ քարաշեն եկեղեցին, ո՛չ քարաշեն դպրոցը և ո՛չ քարաշեն անկելանոցը ունի սուր փղոսկրյա ատամներ, երկաթ մարսեցնող ստամոքս ու աշխարհքի ամեն բերկրությունը կուլ տվող ախորժակ: Այսուամենայնիվ, ես քու առջև ծնկաչոք կանգնած, աղաչում եմ քեզ, ով հայ ծերունի կրեսոս, խղճա խեղճ հայ ուսանողի վրա. — դու էլ մի օր երիտասարդ ես եղել, գոնե քու ամենաթանկագին օրերդ հիշե և հանուն նոցա փարատե սրտեդ այդ տնաքանդ նախանձը: Ես քեզ շատ լավ ճանաչում եմ, դու ավելի նախանձոտ ես, քան թե ժլատ:

Խոսքս դարձնում եմ դեպի մեզ` Մարիին և ինձ:

Շերտ-շերտի ետևե կուլ էին գնում հազար տեսակ հանաքներով ու ծիծաղներով այն թանկագին խորտիկների պաշարքը, որոնց հինգ մասերը աշխարհիս, իրանց բոլոր արվեստի ուժը գործ դնելով, պատրաստել էին մայրաքաղաքների ատամնազուրկ և ապականված ստամոքսով մեծատունների համար: «Տեր աստված, տեր աստված», — ասում էի անդադար մտքիս մեջ` ո՞ւմ ես տվել փլավը և ո՞ւմ իշտահը: Երեկվա թաղումը, այսօրվա քաղցածությունը, վաղվա անտերունչ վիճակըամենը, ամենը մոռացել էր Մարին. մեկ պանրի կտոր էր ծամում, մեկ` երշիկ, մեկ` դյուշես, մեկ` շաթո-իքիմ էր խմում. մեկ` նորից պանիր էր առնում բերանը, և այսպես, անվերջանալի ծամել, կուլ տալ, ծիծաղել, շաղակրատել ու խմել:

Խե՛ղճ աղջիկ, երևի օրինավոր ծոմ էր պահել ոչ միայն երեկ և այսօր, այլև շատ օրեր սորանից առաջ:

Ախ, գարշելի աղքատություն, թեև, ինչպես ասում են, դու մոլություն չես, բայց ամեն մոլությունների մայրն ես:

Մինչ այս, մինչ այն, խշխշալի ինքնաեռն էլ ներս եկավ և պատվելի խաթունի նման բազմեցավ սեղանի վրա: «Թե՞յ կխմեք. թե սուրճ, — հարցրի: — Սուրճ, եթե կարելի է, ասաց Մարին»:

Իմ գնած պաշարեղենների մեջ պատրաստի սուրճ (բոված ու աղած) ևս կար. պակաս էր միայն սերը, որ իսկույն բերել տվի քավթառին:

Հոտավետ տաք սուրճն էլ որ խպշտեցինք` էլ մեր քեֆին քեֆ չէր հասնիլ:

Հանկարծ աչքս ձգեցի դաշնամուրի վրա: «Մարի՛, ասացի, չէիք արդյոք հոժարիլ ինձ համար մի բան նվագելու, թեև»… ուզում էի ասել քո սուգի օրն է, բայց չասացի:

Ինչո՞ւ չէ, մեծավ ուրախությամբ, — ասաց ու նստավ դաշնամուրի առջև: Դուք սիրո՞ւմ եք Մոցառթի հորինվածքը, ավելցուց նա:

«Թեև երաժշտություն չգիտեմ, բայց շատ սիրում եմ նվագներ, մանավանդ գերմանական, իսկ Մոցառթը, Բեթհովենը, Մենդելսոնը իմ աստվածությունն են. ես ուրիշ ոչինչ բարեպաշտ ժամ չեմ ճանաչում, բացի մեծ մարդոց հորինվածքի ականջ դնելեն»:

