Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Թե՞ դու նշանած ես, — ասացի, ասես թե այդ րոպեին մի մարգարեական ոգի իջավ իմ վրա:

«Ինչ որ քեզ ասացի` այնքանը բավական է. ավել ոչինչ չես իմանալ ինձանից. մանավանդ որ` ես կխնդրեի քեզ, որ իմ անցյալի մասին հարցուփորձ շատ չանեիր ինձ... մահագուշակ մտքերը պաշարել են ինձ... ա՛խ, ինչպես ես տարաբախտ եմ...»:

Աչքս դարձուցի Մարիին, և ինչ տեսնեմ. ճակատի վրան, ասես թե, մահու դատակնիքը խորունկ ու պարզ դրոշմած էր: Բժիշկները ու քահանաները շատ լավ գիտեն կարդալ մարդուս երեսին այդ գաղտնիքը, և հազիվ թե տասնեն մի անգամ կվրիպին: Օրհասական մարդու աչքերի ցոլքը ու երեսի տիպարքը, ճանաչողի համար, հայտնի նշաններ ունին. ահա այդպիսի նշաններ նշմարեցի Մարիի երեսին:

Թող, Մարի՛, դատարկ բան է ասածդ, — ասացի, — եկ մեր խոսակցության նյութը փոխենք... ճաշը կերե՞լ ես, թե չէ: Հագվե, երթանք Դյուսոյին, մի լավ ճաշ ուտենք: Ես էլ, ի դեպ ասեմ, բավական լավ ախորժակ ունիմ: Հա՛, մոռացա քեզ ցույց տալու. նայե՛, կհավանի՞ս իմ ճաշակին և ընտրողությանը:

Ասացի և առջևը դրի գնած առարկաներս:

Մարիի երեսի ոչ մի գիծը չի փոխվեցավ, ուրախության ոչ մի նշան չի նշմարեցի վրան. միայն ի նշան շնորհակալության ձեռքս սեղմեց ու ծանր հոգվոց հանեց, իբր թե` ասել կուզեր` «շատ լավ է, բայց ո՞վ պիտի վայելե»:

Առինք կառք և ուղիղ գնացինք Դյուսոյի հյուրանոցը:

Վաղուց լսել էի քսանհինգ մանեթանոց ճաշերի անունը, բայց դեռևս կերած չէի. ուզեցի գոնե մի անգամ փորձել: Ներս որ մտանք, ծառան բերեց կերակուրների ցուցակն ու ես նորա մեջեն ընտրելով հորինեցի ճաշը, որն եթե ասեմ, թե ի՞նչ կերակուրներից էր բաղկացած, անշուշտ գաստրոնոմը պիտի ծիծաղե վրաս: Բոլոր պահանջած կերակուրներիս անունները միտքս չէ, հիշում եմ միայն հետևյալները` կրիայի թան, պաղ թառափ (осетр), փասյան խորոված, աքլարե սոուս, անանաս, և շատ ուրիշ այսպիսի հազվագյուտ (իհարկե մայրաքաղաքի համար) բաներ, վրայից էլ շամպայն:

Ճաշի ժամանակ ես խոստացա Մարիին, որ երեք օրեն կլինի մեր պսակը, ավելի շուտ ամենևին չէր կարելի, նախ որ` այդ միջոցին ես պետք է խնդիր տայի և դուրս գայի համալսարանեն և գրվեի ազատ ունկնդիր. երկրորդ` պիտի պատրաստեի թե՛ ինձ և թե՛ Մարիի համար հարսանիքի հալավներ, երրորդ` պիտի վարձեի բնակարան, զարդարեի հարկավոր կահ-կարասիքով, գնեի տան զանազան պիտույք. միով բանիվ` Մարին համոզվեցավ, որ հետաձգելս ո՛չ համառութենես էր և ո՛չ էլ քմահաճութենես. մանավանդ իմ համալսարանեն դուրս գալը ավելի համոզեց նորան. եթե ինչպես ուսանող պսակվեի` այն ժամանակ ես կարող էի օրինազանց երևել և անվանարկ մնալ բոլոր կյանքս, — այդ բանին ամենևին հոժար չէր նա:

«Ա՛խ, Միքայել, ինչո՞ւ այդպես ուշ, շատ կարելի է, որ այդ միջոցին...» ասելու խոսքը չավարտեց:

Ի՞նչ կարող է պատահել այդ երեք օրվա մեջ, հարցուցի ես:

«Ոչինչ, ես այնպես ասացի»: Ասաց ու նորից յուր տխուր մտածմունքի մեջ խորասուզվեցավ, ու ժամանակից ժամանակ ինքն իրան մրմնջում էր` «Կարելի է... գուցե աստված տա... արգելք... Ախ, տեր աստված, շնորհակալ եմ քեզանից, որ դու ինձ բախտ տվիր և մեծ բախտ տվիր. բայց ինչո՞ւ ինձ երևում է, որ ես այդ բախտին հասնելու չեմ»:

Մարի, ասացի, — գիտե՞ս ինչ. ես այս րոպեիս կերթամ ու կգնեմ երկու հատ մատանի, մինը` քեզ և մյուսը ինձ համար, կուզե՞ս մատենափոխության ծեսը այսօրևեթ կատարենք, որ դու միամտվիս (ես կարծում էի, թե նորա անհանգստության պատճառը սրտի վախեն էր, որ չլինի թե ես փոշմանեմ խոսքս փոխեմ ու չի պսակվիմ վրան): Ես շատ լավ գիտեմ, որ` այդ մի դատարկ ծես է, առանց նորա էլ աստված կօրհնե մեր պսակը, բայց ի՞նչ կարիք ունենք արհամարհելու այդ թեկուզ դատարկ ծեսը, որն ամեն ազգ ունի և ուրախությամբ կատարում է:

Այս որ լսավ Մարին, ևս առավել գունատվեցավ, նորա հեզ աչքերեն, ասես, կայծակներ թափեցան ու մի անմեկնելի վշտալի ձայնով ասաց. Չէ՛, չէ՛, այդ բոլորովին անհնար է. ես ուխտադրուժ լինել չեմ կարող...