Մարին սկսավ անգիր նվագել Մոցառթի աշխարհահռչակ Requiem-ը11 և երբ որ հասավ չորրորդ գլխուն, Rex tremendae majestatis-ին, արդեն ինքս ինձի մոռացա. չգիտեմ` շրջապատող հանգամա՞նքն էր պատճառը, թե՞ այն տխուր նվագը շարադրողի հանճարը, թե Մարիի արվեստը (պետք է ասել, որ հիանալի ածում էր), չգիտեմ, չգիտեմ, միայն այս գիտեմ, որ իմ սիրահարությունը պատշաճավոր սահմանեն անցավ, և եթե այլևս քանի մի րոպե այդպես մնար` անշուշտ խելքս կթողնեի: Նստած տեղիցս, ասես օձի խայթածե, վեր թռա, վազեցի ընկա Մարիի ոտներին ու խելագարի նման սկսա նորա ծնկները պագնել: Մարին ո՛չ զարմացավ և ո՛չ վիրավորվեցավ, այլ հանդարտ ձեռքը վեր առավ դաշնամուրի քլավիշներեն ու սկսավ մազերս յուր մատների վրա ոլորել ու դեպի ինձ կռանալով` քանի-քանի անգամ պագեց գլուխըս: Աչքս բարձրացուցի ու տեսա որ` աչքերից թեև արտասուք էր գալիս, բայց երջանկության ժպիտը երեսին խաղում էր: Այդպես միևնույն ժամանակ համ աչքը արտասուք, հա՛մ երեսը ժպիտ կարող է ունենալ միայն բախտավոր մատաղահաս մայրը յուր անդրանիկի օրորոցի առջև:

Ա՛խ, ինչո՞ւ ինձ տված չէ Ռաֆայելի վրձինը. ես գիտեի, ինչպե՛ս պետք էր նկարել կնկա երջանկությունը այս անցավոր կյանքումը:

«Մարի՛, ասացի, այնպես չէ՞ որ ես քոնն եմ և դու իմը. այնպես չէ՞, որ այս Requiem-ը քու տրամադրության վերջին արտահայտությունն է, և դու այսուհետև ինձ հետ ուրախ ու բախտավոր կլինիս»:

Ա՛խ, ինչպես կուզեի, ասածիդ պես լիներ, — ասաց նա և խորունկ հեկեկաց:

«Մարի, ի՞նչ ասել է այդ «կուզեին». մի՞թե ուզելը և կատարելը քու ձեռքումը չէ, մի՞թե դու ազատ չես` սիրել որին և հավանես»:

Պատասխանելու տեղ Մարին նորից հեկեկաց ու երեսը շուռ տվեց:

Այս անգամն նա լալիս էր:

Ես կարծեցի թե մոր սուգը տակավին շարունակվում է. բայց հետո իմացա, որ սխալված էի:

Մին էլ հանկարծ տեղեն ելավ, հուսահատ շարժմունքով եկավ փաթաթվեցավ ինձ ու ամուր ձայնով ասաց. — ինչ լինելու է` թող լինի, բայց այժմ բախտավորացուր ինձ, ինչպես որ գիտես: Ասաց ու շուրթը շուրթիս կպցուց ու էլ պոկ չէր գալիս:

Զարմացա. այդ չափազանց էր: Կայծակի արագությամբ ետև ետևե երկու միտք ծնան մեջս. «կամ այս աղջիկը այն չէ, ինչ որ ես սպասում էի, կամ գինին ազդել է նորա ներդերու վրա»: Թե այս լիներ և թե այն` երկուսն էլ ինձ համար մխիթարական չէին:

Երկու հարյուր տարվա մեռնողի թողած հարստությունը սեփականել չուզեցողը կարո՞ղ էր գողանալ մի անմեղ միամիտ աղջկա բարոյական գանձը:

Մարին դեռևս գրկիս մեջ էր, կամ առավել ճիշտ ասեմ` ես նորա գրկի մեջ էի. գլուխը ուսիս վրա դրած աղավնիի նման մրմնջում էր ականջիս. «Ա՛խ, Միքայել, որքան սիրում եմ ես քեզ, և որքան ես անարժան եմ քու անկեղծ ջերմ սիրունախ, իմ գանձս, (Schäzhen), ինչո՞ւ մենք միմյանց հանդիպեցանք... դու ինձ կսպանես…»:

Այս խոսքերը ինձ բոլորովին շշկլացուցին: Այս տենդահույզ գրկախառնությունը, այս սիրո բաղձանքը, այս արտասուքը, այս երկյուղըամենևին իրար հետ չէին շաղկապվում. այդ միջոցին այդ ամենը ինձ առեղծանելիք էր երևում, որի լուծմունքը երբ որ գտա` բանը բանից արդեն անցել էր:

«Միքայե՛լ, — ասաց, — գիտե՞ս արդյոք որքան ես քեզ սիրեցի երեկ և որքան սիրում եմ այսօր և ինչպես դժվար է ինձ կամավորապես քեզ անձնատուր լինելս. բայց դու իմ հոժարությանը մի՛ սպասիլ, դու ինձ գողացի՛ր, դու ինձ հափշտակե՛, փախցրո՛ւ ինձ հեռու, հեռու, ոտնակոխ արա ինձ, ջնջե՛ ինձ, բայց գողացի՛ր, հասկանո՞ւմ ես, գողացի՛ր...

Ասում էր ու պագնում էր:

Բոլոր ասածներեն ես ոչինչ չի հասկացա, ևս առավել համոզվեցա առաջվա ենթադրությանս մեջ թե` այս ամենը գինիի ազդեցությունն է երկար միջոց պաս պահած ստամոքսի վրա:

Ի՞նչ եք պահանջում մի երիտասարդե, որ մանկական խաղերեն, դպրոցի դասերեն ու համալսարանի դասախոսներեն ու դասագրքերեն զատ ոչինչ տեսած չէր կյանքումը: Կյանքի փորձը երբեք մարմին ու արյուն չդարձավ իմ մեջ: Ինձ պես երեխա բնավորությամբ երիտասարդ հազիվ թե կգտնվեր: Ճանաչողները ասում են թե` ես այժմ էլ նույնն եմ մնացել, ինչ որ էի շատ ժամանակ առաջ, այդ Վայելչյան տոհմի թերությունը կամ արժանավորությունն է, — ո՛րը կուզեք` հասկացեք: Կա մարդ, որ ասես թե, մորը արգանդեն փորձառու, բանբարակ է ծնում. կա և մարդ, որ մինչև գերեզմանի դուռը անփորձ ու չի խրատված է հասնում, ես ու իմ պապերը, ինչպես երևում է, երկրորդ դասակարգին ենք վերաբերվում:

Մարի, — ասացի, — իմ դեպի քեզ ունեցած սերին դու երկբայել չես կարող. իսկ քու դեպի ինձ ունեցածին ես համոզված եմ. ես ոչ թե քեզ կամ քու պատիվը, այլև քու մի թելիկ մազը գողանալու հոժար չեմ, դու ո՛չ իմ սիրուհին, այլ իմ պատվավոր, օրինավոր ամուսինը կլինիս այս օրեն բռնած տասն օր հետո: Այժմ իմ խնդիրս քեզ այս է, որ դու այս օրվանեն սկսես նախապատրաստվելու այն ծանրակշիռ դերին, որն վրադ պիտի առնուս թե՛ ինչպես կին և թե՛ ինչպես... ասացի ու խոսքս չկարողացա վերջացնել. երկուսս էլ աչքներս խոնարհեցինք ու խնձորի նման կարմրեցանք:

«Ա՛խ, Միքայել, որքան ես քեզ սիրում եմ, — ասաց նա` բոլոր խոսքիս պատասխան. — ի՛նչպես լավ կլիներ, եթե դու ինձ բախտավորացնեիր, չթողնեիր, որ ինձ քու գրկեն խլեին մարդիկ. բայց ես վախենում եմ, որ մենք միմյանցմե անմխիթար կբաժանվինք»:

Միայն մահը կբաժանե մեզ այսուհետև, իսկ մարդիկ ու հանգամանքը` ո՛չ երբեք, — պատասխանեցի ես:

«Ես էլ այդպես եմ կարծում», — ասաց Մարին ժպտալով, բայց այդ ժպիտի միջից դուրս ցոլանում էր անմեկնելի հոգեկան վիշտ:

Մարի՛, — ասացի, — թեև այս րոպեիս ես հարուստ եմ և շատ հարուստ, բայց դու պատրա՞ստ ես արդյոք ինձ հետ տանել անհաջողություն, թշվառություն, չքավորություն և շատ ուրիշ կյանքի փորձանքներ:

«Երանի չէ՞ր լինի, որ քեզ հետ կյանքս անցնեի միշտ, թեկուզ խավարչտին բանտի մեջ, թեկուզ դժոխքի անշեղ կրակումը»:

Պատասխանի տեղ գրկեցի նորան, և այս անգամ երկար ժամանակ իրար գրկե դուրս չեկանք:

Հոգեկան ցնցումները, որ այս կարճ միջոցումը մին մինի քամակից հետևեցան, սաստիկ հոգնեցուցին թե՛ հոգիս և թե՛ մարմինս: Մի փոքր հանգստություն էր ինձ պետք, ապա թե ոչ վախենում էի, որ կհիվանդանամ, մանավանդ որ` ժամանակե ժամանակ մարմինս առանց մի պատճառի սկսում էր սարսռել, ասես թե տենդը վրաս էր հասնում: Առի Մարիի ձեռքը, քանի-քանի անգամ պինդ-պինդ պագի, նա էլ գրկեց ինձ, մեկ վիզս էր պագնում, մեկ գլուխս, մեկ աչքերս ու մեկ պռունգներս, ու անդադար բարեմաղթություններ էր տալիս ինձ, ինչպես որ մայրը յուր փոքրիկ որդուն ճանապարհ ձգելիս: Մարին չափազանց բարեպաշտ աղջիկ էր: Սրտիս մեջ գոհ էի, որ եթե աստված մի օր մեր ամուսնությունը օրհնե, նա իմ զավակներին իսկական կրոնի և ոչ թե սնոտիապաշտության, կամ մոլեռանդության և կամ անկրոնության մեջ կսնուցանե:

Գոհ սրտով տուն վերադարձա:

Զ

Ժամը վեցն էր երեկոյան: Հովհաննեսը վաղուց վերադարձել էր Ճեմարանեն: Տեսնատան, Միքայել (Մեխակ) Ամատունին, Նիկոլայ Տրիֆանովը, Հարություն Ղուզանյանը, Գաբրիել Ա. և շատ ուրիշները ժողովված քեֆ էին արել իմ ուղարկած թանկագին պաշարեղեններով, որ իմ կարծիքով գոնե մի ամբողջ շաբաթ պիտի բավականանար մեզ, այն ինչ այժմ ապուխտի ոսկորը, երշիկների մաշկը, պանիրների կծեպը ու սարդինկաների թիթեղե ամաններն էին մնացել: Հալա՛լ իրանց: Լավ ախորժակով երիտասարդներ էինք ամենքս, մեղք է ասելը:

Հինգ հարյուր ոսկիի ու մյուս թանկագին իրեղենների պատմությունը նոքա վաղուց արդեն լսել էին դռնապանեն և տան ուրիշ բնակիչներեն, այնպես որ` ես նոցա ուրիշ ոչինչ նոր բան չի պատմեցի, բացի քաղաքապետից փող և ուրիշ փողի էլ խոստմունք ստանալես: Ամենքը անկեղծորեն ուրախ էին, մանավանդ որ ամենքն էլ վստահ էին, որ հավասար չափով պիտի բաժանեի նոցա մեջ, եթե ոչ մայր գումարը, գեթ փողով ձեռք բերված ամեն կերպ վայելչությունը: Երանի՛ այն ժամանակին, երբ ամենիս գրպանը ու քսակը հասարակաց էր: Տեսնատայի ուրախությանը ուրախություն չէր հասնիլ:

«Մատաղ, Մեխակ ջան, — ասաց նա, — կհավատա՞ս, էս քրիստոսը վկա, որ իմ սիրտը քանի վախտ ա, մալում էր անըմ, որ դու նըպրեմեննա մեկ Փանոսիպատին պետք ա կպնես, տեսա՞րկատարվավ: Ախր գիտե՛ս մատաղ, ինչե՞ր չի տվող աստված ա հայի աստվածը, ղուրբան գնամ նրա զորքին, թե որ աստված տալու իլի դուռնից չէ որ` փանջարայից էլ կտա, հապա, մատաղ ջան: Ախր էս բանին դու ի՞նչ ես ասըմ, ես էլ էսօր ինձ համար գլուխս քաշ արած` գընմ էիմ. մին էլ բիրդան, հորտեղան-հորտեղ մի օմքին ծուռնի մուռնի գնըմ ա. վերեյից վարավուրդ եմ անըմ` փիս խփած ա: Մտքիս մեջ ասացիմ` «Հը՛, Ալեքսան, նե զեվայ»: Էնա, կնացիմ, աղբեր, անձեն ձեռքս ջիբը դիրամ, մի լավ բաղդադի աղլուխ դուս հանամ, փայամ ջիբս: Մարդը բանից բեխաբար մնաց: Հետովան, մեկել ջիբը բաց թողամ ձեռքս, — էնտեղից էլ դուս հանամ պոռտմոնեն. էն էլ դիրամ ջիբս: Հետովան, մատաղ ջան, գնացիմ հետը թուտա սյուտա, քուշի քուշի անելով բարեկամացամ, տարամ պոռտեռնոյ. լավ հանգի փիվեն ու արաղը դիրամ քթին, — ողորմելիի աչքերը չարդաղ բարձրացան. էնա` ձեռքս տարամ ժիլետի ջիբը, սահաթը ու ցեպոչկեն աղավարի պլոկեցիմ: — Բաս դու ի՞նչ ես կարծըմ: Էս օրվա դատմըս քիչ-քիչ որ ասեմ` հիսուն կոլոլ կիլի: Էսպես ա, քո մատաղըդ գընամ, ասծու բանը: Եփոր տալու իլի` կտա դուռից չէ որ, փանջարից էլ կտա: Ամա որ իմանայիր, սաբահի տեղերիցս որ վեր կացամ` ինչպե՞ս տաք-տաք ասծու աղոթք եմ արել քի` տեր աստված, դու գիտես... ասված էլ աղոթքիս գորա մուրազս բացավ... Բա՛ս, մատաղ-ջան, էն կոլոշների բանը ինչպե՞ս կիլի, գրավից կհանե՞ս, թե՞ կմնա էնպես»:

Նա քեզ երեք մանեթ, ասացի, ինչ որ պետք ա` տուր ջհուդին. խուրդան ու կալոշները քե՛զ առ:

Հետո բարեկամներիս մանրամասնաբար պատմեցի թե՛ երեկվա և թե՛ այսօրվա գլուխս եկած բոլոր անցքերը: Ո՛չ մինը չհավանեցավ իմ դիտավորությանը մի որբ և անծանոթ օտարուհիի հետ պսակվելու. ամենքը գուշակում էին ինձ եթե ոչ անբախտություն, գեթ մեծամեծ անհաջողություններ և կյանքի ամեն վայելքներե զրկանք: Ամենից ավելի Տեսնատան էր տրտում ու անբավական, «բաս Սեռաֆիմե՞ն, բաս Կատկե՞ն, և այլն. ի՞նչ կիլի նրանց հալը»: Բայց ողորմելին չգիտեր, որ Մարիի բարեկամությունը իմ բարոյական մկրտությունն էր երիտասարդական ամեն խենեշութենես: Անցյալս ինձ արդեն երևում էր մի գարշելի երազ, որի հիշատակը ամեն կերպ աշխատում էի արմատախիլ անել մտքես: Մինչև այժմ չգիտեմ` լա՞վ արի, թե վատ, բայց բացի Հովհաննեսեն ոչ ոքի չխոստացա և ամենքի խնդիրը բացե ի բաց մերժեցի Մարիի հետ ծանոթացնելու. ինձ այնպես էր երևում, որ այս խառնափնթոր բարոյականությամբ երիտասարդների հայացքը անգամ պիտի արատեր Մարիի հրեշտակային հոգին:

Բարեկամներս չհասկացան իմ իսկական կարծիքը այս բանի մասին և առգրեցին իմ վախը կամ զգուշությունը` հաջաղկոտության: Ես շատ ուրախացա, որ այդպիսով վերջացավ նոցա կարծիքը իմ մասին:

* * *

Նույն երեկոյին քաղաքապետեն հրավեր ստացա մյուս օր առավոտյան ժամը 9-ին նորա գրասենյակը ներկայանալու: Այն գիշեր ես և Հովհաննեսը գրեթե քուն չեղանք: Հովհաննեսն էլ այդ միջոցին սիրահարվել էր մի գաղղիացի աղջկա վրա, որի անունը նմանապես Մարի էր, որի ծնողքը, մի չնչին պատճառով, չէին հոժարում այդ երկու սիրահարներին իրար հետ միանալու, և այդ չնչին պատճառն էր` թե՛ Մարիի և թե՛ Հովհաննեսի փող չունենալը:

Այդ գիշեր ես խոստացա Հովհաննեսին` թե՛ մոտս գտնված և թե՛ ստանալու փողես, որքան որ պետք է, մասն հանել, որ նորա պսակի բանը դյուրացնեմ և ապագա ապրուստը ապահովացնեմ: Եվ շատ ուրիշ կյանքի ծրագրություններ արինք և օդային ամրոցներ շինեցինք այդ բոլորովին ուրախ գիշերը: Աքաղաղները արդեն երրորդ անգամ խոսել էին, որ մեր աչքերի կոպքերն էլ սկսան ծանրանալ և մենք կամաց-կամաց նախ նիրհեցանք և ապա անուշ ու խոր քնեցանք ու ոսկի երազները սկսան թռչտել մեր գլուխներու վրայով:

Առավոտվա 8-ը ժամն էր, որ Հովհաննեսը տեղերից վեր թռավ, սկսավ պինդ-պինդ ինձ զարթեցնել, ասելով «Միքայե՛լ, Միքայե՛լ, վե՛ր կաց, վե՛ր կաց, նայե չմոռանաս քաղաքապետը քեզ սպասում է»:

Հապճեպով տեղես ելա. խշխշալի ինքնաեռը ներս բերին, հոտոտ սուրճը, պինդ սերը, շաքարոտ պաքսիմատը, որ վաղուց մեր ճգնարանը (կամ բանտը) մտած չէր, նորից հազար ու մեկ նյութ տվին մեզ մեր այսուհետև վարելու ապագա փափուկ և երջանիկ կյանքին: Սուրճը ավարտելից հետո, ես գնացի քաղաքապետի մոտ, իսկ Հովհաննեսը գնաց Ճեմարան:

Քաղաքապետը ինձ հայտնեց, որ իմ գտած առարկաների համար ինձ նշանակած է 25,000 մանեթ (մասնագետները այդպես էին գնահատել), և այդ գումարը ես կարող եմ, երբ և կամենամ, ստանալ տերության գանձարանեն. իսկ առարկաները, ինչպես հազվագյուտ իրեղենք, պիտի պահվին թանգարանների մեջ: Թղթերից երևել է, որ գրասեղանի տերը բոլոր կյանքը ամուրի է մնացել և յուր կենդանության ժամանակ ևս ազգականներ ունեցած չէ. ինչպես որ ասում են` չոր գլուխ մարդ է եղել, նորա պարապմունքը վաշխառություն է եղել և այլն: Ուրեմն այդ բոլոր հարստությունը, ըստ ամենայն իրավանց և արդարության, իմ լիակատար սեփականությունն էր:

Քանի որ քաղաքապետը այս մանրամասնությունը պատմում էր ինձ, ատենադպիրը բերեց մի պաշտոնական թուղթ, որի տակ քաղաքապետը ստորագրեց յուր անունը և ինձ տվավ, ասելով. «Այս թուղթը կտանեք տերության գանձարան և կստանաք ձեզ պատկանած քսանհինգ հազարը (իհարկե, առանց այն հազար հինգհարյուր մանեթին, որն երեկվա օրը ստացել էիք ինձանից):

Առի թուղթն ու իսկույն գնացի գանձարան, ստացա բոլոր փողը ու տարի պահ տվի լումայատուն և ստացա անդորրագիր:

Այս ամենը քանի մի ժամու բան էր: Ճաշելու համար դեռևս շատ կանուխ էր: Գնացի, ման եկա խանութները, գնեցի զանազան կերպասներ, կտավներ և այլ կանանց հարկավոր բաներ, ինչպես` գլխարկ, թիկնոց, մուշտակ և այլն: Մսխեցի մոտ 1000 մանեթ, և ահագին կապոցներով շտապեցի Մարիի տուն: Ճանապարհին չի մոռացա մի դերձակուհի հանդիպել, որին հայտնելով Մարիի հասցեն, պատվիրեցի անհապաղ գալ այնտեղ: Ներս որ մտա, Մարին երեկվանե ավելի գունատ էր:

«Բարով, Մարի, ասացի, ինչպե՞ս է առողջությունդ. ինչո՞ւ այդպես գունատ ես, մի՞թե անհանգիստ անցուցիր գիշերս»:

Պատասխանելու տեղ Մարին փաթաթվեցավ վզիս ու ձիգ ժամանակ համբուրում էր գլուխս, աչքս, ճակատս, ու հետո սկսավ աղիողորմ լալ:

Մարի՛, Մարի՛, ի՞նչ եղավ քեզ, ի՞նչ, — հարցուցի:

Մարին ոչինչ պատասխան չի տվեց: Ներդական շարժմունքով պինդ բռնեց ձեռքես, նստեցուց աթոռի վրա ու ինքն էլ նստավ գրկումս: Արյունը խփեց գլխիս:

Ի՞նչ է այդ արածդ, — ասացի. Մարի՛, Մարի՛, խելքդ վրա՞դ է:

«Ապա ինչո՞ւ ինձ չես փախցնում, չես գողանում... ես քեզ ասացի և էլի կասեմ` բռնի խլած, հափշտակած` ես քուկդ եմ, իսկ իմ կամքին թողած` երկբայելի է, որ երբևիցե քեզ պատկանիմ: Խելք չունիս դու, Միքայել, հասկացի՛ր ինձ. դորանից ավել ես քեզ ոչինչ ասել չեմ կարող, առանց նորան էլ ես քեզ ավելի ասացի, քան կարելի էր. իմ քեզ հետ խոսելս, քեզ հետ բարեկամանալս` արդեն մեծ ուխտադրժություն էր իմ կողմանե. իսկ այս սերը, որ ծագեցավ մեր մեջ, արդեն ինձ հավասարեցնում է ամենա... Միքայե՛լ, Միքայե՛լ, դու ինձ չես սիրում...

Մարի... մի՞թե երկբայում ես իմ սիրուն... ինչո՞վ ապացուցանեմ քեզ, որ սիրում եմ:

«Կատարե խնդիրս»:

Ասա տեսնեմ` ի՞նչ է քու խնդիրդ, ինչո՞ւ թաքցնում ես ինձանից:

«Ինձ գողացիր, ինձ հափշտակե, ինձ փախցուր. թքե վրաս, մրե ինձ, որ մի ուրիշը տեսնե այդպես կեղտոտված` ինձ արհամարհե, որ ես քեզ մնամ»:

Մարի՛, ես քեզ շատ եմ սիրում, որ կարող լինիմ այդպիսի ցածություն կատարել... ես չեմ ուզում, որ աստուծո սեղանի առջև կանգնած ժամանակդ ամաչես ու կարմրիս, և չեմ ուզում որ` երբ և իցե խիղճդ տանջե քեզ. ես չեմ ուզում, վերջապես, որ քու ամուսինը քու առջև չարագործ լինի:

«Չէ՛, Միքայել, եթե դու ինձ սիրեիր, ինձ տիրելու համար չարագործություն ևս հանձդ կառնեիր, թեև իմ առաջարկության մեջ ոչ չարագործություն կա և ոչ ամոթալի գործ, դու միայն հրաժարվում ես իմ մեղքի կեսը վրադ առնելու. մեր նախահայր Ադամը, ինչպես երևում է, ավելի էր սիրում Եվային, քան թե դու ինձ...»:

Մարի՛, մի՞թե տասը, իննի, յոթը, վերջապես երեք օր ուժ չունիս...