Ո՞ր ուխտադրժությունն է քու ասածը, ի՞նչ ես ասում, — ասացի վրդովված հոգով ու կասկածս սկսավ ստուգվելու:

«Այդ մեր պսակեն հետո կիմանաս... Ա՛խ, ինչո՞ւ օրերը չեն անցնում րոպեի արագությամբ... կհասնի՞մ արդյոք այդ երջանիկ օրվան»:

Ու հետո, խոսքը ու ձայնը անակնկալ կերպով փոխելով, — ասաց. — Միքայել ջան, գիտե՞ս ինչ, ես սաստիկ զգայուն սիրտ ունիմ, ճանճի սատկելուն անգամ չեմ կարող անտարբեր նայել. բայց այս րոպեիս շատ ու շատ կցանկանայի մի մարդու մահը:

Այդ ի՞նչ տարօրինակ ցանկություն է, — ասացի: — Չե՞մ կարող արդյոք իմանալ այդ մարդու անունը, ո՞վ է նա:

«Մեր պսակեն հետ կիմանաս», — կարճ կտրեց Մարին:

Ինչո՞ւ այժմ չէ, — ասացի ես:

«Էնդուր համար որ մեռնել չուզեմ. էլի եմ կրկնում` իմ այս գաղտնիքը հենց որ իմացարիհարկե մեր պսակեն առաջես կմեռնեմ: Հա՛, քեզ մոռացա ասելու, նայե՛, գոնե այս խնդիրս կատարե. երբ որ մենք կպսակվինք, դու, եթե պետք լինի, պարտավոր ես ասելու որ, ինձ բռնի տարիր ժամ ու պսակվեցար հետս, կամ` բանտով սպառնացար, իբր թե պարտքիս համար և կամ սոցա նման մի բան պիտի հնարես: Հա՞, կանե՞ս, սիրականս»: Ասաց ու այնպես քնքշությամբ փաթաթվեցավ ճտիս, որ ոչ թե այսպիսի անմեղ ստություն, այլ ինձ երևում էր որ` Բառոն Ֆոն-Մյունխահուզենի բոլոր պատմությունների տակ կստորագրեի անունս, իբր թե այդ ամեն ստապատիր արկածքը իմ գլխովս լինեին անցած:

Պանդոկեն որ տուն գնացինք, ժամը արդեն երեկոյան 8-ին մոտ էր: Փոքր ինչ ժամանակեն ցոլուն ինքնաեռը ներս եկավ (Մարիին արդեն պատվում էին ինչպես հարուստ մարդու հարս և նորա ամենաչնչին հաճույքը ստրկաբար կատարում էին): Նստանք թեյ խմելու. երկարորեն խոսեցանք հարսանիքի հալավների մասին, հետո` մեր ապագա ապրուստին, հետո... երեխաներիս դաստիարակության և, վերջապես, զավակներին պսակեցինք ու մենք ինքներս պապ ու նանի դարձանք:

Մնաս բարևի ժամանակ Մարին կես ծիծաղ, կես ծանր դեմքով ասաց. «Գիտե՞ս, Միքայել, ես ինչ նկատել եմ. այստեղ Ռուսաստանումը ժամանակը ավելի համր է անցնում, քան թե մեր Զվիցերիայումը»:

Եթե Զվիցերիայումը լիներ մեր պսակը, կարծեմ, այնտեղ էլ նա կհամրացներ յուր քայլափոխերը, ասացի ես:

Խեղճ Մարի. նա կարծում էր թե` միայն ինքն էր ուզում շուտ միավորվել իմ հետ. իսկ իմ հալեն խաբար չէր նա, թե ամեն մի րոպեն ինչե՞ր կարժեին ինձ համար:

Է

Տուն որ գնացի, մեր Հովհաննեսը ուրախ-ուրախ ման էր գալիս սենյակի մի խորշից դեպի մյուսն ու ամեն անգամ, խորշին հասնելիս, անպատճառ թքում էր:

«Հը՞, Վանյուշ, ի՞նչ ես անում», — ասացի:

Ի՞նչ անեմ, ման եմ գալիս ինձ համար: Դո՞ւ ինչ ես անում, դեռ չի կշտացար Մարիիդ պղատոնական սիրովը: Այսօր ամբողջ օրը որտե՞ղ անցկացրիր:

«Նախ ես գնացի քաղաքապետին»...

Հա, հա մոռացա հարցնելու` քաղաքապետին գնացի՞ր, ի՞նչ պատասխան ստացար:

«Ես էլ քեզ էն էի ուզում ասել, դու խոսքս կտրեցիր»...

Դե, ասա, մյուս անգամ խոսքդ չեմ կտրիլ:

«Չեմ կտրիլ ասում ես, էլի կտրում ես»:

Հիմի սուս եմ, ինչո՞ւ չես պատմում:

«Դե, լսե. գնացի քաղաքապետին. նա իմ գտած առարկաները գնահատել էր 25,000 մանեթի»...

Պա. քու տղիս-տղա, էդ խո դու մեկ օրվա մեջ Ռոթշիլդ եղար պրծար... Միքայել, ղորդ ե՞ս ասում, թե՞ հանաք ես անում:

«Օրհնած, ես հիմի հանաքի ժամանա՞կ ունիմ... Քաղաքապետի հրամանով գանձարանեն ինձ այլևս 23 հազար 5 հարյուր ռուբլի տվին, որն տարի մի ապահով տեղ պահեցի, հետո գնացի Մարիիս համար հալավցու ճոթեր գնեցի. հետո նորա հետ գնացի Դյուսոյի հյուրանոցը ու լավ բաբաթի ճաշեցինք ու ավել լավ բաբաթի սիրտերս վերածեցինք. հետո` տուն եկանք ու միասին թեյ խմեցինք, հետո` պաչպչեցանք...»:

Պաչպչեցա՞ք... ես քեզանից ավել բաներ արի այսօր:

Ապա տեսնենք:

«Նախ` գնացի Ճեմարան, առաջին անգամ կուշտ նստա աշխատելու, Բելվեդերի Ապոլոնի պատկերը ավարտեցի, եթե չեմ սխալվում, բավական լավ, և եթե աստված պրոֆեսսորիս սիրտը գութ և արդարություն ձգե` այս անգամին անպատճառ արծաթե մեդալը պիտի ստանամ: Այս մեկ: Երկրորդ` գնացի Մարիի ծնողների տուն, հայրը չիկար, մենակ մայրն էր տանը. ասացի որ Հնդկաստանի բիձաս մեռել էթաշկինակս ցամաք աչքերիս տարի ու չեղած արտասուքները սրբեցի, որպեսզի ցույց տամ թե շատ քնքուշ սրտով երիտասարդ եմև ինձ բավական հարուստ ժառանգություն է թողել, որո հիման վրա խնդրեցի, որ Մարիին առանց այլևայլության ինձ կնության տան. բայց փուչ քավթառը, որ ինքն էլ տակավին համով կտորների ախորժակը կորցրած չէ, և մանավանդ որ, կարծելով թե առջևը դեռևս բավական ժամանակ կա ապաշխարելու ու մեղքերը քավելու, հասկանո՞ւմ ես խո. մա՛խլաս. կտրողաբար հայտնեց ինձ, որ մինչև Մարին քսաներկու տարեկան չլինի` մարդու գնալու չէ, իսկ այժմ նա միայն տասնվեց տարեկան է. կնշանակե Հովհաննես աստուծո ծառան, այդ քավթառի հաճույքի համար, ուղիղ վեց տարի ծոմ պիտի պահե, որ ինչպես տեսնում ես, խելքի մոտ բան չէ: Ես բանը այսպես որոշեցի. կամացուկ Մարիին աչքով արի թե` բան ունիմ քեզ հայտնելու. հնար գտա ու ականջին փսփսացի թե` ես կերթամ «Վարդ» հյուրանոցը, դու էլ փախիր արի: Հետո մորը մնաս բարև ասացի, առի գդակս ու դուրս եկա: Դուրս եկա` ուղիղ գնացի «Վարդ» հյուրանոցը, վարձեցի մի սենյակ, խոհարարին երկու հոգու համար պատվական ճաշ ապսպրեցի, հետն էլ բավական գինի. քանի մի ժամանակից Մարին էլ եկավ: Մարին որ ներս մտավ, աղբեր ջան, առի գրկիս մեջ, ոչ թե քեզ նման չոր ու ցամաք, այլ լավ հանգի պաչեցի-պաչպչեցի, սրտիս սեղմեցի, այնպես որ աղջկա արյունը երակների մեջ եռ բերի. հետո նստանք ճաշի... Երկու երեք ամսեն, հավատացնում եմ որ` Մարիի ծնողք ինքները կուգան, կաղաչեն կպաղատեն, որ ես պսակվիմ նոցա աղջկա հետ... բայց, խնդրեմ, ինչ որ բարեկամաբար ասացի քեզ, թող մեր մեջ մնա, մարդու բան մի՛ ասիլ:

Քեզ խոսք եմ տալիս, որ մարդու բան չեմ ասիլ, բայց մի օր կգրեմ, — ասացի:

Գրե՛, ինչ եմ հոգում, բայց ի՞նչ լեզվով պիտի գրես, — հարցուց նա:

Իհարկե հայերենպատասխանեցի:

Եթե հայերեն պիտի գրես, վախ չիկա. ուզում էի իմանալ` ո՞վ է քու հայերենի կարդացողը:

Ալուր ըլի, թե չէ` մկներ կգտնվին, — պատասխանեցի առածով:

Իսկ դու ինչո՞վ վերջացուցիր քու «սիրո արկածքը»:

Ես երեք օրեն պիտի պսակվիմ, և հուսամ որ` դու իմ խաչեղբայրը կլինիս:

Ինչու չէ, լավ, եթե միայն պսակվելու լինիս. բայց «կուտիս ծվում է», դու ոչ այդպես վաղ պիտի պսակվիս և ոչ այդ աղջկա վրա:

Կտեսնենք:

Կտեսնես:

Փոքր մի սպասելից հետ Հովհաննեսը նորից սկսավ.