«Ա՛խ, — ասաց Մարին, — սորանից ավելի սրտաբացություն դու ինձանից մի՛ սպասիլ... Աստված տա, որ իմ «հոգեառը» ճամփին ուշանա մինչև մեր պսակի կատարվիլը. աստված տա, որ իմ չարագուշակ նախազգացմունքը չկատարվին. այն ժամանակ ես բոլորովին բավական կմնամ և ուրախ կլինիմ, որ ոչ դու իմ խոսքին, այլ ես քուկին հետևեցա. ի՛նչ ասել կուզե, որ խաղաղ, ուրախ, սուրբ պսակը մեծ առհավատաչյա է երջանիկ և անդորր ամուսնական կյանքի համար... բայց եթե, աստված հեռի անե...»:

Ասաց ու սաստիկ հոգետանջ մտածմունքի մեջ ընկղմեցավ խեղճ աղջիկը:

Մարի՛, ասացի, երկար ժամանակ սպասելեն հետ, ես արդեն սկսում եմ կասկածել, որ քու կյանքի մեջ մի սոսկալի բան կա, որն դու ուշի ուշով թաքցնում ես ինձանից... ի՞նչ է այդ գաղտնիքը, ասա ինձ, ես քու ոտքի հողը լինիմ:

«Անհնարին է այդ, սի՛րական Միքայել, եթե ասեմ, իմացիր որ, ինքս պիտի հրաժարեմ քեզ իմ ներկայութենեն. բայց քեզանից հեռանալու, առանց քեզ ապրելու արդեն ուժ չի կա մեջս: Միքայե՛լ, հավատա ինձ, ես պարկեշտ, ամոթխած ու կույս եմ, բայց... միայն հանցանքը կարող է ինձ քեզ հետ միավորել: Միքայե՛լ ջան, մի՞թե ես մեղավոր եմ, որ քեզ սիրեցի. մի՞թե շատ տարի առաջ ես գիտեի, որ դու կաս աշխարհիս երեսին, մի՞թե իմ ծնողքը գիտեին, որ նոցա դուստրը այնպես հզոր սերով պիտի սիրե մի անծանոթ, օտարազգի երիտասարդի, որպիսի սիրով, գուցե աշխարհքիս ստեղծմանեն ի վեր ոչ մի աղջիկ սիրած չէ: Լսե ու հասկացիր, Միքայել. ես քեզ սիրում եմ, ես քեզ պես ասպետ բնավորությունով երիտասարդ դեռևս տեսած չեմ, եթե տեսած լինեի, ինչ ասել կուզե, որ ես այստեղ չէի լինիլ այս րոպեիսկարծեմ որ այս խոսքերս շողոքորթություն չես համարումես քեզ հավանեցա, սիրեցի և ուզում եմ առմիշտ քուկդ լինել, բայց... հոժար կամքովս ես քեզ ընտրել չեմ կարող. դու պետք է իմ հոժարությունս ոտնակոխ անես. իմ ազատ կամքը պիտի բռնաբարես, ես ամոթես կարմրում եմ, բայց ի՞նչ անեմ, հարկավ պետք է հետդ սրտաբաց լինիմ, խոսքս էլի կրկնում եմ, ինձ պիտի մրոտես, ցեխոտես, որ մարդիկ արհամարհեն ինձ, որ այդ հնարով ես քու կինդ դառնամ, ապա թե ոչ... ես քեզ ավել ոչինչ չեմ ասիլ, ու մեկնություն դու ինձմեն մի՛ սպասիլ: Իսկ եթե երբևիցե գաղտնիքը իմացար, այն ժամանակ իմ մահվան բոթն ևս կլսես»:

Следующая страница