Արի՛, Միքայել, դու էլ իմ օրինակին հետևե. ի սկզբանե ես քեզ պես կարծում էի թե` առանց տերտերի օրհնելուն մեր սերը սիրո չի նմանիլ, և այդ պատճառով շատ աշխատեցա, որ Մարին իմ օրինավոր կինը դառնա, բայց երբ տեսա, որ նպատակիս չի հասցնելու համար մարդիկ առջևս քար ու պատեր են դնում, ես առանց արտաքին ծեսերի էլ «յոլա գնացի» և տեսնում եմ, որ դորանով սերս դեպի Մարին ոչ փոխվեցավ և ոչ սառեցավ:

Բայց հարգա՞նքը դեպի նա, որ ամուսնական կյանքի ամենակարևոր պայմանն է, ասացի ես:

Է՛հ, դու էլ, զարմանալի մարդ ես եղած. ամեն կատարելություն միասին ե՞րբ են գտնվել, որ այժմ գտնվին:

«Վա՛յ այն սերին, որի կեսը հարգանք չլինի, ասացի ես. մարգարիտը անգին բան է, բայց հենց որ կոտրեցիր` գինը գրոշ է: Ախտավոր կնկան հավանել կարելի է, խոսք չունեմ, դեպի նա կիրք ու տռփանք ևս կարելի է ունենալ, այդ էլ աներկբայելի է, բայց սիրել` «ոչ երբեք»:

Դու ինչ կուզես ասա. բայց ինձ այնպես է թվում, որ ես ավելի սեր ցույց տվի իմ Մարիին, քան թե դու` քուկիդ: Իմ կարծիքով սիրել` նշանակում է աշխատել տիրելու. ես Մարիիս արդեն տիրեցի, այսուհետև ոչ ոք նրան ձեռքես չի խլիլ, նշանակում է, որ ես նրան սիրում եմ:

Հովհաննես, գիտե՞ս ինչ, ասացի, Chaque baron a som gout.

Եվ սորանով մեր վեճը վերջացավ:

Կենցաղագիտական կողմից կարելի է, որ Հովհաննեսը իրավացի էր, մանավանդ որ ինքը Մարին ևս դորա նման մի բան ակնարկում էր ինձ իհարկե, կույր-զկուրյան հետևելով նորա կամքին ու պահանջմունքին, ես առավել երջանիկ կլինեի, բայց ի՞նչ անեի, երբ մեջս ուժ չի կար ծնողացս ներշնչած սկզբունքները հանկարծ ու այդպես կոշտ կերպով քանդելու: Ես մինչև այժմ չգիտեմ լա՞վ էր արածս, թե վատ: Ես գուցե ընդունակ էի... Սոկրատես, Շիլլեր, Գյոթե, մինչև անգամ Շեքսպիր լինելու, բայց, բայց Ռիշելիյո` ոչ երբեք:

Ը

Մյուս առավոտ որ գնացի Մարիի բնակարանը, գաղղիացի դերձակուհին նորա մոտ էր ու պսակի հալավն էր վրան չափում: Մինչև այն օրը Մարիին միշտ միևնույն անպաճույճ հալավով էի տեսել. բայց այս անգամ, որ պերճ, քղանցքավոր թանկագին սպիտակ կերպասե հագուստով տեսա` հիացած մնացի. ոչ թե կենդանի կին, այլ երևելի նկարիչների պատկերների վրա անգամ տեսած չէի այսպիսի զմայլեցուցիչ գեղեցկություն. բաց շագանակագույն ու թավ մազերը ճոխ ճոխ փունջերով ցրված էին ուսերի, մեջքի ու լանջերի վրա. իրանքը այնպես քնքուշ, փափուկ ու շնորհաշուք էր, ասես թե կաշիի ետև ոչ ոսկոր կար և ոչ միս, այլ լցրած էր այն հյուսիսաբադին (гага) փետրով: Օր ու կես էր մնում պսակիս. Հովհաննեսի ասածի պես, Հովբ երանելիի համբերությունն էր պետք, որ մարդ խելքը չի թռցներ գլխեն, այսպիսի գեղեցիկ արարած առջևը տեսնելիս: Քանի քանի անգամ թերահավատել էի, միտք անելով թե` մի գուցե Հովհաննեսը ավելի իրավացի էր յուր ռեալական հայացքով իրերի վրա, քան թե ես իմ պյուրիզմով:

Մարին եկավ գրկվեցավ, գլուխը դրավ կուրծքիս ու ասաց` «Միքայե՛լ, ասա ինձ ճշմարիտը, իրա՞վ ես այնպես սիրուն եմ, ինչպես որ ասում է ինձ հայլին»:

Այո՛, ասացի, մի բան էլ ավելի: Հայլիի մեջ ցոլացածը ո՛չ հոգի ունի, ո՛չ մարմին, իսկ դու երկուսն էլ ունիս, հետը միասին Սոկրատեսի խելքն էլ:

«Միքայել, եթե աստված տա, քանի մի ժամանակեն քու կինը լինիմ, հավատացնում եմ, որ շատ կբախտավորացնեմ քեզ. ամեն հնարս գործ կդնեմ, որ դու ուրիշի ամուսնական կյանքին չնախանձիս: Օ՛. դուր գալու ինչ ու ինչ գաղտնիքներ ես գիտեմ»:

Կանգնած տեղերս նա շարունակում էր փիլիսոփայություն անել: «Եթե կինը խելոք է, նա բոլոր հույսը չի պիտի դնե յուր մարդու տված խոստմունքի ու հավատարմության երդման վրա. այդ շատ թույլ առհավատչյա և ապահովություն է ընտանեկան անդորրության ու բախտի համար. կինը ամեն րոպե դուրեկան, հավանելի պիտի լինի յուր մարդուն և, եթե կարելի է այսպես ասել, մինչև վերջը պիտի մրցե յուր շուրջը գտնված ծանոթ կանանց հետ ոչ միայն բարոյականության, այլև ամեն մանր մունր կանացի հրապույրքների կողմանե, որով նա դեպի իրեն ձգում է ամուսնու սիրտը և անտեսանելի շղթաներով ամուր կապում է յուրինի հետ: Եթե ինձ հարցնես, տրամարդոց անհավատարմության մեջ մեծավ մասամբ կնանիքն են մեղավորիհարկե խոսքըս անառակների վրա չէ, այլ փոքր ի շատե օրինավորներինսիրուն լինելը մեզանից կախյալ չէ. բայց դուրեկան լինելը ամեն կնկա պարտքն է ու նոցա առանձին արժանավորություններից մինըն է: Կանանց անհավատարմության համար ես խոսել անգամ չուզեմ. առնացի կինը ոչինչ արդարություն չունի յուր անհավատարմության համար, ո՛չ մարդու սառնությունը, ո՛չ չքավորությունը և ոչ նորա ընկերների գեղեցկությունըընկած կինը կարող է առաջարկել զղջումն, ապաշխարանք, արտասուք, ափսոսանք, բայց չքմեղություն, արդարություն` ո՛չ երբեք, ինչպես և ո՛չ մի գող կամ մարդասպան կարող է յուր հանցանքը ու ոճիրը արդարացնել աղքատությամբ: Ժորժ Սանը թեև ինքը կին էր, բայց շատ վատ իմաստասիրել էր օրինավոր կնանիքի բարոյական սկզբունքները. նա թույլ փաստաբան էր թեթևաբարո կանանց: Ժորժ Սանին կարդալը և՛ կարելի է, և՛ պետք է բայց նորանից խելք ու խրատ սպասելը հիմարություն է»:

Թեև շատ բանի մեջ համաձայն չէի Մարիի հետ, այնուամենայնիվ շատ ուրախ էի, որ նա այսպիսի ծանր հարցի մեջ, ինչպես որ ամուսնական հարաբերության հարցն է, յուր սեփական, գրքե չի քաղած կարծիքն ունի. ես ինքս ինձի մխիթարում էի, որ ժամանակով կարող կլինենք միասին ավելի խոր և հիմնավորապես զննել կանանց հարցը:

Շատ լավ ես դատում, — ասացի Մարիին, բայց որովհետև ես դեռևս շատ գործ ունիմ կատարելու այս օրուկեսվա մեջ, այդ պատճառով ամուսնական կյանքի խորհրդածությունը թողնում եմ ավելի ազատ և բարեհաջող միջոցի: Դե՛, ցտեսություն: Ես այժմ պիտի երթամ համալսարան` վկայականներս հետ ստանալու, հետո պիտի երթամ բնակարան վարձելու, հետո ինձ համար աշխարհական հալավ ապսպրեմ. հետո տան համար ամենակարևոր կարասիք ու խոհանոցի համար «աման-չաման» գնեմ, վերջապես` հայ քահանայի հետ ևս պետք է ինչ ասես խոսիմ մեր պսակի համար և այլն, և այլն, մեկ խոսքով` անելու բան շատ ունիմ: Հուսամ որ այս վերջին անգամն է քեզ մնաս բարև ասելս. մի անգամ էլ որ տեսնվինք` այնուհետև հավիտյան չենք բաժանվիլ իրարե: Ասացի ու, ասես թե սրտիս մեջեն մի բան կտրվեցավ ցած ընկավ. մի անմեկնելի վիշտ պատեց սիրտս: Գնա ու այսուհետև մի՛ հավատար հոգվո վկայության: Չէ՛, ո՛վ ինչ կուզե թող ասե, բայց մարդուս շուրջը մի բան կա, որն մենք մեր հինգ զգայարանքով բռնել չենք կարողանում. բայց նա կա ու կա, թեկուզ քարը տրաքի:

«Ցտեսություն, իմ աննման Միքայել», — ասաց Մարին, ու այնպես պինդ փաթաթվեցավ վզիս, որ ասես թե, է՛լ անհնար էր միմյանցե պոկ գալ. արտասուքը նորից գոհարի պես ցոլացին աչքերին, բայց այս անգամն ուրախության արտասուք չէին նոքա. երեսի մեջ դարձյալ նույն մահու դատակնիքը կարդացի:

Մարի, ի՞նչ եղավ քեզ, ինչո՞ւ այդպես տխուր ես, — հարցուցի:

«Ոչինչ, սիրական Միքայել, — պատասխանեց նա, հանկարծ չգիտեմ ինչ պատճառով ինձ այնպես թվեց, որ մահս մոտեցել է, իբր թե հասնելու չեմ իմ պսակի օրվանԷհ, ուշադրություն մի դարձնի իմ վրա, դու երևի շատ սակավ ճանաչում ես մեզ շվեցարուհիներիս. մենք թեև հռչակված ենք ինչպես կրթյալ զարգացած ու խելոք կանայք, բայց սնոտիապաշտութենե, որ ասես թե ամեն կնկա բնածին է, ազատ չենք: Դու ուշք մի՛ դարձնի իմ ամեն մի արտասուքի ու նախազգացմունքի վրա, դու քու բանն արա, ինչ որ պետք է պատրաստե՛, ոչ մի հարկավոր բան բարձի թողի մի՛ անիլ. բայց հենց որ գործերդ ավարտեցիր` իսկույն շտապե գալու. ես թեև կաշխատեմ սիրտս ամուր պահել, բայց դու ինձ երկար ժամանակ մի՛ թողնիլ. անմեկնելի մահագուշակ վիշտով լցված է սիրտս: Դեհ, սիրական գանձս, իմ մեկ հատիկ ուրախությունս աշխարհիս վրա, գնա, շուտ, շուտ էլ վերադարձիր, ոչ մի րոպե չի դադարիս իմ վրա մտածելու»:

Թողի Մարիին ու սենյակեն դուրս գնացի, բայց դեռևս նախասենյակեն չէի ելելթիկնոցս ու գալոշներս էի հագնումհանկարծ ներսի դուռը դղրդոցով բացվեցավ, Մարին դուրս պրծավ, խելագարի նման փաթաթվեցավ վզիս ու նվաղեցավ. հազիվհազ երեսին ջուր սրսկելով ու ճակատին ու քունքերուն քացախ քսելով` կարողացանք ուշքը վրան բերել:

Էլի ի՞նչ եղավ քեզի, — ասացի բոլորովին շփոթված. Մարի՛, Մարի՛, հնար չի կա, որ դու կա՛մ մի սոսկալի գաղտնիք ունիս, կա՛մ թե հիվանդ ես:

«Ոչինչ, ոչինչ, — ասաց նա, — միամիտ գնա քու բանիդ. միայն թե երկար մի՛ թողնիլ ինձ մենակ... մի՞թե դու չգիտեիր, որ շվեցարուհին սիրելը այնքան հեշտ բան չէ, — ասաց, խոսքը հանաքի դարձնելով ու զորաքի երեսը ուրախ ձևացնելով. — մենք շվեցարուհիներս այդպես ենք, եթե մեկին սիրեցինք` մեր բոլոր գոյությունով կսիրենք, և մեր սիրո առարկայեն բաժանվիլը ահա այդպիսի հետևանքներ ունի, որն որ տեսար», — ասաց, և տենդահույզ ցնցմունքներով սկսավ ամուր ծիծաղել:

Ես հանգստացա, բայց կիսով չափ: Նորից առի գդակս ու դուրս գնացի:

Բակ որ մտա, մի օտարական, ըստ երևույթին արտասահմանցի գերմանացի` ինչ որ հարցնում էր դռնապանին ու ես, թեև վրան մի առանձին ուշադրություն չի դարձուցի, բայց կարծես թե ականջիս «Մարի» անուն լսվեցավ նոցա խոսակցութենեն: Տունը, ուր կենում էր Մարին, մի փոքրիկ քաղաքի մարդաբնակություն ուներ. հավատս մի չէ, քսան-երեսուն զանազան Մարիներ լինեին նորա մեջ. այդ պատճառով օտարականի հարցուփորձը բանի տեղ չի դրի ու գնացի կառապան վարձելու:

Մինչև որ համալսարանեն վկայագիրները հետ կստանայի, մինչև որ դերձակին հալավներս կապսպրեի, մինչև որ հարմար բնակարան կգտնեի, մինչև որ կահ-կարասիները ու ամանիքը կգտնեի, — շատ ժամանակ անցավ ու գիշերվա տասը ժամը եղավ: Արդեն ուշ էր Մարիին հանդիպելու. քունս չէր տանում, տուն էլ երթալ չէի ուզում: «Արի երթամ, — ասացի ինքս ինձի, քահանայի հետ խոսեմ` առաջիկա պսակի մասին ու էգուց, ամեն բանը ավարտած, հանգիստ հոգով, բոլոր օրը միասին կանցնեմ Մարիի հետ»: Էգուց չէ մյուս օր նշանակած էր մեր պսակը:

Քահանային տանը չի գտա. իսկ վարդապետը տանն էր: Ծերունի Եփրեմ վարդապետը (որ այսպիսի բախտախնդիր արկածքների համար շատ պատվական ու հարմար մարդ էր, աստված ողորմի հոգուն) զարմացավ իմ այդպիսի ուշ ժամանակվա այցելությանը: Կարճ խոսքով, ես մեկնեցի բանի բոլոր հանգամանքը:

Այդ ամենը շատ լավ է, — ասաց նա, դիցուք թե դու սիրո համար զոհում ես համալսարանը, քու ապագան, քու պատանեկությունըայդ ամենը դեռևս հասկանալի է, բայց ես ինքս ինձի ինչպե՞ս մեկնեմ կամ դու ինչպե՞ս ինքներդ ձեզի թույլ եք տալիս այդպիսի անհարմարություն, որ բոլորովին հակառակ է ոչ միայն պարկեշտության, այլև խղճմտանքի. քու ասելով հարսդ այն ինչ 3 օր է, որ թաղել է յուր մորը... օրհնածնե՛ր, գոնե ողորմելի հանգուցյալի քառասունքն էլա կատարեիք, հետո... էդ ի՞նչ անժուժկալություն է...

Ու սկսավ գլխուս այսպիսի հոգեշահ գայլի շարականներ կարդալ, մասամբ Թեսավրոսեն (որն շատ սիրում էր կարդալ, բայց մեջի խրատքները ինքն էլ շատ չէր կատարում), մասամբ էլ յուր հորինածներեն: Վարդապետ ասածդ ի բնե խրատատու է, բայց ո՛չ խրատակատար:

Ես պատասխանեցի, որ մենք ստիպված ենք մեր պսակը շուտացնել մի մեծ վտանգե ազատվելու համար. իսկ ինչ որ կվերաբերի հանգուցյալի հիշատակը ըստ արժանվույն հարգելուն, ես խոսք եմ տալիս, նախ` պսակիս թագը վեր չառնել գլխես և նարոտը վզես չի հանել գոնե մի ամբողջ տարի:

«Այդ ջոկ բան է, — ասաց ժպտալով Եփրեմ վարդապետը ու հանգստացավ: — Ուրեմն կարող եք պսակվիլ»:

Թ

Բոլորովին հանգստացած տուն վերադարձա: Հովհաննեսը դեռևս եկած չէր, ո՛վ գիտե ո՛ր բարեկամի հետ պանդոկումը թեյ խմում կլիներ` երգեհոնի ածած նվագները լսելով, որն առ ի չգոյե լավագույնին, շատ սիրում էինք երկուսս էլ` Քերոբն էլ մեր հետ:

Հոգվով մարմնով վաստակած, շորերս հագիս, ընկա բազմոցի վրա ու րոպե չանցած քնեցա: Բայց ինչ քուն: Կհավատա՞ք. տասն անգամից ավելի ահ ու սարսափով տեղիցս վեր եմ թռել այն գիշեր. մինը մյուսից քստմնելի երազները բոլոր այն գիշերը դժոխային արհավիրքներով տանջեցին ինձ. դաշույն, արյուն, թույն, ատրճանակի պայթյուն, դագաղ, գերեզման, պատանքած մեռելո՞րը կուզես:

Գնա ու այսուհետև նախազգացմունքի, հոգու վկայության «պարզատեսության» մի՛ հավատար:

Այս բոլոր պատմածիս մեջ մի հովտ սուտ, կամ մտացածին բան, կամ զարդարանք չի կա. ինչ որ գրում եմ` բոլորը լուսանկարի ճշտությամբ եղած պատահած բաներ են:

Թեև առավոտը ծառան ինքնաեռը ներս բերեց, բայց ես տան թեյ խմել չուզեցի. ասես թե մի աներևույթ զորություն ինձ քաշում էր դեպի Մարին: Գդակս առի, թիկնոցս վրաս ձգեցի ու դուրս թռա: Կառապանը սայլադրանս մոտ կանգնած էր: Ծախս չարած նստա կառքը, ու կառապանին հրամայեցի ձին քշել: Թեև խեղճ կենդանին բավական արագ էր վազում, բայց րոպեները ինձ մի-մի տարի էին թվում: «Շո՛ւտ արա, քշե՛, զա՛րկ ձիին», հրամայում էի անդադար կառապանին, ու անհամբերութենես ուզում էի դուրս թռչել կառքեն ու ոտով վազել, կարծելով թե` այդպես ավել շուտ կհասնեմ: Վայնաչարին, վերջապես հասանք Մարիի տան առջև: Դռնապանը ինձ որ տեսավ, չգիտեմ ի՛նչ փնթփնթաց, բայց ես նորա խոսքի վրա ուշք չդարձուցի ու վազեվազ սանդուղքներեն դեպի վեր բարձրացա: Նախասենյակումը շատ մարդոց արագախոս և խառնաշփոթ ձայներ լսվում էին. ոստիկանության քանի մի զինվորներ էին կանգնած, աստիճանավորների թիկնոցներ ու գդակներ ձեռքերումը բռնած: Զարմացած մնացի, թե այս ի՞նչ էր նշանակում: Հանկարծ առջևս եկավ Մարիի բնակարանի տանտիկինը ու երեսը սպրդնած, ասաց ինձ. «Մարին հրամայեց ձեզ երկար ապրել»: Առաջին նվագ նորա խոսքերեն ես ոչինչ չհասկացա. խելագարի նման մի բան էի: — «Ի՞նչ ես հաչում» — ասացի բարկացած, կարծում էի թե` գիշերվա երազներիս շարունակությունն է:

«Հա՛, ջահել պարոն, — հաստատեց մյուս պառավը, Մարինաստված հոգին լուսավորեայս գիշեր թույն խմել է ու մեռել: Մենք բան չգիտեինք, բայց առավոտս որ ինքնաեռը ներս տարանք, նայենք դեռևս տեղերումն է, զարթնած չէ. այդպես երբեք պատահած չէր. նա միշտ վաղ էր զարթնում, խղճուկը. երբ որ մոտեցանք անկողնին և ուզում էինք զարթեցնել, տեսնենք` երեսը դեղնած է, աչքերը կիսաբաց ու չորս կողմը կապտած, մարմինն էլ սառած, փետացած: Իսկույն դռնապանին

Այլևս չկարողացա նորա պատմածը լսել, այլայլած ներս մտա, ինչ տեսնեմ

Է՛հ, այդպիսի բանը կզգացվի, բայց չի պատմվիլ:

Թաղապետի ձեռքումը մի կնքած ծրար կար, հասցեն իմ վրա ուղղած: Հապճեպով, բայց դողդոջուն մատերով կոտրեցի կնիքը ու մոլորված աչքերով կարդացի նամակը, որի բովանդակությունը այս էր.

«Ներե՛ ինձ, սիրական Միքայել, որ իմ բարեկամությունը, բացի վիշտ ու թախիծեն, ուրիշ ոչինչ չի տվավ քեզ այս հինգ օրերը: Բայց իմացիր թե` որքան ես քեզ պիտի սիրեի, որ ուրիշին չի պատկանելու համար, քու անունդ հիշելով` մեռնում եմ: Հայրս ու մայրս, երբ դեռևս իմ երեխայության ժամանակ, խոսք էին տվել ինձ ամուսնացնել իրանց հինութ բարեկամի միակ որդու հետ, որին ես փեսա էի ճանաչումքեզ չի պատահած մինչև անգամ կարծում էի, թե սիրում եմ նորանտասը տարիից ավելի: Երեկ հենց որ դու գնացիր իմ փեսան էլ ներս մտավ, ու հիշեց մեր ծնողաց ուխտը և իմ երդումները: Բոլոր ժամանակ որ նա ինձ մոտ էր, ես լուռ էի, ոչ մի խոսք չարտասանեցի: Մերժել նորան` ուխտազանցություն էր. հոժարել նրա առաջարկությանը` զորութենես վեր էր. դեպի քեզ ունեցած սերս ամեն սահմաններե անցել էր... Մնաս բարև, իմ սիրական, իմ աննման Միքայել. մի՛ անիծիլ ինձ. իսկ եթե կարող ես` երբեմն հիշե անբախտ Մարիին: Այժմ հասկանո՞ւմ ես, անփորձ երեխա դու, ինչո՞ւ թախանձագին խնդրում էի քեզ գողանալ, փախցնել, բռնի կինդ շինել ինձ... դու համառությամբ մերժում էիր իմ խնդիրս, դու չհոժարեցար, առանց մի վայրկյան կորցնելու, ինձ քու կինը դարձնել (ժամանակը շատ կարճ էր) ինձ կինդ անել քու ձեռքն էր, բայց քու հարսդ լինել ես չէի կարողես նշանած էի»:

* * *

Որի՞ն ի՛նչ բան, թե որքա՛ն վշտացել եմ, որքա՛ն լացել եմ, քանի՞ տարի խորին սուգ պահել եմ ես Մարիի համար: Այդ ամենը, ինչպես նվիրական գաղտնիք, թող մնան իմ մեջ:

Մյուս օրը իմ ձեռքով հողը դրի թշվառական աղջկա մարմինը ու իմ առաջին սերը: Սգավոր (գուցե և հետաքրքիր) հանդիսականերեն թաքուն` դագաղի մեջ սպրդեցուցի լումայատան պահ տված բոլոր փողս:

Մարիի նման չնաշխարհիկ գանձը կորցնելես հետ` ժանգոտ ոսկին ի՞նչ արժեք պիտի ունենար իմ աչքումը:

ՓԱՌԱՍԵՐ

ՎԵՊ

186*-ի հուլիսի ամսու մեջ Կովկասի կողմերեն մի տասնինըքսան տարեկան հայ երիտասարդ եկավ Պետերբուրգ` համալսարան մտնելու: Տարեկան, այսինքն կուրսե կուրս փոփոխելու ուսանողական քննությունները նոր ավարտած էին. իսկ նորամուտների քննության ժամանակը շատ հեռու էր, որովհետև նոքա, ինչպես հայտնի է իրենց քննությունները տալիս են հետ ամառվա արձակուրդին, որ կատարվում է երբեմն օգոստոսի վերջերը, իսկ շատ անգամ սեպտեմբեր ամսու սկզբանն. այնպեսով, մեր հայ երիտասարդը առջևը գրեթե երկու ամիս ազատ ժամանակ ուներ: Նորա այսպես շուտ մայրաքաղաք գալը կարող էր երեք պատճառե հառաջացած լինել. կա՛մ նա ուզացել է առաջիկա քննությունների համար երկարատև և լավ պատրաստվիլ, կամ ուզացել է նա ուսանողական պայմաններին վաղօրոք ծանոթանալ և կամ Պետերբուրգի գոված ամառնային դաստակերտական կյանքը վայելել, որ ըստ մեծի մասին լիքն է լինում ռոմանթիկական արկածներով, որք չափազանց հրապուրիչ են գավառաբնակ երիտասարդներուն, և մանավանդ նոցա, որոնց երակների մեջ հորդ վազում է հարավային եռացող արյունը:

Բայց այդ հիշած երեքեն ոչ մինը չէր իսկական պատճառը մեր հայ երիտասարդի ժամանակե առաջ Պետերբուրգ գալուն: Նա ուրիշ հաշիվ ուներ և նորա հաշիվը այս էր: Չքավոր ծնողքի զավակ լինելով` նա չուներ հնար յուր սեփական հաշվով չորս կամ հինգ տարի, ինչպես ուսանող ապրելու մայրաքաղաքի մեջ. ի բնե հպարտ և անձնասեր գոլով` նա չէր ուզում, յուր շատ համազգի երիտասարդների նման, մտնել ի թիվս այն երիտասարդների, որոնք լոկ օրական ապրուստի համար, իրանց ամենաթանկագին գանձըիրանց համոզմունքըդնում են կեղծ ազգասիրության դիմակի տակ... Չէ, մեր նորեկ երիտասարդը շատ բարեկիրթ էր այդ անտանելի պայմանին ինքն իրան ենթարկելու համար: Թիֆլիզի գիմնազիայի մեջ նա առաջին մաթեմատիկն էր. այն չափով և սահմանով, որքան վարդապետները ավանդում էին համաշխարհային պատմություն, աշխարհագրություն, լատին լեզու, և այլն, նա այնպես լավ սովորում էր և լավ գիտեր, որ բոլոր քաղաքի մեջ ամենաընտիր աշակերտն էր համարվում, օրենը ամբողջ տասներկու ժամ յուր դասերով պարապելը նորա համար մե սովորական բան էր դարձել. իսկ ինստիտուտի վերին դասարանի աշակերտուհիները նորա մեջ պինդ արմատացրել էին համոզմունքը թե նա ունի չքնաղ դեմք ու իրանք: Այսպիսի բանտուր և ստացական գեղեցիկ հատկություններով ամոթ չէ՞ր մի փառասեր երիտասարդի` յուր գլուխը ծռել մի քանի հեք մեկենասների առջև, գլուխը` որ զարդարած էր արջնաթույր, ցոլուն և գանգուր մազերով, ջուխտակ խոշոր, կրակոտ, այրող աչքերով ու անտիկական սիրուն երեսով: Չգիտեմ ինչպես ուրիշը, բայց այդպիսի մանր ու չնչին շնորհի համար շատ անձնասեր էր մեր հայ երիտասարդը: Այո՛, Ալթմազովի միակ պակասություններին էինանձնասիրությունը և փառասիրությունը:

Следующая страница